Alexander Shirvanzadeh

Արսեն Դիմաքսյան

ԱՌԱՋԻՆ ՄԱՍ

I

Քուռ գետի ձախակողմյան մասի մի ծուռ փողոցով անցնում էր մի երիտասարդ։ Օգոստոսի շոգ օրերից մեկն էր։ Արեգակը երկաթի պես տաքացրել էր փողոցի սալահատակը և տների պատերը։ Օդը այնքան ճնշող էր, որ անցորդը հազիվ կարողանում էր շունչ առնել։ Երբեմն թեքվելով ձեռնափայտի վրա, նա կանգ էր առնում ծառերի շվաքում և յուր հոգնած հայացքը ձգում տների լուսամուտներին կամ դռներին։ Չնայելով ամառային կիզիչ եղանակին, հագած էր ձմեռային սև սյուրտուկ, այն էլ կոճկած մինչև կոկորդը։ Իսկ աջ թևին ձգած էր մի մոխրագույն վերարկու, որի փեշերը հասնում էին գետնին։ Նա փոքրահասակ էր, նիհար, բայց կուրծքը կազմվածքի համեմատ լայն էր և առողջ։ Դեմքի գծերը խոշոր էին, ազդու և անմիջապես ուշադրություն գրավող։ Սև ու խիտ հոնքերի տակից փայլող խոշոր աչքերը վերին աստիճանի արտահայտիչ էին, խելացի և թափանցող։ Մի առանձին խրոխտություն էր տալիս նրա թխագույն դեմքին կարճլիկ նոսր մորուքը, մանավանդ արծվային քիթը, որի պնչերը հիշեցնում էին արաբական նժույգի ռունգներ:

Հասնելով ծուռ փողոցի ծայրին, նա դարձյալ կանգ առավ և նայեց աջ ու ձախ։ Այստեղ նրա հայացքն ընկավ մի տան պատին կպցրած թղթի վրա։ Նա մոտեցավ և կարդաց. «Այս տան վերին հարկում վարձով տրվում է մի մեծ, լուսավոր և մաքուր սենյակ»։ Նա բաց դռներով ներս մտավ։ Մի նեղ, կամրագույն փայտյա սանդուղք տանում էր դեպի տան վերին հարկը։ Արագ քայլերով նա բարձրացավ վերև և հանդիպեց մի շիկահեր, պառավ կնոջ։

Ի՞նչ եք կամենում. հարցրեց կինը։

Ցույց տվեք սենյակը։

Կինը երիտասարդին առաջնորդեց երկայն և աղեղնաձև պատշգամբի ծայրը։ Սենյակը, արդարև, մեծ էր, լուսավոր, բայց ոչ մաքուր և ոչ էլ կահավորված։ Տանտիրուհին շտապեց հայտնել, թե այն իսկույն կմաքրվի, կկահավորվի և արժանավայել տեսք կստանա, եթե վարձվի։

Իհարկե, եթե ոչ, ո՞վ կապրի այս տեսակ խոզաբնում։

Երիտասարդի ձայնն ամուր էր, խրոխտ և թանձրահնչուն։ Մի բան, որ կատարելապես հակասում էր նրա փոքրիկ հասակին և լիովին համապատասխանում նրա տգեղ և տպավորիչ դեմքին։ Այդ ձայնը, այդ խոշոր գլուխը, այդ խելացի աչքերի սուր արտահայտությունն ազդեցին տանտիրուհու վրա։

Դուք կովկասցի՞ եք, հարցրեց կինը։

Այո։

Ի՞նչ ազգի եք պատկանում։

Հայ եմ։

Ի՞նչ գործի եք։

Առայժմ ոչինչ։

Ոչի՞նչ։

Այո՛։

Այդ ի՞նչպես կլինի։

Պատահում է։

Իսկ սենյակի վարձը՞։

Երիտասարդին բարկացրին այդ հարցերը։ Նա խնդրեց տանտիրուհուն յուր պայմաններն ասել և առանց սակարկության վարձեց սենյակը, մի ամսվա վարձն անմիջապես տալով։

Ամուրի՞ եք, հարցրեց պառավը մեղմացած։

Ամուրի եմ։ Տանտիրուհին գնաց դուրս և քիչ անցած վերադարձավ մի թերթ թուղթ և մի մատիտ ձեռքին։

Խնդրեմ ձեր անունը նշանակեք։

Երիտասարդը գրեց. «Արսեն Դիմաքսյան»։

Երեկոյան նա իրեղենները տեղափոխեց։ Սենյակը բավական խնամքով մաքրված էր և համեստ, բայց ճաշակով կահավորված։ Նա բաց արավ յուր ծրարները, կանթեղը վառեց, ամեն ինչ կարգի բերեց և, նստելով սեղանի քով, սկսեց խորհել անելիքի մասին։

Նա շատ բաներ ուներ անելու, շատ ծրագիրներ ուներ ապագայի մասին, շատ գործերի մեջ պիտի խառնվեր։ Իսկ առայժմ մի բան առաջինն էր հարկավոր էր մի պաշտոն ունենալ։ Միայն երկու շաբաթ էր, որ նա վերադարձել էր արտասահմանից։ Գալուց մի քանի օր անցած՝ նա գրավոր խնդիր էր տվել Ներսեսյան դպրոց, որ իրան հանձնեն ընդհանուր պատմության և աշխարհագրության դասերը։ Մի քանի հոգաբարձուներից խոստում էր ստացել, սպասում էր հոգաբարձական նիստին:

Առայժմ նա գրպանում ուներ հորից ստացած վերջին գումարը, որով պետք է ապրեր մինչև պաշտոն ստանալը։ Նրա հայրը գավառում հայտնի կալվածատեր էր։ Նա առանց որևէ պաշտոնի էլ կարող էր կառավարվել, բայց հոր և որդու մեջ մտել էր մի սառնություն, որ հետզհետե ավելի ու ավելի անջատում էր նրանց։

Բանն այն է, որ Մարգար աղա Դիմաքսյանր որդուց պահանջել էր գիմնազիոնը ավարտելուց հետո այլևս ուսումը չշարունակի։ Նա միայնակ էր, ուրիշ որդի չուներ և ուզում էր, որ Արսենն յուր օգնականը լինի՝ բազմաթիվ այգիները, վարելահողերը, խանութները և այլ կալվածները կառավարելում։ Որդին չէր համաձայնվել։ Կոշտ, ինքնակամ, համառ հորը չափազանց զայրացրել էր այդ ընդդիմությունը, և նա վերին աստիճանի սպառնողական մի նամակ էր ուղղել որդուն։ Արսենը դրական եղանակով պատասխանել էր, թե ինքը պետք է լինի այն, ինչ որ կամենում է և բնավ մտադիր չէ «հնացած սերնդի կամքին ստրկանալ»։ «Գալով ձեր օգնությանը, որից ինձ չեք ուզում առայժմ զրկել, ես կընդունեմ նրան մինչև ուսմանս վերջը, ինչպես պարտք։ Դուք կարող եք զրկել ինձ օժանդակությունից, իսկ ազատ կամքից երբե՛ք»։

Այս վճռական պատասխանը կատաղեցրել էր հորը։ Հաշտությունը նրանց մեջ դարձել էր անկարելի։

Շատ հոգսերի շարքում Արսենն ուներ և՛ հոր պարտքը հատուցանելու հոգսը։ Թվում էր նրան, որ եթե յուր ասածը չկարողանա կատարել թույլ, ստախոս և, որ գլխավորն էր նրա համար, ինքն իրան հակասող մարդ կլինի։ Ընկերները հանդիմանում էին նրան այդ մասին, համարելով նրա վարմունքը անտակտ, անհաշիվ։ Բայց նա ամենքին տալիս էր միևնույն դրական պատասխանը։

Եթե մենք ուզում ենք անկախ լինել, առաջին պատերազմը մեր ծնողների դեմ պետք է սկսենք։

Ահա ինչու նա ավելի լավ էր համարում հասարակ ուսուցչի պաշտոն ընդունել, քան հպատակվել հոր կամայականությանը։ Այժմ ակամա զգում էր անհանգստություն. ի՞նչ կլինի, եթե իսկույն պաշտոն չստանա։ Նրան վախեցնում էր ոչ թե նյութական պակասությունը, ոչ թե այն, որ կարող էր մի օր անոթի մնալ, այլ այն, որ մի գուցե ստիպվեր մեկից պարտք վերցնել, թեկուզ այդ մեկը լիներ նրա մտերիմ ընկերը։

Ներս մտավ տանտիրուհու ծառան և ընդհատեց նրա մտորումները։ Տարօրինակ էր այդ ծառայի կերպարանքը։ Անորոշ տարիքի մի մարդ էր, անկանոն կազմվածքով։ Նրա կուչկուչված հոնքների տակ բույն դրած աչքերից մեկը կլորիկ էր, մյուսը նշաձև։ Երես ասած բանը նա գրեթե չուներ։ Շեկ մորուքը սկսվում էր ուղիղ աչքերի տակից և, համրելով ծնոտի ծայրը, այստեղ կազմում էր գզգզված բրդի կտորի պես մի բան։ Դիտողը կնկատեր, որ նրա բերանի մի անկյունը մյուսից բարձր է։

Այ տղա, դու ի՞նչ ազգից ես։

Հայ եմ, պատասխանեց մի բարակ, համարյա կանացի ձայն։

Ո՞րտեղացի ես։ Քյավառցի։

Քյավառը որտե՞ղ է։

Նոր-Բայազետում։

Անո՞ւնդ։

Սիրական։

Եթե երբևէ Դիմաքսյանը տեսել էր մի սարսափելի կոնտրաստ, այդ կարող էր լինել ծառայի կերպարանքը նրա անվան հետ։

Հաջորդ հարցերը պարզեցին, որ Սիրականն «անտուն, անտեր, մի խեղճ մարդ է», ո՛չ ծնողներ ունե, ո՛չ քույր, ո՛չ ազգական։

Լսի'ր, ընդհատեց նրա խոսքը Դիմաքսյանը, դու ինձ հավատարիմ ծառայիր, ես քեզ կվարձատրեմ։ Գիտե՞ս, դու ինձ դուր ես գալիս. կարդալ գիտե՞ս։

Մի քիչ։

Ես քեզ էլի կսովորեցնեմ։ Եթե կամենաս, ռուսերեն էլ դաս կտամ։

Ուրախությունից Սիրականի շիլ աչքը փայլեց։ Նա մեջքից խոնարհ թեքվեց և գլուխ տվեց։

Թեյ խմելուց հետո, Դիմաքսյանը նստեց պարապելու։ Դեռ գիմնազիոնի նստարանից նա աշխատակցում էր մի լրագրի։ Ընկերներից շատերը գուշակում էին, թե ժամանակով լավ քննադատ կամ քարոզիչ կարող է լինել։ Գնալով արտասահման շարունակեց աշխատել նույն լրագրում, հետզհետե ընդարձակելով դրության շրջանը և գաղափարները։ Վերջին ժամանակ քաղաքական հոդվածներ էր գրում առաջ Լայպցիգից, հետո Ցյուրիխից։

Հետևյալ օրը նրա մոտ եկավ բժիշկ Սալամբեկյանը, որի հետ նա ավարտել էր գիմնազիոնի դասընթացքը։ Դա սև մորուքով, նիհար դեմքով, տկար մարմնով մի երիտասարդ էր։ Դեմքի վրա դրոշմված էր մի հոգեկան անբացատրելի դժգոհություն։ Դիմաքսյանի հետ մոտիկ ընկեր էր, միմյանց համակրում էին։ Վեց և կես տարի իրարուց հեռու ապրելով, նրանք անընդհատ թղթակցել էին միմյանց, ուստի հեռավորությունը չէր թուլացրել նրանց ընկերական կապը։ Շնորհավորում եմ, ասաց բժիշկը, թույլ և հոգնած կերպով ձեռը մեկնելով ընկերոջը, սենյակդ վատ չէ: Բայց դա վայրենիների ո՞ր ցեղին է պատկանում։

Խոսքը Սիրականի մասին էր, որ այդ միջոցին սամովարը ձեռին դուրս էր գալիս սենյակից:

Մի՛ ծաղրիր, պատասխանեց Դիմաքսյանը մի տեսակ դժկամակությամբ, ֆիզիոնոմիստների դարը անցավ:

Բժիշկը լռեց, փոքր-ինչ շփոթվելով: Վայելչության օրենքը թույլ չտվեց նրան հակառակել Դիմաքսյանը տգեղ էր:

Այսօր պե՞տք է ժողովվենք, հարցրեց նա խոսքը փոխելով:

Ո՛չ, վաղը երեկոյան: Անպատճառ եկ:

Իմ գալուց ի՞նչ օգուտ, թող նրանք գան, որ խոսելու և գործելու ախորժակ ունեն:

Անկարելի է, անպատճառ պետք է գաս: Ես կազմել եմ մի ծրագիր մեր գործունեության մասին: Ես այն կարծիքի եմ, որ մեր կռիվը պետք է սաստիկ լինի: Հարկավոր է մեծ վստահություն ու քաջություն ջնջելու և հիմնահատակ անելու հինը, անօգուտը, վնասակարը:

Եվ նա շարունակեց նույն ոգևորությամբ: Երիտասարդության բարոյական պարտքերը շատ են, իսկ նա բոլորովին այդ չի զգում: Կռվելով հների դեմ, պետք է հետամուտ լինել և՛ նորերին, հարվածել և՛ նոր սերնդին, եթե սա չի կատարիլ յուր դերը։

Բայց ամենից առաջ հարկավոր է կազմակերպել մի փոքրիկ խումբ: Մենք երդվել ենք նվիրել մեզ հասարակական գործունեությանը, պետք է կատարենք մեր երդումը։

Վաղը ովքե՞ր կլինեն քեզ մոտ։

Ես հրավիրել եմ Բարաթյանին։

Մեկէլ օրը ստացավ կրակից ապահովող ընկերության գործակալի պաշտոն։ Հետո՞։

Վեքիլյանին։

Առանց իրավունքների իրավաբանին: Գեղեցիկ զույգ ես ընտրել, արժե նրանց մի լծի տակ տեսնել: Հետո՞:

Մսերյանին: Ահա մարդ, որ միշտ խոստումներով է կերակրվում։ Կարծեմ, նա վերջը տերտեր կձեռնադրվի։

Լսի՛ր, բժիշկ, կատակը սազ չի գալիս քեզ, երբ մեր ընկերներին ես ծաղրում, մանավանդ Մսերյանին։

Ինքդ ասա, ուրիշ ի՞նչ կարելի է սպասել մի մարդուց, որ համալսարանների բոլոր ֆակուլտետները անցել է և ոչ մի տեղ չի ավարտել։

Մի ասա «չի ավարտել», այլ ասա «չեն թողել, որ ավարտի»։

Այո՛, չեն թողել յուր անհանգիստ լեզվի շնորհիվ։

Անհանգիստ, բայց ճշմարտախոս լեզվի, գոչեց Դիմաքսյանը, և նրա աչքերի թափանցող բիբերը պտտեցին իրանց պարզ շրջանակների մեջ։ Այդ լեզուն շատ է վնասել յուր տիրոջը։ Բայց ինչպես անարատ սիրտ, Մսերյանը անգնահատելի է։ Թողնենք խոսակցությունը, ես մի քանի կարևոր նամակներ ունեմ գրելու։

Ուրեմն, ցտեսություն։

Ցտեսություն. վաղը երեկոյան ես քեզ անպատճառ կսպասեմ։

II

Կեսօրվա դեմ Դիմաքսյանը հագավ տաք սյուրտուկը, կոճկեց մինչև կոկորդը և, վերարկուն թևին ձգելով, դուրս եկավ։ Նա այցելեց Ներսեսյան դպրոցի հոգաբարձուներից մեկին և իմացավ, որ դասերը գրեթե ստացած պետք է համարել։

Մեզ համար, ասաց հոգաբարձուն, շատ ուրախալի է ձեզ պես կրթված ուսուցիչ ունենալ մեր դպրոցում, ձեր անունը ձեզանից առաջ է մեզ հասել։

Դիմաքսյանր զգաց մի թեթևություն։ Այժմ նա ապահովված է ուրեմն և կարող է հուսալ, որ յուր պարտքը մաս-մաս կվճարի հորը։ Բայց ավելի հաճելի էր նրա ինքնասիրության համար հոգաբարձվի ասածը. «ձեր անունը ձեզանից առաջ է մեզ հասել»։ Այս դարձվածը նրան մի առանձին աշխույժ տվեց: Նա ոգևորվեց։ Մյուս օրը երեկոյան ժողովվեցին նրա ընկերները։ Առաջինն եկավ կրակից ապահովող ընկերության գործակալ Բարաթյանը մոտ քսան ու հինգ տարեկան, գեղեցիկ դեմքով, առողջ կազմվածքով և զվարթ ու սիրուն աչքերով մի երիտասարդ։ Նա հագնված էր ամենավերջին մոդայով և իսկույն աչքի էր ընկնում յուր ձևերով ու շարժումներով։ Երեք տարի Պետերբուրգում և հինգ տարի արտասահմանում ապրելով, գիտության մի փոքրիկ պաշարի հետ, նա յուրացրել էր և՛ արտաքին վայելչության խոշոր պաշար: Նրա դեմքի վրա խաղացող ուրախ ժպիտը արտահայտում էր բուռն կենսունակություն։ Մի ժպիտ, որ հանդիպողին անմիջապես տրամադրում էր դեպի այդ երիտասարդը։

Հիանալի՛ է, գոչեց նա, դիտելով Դիմաքսյանի սենյակը, եթե շրջապատող կլիման էլ համապատասխան է, այն ժամանակ շնորհավորում եմ հաջող ընտրությունդ։

Դարձյա՞լ կլիմա։

Այո՛, սիրելիս, մոռացե՞լ ես, թե ուսանող ժամանակ քո խոնարհ ծառան ինչպես էր սենյակ ընտրում։ Առաջ դիտում էի շրջակայքը, հետո կացարանը, առաջ շնչավորներին, հետո անշունչը։

Եվ միշտ ինձ էլ խորհուրդ էիր տալիս քեզ հետևել։

Իսկ դու չէիր հետևում։ Իզո՛ւր, երիտասարդը պետք է կյանք վայելի, իսկ ամուրին նամանավանդ։

Կյանք մարդավարի կերպով և ոչ թե ամեն մի անկյունում կանանց կոշիկների հետք որոնի։

Բայց ես այնքան չեմ որոնել, որքան իրանք են ինձ գտել։ Լավ, ես քեզ հետ չեմ վիճիլ, հայտնի է, որ կանանց մասին մեր գաղափարները տարբերվում են։ Ահա գալիս է Ֆեմիդայի արժանավոր մանկլավիկը։

Դռները բացվեցին, ներս մտավ միջին հասակից քիչ ցածր, կլորիկ դեմքով, երկայնաձև քթով, մաքուր սափրած այտերով մի երիտասարդ։ Կանգնելով դռների առջև, նորեկը գլխարկը փորի վրա երկու ձեռներով բռնած, մեջքից թեքված և կես-հեգնական ու կես-սիրալիր մի ժպիտ երեսին, գլուխ տվեց։ Վեքիլյանի բարևելու մշտական եղանակն էր այդ, որ գործադրվում էր ամեն տեղ, ամեն ժամանակ և ամենքի առջև։

Նրա հետևից երևացին բժիշկ Սալամբեկյանը և մի քանի ֆակուլտետներ անցած Մսերյանը։ Տարիքով ամենից մեծ, կազմվածքով խոշոր Մսերյանի դեմքը խորշոմած էր, քունքերի մազերի մեջ արդեն փայլում էին սպիտակներ։ Ներս մտավ թե չէ՝ սա հաստ ձեռնափայտն ու լայնեզր գլխարկը դրեց սեղանի վրա և գոչեց.

Արսեն, եթե մարդ ես, ինձ մի բաժակ թեյ։

Սիրականը ներս բերեց սամովարը, հյուրերը տեղավորվեցին նրա շուրջը:

Սկսվեց ընկերական մտերիմ խոսակցություն։ Սենյակը աղմկեց հետզհետե բարձրացող ձայներով։ Նրանք միմյանց հաղորդում էին շրջապատող հասարակության տհասության, անկրթության, նախապաշարմունքների, բռնության, հարստահարության և այլ ու այլ վատ երևույթների նորանոր փաստեր։ Ամեն ինչ նրանց աչքում մթին էր երևում։ Հասարակական կյանք չկա։ Մարդիկ մտածում են միմիայն իրանց նյութականի մասին։ Ժողովուրդը խարխափում է տգիտության մեջ։ Հին սերունդը բռնակալ է, նորը թույլ, հալածված, ճնշված։ Վաճառական դասը ապականված է, հարստահարող, փողամոլ։ Երիտասարդությունը բարոյապես փչացած է։ Հայրենիքի խնդիր չկա, իդեալ չկա։ Ուսումնարանները պատրաստում են տիրացուներ։ Գրականություն չկա։ Լրագրության մեջ տիրում է շարականի հոգին։ Ամեն ինչ կարոտ է արմատական վերանորոգության։

Պարոննե՛ր, բացականչեց Մսերյանը, որ փոքրիկ ժողովում մի տեսակ նախագահի դեր էր կատարում, սկսենք գործել ձեռք-ձեռքի տված։ Մեր փոքրաթիվ կրծքերը դեմ տանք չինական պատին։ Խորտակենք նրան, որ անջատում է մեզ եվրոպական քաղաքակրթությունից։

Նա խոսում էր ոգևորված, ինչպես կրակոտ պատանի։ Այնինչ՝ տարիքը երեսնից անց էին: Երբեմն նա յուր խոսքը զարդարում էր հայտնի հեղինակների դարձվածներով։ Ստեպ-ստեպ հիշում էր Նալբանդյան, Աբովյան, Նազարյան անունները, համարելով նրանց «առաջին զինվորներ ժողողովրդի առաջադիմության համար»։ Նա պնդում էր, թե պետք է գնալ այդ մարդկանց հարթած շավղով։ Նրա ձայնը երերվում էր, ականջները և այտերը կարմրել էին, ձեռները դողում էին և լեզուն շփոթվում։ Ընկերների շրջանում նա վայելում էր «անուղղելի իդեալիստ» մականունը։ Նրա խոսքերից բուրում էր բուռն ոգևորություն և խորին հավատ դեպի մարդկության երջանիկ ապագան։ Սովորական ախտերը բռնասիրություն, հարստահարություն, ընկերական ոգու բացակայություն և այլն, և այլն նա համարում էր ներկայի ծնունդ։ Կանցնի ժամանակ, կմաքրվի մարդկությունն այդ ախտերից, և կտիրե այն իդեալական կյանքը, որին ձգտել են աշխարհի ամենաբարձր սրտերը, ամենազորեղ հանճարները։

Այո՛, պարոններ, ավարտեց նա յուր ատենաբանությունը, մենք էլ լինենք այդ զորապետների գոնե հետին զինվորների շարքում։ Կռվենք և գործենք։ Մեր ազգը փոքրիկ է, թույլ, անպաշտպան, չթողնենք, որ նա խավարի մեջ մնա։

Նրան հաջորդեց Դիմաքսյանն յուր ծրագրով, որի ընդհանուր կետերը նա պարզեց։

Նա խոսում էր համառոտ և կտրուկ ոճով։ Ցույց էր տալիս այն գլխավոր հասարակական վատ երևույթները, որոնց դեմ պետք է մաքառեր նոր երիտասարդությունը։

Բայց ես կրկնում եմ, ամենագլխավորը ընկերական միությունն է։ Եթե մենք չդավաճանենք մեր ընտրած սկրզբունքներին, շատ բան կարող ենք անել։

Ամենից քիչ խոսում էր Վեքիլյանը։ Նա, շարունակ ժպտալով, ամենքի հետ համաձայնվում էր։

Բարաթյանը մասնակցում էր խոսակցությանը զվարթ եղանակով։ Նա նույնպես ոգևորվում էր, բայց չէր գրգռվում։ Նա չէր հարվածում հասարակական կյանքի վատ երևույթները, ինչպես Դիմաքսյանը, Մսերյանը կամ նույնիսկ ծուլախոս Սալամբեկյանը, այլ հեգնում էր և ծաղրում։ Երբեմն ամենալուրջ խնդրի մեջ խառնում էր մի սուր կատակ։ Նա ասաց, թե ոչ մի գործ չի կարող կենդանի կերպով առաջադիմել, եթե նրա մեջ խառն չէ կինը։ Չպիտի միակողմանի լինել, կարծելով, որ հասարակական քաղաքակրթությունը միայն մարդկության մի կեսի ձեռքով է կատարվում։ Նա առաջարկեց մի քանի տիկիններ և օրիորդներ գրավել ընկերական ժողովները։ Մսերյանը ընդդիմացավ այս մտքին։ Նա կանանց ատում էր, իբրև անհատների, իսկ եբրև դասակարգի պաշտպանում էր նրանց իրավունքները։ Բժիշկ Սալամբեկյանը հավանեց Բարաթյանի միտքը։ Վեքիլյանն անորոշ կերպով ուսերը շարժեց։

Կանայք, կրկնեց Դիմաքսյանը, այո՛, ես էլ եմ պաշտպանում նրանց իրավունքները, բայց ո՞րտեղից գտնենք այնպիսիներին, որ համաձայնվեին կամ կարողանային մեզ օգնել։

Ես ճանաչում եմ մի քանիսին, պատասխանեց Բարաթյանը, որոնք կարող են մեզ համար օգտավետ լինել։ Ափսոս միայն գեղեցիկ չեն, իսկ ես, ինչ թաքցնեմ մեղքս, միայն գեղեցիկներին եմ սիրում։

Դիմաքսյանը գրգռվեց ընկերոջ վերջին դարձվածի դեմ։

Բավակա՛ն է, գոչեց նա, ժամանակ է թողնել այդ նոր ձևի կռապաշտությունր։ Մենք պետք է խոնարհվենք խելքի զորության և ոչ թե գեղեցիկ աչքերի ու սիրուն այտերի հրապույրի առջև։

Բարաթյանը ժպտաց։

Գեղեցկությունն երբեմն մարդկանց անբարոյականացնում է, ավելացրեց Դիմաքսյանը մի տեսակ անզսպելի կրքով, ուղղակի նայելով Բարաթյանի աչքերին:

Կարծես, խոսքը նրան էր վերաբերվում։ Բարաթյանն անտարբերությամբ երեսը դարձրեց Վեքիլյանի կողմը, որ նույնպես խորհրդավոր կերպով ժպտում էր։ Նրանք հայացքներով հաղորդեցին միմյանց իրանց մտքերը, որ միևնույն բանին էր վերաբերվում Դիմաքսյանի դեմքի տգեղությանը։

Այդ օրից երկու շաբաթ անցած՝ Դիմաքսյանը սկսեց այցելել Ներսեսյան դպրոցը ինչպես ուսուցիչ։ Նրա դասերը տևում էին մինչև կեսօրվա մեկ ժամը։ Այնուհետև նա գալիս էր տուն և զբաղվում այլ գործերով։

Ուսուցչական շրջանը նրան ընդունեց արտաքին հարգանքով ներքին նախանձով, որովհետև ամենաառաջին ուսուցիչն էլ նրա մեջ տեսնում էր զորեղ մրցակից։

Նա հետաքրքրվեց յուր պաշտոնակիցների աշխարհայացքով։ Նա գտավ նրանց շրջանում մի քանի համակրելի մարդիկ, մյուսներին չհավանեց և սկսեց բացարձակ վիճել, հակառակել նրանց մտքերին և քարոզել յուր գաղափարները։ Մի ամիս չանցած, ունեցավ մի քանի բարեկամներ և շատ հակառակորդներ։ Ոմանք շրջապատեցին նրան, իսկ ոմանք հեռանալով կազմեցին հակառակ բանակ։ Խաղաղ և ճահճացած շրջանի մեջ ընկավ մի տեսակ շարժում։ Ուսուցչական սենյակի պատերը վկա եղան ջերմ վիճաբանությունների և կատաղի հակաճառությունների։ Տեսուչը, թեև բարձր կրթություն ստացած, բայց հին հայացքների տեր մի մարդ էր։ Փորձված, հմուտ և խորամանկ մեկը, որ կարողացել էր գրավել ուսուցիչների մեծամասնության հարգանքը։ Դիմաքսյանը մոտեցավ նրան, այցելեց մի քանի անգամ նրա տունը և մի օր յուր ընկերների մոտ հետևյալ կարծիքը հայտնեց նրա մասին.

Մեր Համքարյանը այն խրտվիլակներից է, որոնք հեռվից են միայն մարդու նմանվում։

Այս խոսքերը շուտով հասան տեսչի ականջին, և սա վճռեց զգույշ լինել յուր նոր ստորադրյալի հետ։

Մի օր Դիմաքսյանը ուսումնարան մտնելիս հանդիպեց երկու աշակերտների, որ միմյանց հայհոյում էին փողոցային անվայել և կեղտոտ խոսքերով։

Պարոններ, ասաց նա ուսուցչական սենյակով խմբված պաշտոնակիցներին, մեր դպրոցում բարոյական դիսցիպլինա չկա, պետք է այս մասին հոգալ։

Բոլորը զարմացած նայեցին նրա երեսին։ Առաջին անգամն էին լսում այդպիսի պարզ, բայց և անպայման խիստ կարծիք դպրոցի մասին։ Նա պատմեց հայհոյող աշակերտների մասին։

Նա առաջարկեց ընտրել հանձնաժողով, պարտք դնել նրա վրա, որ ուսումնարանական կարգերի մասին կազմի մի նոր ծրագիր։ Այս դպրոցում տիրում է հին հոգի, պետք է ամեն ինչ փոխել, վերանորոգել. պետք է այստեղի օդը մաքրել։

Արդյոք, ինչպե՞ս, հարցրեց տեսուչը նուրբ հեգնական եղանակով:

Այնպես, ինչպես անում են լուսավորված երկրներում քանդելով հինը, շինելով նորը, դուրս վանելով նեխվածը, ընդունելով թարմը և կենդանին։

Մի քանի հակառակորդներ գլուխները կես-ծաղրով և կես-ատելությամբ շարժեցին։ Տեսուչը պատասխանեց.

Սիրում եմ ձեր ֆրազները։

Ես պնդում եմ ընտրել մի հանձնաժողով։

Հետևյալ օրը, երրորդ օրը, մի ամբողջ շաբաթ նա նույնը կրկնեց։ Վերջապես, մեծամասնությունը համաձայնվեց։ Ընտրվեց հինգ հոգուց բաղկացած մի խումբ, որոնց թվում, հարկավ, և՛ Դիմաքսյանը։ Նրան հանձնեցին կազմել մի ծրագիր և ներկայացնել։ Այս առաջարկությունն եղավ Գերմանիայում նոր ավարտած մի մանկավարժի կողմից։ Սա մտքում ծաղրում էր Դիմաքսյանին և ուզում էր «տեսնել, թե ինչ ծրագիր կարող է կազմել մի մարդ, որ ինքը մանկավարժ չէ»:

Be the first who will comment on this

Other parts of "Արսեն Դիմաքսյան"

Yatuk Music
Gayane - Lullaby
Aram Khachatryan

Gayane - Lullaby

Before the dawn. 1971
Before the dawn. 1971
Play Online