Раффи

Դավիթ Բեկ

2 - ԺԶ

Մեծ պարոնի տան մեջ արդեն բոլորը խոսում էին Բեկի ուխտագնացության մասին և ոմանք պատմում էին, թե որպիսի ծանրագին ընծաներ է տանում նա հայոց վանքերի ու եկեղեցիների համար։ Միայն Թամարը դեռ ոչինչ չէր լսել. բայց նրան սաստիկ անհանգստացնում էր այն հանգամանքը, որ մի քանի օր շարունակ չէր տեսել իր սիրելիին։

Գիշերից բավական անցել էր. աքաղաղները սկսել էին խոսել։ Մեծ պարոնի տան մեջ բոլորը քնած էին, բացի Թամարից։ Նա առանց հանվելու պառկել էր իր անկողնի վրա և տխուր մտահոգության մեջ նայում էր ճրագի ճաճանչներին, թե որպես նրանք, իր աչքերը ամեն մի բացուխուփ անելու ժամանակ, զանազան ձևեր էին ստանում։ Նրա անկողնի մոտ լուռ կանգնած էր իր մտերիմ աղախինը` Կատոն, և անհամբերությամբ սպասում էր, մինչև օրիորդը քնե, որ ինքն էլ գնա հանգստանա։

Կատո,― դարձավ նա դեպի աղախինը,― այդ ի՞նչ է պատահել, քանի օր է Բեկը չէ երևում։

Կատոն, որի միջնորդությամբ կատարվում էին երկու սիրահարների գաղտնի տեսությունները, ոչինչ գտավ պատասխանելու։ Օրիորդի հարցումը բավական անակնկալ եղավ, և աղախինը ամենևին նախապատրաստված չէր մի հարմար պատասխան հորինելու, որպեսզի իր տիրուհուն իսպառ չվհատեցնե։

Ինչո՞ւ չես խոսում, Կատո, քեզանից բան եմ հարցնում,― կրկնեց օրիորդը։

Աղախինը կմկմաց և դարձյալ ոչինչ չկարողացավ խոսել։ Այդ ավելի շարժեց օրիորդի կասկածը, և նա գլուխը վեր բարձրացնելով բարձի վրայից, նստեց անկողնի վրա։ Ճրագի լույսը այժմ ուղիղ ընկավ նրա գունաթափ երեսի վրա, որ մասամբ սքողված էր գլխի սև մազերով, որոնք խիստ հույսերով թափվել էին նրա կիսաբաց կուրծքի և թիկունքի վրա։

Կատո, ինչո՞ւ չես խոսում, ուղիղն ասա՜, ի՞նչ է պատահել. դարձյալ հարցրեց օրիորդը այնպիսի մի ձայնով, կարծես, ինքը ավելի վախենում էր այն պատասխանից, որ պիտի տար աղախինը։

Չե՞ք լսել, նա գնում է... պատասխանեց Կատոն, մտածելով, որ իր աղջիկ պարոնին երկար անգիտակցության մեջ պահելը ավելորդ էր այնուհետև։

Գնո՞ւմ է... գոչեց օրիորդը սարսափելով. գնո՞ւմ է առանց ինձ տեսնելու, առանց ինձ մի խոսք ասելո՞ւ... ո՞ւր է գնում... ե՞րբ է գնում...

Խեղճ աղջկա աչքերը լցվեցան արտասուքով։ Նա երեսը ծածկեց բարձի վրա, սկսեց դառն կերպով հեկեկալ։ Շվարած Կատոն չգիտեր ինչ անել, ինչով մխիթարել նրան։ Նա մոտեցավ, աշխատում էր հանգստացնել նրան այս խոսքերով։

Մի՜ լաց լինիք, ցավդ առնեմ, Թամար, նա իր երկիրը ուխտ է գնում, շուտով կվերադառնա։ Նա առանց ձեզ տեսնելու, առանց ձեզ հետ խոսելու չի գնա։ Հենց այսօր, ճաշին, մեծ պարոնի սենյակից դուրս գալու ժամանակ ինձ ասաց. «Կատո, Թամարին իմացում տուր, որ գիշերը պիտի գամ մնաք բարով ասելու։ Բայց ես` հիմարս մոռացա, չհայտնեցի ձեզ։

Կատոն իրանից հնարեց վերջին խոսքերը։ Բեկը նրան ամենևին այդպիսի բան ասած չէր։ Նա մտածեց օրիորդին առժամանակ միայն հանգստացնել, մինչև կամ ինքը կգնա Բեկին կկանչե, կամ տեսությունը կհետաձգե հետևյալ օրը։ Բայց փոխանակ հանգստացնելու, ավելի վրդովեց նրան։

Ո՞ւր է, ապա ինչո՞ւ չեկավ, շուտով կես-գիշեր կլինի,― ասաց նա` գլուխը վեր բարձրացնելով բարձի վրայից և վայրենի հայացքով նայելով իր շուրջը։― Չէ՜, չէ՜, նա չի գա. ես ինքս կգնամ նրա մոտ...

Այս խոսքերը ասելով, կատաղածի պես գլուխը բաց, արձակ մազերով նա դուրս պրծավ սենյակից և անհայտացավ գիշերային խավարի մեջ։ Աղախինը վազեց նրա ետևից և հազիվ կարողացավ բռնել, երբ տակավին չէր դուրս եկել տան բակից։― Թամար, ցավդ առնեմ,― աղաչում էր նա իր գրկի մեջ պահած ունենալով ցնորածի պես խելքն ու միտքը կորցրած օրիորդին։― Թամար, այդպես չէ կարելի, ի՞նչ կասեն, եթե փողոցում քեզ կտեսնեն։ Այդպես չէ կարելի, Թամար։ Բեկը ինքը կգա, անպատճառ կգա։

Աղախինի խոսքերը ամենևին չլսեց օրիորդը. նա այն աստիճան սարսափելի հոգեկան վրդովմունքի մեջ էր գտնվում, գուցե լսեց բոլորը, բայց չհասկացավ։ Բորբոքված զգացմունքների կատաղությունը նրան ըմբիշի ուժ և զորություն էր տվել։ Կատոն իր զորեղ ձեռքերով չկարողացավ պահել նրան իր գրկի մեջ։ Նա դուրս պրծավ և վազեց դեպի բակի դուռը։ Բարեբախտաբար դռները բաց էին, եթե ոչ ամբողջ տունը կզարթեցներ նա։ (Մեծ պարոնի դռները սովորաբար գիշեր և ցերեկ բաց էին թողնում)։ Նա անցավ առանց նկատվելու։ Պահապանները, կծկված իրանց յափունջիների մեջ, նիրհում էին։

Այդ միջոցին Կատոն շտապով մտավ օրիորդի սենյակը, խլեց այնտեղից մի շալ և վազեց նրա ետևից։ Նա գտավ օրիորդին փողոցում, գլուխը բաց, հերարձակ աճապարում էր դեպի Բեկի տունը։

Ծածկվեցեք այդ շալով, ես կտանեմ ձեզ,― կանգնեցրեց օրիորդին և սկսեց փաթաթել նրա գլուխը և ուսերը ընդարձակ շալով։

Փողոցները բոլորովին դատարկ էին և այնքան մութ, որ մի քայլ այն կողմը ոչ ոքին չէր կարելի տեսնել։ Նրանք դուրս եկան բնակություններից և անցան դեպի ամայի դաշտը։ Այս կողմից ավելի հարմար էր մոտենալ Բեկի տանը, թեև ճանապարհը բավական հեռու էր։ Բայց ահագին տարածությունը անցան նրանք մի քանի րոպեի մեջ և շուտով հասան Բեկի տան պարտեզի ցանկապատին, որ հյուսված էր փշոտ մացառներից։ Օրիորդը մոտեցավ ցանկապատին, կամենում էր վեր բարձրանալ նրա վրա և իջնել պարտեզի մեջ։ Պարտեզի կողմից մուտքը դեպի Բեկի սենյակը ավելի ապահով էր. տանեցիներից ոչ ոք չէր տեսնի նրանց։

Այդ ի՞նչ եք անում, դուք բոլորովին կծակոտեք ձեր մարմինը,― ասաց աղախինը` բռնելով օրիորդի փեշից, որ արդեն կատվի նման ճանկռտում էր փշոտ ցանկապատը։

Բայց օրիորդի խռովությունը թույլ չտվեց լսել աղախնի զգուշացնող ձայնը. նա արագությամբ ցանկապատից ցատկեց մյուս կողմը, իջավ պարտեզի մեջ։ Աղախինը նույնպես հետևեց նրա օրինակին, սաստիկ ծակոտելով իր ձեռքերը։

Պարտեզի ամեն մի ճեմելիքները, ամենափոքրիկ շավիղներն անգամ ծանոթ էին Թամարին։ Նա դիմեց ուղիղ դեպի այն կողմը, որտեղ բացվում էին Բեկի ննջարանի լուսամուտները։ Նա ուրախացավ և ավելի փութացրեց իր քայլերը։ Լուսամուտներից ճրագ էր երևում։ Ուրեմն նա տանն էր, և եթե տանն էր, դեռ քնած չէր։ Օրիորդի սիրտը սկսեց սաստիկ բաբախել, փոքր էր մնում, որ շնչասպառ լինի։ Բայց դարձյալ նա շարունակեց իր շտապ քայլերը և մոտեցավ լուսամուտներին, որոնք բավական բարձր էին։

Կատո,― ասաց աղախինը,― կարո՞ղ ես ինձ փոքր-ինչ բարձրացնել, որ գլուխս հասնի լուսամուտին։

Կարող եմ, դուք միայն ձեր ոտները դրեցեք ափերիս մեջ և բարձրացեք ուսերիս վրա. ես կկանգնեմ պատի մոտ, ուղիղ լուսամուտի ներքևը։

Կատոն երկու ձեռքերի մատները միմյանց հետ հյուսելով, կազմեց շարժական սանդուղքի առաջին աստիճանը։ Օրիորդը մի ոտքը նրա վրա դնելով, մյուսը դրեց նրա ուսի վրա, և իր ձեռքերով պատը բռնելով, բարձրացավ մինչև լուսամուտը։ Սկսեց այնտեղից նայել։ Ոչինչ չէր երևում, որովհետև լուսամուտի փեղկերը ապակու փոխարեն պատած էին թղթով։ Նա իր մատով զգուշությամբ մի փոքրիկ ծակ բաց արեց թղթապատի մեջ։ Այդ գործողությունը կատարվեցավ միևնույն րոպեում, երբ Բեկը իր երկար տենդային մտատանջությունից հետո, վերջապես վճռեց կնքել նամակը և հանձնել Աղասուն։

Օրիորդը դեռ նայում էր իր դիտարանից։ Նա տեսնում էր, թե ո՜պես Բեկը սուրհանդակի գնալուց հետո սաստիկ հուզված էր, ո՜րքան օտարոտի կերպով վառվում էին նրա վրդովմունքով լի աչքերը, ո՜րքան անհանգիստ կերպով նայում էր նա թղթերի մի կապոցի վրա, որ դրած էին նրա մոտ։ Հետո տեսավ, թե ինչպես նա մոտեցավ ճրագին և սկսեց գրել։ Որքա՛ն գունաթափ, որքա՛ն սոսկալի էր նրա դեմքը ճրագի լույսի առջև։

Օրիորդը երկար նայել չկարողացավ։ Նրա ոտները դողդողացին, փոքր էր մնում, որ պիտի ցած գլորվեր։ Նա լարեց իր վերջին ուժերը, մի ձեռքով պատը բռնելով, մյուս ձեռքով սկսեց բախել լուսամուտը։ Բեկը ոչինչ չլսեց։ Նա սաստկացրեց զարկը։ Բեկը այժմ լսեց, բայց կարծելով, թե քամին է, դարձյալ շարունակեց իր գրելը։ Քանի րոպեից հետո նա լսեց իր անունը. «Դավի՛թ»... Ծանոթ ձայնի մեղմ հնչյունները, կարծես, հասան մինչև նրա սրտի խորքը։ Նա մի կողմ ձգեց գրիչը և շտապով վազեց դուռը բաց անելու։

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу

Другие части "Դավիթ Բեկ"

Ятук Музыка
Enzeli
Александр Спендиарян

Enzeli

Давид Бек
Давид Бек
Играть онлайн