Alexander Shirvanzadeh

Արսեն Դիմաքսյան

Երրորդ մաս, X - XII

X

Մի ժամ անցած, երբ արդեն բոլորովին մութն էր, Բարաթյանը աջ ու ձախ նայելով, մտավ Բախտամյանների բնակարանը։ Ոչ ոք նրան չդիմավորեց, ոչ ծառա, ոչ աղախին և ոչ տանտիրուհին։

Դռները բաց էին, ամբողջ տան մեջ տիրում էր անսովոր լռություն։ Կարծես, երեխաներն անգամ այնտեղ չէին։ Մի կանթեղ կիսով չափ լուսավորում էր նախասենյակը։ Առանց վերարկուն հանելու, Բարաթյանը մտավ ներս, անցավ ընդարձակ դահլիճը և գնաց մի ուրիշ սենյակ։ Այստեղ թավշյա բազկաթոռի վրա նստած էր այրիացած տիկին Բախտամյանը, ձեռները կրծքին ծալած և աչքերը դռներին հառած։ Տեսնելով Բարաթյանին, նա հառաչեց, տեղից թեթև շարժվեց, առանց ոտքի կանգնելու: Նա հագած էր սև հագուստ, որ նրա դեմքի գունատությունը ավելի պարզ էր կացուցանում: Նրա նիհարած երեսը, կնճռված ճակատը և սղմված շրթունքները արտահայտում էին սգավոր այրիի բոլոր նշանները։

Նրանք լուռ սեղմեցին միմյանց ձեռը. Բարաթյանը վերարկուն ձգեց անկյունում դրած մի աթոռի վրա և նստեց տիկնոջ հանդեպ՝ գլխարկը ձեռին բռնած, ինչպես կարճ միջոցով եկած մի հյուր։ Տիկինը անսովոր լրջությամբ և սառն եղանակով ասաց, թե Բարաթյանին հրավիրել է մի շատ կարևոր գործի համար։ Նա խնդրեց առայժմ ոչինչ չհարցնել վերջին ժամանակվա պատահած անցքերի մասին. նրանք առանց այն էլ պարզ են Բարաթյանի համար։ Շրթունքները ներքին խռովությունից անխնա կրծոտելով, նա բացատրեց յուր ներկա դրությունը և նկարագրեց յուր կյանքը մռայլ գույներով: Նա սեփական տանը ապրում է ինչպես մի օտարական։ Նրա փողերով նրան ողորմություն են անում, նա յուր գլխի տերը չէ։

Պետք է ինձ օգնես, ավարտեց նա յուր խոսքը, ես ուրիշ հույս չունեմ, բացի քեզանից։

«Դու»-ով խոսելը այս անգամ Բարաթյանին դուր չեկավ։ Նա շտապեց եղանակը փոխել և հարցրեց, թե արդյոք ինչպես կարող է օգնել տիկնոջը։

Պետք է այն ծերունու կտակը քանդել, պատասխանեց այրին վճռողական եղանակով և համառոտ։

Բարաթյանը զարմացած նայեց նրա երեսին։ Նույն վճռողական եղանակով այրին կրկնեց յուր ասածը։ Այո', պետք է Պյոտր Սոլոմոնիչի կտակը անպատճառ քանդել, այստեղ զարմանալու ոչինչ բան չկա, ծերունու խելքը գլխին չի եղել կտակը կազմելիս, նրան խաբել են անաստվածները։

Այդ կրթված ավազակ Վեքիլովը և այն ուղտապան Ամբակում Աֆանասևիչը, երկուսն էլ գող են, սրիկա են, պետք է նրանց դեմ դատ բաց անել։

Ասացեք խնդրեմ, ո՞վ է ձեզ այդ խորհուրդը տվել, հարցրեց Բարաթյանը։

Ոչ ոք, ես ինքս եմ մտածել այս մասին: Իմ դրությունը այնպես է, որ ես ուրիշ միջոց չունիմ այդ խաբեբաներից ազատվելու։ Տասնուչորս տարի շարունակ ես տանջվել եմ, չարչարվել մի «քավթառի» ձեռքին, գերիի պես ծառայել եմ նրան հիվանդ ժամանակ, հազար տեսակ հայհոյանքներ եմ լսել։ Սիրելո՞ւց եմ արել, հա, հա, հա… Միթե այժմ էլ ուրիշնե՞րը պետք է ինձ տանջեն։ Ոչ, ոչ, ես չեմ կարող այս տեսակ անպատվության դիմանալ։ Պետք է կտակը քանդել և ժառանգությանը իմ անունով հաստատվել, որովհետև ես եմ միայն Պյոտր Սոլոմոնիչ Բախտամովի օրինավոր ժառանգը, երեխաները իմն են ոչ թե Վեքիլովինը կամ Սարզափովինը։

Բարաթյանը հանդարտ և անվրդով սկսեց բացատրել, թե մի կտակ, որ կազմված է նոտարի ձեռքով, օրինական կարգով և որ շուտով պետք է հաստատվի կառավարությունից, չի կարելի քանդել։

Ի՞նչ անեմ նոտարիուսի ձեռքով է կազմված, գոչեց այրին զայրացած, նոտարիուսը խոմ թագավոր չէ, որ նրա արածը փոխել չլինի։

Բարաթյանը մի րոպե ընկավ մտատանջության մեջ։ Տիկնոջ դրությունը նրա համար հասկանալի էր, բայց ինչո՞վ կարող է օգնել նրան։ Նա աշխատեց նրան համոզել, որ թողնի յուր վտանգավոր միտքը և համբերությամբ հպատակվի յուր ճակատագրին։ Օրենքի դեմ նրանք ոչինչ չեն կարող անել, բացի իրանց անունը խայտառակելուց։

Դուք ուրեմն վախենում եք խայտառակությունից, ընդհատեց այրին, ավելի ու ավելի զայրանալով, իսկ ես չեմ վախենում։ Այո', ոչ մի բանից չեմ վախենում, որովհետև առանց այդ էլ խայտառակված եմ… հենց ձեր պատճառով…

Բարաթյանը անտարբեր նայում էր վրդովված այրիի երեսին, որի մկանունքները ցնցվում էին ամեն մի բառ արտասանելիս։ Այդ րոպեին նա հանկարծ զգաց մի անբացատրելի ատելություն դեպի այդ կինը, նկատելով նրա ճակատի վրա, բերանի անկյուններում և աչքերի տակերում բարակ խորշեր։ Գեղեցկուհին մի վայրկյան այնքան տգեղացած և ծերացած թվաց նրան, որ նա երեսը մի կողմ դարձրեց յուր վատ տպավորությունը թաքցնելու համար։ Բայց այրին գուշակեց նրա միտքը։ Նրա աչքերը պսպղացին, երևան եկավ բնական կատաղությունը կանացի խայթված ինքնասիրության հետ։

Ահա ինչ մարդ եք եղել, ես չէի իմանում, գոչեց նա, ձեռներով ճանկռոտելով սեղանի սփռոցը, ահա իմ վարձը… վախկո՛տ։

Նա, ատամները կրճտելով, մի կերպ իրան զսպեց, որպեսզի ավելի խիստ ածական չտա այն մարդուն, որին հանձնել էր յուր պատիվը և որից սակայն դեռ հույս ուներ օգնություն ստանալու։ Այնինչ` Բարաթյանը մազաչափ չկորցրեց յուր սառնասրտությունը։ Նա հանդարտ եղանակով շարունակեց բացատրել բոլոր հանգամանքները։ Մարդը սխալական է, տիկինը մոլորվեց, նա ինքն էլ մոլորվեց։ Միթե հենց այս պատճառով նրանք իրենց անունը պետք է թղթախաղի՞ տան։ Եթե առաջարկությունը անիրագործելի չլիներ, նա կընդուներ։ Նա պատրաստ է ամեն բանում օգնել տիկնոջը։ Բայց այս բանում ոչ, չի կարող հակառակ յուր կամքին և ցանկության։

Երևակայեցեք, հանկարծ երկուսս միասին մի օր ներկայանում ենք դատաստանին, ինչպես միևնույն գործի համար համերաշխ ընկերներ։ Ո՞վ եմ ես ձեզ համար, ո՞վ եք դուք ինձ համար։ Օտարներ։ Եթե մեր մեջ կար մի ազգակցական կապ, այն էլ հայտնի է ձեզ, քանդվեց ձեր ամուսնու քրոջ աղջիկը այժմ իմ կինը չէ։ Ուրեմն ի՞նչ եք պահանջում, ասացեք։

Դուք եք ինձ անբախտացնողը, դուք էլ պետք է ազատեք ինձ այս դրությունից:

Բարաթյանը, ուսերը թոթվելով, ժպտաց և կծու հեգնությամբ պատասխանեց.

Երբ երկու մարդ իրանց հաճույքի համար գողանում են ուրիշների պատիվը և իրանք են զրկվում պատվից ոչ մեկը իրավունք չունե մյուսին մեղադրելու։ Մեր մեղքերը հավասար են, երկուսս էլ հանցավոր ենք։ Եթե դուք անբախտ եք, ես էլ շատ բախտավոր չեմ։ Ձեռք վերցնենք միմյանցից, թողնենք մեր սխալները և մեր անունը ազատենք մարդկանց բամբասանքից։

Ազատենք մեր անունը , հա', հա', հա՛, ազատենք, հա', հա' հա…

Եվ այրին մի րոպեաչափ իստերիկական ծիծաղից բազկաթոռի մեջ երերվելով, ձեռներով ճմլում էր բատիստյա թաշկինակը։ Վերջապես, նա մի քիչ խաղաղվեց, նորից կատաղեց և խեղդված ձայնով գոչեց.

Խաբեբա…

Տիկի՛ն…

Արտասանելով վիրավորական բառը, այրին դարձյալ փոխվեց։ Կարծես, նույն վայրկյանին զղջաց, որ այնքան հեռու գնաց։ Նրա շունչը սկսեց սպառվել, կուրծքը ուժգին բարձրացավ, կոկորդի բարակ, կապույտ թափանցիկ երակները փքվեցին։ Նա սկսեց հեկեկալ, արտասանելով. «Ես անբախտ եմ… ես ատելի եմ… խայտառակված…»։

Մի րոպե Բարաթյանը խղճաց այրիին։ Բայց կրկին նայեց նրա երեսին, ձեռների երկար մատներին և նորից ատելությունը շարժվեց նրա սրտում։ Այդ կինը, որ մի ժամանակ այնպես կուրացրել էր նրան, այժմ թվում էր հրող, ատելի և զզվելի մի էակ։

Այրին արտասուքը սրբեց։ Նա այլևս առաջվանը չէր։ Խեղճացած, ընկճված, նա սկսեց աղերսել Բարաթյանին, որ կամ ինքը օգնի կամ որևէ ելք ցույց տա այժմյան դրությունից դուրս գալու։ Նա կվարձատրե նրան առատ ձեռքով, կտա նրան ժառանգության մի մասը, քառորդը, մինչև անգամ ամբողջ կեսը, միայն թե ինքը յուր գլխի տերը լինի։

Մի քանի վայրկյան տիկնոջ խոստացած կաշառը գրավեց Բարաթյանին։ Եթե նրա ձեռքը անցնի Բախտամյանի ժառանգության տասներորդ մասն անգամ, նա կրկնակի կհարստանա։ Նա մտատանջության մեջ ընկավ, տատանվեց, եղավ մի վայրկյան, երբ կամեցավ խոսք տալ այրիին օգնելու։ Բայց նորից հիշեց այն ծանր պատասխանատվությունը, որ պետք է հանձն առներ, նորից պատկերացավ նրա առջև դատաստանի սոսկալի պերսպեկտիվը, հասարակական կարծիքի ճնշող ծանրությունը, և նա ցնցվեց։ Ոչ, ոչ, նա այդ չի կարող անել, վտանգավոր է, փոխանակ շահելու, կարող է կորցնել…

Նա կամացուկ վեր կացավ տեղից և ձեռը հանդարտ մեկնեց տանտիրուհուն, որը յուր կապտած շրթունքները ամուր սեղմելով, նայեց նրա երեսին և նույնպես ոտքի կանգնեց։ Այլևս այրին կասկած չուներ, որ Բարաթյանը բոլորովին սառել է դեպի նա և անկարելի է նրա մեջ գրգռել նախկին զգացումը։ Վայրկենաբար նրա մեջ բորբոքվեց մի ցանկություն փաթաթվել այդ մարդու պարանոցին և խեղդել նրան յուր տարփալից գրկի մեջ։ Բայց պաղսիրտ սիրականի անտարբեր հայացքը բևեռեց նրան տեղն ու տեղը։ Նա կատաղությունից ճանկռտեց յուր երեսը, տեսնելով այդ հայացքի մեջ մի պարզ զզվանք, որ ծայրահեղ հանդգնության և անխղճության էր հասնում։ Նա չգիտեր ինչ աներ, ինչպես պատմեր այդ մարդուն, որպեսզի սա հավիտյան հիշե այդ պատիժը և հավիտյան տանջվի։

Բարաթյանը նույն սառնությունը երեսին գլուխ տվեց, վերցրեց վերարկուն և դիմեց դեպի դռները։ Ա՛ա, ուրեմն ոչ մի խոսք, ոչ մի բացատրություն, ոչ մի իրողություն։ Նա գնո՞ւմ է, և երբեք չպի՞տի վերադառնա։ Այրին մի քանի քայլ արեց նրա հետևից և հանկարծ կանգ առավ, մտածեց, նորից առաջ գնաց։ Նա վազեց մյուս սենյակ և, Բարաթյանի ճանապարհը կտրելով, գոչեց.

Կա՛ց…

Այն վայրկյանին, երբ Բարաթյանը նայեց այրիի այլայլված դեմքին, կիսախավար սենյակի լռության մեջ լսվեց մի ամուր ապտակի ձայն։

Այժմ կորի՛ր…

Բարաթյանը ոչ մի խոսք չարտասանեց, ոչ մի ձայն չհանեց։ Միայն բնազդմամբ նայեց շուրջը և գդակը հագնելով շտապեց դեպի դուրս։ Ընդարձակ մարմարյա սանդուղքի վրա նրա արյունը խփեց գլխին, երբ յուր աջ այտի վրա զգաց մի տաքություն։ Մի՞թե նա այնքան ընկավ, ստորացավ… Վերադառնա՞լ արդյոք, պատժի փոխարենը հատուցանե՞լ։ Բայց ո՞ւմ։ Մի հուսախափված, մի անբախտ կնոջ, որ կրքերից կուրացած ինքն էլ չիմացավ ինչ արեց: Ոչ, չպիտի իզուր տեղը աղմուկ հանել։ Կանցնի, կմոռացվի, ինչպես ամեն բան անցնում է և մոռացվում աշխարհի երեսին…

Եվ յուր հուզմունքը խեղդելու համար նա վառեց մի ծխախոտ, սկսեց արագ-արագ ծխել: Նա նստեց առաջին պատահած կառքը և կառապանին հրամայեց քշել հեռու, հեռու, թեկուզ քաղաքից դուրս։ Պետք է մի փոքր զբոսնել, հանգստանալ, ցրել ծանր մտքերը։

Մի ժամ անցած նա մտավ կլուբ։ Նա ձգեց վերարկուն սպասավորի վրա, շտապով մոտեցավ հայելուն իբրև թե փողկապը ուղղելու համար։ Ապտակի ոչ մի հետք, ոչ մի նշան չի մնացել նրա կլորիկ, մսալի երեսի վրա։ Նա կարող է ապահով երևալ մարդկանց մեջ։ Նա հանդարտ քայլերով բարձրացավ սանդուղքով և սովորական քաղցր ժպիտը երեսին բարևեց յուր ծանոթներին ու բարեկամներին։

XI

Գարնան առաջին օրերը հասնելուն պես Դիմաքսյանի գլխում միտք հղացավ թողնել ամեն ինչ և հեռանալ մի որևէ տեղ։ Նա տեսնում էր, որ քանի հասարակությունը սկսել է կասկածով նայել նրա վրա ոչ մի գործի չի կարող ձեռնարկել և քանի Գայանեի պատկերը հալածում է նրան ոչ մի բանի մասին հանգիստ և լուրջ մտածել չի կարող։

Մինչդեռ անգործությունը գրգռում էր նրա նյարդերը և ավելի հիվանդացնում։ Մանավանդ վրդովվում էր նա, մտածելով, թե որքան անզոր է յուր սրտի մի զգացումը զսպելու խելքի ուժով։ Ինչո՞ւ, մի՞թե նա այնքան տկար է, որ չի կարող բռնանալ յուր հոգու վրա, կեղծել, ստել և բուռն սիրով տոգորված մարդու փոխարեն հարգող բարեկամ ձևանալ, կամ ոչ այս լինել, ոչ այն։

Սկզբում նա մտածեց ուղևորվել Եվրոպա, և այն մտքով, որ այլևս այնտեղից չվերադառնա։ Նա ազատ է, անկախ, մենակ և նյութապես ապահով։ Կգնա մի որևէ քաղաքակիրթ երկիր, կսկսի պարապվել գիտություններով և մի ազգի համար աշխատելու փոխարեն կաշխատի ամբողջ մարդկության օգտին։ Ի՛նչ նախապաշարմունք՝ ծառայել անպատճառ այն հասարակության, որին բախտի բերմամբ պատկանում ես։ ՉԷ՞ որ այս հասարակությունն էլ ամբողջի մասնիկն է, չէ՞ որ ամեն մի անհատ նախ յուր ընտանիքի անդամն է, ապա յուր ժողովրդի, ապա մարդկության։ Եթե ազգի համար ներելի է մոռանալ ծնողներ, ընտանիք, ինչո՞ւ ներելի չէ մոռանալ և՛ ազգին, այդ փոքրիկ մասնավորին, խոշոր ընդհանուրի համար։ Միթե մարդը մարդ չի՞ մնում ամեն մի շրջանում, միթե մի հողից մյուսը տեղափոխվելով զրկվո՞ւմ է յուր արժանավորություններից։

«Կթողնեմ այս տգետ, խավար շրջանը և ինձ համար կընտրեմ մի առողջարար և կենսատու շրջան, ուր կարող եմ ազատ շնչել, գործել և գնահատվել...»։

Այսպես էր մտածում նա սկզբում։ Բայց շուտով նրա գլխում ծագեցին ուրիշ մտքեր, որ եկան հերքելու և ոչնչացնելու այդ բոլորը։ Նա տեսավ, որ յուր դատողությունները հիմնում է մի տեսակ սոփեստության վրա։ Նա զգաց, որ կամենալով փախչել մայրենի շրջանից, աշխատում է ոչ միայն յուր փախուստը արդարացնել շաբլոնական գաղափարներով, այլև նրանից ստեղծել մի ինչ-որ բարոյական սկզբունք։

Չէ՞ որ առաջ հենց ինքը պնդում էր, թե առանց մասնավորի չկա ընդհանուր երջանկություն։ Միթե տմարդություն չի՞ լինիլ թողնել մի անբախտ ժողովուրդ, երես դարձնել նրանից, և ինչո՞ւ։ Այն պատճառով, որ այդ ժողովրդի դեմքը տգե՞ղ է, այլանդա՞կ, դարերի ընթացքում կրած զրկանքներից աղավաղվա՞ծ։ Եվ ո՞ր խելացի օտարը գրկաբաց կընդունի յուր հարազատ շրջանից փախած մարդուն. ո՞վ կարդարացնի այն որդուն, որ յուր քաղցած, հիվանդ հորը երեսի վրա ձգելով, կգնա սպասավորելու մի հարուստ ազգականի, որ իսկի կարոտ էլ չէ նրա օգնությանը։

«Վերջապես, ես ի՞նչ մեծ տառապանք քաշեցի, որ այսպես վհատվում եմ։ Ծիծաղելի չի՞ լինիլ արդյոք ինքս ինձ նահատակ համարեմ այն ժամանակ, երբ իմ գլուխը դեռ շատ և շատ հեռու է փշյա պսակին արժանանալուց...»։

Կապեցին նրա ճանապարհը այստեղ, մի ուրիշ տեղ ճանապարհ կգտնի։ Միայն նեխված ճահիճն է մնում միևնույն փոսի մեջ անշարժ, ընթացող ջուրը միշտ յուր համար ելք է գտնում։

Մինչ այս խորհրդածությունները պաշարել էին նրան, գարձյալ Գայանեի պատկերը չէր հեռանում նրա աչքի առջևից։

Մի օր ճաշից հետո նա դուրս եկավ զբոսնելու։ Նա դիմեց դեպի քաղաքից դուրս գտնվող մի բարձրավանդակ, ուր մի նեղ ուղի տանում էր շրջակա լեռներից մեկը։ Նա դանդաղ քայլերով բարձրանում էր այդ ուղիով դեպի վեր, երբ հետևից լսեց յուր անունը։ Նա հետ նայեց և տեսավ, որ բժիշկ Սալամբեկյանը յուր ամուսնու հետ թև թևի տված բարձրանում է նույն ճանապարհով։ Սպասեց և միացավ նրանց։ Հասնելով մի փոքրիկ տափարակի, տիկին Սալամբեկյանը բաց թողեց յուր ամուսնու թևը և հոգնած նստեց մի մամռապատ քարի վրա։

Նրանց աչքի առջև տարածված էր մի գեղեցիկ տեսարան։ Ամբողջ քաղաքը երևում էր ներքևում ինչպես մի սիրուն պանորամա, որին մի առանձին կենդանություն էր տալիս դեղնագույն Քուռի օղակ-օղակ ընթացքը։

Ես այստեղից մեր տունը տեսնում եմ, ընդհատեց լռությունը տիկին Սալամբեկյանը, ահա մեր պատշգամբը, այն կանաչ կտուրի տակ։ Կարող եմ երդվել, որ այնտեղ կանգնած է Գայանեն։ Ահա նա շարժվեց։ Այն մյուսն էլ, երևի, Օվսաննան է։ Ինչքան խնդրեցի, Գայանեն չուզեց մեզ հետ գալ։ Տխուր է, միշտ տխուր, խեղճ կին...

Վերջին բառերը տիկինը արտասանեց հազիվ լսելի ձայնով և հառաչեց։ Դիմաքսյանը հայացքը հառել էր դեպի հեռու։ Նրա մտքերը վայրկենաբար թռան ահա այնտեղ, ուր հազիվ նշմարվում էր Գայանեի անորոշ կերպարանքը։ Նա չլսեց, երբ բժիշկը առաջարկեց մի փոքր ևս դեպի վեր բարձրանալ։ Երբ սթափվեց, բախտավոր զույգն արդեն բավական հեռացել էր։ Նա շտապեց հասնել նրանց և, յուր հուզմունքը թաքցնելու համար, սկսեց խոսել առօրյա բաների մասին։

Մի ժամի չափ նրանք բարձրավանդակի վրա այս ու այն կողմ սպանելուց և շրջակայքը դիտելուց հետո ցած եկան մի ուրիշ ուղիով, Տիկին Սալամբեկյանը հրավիրեց Դիմաքսյանին թեյի, բժիշկը թախանձեց, և նա հրավերը ընդունեց։

Երբ նրանք ներս մտան, Գայանեն դեռ կանգնած էր պատշգամբի վրա ձեռին մի հեռադիտակ բռնած։ Նա ասաց, թե հեռվից դիտում էր Սալամբեկյաններին և նկատեց, որ մի երրորդ անձ մոտեցավ նրանց։ Օվսաննան բժշկին տվեց մի այցետոմս, ասելով, թե կես ժամ առաջ մի անծանոթ մարդ բերեց։

Իմ հիվանդներից մեկն է ուղարկել, ասաց բժիշկը և շտապեց գնալ, խնդրելով Դիմաքսյանին, որ նա մնա մինչև յուր վերադարձը։

Օրը մթնում էր, արևը արդեն մայր էր մտել և նրա վերջին ճառագայթները անդրադառնում էին երկնակամարի վրա։ Ընդարձակ և մաքուր բակում տարածվել էր մեղմ իրիկնային զովը։ Օվսաննան, տիկին Սալամբեկյանը, Գայանեն և Դիմաքսյանը նստած էին պատշգամբի վրա՝ մի փոքրիկ շրջան կազմած։ Գայանեն պատասխանում էր Դիմաքսյանի հարցերին յուր ուսումնարանի մասին։ Նա արդեն թույլտվություն էր ստացել և առաջիկա աշնանը պետք է գործը սկսեր։ Վճռել էր ուսումնարանը բաց անել քաղաքի աղքատ թաղերից մեկում, մի եկեղեցու գավթում, չքավոր դասի աղջկանց համար։ Դպրոցի շինությունը պատրաստ էր, հարկավոր էր միայն մի փոքր նրան վերանորոգել։ Ուսումը պետք է ավանդվեր ձրի։ Ինքը Գայանեն պեաք է հանձն առներ ուսուցչուհիներից մեկի պաշտոնը։ Նա ասում էր, թե գիմնազիոնում ուսածից շատ բան մոռացել է և պետք է ամառվա ընթացքում պարապվի մոռացածները հիշելու համար։

Դիմաքսյանը թեև խոսակցում էր նույն բանի մասին, բայց միտքը շատ հեռու էր խոսակցության նյութից, և կարելի էր կարծել, որ նա ձանձրանում է։

Տիկին Սալամբեկյանը գնաց յուր գիշերօթիկ սաներին նայելու։ Օվսաննան հետևեց նրան, որ աղախնին հրամայե սամովարը դնելու։

Գայանեն և Դիմաքսյանը մնացին դեմուդեմ մենակ։ Բակի մի անկյունում փայլեց մի դեղնագույն բան և ծառայի վառած լապտերի շողքերը տարածվեցին կարմիր աղյուսի փոշիով հարթած գետնի վրա։

Մի ինչ-որ ծանր, բայց ախորժելի զգացում տիրեց Դիմաքսյանի սրտին։ Ուրախություն էր այդ, թե թախիծ չգիտեր։ Մերթ նայում էր Գայանեի կիսով չափ լուսավորված դեմքին, մերթ դեպի բակը։ Երբեմն աջ ձեռով սեղմում էր յուր ճակատը, կարծես, յուր գլխից մի միտք հեռացնելու համար։

Գայանեն խոսում էր միայն լուռ չմնալու համար եղանակի զովության, անցած ձմեռվա ցրտերի, առաջիկա շոգերի մասին։

Դիմաքսյանը նրա ոչ մի խոսքը անուշադիր չէր թողնում, բայց և ոչ մի խոսքով չէր հետաքրքրվում։ Նա զգում էր, որ փոքր առ փոքր կորցնում է յուր սառնությունը։ Նա ցանկանում էր շուտով տիկին Սալամբեկյանը կամ Օվսաննան դուրս գային պատշգամբ, բայց միևնույն ժամանակ, ուրախ էր, որ ոչ մեկը դեռ չի երևում։

Մի վայրկյան նա ուզեց տեղից վեր կենալ, հրաժեշտ տալ, հեռանալ և, կարծես, փախչել մի նախազգուշացվող վտանգից։ Բայց մի ուրիշ զգացում նրան բևեռել էր աթոռի վրա և չէր թողնում տեղից շարժվել։ Նրա սիրտը սկսեց արագ բաբախել և հազիվ կարողանում էր զսպել իրան, որպեսզի չարտահայտի այն, ինչ որ անհաղթելի ուժով ձգտում էր ինքն իրան արտահայտելու։

Նա նկատեց, որ Գայանեն ուզում է վեր կենալ, կամ գուցե այսպես թվաց նրան։ Նա ինքը ոտքի կանգնեց, չգիտեր ինչու համար, և բնազդումով նայեց չորս կողմ։ Ոչ ոք չկար, ոչ մի ձայն չէր լսվում կամ գոնե նա ինքը չէր լսում, բացի յուր սրտի բաբախումից, որ քանի գնում այնքան սաստկանում էր։

Եղանակը ցրտանում է, դուք չե՞ք մրսիլ, ասաց նա և իսկույն փոշմանեց, որ ասաց, որովհետև ինքն յուր ձայնի մեջ զգաց կեղծ, անախորժ հնչյուն։

Գայանեն պատասխանեց, թե այո՛, եղանակը ցրտեց և պետք է ներս գնալ։ Եվ նա կամենում էր ոտքի կանգնեք, երբ լսեց. Oo՜, ի՛նչքան դժվար է, ի՛նչքան դժվար...

Այս խոսքերը Դիմաքսյանը արտասանեց ցածր, հազիվ լսելի ձայնով, կարծես, ակամա։ Բայց և այնպես նրանք շատ պարզ, շատ որոշ հասան Գայանեի ականջին։

Դիմաքսյանը աչքերը ծածկեց ամոթից և նույն վայրկյանին իսկույն գլուխը բարձրացրեց։ Նա կրկին նստել էր, այժմ նորից ոտքի կանգնեց, և նրանց աչքերը կիսախավարի մեջ հանդիպեցին միմյանց։

Անվանեցեք ինձ ինչպես կամենում եք, բայց ես այլևս չեմ կարող պահել իմ խոսքը... Բարեկա՞մ մնալ... Ոչ, եթե ես կարողանայի արտահայտել իմ զգացածը, կտեսնեիք, որ անհնարին է, դժվար է դիմանալ... Միթե ամեն բան ձեզ հայտնի՞ չէ, միթե չե՞ք տեսնում, ինչպես տանջվում եմ ես...

Կասկած չկար, որ Գայանեն եթե մինչև այժմ չէր զգացել, այժմ ամեն ինչ հասկացավ։ Ավելի ոչինչ չկարողացավ արտասանել Դիմաքսյանը։ Ներսից, կարծես, մի բան խեղդում էր նրա կոկորդը։ Իսկ Գայանեն, որ ուզում էր գնալ, դեռ անշարժ կանգնած էր նրա առջև։ Նայելով չորս կողմ նա շփոթված արտասանեց.

Ի՞նչ պատահեց ձեզ… Ես չէի սպասում ձեզանից այդչափ թուլություն։ Հարգեցե՛ք ձեզ… ուշքի եկեք…

Նա սկսեց դողալ ինքն էլ չգիտեր ինչու երկյուղից, ամոթից, թե՞ մի ուրիշ ավելի զորավոր զգացումից։ Երբ նա տեսավ, որ Դիմաքսյանը լուռ է, կարծեց, թե նա ուզում է բացատրել յուր սիրտը ավելի պարզ։ Այժմ նա չգիտեր ինչ անել, գնա՞լ, թե՞ մնալ։ Զգում էր միայն, որ յուր գնալը պետք է հավիտյան վիրավորե Դիմաքսյանին, այն մարդուն, որի ազնվության մասին րոպե անգամ չէր կասկածել, չէր կասկածում և՛ այժմ, այդ վայրկյանին։

Դիմաքսյանը մի քայլ հետ կանգնեց, յուր սրտում զգալով մի սուր ցավ։ Այն լուռ տեսարանը, որ տեղի ուներ, ավելի քան պերճախոս կերպով պարզեց նրա համար ամեն բան։ Նա տեսնում էր յուր և Գայանեի մեջ մի հսկայական պատնեշ, որի առջև ինքը տկար էր, անզոր բոլոր յուր զգացումներով հանդերձ։ Այդ կինը սարսափում է և ամաչում յուր դրությունից։ Հանդգնե՞լ արդյոք ավելի առաջ գնալու, թե՞ կանգ առնել և ամեն բան վերջացած համարել։

Եվ մինչ նա այս տատանման մեջ էր, տեսավ, որ Գայանեն հանդարտ քայլերով հեռանում է: Հետևե՞լ նրան, ներողությո՞ւն խնդրել, բացատրե՞լ, որ մոլորվեց, կուրացավ, չպիտի աներ։ Ո՛չ, ինչո՞ւ կեղծել և ստել, ինչո՞ւ խաբել և մի ուրիշ ավելի վատ, սխալ գործել։ Վերջապես, արդեն ուշ է, ահա Գայանեն գնաց, մտավ իր սենյակը և դռները հետևից ծածկեց…

Նա դողում էր ոտից մինչև գլուխ։ Խելքը պղտորված, շշկլված, նա կանգնած էր, գլուխը երկու ձեռներով ամուր բռնած, այնքան ամուր, որ կարծես վախենում էր, թե նա կարող է անջատվել ուսերից և թավալվել պատշգամբի վրա։ Նա մեջքը հենեց վանդակապատին։ Ներսից ոչ մի ձայն չէր լսվում։ Կայծակի պես մի բան փայլեց, հետո լուսամուտների մթին ապակիները դեղնեցին։ Դա տիկին Սալամբեկյանը կանթեղ է վառում սեղանատանը։ Անշուշտ նա իսկույն դուրս կգա հյուրին թեյի հրավիրելու։ Երևա՞լ արդյոք նրա աչքին։ Ոչ, անկարելի է, պետք է հեռանալ, առանց նրան տեսնելու, թող այդ լինի անքաղաքավարություն, փույթ չէ, բայց պետք է հեռանալ...

Վերջացավ ամեն ինչ, ուրեմն այլևս հույս չկա։

Ինքն յուր աչքում ընկճված, գրեթե ոչնչացած, նա կառքի մի անկյունում սեղմվել էր այնպես, որ ոչ ոքին չերևա։ Չնայելով երեկոյան բավական թանձր մթանը, նրան թվում էր, որ չորս կողմից ինքը լուսավորված է պայծառ էլեկտրական լույսով և ամենքը տեսնում են նրան։ Անաջողությունը դրոշմված է նրա կերպարանքին, բոլոր անցորդները տեսնում են այդ, խղճում են ու ծաղրում նրան։

XII


Մի քանի րոպե նա լուռ անցուդարձ էր անում յուր մթին սենյակում։ Ներս մտավ Սիրականը և, վառ կանթեղը դնելով սեղանի վրա, մի քանի քայլ հետ քաշվեց, սկսեց դիտել նրան։ Նա իսկույն հասկացավ, որ էլի մի բան է պատահել յուր պարոնին։ Դիմաքսյանը հրամայեց նրան դուրս գնալ, նա ուզեց մենակ մնալ։ Ծառան անցավ նախասենյակ և դարձյալ կանգնեց դռների հետևում, որ տեսնե, ինչ պիտի անի յուր պարոնը։

Դիմաքսյանը թուլացած ընկղմվեց աթոռի վրա, երեսը ձեռներով ծածկեց, գլուխը դրեց սեղանին։ Նրա սիրտը լցվել էր, նա ուզում էր լաց լինել, այո՛, հեկեկալ ինչպես մի երեխա։ Բայց նա ճիգն արեց յուր դառն հեկեկանքը զսպելու, և զսպեց։ Արտասուքը չի կարող թեթևացնել նրա սիրտը։ Նա զգում էր իրան կյանքից անջատված, մի դատարկ տարածության մեջ, անհեն, անմխիթար։ Նրա շուրջը տիրում է մեռցնող ցրտություն, և չկա մեկը, որ փարատե այդ ցրտությունը։

Նա հիշեց Մսերյանին, նրա անկեղծ ընկերական համակրությունը։ Շատ անգամ է այդ մարդը մխիթարել նրան և պահպանել հոգեկան դառնությունների ժամանակ յուր խրախուսիչ խոսքերով։ Այժմ նա էլ չի կարող օգնել։ Հարկավոր է ավելի ջերմ, ավելի քնքուշ սիրտ, ոչ մխիթարելու, այլև նրա հետ դառնանալու, նրա վշտին վշտակից լինելու համար։

Ո՞րտեղ գտնել մի այդպիսի սիրտ։ Ա՜խ, որքան նա այդ ժամին կկամենար յուր մոտ տեսնել այն միակ էակին, որին ոչ ոք չի կարող փոխարինել, ո՛չ ընկեր, ո՛չ բարեկամ, որի սերը որքան անկաշառ է, այնքան անսպառելի է, անհուն և ջերմ։ Նա յուր որդու դեմքի մի թեթև արտահայտությունից, կրծքից դուրս եկած մի թույլ հառաչանքից կհասկանար նրա բոլոր ցավերը։ Յուր մայրական վշտակցությամբ կպահպաներ նրա հուսահատ հոգու մեջ կենսական ջերմություն։ Նա կասեր, «Ապրիր առանց սիրվելու, որովհետև այդ հնարավոր է, և ես ապրեցի ոչ միայն չսիրված, այլև ամբողջ կյանքիս ընթացքում տանջվելով»։ Կասեր. «Մի՛ սպասիր կնոջ կողմից սեր, որովհետև եթե աշխարհի երեսին կա իսկական սեր դա մայրական սերն է և միայն մայրը կարող է անկեղծ սիրել յուր զավակին, ուրիշ ոչ ոք, ոչ ոք...»։

«Ես հիշում եմ, նա ինչպես փայփայում էր ինձ և ինչ նուրբ զգացողությամբ էր արտահայտում յուր սերը, երբ ես մի թեթև դառնություն էի ունենում։ Ահա քո դալկահար դեմքը, որի վրա պարզ նկարված են քո սրտի բոլոր ելևէջները։ Տեսնում եմ քեզ, տեսնում եմ, գլուխդ ուսիդ ծռած մտիկ ես անում որդուդ, ուզում ես գուշակել իմ միտքը։ Ի՞նչ, միթե դու ա՞յժմ էլ զգում ես հավիտենականության մեջ... Ցնո՞րք, ցնորք...»։

Եվ Դիմաքսյանի հայացքը կենտրոնացել էր անորոշ տարածության մեջ, և այդ րոպեին կենդանացել էին նրա աչքի առջև ամբողջ մանկությունն ու պատանեկությունը, և այդ հեռու, վաղուց մոռացված անցյալի մեջ նշմարում էր յուր մոր պատկերը։

Նրա աչքերը պղտորվեցին և գրեթե ոչինչ չէր տեսնում, բացի այդ պատկերից, որ նրա աչքի առջև կենդանացել էր գրգռված երևակայության զորությամբ։ Նա զգաց յուր ուղեղի մեջ մի տարօրինակ ցավ։ Նա բռնեց երկու ձեռներով գլուխը և մոտեցավ անկողնակալին։ Այստեղ նրա մտքով անցավ մի դեպք, որ վաղուց կարդացել էր եվրոպական լրագիրներում։ Շվեյցարիայի մի քաղաքում կյանքից ձանձրացած մի մարդ վճռել էր ինքնասպանություն գործել։ Երեք անգամ նա փորձել էր վերջ տալ յուր կյանքին, և ամեն անգամ փորձը անհաջող էր անցել: Երկու անգամ նա ատրճանակ էր արձակել և միայն թեթև վերք էր ստացել։ Նա ձգել էր իրան մի լճի մեջ նավավարները ազատել էին։ Վերջապես, նա փակվել էր յուր սենյակում, դռները կողպել էր և թույն ընդունել:

«Ո՛չ, ես այդպես չեմ անիլ», ասաց նա, ձեռը մեկնեց բարձի տակ և այնտեղից հանեց մի փոքրիկ, պսպղուն և ծանր առարկա։

Նրա դեմքի կնճիռները բացվեցին։ Ահա որտեղ է նրա փրկությունը, ահա ինչու գրկաբաց սպասում է նրան յուր մայրը։ Աներկյուղ ձեռի մի հաջող հարված, և նա անցնելով Ռուբիկոնը, կհասնի անզգայության աշխարհը, ուր չկա ո՛չ տանջանք, ո՛չ երջանկության փափագ, ո՛չ նախանձ, ո՛չ փառասիրություն, ոչինչ, ոչինչ... Ինչո՞ւ երկար մտածել, միթե ամենքի վերջը ա՞յդ չէ, սկսած Ալեքսանդր Մակեդոնացուց մինչև ամենահետին անբախտը։ Տանջվել, հալածվել, չարչարվել և ինչո՞ւ, միմիայն մի անու՞ն թողնելու համար։ Չէ՞ որ այդ անունը որքան բարձր հնչի, որքան հմայիչ լինի ամբոխի համար, դարձյալ վերջը պետք է մոռացվի։

Նա մոլոր քայլերով անցուդարձ էր անում, բռունցքի մեջ ավելի ու ավելի ամուր սեղմելով փոքրիկ զենքի կոթը։ Մի վճռական շարժում անելով, նա նստեց սեղանի մոտ, վերցրեց գրիչը: Հարկավոր է վերջին քաղաքացիական մի պարտք կատարել գրել մի քանի տող, որ ոչ ոք կասկածի տակ չընկնի։ Բայց առաջին բառը չգրած, նա հանկարծ ցնցվեց ամբողջ մարմնով, դողաց. գրիչը ընկավ նրա ձեռքից և մարմնով անցավ մի տարօրինակ սառնություն։ Մի՞թե նա վախեցավ, մի՞թե այնքան թուլասիրտ է, երկչոտ։ Նա դարձյալ վերցրեց գրիչը: Մարմնի սառնությունը անցավ ուղեղին և վայրկենաբար փարատեց այնտեղ տիրած խավարը։ Նա աչքերը ծածկեց ձեռներով, և երևակայությունը դարձյալ պատկերացրեց յուր մոր հեզ կերպարանքը։ Այժմ դա մի լուսավոր կետ էր, որ քաշում էր նրան դեպի ինքը, աշխատելով դուրս բերել նրան սոսկալի խավարից, հեռացնել յուր ոտների տակ բացված անդնդից։

«Մա՛յր, մա՛յր, դու դժգոհ ես քո որդուց, որ այսպես հուսահատվում է, դու չես կանչում նրան քեզ մոտ, այլ խրախուսում ես այնտեղից, դու կանիծես նրան, եթե յուր վրա ձեռք բարձրացնի։ Իսկ քույրերը, ինչո՞ւ այդպես անգութ վարվի նրանց հետ, ինչո՞ւ ձգի նրանց անվերջ վշտի մեջ… Ի՛նչ անմտություն, ի՛նչ երեխայություն։ Ինչո՞ւ համար մեռնել։ Որ թշնամիները ուրախանան և ավելի ծաղրեն նրան, որ բարեկամները համոզվե՞ն, վերջապես, թե նա իրավ խելագար էր…»:

Նա ատրճանակը ձեռով հրեց սեղանի մի անկյունը և նորից ոտքի կանգնեց միանգամայն փոխված, վերակենդանացած։ Նրան թվաց, որ մեռած էր, այժմ կյանք ստացավ, որ նրա առջև հանկարծակի բացվել էր մի մթին գերեզման և նույնպես հանկարծակի ծածկվեց։ Մի ձեռք զգուշությամբ սեղանի վրայից վերցրեց ատրճանակը։ Նա նայեց և տեսավ Սիրականին, որ կես-երկյուղած և կես-կասկածելի դեմքով կանգնած էր նրա առջև։

Դու ի՛նչ գործ ունիս այստեղ։ Սիրականը ատրճանակը թաքցրեց յուր գրպանում և լուռ մտիկ տվեց նրա երեսին։

Ի՞նչ ես ուզում ինձանից, կրկնեց Դիմաքսյանը, ինչո՞ւ մտար այստեղ։ Դու ինձ հարկավոր չես, թո՛ղ ինձ հանգիստ, գնա՛...

Մի աղաչանք ունիմ, խոսեց ծառան անվստահ ձայնով։

Նրա նշաձև աչքը փակվեց, իսկ կոլորակը մնաց անշարժ։ Դա նշան էր, որ նա մտադիր էր երկար խոսելու։

Ասա՛ տեսնեմ, ինչ է աղաչանքդ, ասաց Դիմաքսյանը, նստելով սեղանի մոտ։

Աղա ջան, մայրս մեր գյուղում հեքիմ էր, անվանի հեքիմ։ Տարին տասներկու ամիս նա աղոթք էր անում, պաս էր պահում, շաբաթներով էլ ծոմ էր մնում, չունքի, օրհնյալ եղիցի կամք աստուծո, ընկնավոր էր... Բոլոր սրբերի անունով ջոկ-ջոկ աղոթքներ ուներ։ Մեղա քեզ, մեղա քեզ, չարը պատահելիս, տեսնում էիր ընկավ, բերանը փրփրեց, աչքերը բացվեցին, սկսեցին սադայելի հետ կռիվ անել։ Այդ ժամանակ սրբերը սկսում էին նրա բերանով խոսել... Մի անգամ, ժամաժամքին, մութը նոր ընկնելիս, լուսահոգին թոնրատան առաջ բռնվեց, ընկավ երեսը դեպի աղոթարան։ Ես տասը տարեկան էի, աչքովս տեսա։ Նա բերանը բաց արեց, ասաց. «Աղոթք արեք, տեսնում եմ քամբախտություն է գալիս, աղոթք արեք, ոչխար մորթեցեք, մոմ վառեցեք»... Չորս օր անցած, աղոթարանից բարձրացավ մի քամի, անձրև բռնեց։ Սկսվեց մի կարկուտ, տեր, դու ցույց չտաս, հատը հավի ձվի չափ։ Տասնուչորս գյուղերի հասած հունձքը կոտրեց, նստեցրեց, փչացրեց, սով ընկավ...

Դիմաքսյանը ակամա հետաքրքրվել էր այս պատմությունով և լսում էր ծառային, առանց ընդհատելու նրա խոսքը։ Նա գիտեր, որ Սիրականը անշուշտ մի նպատակով է այդ պատմում, և հենց այդ նպատակը իմանալու համար նա համբերությամբ ականջ էր դնում նրան։

Շինականները մորս պաշտում էին, չունքի լուսահոգին սուրբ Գևորգի «ղուլն» էր։ Սուրբը նրա ձախ ոտի աջ ձեռի վրա մոր արգանդում նշաններ էր դրել, մեկը տերևի նման, մյուսը թռչնի պես։ Սուրբի գերեզմանի հողը պահում էր մեր թոնրատանը, գիշեր-ցերեկ նրա առաջ մոմ էր վառում... Քանի-քանի հիվանդներ է փրկել, որին աչքացավից, որին գլխացավից, որին ոսկրացավից, որին էլ յարափարաներից։ Աղա, ես էլ ընկնավոր եմ։

Դո՞ւ, հարցրեց Դիմաքսյանը զարմացած և ցավակցաբար։

Վա՛յ ինձ, վա՛յ ինձ, ես սուրբի «ղուլ» չեմ, ես մարգարեություն չեմ անում, բայց ընկնավոր եմ։ Հենց որ առաջին փորձանքը գլխիս հասավ, մայրս տնից տուն ման եկավ, կոպեկ-կոպեկ փող հավաքեց, շորեր հավաքեց, տվեց ինձ ու ասաց. «Գնա՛, Սիրական, գնա՛, բոլոր սրբերին ուխտ արա, գերեզմանների հողը լիզիր, եթե մեկը չփրկի, մյուսը կփրկի...»: Գնացի, աղա ջան, քսան տարեկան էի, գնացի, երկու տարի ոտով թափառեցի Գյանջա, Ղարաբաղ, Պարսկաստան, Տաճկաստան, որտեղ որ հայ քրիստոնեի սուրբ կա, գերեզմանին երկրպագություն տվեցի...

Լավացա՞ր։

Լավացել էի, մեռնեմ նրանց սուրբ աջին, բայց հետո մեղքերս երևի էլի շատացան, էլի «չարը» մտավ հոգիս։ Այժմ տարենը մեկ կամ երկու անգամ փորձում է։ Սրանից երեք ամիս առաջ Սալդատսկի բազարում ընկա, գարադավոյը բերեց տուն։ Կինտոները գրպանիցս տասը մանեթ էին հանել...

Դիմաքսյանը անկեղծ ցավակցեց Սիրականին, որի անբուժելի հիվանդության մասին առաջին անգամն էր լսում։

Լա՛վ, Սիրական, ասաց նա բարեկամաբար, այժմ ի՞նչ ես ուզում ինձանից։

Աղաչանք ունիմ, մեծ աղաչանք, պատասխանեց Սիրականն այժմ ավելի վստահացած։

Աղա, դու ինձ լավություն շատ ես արել, էհ, ես ինչո՞վ կարող եմ պարտքս վճարել։ Ես էլ ուզում եմ քեզ տալ ինչ որ ունիմ...

Նա ձեռը տարավ ծոցը և այնտեղից հանեց մի բան։

Այս պստիկ կապոցը մորս թանկագին կտակն է, տալիս եմ քեզ, աղա, իմ խաթրու վզիցդ քաշ տուր:

Նա ջերմեռանդորեն համբուրեց ձեռի բանը։ Դա կապտագույն կտորից կարած մի եռանկյունի կապոց էր լուցկիի տուփից քիչ փոքր:

Այդ ի՞նչ է։

Սուրբ Գևորգի մարմնի փոշին է, չարը խափանելու համար, շատ թանկ բան է...

Դիմաքսյանը գլուխը ներողամտաբար շարժելով, բարեկամական հանդիմանությամբ ասաց.

Սիրական, դո՞ւ էլ ուրիշների պես հավատացած ես, որ ես խելագարվել եմ։

Սիրականն ամաչելով գլուխը թեքեց կրծքին։ Պարզ էր, որ նա հավատում էր տարածված լուրին։ Հետաքրքրական էր Դիմաքսյանի համար իմանալ՝ ի՞նչ փաստերի հիման վրա է այդ մարդը նրան խելագար համարում։

Ասա՛ ինձ, Սիրական, տեսե՞լ ես ինձ գժություն անելիս։

Սիրականն աշխատեց խույս տալ ուղիղ պատասխանից։ Բայց երբ Դիմաքսյանը ստիպեց, նրա շրթունքները սեղմվեցին, շիլ աչքերի մեջ երևաց մի խորին ցավակցության արտահայտություն։ Նա պատմեց մի քանի բաներ, որ նկատել էր Դիմաքսյանի կողմից և որ երբեմն վախեցրել էին նրան։ Օրինակ, մենակ ժամանակ նա ինքն յուր հետ շատ անգամ խոսում է, զանազան շարժումներ է անում...

Բայց ես խոմ ընկնավոր չե՞մ։

Չէ, աղա, աստված ո՛չ անի, որ այդ փորձանքին հասնես, դա ուրիշ բան է, բայց...

Նա չկամեցավ շարունակել, տատանվեց։

Ասա, ասա, է՞լ ինչ ես տեսել։

Ծառան զգուշությամբ ակնարկեց այն չարագուշակ գիշերվա դեպքը, երբ Դիմաքսյանը սաստիկ տենդի մեջ էր։ Բոլորը, ինչ-որ նա արել էր այդ գիշեր և խոսել, Սիրականը հիշում էր։ Այնինչ՝ ինքը ոչինչ չէր մտաբերում, բացի նրանից, որ մահամերձ հիվանդ էր եղել։ Առողջանալուց հետո նա մի անգամ հարցրել էր հայելու մասին: Մսերյանը պատասխանել էր, թե ինքն է անզգուշությամբ կոտրել, և նա հավատացել էր։ Եվ դու այժմ ուզում ես ինձ չարից փրկե՞լ, գոչեց Դիմաքսյանը ոչ այնքան բարկացած, որքան կատակով։

Աղաչում եմ, որ այս բանը վզիդ քաշ տաս...

Գիտես ինչ, Սիրական, դու ինձ բավական զբաղեցրիր ես տխուր էի, շատ տխուր, մտքերս ցրվեցին, շնորհակալ եմ։ Դու բարի մարդ ես, Սիրական, անկեղծ ես, իսկ ես անկեղծ մարդկանց սիրում եմ։ Բայց այդ կապոցը, չնեղանաս ինձանից, ես վզիս քաշ տալ չեմ կարող...

Նա ձեռքով մի դրական շարժում արեց, որ ցույց էր տալիս, թե այլևս չի ուզում խոսել։

Սիրականը լաթի կտորը ծոցը դնելով, դուրս եկավ սենյակից։

Մի դառն և կծու ծիծաղ դուրս թռավ Դիմաքսյանի կրծքից և նա արտասանեց.

«Ողորմելի ամբոխ, թշվա՛ռ ամբոխ, քանի որ մենք քեզ չենք ուզում կրթել, դու ինքդ ես ուզում մեզ կրթել...»։

Be the first who will comment on this

Other parts of "Արսեն Դիմաքսյան"

Yatuk Music
Symphonic Images
Ghazaros Saryan

Symphonic Images

Before the dawn. 1971
Before the dawn. 1971
Play Online