Раффи

Դավիթ Բեկ

2 - ԺԳ

Միևնույն ավուր ուշ-գիշերային պահուն Դավիթ բեկի ննջարանը լուսավորված էր յուղային ճրագով, որ դրած էր փայտյա աշտանակի վրա։ Թախտի վրա նստած էր Բեկը, իսկ նրա մոտ գերեվաճառ Սաքուլը։ Տան բոլոր դռները կողպված էին։ Ծառաները, սպասավորները, աղախինները, բոլորը քնած էին։ Ամբողջ տունը մրափում էր խորին, խաղաղական լռության մեջ։

Գերեվաճառի մոտ մի ամանի մեջ դրած էր գինի, որից երբեմն իր ձեռքով ածում ու խմում էր, կարծես, կոկորդը թրջելու համար, որպեսզի ավելի դյուրություն ունենա շարունակելու իր երկարուձիգ խոսակցությունը։

Ես,― ասում էր նա,― Դաղստանում այնպիսի անուն եմ ստացել, որ թե մեծը և թե փոքրը բոլորը իմ անունով են երդում ուտում։ Այստեղ միայն այդ անպիտան վրացիները չեն հարգում Սաքուլին։ Իսկ այնտեղ, Դաղստանի իմամի հետ, ես ծունկ ծնկի կպցրած եմ նստում։

Այդ բոլորին հավատում եմ, Սաքուլ,― ասաց նրան Բեկը, դու այն ասա՜, թե իմամը ի՞նչ ազդեցություն ունի Դաղտանում։

Այն ազդեցությունն ունի, որ եթե մատը բարձրացնելու լինի, ամբողջ Դաղստանը էշի նման կզռա։ Նրանից մեծ էլ ո՞վ կա այնտեղ։ Նա բոլոր լեզգիների թե հոգևոր և թե մարմնավոր գլուխն է։ Ամենքը աստծու նման պաշտում են նրան։

Կռիվներ սիրո՞ւմ է։

Եթե առաջարկեին ջրի տեղ արյուն գործածել, նա կընտրեր այդ վերջինը։

Այդ բոլորը, ինչ որ հարցնում է Բեկը, իրան ավելի լավ հայտնի էր, քան թե Սաքուլին, միայն նա կամենում էր գերեվաճառի կարծիքը հասկանալ։

Այդ բոլորը շատ լավ,― առաջ տարավ Բեկը. ուղիղն ասա՜, Սաքուլ, դու հայոց ազգը, հայոց երկիրը սիրո՞ւմ ես։

Այդ ի՞նչ հարցնելու բան է, հերօրհնած, իհարկե սիրում եմ,― պատասխանեց գերեվաճառը այնպիսի մի զարմացումով, որքան կզարմանար նա, եթե մեկը հարցնելու լիներ. «Դու այդ առջեդ դրած գինին սիրո՞ւմ ես», թեև գինու մասին նա ավելի պարզ, ավելի որոշ գաղափար ուներ, իսկ հայոց ազգի և հայոց երկրի մասին ոչինչ գաղափար չուներ։

Ինչո՞վ ես սիրում,― հարցրեց Բեկը։

Ինչո՞վ պետք է սիրեմ, իմ կյանքում ոչ մի անգամ հայոց պասը չեմ կերել, ես հայ եմ ծնվել, ինձ մկրտել են հայոց եկեղեցում. նույն եկեղեցում ամեն տարի հաղորդվում եմ ես. նույն եկեղեցում ես պսակվեցա, նույն եկեղեցին կտանեն իմ մարմինը, երբ կմեռնեմ. այնտեղ իմ մեղքերի համար պատարագ կմատուցանեն և այնտեղից քահանան կտանե ինձ թաղելու։ Հիմա տեսնո՞ւմ եք, ես որքա՛ն սիրում եմ։

Այդ սիրով այն աստիճան հափշտակվեցավ Սաքուլը, որ լցրեց գինու բաժակը և լուռ անուշ արեց, գուցե իր մտքում օրհնելով այն ազգի կյանքը, որին սիրում էր։

Իսկ Բեկը նկատելով, որ գերեվաճառը «հայոց ազգ», «հայոց երկիր» բառերը չէր որոշում եկեղեցուց ու նրա կրոնական արարողություններից,― հենց այդտեղից պինդ բռնեց նա։

Տեսնում եմ, սիրելի Սաքուլ, որ դու շատ ես սիրում հայոց եկեղեցին, որի մեջ դու մկրտվել ես, հաղորդվել ես, պսակվել ես, որի մեջ պիտի տարվի քո մարմինը մեռնելուց հետո, որի մեջ քո մեղքերին թողություն կլինի, երբ հայոց քահանան քո հոգու համար պատարագ կմատուցանե։ Բայց դու գիտե՞ս, որքա՛ն շատ են քո մեղքերը և եկեղեցին որքա՛ն մեծ բարերարություն է անում քեզ, որ սրբում, մաքրում է նրանց։

Գիտե՛մ... գիտե՛մ... հոգվոց հանելով պատասխանեց գերեվաճառը,― գիտեմ որքան շատ են իմ մեղքերը...

Երևելի չարագործը գիտեր` որքան շատ էին իր մեղքերը, նա իր կյանքում ամեն տեսակ եղեռներ գործած էր։ Եվ որպես վաճառական, որ ամեն բանի վրա շահի կետից է նայում, նա հասկանում էր, թե որքան շատ պարտական է հայոց եկեղեցուն, որ մաքրում էր նրա հոգու ախտերը, որ ազատում էր նրան դժոխքի կրակից։ Եվ այդ բոլորը կատարում էր եկեղեցին համարյա ձրի, համարյա թե առանց վարձատրություն կամ փոխարինություն պահանջելու։ Մի քանի շահիներ տալով տերտերին, կարելի էր նրա մոտ խոստովանել, հաղորդվել, նրան պատարագ մատուցանել տալ։ Դա խիստ էժան բան էր Սաքուլի կարծիքով. մի քանի շահիներով նա գնում էր մի քանի հազարների մեղքեր։ Կարելի էր մեկին կողոպտել, մյուսին խաբել և հազարներ վաստակել, բայց փոխարենը չոքել տերտերի առջև, «մեղա» ասել, և սրբված, մաքրված դուրս գալ եկեղեցուց։ Ինչո՞ւ չսիրել մի այսպիսի եկեղեցին։

Բեկը աշխատւմ էր իսկույն օգուտ քաղել Սաքուլի այդ ջերմեռանդությունից, որ ծնուցել էր եղեռնագործի մեջ ոչ միայն լոկ կույր հավատ դեպի եկեղեցին, այլ մի տեսակ նախանձախնդրություն ևս դեպի նրա թշնամիները, մի տեսակ սեր ևս դեպի նրա հաստատությունը։

Ի՞նչ կանեիր, Սաքուլ, եթե մեկ մարդ հայոց եկեղեցին, որը դու այնքան սիրում ես, կպղծե, նրան անասունների ախոռատուն կշինե, նրա սրբությունները կկողոպտե և իր կնոջ համար զարդեր կշինե, նրան քարուքան կանե ու իր տան շինվածքի համար կբանեցնե, նրա միջի ժամն ու պատարագը կարգելե. ի՞նչ կանեիր, հարցնում եմ քեզանից, դու այդ մարդուն։

Ես նրան կսպանեի։

Ես էլ կսպանեի, Սաքուլ։― Իսկ եթե այդ չարագործությունները կատարողը մի մարդ չէ, այլ մի ամբողջ ժողովուրդ է, այն ժամանակ ի՞նչ կանեիր։

Ես կաշխատեի այդ ժողովրդին ոչնչացնել։

Շատ լավ, ես էլ նույնպես կվարվեի, Սաքուլ։― Բայց դու կարո՞ղ ես մի ամբողջ ժողովուրդ ոչնչացնել։

Սաքուլը մի քանի վայրկյան մտածեց և ոչինչ չգտավ պատասխանելու։ Հանկարծ մի նոր գյուտ արած մարդու նման ուրախությամբ ասաց.

Ես, իհարկե, մինակ չէի կարող ոչնչացնել, բայց ես հնարներ կմտածեի։

Այդպես է, սիրելի Սաքուլ, ես էլ հնարներ կմտածեի։― Բայց դու ճանաչո՞ւմ ես մի ժողովուրդ, որ այդպես վատ է վարվում մեր հավատի, մեր եկեղեցու դեմ։

Ես չեմ ճանաչում մի այդպիսի ժողովուրդ,― ասաց Սաքուլը. ես Թիֆլիսից այն կողմը չեմ տեսել։

Սաքուլը ճշմարիտ էր ասում. նա Թիֆլիսից այն կողմը, դեպի Հայաստան երբեք չէր գնացել, և բնավ տեղեկություն չուներ ոչ միայն Հայաստանում բնակվող օտար ազգերի մասին, այլ նույնիսկ հայերի մասին։ Նա ծանոթ էր Վրաստանի և Կովկասի լեռնաբնակների հետ միայն։ Այդ պատճառով Բեկը ստիպվեցավ մանրամասնաբար պատմել նրան, թե Թիֆլիսից այն կողմը կա մի ընդարձակ աշխարհ, որ Հայաստան է կոչվում, թե այդ երկիրը հայոց բնիկ հայրենիքն է, հայերը մի ժամանակ այնտեղ թագավորություն ունեին, իսկ այժմ տիրում են այնտեղ մահմեդական պարսիկներն ու թյուրքերը։ Հետո նկարագրեց հայերի թշվառ դրությունը մահմեդականների ձեռքում, և ամենասրտառուչ կերպով, որքան կարող էր ազդել Սաքուլի քարացած սրտի վրա, պատմեց, թե որպիսի բարբարոսություններ են գործ դնում մահմեդականները հայոց կրոնի և եկեղեցու դեմ։

Ահա՜ դա է այն ժողովուրդը, որի մասին խոսում ենք, Սաքուլ,― ասաց Բեկը իր պատմությունը վերջացնելուց հետո։― Հիմա կարո՞ղ ես մի հնար մտածել այդ մահմեդականներին ոչնչացնելու համար։

Սաքուլը ձեռքը տարավ դեպի ճակատը, մի քանի անգամ շփեց նրան, գուցե իր գլխից մի միտք կարողանա դուրս բերել, բայց ոչինչ չգտավ։ Հետո լցրեց գինու բաժակը, խմեց, իր մտածության ընդունակությունը ավելի զորացնելու համար, բայց դարձյալ ոչինչ հնար ցույց տալ չկարողացավ։

Իմ խելքումը ոչինչ չէ գալիս,― ասաց նա երկար մտածելուց հետո։

Տեսնո՞ւմ ես, Սաքուլ, դու բավական խելացի մարդ ես, յոթը սատանայի չափ բան գիտես, բայց այդ հասարակ բանը չես հասկանում։

Բեկի հանդիմանությունը գերեվաճառի անհասկացողության մասին սաստիկ ծանր թվեցավ նրան, մանավանդ երբ լսեց այն մեծ գովասանքը, թե նա «յոթը սատանայի չափ» բան գիտե։ Այդ բավական ազդեց նրա ինքնասիրության վրա, թե ինչո՞ւ ինքը անընդունակ գտնվեցավ Բեկին մի որևէ հնար ցույց տալու մեջ։

Ես քեզ կսովորեցնեմ մի հնար, Սաքուլ,― ասաց նրան Բեկը։

Ի՞նչ հնար։

«Պետք է շունը շան հետ կռվացնել»։― Հասկանո՞ւմ ես այդ խոսքերը, Սաքուլ։

Հասկանում եմ... բայց չգիտեմ ո՞ր շունը ո՞ր շան հետ պետք է կռվացնել։

Ես քեզ կասեմ, սիրելի Սաքուլ։

Երբ խոսակցությունը հասնում էր այն կետին, որ Բեկը մոտենում էր իր նպատակին, նա գործ էր ածում «սիրելի» բառը, որը սաստիկ դուր էր գալիս Սաքուլին, մանավանդ որ այդ բառը լսվում էր Վրաստանի առաջին պետական մարդու բերանից։

Ասա, սիրելի Դավիթ, ո՞ր շունը ո՞ր շան հետ...-հարցրեց գերեվաճառը, իր կողմից ևս քնքշություններ գործ դնելով։

Բեկը ուշադրություն չդարձնելով նրա հանդգնության վրա, որ իրան թույլ էր տալիս այդ աստիճան ընտանեկանություն, շարունակեց.

Դու մի քանի րոպե առաջ ասացիր, թե Դաղստանի իմամի հետ լավ ծանոթ ես, թե նրա հետ ծունկ ծնկի տված ես նստում, այդպես չէ՞։

Ուղիղ այդպես է, ինչպես ես ու դու նստած ենք։

Ուրեմն դու ազդեցություն ունե՞ս նրա վրա։

Ինչ որ ասելու լինեմ, խոսքս գետին չի գցի։

Եվ իմամը Դաղտանում առաջին մա՞րդն է։

Նրանից հետո միայն աստծուն են ճանաչում։

Հիմա լսի՜ր, Սաքուլ,― շեշտեց Բեկը, գերեվաճառի ուշադրությունը դարձնելով իր վերջին խոսքերի վրա. պետք է այդ իմամին կռվացնել Հայաստանում բնակվող մահմեդականների հետ, պետք է միմյանց խեղդել տալ, որ հայերը ազատվեն։― Այժմ հասկանո՞ւմ ես, թե ո՜ր շունը ո՜ր շան հետ պիտի կռվացնել։

Հասկանում եմ... Բայց ի՞նչ հնարքով,― հարցրեց գերեվաճառը,― ձեզ հայտնի է, որ մահմեդականին մահմեդականի հետ կռվացնելը բավականին դժվար բան է։

Այդ ուղիղ է, եթե նրանք միևնույն աղանդին պատկանեին, բայց Դաղստանի լեզգիները պատկանում են սուննի աղանդին, իսկ Հայաստանի թյուրքերն ու պարսիկները պատկանում են շիա աղանդին։ Իսկ այդ երկու աղանդները այնքան հակառակ են միմյանց, որ յուրաքանչյուր աղանդավորը մի առանձին կրոնական առաքինություն է համարում իր հակառակորդին սպանելը։

Այդ լավ է, եթե այդպես լիներ,― խոսեց գերեվաճառը և ավելի սրեց իր ուշադրությունը։

Ես Հայաստանից տեղեկություններ եմ ստացել, Սաքուլ, այնտեղ մի այնպիսի անցք է պատահել, որ եթե Դաղստանի իմամը լսելու լինի, սաստիկ կկատաղի մահմեդականների վրա։

Եվ Բեկը սկսեց պատմել այդ անցքի մանրամասնությունները, ասաց, որ Սյունյաց աշխարհում գտնվում են փոքրաթիվ մահմեդականներ, որոնք պատկանում են միևնույն աղանդին, որը պաշտում են Դաղստանի լեզգիները. այդ մահմեդականները կատարելիս են եղել մի կրոնական տոն իրանց խալիֆայի` Օմարի հիշատակի համար։ Տեղային մյուս մահմեդականները, որոնք թվով ավելի շատ են, որոնք հակառակ աղանդին են պատկանում և որոնք սաստիկ ատում են, նզովում են Օմարին,― այդ տոնախմբության օրը հարձակվում են տոն կատարողների վրա, շատերին սպանում են, շատերին վիրավորում են և նրանց մզկիթները լեցնում են սատկած շներով։― Մի այդպիսի անցք եթե լսելու լինի Դաղստանի իմամը, ես հավատացած եմ, որ առանց պատժի, առանց վրեժխնդրության չի թողնի իր կրոնակիցներին այսպես բարբարոսաբար անարգողներին։

Ես էլ այդպես եմ կարծում,― պատասխանեց գերեվաճառը Բեկի պատմությունը լսելուց հետո։― Հիմա հավատացած եմ, որ կարելի է «շունը շան հետ կռվացնել»։

Բայց այդ շուտ պետք է լինի, շատ շուտ,― ասաց նրան Բեկը,― գոնե այս ամսի վերջում։

Ինչո՞ւ անպատճառ այս ամսի վերջում,― հարցրեց գերեվաճառը։

Այդ իմ գիտենալու բանն է, Սաքուլ, դու այն ասա, կարո՞ղ ես այդ գործը գլուխ բերել։

Սաքուլը իսկույն չպատասխանեց։ Բեկը համոզված լինելով, որ իր առաջվա քարոզները հայոց ազգի, հայոց երկրի և հայոց եկեղեցու մասին այնքան չէին կարող գրգռել գերեվաճառի նախանձախնդրությունը, որքան մի քանի դեղին ոսկիներ, ասաց նրան.

Եթե դու այդ հանձնարարությունը կկատարես, կստանաս ինձանից հարյուր ոսկի։

Գերեվաճառի դեմքը փայլեց ուրախությունից։

Լսիր,― շարունակեց Բեկը,― դու հենց այս առավոտ պետք է ճանապարհ ընկնես դեպի Դաղստան։ Քեզ հետ կգա իմ կողմից, որպես աշխատակից, ղազախեցի գող Ծատուրը։ Նա կառաջնորդե լեզգիներին դեպի Սյունյաց աշխարհը։

Այդ հարյուր ոսկին ե՞րբ կարող եմ ստանալ,― հարցրեց գերեվաճառը։

Կեսը այս րոպեիս, իսկ մնացած կեսը, երբ իմ հանձնարարությունը կատարած կլինես։ Բայց իմացա եղիր, Սաքուլ, եթե դու որևիցե կերպով դավաճանես ինձ, իմ մարդիկը անպատճառ քո գլուխը կկտրեն։

Այդ ես իմանում եմ,― պատասխանեց գերեվաճառը և ընդունեց հիսուն ոսկին։

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу

Другие части "Դավիթ Բեկ"

Ятук Музыка
Вагаршапат
Комитас

Вагаршапат

Давид Бек
Давид Бек
Играть онлайн