Alexander Shirvanzadeh
Արսեն Դիմաքսյան
Երրորդ մաս, III - V
lll
Այն օրից, երբ Գայանեն յուր ամուսնու հետ ամառանոցում վերջին ընդհարումը ունեցավ, նրանց ընտանեկան հարաբերությունը անպայման խախտվեց։ Ամիսներ անցան, և կինը չէր հաշտվում, նույնիսկ չէր ուզում խոսել յուր մարդու հետ։
Այս համառ խռովությունը Բարաթյանի համար անտանելի էր։ Նրա ուրախ ու զվարթ բնավորությունը չէր սիրում ընտանեկան լարված հարաբերություն։ Նա կամենում էր ինչպես և է հաշտվել Գայանեի հետ, որպեսզի մի կերպ վերականգնի յուր հոգեկան անդորրությունը։ Նա պնդում էր, թե հասարակական մարդու համար այդ անդորրությունը անհրաժեշտ է։ Առանց այդ էլ նա դրսում բարոյապես շատ է հուզվում, հոգնում, տանը պետք է հանգստություն վայելե։ Նա խնդրում էր Գայանեին մոռանալ նրա «մանր սխալները»։ Նա հավատացնում էր, որ չնայելով այդ «մանր սխալներին», դարձյալ սիրում է Գայանեին։ Այս դեպքում նա չէր կեղծում։ Եվ յուր սերը արտահայտելու համար չէր խնայում ոչ մի փաղաքշանք։ Նա գործ էր դնում յուր բոլոր սրախոսությունները և հրապույրները։ Երբ տեսավ, որ սովորական փաղաքշանքները չեն ազդում, իրան ձևացրեց մի տեսակ հեզ նահատակ։ Ա՛խ, ինչպես նա տանջվում է մի անհաշտ, քմահաճ և կամակոր կնոջ ձեռքում։ Իսկ երբ տեսավ, որ այդ էլ չի օգնում, վճռեց ասել Գայանեին այն, ինչ որ վաղուց զգում էր։ Նախ կատակով, ապա լրջորեն հայտնեց, թե նախանձը կամ կասկածները չեն Գայանեի անհաշտության պատճառը, այլ այն սառնությունը, որ ամեն մի կին սովորաբար զգում է դեպի յուր մարդը ամուսնական առաջին տարիները անցնելուց հետո։
Ճիշտ պատճառը հենց այս է։ Ես ձեզ համար շատ հասարակ մարդ եմ ահա ինչ։ Դուք հույս ունեիք իմ մեջ գտնել մի գաղափարի հերոս, մի արտաքո կարգի մարդ, չգտաք և հիասթափվեցիք։ Այժմ ձեզ հետաքրքրում են ուրիշները, դա շատ սովորական բան է։
Պյոտր Սոլոմոնիչին պատահած դժբախտությունը մի քանի օր Բարաթյանին ստիպեց լռել և մինչև անգամ տխրություն պատճառեց նրան։ Հարկավ, նա ոչ ոքի չէր կարող հայտնել այն վիրավորանքը, որ ծերունին, հասցրեց նրան փողոցում։ Նա ուրախ էր, որ ոչ ոք այդ չգիտե։ Բայց առանձնության մեջ նա ինքն իրան դատապարտում էր և, միևնույն ժամանակ, յուր վարմունքը աշխատում էր արդարացնել ուրիշների համանման օրինակներով։ Ինչո՞վ է մեղավոր, որ մի գեղեցիկ կին օգտվեց նրա թուլությունից։ Ո՛ր տղամարդը կարող էր դիմանալ այն հրապույրին, որ մոլորեցրեց նրան։ Վերջապես, ինչով է տարբերվում նրա արածը մյուս հարյուրավոր, հազարավոր ամուսինների արածից։ Մի՞թե միայն մի բանով... Որ նրա խղճի առջև կանգնած է մի պատկառելի ծերունու, մի ազգականի, այո՛, յուր պաշտպանի և հովանավորի պատկե՞րը։ Հի՛ի, ի՛նչ հիմարություն, ի՛նչ նախապաշարմունք։ Ո՞վ կարող է երաշխավորել, որ հենց այդ ծերունին յուր հարյուրավոր «նույնանման» մեղքերի պատիժը չի քաշում այսօր։ Ի՞նչ անենք, որ այդ պատիժը կատարվեց Բարաթյանի և ոչ մի ուրիշի ձեռքով։
Այս դատողությունները սառն ջուր սրսկեցին նրա փոքր-ինչ տաքացած խղճի վրա։ Նա հանգստացավ։
Այդ միջոցին նա նուրբ հոտառությամբ զգաց, որ յուր կնոջ մասին վատ լուրեր են պտտում։ Սկզբում նա կատաղեց, հարվածը անսպասելի էր։ Բայց շուտով սառն դատողությունը դարձյալ օգնության հասավ: Նա մտածեց, որ պետք է զգույշ վարվել, և յուր վիրավորանքը խոհեմաբար թաքցրեց ամենքից։ Նա ձևացրեց իրան այնպես, իբրև թե ոչինչ չի լսել, ոչինչ չի զգում և հասկանում։ Նրան հայտնի էր, որ Գայանեն հարգում է Դիմաքսյանին, ինչպես և գիտեր, որ Դիմաքսյանի սրտում դեռ վառ է գաղտնի պահած նախկին սերը։ Բայց այսքանը բավական չէր Գայանեի մասին որևէ վատ կասկած ունենալու։ Նա անպայման համոզված էր, որ յուր կինը մաքուր է, ինչպես լեռնային նորեկ ձյուն։ Եվ ոչ մի զրպարտություն, ոչ մի չարախոսություն չի կարող ստվեր ձգել նրա ընտանեկան անարատ պատվի վրա։
Այնինչ՝ մյուս կողմից ամոթի և վրեժխնդրության զգացումը ներսից կրծում էր նրա սիրտը։ Նա այնքան մեծ նշանակություն էր տալիս հասարակական կարծիքին, որ չէր կարող սառնարյուն վերաբերվել նույնիսկ դեպի մի պարզ զրպարտություն։ Երկար ժամանակ տատանվելուց հետո, մի օր նա վճռեց հայտնել յուր վրդովմունքը Գայանեին։ Հարցրեց, արդյոք նա գիտե՞ յուր մասին տարածված լուրը։
Այս անգամ Գայանեն չկարողացավ իրան զսպել և չխոսել։ Նա պատասխանեց, թե, այո՛, գիտե, որ իրան բամբասում են։ Այն սառնությունը, որով տվեց յուր պատասխանը, սպառեց Բարաթյանի համբերությունը, նա աոաջին անգամ բարձր ձայնով գոռաց յուր կնոջ վրա։ Այդ էլ չվրդովեց Գայանեին։ Նա այնքան արհամարհանքով էր վերաբերվում յուր մասին տարածված զրպարտությանը, որ արժանի չէր համարում պաշտպանվել ոչ մի խոսքով։ Գիտեր, որ յուր ամուսինն էլ մտքում արհամարհում է այդ զրպարտությունը և գոռում է միայն յուր սեփական հանցանքը մոռացնել տալու համար։
Լսեցե՛ք, գոչեց Բարաթյանը, նորից զսպելով իրան, ձեր անտարբերությունը անտանելի է։ Մարդիկ ձեր պատիվը շոշափում են, դուք չեք վրդովվում։ Ես պահանջում եմ, որ դուք ձեզ արդարացնեք:
Ո՞ւմ առջև։
Իմ։
Հա՛ հա՛ հա՛, հանցավորը դատավոր է դարձել։
Դուք ծիծաղո՞ւմ եք, դուք արհամարհում եք հասարակական կարծիքը։ Ուրեմն լսեցե՛ք, ես պետք է ձեզ մի ճշմարտություն ասեմ։ Տղամարդի մեղքը ամենքի համար սովորական բան է, իսկ երբ կնոջն են բամբասում, թեկուզ զուր տեղը, թեկուզ հենց այն պատճառով, որ այդ կնոջ հետևից ընկել է մի... խելագար, այն ժամանակ վայ ընտանիքի պատվին։ Մեր մեղքերը մեզ ներվում են, իսկ ձեր մի սխալը երբեք։ Այս բանը լավ հասկացեք։
Մեղքը մեղք է, կինն է կատարում, թե տղամարդը, միևնույնն է։ Բացի հասարակական կարծիքից կա խղճի դատաստան։ Դուք այս բանը մոռանում եք։
Խղճի դատաստա՜ն, կրկնեց Բարաթյանը ծաղրաբար, բարեհաճեցեք այդ խոսքը ուրիշ բանի մասին գործածել: Ընտանեկան պատիվը շատ նուրբ խնդիր է։ Խիղճը չի կարող օգնել, երբ այդ պատվին վտանգ է սպառնում։ Ի՛նչ նշանակություն ունի ձեր, իմ կամ մի ուրիշի խիղճը ընդհանուրի աչքում։ Կյանքի օրենքները և ավանդությունները ամբոխն է ստեղծում և ոչ անհատները։ Շատ կարելի է իմ խիղճը ձեզ անմեղ է համարում, բայց նա Մովսես մարգարեի տախտակը չէ, որի վրա գրվածները ամբոխը աստվածային պատգամների տեղ ընդունի։ Տիկին, մենք հասարակական կարծիքի ստրուկներն ենք, պարտավոր ենք տալ նրան բոլորը, ինչ որ մեզանից պահանջում է։
Եվ որքան այդ հայացքը անիրավ, որքան անգութ և դատապարտելի լիներ Գայանեն չէր կարող նրա մեջ չզգալ մի որոշ չափի ճշմարտություն։ Այո՛, այր մարդուն ներվում է նրա ակնհայտ հանցանքը, նրա հետ հաշտվում են, նրան ընդունում են ամեն տեղ, նույնիսկ ամենաառաքինի կինը նրանից չի խորշում։ Իսկ կին մարդը, նրա համար մի անխիղճ լուր, մի քսու և չար խոսք շատ անգամ կործանիչ նշանակություն ունի։
Մի քանի վայրկյան այսպես մտածեց նա։ Բայց հանկարծ նրա ուղեղի մեջ մի հեղաշրջում տեղի ունեցավ։ Նրա սիրտը ալեկոծվեց մի մրրիկով, նրա գունատ այտերը շառագունեցին և աչքերի մեջ պսպղաց անսովոր զայրույթ։ Ինչո՞ւ պետք է այդպես լինի, ինչո՞ւ, ի՞նչ իրավունքով։ Դա բռնություն է, դա անգթություն է։ Միթե միշտ կինը պետք է պատժվի, իսկ տղամարդը անպատի՞ժ մնա։ Ինչո՞ւ կանայք չեն բողոքում բռնության վեմ, ինչո՞ւ նրանք գոնե իրանց զզվանքը բացարձակ չեն արտահայտում այդ տղամարդկանց, ահա հենց այդ անպատկառ մարդուն, որ երբեք նրա աչքում այնքան քստմնելի չէր երևացել, որքան այժմ։ Ի՞նչ ասի նրան, ինչպես արտահայտի յուր սրտի անհուն նողկանքը։ Ոչ, չարժե ավելի քրքրել այդ տիղմը...
Նա երեսը դարձրեց խորին զզվանքով և ուզում էր դուրս գնալ, երբ դռների հետևից լսվեց մի դղրդյուն: Նա կանգ առավ։ Նույն վայրկյանին դռները լայն բացվեցին, և հետևյալ տեսարանը ներկայացավ։ Երկայն անկողնաձև բազկաթոռի վրա տարածված էր Գերասիմ Գերասիմիչը, ոտները պլեդով ծածկած, ձեռները գլխատակին դրած։ Հինավուրց ծառայի ձեռքով անդամալույծը ներս էր մղվում յուր շարժական կացարանի հետ, ինչպես մի ահագին կրիա յուր կեղևի մեջ։ Նա քթի տակ ցածր ձայնով երգում էր, կարծես, ինքն յուր համար օրոր ասելով։
Uը պռավա, դուռռակ, ղեկավարում էր նա ծառային երբեմն, սը զա՛ դի, բալբես, պրավո՛րնո, օսյո՛լ, ոտ տա՛կ, տեպեր տաշչի՛... հոլաա՛...
Գայանեն հետ քաշվեց, որ հանդիսավոր գնացքին ճամփա տա։
Պա՛պա, ինչ գործ ունեք այստեղ, ասաց Բարաթյանը կես-հարգանքով և կես-վրդովված։
Մոլչա՛յտ. օգնիր ինձ ներս մտնելու։
Որդին բռնեց բազկաթոռի կողքից և քաշեց սենյակի մեջտեղը։
Տեպե՛ր օտվա՛լիվայ, հրամայեց ծերունին ծառային, որ և իսկույն դուրս եկավ։ Հիմա կասեմ, ինչ գործ ունիմ այստեղ։ Նստեցե՛ք։ Օ՜օ, ի՞նչպես ցավում է անպիտանը։ Իսա՛կ, տավո՛, պլեդը քաշիր ցած, ոտներս ծածկիր. հա՛ այդպես։ Դե՛հ լսեցեք, ինչու ճանապարհորդեցի այս ընտանեկան դրախտը, հա՛, հա՛, հա՛, չոռտ եվո դերի, լավ դրախտ է։ Ի՞նչ եք գիշեր-ցերեկ միմյանց միսը կրծում։ Նի սլո՛վա, յա, բրա՛տեց, նե դուռակ, շատ լավ տեսնում եմ, շելմա, որ տա՛վո, կնոջդ խաբում ես...
Պա՛պա։
Գոլո՛ւբչիկ, դարձրեց ծերունին յուր կիսախուփ աչքերը Գայանեին, մի զարմանար, դա Բարաթովների արյունն է։ Շատ էլ, տավո՛, ուշադրություն մի դարձնիլ։ Նո՛ւ, չտո՞ժ, ուրիշ կանանց հետևից է ընկած, ո՞ր մարդը չէ ընկած։ Բայց շատ լավ գիտեմ, որ քեզ սիրում է։ Ես ինքս էլ այդպես էի, միայն հանգուցյալին էի սիրում, նո՛ւ, չոռտ եվո դերի, աչքս միշտ ուրիշների վրա էր...
Պապա...
Նո՛ւ, պա՛պա, պապա՛, ի՞նչ կա, սո՞ւտ եմ ասում։ Նու դա, գոլուբչիկ, գեղեցիկ հարսս, մարդ շատ անգամ էլ ինքն է իրան անբախտացնում... Մի բան ասեմ. եթե ատամդ ցավում է, քիչ մտածիր, ինչքան շատ մտածես, այնքան շատ կցավի։ Դու, վեդ, աշխարհը փոխել չես կարող։ Նրա ստեղծվելուց մինչև օրս միայն Ադամն է հավատարիմ ամուսին եղել, որովհետև բացի Եվայից ուրիշը չկար...
Գայանեն ամոթից չգիտեր երեսը որ կողմ դարձներ։ Քայքայված ծերունու արձակ խոսքերը դիպչում էին նրա կանացի ամոթխածությանը։ Բայց նա գիտեր, որ Գերասիմ Գերասիմիչը ուրիշ լեզվով խոսելու ընդունակ չէ։
Նուս, շարունակեց ծերունին, ուրեմն հաշտվիր դրությանդ հետ։ Լավ չէ շուն ու կատու լինելը, աստված վկա, լավ չէ։ Հաշտվեցեք, թե չէ, երդվում եմ հանգուցյալի գերեզմանով, ոչինչ չեմ կտակիլ ձեզ։ Իսկ ես ուզում եմ ունեցածիս մեծ մասը ձեզ համար թողնել։ Մյուս որդիս վճռել է Ռուսաստանում մնալ. եշչո-բի, Պետերբուրգի մամզելներին կարո՞ղ է գտնել Թիֆլիսում։ Մի քանի հազար կգցեմ առաջը, բերանը կկապի, մնացյալը ձերն է։ Ասում եմ, հաշտվեցեք, վաղը կտակս գրել տամ, երազ եմ տեսել, պրեսկվերնիյ երազ, իմ երազները միշտ կատարվում են։ Նո՛ւ, հասկացա՞ք, հաշտվեցե՛ք։ Էհե, գեղեցկուհի, իզուր մի լաց լինիլ, արտասուքը, երեսդ կփչացնի, ափսոս ես։ Իսա՛կ համբուրվեցե՛ք, լսո՞ւմ եք, շուտ, այս րոպեիս, թե չէ գնացի... Օ՜օ, ոսկորնե՛րս, ոսկորնե՛րս...
Բարաթյանը մի կողմնակի հայացք ձգեց Գայանեի վրա։ Նա պատրաստ էր հաշտվել, նույնիսկ շատ ուրախ էր ծերունու միջամտությանը։
Այնինչ՝ Գայանեն կանգնած էր նույն դրության մեջ, նույնքան վրդովված։ Այժմ նրա մեջ զզվանք էր հարուցանում և՛ այդ անդամալույծ ծերունին։ Հայր և որդի նրա աչքում ներկայացնում էին միևնույն տիպարը։ Զանազանությունը այն էր, որ ծերունին անամոթաբար խոստովանում էր յուր ախտը, իսկ երիտասարդը հանդգնաբար դեռ ծածկում էր յուր անծածկելի հանցանքը։
Հա՛յդա, ես շատ սպասել չեմ կարոդ։ Չե՞ք ուզում։ Հասկանում եմ, հասկանում եմ, ամաչում եք ինձ մոտ համբուրվել։ Շատ լավ, ես կգնամ, երեկոյան ձեզ կսպասեմ։ Կգաք ինձ մոտ հաշտված, ես ձեզ կօրհնեմ, թե չէ, հորս գերեզմանը վկա, կոպեկ չեմ տալ, տոեստ նի գրոշա՛: Ա՜խ ոսկորներս... Անդրե՛յ, քշի՛ր ինձ...
Հինավուրց ծառան ներս ցցեց գարիի հասկերի նման բեղերը։ Դռները բացվեցին, և ծերունին յուր կացարանի հետ միասին նույն հանդիսավոր կերպով դուրս քշվեց:
IV
«Դիմաքսյանի ուղեղը խանգարված է»։ Այս դարձվածը կրկնում էին շահերը։ Այս առթիվ պատմվում էին տեսակ-տեսակ իրողություններ, որոնք երկու անգամ երկու չորս, ապացուցանում էին տարածված լուրի ճշմարտությունը։
Դեղին տուն, դեղին տուն, ես վաղուց էի ասում, թե նրա դպրոցը այն է, կրկնում էր տեսուչ Ինյաթյանը, հոգեբանական մեթոդով ապացուցանելով յուր նախորդի խելագարությունը։
Ոչ ոք նրան չէր հակառակում, իսկ ով թերահավատորեն էր վերաբերվում տարածված լուրին, նրան համոզելու համար տասնյակ «ապացույցներ» էին բերվում։ Բավական է մտիկ անել նրա աչքերին և կարելի է իսկույն հասկանալ, որ այնտեղ «մի բան կա»։ Ահա և՛ նրա ձայնը, մի՞թե խելագարի ձայն չէ։ Իսկ քնթի պնչե՞րը խոսելու ժամանակ։
Անցնում էր Դիմաքսյանը փողոցով, գնում էր թատրոն, թե մի ուրիշ հասարակական տեղ միշտ լինում էին մարդիկ, որ, նայելով նրան, միմյանց ականջին շշնջում էին։ Երբ նա մեկի հետ խոսում էր, խոսակիցը լսում էր ուշադրությամբ, վիճում էր նրա հետ, հերքում էր նրա ասածը կամ ընդունում, բայց, միևնույն ժամանակ, երբեմն խորհրդավոր հայացք էր ձգում նրա աչքերի մեջ։ Իսկ երբ մի որևէ միտք պնդելիս նա տաքանում էր և ձայնը քիչ թե շատ բարձրացնում, խոսակիցը համաձայնվում էր նրա հետ հակառակ յուր համոզմունքին, ինչպես սովորաբար անում են ուղեղը խանգարվածների հետ։
Սկզբում Դիմաքսյանը այդ կասկածների վրա ուշադրություն չէր դարձնում։ Իսկ երբ բժիշկ Սալամբեկյանը հայտնեց նրան գաղտնիքը, այն օրից նա ինքը կամա-ակամա սկսեց կասկածներ որոնել։ Հետզհետե նրան թվում էր, որ լուրը տարածվել է ամեն տեղ և ամենքը արդեն հավատում են։ Նույնիսկ չհավատացողները նրա մեջ կասկած էին զարթեցնում։ «Երևի, մտածում էր նա, քաղաքավարությունն է ձեզ ստիպում ցույց տալ, թե իբր չեք հավատում, բայց իսկապես դուք էլ հավատում եք»։
Նա կամենում էր իմանալ մարդկանց միտքը, թափանցել նրանց հոգին և ճշտությամբ կարդալ նրանց սրտինը։ Ահա ինչու մեկի հետ խոսելիս երբեմն նրա ուղեղը ավելի դիմացինին ուսումնասիրելով էր զբաղվում, քան թե խոսակցության նյութով։ Այդ միջոցներին նա հաճախ շփոթվում էր և, երբ խոսակիցը հարցնում էր. «ճշմարի՞տն եմ ասում», նա սթափվելով արտասանում էր` «հը՞ըմ»:
Այսպիսով, նա ինքը անգիտակցաբար կասկած էր զարթեցնում ուրիշների սրտում։ Նա ուղղակի ոչ ոքի հետ չէր խոսում պղտոր լուրի մասին։ Նա չէր ուզում առիթ տալ կարծելու, թե ինքը որևէ նշանակություն է տալիս չարախոսներին։ Բայց և այնպես կասկածը ավելի ու ավելի խոր արմատ էր գցում նրա սրտում հակառակ յուր կամքին, հակառակ յուր տրամադրությանը։
Դա մի անբնական հոգեկան դրություն էր, որ պետք է քայքայեր նրա նյարդերը։ Նա զգում էր այս բանը և որքան աշխատում էր մտքում ծաղրել յուր հակառակորդներին, այնքան ընդհակառակը ավելի էր վրդովվում նրանց դեմ։
Վերջապես, մի օր նա վճռեց խոսել Մսերյանի հետ։ Նա համոզված էր, եթե ամբողջ աշխարհն էլ հավատա, իդեալիստը դարձյալ չի հավատալ և կծիծաղի չար լուրը տարածողների վրա։
Իսկ Մսերյանը դեռևս այնքան խորասուզված էր ինքն յուր մեջ, որ ոչինչ չգիտեր տարածված լուրի մասին։ Ամբողջ օրը նա տանը նստած շարունակ կարդում էր փիլիսոփայական հաստ գրքերը։ Սակայն գյուղ գնալու միտքը դեռ նրա գլխից չէր դուրս եկել։ Նա նորանոր ծրագիրներ էր կազմում, պատկերացնում էր ապագա գործունեության բոլոր մանրամասները։ Բայց երբ բանը գործնականին էր գալիս, բարոյական ուժը սկսում էր դավաճանել նրան և խորտակել բոլոր թեորիաները։ Գիտես, ինձ համար, աշխարհիս երեսին ամենադժվարը մարդկանցից մի բան խնդրելն է։ Ամեն երեկո վճռում եմ մյուս օրը դիմել թեմական տեսչին, բայց երբ օրը լուսանում է իմ վճիռն էլ ոչնչանում է։ Ես տեսնում եմ, որ գործնականի համար բոլորովին անպետքացել եմ։ Գրքերը սպանեցին իմ եռանդը և ինձ փալաս դարձրին։
Այս խոսքերը նա ասաց Դիմաքսյանը ներս մտնելիս, դեռ նրա բարևին չպատասխանած։ Նկատելի էր, որ նա ամաչում է յուր թուլության համար և նախքան ձեր ընկերից հանդիմանություն լսելը՝ ինքն էր հանդիմանում իրան։
Դիմաքսյանը իսկույն խոսքը փոխեց, որով մեծ հաճություն պատճառեց Մսերյանին։ Նա եկել էր ուրիշ բանի համար և այժմ ոչինչ նրան չէր հետաքրքրում բացի այդ բանից։
Դու ինչո՞ւ ինձ չես շնորհավորում, ասաց նա հանկարծ, մի քանի րոպե կողմնակի բանի մասին խոսվելուց հետո։
Ի՞նչը շնորհավորեմ։
Իմ խելագարությունը, ես խելագար եմ...
Այս ասելով նա հավատացած էր, որ Մսերյանը կծիծաղի, կսկսի կատակ անել։ Մինչդեռ իդեալիստը ամենալուրջ եղանակով արտասանեց.
Զարմանում եմ, որ դու նոր ես իմանում քո խելագար լինելը, դա հին բան է։
Ի՞նչպես...
Իհարկե, խելագար ես, կատարյալ խելագար...
Դիմաքսյանը գունատվեց և ապշած մտիկ տվեց ընկերոջ երեսին։
Եվ դո՞ւ Բրուտոս, գոչեց նա իբրև թե ծիծաղելով, բայց իսկապես ավելի վրդովված։
Ի՞նչ կա, որ զարմանում ես, մի՞թե խելքը գլխին մարդը...
Դիմաքսյանը մի թեթև, բայց տարօրինակ ճիչ արձակեց և մի շարժումով ստիպեց նրան լռել: Մսերյանը զարմացած նայում էր նրան։ Նա դեռ չգիտեր ինչ անսովոր հոգեկան տրամադրության մեջ է գտնվում Դիմաքսյանը։ Խելագար ասելով, նա հասկանում էր հասարակական մտավոր մակերևույթից բարձր մարդուն կամ շրջանի բարոյական օրենքներին չհարմարվողին։ Այդպիսի մեկն էր համարում նա յուր ընկերոջը և առաջին անգամը չէր, որ նրան խելագար էր կոչում։
Դիմաքսյանը երկու ձեռներով գլուխը ամուր բռնած, աչքերը հառել էր սեղանի մի կետին։ Թվում էր նրան, որ արդարև յուր ուղեղին մի վտանգ էր սպառնում, որ այդ վտանգը շատ մոտիկ է, բավական է Մսերյանը մի անգամ էլ կրկնի «իհարկե, խելագար ես», և նա իսկույն կցնորվի։ Նույն դրության մեջ նա բութ մատների ծայրերով փակեց ականջները և պատմեց անհեթեթ լուրերը։ Արտահայտեց բոլորը, ինչ որ զգացել էր և զգում էր թե՛ մարդկանց շրջանում և թե՛ առանձին ժամանակ։ Ավելացրեց, թե այնքան վերջին ժամանակ մտածում է այդ մասին, այնքան ուրիշները կասկածով են նայում նրա վրա, որ վախենում է։ Մարդկանց կասկածավոր հարաբերությունը խլում է նրա եռանդը, ջլատում է նրա ուժերը։
Բոլոր իմ ծրագիրները խորտակվում են միայն և միմիայն այդ կասկածից։ Ինչ ձեռնարկության մասին մտածում եմ, իսկույն այդ հրեշավոր կասկածը կանգնում է իմ առջև։ Ես ուզում եմ գործել, հասկանո՞ւմ ես, բայց մտածում եմ, ինչ կարող է անել մի մարդ, որին ամենքը եթե ոչ խելագար, գոնե աննորմալ են համարում։ Ոչ, այսպես չէ կարելի, կամ ես իսկապես խելագար եմ և ինձ պետք է գժատուն ուղարկել, կամ պետք է մի կերպ վերադարձնեմ իմ հոգեկան խաղաղությունը, որ կարողանամ մի գործ սկսել։
Մսերյանը այժմ միայն հասկացավ բանի էությունը։ Նա տեսավ, որ Դիմաքսյանի հոգեկան դրության հետ կատակ անել չի կարելի։ Պետք էր միանգամից ազատել նրան այդ կասկածներից, որքան ևս նրանք անհիմն և անմիտ լինեին։ Եվ նա, չնայելով յուր թախծալի տրամադրությանը, հանկարծ բարձրաձայն ծիծաղեց։ Հետո ոտքի կանգնեց և, ձեռը ձեռին խփելով, գոչեց.
Խեղկատակնե՛ր, խեղկատակներ, երկինքը վկա, այդ մարդկանց տեղը կրկեսն է և ոչ թե հասարակական ասպարեզը։ Հա՛ հա՛ հա՛, Դիմաքսյանը ցնդվել է, հա՛ հա՛ հա՛... Կեցցե՛ս Արսեն, որ այդ օրին հասար, խելագար անունը վաստակեցիր հիմարների և ապուշների շրջանում։ Այսուհետև դու կարող ես պարծենալ, խելագար ես, որովհետև խելք ունիս...
Նա կանգ առավ։ Դիմաքսյանը, աոաջին անգամ, կասկածը յուր սրտում բուն դնելուց հետո, զգաց հոգեկան թեթևություն։ Ընկերոջ անարվեստ վրդովմունքը և անկեղծ ծիծաղը նրան մխիթարեցին։ Նա սթափվեց, նա սկսեց սառնսորեն մտածել յուր մասին և զգաց, որ իրավ ինքը շատ թույլ է եղել, տեղ տալով յուր սրտում մի անմիտ կասկածի։
Բայց կատակը մի կողմ, շարունակեց Մսերյանը, նստելով նրա դեմ, դա շատ ցավալի բան է։ Ցավալի է ոչ թե այն, որ այդ խեղկատակները հիմար լուրեր են տարածում քո մասին, ցավալի է, որ մեր բոլոր գործերը այդ մարդկանց ձեռքումն են։ Իսկ դու մենակ ես, կարող եմ ասել բոլորովի՛ն մենակ։
Ես մենակ չեմ, ես ունեմ երկու հավատարիմ ընկերներ և բարեկամներ, քեզ և...
Եվ բժիշկ Սալամբեկյանին, ինչո՞ւ չես ասում, կարծում ես, ինձ կվիրավորե՞ս։ Ո՛չ, դու էլի ինձ լավ չես ճանաչում մինչև հիմա։ Ես նրա դեմ այժմ մազու չափ ոխ չունիմ։ Բայց թողնենք այդ, ես ուրիշ բան էի ուզում ասել: Գիտե՞ս, Արսեն, ես շատ եմ մտածել մեր հասարակական կյանքի մասին, գործելու ընդունակ չեմ, բայց մտածել գիտեմ։ Ես եկել եմ այն եզրակացության, որ մեր երիտասարդությունը բարոյական հաստատ սկզբունք չունե։
Դիմաքսյանը ոչինչ նկատողություն չարեց։ Նա միայն գլուխը կրծքին թեքեց և աչքերը հառեց սենյակի հատակին։ Այնինչ Մսերյանը կանգ առավ, միմյանց հետևից մի քանի անգամ ուժգնաբար ծխեց, բաց թողնելով գլխից վեր ծխի թանձր քուլաներ։ Հանկարծ նրա դեմքը փոխվեց, աչքերը փայլեցին, և ձեռը խփելով յուր ծնկին, արագությամբ ոտքի կանգնեց, գոչելով.
Բայց այնուամենայնիվ կգա մի օր և մենք կունենանք երիտասարդություն, մաքուր և հաստատ բարոյական սկզբունքների տեր երիտասարդություն։ Խորին հավատով և ոգևորությամբ արտասանված այդ խոսքերը ոգևորեցին և Դիմաքսյանին։ Նա զգաց մի անբացատրելի ուրախություն։
Այդպես ահա, ասաց նա, այդպես խոսիր, այժմ ես ճանաչում եմ իմ Մսերյանին։ Թո՛ղ հուսահատությունդ, ոգևորվի՛ր և ուրիշներին էլ ոգևորի՛ր առաջվա պես։
Բայց ափսոս միայն, որ մենք չենք տեսնիլ այդ օրը...
Նա շարունակեց նույն ուղղությամբ ապագայի մասին։ Այո՛, կգա այն օրը, երբ ամեն ինչ կփոխվի, կշատանա խելագարների թիվը և այժմյան խելոքներին նրանք կուղարկեն հիմարանոց։ Ապագան նրանն է ով համոզմունք ունե և գործում է անկեղծ սրտով։
Նախկին Մսերյանը դարձյալ երևան եկավ յուր բոլոր վառվռուն զգացումներով։ Կարծես, վերջին ժամանակվա թախիծը մի վայրկյանում անհետացավ և նա մոռացավ յուր հուսահատ երկվորությունը, որ այնպես թմրեցրել էր նրան։ Եթե այդ պահին բժիշկ Սալամբեկյանը ներկա լիներ, իդեալիստը, առանց որևէ ոխի, կգրկեր նրան և կշնորհավորեր։ Նա այս բանը չթաքցրեց Դիմաքսյանից։
Ինչ արած, ես այսպիսի մարդ եմ, ավելացրեց նա, կուզես ինձ անվանիր հիմար, տխմար, բայց այսպես եմ...
Դիմաքսյանը դուրս եկավ նրա մոտից գրեթե բոլորովին փոխված։ Կասկածի նշույլ անգամ չէր մնացել նրա սրտում և ոչ իսկ մի մազու չափ վհատություն։ Նա մի առանձին ոգևորություն էր ստացել և զգում էր յուր մեջ մի նոր ուժ մաքառելու յուր գաղափարների համար։ «Անմիտնե՛ր, ասում էր նա մտքում, դուք կամեցաք ինձ ծաղրե՞լ, ձեզ չի հաջողվիլ այդ։ Խելագա՞ր եմ ես, շատ գեղեցիկ, ուրեմն ունիմ իրավունք ինչ որ ուզում եմ անել և ինչ որ ուզում եմ խոսել»։
Մի ամբողջ շաբաթ նա փակված յուր բնակարանում գրում էր։ Կյանքի դառն փորձերը նրա ուղեղում կազմել էին մի աշխարհայացք։ Պետք է փշրել այն բոլոր հասարակական նախապաշարմունքները, որ կաշկանդում են անհատի բարոյական ազատությունը այս էր այն կենտրոնական առանցքը, որի շուրջը պտտում էին նրա բոլոր մտքերը։ Դա էր այն անսպասելի աղբյուրը, որից սկիզբն էին առնում նրա գաղափարները, հետո զարգանում, բեղմնավորվում և հափշտակում նրան իրանց բուռն, անընդդիմադրելի հոսանքով։
Մի այդպիսի հոսանք դարձյալ նրան մոռացնել տվեց ամեն ինչ։ Նրա միտքը գործում էր տենդային աշխույժով, որոնելով և գտնելով այն բոլոր աննպաստ պայմանները, որոնք խանգարում էին շրջանի վրա անհատի բարոյական ազդեցությանը։ Նա ուզում էր ապացուցանել, որ ամբոխի սրբությունները շատ են կարոտ արմատական վերանորոգության։ Նա պնդում էր, թե քանի կյանք կա պետք է փոխվեն և՛ նրա ղեկավարող պայմանները, թեկուզ նրանք լինեն հիմնական օրենքներ, թե կենդանի չի կարող կապված մնալ մեռյալի պաղ շղթաներով։
Թմրած ճահճի մեջ դարձյալ համարձակ ձեռքը արձակեց մի քար, և նա պետք է պղտորվեր։ Դա մի փոքրիկ բրոշյուր էր, ուր Դիմաքսյանը կատաղի կերպով քննում էր ու վերլուծում հասարակական կյանքի ախտերը և անխնա հարձակվում նրանց վրա։
V
Պյոտր Սոլոմոնիչի դրությունը շատ ծանր էր։ Հրավիրված բժիշկները չկարողացան օգնել։ Նրանք միայն խորհուրդ էին տալիս եղանակը տաքանալուց հետո հիվանդին ուղարկել արտասահման, գուցե այնտեղ հռչակավոր բժիշկները մի բան կարողանան անել։
Բայց տիկին Բախտամյանը հակառակում էր։ Նա ասում էր, թե օտար երկրներում յուր ամուսինը կմնա զուրկ խնամող աչքից, այնինչ՝ ինքը այստեղ գոնե քնքուշ հոգացողությամբ աշխատում է թեթևացնել նրա ցավը։ Ճշմարիտն այն էր, որ բժիշկներից ամենահմուտը նրան գաղտնի ասել էր, թե ծերունու օրերը հաշված են, և նա շատ-շատ կարող է ապրել միայն երկու ամիս։
Տիկինը վախենում էր՝ մի գուցե հիվանդը հանկարծ արտասահմանում առողջանա և այնուհետև մի՞թե նորից ինքը պետք է տանջվեր նրա ձեռքում։ Բացի դրանից, նա կամենում էր վերջին օրերը իրան հոգատար ամուսին ցույց տալ, հուսալով գեթ մասամբ հասարակական կարծիքը փոխել յուր մասին։
Այժմ նրա դռները նորից բացվել էին ծանոթների և բարեկամների առջև։ Ամեն օր հյուրեր էին գալիս հիվանդին տեսնելու։ Պյոտր Սոլոմոնիչը նրանց ընդունում էր միայն քառորդ կամ կես ժամով, հետո նրան պաշարում էր ընդհանուր մարմնային թուլություն։ Նա ընկնում էր մի տեսակ կիսաարթուն և կիսաթմրած դրության մեջ։
Այդ ժամանակ տիկինը հյուրերին հրավիրում էր դահլիճ, որովհետև դա հիվանդից ամենահեռու սենյակն էր։ Այստեղ ամեն ինչ փոխվում էր, սուգը դառնում էր ուրախություն։ Հյուրերի դեմքերից անհետանում էր կեղծ ցավակցության արտահայտությունը և տեղի էր տալիս զվարթության։ Սկսում էին զվարճախոսել, ծիծաղել, երբեմն էլ այնքան բարձր, որ նրանց ձայնը կարող էր հիվանդին հասնել։
Ախ, շատ շնորհակալ եմ, որ ինձ մխիթարում եք, ասում էր տիկին Բախտամյանը, աչքերի բիբերը հեզ մայրապետի պես դեպի վեր բարձրացնելով։
Հաճախ նրա սեղանի շուրջը նստում էին հինգ-վեց կանայք և երիտասարդներ։ Այդ միջոցներին տիկնոջ «մխիթարությունը» արտահայտվում էր անզուսպ զվարճություններով։ Կարելի էր կարծել, որ ոչինչ անախորժ բան չի անցել նրա գլխով, որ ընդհակառակը բախտը նրա համար ուղարկել է մի նոր երջանկություն։
Միայն երբեմն ձևի համար նա հանկարծ հառաչում էր, շտապով վազում էր ամուսնու սենյակը և, անդամալույծին նույն թմրություն մեջ տեսնելով, վերադառնում էր և նորից շարունակում յուր զվարճությունը։ Նա հավատացնում էր հյուրերին, թե դիտմամբ է աշխատում մոռանալ յուր վիշտը, որպեսզի «ուժերը չկորցնի»։ Եթե նա էլ հիվանդանա, էլ ո՞վ պետք է մտիկ անի «խեղճ մարդուն»։
Իհարկե, իհարկե, կրկնում էր կեղծավորների, շողոքորթների և հացկատակների երամը, այդ ջահել հասակում, ափսոս, ափսոս ձեր գեղեցկությունը։
Բայց տիկինը ոչ ոքի չէր կարող խաբել, մանավանդ Վեքիլյանին, որ նույնպես մշտական հյուրերի թվումն էր։ Երդվյալ փաստաբանը օտարներից ուշ իմացավ յուր ազգականի թշվառության բուն պատճառը։ Սկզբում նա անչափ վրդովվեց յուր ընկերոջ դեմ։
«Ի՜նչ ապերախտություն, ասում էր նա մտքում, ինչո՞ւ այդպես անմարդավարի և անարժան կերպով վարձատրեց այն հյուրասիրությունը, որին ես արժանացրի նրան Բախտամյանների ընտանիքում...»։
Բայց անցավ առաջին վրդովմունքը, նա, ավելի սառն մտածելով, գտավ ծանր հանցանքի «արդարացուցիչ պատճառները», ինչպես սովոր էր գտնել բոլոր յուր պաշտպանած հանցավորների համար։ Երկուսն էլ երիտասարդ էին, մոլորվեցին։ Մեղքը ծերունունն է, որ ամուսնացավ իրենից երկու ու կես անգամ երիտասարդ կնոջ հետ։ Չպիտի անեին, բայց արեցին, է՛հ, խաբվեցին։ Այսպես էր դատում Վեքիլյանը, և դա մի առիթ էր, որպեսզի ինքը ստիպված չլինի ասպարեզ դուրս գալ ինչպես արյունակցական պատվի վրեժխնդիր ազգական։ Նա չէր ուզում թշնամանալ այն մարդու հետ, որի գործակիցն էր շատ բաներում, որից ակնածում էր և որը միշտ նրան հարկավոր էր։ Վերջապես, նա խոհեմություն էր համարում լռելը, քան աղմուկ հանելը։
Յուր զգույշ, խոհեմ և հեռատես վարմունքի շնորհով նա բավական շահել էր Պյոտր Մոլոմոնիչի սիրտը։ Ծերունին ոչ միայն անտրտունջ ընդունում էր նրան, այլև զգում էր նրա կարևորությունը։ Նա վճռել էր գործերը կարգի բերել, նրան հարկավոր էր մի հավատարմատար, ուրիշ ո՞վ կարող էր ավելի օգտավետ լինել այս բանում, եթե ոչ Վեքիլյանը։ Իրավաբանը լիազորություն ստացավ ծերունու կալվածները կառավարելու և առհասարակ նրա բոլոր գործերին հետամուտ լինելու։
Օր օրի վրա Պյոտր Սոլոմոնիչի հիվանդությունը վատ ընթացք էր ստանում։ Նա միանգամայն կերպարանափոխվել էր։ Նրա նիհար դեմքի կաշին սևացել էր, աչքերը պլշել էին։ Նախկին կատաղության նշույլն անգամ չէր մնացել, գոնե այսպես էր երևում արտաքուստ։ Այժմ նա մի թույլ, անզգա, խղճալի մարմին էր, օրը մինչև երեկո տարածված թախտի վրա։ Կնոջը նա արտաքուստ վերաբերվում էր շատ անտարբեր։ Կարծես, մոռացել էր նրա պատճառով կրած յուր անհուն տառապանքները։ Միայն երբեմն հետևից գաղտուկ նայում էր նրա գեղեցիկ հասակին, սպիտակ պարանոցին և գլուխը տրտմությամբ շարժում։
Մի օր նա Վեքիլյանին կանչեց յուր մոտ, դռները կողպել տվեց և մնաց նրա հետ։
Երկար ժամանակ մյուս սենյակում տիկին Բախտամյանը անհամբեր սպասում էր յուր ազգական փաստաբանի դուրս գալուն։ Նրա սրտում ծագել էր մի կասկած։ Ստեպ-ստեպ նա ոտների ծայրերի վրա զգույշ քայլերով մոտենում էր կողպած դռներին, կռանում և նայում դեպի ներս։ Բայց բանալին խանգարում էր, և նա չգիտեր ինչ է կատարվում ներսում:
Նա առհասարակ մեծ հավատ չուներ դեպի Վեքիլյանը։ Նա վախենում էր՝ մի գուցե փաստաբանը ծերունու դաշնակիցը դառնա և, ով գիտե, ինչեր անեն միասին։
Վերջապես շշնջյունները ընդհատվեցին, տիկինը լսեց Վեքիլյանի քայլերի ձայնը։ Նա հեռացավ դռնից, որ յուր լրտեսությունը չնկատվի։ Վեքիլյանը շտապով դուրս եկավ և, առանց տիկնոջ կողմը նայելու, անցավ ու հեռացավ։ Աննան անմիջապես մտավ Պյոտր Սոլոմոնիչի սենյակը։ Խալաթը հագին, թախտի վրա երեսն ի վեր տարածված, հիվանդը նայում էր առաստաղին՝ մտածմունքի մեջ։ Նա յուր առողջ ձեռում բռնած էր մի թերթ գրոտած թուղթ, որը շտապեց թաքցնել բարձի տակ։
Ի՞նչպես ես այժմ. հարցրեց տիկինը, ներքին խռովությունից շրթունքները կրծելով և նայելով ծերունու ձեռքին։
Հը՞մ, մրմնջաց հիվանդը անորոշաբար:
Լա՞վ ես։
Շշաա՜ատ, պատասխանեց հիվանդը դանդաղ և թլված լեզվով։
Արդարև, կարծես, նա կենդանություն էր ստացել։ Նրա ապշած աչքերը նայում էին աշխույժով։ Այս փոփոխությունը տիկնոջը վախեցրեց. չլինի՛ թե հիվանդը առողջանում է։ Նա հետաքրքրված էր բարձի տակ թաքցրած թղթի բովանդակությունով։ Նա համոզված էր, որ դա ծերունու կտակն է։
Այնքան երկար ժամանակ ինչի՜ մասին էիր խոսում Վեքիլյանի հետ, հարցրեց տիկինը, չկարողանալով զսպել յուր անհամբերությունը։
Վըոչչի՛նչ...
Հիվանդը երեսը դարձրեց պատին, ավելի ամուր սեղմելով բարձը: Կինը նայեց նրան՝ գոսացած ոտներից սկսած մինչև զառամյալ գլուխը, ոտը խփեց հատակին և ամբողջ մարմնով ցնցվեց։ Չկար այդ վայրկյանին նրա համար ավելի ատելի, ավելի զազրելի մի բան աշխարհի երեսին, քան այդ քայքայված մարմինը, որի մեջ տակավին ապրում էր անողոք հոգին։
Ահա նա, ահա այն անիծյալ ծերունին, որ տարիների ընթացքում ծծել է նրա երիտասարդական թարմ արյունը, ապրել է նրա կյանքի հյութով ինչպես մի տզրուկ։ Իսկ այժմ, երբ նա պարտավոր է այդ բոլորի գինը վճարել, երե՞ս է դարձնում, չի ուզում անգամ խոսել նրա հետ։ Ո՛չ, կոպիտ անդամալույծ, ո՛չ, անխիղճ ծերունի, ո՛չ, դու պետք է խոսես քո օրինավոր կնոջ հետ։ Դու հենց այս րոպեիս, քանի ուշ չէ, քանի որ քո ատելի հոգին «սատանաների բաժին» չի դարձել, պարտավոր ես հայտնել քո կամքը, ապա թե ոչ... Կատաղած տիկինը բռունցքները սեղմեց, մի քայլ առաջ դրեց, աչքերը պսպղացնելով և ատամների արանքից դողդոջուն ձայնով արտասանեց.
Մի՛ մոռանար, որ դու երեխաներ ունես...
Ծերունին երեսը մի քիչ շուռ տվեց նրա կողմը։ Մի չարախնդիր ժպիտ աղավաղեց նրա դալկացած դեմքը և մի կծու հեգնություն պսպղաց նրա աչքերի մեջ։ Դեռևս նրա ուղեղը այնքան տկար չէր, որ չկարողանար հասկանալ կնոջ միտքը։ «Էհե՛, քարասիրտ գեղեցկուհի, կարծում էիր մինչև վերջը կարո՞ղ ես խաբել քո մարդուն։ Կարծում էիր ինձ գերեզման գլորելով, ինքդ իմ հարստությունով նոր կյա՞նք կվայելես մի ուրիշի, մի որևէ գեղեցիկ, առողջ երիտասարդի հետ։ Չէ, չէ, հույսդ կտրի՛ր»։
Երկուսն էլ լուռ էին, բայց երկուսն էլ իրար հասկանում էին։ Մերթ ընդ մերթ ծերունին գլուխը բարձրացնում էր և դեպի դուրս ականջ դնում։ Երևում էր, նա մեկին ամեն րոպե սպասում է և շատ բարկանում էր, որ այդ մեկը ուշանում է։
Զզանգակկը, արտասանեց, վերջապես նա, աչքերը սևեռելով դռներին և, միևնույն ժամանակ, ձեռը ավելի սեղմելով բարձին։
Տիկինը տատանման մեջ էր մնա՞լ արդյոք մինչև վերջը, տեսնե՞լ թե ով պետք է գա, ի՞նչ պետք է վճռեն և հասաատեն, թե՞ թքել և դուրս գնալ։ Մի քանի վայրկյան անցած, ծանր շունչ քաշելով և Վեքիլյանի հետ բարձր ձայնով խոսելով, ներս մտավ Ամբակում Աֆանասևիչը։ Նրանց հետևից շեկ ու երկայն մորուքով մի պարոն կռնատակին պահած մի կաշվե թղթապանակ և հետո երկու ուրիշ անծանոթ մարդիկ։
Պյոտր Սոլոմոնիչը նշաններով առաջարկեց յուր ամուսնուն դուրս գնալ։ Բայց միայն մի քանի օտար հյուրերի ներկայությունը ստիպեց Աննային թողնել այնտեղը, ուր վճռվում էր նրա ճակատագիրը: Նա ակամա քայլերով դուրս գնաց։ Նրա հետևից Վեքիլյանը հանդգնաբար դռները փակեց։
Նա մնաց մենակ և հուսահատված։ Թվում էր նրան, որ այնտեղ հավաքվել են մի խումբ ավազակներ և կողոպտում են նրա տուն ու տեղը, հարստությունը և ամբողջ բախտը։ Եվ ավազակների պարագլուխն է յուր ազգականը, այդ սափրած, հղկված, կոլորիկ դեմքով, սուր աչքերով փաստաբանը, որ հրացանի ու դաշույնի տեղ գործ է դնում գրիչ և խորամանկություն։
Նա պատրաստ էր գոռալ բարձրաձայն։ «Օգնեցե՛ք, կողոպտեցին»։ Նա ուզում էր դռները կոտրել, ներս վազել, ապտակել մեկին, մյուսին, վռնդել բոլորին յուր սեփական տնից։ Բայց ի՛նչ, նա մի թույլ կին է, անտեր, անպաշտպան։ Օ՜օ անգութներ, օ՜о անաստվածներ, ինչո՞ւ այդպես ջախջախում եք նրա փայփայած հույսերը։ Տասնուչորս տարի տանջվելուց հետո մի՞թե նա իրավունք չուներ գոնե տասնուչորս տարի էլ ապրելու։ Եվ քանի-քանի երիտասարդներ կային, որ կարող էին նրան երջանկացնել. նա մինչև անգամ չգիտեր նրանցից որին ընտրել։ Այժմ ի՛նչ առաջարկե յուր ընտրելիին, եթե նրանից խլում եք ամենամեծ հրապույրը հարստությունը։ Գեղեցկությո՞ւնը, о՜о, նա թառամում է, կորչում, մի քանի տարի ևս, և այնուհետև ինչի՞ կնմանի նա։
Անցավ մի ժամ, մի ամբողջ դառն և անտանելի ժամ։ Բանալին դռան մեջ պտույտ եկավ։ Տիկինը վազեց սենյակի անկյունում դրած պահարանի մոտ և սկսեց այնտեղ իբրև թե ինչ-որ որոնել։
Աննա Պավլովնա, Պյոտր Սոլոմոնիչը կանչում է, լսվեց Վեքիլյանի պաղ ձայնը։
Երբ տիկինը շփոթված ներս մտավ, բոլոր հյուրերը հարգանքով ոտքի կանգնեցին և մի անգամ ևս գլուխ տվեցին։ Ծերունին հրավիրեց նրան նստել, հետո անմիջապես խնդրեց շիկամորուս նոտարին կարդալ յուր ձեռի թուղթը։
Կտակը գրված էր մանրամասն։ Առաջին մասը պարունակում էր բարեգործություններ։ Էջմիածնի վանքին տասը հազար, Ներսեսյան դպրոցին մի շարք խանութներ, քաղաքային ինքնավարոթյանը քսանուհինգ հազար ռուբլու տոկոսաբեր թղթեր երեք որդեգիր պահելու համար։ Եվ բոլորը Պյոտր Սոլոմոնիչ Բախտամյանի և միմիայն նրա անունով։ Կարծես, ծերունին վճռել էր յուր անունը անմահացնել։
Բայց կար մի հատված, որի կարդալու միջոցին ծերունին խորհրդավոր կերպով գլուխը շարժեց, աչքերը հառելով կնոջ երեսին։ Նա կտակում էր յուր քրոջ դուստր Գայանե Բարաթյանին երեսուն հազար ռուբլի զուտ փող ինչպես սեփականություն։ Կտակում էր դարձյալ նրան երեսուն հազար ռուբլի, որ այս գումարով բաց անի աղքատ աղջիկների համար մի ուսումնարան յուր անունով։
«Այսինքն ուսումնարանը պետք է լինի Գայանեի ուսումնարանը և ոչ թե տիկին Բախտամյանի։ Թող հայերը որդոց որդի օրհնեն իմ Գայանեի անունը և հիշատակը»։
Կտակած գումարները ծերունու մահվան քառասունքի օրը տոկոսաբեր թղթերով պետք է հանձնվեին Գայանեին: Կտակակատարներին ոչինչ իրավունք չէր տրվում ուսումնարանի վերաբերմամբ։ Տիկինը շրթունքները ատամներով այնքան ամուր սեղմեց, որ նրանք սպիտակեցին, հետո կարմրեցին, հետո կապտեցին։
Նոտարը շարունակեց։ Մնացյալ կարողությունը ծերունին թողնում էր յուր զավակներին։ Կտակակատար և խնամակալ նշանակվում էին Ամբակում Աֆանասևիչը և Վեքիլյանը մինչև ծերունու աղջկերանց չափահաս դառնալը: Այնուհետև հարստությունը հավասար չափով բաժանվում էր երկու քույրերի մեջ պայմանով, որ նրանց ամուսնանալուց հետո անձնապես իրանց պատկանի, առանց որևէ իրավունքի ամուսինների կողմից։
Բոլոր գործերը պետք է կառավարեին խնամակալները։ Նույնիսկ ընտանիքի ծախսերը նրանք պետք է անեին, նույնպես հոգային Լիզոչկայի և Էլեչկայի կրթության մասին: Այդ բոլորի համար նշանակված էր այնքան, որ ավելորդ շռայլություն թույլ չէր տալիս։ Եթե տիկին Բախտամյանր կամենար ամուսնանալ, զրկվում էր ծախսերից, իսկ զավակները մնում էին խնամակալների հսկողության տակ, թեև իրանց մոր մոտ։ Մի խոսքով, տիկնոջը ոչինչ իրավունք չէր հատկացվում, բացի այն, որ նա նշանակվում էր մի տեսակ պատվավոր աղախին յուր զավակների համար գրեթե մի փոր հացի գնով։
Երբ նոտարը վերջացրեց ընթերցումը, բոլորը մեքենայաբար նայեցին տիկնոջ երեսին և հետո սենյակի հատակին։ Նա կանգնած էր. անշարժ, անլուր, դժգույն, ինչպես արձան։ Հանկարծ նրա աչքերը վառվեցին, կուրծքը բարձրացավ, բուռն արցունքը խեղդելով նրա կոկորդը, դուրս թափվեց նրա գունատ երեսի վրա։ Նա ընկղմվեց բազկաթոռի վրա և սկսեց հեկեկալ...