Раффи

Դավիթ Բեկ

2 - Բ

Այնուհետև Դավիթ բեկը հրամայեց կանչել իր մոտ նամակաբերին։

Ինչպե՞ս է քո անունը,― հարցրեց, երբ հայտնվեցավ նա։

Աղասի, ձեր ծառան,― պատասխանեց նամակաբերը, մի առանձին անձնավստահությամբ կանգնելով Բեկի առջև։― Իմ հայրը մելիք Վարթանեսի մոտ տնտես էր, իմ մայրը այնտեղ լվացարար էր. ես նրանց ընտանիքի մեջ եմ ծնվել և նրանց հացով եմ մեծացել։ Նրանց տան կործանման ժամանակ իմ հայրը սպանվեցավ. անիրավ պարսիկները նրան խենջարներով ծակծկեցին, ստիպում էին, որ ցույց տա մելիքի բոլոր հարստությունը։ Բայց հայրս լուռ մնաց և ավելի լավ համարեց մեռնել, քան իր տիրոջ կայքերի մատնիչը լինել։ Նրանից հետո մայրս շատ չապրեց, կսկիծը նրան շուտով գերեզման տարավ, երբ ես Ստեփաննոսի հետ գերի ընկա Ֆաթալի խանի ձեռքում։ Երբ Թորոս իշխանը մեզ ազատեց, այնուհետև ես չբաժանվեցա Ստեփաննոսից։ Որպես իմ հայրը ծառայել էր նրա հորը, ես էլ սկսեցի ծառայել որդուն։

Այդ բոլորը լավ,― նրա խոսքը ընդհատեց Բեկը. դու այն ասա՜, հիմա ի՞նչ է շինում քո տերը։

Ի՞նչ կարող է շինել թևքերը կարված արծիվը. նրա հոր երկրներին այժմ տիրում է ուրացող մելիք Ֆրանգյուլը. ինքը իշխանը գլուխ դնելու տեղ չունի. մնում է նրան Քորօղլուի նման թափառել մի տեղից մյուս տեղ, պատժել, վրեժխնդիր լինել ուր որ անիրավություն, անարդարություն կտեսնվի։

Մարդիկ ունի՞ իր ձեռքի տակ։

Մի փոքրիկ խումբ միայն, բայց այդ խումբը արժե հազար մարդու. բոլորը մեր երկրի քաջերից ընտրյալներն են, բոլորը մի հոգու պես կապված են իրանց սիրելի պետի հետ։

Դո՞ւ էլ իշխանի խմբից ես։

Այո՜։

Դավիթ բեկին մեծ բավականություն էր պատճառում խոսակցությունը իր հայրենակցի հետ. այդ մասամբ լցուցանում էր տարիներով տարագիր երիտասարդի սրտի կարոտությունը։ Նա հրամայեց Աղասուն նստել իր մոտ։ Աղասին տեղավորվեցավ խարույկի մոտ, օթոցի վրա։ Նրան շատ զարմացնում էր Բեկի անշուք կացությունը։ Նա սպասում էր գտնել վրաց թագավորի հռչակավոր զորապետին փառավոր պալատի մեջ, շրջապատված աշխարհի բոլոր շքեղություններով։ Իսկ այժմ ի՞նչ էր տեսնում,― մի գետնափոր խրճիթ, որի նմանը Սյունյաց երկրի ամեն մի գյուղացին ուներ։ Որքաա՞ն աղքատություն է տիրում այդ երկրում, մտածում էր Աղասին. երբ երկրի նշանավոր պետական մարդը այդպես է ապրում, ապա ի՞նչ կլինի խեղճ ժողովրդի դրությունը։

Աղասու մտածությունները ընդհատեց Բեկը, հարցնելով, թե մելիք Ֆրանգյուլը և Դավիթ ուրացողը ի՞նչ տեսակ հարաբերությունների մեջ են։

Որպես երկու շներ,― պատասխանեց Աղասին,― միմյանց խեղդում են, և ամեն մեկը աշխատում է մյուսի ձեռքից ոսկորը խլել։

Խանը որի՞ն ավելի է համակրում։

Խանը իր օգտին է նայում, որը ավելի շատ կաշառք է տալիս, նրա խոսքն է լսում։

Դավիթ բեկի տան մեջ բնակվում էր մի վրացի ընտանիք նրա սեփական գյուղի ճորտերից։ Այդ գյուղը Բեկը ընծա էր ստացել վրաց թագավորից, այն փառավոր հաղթությունից հետո, որ նա կատարեց լեզգիների դեմ։ Բեկի ամբողջ տնտեսությունը այդ ընտանիքի ձեռքումն էր. հարսները և աղջիկները ծառայում էին որպես աղախիններ, իսկ տղամարդիկը` որպես սպասավորներ։ Նրանք ընտանեբար, առանց քաշվելու, անդադար ներս էին մտնում և դուրս էին գալիս, իրանք էլ չհասկանալով, թե ինչ բանով են զբաղված։ Բեկը հրամայեց ընթրիք պատրաստեն։

Մի քանի կնիկներ մոտեցան խարույկին, հատակի կենտրոնում թավալված գերանների ծայրերը մոտեցրին միմյանց, կրակը բոցավառվեցավ, տարածելով իր շուրջը խիստ ախորժ լուսավորություն։ Խարույկի վրա, առաստաղից քարշ էին ընկած մի քանի շղթաներ, ջահեր կախ տալու շղթաների նման։ Նրանց ծայրերը վերջանում էին կեռ կարթերով և հասնում էին մինչև խարույկը։ Նրանցից կրակի վրա քարշ էին տալիս մեծ և փոքրիկ կաթսաներ, երբ պետք էր մի բան եփել։ Կնիկները քարշ տվեցին կաթսաները և սկսեցին ընթրկքի պատրաստություն տեսնել։

Այսօր բերած փասիաններից մի քանիսը խորովեցինք,― ասաց Բեկը, դառնալով դեպի կնիկները։

Տեր ես,― պատասխանեցին կնիկները խորին հաճությամբ, և նստելով կրակի շուրջը, մերկ գետնի վրա, սկսեցին միևնույն սենյակում փետրահան անել փասիանները, որոնք Բեկի այն օրվա որսորդական արդյունքն էին։

Բեկը դարձյալ շարունակեց իր խոսակցությունը նամակաբերի հետ Սյունյաց աշխարհի վրա։ Բայց երկու մանկահասակ կնիկների մեջ անց էր կենում մի այլ, ավելի հետաքրքիր խոսակցություն։

Ի՞նչ սիրուն փետուրներ են,― ասաց նրանցից մեկը, Թիման, մի առանձին հրճվանքով. եթե այդ փետուրներն էլ հավաքելու լինեմ ինձ համար, իմ փետուրե բարձը լցված կլինի, կդնեմ գլխիս ու այսպես անուշ քնով կքնեմ։― Վերջին խոսքերի արտասանելու միջոցին երիատասարդ կինը ձեռքը դրեց ականջին, գեղեցիկ աչքերը խփեց և գլուխը մի կողմ թեքեց, ցույց տալու համար, թե ինչպես անուշ քնով պիտի քնե։

Թինայի այդ երևակայական բավականությունը գրգռեց նրա աշխատակցի` Դարոյի նախանձը և հետևապես նրա բարկությունը, և նա սաստիկ խթելով Թինայի կողքը, ասաց.

Ինչո՞ւ, միայն քեզ համար, խոզի զավակ, ապա ես բարձ չե՞մ ուզի։ Ինչ որ լինի` ինձ համար։ Ես էլ կուզեմ...

Դու աստուծո կրակը ու սատանայի ցավը կուզես,― պատասխանեց Թինան, չմոռանալով նույն կերպով խթել Դարոյի կողքը։― Քո այդ մեյմունի գլխին խոտի բարձը ավելի սազ կգա։

Թինայի համեմատությունը չափազանց էր. Դարոյի գլուխը ամենևին մեյմունի նմանություն չուներ, ընդհակառակն, նա ավելի թարմ և ախորժելի դեմք ուներ։ Այդ վիրավորանքը մի կողմից, և գուցե կողքի ցավը մյուս կողմից, գրգռեցին Դարոյին երկու ձեռքով պինդ բռնել Թինայի ծամերից և այնպիսի սաստիկ ուժով ձիգ տալ, որ փոքր էր մնում կրակի մեջ պիտի գլորեր նրան։

Վա՜յ... վա՜յ... գոչեց Թինան և ինքն էլ փոխադարձաբար բռնեց Դարոյի ծամերից։

Սկսեցին միմյանց քաշքշել։ Աղմուկը նրանց վրա դարձրեց Բեկի ուշադրությունը։ Բայց, երևի, այդ տեսակ գործողությունները այնքան հաճախ կրկնվում էին Բեկի տան մեջ, որ նա մի առանձին նշանակություն չտվեց, միայն զգուշացրեց, որ իրան չխանգարեն։

Թինա՜, Դարո՜, այդ ի՞նչ խաբար է, այստեղ կռվելու տեղ չէ, եթե ուզում եք միմյանց խեղդել, գնացեք դուրսը։

Մինչ երկու կնիկները պատշաճը և քաղաքավարությունը պահպանելու համար պատրաստվում էին իրանց կռիվը տեղափոխել սենյակից դուրս, վրա հասան նրանց ամուսինները։ Նրանցից յուրաքանչյուրը վառելու փայտերից մի կտոր վեր առնելով, սկսեց իր կնոջը ծեծել։ Խռովությունը ավելի աղմկալի կերպարանք ստացավ։

Անզգամներ,― ասում էին նրանց,― կռվելու ժամանա՞կ եք գտել, չե՞ք տեսնում մեր տերը այս գիշեր հյուր ունի։

Կարծես, հյուրի մոտ միայն պետք էր համեստ լինել։ Երկու կնիկները ընդունեցին այդ խրատը և իրանց մտքում հետաձգեցին կռիվը մի ուրիշ ժամանակի։ Խաղաղությունը կրկին տիրած կլիներ, եթե այդ միջոցին ներս չվազեր երկու հերոսների կատաղած սկեսուրը, կարգ և կանոն սիրող Քեթևանը։ Նա խլեց մի փայտի կտոր և սկսեց իր որդիների պակաս թողածը ինքը լրացնել։ Հարսները սաստիկ ճիչ բարձրացրին։

Հա՜ այդպես... հա՜ այդպես... կրկնում էր բարկացած պառավը ու խփում։

Բավական է, Քեթևան, հանգստացեք,― ասում էր Բեկը փոքր-ինչ վրդովված ձայնով և հրամայում էր դադարել։

Դրանց պետք է ծեծել, տեր իմ,― պատասխանում էր բարեսիրտ Քեթևանը, շարունակելով իր գործը. քանի օր է, որ ծեծ չեն կերել, դրա համար կատաղել են։ Դրանց պետք է ծեծել, միշտ ծեծել։

Բավական է,― դարձյալ կրկնեց Բեկը։

Բարկացած պառավը այժմ դարձավ դեպի իր տերը։

Այդ բոլորը ձեր մեղն է, տեր իմ,― ասաց նա գլուխը շարժելով,― այդ բոլորը ձեր թուլությունից է։ Եթե դուք էլ մյուս աղաների նման ծեծեիք, այսպես չէին լինի։ Այդ բոլորը ձեր մեղն է։ Մենակ դրանք չեն, որ կապը կտրած են, ամենքը այստեղ փչացել են, նրա համար, որ դուք չեք ծեծում։ Այսպիսի աղա ես չեմ տեսել։ Մտիկ տվեք մեր հարևան Գիորգիին, ինչպե՞ս իր ճորտերի հոգին հանում է. դրա համար նրանից վախենում են։

Բեկը ժպտաց միայն և ոչինչ չպատասխանեց։ Ճորտությունը այդ ողորմելոի ժողովրդին անասնական դրության էր հասցրել, որի մեջ ծեծը ընդունված էր որպես գլխավոր պայման բանավոր մարդուն կարգի և պատշաճի մեջ պահելու համար։ Եվ զարմանալին այն էր, որ ինքը ժողովուրդը այն աստիճան սովորած էր այդ դրությանը, որ բոլորովին անբնական էր համարում երբ չէին ծեծում։ Նա նմանում էր մի գրաստի, որ շատ կզարմանար, եթե իր տերը չմտրակեր։

Աղասին չէր հասկանում, թե ինչ էր խոսվում իր շուրջը, որովհետև վրացերեն չգիտեր։ Բայց ինչ որ տեսավ, նրա վրա խիստ անախորժ տպավորություն գործեց։ Այդ ի՞նչ տեսակ անզգամ կնիկներ են, այդ ի՞նչ տեսակ վայրենի մարդիկ են, մտածում էր նա. բավական չէ, որ կնիկները օտար մարդու հետ խոսում են, օտար մարդու մոտ երեսները բաց են անում, բայց այնքան անամոթ են, որ միմյանց ջարդում էլ են։ Նա մտաբերում էր սյունեցի հայ կնոջ ամոթխածությունը, որը ոչ թե օտարի, այլ իր տոհմակիցների հետ անգամ իրավունք չուներ ո՜չ խոսելու, ո՜չ դեմքը ցույց տալու։ Իսկ Աղասին այստեղ բոլորովին այլ տեսակ կյանք էր տեսնում և համարում էր այդ երկիրը կատարելապես վայրենիների աշխարհ։

Բոլորովին անտեղի չէր պառավ Քեթևանի նկատողությունը, Դավիթ բեկը իսկապես թույլ էր իր տնտեսության մեջ։ Ամենամեծ մարդիկն անգամ, որոնք պետություններ են կառավարում, որոնք աշխարհին օրենքներ են տալիս, երբեմն իրանց տունը, իրանց ընտանիքը կառավարելու շնորհք չունեն։ Դավիթ բեկը, որպես պատերազմական մարդ, ուշադրություն չէր դարձնում ընտանեկան մանր գործերի վրա։ Նա գոհ էր, եթե իրան հանգիստ կթողնեին ավելի խոշոր բաների վրա մտածելու համար։ Այդ պատճառով նրա բարի դեմքը, որ մի րոպե առաջ փոքր-ինչ խոժոռվեցավ, կրկին իր սովորական պարզ արտահայտությունն ստացավ, երբ աղմուկը ու խռովությունը դադարեց։

Թինան և Դարոն, երեխայի նման մոռանալով իրանց կերած ծեծը, մոռանալով միմյանց ծամերը քաշքշելը, այժմ հաշտ, ուրախ, ժպտալով ու ծիծաղելով, և միմյանց հետ քաղցրիկ խոսքեր խոսելով, փետրահան էին անում փասիանները։ Երևի, դրանց սրտերը ոխակալության ծանոթ չէին, երևի, դրանք չգիտեին, թե ի՞նչ բան է վիրավորանքը։

Թինա, ցավդ առնեմ,― ասում էր Դարոն, հոնքերի շարժվածքով ցույց տալով Աղասու վրա,― այդ մարդը ո՞րտեղից է եկել։― Մտիկ տուր, ի՞նչ սիրուն բեղեր ունի։

Աչքերը ավելի սիրուն են,― հազիվ լսելի ձայնով նկատում էր Թինան,― ով գիտե, որքան շատ ճորտեր կունենա դա։

Դրա համար էլ մեր աղան այսպես պատիվ է տալիս, իր մոտ է նստեցնում։ Երևում է, ազնվական մարդ է. մեր թավադների մեջ այս տեսակ տղամարդիկ շատ քիչ կան։ Տեսնո՞ւմ ես, ինչ լավ հագնված է,― ասաց Դարոն մի առանձին հոգեզմայլությամբ։

Թեև Աղասու հագուստը բաղկացած էր ղադաքե արխալուղից և Սյունյաց երկրում գործված, հասարակ շալե չուխայից, բայց այդ գրավում էր երկու մանկահասակ կնիկների ուշադրությունը, որովհետև իրանց երկրում ճորտերի տեր թավադներն անգամ այսպիսի հագուստ հագնում էին միայն հանդիսավոր օրերում։

Նրանք մաքրեցին փասիանները փետուրներից, լվացին, իստակեցին, հետո պտուտակավոր շամփուրների վրա խրելով, քարշ տվեցին կրակի վրա։ Շամփուրները կախված էին առաստաղից քարշ ընկած շղթայից, և պատվելով կամաց-կամաց խորովում էին փասիանները։

Դարոյի և Թինայի մի քանի րոպե առաջ կատաղած սկեսուրը, Քեթևանը, այժմ բավական բարի դեմք ընդունելով, զբաղված էր կերակուրների կաթսաներով, որոնք նույնպես քարշ էին ընկած առաստաղի շղթաներից խարույկի վրա։ Կերակուրները կաթսաների մեջ մի առանձին մելամաղձական ձայնով բըխբըխկում էին, տարածելով իրանց շուրջը խիստ ախորժելի հոտ։ Մի քանի չափահաս աղջիկներ անդադար դուրս էին գալիս և ներս մտնում, կատարելով պառավի պատվերները։ Նրանք ճրագի փոխարեն բռնած ունեին իրանց ձեռքում խեժավետ եղևնիի վառած տեշեղներ, որոնք լցրել էին տունը անուշ խնկահոտությունով։ Դրանք Քեթևանի աղջիկներն էին, թվով երեք հոգի, որոնց երեցին կոչում էին Սոփիո, միջնակին` Փեփելո, իսկ կրտսերին` Նինո։ Այդ ուրախ, պարզամիտ արարածները, կոլոլված չթեղեն դերիաների մեջ, բոբլիկ ոտներով վազվզում էին, թրթռում էին կրակի շուրջը, երբեմն այս բերելով, երբեմն այն տանելով, և յուրաքանչյուր սխալ գործելու միջոցին` պառավ մոր զգուշացնող հիշոցները ամենևին չէին խանգարում նրանց ուրախությունը, որի պատճառը իրանք էլ չգիտեին։

Սոփիո,― հարցրեց երեց քրոջից միջնակ քույրը, Փեփելոն, նրան մի կողմ տանելով,― այդ մարդը միշտ պիտի մնա՞ մեր տանը։

Չեմ իմանում,― պատասխանեց սառնությամբ Սոփիոն,― կարելի է մնա, կարելի է գնա։ Ով է իմանում։

Ես կուզեի, որ նա միշտ մեր տանը մնար,― ասաց Փեփելոն ժպտելով,― դու չէի՞ր ուզի։

Հողեմ նրա գլուխը... ինչի՞ս է պետք... պատասխանեց Սոփիոն իր գեղեցիկ դեմքի վրա մի ծաղրական խոժոռ գործելով։

Սիրուն տղամարդ է։

Սիրուն տղամա՞րդ է, քեզ համար պահիր,― ասաց Սոփիոն, ձեռքի հինգ մատներով աննկատելի կերպով «մրճիկ հանելով» դեպի Աղասու կողմը։

Մանկահասակ աղջիկներին հատուկ է իրանց առաջին սերը արտահայտել արհամարհանքով։ Երբ գյուղացի հասարակ աղջկան մի սիրային խոսք ես ասում և նա պատասխանում է քեզ բարկությամբ կամ ապտակով, կարող ես այնուհետև վստահ լինել, որ նա ընդունեց քո առաջարկությունը։ Այդ կետից պետք է բացատրել Սոփիոյի արհամարհանքը դեպի Աղասին։ Սյունեցի վայելչադեմ երիտասարդը արդեն իր վրա էր դարձրել աղջիկների և հարսների բարի ուշադրությունը, թեև նրանց ոչ մեկի հետ չէր խոսացել, թեև ինքը նրանց վրա ուշադրություն չէր դարձնում։

Փոքրիկ տնակի մեջ կյանքը հետզհետե ավելի ուրախ, ավելի բաղադրյալ կերպարանք է ստանում։ Պառավ Քեթևանի որդիները, որոնք Բեկի տանը ծառաների և սպասավորների պաշտոն էին կատարում, ավարտելով իրանց գործը ախոռատնում կամ մարագում, այժմ եկել, ընտանեբար շարվել էին կրակի շուրջը։ Մեկը տաքանում էր և խորին հոգեզմայլությամբ ականջ էր դնում կերակուրների եփ գալու ձայնին, մյուսը խորովվող փասիանների հոտովն էր հրապուրվում, երրորդը իր պատառոտած տրեխներն էր կարկատում, իսկ հինգերորդը մանր ավազով մաքրում էր մի ժանգոտած հրացան։ Նրանց մոտ թավալվում էին մի խումբ կիսամերկ երեխաներ, պառավ Քեթևանի թոռնիկները, մեկը ծուլորեն հորանջում էր, մյուսը նիրհում էր, իսկ մնացածները, որ ավելի արթուն էին, աչքերը չռած, ապուշ-ապուշ նայում էին կաթսաների վրա։ Խարույկի մեղմ բոցերը պլպլում էին, լուսավորելով այդ ամբողջ նախնական կացությունը, որ իր պարզության մեջ կրում էր նահապետական կյանքի բոլոր վայելչությունները...

Բեկը լուռ մտախոհության մեջ թեք էր ընկած թախտի վրա. նա, կարծես, չէր նկատում, թե ինչ է կատարվում իր շուրջը։ Թևքը նեցուկ տալով գլխին, նա ընկողմանած էր բարձի վրա և նրա միտքը սլացել էր հեռու, հեռու դեպի հայրենի աշխարհը։ Նա հիշում էր իր թշվառ մանկությունը, հիշում էր իր անբախտ, չքավոր ծնողներին, հիշում էր այն բոլոր տանջանքը, այն բոլոր ցավերի դառնությունը, որ մաշում էր նրանց։ Օտարության մեջ անցուցած տասնևհինգ տարին երևում էր նրան որպես մի երազ, և քնից արթնացած մարդու նման, այժմ պատկերանում էր նրա մտքում միայն տխուր և վշտերով լի անցյալը, որ նա վարել էր հայրենական երկրում։ Նա կրկին վեր առեց եպիսկոպոսների, վարդապետների, մելիքների, տանուտերների գրած հանրագիրը, սկսեց նորից կարդալ։

Աղասին լուռ նստած էր թախտից ցած, հատակի վրա։ Նրա ուշադրությունը այժմ գրավել էին երկու հարսները, որոնք տաշտի մեջ սիմինտրի ալյուրից խմոր էին հունցում, այդ խմորից գնտակներ էին շինում, և խարույկի շիկացած ածուխները բաց անելով, գնտակները թաղում էին տաք մոխրի մեջ, կրկին ծածկում էին ածուխներով։ Այնտեղ, մոխրի մեջ առանց այրվելու, եփվում էին գնտակները։ Դա այդ երկրի հաց թխելու ձևն էր, որ ոչ սակավ զարմացնում էր Աղասուն, հիշեցնելով նրան իր հայրենիքի սպիտակ, թղթի պես բարակ լավաշները, որ պատրաստվում էին թոնրի մեջ։ Ինչպե՞ս ուտում են այս տեսակ հացը, մտածում էր Աղասին, այն ևս այսպիսի տան մեջ։ Նա այժմ սկսեց նայել սենյակի պատերի այն ճակատի վրա, որ պատած էր պարսկական գորգով, որ կողմումը դրված էր և Բեկի թախտը։ Այստեղ տեսարանը բավական գրավիչ էր։ Պատի վրա կարգով քարշ էին ընկած զանազան տեսակ հին և նոր զենքեր, զանազան տեսակ անոթներ։ Այնտեղ կարելի էր տեսնել երկաթե մանր օղակներից հյուսված շապիկներ, որ զրահի տեղ էին գործածվում։ Այնտեղ կային պարսկական ճաշակով շինված, հնադարյան սաղավարտներ երկաթե վակասներով։ Այնտեղ կային վահաններ, նիզակներ, տապարներ, որ կրում էին վաղեմի ժամանակների արհեստի կոշտությունը։ Դրանց թվում կարելի էր տեսնել և նոր ժամանակի զենքերը. թրեր, ատրճանակներ, հրացաններ, լեզգու խենջարներ, բոլորը բավական գեղեցիկ և շքեղ կերպով պատրաստված։ Դրանց շարքում զետեղված էին` ահագին եղջյուրներից շինված և արծաթով պատած գինու գավաթներ, զանազան տեսակ չիբուխներ, գունավոր փայտից շինված գինու սրվակներ, որսորդական փողեր, մի խոսքով բոլորը, ինչ որ կայացնում էր տան տիրոջ գլխավոր հարստությունը։

Սենյակի մյուս պատերի վրա Աղասին տեսնում էր քարշ ընկած ավելի հասարակ առարկաներ, որպիսիներն էին` ձիու սանձեր, թամքերի պարագայք, մարդիկ կամ ձիաներ բռնելու առասանակներ (արկան), և դրանց թվում կարելի էր տեսնել մինը մյուսի հետ կապված, խեցեղեն փոքրիկ թմբուկներ, դայիրաներ, որոնք մանկահասակ հարսների և աղջիկների երաժշտական սեփականությունն էին։

Բեկը վերջացնելով հանրագրի կրկին ընթերցումը, դարձավ դեպի Աղասին այդ հարցով.

Դու այստեղ գալու ժամանակ Ֆաթալի խանը Ղափանո՞ւմն էր, թե մի ուրիշ տեղ։

Խանը Ղափանում չէր,― պատասխանեց Աղասին, սրտում ուրախանալով Բեկի հետաքրքրության մասին,― ես գալու ժամանակ նա իր ցեղով անցել էր Արաքսը Ղարադաղի լեռների վրա ամառը անցկացնելու համար։

Իհարկե, նա այնտեղ կմնա մինչև աշնան վերջը։

Իհարկե, կմնա. խաշնարածները, մինչև ջուրը չսառչի, չեն վերադառնում իրանց ամառանոցից։

Վերջին տեղեկությունները մի հուսադրական ուրախություն ազդեցին Բեկի սրտին և նրա մի քանի րոպե առաջ մռայլված դեմքը փոքր-ինչ պայծառացավ։ Նա այժմ գտնվում էր այն հոգեկան բերկրանքի մեջ, որպես մի մարդ, որ տեսնում էր իր առջև նպաստող հանգամանքներ, որոնք կարող էին հասցնել ցանկալի նպատակին։

Նրա մտածությունները ընդհատեց մի աղմուկ, որ լսելի եղավ դրսից։

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу

Другие части "Դավիթ Բեկ"

Ятук Музыка
Концерт-рапсодия для виолончели
Арам Хачатрян

Концерт-рапсодия для виолончели

Давид Бек
Давид Бек
Играть онлайн