Раффи

Դավիթ Բեկ

3 - ԺԹ

Չնայելով Զեվու բերդի երեք անցքերը փակված էին հայոց զորքերով, բայց այդ անցքերից մուտք գործելը սարսափելի դժվարություններ ուներ։ Բավական էր, որ թյուրքերը կանգնեցնեին յուրաքանչյուր անցքի վրա հիսուն հրացանավորներ, այնուհետև ոչ մի հայ զինվոր չէր կարող մուտք գործել բերդի մեջ։ Այդ հասկանում էր բերդակալ խանը, և այդ էր նրա համառության գխավոր պատճառը։ Նա աներևակայելի էր համարում, որ թշնամին կարողանար գրավել իր անմատչելի ամրությունները։ Այդ հասկանում էր և Բեկը, չէր ցանկանում իր կողմից մեծ կորուստով ձեռք բերել նրա ամրությունները։ Նա աշխատում էր իր զինվորների արյունը փոխարինել պատերազմական խորամանկություններով։ Իսկ այդ խորամանկությունները արդեն գործ դրված էին։ Բայց ոչ խանը և ոչ նրա ավագանին չգիտեր, որ թշնամին արդեն բերդի միջումն է, գործում է, որոգայթներ է լարում հենց նրանց քնթի տակին...

Բռնակալը կարող է երկնել միայն հրեշավոր մտքեր. ռազմագիտական նուրբ կանխատեսությունները նրան ծանոթ չեն։ Գլխատելով իր հայ բնակիչներին, և նրանց կառափները նետելով դեպի թշնամու բանակը,― դրանով խանը մտածում էր սարսափ ձգել Բեկի վրա և նրան հեռացնել իր բերդի մոտից։ Խանի հրամանը արդեն հայտնի էր թե բերդի թյուրք բնակիչներին, և թե նրա զինվորներին։ Վաղորդյան նամազը կատարելուց հետո պիտի սկսվեր կոտորածը։ Հայերի տները, կայքը, կանայքը, զավակները արդեն հարևանացիորեն բաժանված էին իրանց դրացի մահմեդականների մեջ։ Եվ այդ կարգադրությունները հայտնի էին իրանց` հայերին։

Այդ կարգադրությունների վրա ծիծաղում էր մի սարսափելի մարդ, ծիծաղում էր հսկայի և սատանայի ծիծաղով։ Նա գտնվում էր նույն ժամում յուզբաշի Սարգսի տան սենյակներից մեկի մեջ, որը առանձնացած, բաժանված էր կանանց բնակարանից։

Յուզբաշի Սարգիսը մի սպիտակամորուք ծերունի էր, խելացի, փորձված և բարեսիրտ։ Նա ծանոթ էր խանին որպես հայերի ներկայացուցիչը, որպես նրանց տանուտերը։ Երբեք նրա տանից պակաս չէր լինում աստուծո հյուրը, իսկ այս գիշեր ընդունել էր իր մոտ այն «սարսափելի մարդուն», որ վերևում հիշեցինք։― Դա տեր Ավետիքն էր, Բեկի անգութ զորապետներից մեկը։ Նրա շուրջը շարված էին մի քանի հոգի բերդի հայ բնակիչների երևելիներից, ուշադրությամբ լսում էին նրա խոսքերը։

Տանուտերը, որպեսզի մահմեդականների կասկածը չհարուցանե իր տան մեջ հավաքված ժողովի վրա, առաջուց լուր էր տարածել, թե դիտավորություն ունի հայերից մի մեծ գումար հավաքել, ներկայացնել խանին, և դրանով նրա բարկությունը ամոքել, և նրա հպատակ, հավատարիմ հայերի կյանքը ազատել կոտորածից։ Այդ լուրը հասել էր խանի ականջին։ Նա իր մեջ նույնպես ծիծաղում էր հայերի միամտության վրա, սպասում էր ստանալ գումարը, հետո հրամայել, որ նրանց գլխատեն։

Բայց յուզբաշի Սարգսի տան խորհուրդը, փոխանակ «փեշքեշի» վրա մտածելու, զբաղված էր այլ պատրաստություններով։

Տեր Ավետիքը, որ Բեկի կամավորների թվում մտնելուց հետո զինվորականի հագուստ էր կրում, և որը այդ բերդում մտավ սափրիչի կերպարանքով, այժմ հագած ուներ քահանայի նվիրական զգեստը։ Երևի, ռամկի վրա ավելի ազդեցություն գործելու համար, պետք էր այդ հագուստով ներկայանալ նրան։ Նա դարձավ դեպի իր շուրջը նստողները, ասելով.

Ձեզ պետք է կոտորեն, անպատճառ պետք է կոտորեն, այդ դուք ինքներդ գիտեք։ Ուրեմն ձեզ համար միևնույն է, թե ինչ մահով կմեռնեք։ Ավելի լավ չէ՞, որ սուրը ձեռքում պաշտպանեք ձեր անձը, ձեր կնիկները, ձեր զավակները ու տղամարդի պես մեռնեք։ Բայց եթե լսեք ինձ, ես կարող եմ հավատացնել ձեզ, որ կենդանի կմնաք։ Դուք կազատեք ձեր անձը ու բոլոր նրանց, որոնք սիրելի են ձեզ համար։ Ձեզ հարկավոր է մի քանի ժամ կռվել միայն, և շուտով կտեսնեք, Բեկի զորքերը ձեզ օգնության հասած։ Այնուհետև այն, որ մահմեդականները վճռել են գործ դնել ձեզ վրա, մենք գործ կդնենք նրանց վրա...

Մենք պատրաստ ենք,― ասաց նրանցից մեկը,― բայց դժվարությունը նրանումն է, որ զենքեր չունենք, մեր զենքերը խլեց խանը։

Դուք ուժեղ ձեռքեր ունեք և այդ բավական է, իսկ զենքեր հետո կտանք ձեզ,― ասաց քահանան։― Հարկավոր է սկզբում զինավորվել այն գործիքներով, ինչ որ կգտնվի ձեր տներում. թող լինի դա կացին, ուրագ, մանգաղ, բահ, շամփուր, մահակ, վերջապես հասարակ փայտի կտոր, միևնույն է։ Այդ զենքերը ձեզ պետք են միայն փողոցներում պաշտպանվելու համար, իսկ երբ կհասնենք ամրոցին, այնտեղ կփոխեք ձեր ունեցածը իսկական զենքերով։

Ինչպե՞ս,― հարցրին նրանից։

Ես հարկավոր չեմ համարում ձեզ բացատրել, թե ի՜նչպես կարող է հաջողվել այդ, բայց իբրև քահանա, իբրև աստուծո տաճարի պաշտոնյա, հավատացնում եմ ձեզ, որ ինքը մեր տեր Հիսուս Քրիստոսը կօգնե մեզ և թույլ չի տա, որ իր գառները մորթվեն մահմեդականների ձեռքով։ Ձեզ հարկավոր է միայն այնքան քաջություն ունենալ, և հասնել մինչև խանի ամրոցը։

Բոլոր դժվարությունները մինչև այնտեղ ողջությամբ հասնելն է,― ասաց նստողներից մեկը։

Ոչինչ դժվարություն չկա։ Ձեզ հայտնի է, որ մենք այդ մասին բոլոր կարգադրությունները արել ենք։ Ես ինքս իմ քաջ ընկերներիս հետ կառաջնորդենք ձեզ։ Դուք միայն այն ասեցեք, թե քանի՞ հոգի կարող եք պատրաստել։

Ավելի քան հարյուր հոգի։

Այդ բավական է։ Ուրեմն պետք չէ ժամանակ կորցնել. շուտով գնացեք, թող ձեզանից ամեն մեկը պատրաստե իր մարդիկը։

Ծերունի Սարգիս յուզբաշին մինչև այժմ լուռ էր. երբ նկատեց, որ քահանայի խոսքերը բավական ազդեցություն գործեցին, ինքը նույնպես ավելացրեց.

Այդ մարդիկը, տեր հայր, անձնվեր մարդիկ են, ես դրանց ճանաչում եմ, և՜ քաջ մարդիկ են։ Ինքս շատ անգամ ականատես եմ եղել դրանց քաջություններին։ Մինչև այսօր հայի ձեռքը կապված էր, այժմ, փառք աստուծո, կապանքը քանդվեցավ։ Պետք է մենք էլ ցույց տանք, որ մարդիկ ենք, անասուններ չենք, որ ամեն կերպ գործածեն մեզ։― Վեր կացեք, զավակներս, դարձավ նա դեպի նստողները,― գնացեք, ինչպես տեր հայրը ասում է, պատրատվեցեք։ Մեր փրկությունը մեր քաջության մեջն է։ Աստված էլ չէ օգնում մարդուն, երբ նա ինքն իրան չէ աշխատում օգնել։ Գիտե՞ք այն առածը, թե կանգնած եզը ի՞նչ օյին է հանում քնած եզան գլխին...

Բոլորը կանգնեցան ոտքի վրա։

Ծերունին այժմ դարձավ դեպի տեր Ավետիքը.

Դրանք կգնան, կպատրաստեն իրանց մարդիկը, բայց դուք, տեր հայր, առաջուց պետք է հայտնեք դրանց, թե ո՞րտեղ պիտի հավաքվեն և ե՞րբ պետք է հարձակում գործեն։

Իհարկե, պետք է հայտնեմ,― խոսեց քահանան։― Ես իմ մարդիկների հետ կսպասեմ ձեզ ածխավաճառների հրապարակի այն անկյունում, որտեղից մի խուլ, նեղ փողոց տանում է դեպի խանի ամրոցը։ Դուք ամեն կողմից փոքրի խմբիկներով, առանց աղմուկ հանելու, կհավաքվեք այնտեղ։ Իսկ հարձակումը կկատարենք ուղիղ այն ժամանակ, երբ խանի ամրոցից կհայտնվեն հրդեհի բոցերը, և երբ մի ֆշանք կբարձրանա օդի մեջ։ Այդ երկուսը` ֆշանքը և հրդեհի բոցերը կհայտնվեն միևնույն րոպեում։ Այդ երևույթը պետք է ընտրեք ձեզ որպես առաջնորդ. չմոռանաք։

Ծերունին վեր կացավ բաց անելու սենյակի դռները, որտեղ նրանք նստած էին։ Տեր Ավետիքը կրկին դարձավ դեպի իր աջակիցները այս խոսքերվ.

Ես ձեզանից, զավակներս, ոչ խոսք, ոչ երդում և ոչ մի այլ ուխտ չեմ պահանջում, որովհետև, հավատացած եմ, որ ձեր ընտանիքի և պատվի պաշտպանությունը պահանջում է կատարել այն, ինչ որ ձեզ պատվիրեցի։ Հիմա գնացեք, զավակներս, տեր ընդ ձեզ։ Մի՜ մոռացեք ածխավաճառների հրապարակը և մտքներումդ պահեցեք ձեզ հայտնած նշանները հրդեհը և ֆշանքը։ Դարձյալ ասում եմ ձեզ` աշխատեցեք աղմուկ չբարձրացնել, աշխատեցեք, որքան կարելի է, ձեր հագուստով նմանվել թյուրքերին։

Նրանցից մեկը ասաց.

Ձեր օծյալ աջով երդվում ենք, տեր հայր, որ կկատարենք ձեր բոլոր խրատները, և քանի որ մեր բերանում շունչ կա, թույլ չենք տա, որ մեր աչքերի առջև մեր կնիկները, մեր զավակները հափշտակեն, և մեր գլուխները թնդանոթի գնդակի տեղ գործ ածեն։

Օրհնյալ լինիք, զավակներս, մեր տեր Հիսուս Քրիստոսին եմ հանձնում ձեզ. գնացեք, զավակներս. մեր սուրբ Գրիգոր լուսավորիչ պապը թող ձեզ ուժ և զորություն շնորհեսցե։

Նրանք մոտեցան մեկ-մեկ համբուրեցին քահանայի աջը և հեռացան։

Այդ միջոցին ծերունի Սարգիսն էլ վեր առեց իր մահակը, որ գավազանի տեղ էր գործ ածում, կոթնեցավ նրա վրա, դողդողալով պատրաստվում էր դուրս գալ սենյակից։

Դուք ո՞ւր եք գնում, Սարգիս-ապեր,― հարցրեց քահանան, զարմացական ժպիտով նայելով նրա վրա։

Գնում եմ,― ասաց նա մի առանձին զգացված եղանակով. գնում եմ տեսնեմ ջահիլները ի՞նչ են շինում...

Մի այսպիսի վտանգավոր գիշերում ձեր դուրս գալը լավ չէ, Սարգիս-ապեր,― ասաց նրան քահանան։

Օրհնած, ինչո՞վ պետք է վատ լինի, այսուհետև ինչ էլ որ ապրում եմ, այդ էլ ավելորդ է. իմ ոսկորները վաղուց պետք է փտած լինեին։

Նա չսպասեց քահանայի հետևյալ խոսքերին, օրորվելով դուրս եկավ սենյակից, որ տեսնե, թե ջահիլները ինչ են շինում։ Զառամյալ սրտի մեջ եռ էր գալիս երիտասարդական աշխույժը. ցանկանում էր, եթե իր բազուկներով չէ կարող օգնել գործին, գոնե իր խրախույսներով քաջալերե կռվողներին։ Նա կանչել տվեց ծառային, որ առաջնորդե իրան. ծառան գիտեր նրա սովորությունները։ Գիշերները ծերունու աչքերը լավ չէին տեսնում. ծառան բռնեց նրա ձեռքից, սկսեց ման ածել մթին փողոցների մեջ, անդադար զգուշացնելով. «Այստեղ մի փոս կա, այստեղ մի քար կա» և այլն։

Տեր Ավետիքը մնաց սենյակում միայնակ։ Նա վեր կացավ, իր քահանայական զգեստը հանեց, մի կողմ ձգեց, ասելով. «Էլ ինձ պետք չեք», հետո սկսեց հագնել իր աշխարհականի հագուստը և կապեց զենքերը։

Այդ միշտ տխուր, միշտ տրտում մարդը ուրախանալ չգիտեր. նա առհասարակ գտնվում էր մի տեսակ մռայլ տրամադրության մեջ, կարծես թե, նրան մի բան պակաս էր, կամ մի բան կորցրել էր։ Իսկ այս գիշեր նրա խիստ դեմքի վրա երևում էր մի անսովոր ուրախություն, որ շատ նման էր դևերի ուրախությանը, երբ նրանք պատրաստվում են կատարել մի սարսափելի արհավիրք, մի հրեշավոր գործ։

Նա մոտեցավ նեղ լուսամուտին, սկսեց ականջ դնել փողոցից լսվող աղաղակներին։ Ամբոխի խռովությունը դեռ դադարած չէր։

Ո՞ւր մնացին այդ գառնուկները, չեն երևում,― ասաց իր մտքում փոքր-ինչ զայրացած կերպով։ Նա սովորություն ուներ դեպի իրանից մանկահասակները վերաբերվել այդ խոսքերով։

Վերջապես հայտնվեցան Ստեփաննոս իշխանը և Մելիք Փարսադանի որդի Բալի զորավարը։ Քահանան կարճ կերպով պատմեց նրանց, թե ինչ վախճան ունեցավ իր խորհուրդը տեղային հայոց երևելիների հետ, և վերջացրեց իր պատմությունը այս խոսքերով.

Չգիտեմ, որքան հույս կարելի է դնել դրանց վրա։

Նրանց վրա հույս կարելի է դնել,― ասաց Մելիք-Փարսադանյանը «նեղ ընկած կատուն առյուծ է դառնում»։ Անձնապաշտպանության բնազդումը կստիպե նրանց կատարել իրանց խոստմունքը։

Կտեսնենք,― ասաց քահանան փոքր-ինչ երկբայական եղանակով։― Դուք ինձ այն ասեցեք, ականը պատրա՞ստ է։

Բոլորովին,― պատասխանեց Շահումյանը։― Ուղիղ բացվում է դեպի Բայինդուր իշխանի և Մելիք-Փարսադանի բանակը։

Եվ նրա գոյության մասին ոչ ոք տեղեկություն չունի՞։

Ոչ ոք, բացի աստծուց։

Իսկ Խորեն հայր սուրբը գնացե՞լ է։

Գնացել է իր սիրելի Սառայի հետ։

Սառան մեր ամենի սերին արժանի է,― պատասխանեց քահանան կշտամբելով Մելիք-Փարսադանյանի հեգնությունը. Սառան ավելի գոծեց, քան թե մենք ամենքս։

Իսկ Փարիշա՞նը։

Փարիշանը նույնպես,― պատասխանեց քահանան մի առանձին ակնածությամբ։― Եթե ես նրան տեսնեի, փոխանակ թույլ տալու, որ նա իմ աջը համբուրե, ես առաջինը կլինեի, որ նրա ձեռքը կհամբուրեի։ Ամեն մի կին պաշտելի է դառնում, երբ բացի կին լինելուց, մարդ է դառնում, այսինքն կատարում է մարդկության համար մի լավ բան։ Այն բոլոր կանայքը, որոնց այսօր տոնում է մեր եկեղեցին, կանացիության նեղ սահմանից դուրս եկած, ընդհանուր մարդկային բարության համար գործողներն են եղել։ Մեզ համար միևնույն է, թե ի՜նչ տեսակ անցյալ են ունեցել Սառան կամ Փարիշանը։ Թող նրանց անցյալը մռայլոտ լինի, բայց բարի գործը մինչ այն աստիճան պայծառացնում է նրանց ներկան, որ հին մռայլը կորչում է, անհետանում է նոր լուսավորության մեջ։ Մեր տեր Հիսուս Քրիստոսը Մարիամ Մագթաղինացիների ձեռքով ավելի շատ գործեց, քան թե Պողոսի և Պետրոսի ձեռքով։ Աստված հին մեղքը չէ հիշում, երբ մարդ ներկայանում է նրան որևէ առաքինությամբ։

Քահանայի խոսքերը բավական ամաչեցրին Մելիք-Փարսադանյանին, որ նա այնպես անպատկառ կերպով վերաբերվեցավ դեպի Սառան և դեպի Փարիշանը։ Տեր Ավետիքը նույնքան խիստ էր իր քարոզների մեջ, որքան խիստ էր կռվի դաշտում։ Երիտասարդ Բալին ոչ մի խոսք չգտավ նրան պատասխանելու և լուռ կացավ։ Իսկ իշխան Շահումյանը հայտնեց, որ ժամանակ է գնալու։

Երեքը միասին դուրս եկան յուզբաշի Սարգսի տանից։ Փողոցների խառնաշփոթ աղմուկը փոքր-ինչ դադարած էր։ Խիստ հազիվ պատահում էին զայրացած խմբեր, որոնք աղաղակներ բարձրացնելով անցնում էին։ Բայց պետք չէ մտածել, որ մահմեդական ամբոխը այդ ժամանակ քնած էր։ Բերդի մեծ մեչիտը լիքն էր աղոթող բազմությունով։ Ամենքը արտասուքը աչքերում աստծուց օգնություն էին խնդրում։ Մոլլաների գլխավորը, խանից առանձին հրահանգներ ստանալով, կանգնած էր ամբիոնի վրա, քարոզում էր, հորդորում էր, գրգռում էր բազմության կատաղի բարկությունը «անհավատների» դեմ։ Այս գիշեր նա ներկայացել էր ժողովրդին բոլորովին այլ կերպարանքով. գլխի սպիտակ չալմայի փոխարեն կրում էր երկաթե սաղավարտ, քարոզչի գավազանի փոխարեն կրում էր երկայն նիզակ, իսկ կրոնավորի բարեպաշտական զգեստի փոխարեն հագած ուներ զրահ։ Նա ասում էր, որ դատաստանի օրում բոլորը սև երեսներով կհայտնվեն Մուհամմեդի ատյանում, եթե թույլ կտան գավուրներին ոտք կոխել այն երկրի վրա, որ պատկանում է իսլամի հավատացյալներին։ Իսկ ով որ կկռվի, արյուն կթափի, և մեր սահմաններից կհալածե գավուրներին, նա դատաստանի օրում կներկայանա Մուհամմեդի ատյանում պարզ և պայծառ երեսով։ Նրա ճակատի վրա կփայլի նրա քաջության աստղը։ Եվ մարգարեների մեծը այդ նշանով կճանաչե իր քաջերին և կվարձատրե աստուծո դրախտի ամենագեղեցիկ փառքերով։

Մեր երեք հերոսները, անցնելով մեչիտի դռնից, լսեցին այդ խոսքերը։ Տեր Ավետիքը ծիծաղելով ասաց.

Լա՜վ երազ է, եթե ի բարին կատարի...

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу

Другие части "Դավիթ Բեկ"

Ятук Музыка
Симфония N3
Авет Тертерян

Симфония N3

Давид Бек
Давид Бек
Играть онлайн