Вахтанг Ананян
Հովազաձորի գերիները
27
Գլուխ իններորդ. Այն մասին, թէ ինչից էր այնքան դժգոհ Միրուք Ասատուրը
Կարելի է ասել, որ բախտի խաղ էր այն, ինչ կատարվեց այդ օրը։ Եթե որսորդների խմբերը չգային օգնության և Արամն ստիպված չլիներ սպասելու և նրանց հետ երկար-բարակ խորհրդակցելու, ինքը Հովազաձորի դիմաց դուրս կգար այն ժամանակ, երբ քարայծերը դեռ ձորից չէին վերադարձել։ Այն ժամանակ ձորում փակված մեր պատանիները կտեսնեին նրան դիմացի հորիզոնը փակող ժայռաշարքի կատարին կանգնած և ուրախության աղաղակներով կմատնեին իրենց տեղը։ Ու այդ պահից վերջ կտրվեր թե՛ իրենց և թե՛ ծնողների տառապանքներին։
Բայց բախտի բերումո՞վ, թե պատահմունքով քարայծերը հանդիպեցին այն զազրելի գազանին, Հովազաձորից դուրս փախան և զգալով, որ իրենց հետապնդողներ կան, ծռվեցին-իջան աղուտները։
Հիմա որսորդների խումբը հավաքվել, կրակ է վառել տափաստանում՝ Հովազաձորի Աջ ժայռաշարքի ծայրին։ Արամը, հեռու նստած, նայում է որդու գլխարկին ու լալիս է նրա սիրտը առանց արցունքի։ Դե ե՛կ, քանդիր այս հանելուկը… Ա՛խ, թե այդ կենդանին լեզու կունենա՛ր… Արամը հազար թակարդ կդներ ժայռերում, հազար հնարք կբանեցներ, կբռներ այդ նոխազին ու կհարցներ.
«Որտե՞ղ է այս գլխարկի տերը…»։
Հիմա կրակի մոտ մեկնված է այն կենդանին, որ տեսել է իր որդուն, բայց չի կարող պատմել, թե որտե՞ղ է տեսել, ո՞ւր է նա…
Միրուք Ասատուրը մռայլ ու մտախոհ ծխում էր իր հնամենի չիբուխը։ Բոլորի հայացքները նրան էին հառած, բոլորը նրանից էին բացատրություն սպասում։ Բայց ի՞նչ ասեր ծեր որսորդը։ Շատ բան էր տեսել նա իր կյանքում, բնության շատ զարմանալի երևույթներ կարող էր բացատրել, բայց թե ինչպե՞ս է Արամի որդու գլխարկը նոխազի եղջյուրը խրվել՝ ոչ մի կերպ բացատրել չէր կարողանում։
Դժգոհ էր նա իրենից և անհարմար էր զգում օտար մարդկանց առաջ։
Է՛հ, ասլան բալա, ինչպես երևում է մեր գալն իզուր էր քանի որ պետք չեկանք, իրենից անբավական դիմեց նա թոռանը։
Չէ՛, քեռի Ասատուր, չգայիր՝ էս էծը հիմի էստեղ պառկած չէր լինի ու գլխարկն էլ չէր ճանաչվի։ Քո կրակոցը մեզ համար պարզեց, որ երեխեքը մեր հանդում են կորել, ուրեմն էլ ուրիշ տեղ փնտրել պետք չի։ Դա էլ քիչ բան չի, քեռի Ասատուր։ Սրտովս սև արյուն է գնում, աչքերս շաղված են, ես չէի կարող խփել. էսօր մի անգամ էլ եմ կրակել վրան՝ չի կպել։ Որ մտածում եմ, թե էն իմ բալի գլխարկն է վիրու անասունի գլխին, սիրտս կտրատվում է, աչքերս շաղվում են… Գնանք, ցրտում է, գյուղ գնանք, դուք էլ հոգնած եք՝ կհանգստանաք..,
Նրանք իջան Այգեձոր, Միրուք Ասատուրը իր թոռան հետ գիշերեց Արամի տանը, իսկ Գրիգորն՝ իր հորաքրոջ մոտ, որն այդ երեկո հուզմունքից և՛ լալիս էր, և՛ ամենահամեղ պատառները դեմ անում իր եղբոր որդուն ու պաղատում.
Կե՛ր, աչքերիդ մատա՛ղ, կե՛ր, Գագիկիս տեղն էլ կեր, որ սիրտս հովանա։ Եվ շուռ գալով՝ գաղտնի սրբում էր արցունքները։
Լավ կլինի, կնի՛կ, լաց մի՛ լինի, էս լեն աշխարհում ո՞ւր պիտի կորչեն, ավելի շատ իրեն, քան կնոջը սիրտ տալու համար ասում էր Արշակը։
Ի՞նչ ասեմ, ի՞նչ ասեմ, Գագիկս լիներ՝ ո՜նց կուրախանար քեզ համար, Գրիգոր ջան, մրմնջում էր կինը։
Գրիգորի ժամանելով իր հորաքրոջ վերքերը բացվել էին։ Այդ գիշեր նա չքնեց, իսկ առավոտյան, նախաճաշից հետո, երբ լսեց դպրոցի զանգը, նորից սկսեց արտասվել։
Գնո՜ւմ են, բոլորն էլ դպրոց են գնում, բացի իմ բալից, մղկտում, մրմնջում էր դժբախտ մայրը։ Գրիգոր ջան, ամեն անգամ զանգի ձենը լսելիս սիրտս կտրատվում է… Ամեն անգամ նրա ընկերներին տեսնելիս աչքերիցս հեղեղ է թափվում։ Որ տեսնում եմ դասագրքերը ծալած, թանաքը չորացած՝ գլխիս կրակ է մաղվում…
Այ կնի՛կ, դե հերիք է, մի՛ լացացնի էդ երեխին, է՜ արքով հանդիմանեց Արշակը ու քայլերն ուղղեց դեպի իր ընկեր Արամի տունը։
Իսկ այդ պահին Միրուք Ասատուրը գոռգոռում էր կոլխոզի նախագահի վրա։
Ի՛նչ սառնասիրտ մարդիկ եք տո՛… Երեխեքը կորել են. իսկ դուք ամեն մեկդ սկյուռի նման ձեր բույնը պաշարով եք լցնում…
Ի՞նչ անենք, պատասխանեց նախագահը։
Ինչ անե՞ք, զխկո՛ւմ արեք, ափերից դուրս եկավ դյուրաբորբոք ծերունին։ Էն կորած երեխաներից ամեն մեկը ինձ ու քեզ պես հինգ մարդ արժեն, իսկ դու, լսել եմ, որ Երևանի ձեր խանութի մասին ավելի ես մտածում, քան մարդու մասին, որովհետև… որովհետև… նալլաթ քեզ չար սատանա, բերանս ինչ է գալիս հա՜…
Այնպես էր զայրացել ծեր որսորդը, որ կարմրատակել էր ամբողջովին և ձեռքը բնազդաբար տարել դաշույնի դաստակին, ինչպես միշտ անում էր մեկի վրա հոխորտալիս;
Ասատուր մի ասի, կրակի կտոր ասա, շշնջաց շեմքին կանգնած կոլխոզնիկներից մեկը։
Հա՜, կեծացած երկաթ է, հո մարդ չի։ Համա ճակատին շրպացրեց է՜…
Աչքն էլ հանեց…
Այդ քչփչոցը ևս նախագահի ականջին հասավ և նա վիրավորված դուրս գնաց, իսկ ծերունին, մի քիչ հանգստանալուց հետո,, ասաց.
Վեր կացեք, Արա՛մ, Արշա՛կ, հավաքեցեք մարդկանց՝ հանդերը գնանք, իմ շունչը կտրվում է ձեր գյուղում… Էն է, Կամոն էլ պիոներներին բերեց, պատուհանից դուրս նայեց ծերունին և վայրկենապես հարթվեցին դեմքի կնճիռները, խիստ հայացքը ջերմացավ։ Հա՛, Սիրան ջան, տնավարի դարձավ նա Արամի կնոջը, հիմիկուց հետս դիր իմ ճամփու պաշարը, քնելու եմ հանդերում ու էնտեղից էլ դենը գնամ մեր երկիրը։
Ինչո՞ւ, բա ետ չե՞ս գալու, Ասատուր քեռի, անհանգստացավ Սիրանը։
Չէ, է՛ն գյուղը, որ էսպես անսիրտ նախագահ ունի, էդ գյուղը ես ոտք չեմ դնի, կտրուկ հայտարարեց ծերունին և հրացանը վերցնելով՝ դուրս եկավ տնից։
Այնուհետև հանդերը լցվեցին գյուղացիների ու վզկապավոր պատանիների խմբերով։ Նրանք հետախուզեցին բոլոր ժայռերը, նրանց ծերպերն ու փչակները այն հույսով, թե գուցե մի նշան գտնվի։ Երեկոները խմբերով իջնում էին ձորակներում ծվարած ձմեռանոցները, հյուր էին մնում հովիվներին, իսկ ցերեկները նորից բարձրանում լեռները։
Փոքր Կովկասի Մաս ի սին նայող բոլոր լանջերը, բոլոր ձորակներն ու ժայռերը նրանք հետախուզեցին, բայց ոչ մեկի մտքով չանցավ գնալ Հովազաձոր, թեև շատ անգամ մոտեցան նրան, անցան նրա կողքով։ Ո՜վ կարող էր ենթադրել, որ Աշոտն իր ընկերներով գնացել է այնտեղ, ուր սրտոտ մարդը ամառն անգամ մուտք չի գործում, ո՜ւր մնաց ձմեռը…
Այն ժամանակ Արամը պիոներներին գյուղ վերադարձրեց, իսկ հասակավորներին հավաքեց մի տեղ և սիրտը լցված դիմեց նրանց.
Շնորհակալ եմ բոլորիցդ էլ, իմ ազիզ համագյուղացիներ, և քեզանից նույնպես, քեռի Ասատուր։ Ինչ որ պետք է՝ դուք արիք ինձ համար, սրանից դենը ձեր չարչարանքը ավելորդ է։ Գնացեք ձեր տները, իսկ ես կմնամ ֆերմաներում, չոբանների հետ հանդ կգնամ, գուցե մի տեղից մի դուռ բացվի իմ փակված բախտի առաջ…
Չէ՜, էդ ի՜նչ ես ասում, Արա՛մ ընկերությունը ես էդպես չեմ հասկանում, բողոքեց ծերունին։
Նա ոչ մի պայմանով չէր համաձայնում վերադառնալ իրենց գյուղը, քանի չի գտնվել կորած երեխաների հետքը։ Բայց Արամին հաջողվեց համոզել նրան, մանավանդ, որ չէր կարելի Գրիգորին դպրոցից այդքան ետ գցել։
Այն ժամանակ որսորդ ծերունին համբուրեց իր կրտսեր ընկերոջ ճակատն ու փիլիսոփայեց իր հանգի.
Մարդս հույսով է ապրում էս աշխարքում, Արա՛մ։ Հույսը որ չլինի, մարդը կխելագարվի։ Ոչ մի րոպե հույսդ չկտրե՛ս։ Էս բարի լույսը վկա, սիրտս վկայում է, որ երեխեքը կենդանի են…
Է՛հ, երկինքը քո սրտովը տա քեզ, քեռի Ասատուր։ Շնորհակալ եմ, բարի ճանապարհ…
Եվ Կամոյին ու Գրիգորին համբուրելով՝ Արամը ճանապարհ գցեց լճավանցիներին դեպի Ագրիջա լեռը, որ կանգնած էր վերևում, ամպերի մեջ, ծեր Արարատին դեմ հանդիման։
Գնաց ծեր ունի որսորդը դեպի լեռները, գնացքով ճամփորդելը հակառակ էր նրա տարերքին։ Գնաց ու հետը տարավ դաշտեցիների ջերմ համակրանքը։ Իրոք, լավ անուն և լավ հուշեր էր թողնում Միրուք Ասատուրը Այգեձորի մարդկանց սրտերում։
Գլուխ տասներորդ. Թե ինչպես ցնդեց այն առասպելը, որ իբր թե երեխաները փախել են Հեռավոր Արևելք
Արամը քունն ու դադարը կորցրած՝ մինչև գարուն սարերից տուն չէր գա, եթե մի դեպք չջախջախեր նրա թևերը և վերջ չտար նրա թափառումներին։
Արարատյան դաշտի այն հատվածը, որ տարածվում է Հովազաձորից ներքև, ինչպես արդեն ասել ենք, ամուլ ու մերկ է մինչև Արաքսի ձախ ափը, ուր թփուտների և եղեգնուտի մի նեղ շերտ է ձգվում գետին զուգահեռ։ Բուսական այդ շերտն էլ չէր լինի, եթե ամեն գարնան հորդացող Արաքսը դուրս չգար իր հունից և չողողեր ափերը։ Այդ միակ տափաստանը մի բեկորն է այն անապատի, որ վերջին տասնամյակների ընթացքում հետզհետե ոռոգվեց, մշակվեց և պատեց խաղողի այգիներով ու բամբակի պլանտացիաներով։
Երկու կողմից սեղմված կուլտուրական մշակույթների միջև անապատի այդ կտորը ունկնդրում է իրեն հասնող մետաղե ձայներին, ջրի խոխոջին և պապակ սրտով սպասում իր մոտալուտ փրկությանը։ Այժմ, սակայն, նա դեռ ամուլ է և ամռան շոգին այնտեղ աճում են միայն ծուռումուռ ուղտափուշը և արծաթագույն մազմզուկներով ու արբեցուցիչ հոտով օշինդրը։
Տափաստանի այդ հատվածում պիտանի բուսականություն կա միայն կենտրոնով անցնող հեղեղատի ափերին։ Սկսած Հովազաձորի ներքին պռունկը եզերող ժայռերից մինչև Արաքսի առափնյա թփուտները, իրար զուգահեռ երեք նեղ շերտեր են ձգվում, կենտրոնի գորշ ու քարքարոտ շերտը խորհրդավոր հեղեղի հունն է, իսկ նրա երկու կողքերից ձգվող դեղին շերտերը հեղեղով ջրված ու աճած խոտն է, որ այժմ չորացած սվսվում է ձմռան ցուրտ հողմերի առաջ։
Նոր էր ձյունը վեր կենում դաշտից, խոտառատ այդ արոտը այնպես էր փափկել, որ հեռվից դեպի այդ դեղնած շերտերն էին ձգվում բոլոր կճղակավորները, և առաջին հերթին՝ մուֆլոնները։
Հովիվ Ավդալը հանդերը մասերի էր բաժանել և հերթականությամբ արածացնելով՝ հասել էր Արարատյան դաշտի ասածս խոպան մասին ու կանգ առել։
Արամի հետ միասին հետապնդելով քարայծերի խմբին, նա տեսավ առատ բոզախոտը հեղեղատի եզրերին և վճռեց հոտն արոտի բերել այդ վայրը։
Մինչ որսորդները թափառում էին հանդերում, նա ոչխարի հոտը քշեց հեղեղատ և ցածրահասակ կենդանիները կուլ գնացին խոտի շեկ ծովին։
Հոտը փռված արածում էր, իսկ հովիվ Ավդալը տխուր ու դարդոտ եղանակներ էր նվագում իր սրինգով.
Լո՛, լո՛, լո՛, լո՛…
Քուրդ հովիվները սովորություն ունեն իրենց հետ մեկ-երկու ավանակ ունենալու։ Նրանց վրա է ամրացված ուտելիքով լիքը խուրջինը։ Եվ երբ հանդում ոչխար է ծնում, գառներին մտցնում են խուրջինի «թայերը» ու հանգիստ կենդանին օրորելով տուն է տանում իր մեջքին բազմած նորածիններին։ Իսկ որ օրը ծնունդ չի լինում հանդում, հովիվները վառելիք են հավաքում ու բարձում էշերին, հարմար չէ, որ բեռի սովոր կենդանին դատարկ մեջքով տուն վերադառնա…
Երբ արևը թեքվեց դեպի Հայկական Պար, Ավդալը իր կրտսեր ընկերներին հեղեղատից ցախ հավաքելու կարգադրություն արավ։
Սրանք զարմանքով տեսան, որ շատ փայտ կա հեղեղատում ցրված։ Իսկ երբ հավաքում էին փայտը, որ բարձեն էշերին, շներից մեկը ներքևից եկավ՝ մի աբա բերանն առած… Բերեց, հանձնեց տիրոջն ու նրա խելացի աչքերը կարծես հարցնում էին. «Մի տես, սա մեր Հասոյի աբան չի՞…»։
Այդ հողոտ ու կոշտ շորի տեսքից աժդահա հովվի սիրտը թպրտաց, արցունքը դեմ առավ կոկորդին ու սկսեց խեղդել նրան։ Շուռումուռ էր տալիս իր որդու զգեստը և ցավից ուզում գոռալ, իմաց տալ աշխարհին իր մեծ կորուստի մասին։
Որտեղի՞ց գտար, Չալո ջան, որտեղի՞ց, մղկտալով և արցունքները կուլ տալով հարցնում էր նա։
Եկան, գլխին հավաքվեցին ընկերները, տնտղեցին շորը, մնացին սառած. իսկ և իսկ Հասոյինն է…
Լո՛, լո՛, լո՛, լո՛… Ուրեմն Հասոն կենդանի՞ չէ, Հասոն խեղդվե՞լ է…
Գնանք ցույց տուր, Չալո ջան…
Հեղեղատով ցած գնացին շան հետևից, անցան Արարատյան դաշտը կտրող ճանապարհը, որ գալիս էր Այգեձոր և այլ գյուղերից, և կանգ առան հեղեղի կողմից խոշտանգված մի թփի մոտ։ Շունը հայացքով հասկացնում էր, որ այդտեղ էր դեմ առած Հասոյի Աբան։
Էս ի՞նչ թուղթ է, և հովիվներից մեկը կռանալով տիղմի միջից մի գիրք հանեց։ Գտան և ցեխի մեջ թաղված մի տետր, որի միայն մի եզրն էր երևում։
Հեյ վա՜խ, հեյ վա՜խ։ Երեխեքին էլ հեղեղը տարել է… ասաց վշտահար հովիվը։
Նստեց հեղեղատի բարձր պռնկին, գլուխն առավ ափերի մեջ և այդ դիրքով նա կարծես վիշտն ինքն էր մարմնացած…
Լո՛, լո՛, լո՛, լո՛…
Սիրած որդուն կորցնելուց ծանր վիշտ կա՞ աշխարհում…
Երկար թափառումներից հետո գյուղ վերադարձավ որսորդ Արամը, սևակնած սրտով վերադարձավ։ Ծանր նախազգացումով մտավ տուն և տեսնելով կնոջ նիհարած-կանաչած դեմքը, վշտից ճերմակած մազերն ու փոս ընկած աչքերը, փշրված սրտով ընկավ աթոռին։
Մեր Աշոտը չկա, փղձկաց կինը։ Այլևս արցունք չկար նրա աչքերում, այնքան էր լացել ու ողբացել։ Միայն նիհար ուսերն էին ցնցվում։
Մի բան ասա հասկանանք, մռնչաց Արամը՝ սրտին գնդակ առած կենդանու նման։
Հեղեղը տարել է երեխանցը…
Ո՛ր հեղեղը։
Դժոխքի ուղարկած…
Ու կինը լալով պատմեց հեղեղատում գտնված նշանների մասին։ Ապա ծալքի տակից հանեց որդու ցեխոտ տետրն ու մեկնեց, ամուսնուն.
Էս է մնացել մեր Աշոտից…
Բալա ջա՛ն… Բալա ջա՛ն… Տետրը դեմքին սեղմած՝ ցավից տնքում էր Արամը։
Ապա վեր կացավ, գնաց հանրային ախոռը, երկու ձի թամբեց, և մեկին հեծնելով, քշեց Արշակի տուն։
Նստիր գնանք, ասաց նա ընկերոջը։
Սա դուրս էր եկել տնից աչքերն ուռած-կարմրած, իսկ ներսից լացի ու հառաչանքի ձայներ էին լսվում։
Ո՞ւր… հազիվ հարցրեց Արշակը։ Այդ աժդահա մարդը մի ժամվա մեջ կուչ էր եկել-փոքրացել, հաղթ ուսերը կախ էին ընկել։
Գնանք հեղեղատի կողմը, տեսնենք ինչ կա, ինչ չկա…
Արշակը լուռ հեծավ ձին, և նրանք մտրակեցին երիվարներին ու սլացան դեպի չարաբաստիկ հեղեղատը, որ ահից ու դժբախտությունից բացի, ուրիշ բան չէր բերել այգեձորի սերունդներին։
Արևը մտնում էր, երբ հասան հեղեղատին, ձիերը կապեցին անապատային մի թփի ու առաջ գնացին երբեմնի ջրի հոսանքն ի վար։ Նրանք կանգ էին առնում, կռանում, զննում ամեն մի փայտի կտոր։ Մի քարի տակից գրքի ծայր երևաց։ Հանեցին տիղմի մեջ թաղված դասագիրքը, բաց արին։ Ո՞ւմն է. հայտնի չէր, ամեն ինչ ցեխոտվել-անընթեռնելի էր դարձել։ Թերթեցին, բաց արին անարատ մնացած թերթերը։ Ռուսերեն գիրք էր։ Ահա մի կտոր ծեր Ջամբուլի բանաստեղծություններից.
Пой от скорби и горе, Джамбул,
Пой печальней осенних рек…
Սա ո՞ր գրքից կլինի, Արշա՛կ։
Կաց, դա հո մեր Գագիկն էր անգիր սովորում… յոթերորդցիների գիրքն է, ռուսերենի ընթերցանության գիրքը։ Վա՛յ, Գագիկ ջան, որտե՞ղ մնացիր…
Եվ դժբախտ հայրը, գլուխն ափերի մեջ առած, հեկեկում էր երեխայի նման։ Հիշում էր որդու մշտուրախ դեմքը, ծիծաղը սև աչքերի մեջ, կատակները… Ո՞նց կարող է հողն ընդունել այդպիսի երեխայի, ի՞նչ խղճով…
Գնանք, Արշա՛կ, տեսնենք է՞լ ինչ կգտնենք .
Եկան-տեղ հասան և պիոներները, եկան հարևան, բարեկամ, համագյուղացի և հեղեղատը պրպտելով՝ իջան մինչև Արաքսի ափը։ Նրանք մի քանի դասագրքեր և տետրեր ևս գտան՝ բոլորն էլ Երևան տանող մեծ ճանապարհից ցած։ Եվ մարդիկ խորհրդի նստեցին ու եկան այն եզրակացության, որ պատանիները, ճամփով անցնելիս, ընկել են հանկարծակի վրա հասած հեղեղի բերանն ու քշվել դեպի Արաքս։
Բա դեսն ո՞ւր գնալիս կլինեին, տարակուսում էր Արշակը։ Բա էն թղթերը ի՞նչ էին, Հեռավոր Արևելքը՞ որն էր…
Ճանապարհը անցնում էր հերթական կայարանի մոտով, գուցե երեխաները ֆերմայից մոտիկ կիսակայարանը գնալու փոխարեն մտածել են գնացք նստել «իսկական կայարանից» և ճամփին ընկել են հանկարծահաս հեղեղի բերանը…
Մի բան անհասկանալի էր մնում, թե ինչո՞ւ նրանք չեն փախել հեղեղից, չէ՞ որ հորդացած ջուրը գոռում-գոչյունով է մոտենում…
Ուշացած տեղ հասավ պահեստապետ Պարույրը՝ ճերմակ կիսամուշտակը հագին, երկարաճիտ կոշիկներով։ Եկավ, իր սովորության համաձայն առանց բարև տալու սկսեց կարկուտի նման վրա տալ։ Զարմանալի մարդ է այդ Պարույրը, կարծես ծանրաշարժ ու ծույլ Սարգսի հայրը չլինի, որդու շարժուձևին հակառակ՝ նա խոսում է արագ, ձեռքերը թափահարելով, քայլում է արագ, աչքերը ման է ածում արագ, և ոչ մի բանի վրա չի կենտրոնանում ո՛չ ինքը, ո՛չ միտքը, ո՛չ հայացքը։ «Քաջքաքամի է, հո մարդ չի», մի անգամ սրա բնավորությունը բնորոշել էր որսորդ Արամը։ Սովորություն ունի խոսելիս տեղի-անտեղի աչքով անելու խոսակցին, կարծես նրա հետ ինչ-որ դավադրության մեջ լինի… «ժուլիկ մարդ է», նրա մասին կարճ ասում էին այգեձորցիք։
Այս անգամ էլ հայացքն արագ ման ածելով՝ արագ-արագ հայտնեց իր կարծիքը.
Ով գիտի, գուցե հոգնած նստել են խոտերի մեջ, հաց կերել ու մեկնվել-քնե՞լ… Քնածն ու մեռածը մեկ է… Էլ չխոսենք։ Էդ է որ կա…
Եվ որովհետև Պարույրի գլուխը տաքացած էր, նա չսոսկաց իր արտահայտած այդ մտքից։ Այդ ենթադրությունը ամենից հավանականը համարվեց, այդ վայրերում, ինչպես մենք արդեն գիտենք, պառկելու համար փափուկ խոտ միայն հեղեղատի ափերին կար, որը և գրավել է երկար ճամփորդությունից հոգնած պատանիներին։
Նոյեմբերի 7-ի արևոտ օրը մեկնվել են նրանք չոր խոտին և այնպես խոր են քնել, որ չեն զգացել հեղեղի մոտենալը…
Մի բան միայն դարձյալ մնում էր անհասկանալի, ինչպե՞ս էր Աշոտի գլխարկը խրվել նոխազի եղջյուրը…
Այս դեպքը վերջնականապես ընկճեց որսորդ Արամին և նա դադարեց փնտրել իր որդուն։
Այգեձոր գյուղում այդ օրերին սուգ էր, հետաձգվել էին բոլոր քեֆերն ու հարսանիքները։ Նկուղներում կանգնած էին գինով լի կարասները, բայց ո՜վ խնջույքի սիրտ ուներ։
Ով էլ զվարճանալ էր ուզում, դա անում էր անաղմուկ, առանց նվագի, որպեսզի չվիրավորի դժբախտ ծնողներին…
Կոլխոզի նախագահ Հարութը պատահեց ծերունի փոստատարին՝ ծանր պայուսակը տնքալով տանելիս.
Էլի նամակնե՞ր են։
Հա՛, ընկեր նախագահ, ձեզ են ուղարկել, երևի էլի երեխաների մասին են հարցնում։
Հոգիներս դուրս եկավ դրանց պատասխանելով, տո՜… Բա մենք էլ բան ու գործ չունե՞նք, բարկացավ Հարութը։ Համը հանեցին, էլի՛… Բոլորին էլ պատասխանիր, որ խեղդվել ե՜ն, չկա՜ն,., պրծա՞նք… Չեն թողնում հանգիստ մեր գործին կենանք, ախպե՛ր, ամբողջ օրը նամակներին պատասխանելով ենք զբաղված։
Ճերմակ մազերով շրջանակված ծերունու դալուկ այտերը վայրկենապես հրդեհվեցին, վզի երակները ուռան։
Չար մի լինի, Հարո՛ւթ, էս ուղտը մի օր էլ քո դռանը կչոքի։
Նրա աչքերում ծանր հանդիմանանք կար։
Ի՞նչ է, սպառնո՞ւմ ես։ Լեզուդ մի՛ երկարացնի, թե չէ պաշտոնից կհանեմ։
Ախ քո պաշտոնը…
Եվ ծերունին նախագահի առաջ նետեց թերթերով ու նամակներով լի պայուսակը։
Ես քեզ նման նամարդ մարդի ձեռքի տակ չեմ աշխատի… Դու հոգի չունե՛ս… Դու բոլոր բաներում էլ էստեղ ես հասցրել… Նա ցույց տվեց իր կոկորդը և շուռ եկավ գնաց։
Դու պատասխան կտաս իշխանությանն անպատվելու համար, հետևից լսեց նա Հարութի սպառնալիքը։
Գնաց դառնացած սրտով փոստատար Մուրադը, այլևս ուժ չուներ խաբելու վշտահար ծնողներին, այլևս չէր կարող դիմանալ նրանց հարցական հայացքներին՝ «Բա մի լուր չե՞ս բերել, քե՛ռի Մուրադ…»։
Այո՛, նա մեծ հույս ուներ բերելու երեխաների գտնվելու լուրը և «աչքալուսանք» անելու նրանց ծնողներին։ Ինչպե՜ս կուրախանար որդուց զուրկ ծերունին իր հարևանների երջանկությունը տեսնելով։ Այդ հեռանկարով էր նա օրական երկու անգամ ձյունին ու բքին գնում շրջկենտրոն։ Սիրո՛վ էր գնում, այդ հեռանկարը ուժ էր տալիս նրա թուլացած ոտքերին։
Ցնդեցին ծերունու հույսերը և դրանից հետո հանգավ նրա ներսում այն կրակը, որ ուժ էր տալիս նրան։ Այլևս սիրտ չուներ փոստ գնալու։
Մինչև ե՞րբ կեղծեմ… մինչև ե՞րբ դերասանություն անեմ, շշնջում էր նա դառնացած։
«Հիմի էլ թող ուրիշը բերի փոստը… թող ուրիշին հարցնեն…», մտածում էր ծերունին և անիծում այն օրը, երբ ինքը ուրախ-ուրախ փոստարկղ կախեց ֆերմայում։
Խիղճը հանգիստ չէր. նրան թվում էր, թե ինքը ակամայից մասն ունի երեխաների խորհրդավոր անհետանալու մեջ։
Գլուխ տասնմեկերորդ. Թե ինչպես մարդուս սիրտը ամրանում է փորձանքների մեջ
Երբ տապալվեց խախուտ դուռը և ներս ընկավ հարբած արջը, հասկանալի է, որ անասելի խուճապ ու իրարանցում ընկավ քարանձավի բնակիչների մեջ։
Սարգիսը գոռաց և փախավ այրի խորքը, Շուշիկը թույլ ճիչ արձակեց, իսկ Աշոտը գոչում էր.
Կրակո՛վ, կրակո՛վ…
Հասոն ձեռքի կացինը ցած գցեց ու վառվող փայտերը նետեց, կենդանու, վրա, Աշոտը մահակով օջախի կրակը արագ-արագ դեպի շեմքն էր շպրտում։
Արջը գոռգոռալով դուրս փախավ և ներքևի թփերի մեջ պպզած՝ լիզում էր իր այրված թաթն ու մռթմռթում, երևի դժգոհում էր, որ այնքան հյուրընկալ այրն այս անգամ անբարյացակամ է ընդունել իրեն։
Աշոտը, Հասոն և Գագիկը, մի-մի խանձող ձեռքներին, կանգնել էին այրի շեմքին և զգում էին, որ արջն այլևս այնպես սարսափելի չէ, ինչպես սարսափելի էր երեկ, երբ գինու ազդեցության տակ կտրում էր իրենց ճամփան։
Գագիկը, որ, համենայն դեպս, մի ոտքով այրի ներսում էր, լեզու ցույց տվեց արջին և նույնիսկ կատակեց.
Սիրտդ չի՞ կտրվում մեր տնից, ազիզ ջան… Կարծում ես հենց ամեն օր վառեկ ու գինի՞ կստանաս…
Արջը շարունակում էր մռթմռթալով նայել այրի մուտքին, մսի հոտը խելքամաղ էր անում նրան։
Հա՜, հասկացա, բրդո՛տ քեռի, գինին խմել ես՝ ախորժակդ բացվել է։ Ա՛ռ կե՛ր…
Ու Գագիկը մի կարմրած ածուխ նետեց, որ արջի առաջ թշշաց ձյան մեջ և ծուխ ու դարբնոցահոտ արձակեց։ Այդ չնչին ածուխի կտորից, նրա չնչին թշշոցից ահագին գազանը ետ փախավ։
Տո՛ սա հո վախկոտի մեկն է եղել… Տո՛, Աշոտ, դա ի՞նչ է, որ մինչև օրս վախեցել եք դրանից…
Այնպես էր ուրախացել Գագիկն այդ նորությունից, որ շարունակ կատակելու և զվարճանալու պահանջ էր զգում։ Դա բեկման պահ էր նրա կյանքում։ Դա այն պահն էր, երբ մանկական օրերից եկող երկյուղը իր դիրքերը զիջում է արդեն առնականացող պատանու մեջ նոր-նոր ծնված արիությանը։ Դա աճումն ինքն էր։ Եվ Գագիկը զգում էր իր աճը, զգում էր, որ իր հոգին ազատվում է երկյուղի հարատև կաշկանդումից։ Զգում էր, որ տղամարդ է դառնում։ Զգում էր այդ ամենը և հպարտանում, հրճվում, հրճվում…
Տո կաց, ես դրա քուրքը խանձեմ է՜, գոչեց նա ոգևորությունից կերպարանափոխված և մի եղևնու յուղոտ ճյուղ վառելով՝ քշեց արջի վրա։ -Ես հո մենակ էլ դրա հախից կգամ, դո՞ւք ուր եք հետևիցս գալիս, մի քանի քայլ անելուց հետո ետ նայելով՝ դիմեց նա իրենց տեղում անշարժ կանգնած ընկերներին։ Սրանք հասկացան այդ ակնարկը (դե մարդ հո՞ մի վայրկյանում սրտոտ առյուծ չի դառնա) և խանձողները պտտեցնելով օգնության գնացին իրենց ընկերոջը։ Գագիկը քաջալերված առաջ վազեց (իհարկե, չմոռանալով շուտ-շուտ ետ նայել…) և բերկրանքով տեսավ, որ գազանը թփերը ջարդելով փախչում է… Կենդանին շփոթ քայլերով աճապարեց ներքև և հասնելով հարավային բարիկադին, շտապելուց նրա գլխից ցած գլորվեց։
Նա ափալ-թափալ ցած նետվեց ճգնավորի պատրաստած քարե աստիճաններից, գնաց-հասավ ներքին տափարակն ու խաղողի այգու մեջ պպզելով, սկսեց իրեն-իրեն մռթմռթալ։ Երբեմն էլ վեր էր քաշում ծանրացած գլուխն ու խեղճ-խեղճ նայում քարակույտերից վեր ելնող ծխի ժապավեններին։
Մի դենը նայեցեք, Շուշիկի նման տանձ է կշռում…
Իսկապես, խիստ հարբելուց հետո թեև անցել էր մեկ և կես օր, բայց երևում էր, որ կենդանու գլուխը դեռ ծանրացած էր. դե Արարատյան մաճառի զորությանը իսկի նախագահ Հարութը չի դիմանում, ա՞րջ կդիմանա…
Բարիկադի վրայից նայում էր Շուշիկն այդ տեսարանին ու ծիծաղում, թեև նրա արցունքները դեռ չէին չորացել։ Ծիծաղում էին և տղաները, միայն Սարգիսն էր կրակի մոտ անտարբեր պառկած։
Ազիզ ջան, մի ուռա կանչիր է՞, Շուշիկին ասում էր Գագիկը և նկատելի էր, որ նրա ուրախությունը սովորական չի, այլ վերածնվող մարդու ուրախություն է։
Ետ եկան, հևալով կանգ առան այրի մուտքի առաջ։ Ընկերները հետաքրքրությամբ դիտում էին Գագիկին։ Նրա նիհար ու վտիտ դեմքը շառագունել էր, սև աչքերը վառվում էին ածուխների նման։
Հաղթանակի դափնիները պատրաստե՞լ ես, ազիզ ջան։
Պատրաստել եմ, հիմա կբերեմ…
Եվ Շուշիկը այրի խորքից մշտադալար կենու մի ճյուղ բերեց, կորացրեց, ծայրերը կապեց իրար և հագցրեց տղայի գլուխը և ոսկեգույն մի տերև էլ ամրացրեց նրա կրծքին.
Սա էլ քեզ «Արջ հաղթելու շքանշան», ծիծաղեց նա։
Կատակի ժամանակ չի, կրակներ պետք է վառենք այրի առաջ և ներքև, քարե աստիճանների տակ, թե չէ դա մսի հոտ է առել, մեզանից ձեռք չի քաշելու, ասաց Աշոտը և գործի անցավ։
Քիչ անց արդեն ծուխ էր բարձրանում թե՛ անձավի առաջ, թե՛ քարե աստիճանների վրա, թե՛ մանավանդ «բարիկադների» գագաթներին։
Նայում էր Աշոտը ծխացող խարույկներին և նորից ու նորից շարժվում էին նրա ցնորքները… Ահա իրենց բերդը, ահա նրա աշտարակներից շեկ բոցեր են ելնում դեպի երկինք, իսկ պահակները արթուն կանգնած են բուրգերի վրա…
Քարակույտին կանգնած, նա իր վառ երևակայության թևերով տեղափոխվել էր մի այլ աշխարհ, իսկ Գագիկը շարունակում էր լեզու ցույց տալ հեռվում կանգնած գազանին։
Աշոտն ուշքի եկավ և այսպիսի խոսքերով դիմեց իր ընկերներին.
Սա քնահարամ եղած արջ է։ Մեր ներկայությամբ սա ձմեռվա քուն չի մտնելու և հենց որ սովեց՝ ամեն ավազակություն էլ անելու է։ Ձորում կեր չի մնացել, ուզի-չուզի մեր ուտելիքն է խլելու, և եթե շատ սովեց, կարող է նույնիսկ…
Տեսնելով, որ երկյուղ է գծագրվում ընկերների դեմքերին, նա իր միտքը չշարունակեց և անցավ իր բուն մտադրությանը.
Արջին այնպես պետք է վախեցնենք, որ նա սրանից հետո սիրտ չանի մեզ մոտենալ… Իմացե՛ք, որ բնության մեջ ամենից ուժեղը մարդն է։ Մենք ձեռներ ունենք։ Նա՝ չունի։ Մենք խելք ունենք, հազար հնարք կմտածենք, նա՝ չունի, ներշնչում էր Աշոտն իր ընկերներին։ Դե՛հ, մի-մի խանձող վերցրեք ու հետևեցեք ինձ…
Զորավարն առանց նիզակի՞ կռվի գնա, Շուշիկին աչքով անելով ասաց Գագիկը։ Իր տիտղոսից շոյված, Աշոտը Գագիկի հետ մտավ այրը՝ նիզակը վերցնելու, իսկ Հասոն մնաց քարե աստիճանների վրա։
Բայց, Աշո՛տ, վախենում եմ արջի մորթին փչա…
Գագիկի բերանը բաց մնաց, դրսից այնպիսի գոռոց լսվեց, որ կարծես այրի կամարները ցնցվեցին։
Հասոյին կերավ, գոչեց Աշոտն ու նիզակը վերցնելով, դուրս վազեց։
Երբ հասավ քարե աստիճաններին, իր հետևից լսեց Գագիկի ահաբեկված ձայնը.
Վախես ոչ, Աշո՛տ, հետևիցդ կրնկակոխ գալիս եմ…
Քաք գիրքա