Вахтанг Ананян

Հովազաձորի գերիները

13

Գլուխ քսաներեքերորդ. Թե ինչպես նույնիսկ շունը չի հանդուրժում կոպիտ վարմունքը

Բացվեց խմբի գերության տասներեքերորդ օրը։ Դարձյալ առաջին օրերի նման մառախլապատ, դարձյալ չարագուշակ…

Եթե արեգակի դեմքը ծածկված չլիներ, նա իր շողքը գցած կլիներ անձավի մրոտ պատին, կարթնացներ պատանիներին և նրանք այրից դուրս գալով կտեսնեին, որ երկրին կյանք տվողը արդեն անցել է իր օրվա ճամփի կեսը ու այժմ ցած է նայում զենիթից։ Նախորդ օրվա մեծ ապրումներից ու մեծ չարչարանքներից, ինչպես և անքուն գիշերից հետո նրանք երևի քնեին մինչև իրիկնադեմ, եթե հեռվից չլսվեր Սարգսի աղիողորմ կանչը։

Այրի քարե դուռը հրելով՝ մեր պատանիները դուրս ելան, հորանջեցին, շարժումներ արին՝ քունն ու թմրությունը վանեցին։

Գալի՜ս ենք, համբերիր, գալի՜ս ենք, ձայն տվեց Աշոտն ու մտահոգ ավելացրեց. Ի՞նչ ենք տանելու Սարգսի համար…

Հա՛, այսպիսի պարանով անդունդն իջնելու համար պետք է կուշտ լինել, համաձայնեց Գագիկը։

Երեկվա հավաքած զկեռից մի քիչ մնացել էր, լուռ կերան, ձյուն հալեցին-խմեցին վրան և անտրամադիր վեր կացան։

Շուշի՛կ, դու մասուր գտիր տար Սարգսին և սիրտ տուր։ Ասա, որ երկար պարան ենք պատրաստել իր համար, միայն… Հասո՛, ձեռաց մի երկու մոշահավ չխփե՞նք, հետո…

Շուշիկը հավանություն տվեց Աշոտի մտքին, բայց շտապեցրեց.

Որսին՝ կես ժամից ոչ ավելի… Չուշանա՛ք, մեղք է տղան… Իսկ Գագի՞կը։

Գագիկը վառելիք կհավաքի Սարգսի համար։ Չէ՛, կարիք չկա, նրան այսօր կազատենք։ Գագի՛կ, վառելիքը դու մե՛զ համար հավաքիր։

Այսպես ամեն մեկի անելիքը որոշելով, Աշոտը վերցրեց իր աղեղն ու նետերը և դուրս ելավ։ Նրան հետևեց Հասոն և նկատեց, որ Բոյնախը այրից դուրս է գալիս վարանոտ քայլերով, վախվխելով։

Եվ Հասոն Աշոտին պատմեց իր տեսած վառ աչքերի ու շան տարօրինակ վարմունքի մասին։

Դա քիչ մտահոգություն չպատճառեց որսորդ պատանուն։

Գնանք հետքը փնտրենք, առաջարկեց նա։

Բայց ուր երևացել էին այն խորհրդավոր կենդանու աչքերը, արևահայաց ու քարքարոտ լանջ էր, -վաղուց ձյուն չկար այստեղ։ Իսկ ձյունոտ լանջերին հետք փնտրելու ոչ ժամանակ կար, ոչ ուժ։

«Գիշերը կատվի աչքերն էն այդպես ուժեղ լույս տալիս… Բայց կատուն այստեղ ի՞նչ գործ ունի», մտածում էր Աշոտը։ «Հա՛, երևի մանուլ կատու է եղել…»։

Մանուլը միջինասիական տափաստանային խոշոր կատու է, որ Մուղանի վրայով երբեմն մտնում է Արաքսի հովիտը։ Հենց Այգեձորի հանդում կենդանաբանները այդպիսի մի կատու էին հայտնաբերել և խնդրել Արամին՝ ձեռք բերի կենդանաբանական թանգարանի համար։ Շատ օրեր և գիշերներ հետապնդելուց հետո, որսորդը վիրավորել էր գազանիկին և զարմացել նրա խիզախ վարմունքից. վիրավորը ցատկել էր, որ բռնի Արամի կոկորդից, բայց անհաջող. կոտորակը հենց օդում շամփրել էր նրան։

«Գուցե ա՛յդ կատվից է եղել…», ինքն իրեն նորից հանգստացրեց Աշոտը։

Լա՛վ, Սարգսին ազատենք՝ հետո կզբաղվենք քո աներևույթ գազանով, վճռեց նա։ Որ գազան է երևացել, ուրեմն մենք պետք է տեգ ու նիզակ էլ շինենք, թե չէ… Վա՜յ, մոշահավ, կաց ե՛ս կրակեմ…

Շատ դես-դեն ընկավ, շատ նետեր կորցրեց Աշոտը, մինչև որ հաջողվեց խփել առաջին պատահած մոշահավին։ Այն էլ անպիտան Բոյնախը վերցրեց ու փախավ դեպի Կաղնուտը, ուր Հասոն մի սկյուռի ծառն էր բարձրացել և ներքևից նրա վրա նետեր էր արձակում։

Դեսը բեր, ա՛յ սատկած, գոռում էր Աշոտը շան հետևից վազելով։

Ամեն որսորդ որևէ կենդանի խփելուց անմիջապես հետո, բնականաբար ցանկանում է տեսնել իր կրակոցի արդյունքը, շոշափել իր խփած որսը, կախել կողքից, բավականություն տալ իր որսորդական կրքին։ Դե որսորդների այդ բնավորությունն ինչ իմանար Բոյնախը։ Նա էլ ի՛ր ներքին ձայնին էր ունկնդրում, «Ճանկդ ո՞րս ընկավ, շուտ հասցրու տիրոջդ…»։

Աշոտը՝ որսի պահին գրգռված մարդ, զայրացավ շան այդ վարմունքից, քարեր նետեց հետևից։ Իսկ երբ հևիհև հասավ Հասոյին, ոտքով մի հարված հասցրեց նրա մոտ գոհ կանգնած կենդանուն։

Հովիվ պատանին վայրկենապես կարմրեց, աչքերը փայլատակեցին թուխ դեմքի վրա։ Ավելի լավ չէ՞ր լինի, եթե Աշոտը այդպես անխիղճ կերպով իրե՛ն խփեր, ոչ թե իր սիրելի Բոյնախին…

Ա՛ռ ասաց նա մռայլ, մոշահավը տիրոջը հանձնելով։ Հանձնեց և շուռ եկավ դեպի ծառը, որի վերին ճյուղերից մեկին մեկնվել էր սկյուռն ու իր մանր, պսպղուն աչքերով ցած էր նայում։ Այնպես ուժգին տղան քաշեց լարը, որ աղեղը կորացավ, գրեթե երկուտակվեց և նրանից պոկ եկած նետը գնդակի նման վզզաց ծառն ի վեր։

«Սրան նայիր… Սա էլ է ինքնասիրություն ունեցել…», զարմացավ Աշոտը՝ աչքը զարնված գազանիկին։ Սկյուռը ճյուղից-ճյուղ խփվելով ցած եկավ ընկավ, բայց Բոյնախը իսկի կթողնե՞ր գետին ընկնի, վեր թռավ և՝ հա՛մփ՝ բռնեց օդում։

Տո՛ւր, նորից կոշտ տոնով պահանջեց Աշոտը։

Շունը ետ-ետ գնաց, թշնամաբար մռռացրեց և որսը հանձնեց իր տիրոջը։

Հասոն ենթարկվում է, բայց ահա այս կենդանին ըմբոստանում է իր դեմ, չի ենթարկվում։ Դա զայրացնում էր Աշոտին։

Ես դրան կստիպեմ, որ խփած որսը ինձ տա, կտրուկ հայտարարեց նա։

Փորձի՛ր, համեստորեն, բայց հեգնանքով պատասխանեց Հասոն։

Դե ասա, թող հետս գա ինձ համար որս փնտրի, տես ոնց եմ դրան դաստիարակում…

Հովիվ տղայի բերանի մի անկյունում հեգնական ժպիտ երևաց և իսկույն չքացավ։

Թե՞ որս փնտրել չգիտի, հարցրեց Աշոտը արհամարհանքով։

Գիտի… Մի քիչ գիտի… Հայրս է սովորեցրել, հոնքերը խոժոռելով պատասխանեց Հասոն և կարգադրեց.

Բոյնա՛խ, գնա՛…

Շունը հասկացավ և դժկամությամբ հետևեց Աշոտին։ Հետևեց, բայց Հասոն նրա աչքերի մեջ կարդում էր քիչ առաջ կրած վիրավորանքը։

Ժայռերի ստորոտով անցնելիս, Աշոտը կարգադրեց.

Բոյնա՛խ, փնտրի՛ր…

Շունը ծույլ-ծույլ սկսեց խուզարկել ժայռի ճեղքերը, մանր թփերի տակ և հանկարծ կանգ առավ մի քարի մոտ, որ նստած եզան էր նման։ Բոյնախը որսորդական շուն չէր, բայց երբ հարկավոր էր շատ զգոն լսել որևէ շշուկ, սովորություն ուներ առաջին աջ ոտքը կտրելու գետնից և լարված դիրք ընդունելու, ինչպես դա անում է աղվեսը։

Աշոտը աղեղը լարին դրած զգուշությամբ մոտեցավ։ Շունն այնպես էր ոտքը բարձրացրած քարացել տեղում, որով ուզում էր հասկացնել, թե քարի տակ թաքնված որս կա, և շա՛տ կարևոր որս, որի հոտն ինքն առնում է, բայց չի տեսնում նրան։

«Քնած նապաստակ է… էն մյուսի ընկերը…», անցավ տղայի մտքով և նա ալեկոծվեց, ա՜յ թե հաջողվեր բռնել կամ խփել այդ նապաստակի՜ն…

Եվ իր համար էլ անսպասելի կերպով, այդ մտքի հետ նրա առաջ պատկերացավ Շուշիկի շիկաճերմակ դեմքը՝ խարտյաշ ու մետաքսի նման փայլուն մազերի շրջանակի մեջ։ Իր խաժ աչքերով այնպե՜ս, սիրալիր ու մեղմ է նայում նա մարդու, երբ տեսնում է նրա լավ արարքը…

Աշոտը շունչը պահած մոտեցավ քարին, աղեղն առաջ մեկնեց՝ ոչինչ չկա։ Կռացավ նայեց քարի տակ՝ ոչ մի շունչ արարած։

Հանկարծ քարի ճեղքից մի մեծ բզեզ դուրս թռավ բզզոցով, և հենց նա թռավ, շունը ոտքը ցած դրեց և յուրովի «ժպտաց»։ Կարծես արդեն կատարվել էր իր նպատակը։

Սրա՞ համար ինձ քարշ տվիր բերիր, տո սատկած, զայրացավ Աշոտը մի քար վերցնելով։

Բոյնախը փախավ ուրախ վնգստոցով, երևի մտքում զվարճանում էր իր չարաճճի արարքի վրա ու «սիրտը հովացնելով» ասում. «Կերա՞ր…»։

Հետևից զուսպ ծիծաղի ձայն լսվեց։ Շուռ եկավ՝ Հասոն էր։

«Տեսնո՞ւմ ես, շունն էլ չի տանում կոպտությունը», կարծես ասում էր նրա հայացքը։

Աշոտը շփոթվեց ու գլխիկոր քայլեց դեպի Դիվային կածանը…

Գագիկն ու Շուշիկը արդեն այնտեղ էին։ Նրանք կեղևե պարանը հասցրել էին Սարգսի անկման վայրն ու անհամբեր սպասում էին որսորդների վերադարձին։

Ա՞յ հիանալի որս, գոչեց Գագիկը՝ տղաներին ընդառաջ գնալով։ Մորթին կգցենք Շուշիկի վիզը, կուղարկենք ակումբ՝ պարահանդեսի, իսկ միսը կկախենք այրի մի անկյունում, մինչև գարուն առատ-առատ կուտենք… Իսկ էդ ի՞նչ թռչուն է, վայրի հնդուհա՛վ…

Աշոտը չէր արձագանքում կատակներին և ոչ էլ զգում էր այն հաճույքը, որ հայտնի է միայն հանդից որսով վերադարձող մարդուն։ Բայց այդ հաճույքը համակել էր քուրդ պատանուն։ Տեսնելով իր սպանած սկյուռը Շուշիկի ձեռքին, նա ալեկոծված մտածում էր. «Երանի իմանա, որ ես եմ խփել…»։ Բայց որտեղի՞ց իմանար, Հասոն իսկի կասե՞ր որ, իսկի ընկերոջ թիկունքը գետնովը կտա՞ր… այն էլ աղջկա մոտ…

Իսկ Բոյնախը։ Նա հեռու կանգնած սառը և օտարոտի նայում էր Աշոտին։ Տղան բռնեց այդ հայացքը և գլուխը կախ գցեց. այդ հայացքը նրան մտածել էր տալիս իր վարմունքի մասին…

Շուշիկը թռվռաց, սկյուռի թավամազ պոչը հպեց իր այտին։ Դրանից Աշոտն ավելի մռայլվեց. «Որ իմ խփածը լիներ, այդպես չէր գուրգուրի…», անցավ նրա մտքով։

Աշոտն ակնհայտորեն պղտորված էր։ Նրա համար անսպասելի էին թե՛ շան այն զարմանալի վարմունքը, թե՛ քուրդ պատանու այն ըմբոստ հայացքը…

Գլուխ քսանչորսերորդ. Թե ինչպես Աշոտը հասավ այն բանին, ինչին որ ձգտում էր այնպես համառորեն

Աշոտը սթափվեց Գագիկի կանչից։

Ա՛յ տղա, թռչում ես առանց պարաշյուտի ու մեզ թողնում ցավի մեջ, ժայռի դիմաց կանգնած նախատում էր նա Սարգսին, որ նստել էր ժայռի նեղլիկ գոգին և կրած սարսափներից կապտած ու ապշահար՝ իր առաջն էր նայում։ Լավ էր, եղևնին իր գզգզված և աջ ու ձախ տարածած ճյուղերով փակում էր անդունդի երախը տղայի աչքից, թե չէ լեղաճաք կլիներ և գուցե շփոթմունքից ցած ընկներ։

Վերևից նա սկսեց լալագին ձայնով իր ամենօրյա աղաչանքը.

Ձեզ մատա՜ղ, ինձ հանեցեք այստեղից…

Տղաները լուռ էին։

Փրկի՛ր ինձ, Աշոտ ջան, գուցե մի օր էլ ես եմ քեզ պետք գալու, խնդրում էր Սարգիսը։

Աշոտը հեգնանքով ժպտաց։

Վայ մեռնի իմ գլուխը, որ դո՛ւ պիտի ինձ պետք գաս, ասաց նա՝ կարծես իր համար։ Տրամադրությունը վատ էր, մաղձը Սարգսի վրա էր թափում։

Շուշիկը նայում էր նրան և հանդիմանանքով գլուխն օրորում։ Նրա հայացքը կարծես ասում էր. «Մեծամիտ մի՛ լինիր, Աշո՛տ, լավ չի…»։

Ի՛նչ ես նայում… Ինձ նո՞ր ես տեսնում, բարկացավ Աշոտը՝ աղջկա նախատող հայացքից նեղվելով։ Նրան թվում էր, թե այդ օրը բոլորն էլ լարված են իր դեմ, նույնիսկ Բոյնախը։

Ինձ հանեցեք այստեղից, ձեզ մատա՜ղ, նորից լսվեց Սարգսի կերկերուն ձայնը։

Ո՞նց հանենք, հնար չկա…

Իսկապե՞ս հնար չկա, պարանով հնարավոր չէ՞, հարցրեց Շուշիկը։ Նա աչքերը հառել էր Աշոտի կլոր դեմքին։ Իսկ սա շպրտեց.

Գուցեև հնար կա, բայց այստեղ չի։

Իսկ ո՞ւր է…

Գնացել է թաքցրած ընկույզի մոտ։

Ինչ անսիրտն ես։ Տղան կործանվում է, իսկ դու ընկո՞ւյզն ես հիշում։ Ամոթ է, ամո՛թ…

Ոչ թե ընկույզը, այլ նրա հոգին ենք հիշում։ Վերջ ի վերջո սրան պե՞տք է զգացնել տալ, որ ինքն առանց ընկերոջ, առանց կոլեկտիվի ոչինչ է։

Իր խոսքերից Աշոտը նորից զգաց, որ զայրույթը բարձրանում, ալիք է տալիս իր ներսում։ «Ինչ են այսօր բոլորն էլ իմ գլխին խրատ կարդում», նեղվում էր նա ու հետն էլ մտածում. «Մորթապա՜շտ, կաշին փրկելու համար տես ո՜նց է փոխվել, ո՜նց է լեզու թափում…»։ Նա բարձր ձայնով հարցրեց.

Սարգի՛ս, բա դու միշտ ասում ես՝ ամեն մարդ իրեն համա՞ր։ Դե քեզ համար ապրիր այդտեղ, էլ ինչ ես ուզում մեզնից…

Սխալ եմ ասել, Աշոտ ջան, փրկի՛ր, մղկտաց տղան։

Գոհունակության մի լայն ժպիտ անցավ պատանու լայն դեմքով. «Հը, կակղեցի՞ր…», ասում էր այդ ժպիտը։ Գոհունակություն այն բանի համար, որ երկար ու համառ պայքարից հետո նա հասավ ինչին ձգտում էր։ Վերջապես Սարգիսը մեղա եկավ, վերջապես զղջման խոսք ասաց։

Դրանից Աշոտը բավարարություն զգաց, տրամադրությունը փոխվեց։

Հավատա՞նք, հարցրեց նա ընկերներին։

Պիտի հավատանք։ Բայց չհավատանք էլ՝ պիտի ազատենք, ինչ արած, իր կարծիքը հայտնեց Գագիկը։

Հասո, պարանը տար վերևից իրեն տուր, թող ծայրը կապի եղևնուց, պատվիրեց Աշոտը առանց նայելու ձեռքն աջ աչքին դրած պատրաստակամ կանգնած քուրդ պատանու դեմքին։

Իսկ սա զգում էր, թե ինչից է պղտորված իրենց պետը, ու մտքում ասում էր մեղմությամբ. «Դու էլ կկակղես, կուռո՛, դեռ շա՜տ կկակղես…»։

Մոտ կես ժամ անցավ մինչև Սարգիսը ստացավ ճիլոպե պարանը և տնքտնքալով նրա ծայրը կապեց եղևնու բնից ու ցած կախեց։

Է՛հ, ուղտի պոչի նման բան է, հիասթափված բացականչեց Գագիկը։

Սարգի՛ս, մոտիդ թիակի կոթը կապիր պարանի ծայրից, պատվիրեց Աշոտը։

Սարգիսը լուռ ու մունջ այդ ևս արավ։ Փայտի ծայրը կախված էր անդունդի հատակից մոտ տասը մետր բարձրության վրա։ Ինչ անեին, այլևս կեղև չէր մնացել թեղի ծառի վրա։

Մնում է պարանի ուղղությամբ ձյուն կուտակել, հնարը գտավ Աշոտը։

Հա, արդեն նա սովոր է առանց պարաշյուտի թռչելու, նորից կթռչի, ինչ կա որ, ուրախացավ Գագիկը։

Դե՛հ, վեր կացեք ձյուն կրենք…

Էս պարանը փորձե՞լ եք, որ ինձ եք տվել, վերևից հարցրեց Սարգիսը։

Ի՞նչ փորձենք, լղարել, մի հավի չափ ես դառել, չի՛ կտրվի, մի՛ վախենա։

Չէ՛, Գագի՛կ, փորձել հարկավոր է… Մարդու կյանքի հետ հո չե՞նք խաղում, նախատեց Շուշիկը։ Սարգի՜ս, պարանը ցած գցիր։

Անճոռնի, ծուռումուռ ճոպանը, որ առաջին հայացքից ամուր էր թվում, անպետք դուրս եկավ։ Կապել էին մի ծառի ճյուղից և ո՛վ կախվում էր նրանից, կտրվում էր։

Համա ազատելու էինք Պարույրի տղային հա՛, ձեր արևը վկա, ծիծաղում էր Գագիկը։ Իսկական եղբայրական օգնություն էր լինելու… Ա՜յ խրախուսելի թռիչք… դեպի անդունդը…

Դա նրանից է, որ ձմեռը թեղու կեղևը ցամաքած է լինում, պատճառաբանեց Աշոտը։ Գարնան «ջուր ընկած» ժամանակ այս պարանից արջառ կախեիր չէր կտրվի։ Է՛հ, ինչ արած, ուրի՛շ բան մտածենք։ Շուշի՛կ, զկեռի հոգեպահուստ կունենաս, տուր Սարգսին, թող ուտի, մենք խելք-խելքի տանք, տեսնենք ինչ ենք անում… Ասենք, պարապ նստելով ոչինչ չի լինի։ Գնա՛նք,, թե՛ կաշխատենք կածանի վրա, թե՛ կմտածենք։

Քիչ անց նրանք շարունակում էին իրենց տանջալի աշխատանքը Դիվային կածանը մաքրելու վրա։

Բա ինձ համար ի՞նչ եք անում… Բա ես էստե՞ղ եմ մնալու… լսվեց Սարգսի լալագին ձայնը, նա տեսել էր ժայռի լանջով ցած հոսող ձյան «ջրվեժները» և այնպես կարծել, թե ընկերները լքել են իրեն։

Գնում ենք գյուղից քեզ օգնություն բերենք, հուսադրեց Գագիկը։

Հա, գիտեմ, թե ինչ բանի եք… Ձեր ազատվելու մասին եք՝ մտածում… վա՜յ, մամա ջա՜ն…

Մի՛ գոռա, համ աշխատում ենք, համ մտածում… Պարանը անպետք դուրս եկավ, սանդուղքը՝ կարճ…

Երեկոյան նրանք սկյուռն ու մոշահավը նետեցին Սարգսին և վատ տրամադրությամբ վերադարձան քարայր։

«Գոնե մորթին կպահի՞, որ Շուշիկին տանք…», -ճամփին մտածում էր Հասոն։ Նրա միտքը դեռ իր որսի հետ էր։

Այդպիսի հմայք ունի որսը։ Որսը երբեք չի մոռացվում, անգամ ամենափոքրը, չնչինը…

Եվ եթե խփածդ որսը ուրիշը տարավ, ուրեմն սիրտդ էլ հետը տարավ։

Գիշերը բոլորել էին կրակի շուրջը և լուռ մտածում էին։ Երբեք նրանք այդքան հուսահատ չէին եղել։ Հերթը Գագիկինն էր պատմություններ անելու, բայց նրա կատակները չքացել էին, խոսելու տրամադրություն չկար։ Ինչպե՞ս ազատեն իրենց աղետյալ ընկերոջը, որի նկատմամբ այլևս ոչ մեկի սրտում չէր մնացել ոչ վրեժի, ոչ ատելության զգացում։

Լավ, պատմեմ, վերջապես տեղի տվեց Գագիկը։ Եվ նա մի քանի կարճ պատմություններ արավ իրական կյանքից, բայց բոլորն էլ ժայռից ցած թռչելու դեպքեր դուրս եկան, պատմելիս անգամ նրա ուղեղը այդ ուղղությամբ էր գործում։ Պատմում էր տխուր, անտրամադիր, առանց իրեն հատուկ հումորի։ Բայց դարձյալ զգացվում էր նրա կենսախինդ բնավորությունը, կյանքի սերը, նրա մոտ բոլոր դժբախտ պատահարներն էլ վարդագույն վերջավորություն էին ունենում։

Այսպես, Գառնիից մի հարս ընտանեկան մի վեճի պատճառով որոշում է վերջ տալ իր կյանքին։ Գնում կանգնում է Ազատ գետի վրա կռացած ժայռերից մեկին, մնաս բարի է ասում աշխարհիս, աչքերը խփում ու նետվում անդունդը…

Շուշիկը, որ ակնդետ ու լարված լսում էր, ճչաց.

Վա՜յ… խե՜ղճ աղջիկ…

Խեղճ չի, անուշ ջան, հիմի իրենց գյուղում շատ լավ էլ ապրում է։ Միայն կաղում է մի ոտքից։

Ինչպե՞ս, կենդանի՞ է մնացել… Ի՞նչ հրաշքով։

Առանց հրաշքի։ էն որ մեր հին գյուղերում հարսների փեշերը լայն են, կարծում ես մենակ շնորհքի համա՞ր է։ Ցած թռչելիս քամին մտնում է դրա փեշերի մեջ, ուռեցնում է հագի բոլոր դեյրաներն էլ։ Հո գիտեք, որ սարի գյուղերում հարսները իրար վրա չորս-հինգ շոր են հագնում։

Հետո՞, հետո՞, առաջ թեքված, անհամբեր հարցնում էր Շուշիկը։

Հետո այն, որ դեյրաներն ուռչում-փքվում են հովանոցների նման ու մարդու աղջիկը փառավոր կերպով վայրէջք է կատարում գետի ափին… Ափսո՜ս, հին ձևի հագնված լինեիր, շորերդ կտայինք Սարգսին, կհագներ ու…

Մյուս պատմությունը ևս ողբերգական սկիզբ ուներ։

Ազիզբեկովի շրջանի նախկին Ղուշչի գյուղից մի հարս Ջերմուկից ներքև անտառում մի արջի է հանդիպում։ Արջն ընկնում է հարսի հետևից, ով գիտի, ուտելո՞ւ, թե հետը կատակ ասելու համար։

Չե՞ք հավատում, հարցրեց Գագիկը։ Ինչ չհավատալու բան կա, քանի որ նույն շրջանի Կարմրաշեն գյուղի կոլտնտեսության նախագահի կնոջը արջը պատահում է հանդում, գրկում է, իր քնքուշ թաթերով շոյում նրա թշերն ու երբ բանջար քաղող կանայք հարայ-հրոց են բարձրացնում, սիրտը կոտրված թողնում հեռանում է… Որսորդներն ասում են, արջերն այդ սովորությունն ունեն, չգիտեմ փչո՞ւմ են, թե ճիշտ են ասում։ Դու, Աշո՛տ, որպես որսորդի տղա, այդ բանը պիտի իմանաս։

Մի խոսքով, ջերմուկցի հարսը լեղապատառ փախչում է, արջն էլ դրա հետևից։ Գալիս դեմ է առնում Արփա գետին նայող մի քարափի։ Թիկունքում գազանն է, ներքևում՝ անդունդը, ի՞նչ անի խեղճը։ Ու նետվում է ցած… բայց էլի շորերը փրկում են դրան, ուռչում են, ամեն մեկը մի պարաշյուտ է դառնում, բայց ձորը խոր է լինում, եթե ներքևում կուտակված խազալը չլիներ, ոտները կփշրվեին։ Ուրեմն, եզրակացություն՝ իմ ջուխտ պատմություններից. Սարգսի ուղղությամբ մի փափուկ բլրակ պիտի շինենք։ Կուզեք ձեռքերով խոտ քաղեցեք, կուզեք խազալ հավաքեցեք լցնենք շորերի մեջ և ուռած-փափուկ պարկերի նման դնենք իրար վրա, որ ընկնելիս կենդանի մնա։ Կուզեք… Սպասեցե՛ք, ա՛յ քեզ գյո՜ւտ…

Նա և՛ պատմում, և՛ չարչարվում էր մեջտեղից խանձված մի երկար ձողի վրա, որ կիսի, գցի կրակի մեջ, բայց ջահել կաղնուց կտրված այդ ձողը, որ սառած ժամանակ հեշտությամբ ջարդվել էր ձեռքով, հիմա տաք վիճակում երկուտակվել էր, բայց չէր ջարդվում։

Ըմբռնեցի՞ք, որոտաց Գագիկը ոտքի կանգնելով։ Էգուց ևեթ մենք Սարգսին կազատենք գերությունից։ Կաղնու շիվեր կտրեցեք, տաքացնենք օղակներ շինենք։ Այսինքն ոչ թե օղակներ, այլ մի երկար շղթա՝ փայտե օղակներով…

Другие части "Հովազաձորի գերիները"

Ятук Музыка
Sobre Dance
Арам Хачатрян

Sobre Dance

Константинополь
Константинополь
Играть онлайн