Alexander Shirvanzadeh

Արսեն Դիմաքսյան

Առաջին մաս, III-V

III

Երկու շաբաթ պարապելուց հետո Դիմաքսյանը ծրագիրը պատրաստեց և մի երեկո կարդաց բոլոր ուսուցիչների ու վերակացուների ժողովում։

Նա հիմնիվեր պախարակում էր դասատվության եղանակը, ուսուցիչների հարաբերոթյան ձևը աշակերտներh հետ։ Նա ավելորդ էր համարում շատ ավանդվող առարկաներ և փոխարենը առաջարկում էր նորերը։ Գլխավոր կետը աշակերտների բարոյական սնունդն էր։ Այս մասին նա խոսում էր ոգևորված, ոչ իբրև ծրագիր կազմող, այլ ինչպես անմեղների մի տաղանդավոր պաշտպան։

Ոչ ոք նկատողություն չարեց նրան կարդալու միջոցին։ Մի քանիսը միայն երկդիմի հայացքներ ձգեցին միմյանց էրեսին։ Նա վերջացրեց, թաշկինակով սրբեց ճակատը և, փոքրիկ ոսկրոտ ձեռները գնելով ձեռագրի վրա, նայեց աջ ու ձախ, պատրաստ նկատողոթյուններին պատասխանելու: Ընդհանուր լռությունը ընդհատեց տեսուչը շատ մեղմ ձայնով և զգույշ ձևով:

Պարոն Դիմաքսյան, դուք վատաբանում եք մեր դպրոցը և, խոսք չունեմ, վատաբանում եք շատ տաղանդավոր կերպով։ Բայց մի բան, ձեր բուն ծրագիրը, եթե թույլ կտաք այսպես ասել, շատ, ը՜ըը՜, շատ տարօրինակ է ինձ համար։

Ոչ թե տարօրինակ է, այլ ծրագիր բոլորովին չկա, ավելացրեց գերմանական մանկավարժը։

Մեկի սառն նկատողությունը, մյուսի խորամանկ և կծու ծիծաղը կատաղեցրին Դիմաքսյանին։ Նա, որ համոզված էր յուր մտքերի անպայման ճշմարտությանը, ինչպես մի մոլեռանդ կղերական, ծաղրվո՞ւմ է բացարձակ։ Ո՛չ, այդ անկարելի է։

Նրա դեմքը գունատվեց, աչքերի մեջ փայլեց կատաղության հուրը։ Փոքրիկ մարմինը վեր թռավ աթոռից, ինչպես հանկարծակի հրազարկ եղած և կաշկանդեց ամենքի ուշքը։

Բռունցքը զարկելով սեղանին, նա գոչեց,

Ո՛չ, պարոններ, անկեղծությունը, միայն անկեղծությունը կարող է գործ առաջացնել։ Խոստովանեցեք, որ իմ գրածը ձեզանից շատերի քիմքին միայն դուր չի գալիս, բայց ծրագիր է և նոր գաղափարներով տոգորված ծրագիր։

Այո՛, պատասխանեց գերմանական մանկավարժը, նոր գաղափարներով, որոնք հակասում են նույնիսկ ձեր նպատակին։ Դուք գանգատվում եք, թե մեր դպրոցում բարոյական դիսցիպլինա չկա, իսկ ինքներդ կատարյալ անիշխանություն եք քարոզում:

Անիշխանոթյո՞ւն. ո՛չ երբեք։ Նա քարոզում է աշակերտական մաքուր զգացումների ազատություն։ Ուսուցելը կամ վերակացուն չպիտի լինի աշակերտի կամքի լիազոր տերը, այլ նրա առաջնորդը և խորհրդատուն։ Ոչ ոք իրավունք չունի կաշկանդել անհատի միտքը, բռնի ուժով հանել նրա գլխից մեկը դնել մյուսը, որքան ևս փոքր լինի անհատը։ Պետք է ազատություն տալ աշակերտի մտավոր և բարոյական հատկանիշների զարգացմանը։ Եթե նա ընկերոջը ծեծում է և հայհոյում, մեղավորը ուսուցիչներն են.

Դուք եք, պարոններ, շարունակեց նա, ավելի ոգևորվելով, դուք, որ մանուկ հասակից նրան սովորեցնում եք անպայման հնազանդության, ձեր կամքի, ձեր խելքի, ձեր հասկացողության, ձեր դատողության օրենքներին։ Դուք կատարում եք մտքի բռնակալների դեր և այն էլ մատաղ մտքերի։ Ի սեր ազատ բնության, հեռո՛ւ պահեցեք նոր սերունդը ձեր եսի ազդեցությունից, եղեք ժամանակակից կրթության միջնորդներ և ոչ ճնշող մեքենաներ։ Թույլ տվեք աշակերտի անհատական ուժերն անկախ զարգանան, միայն հետևեցեք, որ նրանք չփչանան վատ ուղղությամբ։ Անպայման բացակայություն խստության ահա իմ առաջարկած դիսցիպլինան։

Նրա ճառն ազդեց մի քանի երիտասարդ ուսուցիչների վրա: Ոմանք բացարձակ հայտնեցին իրանց հավանությունը։ Սակայն մեծամասնությունը հակաճառեց։ Բարձրացավ անասելի աղմուկ քսան ու հինգ հոգուց բաղկացած ժողովում։ Մի կողմից Դիմաքսյանի կողմնակիցները, մյուս կողմից գերմանական մանկավարժը, տեսուչը և մի ստվար խումբ սկսեցին բարձրաձայն վիճել մինչև կեսգիշեր։ Հետևյալ առավոտ վերակացուներից մեկը թեթևամտաբար պատմեց բարձր դասարան աշակերտների առաջ նախընթաց երեկոյին տեղի ունեցած եղելությունը։ Անմիջապես կազմվեց համակրողներից մի խումբ, և Դիմաքսյանը աշակերտների շրջանումն էլ կողմնակիցներ ունեցավ։ Դասերից հետո, երբ նա դուրս էր գալիս դպրոցից, փողոցի դռան մոտ մութ անկյունում հավաքված մի քանի հասակավոր աշակերտներ գաղտնի ծափահարեցին նրան։ Նա ոգևորվեց, մոռացավ յուր կրած անախորժությունը, սրտում զգաց մի տեսակ ուրախություն։ Մի վայրկյան նրան թվաց, թե ինքը հալածվածների ու թույլերի պաշտպան է: Եվ նրա սրտում զարկեց հերոսական փառասիրության երակը: Նույն օրը երեկոյան նա պաշտոնակիցների հետ ունեցած ընդհարումը պատմեց յուր մոտ ժողովված ընկերներին։ Բոլորը միաձայն արտահայտեցին իրանց համակրությունը։ Միայն իրավաբան Վեքիլյանը նկատեց, թե չպիտի շատ էլ ոգևորվել. «հարկավոր է ամեն մի միտք զգույշ քարոզել»։

Զգույշ, զգույշ, գոչեց Մսերյանը սրտմտությամբ, դու էլ միշտ քո երգն ես երգում։

Ոչ ոք Դիմաքսյանին այնքան չէր համակրում, որքան այդ «անուղղելի իդեալիստը»։ Գուցե այդ էր պատճառը, որ Դիմաքսյանն ամենից ավելի նրա հետ էր մտերիմ և նրան էր սիրում ու հարգում։ Նա խրախուսեց Դիմաքսյանին, առաջ բերելով նոր գաղափարների համար հերոսացած մարդկանց կյանքից օրինակներ։

Բարաթյանը ծիծաղեց նրա վրա։ Մի՞թե կարելի է հսկաների օրինակները ամեն մի չնչին բանի համար հիշել։ Կարծես, մի երևելի բան է մի խումբ կիսակիրթ ուսուցիչների դեմ մաքառելը։ Եվ, խոսակցության նյութը փոխելով, առաջարկեց ընկերներին մի քիչ զվարճանալ։

Պարոններ, եղեք գործիչներ կամ կործանիչներ, ինչ կամենաք, բայց մի՛ մոռանաք, որ մեր կյանքը անցողիկ է։ Պետք է դառնությունների հետ զվարճություն էլ վայելել։ Այդ օրը Դիմաքսյանը ռոճիկ էր ստացել։ Նա պատվիրեց Սիրականին ընթրիք պատրաստել։ Շուտով ընկերական շրջանը նստեց սեղանի շուրջը բաց ախորժակով, ազատ, համարձակ, ինչպես պարզ ուսանողներ։ Նրանք սկսեցին այնպես զվարճանալ, խոսել ու վիճել, որ դրսից լսողը կկարծեր, թե սենյակը լիքն է հանդիսականներով։ Գինին կրկնապատկել էր մի քանիսի ոգևորությունը։ Մսերյանը սկսեց մի հին ուսանողական երգ։ Բժիշկ Սալամբեկյանը ընդհատեց նրան ժողովրդական մի մելամաղձիկ երգով։ Իրավաբան Վեքիլյանը շարունակ ժպտում էր և աշխատում ցույց տալ, թե անկեղծ զվարճանում է։ Բարաթյանը առանձին ուրախ տրամադրության մեջ էր։ Նա սրախոսում էր սովորականից շատ և ավելի հաջող։ Առհասարակ ընկերական խնջույքներում նա հայտնի էր ինչպես ամենազվարթ սեղանակից։ Ուտում էր նա անփույթ կերպով և անընդհատ խոսելով, և ուտում էր ամենից շատ և յուր հաստ շրթունքները այնպես շարժելով, որ ուրիշների ախորժակին էլ նպաստում էր: Վեքիլյան, ես քո գիրքը չեմ հավանում, նկատեց Մսերյանը, միշտ լուռ, միշտ զգույշ, հեր օրհնած, մի անգամ չտեսա, որ դու ոգևորվես ընկերներիդ շրջանում։

Է՜հ, անցան ուսանողական օրերը, կյանքը մարդու վրա ազդում է, միշտ չի կարելի ուրախանալ։

Այս խոսքերը նա արտասանեց մի այնպիսի փիլիսոփայական եղանակով, որ, կարծես, վաղուց անցել էր կյանքի մշակող քուրան։ Այդ էր, որ վրդովեցրեց Մսերյանին, որ առանց այն էլ մտքում շատ էլ չէր համակրում իրավաբանին։

Աստված սիրես, գոչեց նա, ինձ մոտ կյանքի մասին մի խոսիր։ Տեսնո՞ւմ ես գլխիս մազերը, նրանք շատ օրեր են տեսել, ի՜նչ ես լրջամիտ ծերունի ձևանում։

Արդարև, Մսերյանը շատ օրեր էր տեսել, դառն օրեր։ Տասը տարեկան հասակում նա զրկվել էր ծնողներից, մնացել էր թշվառ, անօգնական։ Մի բարեսիրտ մարդ նրան վերցրել էր յուր հովանավորության տակ։ Մեռել էր այդ բարեսիրտ մարդն էլ, և նա դարձյալ մնացել էր անպաշտպան։ Ուսանող լինելով, շաբաթներով տաք կերակրի երես չէր տեսել, ապրել էր խոնավ նկուղներում, ընկերացել էր ամեն տեսակ մուրացկանների հետ։ Երեք ձմեռ հյուսիսի կլիմայում անց էր կացրել առանց վերարկուի։ Երկու տարի միայն նա կանոնավոր կացարան և կերակուր էր ունեցել։ Թափառել էր քաղաքից քաղաք ապերախտ ընկերների չար լեզուների պատճառով։

Այդ բոլորը հայտնի էր Վեքիլյանին, որ այժմ նրա առջև կենսական փիլիսոփայի քղամիդ էր հագնում։ Այն Վեքիլյանին, որ ապրել և սնվել էր ապահով ծնողների գգվանքով և գուցե չէր կարող հասկանալ, թե ինչ ասել է «չար աստղի տակ» ծնված լինել։

Լսեցե՛ք, ընկերներ, լսի՛ր, Վեքիլյան, արտասանեց Մսերյանը հուզված ձայնով, կյանքը միայն նրան է ճնշում, ով յուր ուսերը տխմարի պես դեմ է տալիս նրա հարվածներին։ Մաքառեցեք անդադար, և դուք միշտ կծիծաղեք նրա վրա։ Կեցցե' վիշտ, որ մաքրում է մարդուն, ինչպես կրակը ոսկուն… Եվ նա, բաժակը բարձրացնելով, զարկեց Դիմաքսյանի բաժակին: Նրանց հայացքների մեջ նշմարելի էր փոխադարձ անկեղծ ընկերական խորին համակրություն։ Յուր կրած հալածանքների և թշվառությունների շնորհիվ Մսերյանը գրավել էր անխտիր բոլոր ընկերների համակրությունը։ Միայն Վեքիլյանն էր, որ մտքում հեգնությամբ էր վերաբերվում դեպի իդեալիստը։ Սրա կարծիքով Մսերյանի կրած դառնություններն առաջացել էին յուր թուլությունից։ Նա ոչինչ նշանակություն չէր տալիս նրա անցյալին, քանի ոո այդ անցյալը ներկայի համար մի գործնական հետևանք չի ունեցել։ Չէ՞ որ Մսերյանը նույնն է, ինչ որ էր տասը տարի առաջ միշտ ոգևորվող, միշտ պատանի։ Նրա մտքերի մեջ չկա մի որոշ կապ, նա չունի ամուր աշխարհայացք, զտված, պարզված գաղափար, որի առջև նսեմանային մյուս բոլոր գաղափարները և նա կարողանար անձնատուր լինել մի որևէ նպատակի իրագործման։ Նա գիտե միայն խոսել, հափշտակվել և ուրիշներին ոգևորել։ Նրա դերը անորոշ է կյանքի մեջ։ Ոչ, Վեքիլյանը Մսերյան չէ և չի էլ ուզում նրան նմանվել, երբեք։

Ընկերները ցրվելուց հետո Դիմաքսյանը երկար ժամանակ չկարողացավ այդ գիշեր քնել։ Նրա նյարդերը գրգռված էին աղմկալի խոսակցությունից։ Մեջքի վրա անկողնում պառկած, անորոշ հայացքը ուղղել էր առաստաղին։ Նրա միտքը զբաղված էր ապագայով։ Ահա այն կյանքը, որին նա վաղուց փափագում էր, այն երկիրը, այն շրջանը, դեպի ուր ձգտում էր ուսանողական շրջանից։ Վերջապես, նա գտնվում է այն հողի վրա, ուր պետք է ցանե տարիների ընթացքում ժողոված սերմերը։ О՜о՜, որքան հետ է մնացել նրա մայրենի ժողովուրդը այն ազգերից, որոնց հետ նա շփվել է վեց տարի շարունակ և որոնց քաղաքակրրթության արգասիքները տեսել է աչքով։ Ո՜րքան տարբերություն այնտեղի և այստեղի, այն կյանքի և այս կյանքի մեջ... Այն բազմաթիվ գաղափարները, որ բարդվել էին նրա գլխում, գործադրության ելք էին որոնում։ Մի ներքին հոգեկան ուժ վառում էր նրա սիրտը անզուսպ եռանդով: Թվում էր նրան, թե կյանքը շատ կարճ է այդ բոլոր գաղափարների մի չնչին մասն անգամ իրագործելու համար։ Տակավին քսան ու վեց տարեկան նա զգում էր, թե արդեն շատ ժամանակ է կորցրել ապարդյուն։ Մյուս կողմից նախանձը գրգռվում էր նրա սրտում, երբ հիշում էր անմահ մարդկանց, որ պատանեկան հասակում արդեն անուն էին վաստակել։ Ահա հենց այդ անմահների ստվերներն էին, որ մղում էին նրան դեպի առաջ, որ գիշեր-ցերեկ հալածում էին նրա միտքը և խոստանում նախանձելի ապագա։ Այո՛, նախանձելի, որովհետև նա չի մնալ անհայտության մեջ, նա յուր կյանքը չի թաղիլ խավարում։ Նա բաց կանի ուժերով մի նոր ասպարեզ, ուր նրա անունը կփայլի ինչպես մի մենավոր պայծառ աստղ։ Մարդիկ կճանաչեն նրան, կլսեն նրա պատգամախոս ձայնը։ Նա կառաջնորդե յուր հայրենակիցներին դեպի լույս, արդարություն, ճշմարտություն։ Ամբոխը, ողորմելի, եղկելի ասիական ամբոխը կզգա նրա ուժը, կսկսի հետևել նրան, փառաբանել, երկրպագություն տալ նրա հանճարին, ծափահարել նրա ամեն մի քայլը։ Եվ կվաստակի նա մարդկային մտքի և խելքի ղեկավարի զորավոր անունը, և՛ կանմահացնի նա այդ անունը, և՜ ապագա սերունդները կդրոշմեն նրան պատմության էջերում։ Ինչ փույթ, որ նա մի փոքրիկ, ցիրուցան եղած ազգի զավակ է։ Սուտ է, թե միայն մեծ ազգերն են մեծ մարդիկ ծնում։ Իսկ չորս հազարամյա գոյությունը, իսկ փառավոր պատմական անցյա՞լը, միթե մի ազգի համար այդ ոչինչ նշանակություն չունե՞։ Ինչո՞ւ ուրեմն չհու՞սա, որ հասել է այն օրը, երբ այդ փոքրիկ, աննշան ազգը փարթամ մարդկությանը պետք է տա մի հանճար, որ տառապյալ, խավարամիտ և դարավոր մթության մեջ դեգերվող ժողովրդի մեջ ռեֆորմատորի անունը վաստակած լինի։ Եվ այդ հանճարը պետք է լինի ինքը Արսեն Դիմաքսյանը։

Գրավված այս մտքերով, Դիմաքսյանը անգիտակցաբար բարձրացել էր անկողնից և գիշերային շապկով քայլում էր սենյակում։ Նրա փոքրիկ մարմնի ստվերը սահում էր պատերի վրա, մերթ հասնելով առաստաղին, մերթ ընկնելով հատակի վրա։ Հանկարծ նրա հայացքը հանդիպեց յուր ստվերին, և նա կանգ առավ ու նայեց։ Նա զգաց մի ցնցում և ոտքը ամուր խփեց հատակին: Նա ինքն իրան թվաց այնքան փոքր, այնքան աննշան, այնքան ողորմելի, որ վրդովվեց։ Առաջին անգամը չէր, որ այդ միտքը գրգռում էր նրան գիշերային լռիկ մենության մեջ:

Մի՞թե, միթե այս փոքրիկ մարմնի մեջ այնքան զորեղ հոգի կա, որ մի ամբողջ ժողովրդի գլուխ լինի, գոչեց նա լսելի ձայնով։

Սակայն նույն վայրկյանին նա շփեց ճակատը, հեռացրեց իրանից հանկարծակի պաշարած կասկածը և նորից անձնատուր եղավ յուր երևակայություններին։

IV


Դիմաքսյանի ընկերներից Բարաթյանը և Վեքիլյանը բուն թիֆլիսեցիներ էին, իսկ Սալամբեկյանը և Մսերյանը գավառացիներ։

Ամենից շատ ծանոթներ և կապեր ուներ Թիֆլիսում Վեքիլյանը, հետո Բարաթյանը։ Մյուսների համար տեղական հասարակությունը դեռ անծանոթ աշխարհ էր, մանավանդ Մսիրյանի, որ առհասարակ խույս էր տալիս բազմաթիվ ծանոթներից։

Այլ էր Բարաթյանը։ Այդ զվարճասեր երիտասարդի համար հասարակությունը ուներ շատ հրապուրիչ պայմաններ, ինչպես և՛ ինքը շատերի համար ուներ նույն պայմանները։ Նրա ճարպիկ լեզուն, շնորհալի ձևերը, սիրալիր ժպիտները, գեղեցիկ պարելը, վերջապես, արտասահմանյան կրթության հռչակը, եվրոպական լեզուներ իմանալը բաց արեցին նրա համար շատ դռներ։ Իսկ Վեքիլյանը ծանոթացրեց նրան բոլոր յուր ազգական ընտանիքների հետ, որոնց թիվը շատ էր։ Օր չէր լինում, որ նրանք միասին հյուր չլինեին այս կամ այն ընտանիքում։ Ամեն տեղ Բարաթյանին ընդունում էին հաճությամբ, մանավանդ, որ նրա գերդաստանը քաղաքում բավական հայտնի էր։ Պատահում էր, որ այս կամ այն տիկինը մի անգամ մի հանդիսում Բարաթյանին տեսնելով, դառնում էր Վեքիլյանին։ Ծանոթացրեք ինձ ձեր ընկերոջ հետ, նա ինձ դուր է գալիս:

Իսկ երբ Բարաթյանը ծանոթանում էր, իսկույն հյուր էր հրավիրվում։ Եվ ոչ մի հրավեր չէր ձանձրացնում նրան: Ահա ինչու չորս ամիս չկար, որ նա վերադարձել էր արտասահմանից, և արդեն նրա ազգանունը պտտում էր զանազան շրջաններում։

Այդ շրջաններից տակավին հեռու էր Դիմաքսյանը։ Նա թեև Մսերյանի պես չէր արհամարհում հասարակությանը, սակայն, զբաղված լինելով յուր ներքին աշխարհով, յուր գաղափարներով, վեճերով ու ծրագրներով, առանձնապես չէր էլ մտածում ծանոթությունների մասին։ Բայց կային մարդիկ, որ իրանք էին ձգտում նրանց մոտենալ։ Նույնիսկ մի քանի ընտանիքներ փափագ էին հայտնում՝ նրան իրանց հարկի տակ տեսնել։

Բերեք ձեր օրիժինալին մեզ մոտ, ասաց մի օր մեկը Բարաթյանին։

Դա տիկին Բախտամյանն էր, Վեքիլյանի ազգականուհիներից մեկը։ Տիկինը սիրում էր ծանոթություններ, առանձին հակումն ուներ դեպի այն երիտասարդները, որոնք իրանց ուսումով, հասարակական գործերով և անունով քիչ թե շատ աչքի էին ընկնում։ Նա նրանց հետ վիճաբանում էր, դատում էր և առհասարակ աշխատում էր ժամանակակից ինտելիգենտ կնոջ դեր կատարել։

Մի օր Բարաթյանը Դիմաքսյանին ներկայացրեց տիկնոջը, որ յուր սովորության համեմատ նրան հրավիրեց յուր տունը։ Իսկապես Դիմաքսյանն աոաջին անգամից լավ տպավորություն չէր գործել տիկնոջ վրա յուր աննշան տեսքով: Բայց որովհետև նրա անունը երիտասարդության մեջ բավական հռչակ էր ստացել, ուստի ինտելիգենտ կինը կամեցավ այդ մեկին էլ անպատճառ յուր տանը տեսնել:

Առաջին պաշտոնական այցելությունից հետս, Դիմաքսյանը նորից հրավիրվեց Բախտամյանների մոտ։ Եվ մի երեկո նա, զիջանելով Բարաթյանի թախանձանքին, գնաց այնտեղ իբրև արդեն ընտանեկան ծանոթ։

Տիկնոջ ամուսինը Պյոտր Սոլոմոնիչ Բախտամյանը նոր էր տնից դուրս եկել գործով և հետո պետք է գնար քաղաքային խորհրդի նիստը։ Ինքնավարության առաջին կարգի իրավասու էր և երբեք մի նիստ բաց չէր թողե:

Սենյակի խորքում խաղում էին երկու մանկահասակ աղջիկներ՝ չորս և վեց տարեկան։ Տիկնոջ զավակներն էին։ Թեյի սեղանի շուրջը նրա հետ նստած էին մի դեռահաս աղջիկ գիմնազիոնի համազգեստով և մի չափահաս օրիորդ։ Պյոտր Սոլոմոնիչի հանգուցյալ քրոջ զավակներն էին, որ ապրում էին նրա տանը։

Տնային բաց գույնի հագուստով, մազերը խնամքով սանրած, սպիտակ թևերը կիսով չափ բաց տիկինը յուր տարիքից ավելի երիտասարդ էր երևում, թեև առանց այդ էլ նրա տարիքը քսան ու յոթից չէին ացնում։ Նա քաղաքում շատերի համար գեղեցկուհի էր յուր սև աչքունքով, դեմքի թարմ գույնով, կարմրախայտ լիք-լիք այտերով և բավական ուռած կրծքով։ Նա հյուրերին ընդունեց նազելի շարժվածքով տեղից բարձրանալով և քաղցր ժպտալով առանձնապես Բարաթյանի երեսին։

Դիմաքսյանը, որ սովորաբար ամոթխած էր, շիկնեց ու շփոթվեց տիկնոջ ձեռքը սեղմելիս։ Գիմնազիոնի աշակերտուհին, հայտնի չէր ինչու, ծիծաղեց և վազեց մյուս սենյակ։

Գայանեն այսպես էր մեծ օրիորդի անունը համեստ, հանդարտ կերպով մեկնեց Դիմաքսյանին յուր ձեռը։ Դա մոտ քսաներկու տարեկան, բաց գույնի մազերով փոքր-ինչ թուխ դեմքով, սև հոնքերով և կապույտ աչքերով մի էակ էր, որի դեմքի համեստությունը տիկնոջ աչք ծակող գեղեցկության հակապատկերն էր ներկայացնում։ Հասակով նա տիկնոջ չափ էր, բայց ավելի բարակ և նուրբ կազմվածքով։ Նրա սրածայր և երկայնաձև քիթը բնավ չէր խանգարում դեմքի գծերի կանոնավորությանը, թեև նրա երեսը ցույց էր տալիս մի փոքր երկայնաձև։ Նա հագած էր պարզ տնային հասարակ մեխակագույն հագուստ։

Երևակայեցեք, սկսեց խոսել տիկին Բախտամյանը, սովորական ողջույններից հետո թեյի բաժակը դնելով Դիմաքսյանի առջև, իսկույն ես ու Գայանեն մի շատ ժամանակակից հարցի մասին էինք վիճում, որ դուք եկաք: Ասացեք, խնդրեմ, միթե կինը մեզանում կարո՞ղ է այն դերը կատարել, ինչ որ լուսավորված ազգերի մեջ։ Ես այս մասին պարոն Բարաթյանի հետ էլ խոսել եմ։ Նա ասում է, թե դուք, պարոն Դիմաքսյան, մեր իրավունքները տաք-տաք պաշտպանում եք. շատ ուրախ եմ, շատ ուրախ եմ։ Բայց ինչ օգուտ. կինը միթե մեզանում կարո՞ղ է բերան բաց անել յուր իրավունքների համար, Лизочка не шали, ոչ, ոչ, չէ կարող, մենք Ասիայումն ենք ապրում, հասկանո՞ւմ եք, Ասիայում։ Այնպես չէ՞, պարոն Բարաթյան։

Իհարկե այդպես է։ Միթե ջենտլմեն Բարաթյանը կարո՞ղ է հակառակել ժամանակակից տիկնոջ ասածներին։

Միայն պետք է քաջ լինել, ուշադրություն չդարձնել ուրիշների վրա և ապրել ինչպես եվրոպացի, տիկին, ինչպես եվրոպացի։

Իհարկե, իհարկե, պարոն Բարաթյան, ես էլ այդ եմ ասում։ Ասում են, տիկին Բախտամյանը ազատամիտ կնիկ է, մի՞թե ես չգիտեմ, որ շատերը նախանձից են խոսում։ Եթե ես ուրիշների պես միշտ զուգվելով, զարդարվելով, հանդեսներ գնալով անցկացնեի ամբողջ կյանքս, չէին խոսիլ: Հավատացեք, չէին խոսիլ: Ափսոս, որ մեր տղամարդկանց մեջ էլ քիչ բարեկամներ ունենք։ Ինչ ուզում եք ասեք, տասից ինը վատ աչքով են մտիկ անում լուսավորված կնոջ վրա։ Պարոն Դիմաքսյան, մի բաժակ էլ, էէ՜, լաա՛վ, խմեցեք, ես ցերեմոնիա չեմ սիրում, Лизочка, тише, Элочка, что ты орешь? Տեսնում եք, որ լուրջ բաների մասին ենք խոսում, խելոք նստեցեք ու ականջ դրեք։

Մանկահասակ աղջիկները, որ մի օրինավոր կոնցերտ էին սկսել, ավելի բարձր գռռացին և միմյանց մի երկու բռունցք տալով բաժանվեցին։

Բավական չար են, պարոն Դիմաքսյան, բայց մեղավորը ես եմ, շատ եմ ազատություն տալիս։ Ես նրանց կրթում եմ նոր եղանակով։

Խոսակցությունը տեղի ուներ ռուսերեն։ Տիկինը, որ ազատ տիրում էր այդ լեզվին, ոչ ոքի ժամանակ չէր տալիս բերանը բաց անելու։ Նա շարունակեց նույն եղանակով. անցնելով մի առարկայից մյուսը, կանանց իրավունքներից թատրոն, թատրոնից ճանապարհորդություն։ Մի քանի անգամ ակնարկեց, թե եղել է արտասահմանում ամուսնու հետ, աչքով տեսել է, թե որքան այնտեղ կանայք ազատ են։

Ես հանդիպեցի մի վենգրուհու, որի ամուսինը Իտալիայումն էր ճանապարհորդում, իսկ ինքը գնում էր Շվեյցարիա: Ա՜խ, պարոն Բարաթյան, գոչեց տիկինը հանկարծ խոսքը փոխելով, դուք պարոն Դիմաքսյանին հայտնե՞լ եք մեր ժողովի մասին։ Չե՞ք հայտնել ա՛յ ա՛յ ա՛յ, ինչպե՜ս կարելի է։

Նա պատմեց, թե մի խումբ կանայք վճռել են կանանց բարեգործական ընկերություն կազմել և թե վաղուց է ինքն այս միտքը քարոզում էր, և, վերջապես, հաջողեցրեց։

Գայանեն էլ էր աշխատում, ավելացրեց նա վեհանձնաբար, կարելի է ասել, որ ինիցիատորները հենց մենք ենք, այնպես չէ՞, Գայանե։

Օրիորդը համեստությամբ պատասխանեց, թե ինքը իրան ինիցիատոր չէ համարում։ Տիկինը հակառակեց, և վերջը պարզվեց, որ ընկերություն հիմնելու միտքը առաջին անգամ հայտնել է Բարաթյանը։ Այս նորոթյունը Դիմաքսյանի սրտում զարթեցթեց մի տեսակ անախորժ զգացում։ Ինչպե՞ս, նա, որ այնքան պաշտպանել է և պաշտպանում է կանանց խնդիրը, հանկարծ հեռու է մի գործից, որ կանանց ինքնուրույնության առաջին քայլն է որոշում։ Ահա ինչ ասել է հասարակությունից հեռու ապրել։

Նրա հուզմունքը ավելի սաստկացավ, երբ տիկինը ասաց, թե ապագա ընկերության կանոնադրությունը կազմող մասնաժողովի անդամ է ընտրված և՛ Բարաթյանը։ Նա հայտնեց յուր ուրախությունը, որ հայ կնոջ մեջ, վերջապես, ինքնաճանաչության հոգի է զարթնում։ Բայց, չկարողանալով զսպել իրան, ավելացրեց, թե չէ հավանում, որ կանայք իրանց հենց աոաջին հասարակական գործի մեջ տղամարդկանց էլ խառնում են։ Ավելի լավ է բոլորովին անկախ գործել։ Պետք է հենց սկզբից սովորել ինքնուրույն գործունեության։ Տղամարդի մասնակցությունը կարող է նրանց վրա ճնշում գործել։

Այս բոլորը նա ասաց հանդարտ եղանակով։ Բայց նրա ձայնի մեջ այնուամենայնիվ զգացվում էր ներքին խռովություն։ Տիկինը հակառակեց նրան։ Ոչ, ոչ, կանայք մենակ գործել չեն կարող, տղամարդը միշտ պետք է օգնի նրանց։

Դիմաքսյանը ակամա շփոթվեց և մտքում բարկացավ ինքն յուր վրա։ Պարզ էր, որ Բարաթյանը այսպես թե այնպես վայելում է կանանց համակրությունը։ Ուրեմն անվայել է խախտել այդ համակրությունը և անկարելի։ Խոսակցության նյութը փոխվեց։ Օրիորդ Գայանեն սեղանի վրա դրեց մի քանի տեսակ քաղցրավենիներ, չոր պտուղներ, գինի և մի շիշ քաղցր ըմպելիք։

Այժմ Դիմաքսյանը աշխատում էր լինել զվարթ, անփույթ, համարձակ, ինչպես Բարաթյանը, որ, կարծես, յուր տանը լիներ նստած ազատ, անշփոթ։ Բայց չէր հաջողվում։ Նա զգում էր, ինքն էլ չգիտեր ինչու, որ կաշկանդված դրության մեջ է։ Ստեպ-ստեպ նայում էր օրիորդին, խոսքը միայն նրան էր ուղղում, աշխատում էր լուրջ խոսակցությունից չհեռանալ։

Գայանեն լսում էր նրան հարգանքով, լսում էր նրա ոգևորված խոսքերը նոր սերնդի կրթության, հասարակական կյանքի այս կամ այն փոփոխության, հայրենիքի վիճակի մասին և այլն։ Այդ միջոցին Դիմաքսյանը մոռանում էր հասարակ հյուրի դերը և երևան էր գալիս ինչպես մի երդվյալ քարոզիչ։ Բայց բավական էր Բարաթյանի մի աշխարհիկ դարձվածը, մի սուր նկատողությունը, մի թեթև, անփույթ հեգնությունը, և սենյակի մեջ տարածվում էր օրիորդի և տիկնոջ անկեղծ ու զվարթ ծիծաղը։ Ծիծաղում էր և՛ Օվսաննան, որ մյուս սենյակից վերադարձել էր։

Դիմաքսյանը ուզում էր մասնակցել այդ րնդհանուր զվարճությանը։ Սակայն նրա ծիծաղը հնչում էր կեղծ, կատակը արտահայտվում էր բռնազբոսիկ։ Թվում էր նրան, որ օրիորդը մտքում ծաղրում է նրան, համարում է տաղտկալի փիլիսոփա, տգեղ, այլանդակ, զզվելի։ Այնինչ Գայանեն ոչ մի կերպ, ոչ մի ձևով, բացի հարգանքից և ջերմ համակրությունից, ոչինչ ցույց չէր տալիս նրան։

Ո՞ւր եք շտապում, ասաց տիկինը, տեսնելով, որ Դիմաքսյանը ոտքի կանգնեց, սպասեցեք, խնդրեմ, ամուսինս կգա, միասին կընթրենք։

Դիմաքսյանը չհամաձայնվեց։ Նա հրաժեշտ տվեց։ Նրա հետևից դուրս եկավ Բարաթյանը։ Նրանք լուռ էին և ամեն մեկը զբաղված յուր մտքերով։

Ինչո՞ւ կանգնեցիր, գոչեց Բարաթյանը, տեսնելով որ ընկերը փողոցի մայթի վրա հետ մնաց։

Ցտեսություն, ես կառքով եմ գնում։

Նա թույլ կերպով սեղմեց ընկերոջ ձեռը և բարձրացավ առաջին պատահած կառքի վրա։ Բարաթյանը նայեց նրա հետևից զարմացած և ինքն իրան ասաց.

Ի՞նչ պատահեց այդ մարդուն։

V


Դիմաքսյանը սաստիկ չարացած էր։ Նրա փոքրիկ մարմինը անընդհատ շարժվում էր կառքի մեջ։ Մերթ նա շփում էր կարճլիկ ու նոսր մորուքը, մերթ ձեռը ցնցողաբար զարկում ծնկին։

Տուն հասնելով, նա զղջաց յուր այցելության մասին։ Տիկին Բախտամյանը նրան դուր չէր եկել յուր շատախոսությունով և արվեստական ձևերով։ Այդ կողմից նա արդար էր համարում յուր այն տեսությունը, թե «որքան կինը գեղեցիկ է, այնքան թեթևամիտ է»։

Բայց մյուս կողմից չէ՞ որ օրիորդ Գայանեն էլ տգեղ չէր: Ինչո՞ւ ուրեմն նա դուրեկան է, այնչափ դուրեկան, որ ազդու տպավորություն է գործել Դիմաքսյանի վրա։ Ահա նրա ազատ ծիծաղը, գրավիչ ժպիտները, կապտագույն աչքերի մեղմ և սիրտ թափանցող փայլը։ Ինչո՞ւ յուր սիրունությունով հանդերձ նա «անտանելի» չէ։ Ո՛չ անկարելի է չհարգել մի այդպիսի արարածի։ Եվ մի՞թե սիրուն աչքերը, նուրբ բերանը, գեղեցիկ ատամները կարող են արգելք լինել խելքի բարձրությանը, կամքի հաստատությանը, սրտի վսեմությանը։

Այստեղ Դիմաքսյանի հայացքը դարձյալ ընկավ յուր ստվերի վրա։ Նույն վայրկյանին նա հիշեց Բարաթյանին։ Նա մտքով ինքն իրան համեմատեց յուր ընկերոջ հետ։ Քառորդ ժամ առաջ լուսավոր խանութների առջևով նրանք անցնում էին կից առ կից։ Ամբողջ ուսերով Բարաթյանր բարձր էր նրանից։ Այդ սարսափելի տարբերությունն էր, որ մի վայրկյանում տակնուվրա արեց նրա սիրտը, և նա շտապեց հեռանալ ընկերից, կառք նստել։

Նա մտաբերեց Գայանեի հարաբերությունը Բարաթյանի հետ, նրանց բոլոր ձևերը, խոսելու եղանակը, ամեն ինչ մանրամասնորեն։ Եվ զգաց, որ նրանց մեջ կա մի ինչ-որ լուռ փոխադարձ համակրություն։ Նրա մեջ զարթնեց անբացատրելի ատելություն դեպի երկուսն էլ, մանավանդ դեպի Բարաթյանը։ Ինչո՞ւ նա զվարճանում էր, սրախոսում էր, ազատ ու համարձակ շարժվում ինչպես սեփական տանը։ Իսկ ին՛քը... կարծես, մի աներևույթ չար ձեռք կաշկանդել էր նրան ոտից մինչև գլուխ։ Ինչո՞ւ, միթե այն պատճառով, որ նա փոքրիկ է, աննշան, տգե՞ղ։

Նա սկսեց անցուդարձ անել։ Ներս մտավ Սիրականը, որ նրա կոշիկները տանի սրբելու։

Դիմաքսյանը մի զննող հայացք ձգեց նրա վրա։ Նրա կատաղությունը մեղմացավ, և նա ավելի խորը նայեց ծառայի ծուռումուռ հասակին։ Կարծես, հաճելի էր նրա համար դիտել այդ տգեղ մարդուն, որ լուռ կանգնած էր նրա առաջ յուր աղավաղված բերանը կիսով չափ բաց, շիլ աչքերով և տափակ քթով։

Ճշմարի՞տ է։

Ի՞նչը, աղա։

Դիմաքսյանր երեսը հետ դարձրեց։ Նա խոսում էր մտքում։ Ծառան զարմացած կանգնած էր։ Նա հրամանի էր սպասում։ Իսկ հրաման չկար։

Դիմաքսյանը նստեց և դարձյալ նայեց ծառային։ Մի քանի վայրկյան անցած, նա կամացուկ վեր կացավ տեղից և սկսեց անցուդարձ անել, աշխատելով, որքան հնար է, խոշոր քայլեր անել։ Կարծես, նա մի խորին դրամատիկական դեր է փորձում, որ պետք է կատարեր։ Ստեպ-ստեպ աչքի տակով սուր դիտում էր ծառային։ Իսկ ծառան կանգնած էր, կոշտ ու սևացած ձեռները փորի վրա դրած։ Դիմաքսյանը անցնում էր նրա մոտով։ Եվ նկատելի էր, որ ամեն անգամ անցնելիս ավելի ու ավելի մոտենում է ծառային, ինչպես մի խորամանկ կատու յուր որսին:

Գիշերվա լռության մեջ, կանթեղի աղոտ լույսով, այդ երկու տարօրինակ կերպարանքների հարևանությունը մի խորհրդավոր տեսարան էր ներկայացնում։ Մեկը անշարժ կանգնած էր սենյակի մեջտեղում, մյուսը պտտում էր նրա շուրջը։

Երբեմն Դիմաքսյանը այնքան մոտենում էր Սիրականին, որ քիչ էր մնում նրանց ուսերը միմյանց զարկվեին։ Այժմ ծառան մարմնացած ապշություն էր ներկայացնում։ Նրա հայացքը հետևում էր Դիմաքսյանին։ Կարծես, մի մագնիսական ուժ բևեռել էր նրա ոտները հատակին։ Նա ոչ խոսում էր, ոչ շարժվում և ոչ էլ, կարծես, ուզում էր շունչ քաշել։ Միայն նրա թավամազ երեսը պտտում էր աջ ու ձախ, ինչպես ծխնելույզի թիթեղյա հողմավար։

Հանկարծ Դիմաքսյանը մի վայրկենաչափ կանգ առավ ծառայի կողքին։ Նա ուսը մոտեցրեց Սիրականի ուսին. նայեց նրա աչքերին, ճակատին, կրծքին։ Հետո մի ճարպիկ շարժվածքով հեռացավ նրանից մի քանի քայլ և թույլ ձայնով արտասանեց.

Ի՞նչ կարճ ես, Սիրական։

Եվ բարձրաձայն ծիծաղեց։ Դա մի անսովոր ծիծաղ էր, մի ծիծաղ, որի մեջ չէր զգացվում ո՛չ ծաղր, ո՛չ դառնություն և ո՛չ զվարճություն, այլ ավելի բարկություն։ Դարձյալ խորին տրտմության քողը ծածկեց նրա երեսը։ Նա թուլացած նստեց անկողնակալի վրա, գլուխը թեքեց կրծքին և նշան արեց ծառային, որ դուրս գնա։ Հետո նա նստեց պարապվելու։ Սեղանի վրա ցրված էին զանազան գրքեր, լրագիրներ, ամսագիրներ, ձեռագիրներ, թղթի բազմաթիվ մանր կտորներ, որոնց վրա գրված էին թվանշաններ։

Այս բոլորը նա պատրաստել էր մի ընդարձակ հասարակական դասախոսության համար, որ պետք է կարդար մի ամսից հետո։ Ընկերներին հայտնի չէր նրա այս մտադրությունը, ինքն էլ առայժմ գաղտնի էր պահում։ Քառորդ ժամ անցած պարապմունքը նորից նրան մոռացնել տվեց ամեն ինչ, և նա եռանդով և ոգևորված գրում էր։

Նույն պահին Բարաթյանը յուր սենյակում զբաղված էր այլ մտքերով։ Բաժանվելով Դիմաքսյանից, նա ոչ մի տեղ չուզեց գնալ, վերադարձավ տուն։ Նա մտքում անիծում էր ընկերոջը, որ այնպես շուտ դուրս եկավ Բախտամյանների տնից։ Նա վաղուց համակրում էր օրիորդ Գայանեին։ Թատրոնում և հասարակական այլ և այլ տեղերում ամենից ավելի այդ օրիորդն էր, որ գրավում էր նրան և որին միշտ հետամուտ էր լինում։ Ուստի շատերը կարծում էին, թե նրանք արդեն հարսնացու և փեսացու են։ Այնինչ Բարաթյանը դեռ շատ զգույշ էր վարվում, որպեսզի այս կարծիքը հաստատ հիմք ունենար։ Սկզբունքով նա վճռել էր ամուսնանալ, բայց ոչ շատ էլ շուտ։ Շո՛ւտ, ոչ այն պատճառով, որ քսան ու վեց տարեկան հասակը ամուսնական կյանքի համար բավարար չէր համարում, այլ որովհետև նրա հասարակական դիրքը դեռ որոշ չէր։ Կրակից ապահովող ընկերության գործակալի պաշտոնը նրա աչքում մի չնչին բան էր։ Նա փափագում էր ավելի առաջ գնալ։ Բայց թե ինչպե՞ս այս էր գլխավոր հարցը։ Արքունական ծառայության մեջ մտնել նա չէր ուզում։ Նա բժիշկ չէր, ինժեներ չէր, իրավաբան չէր, որ յուր որոշ շավիղը ունենար։ Եվրոպական համալսարանի դիպլոմը շատ-շատ կարող էր նրա համար մի որևէ հայ դպրոցում տեսչի կամ ուսուցչի տեղ պատրաստել։ Բայց նրա քիմքը շատ և շատ բարձր էր այս տեսակ համեստ պաշտոններից։ Այլ բան էր, եթե նա կարողանար մի հասարակական պաշտոն ստանալ մի որևէ հիմնարկության մեջ, թեկուզ քաղաքային վարչությունում, թեկուզ մի բանկում կամ մի ուրիշ տեղ։

Բայց հասարակական ընտրելին լինելու համար պետք էին մեծ կապեր։ Եվ ահա այդ կապերից մեկը և ամենագլխավորը, ամենազորավորը կարող էր լինել Պյոտր Սոլոմոնիչ Բախտամյանը։ Ո՞վ չէր ճանաչում քաղաքի այդ առաջնակարգ կալվածատիրոջ։ Ո՞ր վաճառականը, ո՞ր բանկիրը, ո՞ր պաշտոնյան չէր կատարել այդ պատկառելի քաղաքացու խնդիրը։ Ուրեմն պետք էր գրավել այդ զորավոր մարդու համակրությունը։ Իսկ Բարաթյանը ոչ միայն դեռ չէր գրավել, այլև զգում էր, որ յուր հաճախ այցելությունները նրան դուր չեն գալիս։ Պատճառը նա շատ լավ գիտեր։ Պյոտր Սոլոմոնիչը վերին աստիճանի նախանձոտ ամուսին էր։ Եվ Բարաթյանը այդ կողմից նրան մեղադրելու իրավունք չուներ։ Քսան և յոթ տարեկան գեղեցիկ և երիտասարդ կնոջ հիսուն և ութ տարեկան մարդը չէր կարող յուր տանը սառնասիրտ ընդունել երիտասարդ հյուրեր։ Մանավանդ, որ տիկին Բախտամյանը, Պյոտր Սոլոմոնիչի կարծիքով, չափից ավելի էր ազատ վարվում երիտասարդների հետ։ Իսկ Բարաթյանը ամենից կրթվածն էր, ամենից խելոքը, ամենից սրախոսը և, որ գլխավորն է, ամենից գեղեցիկը, որի հրապույրին դյուրին չէր դիմանալ։

Մի բան կարող էր նրա համար տեղ բաց անել Պյոտր Սոլոմոնիչի սրտում Գայանեի հետ ամուսնանալը։ Նա գիտեր, որ պատկառելի քաղաքացին այդ ամուսնության դեմ չէր լինի. միթե Գայանեի համար նրանից ավելի հաջող կենակից կարո՞ղ էր գտնել։

Ահա ինչու Բարաթյանը գիշերվա կեսին առանձնացած յուր սենյակում՝ մտածում էր. ինչ անել, առաջ դիրք հաստատել, հետո՞ ամուսնանալ, թե՞ ամուսնանալ դիրք հաստատելու համար։

Կար և մի ուրիշ կետ, որ զբաղեցնում էր նրա միտքը կեսգիշերին։ Եվ որքան նա աշխատում էր չխորհել, դարձյալ այդ միտքր համառությամբ հալածում էր երիտասարդին։ Ժամանակ առժամանակ նրա աչքերի մեջ պսպղում էր մի կրքոտ փայլ։ Նա յուր հաստլիկ շրթունքները սեղմում էր սպիտակ խոշոր ատամներով, նրա առույգ այտերը դողում էին, իսկ դեմքի վրա տարածվում էր մի ժպիտ, որ հագուրդ չստացած հեշտասիրություն էր արտահայտում։

Ո՜չ, այդ չպիտի անել, չպիտի անել, գոնե... Վեքիլյանի համար, արտասանեցին նրա շրթունքները։ Նա նայեց աջ ու ձախ, կարծես, վախենում էր, որ մի գուցե մեկը լսե այդ գաղտնիմաստ խոսքերը։

Հետևյալ օրը նա բաց թողեց, երրորդ օրը ցերեկով դարձյալ գնաց Բախտամյանների մոտ։ Բարեբախտաբար, այս անգամ Պյոտր Սոլոմոնիչը տանը չէր։ Տիկինը նրան ընդունեց սովորական ուրախությամբ և անմիջապես խոսք բաց արեց Դիմաքսյանի մասին։ Նա բոլորովին չէր հավանել Բարաթյանի ընկերոջը։

Դեմքի համար չեմ ասում, տերը նրա հետ, վարմունքը շատ վատ է։

Այո՛, Դիմաքսյանը տաղտկալի է. նա ընկերական շրջանի մարդ չէ։ Շարունակ վիճում է և հակառակում: Տղամարդը պետք է հարգանքով վերաբերվի կանանց բոլոր ասածներին:

Ինչո՞ւ բոլոր ասածներին, ընդհատեց օրիորդ Գայանեն, միթե այդ պարտավորակա՞ն է։

Պարտավորական չէ, սիրելիս, բայց քաղաքավարությունը պահանջում է։

Քաղաքավարությունը պահանջում է միշտ կանանց շողոքորթե՞լ։ Ընդհակառակը, իմ կարծիքով, տղամարդը միշտ պարտավոր է ուղղել մեր սխալը. այսինքն մեզ հետ անկեղծ լինել։

Երկու կանանց մտքերը հաշտեցնելու համար Բարաթյանը մեղմ և համոզիչ ձայնով նկատեց.

Այո՛, օրիորդ, ձեր ասածը բոլորովին ճշմարիտ է. Բայց տիկինը դրա դեմ չէ։ Տիկինը բարեհաճում է ասել, թե տղամարդը կարող է կնոջ սխալը ուղղել, մինչև անգամ սովորեցնել նրան, բայց հասարակ կերպով և ոչ թե վարժապետական ձևով խրատել։ Խրատելը առհասարակ, ը՜ը՜ը՜, առհասարակ վայելուչ բան չէ։

Ախ, պարոն Բարաթյան, գոչեց տիկինը հիացած, ի՜նչ լավ գուշակում եք իմ միտքը, երանի ամեն մարդ ձեզ պես շուտ հասկանար ինձ։ Բայց գիտեք, ձեր Դիմաքսյանը շատ պակասություններ ունի, ես կարծում եմ, որ այդ փոքրիկ մարդու մեջ մի շատ գոռոզ սիրտ է նստած։ Նա պետք է շատ նախանձոտ լինի։ Գայանե, խնդրեմ, չհակառակես, ես մարդկանց քեզանից շատ և շատ լավ եմ ճանաչում, իզուր չեմ երկու-երեք տարով քեզանից մեծ։ Այո, պարոն Բարաթյան, կարող եմ ասել ձեր ընկերը դժբախտ մարդ է։

Ինչո՞վ է դժբախտ։

Իբրև թե չգիտեք, չե՞ք տեսնում նրա կերպարանքը...ֆի՛...

Բարաթյանը վեհանձնաբար նկատեց, թե տղամարդի համար արտաքինը ոչինչ նշանակություն չունե։ Նրա գեղեցկությունը խելքն է ու սիրտը։ Օրիորդ Գայանեին շատ դուր եկավ այս նկատողությունը։ Նա գաղտուկ դիտեց Բարաթյանին և մտքում ասաց.

«Դու համ գեղեցիկ ես, համ էլ խելոք»։

Նույն օրը երեկոյան Դիմաքսյանի մոտ դարձյալ ընկերական ժողով էր։ Բարաթյանը, որ ամենից առաջ էր եկել, խոսք բաց արեց նրա հետ Բախտամյանների մասին և հաղորդեց, թե Դիմաքսյանը օրիորդի և տիկնոջ վրա շատ լավ տպավորություն է գործել։ Դիտավորությամբ ասած այս սուտը գրավեց Դիմաքսյանին, և նույն վայրկյանին նրա սրտում չքացավ այն թեթև ատելությունը, որ դեռ մնում էր այնտեղ Բարաթյանի վերաբերմամբ։

Be the first who will comment on this

Other parts of "Արսեն Դիմաքսյան"

Yatuk Music
Enzeli
Alexander Spendiaryan

Enzeli

Before the dawn. 1971
Before the dawn. 1971
Play Online