Вахтанг Ананян

Հովազաձորի գերիները

23

Գլուխ քսաներկուերորդ. Թե ով է բնակվել խորհրդավոր անձավում

Երբ բոլոր չղջիկներն էլ արդեն թափված էին գետին, Աշոտը հայտարարեց.

Հիմի որ կարող ենք տեղափոխվել այստեղ։ Դե, դուռը բաց անենք, տեսնենք մեր նոր բնակարանը։

Դուռը կրնկի վրա բաց արին, ճերմակ ձյունին անդրադարձող առատ լույսը ներս խուժեց և մեր պատանիների առաջ բացվեց մի ոչ մեծ անձավ, խորդուբորդ պատերով և գմբեթաձև բարձր առաստաղով։ Նրա հատակը ծածկված էր մի քանի մատնաչափ հաստությամբ կտիտով, որ տասնամյակների ընթացքում թափել էին վերև թառած «վառեկները»։ Պատի տակ կավե խուփը վրան մի կճուճ կար կանգնած՝ նույնպես պատած թռչնաղբի հաստ շերտով։ Նրա մոտ մի փայտե կոթ էր երևում։ Գագիկը վերցրեց և ուրախությունից գոռաց.

Կացի՜ն, ձեր արևը, կացին եմ գտել…

Թեև ժանգից քայքայված այդ գործիքը շատ էլ նման չէր կացնի, բայց եթե Գագիկի շինած կավե ծուռումուռ ամանը փոխարինել էր էմալե կաթսային, սա ինչո՛ւ չէր կարող փոխարինել կացնին. բավական է, որ ծանր էր ու բերան ուներ, հերիք էր։

Կացի՜ն… Դա հո փրկություն էր, քանի որ տղաների համար մինչև այժմ ամենատանջալի գործը ձեռքով փայտ ջարդելն էր։ Հիմի կտրիր արա՛գ, հե՛շտ։ Հիմի կացնով պատրաստիր ուզածդ գործիքները՝ ձյուն մաքրելու համար թիակներ, կոպիտ աթոռներ։ Ամենակարևորը, որ ցրտից չեն սառչի, կարելի է վառելիքի ամբողջ պաշարը կուտակել այրի մի անկյունում ու հանգիստ ապրել։ Իսկ կճուճով ձյուն կհալեն, ջուր կպահեն։

Մեր պատանիները այրվում էին հետաքրքրությունից։ Այրի անկյուններն ընկած, նրանք կռանում-վերցնում էին ամեն իր, շոշափում էին պատերը, խուզարկում ամեն անցք ու անկյուն՝ գանձ փնտրողի ագահությամբ։

Ահա Աշոտը պատի տակից մի անճոռնի երկաթե գործիք հանեց և դեպի լույսը տանելով, ճչաց ուրախությունից.

Թակա՜րդ, գայլի թակարդ… Բայց չէ, դա գայլի չի, ավելի մեծ գազանի է…

Դա տեղական դարբնի ձեռքով շինված մի ծանր ու կոպիտ թակարդ էր, ահագին երկաթե պոչով, որը նավի խարիսխի ձև ուներ։ Ժանգից այնպես էր քայքայվել թակարդը, որ նրա ճանկերից մեկի «վիզը» բարակել, քիչ էր մնում պոկ գար։

Ես սրանով կբռնեմ էն գազանին, ոգևորվեց Աշոտը։ Վա՛հ, սա հենց հովազի թակարդ է, գոչեց նա գործիքը լավ զննելով։ Ախր գայլ չի մտնում այս ձորը, ես էլ մտածում եմ, թե ինչի համար է թակարդը։ Սրա տերը հովազներ է որսացել…

Ի՛հ, դա ի՜նչ է, որ ոգևորվել ես, սպասիր մի տեսնեմ կճուճի մեջ ի՛նչ կա։ Աղա՜նձ, աղա՜նձ եմ գտել…

Եվ կճուճը պառկեցնելով, Շուշիկը նրա հատակից մի քանի բուռ բոված հատիկ հանեց։ Տղաները շրջապատեցին նրան և մի-մի բուռ վերցնելով, լույսի տակ զննում էին։

Դրանք բարակ և շատ երկար հատիկներ էին, նման մեր «տարեկան» կամ «աշորա» կոչվող ցորենին, բայց նրանցից նվազ։

Սա պետք է որ վայրի ցորեն լինի, ես հանդերում սրանից շատ եմ հանդիպել, իր կարծիքը հայտնեց Աշոտը, ես մի տեղ կարդացել եմ, որ աշխարհում վայրի ցորենով ամենից հարուստ երկրները Հաբեշստանն ու Հայաստանն են։

Վիրու ցորեն է, հա՛, հաստատեց Հասոն, հատիկների համը տեսնելով։

Ցորե՜ն… դա հո քաղցից կփրկեր, եթե գտնեին այդ հատիկները տվող «վայրի արտը»։

Չորս շաբաթ էր նրանք հաց չէին դրել իրենց բերանները, ուստի այդ նիհար հատիկներին նայելիս՝ բերանների ջուրը գնում էր։

Բաժանել և անմիջապես աղա՛լ, առաջարկեց Գագիկը անհամբեր։

Ինչո՞վ աղալ։

Ատամներո՛վ։

Հիանալի առաջարկ…

Շատ համեղ թվաց աղանձը, շա՜տ։ Մի՞թե վայրի ցորենը ընտանի ցորենից համեղ է եղել, իրենք չեն իմացել…

Հենց որ ձյունը հալվեց, մենք այս ցորենի վայրի արտը պիտի գտնենք, ինչ էլ որ լինի, վճռեց Աշոտը։

Ա՜խ, թե մի քիչ էլ աղ կգտնե՜նք… Անալի կոտորվեցինք…

Երբ խուզարկեցին անձավը և գտան ու ագահությամբ զննեցին նրա երբեմնի տիրոջ ողջ ունեցվածքը, բոլոր չղջիկներին հավաքեցին ու կույտ արին։ Ի՜նչ շատ էին դրանք… Ա՛յ սննդի հրաշալի պաշար…

Բայց ո՞վ է եղել այդ անձավի բնակիչը, ինչո՞ւ ազատ աշխարհը թողել-եկել է և կամովին բանտարկվել այդ ահալի ձորում, մարդկանցից կտրված։ Հնում իշխանությունից փախած մա՞րդ է եղել, թե՞ բնակչությանը կողոպտող ավազակ, որ ծերանալով և ուժից ընկնելով, ստիպված է եղել իր կյանքի վերջին տարիներն անցկացնել մարդկանց աչքից հեռու։

Մտածում էին մեր պատանիները, հազար ու մի ենթադրություններ էին անում, բայց ոչ մի եզրակացության չէին հանգում, մինչև որ Գագիկի սուր աչքը այրի խորքում մի բան նկատեց, որից և պարզվեց, թե ով է եղել այդտեղ բնակվող խորհրդավոր մարդը։

Ժայռի բնական թարեքին ընկած հնամաշ ու ծխից սևացած մի գիրք էր դա։ Թարեքի վրա, պատն ի վեր, մի փոքրիկ խաչքար էր կանգնած, իսկ ներքևում, հատակին, մանր ու փափուկ ավազ էր լցված, որի վրա նշմարելի էր երկու ծնկան հետք…

Ճգնավոր է եղել, որոշեց Աշոտը։ Տեսե՛ք, չոքել է ավազին, ժամագիրքը կարդացել և ծունր դրել խաչաքարի առաջ…

Հա՛, ես գրքերոմ կարդացել եմ, առաջներում այդպիսի մարդիկ եղել են, որ հասարակությունից կտրված, իրենց կյանքն անց են կացրել այսպիսի վայրերում։

Նրանք հետաքրքրությամբ շուռումուռ էին տալիս և բոլոր կողմերից զննում այդ տարօրինակ գիրքը, որի նմանն իրենց կյանքում չէին տեսել։

Գիրքն իր վրա խաչ ուներ, մեջը՝ սրբերի նկարներ և տպված էր հնաձև ծուռումուռ տառերով։ Սկսեցին կարդալ. 

Առաւօտ լուսօյ, արեգակն արդար,

Առ իս լոյս ծագեա,

Բղխումն ի հօրէ, բղխյա ի հոգւոյս,

Բան քեզ ի հաճոյս…

Չէ՛, սա մեր խելքի բանը չի։ Բայց իսկական աքրոստիքոս է, Աշո՛տ, մի նայի՞ր՝ մե՛կ, երկո՛ւ, երե՛ք, չո՛րս, հի՛նգ… սպասիր հաշվեմ, երեսունվեց տուն է և ամեն տունն սկսվում է հայկական այբուբենի մի տառով։ Դե՛հ, ժամագիրքն ու խաչն էին պակաս, հիմի որ իսկական ճգնավորներ դառանք… Վա՜յ, վառեկնե՜րս, ես դրանց հոգուն մատաղ, եկեք շուտ փետրահան անենք դրանց անփետուր մարմինները…

Գլուխ քսաներեքերորդ. Թե ինչպես ժամանակավոր զինադադար կնքվեց Հովազաձորի գերիների և բնության միջև

Այո՛, մեծ փոթորիկներից և պայքարներից հետո այդ օրը իրոք զինադադարի էր նման։ Նրանց հայտնի չէր, թե նորից ի՞նչ է պատրաստում իրենց համար Հովազաձորի բնությունը և այժմ խաղաղվել էին, թեկուզև զգում էին, որ ժամանակավոր է իրենց և բնության միջև կնքված զինադադարը։

Խելացի զորավարը օգտվում է զինադադարից և լավ պատրաստվում՝ ետ շպրտելու հակառակորդի նոր, հնարավոր գրոհները։

Մեր պատանիները պատրաստվեցին տեղափոխվել ճգնավորի այրն ու հարմարություններ ստեղծել այնտեղ ձմեռելու։

Շուշի՛կ, դու պառկիր հանգստացիր, հոգատարությամբ նրան դիմեց Աշոտը։ Աղջիկը չառարկեց, որովհետև բոլորովին ուժասպառ էր եղել։

Տղաներն ամենից առաջ տեղափոխեցին իրենց զենքերը, Գագիկի պատրաստած կավե ամանը և վառելիքի մնացորդները։ Ապա որքան որ չոր խոտ ու տերև կար այրում, որի վրա պառկում էին, լցրին իրենց բլուզների մեջ, ամուր ճխտեցին և տարան իրենց նոր բնակարանը։ Եղևնու փափուկ ճյուղերը, որ «անկողնու» տակ շարված նրանց համար զսպանակի դեր էին կատարում, նույնպես տեղափոխեցին։

Այդպես մի քանի անգամ գնալ-գալով, տղաները ձյան մեջ այնպիսի արահետ բացեցին, որով կարող էին գնալ և հիվանդությունից նոր ապաքինվածները, թեև, ճիշտն ասած, Շուշիկն այնքան էր հոգնել, որ օգնության կարիք ուներ։

Արի՛, Շուշիկ ջան, արի եղբայրաբար քեզ շալակեմ, դիմեց Գագիկը։

Շուշիկը հրաժարվեց։ Երերացող ոտքերով նա հասավ այրի շեմքը և շուռ եկավ.

Վա՜յ, քիչ էր մնում ոզնիս մոռանամ… Աշո՛տ, ցերեկը չի շարժվում, տե՞ս, անկյունում քնած է տերևների մեջ։

Աղջիկը գնաց այրի անկյունը, իր ոզնին գցեց փեշը, իսկ սա այլևս չէր վախենում ու չէր կծկվում, սև դնչիկը դուրս էր հանել ու հոտոտում էր նրա ձեռքը։

Առ խաղող կեր, ջանի՛կս…

Փոքրիկ կենդանին կտկտոցով ուտում էր ինչ տալիս էին, իսկ ամենից շատ խաղող էր սիրում։ Երբ կշտացավ, խումբը դանդաղ շարժվեց և ուշ էլ տեղ հասավ, որովհետև հիվանդները քայլում էին դժվարությամբ։

Իրենց նոր բնակարանը հասնելուն պես, Շուշիկի առաջին գործը եղավ պատի մի մութ խոռոչում չոր տերևներից բույն պատրաստել իր սիրելի ոզնու համար, իսկ տղաները փռեցին իրենց կոպիտ ու բնական անկողինները։ Այդպես, քիչ անց խումբն արդեն հիմնավորապես տեղավորվել էր իր նոր բնակարանում։ Ճգնավորի կացնով փայտ կտրեցին, քարշ տվին այրը։ Կճուճը մաքրեցին և մեջը ձյուն լցնելով դրին կրակին։ Աշոտը հաշվեց «ճուտիկները» և տեղափոխեց, կույտ արավ այրի հեռավոր անկյունում, ուր եթե ջուր դնեին, կսառչեր։

Կշտանալուց հետո խմբի անդամների մեջ վեճ ծագեց օրապահիկի շուրջը։

Մարդս չորս հատ… օրեկան ընդամենը քսան, առաջարկում էր Աշոտը։

Այ տղա, թող մի կուշտ ուտենք, ո՛վ գիտի, ի՞նչ կպատահի, աշխատում էր իր համառ պետին համոզել Գագիկը։

Դո՞ւ, հարցրեց Աշոտը Սարգսին, որ թմրած մեկնվել էր կրակի մոտ և չէր խառնվում խոսակցությանը։

Ե՛ս… Ես կարծում եմ, որ միշտ էլ շատը քչից լավ է…

Բռավո՛, կատակ էլ է անում… կարգին ժրել է, ուրախացավ Գագիկը։ Դե, իհարկե, կուշտ ուտելը կիսափոր մնալուց միշտ էլ լավ է։

Հասոն համեստորեն լռում էր, իսկ Շուշիկը ուսերը թոթվեց.

Ես ի՞նչ գիտեմ…

Բայց նկատելի էր, որ նա ևս Գագիկի կողմն է, քանի որ այնպես էր ուտել ուզում, ինչպես երբեք չէր ուզել իր կյանքում։

Ո՛չ, ընկերնե՛ր, կամաց գնա, որ երկար գնաս։ Չափով կգործածենք մեր պաշարը և պարենի օրվա նորման երբեք չենք խախտի, այլապես կկորչենք, կտրուկ տվեց իր վճիռը Աշոտը և նրա այդ վճռին վերջապես համաձայնեց խումբը։

Օրական քսան «ճուտիկ» սպառելով, մսի պաշարը մոտ մեկ ամիս կբավականացներ խմբին։ Դե կողմնակի բաներ էլ հո միշտ կարելի էր ձեռք բերել։ Այ, օրինակ, խաղողը։ Ինչո՞ւ չփորձեն ձյան տակից խաղող հանել, մանավանդ հիմա, երբ կուշտ են, լավ տաքացել են, իսկ դրսում օդը մեղմ է։

Ես գնացի Կավհանք… Կավ եմ բերելու մի կուկլա թեյնիկ պատրաստեմ, հայտարարեց Գագիկը։

Ոչ ոք դեմ չեղավ։ Իրոք, այդ ցրտին թեյը պահանջ էր դառել բոլորի համար էլ։

Գավաթներ էլ կշինես, պատվիրեց Աշոտը։ Դե՛, Հասո՛, հետևիր ինձ…

Նրանք գնացին այգի։ Դժվարը ձյան տակ կքված ու պառկած վազը գտնելն էր ու վեր բարձրացնելը, բարձրացրի՛ր, խաղողը ինքն իրեն կախվելու է քթիդ առաջ։

Չէ՛, լավ է, կա՛, շա՛տ կա։ Ի՜նչ բերք է եղել, որ թե՛ փորսուղն է լիացել, թե՛ նապաստակը, թե՛ թռչունները, և այդքան էլ մնացել է։

Թեև ձյունը խոր էր, բայց մերկ կանգնած թեղի ծառերը մատնում էին Կավհանքի տեղը։ Այնպես որ քիչ հետո Գագիկը մի գունդ կավացեխ ձեռքին շտապում էր դեպի քարայր։

Սրանից մի աման դուրս կգա, իսկ գավաթներ վաղը կպատրաստեմ… Ոտներս մրսում են, էլ Կավհանքի կողմը գնացողը չեմ, ոտքերի ձյունը շեմքում թափ տալով ասաց Գագիկը։ Վա՛հ, Շուշիկ

ջան, էլի՛ դողում ես…

Հա՛, լավ չեմ, Գագի՛կ… Կրակը թեժացրու…

Հիմա՜։ Արդեն ամանը թրծելու համար էլ թեժ կրակ է հարկավոր… Պի՛նդ կաց, Շուշի՛կ ջան, հիմի տեղներս լավ է, երկու օր չանցած բոլորովին, կազդուրվելու ես։

Այդպես ընկերուհուն հույս տալով, նա կրակը բորբոքեց և սկսեց իր «բրուտությունը»։

Աշոտն ու Հասոն, չգիտես ինչու, ուշանում էին, այնպես որ երեկոյան դեմ Գագիկը արդեն չորացրել, ապա խարույկի մեջ թրծում էր կավե մի ծուռումուռ աման, որին «թեյնիկ» էր անվանել։

Մինչ Սարգիսը մի անկյունում չոքած կացնով սեպեր էր տաշում-պատրաստում, Գագիկը երկմատ եղանի նման մի փայտով կրակից հանեց շիկացած «թեյնիկը» և հիացած նայելով, ասաց.

Շուշի՛կ ջան, թեյնիկ հո չի, կուկլա է, կուկլա՛։

Ապա գաղտնի աչքով անելով, առաջ թեքվեց, փսփսաց նրա ականջին.

Գյուղում տարածել են, թե՝ Գագիկի ձեռքերից ոսկի է թափվում… Անհարմար լուրեր են տարածում, տո՜… մարդ լսելիս քրտնում է…

Աշոտն ու Հասոն այգուց վերադարձել էին և այրի շեմքին կանգնած լսում էին Գագիկի զրույցը Շուշիկի հետ։ Իսկ նա թիկունքը այրի մուտքին, դեմքով դեպի օջախը, շարունակում էր իր շաղակրատանքով զբաղեցնել հիվանդ աղջկան, ցրել նրա թախիծը.

Սրանից հետո, Շուշիկ ջան, էդ թեյնիկի մեջ էնպիսի թեյ եփեմ քեզ համար, որ բուրմունքը հասնի Այգեձոր, նրա հոտովը գան մեզ գտնեն… ծիծաղո՛ւմ ես… ծիծաղի՛ր, անո՛ւշ ջան, ծիծաղի՛ր, որ կերածդ չղջիկապուրը շուտ մարսես…

Քիչ լռելուց հետո, Գագիկը շարունակեց խրատական տոնով.

Եվ ցրտից էլ մի՛ նեղվիր, անուշ ջան։ Ցուրտը նախ՝ կոտորում է միկրոբներին, դրանից էլ ոչ մեկս դեռ վարակիչ հիվանդություն չենք ընկել։ Երկրո՛րդ, ինչո՞վ է լավ ցուրտը։ Նրանով որ չի թողնում շեկ երեսիդ պեպեններ դուրս գան. ախր գարունը որ բացվի, պայծառ երեսդ էլի լորի ձվի նման նախշվելու է։ Երրո՛րդ, ցուրտը նրանով է լավ, որ ամրացնում է մարդուս օրգա… վա՛հ, իմաստուն խոսքերս թաքուն լսո՞ւմ եք… Էդ ի՛նչ է, խաղո՞ղ։ Վայ ձեր հոգուն մատաղ, գլյուկոզա՛ եք բերել հիվանդիս համար։

Հասոն չոքեց և հատուկ ջերմությամբ Շուշիկի առաջ շարեց սև ու դեղին ողկույզները։

Իսկ հիվանդապահի՞ն… Հենց էսքա՞նը… Երկու ժամ է մեյմունություն եմ անում՝ ծիծաղեցնում ցիրկի ծաղրածվի նման, բա իմ վարձն էսքա՞ն է…

Երբ իր բաժին խաղողը կերավ, Գագիկը հանդիսավոր կերպով հայտարարեց։

Ժողովո՛ւրդ, ստամոքսումս սկսված պատերազմները վերջացա՛ն։ Զինադադա՛ր է։ Եվ ո՞ւմ շնորհիվ։ Լուսահոգի ճգնավորի։ Գոնե գլուխը վեր քաշեր գերեզմանից մի շնորհակալությունս լսեր, էլի վեր դներ…

Ո՛ւֆ, ինչ սարսափելի բաներ ես ասում, բողոքեց Շուշիկը։ Նրա սիրտը իրոք ահ ընկավ։

Աշոտն ու Հասոն բավականին խաղող էին բերել և այժմ պատանիները, խարույկը շրջապատած՝ հանգստանում էին և կամաց զրուցում։ Արդեն մթնել էր։

Ուրեմն, մենք ձմեռն այստեղ կանցկացնենք, ասաց Աշոտը։ Եկեք մտածենք մեր անելիքների մասին։ Իմ կարծիքով, ցերեկը, քանի լույս կա, վառելիք և ուտելիք պիտի հայթայթենք։ Մթնեց, դրսի աշխատանքը վերջացավ, սկսում ենք զբաղվել որևէ օգտակար բանով, օրինակ, մեզնից ամեն մեկը մեջտեղ կդնի իր գտած որևէ բան, կուսումնասիրենք, կքննենք, կամ կպատմի Հովազաձորում իրեն հանդիպած որևէ բնական երևույթի մասին։ Հետո կքննենք մեր ներքին կարգ ու կանոնի հարցերը, և եթե մեզնից որևէ մեկը խախտի կարգապահությունը, օղակը կզբաղվի նրա հարցով։ Գիշերները երկարում են, ամեն գիշեր մեզնից մեկը մի պատմություն կամ հեքիաթ պիտի պատմի, ինչպես պատմել ենք մինչև հիմա, որով թե՛ ժամանակը կկարճացնենք, թե՛ իրարից բան կսովորենք, թե՛ ուսանելի բաներ կվերցնենք մեր լսածներից, որոնք հետո կյանքում մեզ պետք կգան։

Միայն այդքա՞նը, հիսաթափվեց Գագիկը։

Այդքանը քի՞չ է։

Քիչ չի, բայց մի՞թե մենք այս ամբողջ ձմեռվա ընթացքով ոչ մի բանով չե՛նք աջակցելու մեր ծնողներին, կատակախառն հարցրեց նա։

Հեռակա՛… Նրանք ո՜ւր, մենք ո՜ւր…

Այո՛, հեռակա աջակցություն, բայց գործով։ Իմ կարծիքով, նույնիսկ Հովազաձորում փակված, երբ կուշտ ենք և տեղներս տաք է, մենք կարող ենք պետք գալ մեր գյուղին։

Կատակի մի՛ տա, բան ունես ասելու՝ ասա, համբերությունից դուրս եկավ Աշոտը։

Ես ասելու բան չունեմ, ոչ է ոմանց նման սիրում եմ երկար-բարակ ճառերը։ Իմը գո՛րծն է։

Այս ասելով Գագիկը վեր կացավ և գնաց դեպի դուռը։

Վա՛հ, արդեն մթնե՛լ է, -ու վարանման մեջ կանգ առավ շեմքին։ Հասո՛, դանակդ գոտուցդ կապա՞ծ է, -հարցրեց նա։

Այո՜, քուղով կապել եմ, որ չկորչի։

Հա՛, ուրեմն չե՛ս կարող ինձ տալ… Դե լա՛վ, որ այդպես է դու էլ արի, դանակի համար ստիպված եմ քեզ էլ հետս տանելու…

Հասոն մտքում ծիծաղելով հետևեց ընկերոջը։

Սարգի՛ս, լուռ ես, կրակը խառնելով խոսեցնում էր Աշոտը։

Ի՛նչ խոսեմ… դժվար է լինելու…

Ոչի՛նչ, կդիմանանք։ Այստեղ տաք է, իսկ սնունդը մեզանից է կախված։ Դեռ ցավո՞ւմ է…

Չէ՛, ուռուցքն իջել է… Արի մի էս պղնձի ժանգը մաքրենք, որ Շուշիկը մեջը կերակուր եփի։

Ինչո՞վ, հողո՞վ։

Ինչո՞ւ հողով։ Մենք ֆիզիկայից անցել ենք չէ՞, որ ժանգը օդի մեջ եղած թթվածնի միացումն է մետաղին։ Հիմա եկ թթվածինն անջատենք պղնձից և կմաքրվի։

Հա… կրակո՛վ։ Հասկանում եմ, լավ միջոց է։

Նրանք կաթսան բերանքսիվայր դրին թեժ կրակին, բայց փորձը անհաջող անցավ, կաթսայի հետևի մասն սկսեց հալվող մեղրամոմի նման կախ ընկնել։

Շուտ դուրս հանիր, հալվե՛ց…

Է՛հ, հոգ չէ, կավե կճուճը ամեն բանից մաքուր է, նրա մեջ, պատրաստած ճաշն էլ է համով լինում։

Լուռ նստած էին, և, զարմանալի բան, թեև վաղուց հաշտ էին իրար հետ և ոչ մի հակասություն այլևս չկար նրանց միջև, ինչպես և չկար նախկին հակամարտությունը, բայց և այնպես չէին կարողանում իրար աչքերի մեջ նայել և խոսք չէին գտնում իրար ասելու։ Փորձեցին զրուցել՝ չկպավ, դուրս չեկավ։ Է՛հ, խմբի հետ ավելի լավ է…

Շուշիկը կրակի լույսով մտքում կարդում էր աշխարհագրության դասագիրքը, իսկ տղաները լուռ շարունակում էին կրակին նայել։ Մի տեսակ անախորժ ու ճնշող էր այդ լռությունը։

Դուրս գամ տեսնեմ ո՞ւր գնաց էդ գիժը…

Աշոտը դուրս եկավ քարայրից և նոր միայն թեթև շունչ քաշեց։ Նա երկար կանգնեց շեմքին, մինչև աստղալույսով տեսավ, որ ճերմակ ձյան վրա երկու ուրվականներ են գալիս, ինչ-որ բաներ իրենց հետևից քարշ տալով։ Մոտեցան, ձյունը թափ տվին ոտքներից, ներս մտան։

Նրանցից յուրաքանչյուրը մի խուրձ գերմաստի ճիպոտ էր բերել։

Ծայրերը սրիր, դիմեց Գագիկը Հասոյին։

Նա վերցնում էր ծայրը սրած կոկիկ ու ճկուն ճիպոտը և իրարից երեք-չորս մատնաչափ հեռու ցցում հատակին (նրանց բախտից դա այն բացառիկ քարայրերից էր, որոնց հատակը հողից է լինում)։ Հաստ ճիպոտներից նա կլոր շրջանակ շինեց, իսկ բարակ ուռերով սկսեց գործել։

Վերջը՞, միտքդ ի՞նչ է, հարցրեց Աշոտը, որ լուռ հետաքրքրությամբ հետևում էր ընկերոջ շարժումներին։

Միտքս պարապ չմնալն է։ Ձանձրույթից կզբաղվենք էս՛ ճիպոտներով, դե ձմեռվա երկար գիշերներին ի՞նչ անենք։ Վերջը մի բան կստացվի։

Ոչինչ էլ չի ստացվի, ձեռքը թափ տվեց Աշոտը։

Կստացվի՛։ Ինչո՞ւ չպիտի ստացվի։ Ի՞նչ տարօրինակ բան կլինի, եթե երեկոները կրակի մոտ պարապությունից մեզ համար զբաղվենք կողով գործելով։ Ինչո՞ւ պիտի պարապ մնանք, չեմ հասկանում, խելացի կերպով պատճառաբանեց Գագիկը։ Իսկ դա աշխատա՛նք է։ Աշխատանքն էլ, ոնց որ գիտեք, ապրուստ է տալիս։ Եթե օրեկան ամեն մեկս կես կողով գործենք, գարնանամտին, երբ մեզ գյուղ տեղափոխելիս լինեն, կասենք՝ ներողություն, իսկ մեր բեռնե՞րը։ Բարի եղեք սայլեր բերել, որ շինած կողովները տանեն…

Լա՛վ, ենթադրենք, թե ժամանակը սպանելու համար քո խելքին ընկանք ու կողովներ գործեցինք, էս սատանի ձորից կողով հանել կլինի՞…

Չլինի՞ կարծում ես սայլերը Հովազաձոր եմ բերելու։ Խելոք ես, բայց գլուխդ չի աշխատում… Քթոցները ձորի ներքին պռնկից գլորիր ցած, թող գնան դաշտում սայլերի առաջ շարվեն…

Իսկապես, գերմաստին ամենից ամուր ու դիմացկուն ուռն է, նրա կողովը շատ է արժեքավոր, իսկ այգեկութի ժամանակ այնքան կողովներ է հարկավոր լինում Այգեձորի՜ն…

Ու հետո, երբ կողովները տեղավորեցին պրծան, բռնիր ժլատ նախագահ Հարութի ականջն ու ասա՝ ներողություն, իսկ մեր աշխօրե՞րը… Ծիծաղո՞ւմ եք։ Մենք կարող ենք պարապությունից հանաք-հանաք աշխօր էլ վաստակել։ Փորձենք՝ կտեսնեք….

Լա՛վ, համաձայնեց Աշոտը։ -Իսկ ճիպո՞տ։ Այդքան «շինանյութ» կճարվի՞։

Ճիպոտ շատ կա, էն քարափների արանքները լիքը ճիպոտ է՝ է՛լ գերմաստի, է՛լ ալաժահրի, է՛լ՝ մյուսների անունները չգիտեմ, բայց որ պարապ մնանք՝ ամեն բանից էլ կգործենք… Մեծ, փոքր, բոլորն էլ պետք կգան։ Կտրելն ու սրելը ինձանից, կրելը ձեզանից, տեղից վեր բերեց Հասոն։

Էդ հո կաղ մարդի բան է։ Ամբողջ օրը նստած կողով կգործեմ, ուրախացավ Սարգիսը։

Այսօրվանից Այգեձորի կողովագործական արհեստանոցը հայտարարում եմ բացված, կատակով սկսեց Գագիկը։ Ես նշանակվում եմ արհեստանոցի գլխավոր վարպետ և վարիչ։ Սարգիսը ինձ օգնական, Հասոն՝ շինանյութի մատակարարման բաժնի ավագ հրահանգիչ… Շուշիկը՝ ստախանովական կողովագործ։ Պլանը գերակատարողին ի՞նչ մրցանակ ես տալու։

Պլանից դուրս գործած ամեն կողովի համար երկու վառեկ, խոստացավ Աշոտը։

Դե երկու վառեկ բեր, էս մեկը պլանից դուրս է…

Մեր պատանիները անհրաժեշտ համարեցին հենց այդ երեկո գործի անցնել. յուրաքանչյուրն իր համար գետնին մի կլոր գիծ էր քաշել և այդ գծի ուղղությամբ տնկում էր Հասոյի սրած ճիպոտներն ու, «գլխավոր վարպետ» Գագիկին ընդօրինակելով՝ դանդաղ գործում։

Ամբողջ երեկոն զբաղվեցին դրանով։ Ուռը պակասեց, դուրս վազեցին, նոր ոստեր կտրտեցին թփերով ծածկված միջանցքից, որով ընթանում էր անձավը տանող շավիղը։

Ձանձրույթը փարատելու համար լավ զբաղմունք էր կողով գործելը։ Մանավանդ, որ աշխօրեր կարելի էր ստանալ, էլ ինչո՞ւ պարապ նստել։

Ուրախալին նաև այն էր, որ Սարգիսն էլ էր կպել գործի, նույնիսկ ոգևորվել էր։

Գուցե այն պատճառով, որ իր կյանքում այդ առաջին բանն էր, որ նա անում էր իր համար և բոլորի համար…

Գլուխ քսանչորսերորդ. Թե ինչպես մի անակնկալ դեպք հիշեցրեց մեր պատանիներին, որ վրա հասած խաղաղությունը երկար չի տևելու…

Դա տեղի ունեցավ ճգնավորի այրում տեղավորվելու երկրորդ օրը առավոտյան, երբ մեր գերիները ամբողջ խմբով դուրս էին եկել վառելիք մթերելու։

Թեև օրը պայծառ էր ու տաք, բայց զգուշության համար նրանք Կաղնուտում թեժ կրակ էին վառել և փոխն ի փոխ ծառ էին կտրում ճգնավորի կացնով։ Կտրում էին, նայում կացնի փայլող բերանին ու հիանում, թեև բութ էր այդ գործիքը, բայց, համենայն դեպս, հո՞ կացին էր…

Կիսաչոր ծառը երերաց և դղրդոցով տապալվեց։

Ջա՜ն, սա հո մի շաբաթ վառենք՝ չի վերջանա, ճչաց Շուշիկը ուրախացած։

Այծե՜րը, այծե՜րը, գոչեց Հասոն ալեկոծված։

Բոլորը միանգամից նայեցին նրա մեկնած ձեռքի ուղղությամբ։

Հովազաձորը վերևից փակող լանջին երևաց քարայծերի խումբը, որ դղրդոցից խրտնած փախչում էր դեպի վեր։ Նրանք, որոնք առաջ էին անցել ընկերներից, կանգնում-ետ էին նայում, որից հասկացվում էր, որ տղաների ներկայությունը առանձնապես չի վախեցնում իրենց, երևի փորձով համոզվել էին, որ անվտանգ արարածներ են իրենց հարևանները։

Բայց ահա հանկարծ այծերը խուճապի մատնվեցին։ Հետաքրքիր է, ի՞նչ պատահեց…

Մինչ տղաները դատողություններ էին անում, Հասոն իր սուր աչքերով խուզարկում էր ժայռերի ծերպերը։

Հանկարծ նա ալեկոծվեց և մահակը մեկնեց քարե կածանի վրա կռացած ժայռին։ Բնազդորեն վտանգ զգալով, Աշոտը լարեց տեսողությունը, բայց այն քարին, ուր ուղղված էր մահակը, ոչինչ չէր երևում։ Երկար նայելուց հետո նա դիմացի սալի վրա «կուտապ» եկած մի ահագին կատու տեսավ, որի շիկավուն ու խալավոր մորթը ձուլվել էր ժայռերի շեկ ֆոնին։ «Կատուն» անձայն մռլտում էր, ժանիքները բացում և շարժում բեղերը։ Ապա նա իր երկար պոչով սկսեց զայրագին խփել քարին, լարեց մկաններն ու թաթերն առաջ մեկնած թռավ ներքին կածանն ու անհետացավ տեսողությունից։

Տեսա՞ք, տեսա՞ք, հևալով հարցնում էր Աշոտը։

Հովա՞զ էր, ահով հարցրեց Շուշիկը։

Իսկական հովազ… Աղմկեցե՛ք, միաբերան աղմկեցեք…

Եվ տագնապահար պատանիները սկսեցին խմբովին գոռգոռալ՝ «Հո՜ւո՜ւ, հո՜ւո՜ւ…», ու մեծ-մեծ քարեր գլորել դեպի ձորը։ Այնպիսի աղմուկ բարձրացրին նրանք, որ հովազ չէ, «դժոխքի պետ» Սաթայելն անգամ, եթե երևար այդ կողմերում, մինչև աշխարհի ծայրը մի շնչում կփախչեր։

Աշոտը ուշքի էր եկել ու մտածում էր. «Ահա ումի՛ց էր փախչում իմ գլխարկը փախցնող այծը… Թիկունքում հովազ կար, իսկի ետ կդառնա՞ր որ… Ահա ինչու վրա քշեց ինձ…»։

Հիմա հասկացա՞ք, թե ինչու է այս ձորը Հովազաձոր կոչվում, հարցրեց նա։

Ոչ միայն այդ հասկացան, այլև ուրիշ շատ բաներ։ Հովազի երևալով միանգամից լուծվեցին մեր պատանիներին մտահոգություն պատճառող բոլոր հանելուկները, նրանք հասկացան, թե ինչ շեկ մեջք էր տեսել Սարգիսը գորշ քարերի արանքում Հովազաձոր մտնելու առաջին օրը, հասկացան, թե ով էր այցի եկել անձավում պառկած հիվանդներին, ով էր վայելել վերին Դարավանդում բռնված կաքավները…

Ա՜յ քեզ մանո՜ւլ… ուշքի գալով բացականչեց Գագիկը։

Հա՛, լավ մանուլ էր, շփոթված արձագանքեց Աշոտը։ Երևի էն գոռգոռողն էլ սա էր…

Տղաները երկար մնացին այդպես ցնցված ու լուռ։

Մինչ այս մինչ այն, աշնան կարճ օրը պատանիների համար աննկատելի մոտեցավ իր վախճանին, արևը թեքվեց Մեծ Մասիսի վրա։

Գնա՜նք, ուշ է, հրահանգեց Աշոտը՝ ցած իջնելով։

Ո՞ւր գնանք, բաց թող գնամ հովազին տիկ հանեմ, մորթին բերեմ գցեմ էս ջեյրան-աղջկա ուսը, -սաստիկ վախից նոր ուշքի եկած շաղակրատում էր Գագիկը ու հետն էլ ափսոսանքով գլուխն օրորում։ Ո՛նց թռավ ձեռքի՛ցս, ափսո՛ս, ափսո՛ս, էլ այսպես հաջող որս ե՛րբ կպատահի որ…

Գագիկը կատակում էր, բայց նա ևս հասկանում էր, թե ի՛նչ մեծ վտանգ է կախված եղել խմբի գլխին… Ուրեմն, Հովազաձոր մտնելու օրից այդ գազանը գաղտնի հետևե՞լ է իրենց… Հասոն հիշեց մութի մեջ փայլող աչքերը, հիշեց քարայծի ոսկորները, Բոյնախի ոսկորների անհետանալը։ Շա՛տ բան հիշեց, մանավանդ այն գիշերվա սարսափելի դեպքը։

Այո, Հասոն մազից պրծավ։ Աշոտը սոսկումով հիշեց այն պահը, երբ հովազը ցատկեց Հասոյի վրա։ Եթե շունը կես վայրկյան ուշ հասներ օգնության, գազանը պիտի պատառոտեր տղային։

Եվ Աշոտը նորից հիշեց իրենց նեղ օրերի ընկերոջը՝ Բոյնախին։

Իսկ Հասո՞ն։ Այո, հովազի երևալը նրան նորից ալեկոծեց։ Եվ նրա հուզմունքը երկյուղից չէր հիշում էր իր մանկության ընկերոջը, որ կյանքը զոհեց իր համար…

Այն ինչպե՜ս ծառս եղավ…

Որտեղի՞ց այդքան ուժ հիվանդ ու թուլացած կենդանու մեջ, արդեն քանիերորդ անգամ մտածում էր Հասոն, բայց այդ հարցի պատասխանը չէր գտնում։

Որքան էլ Շուշիկի ներկայությամբ տղաներն աշխատում էին անհոգ ձևանալ, չէր ստացվում. հովազի երևալը փչացրել էր նրանց տրամադրությունը։ Կարծես պայծառ օրը միանգամից մռայլվեց։

Դե եկ խաղաղ ապրիր այդպիսի ահռելի գազանի հարևանությամբ։ Այո՛, հովազի ներկայությունը միանգամից թունավորեց պայծառ մթնոլորտը։

Ոչի՛նչ, նա իր որսը չի թողնի մեր կողմը գա, ընկերներին սիրտ տվեց Աշոտը, բայց ահը սողոսկել էր նաև նրա սիրտը։

Լուռ ու մտահոգ նրանք սկսեցին վառելիքը կրել իրենց բնակարանը և դարսել նրա խորքում։

Ապա Աշոտն ու Գագիկը գիլամասրու ճկուն ճիպոտներով դռան .խախուտ «տախտակները» կապկպեցին-ամրացրին իրար, որից հետո Աշոտը իր հասակի մի գերան ներսից հենեց դռանը։

Դե հիմի թող գա ասաց նա, որով ուզեց ընկերներին հասկացնել, թե այրի ներսում իրենց ոչ մի վտանգ չի սպառնում։

Դե որ վտանգ չկա, «վառեկի սուպն» էլ կրակին դրված եփում է, խաղողի ողկույզներն էլ պատից կախված են, վառելիքի կույտն էլ գրեթե առաստաղին է հասնում, էլ ինչո՞ւ տանջվել ավելորդ մտքերով։

Եվ այդ բոլորի շնորհիվ իրոք շուտով խաղաղ տրամադրություն սկսեց թագավորել անձավում։

Մանավանդ, որ Հասոն այնպես մեղմ ու խաղաղ էր նվագում իր սրինգը…

Այդպես անցկացրին երեկոն, ձանձրույթները փարատելու համար նույնիսկ մի քիչ կողով գործեցին, բայց ո՞ւմ քունը կտաներ։ Գազանի կապակցությամբ առաջացած դառն մտքերը ցրելու և լիովին խաղաղ տրամադրություն ստեղծելու նպատակով Աշոտը հայտարարեց, որ իրենք՝ պատանի բնասերները, այժմ պիտի զբաղվեն չղջիկների ուսումնասիրությամբ։ Եվ այրի անկյունից մի չղջիկ բերելով, նրա թևերը կրակի լույսի առաջ բաց արեց ու ասաց, որ այդ կենդանին վախ է առաջ բերել հին գյուղում։ Շատերը կարծել են , թե նա գլխարկ է փախցնում, ոմանք էլ հավատացել են, թե ծծում է երեխաների արյունը։ Մինչև օրս էլ երեկոները, երբ տավարածները հանդից նախիրը տուն են բերում, չղջիկները հետևում են նրանց և վախեցնում…

Հա՛, հենց որ երևում են, ես էլ եմ քոլոզս պինդ բռնում, իմ հերն էլ, խոստովանեց Հասոն ծիծաղելով։

Ախր սրանք քո քոլոզը փախցնելու համար չեն հետապնդում քեզ։ Մոծակները ուղեկցում են նախիրին, իսկ սրանք մոծակ շատ են սիրում։ Հետևներից գալիս են մոծակ բռնեն։

Վ՜ա՜ա՜ …

Սրանք մեր բարեկամներն են, հանդ ու այգի մաքրում են միջատներից։

Խե՜ղճ մեր բարեկամներ, շշնջում էր Գագիկը. – տեսա՞ք ոնց բարեկամաբար կոտորեցինք բոլորիդ…

Մի՛ նախատիր մեզ, Գագի՛կ, այս պայմաններում մենք ուրիշ կերպ վարվել չէինք կարող… Հա՛, չղջիկը կաթնասուն կենդանի է, բայց՝ թռչող։ Սրա ամեն ինչը հարմարեցրած է թռչելուն։ Տեսե՛ք, որ բացում է թաղանթը, երկար թևերի նման բան է դառնում։ Մարմինը փոքր է, բայց այստեղ-այնտեղ լայն թաղանթներ ունի, նույնիսկ՝ քթի վրա։ Ականջներն էլ, տեսե՛ք, ինչքան բարակ են ու մեծ-մեծ։

Աշոտն ասաց, որ դրանով չղջիկի մարմնի թեթև մասերը շատ են դառնում և հեշտանում է օդում մնալը։ Դա նույնն է, եթե մի կին կտուրից ցած թռչելիս լայն շորեր ունենա հագին, իսկ ձեռքերին հովանոցներ պահի… Այդպիսի լայն ու թեթև բաներ շատ են պետք, մանավանդ մայր չղջիկին, որովհետև նա իր ձագերին հետը թռցնում է և նրանք իրենց մոր փորից կպած՝ հենց թռիչքի ժամանակ էլ ծծում են նրա ստինքները…

Երա՜նի նրանց, ոչ ցավ ունեն, ոչ խելք…

Սպասի՛ր, Գագի՛կ, մի խանգարիր, թող ինչ որ գիտեմ սրանց մասին, ասեմ։

Իսկ դու որտեղի՞ց գիտես այդ բոլորը, հարցրեց Սարգիսը կասկածանքով։

Էլ ինչ բնասերների ղեկավար, որ այդքանն էլ չիմանա։

Դու ճիշտ ես, Շուշի՛կ, կարդում եմ, հորս եմ խոսեցնում, ուրիշ որսորդների եմ հարցնում։ Մի տեղ մի բան եմ կարդացել ու ինքս Էլ փորձել, ափսո՛ս, թել ունենայինք, այստեղ Էլ կփորձեինք։ Հայրս մի լոշտակականջ չղջիկ էր հանդից տուն բերել։ Սենյակում բազմաթիվ թելեր անցկացրի, օդում ոստայնի նման մի բան ստացվեց ու չղջիկին՝ աչքերը կապելով՝ բաց թողեցի։ Այնպես էր ծուռումուռ թռչում այդ թելերի արանքներով, որ ոչ մեկին թևերը չէին կպչում։

Աշոտը գոհ այն տպավորությունից, որ գործեց իր տված տեղեկությունը, շարունակեց պատմել իր իմացածը այդ թռչող կաթնասունների մասին։ Նա ասաց, որ դրանք ապրում են գաղութներով, լցվում են ամայի անձավները, վանքերը, եկեղեցիները ու գիշերում են նրանց առաստաղից կպած, գլխների վրա կախ։ Մեզ համար հանգիստ է, երբ մեր գլուխը վերև է, նրանք էլ իրենց հանգիստ են զգում այն ժամանակ, երբ մարմինն է վերև լինում, գլուխը՝ ցած…

Դե ասա շեյթանի պես թարս են, էլի՛, տեղից վրա բերեց Հասոն։

Շեյթանը ո՞նց է թարս, ժպտալով հարցրեց Աշոտը։

Հասոն շփոթվեց.

Դե ես ի՞նչ գիտեմ… հերս ասում է՝ շեյթանի կրունկն առաջ է լինում, թաթը՝ հետև…

Պատանիները միաբերան ծիծաղեցին։

Հետո՞, է՞լ ինչ է ասում հայրդ շեյթանի մասին, խոսեցնում էր Աշոտը։

Մեկ էլ, ասում է, մութ ժամանակ ջուր խմելիս մարդի գլխի խփում են…

Հա՜, դրա համա՞ր ես ջուր խմելիս ձեռքդ գլխիդ դնում։ Ա՜յ դու խորամանկ, դե ասա մենք էլ պաշտպանվենք, էլի։ Է՞լ, է՞լ…

Հասոն գիտեր, որ քննում են իրեն, գիտեր, որ իր ընկերներից ոչ մեկը չի հավատում շեյթանի գոյությանը, բայց պարզամտորեն շարունակեց.

Մեկ էլ ասում է՝ գիշերը դանակը բաց պահիր, որ շեյթանը չմոտենա։ Պողպատը չարը խափանում է…

Դրանք հեքիաթներ են, Հասո՛, մի՛ հավատա, ամուր ասաց Աշոտը։ Շեյթան չկա և չի էլ եղել։ Տե՛ս, մենք դանակ չենք հանում և քեզ մոտ ամեն օր ջուր ենք խմում՝ առանց ձեռքներս գլխներիս դնելու։ Ո՞ւր է, ինչո՞ւ մի սատանա չի երևում… Հա՛, շարունակենք մեր խմբակի պարապմունքը։ Ուրեմն, չղջիկները գաղութներով են ապրում։ Ռուս կենդանաբան Սատունինը վաթսուն տարի առաջ մեր Արաքսի հովտում դիտել է նրանց կյանքը և շատ հետաքրքիր բաներ է գրում։ Ասում է՝ մի անգամ Օրդուբադից դենը մի քարայր մտա՝ մեջը մի քանի հազար չղջիկ կար… Իսկ Մցխեթի եկեղեցում ինը հազար չղջիկ են հաշվել։ Գիտնականները մտածել են, թե ի՞նչ հնար գտնեն, որ դրանք թողնեն-հեռանան եկեղեցուց, որպեսզի ժամերգությունը չխանգարեն…

Մինչ Աշոտը երկար-բարակ խոսում էր չղջիկների կենցաղի ու սովորությունների մասին, Հասոն, օրվա աշխատանքից հոգնած, քաղցր քուն էր մտել և քաղցր էլ երազ էր տեսնում։

Ահա ինքը ոչխարի հոտը փռել է սարի զմրուխտ լանջին ու մեկնվել արևի տակ, գոլ կանաչին։ Այնպես արև է, այնպես տաք… Բոյնախը, իր մանկության ընկեր Բոյնախը… փաթաթվում է իր ոտքերին, պոչը շարժում ու կարոտով լիզում է ձեռքերը… Բոլորովին վշտացած չի, որ մահացել է. աչքերի մեջ այնքա՜ն բարություն կա, այնքան խելք։ «Բոյնախ ջան, ախր դու… դու չկայիր… էդ ի՞նչ հրաշքով… Իսկապես, դու կենդանի՞ ես…»։ Եվ հովիվ պատանու աչքերից ուրախության ջերմ արցունքներ են հոսում, նա գրկում է իր ընկերոջ բրդոտ վիզը, իսկ Բոյնախը լիզում է նրա ձեռքերը և մեղմ թախիծով նայում… Հետո, իբր թե ոչխարները հանկարծ խրտնեցին և դես-դեն փախան։ Ի՞նչ պատահեց… Հա, քարերի արանքում մի ահագին կատու երևաց ու մի ոչխար վերցնելով՝ փախավ այնքան արագ, որ Բոյնախը ժամանակ չունեցավ գազանին հետապնդելու։ Ասենք, նա այդպիսի մտադրություն չուներ էլ, քանի որ իր կենդանական բնազդով արդեն որոշել էր, թե ի՞նչ ահռելի գազան է իր տեսած «կատուն»…

Նորից հանդարտվեցին, նորից Բոյնախը պառկել է իր ոտքերի մոտ և կարոտով ու անձնվիրությամբ լի հայացքով նայում է իրեն…

_ Բոյնախ ջան, ախպեր ջան… Իր ձայնից արթնացել էր Հասոն, իրականության և երազի միջև շփոթված՝ կրկնում էր սիրելիի անունը, և արցունքները գլոր-գլոր ցած էին հոսում նրա դալուկ այտերով…

Վերջապես ուշքի եկավ, լռեց։

Լուռ ու մտախոհ էին բոլորն էլ։ Գիշերն արդեն կես էր եղել, կրակն իջել, իսկ Շուշիկը սկսել էր նստած տեղը «տանձ կշռել»։

Քնե՛լ, հրահանգեց Աշոտը։ Վաղը գնում ենք այգեկութի;

Բայց նրանք հաջորդ օրը երկար ժամանակ չէին համարձակվում հեռանալ իրենց բնակարանից, վախենում էին, որ գազանը կարող է թաքնված լինել մոտերքում։ Այդ ահը հիմա ամենից շատ զգում էր Հասոն. սնահավատ պատանին համոզված էր, որ իր տեսած երազը մի տեսակ նախազգուշացում է հանդիսանում։

Մինչև կեսօր նրանք անձավում էին։ Կեսօրին որոշեցին նորից վառելիքի գնալ, կացնի թրխկոցը, ընկնող ծառերի դղրդյունը սրտապնդում էին, դե գազանը ծառ կտրող մարդուն հո չի՞ մոտենա…

Փոխնիփոխ աշխատում էին հին, ժանգոտ ու բութ կացնով, կտրում էին մոտակա ծառերը և մեծ-մեծ կտորներով քարշ տալիս այրը։

Օ՛ֆ, սա հո կացին չի՞, ծամում է անատամ եզի նման… Վե՛րջ, էլ սրանով ես փայտ չեմ կտրի, -քրտինքը սրբելով գործադուլ հայտարարեց Գագիկը։

Ա՜խ, այս տղաները, որ գլուխները տաքացած՝ ուժով են գործ անում, հանդիմանեց Շուշիկը։ Չի կարելի՞ սրել… Ախր սուր կացնով գործն էլ կհեշտանա, փայտ էլ շատ կջարդեք։

Լավ է ասում, Սարգի՛ս, մի դարբնոցից գործիքները բեր սրեմ, հաստատեց Գագիկը։

Իսկապես, ինչո՞վ սրեին։

Սպասեցե՛ք, ես հիմի իսկական սրոց բերեմ, ձեռքը ճակատին խփեց Աշոտը։ Ո՛նց չենք մտածել… Հապա՛, ի՞նչ եք կարծում, Հովազաձորում որտե՛ղ կլինի սրոցի հանք։

Սատանի եղունգը կսրի՞, ես տեղը գիտեմ։

Չէ, Սարգի՛ս, սրոցներ պատրաստողը բնության մեջ ջուրն է, նա՛ է դարերի ընթացքում կոկում քարերը… Գնանք նայենք մեր հեղեղի հունը…

Այնտեղ մեր պատանիները իրոք հղկված «գետաքարեր» գտան։

Կացին սրելն իսկական կաղ մարդու գործ է, տվեք ինձ։

Եվ մի մեծ ու ողորկ բազալտե քար առաջը դնելով, Սարգիսն սկսեց կացնի բութ բերանը քսել նրան։

Լա՛վ, մենք գնանք խաղող հավաքելու։ Իսկ փայտ կջարդենք այն ժամանակ, երբ արդեն կացինը սրված կլինի։

Ոչ թե սրված, այլ ալմազ դառած, ժպտալով ուղղեց Սարգիսը։

Ընկերները ծիծաղեցին։ Զարմանալի բան, Սարգիսն անգամ սկսել է Գագիկի «ոճով» խոսել, նրա ազդեցությունն է անկասկած։

Դե՛հ, գնացի՛նք… Հասո՛, վազիր կողովը բեր։

Չորքոտանի մի արարած օգտվում էր նրանց բացակայությունից և գողության էր գալիս այգին։ Նա թաթերով ետ էր տալիս ձյունը և քաղցր ողկույզները խժռում։

Աշոտը հետազոտեց նրա հետքը և տեսավ, որ կենդանին շատ երկար ճանկեր ունի։

Ա՜, մոռացել էի… Սա հո Սարգսին վախեցնող փորսուղն է, գլխի ընկավ և տարակուսանքով գլուխը շարժեց. ինչո՞ւ քուն չի մտել այս կենդանին…

Հո անխե՞լք չի, որ անմահական խաղողը թողնի, քնի, ասաց Գագիկը։

Առանց մտածելու ճիշտ պատասխան էր տվել. Աշոտը ընկերներին բացատրեց, որ կենդանիները քուն են մտնում սննդի պակասությունից, և պարզ է, որ քանի այգում դեռ խաղող կա՝ փորսուղը քուն չի մտնելու։

Սովի ահի՞ց էր, թե ինչից, իրենք էլ չհասկացան, միայն այն զգացին մեր պատանիները, որ հանկարծակի ատելությամբ են լցվել այդ կենդանու դեմ։

Այդ սրիկային պետք է գտնել, տիկ հանել և մեջը խոտ լցնելով, դնել Շուշիկի գլխի տակ, ատամները կրճտացնելով ասում էր Գագիկը։

Պակաս չէին զայրացած և մյուս պատանիները։ Խա՞նդ էր դա նախա՞նձ, թե որսորդական կիրք…

Խմբով գնացին կենդանու հետքերով և նրա բնին հասնելով՝ կանգ առան։

Փորսուղը իր համար բույն է փորում փափուկ հողերում, բայց այստեղ ժայռերի տակ ստորերկրյա բնական անցքեր կային, ինչո՞ւ պիտի նա ավելորդ ջանք թափեր բույն շինելու վրա, երբ կար պատրաստին։ Ահա ժայռի տակ ձյունոտ ոտքերը թափ է տվել ավազի վրա և ներս սողոսկել։

Ծուխ չդնե՞նք, հարցրեց Հասոն։

Բան չի դուրս գա։ Կսատկի կմնա խորքում։

Բա կենդանի թողնենք, որ գնա մեր այգին թալա՞նի, բարկացած հարցրեց Գագիկը։

Անցքը փակենք թող քնի…

Եվ Աշոտը տնքոցով այնպիսի մի քար բերեց խցկեց անցքը, որ հինգ փորսուղ միասին չէին կարող շուռ տալ։

Հիմի որ խաղողը մնաց մե՜զ, ուրախացավ Գագիկը։ Կախ կանենք ու ամբողջ ձմեռը կուտենք։

Երբ խաղողով ծանրաբեռնված նրանք մտան անձավ, Աշոտը կողովի պարունակությունը շուռ տվեց մի անկյունում.

Թող մնա այստեղ, ասաց նա՝ իր արածից գոհ։

Սպասի՛ր, Աշո՛տ, ախր դու տնտեսությունից բան չես հասկանում. խաղողը կույտ արած մի օրում կփչանա, -բողոքեց Գագիկը։ Եկեք կախենք…

Է՜, ասենք թե Հասոն, հովիվ մարդ, չգիտեր խաղող կախելու ձևը, այգիների մեջ մեծացած մյուս պատանիներն էլ չգիտեի՞ն։

Իսկույն դանակով բարակ ճյուղեր կտրտեցին-բերին։ Ամեն ճյուղի վրա նրանք թողել էին մի-մի մատնաչափ կեռ ցցունքներ, որոնցից և կախեցին խաղողի ողկույզները։ Ապա պատի ճեղքերին փայտից սեպեր խփեցին և խաղողով ծանրաբեռնված ճյուղերը զույգ-զույգ կախ տվին այդ սեպերից, իսկ թափված պտուղները լցրին կճուճը։

Այրը դարձավ իսկական մառան։

Գագիկը ձեռքերը կողքերին կանթած ետ էր կանգնել և հրճվանքով նայում էր խաղողի գույնզգույն կախաններին։ «Չէ՜, հիմար կլինենք, եթե էսքան խաղողը թողնենք, գնանք գյուղ…», յուրովի մտածում էր նա։

Բոլորը քաղենք էսպես կախենք, մինչև գարուն կդիմանա, հայտարարեց նա իր գյուտից բավական։

Բայց Գագիկի ուրախությունը երկար չտևեց։ Քիչ անց, երբ կրակը թեժացրին, նա տեղից վեր կացավ, ճութերը տնտղեց, որ Շուշիկի համար ընտիր խաղող ջոկի, նկատեց, որ կախաններից հյութ է ծորում։

Պա՛հ, ձեր տունը չքանդվի, խաղողը ցրտահարված է, փչանում է, բացականչեց նա ողբագին։

Հա՛, պտուղները պատռվում են, մաշկը ցրտահարված է, ստուգելով հաստատեց Աշոտը։ Ափսո՛ս, պահել չի լինի… Ի՞նչ անենք…

Պատանիների թափն իջավ։ Սննդամթերքը կա, բայց պահել չի լինում, դրանից էլ մեծ ձախորդությո՞ւն։

Կարկաճիս մեջ հանճարեղ միտք ծնվեց, բացականչեց Գագիկը։ Փչացող ճութերը տրորում ենք-լցնում կարաս-կճուճն ու դնում սառը տեղ, դառնում է գլյուկոզա… այսինքն՝ ճամփան բացող շարժիչ ուժ… խմի՛ր ու թիակը վերցրու…

Չի կարելի ասել, թե Գագիկի առաջարկը խելացի չէր։ Խելացի էր, բայց պատանիները (և հենց ինքը Գագիկն էլ) ափսոսանքով էին ճմլում-տրորում գույնզգույն ողկույզները, քանի որ դրանք ոչ միայն ուտելիք էին, այլև աննման գեղեցկություն։ Այնուամենայնիվ, սմքած ու չամիչ դարձած ողկույզները նրանք ընտրեցին, լցրին կողովի մեջ և դրին այրի մի անկյունում։

Երբ քամում էին հյութը կճուճի մեջ, Հասոն ամբողջ հոգով միայն մի բան էր ցանկանում, մենակ լինեին Շուշիկի հետ, իր ձեռքով մի աման լցներ այդ քաղցր հյութից և տար նրան։

Բայց ինչպե՞ս հյութ առաջարկի Շուշիկին, որ այդ Գագիկն էլի ձեռք չառնի-չամաչեցնի բոլորի մոտ։

Լավ էր, Գագիկը գնաց կավ բերելու։ Նրա բացակայությունից օգտվելով, Հասոն հարցրեց.

Խուշկե Շուշիկ, ծարավ չե՞ս…

Ծարավ եմ, բայց ո՞ւր է, ջուր չկա։

Կա՛… Բա սա ի՞նչ է, խմիր ջրի տեղ…

Եվ նա ցույց տվեց դանդաղ զուլալվող հյութը ու մեղավորի նման նայեց Աշոտին։

Տուր թող խմի, քթի տակ ժպտալով հավանություն տվեց Աշոտը։

Լավ, ի՞նչ կարիք կա… բողոքեց Շուշիկը։

Բայց նա այնպե՜ս էր կարոտել «շիրային», երբ այգեկութի ժամանակ մայրը լցնում էր գավաթն ու տալիս իրեն…

Խմեց Շուշիկը իրեն առաջարկած քաղցր հյութը տատանվելով, քաշվելով և դարձյալ կխնդրեր, եթե իմանար, թե դրանով ի՜նչ մեծ բավականություն է պատճառում իր քուրդ եղբորը…

Գագիկը երկու օրվա մեջ կավե երկու կոպիտ աման պատրաստեց, որոնք կճուճի չափ խոր էին, բայց բերաններն ավելի լայն, քան «փորները», ուրիշ կերպ չէր ստացվում. «Գործիք չկա, դըրգ չկա, եղբա՛յր», դժգոհում էր մեր ինքնուս բրուտը։

Նրա առաջարկով խաղողի հյութը հին կճուճի միջից քամեցին, լցրին նոր շինված ու թրծած «կարասները»։

Պա՛հ, պա՛հ, պա՛հ, գինի էլ ունեցանք։ Կյանք հո չի՞, մեր պապերի ասած արքայությունը հենց Հովազաձորում է եղել, ոգևորված ասում էր Գագիկն ու ոտքերը լայն դրած, ձեռքերը կողերին կանթած հպարտությամբ նայում էր քաղցր հյութով լիքը կարասներին։

Խորովածը կե՜ր, գինին վրան խմի՛ր, էլ ով է գժվել, որ գյուղ գնա… Աշո՛տ, էս մի կարասը թող կրակից հեռու մնա, որ գինի չդառնա, որպես գլյուկոզա ենք խմելու։ Էս մեկն էլ կրակի մոտ դիր՝ թող տաքանա, գինի դառնա, որ խմենք ցրտին դիմանանք…

Այդպես էլ արին։

Չէ՛, կարգավորվում է իրենց կյանքը և Հովազաձորի ձմեռն այնքան սարսափելի չէ, որքան որ կարծում էին։

Միայն մի բան էր այժմ երբեմն թունավորում նրանց տրամադրությունը. բոլոր նշաններից երևում էր, որ հովազը չի հեռացել ձորից։ Հասոն վերևում քարայծի ոսկորներ էր գտել, նոր միայն հոշոտված քարայծի…

Այդ դեպքի մասին նա միայն Աշոտին պատմեց և երկուսով եկան այն եզրակացության, որ իրենց ապրած խաղաղությունը ժամանակավոր է,..

Другие части "Հովազաձորի գերիները"

Ятук Музыка
Ереванские этюды
Александр Спендиарян

Ереванские этюды

Константинополь
Константинополь
Играть онлайн