Раффи

Դավիթ Բեկ

1 - ԺԱ

Մինչև այժմ երկու մելիքների շահերը համաձայն և լծորդաբար էին ընթանում։ Նրանց միաբանությունը` հայ գերիների շղթայակապ մնալու, պատանի Ստեփաննոսի սպանման և Գենվազի գավառը իր միակ ժառանգից զրկելու վերաբերությամբ` բոլորովին անկեղծ էր։ Բայց երբ այդ բոլոր մեքենայությունները ոչնչացան, երբ գերիները ազատություն ստացան և Թորոս իշխանը հաղթող հանդիսացավ, այնուհետև երկու մելիքների միաբանությունը սկսեց փոքր առ փոքր խախտվել։ Մինչև այժմ նրանք միաբան էին մեկ խորհրդի մեջ միայն, այն է` Գենվազի գավառը զրկել իր միակ ժառանգից` Ստեփաննոսից, բայց թե նրանից հետո ո՞ւմ կմնար այդ գավառը,― վերջին հարցում երկուսի էլ շահերը տարբերվում էին։ Մելիք Ֆրանգյուլը ցանկանում էր իր ձեռքը ձգել Գենվազը և ամբողջ Ղափանի իշխանը դառնալ, իսկ մելիք Դավիթը նույն իշխանությունը իրան էր վերապահում։ Մելիք Ֆրանգյուլը աշխատում էր օգուտ քաղել մելիք Դավիթի և նրա աղջկա աջակցությունից միայն սկզբնական գործողությունների համար, բայց երբ նա պարզ նկատեց, որ աղջիկը բոլորովին հակառակ է իր հորը, այնուհետև ավելի ցած ընկավ այդ մարդու նշանակությունը իր աչքում և ավելի հաստատ կերպով համոզվեցավ իր հույսերի մեջ, թե կարող է նրան ասպարեզից դուրս քշել։

Մելիք Դավիթը իր կողմից նկատում էր, որ իր վարկը, իր նշանակությունը հետզհետե ցած է ընկնում իր գործակցի աչքում, որ նա մինչև անգամ դադարել է իր հետ խորհրդակցելուց և ինչ-որ գաղտնի ձեռնարկության պատրաստություններ է տեսնում։ Մելիք Ֆրանգյուլի այդ ծածկամտությունը ավելի զայրացրեց նրան, «ես քո հերը կանիծեմ»... ասաց նա իր մտքում և դուրս եկավ վրանից, անհամբերությամբ սպասում էր իր ծառային, որին ուղարկել էր ներքինապետ Ահմեդի մոտ լուր բերելու։ Ուրացողը ներքինապետի միջնորդությամբ կրկին փորձ փորձեց տեսնվելու իր աղջկա հետ, հայտնելով, թե ինքը գնալու է Տաթև և ցանկանում է նրան մնաք բարով ասել։ Ծառան վերադարձավ, բերելով ուրախալի լուրը, թե տիկինը բերեհաճել է ընդունել նրան։

Գիշեր էր։ Մելիք Ֆրանգյուլը այս գիշեր նույնպես առանձին տեսություն էր խնդրել խանի հետ և գնացել էր նրա մոտ, առանց այդ մասին իմացում տալու մելիք Դավիթին։ Ընկերոջ այդ վարմունքը ավելի կասկածանքի մեջ էր դնում նրան։ Այս պատճառով նա վարձել էր խանի մանկլավիկներից մեկին, որ լրտեսե մելիքի խոսակցությունը խանի հետ և իրան տեղեկություն տա։

Սյուրին ընդունեց հորը մի առանձին վրանում, որ լուսավորված էր լապտերի լույսով և գտնվում էր կանանոցից դուրս։ Այնտեղ կանգնած էր միայն ծերունի ներքինապետը, իսկ տիկինը նստած էր գորգի վրա, և ինքն էլ չգիտեր` թե ինչո՞ւ նրան հետաքրքրում էր համբարել գորգի փոքրիկ քառակուսիները։ Տեսնելով հորը, նա դարձավ դեպի ներքինապետը.

Ահմեդ, դուք կարող եք վրանի դրսում սպասել։

Ծերունին հեռացավ և նստեց վրանի կողքին, խոտերի վրա։ Սյուրին դեռ գլուխը խոնարհեցրած, աչքերը չէր հեռացնում գորգից. հոր այցելությունը խանգարեց նրան և մոռացավ գորգի եզերքի մի անգամ համբարած քառակուսիների թիվը։ Նա սկսեց կրկին համբարել։ Աղջկա սառն ընդունելությունը սաստիկ վշտացրեց հորը, բայց նա զսպելով իր վրդովմունքը, սկսեց հայրական մեղմ և գթառատ խոսքերով կշտամբել նրա սառնասրտությունը,― սկսեց հիշեցնել նրան, թե ինքը հայր է, թե հոր պատիվը, հոր հարգանքը ինքն աստված հրամայում է զավակներին, թե զավակները իրանց պարտավորությունը այլ կերպ կատարած չեն կարող լինել, բայց միայն սիրելով և հնազանդվելով իրանց ծնողներին։

Դու գիտե՞ս, Սյուրի,― վերջացրեց նա իր քարոզը,― ես ծերացել եմ, այս աշխարհում իմ միակ հույսը, իմ միակ մխիթարությունը դու ես մնացել։ Աստված ինձ ուրիշ զավակներ չտվեց. եղածները բոլորը մեռան։ Եթե դու ևս չմխիթարես քո հոր ծերությունը, ի՞նչ կլինի նրա վիճակը։

Սյուրին դեռ նայում էր գորգի վրա, այժմ սկսել էր համբարել նրա մյուս եզերքի քառակուսիները։

Ես շրջապատված եմ թշնամիներով,― շարունակեց հայրը,― իմ խորհրդակիցները, իմ մտերիմներն անգամ փոս են փորում իմ առջև։ Ամեն կողմից աշխատում եմ ինձ ցած գցել, ամեն կողմից պատրաստվում են խլել իմ փառքը։ Իմ ծերությունը խայտառակությունով կվերջանա, եթե դու չօգնես ինձ։ Դու այն գավազանն ես, որ պետք է նեցուկ լինի ծերունի հորը, որի վրա հենած, նա պետք է շարունակե իր ընթացքը։ Բայց դու այն աստիճան անգութ ես, Սյուրի, որ մինչև անգամ մերժում ես հոր այցելությունը։

Սյուրին լսեց վերջին խոսքերը միայն։ Նա անգիտակցաբար համբարում էր գորգի քառակուսիները, բայց նրա միտքը թռել, սլացել էր հեռու և հեռու, այն պատանու մոտ, որին Թորոս իշխանը այսօր իր հետ տարավ։

Այո՜, ես առավոտյան մերժեցի քո այցելությունը,― պատասխանեց նա, գլուխը վեր բարձրացնելով և այժմ միայն ուղիղ կերպով նայելով հոր երեսին։― Հիմա ընդունեցի։ Ի՞նչ ասելիք ունես։

Այդ հարցը ավելի խոր խոցեց հոր սիրտը։ Կնշանակե նա չէր լսում իր խոսքերը, կնշանակե ոչինչ ազդեցություն չունեցան իր քարոզները։ Նրա հույսերը բոլորովին ջարդ ու փշուր եղան, բայց դարձյալ չկորցնելով իր վստահությունը, ասաց.

Սյուրի, դու պետք է միջնորդես խանի մոտ, որ Գենվազի և Բարգյուշատի մելիքությունը ինձ հանձնե։ Դու կարող ես այդ անել։

Ես կարող եմ, բայց չեմ անի։

Ինչո՞ւ։

Ես չէի ցանկանա, որ Գենվազի և Բարգյուշատի հայ բնակիչները այնքան տանջվեին քո ձեռքում, որ գային խանի դռանը և իրանց կրակ տային, այրվեին, ինչպես այրվեցին այսօր տաթևացիները։

Սյուրի, ընդունիր իմ խնդիրքը, աղաչում եմ,― առաջ տարավ նա ողորմելի ձայնով։― Եթե ծերունի հայրը ոչինչ հարգանք չունի քեզ մոտ, գոնե հիշիր մորդ, որ նրա կինն է եղել, որին սիրում էիր դու։

Որին դու սպանեցիր... պատասխանեց Սյուրին և նրա աչքերը վառվեցան կատաղի բարկությամբ։

Ե՞ս... բացականչեց հայրը սարսափելով. աստված կպատժե քեզ, Սյուրի, որ այսպես չարաչար կերպով զրպարտում ես հորդ։

Եթե աստծո պատիժները շուտ վրա հասնեին, դու այժմ այս աշխարհում չպիտի լինեիր... պատասխանեց նա դողդոջուն ձայնով։― Կրկնում եմ, դու սպանեցիր իմ մորը։ Դու ուրացար Լուսավորչի սուրբ հավատը Տաթևի մելիքությունը ստանալու համար և այնուհետև քո տունը լցրիր մահմեդական կնիկներով։ Խեղճ մայրս չկամեցավ ապրել ուրացող ամուսնու հետ, թողեց քո տունը և գնաց իր հոր տունը։ Քանի՞ անգամ քարշ տվեցին նրան և կամենում էիր բռնությամբ քեզ մոտ պահել, բայց դարձյալ փախչում էր նա։ Քանի՞ անգամ գանակոծվեցավ նա քո անգութ ձեռքերից։ Բայց այս բոլոր տանջանքներին կհամբերեր նա, եթե դու չխլեիր նրա միակ աղջիկը ինձ, և չգցեիր մահմեդական հարեմի մեջ։ Ես երբեք չեմ մոռանա այն սգավոր և ցավալի օրը, երբ խեղճ մայրս, արտասուքը աչքերում, տարածվել էր գետնի վրա, գրկել էր քո ոտները։ Մյուս կողմում կանգնած էին խանի ներքինիները, իսկ մեջտեղում ես։ Մայրս աղաչում էր, պաղատում էր քեզ, որ ինձ խանի մարդկանց ձեռքը չտաս։ Ես լաց էի լինում։ Դու, առ ոչինչ համարելով իմ և մորս արտասուքը, ինձ հանձնեցիր նրանց ձեռքը։ Մայրս կատաղությամբ վրա վազեց, ինձ բռնեց, և երկար կռվելով նրանց հետ, չէր թողնում, որ ինձ տանեն։ Դու բռունցքով զարկեցիր մորս գլխին, նա ուշաթափ ընկավ գետնի վրա և այնուհետև չվերկացավ նա...

Մի ուրիշ մարդ, մելիք Դավիթի փոխարեն, հարազատ դստեր բերանից լսելով այդ անեծքը, լսելով այդ բոլոր դատապարտական խոսքերը, կզղջար, կփոշմաներ իր եղեռնագործության համար, բայց նա, տեսնելով, որ իր մեղմ, գրավիչ խրատներով չկարողացավ համոզել նրան, մտածեց վախեցնել աղջկան։

Բայց ես չեմ կարծում, որ քո մոր հիշատակը այնքան վրդովեցներ քեզ իմ դեմ, որքան մի ուրիշ բան...

Ի՞նչ բան,― հարցրեց Սյուրին, սրբելով աչքերից արտասուքը, որ հեղեղի նման թափվում էր մոր պատմությունը անելու ժամանակ։

Այն բանը, որ ես քեզ խլեցի քո սիրականի գրկից... որը այսօր քո շնորհիվ ազատություն գտավ... որի վերքերը դու դարմանում էիր բանտի մեջ... և որի հետ դեռ մտածում ես շարունակել քո հին հիմարությունները...

Այդ բոլորը ճիշտ է,― պատասխանեց Սյուրին սառնությամբ։― Ես Ստեփանին սիրում էի առաջ, սիրում եմ և այս րոպեիս։ Այո՜, դու ինձ խլեցիր նրա գրկից և ես այդ չեմ ների քեզ։

Եվ կաշխատես կրկին նրա գիրկն ընկնել...

Կաշխատեմ...

Եվ կաշխատես Գենվազի իշխանությունը նրան վերադարձնել...

Կաշխատեմ...

Եվ կաշխատես հետո փախչել գնալ նրա մոտ...

Կաշխատեմ...

Բայց գիտե՞ս ես ինչ կանեմ...

Դու ինձ կմատնես... դու այդ բոլորը կհայտնեց խանին...

Լավ հասկացար,― պատասխանեց հայրը կատաղի բարկությամբ։― Բայց գիտե՞ս խանը քեզ ինչ կանե։

Խանը ինձ խեղդել կտա։

Հիմա լավ մտածիր, իզուր տեղը մի՜ բարկացրու հորդ։

Ես բոլորը մտածել եմ. ինձ մնում է երկու բան` կամ մեռնել, կամ «նրա» հետ ապրել։

Մելիք Դավիթը չէր կարծում, թե կհանդիպի այս աստիճան հաստատամտություն իր աղջկա կողմից։ Նա զգաց իր սխալը, որ խոսակցությունը ծայրահեղության հասցրեց, այս պատճառով փորձ փորձեց շարժել Սյուրիի գթասրտությունը։

Ծերունի հայրդ ներողություն է խնդրում քեզանից, Սյուրի,― առաց նա, բռնելով նրա ձեռքը։― Մոռացի՛ր բոլորը, ես մեղավոր եմ քո առջև, մեղավոր եմ և քո հանգուցյալ մոր առջև...

Այդ միջոցին նրա աչքերում երևացին մինչև անգամ արտասուքի կաթիլներ։ Բայց Սյուրին թափ տվեց նրա ձեռքը և վեր կացավ, ասելով.

Ես կմոռանայի բոլորը, եթե հավատայի, որ քո խոստովանությունը անկեղծ է։ Բայց դու խաբում ես ինձ։

Աստված, երկինք, գետինք վկա, որ չեմ խաբում։ Դու զարթեցրիր իմ մեջ մեռած խիղճս, Սյուրի, դու կրկին վառեցիր ծնողական գութը, որ հանգած էր իմ սրտում։ Մորդ ուրվականը գիշեր և ցերեկ հալածում է ինձ, հանգստություն չէ տալիս։ Նա կներե ինձ, եթե դու ներես։

Վերջին խոսքերը ազդեցին Սյուրիի սրտին։ Նա պատրաստ էր գրկել իր հորը, համբուրել նրա շրթունքը, որ արտասանեցին այդ տխուր, ապաշխարության խոսքերը, որ առաջին անգամն էր լսում նրա բերանից։ Բայց այդ միջոցին վրանի մուտքի առջև արձանացավ ծերունի ներքինապետի զայրացած պատկերը և լսելի եղավ նրա սպառնական ձայնը.

Դու,― ասաց նա մելիքին,― նախ քան մեղանչելը քո ընտանիքի, քո զավակի և քո անբախտ կնոջ առջև, մեղանչել ես քո ազգի առջև, որի որդիքը, քո հարստահարություններից ազատվելու համար, այսօր իրանց այրեցին։ Դու մեղանչել ես Հիսուս Քրիստոսի առջև, որովհետև ուրացար մեր սուրբ Գրիգոր Լուսավորչի կրոնը։ Ոչ ոք չի կարող ներել քեզ, մինչև ազգը և եկեղեցին չներեն քեզ։ Եթե քո խոսքերը ճշմարիտ են, եթե զարթել է քո մեջ խիղճը, գնա՜, մտի՜ր Տաթևի վանքի մեջ, որ քո ձեռքով քանդեցիր, որի սրբությունները կողոպտեցիր,― գնա մտիր նրա տաճարի մեջ և այնտեղ ներողություն խնդրիր։ Այն ժամանակ բոլորը կհաշտվեն քեզ հետ, թե ազգը, թե եկեղեցին, և թե քո զավակը։ Բայց քանի որ դու քո փառասիրության համար ոտնակոխ կանես ամեն սրբություն, ամեն մարդ անեծք կթափե քո գլխին։ Ինչո՞ւ ես մոլորեցնում այդ անբախտ աղջկան. ինչո՞ւ ես աշխատում նրան գործիք շինել քո չար դիտավորություններին։ Բավական չէ՞, որ Տաթևի ամբողջ գավառը տանջվում է քո ձեռքում, հիմա կամենում ես Գենվազը և Բարգյուշատն է՞լ ձեռք գցել։ Այդ չես կարող հաջողեցնել։ Այդ երկու գավառները պատկանում են այն պատանուն, որի հոր իշխանությունը ոչնչացավ քո սատանայական դավաճանությամբ, որը այդ կնոջ օրինավոր նշանածն էր։ Բայց դու ոտնակոխ արեցիր թե քահանայի օրհնությունը, թե աղջկա սերը...

Վերջին խոսքերը կրկին բաց արեցին Սյուրիի վերքերը, կրկինի զարթեցրին նրա մեջ վաղեմի դառն ատելությունը դեպի իր հայրը։ Մելիք Դավիթը մի քանի րոպե մնաց շանթահարի նման պապանձված, և ոչ մի խոսք չգտավ պատասխանելու։ Ո՞րտեղից հայտնվեցավ այդ սատանան. մի՞թե նա լսում էր դրսից իր բոլոր խոսակցությունները։ Մելիք Դավիթը պատրաստ էր իր սուրը նրա կողքը խրել, այդ կլիներ ամենաազդու պատասխանը նրա կարծիքով, բայց խանի ներքինապետի վրա ձեռք բարձրցնելու չափ նա քաջություն չուներ։ Այդ պատճառով ասաց նա չար ծաղրածությամբ.

Մի հայ, որին կոչում են Ահմեդ, փոխանակ ուրիշներին խրատներ տալու, ավելի լավ կանե, եթե նախ ինքը գնա, մտնե Տաթևի վանքը և կրկին ընդունե քրիստոնեությունը...

Մելիքի ակնարկությունը չափազանց վիրավորական էր։ Ներքինապետը կծու կերպով պատասխանեց նրան.

Ես այդ վաղուց կանեի, եթե հարկադրված չլինեի, Ահմեդ անվան տակ ծածկվելով, պաշտպանել իմ ազգայինների ձեզպիսիների չարագործություններից։ Ես հույս ունեմ, որ մեր Լուսավորիչ պապը կներե ինձ, որովհետև երբեք դավաճանած չեմ նրա եկեղեցուն, այլ որքան կարողացել եմ, պահպանել եմ նրա գառները ձեզ նման գայլերից...

Եվ դու կվարձատրվես այդ ծառայություններիդ համար...

Չլինի՞ թե դիտավորություն ունես ինձ ևս մատնելու,― խոսեց ներքինապետը զայրացած կերպով. հրամայեցեք, ճանապարհը ձեզ ցույց կտամ...

Մելիքը վեր կացավ և մրթմրթալով հեռացավ։ Սյուրին և ներքինապետը մնացին միայնակ։

Դու իզուր բարկացրիր նրան, Ահմեդ,― ասաց տիկինը. նա ամեն բան պատրաստ է անել։

Անհոգ կացեք, տիկին, ոչինչ չի կարող անել,― պատասխանեց ներքինապետը հանգստությամբ։― Նա ունի ինձ մոտ մի այնպիսի գաղտնիք, եթե խանին հայտնելու լինեմ, իսկույն նրան գլխատել կտա։ Ես հենց այս գիշեր նրան զգալ կտամ, որ նրա կյանքը իմ ձեռքումն է, և նա լեզուն կքաշե...

Խորին տխրության մեջ սկսեց տիկինը դիմել դեպի իր վրանը։ Նա իրան այնքան անբախտ էր զգում, որ լսում էր իր հոր մասին հարյուրավոր վիրավորական խոսքեր, բայց բարկանալու իրավունք չուներ։ Ի՞նչ կարող էր ասել դառն ճշմարտությունների դեմ։ Նա ուներ մի հայր, որը ոչ երկնքում և ոչ այս աշխարհում ոչ մի հատիկ բարեկամ չուներ, որին դավաճանած չլիներ։ Նա մինչև անգամ հանցավոր էր խանի մոտ, որի բարերարությունները վայելում էր։

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу

Другие части "Դավիթ Բեկ"

Ятук Музыка
Kруговой
Давид Баласанян

Kруговой

Давид Бек
Давид Бек
Играть онлайн