Вахтанг Ананян

Հովազաձորի գերիները

30

Գլուխ տասնիններորդ. Թե ինչպես մեծ ճակատամարտից առաջ մարդ նախ պետք է հոգեպես և ֆիզիկապես պատրաստվի՝ դիմագրավելու վերահաս վտանգները

Ամեն ինչից խաղաղություն էր բուրում այդ երեկո, նոր կառուցած բուխարին գվվում էր և դուրեկան ջերմություն սփռում. այրի մեջ ծխի նշույլ անգամ չկար, օդը մաքո՜ւր, իսկ Թուխիկը վերջապես հասկանալով, որ արջը կենդանի չէ, նստած հանգիստ որոճում էր։

Հասոն նորից հանել էր իր սրինգը և նրա քաղցր դայլայլով ընկերների ուշքն ու միտքը տեղափոխել էր Փոքր Կովկասի զմրուխտ բարձունքները, պարզ քոչվորների աշխարհը…

Երբ վերջացավ նվագը, Աշոտը շարունակեց գործել այն կողովը, որ սկսել էր նախորդ երեկոյան։ Իրենց ձանձրույթը փարատելու համար կողովներ էին գործում նաև մյուս պատանիները և դա նման էր մի տեսակ մրցության, յուրաքանչյուրն աշխատում էր մյուսից շուտ և գեղեցիկ արտադրանք տալ։

Այդպես երկար ժամանակ շարունակվեց լուռ մրցությունը, մինչև որ լսվեց Աշոտի հաղթական կանչը.

Ես իմ բաժին կողովը վերջացրի և մի խոշոր ու ծանր քթոց տարավ դրեց այրի անկյունում, գիլամասրի ճիպոտներից գործած շեկ կույտի վրա։

Այդ կույտը առաստաղին հասած կլիներ, եթե մեր պատանիները չմտցնեին փոքր քթոցները մեծերի մեջ։ Դրսից նայում ես մի մեծ կողով է, բայց նրա ներսում իրար մեջ են հագցված չորս-հինգ կողովներ՝ մեկը մյուսից մի քիչ փոքր չափսի։

Թե թողնեիր խաշ եփե՜մ, հիմի ես էլ պրծած կլինեի։ Բայց դե, նախանձություն ես անում, չես թողնում ապրենք… Ա՛ռ, ստուգի՛ր, ես էլ պրծա… Ասենք, էլ ինչ ստուգես, կուկլա է հո կողով չի…

Գագիկի ասած «կուկլան» հաստ ճիպոտներից անհավասար գործած մի անճոռնի կողով էր, որը գուցե գոմերից աղբ դուրս հանելու համար պետք գար։ Բայց դե ո՜վ կարող էր Գագիկի «թանին թթու ասել», տեղն ու տեղը լեզվակոխ կաներ։ Իսկ իսկական «կուկլան» դուրս էր գալիս Շուշիկի նրբին ու ճկուն մատներից, այն մատներից, որոնք սովոր էին ճաշակով ասեղնագործել, շնորհքով նկարել և դասարանում ամենից գեղեցիկ գրել։ Զանազան տեսակի ու գույնի շիվերից նա մի նախշուն զամբյուղ էր գործել՝ կանթով, խուփը վրան, այնպիսի գեղարվեստական մի գործ, որը նրբաճաշակ նկարիչներին անգամ կհիացներ, ո՛ւր մնաց հովիվ Հասոյին, որ բերանը բաց նայում էր ու խոսք չէր գտնում իր զգացածն արտահայտելու։

Սա ցուցահանդես կուղարկենք, կրակի լույսի տակ շուռումուռ տալով՝ վճռեց Աշոտը։

Ավելի լավ է նվիրիր մի պատվով մարդու, մատով գաղտնի իրեն ցույց էր տալիս և աչքով անում Գագիկը։

Այո՛, իմ միտքն էլ դա է. նվիրելու եմ մի շատ պատվավոր և շա՛տ սիրելի տղայի, դանդաղ ու հանդիսավոր պատասխանեց Շուշիկը։

Բոլորն էլ անհամբեր սպասում էին, թե ով է լինելու նրա ընտրածը։ Իհարկե, թե՛ Աշոտը, թե՛ Գագիկը հավասար չափով հավակնություն ունեին գեղեցիկ նվերին արժանանալու։ Իսկ Շուշիկը դանդաղում էր։ Նա վեր կացավ, ձեռքով հարդարեց գլխի մազերը և զամբյուղը Հասոյին հանձնելով, սիրալիր ասաց.

Սրանով մոռ կհավաքես հանդերում ու կհիշես մեր նեղ օրերը, Հովազաձորի մեր լավ ընկերությունը…

Բռավո՛, բռավո՛, ա՞յ այդ չէի սպասում, ծափ տվեց Գագիկը։

Այդ ծափերը կարծես մի-մի ապտակներ էին Աշոտի այտերին։ Ինչպե՞ս, ինքը խմբի ղեկավարը լինի… ինքը փրկի նրանց կյանքն ու հիմա… Բայց ախր պետք է որ խմբի մեջ ամենից սիրելին ինքը լինի, գոնե Շուշիկի համար.. Աշոտն անակնկալի էր եկել։

Սակայն նրա այդ տրամադրությունը վայրկենական էր։ Գուցե դա մնացուկն էր իր մասին երբեմնի ունեցած մեծ կարծիքի, որ հետզհետե մաշվել էր Հովազաձորում անցկացրած դժվարին կյանքի մեջ՝ կոլեկտիվի մեջ։ Նա արագ տիրապետեց իրեն, մտքում ամուր ասաց՝ «Արժա՛նի է», և իր բարի ու մեծահոգի ժպիտով լուռ հավանություն տվեց։ Իսկ քուրդ պատանին անակնկալ երջանկությունից կաս-կարմիր կտրած՝ կարկամել, մնացել էր զամբյուղը ձեռքին։

Ապա աջ ձեռքը դրեց սրտին, արևելան ձևով խոնարհվեց ու զգացված ասաց.

Զա՛ֆ, զա՛ֆ ռազիմա… Իմ քուրն ես, իմ աչքի լուսն ես…

Կարճ ասաց, բայց դրանով քուրդը արտահայտում է ամեն ինչ իր նվիրվածությունը, իր երախտագիտությունը, իր գոհունակությունը, այն ամեն լավը, ի՛նչ կա իր սրտում՝ «քուր» հայտարարվող աղջկա հանդեպ։ Քուրդը, որ մեկին իրեն քույր կոչեց, նրա համար կտա նույնիսկ իր կյանքը։

Դու էլ իմ եղբայրն ես… իմ քուրդ եղբայրը, շփոթվելով ու ծիծաղելով ասաց աղջիկը և տվեց իր փոքրիկ ձեռքը։

Ուռռա՜, ուռռա՜, ոգևորվել էր Գագիկը։ Բայց Հասոն ջուր լցրեց նրա ոգևորության վրա։ Նա վերցրեց իր երկար մահակը և նրա երկաթած գլուխը ցույց տալով սպառնաց.

Սրանից հետո էլ Շուշիկին ձեռք չառնես…

Գագիկը ետ-ետ գնաց.

Սարեցի քուրդ է, խփե՞ց՝ խփե՛ց, ի՞նչ պիտի անես…

Տղաները ծիծաղեցին, բարի ու երջանիկ ծիծաղեց և Շուշիկը ու գոհ նստոտեցին խարույկի շուրջը՝ պատմություն լսելու։

Է՛հ, ինչն էր պակաս, որ գոհ չլինեին։ Վտանգ գրեթե այլևս չկար, վառելիքով ու սննդով ապահովված էին։ Բայց Աշոտը մտահոգ էր, որովհետև մտադրություն ուներ ընկերներին նախապատրաստելու մի կարևոր դեպքի։ Եվ դրա առիթը տվեց Գագիկը։

Դե՛հ, Աշոտ, փչելու հերթը քոնն է, ասաց նա իր տեղը գրավելով։

Ի՞նչ անեին, որ չփչեին, լավատես վերջավորություն ունեցող հեքիաթներով նրանք թեթևացնում էին իրենց ծանր օրը և կարճացնում թե՛ երկար գիշերները, թե՛ այն ժամանակը, որ ստիպված պիտի անցկացնեին ա]դ ձորում։

Աշոտն իր զրույցն այսպես սկսեց.

Մենք՝ պիոներներս, շատ բաներով պետք է տարբերվենք մյուս պատանիներից։ Իսկ այս պայմաններում, Հովազաձորում, պետք է տարբերվենք մեր սրտոտությամբ և հնարամտությամբ։ Մենք ամենանեղ րոպեին էլ, երբ թվում է, թե ամեն ինչ կորած է, հուսահատվելու իրավունք չունենք և արագ պետք է ելք գտնենք. չէ՞ որ մենք պատանի լենինյաններ ենք…

Սպասի՛ր, նրան կտրեց Գագիկը, սպասիր, նախագահ-քարտուղար ընտրենք, հետո միտինգը բաց արա…

Բոլորն էլ ծիծաղեցին, ստիպված ժպտաց և Աշոտը։

Ի՞նչ անեմ, պիոներական հավաքույթներում ու ջոկխորհրդում այնքան ելույթներ եմ ունեցել, որ սովորություն է դարձել, խոստովանեց նա։ Դե, լավ, հնարամտություն սովորեցնող մի պատմություն կանեմ ձեզ, որ ես հանդիպել եմ միջնադարի հայ պատմիչ Սեբեոսի գրքում։

Եվ Աշոտն սկսեց։ Նա ասաց, որ յոթերորդ դարում Հայաստանի մի մասը գտնվում էր պարսից իշխանության տակ, մյուսը՝ հունաց կայսեր։

Հայ իշխան Սմբատ Բագրատունին կոչ է անում ժողովրդին՝ ապստամբել հունաց բռնակալության դեմ։ Դրա համար հունաց կայսրը նրան ձերբակալել է տալիս և տանում Բյուզանդիայի մայրաքաղաքն ու շղթայակապ բանտ նետում։ Որոշում են նրան մերկացնել և կրկեսում գցել գազանների առաջ։

Այդպես էլ անում են։ Սմբատը, ջլապինդ ձեռները թավամազ կրծքին խաչած, արհամարհանքով նայում է կրկեսում հավաքված բազմությանը։ Նա հսկա մարդ էր, գեղեցկադեմ, լայնալանջ, պինդ մկաններով և վարժ մարտիկ։ Շատ կռիվներում նա ցույց էր տվել իր ուժն ու քաջությունը։

Բացվում է գազանանոցի դուռը և Սմբատ Բագրատունու վրա է գալիս մի ահագին սևամազ արջ։

Հիմի, որ մեզ արջ պատահի ո՞նց եք կռվելու հետը, հարցրեց Աշոտը։

Տղամարդի՛ պես, աքլորացավ Գագիկը։

Ոչ միայն տղամարդի պես, այլև խելքո՛վ։ Սմբատը գիտեր, դուք էլ իմացեք, որ արջը շփոթվում է հանկարծակի բարձր ձայնից։ Եվ ահա, երբ արջը հարձակվեց նրա վրա, Սմբատը վրա վազեց, բարձր գոռաց արջի ականջի տակ և բռունցքը մուրճի պես իջեցրեց նրա մահացու տեղը՝ «քներակին»։ Գազանը շշմած ետ-ետ գնաց, ընկավ ու այլևս վեր չկացավ…

Սմբատի վրա բաց թողին մի կատաղած ցուլ։ Սա ներս վազեց թափով և արշավեց իր զոհի վրա։ Բայց Սմբատը կանգնել էր անսասան։ Նա մի վայրկյանում հնարը գտել էր ու հանգիստ սպասում էր ձեռներն առաջ պարզած։

Երբ ցուլը մոտեցավ հարվածելու, նա բռնեց կենդանու եղջյուրներից, ու սկսեց լարված պայքարը։ Իսկ հասարակությունը, նրա հետ և Մորիկ կայսրն ու թագուհին, շունչը պահած սպասում էր, թե ինչ է լինելու։

Ցուլն աշխատում էր հարվածել, եղջյուրների վրա բարձրացնել կամ տապալել մարդուն, իսկ մարդը, եղջյուրներից բռնած, մկանները լարած, ուզում էր ոլորել նրա վիզը…

Հանկարծ կրկեսը թնդաց ցուլի աղեկտուր գոռոցից… Եվ բոլորը տեսան, թե ինչպես նա ետ փախավ՝ գլուխը ցավից թափահարելով։

Սմբատ Բագրատունին նրա զույգ եղջյուրները հանել էր իրենց միջուկների վրայից և ցուլն արյունլվա կոտոշներով փախչում էր։ Սմբատը դեն շպրտեց եղջյուրները, վազեց հասավ կենդանու հետևից և բռնեց պոչն ու ոտի կճղակներից մեկը։ Կճղակը մնաց նրա ձեռքին և ցուլը, մի ոտը բոբիկ, փախավ։

Հասարակությունը թեթևացած սրտով «ահ» արավ, բայց անխոս մնաց կայսեր ահից։

Հիմի, դա ո՞ւժ էր, թե՞ հնարք։ Ուժ էլ, հնարք էլ։ Ամենից շատ՝ հնարք։ Սմբատը տեսավ, որ իր բախտից ցուլը տարիքով է, իսկ ծեր ցուլի եղջյուրներն ու կճղակները թուլացած են լինում…

Բա՞, մինչև գազանի թույլ կողմը չիմանաս, նրա դեմ չես կարող կռվել։

Բոլորը սպասում էին, որ կայսրը հրաման կտա ազատության տալ քաջ հային, բայց Մորիկը մռայլ էր ու վրեժով լցված։

Այս անգամ բաց թողեցին ամեհի մի առյուծ, հրաշեկ, դյուրաշարժ ու կատաղի մի գազան։ Սմբատը, մահն աչքի առաջ՝ սառնարյուն հետևում էր առյուծի շարժումներին։ Նա գիտեր, որ առյուծը հարձակվելիս առաջ դեռ յոթ-ութ մետրի վրա նան է բռնում իր զոհին, հետո նետվում առաջ։ Կատուն էլ է այդպես անում, հովազն էլ, վագրն էլ։ Այդ իմացողի համար դժվար չի ազատվել նրա ճանկերից. հենց կուտապ եկավ ու թռավ՝ դու մի կողմի վրա խույս տուր։ Մեկ է, նա ուրիշ գազանի նման չի վազի բռնի, նորից է պատրաստվելու, նորից է փորը գետնին կպցրած կուտապ գալու. եթե քեզ չկորցնես կարող ես գլխիդ ճարը տեսնել։ Այդպես էլ արեց Սմբատը. Հենց որ առյուծը ոստնեց, Սմբատը խույս տվեց, ապա մի ակնթարթում բռնեց նրա ականջն ու թռավ մեջքին… և սկսեց սարսափելի ուժով սեղմել գազանի կոկորդը։ Առյուծը գլուխը բարձր բռնած, խեղդվելով առաջ էր վազում՝ իր մեջքն ու կոկորդն ազատելու համար, բայց շուտով նրա շունչը կտրվեց հսկա մարդու ունելիքի պես ամուր մատների ճնշումից։ Առյուծն ընկավ և նրա լեզուն կախվեց կիսաբաց բերանից։

Այս անգամ ամբոխը հիացմունքից խելագարված, սկսեց ծափահարել և գոչել.

Ներե՜լ, ներե՜լ…

Մորիկ կայսրը, ստիպված, ներումի նշան տվեց…

Աշոտը մի պահ լռեց, ձեռքի փայտով խառնեց կրակն ու արդեն փոխված ձայնով ու հանգիստ ավելացրեց.

Հովազը դեռ այս ձորում է, դեռ մենք կարող է պատահենք նրան։ Հիմի հո գիտե՞ք, թե ինչպես է նա հարձակվում մարդու վրա։ Գիտե՛ք։ Եթե հանգիստ մնաք ու ձեզ չկորցնեք՝ ձեզ վնաս չի կարող տալ։ Արջը երևի կյանքում առաջին անգամ էր գործ ունենում այդպիսի գազանի հետ, թե չէ նա մի կողմ կթռչեր հենց այն ժամանակ, երբ թշնամին դեռ օդումն էր։

Աշո՛տ, քո այս զրույցը ինձ շատ բան տվեց։ Հիմի սիրտս ուզում է էս րոպեիս մի առյուծ պատահի բաշից բռնեմ ու թռչեմ գավակը… Քու արևը, արյունս եռում է, գազանների հետ կռվել եմ ուզում… Չգնա՞նք հովազի կողմը…

Եվ Գագիկը մի վառվող փայտ վերցրեց ու քայլեց դեպի դուռը։

Կարծում եք ե՞տ եմ կանչելու։ Թող գնա, վարժություն անի, սիրտը պնդի մնացողներին ժպտալով շշնջաց Աշոտը։

Իսկ Գագիկը, այրից դուրս գալով, ընկավ թանձր խավարի մեջ ու կանգ առավ, սա ի՞նչ բան է, ընկերները ոչ հետևում են իրեն, ոչ ետ կանչում…

«Մի քիչ էլ գնամ, թե չէ կկարծեն, թե վախկոտ եմ…», մտածեց նա և խանձողն օդում պտտելով՝ առաջ գնաց։ Կայծեր էին ցրիվ գալիս վառվող փայտի ծայրից և լուսավորում խավարը փշրվող ասուպների նման։

Գնանք տեսնենք մեր արջի փորոտիքին ոչ մի գազան այցի չի՞ եկել… գուցե աղվես, գուցե ուրիշ կենդանի…

Աշոտի մտադրությունն այլ էր. իր կարծիքով հովազին փնտրելուց առաջ ամրացնում էր ընկերների սրտերը։

Նրանք վերցրին իրենց նիզակները, մի-մի խանձող և դուրս ելան։ Միայն Սարգիսը մնաց օջախի մոտ։

Վա՛հ, իբր թե մի հովազի համար ես քի՞չ եմ, որ դուք էլ եք գալիս, նեղացավ Գագիկը, ապա իսկույն մտածեց. «Հանկարծ խելքներին չփչի՞ ետ դառնան…», ու անփույթ ավելացրեց. Դե լա՛վ, դուք գիտեք… թե որ շատ եք ուզում՝ պոչիցս եկեք…

Վառվող «կերոնները» սև գիշերի մեջ գլխներից վերև շարժելով, նրանք վազեցին դեպի ցած՝ դեպի ձորակը՝ այնպիսի հարայ-հրոցով, որ եթե հովազ չէ, վագրերի ոհմակ էլ հանդիպելու լիներ, սարսափահար կփախչեր։

Այդ տեսարանը նորից ցնորքներ ծնեց Աշոտի գլխում։ Նրա երևակայությամբ դա «գիշերային զորաշարժ» էր։ Եվ այդ զորաշարժի նպատակը իհարկե «հարձակողական մարտն» էր։ Նիզակները ճոճելով՝ տղաները հասան «գազանների մարտադաշտին» և իրենց պետի հրամանով զենքերը միանգամից նետեցին արջի ստամոքսի վրա։ Ապա ջահերի լույսով հետազոտեցին շրջակայքը և ոչ մի հետք չգտան։ Միայն հովազի հին հետքն էր ձյան վրա ձգվում դեպի Աջ ժայռաշարքը, և այդ հետքին ուշադիր նայողը կհասկանար, որ նրա տերը ոչ թե քայլել, այլ երերալով քարշ է եկել…

Հիմի լրիվ պարզ է… էգուց գնում ենք այս հետքով, հանդիսավոր հայտարարեց Աշոտը և կարգադրեց. Հանգցրեք ջահերը, մթնո՛վ պիտի վերադառնանք տուն…

Գլուխ քսաներորդ. Թե ինչպես պայքարի մեջ ամրանում է մարդուս սիրտը

Այդ գիշեր Աշոտն անհանգիստ էր այնպես, ինչպես անհանգիստ է լինում զորավարը գրոհից առաջ։ Այո՛, նա հենց մի փոքրիկ զորավար էլ երևակայում էր իրեն։ Գլուխը բարձրացնում էր, նայում իր «զորքին» և՛ կարեկցության, և՛ ամենից շատ՝ հպարտության զգացումով այնպես, ինչպես Գևորգ Մարզպետունին Գառնիի վրա հարձակվելու գիշերը։ Չէ՛, ամրացել են ընկերները հոգեպես, այսպիսի «զորքով» իրոք կարելի է արշավի գնալ։ Նույնիսկ հովազի դեմ, եթե նա վիրավոր է, բայց դեռ կենդանի։ Իր մտքերից ալեկոծված մի քանի անգամ դուրս նայեց, բայց դեռ չէր լուսանում։

Արթնացավ և Գագիկը ու ընկերոջն աչքով անելով՝ դավադիր շշնջաց.

Հը՞, խաշը դեռ չի՞ եփել… Չէ՞… Բա ինչի՞ ես վեր կացել…

Աշոտը փռթկաց և գլուխն օրորեց։ Ընկերներն արթնացան, հորանջեցին։

Իսկապե՞ս որկրամոլ էր Գագիկը, թե կատակում էր։ Որն էլ լիներ՝ միևնույն էր, կարևորն այն էր, որ նրա հետաքրքրասիրությունը ուտելիքի նկատմամբ փչացրել էր պատանի բնասերների պարապմունքը։ Այդ երեկո նրանք պետք է ուսումնասիրեին քարայծի գլուխը, բայց Գագիկն այնքան սրտանց էր խաշ ուտել ուզում, որ դեռ ցերեկով օգտվել էր իրենց կարգապահ պետի բացակայությունից և նոխազի գլուխը խնամքով խանձել էր բոցերի վրա, կոտորել ու կճուճը լցնելով՝ դրել կրակին։ Երեկոյան կրակը մեղմ վառվում էր, կերակրի կճուճը աննկատելի ցնցվում էր իր ներսի խլթխլթոցից և գոլորշու դուրեկան բուրմունք արձակում։ Դե եկ, Գագի՛կ, դիմացիր այդ գայթակղությանը։

«Մի համը չտեսնե՞նք», քնելուց առաջ հարցրել էր նա հեզությամբ։

«Ո՛ւշ է, առանց այն էլ խորոված շատ կերանք, չենք մարսի», առարկել էր պետը։

«Ո՜ւշ է… Լոնդոնում գիշերվա ժամը երկուսին բիֆշտեքս են ուտում, արևս վկա, մի ժուռնալում եմ կարդացել», իր առաջարկը հիմնավորել էր Գագիկը։

Բայց Աշոտը անդրդվելի էր մնացել։

Քնելուց առաջ Գագիկը, համենայն դեպս, զգուշացրել էր.

«Մեր պապերը խաշը միշտ լուսադեմին են կերել, դա չե՞ս ժխտի, Աշոտ»։

«Պապերի հետ ի՞նչ գործ ունենք։ Արևը դուրս կգա, հետո կուտենք»։

«Չէ՜, պապենական փորձից միշտ պետք է օգտվել, Աշո՛տ, արի մի՛ հակառակվիր…»։

Հիմա արդեն լուսանում է, բայց այդ Աշոտը խաշի անունն անգամ չի տալիս։

Գագիկը չեղած մորուքը որպես աղաչանքի նշան բռնելով, հարցրեց.

Չսկսե՞նք, Աշոտ ջան…

Աշոտն այրի դուռը բացեց և դուրս նայեց։

Այ տղա՛, դեռ գիշերվա կեսն է, դժգոհեց նա։

Ի՞նչ գիշերվա կես, կաքավի աքլորը երկու բերան արդեն կանչել է։ Հասո՛, մի դուրս արի աստղերին նայիր, տես խաշն ուտելու ժամանակը չի՞ անցել։

Հասոն դուրս եկավ սրսփալեն։ Գուցե այնքան էլ ցուրտ չէր, բայց հյուծված տղային թվում էր, թե դրսում սառնամանիքն է կանգնած։

Դեռ լուսաստղը դուրս չի եկել, ներս գալով հաղորդեց նա։

Ի՛հ, միամիտ չոբան… Իսկի շնորհք չունես սուտ վկայություն տալու։

Ասենք, լուսաստղին ո՞վ էր նայողը, երբ տաք օջախից խաշն էր բուրում։ Նույնիսկ միշտ անտարբեր մեկնված Սարգիսը նստել էր ծալապատիկ և ագահ հայացքով մեկ սևացած կճուճին էր նայում, մեկ ընկերների դեմքերին։

«Դե շուտ արեք, լցրեք է՜», -ասում էր նյարդային այն շարժումը, որ նա արավ տեղում։

Լա՛վ, սկսե՛նք։ Կուշտ կերեք, քիչ հետո գնում ենք գազանին փնտրելու և հայտնի չէ, թե երբ ետ կգանք, ասաց Աշոտը։

Իսկ չի՞ լինի, որ չգնանք, անվստահ հարցրեց Սարգիսը։ Ո՛վ գիտի, ի՞նչ կարող է պատահել…

Չի լինի։ Քանի հովազին չենք գտել կենդանի կամ մեռած, չենք կարող հանգիստ լինել… Պարզ չի՞ որ, բացատրեց Աշոտը։

Եթե Շուշիկը ներկա չլիներ, գուցե տղաներից ոմանք առարկեին, բայց աղջկա ներկայությունից ճնշվելով՝ լռեցին նույնիսկ նրանք, ովքեր սրտով դեմ էին այդ ձեռնարկությանը, որ հայտնի չէր, թե ինչով կվերջանար։

Եվ երբ լուսացավ ու քիչ հետո ծագեց արևը, Աշոտը վեր կացավ, վերցրեց իր զենքերն ու պաթոսով կանչեց.

Գնա՛նք… բոլո՛րս գնանք… Մենք գյուղ պիտի մտնենք հովազի մորթին դրոշակի նման պարզած…

Այդ հեռանկարից ոգևորված՝ տղաները զինվեցին իրենց ունեցած բոլոր զենքերով՝ տեգեր, քարե մուրճեր, կացին, մահակ։ Վերցրին նաև մի-մի վառ ածխակոթ և դուրս եկան այրից։

Սարգիսն ու Շուշիկը լուռ հետևում էին նրանց և չէր կարելի ասել, թե նրանք երկյուղ չունեին իրենց սրտերում։ Բայց չգիտես ինչու Աշոտը նրանց այրում մնալու կարգադրություն չարավ. «Երևի ուզում է սիրտներս վարժեցնել», մտածեց Շուշիկը։

Գագիկը քայլում էր քաջաբար, կռվի գնացող աքլորի կեցվածքով և ընկերները հասկանում էին, որ իրեն սիրտ է տալիս։

«Գոնե մեկ անգամ էլ ես առաջ ընկնեմ… պատվի հարց է», վճռեց նա ու հոխորտալով առաջ ընկավ։

Ի՜նչ եք կուզեկուզ գնում, ռիսկո՛վ եկեք հետևիցս, գոչեց նա։

Շուշիկը զարմացավ և հարցական նայեց Հասոյին. «Սա իմ տեսա՞ծ Գագիկն է, թե…»։

Միշտ քարայրում՝ օջախի մոտ լինելով, նա չէր տեսել, թե ինչպես դրսում, վտանգների մեջ Գագիկն աստիճանաբար փոխվել է ու արիացել։

Խումբը իջավ Հովազաձորի միակ տափարակը, ուր խաղողի այգին էր։ Այդտեղ գտան գազանի հետքը և կանգ առան։ Լուռ էին և ահ ունեին իրենց սրտերում՝ ոմանք շատ, ոմանք քիչ, բայց անորոշ երկյուղ զգում էին բոլորն էլ։

Եկեք նախ նիզակ նետելու վարժություն անենք… Գուցե հարկավոր է գալիս, առաջարկեց Աշոտը։

Ուրեմն հովազի հետ կռվելո՞ւ եք, գրեթե շշուկով հարցրեց Շուշիկը։

Չէ, հովազը պետք է որ սատկած լինի իր ստացած վերքերից. տեսե՛ք, արյան կաթիլները ձյան վրա։ Բայց… ո՜վ գիտի… Դե՛հ, նշան ենք բռնում էն թփին ու նետում տասնհինգ քայլ հեռավորությունից։

Աշոտը դիրք ընդունեց, նիզակը բարձրացրեց, որ նետի, բայց Գագիկը բռնեց նրա բազուկից։

Չեմ ասե՞լ, որ առաջ կխորհրդակցեն ընկերների հետ հետո… Ախր նիզակիդ ծայրը կփշրես…

Վա՛հ, իսկապես… Բա ինչի՞ վրա նետենք…

Ձնե մարդի… Չէ՛, ինչո՞ւ, ձնե հովազի…

Ա՞յ խելացի առաջարկ։ Տղաները մի քանի րոպեում ձյունից չորքոտանի մի կենդանի պատրաստեցին, որը ավելի շուտ ոչխարի էր նման, քան հովազի, ու սկսեցին նրա վրա հեռվից նիզակներ նետել։

Ա՜յ քեզ բա՜ն, հինգից մեկը հազիվ է կպչում։ Այդպիսի անհաջողություն նրանք չէին, սպասում։

Բա՛րձր, Գագի՛կ, ծայրը բարձր պահիր, այնպես, որ օդում աղեղնաձև գիծ քաշի ու ծայրով հարվածի նշանին, իսկ քոնը կողքով է հարվածում, ցույց էր տալիս Աշոտը։

Հասոն լուռ էր, ոչ ոքի դիտողություն չէր անում, բայց հարվածում էր ճշգրիտ, դե նրա գործը ամբողջ օրը այծերի հետևից փայտ ու քար նետելն է եղել, այդ է՞լ չկարողանա։

Շուշիկը տեսնում էր նրա շեշտակի հարվածները և լուռ հրճվում, դե բարձրաձայն ինչպես հայտնես հիացմունքդ, որ չկպչի Աշոտի սրտին…

Աշոտը ևս վարժվեց։ Կես ժամ անց արդեն նրա նետածը երբեմն վատ, երբեմն շեշտակի հարվածում էր նշանին։

Սարգիսն ու Գագիկը այնպես էլ չկարողացան նիզակ նետել սովորել։ Եթե պատահում էր, որ խփում էին նշանին, հարվածն այնպես թույլ էր լինում, որ հովազի ձնե մարմինն անգամ չէր ծակում։

Դա, իհարկե, չէր խանգարում, որ Գագիկը աքլորանա. վերջին օրերի առատ սննդից նա նկատելի կերպով աշխուժացել էր, աչքերը փայլում էին, վազելու և ցատկելու պահանջ էր զգում ջահել քուռակի նման։

Աշո՛տ, ճարպս փորումս եռում է, նիզակը դենը դիր՝ արի կոխ բռնենք…

Չհավատաս որ ճարպ է… Երևի ուրի՛շ բան է եռում, ճարպ ես կարծում, ծիծաղեց Աշոտը և իսկույն, որպես պատիժ իր կծու ակնարկի համար, փռվեց ձյան մեջ. Գագիկը «ոտք էր գցել» ու մի ակնթարթում տապալել նրան։

Հիմի հավատացի՞ր որ ճարպ է, ասում էր նա մի կողմ փախչելով։

Դե՛հ, հերիք է, գնա՛նք, հագուստները թափ տալով և Շուշիկի ներկայությունից շփոթված ասաց Աշոտը։ Տանձի պոչ, ես քեզ հետ հետո կխոսեմ, սպառնաց նա հեռվում փորը բռնած ծիծաղող Գագիկին։

Նրանք հովազի հետքը վերցրին և առաջ գնացին զգուշությամբ, նիզակներով հարվածելու պատրաստ։

Տեղ-տեղ ձյունը կարմիր ներկելով, գազանը իջել էր ցած և, հասնելով Հովազաձորի ներքին եզրի գահավեժ ժայռերին, ծռվել էր աջ ու գնացել դեպի մի անձավ, որի կլոր մուտքը կիսով չափ քողարկված էր մասրենու նոսր ճյուղերով։ Հովազն այդ ճյուղերին քսվելով և նրանց փշերի վրա մի քանի մազ թողնելով, մտել էր այրը։

Պատանիները կանգ առան և աչքները հառած իրենց պետի դեմքին, նրա խոսքին էին սպասում։ Նրանք վստահ էին Աշոտի փորձառությանը, բայց երկյուղալի էր անձավի մթին տեսքը և այն խորհրդավոր լռությունը, որ տիրում էր վտանգին դեմ-հանդիման կանգնած խմբի մեջ։

Աշոտը նշան տվեց խանձողները դնել մասրենու վրա և կրակ վառել։ Շրջակայքից խռիվ հավաքեցին, կրակ արին այրի մուտքի մոտ, այնպիսի կրակ, որ ոչ այնքան բոց ու ջերմություն էր արձակում, որքան կուրացնող ծուխ։

«Մուտքից հեռո՛ւ կանգնեցե՛ք», նշաններով կարգադրեց Աշոտը և ինքը, կացինը պատրաստ պահած՝ կանգնեց մի անկյունում այն դիրքով, ինչ դիրքով կկանգներ չարագործը, որ պատրաստվում է հարվածելու իր տնից անմեղությամբ դուրս եկող մարդուն։

Աշոտի մտադրությունը պարզ էր. ծխին չդիմանալով, գազանը կամ պիտի դուրս գար իր որջից, կամ շունչը փչեր այնտեղ։ Ծուխը նաև ստուգելու և պարզելու էր, գազանը կենդանի՞ է, թե ոչ։ Եթե կենդանի լիներ, անպայման պիտի հազար ծխից։

Շուշիկը, Աշոտի կարգադրությամբ, անցել էր մի ժայռաբեկորի հետև և խանձողը ձեռքին՝ ահ ու դողով սպասում էր։ Իսկ Սարգիսը, քիչ հեռու կանգնած, քարե մուրճն ուսին այնպես էր տմբտմբացնում մեծ ու կլոր գլուխը, կարծես սառնամանիքի էր հանդիպել։ Գագիկը շարունակում էր քաջ ձևանալ, աչքով էր անում ընկերներին, ժպտում անբնական, իսկ աչքերը վառվում էին ներքին տենդից։ Իսկ Աշոտը, թեկուզ վախենում էլ էր, բայց ըստ իր պաշտոնի՝ պարտավոր էր սառնարյուն և անվախ լինել, ուստի այդպիսին էլ երևում էր արտաքուստ։

Անձավի մուտքի աջ ու ձախ պատերին հպված և իրենց քարե կացիններն ու մուրճերը պատրաստ պահած, նրանք մոտ կես ժամ մնացին այդպես քարացած-լարված վիճակում։ Ծուխն առատությամբ ներս էր գնում, բայց ներսից ոչ մի ձայն չէր լսվում։ Պատանիները հետզհետե սրտապնդվեցին, լարվածությունն անցավ։ Խարույկն էլ իջավ, սկսեց մարել։

Ուրեմն սատկել է, բարձրաձայն վճռեց Աշոտը։ Հետքը անձավից դուրս չի եկել։ Եթե սատկած չլիներ, կգնար արջի միսն ուտելու։

Իբր որ սատկած չլիներ, մեզ ի՞նչ էր անելու… Հիմի ի՞նչ ես կարգադրում, ներս չմտնե՞մ քերթեմ…

Աշոտը բարեսրտորեն ժպտում էր, և եթե Շուշիկը ներկա չլիներ, հեգնանքով կասեր. «Ի՜ի՜, այ Քաջ Նազա՜ր…»։

Իսկ Քաջ Նազարը ձեռքի փայտը խոթել էր այրը, նրանով խռթխռթացնում էր ու գոչում.

Դուրս արի է՛, հոգեառդ եմ, ուժդ խեղճ արջի՞ն էր պատում…

Գագիկի այդ կանչերից քաջալերված, Շուշիկն ու Սարգիսն էլ առաջ եկան։

Հասո՛, կենի թփեր ջարդի՛ր։

Քիչ անց, կենու յուղոտ ճյուղերը իրենց համար լուսատու կերոններ դարձրած, մեր պատանիները մտան քարայր։

Ռիսկո՛վ եկեք, քաջալերում էր Աշոտը։ Էս կրակին ոչ մի գազան չի մոտենա, եկե՜ք, մի՛ վախենաք…

Այրի նեղ մուտքը գնալով բարձրանում էր 45 աստիճան թեքությամբ։ Տեղ-տեղ նա լայնանում էր՝ կազմելով մինչև չորս մետր լայն և երեք մետր բարձր քարե բնական խցեր, կամ նեղանում էր այնքան, որ տղաները հազիվ էին ներս մտնում։

Անցքերը, որով նրանք գնում էին, ժայռի ներսում ճյուղավորվում էին և նրանց մի մասը վերջանում էր փակուղիով։ Հատակի ցածրադիր մասերում և քարերի մոտ կային դեղնավուն կավի շերտեր։ Տեղ-տեղ առաստաղից կախված էին շթաքարեր (ստալակտիտներ)։

Քարանձավի մուտքերի ու անցքերի ամբողջ երկարությամբ, առանձնապես փոսերում, խորշերում ու խցերում թափթփված էին զանազան կենդանիների ոսկորներ։ Նրանք ընկած էին և՛ բաց վիճակում, և՛ խրված էին չորացած կավի մեջ։ Գլխավոր խցից, ուր շատ ոսկորներ կային թափթփված, մի այլ ներքնուղի գնում էր ժայռի խորքը, բայց մեր հետախույզները ներս սողոսկել չկարողացան, որովհետև անցքը նեղ էր, իսկ նրանք գործիքներ չունեին, որ լայնացնեին։ Անցքի խորքում մեծ-մեծ ոսկորներ էին երևում…

Աշոտը կանգ առավ, ձեռքի «ջահով» լուսավորեց անձավի խորշերը։ Ահն ու զարմանքը պատել էր մեր պատանիներին, ամեն տեղ թափթփված էին ճերմակ ոսկորներ, մեծ ու փոքր կենդանիների գանգեր, ճյուղավորված հսկա եղջյուրներ, ինչպես և այնպիսի կենդանիների գլուխներ, որոնք վաղուց վերացել են երկրի երեսից…

Գազանների գերեզմանո՞ց էր, ի՞նչ էր…

Կենու թփերի փշատերևները ճարճատյունով այրվեցին-վերջացան։ Ջահերը մեկ-մեկ հանգան, և տղաները մնացին խավարի մեջ։ Միայն հետևի կողմից հեռվում, աղջամուղջի մեջ, աղոտ լույս էր երևում, որից հասկացվում էր, թե որտեղ է անձավի մուտքը։

Երկյուղալի լռություն էր տիրում։

Ե՛տ դառնանք, ասաց Աշոտը։

Նրանք խարխափելով քայլեցին դեպի այրի ելքը և երբ լույս աշխարհ դուրս եկան, նա պատվիրեց Հասոյին, վազել ճգնավորի «այրը և բերել բոլոր «կերոնները», որ խումբը պատրաստել էր եղևնու յուղոտ արմատներից ու չորացրել՝ գիշերները ճրագի տեղ վառելու համար։

Քիչ անց Աշոտը՝ խիստ լուրջ ու կենտրոնացած, յուղոտ ճյուղերից զույգ-զույգ, երեք-երեք խրճիկներ էր կապում, որ վառի։

Այդ ժամանակ Գագիկի բաց գլուխը երևաց բարձր քարի հետևից, ուր նա մինչև Հասոյի գալը պարապությունից պտուղներ էր փնտրում։

Հասո՛, խամ տեղ եմ գտել, արի, կանչեց նա սնձի պտուղներով բեռնավորված ճյուղը ցույց տալով։

Հասոն գնաց։ Աշոտը շարունակում էր «ջահեր» պատրաստել, իսկ Շուշիկն ու Սարգիսը մեկուսի ցածր ձայնով խորհրդակցում էին։ Վերջապես առաջ եկավ Սարգիսը և նորից մի փորձ արավ Աշոտին ետ պահելու վտանգավոր ձեռնարկությունից։

Թո՛ղ, Աշո՛տ, ի՜նչ գործ ունես… ասաց նա։ -Ավելի լավ չի՞ քարերով փակենք մուտքը ու գնանք հանգիստ մեր գործին։

Խելացի առաջարկ արավ Սարգիսը. իրոք, եթե այրի մուտքը պատեն, գազանը, եթե նույնիսկ դեռ կենդանի է, քաղցից ներսում կսատկի։ Բայց Աշոտին իսկի համոզե՞լ կլինի։ Որսի մոտիկությունից գրգռված որսորդի նման կորցրել էր սառը դատելու ունակությունը։ Իսկ հովազի շքեղ մորթին ձեռք բերելու ցնորքը նրան հանգիստ չէր տալիս։ Եվ երբ Շուշիկը ևս միացավ Սարգսի առաջարկին, նա զայրացած շպրտեց.

Եթե վախենում եք, ե՛տ գնացեք, միայն ինձ մի՛ խանգարեք… Այրի մուտքը փակե՜նք… խելքին մտիկ… որ ներսում մորթին փտի՞…

Աշոտի հաստակողությունը վրդովեցրեց Շուշիկին.

Նորից քաջությունդ բռնե՛ց… Մտքումդ հենց էն է, որ աշխարհ զարմացնես… լճավանցի Կամոյի նման… Բայց միևնույն է, Կամո չես դառնա, խայթելու նպատակով անզգույշ շպրտեց աղջիկը և զղջաց։ Շուշիկի այս խոսքից կարծես Աշոտի երակների մեջ եռացրած ջուր լցրին։ Շիկնեց նա շիկացած մետաղի նման, ձախ այտն իր վրայի բազմաթիվ խալերով սկսեց ցնցվել։ Հրացայտ աչքերով նայեց նա Շուշիկին և շպրտեց.

Այդ դեպքում ես մենա՛կ կգնամ հովազի դեմ և կապացուցեմ, որ…

Նա չշարունակեց՝ նորից խոցված էր ինքնասիրությունը։ Դրանից փոթորիկ էր առաջացել պատանու հոգում և այդ պահին համակվել էր մի գերագույն ցանկությամբ միայն՝ այնպիսի սխրագործություն կատարել, որ բոլորը խոսեն այդ մասին։

Գի՜ժ պատանեկություն, այդ հասակում մեզնից ո՜վ չի ցանկացել հերոս երևալ, մանավանդ… աղջիկների մոտ…

Մի տեսեք ի՜նչ ինքնասիրություն է ունեցել, հեգնախառն, չարաճճի աչքերը փայլեցնելով շարունակում էր գրգռել Շուշիկը։

Աշոտը վերցրեց նիզակը, մյուս ձեռքի ձողերի խուրձը դեմ արավ Շուշիկին և պատվիրեց.

Վառի՛ր… Հիմի ինձ էլ կտեսնես, քո Կամոյին էլ…

Ահա՜ թե ի՛նչ… խնդաց աղջիկը, ես կյանքումս նրան չեմ տեսել, իսկ դու արդեն խանդո՞ւմ ես…

Ծիծաղում էր, կատակում, բայց հաճելի էր հպարտ պատանու վրդովմունքը։ Իսկ սև աչքերի կրակներն ու այդ ցնցվող խալերը հո…

Աղջիկը դեռ չէր լրջացել, երբ Աշոտը խրոխտ քայլերով մտավ անձավը և անհետացավ նրա խորքում։

Աշո՛տ, ետ արի, ի՞նչ ես անում, հետևից գոչեց Սարգիսը։ Անհանգստացած էր և Շուշիկը, բայց նրան դուր էր գալիս տղայի խիզախությունը, արդեն առնականացող կամքը։

Թող գնա հասնի լճավանցի Կամոյին, ծիծաղեց նա։

Ապա լրջանալով, սկսեց իրեն սիրտ տալ.

Կրակից գազանները վախենում են, չէ՞, Սարգիս… Ասենք նա երկար չի մնա այրի մեջ, հենց կրակը հանգավ՝ ետ կգա։

Բայց նա սխալվում էր. անսպառ էր Աշոտի և՛ սրտի կրակը, և՛ ձեռքի կրակը, քանի որ բազմաթիվ չոր ու յուղոտ ձողեր էր խրել իր գոտ ու մեջ։

Իսկապես որ «հեռակա մրցություն» կարելի էր անվանել այն, ի՛նչ տեղի էր ունենում Աշոտի հետ… Իր կյանքում նա չէր տեսել (և գուցե երբեք էլ չէր տեսնելու) հեռավոր Լճավան գյուղացի Կամոյին, բայց Շուշիկի մի խոսքից սկսել էր նորից այրվել՝ իր սխրագործություններով նրանից անցնելու ցանկությամբ։ Եվ այդ տենչը այնքան հզոր էր նրա մեջ, որ երբ անցավ ոսկորների կույտերի վրայով և ստորերկրյա ճանապարհը երկու ճյուղի բաժանվեց, առանց վարանելու գնաց ձախ թունելով, որ ավելի մռայլ էր, խոնավ և սեպ-սեպ քարերով պատած ցածր առաստաղ ուներ։

Գնում էր առանց զգուշության, առանց դեմը հետազոտելու, առանց ետ նայելու և առանց մի րոպե կանգ առնելու. Շուշիկի կծու ակնարկը շարունակում էր նրան բորբոքել ու մղել դեպի անհայտություն։

Այրի առաստաղը ցածրացավ, ներքին ուղին փոխվեց ծուռումուռ անցքի։ Տղան շարունակում էր գնալ՝ սկզբում կռացած, ապա չոքեչոք, և երբ անցքը բոլորովին նեղացավ՝ արդեն սողում էր փորի վրա՝ վառ կերոններն առաջ մեկնած։

Քանի դեռ շատ չէր հեռացել այրի մուտքից, հազիվ լսվում էր Շուշիկի լալագին կանչը.

Աշո՜տ, Աշո՜տ, ետ արի, կատակ եմ արել, ե՛տ արի՜…

Պատանու սիրտը թնդում էր այդ կանչերից։

Սիրտդ վառվե՞ց… մղկտո՞ւմ ես ինձ համար, բերկրանքով ինքն իրեն ասում էր նա, և եթե մեկը ծածուկ դիտելու լիներ, կտեսներ, որ այդ մռայլ ներքնուղիներում տղայի դուրեկան, կլոր դեմքը ողողված է երջանիկ ժպիտով, իսկ սիրուն շրթունքներն ինչ-որ մրմնջում են. իր հեռավոր «հակառակորդի» հե՞տ էր վիճում, թե՞ դեռ սիրտը հովացնող սպառնալիքներ էր ուղղում Շուշիկի հասցեին. «Դեռ այնքան մղկտա՜ս, կարծում ես ե՞տ եմ գալու…»։

Եվ նա առաջ էր գնում ոչ թե գտնելու գազանի դին, քանի որ ոչ մի նշանից չէր երևում, թե վիրավոր հովազն այդ ճամփով է գնացել, այլ ընթանում էր այն բուռն հետաքրքրությունից մղված, որով կլանված են լինում այդ հասակի պատանիներն անծանոթ աշխարհներ ընկնելիս։ Գնում էր մտքում հոխորտալով թե՛ Շուշիկի և թե՛ իրեն անծանոթ Կամոյի հասցեին…

Երբ ծնկներն ու արմունկները սուր-սուր քարերի բերանը տալով անցավ նեղ թունելից և դուրս եկավ մի ընդարձակ քարայր, արդեն այնքան էր հեռացել, որ այլևս դրսի կանչերը նրան չէին հասնում։ Այն ժամանակ երկյուղի նման անորոշ մի բան սողոսկեց նրա սիրտը։

Դատարկ բան է, ձեռքը թափ տալով հոխորտաց նա։

Դրան որպես պատասխան դիմացից նա մարդու ծիծաղ լսեց, մի վայրենի քրքիջ, որից տղայի սիրտը կարծես կանգ առավ։

Սառն ու սուր քրքիջը կրկնվեց և չարագուշակ արձագանքեց մռայլ կամարների տակ…

Գլուխ քսանմեկերորդ. Թե ինչպես խավարում շարժվող կրակները ճիշտ ճամփա ցույց տվին մարդկանց, բայց սրանք գլխի չընկան

Ինչպես արդեն ընթերցողը գիտի, Հովազաձորի խաղողի այգուց և ճգնավորի այրի շեմքից երևում է Արարատյան դաշտի մի նեղ շերտը, որով անցնում է Նախիջևանից Երևան ձգվող ասֆալտե ճանապարհը։

Իրար մոտեցած ժայռերի արանքով այդ ճամփի մի փոքր հատվածն է նկատելի, այնքան փոքր, որ անցնող մեքենան մեր պատանիների տեսադաշտում միայն մի քանի վայրկյան էր մնում։ Այդ էր պատճառը, որ մեր գերիները չէին կարողանում դրսի աշխարհին իմաց տալ, թե ո՞ւր են իրենք։

Ոչխարանոցի բարձր դիրքերում նրանք խարույկներ էին վառում այն հույսով, որ մեկն ու մեկը կնկատի։ ճիշտ է, Արարատյան դաշտով անցնող մարդիկ գիշերները երբեմն կրակ էին տեսնում հեռավոր ժայռերում, բայց ոչ ոքի մտքով չէր անցնում, որ կորած պատանիները վառած կլինեն այդ կրակը։ «Որսորդներն են խարույկ վառել։ Երանի՜ իրենց…», մտածում էր ճամփորդն ու անցնում։

Ի՞նչ անեմ, մեր մեջ մի Ձենով Օհան էլ չունենք, որ արջի մորթին փորին փաթաթի ու էնպես գոռա, որ ձայնը դմբդմբալեն գնա-հասնի Արազի ափը, -ասում էր Գագիկը ու Երևան տանող ճամփի վրա մեքենա նկատելիս իր բարակ ձայնով ծղրտում էր.

Հե՜յ, հե՜յ, այստեղ ե՜նք…

Միայն ժայռերն էին արձագանքում նրա ձայնին, դրսի աշխարհից ոչ ոք չէր լսում նրան։

Այն գիշեր, երբ մեր պատանիները կենու վառվող ճյուղերը օդում ճոճելով այրից վազեցին դեպի ցած, տեսնելու համար հո որևէ գազան այցի չի՞ եկել արջի մնացորդներին, այդ գիշեր պահեստապետ Պարույրը բեռնատար մեքենայով վերադառնում էր Երևանից։

Մեքենայի խցիկում իր մուշտակի մեջ փաթաթված՝ նա լուռ ծխում էր։ Մռայլ մտքեր էին պաշարել Պարույրին։ Զգում էր, որ կարկտաբեր ամպեր են կուտակվում իր գլխին, և, որ ամենից զարմանալին էր, ամենազոր փողն այս անգամ անզոր էր գտնվել այդ ամպերը ցրելու…

Մեծ հավատ ուներ պահեստապետ Պարույրը փողի նկատմամբ և գլուխը գինուց տաքացած ժամանակ չէր քաշվում իր կարծիքը հայտնել նրա զորության մասին. «Փողը մութ տեղը լույս է տալիս…»։ «Փողը որսկանի լցրած հրացան է, որս տեսա՛վ՝ կխփի…»։ «Փողը որ կա՝ հանած թուր է…»։ «Մարդիս դժոխք տանողն էլ է փողը, դրախտ տանողն էլ…»։ «Վերև աստված, ներքև՝ փողը…»։

Ժողովրդական անգին իմաստություններից միայն սրանք էր յուրացրել Պարույրը։ Նա մի փոքրիկ բան էր միայն մոռացել, որ այդ իմաստությունները ժողովուրդը ուրի՛շ կարգերի համար է հորինել, ուրի՛շ կարգերում է գործածել, և որ հիմա կարգերն էլ են փոխվել, մարդիկ էլ, փողի դերն էլ… Ասենք, վերջերս այդ բանում ինքն արդեն համոզվում էր. ամենազոր համարվող փողը այս անգամ նրան չէր փրկում արագությամբ մոտեցող աղետից։ Ի՞նչ անի։ Ո՞ւմ դիմի։ Գոնե նախագահ Հարութի դիրքը խախտված չլիներ, կարելի էր նրա վրա հենվել։ «Չէ՛, Հարութի օրերը հաշվված են, ընդհանուր ժողովին են սպասում, որ վռնդեն… Ու էն ժամանակ… կորած եմ…»։

Այս մռայլ մտքերն էին պաշարել պահեստապետ Պարույրին, երբ հասան Հովազաձորի դիմաց։ Նա գլուխը թեքեց դեպի վերին ժայռերը, խավարի մեջ վազվզող բոցեր տեսավ և սարսռեց։

«Է՞ս ինչ հրաշք էր…», ահով մտածեց նա, և եթե վարորդը կողքին չլիներ, հավանաբար գաղտնի խաչակնքեր։

Սերո՛բ, էն ի՞նչ կրակներ են վազում, հարցրեց նա վարորդին։ Սա գլուխը թեքեց դեպի Հովազաձոր և ոչինչ չնկատելով, ծիծաղեց,

Աչքիդ է երևում…

Մեքենան կանգ առավ, դուրս եկան խցիկից, նայեցին մթին կուլ գնացած ժայռերի կողմը, ոչինչ չկար, մեքենան արագ անցել էր Հովազաձորի դիմացից և կրակները մարդկանց տեսողությունից արդեն ծածկվել էին։

Որ ասում եմ աչքիդ է երևացե՜լ… Որ չարքը խափանող աղոթք անես, էլ աչքիդ էդպես բաներ չեն երևա, խորհուրդ տվեց վարորդը, որ մի կատակասեր երիտասարդ էր։

Պարույրը, մռայլ մտքերով տարված, մտավ խցիկ։ «Շատ մտածելուց երևի գժվում եմ…», անցավ նրա գլխով և մինչև գյուղ ոչ մի բառ չարտասանեց։ Հիշում էր շարժվող կրակները լեռան լանջին ու մտատանջության մեջ էր։ Դե, ինչպես մութ կասկածներ չծնվեին նրա սրտում, երբ հենց այդ ժայռերից երաշտ տարին անգամ հանկարծ հեղեղ էր գալիս…

Տեսածի մասին գյուղում նա ոչ ոքի չասաց. վախենում էր ծաղրեն. դե Այգեձորում մի մարդ կգտնվե՞ր, որ չարքերին հավատար։

Այնուամենայնիվ, դեպքից մի որոշ ժամանակ անց, նա մի գիշեր այդ մասին խոսեց իր կնոջ հետ։ Կինն էլ հարևանուհուն պատմեց, սա էլ մեկ ուրիշի ու մեկ օրվա մեջ արտասովոր լուրը կանանց «անթել տելեֆոնով» տարածվեց գյուղում և հասավ որսորդ Արամի ականջը։

Արամը ձեռքը հուսահատ թափ տվեց.

Է՛հ, վախկոտ մարդ է, ով գիտի աչքին ի՛նչ է երևացել,.. Մա՞րդ է, որ խոսքին հավատաս. քամի է, քամի՛, ասաց նա։

Այդպիսով, գիշերվա մառախուղում ցոլացող կրակները ճիշտ ճանապարհ ցույց տվին մարդկանց, բայց Պարույրին հավատացող չեղավ, հեղեղատում գտնված իրերը անհերքելիորեն հաստատում էին, որ երեխաներին ջուրը տարել է և Այգեձորում արդեն մարդիկ հաշտվել էին այդ տխուր փաստի հետ։

Другие части "Հովազաձորի գերիները"

Ятук Музыка
Святое Утверждение, Святое Отрицание, Святое Примирение
Георгий Гурджиев

Святое Утверждение, Святое Отрицание, Святое Примирение

Константинополь
Константинополь
Играть онлайн