Вахтанг Ананян

Հովազաձորի գերիները

12

Գլուխ քսանմեկերորդ. Թե երբեմն ինչ կարող է պատահել մարդուս հետ, եթե ժայռից գլորվի անդունդը

Կարծես ժամանակը կանգ առավ։

Տարի թվացին այն վայրկյանները, որ անցկացրին անակնկալ դեպքից շանթահարված պատանիները, լարված ականջ դնելով։ Շրջապատի քար լռության մեջ նրանք իրար ծանր շնչառությունն էին լսում և մեկ էլ՝ յուրաքանչյուրն իր սրտի անհանգիստ տրոփյունը։

Ոչ ոք չէր հիշում ինչից, ինչպես սայթաքեց և ցած ընկավ իրենց ընկերը։ Այդ ամենը կատարվեց այնպես արագ ու անակնկալ, որ ոչ ոք ժամանակ չունեցավ օգնության հասնել աղետյալին։

Մենք դաժան էինք նրա նկատմամբ, հեծկլտանքից ուսերը ցնցելով գանգատվում էր Շուշիկը, և բոլորն էլ գիտեին, թե ում է ուղղված նախատինքով լի նրա խոսքը։

Եվ նա, ում ուղղված էր այդ բողոքը, խղճի խայթ էր զգում։ Եթե իմանար, որ Սարգիսը վերջ ի վերջո զոհվելու է, նրան դառն խոսքեր չէր ասի, նույնիսկ հետն աշխատանքի չէր բերի։

Գնանք դիմացից նայենք քարափին, գուցե մի տեղ դեմ առած լինի, առաջինը ուշքի գալով առաջարկեց Հասոն։

Իր բացած կածանով խումբը ետ գնաց, իջավ ձորակը, անցավ ժայռի դիմաց։

Տագնապով լի հայացքով նրանք զննում էին իրենց դիմաց վեր ելնող ժայռի ճակատը, նրա ծերպերը, խոռոչներն ու ճեղքերը։ Ավա՜ղ, կենդանության ոչ մի նշան չէր երևում, միայն արծիվներն էին ծանր-ծանր թևածելով պտտվում ձորի վրա։ «Արյան հոտի վրա են հավաքվում», մտածեց Աշոտը, և նրա սիրտը ճմլվեց, արցունքը դեմ առավ կոկորդին։ «Այս ի՜նչ արի, այս ի՜նչ արի…», իրեն անիծելով անընդհատ կրկնում էր նա մտքում, թեև արտաքուստ խրոխտ էր ձևանում։

Իջնենք քարափի տակ, հրահանգեց նա։

Քարերից բռնելով նրանք իջան անդունդը՝ այնտեղ, ուր գահավիժել էր իրենց ընկերը, բայց ժայռի տակ վերևից ցած թափած ձյունից և քարի հատուկենտ կտորներից զատ ոչինչ չկար։

Ժայռի ճակատին է մնացել, վճռեց Աշոտը և վեր վազեց։

Քիչ անց մի այլ դիրքից տղաները հայացքով նշաններ էին փնտրում դիմացի ժայռի ճակատին։

Իմ կարծիքով եղևնու թփին է դեմ առել, գոչեց Աշոտը; Նրա ձայնը հնչում էր հուսատու։ Տեսե՛ք, թուփը ճիշտ այն ուղղությամբ է, որտեղից գլորվեց Սարգիսը։

Այն թափով, որ գլորվեց, դժվար թե թուփը պահեր, լալով ասում էր Շուշիկը։ Որ դեմ առած լինի՝ կամ ոտը կերևա, կամ գլուխը…

Թփից վերև մի թարեքի նման բան պիտի լինի, մի կտոր

փափուկ հող, թե չէ այդ թուփը ժայռի ճակատին իր սնունդն ու ջուրը որտեղի՞ց է ստանում։ Գոնե կես մետր լայնությամբ մի կտոր հող ունի նա իր համար, թե չէ չէր ապրի, բնասերի տրամաբանությամբ իրենն էր պնդում Աշոտը։

Է՛հ, ձեռքը հուսահատ թափ տվեց Գագիկը։ Ջաղացը կորցրել ես չախչախին ես ման գալիս։ Հողի կտորը ինչի՞ս է պետք, մեզ Սարգսի տեղն ասա…

Սարգիսը հենց այդ հողի կտորի վրա պիտի լինի… Այստեղից թուփը նրան ծածկում է մեր տեսողությունից, գնանք վերևից նայենք…

Նրանք վերադարձան իրենց եկած ճանապարհով։ Բոլորն էլ լուռ էին, մտախոհ, սրտները լի ահով ու կսկիծով։ Միայն Աշոտը ճանապարհին ինքն իրեն քրթմնջաց.

Ա՜խ, թե հողի կտորը լայն կլինի ու վրայի ձյունը խո՜ր…

Ոչ ոք չճգնեց հասկանալու նրա այդ ցանկության իմաստը։

Բոլորն էլ անդառնալիորեն կորած էին համարում իրենց ընկերոջը և ոչ մի «թարեք», կամ «հողի կտոր»՞, որքան էլ խոր ձյուն ունենար իր վրա, չէր սփոփի վշտահար պատանիներին։

Երբ հասան Սարգսի անկման վայրին, Աշոտը գոտին արձակեց, կապեց իր կռնատակերից և ծայրը հանձնելով Հասոյին, պատվիրեց.

Ետ կանգնիր ու ամուր բռնիր։ Գագի՛կ, դու էլ Հասոյից բռնիր։

Երբ զգաց, որ գոտու ծայրն ամուր ձեռքերում է, Աշոտը շավիղի պռնկին պառկեց, առաջ սողաց և անդունդի վրա կռանալով, ցած նայեց։

֊Այնտեղ է, ետ սողալով գոչեց նա, թփի վերևում շորի, փեշը երևաց… Ոտներիցս բռնեցեք մի քիչ էլ առաջ գնամ…

Կենդանի՞ է…

Չի՞ շարժվում…

Թարեքի վրա ձյունը խո՞ր է…

Չգիտե՛մ… Հիմի կպարզեմ.. պի՛նդ բռնեցեք ոտներիցս… Չէ, այդպես չեղավ, չեք կարող պահել… Ամեն ոտիս մի գոտի անցկացրեք… Այդպես։ Դե հիմի գոտիները պատ տվեք մեկն այս քարի ատամին, մեկն այն ու պինդ բռնեցեք… Ա՛յ, այդպես, հիմի որ կպահեք… Դե՛, ես գնացի…

Շուշիկը երկյուղով տեսավ, թե ինչպես տղան ոտքերը թողեց արահետում, իսկ ինքը գրեթե ամբողջ մարմնով կախվեց անդունդի վրա…

Նա ձեռքերով ծածկեց աչքերը և եթե ընկերներին շփոթեցնելու ահը չլիներ, կճչար սարսափից։ Բայց իզուր էր նրա սարսափը, քանի որ Աշոտը գլխիվայր կախվելուն պես ձեռքերով բռնել էր ժայռի սեպաձև ցցունքից և նրա բազուկները հուսալի հենարաններ էին դարձել մարմնի համար։ Մոտ մի րոպեի չափ այդ դիրքով մնալուց հետո ներքևից լսվեց նրա ձայնը.

Վեր բարձրացրեք…

Երբ վեր քաշեցին, տեսան, որ նրա աչքերը լցվել են արյունով և ուռել-փքվել են ճակատի ու վզի երակները։

Մեր թափած ձյունը կուտակվել է թփի վերևի թարեքին, հևալով հաղորդեց նա։ Սարգիսը թաղված է ձյան կույտի մեջ… Գուցե կենդանի լինի… Սարգի՜ս, Սարգի՜ս, երեսով դեպի անդունդը դառնալով՝ իրար հետևից կանչեց նա։

Բոյնախը անհանգիստ հաչում էր և տագնապահար ցած նայում. նա լավ հասկացել էր, թե ինչ է կատարվել և հոտից զգում էր, թե որտե՛ղ է հիմա խմբի անհետացած անդամը։

Ձայնդ կտրի մի լսենք, բարկացավ Հասոն և գոտիով կապեց շան դունչը։ Սարգիս, հե՜յ, որտե՛ղ ես, կուռո, որտե՜ղ, քրդավարի գոռաց նա ժայռն ի վար։

Ոչ մի պատասխան։

Նստել էին պատանիները արդեն ձյունից բացված քարերին լուռ ու վշտահար։ Արծիվները թևածում էին ձորի վրա, անգղները՝ կռնչում չարագուշակ։ «Կը՛ռթ-կը՛ռթ-կը՛ռթ»՝ երկու գայլագռավ անցան նրանց գլխի վրայով։ Այդ ձայներից նրանք սարսռում էին և վախենում իրար հարցնել, թե ինչու են աշխուժացել ու շատացել թևավոր գիշակերները։ Վախենում էին հարցնել, որովհետև նրանցից յուրաքանչյուրը գիտեր, թե ինչ է նշանակում այդ բոլորը…

Երկու գառնակեր արծիվ թռան եկան և իջան եղևնու թփից ոչ հեռու, ժայռի քիվին ու դժգոհությամբ նայեցին խմբի կողմը։ Հասոն քարերով հալածեց նրանց, բայց ուրիշները եկան և պտտվում էին անդունդի վրա։ Մեկը, որ կամ ավելի համարձակ էր, կամ քաղցից խելագարված, ցած խոյացավ դեպի թարեքը և հավանաբար կամ ճանկեց տղային, կամ հարվածեց կտուցով, որովհետև նրա այդ հարձակումից անմիջապես հետո ներքևից տնքոց լսվեց և մի թույլ ու աղիողորմ ձայն. «Վա՜յ… վա՜յ…»։

Հավանաբար արծվի հարվածից տղան ուշքի էր եկել։ Տղաները քարերով հալածեցին գիշակերին ու կարծես խոսքները մեկ արած սկսեցին աղաղակել.

Սարգի՜ս, չվախենա՜ս…

Այստեղ ե՜նք…

Պինդ կա՜ց, պի՜նդ…

Շուշիկը դարձյալ լալիս էր, բայց այս անգամ արդեն ուրախությունից։

Կենդանի է, չէ՞, Աշոտ, հարցնում էր նա։

Կաց մի տեսնենք ինչ ենք անում, բարկացավ Աշոտը։ Նա ավելի լրջացավ և կենտրոնացավ. Որ կենդանի է ո՞նց ենք ազատելու…

Նրա մտահոգ ձայնից ընկերները, որոնք ընդամենը մի քանի վայրկյան էր, որ ուրախացել էին, միանգամից լրջացան։

Իրոք, իրենց ընկերը թեկուզ մի գիշեր էլ մնալու լիներ ձյան մեջ, անխուսափելի էր նրա մահը…

Դե, մի՛ մոլորվեք, ոտքերս բռնեցեք, գոչեց Աշոտը և նրա տոնից ու նախատինքով լի հայացքից ընկերները հասկացան, որ ծանր ժամին մարդ ոչ թե պիտի ձեռքերը ծալի հուսահատ, այլ գործի վստահ ու կտրուկ։

Նա կախվեց անդունդից ու ձայն տվեց.

Վրա նստի՛ր… մի՛ վախենա…

Մեռա՜… մեռա՜… թույլ նվվոցի նման լսվում էր կարծես անտակ հորի հատակից։

Ջա՜ն, որ ասում է մեռա, ուրեմն կենդանի է, թռվռաց Գագիկը։

Չվախենա՛ս, Սարգի՛ս, գոռաց Աշոտը վերևից, սողա, դուրս արի ձյունից… Ա՛յս կողմ, ա՛յս կողմ, դեպի ժայռը… Ա՛յ տղա, ո՞ւր ես թփի կողմը շարժվում, թփից դենը անդունդն է…

Աշոտի այս խոսքերից ընկերները պատկերացնում էին, թե ինչ է կատարվում ներքևում։

Դե՛սը, դե՛սը։ Պատի տակ չոր տեղ չկա՞, խոռոչ չկա՞.. Չի կարող չլինել, դեսը ծածկ պիտի լինի… Կա՞… քաշվիր ծածկի տակի չոր տեղը… Շո՛ւտ… Վեր քաշեցեք, գլուխս պայթեց…

Երբ Աշոտին վեր քաշեցին, առանց սոսկումի չէր կարելի նայել նրան, դեմքը կարծես եփած ճակնդեղ լիներ։

Քիչ անց, երբ արյունը քաշվեց, նա գոռաց դեպի անդունդը.

Սարգի՛ս, ծածկ կա՞, չոր տեղ կա՞…

Կա՜… մեռա՜… ո՜տս, ո՜ւսս…

Ուսն ու ոտը՝ հե՛չ, գլուխդ ողջ լինի… Չոր տեղն ինչքա՞ն է, կտեղավորվե՞ս…

Պատը ներս ընկած է… Երկու մարդ կտեղավորվի… վա՜յ մեռա՜…

Չես մեռնի, հուասդրեց Աշոտը։ Առ այս թիու կոթը։ Որ արծիվները գան, մեջքդ ժայռին դեմ արա օդում շարժիր…

Եվ կռանալով փայտը ցած սահեցրեց…

Ի՞նչ ենք անելու… Կցրտահարվի, նորից լացակումած հարցրեց Շուշիկը։

Ինչ ենք անելո՜ւ։ Ի՞նչ կաներ ձեր Կամոն… Ձեռքներս ծալելու ենք նստենք։ Է՛հ, ձեզ պիոներ ասողին։ Գագի՛կ, Հասո՛, դուք նորից գնացեք պտուղներ ճարեցեք, իսկ ես ու Շուշիկը գնում ենք կրակ ու վառելիք բերենք։ Դե՞հ, ռանգներդ բացվե՞ց, ի՞նչ եք ատամներդ ցույց տալիս, մա՛րշ…

Տղա հո չի, կրակ է, կրակ այդ Աշոտը։

Հասոն և Գագիկը թեթևացած սրտով գնացին դեպի թփուտները. իսկապես, եթե վառելիք, կրակ և ուտելիք մատակարարեն Սարգսին, հո շաբաթով էլ կարող է ապրել իր այն «բնում», ուր բախտը նետել է նրան։

Կես ժամ անց, երբ նրանք մասուր էին քաղում, այդ պահին Աշոտը ժայռի ճակատից մեկ-մեկ ցած էր նետում վառելափայտերն ու հարցնում.

Այ տղա, ի՞նչ ես ձենդ փորդ գցել, մի խոսիր է՞։ Փայտերը ո՞ր կողմ գցեմ, այստեղից բան չի երևում։

Ձախ, ձախ գցիր, օ՜ֆ… լսվեց ներքևից։

Գցածս ձո՞րն է գնում, թե թաղվում է ձյունի մեջ։

Թաղվում է… Ես կմեռնե՜մ… մամա ջա՜ն… ներքևից բառաչում էր վերջնականապես ուշքի եկած տղան։ Թփի հետև խորացող անդունդը տեսնելով, նոր միայն նա ըմբռնել էր, թե որքան հուսահատական է իր վիճակը։ Լալիս էր ու հետն էլ մղկտում.

Ձեզ մատա՜ղ, ինձ ազատեցե՜ք…

Լացուկոծ մի անի, գոչեց Աշոտը, թե չէ կթողնենք կգնանք, արծիվների բաժին կդառնաս…

Շուշիկը հանդիմանանքով նայեց նրան։

Ի՜նչ չարն ես, Աշոտ…

Չար չեմ, սիրտ եմ տալիս… Տես ինչպես ձենը կտրեց… Սարգի՛ս, փայտերը ներս տար ծածկի տակ կրակ արա։ Առ, կրակը եկավ…

Այս ասելով նա մի քանի թեժ ածխակոթեր ցած նետեց՝ վառվող ծայրերը դեպի վեր։

Շո՜ւտ, վերցրո՛ւ, իրար միացրու փչիր, որ չհանգչեն…

Մի քանի րոպեաչափ լռություն տիրեց։

Ի՞նչ բանի ես այ տղա, հարցրեց Աշոտը։

Որպես պատասխան՝ ներքևից ծխի մի քուլա բարձրացավ։

Փչում է… տեսա՞ր, որ սպառնալիքս օգնեց։

Լա՜վ մեթոդ է, խոսք չկա։ Որ հայհոյես, գուցե ավելի օգնի… դժգոհեց Շուշիկը։ Իր անկումի պահից սկսած Սարգիսը նրա համար նույնիսկ շատ կողմերով համակրելի էր դարձել։

Իսկ Աշոտը խրատում էր մեծի տոնով.

Երբ դրությունը ծանր է, պետք է խիստ լինել, տեղ-տեղ՝ նույնիսկ դաժան։ Իմացել ե՞ս, որ ամենաբարի հրամանատարն էլ կռվում խիստ է լինում… Կմեծանաս կհասկանաս… Տղաներն ուրախ են գալիս, երևի պտուղներ են գտել… Ինչ ես կարծում, ճնճղուկներից քանի՞սը պիտի տալ Սարգսին։

Բոլո՛րը, կտրուկ հայտարարեց Շուշիկը։

Աշոտը ծիծաղեց։

Գիտեի, որ այդպես ես պատասխանելու… Դե գնա բեր հում-հում ցած թափենք, ինքը կխորովի…

Ճիշտ, բոլո՞րը, բացականչեց աղջիկը խնդագին նայելով Աշոտի դեմքին, և զգալով, որ նա լուրջ է ասում, այնպես ուրախացավ, որ եթե չամաչեր կհամբուրեր նրան։

Շուշիկը վազեց դեպի քարայր և լավ էր, որ մինչև Գագիկի վերադարձը ետ եկավ՝ փեշում մի քանի ճնճղուկ։

Այս է մնացել, հիասթափված ցույց տվեց նա։

Ինչո՞ւ, պետք է որ շատ լիներ… Սարգի՛ս, ստացիր բաժինդ…

Արևն արդեն մայր էր մտել, երբ եկան Գագիկն ու Հասոն՝ գլխարկները հատապտղով լիքը։

Շուռ տամ՝ դեպի ցա՞ծ, սրտաբաց հարցրեց Հասոն։

Գագիկը նրա ձեռքը բռնեց.

Տնտեսվարը ես եմ, նա չի… Բաժինդ եկա՜վ, հավաքի՛ր, Սարգի՜ս… Այ տղա, ոսկորներդ տե՞ղն են, հո ոչ մեկը չի՛ ջարդվել… Չէ՞… Դե լավ է, թե չէ ամբողջ Հովազաձորում մի սնղչի չես գտնի։

Ձորի հատակում աղջամուղջը թանձրացավ և մութը սկսեց դանդաղ բարձրանալ դեպի գագաթները։ Հետզհետե ժայռերը սկսեցին կուլ գնալ խավարին և Հովազաձորի կնճռոտ, խորդուբորդ, դեմքը աստիճանաբար հավասարվեց։

Խումբը մինչև ուշ գիշեր մնաց արահետում։ Մի փոքր աշխատեցին, բայց ավելի շատ զրուցում էին Սարգսի հետ, սիրտ տալիս, վառելիք և հատապտուղ ցած թափում նրա համար։ Թեև գիշերվա սառնամանիքը սեղմում էր, բայց նրանցից ոչ մեկը քարայր վերադառնալու ցանկություն չէր հայտնում։ Բոլորն էլ հոգով իրենց կապված էին զգում այդ քարե արահետին, որի ներքևից ծուխ էր բարձրանում և կրակի շողքերն ընկել էին ժայռի լանջերին։

Այ տղա, մի կրակի շուրջը պտտվի, գուցե շողքդ տեսնենք, լոլոզ բոյիդ կարոտել եմ, ապրած սարսափից հետո առաջին անգամ կատակեց Գագիկը և երևի նրա կատակը տեղ հասավ, որովհետև հաջորդ վայրկյաններին մի վիթխարի ուրվական երևաց Հովազաձորի ճերմակ տափարակին և հսկայական մի ձեռք մեկնվեց դեպի դիմացի ժայռը, կարծես Տորք Անգեղն իր գերանաչափ ձեռքով ուզում էր պոկել ժայռերն ու նետել թշնամու վրա։

Ա՛յ, հիմի որ կարոտս առա… Մեկ-մեկ շողքդ ման ածա, տեսնենք, մխիթարվենք…

Մինչ Գագիկն ուրախությունից այսպես շաղակրատում էր, Աշոտը ցած կռացավ և բարձր ձայնով հարցրեց.

Սարգի՛ս, գնա՞նք, թե գիշերը մնանք այստեղ…

Սարգիսը լուռ էր։

Տեսնո՞ւմ եք, էլի իրեն մասին է մտածում, -շշնջաց Աշոտը և բարձր ձայնով կրկնեց իր հարցը։

Բա ինձ մենա՞կ եք թողնում, լսվեց ներքևից։

Չվախենա՛ս, հիմի ոչ մի գազան չի կարող քեզ մոտ գալ. անառիկ բերդի մեջ ես…

Մենք դիմացում ենք, քեզ շուտ-շուտ ձայն կտանք, սիրտ էր տալիս Հասոն։

Դե, ի՞նչ ես ասում, դողում են, ախր սրանք էլ են մեղք, անհամբեր գոչեց Աշոտը և նրա հարցի մեջ նախատինք զգացվեց։

Ի՞նչ ասեմ… դո՛ւք գիտեք…

Դե հիմի դեսը լսիր։ Մի մեծ փայտով կրակը սրբիր դեպի թուփը, իսկ դու պառկիր կրակի տաքացրած քարին։ Դու միշտ ներսում եղիր, կրակը՝ դրսում։ Այնպես արա, որ առաջիցդ կրակը պաշտպանի քեզ, հետևիցդ՝ ժայռի պատը։ Հասկացա՞ր։

Հասկացա…

Լրիվ չհասկացար։ Որ տակդ սառչի, նորից կրակը տեղափոխիր ու նրա տեղը ինքդ գրավիր։ Այդ ձևով դու միշտ տաք կմնաս… Հիմի հասկացա՞ր…

Հասկացա… Օ՜ֆ, ցավում է…

Ոչինչ, պինդ կաց։ Դե՛, բարի գիշեր…

Բարի գիշեր, Սարգիս ջան, խավարում լսվեց Շուշիկի բարակ և քնքուշ կանչը։

Ամո՞թ զգաց Սարգիսը, թե՞ ջերմություն, բայց Շուշիկի այդ կարեկից խոսքից հետո այլևս չտրտնջաց։

Մթնում խարխափելով, խումբը իջավ ձորը և գնաց պատսպարվելու իր անձավ-օթևանում։

Ներս մտնելուն պես Գագիկը դիմեց դեպի այն խորշը, ուր մթերքի պահեստն էր։

Ղուրբան ձեզ, շա՛տ մրսեցիք, հիմի ձեզ փետրահան կանենք ու կրակի վրա կտաքացնենք… Վա՜յ, էս ո՞ւր են ճուտիկներս…

Նա մթնում շոշափեց խորշը ոչինչ չկար։ Իսկ Աշոտն ու Շուշիկը շեմքին կանգնած լուռ ծիծաղում էին։

Աշո՛տ, պահեստս թալանել են, խուճապարար գոչեց Գագիկը, բայց արձագանք չստացավ։

Շուշիկը չոքեց օջախի մոտ և քանդեց անթեղը։ Բացվեցին մոխրի մեջ պահված շեկ ածխի կտորները։ Աղջիկը նրանց իրար մոտ հավաքեց, իսկ Հասոն իր դանակով տաշեղներ էր պատրաստում և մեկնում նրան։

Չլինի՞ թե առնետներն են տարել… Աշո՛տ, այստեղ առնետ կարո՞ղ է լինել…

Ո՜վ գիտի…

Այդպես էլ Գագիկը մնաց կասկածների մեջ և տրամադրությունն ընկած կուչ եկավ խարույկի մոտ։

Ա՜յ քեզ բա՜ն… Էլի առանց ուտելիքի մնացինք, գլուխս օրորելով շշնջում էր նա ինքն իրեն։

Այդ ծանր միտքը զբաղեցնում էր նաև խմբի մյուս անդամներին։

Գիշերը մինչև լուսադեմ տղաները երբեմն դուրս էին գալիս անձավից, տեսնում էին հրե ցոլքերը ժայռի ճակատին և կարճ՝ եղևնու ստվերը դեպի ձորը երկարած։

Սարգի՜ս, ո՞նց ես, Սարգի՜ս, ձայն էին տալիս նրանք։

Սրտապնդվում էր աղետյալ պատանին այդ ձայներից և զգում, որ դրանք են իրեն կապում կյանքին, իր ընկերների հուսատու կանչերը։

Չլինեին իր ընկերները թեկուզ մի օր, նա կորած էր անդառնալիորեն…

Գլուխ քսաներկուերորդ. Թե ինչպես նեղության ժամին մարդուս միտքը արագացնում է իր ընթացքը

Վատ էին քնել այդ գիշեր մեր պատանիները և վատ տրամադրությամբ էլ դուրս ելան անձավից։ Դուրս ելան դիմավորելու իրենց գերության տասներկուերորդ օրը… Բնությունն էլ լավ օր չէր խոստանում, երկինքն ամպած էր ու մռայլ։ Ուտելիք չկար, փայտ չկար, ի՞նչ տանեին ժայռերում գերի մնացած իրենց ընկերոջը։

Լուռ ու անտրամադիր սկսեցին արմատական անել թփերը, ծառերից ճյուղեր ջարդել։ Սառած ճյուղերին ձեռք տալ չէր լինում, այրում էին։ Ուժ չկար, իսկ ճյուղերից ոչ մեկը չէր ուզում ջարդվել, նրանք դիմադրում էին կարծես կենդանի արարածների նման։ Դա ևս պայքար էր, պայքար՝ կյանքի համար։

Հետզհետե տաքացան այդ պայքարում, բայց տրամադրությունները դեռ մռայլ էր։ Ի՞նչ անեին հիմա, ինչպե՞ս շարունակեին ճանապարհ բացել դեպի ազատություն, երբ միջոցներ պիտի մտածեին փրկելու Սարգսի կյանքը։ Ոմանց մտքում այդ հարցն էր, երբ Գագիկը դադարեցրեց աշխատանքն ու դիմեց Աշոտին։

Օղակավա՛ր, մեզ սխալ ճամփով ես տանում։

Ինչո՞ւ։

Չգիտեմ ինչու, բայց բռնածդ ճամփան սխալ է, կարող է բոլորս էլ ոչնչանանք։ Քանի ձյունը նորից չի փակել կածանը, մենք պետք է միայն այս ձորից դուրս գալու մասին մտածենք։

Իսկ Սարգի՞սը։

Իսկ նա մեր մասին մտածե՞լ է, որ մենք նրա մասին մտածենք, հանկարծ բորբոքվեց Գագիկը։ Քաղցն ու զրկանքները այդ բարի և կատակասեր պատանուն ևս հանում էին ափերից։ Թող դիմանա, գուցե կարողանանք կածանը բացել։

Գագիկի խոսքն ազդեց, իրոք, Սարգսի պատճառով խումբը կարող էր վերջնականապես փակված մնալ Հովազաձորում։

Գուցե, իսկապես, ավելի ճիշտ կլիներ ամեն ինչ թողնել և ճամփան բացել։ Այդ դեպքում կազատեին և՛ իրենց, և՛ Սարգսին։

Նրանք շալակեցին ջարդված ճյուղերը և լուռ ու մտախոհ քայլեցին դեպի Դիվային կածանը (ինչպես հենց առաջին օրվանից անվանել էին նրան)։

Սարգիս, ո՞նց ես, Սարգի՜ս, վերևից ձայն տվեց Աշոտը։

Լավ եմ… Ցավում է՛… Հանեցեք ինձ այստեղի՛ց, հորս կասեմ մեծ նվերներ կտա ձեզ։

Լսելով մի գծուծ ու անարժան մարդու անունը, բոլորն էլ մռայլվեցին։ Դե արի ու կյանքդ դիր սրան ազատելու համար։ Վաղն էլ, իրոք, մի չնչին նվեր կտան քեզ այդ մարդիկ, ՞քվիտ՞ կլինեն հետդ ու հողին կհավասարեցնեն քո անձնազոհ արարքը։

Նվերի անուն չտաս, թե չէ ոչ վառելիք կստանաս, ոչ սնունդ, բարկացավ Աշոտը և փնթփնթաց. – Չարչի հոր նման կաշառքներ է խոստանում… Թո՛ւհ…

Բա որ ասում եմ եկեք մեր գործը շարունակե՞նք, իրենը պնդեց Գագիկը։

Դո՛ւ ի՞նձ կասես, Հասո՛, իսկի չես խոսում։

Ի՞նչ խոսեմ… պարզ չի՞ որ..,

Շուշիկը հետաքրքրությամբ նրան էր նայում։

Պարզ է, իհարկե, հաստատեց Գագիկը, թիերը վերցրեք ճամփան բացենք։

Ինձ չհասկացար, Գագի՛կ… Մենք՝ քրդերս՝ կամ կազատենք մեր ընկերոջը, կամ կմեռնենք նրա հետ միասին…

Եվ կարծես անհարմար զգալով, որ գովեստով է խոսում իր ազգակիցների մասին, նա գլուխը կախ սկսեց ցած թափել վառելիքը։

Շուշիկն այնպես խնդագին էր նայում Հասոյին, որ տղան նրա հայացքն զգում էր մերթ իր ծոծրակին, մերթ այտին, նայած ինչ դիրք էր ընդունում ճյուղերը ցած թափելիս։

Հասոյի այդ կտրուկ խոսքը սթափեցրեց թե՛ Գագիկին, որը թիակը ձեռքին պատրաստվում էր ճամփան բացելու, թե՛ Աշոտին, որ մինչ այդ տատանման մեջ էր։

Կարծում ես մենք քրդերից պակա՞ս ընկերասեր ենք, գոչեց նա, ապա ավելացրեց հանդիսավոր, երդումի նման. Մենք Հովազաձորից դուրս չենք գա, մինչև որ չազատենք մեր ընկերոջը… Դե՛հ, գնանք Կաղնուտը, գուցե ելարանի նման մի բան ճարենք։

Աշոտը Կաղնուտ էր անվանում վերին ժայռի տակի այն քարքարոտ լանջը, ուր ցրիվ եկած մի քանի տասնյակ ծառեր կային։

Երբ տեղ հասան, Աշոտն ասաց.

Պետք է մի երկար-բարակ ծառ գտնենք։

Այդ արևախանձ ու քարքարոտ վայրում երկար ծա՞ռ կլինի։

Շատ փնտրեցին, վերջապես կանգ առան զույգ ուռենիներից մեկի մոտ։

Էլի շատ թե քիչ սա՛ բոյ ունի, այս ջահել ուռենին։ Բացի դրանից, տակը փափուկ հող է, հեշտ է արմատահան անել։

Եվ Աշոտը թքեց ափերի մեջ ու սկսեց մագլցել ծառը։

Հետևեցեք ինձ, հրահանգեց նա։

Ես է՞լ բարձրանամ, ներքևից հեգնախառն հարցրեց Շուշիկը։

Չէ՛, դու գնա Սարգսի համար մասուր ճարիր։

Բոյնախին հետդ տար, որ թալանված սկյուռը քեզ չուտի, խորհուրդ տվեց Գագիկը։

Աշոտը մագլցեց ջահել ծառի գագաթը և այնտեղից ցած կախվեց։ Ծառի կատարը խոնարհվեց, տղան ճոճվում էր օդում…

Վա՛յ, կընկնե՛ս, շուռ գալով հեռվից կանչեց Շուշիկը։

Գնա գործի՛դ, գոչեց Աշոտը։ Հասո՛, մոտեցի՛ր, դու էլ կախվիր… Գագի՛կ, չվախենա՛ս, կախվի՛ր…

Երեք պատանիներ ճոճվում էին ծառի խոնարհված կատարին։ Դալար և ճկուն ուռենին կռանում էր մինչև «գոտկատեղը», բայց արմատները ամուր էին, դեռ դիմանում էր։

Աշո՛տ, էլ չեմ դիմանում, տնքաց Գագիկը. նրան թվում էր, թե իր բազուկները հիմա պոկ կգան ուսերից։

Ետ գնացեք, չեղա՛վ…

Դժվարությամբ նրանք ցած իջան ճոճվող կատարից և ծառի տակ նստելով, սկսեցին մտածել։

Արմատը չի ուժեղ, մենք ենք թեթևացել, դառնորեն նկատեց Գագիկը։ Քաշ չունենք, քա՛շ…

Աշոտը բրիչով փորում էր ծառի տակը։

Ա՛յ, սա է պահում, ցույց տվեց նա մի հաստ արմատ, որ ծառը անսասան էր պահում վերևից եկող փոթորիկների դեմ։ Հասո՛, գնա քարե դարի կացինը բեր։

Երբ Հասոն գնաց, Գագիկը դիմեց ընկերոջը.

Խղճով ասա, արժե՞, որ մենք էսքան չարչարվենք նրա համար։

Աշոտը պատասխանեց հանդիմանական մի հայացքով։ Երկար լռելուց հետո, երբ Հասոն վերադարձավ, նա շարունակեց իր միտքը հատու, ոչ առանց պաթոսի.

Գուցե նա մարդ չի, բայց մենք պարտավո՛ր ենք մա՛րդ լինել։ Բոլո՛ր դեպքերում և բո՛լոր պայմաններում…

Քարե կացնով նրանք փոխնիփոխ հարվածում էին ուռենու արմատին։

Կացին հո չի, ծամում է անատամ գոմեշի նման, դժգոհում էր Գագիկը։

Շատ չարչարվեցին, շատ հևացին ու քրտնեցին, մինչև որ արմատը ջարդելով մի կերպ կտրեցին։

Դե հիմա բարձրանանք։

Երբ երեքն էլ կախվեցին ուռենու կատարից և նրան հակեցին դեպի ձորը, կարծես խուլ տնքոցներ լսվեցին երկրի ընդերքից, ճրթճրթոցներ, իսկ կատարը դանդաղ կռանում էր ու կռանում։ Դիմադրում էր ծառը, մաքառում էր մահվան դեմ։ Վերջապես կատարից կախված մարդկանց ծանրությանը չդիմացավ և տնքալով ու հեծեծալով ցած տապալվեց…

Տղաները թեթև քերծվածքներ ստացան, Հասոյի ոտքը ոլորվեց, Գագիկի արմունկը սևացավ քարին խփվելուց, բայց բոլորն էլ ուրախացան ծառի դեմ տարած իրենց փոքրիկ հաղթանակի համար։

Ճյուղերը ջարդենք՝ կդառնա մեզ համար վառելիք, իսկ ինքը՝ ելարան։ Դե՛հ, սկսենք։

Ավելի շուտ իրենց բազուկների ուժով, երբեմն էլ քարե կացինների օգնությանը դիմելով, նրանք վերջապես ճյուղերից ազատեցին արմատահան արած ծառը և քարշ տվին դեպի ձորը։

Շատ տանջանքներ կրեցին նրանք մինչև Դիվային կածանով իրենց անճոռնի ելարանը տեղ հասցրին և փորձեցին գոտիներով կախել ցած։

Հանկարծ Գագիկը վիզը երկարեց, քիթը առաջ մեկնեց ու սկսեց հոտոտել.

Ժողովո՛ւրդ, հրա՛շք… ներքևից խորովածի հոտ եմ առնում… Այ տղա, Սարգի՛ս, երևի ոտդ մոռացել ես կրակի մեջ թողել, ե՛տ քաշիր…

Պատասխանի փոխարեն խորովածի բույրը ծխի հետ բարձրանում էր ժայռն ի վեր և խելքամաղ անում քաղցած պատանիներին։

Այնուամենայնիվ Աշոտի և Շուշիկի համար զվարճալի էր տեսնել Գագիկին այդպես անտեղյակ ու զարմացած։

Հը, Սարգսին խորովածացուն որտեղի՞ց, ինքն իրեն ասում էր նա ու չէր կարողանում լուծել այդ հանելուկը։ Սարգի՞ս, գոչեց նա կռանալով, այ տղա, չլինի՞ արծիվներին բռնել խորովում ես…

Ի՞նչ արծիվ, ծիտ եմ խորովում, լսվեց ներքևից։

Ծի՞տ… ծիտն էդտեղ ի՞նչ գործ ունի…

Ապա հանդիպելով Շուշիկի ժպտացող հայացքին, վերջապես գլխի ընկավ և մատը վրան թափ տվեց.

Այ դու դավաճա՜ն…

Ապա ինքն իրեն ավելացրեց մեծավարի.

Կինարմատի վրա իսկի կարելի՞ է հույս դնել… Ալմաստը չէ՞ր, որ Թմկաբերդի բանալիները հանձնեց թշնամուն…

Կարճ դուրս եկավ թե՛ ելարանը, թե՛ նրա ծայրին կապած գոտիների շարքը։ Իր ծանրությամբ ծառը տղաների ձեռքից խլեց գոտիների ծայրը և զարնվելով ժայռի քիվին, որի խորքում Սարգիսն էր թաքնվել, մնաց կանգնած ապառաժյա պատն ի վեր։

Սարգի՛ս, կարո՞ղ ես բարձրանալ այդ սանդուղքով, ձայն տվեց Աշոտը։

Կարճ է… շատ է կարճ… ո՞նց բարձրանամ, քիչ հետո լսվեց հուսահատ պատասխանը։

Տղաները արահետին նստած լուռ մտածում էին։ Օրվա կեսը նրանք անց էին կացրել այդ «ելարանը» պատրաստելու վրա։ Ինչպե՜ս կորավ իրենց աշխատանքն ու թանկագին ժամանա՜կը… Այդքան ժամանակում արահետից առնվազն քսան քայլ բացած կլինեին։

Հիմա ի՞նչ անեն։ Անողոք քաղցն էլ մի կողմից էր նեղում, ոչ ոք վեր կենալու կամ մի բան ձեռնարկելու տրամադրություն չուներ։

Գագի՜կ, Հասո՜, զկե՜ռը, զկե՜ռը, եկե՜ք… դիմացի ժայռից լսվեց Շուշիկի բարակ ձայնը։

Այդ կանչը տղաներին հանեց թմրած վիճակից։ Գնացին ձայնի ուղղությամբ և գտան Շուշիկին մի ցածրիկ ու փշփշոտ ծառի վրա։ Բոյնախը աչքը վեր տնկած, շրթունքները լիզելով սպասում էր պտուղ ընկնի, որ խփշտի, իսկ աղջիկը քաղում էր զկեռն ու լցնում փեշը։

Զկե՜ռ, ի՜նչ զկեռ։ Ով ուշ աշնանը զկեռ է գտել անտառի՝ խորքում, նա կիմանա, թե ինչ բարիք է դա՝ մանավանդ քաղցած մարդու համար։ Ծառի տերևները վաղուց էին թափվել, իսկ պտուղները մնացել էին մերկ, անսքող և ճյուղերի ծայրերից իրենց միշտ բաց թարթիչներով ակնապիշ նալում էին երկնքին։ Դրանք կարծես մի-մի փոքրիկ պարկեր լինեին՝ թանձր ու քաղցր հյութով լցված մատնոցաչափ պարկեր։

Երբ կշտացան և Սարգսի բաժինն առանձնացրին, խումբը նորից խորհրդակցության նստեց։

Ինչպե՞ս ազատել Սարգսին, որ ծանր ջրաղացքարի նման կախվել էր իրենց ոտքերից և խանգարում էր քայլելու դեպի ազատություն։

Խելք-խելքի տվին և բոլորը միասին եկան այն եզրակացության, որ պետք է երկար պարան պատրաստել, կապել եղևնու բնից և ստիպել Սարգսին, որ այդ պարանով իջնի անդունդը։

Միակ «շինանյութը» այդ նպատակի համար կարող էր լինել թեղու ճկուն ու բարակ կեղևը։

Նրանք մինչև երեկո քրտնաթոր աշխատեցին և մինչև ճյուղերի ծայրը մերկացրին դժբախտ ծառին։

Գիշերն անքուն ու անհանգիստ անցավ։ Օջախի շուրջը բոլորած, նրանք լուռ պարան էին գործում թեղու ճիլոպներից։ Վերջապես բոլորի գործած կտորները միացրին, իրարից ոչ հեռու կապեր պատրաստեցին և լուսադեմին քուն մտան ծանր տրամադրությամբ։

Պառկելուց առաջ Հասոն դուրս եկավ այրից, որ քարերով փակի նրա մուտքը, ինչպես անում էր ամեն երեկո։ ՞«Ո՞ւր է կորել մեր Բոյնախը», մտածեց նա և վերադարձավ, որ վերցնի մահակն ու գնա շանը փնտրելու։

Այդ պահին շեմքում շխկրտոց լսվեց, թույլ ծմրոց և Բոյնախը ներս ընկավ տագնապահար։ Նա փաթաթվել էր տիրոջ ոտներին և ստեպ-ստեպ շուռ էր գալիս, նայում շեմքին սև պատի նման կանգնած խավարին, կարծես մեկն այնտեղ դարան մտած սպասում էր շան դուրս գալուն, որ հափշտակի նրան։ Այո՛, ամեն ինչից երևում էր, որ շունը մի ահռելի բանի է հանդիպել ու խիստ վախեցել, և՛ աչքերն էին վախ արտահայտում, և՛ դողում էր ամբողջ մարմնով, և՛ պոչն էր խոթել հետևի ոտքերի արանքը, ինչպես անում են շները իրենցից ուժեղ հակառակորդի առաջ։

Հասոն շոյեց շան գլուխը, հանգստացնող խոսքեր շշնջաց քրդերեն, բայց կենդանին շարունակում էր դողալ և ձգտել դեպի այրի խորքը։

«Ի՞նչ կարող է լինել… Գայլից սա էսպես չի վախենա…», տարակուսած շշնջաց Հասոն և երկաթած գլխով իր չոմբախը վերցնելով, դուրս եկավ այրից։ Շունը չհետևեց նրան…

Պատանին քար նետեց դեպի թփերը, ձայն տվեց՝ ոչինչ չկար։ Այնպես խաղաղ էր շրջակայքը, կարծես ամբողջ Հովազաձորում ոչ մի շնչավոր չկար։

«Էլի էն է…», մտածեց Հասոն, մթնում շողացող աչքերը հիշելով։ Ապա տարակուսանքի մեջ նա վերադարձավ անձավը, քարերով փակեց նրա մուտքը և կրակն անթեղելու փոխարեն թեժացրեց։ «Պետք է վառ պահել, ամեն գազան էլ կրակից վախենում է…», վճռեց նա և Բոյնախի բրդոտ վիզը գրկելով՝ թիկն տվեց իր կոշտ անկողնուն։

Նրա գրկում շունը դեռ շարունակում էր դողդողալ…

Другие части "Հովազաձորի գերիները"

Ятук Музыка
Ноктюрн
Арно Бабаджанян

Ноктюрн

Константинополь
Константинополь
Играть онлайн