Раффи

Դավիթ Բեկ

3 - Է

Տաթևի վանքը թե իր շինվածքների ընդարձակությամբ և թե իր ամրություններով ամեն հարմարություններ ուներ բերդի տեղ ծառայելու։ Այս պատճառով Դավիթ բեկը ընտրեց նրան որպես կենտրոն իր գործողությունների։

Կար և մի ուրիշ բան. այդ վանքը, որպես Սյունյաց աշխարհի հոգևոր կառավարության մայր աթոռը, ուներ ահագին հարստություն։ Վանքի միաբանությունը իր հարստությունը դրեց Բեկի տրամադրության ներքո, իրավունք տալով նրան, գործ ածել իր պատերազմական ծախքեի համար, որպես կբարեհաճի։ Ավելի քան ութ հարյուր տարի գոյություն ունեցող այդ վանքը, դարերի ընթացքում, դիզել էր արծաթի, ոսկու, թանկագին քարերի մեծ քանակություն։ Ամեն մի թագավոր, ամեն մի թագուհի, ամեն մի իշխան և իշխանուհի, իր հոգու փրկության համար, նվիրել էր վանքին` որը գյուղ, որը ագարակ, որը ընդարձակ անտառներ, որը թանկագին անոթներ, խաչեր և այլն։ Զանազան ժամանակներում պատահած հափշտակությունները, ավարառությունները չէին կարողացել բոլորովին սպառել այդ ահագին հարստությունը։ Վանքի գաղտնի պահարանները խիստ ապահով տեղեր էին ասպատակների ձեռքից նրանց պահպանելու համար։

Վանահոր կացարանը բաղկացած էր մի քանի սենյակներից, որոնց դռները բացվում էին միմյանց մեջ։ Դրանցից մեկը, որ ետևի կողմումն էր, ուներ մի նեղ լուսամուտ միայն առաստաղի մոտ և այնքան մութն էր, որ ցերեկով ևս պետք էր ճրագ վառել մի բան տեսնելու համար։ Այստեղ միայնակ նստած էր մի ծերունի աբեղա և նրա առջև դրած էր մի շարժական քուրա, որ ասիական ոսկերիչների հալոցի ճիշտ նմանությունը ուներ։ Նա մի ձեռքով փչում էր փուքսը, իսկ մյուսով, որով բռնած ուներ փոքրիկ ունելի, անդադար շարժում էր ածուխները, որ ավելի շիկանան, որ ավելի բոցավառվեն։ Ածուխների մեջ ծածկված էր մի մեծ բութակ*****************, որի մեջ հալվում էր մետաղ։ Ծերունի աբեղան դեռ իր գործողությունը չէր վերջացրել, երբ ներս մտավ վանահայրը` Ներսես սրբազանը։

Տեսնո՞ւմ եք, Վահան հայր սուրբ,― ասաց նա ծիծաղելով,― ձեր ոսկերչությունը վերջապես պետք եկավ մեզ։

Վահան հայր սուրբը միայն բարեսրտությամբ ժպտաց և շարունակեց փուքսը փչել։ Նա իր պատանեկության հասակում, իրավ, ոսկերչի աշակերտ էր, վարպետից փախչելով, եկավ վանքը և աբեղա դարձավ։

Այդ ի՞նչ եք հալում,― հարցրեց սրբազանը` նայելով քուրայի մեջ։

«Սուրբ սքանչելագործի» աջը,― պատասխանեց աբեղան, և նկատելով, որ մետաղը բոլորովին հալված էր, բութակը ունելիով դուրս հանեց քուրայի միջից և հեղուկ դարձած արծաթը խնամքով ածեց մի կաղապարի մեջ, ուր սառչելով, երկայն շերտի ձև ստացավ։ Հետո կաղապարի միջից դուրս հանեց շերտը, դրեց մյուսների մոտ, որ դիզված էին միմյանց վրա։

Վանահայրը սկսեց համբարել արծաթե շերտերը։ Երբ վերջացրեց, նա դարձավ դեպի ծերունի աբեղան, հարցնելով.

Երևում է, դեռ բոլորը չեք վերջացրել, Վահան հայ սուրբ։― Շա՞տ է մնացել։

Չսպասելով Վահան հայր սուրբի պատասխանին, որն ինքն էլ չգիտեր, թե որքան է մնացել,― վանահայրը մոտեցավ մի ահագին արկղի, որ շինված էր ամուր սև փայտից և գամած երկաթներով։ Նրա մեջ լցրած էին զանազան արծաթյա անոթներ, խաչեր, բուրվառներ, աշտանակներ և այլ եկեղեցական սպասներ։

Վանահայրը վեր առեց մի գեղեցիկ սկիհ, սկսեց նայել։ Սկիհի պատվանդանի վրա բավական ճարտարությամբ քանդակված էր նվիրողի անունը։ Վանահայրը կարդալով այդ, ասաց.

Մոտ վեց հարյուր տարվա հնություն է, հայոց Լևոն թագավորից ընծայված։ Երբ Սյունյաց Հայրապետ եպիսկոպոսը գնաց Երուսաղեմ, Կիլիկիայով անցավ. այնտեղ տեսնվեցավ Լևոնի հետ։ Թագավորը նվիրեց մեր վանքին այդ սկիհը ուրիշ շատ անոթների հետ։ Այնօրից մեր միաբանությունը սահմանեց ամեն տարի զատկի միաշաբաթի օրը պատարագի ժամանակ հիշել բարեպաշտ թագավորի հիշատակը։

Մենք կշարունակենք դարձյալ հիշել,― ասաց Վահան հայր սուրբը,― բայց սկիհը կհալենք այդ քուրայի մեջ, որովհետև այժմ նա ուրիշ բանի պետք է։― Վերջին խոսքերի հետ նա առեց սկիհը, և դնելով զնդանի վրա, մուրճով ջարդեց, հետո ձգեց բութակի մեջ։

Վանահայրը վեր առեց մի ահագին արծաթե կոնք (լագան), որի մեջ ոտնալվայի խորհուրդը կատարելու ժամանակ լվանում էին միաբանների ոտները։

Այդ կոնքը Սյունյաց Փիլիպպե գահերեց իշխանի նվիրածն է,― ասաց վանահայրը։ Նա ընծայեց մեր վանքին ահագին կայք ու կալվածներ։ Տաթև գյուղը, Արծիվ գյուղը, Բերդկամեջ գյուղը նրա հայրենական կալվածքներն էին, բոլորը տվեց մեր վանքին։ Նա շինեց վանքի մոտ և սուրբ Լուսավորիչ անունով եկեղեցին։ Այն ժամանակվա վանահայր Դավիթ եպիսկոպոսը պարտավորացրեց վանքի միաբանությանը, որ ամեն տարի իշխանի հոգու փրկության համար քառասուն օր պատարագ մատուցանեն և վաթսուն օր «Տեր ողորմյա» ասեն։

Մենք այսուհետև յոթանասուն օր «Տեր ողորմյա» կասենք իշխանի հոգու փրկության համար,― պատասխանեց ծերունի աբեղան,― այսուամենայնիվ, նրա նվիրած կոնքը պետք է մտնի իմ քուրայի մեջ։

Այնուհետև վանահայրը վեր առեց մի փոքրիկ արծաթե արկղիկ, զարդարած գեղեցիկ քանդակներով և ոսկեջրած։ Նրա մեջ պահվում էր սուրբ աստվածածնի գիսակների մի մասը։

Այդ արկղիկը,― ասաց նա,― ընծայել է աղվանից Վարազ-Տրդատ անունով գահերեց իշխանի դուստրը` Շահանդուխտ օրիորդը։ Երբ հայկազուն իշխանները նրան հարսնության էին տանում Բաղաց երկիրը, և երբ հասան Տաթևի հանդեպ, այդ միջոցին վրա հասան մի գունդ սպառազինված պարսիկներ։ Նրանք կամենում էին առևանգել չքնաղագեղ օրիորդին և իրանց թագավորի համար տանել։ Օրիորդը անօրենների ձեռքը չընկնելու համար, երեսը խաչակնքեց, մտրակեց իր ձին, և ահագին բարձրությունից գահավեժ եղավ խորին անդունդի մեջ։ Աստուծո հրեշտակները նրան օգնության հասան, և կարծես կառքի մեջ նստած, անվնաս իջավ անդունդի հատակի վրա։ Նույն տեղում բարեպաշտ օրիորդը շինեց մատուռ և այնուհետև իր անձը նվիրեց ճգնության։ Վերջը այդ մատուռը կուսանոց դարձավ։ Նա իր հարստության կեսը բաժանեց կարոտյալներին, իսկ մնացածը նվիրեց մեր վանքին։ Շընհերի սահմաններից սկսած մինչև Գինական գետը, մեր ունեցած կալվածքների բոլորը նրա ընծայածն է։ Իսկ այդ գեղեցիկ արկղիկի մեջ պահում էր նա իր հարսնության գոհարեղենները; Նա այդ գոհարեղենները վաճառեց, արծաթը բաժանեց աղքատներին, իսկ արկղիկը նվիրեց մեր վանքին, որ դրա մեջ պահվի սուրբ աստվածածնի գիսակները։

Աստված հոգին լուսավորեսցե,― պատասխանեց ծերունի աբեղան. մենք այսուհետև սուրբ Աստվածածնի գիսակները մի հասարակ տուփի մեջ կպահենք. այդ մասին ես հավատացած եմ, որ սուրբ աստվածածինը չի բարկանա։

Ես էլ կարծում եմ, որ չի բարկանա,― պատասխանեց սրբազանը և վեր առեց արկղի միջից մի արծաթե բուրվառ։

Այս բուրվառը,― ասաց նա,― Սյունյաց տիկին Շուշանի նվերն է։ Նա Աշոտ իշխանի ամուսինն էր։ Դրա ժամանակում Վայոց ձորի լեռների մեջ ցրված էին մի կարգ կրոնավորներ, որոնց «խոտաճարակներ»‡‡‡‡‡‡‡‡‡‡‡‡‡‡‡‡‡ էին կոչում։ Եվ իրավ, այդ ճգնավորները ոչ հաց, ոչ միս և ոչ էլ այն բոլոր ուտեստները, որ գործ են ածում մարդիկ, չէին ուտում։ Կերակրվում էին բանջարներով, ընդեղեններով, որ գտնում էին լեռների մեջ։ Մարդկային բնակության չէին մոտենում, և երբ հեռվից մարդիկ էին տեսնում, իսկույն փախչում էին ու թաքնվում քարերի մեջ։ Զարմանալին այն էր, որ այդ կրոնավորները հագուստ չէին հագնում, բոլորն էլ Ադամի նման մերկ էին։ Պատմում են, որ նրանց մորուքի, գլխի և մարմնի մազերը այնքան աճում էին, որ ծածկում էին նրանց մերկությունը։ Այրերը, լեռների մեջ գտնվող քարանձավները նրանց ծառայում էին որպես բնակարան։ Միայն կիրակի օրերը հավաքվում էին մի տեղ և կատարում էին պատարագի խորհուրդը, հետո կրկին ցրիվ էին գալիս լեռների մեջ և միմյանց երես չէին տեսնում։ Շուշան տիկինը, ցանկանալով մի տեղ հավաքել այդ կրոնավորներին, նույն լեռների մեջ շինեց մի վանք, որ կոչվեցավ «խոտաճարակաց» վանք§§§§§§§§§§§§§§§§§։ Նա նվիրեց այդ վանքին իր սեփական Արաստամուխ անունով գյուղը որպես մշտական ժառանգություն։ Խոտաճարակները հավաքվեցան այդ վանքում, բայց երկար ժամանակ չթողեցին իրանց սովորությունները. դարձյալ կերակրվում էին բանջարեղեններով. դարձյալ հագուստ չէին հագնում, կրում էին երկայն, սպիտակ շապիկ միայն, ոտնամաններ չունեին, ման էին գալիս բոբիկ ոտներով։ Այդ Շուշան տիկինը շինեց ուրիշ հինգ եկեղեցիներ իր հինգ որդիների հիշատակը անմահացնելու համար։

Հինգ եկեղեցինե՛ր...-կրկնեց Վահան հայր սուրբը, գլուխը շարժելով,― որոնցից մեկն էլ այժմ չէ մնացել։

Չէ մնացել... Քարն ու կիրը երկար ժամանակ չեն պահպանում մարդերի հիշատակը. նրանք ժամանակների հետ քսվում են, մաշվում են և անհետանում են, իրանց կառուցողների հիշատակն էլ իրանց հետ տանելով։

Այդ խոսքերը սաստիկ դառնությամբ արտասանեց սրբազանը, կարծես, նրա սրտի վրա ծանրացած էր մի անախորժ բեռ, որ կամենում էր թոթափել։

Այն օրից, Վահան հայր սուրբ, երբ մեր թագավորները, իշխանները ու իշխանուհիները սկսեցին իրանց հարստությունը վատնել եկեղեցիների ու վանքերի թիվը բազմացնելու,― այն օրից մեր զորությունը օրըստօրե թուլացավ, և մենք բոլորովին ընկանք։ Երբ Հիսուս Քրիստոսին ցույց տվեցին Երուսաղեմի տաճարի շքեղությունը, այն տաճարի, որ կուլ էր տվել Իսրայելի մի քանի ամենահարուստ թագավորների գանձերը,― Հիսուս Քրիստոսը ասաց նրանց. «Կգա մի օր, որ մի քար էլ չի մնա քարի վրա»։ Նրան չէր հետաքրքրում հոյակապ տաճարի փառքը. նրան ավելի թանկագին էր մի ճշմարիտ հավատացող, որի սիրտը աստուծո համար ամենամաքուր տաճար է։ Երևակայեցեք, միայն Սյունյաց աշխարհում մենք ունենք 43 հոյակապ վանքեր, իսկ երեք հատ օրինավոր բերդեր չունենք։ Այլևս չեմ խոսում եկեղեցիների մասին, որոնք թիվ չունեն։ Այդ վանքերից ամեն մեկը ունի իր ընդարձակ կալվածքները, սեփական գյուղերը, անտառները և այլն։ Բայց ի՞նչ օգուտ են քաղում նրանցից։ Օրինակ, վեր առնենք մեր վանքը. նա ունի այնքան գյուղեր******************, այնքան լայնատարած հողեր, որոնց վրա մի փոքրիկ իշխանություն կարելի է հիմնել։ Բայց մեր ձեռքը գցելով այդ երկրները, դարձրել ենք բոլորովին ապարդյուն։

Հողերի հարցը թողնենք,― սրբազանի խոսքը ընդհատեց Վահան հայր սուրբը,― դուք տվեցեք ինձ Շուշան տիկնոջ ընծայված բուրվառը։

Սրբազանը տվեց նրան բուրվառը, որ դեռ իր ձեռքում պահած ուներ։ Վահան հայր սուրբը մուրճի տակ ջարդելով նրան, ասաց.

Այդ հոյակապ բուրվառը մենք գործ էինք ածում հանդիսավոր օրերում` միայն մեր վանքի տաճարը խնկարկելու համար։ Այժմ կհալենք, նրա արծաթով հրացան կգնենք։ Վառոդի ծուխը այժմ ավելի փրկարար է մեզ համար, քան թե խունկի ծուխը։

Վանահոր` Ներսես արքեպիսկոպոսի նպատակն էլ հենց այդ էր, որ վանքի ավելորդ արծաթեղենները վաճառքի հանե` ստացած փողը պատերազմական գործողությունների համար գործ դնելու։ Իհարկե, այդ արծաթեղենները, որպես եկեղեցական անոթներ, իրանց ողջ ձևով ոչ մի քրիստոնյա չէր գնի, այդ պատճառով հալում էին նրանց։

Սրբազանը թողեց Վահան հայր սուրբին շարունակել իր գործը, իսկ ինքը դուրս եկավ սենյակից, երբ նրան հայտնեցին, թե Դավիթ բեկը կանչում է։ Նա դիմեց դեպի վանքի թանաբին (դահլիճը), ուր այդ միջոցին առանձնացած էր Բեկը։ Նրա մոտ նստած էին` Մխիթար սպարապետը, Թորոս իշխանը, Մելիք-Փարսադանը, նրա փեսա տեր Ավետիքը և իր սիրելին` Ստեփաննոս Շահումյանը։

Դահլիճի պարսկական ձևով շինված փենջերեները (լուսամուտ) նայում էին դեպի ընդարձակ բակը, որ զարդարված էր դեռ նոր տերևները բաց արած ծառերով։ Բակում ոչ ոք չէր երևում։ Վանքի դռները դեռ կողպված էին, թեև առավոտից մի քանի ժամ անցել էր։

Այդ միջոցին դեպի վանքը տանող ճանապարհով գալիս էին մի խումբ ձիավորներ, որ բերում էին իրանց հետ մի կալանավոր։ Վերջինը ոտքով էր գնում, նրա ձեռքերը ետևի կողմից կապված էին մեջքի վրա, իսկ երկայն պարանի ծայրը բռնած ուներ մի ձիավոր։ Այդ դրության մեջ նա նմանում էր մի փախստական շան, որի վզից թոկով կապելով, ձիավորը իր ետևից քարշ է տալիս, և նա ստիպված է իր ընթացքը հարմարեցնել ձիու քայլերին, եթե ոչ կխեղդվի։

Երբ մոտեցան վանքին, մի քանի մարդիկ հեռվից տեսնելով նրանց, գոչեցին. «Բերեցի՛ն... բերեցի՜ն...», և վազելով վանքը, շտապեցին ուրախալի համբավը տանել։

Ձիավորները իջան վանքի դռանը, և կալանավորին իրանց առջևը առած, ներս տարան։ Նրա կնճռած դեմքի վրա չէր երևում սարսափած կամ հուսահատված մարդու գունաթափությունը, ընդհակառակն, բավական հանգիստ կարելի է համարել նրան, եթե աչքերի մեջ չնկատվեր մի տեսակ գազանային կատաղություն։ Երբ նրան հասցրին դահլիճի առջև, լուսամուտները ներսից բացվեցան, Դավիթ բեկը իր մոտ նստած ավագների հետ մոտեցավ լուսամուտներին և սկսեցին վերևից նայել կալանավորի վրա։

Ցեխոտված, փոշիներում թաթախված, այդ պատառոտած հագուստով մարդուն այժմ դժվար էր ճանաչել։ Այն մարդը, որ ամբողջ երկիրը պահել էր ահի և սարսափի մեջ, այժմ մի թրջված հավի էր նմանում։

Բայինդուր իշխանը, որ նրան բերող ձիավորներից մեկն էր, առաջ անցավ, ասելով. ահա, Սյունյաց աշխարհի քանդողը։ Թույլ տվեցեք ինձ հենց այս րոպեիս դրան բարձրացնեմ սուրբ երրորդության սյունի վրա և այնտեղից ցած գլորեմ, որ իր արժանավոր հատուցումը ստանա։

Ո՞րտեղից բռնեցիք,― հարցրին վերևից։

Ճանապարհից։ Նզովից արմատը գնում է Ֆաթայի խանի մոտ, մեր դեմ պատերազմի պատրաստվելու համար, բայց չգիտեր, որ պարսից թագավորի «բաթման ղլիճի» ձեռքից ինքը սատանան էլ չի կարող պրծնիլ։

Անիծյա՜լ... ասաց սրբազանը, նայելով չարագործի վրա։

Ի՜նչ գարշելի դեմք ունի... ասաց Մխիթար սպարապետը։

Դավիթ բեկը ոչինչ չխոսեց։ Այդ մարդուն նա առաջին անգամն էր տեսնում։ Այդ մարդը նրա հոր, մոր, ազգականների դահիճն էր։ Այդ մարդն էր վառել այն կրակը, որի միջից նա մի բախտով ազատվեցավ իր պատանեկության հասակում։ Այժմ հին եղեռնագործը, գլուխը դեպի ցած խոնարհած, կանգնել էր նրա առջև։

Տարեք, բանտարկեցեք,― ասաց Բեկը և հեռացավ լուսամուտից։

Կալանավորը մեր նախածանոթ մելիք Դավիթ ուրացողն էր։

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу

Другие части "Դավիթ Բեկ"

Ятук Музыка
Новый цветок
Элен Йолчян

Новый цветок

Давид Бек
Давид Бек
Играть онлайн