Khachatur Abovyan
Պարապ վախտի խաղալիք
Բարդին (չինարին) ու վազը
Բարդին մեր վազին ղնամիշ արեց։
«Ի՞նչ ես կուչ եկել»։― Նա նրան ասեց.
«Ես էլ որ չըլիմ, ի՞նչ կըլի քո բանն,
Քեզ որ իմ տակիս շվաք տեղ չտամ։
Ինձանով որ դու չգաս, փաթութվիս,
Ի՞նչ կըլի քո հալն, էլ ի՞նչպես կապրիս։
Բարակ քամին էլ հոգիդ կհանի,
Էդպես սև օրը՝ Աստված տա՝ չըլի:
Ինձ մտիկ արա՛, տե՛ս, ո՞ւր եմ հասել,
Ինձ պես բոյ արա՛, որ ամեն մարդ էլ
Մտիկ անելիս քեզ՝ խելքը գնա,
Շլինք ծռելով՝ ո՞վ պատիվ կտա։
Ոչ ցից ա ինձ պետք, ո՛չ գերան, ձողի,
Մեկ տուտս գետնումն, մեկը երկնքի
Ամպի, անձրևի, քամու առաջին։
Ճխկներս վեր քաշած, որ սուր ու կացին
Չի հասնի, դիպչի իմ մեջքին, ծերին։
Բայց ձեր խեղճ սոյը հենց դուս է գալիս,
Շուտով շլինքը կախ անում, թեքվում,
Ոտի տակ ընկնում, մեկ հով դիպչելիս,
Գետնին չոքըչոք դես ու դեն ընկնում։
Ափսո՛ս էդ պտղին, որ դուք եք տալիս,
Մեզ է՛դ սազ կգար, էս բարձր ծերիս»։―
«Ի՞նչ եմ անում էս՝ հաստ քոքն ու բոյը,
Շատ բարձրանանք էլ՝ էլի մեր սոյը
Էն սիրտը չունի, գլուխ բարձրացնի»։
Պատասխան տվեց վազը սիրելի։
«Ո՞ւր թողանք մեր քաղցր պտուղն ու ճուխկը,
Էլ ո՞վ կբանա մարդի տխուր միտքը։
Էլ ո՞վ էն ազնիվ, էն սուրբ բաժակը
Կտա, որ հիշեն մեռլի հիշատակը։
Որ մենք էլ ուզենք՝ մեր պատվի խաթեր
Քեզ պես բարձրացնել տերև ու ճխկներ։
Ղորդ ա՝ քեզանով մենք փաթաթվում ենք
Բազի անգամ ու շվաքդ տեսնում ենք։
Բաս է՞ն էլ, ասա՝ որ մեր բարի տերը
Չունենա էսքան մեր տված խերը,
Քեզ մեկ օր էլա՝ բաղում չի պահիլ։
Լավ չի՛՝ բարեկա՛մ՝ էսպես զրից անիլ։
Ինձ որ պահում են, փորում տակս, ջրում,
Ի՞նչքան ա քեզ խեր սրանից հասնում։
Ինչքան սիրտդ ուզի, էնքան բարձրացի՛ր,
Մի՛ հպարտանար, մեր ղադրն իմացի՛ր։
Մենք էլ որ պտուղ չտանք՝ քեզ նման.
Մեր նյութն ու ղվաթը չկորցնենք էսքան,
Ո՛չ կըկռանանք, ո՛չ կըցածանանք,
Ո՛չ կբարակինք, ու կհաստանանք։
Բանից վախեցողն ու փորի գերին
Էդպես կգիրանան, երկինքն կհասնին»։―
Երկար բոյիցը, ու հաստ մեջքիցը
Ի՞նչ խեր դուս կգա, կամ մեծ գլխիցը։
Պտղատու մարդը ազնիվ վազի նման
Պետք է խոնարհի, որ լինի պիտան։
Բայց ա՜խ՝ բարդի մարդն մեկ շվաք տալիս՝
Յա բաղի վախտ էլ քիչ մոտենալիս,
Էնպես է կարծում, թե իր պահածն ա
Երկիր ու աշխարք, ու գոռոզանա։