Вахтанг Ананян

Հովազաձորի գերիները

20

Գլուխ տասներեքերորդ. Թե ինչպես մահը դանդաղ, բայց հաստատուն քայլերով մոտենում էր բնակարան-անձավին

Շուշիկին նրանք գտան գրեթե անզգա վիճակում։

Շարունակ ասում էր՝ մրսում եմ, տխուր հաղորդեց Սարգիսը։

Ձեռք տվին ոտքերին՝ սառն են։ Փայտը նորից վերջացել էր, ինչո՞վ թեժացնեին մարվող կրակը։ Վառելիքի գնալու ո՛չ սիրտ կար, ոչ ուժ։ Ի՞նչ իմանաս հիմա գազանը Կաղնուտում դարան մտած քեզ չի՞ սպասում…

Կամ ինչու Կաղնուտում, նա կարող է դարան մտնել հենց այրի դիմացի թփերի մեջ։ Երեք շաբաթ շարունակ հետևելով այս երկոտանի արարածներին, գազանն անշուշտ համոզվել էր, որ նրանք զենք չունեն։ Գոնե այդպես էր դատում Աշոտը։ Եվ պարզ է, որ կաքավները մարսելուց հետո պիտի գա շուն կամ մարդ փախցնելու, Հովազաձորում ուրիշ ի՞նչ հարմար որս կա նրա համար։

Այդ ծանր մտքերն էին պաշարել Աշոտին, երբ լսվեց Շուշիկի թառանչը. «Ջո՜ւր…»։

Ջուր ևս չկար։ Քարե գուշը արդեն ցամաքել էր, որովհետև մոտերքում այլևս ձյուն չէր մնացել, որ լցնեն մեջը։ Ձյուն կարելի էր բերել, բայց հարկավոր էր նախ վառելիք գտնել, առանց կրակի ջուր չես ստանա։

Տղաները լուռ դուրս եկան անձավից. վառվող փայտ անգամ չկա, որ վերցնեն հետները։

Սարգի՛ս, կրակն անթեղի՝ թող չհանգչի, հիմա մենք կգանք, ասաց Աշոտը, բայց նրա ձայնը նախկին վստահությունը չուներ։

Տեգերը ձեռքներին նրանք իջան Կաղնուտը։ Քարե կացինը հետները չէին վերցրել, ուժ չկար։ Իսկ ձեռքով ջարդելու այլևս ճյուղ չէր մնացել։ Ստիպված դանակով մատի նման բարակ ճյուղեր կտրտեցին-խրձեր արին։ Բայց ավելի շատ պառկում էին գոլ խաշամին, քան աշխատում։

Թողնեն մարդ մոռանա ամեն բան աշխարհում և այսպես քնի-մնա խաշամի մեջ…

Ձյունից նոր ազատված մի փոսում Աշոտը թփեր գտավ և նրանց վրա չորացած մոռի հատիկներ։ Քաղեց գցեց գրպանը։ Գագիկը երկու կաղին էր գտել, մեկը կերել, մյուսը պահել Շուշիկի համար։ Իսկ Հասոն ժայռից կախված հաղարճի թփից չորացած հատիկներ էր քաղել, ընդամենը չորս հատ հաղարճ…

Վերջապես իրենց բեռով նրանք մտան անձավ, ձյան գունդը դրին մի կողմ, կրակը բորբոքեցին։

Մինչև երեկո հազիվ հաջողվեց թեյ պատրաստել, որի մեջ լողում էին Հասոյի գտած չորս հաղարճները և Աշոտի բերած կես բուռ մոռը..

Այնուամենայնիվ տաք ջուրը մի փոքր աշխուժացրեց հիվանդին. կարծես մարվող ճրագին մի քանի կաթիլ ձեթ ավելացրին…

Ի՞նչ եղան կաքավները… ճամփան չե՞ք բացում… Ինչո՞ւ եք տխուր… ուշքի գալուց հետո քնից նոր արթնացածի նման կցկտուր հարցեր էր տալիս Շուշիկը։

Ոչ ոք նրան չպատասխանեց։

Չգնա՞նք թակարդների կողմը, հարցրեց Գագիկը։

Ի՞նչ գնանք, նորից կերած կլինի, ձեռքը անհույս թափ տվեց Աշոտը։

Ո՞վ կերած կլինի… Ինչո՞ւ եք այդպես խորհրդավոր խոսում… Մրսում եմ, Աշո՛տ…

Դե նրան հո չէին ասի գազանի մասին, խուսափեցին պատասխանելուց։ Ասենք, նա պատասխանին չսպասեց էլ, արդեն նորից ինքնամոռացության մեջ միայն չորացած շրթունքներն էր շարժում։

Լա՛վ գնա՛նք, համաձայնեց Աշոտը։

Տղաները լուռ դուրս եկան անձավից և մի քանի քայլ անելով՝ կանգ առան, թփերից խշտոց լսվեց, մթնշաղի մեջ մի ճկուն մեջք գալարվեց և հազիվ նկատելի շողացին մի զույգ աչքեր…

Խփեցե՛ք, խփեցե՛ք, ահաբեկված կանչեց Աշոտը քարեր նետելով, ապա ետ վազեց ու հևիհև ընկավ անձավը։ Ընկերները հետևեցին նրան։ Բոյնախը հազիվ բացեց մի աչքը, իսկ Սարգիսը՝ վրա նստած հարցնում էր տագնապով.

Էն ի՞նչ էր… էն ի՞նչ էր… Իմ տեսած վա՞գրն էր…

Դեռ երեկո էր, երբ վառելիքը նորից վերջացավ։ Մեր պատանիները դողում էին ցրտից։ Բայց դողում էին ոչ այն պատճառով, որ օջախի վառելիքն էր վերջացել, այլ այն պատճառով, որ վերջացել էր իրենց օրգանիզմի «վառելիքը»։

Մրսում եմ… երբեմն լսվում էր Շուշիկի թույլ բողոքը։ Բայց ոչ ոք սիրտ չարավ այրից դուրս գալու, գիտեին, որ մոտերքում դարան է մտել կատվացեղ գազանը…

Կրակ էր մաղվում հովիվ պատանու գլխին, սիրտը կարծես սեղմում էին պողպատե աքցանով։ Ի՞նչ աներ, ինչո՞վ օգներ իր աչքի լույս «քուրացվին»։ Կամ ինչպես փրկեր իր բրդոտ ընկերոջ կյանքը։

Իր պիջակով նա Շուշիկին էր ծածկել, բլուզը գցել էր Բոյնախի մեջքին, իսկ ինքը, խաշամի մեջ կուչ եկած, մտածում էր։ Տղաները լուռ նստած էին ծխացող խարույկի շուրջը և բռունցքներով տրորում էին իրենց կսկծացող աչքերը։

«Կմեռնի… եթե սնունդ չհասցնենք՝ կմեռնի…», այս ահավոր միտքն էր յուրաքանչյուրի գլխում։

Լա՛վ, գնանք թակարդների կողմը, գուցե մեր բախտից… վճռեց Աշոտը։

Մի-մի ծխացող ձող ձեռքներին, դուրս եկան անձավից։ Բոյնախը, չգիտես ինչու, հավաքեց վերջին ուժերը և քարշ եկավ տիրոջ հետևից։

Մնա, Բոյնախ ջան, ո՞ւր ես գալիս, մեղմ շոյում ու համոզում էր Հասոն։

Շունը չենթարկվեց։ Նա լարվեց, ականջ դրեց, հոտոտեց օդը և սկսեց տագնապով ծմրալ ու դողալ։

Ընկերները առաջ էին անցել, իսկ Հասոն անձավի մոտ դեռ համոզում էր հիվանդ շանը, երբ Աշոտը նկատեց, որ թփերը խլրտացին, նրանց մեջ մի ճկուն մեջք երևաց, ֆոսֆորային փայլով վառվող երկու աչքեր ու մի գազան ցատկեց Հասոյի վրա… Նույն վայրկյանին, երբ գազանը դեռ թաթերն առաջ մեկնած օդում էր, հիվանդ շունը ծառս եղավ, նրա «գիրկը նետվեց» և երկու կենդանիներ իրար գզելով գլորվեցին զառիվայրով դեպի ցած…

Խփեցեք… խփեցեք… հայ-հայ, երկյուղից որոտաց Աշոտը՝ ձեռքի ածխակոթը օդում ճոճելով։

Տղաները, սարսափով բռնված, աղմկեցին, քարեր ու վառվող փայտեր նետեցին դեպի ցած և տեսան, որ գազանը բաց թողեց շանն ու փախավ-անհետացավ խավարում։

Այդ բոլորը կատարվեց ընդամենը մի քանի վայրկյանում, այնպես որ Հասոն անակնկալ դեպքից նոր միայն ուշքի եկավ ու գոռալով ցած վազեց.

Վա՜յ, Բոյնախ ջան, վա՛յ, ախպեր ջան… մղկտում էր նա՝ իր փրկարարին շուռումուռ տալով։

Տղաները ալեկոծված ու դողդողալով, շանը վերցրին, տեղափոխեցին անձավը ու պառկեցրին փափուկ խաշամի մեջ։ Նրա վզից արյուն էր ծորում…

Սարգիսը ձայներից վեր էր թռել սարսափահար ու իր «անկողնում» նստած հարցնում էր շնչակտուր.

Ի՞նչ է պատահել… էն ի՞նչ էր, հովա՞զ էր, թե ուրիշ բան…

Լավ չտեսանք, մռայլ պատասխանեց Աշոտը։ Գուցեև լուսան էր. շարունակում էր հույս տալ իրեն և ընկերներին։ Այգեձորում բոլորը գիտեին, որ լուսանը թեպետ նույնպիսի կատվացեղ գազան է, ինչ հովազը և արտաքինով էլ նման է նրան, բայց հովազի ուժը, համարձակությունը և անամոթությունը չունի։

Հասոն տնքացող սրտով զբաղված էր իր վիրավոր ընկերոջով։ Իր շորի փեշը նա կտրեց, վառեց խարույկի վրա և նրանով դաղեց վերքը։ Արյունը կտրվեց, բայց շունը շնչում էր ծանր, ընդհատումներով։

Գագիկը առաջին անգամ շոյում էր նրա գլուխը և ցավ էր զգում, թե ինչո՞ւ մի բան չկա, որով հյուրասիրի այդ անձնվեր կենդանուն։

Իրոք, անձնվեր…

Գուցե սնունդ գտնեին և հետզհետե ապաքինվեր Բոյնախը, բայց հիմա արդեն հույս չկա։ Զոհվեց իր տիրոջ համար, նրա կյանքը փրկելու համար…

Բոյնա՛խ, մեղմ կանչում էր քուրդ պատանին։

Շունը աչքերը բացեց, բարեկամաբար շարժեց պոչը և լիզեց տիրոջ ձեռքը։

Որքա՜ն արտահայտիչ էին նրա աչքերը, որքա՜ն թախծոտ խաղաղություն կար նրանց մեջ։

Կարծես գոհ էր, որ մեռնում է…

Գիշերը ծանր անցավ, շատ ծանր։ Կրակն անթեղել էին, որ չհանգչի։ Ցուրտը սաստկանում էր, Շուշիկի տնքոցները դառնում էին թույլ, մարվող։

Մեր պատանիները գալարվում էին ցրտից ու քաղցից և ոչ ոք չկարողացավ աչք փակել այդ գիշեր։ Միայն լուսադեմին նրանք թմրեցին, բայց դա քուն չէր, այլ մղձավանջ…

Երբ լուսացավ, Բոյնախը վերջին անգամ լիզեց Հասոյի ձեռքերը, վերջին անգամ նայեց նրան իր բարի, իր երախտապարտ հայացքով, և տղան տեսավ, թե ինչպես խավարում են իր ընկերոջ աչքերը…

Բոյնախ ջա՜ն… ախպեր ջա՜ն…

Ընկերները հասկացել էին ամեն ինչ և լուռ ու մտախոհ նայում էին մարած կրակին…

Ծանր մտքեր էին պաշարել նրանց։ Բոյնախն էլ գնաց, իսկ ի՞նչ է լինելու իրենց վիճակը, ի՞նչ է սպասում իրենց հիվանդ ընկերուհուն…

Այդպես բացվեց նրանց գերության քսաներկուերորդ օրը…

Գլուխ տասնչորսերորդ. Թե ինչպես ձախորդությունն էլ, հաջողությունն էլ մարդուս այցի գալիս՝ միշտ ընկերով են գալիս

Իզուր չանցավ Բոյնախի մահը։ Իր մահով նա փրկել էր ոչ միայն իր սիրելի տիրոջը, այլև մի հրաշալի աղջիկ։ Շուշիկի դրությունը օրեցօր սկսեց լավանալ։, Դրան նպաստեց և ազատության աճող հույսը. տղաները հիմա կուշտ էին և ուժ էին զգում իրենց մեջ՝ աշխատանքը շարունակելու «Դիվային կածանի» վրա։

Եվ ահա երկու օր այրի մեջ փակված մնալուց հետո, իրենց գերության քսանչորսերորդ օրը նրանք տեգերով զինված դուրս ելան անձավից։

Այլևս ուշացնել չէր կարելի, որքան էլ որ վտանգը հսկեր շեմքում։ Նրանք հույս չունեին, թե իրենց կհաջողվի նորից սնունդ գտնել, թվում էր այդ ձորում մնացել են միայն մերկ ժայռերը, ճյուղակոտոր այլանդակ ծառերը և մեկ էլ քաղցած գազանը, որը ավելի շատ ուտելու շանսեր ուներ, քան ուտվելու։

Ուրեմն, ի՞նչ էր մնում մեր գերիներին, եթե ոչ՝ ամեն բան մի կողմ դնել, անգամ մահու ահը և մի քանի օր եռանդուն աշխատելով, բացել ճամփան։

Նրանք խելք-խելքի տվին և որոշեցին, որ անծանոթ գազանից պաշտպանվելու գործում իրենց ամենազորեղ դաշնակիցը դարձյալ կրակն է լինելու։ Որոշեցին ուր էլ գնան՝ հետները ծուխ արձակող փայտեր ունենան։

Այդպիսի փայտերով զինված նրանք դուրս եկան և ահով տեսան, որ ինչ-որ մեկը խնամքով հավաքել է այրից դուրս նետված ոսկորները։

Պարզ էր, որ գազանը չի հեռանում այրի շրջակայքից…

Տղաները անձավի շեմքից աղմկեցին, քարեր նետեցին, օդում պտտեցին ծխացող փայտերը։ Հետզհետե սիրտ առան իրենց ձայներից և շրջապատն ուշադիր նայելով իջան անտառակը։

Էսօր էլ է բան կերել, մի՛ վախենաք, տղերք, սիրտ էր տալիս Աշոտը, անհետացած ոսկորները հիշելով։

Նրանք մի-մի գիրկ ցախ տարան անձավ, հանձնեցին Սարգսին և իջան ձորը։ Ներքևում, «բնակարաններից» հեռու, վառելիք կարելի էր ճարել, եղևնու թփերին ձեռք տվող չէր եղել։ Այդտեղ, Դիվային կածանի այս ծայրին, Աշոտը շունչ առավ և ասաց ընկերներին.

Եկեք եղևնիներ ջարդենք, կածանի ամենանեղ տեղը կրակ անենք… զգուշության համար…

Հարցնելու կամ առարկելու կարիք չեղավ, պարզ էր Աշոտի միտքը, ներքև անդունդն էր, վերև՝ ուղղահայաց վեր գնացող ժայռը, դիմացը փակ էր, ուրեմն վտանգը կարող էր միայն հետևի կողմից՝ բացած կածանով մոտենալ խմբին։

Ահա այդ կածանի մեջտեղը, նրա ամենանեղ մասում էր, որ խումբը կրակ վառեց և վերսկսեց ընդհատված աշխատանքը։ Մի քանի օր հանգստանալուց և լավ սնվելուց հետո նրանք այժմ աշխատելու բավական եռանդ էին զգում իրենց մեջ։

Այնպես որ երկու օր աշխատելուց հետո վերջապես ձյունը մաքրելով հասան այն տեղին, ուր ժայռը կռացել էր կածանի վրա և ստացվել էր մի կողը բաց թունելի նման մի բան։ Այդտեղ արդեն շատ դժվար էր, բուքը այդ թունելը լցրել էր ձյունով, որը դուրս տալու համար նորից ու նորից սնունդ էր հարկավոր, իսկ քարայրում այլևս ոչինչ չէր մնացել ուտելու։

Ի՞նչ անեին, գոնե գազանը չհետապնդեր իրենց… Այդ երեկո տղաները սառն օջախի շուրջը նստած լուռ մտածում էին։

Մեզ միայն վայրի այծերը կարող են փրկել, վերջապես վճռեց Աշոտը։

Ոչ ոք ոչինչ չհասկացավ, այծերն ինչպե՞ս պիտի կանխեին խմբի գլխին կախված մեծ վտանգը։

Եթե այծերը վերադառնան, գազանը մեզնից ձեռ կքաշի, կզբաղվի նրանցով, իր միտքը բացատրեց Աշոտը։

Հը՜մ… դու սպասիր, թե այծերը պիտի գան քեզ փրկեն… Ինչի՞ պիտի գան որ…

Կգա՛ն, Գագի՛կ, վաղը դեկտեմբերն ենք մտնում, ուզեն-չուզեն պիտի գան։ Սկսվում է նրանց հարսանիքների շրջանը։ Իսկ հարսանիք նրանք Հովազաձորում են անում, հայրս է ասել..,

Է՛հ, որսորդական փչոց է, ձեռքը թափ տվեց Գագիկը։ Էդ որսորդներն էլ ի՞նչ ասես հնարում են։ «Չե՞ս հավատում՝ գնա ստուգիր»։ Դե ոնց ստուգես։ Չեմ հասկանում, թե մեր սիրուն հանդերը թողած, այծերն ինչի՞ պիտի գան էս բանտը մտնեն…

Այստեղ արդեն Աշոտին հակաճառել չես կարող, որովհետև պիտի հերքես և՛ նրան, և՛ մեծ փորձ ունեցող իր հորը։

Իսկ հայրը Աշոտին պատմել էր, որ «հարսանիքի» շրջանում արու քարայծերը տարված են լինում իրենց կռվով, դառնում են անզգույշ, մոռանում են վտանգը։ Դրանից օգտվելով գայլերը հարձակվում են նրանց վրա։

Ճիշտ է, Հովազաձորում ևս վտանգը հետևում է նրանց՝ երբեմն հովազ է երևում այստեղ։ Բայց ձորից դուրս վտանգն անհամեմատ մեծ է՝ է՛լ հովազ, է՛լ գայլ, է՛լ լուսան, է՛լ որսորդները,, ամեն մեկն իր բաժինն է պահանջում քարայծերի ցեղից…

Այդ ժամանակ, երբ այծերը տարվում են իրենց մոլեգին կռվով, դեպքեր են լինում, որ նույնիսկ ֆերմայի գամփռները քարայծ են բռնում։ Ահա այդ է պատճառը, որ այդ կենդանիներն իրենց, «հարսանիքներն» անում են ապահով վայրերում։

Աշոտը ասաց այդ բոլորի մասին և նորից կրկնեց իր միտքը.

Ա՜խ, քարայծերը երևայի՜ն… Թե որ փրկվենք, նրանց շնորհիվ ենք փրկվելու…

Այդպես ծանր էր մեր պատանիների վիճակը և ծանր խոհեր էին համակել նրանց։

Դեռ, ասենք, գազանից կարելի էր պաշտպանվել անձավում, կրակի հետ դաշնակցած։ Կարելի էր նույնիսկ խմբով հարձակվել, գոռում-գոչյունով վախեցնել-քշել նրան։ Իսկ սնո՞ւնդը, որտեղի՞ց ճարեին, ինչպե՞ս դիմանային ահավոր քաղցին, որ սկսել էր նորից վիշապի նման լափել նրանց ներսը։

Բայց ինչպես որ ձախորդությունները զույգ-զույգ էին այցելել մեր պատանիներին, այնպես էլ հաջողությունը որոշեց ընկերով գալ նրանց մոտ։

Քսանյոթերորդ օրը, երբ տղաներն ուտելիքի փոխարեն քաղցր խոսքեր էին թողել իրենց հիվանդների համար և գլխիկոր գնում էին աշխատանքը շարունակելու, Աշոտը կանգ առավ ուռենուց ներքև, Հովազաձորի միակ հարթության եզրին, և ընկերներին ասաց.

Սիրտս չի կտրվում շլդիկի փորած անցքից։ Ինձ թվում է, այնտեղ մի բան կա։ Թե չէ նապաստակը ինչո՞ւ պիտի քարի փչակները թողած՝ ձյունը ծակեր։

Դե գնա, մենակ թե չմոռանաս գտածդ հետս կիսես, հեգնեց Գագիկը։ Նույնիսկ եթե բան է եղել, լուսահոգի շլդիկը կերել է՝ հետո գնացել արծվի փորը…

Չէ՛, քանի ուժ կա ոտներումս, գնամ ստուգեմ, վճռեց Աշոտը և շիլայի նման թաց ձյան մեջ խրվելով՝ գնաց-հասավ նապաստակի փորած թունելին, որ արդեն հալվել-փուլ էր եկել և կորցրել իր նախկին տեսքը։

Այդտեղ ձյան մակերեսի վրա մեկնված վազեր կային, չորացած տերևները վրան խաղողի վազեր։

Տղան մեկ-մեկ վեր քաշեց այդ վազերը, ձյունը թափ տվեց նրանց վրայից՝ ոչինչ չկա։ Է՛հ, մեր հարավային երկրում քի՞չ վայրի վազեր կան, որոնք կամ պտուղ չեն բռնում, կամ եթե բռնում էլ են՝ մարդուց առաջ վայրի կենդանիներն են այցի գալիս նրանց ու մաքրազարդում։ Աշոտը ձեռքը հուսահատ թափ տվեց և շուռ եկավ, որ ետ գնա, երբ ոտքերը խճճվեցին մի անտեսանելի թփի մեջ։ Նա կռացավ, ոտքերը ազատեց և տնքալով վեր քաշեց ձյան տակ մեկնված մի ճյուղ։ Վեր քաշեց, տեսավ նրանից կախված սև ողկույզները և ցնծագին գոչեց.

Տղե՛րք, խաղո՜ղը, խաղո՜ղը…

Գագիկն ու Հասոն զգացին, որ իրենց ոտքերի ուժը միանգամից ավելացավ։ Հալ ընկած ձյան կույտերի մեջ խրվելով և իրար հրմշտելով, վազեցին-տեղ հասան և վրա ընկան խաղողին։ Բայց Աշոտը նրանց թափը կոտրեց իր սառը վերաբերմունքով։

Կարգո՜վ, կարգո՜վ, գոչեց նա, ողկույզներով բեռնված վազը մի կողմ տանելով։ Մոռացա՞ք, որ հիվանդներ ունենք։ Առաջին հերթին՝ հիվանդների՛ն…

Եվ եղած չորս ողկույզներն էլ խնամքով կտրեց ու դրեց ձյան վրա։ Ընկերները ագահությամբ նայում էին հյութեղ պտուղներին և դարձել էին անհամբեր։

Փնտրեցե՛ք, գուցե էլի կլինի…

Իզուր էր Աշոտի խստությունը. շուտով պարզվեց, որ ձյան տակ թաքնված խաղող շատ կա։ Ձյունը տեղացել էր դեռևս տերևները չթափած թփերի վրա և խնամքով ծածկել նրանց տակ ծվարած սև ու արևագույն ողկույզները։ Սառը, բայց հաստ վերմակով ծածկված լինելով, խաղողը չէր ցրտահարվել, թեև վերջին օրերի ձնհալը մեծ սպառնալիք էր նրա համար։

Հիմի հասկացա՞ք, թե ինչու սիրտս չէր կտրվում նապաստակի թունելից։ Դե, կերեք։ Կուշտ կերեք, նոր սկսենք մեր այգեկութը։

Պատանիները ագահությամբ ուտում էին քաղցր ու հյութալի պտուղները և թվում էր իրենց կյանքում առաջին անգամ են այդպիսի խաղող ճաշակում։ Ամեն գովասանքից վեր բան էր նրանց կերածը, պարզ էր, որ Արարատյան դաշտում նման խաղող չէր եղել և չէր էլ կարող լինել… Գոնե այդպես էր թվում նրանց։

Ողկույզներով ծանրաբեռնված նոր թփեր վեր քաշեցին ձյան տակից և մեր պատանիների տրամադրությունը միանգամից բարձրացավ։ Իսկույն մոռացան իրենց կրած տանջանքները և կարծես այլևս ոչ մի դժվարություն ու վտանգ չկար նրանց առջևում։

Գի՜ժ ջահելություն, որ միշտ անհոգ ես ու լավատես…

Գլուխ տասնհինգերորդ. Թե ինչպես մեր տղաները ջանում են պարզելու խորհրդավոր այգու գաղտնիքը

Երբ լավ կշտացան և ուշքի եկան, նոր միայն գլխի ընկան, որ իրենք մի շատ մեծ գյուտ են արել, բոլոր նշաններից երևում էր, որ իրենց կերածը վայրի խաղող չէր։ Ճիշտ է, ողկույզները փոքր էին, նոսր, պտուղներն անհավասար՝ մեկը շատ խոշոր, մյուսները շատ մանր (այդպիսի տեսք վայրի խաղողն է ունենում), բայց նրանք այնպիսի տեսակների էին հանդիպել, որոնցից բնության մեջ չկա։ Դրանք հազարամյակների ընթացքում ստացել են Արարատյան դաշտի հին բնակիչները, որոնք խաղողի մշակույթով էին զբաղվում նույնիսկ մեր էրայից շատ դարեր առաջ։ Ահա մարդուս բթի չափ խոշոր ու մսոտ «կարմիր կախանին», որ հայ գյուղացու մառանում կախված՝ դիմանում է մինչև գարուն և երբեմն էլ մայիսմեկյան տոներին պատվով բազմում նրա ճոխ սեղանին, որպես հին բերքի վերջին նմուշ։ Ահա «ոսկեհատը», որն աչքի չի ընկնում իր արտաքինով, բայց այնքան քաղցր հյութ ունի, որ նրանից պատրաստած գինին «պորտվեյն» ու «մադերա» դարձնելու համար այլևս կարիք չի զգացվում լրացուցիչ սպիրտի, որովհետև հասունացած, դեղնած ոսկեհատը մինչև 30 տոկոս պտղաշաքար ունի իր մեջ։ Ահա «իծապտուկը», որ երկար է այծի պտուկների նման և այնպես թափանցիկ, որ հունդերը պարզ երևում են պտուղների մեջ։

Մի դեսը նայիր, Աշո՛տ, իսկապես, օրիորդի քնքուշ մատներ. լա՜վ անուն են դրել չէ՞, տես, ինչքա՜ն նուրբ են, ինչ բարակ ու երկար՝ ազնվական աղջկա մատների նման։ Մարդ ափսոսում է, որ ուտի, ասում էր Գագիկը, մի շողշողուն ողկույզ արևի դեմ պահած։ Ափսո՛ս, որ լուսահոգի շլդիկը չի հասկացել, թե ինչ ազնիվ սորտի խաղող է իր կերածը…

Հիմի հասկացա՞ք, թե այստեղ ինչ գործ ունեին կրիան ու ոզնին… Ուրեմն մեր ենթադրությունը ճիշտ դուրս եկավ։

Այո՛, Աշոտը այս անգամ ասաց «մեր» ենթադրությունը։

Իսկ ճնճղուկնե՞րդ.. Հասոյին աչքով անելով հարցրեց Գագիկը։

Այո՛, ճնճղուկները տեսնելուն պես, ես… մենք եզրակացրինք, որ մարդ է ապրել Հովազաձորում… Այդպես է, բնության մեջ մի նշանից պիտի մյուսը հասկանալ… Պա՛հ, ինչքա՛ն խաղող կա…

Դուք սորտերը որոշեցեք, ես գնացի…

Այս ասելով, Հասոն մի ճյուղի վրա շարեց ձյան վրա կույտ արած ողկույզները և շտապեց դեպի վեր. իր «քուր» Շուշիկին աչքալուսանք էր տանում…

Սպասի՛ր, Հասո՛, վտանգը մոռացա՞ր, նրան կանգնեցրեց Աշոտը։ Ածխակոթերը միացրու էն չոր տեղը կրակ արա… Երբ կանգնած ենք՝ կողքներիս կրակ պիտի լինի, երբ գնում ենք՝ ձեռքներիս ածխակոթ… Իմացա՞ր…

Հասոն լուռ աջ ձեռքը դրեց աջ աչքին և սկսեց կրակի պատրաստություն տեսնել, իսկ Աշոտն ու Գագիկը խելք-խելքի էին տալիս լուծելու խորհրդավոր այգու գաղտնիքը։

Այս այգին ուրեմն մարդ է տնկել… մտախոհ ասում էր Աշոտը։ Ո՞ւմն է հարկավոր եղել այս այգու պտուղը, ախր այստեղից բերքը հնարավոր չի դուրս տանել։

Պարզ է, սրա տերը նստել է այստեղ, ամբողջ բերքը կերել ու ձմեռնամուտին արջի նման «չաղացած» լնգլնգալով գնացել գյուղ, իր կարծիքը հայտնեց Գագիկը։

Աշոտը չարձագանքեց ընկերոջ կատակին, նրա հայացքն ասում էր. «Ավելի լուրջ բան մտածիր»։

Սպասի՛ր, Աշո՛տ, ես այս այգու գաղտնիքը գտա։ Սպասիր, ասեմ, թե ինչ նպատակով են հիմնել այս այգին և, քանի մարդ չկա, կաց գլխիդ մի խրատ կարդամ լճավանցի Ասատուր պապի լեզվով։ Նա որ այստեղ լիներ, անպայման կասեր՝ երեխեք ջան, աշխարհումս քանի որ մահը կա, մարդ պետք է էնպես գործ անի, էնպես հիշատակ թողնի, որ իրեն մահից հետո էլ կենդանի մնացած մարդիկ նրա աշխատանքի պտուղը քաղեն ու բարի հիշեն նրան։ Տեսե՞ք, էս բաղը գցողը ո՞վ գիտի ե՜րբ է մեռել-հող դառել, բայց էս սարերում մոլորված-ծարաված որսորդն էլ է գալիս նրա գցած բաղի պտուղով սիրտը հովացնում, վիրու անասուններն էլ են գալիս խաղող ուտում ու իրենց կենդանական լեզվով օրհնում էս բաղը գցողին… Հիմի իմացա՞ր ինչու են այս այգին հիմնել։

Գագիկը զարմանքով նկատեց, որ իր իմաստուն ու պաթետիկ ճառը ոչ մի ազդեցություն չի գործում ընկերոջ վրա. սա լուռ ինչ որ մտքերով էր տարված և կարծես իրեն չէր լսում։

Զարմանալի է, ո՛վ, ի՛նչ նպատակով է չարչարվել այստեղ այգի գցել, մտախոհ կրկնում էր նա։ Չէ, երևի սա մարդու ձեռքի գործ չի։

Ո՜նց մարդու գործ չի, ուրեմն «կարմիր կախանի» սորտը նապաստակնե՞րն են ստացել… սելեկցիայի միջոցով։ Ահա և քեզ մի ճութ «եզան աչք…», բա սա մարդի ձեռքի գործ չի՞… Պա՛հ, մի դենը նայի՛ր, Աշո՛տ, տե՞ս հին առվի հետքը. առու են բերել այգին…

Իսկապես, լանջին հազիվ նկատելի էր հինավուրց առվի հետքը։

Հետո, տե՞ս, սղոցել են այս կոճղը, որ վազը ջահելանա… Չէ, սա մարդի ստեղծած այգի է, ես դա հաստատ գիտեմ։ Ես իմ պապից լսել եմ, որ դաշտի գյուղերից մի բարի ծերունի բարձրացել է ժայռերը, նրանց մեջ մի կտոր հող գտել, թմբեր կապել, վազեր տնկել ու ասել՝ թող իմ մահից հետո վիրու կենդանիներն ուտեն իմ վազերի բարն ու ինձ ողորմի տան… Գուցե սա հենց այդ այգին է։

Սպասի՛ր, Գագի՛կ, մեզ՝ պատանի բնասերներիս համար՝ հետաքրքիր գործ բացվեց։ Եկ ուսումնասիրենք։ Իմացիր, որ այս այգին մեծ գործ է կատարելու Արարատյան դաշտի կոլխոզների համար և առաջին հերթին, մեր գյուղի համար։ Դրա մասին հետո կասեմ, առայժմ արի մի լավ ուսումնասիրենք։ Այսպիսի մի կարևոր գործի համար կարելի է նույնիսկ այսօր մի քիչ ուշ աշխատանքի

գնալ։

Աշոտի աչքերը փայլում էին արտասովոր կերպով, պարզ էր, որ նրա գլխում շատ կարևոր և անսովոր մտքեր էին ծնվել։

Նրանք սկսեցին ուշադիր զննել շրջակայքը։

Իսկապես, մի հին առվի հետք ուռիների մոտից ձգվում էր դեպի այգին։ Կալի չափ այդ տափարակը, որի ներքին պռնկին եղեգներ էին բուսել և ուռի ու թեղի ծառեր, ըստ երևույթին, մի հին ավազան էր, որ ժամանակի ընթացքում լցվել էր տիղմով։

Պարզ է, այդ նշանները դիտելուց հետո իր եզրակացությունը տվեց Աշոտը։ Հիշո՞ւմ ես, որ հեղեղն այդ տափարակով անցավ։ Դա ուրեմն ջրամբար է եղել, որ լցվել է այրից բխող պատահական հեղեղից։ Մարդն այդ ջրով քիչ-քիչ ոռոգել է իր այգին։ Բայց ի՞նչ մարդ է եղել դա, ինչո՞ւ է եկել-հաստատվել աշխարհից կտրված և մարդկանցից անիծված այս ձորում… Մենք պետք է այդ մարդու բնակարանը գտնենք, նա մի տեղ ապրե՞լ է, թե ոչ, հանկարծ իր ճակատին խփելով բացականչեց նա։

Ափսո՛ս, բնակարանի հասցեն չի թողել…

Թողել է, պնդեց Աշոտը, նա տարիներ շարունակ ամեն օր գնացել-եկել է իր այգին, այնպես չէ՞։ Ուրեմն այս այգուց մի կածան անպայման պետք է գնա այդ մարդու բնակարանը…

Իսկապես, ո՞նց չենք մտածել… Սպասիր, այգու չորս կողմը մի գիծ քաշես…

Մինչ նրանք այսպես խոսում էին, քուրդ պատանու «լո, լո, լո»-ն գնալով հեռանում էր գլխից վեր տարածվող ծխի ժապավենի հետ. Շուշիկի համա՞ր էր երգում, աներևույթ գազանին վախեցնելո՞ւ, թե՞ իրեն սիրտ տալու համար…

Այգու շրջապատը հետազոտելուց հետո, մեր պատանիները նկատեցին, որ նրա արևմտյան եզրից մի արահետ գնում է դեպի Հովազաձորը արևմուտքից փակող ժայռաշարքը։ Պարզ էր, որ ինչ-որ ժամանակ, ինչ-որ մարդիկ երթևեկել են այդ արահետով։

Կանգնել էին մեր տղաները խորհրդավոր շավիղի վրա ու տատանվում էին. առա՞ջ գնալ, թե վերադառնալ այգին։

Լա՛վ, ի՞նչ գործ ունենք… մեր ի՞նչ բանն է, թե ո՛վ է եղել, որտե՛ղ է ապրել, ձեռքը թափ տվեց Գագիկն ու մտնելով այգին, նորից սկսեց խաղող փնտրել։

Բայց Աշոտին հանգիստ չէր տալիս այգու գաղտնիքը։ Որ շավիղը պիտի նրանց տաներ այդ այգու երբեմնի տիրոջ բնակարանը, նա չէր կասկածում։ Ո՞վ է եղել այդ խորհրդավոր մարդը… Մեռե՞լ է, թե գուցե դեռ կենդանի է…

Աշոտը խաղող էր ուտում, բայց միտքը փոթորկված էր։

Լսի՛ր, խելոք, դիմեց նա Գագիկին։ Ընդունո՞ւմ ես, որ այս այգու տերը իր ապրելու համար հարմարություններ ստեղծած կլինի։

Հա, դռնով֊պատուհանով տուն շինած կլինի… Թոնիրն էլ մեջը, որ Շուշիկը հաց թխի քեզ համար։

Կատակի մի տա, մենք ուզենք, չուզենք պետք է գտնենք նրա բնակարանը։

Եվ Աշոտը բացատրեց, թե ինչպիսի կենսական անհրաժեշտություն է դա։ Նրա կարծիքով գիշերը՝ իրենց քնած ժամանակ, և նույնիսկ ցերեկը, երբ այրում միայն հիվանդներն են մնում, կատվացեղ գազանը կարող է անարգել կերպով մտնել իրենց բնակարանը և պատառոտել մեկն ու մեկին, որովհետև անձավը դուռ չունի։ Իսկ այգու տերը երևի դուռ ունեցող կացարանում է ապրել։ Իրենք վառարան չունեն, այգու տերը երևի վառարան կունենա, կամ թեկուզ հասարակ բուխարի։ Նա անպայման գործիքներ ունեցած կլինի, այդ է վկայում սղոցած կոճղը… Եթե այդ մարդը ձմեռներն էլ է ապրել այս ձորում, նրա բնակարանը պետք է որ տաք և հարմար լինի։ Եվ, վերջապես, նրա բնակարանում գուցե սննդի մնացորդ գտնվի…

Գագիկը, որ անտարբեր լսում էր Աշոտի երկար ու բարակ պատճառաբանությունները, այստեղ իսկույն կտրեց նրան.

Ա՜յ, հիմի որ համոզվեցի… էլ մի՛ շարունակի… գնա՛նք…

Եվ մի ծխացող փայտ վերցնելով, առաջ ընկավ։ Փայտը պտտում էր գլխից վերև ու գոչում.

Այգու տե՜ր, պինդ կաց, գալիս եմ հոգիդ առնեմ…

Ա՜խ, մի կարգին բնակարան գտնեին, սղոցը մեջը, էն, որով կտրել են որթատունկի կոճղը… Ով գիտի, գուցե այդ արահետը դեպի իրենց փակված բախտի դո՞ւռն է տանում…

Շավիղը երբեմն կորչում էր թփերի մեջ, երբեմն ոլոր-մոլոր ձգվում քարերի միջով։ Տեղ-տեղ մամխի թփերը աճելով ու տարածվելով՝ փակել էին շավղի առաջը։ Այդպիսի դեպքերում մեր պատանիները կանգ չէին առնում, չէին մոլորվում, նրանք գիտեին, որ կածանը վերջանալ չի կարող, նա պիտի շարունակվի մինչև այգու տիրոջ կացարանը։ Եվ շրջանցում էին թփուտը, նորից գտնում ընդհատված արահետի ծայրն ու առաջ գնում լուռ, ահը սրտներում։ Իսկապես, ո՞վ է եղել այդ խորհրդավոր մարդը։

Իսկ եթե նա դեռ ապրո՞ւմ է…

Տղաները իրենք էլ չհասկացան, թե ինչու արդեն շշուկով էին խոսում իրար հետ…

Երբ մոտեցան ժայռերին, Գագիկը կանգ առավ և մի ինչ-որ բան գետնից վերցնելով ցույց տվեց ընկերոջը, կարկատած գուլպայի կտոր էր…

Էս մարդը հիմի քավթառքուսի դառած կլինի, ահով շշնջաց Գագիկը։ Նա այնպես էր լրջացել, որ Աշոտը նայում ու ծիծաղը գալիս էր։

Քավթառքուսին ո՞րն է, հարցրեց նա ծիծաղն աչքերում (հարկավոր էր, որ Աշոտը իրեն սրտոտ ցույց տար, վերջ ի վերջո խմբի ղեկավարն ինքն էր)։

Պապս է պատմում։ Մարդ որ հարյուր հիսուն տարին անցնում է, քավթառքուսի է դառնում, մորուքը հասնում է կոճերին ու ոտների տակն ընկնում, այլակերպվում է ու ժայռից գիշերներն իջնում է գյուղ երեխաներ փախցնում։ Մի քանի տարի առաջ ամառը մեր գյուղից երեխա կորավ, հիշո՞ւմ ես։

Նա հո բորենին էր տարել, խելո՛ք, որսորդները խփեցին՝ պարզվեց։

Բա ինչո՞ւ են գյուղերում բորենուն քավթառքուսի ասում…

Թող բորենի եղած լիներ, միևնույն էր, Գագիկի սրտում րոպե առ րոպե ահը մեծանում էր։ Բայց իսկի ցույց կտա՞ր որ… Կռվի գնացող աքլորի նման գլուխը բարձր պահած, նա քայլում էր հոխորտալի կեցվածքով ու հետն էլ նախատում ընկերոջը.

Հիմի էլ քավթառքուսի թող լինի՛… ի՞նչ ես գույնդ գցել, տո՜…

Ասաց ու կռացավ, ետ ընկավ։

Էս անտեր կոշիկն էլ հո… գնա՛, հիմի կգամ…

Ո՞վ, ե՞ս գույնս գցեմ, հպարտ պատասխանեց Աշոտն ու վճռական քայլերով առաջ ընկավ։

Ճիշտ է, Աշոտը հոխորտալով էր խոսում, բայց երբ կանգ առան ապառաժի շեկ պարսպի առաջ և տեսան, որ նրա կտրվածքով շավիղը վեր է բարձրանում ու նրա վրա քարե աստիճաններ կան, սիրտն ահ ընկավ։

Ահ ընկավ, որովհետև այդ աստիճանները մարդու ձեռքով էին շինված…

Другие части "Հովազաձորի գերիները"

Ятук Музыка
Элегия
Арно Бабаджанян

Элегия

Константинополь
Константинополь
Играть онлайн