Раффи

Դավիթ Բեկ

3 - ԺԵ

Անձրևային մառախլապատ օրին հաջորդեց պարզ, աստղազարդ գիշեր։

Զեվու բերդը պաշարած էր հայոց զորքերով։ Պարսից զորքերը ամեն կետերի վրա հաղթվելով, մի մասը ջարդված էր, մի մասը գերի էր ընկած, իսկ մնացածները փախել, պատսպարվել էին բերդի մեջ։ Դեպի բերդը տանող բոլոր կամուրջները պարսիկները քանդել էին։ Հաղորդակցությունը դրսի հետ կտրված էր։

Զեվու բերդը գտնվում էր Հալիձորի գետի ձախ ափի վրա, հին Բաղաբերդից մեկ մղոն հեռավորությամբ դեպի հարավ։ Սյունյաց աշխարհի շատ բերդերի նման, նա շինված էր մի այնպիսի տեղում, ուր երկու գետեր խառնվելով միմյանց, կազմում են մի սուր եռանկյունի։ Մի այսպիսի եռանկյունու մեջ գտնվում էր բերդը։ Հարավային կողմից գալիս էր Հալիձորի գետը, իսկ արևմտյան կողմից Գեղվա գետը կտրելով նրան, կազմում էր եռանկյունին։ Նա Ղափանի մյուս բերդերի նման բոլորովին բարձրավանդակի վրա չէր գտնվում, այլ նեղ ձորի մեջ, սեղմված հիշյալ երկու գետերի գրկում։ Մի կողմից միայն բարձրանում էր դեպի արևմտյան կողմի բլուրը, ուր կանգնած էր անմատչելի միջնաբերդը։

Բերդը պատած էր հաստ պարսպով, որը շուրջանակի ամրացրած էր բրգաձև աշտարակներով։ Պարսպի շուրջը տարածվում էր մի երկրորդ ամրություն. դա էր ածովի հողից կազմված թանձր թումբը, որը իր փափուկ կողքերի մեջ այնպես էր ընդունում թնդանոթների ռումբերը, որպես փետուրյա բարձը ընդունում էր իր մեջ գնդասեղի ծայրը, առանց ցավ զգալու։ Դա մի ամուր պատնեշ էր, միայն հողից թափված։ Այդ պատնեշի մոտով, խորին, բնական խրամատների միջով, որոտալով, քարերին և ժայռերին զարկելով, անցնում էին Հալիձորի և Գեղվա գետերը, որոնք նույն իսկ բերդի ստորոտում միանում էին, նրա դիրքը ավելի անմատչելի կացուցանելու համար։

Միջնաբերդի մեջ այդ միջոցին տիրում էր կատարյալ իրարանցում։ Կարծես, մի չար մարգարեի գուշակությամբ մարդիկ համոզված լինեին, թե ահա մի քանի րոպեից հետո աշխարհս կկործանվի, և ամեն ինչ կլուծվի, կկորչի հավիտենական ոչնչության մեջ։ Ամեն ոք սարսափելի տագնապով սպասում էր վճռական րոպեին։ Խանի կանանոցի մեջ հուսահատությունը ավելի սոսկալի էր։ Չնայելով, որ գիշերից բավական անցել էր և այդ ժամուն բոլոր խանումները հագնստացած էին լինում իրանց փափուկ օթյակներում, իսկ այդ գիշեր դեռ ոչ ոք քնած չէր։ Նրանք ընթրիք անգամ չէին վայելել։ Բազմածախ խոհանոցի բոլոր պատրաստությունները պղնձե մեծ մատուցարանների վրա սառչում էին։ Ներքինիները իրանց շողոքորթության բոլոր հմտությունով մնացել էին շվարած։ Նրանք չգիտեին ինչո՞վ մխիթարել, ինչո՞վ հանգստացնել տիկիններին։

Այդ միջոցին մանկահասակ խանումներից մեկը, իր շքեղազարդ օթյակում, խելագարի նման, մի անկյունից դեպի մյուսն էր վազում, ինքն էլ չգիտեր, թե ինչու համար։ Նրա գլխին քող չկար. մետաքսյա նեղ վարսակալը միայն հավաքել էր ճոխ գիսակները գեղեցիկ գլխի վրա, որոնք առանց հյուսերի թափվել էին կիսամերկ ուսերի վրա, ծածկում էին նրա դալար մեջքը։ Դեմքը գունաթափ էր. աչքերի մեջ վառվում էր տենդային երկչոտություն։ Նա մոտեցավ պատուհանին, դողդոջուն մատներով բարձրացրեց վարդագույն-թավշյա վարագույրը։ Այնտեղից վեր առեց մի փոքրի արկղիկ, որ Սպահանի ընտիր գործ էր հիանալի քանդակներով։ Նա դրեց արկղիկը գորգի վրա, ինքը նստեց նրա մոտ։ Փոքրիկ բանալին պտտվեցավ նրա նուրբ մատիկների մեջ, արկղիկը բացվեցավ։ Նրանում, կարծես, թաքցրած լինեին երկնքի աստղերի ամենագեղեցիկները, որոնք իսկույն փայլել սկսան ճրագի լույսի առջև։ Դրանք գոհարներ էին, որոնք ոչ միայն հանդիսավոր օրերում, այլ հասարակորեն զարդարում էին գեղեցիկ կնոջ բազուկները, մատները, կուրծքը, պարանոցը և մինչև անգամ ոտների սրունքները։

Այդ արկղիկի մեջն էր ամփոփված նրա ուրախությունը, դրանով էր գնել անտանելի ամուսինը նրա սերը։ Իսկ այժ երկար մի առանձին տխրությամբ նայելուց հետո աչք շլացնող ակների վրա, նա կրկին կողպեց արկղիկը, մտածում էր իր գանձը թաքցնել մի ծածուկ տեղում։ Նա վեր կացավ, արկղիկը սեղմած գողտրիկ կուրծքի վրա, որ այդ միջոցին սաստիկ զարկում էր։ Աչք էր ածում իր շուրջը, տեսնելու, թե որտեղ ավելի հարմար էր թաքցնելու։ Նույն րոպեում լսելի եղավ թնդանոթի որոտը, որի արձագանքը դղրդալով տարածվեցավ բերդը շրջապատող նեղ ձորերի մեջ։ Տիկինը մի ակամա ճիչ բարձրացրեց, ձեռքերը թուլացան, արկղիկը ցած ընկավ, և փշրվելով, գոհարները սփռվեցան նախշուն գորգերի վրա, նրանց նկարները ավելի բազմատեսակ անելու համար։

Այդ թշնամու թնդանոթների ձայնն էր։ Առաջին անգամ չէր, որ որոտում էին նրանք, բայց տիկինը, խորասուզված իր հոգեկան խռովությունների մեջ, դեռ ոչինչ չէր լսել։

Նա մոռացավ գոհարները։ Մայրական սերը խեղդեց պճնասիրության ցանկությունը։ Միակ առարկան, որ այժմ մտաբերեց նա, էր իր զավակը։ Սկսեց սենյակում կատաղաբար որոնել նրան, ամենևին չմտաբերելով, որ նա այնտեղ չէր, այլ պառկած էր կից սենյակում աղախնի հսկողության ներքո։

Տիկնոջ պահապան ներքինին նախասենյակում նիրհում էր, ամենևին ուշադրություն չդարձնելով, թե ինչ է կատարվում իր շուրջը։ Ծերունի ներքինին աֆիոն ընդունելու սովորություն ուներ, այս գիշեր, երևի, սրտի տխրությունից, փոքր-ինչ ավելի ընդունեց և արբեցուցիչ թույնը բոլորովին թմրեցրեց նրան։ Բայց տիկնոջ արձակած ճիչը վրդովեց նրա հանգստությունը, նա կիսաքուն դրության մեջ գլուխը վեր բարձրացրեց. և նախասենյակի խավարի մեջ ոչինչ չտեսնելով, կրկին գլուխը դրեց իր կարծր բարձի վրա, սկսեց մրափել։ Նրա բարձը, որ մի տոպրակ էր, լցրած սղոցած փայտի թեփով, դրած էր ուղիղ տիկնոջ դռան հանդեպ, դրսի կողմից։ Եթե ավելացնենք այդ բարձի վրա ներքինու ածիլած գլուխը,― երկուսը միասին կազմում էին մի ամուր պատնեշ, որ արգելում էր տիկնոջ սենյակի դռան ներսից բացվելը։ Այսպիսով ինքը ներքինին ներկայացնում էր մի մեծ կողպեք, որ փականք էր դրել խանի գեղեցիկ կնոջ օթյակի դռան վրա։ Որպես մի հավատարիմ շուն, գլուխը կպցրած դռանը, նա ամբողջ գիշերը պառկած էր լինում նախասենյակում։ Ոչ մի անցուդարձ տիկնոջ սենյակի դռնով կատարվել չէր կարող, առանց նրան զարթեցնելու։ Բայց երբ այդ սոսկալի պահապանը զարթեցավ, հանդուգն այցելուի մահը պետք էր վճռված համարել։

Չնայելով, որ ամրոցի մեջ տիրում էր կատարյալ անկարգություն, բայց կանանոցի մեջ դեռ սովորական կարգերը բոլորովին չէին խանդարված։ Կանանոցը այն միակ հիմնարկությունն է մահմեդական աշխարհում, որի օրենքները կամայականության չեն ենթարկվում։ Թո՜ղ աշխարհը քանդվի, թո՜ղ ամեն ինչ տակնուվրա լինի, բայց կանանոցի գերին իր օթյակից դուրս գալու իրավունք չունի։

Բայց նույն րոպեում տիկինը այդ խստությունների վրա ուշադրություն չէր դարձնի, եթե մտաբերեր, որ իր զավակը գտնվում է աղախնի սենյակում, դուռը բաց կաներ, և ներքինու գլուխը ու մարմինը ոտնակոխ անելով, կանցներ և կմտներ աղախնի սենյակը։ Նա վանդակի մեջ բռնված անընտել թռչունի նման անդադար թռվռում էր այս կողմ և այն կողմ։ Հարյուր անգամ նայեց իր անկողնի մեջ, հարյուր անգամ շոշափեց նրան, բայց դարձյալ չէր հավատում իր աչքերին, թե իր զավակը այնտեղ չէր։ Որդեկորույս մայրը բոլորովին շփոթված էր։ Կասկածը նրա մեջ կատաղության հասավ, երբ թնդանոթները սկսեցին այժմ ավելի և ավելի հաճախ որոտալ։ Նա ուշաթափ եղավ, ընկավ այն գոհարների վրա, որ մի քանի րոպե առաջ սփռված էին գորգերի վրա և զարդարում էին նրանց գեղեցկությունը։

Աղախնի սենյակում ճրագը դեռ վառվում էր։ Ինքը, աղախինը, որին կոչում էին Փարիշան, նստած էր իր տիկնոջ երեխայի փոքրիկ անկողնի մոտ։ Երեխան քնած էր։ Նրա ծանր շնչառությունը ցույց էր տալիս, որ բոլորովին առողջ չէ. և իրավ, մի քանի օր էր, որ կոկորդի ուռուցք էր ստացել։

Նա գլուխը վեր բարձրացրեց, և կիսաբաց աչքերով նայելով աղախնի վրա, ասաց.

Ջուր եմ ուզում։

Կտամ, զավակս, կտամ,― ասաց աղախինը և վեր կացավ կատարելու նրա պահանջը։

Երեխան ջուրը խմելուց հետո գլուխը կրկին դրեց բարձի վրա և իսկույն քուն եղավ։ Աղախինը դարձյալ նստեց իր առաջվա տեղում, հիվանդի անկողնի մոտ։ Արդյոք ցավակցությո՞ւնը, թե պարտաճանաչությունն էր ստիպում այդ մանկահասակ կնոջը հսկել իր հիվանդի մահճի մոտ,― հայտնի չէ, միայն երևում էր, որ նա վճռել էր այս գիշեր ամենևին չքնել։ Գուցե նա նույնքան վախենում էր, որպես մյուսները և երկյուղը խլել էր նրա աչքերից քունը. գուցե պաշարված ամրոցը նրան նույնքան սարսափեցնում էր, որպես մյուսներին։

Կրկին լսելի եղավ թնդանոթի որոտումը։

Բայց այդ կործանիչ որոտումը, որ ուրիշների վրա սոսկում էր բերում, կարծես, նրան մի առանձին զվարճություն էր պատճառում։ Նրա տխրամած դեմքը ավելի և ավելի պայծառանում էր, և խոշոր աչքերում վառվում էր ուրախության կրակը։ Թշնամու թնդանոթի ձայնը արձագանք էր գտնում նրա սրտում, խորին բերկրության արձագանք։

Նա վեր կացավ, ճրագը վեր առեց, ուշիկ քայլերով դուրս եկավ։ Մի քանի վայրկյան կանգնեց նախասենյակում, նայում էր պառկած ներքինու վրա։ Ծերունու խռմփալու ձայնը արդեն ցույց էր տալիս, որ նրա քունը խիստ ծանր էր։ Նա զգուշությամբ մոտեցավ տիկնոջ սենյակի դռանը։ Թեև ներքինու գլուխը և բարձը դրած էին նրա հանդեպ, բայց նրանք այնքան տեղ չէին բռնում, որ արգելեին աղախնի մոտենալը։ Նա մի կողմում կանգնելով, թեքվեցավ և ականջը ուշադրությամբ տարավ դեպի դռան փոքրիկ ճեղքը։ Ներսից ոչ մի շշունջ լսելի չէր լինում։ Նա մտածեց, որ տիկինը, երևի, քնած է, թեև նա դեռ ուշագնացության մեջ էր գտնվում։

Նա կրկին ուշիկ քայլերով վերադարձավ իր սենյակը, ճրագը դրեց իր տեղում և նստեց հիվանդի անկողնի մոտ։ Մի քանի րոպե գտնվում էր մի տեսակ անվճռականության մեջ, որ խիստ հեշտ կարելի էր նկատել նրա բազմահոգ դեմքից։ Հետո կամաց-կամաց ձեռքը տարավ դեպի հիվանդի վերմակը և զգուշությամբ կիսով չափ բարձրացրեց։ Նա այժմ մի առանձին երկյուղածությամբ նայում էր գեղեցիկ երեխայի երեսին, նայում էր դողալով և չէր վստահանում կատարել այն, ինչ որ մտածում էր։

Քնե՛լ... քնե՛լ... լսելի եղավ կանանոցի բարձր աշտարակի գլխից։

Դա ներքինապետի հրամայական ձայնն էր, որ իր դիտանոցից նայում էր ամբողջ հարեմի վրա։ Այդ աշտարակը մի այնպիսի տեղում էր կանգնած, որ նրա բարձրությունից կարելի էր տեսնել կանանց բոլոր օթյակների լուսամուտները։ Այդ սպառնալից ձայնը լսելի էր լինում ամեն գիշեր երեք անգամ։ Առաջին անգամին պետք է բոլոր կնիկները իրանց ընթրիքը կերած, վերջացրած լինեին. երկրորդ անգամին պետք է ճրագները մարեին և քուն լինեին. իսկ երրորդ անգամին դռները փակվում էին և հարաբերությունները բոլորովին արգելվում էին։

Ներքինապետի այժմյան զգուշացուցիչ ձայնը երկրորդ անգամին էր պատկանում, որով մի քանի րոպեից հետո ամբողջ հարեմի մեջ պիտի տիրեր խավարը։ Այդ ձայնը, կարծես, շտապեցրեց աղախնին կատարել իր դիտավորությունը, որի համար նրա քաջությունը պակասում էր։ Նա ձեռքը դողդողալով տարավ դեպի հիվանդի պարանոցը, բռնեց նրա կոկորդից և բթամատով ու ցուցամատով այնպես պինդ սեղմեց ուռուցքը, որ երեխան թփրտաց, դողդողաց, խռխռաց և ապա սկսեց սաստիկ ճիչ բարձրացնել։

Այդ միջոցին աղախինը զարմանալի արագությամբ վեր թռավ, ոտքով զարկեց ճրագին ցած գցեց, ճրագը հանգավ, իսկ ինքը խավարի միջից դուրս պրծավ բարձր ձայնով գոչելով. «Խեղդվեցա՛վ, խեղդվեցա՛վ, օգնեցե՛ք, խեղդվեցա՛վ...»։

Նա վազեց դեպի տիկնոջ սենյակը, իր ոտքերի տակ կոխ տալով, տրորելով պառկած ներքինուն, որը սարսափելով զարթնեց, և չկարողանալով իսկույն հասկանալ պատահածը, իր սոսկալի շփոթության մեջ կարծում էր, թե ահա թշնամիները ներս թափվեցին ամրոցի մեջ, սկսել են բոլորին կոտորել։― «Օգնեցե՛ք... օգնեցե՛ք»... սկսեց աղաղակել նա, դուրս վազելով դեպի կանանոցի բակը։

Ոչ սակավ եղավ և աղախնի զարհուրանքը, երբ նա մտավ տիկնոջ սենյակը։ Տեսնելով նրան գունաթափ, դիակի նման ընկած հատակի վրա,― տեսնելով այնտեղ սփռված գոհարները, սենյակի անկարգությունը, փշրված արկղիկը,― նա կարծեց, թե հենց նույն րոպեում այնտեղից փախավ ավազակը, որը իր տիկնոջը սպանելով, կողոպտել էր նրա սենյակը։

Բայց նա այնքան սրտի և մտքի ամրություն ուներ, որ բոլորովին չշվարվեցավ։ Մանավանդ, երբ նայեց լուսամուտներին, գտավ նրանց ամբողջությամբ իրանց տեղում փակված։ Իսկույն մտաբերեց, թե ինքն էր, որ ներքինուն կոխ տալով, անցավ նրա վրայից և բաց արավ դուռը։ Ուրեմն ոչ մի տեղից ավազակ մտնել չէր կարող։ Նա զգաց իր սխալը և շտապեց իր ձեռնարկությանը մի այլ կերպարանք տալ։

Առանց մի վայրկյան կորցնելու, տիկնոջը նույն դրության մեջ թողնելով, նա դուրս վազեց կանանոցի բակը, որ թույլ չտա հիմար ներքինուն շատ աղմուկ բարձրացնել։

Ասադ, Ասադ,― ձայն տվեց նրան մոտենալով,― ի՞նչ ես խելքդ կորցրել, այստեղ մեր տիկինը մեռնում է, այնտես նրա երեխան խեղդվում էր, իսկ դու բակում կանգնած, աղաղակներ ես բարձրացնում։ Գնանք, գնանք շուտով։

Ի՞նչ է պատահել,― հարցրեց շփոթված Ասադը, ամենևին չհասկանալով իր լսածը։

Եկ, տես, թե ի՞նչ է պատահել, քավթառ, մեռելի նման քնում ես ու ոչինչ բանից տեղեկություն չունես։― Վերջին խոսքերից հետո աղախինը համարյա ուժով բռնեց նրա ձեռքից և քարշ տվեց դեպի տիկնոջ սենյակը։

Բայց ներքինին, ցույց տալու համար, թե ինքն էլ մի բանից տեղեկություն ունի, մտաբերեց աղախնի խոսքերից մեկը միայն` «խեղդվում է», և հարցրեց.

Դու ասացիր խեղդվում է, ո՞վ է խեղդվում։

Երեխան, հիմար, դու չե՞ս իմանում, քանի օր է, որ նա հիվանդ է, կոկորդը ուռչել է, հիմա ցավը սաստկացել է, խեղդվում է։

Տիկնոջ հետ ի՞նչ է պատահել։

Ես ի՞նչ գիտեմ, ի՞նչ է պատահել, տիկինը իր սենյակում ընկած է։

Ներքինին այժմ բավական բան հասկացավ և աղախնի հետ շտապեց դեպի տիկնոջ սենյակը։

Բարեբախտաբար թե աղախնի և թե ներքինու բարձրացրած աղաղակները արձակվեցան միևնույն րոպեում, երբ բերդից սկսեցին պատասխանել թշնամու թնդանոթներին։ Դրանց ձայնը խլացավ հրանոթների ընդհանուր դղրդումների մեջ։ Կանանոցում ոչ ոք չիմացավ պատահած աղմուկը, և ոչ ներքինապետը, որը իր դիտանոցի բարձրությունից ամեն մի շարժում, ամեն մի շշնջյուն լրտեսում էր։

Լսեց միայն մեկը, որ ավելի պատճառ ուներ չլսելու, լսեց նա, որ ուշաթափ, գետնատարած, ընկած էր իր սենյակի հատակի վրա։ Հենց որ դժբախտ մոր ականջին դիպավ «խեղդվում է» բառը, նա մի մոգական հարվածքով ցնցվեցավ, աչքերը բաց արավ, սկսեց շփոթված կերպով նայել իր շուրջը։ «Օգնեցեք» բառը բոլորովին արթնացրեց նրան։ Նա իսկույն վեր թռավ և վազեց աղախնի սենյակը; Այստեղ ճրագ չկար։ Երկար նա խավարի մեջ խարխափելով, որոնում էր զավակի անկողինը, մինչև աղախինը և ներքինին ճրագով ներս մտան։

Երեխան դեռ լաց էր լինում. կոկորդի խռխռոցը իսպառ վերջացած չէր. հետո սկսեց թքել արյուն, շարավի հետ խառն։ Երևվում էր, որ աղախնի մատների սաստիկ ճնշելուց, կոկորդի ուռուցքը պայթել էր և այժմ դուրս էր ժայթքում այնտեղ հավաքված շարավը։ Այդ թեև օգտավետ էր հիվանդին, բայց աղախնի գործողությունը ոչ նրան բժշկելու և ոչ էլ խեղդելու նպատակ ուներ։ Նա միայն ցանկանում էր հիվանդի վրա դարձնել մոր ուշադրությունը և հասավ իր նպատակին։

Տեսնելով իր զավակի դրությունը, մայրը մոլեգնաբար գրկեց նրան և սկսեց լաց լինել։

Հիմա կմեռնի երեխաս... կմեռնի, Փարիշան,― հառաչում էր նա, դառնալով դեպի աղախինը։

Փարիշան մատաղ լինի քո հոգուն, տիկին ջան,― պատասխանում էր աղախինը դառնացած ձայնով, և ձևացնելով, իբր թե արտասուքը սրբում է. երկյուղ չկա, ամենևին երկյուղ չկա. վտանգը անցավ. թող աստված Ֆարհադի (այսպես էր երեխայի անունը) ցավը իմ վրա բերե, եթե նրան մի բան պատահի։

Ծերունի ներքինին սառած կանգնել էր, հեռվից նայում էր ցավալի տեսարանի վրա։ Աղախնի խոսքերը չհանգստացրին մորը, մանավանդ երբ երեխան, թեև դադարեց լաց լինելուց, բայց գլուխը դրեց մոր կուրծքի վրա, և ընկավ մի տեսակ տենդային դրության մեջ։

Այդ լավ է, շատ լավ,― առաջ տարավ աղախինը. տեսնում եք, Ֆարհադը հանգստացավ, հիմա կքնե, անուշ քնով կքնե. հանգստացավ։ Սառան էլ էր այդպես ասում։ Առավոտյան երբ մտիկ տվեց, ասաց, այս գիշեր կծակվի ուռուցքը։ Հիմա նրա խոսքը կատարվեց։ Փառք քեզ, տեր աստված, Ֆարհադը հանգստացավ։

Բայց նա ասաց, երբ ուռուցքը ծակվելու լինի, ինձ շուտ իմացում տվեք։ Այս րոպեիս կգնամ կկանչեմ։ Գիշերից չեմ վախենում, Ֆարհադի համար դժոխքն էլ կգնամ։

Աղախնի վերջին խոսքերը փոքր-ինչ մխիթարեցին տիկնոջը։ Իրավ, Սառան առավոտյան տեսավ հիվանդին, ասաց, շատ կարելի է, որ այս գիշեր ուռուցքը ծակվի։ Այն ժամանակ թեև փոքր-ինչ արյուն և շարավ կգա բերանից, բայց դրանով վտանգը կանցնի. միայն պետք է իրան շուտ իմացում տալ, որ հարկավոր դարմանները գործ դնե։

Բայց ո՞վ է այդ Սառան. մեր նախածանոթ գինեվաճառ այրին, որ նախընթաց գիշերը իր տանը ընդունեց ծպտյալ հյուրերին. տեր Ավետիքին սափրիչի կերպարանքով, Խորեն հայր սուրբին նրա աշակերտի կերպարանքով, Շահումյան Ստեփաննոս իշխանին հյուսնի կերպարանքով, իսկ Մելիք-Փարսադանի որդի Բալի զորավարին` խանի Ֆարրաշի կերպարանքով։ Սառան ծանոթ էր խանի ամրոցի հետ։ Այդ ծանոթության առիթը նրա ունեցած երկու պարապմունքն էր։ Իբրև գինեվաճառ, նա շատ անգամ ծածուկ, իր ձեռքով ըմպելիքներ էր բերում խանի համար, որը չէր ցանկանում իր ծառաների ձեռքով ստանալ, որպեսզի, իր գինարբության սովորությունը մահմեդականներին չհայտնվի։ Հավատարիմ Սառան ամենայն խոհեմությամբ պահում էր այդ գաղտնիքը։ Իսկ կանանոցի հետ հարաբերություն ուներ նրանով, որ նրան շատ անգամ կանչում էին, երբ երեխաների կոկորդը ուռչում էր։ Սառն իր ինքնուս փորձերով բավական հմուտ էր այդ հիվանդությունը բժշկելու մեջ։

Դե՛ գնա կանչիր, մի՜ ուշացիր,― ձայն տվեց տիկինը։― Երեխաս կմեռնի, եթե նա չգա։

Ես չգնա՞մ Փարիշանի հետ,― հարցրեց ներքինին երկչոտ ձայնով։

Հենց դո՜ւ էիր պակաս, քավթառ,― պատասխանեց աղախինը մի առանձին սպառնալիքով նայելով ներքինու երեսին։ Դու չե՞ս իմանում, որ հրամայված է այս գիշեր բոլոր հայերին կոտորել, և երկյուղից ոչ մի հայ այս գիշեր իր տանից դուրս չի գա։ Ես կգնամ, մի կերպով կհամոզեմ, կբերեմ Սառային, բայց եթե քո ռեխը տեսնելու լինի, կվախենա ու չի գա։

Որովհետև գործը վերաբերում էր մի ծանրակշիռ հարցի, ինչպես էր տիկնոջ զավակի կյանքը, այդ պատճառով բարկացած ներքինին լուռ կացավ և չպատասխանեց աղախնի կոպտություններին։ Բայց եթե մի ուրիշ անգամ լսելու լիներ նրանից այդ խոսքերը, անտարակույս նրա ծամերը կփետեր։

Դու միայն անցկացրու ինձ դռներից, որ պահապանները չարգելեն,― կրկին դարձավ նա դեպի բարկացած ծերուկը։

Ներքինապետի դիտանոցի բարձրությունից վաղուց արդեն լսելի էր եղած նրա երրորդ անդամի հրամայական ձայնը` «քնել», և կանանոցի մեջ բոլոր դռները փակված էին, ոչ ոք իրավունք չուներ ներս ու դուրս անելու։ Այս պատճառով ներքինին նախքան առաջնորդելը աղախնին դեպի Սառայի տունը, դիմեց ներքինապետի մոտ, որ նրան հայտնե հիվանդի անցքը, և իմանա գիշերվա անունը, որովհետև առանց գիշերվա անունը տալու, պահապաններից և ոչ մեկը դռները չէր բաց անի։

Մինչև ներքինու վերադառնալը Փարիշանը բոլորովին պատրաստ էր ճանապարհ ընկնելու համար։ Նա փաթաթեց իր գլուխը մի հաստ շալով, ծածկվեցավ իր կապտագույն չադրայի մեջ և դուրս գնաց։ Տիկինը մնաց միայնակ աղախնի սենյակում, գրկած ունենալով երեխան մայրական կուրծքի վրա, որը այդ միջոցին սաստիկ բաբախում էր։ Երեխան այժմ ավելի անհանգիստ էր, գտնվում էր ջերմի մեջ, և երբեմն ամբողջ մարմնով ցնցվում էր, կարծես աղախնի անգութ մատները կրկին սեղմվում էին նրա կոկորդի վրա։ Եթե նա գիտենար իր հետ պատահածը, բոլորը կպատմեր մորը. բայց ամեն ինչ կատարվեցավ նրա հետ, երբ նա քնած էր։

Կանանոցի բակում վառվում էին չորս լապտերներ միայն, որոնք տնկած էին չորս սյուների գլխին, և յուրաքանչյուրը գտնվում էր քառակուսի բակի մի անկյունում։ Հարեմների օթյակների լուսամուտներից լույս չէր երևում։ Նրանք քնած էին, թե արթուն,― հայտնի չէ, բայց որովհետև նրանց հրամայված էր «քնել», թեկուզ աշխարհն էլ տակնուվրա լիներ, պետք է ցույց տային, որ քնած են։

Ներքինին աղախնի հետ մոտեցան առաջին դռանը, կամաց բախեցին։ Դռան ետևից հարցրին.

Գիշերվա անո՞ւնը։

«Փասիան»,― պատասխանեց ներքինին հազիվ լսելի ձայնով։ Դռները բացվեցան։

Կանանոցի բակից դուրս գալով, նրանք մտան մի երկայն ծածկված դալան (կորիդոր), որ լուսավորված էր երկու լապտերներով։ Այստեղից մի դուռ տանում էր դեպի մի երկրորդ փոքրիկ բակ, որտեղ էր կանանոցի խոհանոցը։ Այդ դռնից անցնելու համար դարձյալ նույն հարցը և պատասխանը տրվեցավ։ Այսպես նրանք անցան մի քանի բակեր, մի քանի դալաններ, մինչև դուրս եկան խանի պալատի լաբիրինթոսից։

Դրսում տիրում էր խավար, իսկ բերդի փողոցների մեջ աղմուկ և իրարանցում։ Մարդիկ խելագարի նման գոռում-գոչյումներով վազվզում էին։ Աղախինը ներքինուն թողեց կես ճանապարհի վրա, պատվիրեով իրան սպասել, իսկ ինքը շտապեց դեպի Սառայի տունը։

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу

Другие части "Դավիթ Բեկ"

Ятук Музыка
Ереванские этюды
Александр Спендиарян

Ереванские этюды

Давид Бек
Давид Бек
Играть онлайн