Раффи

Դավիթ Բեկ

3 - Թ

Դավիթ ուրացողին կալանավորելուց հետո Տաթևի վիճակը ազատվեցավ մի չարագործից։ Այդ նոր Վասակը, որ Ֆաթալի խանի աջ ձեռքն էր, հենց որ լսեց Բեկի Սիսիանի մեջ կատարած հաղթությունները, հենց որ իմացավ նրա Տաթևին մոտենալը, պատրաստվեցավ առաջն առնել։ Նա հավաքեց իր ձեռքի տակ գտնվող պարսկական զորքերը, և տեղային հայերից ևս բավական բազմություն ստիպմամբ պարսիկների հետ միացնելով, աշխատում էր թույլ չտալ Բեկին Տաթևի սահմանը մտնել։ Հորը աջակցում էր Շահ-կուլի անունով որդին, որ ծնված էր պարսիկ կնոջից։

Բեկի հրամանի ներքո, ինչպես մեզ հայտնի է, այդ ժամանակ կային մոտ 500 զինված մարդիկ։ Իսկ ուրացողի ուժերը հնգապատիկ ավելի էին։ Նրանք բռնել էին դեպի Տաթև տանող ճանապարհների բոլոր անցքերը;

Բեկը նստած էր իր սառուլար§§§§§§§§§§§§§§§§§§ ձիու վրա, որ Սյունյաց աշխարհի ամենաընտիր նժույգների տեսակիցն էր։ Նա գնում էր ամենից առաջ, շրջապատված իր թիկնապահներով։ Նրա կողքին ձիավորում էր Ներսես արքեպիսկոպոսը։ Ճանապարհը ընկած էր նեղ ձորի միջով, որ իր դժվարին ելևէջներով երբեմն բարձրանում էր լեռների բարձրավանդակների վրա, իսկ երբեմն իջնում էր խորին անդունդների մեջ։ Սարերը պատած էին անթափանցիկ անտառով։ Ամեն րոպե կարելի էր սպասել խիտ ծառերի ետևից դարանամուտ թշնամու հրացանի արձակվիլը և գնդակի սլացումը։

Բայց Բեկը, այդ զգույշ, շրջահայաց զինվորը, կարծես, ուշադրություն չէր դարձնում։ Նա լուռ էր և մտախոհ։ Ակամա տխրությունը, որ տիրեց նրա սրտին, համարյա մոռանալ էր տվել, թե ի՜նչ վտանգավոր տեղում է գտնվում ինքը, ուր ամեն մի քար, ամեն մի ժայռ, ամեն մի թուփ ու ծառ մահ էին սպառնում անցավորին։ Նա մինչև անգամ մոռացել էր այն զինված բազմությունը, որ նրա ետևից գալիս էր։

Նրա աչքի առջև տարածվում էր իր ծննդավայրը` Տաթևի երկիրը։ Բոլոր լեռները, անտառները, ձորերը ու հովիտները ծանոթ էին նրան։ Բոլոր ճանապարհները, ամենաաննշան շավիղներն անգամ գիտեր նա։ Այդ լեռների վրա, իր մանկության օրերում, արածացնում էր նա իր հոր այծերը։ Այդ անտառներում իր ընկերների հետ քաղում էր նա զանազան տեսակ պտուղներ։ Այդ սրընթաց, փրփրացող գետակների մեջ շատ անգամ լողացել է նա։ Բոլորը մնացել էր միևնույնը. ոչինչ չէր փոխվել. փոխվել էր միայն ինքը...

Շուտով կտեսներ նա Տաթևի ավանը։ Գուցե դեռևս շեն էր մնացել իր հայրական խրճիթը, որի մեջ անցուցել էր իր մանկության անհոգ, պայծառ օրերը։ Բայց ո՞վքեր էին բնակվում այժմ այն խրճիթի մեջ։ Ովքեր և բնակվեին, բայց նրանցից և ոչ մեկը այն չէր լինելու, որին նա կփափագեր տեսնել։

Ծանոթ առարկաները զարթուցին նրա մեջ տխուր հիշողություններ։ Արդյոք կտեսնե՞ր այն մորը, որ այնքան քնքուշ սրտով սիրում էր իրան։ Արդյոք կտեսնե՞ր այն հորը, որ այնքան բարի էր, որ իր չքավորության և դժբախտության մեջ ևս դարձյալ գիտեր լավ կրթել, սնուցանել սիրելի որդուն։ Ո՞րտեղ էին նրանք։ Ինքը չի պիտի կարողանար ուրախացնել նրանց, ասելով. «Տեսե՜ք, ահա ձեր որդին, վերադառնում է ձեզ մոտ փառքով ու պատվով. գրկեցեք նրան»։

Նա հիշեց Ֆաթալի խանի բանակը, հիշեց այն կրակը, որի մեջ այրվեցան իր հայրը, իր մայրը, իր ազգականները... Հիշեց այն մարդուն, որ իր ծնողների մահվան պատճառ դարձավ։ Այսօր նույն չարագործը պարսիկ զորքերով կանգնած էր իր ճանապարհի վրա, որ արգելե նրան իր հայրենիքի գոնե ավերակները տեսնելու։

Տեսնո՞ւմ եք, սրբազան,― ասաց Բեկը Ներսես արքեպիսկոպոսին, որ եկել էր Շընհերից նրան Տաթև տանելու,― մեր ձեռնարկության հենց սկզբում մեր առջև դուրս է գալիս մի ուրացող հայ։

Այն հայը, որի հարստահարություններից ազատվելու համար ձեր ծնողները իրանց այրեցին կրակի մեջ,― պատասխանեց սրբազանը։― Այն կրակից դուք միայն ազատվեցաք, Բեկ։

Այդ տխուր պատմությունը դուք արդեն գիտեք, սրբազան,― խոսեց Բեկը։― Երևում է, իմ և այդ մարդու ճակատագրի մեջ մի բան կա, ուր կրակը մեծ դեր է խաղում...

Այո՜, այն ժամանակ նա կրակ թափեց ձեր ծնողների վրա, իսկ այսօր դուք կրակ կթափեք նրա գլխին,― ասաց սրբազանը ծիծաղելով։― Հաշիվը պարզ կդուրս գա։

Տեսնենք... պատասխանեց Բեկը և դարձյալ ընկավ տխուր մտախոհության մեջ։

Նրանք դուրս գալով ձորից, գտնվում էին այժմ մի լեռնային բարձրավանդակի վրա, որտեղից երևում էր բոլոր շրջակայքը։ Սրբազանը, նկատելով Բեկի տխուր տրամադրությունը, թողեց նրան, և իր ձին հետ պահելով, կանգ առեց, մինչև հասավ Մխիթար սպարապետը Բայինդուր իշխանի հետ։

Նայեցեք,― ասաց նրանց,― նայեցեք, այդ հրաշալի բնությանը։ Սյունեցի հայը ոչ մի բանով իրավունք չունի գանգատվելու աստուծուն, թե ինչո՞ւ ինքը թշվառ է և օտարի ծառա։ Երբ աստված մի ժողովրդի տալիս է այսպիսի երկիր, որ իր բնական ամրություններով ամեն հարմարություններ ունի պաշտպանելու նրան թշնամու հարձակումներից,― այդ ժողովուրդը ինքն է մեղավոր, որ չէ կարողանում օգուտ քաղել աստուծո շնորհած պարգևից։

Եվ իրավ, վայրենի բնությունը հիացնելու չափ սքանչելի էր։ Դեպի ամեն կողմ անկանոն կերպով տարածվում էին լեռնային ցանցատեսակ շղթաներ, որոնք խիտ կերպով զետեղված էին մինը մյուսի մոտ, թողնելով իրանց միջավայրում նեղ և խորին ձորեր։ Այդ շղթաների վրա, սղոցի ատամների նման, բարձրանում էին սարերի սուր գագաթները, որ կորչում էին ամպերի մեջ։ Կուսական անտառը, որպես մի կանաչազարդ վերարկու, ծածկում էր լեռների մերկությունը և նրանց ավելի անմատչելի էր դարձնում։ Ոչ մի մարդկային արարած չէր կարող ոտք կոխել այդ բարձրությունների վրա. միայն արագաթռիչ արծիվը այնտեղ ժայռերի պատռվածքի մեջ դնում էր իր բույնը։

Ճշմարիտ է, սրբազան,― պատասխանեց Մխիթար սպարապետը,― սյունեցի հայը ինքն է մեղավոր, որ չէ կարողացել օգուտ քաղել իր հայրենիքի ամուր դիրքերից։ Բայց Հայաստանի ո՞ր կողմը այսպես չէ։ Հայաստանը ամեն տեղ տալիս է մեզ բնական ամրություններ։ Բայց մեր լեռներից ավելի օգուտ են քաղել օտարներ, քան թե մենք ինքներս։

Բայինդուր իշխանը, որ լսում էր այդ խոսակցությունը, և ինքը ոչ սակավ հիացած էր շրջապատող լեռներով և անտառներով, խոսակցության մեջ մտավ, ասելով.

Աստված է վկա, այդ ժողովուրդը մորթելու արժանի է։ Ես ինքս մեծ ուրախությամբ կվեր առնեի մի սուր և բոլորին կկոտրեի։ Բայց մի զարմանալի բան կա, որ ինքս էլ չեմ հասկանում, թե ինչ է։ Ես սաստիկ ատում եմ մեր հայերին, բայց միևնույն ժամանակ սիրում եմ։ Այդ ատելությունից բխած սերը ես չեմ կարողանում բացատրել ինձ։― Սիրում եմ այդ ազգը, որպես մի սիրահար բորբոքված սրտով սիրում է մի ցած, բարոյապես ընկած, պոռնիկ կնոջ։ Նա տեսնում է, թե ինչպես այդ կինը թաթախվել է բարոյական ցեխի մեջ, նա զզվում է, բայց հենց որ աչքն ընկնում է աչքին, չէ կարողանում համբերել, սկսում է գրկել, սկսում է համբուրել նրան։ Թեև գիտե, որ նրա մարմնի վրա ոչ մի մաքուր տեղ չէ մնացել։ Մեր ազգը մի այսպիսի անբարոյական կին է. նա մի մեծ պոռնիկ է, նրա երեսին ամոթի և պատվի մի կաթիլ անգամ չէ մնացել։ Մոտ չորս հազար տարի նա պոռնկություն է անում, բայց տակավին չկշտացավ, տակավին չհագեցավ օտարներից։ Ասորեստանցին դարերով գործ դրեց նրա վրա իր անբարոյական կրքերը։ Հազարավոր տարիներ անցկացրեց նա երբեմն հույնի, երբեմն պարսկի և երբեմն հռոմեացու գիրկն ընկնելով։ Մինչև անգամ անապատի սև արաբը իր հաստ շրթունքներով շոշափեց նրա երեսը։ Մինչև անգամ Թուրանի տափակաքիթ, դեղնակաշի մոնգոլը դարերով պառկեց նրա հետ։ Ի՞նչ ազգ մնաց, որի վրա չսիրահարվեր նա, որին անձնատուր չլիներ։ Նա բոլոր օտարնրին տալիս էր իր սերը, անհավատարիմ էր միայն իր ամուսնին, որի հետ կապված էր օրինավոր պսակով։― Այսուամենայնիվ ես դարձյալ սիրում եմ այդ թեթևամիտ, վավաշոտ կնոջը, որ դարերի ընթացքում իր անբարոյական կյանքով մաշվել, տրորվել, քրքրվել է և միայն իր վաղեմի գեղեցկության կմախքն է պահպանել։ Սիրում եմ այդ կմախքը։ Սիրում եմ այդ թունավորված, հազարավոր հիվանդություններով վարակված մարմինը, որից մահվան հոտ է փչում,― հիվանդություններ, որ նա ստացել է իր բազմաթիվ հոմանիներից, որոնց նա շապիկի նման մինը մյուսի ետևից փոխում էր։ Սիրում եմ, բայց ինչո՞ւ համար, ինքս էլ չգիտեմ։ Սիրում եմ ատելով, սիրում եմ զզվելով... բայց սիրում եմ։

Սիրելուց բխած այդ զզվանքը, այդ դառն ատելությունը շատ բնական է,― ասաց սրբազանը` կտրելով իշխանի խոսքը։― Դա սիրող մարդու արդար վրդովմունքն է, որ առաջ է գալիս նրանից, երբ իր սիրած առարկայի մեջ գտնում է մի որևիցե արատ, մի որևիցե բիծ, որ մաքրել չէ կարող։ Ձեր ատելությունը դեպի այն ազգը, որին դուք շատ իրավացի կերով պոռնիկ կնոջ հետ համեմատեցիք, ես բոլորովին բաժանում եմ։ Այդ ատելությունը ցույց է տալիս, իշխան, ձեր չափազանց բարի ցանկությունները, որով փափագում եք պոռնիկը դուրս քաշել իր բարոյական ցեխից և նրան օրինավոր, պատվավոր կյանքի սովորեցնել։ Բայց երբ նկատում եք, որ նա ուղղվելու ոչ մի ընդունակություն չէ ցույց տալիս, սկսում եք բարկանալ, սկսում եք ատել, բայց չդադարելով միևնույն ժամանակ սիրելուց։ Ինքը Հիսուս Քրիստոսը սիրում էր ընկած կնիկներին, սիրում էր նրանց ուղղելու համար։ Եվ նա հասավ իր նպատակին, նրա վարդապետության ամենաջերմ տարածողները եղան այդ ժողովրդի մերժված կնիկները։

Ինչո՞ւ ենք հեռու գնում,― առաջ տարավ սրբազանը իր խոսքը. ահա մի մարդ, ինչպես մելիք Դավիթ ուրացողը. նա բարոյապես ընկած մի մարդ է։ Նա դավաճանեց իր հայրենիքին, և պարսիկների ձեռքում գործիք դառնալով սկսեց նրան ավերակ դարձնել։ Նույն չարագործությունները շարունակելու համար և պարսից լուծը մեր ժողովրդի վրա պահպանելու համար նա կանգնած է այժմ մեր ճանապարհի վրա, որ արգելե մեր մուտքը, որ թույլ չտա մեզ պարսիկների անիրավությամբ տիրած երկրի վրա ոտք կոխենք։ Այսպիսի դավաճաններին ոչ սակավ անգամ ծնել են Հայաստանի մայրերը։ Բայց դրանք ինչո՞վ են մեղավոր։ Դրանք արդյունք են նույն անբարոյականացած, նույն փչացած ժողովրդական կյանքի։ Հիվանդոտ կինը չի կարող առողջ որդիք ծնել։ Հիվանդ ժողովրդից այս տեսակ հրեշներ առաջ կգան։ Եթե կամենում ենք, որ դրանք չլինեն, պետք է ուղղենք ժողովրդի առողջություն,― ուղղենք նրան սիրելով։

Այդ խոսակցությունը, որ բոլորի համար հետաքրքիր էր, ընդհատվեցավ։ Նրանք նկատեցին, որ Բեկը բավական տարածություն առաջ էր անցել։ Այժմ կանգնել էր նա և խոսում էր Ստեփաննոս Շահումյանի հետ, որին առաջուց ուղարկել էր թշնամու բռնած դիրքերը հետազոտելու։

Ստեփաննոսը վերադարձավ,― ասաց Մխիթար սպարապետը,― տեսնենք, ինչ տեղեկություններ է բերել։

Երեքն էլ` սրբազանը, Մխիթար սպարապետը և Բայինդուր իշխանը, իրանց ձիաները թափով քշեցին և մի քանի րոպեի մեջ հասան Բեկի կանգնած տեղը։

Ստեփաննոսի բերած տեղեկություններից երևաց, որ Դավիթ ուրացողը բռնել էր երկու գլխավոր անցքեր, որտեղից պետք էր մտնել Տաթև։ Մի անցքի վրա կանգնել էր նա ինքը, իսկ մյուսի պահպանությունը հանձնել էր իր Շահ-կուլի որդուն։ Երկուսի ձեռքի տակ կային ավելի քան երկու հազար մարդիկ։

Ես ձեզ մի ուրիշ ճանապարհով կտանեմ,― ասաց սրբազանը,― որը թեև բավական դժվարանցանելի է և բավական երկար է, բայց ավելի ապահով է։ Այդ ճանապարհով մենք չենք հանդիպի թշնամուն։

Ի՞նչ օգուտ դրանից,― պատասխանեց Բեկը,― ես կամենում եմ անպատճառ հանդիպել նրանց։ Ինձ պետք է այսօր ձերբակալել այդ անզգամին։

Այդ ձեր կամքն է,― ասաց սրբազանը։― Եթե դուք վճռել եք ուղղակի նրանց վրա գնալ, իմ կարծիքով, ավելի լավ կլինի փոքր-ինչ սպասել, մինչև մութը կպատեր։ Մենք համեմատաբար շատ փոքր թվով մարդիկ ունենք մեզ մոտ։ Եթե ցերեկով թշնամին մեզ տեսնելու լինի, մեր սակավությունը նկատելով, ավելի սիրտ կառնի։ Բայց խավարի մեջ փոքրիկ խումբերն ևս, եթե քաջությամբ կգործեն, կարող են սարսափեցնել թշնամուն։

Դուք, սրբազան,― ժպտալով ասաց Բեկը,― ոչ միայն հմուտ աստվածաբան եք, այլ ձեր մեջ երևում է և պատերազմական տաղանդ։

Կատակը մի կողմ կենա։ Թույլ տվեցեք այսօր փորձել իմ տաղանդը, որը ծաղրում եք դուք։

Այդ խիստ վտանգավոր փորձ կլինի։ Այսուամենայնիվ, ես կարող եմ ապահովացնել ձեզ, սրբազան, որ մինչև թշնամու մոտ հասնելը, ձեր ցանկացած խավարը կպատե մեր աշխարհը։ Նայեցեք արեգակին, որքան թեքվել է դեպի իր մուտքը։ Եվ ես ցավում եմ, որ դուք Հեսուի հրաշքը կատարել չեք կարող, որ արեգակը առժամանակ կանգնեցնեիք, մինչև մենք լուսով ավարտեինք մեր կռիվը։

Դարձյալ կատակ։ Ես չեմ հասկանում, թե դուք ինչո՞ւ եք փախչում խավարից։

Նրա համար, որ խավարի մեջ մենք աչքից կկորցնենք այն մարդուն, որին ես ցանկանում եմ այսօր անպատճառ բռնել,― պատասխանեց Բեկը։

Հետո նա իր մոտ գտնված զինվորներին երկու մասերի բաժանեց. մի մասը հանձնեց Մխիթար սպարապետին և նրան Ներսես արքեպիսկոպոսի հետ ուղարկեց ուրացողի որդի Շահ-կուլու վրա, իսկ մյուս մասը ինքը վեր առնելով, ուղղակի դիմեց ուրացողի վրա, իր հետ տանելով Բայինդուր իշխանին և իր սիրելի Ստեփաննոս Շահումյանին։

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу

Другие части "Դավիթ Բեկ"

Ятук Музыка
Sobre Dance
Арам Хачатрян

Sobre Dance

Давид Бек
Давид Бек
Играть онлайн