Alexander Shirvanzadeh
Արսեն Դիմաքսյան
Առաջին մաս, XIII-XIV
XII
Չարագուշակ երեկոյից հետո Դիմաքսյանը առհասարակ տնից չէր դուրս գալիս, բացի դպրոց գնալուց։ Այժմ նա կատաղած էր ոչ միայն հակառակորդների, այլև ամբողջ հասարակության, նույնիսկ մարդկության դեմ։ Ինչպե՞ս նա սառնարյուն կրեր այն բոլոր ատելությունները, ծաղրը, արհամարհանքը, որոնց հանդիպում է ամեն քայլափոխում։
Դպրոցը նա այժմ հանգիստ էր թողել, նրա մեջ տեղի ունեցած զեղծումները շատ էլ չէին զբաղեցնում նրա միտքը։ Այս պատճառով պաշտոնակիցները և հոգաբարձուները բավական հաշտ էին նրա հետ. վերջապես, նա ինքը առայժմ մասամբ գոհ էր։ Նրա հարձակումները անհետևանք չէին մնացել, հոգաբարձուների մեջ դպրոցի համար նոր շենք կառուցանելու խնդիր էր հղացել։ Նրա ցանկացածն էլ առայժմ այդ էր, մնացյալը ապագայի խնդիր էր։ Ուստի առժամանակ նա լռեց։
Բայց նա նյութում էր մի ավելի կատաղի կռիվ։ Դա մի առանձին գրություն էր «Հասարակություն և անհատ» անունով։ Պետք է ապացուցաներ, թե ընդհանուրի քաղաքակրթության հիմքը անհատն է. քանի որ չկան բարոյական անհատներ չի կարող լինել և բարոյական հասարակություն։ Սակայն լոկ գրելը նրան չէր գոհացնում։ Նա ձգտում էր գործով ու խոսքով էլ մաքառել ամբոխի տգիտության դեմ։ Եվ այստեղ նրա առջև կանգնում էր մի խոչընդոտ։ Այդ տեսակ կռիվ մղելու համար նախ հասարակ ուսուցչի պաշտոնը շատ աննշան էր, երկրորդ, անհրաժեշտ էր նյութական անպայման անկախություն։ Նա գիտեր, որ եթե հոր հետ հաշտվի, կարող է օգտվել նրա կարողությունից։ Բայց, միևնույն ժամանակ, չէր զղջում յուր արածի մասին և երբեք չէր համաձայնվիլ խոնարհվել ծերունու առջև, ներումն խնդրել նրանից։
Բարաթյանի նշանադրության լուրը հաղորդեց նրան Մսերյանը, որ լսել էր Սալամբեկյանից։ Իդեալիստին հայտնի էր, որ Դիմաքսյանը հակված է դեպի օրիորդ Գայանեն։ Ուստի նրա բարի սիրտը թույլ չտվեց այդ փափուկ խնդրի մասին խոսքը երկարացնել և միայն ասաց։
- Ով ուզում է հասարակությանը ծառայել, չպիտի ամուսնանա։
Դիմաքսյանը այս խոսքերի մեջ զգաց ճշմարտության մի մաս։ Նա չվիճեց, բայց և չկարողացավ այլևս թաքցնել յուր սրտի գրգիռը։ Երկու ընկերների մեջ բացվեց մտերիմ խոսակցություն։ Վաղուց Դիմաքսյանը զգում էր այս տեսակ խոսակցության պահանջ, վաղուց ցանկանում էր բանալ յուր սրտի գաղտնի ծալքերը մեկի առաջ։ Գուցե այդպիսով թեթևացներ յուր հոգու ծանր բեռը։ Եվ ո՞ւմ առջև կարող էր պարզախոս լինել, եթե ոչ Մսերյանի, որին հավատում էր լիովին և որի անկեղծությունը անկասկածելի էր նրա համար։
Ճիշտ է, նա սիրում է Գայանեին, ճիշտ է, չկարողացավ հանդուրժել կանացի հրապույրներին։ Բայց նա յուր սերը օրիորդին չարտահայտեց, որովհետև ի՞նչ հետևանքի կարող էր հասնել։ Միթե մի օրիորդ, որ ինքը գեղեցիկ է, կարող էր նրան հավանել։
«Ի՞նձ, այլանդակի՞ս...»
Կարո՞ղ էր գերադասել մի ուրիշից, այն մեկից, այո՛, այն ուրախ և ճարպիկ, գեղեցիկ և սալոնական Բարաթյանից։ Բայց կա և՜ մի ուրիշ, ավելի զորավոր պատճառ, որ ստիպում էր նրան լռել. նույնիսկ այն տաք րոպեներին, երբ նա կարծում էր, թե անկարող է լռել։ Եթե Գայանեն նրան մերժեր և հետո դառնար Բարաթյանի կինը, նա կխելագարվեր։ Ինքնասիրությունը նրան կսպաներ։ Այո՛, նա շատ ինքնասեր է, չափազանց, այդ ինքն էլ գիտե։ Բայց մի՞թե չի հասկանում, թե դա բարոյական հիվանդություն է, մի՞թե խելքը չի բողոքում դրա դեմ։ Քանի՜-քանի անգամ նա ինքն իրան դատապարտել է, նախատել, հանդիմանել այդ մասին, բայց իզուր։ Նրա եսը նրա մեջ մի չար օձ է։ Գիշեր ու ցերեկ այդ օձը արթուն օղակված է ներսումը։ Բավական է մի թույլ շշուկ, մի նուրբ շոշափում, և նա ամեն վայրկյան պատրաստ է գալարվել, բանալ բերանը, ցցել սուր ատամները նրա սրտի մեջ և թափել այնտեղ յուր սոսկալի թույնը։ Ահա հենց այդ օձն է նրան ստիպում լինել միշտ դյուրագրգիռ, միշտ բարկացկոտ, միշտ պատրաստ չար վհուկի պես ճիրանները խրել առաջին պատահած հակառակորդի կոկորդին։
Սմբատ, մի մեղադրիլ ինձ, մի՛ հայհոյիլ, ես քեզ խոստովանում եմ այն, ինչ որ երբեմն ինքս ինձ ամաչում և վախենում եմ խոստովանել։ Բացատրի՛ր միայն ինձ, ինչո՞ւ ես այդպես եմ, ինչո՞ւ բնությունը դրել է իմ սրտի մեջ այդ վիշապին...
Նրանք նստած էին հյուրանոցի մի առանձին սենյակում, ուր ոչ ոք չկար։ Մոտ կեսգիշեր էր։ Ընթրիքը նոր վերջացրել էին։ Սեղանի վրա դրված էին մի շիշ գինի և երկու բաժակ։
Մսերյանը լսում էր ընկերոջը լուռ, մտերիմ բարեկամի խրախուսող հարգանքով, հավանություն տալով նրա յուրաքանչյուր դարձվածին։ Կար այդ մարդու մեջ մի բան, որ խորին հավատ էր ներշնչում և դիմացինին տրամադրում էր պարզել նրա մոտ սրտի ամենանվիրական զգացումները այն անդրդվելի համոզմունքով, որ գաղտնիքը կմնա նրա մոտ գաղտնիք մինչև գերեզման։
Ավարտելով յուր խոստովանքը, Դիմաքսյանը գլուխը հենեց ձեռի ափին և հայացքը հառեց անորոշ տարածության մեջ։
Վերջապես, Մսերյանը խոսեց։ Նա յուր ընկերոջ հոգին հասկանում է, հասկանում է, ինչ է այն բանը, որին թունավոր օձ է համարում։ Այո՛, նա թունավոր է, բայց միայն Դիմաքսյանի մեջ չի գտնվում նա։ Մի-մի այդպիսի օձ նստած է ամեն մի մարդու կրծքի տակ և գիշեր-ցերեկ կրծում է նրա սիրտը, թուլացնում է նրա հոգին, ծծում է նրա կյանքի հյութը։ Մի տարբերություն կա Դիմաքսյանի և ուրիշների մեջ, նրա սրտի օձը ավելի մեծ է, ավելի թունավոր և ավելի արթուն ու զգայուն։ Եվ ինչո՞ւ, որովհետև նրա միտքը ևս ավելի բարձր, սիրտն ևս ավելի ընդարձակ է։
Ոչ, գոչեց իդեալիստը զգացված, բռնելով ընկերոջ բազուկը, վկա է աստված, կյանքիս երեսուն ու հինգ տարվա ընթացքում ոչ մի անգամ ոչ մեկին չեմ շողոքորթել, թեև կարիք ունեցել եմ շողոքորթելու... Բայց կգա ժամանակ, և ես համոզված եմ նրա գալուն, որ դու խելքիդ ուժով կջախջախես այդ օձի գլուխը։ Այնուհետև քո մեջ կմնա միմիայն մարդը, կատարելագործված, կյանքի քուրայում ձուլված և զտված մարդ։ Հիշո՞ւմ ես այն երեկոն, երբ դու քեզ դժբախտ անվանեցիր։ Ես ասացի, դու ամենաբախտավորը կլինես մարդկանց մեջ։ Եվ կլինես։ Սպանիր այդ օձին, և դու կտեսնես, որ ես չեմ սխալվում, ինչպես չեմ սխալվում, թե կգա ժամանակ, որ անհատի բոլոր մանր ինստինկտները կենթարկվեն ընդհանուրի երջանկության պահանջներին...
Դառն և վշտալի ժպիտը մթագնեց Դիմաքսյանի երեսը։ Շատ է աշխատել նա ջախջախել հրեշին, շատ է ճգնել ազատվել նրա տանջանքներից, բայց իզուր։ Ծովային պոլիպի պես հարյուրավոր ճանկերով նա բռնել է նրա ամբողջ էությունը և սեղմում է անխնա։
Ահա, հենց այժմ, այս վայրկյանիս, դու խոսում ես, իսկ նա արթնանում է։ Ես վշտանում եմ, ինչո՞ւ դու պետք է ինձ խրատես, ինչո՞ւ ես միմիայն իմ և իմ խելքին չպիտի հավատամ։
Տարիների փորձը կտա քեզ այն զենքը, որի մի հարվածով կկտրես նրա հարյուրավոր ճանկերը։ Ապրիր, գործիր և կտեսնես։
Նրանք լռեցին։ Արդեն ուշ գիշեր էր։ Սպասավորր հավաքում էր հյուրանոցի աթոռները։ Նրանք վեր կացան և դուրս եկան։ Երբեմն Դիմաքսյանը փողոցում տեսնում էր Բարաթյանին Գայանեի հետ թև թևի տված զբոսնելիս։ Նա միշտ ճանապարհը փոխում էր, որ երես առ երես չհանդիպի նրանց։ Դա արդեն ավելի էր, քան թե հասարակ նախանձը։ Դա զուտ տանջանք էր։ Տառապում էին նրա սրտի բոլոր թելերը, և տառապանքի պատճառը դարձյալ նա էր, այն օձը։ Երջանիկ Մսերյան, ի՞նչպես կարողանա սպանել վիշապին, երբ քաջություն չունե հանդիպել անգամ մի ուրիշի երջանկությանը, որ յուր ապերջանիկ լինելն է ցույց տալիս։
Այդ օրերը նա յուր հիշատակարանի մեջ մտցրեց հետևյալ տողերը.
«Եթե բնությունը իմ այս փոքրիկ մարմնի մեջ դրած լիներ մի փոքրիկ և սառն սիրտ, միթե ավելի բախտավոր չէի լինիլ։ Ինչո՞ւ այսքան զգայուն եմ, ինչո՞ւ սիրտս լիքն է անզուսպ կրքերով, ո՛չ խոլական կրքերով, այլ սիրելու և ատելու բուռն ավյունով»...
Նա փորձում էր յուր վիշտը մոռանալ գործերի մեջ խորասուզվելով։ Դպրոցում սկսվել էին հարցաքննությունները։ Առայժմ գոնե առերես պաշտոնակիցները հաշտ էին նրա հետ։ Մի անգամ միայն նա չկարողացավ իրան զսպել, երբ տեսուչը մի աշակերտի անվանեց «արջի զավակ»։ Բայց վեճը սուր կերպարանք չստացավ։ Գործերի դրությունը շատ խառն էր. արձակուրդների ժամանակը մոտենում էր, հակառակորդները չկամեցան բաժանվել։
Քննությունները նոր էին վերջացել, երբ Դիմաքսյանը մի օր հեռագիր ստացավ, թե հայրը հիվանդ է և անհապաղ պահանջում է նրան։ Որքան էլ անհաշտ լիներ, սակայն դժգոհությունը նրա մեջ տեղի տվեց որդիական զգացմանը: Նա շտապեց ուղևորվել հայրենիք, որ երկու օրվա հեռավորություն ուներ Թիֆլիսից։ Ճանապարհին նա կարծում էր ծերունին արդեն մեռել է։ Խղճի խայթոցը տանջում էր նրան. ինչո՞ւ որդիական սերը մոռացավ ծերունու կամակորության պատճառով։ Սակայն քանի մոտենում էր հայրենի քաղաքին, այնքան խայթոցը մեղմանում էր։ Մի՞թե նա չէր սիրել հորը։ Ո՛չ, նա միայն յուր աշխարհայացքը չկամեցավ ենթարկել նրա համառ կամքին։ Գաղափարի մարդ է, պարտավոր էր այդպես անել։
«Ես կատարել եմ իմ բարոյական պարտքը, ինչո՞ւ եմ հանդիմանում ինձ»։
Այս խորհրդածություններով նա ոտք դրեց այն տան շեմքը, ուր ծնվել էր, սնվել և մինչև տասն ու հինգ տարեկան հասակը ապրել։ Չկա այլևս այն ահագին գամփռը, որ գիշեր-ցերեկ հսկում էր այդ տան դռները և որի հետ նա շատ էր խաղ արել։ Պարտեզի ծառերը միայն ողջունեցին Նրա գալուստը։ Դարավոր կաղամախները խշխշացնում էին իրանց հղկած փայլուն տերևները սպիտակ ճյուղերի մեջ։ Եվ նրանց վեհ ու վիթխարի տեսքը պատկառանք էր ազդում։ Հաստաբուն թթենիները արձակում էին նրա ոտների տակ իրանց հասուն պտուղները։ Իսկ արեգակի ուրախ շողքերը, ծառերի խիտ տերևների միջով անցնելով, խնամքով մաքրված գետնի վրա հազարավոր նախշեր էին գոյացնում։ Այդ բոլորը խոսում էին նրա հետ անցյալի լեզվով և նրա սրտի մեջ զարթեցնում քաղցր հիշատակներ։ Ընդարձակ տան մեջ տիրում էր մենաստանային լռություն։ Նա շտապով անցավ լայն պատշգամբը, ուր այնքան նա վազվզել էր յուր քույրերի հետ։ Նա մտավ մի նեղ, մութ նախասենյակ և այնտեղից ուղղակի հոր ննջարանը։
Ծերունին կենդանի էր: Անկողնի մեջ նստած, վերմակը ուսերին քաշած, հիվանդը նայում էր ցած, երր ներս մտավ նրա միակ արու զավակը՝ երկար կոշիկները հագին, ոտից մինչև գլուխ փոշիի մեջ փաթաթված։ Անկողնի առաջ կանգնած էր մի շիկահեր տղամարդ, ձեռները փորի վրա դարսած, հլության դրոշմը ճակատին։ Նա սպասում էր հիվանդի հրամաններին, և թվում էր, որ պատրաստ է ծերունու մի խոսքով կրակի մեջ նետվելու։ Այնինչ՝ հիվանդը լուռ էր, անշարժ. կարծես, նա յուր սրտի հետ խորին խորհրդածության մեջ էր։ Նրա տափակ ծոծրակով և քառանկյունի ճակատով գլուխը հենց առաջին հայացք ազդու տպավորություն էր գործում յուր կարճլիկ մոխրագույն մազերով, որ նմանում էին լարված նետերի, պատրաստ ամեն վայրկյան դուրս պրծնել և ցցվել առաստաղին։ Նրա թանձր ընչանցքը հովանավորում էր մի խիստ բերան, որի անկյուններում փորված էին երկու խոշոր ակոսներ: Հիվանդության պատճառով չսափրած երեսի կարճ մորուքը հիշեցնում էր ծայրերը կոտրված ասեղների փունջ։
Չնայելով եղանակի տաքությանը, ընդարձակ սենյակի անպաստառ, խոնավ պատերից փչում էր մի թափանցող զով։ Կահ-կարասին բաղկացած էր մի քանի հնաձև աթոռներից և մի երկայն ու լայն թախտից, որի ծայրում պառկած էր հիվանդը։ Մի անկյունում սենյակի հատակին բևեռված էր մի երկաթյա ժանգոտված սնդուկ։ Նա փակ էր, նրա պարունակությունը ոչ ոք չգիտեր, ինչպես և անհայտ էր, թե ի՞նչ են պարունակում նրա տիրոջ հոգին ու սիրտը։
Լսելով որդու բարևելու ձայնը, Մարգար աղան գլուխը չբարձրացրեց, չնայեց նրա երեսին, ոչ էլ մի բառ արտասանեց։ Նա միայն յուր ջղոտ ձեռը մեկնեց նրան։ Արսենը սեղմեց այդ կոշտ ձեռը։ Ծերունին շտապով հետ քաշեց, նա կարծում էր, թե որդին գոնե կհամբուրե հայրական աջը։ Շիկահեր մարդը մի աթոռ մոտեցրեց, և Արսենը նստեց նրա վրա։
Ի՞նչպես եք այժմ։
Ծերունին թավ, ալեխառն հոնքերը վեր քաշեց և մի ակնթարթ միայն նայեց որդու երեսին։ Այնուհետև դարձյալ նրա ծանր կուչկուչված կոպերը խոնարհվեցին լուսամուտների վարագույրների պես, որ չթույլ տան արեգակի ճառագայթներին ներս թափանցել։ Նորից սովորական խստությունը և մռայլությունը սքողեցին նրա դեմքը։
Մի քանի րոպեից հետո, վերջապես, լսվեց նրա ձայնը։ Այդ ձայնը հնչում էր պղնձի պես։ Նա ազդու էր և գալիս էր մի լայն ու հուժկու կրծքից։ Նա սովոր էր հրամայել և գոռալ։
Ինչո՞ւ ես եկել:
Հեռագիր էի ստացել։
Ծերունին նայեց խոշոր հայացքով անկողնի դեմ կանգնած շիկահերին և բարկացած գոչեց։
Չասացի՞ ձեզ, թողեք մեռնեմ, գա գերեզմանս էլ չգտնի։ Հայտնվեց որ, իրավ, ծերունին դեմ է եղել որդու գալստյանը։ Արսենին, հորից գաղտնի հեռագրած է եղել նրա մեծ քույրը։ Հիվանդը չէր կամեցել տեսնվել յուր միակ որդու հետ։ Նա չկատարեց յուր հոր կամքը, արհամարհեց նրան, ուսումը ավարտելուց հետո անգամ չեկավ ներում խնդրելու։ Նա վիրավորում է յուր ծնողին, ամեն ամիս երեսին շպրտելով նրանից ստացած նպաստը։ Թո՜ղ ուրեմն ինքն էլ արհամարհված և մոռացված մնա։
Կարելի է մտածում էիր, շատ եմ կարոտել կերպարանքիդ։ Չէ՛, ես որդի չունեմ, ինչո՞ւ պիտի կարոտեի։ Քույրերդ էլ կարծում են աչքս ճանապարհին է, հա՛, հա՛, հա՛, շաբաթը երկու անգամ գալիս են իրանց լակոտների հետ... էէ՛է ես շատ լավ եմ ճանաչում ձեզ, հիմար չեմ, խելքս գլխիս դրուստ է։ Դուք անհամբեր սպասում եք իմ մեռնելուն. ասում եք, կսատկի պառավը, կգնանք ունեցած-չունեցածը կճանկենք, տակով կանենք։ Շատ եք վռազում, բայց սխալվում եք, աստուծո կարող զորությունով Մարգար աղան ձեր խաթրու չի մեռնիլ:
Արսենի ինքնասիրությունը ստիպված էր դիմանալ այդ զրպարտությանը, որովհետև որդին չէր կամենում հիվանդ հորը ավելի գրգռել։ Նա լուռ լսում էր, նայելով մերթ սենյակի աններկ ու մաշված հատակին, մերթ սարդի ոստայնով ծածկված առաստաղին։
Ծերունին բարձի տակից հանեց կոտլետի չափ մի արծաթյա հնադարյան ժամացույց, նայեց և դարձավ շիկահերին.
Այն զահրումարը տուր տեսնենք։
Շիկահերը վերցրեց լուսամուտի հատակի վրայից կարմիր հեղուկով լի սրվակը, մի գդալ լցրեց, տվեց նրան։
Իմ տունը քանդվեց այն օրը, շարունակեց ծերունին, գույնզգույն թաշկինակով սրբելով թանձր ընչացքը, երբ մայրդ մեռավ։ Տասն ու հինգ տարի է ես մենակ եմ այս չորս պատերի մեջ։ Ի՞նչ են զավակները, տանջանք։ Մարդուս բարեկամը նրա կնիկն է. «և թողյալ զհայր և զմայր յուր՝ երթիցե զհետ կնոջ յուրո»։ Որդի ունեմ, եկել է հոր սիրտը մխիթարելու, հա՛, հա՛, հա՛, փողի պետք ունե, եկել է ինձ կողոպտելու...
Հա՜յր, արտասանեց որդին խեղդված ձայնով, մի վիրավորեք ինձ։
Խոսո՞ւմ ես, խոսում, գոչեց ծերունին, ավելի գրգռվելով, բաս ո՞ւմ գլխին թափեմ սրտիս լեղին։ Փա՛հ, կարծում ես, չեմ լսել։ Լսել եմ, ինչպես չէ, անունս աշխարհի երեսին փառավորում ես, ասում են, գրում ես սրա ու նրա վրա։ Մարդիկ հորդ են անիծում, շատ լավ է, ինչ ասեմ, մեռնելուցս հետո էլ գերեզմանս կքրքրեն։ Շնորհակալ եմ քեզանից, աստված, լա՛վ որդի տվեցիր ինձ...
Նրա հազը բռնեց։ Նա թաշկինակը փնտրեց և, շուտ չգտնվելով, բարձրաձայն գոռաց, հայհոյեց շիկահեր մարդուն։ Մի քիչ անցած, նա հանդարտվեց։
Այ, այստեղ էր, շարունակեց նա, հենց այս քանդված սենյակում։ Հանգուցյալը դրել էր քեզ թևերի վրա, մտիկ էր անում, ուրախանում։ Դու ծվծվում էիր խոզի ճտի պես։ Մոտեցա, մտիկ արեցի աչքերիդ, սիրտս թրխկաց, հասկացա։ Ասացի. «Հերիքնազ, դու ինձ համար որդի չես ծնել, պատիժ, պատիժ»։ Կատարվեց խոսքս։ Խե՛ղճ կնիկ, լավ է, որ կենդանի չես, հըմ, ի՜նչ կուրախանայիր դրան տեսնելով, այս այս այս... գնա՛, չեմ ուզում, ես որդի չունեմ, կորի՛ր եկած ճանապարհովդ...
Նա շտապով պառկեց, վերմակը քաշեց գլխին և երեսը դարձրեց պատին։ Շիկահերը անդադար հառաչում էր։
XIII
Չնայելով հոր անհյուրընկալ ընդունելությանը, Դիմաքսյանը մտադրվեց մի առժամանակ մնալ հայրենի քաղաքում։ Նրա քույրերը վաղուց կարոտել էին իրենց միակ եղբորը, պետք էր գոնե նրանց թախանձանքը հարգել։
Մարգար աղան, յուր աղջկերանց հետ էլ սառն էր։ Մենակեցությունը օրեցօր այդ մարդու մեջ ամրացրել էր մե անգամ հղացած կասկածը։ Հնար չկար նրան համոզելու, թե յուր զավակների սերը շահախնդրությունից չի առաջանում։ Նա ինքն երբեք չէր այցելում աղջկերանց և չէր ուզում, որ նրանք էլ իրան այցելեն։ Ապրում էր վեց ընդարձակ սենյակներից բաղկացած հայրական տնում, ինչպես երդվյալ ճգնավոր։ Հնաշեն տան լուսամուտները դեպի փողոց միշտ փակ էին, և ոչ ոք չէր կարող կարծել, թե այնտեղ ապրում է կենդանի էակ։ Նա պահում էր մի ծառա, որ թե՛ այգեպան էր, թե՛ խոհարար և թե՛ սպասավոր։ Բացի այդ բազմապաշտոն ծառայից, նրա մոտ մուտք ուներ այն շիկահերը, որին Արսենը տեսավ։ Դա ծերունու հեռավոր ազգականներից էր վերին աստիճանի հլու, կամակատար և շողոքորթ մի էակ։
Սարիբեկը այսպես էր նրա անունը կատարում էր Մարգար աղայի կառավարիչ-հավատարմատարի պաշտոնը։ Նրա ձեռքով էին ստացվում գյուղացիներից կալվածների հարկը և քաղաքացիներից խանութների ու տների վարձը։ Նա էր վաճառում այգիների բերքերը, հավաքում ջրաղացների եկամուտը և այլն։
Արսենը կողմնակի ծանոթացավ գործերի դրությանը և տեսավ, որ հոր ձեռքը հազիվ անցնում է այն եկամտի կեսը, որ պետք է նրա հաշվով ստացվեր։ Մնացյալը ճանապարհին աղի պես հալվում էր Սարիբեկի խոնավ ձեռքերում։
Գյուղացիները աղի արցունք էին թափում այդ մարդրւ անունը հիշելիս։ Երբեմն խմբերով գալիս էին գաղտնի կերպով Արսենի մոտ և գանգատվում։ Երիտասարդը լսում էր նրանց աղերսանքը և վրդովվում։ Երբեք նա չէր երևակայել, թե յուր հայրը անգիտակցաբար հարստահարիչի դեր է կատարում։
Նա կամենում էր ամեն բան հայտնել ծերունան, համոզել նրան, որ խիստ հաշիվ պահանջի կառավարչից։ Բայց դրա համար հարկավոր էր, որ առաջ ինքը գրավեր նրա հավատարմությունը։ Ահա ինչու նա տատանվում էր, վախենալով մի գուցե յուր միջամտութունը ավելի վատ հետևանք ունենա գյուղացիների համար։
Իսկ ծերունին շարունակում էր նրա հետ վարվել առաջվա պես ցուրտ և անհաշտ։ Թվում էր, որ ոչինչ չի կարող հոր և որդու մեջ բացված վիհը լեցնել։ Արդեն նա առողջացել էր, ոտքի էր կանգնել և հետևում էր անձամբ յուր գործերին։ Առավոտից մինչև երեկո նա պատում էր յուր տան առջև ձգված ընդարձակ պարտեզում։ Սովորաբար նա հագնում էր կաշվե բաճկոն մորթյա աստառով, ձեռին կրում էր երկաթե սուր ծայրով մի ձեռնափայտ, ճիշտ այնպիսին, որ գործ են ածում ժամհարները գավառներում։ Այգեպանը հետևում էր նրան քայլ առ քայլ և համբերությամբ լսում նրա կոպիտ հանդիմանությունները, բարձրաձայն գոռոցները և բազմատեսակ օրիգինալ հիշոցները։ Երբեմն նա յուր ուսերի վրա ընդունում էր ծերունու ուժեղ ձեռով տված փայտյա հարվածները։ Եվ լսում էր, չէր բողոքում, և ո՞ւմ բողոքեր։
Արսենը հեռվից դիտում էր հորը և ականջները փակում նրա ծայրահեղ հայհոյանքները չլսելու համար։
Առավոտ երեկո ներկայանում էր Սարիբեկը։ Մարգար աղան, թեյի բաժակը առջևը դրած, պատշգամբի վրա թիկն տված մեծ աթոռի մեջքին, լսում էր նրա զեկուցումները։ Նա Սարիբեկի վրա ևս գոռում էր ճիշտ այնպես, ինչպես այգեպան սպասավոր-խոհարարի վրա, նույն անզուսպ հիշոցներով զարդարելով նրան ոտից մինչև գլուխ, նախահայրերից սկսած մինչև ապագա սերունդները։ Հլու կառավարիչը մի խոսք անգամ չէր արտասանում, դժկամակության մի թույլ նշան անգամ չէր ցույց տալիս։ Ընդհակառակը, նրա երեսին նայողը կկարծեր, թե ծերունու հայհոյանքները և գոռոցները նա հաճույքով է ընդունում, ինչպես յուր զանցառությունների արժանի վարձ։
Վերջանում էր զեկուցումը, և ծերունին խիստ եղանակով, անընդդիմադրելի ձևով տալիս էր Սարիբեկին յուր հրամանները։ Այսինչ խանութպանի ժամանակը լրանում է, պետք է վարձը ավելացնել. այն մյուսը վարձը ուշ է բերում, պետք է դատաստան քաշել. ցորենը չպիտի ծախել, անձրև չկա, ձմեռը հացի գինը կբարձրանա, և այլն, և այլն։
Եվ երբ Սարիբեկը, «ծառա եմ հրամանքիդ» ասելով, խոնարհ գլուխ էր տալիս և հետ ու հետ գնում, ծերունին նրա հետևից մրթմրթում էր։ «Շան ծնունդ ես, հացի տեր կլինիս, իմ որդու պես փիլիսոփա չես»։ Որդին լսում էր և ոչինչ չէր ասում։ Նա միայն մտածում էր, ինչպես անել, որ Սարիբեկի զեղծումները պարզի:
Մի անգամ այլևս չկարողացավ զսպել իրան։
Հայր (երբեք նա «հայրիկ» չէր ասում), Սարիբեկին ի՞նչքան ռոճիկ եք վճարում, հարցրեց նա։
Շա՞տ ես ուզում իմանալ, արտասանեց հայրը, խոշոր հոնքերի տակից բարկացկոտ աչքերը բարձրացնելով նրա վրա։
Այո՛, շատ հետաքրքրական է։
Տարեկան 130 ռուբլի և մի սոմար ցորեն։
Տարեկան հարյուր երեսուն ռուբլի՞...
Եվ մի սոմար ցորեն, ասացի քեզ, շեշտեց ծերունին։
Նա կարողանո՞ւմ է այդ չնչին ռոճիկով ապրել։
Ծերունին զարմացած նայեց որդու երեսին։ Պարզ էր, որ նրա համար ավելի հիմար հարց չէր կարող լինել։
Ինչո՞ւ չի կարող, խոմ շահզադե չէ, ապրում էլ է ու հինգ երեխա ու կնիկ էլ է պահում։
Հինգ երեխա՞, այդ անկարելի է։
Երբ որ Մարգար աղա Դիմաքսունովը ասում է կարելի է հրամանքդ թող չզարմանա։
Որդին մի քանի վայրկյան լռեց, հետո դարձյալ վստահացավ շարունակել յուր հարցերը.
Այդ Սարիբեկը մեր ի՞նչն է:
Մորդ եղբոր կնկա եղբոր տղան։
Նա ձեզ ուղիղ հաշիվ տալի՞ս է։
Ասելդ ի՞նչ է։
Ասելս այն է, որ այդ մարդը աչքիս մաքուր չի երևում։
Ծերունին մի ձեռը կռթնեց կողքին, նայեց հեգնական որդու փոքրիկ հասակին կոշիկների ծայրից սկսած մինչև ճակատը և, քթի տակ ծիծաղելով, երեսը հետ դարձրեց։
Այո՛, այդ մարդը ինձ կասկածելի է թվում, շարունակեց որդին, գյուղացիներն էլ շատ են գանգատվում:
Գյուղացիները շա՞ատ են գանգատվում, գյուղացիները... Հեգնելով որդու բառերը, ծերուին աթոռը ուղղեց և, երկու ձեռները հենելով ձեռնափայտի կոթին, ավելացրեց.
Ձեր հրամանքը ճանաչո՞ւմ է այդ ավանակներին։
Չգիտեմ, միայն այսքանն եմ իմանում, որ Սարիբեկը ձեր անունը արատավորում է։
Լեզուդ փո՛րդ քաշիր, հայվարա, գոռաց համառ ծերունին, ձեռնափայտը այնպես ուժգին զարկելով, որ նրա սուր ծայրը մի մատնաչափ անցավ հատակի մեջ, իմ անունը աշխարհիս երեսին մեկ մարդ է խայտառակ անում, դո՛ւ, դու, իմ հարազատ որդի։ Սարիբեկը ազնիվ մարդ է, նա իմ հրամանով քնում է, իմ հրամանով զարթնում, իմ հրամանով ուտում, իմ հրամանով խոսում...
Նա մի փոքր լռեց, եղանակը փոխեց և, ձայնին ծաղրական տոն տալով, ավելացրեց.
Ամոթ չլինի հարցնելը, հրամանքդ ինչո՞ւ է խառնվում պառավ Մարգարի գործերին։ Նա հին մարդ է, գյուղացի է, անուս, դու խոմ փիլիսոփա ես, քինթ ու պռունգիցդ իմաստություն է թափվում։
Ես ինձ համար չեմ հոգում, այլ ձեր անվան և ձեր շահերի համար։
Գնա բանի՛դ, չեմ ուզում... հարա՜յ, բիդա՛դ, ջանըմ, չեմ ուզում էլի, խոմ գլխիս քեզ սուդիա չսարքեցի՛ն, փիե՞...
Նա վեր կացավ տեղից և բարկացած մտավ յուր սենյակը դռները ուժգին զարկելով։ Այնուհետև Արսենը այլևս չէր խոսում նրա հետ գործերի մասին և առհասարակ հոր և որդու մեջ մի առանձին խոսակցություն տեղի չէր ունենում։ Սակայն մի օր նա վերջին անգամ փորձեց իմանալ, արդյոք հայրը իսկապես ո՞րքան եկամուտ է ստանում յուր կալվածներից։ Ծերունին նույն անփոփոխ կոպտությամբ և հակիրճ պատասխանեց.
«Ես դեռ չեմ մեռնելու, տանջվի՛ր»։
Հարկավ, այլևս ամեն մի նոր փորձ պետք է անաջող անցներ։ Մնում էր բոլորովին լռել, և Արսենը բոլորովին լռեց։ Այժմ նրա համար ձանձրալի էր ապրել սառնասիրտ հոր ցուրտ, անհյուրընկալ տանը։ Նա ձգտում էր հեռանալ հայրական հարկի տակից, ուր մի ժամանակ այնքան փայփայվել ու շոյշոյվել էր սիրող մոր ձեռքում։ Բարի՛ կին, երբեք դու քո որդուն չվիրավորեցիր մի դառն խոսքով։ Քո մայրական զգայուն սիրտը մորմոքվում էր, երբ տեսնում էիր, թե ինչպես ծաղրվում է քո միակ արու զավակը նույնիսկ յուր հարազատ հորից։ Դժբախտ էիր դու այդ մարդու հետ և քո հրեշտակային լուռ ու համբերատար բնավորությունը միայն դիմանում էր այդ ինքակամի կենակցությանը։ Դու անմռունչ հանդուրժում էիր նրա համառ կամքին և միայն քո երկնային անզուգական հեզությունով կարողանում էիր հաղթել մարմարյա սիրտը։ Ահա ինչու հարազատ զավակների համար սառած մարդու ժանգ հոգին ջերմություն է զգում քեզ հիշելիս, քո ուրվականը մտաբերելիս։ Բայց արդյոք այդ անհաղթելի կամքի ցրտությունը չէ՞ր, որ այնքան վաղ քեզ իջեցրեց գերեզման...
Արսենը տխրում էր անգործության մեջ։ Քույրերի սերը միայն փարատում էր նրա թախիծը։ Եվ օրվա մեծ մասը նա նրանց մոտ էր անցկացնում, շատ անգամ էլ այնտեղ էր ճաշում և ընթրում։ Քաղաքում մեծ հետաքրքրություն էր շարժել նրա գալը։ Հասարակությունը խոսում էր ժառանգության մասին, ամենքը նախանձում էին նրան: Մարգար աղայի հարստության մասին գրեթե առասպելական լուրեր էին պտտում։ Պատմում էին, թե նա յուր տան ներքնահարկում դիզած ունե պապերի հավաքած ոսկիները խաների ժամանակից։ Ոմանք պնդում էին մինչև անգամ, թե ծերունին գիշերները այդ ոսկիների տոպրակների վրա է քնում, չխնայելով յուր ոսկորները։ Իսկ տեղական երիտասարդները, մանավանդ ուսուցիչները, ավելի հետաքրքրված էին Արսենի անձնավորությունով։ Շատերը գալիս էին նրա հետ ծանոթանալու։ Նա ընդունում էր նրանց յուր քույրերի տանը, չկամենալով զայրացնել հորը, որ թշնամի էր ամեն մի այցելության, ևս առավել երիտասարդների։ Նրա քարոզած գաղափարները կազմել էին մի որոշ բանակ։ Ուներ նաև հակառակորդներ, որոնք սակայն չէին մոտենում նրան։ Կային և այնպիսիները, որ պարծենում էին իրանց հայրենակցի անունով։
Դա մի ախորժելի և անսպասելի նորություն էր Դիմաքսյանի համար։ Նրա կյանքի մեջ մտավ մի տեսակ թարմ հոսանք։ Նրա տաղտկությունը անցավ, սիրտը զվարթացավ և լցվեց նոր եռանդով։ Ուրեմն նրա խոսքը իզուր չէ անցնում, նրա ցանած սերմերը ավազոտ հողի վրա չեն ընկնում։ Այնտեղ, ընկերների, գաղափարակիցների շրջանում նրան հալածում են, ծաղրում, վիրավորում։ Այստեղ հարգում են, պատվում և ուշադիր են նրա ամեն մի խոսքին։
Ինչո՞ւ ուրեմն հուսահատվել։ Թող հալածեն, որքան կամենում են. թող թշնամանան, որքան կարող են։ Մազի չափ նա չի շեղվիլ յուր բռնած ընթացքից։ Նա հավատարիմ կմնա յուր արմատական գաղափարին քարոզել ճշմարտությունը ինչ բանի մասին էլ լինի, ուր և լինի, աներկմիտ, անշեղ, աներկյուղ, և մնալ անդրդվելի, ինչպես սեպացած ժայռ ծովի հարատև ալիքների առաջ։ Ժողովուրդը կարոտ է անկեղծ քարոզչի, բավական է, որքան նա խարխափեց տգիտության խավարի մեջ։
Իսկ այդ կամակոր ծերունին թող մնա նույնպես անհողդողդ յուր քարացած աշխարհում։ Կենդանին մեռելների հետ գործ չունե։ Թող համառը, եթե կամենում է, բոլորովին մինչև անգամ զրկե նրան ժառանգությունից։ Նա կարող է առանց փողի, առանց հասարակական դիրքի, քաղցած փորով, դատարկ գրպանով էլ գործել և օգտավետ լինել։
«Չէ՞ որ վեց տարի ուսանող եմ եղել, դարձյալ կապրեմ ինչպես ուսանող»։
Մի քանի անգամ նրան հրավիրեցին այս ու այնտեղ երիտասարդների ժողովներին։ Նա հանդիպեց մի քանի առողջամիտ անձանց, խորհուրդ տվեց նրանց կազմել մի շրջան, որի նպատակը լիներ հասարակ ժողովրդի մեջ տարածել գրագիտություն, կարդալու սեր և ժամանակակից գաղափարներ։
Առաջարկությունը ընդունվեց հրճվանքով, կազմվեց մի խումբ գործը գլուխ բերելու համար։ Եղան և՛ հակառակորդներ, մանավանդ Վապյան անունով մեկը։ Դա չոր կազմվածքով, սև, երկար մազերով, բարակ ձայնով, կապույտ ակնոցներով մի հակակրելի մարդ էր, որ Դիմաքսյանի զզվանքն էր հարուցանում։ Հետո նա իմացավ, որ այդ Վապյանը առաջ ուսուցիչ է եղել, իսկ այժմ խանութպան է և գյուղացիներին հարստահարում է։ Նա բացարձակ հայտնեց, թե պետք է այդպիսիներին հալածել, և ինքը զզվանքով երես դարձրեց նրանից։
Շուտով նա դարձյալ սկսեց ձանձրանալ և մտադրվեց վերադառնալ Թիֆլիս։ Գավառական կյանքը թվում էր նրան միակերպ, տաղտկալի։ Այստեղ նրա խոսքը ընդունում էին անպայման, առանց քննելու և հակաճառելու։ Իսկ նա արդեն կարոտել էր հակառակորդների հետ մրցելուն։ Նրա հոգին զգում էր խոչընդոտների հետ անընդհատ մաքառելու պահանջ։ Հարվածել, հարված ստանալ և այնպես հաղթանակ վաստակել ահա նրա ցանկացածը, նրա սրտի և մտքի կերակուրը։ Առանց կռվի նա զգում էր իրան առանց թևերի։ Նրա սիրտը կրում էր էլեկտրական զորության միայն մի տարրը յուր մեջ։ Հարկավոր էր երկրորդը, արտաքուստ եղած հակառակորդ տարրը, որ, շփվելով միմյանց, նրա հոգու մեջ առաջացնեին լույս և ջերմություն։
Նա ուղևորվեց Թիֆլիս։ Հայրը չտվեց նրան յուր օրհնանքը, որովհետև նա չխոնարհվեց նրա առջև, չթեքեց յուր գլուխը կամակոր ծնողի դիմաց։ Իսկ ծերունին այդ սպասում էր նրանից։ Նա պատրաստ էր ներել որդուն, եթե միայն վերջինը խոստովանվեր, որ սխալված է և միանգամ ընդմիշտ ընդուներ նրա հեղինակությունը։ Նա հուսով էր, որ վերջը այդպես էլ կլինի։ Բայց չարդարացավ այդ հույսը։ Հայրը բաժանվեց որդուց այնքան սառնասիրտ, որքան սառնասիրտ և անբարեհամբույր ընդունել էր նրան վեց ու կես տարի չտեսնելուց հետո։
XIV
Ամառվա ամենաշոգ օրերն էին, երբ Դիմաքսյանը հասավ Թիֆլիս։ Նախ և առաջ ուզեց տեսնել Մսերյանին, որին կարոտել էր ավելի, քան մի ուրիշ ընկերոջ։
Իդեալիստը յուր փոքրիկ սենյակի բաց լուսամուտի առջև դիլերային շապիկով նստած թեյ էր խմում, երբ Դիմաքսյանը ներս մտավ։ Նա ոտքի թռավ և ուրախ բացականչությունով յուր խոշոր թևերի մեջ առավ ընկերոջը։ Իսկ ես առանց քեզ տխուր էի։ Նստի՛ր ու պատմիր: Ծերունին կենդանի՞ է, առողջացա՞վ։ Փառք աստուծո։ Բայց ինչո՞ւ այդպես նիհարել ես, երևի, հայրական հացը քեզ չի գալիս։ Ասա՛, եղբայր, ասա՛, ինչ է անում մեր սիրելի գավառը, չէ՞ որ մեր հույսերը նրա վրա են։ Ոչ, ոչ, նախ և առաջ օձի մասին։ Ի՞նչ է անում, հանգիստ է՞ր։
Հանգիստ էր։
Եվ ուրա՞խ էիր։
Ո՛չ:
Ո՞չ:
Ինձ թվում է այդ օձը որքան էլ տանջե, դարձյալ ինձ կենդանություն տվողը նա է։ Մի ամսից ավելի է նա չի կծում իմ սիրտը, և ես, թմրած եմ։
Կգա ժամանակ, դու հակառակը կասես։ Բայց պատմի՛ր, պատմիր:
Դիմաքսյանը հաղորդեց յուր տպավորությունները։ Մսերյանը լսում էր և մերթ ոգևորվում, մերթ տխրում, մերթ ուրախանում, նայելով, թե ընկերը ինչ է պատմում։
Ուրեմն այնտեղ մարդիկ շատ էլ մեռած չեն, ինչպես կարծում էինք, գոչեց նա հափշտակվելով, ուրեմն դարերով թմրած մարմինը կենդանության նշաններ է ցույց տալիս։ Տեսնո՞ւմ ես, ասում էի, որ ոչ մի աշխատանք իզուր չէ անցնում։ Գործի՛ր, եղբայր, գործիր որքան եռանդ և ուժ ունես։ Ինձ մի նայիլ, ես ուրիշ եմ, իմ աշխարհը ահա սրանց մեջ է։
Նա ցույց տվեց սենյակի անկյունում դրած պահարանը, որի տախտակյա հարկերը տնքում էին մեծահատոր գրքերի ծանրության տակ։
Նա պատմեց, որ Դիմաքսյանը գնալուց հետո ինքը տնից շատ չէ դուրս եկել։ Տեսնում է, որ մարդիկ նրան չեն հասկանում, շատերը մինչև անգամ ծաղրում են նրան, համարելով դատարկ ֆրազյոր։ Է՛հ, երբևէ նա ասե՞լ է, թե օգտակար մարդ է։ Միայն չի կարող, չի կարող հաշտվել նյութապաշտության հետ։ Իսկ ո՞վ չի նյութապաշտ։ Ո՞վ կարող է խելոք համարել մի մարդու, որ իրան բախտավոր է զգում, երբ ունե գրքեր, ծխախոտ և մի բաժակ թեյ։ Բայց միթե գրքերը վա՞տ ընկերներ են։ Ոչ, ոչ, ավելի հավատարիմ, ավելի ուրախալի հասարակություն դժվար է գտնել։ Լինել միշտ բարձր խելքերի, հանճարների, հոգեբան-փիլիսոփաների, սրամիտ սրտագետների ընտիր ընկերության մեջ, մի՞թե այդ երջանկություն չէ։ Իսկ Արսենը չի կարող բավականանալ այդ հասարակությունով։ Նա Մսերյան չէ և չպիտի լինի։ Նա գործի մարդ է, ծնված է մի տգետ ժողովրդի խավար միտքը լուսավորելու, ծնված է կռվելու, հաղթելու և հաղթվելու համար։ Թող գնա՛ յուր ընտրած ճանապարհով, տեսնում է որքան արձագանք է գտնում յուր խոսքը մարդկանց սրտում։
Օ՜ն առաջ, քաջ եղիր, ավարտեց Մսերյանը ուրախ տոնով, դու մտքի զինվոր ես, ես գրքերի կենդանի պահարան։
Թեյ խմելուց հետո նրանք դուրս եկան զբոսնելու։ Մսերյանր տեղեկություններ հաղորդեց ընկերների մասին։ Բժիշկ Սալամբեկյանը մելամաղձոտ դեմքով ման է գալիս, միշտ կրկնելով, թե աշխարհը դատարկ բան է։ Վեքիլյանը և Բարաթյանր մտադիր են քաղաքային Դումայի առաջին ընտրություններին իրանց քվետուփը դնել և այժմվանից ձայներ են գրավում։ Պյոտր Սոլոմոնիչ Բախտամովը նրանց համար աշխատում է։
Կընտրվեն, կտեսնես, այդ մարդկանց ամեն բան հաջողվում է։
Հանկարծ Մսերյանը, ճակատին խփելով, գոչեց.
Այ հիմար հիշողությո՜ւն։
Ի՞նչ կա։
Ամենագլխավորը մոռացա ասել։ Քեզ ուզում են Ներսեսյան դպրոցի տեսուչ նշանակել։
Ի՞նձ։
Այո՛, քեզ։
Այդ անհավատալի է։
Իսկ ես մեր լրագրերի լեզվով կասեմ «ստույգ աղբյուրներից տեղեկացանք», որ...
Որ հոգաբարձությունը Արսեն Դիմաքսյանին ատելով ատում է։ Սխալվում ես, քո գնալուց հետո քամին ուրիշ կողմից է փչում։
Նա պատմեց, թե դպրոցի շինության խնդիրը կռվածաղիկ է դարձել։ Ավելի առաջադեմները պահանջում են, որ դպրոցը փոխվի մի ուրիշ տուն, իսկ հնամոլները վախենում են ավելորդ ծախսերից։ Կռիվը այստեղից է սկսվել, բայց նա ուրիշ պատճառներ ունի։ Մի առևտրական-հոգաբարձվի մուրհակը չեն զեղչել բանկում, նա թշնամացել է բանկիր հոգաբարձվի հետ։ Մի փաստաբան-հոգաբարձու դատարանում պաշտպանում է մի կալվածատեր-հոգաբարձվի հակառակորդին, նրանք թշնամացել են։
Դպրոցը դարձել է հասարակական բաղնիք, մարդիկ իրանց կեղտոտ շորերը այնտեղ են լվանում։ Բանից դուրս է գալիս, որ այդ տեսուչ Համքարյանը եզվիտ է։ Դպրոցի շինության խնդիրը ինքը չի զարթեցրել, աշխատում է գործը քանդել։ Նրա դեմ կազմվել է մի կուսակցություն, որ ուզում է հեռացնել նրան դպրոցից։
Շատ ուրախ եմ. նա ի՞նչ մանկավարժ է, որ վաշխառությունով է պարապվում։
Համքարյա՞նը, մի՞թե, հարցրեց Դիմաքսյանը զարմացած։
Այո, դու չգիտեի՞ր, երևակայիր, քսանուհինգ հազար ռուբլի դրամագլուխ ունի, տասնուհինգ տոկոսով տալիս է սրան ու նրան, նույնիսկ ուսուցիչներին։ Այս էլ ստույգ աղբյուրներից տեղեկացանք։
Երկու օր անցած Դիմաքսյանը հրավիրվեց այն հոգաբարձվի մոտ, որ սկզբում աշխատել էր նրա համար դպրոցում տեղ բանալ։ Նա հայտնեց հոգաբարձության նախընթաց երեկո կայացրած վճիռը և ավելացրեց, թե իսկապես ինքն է Համքարյանին «վռնդելու» սկզբնապատճառը։
Եղբայր, քանի տարի էր չէինք կարողանում այդ մարդուց ազատվել: Սյուլյուկի պես կպել էր դպրոցին ու ծծում էր, և ինչ ախտ ասես մտցրել է այնտեղ, ինչ ինտրիգներ ասես, հնարում էր։ Ճշմարիտն ասեմ, եթե մենք մի քիչ ձեզ հետ վատ էինք, պատճառը նա էր, հազար ու մի տեսակ բաներ էր պատմում։ Ինչևէ, հուսով եմ, որ մենք համերաշխ կգործենք, այնպես չէ՞:
Կաշխատեմ միշտ դպրոցի շահերին ծառայել։
Նա մի պայման միայն դրեց. որ հոգաբարձությունը երբեք չխառնվի դպրոցի բարոյական և ուսումնական գործերի մեջ։
Արեք ինչ որ կամենում եք, բայց զգույշ, որ շատ էլ չգրգռեք մեր հակառակորդներին։
Ամբողջ օգոստոս ամիսը Դիմաքսյանը տենդային գործունեության մեջ էր։ Ամեն օր գնում էր դպրոց, չնայելով, որ այնտեղ դեռ գործ չուներ։ Նա դիտում էր բակը, սենյակները, խոհանոցը, հարցուփորձ էր անում գիշերօթիկների գրության մասին, քննում էր նրանց կերակուրները և այլն։
Նա լսեց գանգատներ վերակացուների դեմ։ Նա տեսավ, որ կերակուրները վատ են պատրաստվում, սննդարար չեն։ Գիշերօթիկները թույլ են, հիվանդոտ, դեղնած, ամենքի մեջ նկատվում է արյան սակավություն։
Այս բոլորը տեսնելով, նա կազմեց արտաքին փոփոխությունների ցուցակ, որ պետք է շուտով ներկայացներ հոգաբարձությանը։
Հասավ սեպտեմբերը։ Դասերը սկսվեցին։ Ուսուցչական խումբը նրան շնորհավորեց։ Ոմանց կողմից նա տեսավ անկեղծ ուրախություն։ Իսկ շատերի սիրալիր խոսքերի և բարեկամական ցույցերի տակ նկատեց չկամություն։ Նա գիտեր, որ այլ կերպ չէր կարող լինել։ Ամենքին սիրալիր լինել, կնշանակե ամենքի քիմքին հաճոյանալ։ Նրա անշեղ բնավորությունը չէր սիրում երկդիմի վարմունք։ Նա չգիտեր, արտաքուստ ժպտալ, ներքուստ հայհոյել: Ահա ինչու չէր կարողանում մոռանալ Վեքիլյանի, այդ կարծեցյալ բարեկամի, թշնամական վարմունքը։ Ահա ինչու քանի գնում, այնքան նրա սրտում ատելություն էր ավելանում դեպի Բարաթյանը։ Այդ մարդը նրան դեռ բացարձակ թշնամություն չէր անում, բայց թե բարեկամ չէր այդ էլ պարզ էր նրա համար։
Մի քանի անգամ Դիմաքսյանը պատահեց փողոցում թե՛ մեկին և թե՛ մյուսին: Վեքիլյանի հետ նա չէր խոսում, դադարել էր մինչև անգամ նրան բարևելուց։ Իսկ Բարաթյանը մոտեցավ նրան, ձեռը սեղմեց և շնորհավորեց, գոչելով.
Շատ ուրախ եմ, շատ ուրախ եմ։
Շնորհակալ եմ։ Իսկ դու, ասում են, մտադիր ես քաղաքային իրավասու ընտրվել։
Ե՞ս։ Ոչ, բարեկամ, ժամանակ չունեմ։ Ես զբաղված եմ ամուսնությանս հոգսերով, չէ՞ որ սեպտեմբերին պսակվում եմ Գայանեի հետ։
Եվ միթե Դիմաքսյանը մոռացե՞լ էր չարաբաստիկ հանգամանքը և միթե նա չէ՞ր զգում, որ յուր առջև կանգնած է այն մարդը, որ անհուն վիշտ էր պատճառել նրան՝ թե՛ կամա, թե՛ ակամա։ Ինչո՞ւ ուրեմն Բարաթյանը կրկին մատ է խփում նրա սրտի խոցին։ Այո՛, անշուշտ նրա համար, որ զգալ տա նրան յուր գերազանցությունը, յուր տարած հաղթությունը։
Հուսով եմ, որ հարսանիքիս հրավերը ստանալով, կբաիեհաճես ներկայանալ ինչպես ընկեր-բարեկամ։
Այդ արդեն չափազանցություն էր։ Դիմաքսյանը ապշած նայեց նրա երեսին։ Նա ոչինչ չասաց, և ի՞նչ կարող էր ասել։ Օձը արդեն զարթել էր և պաշարած թույնը տարածում էր նրա ամբողջ մարմնի մեջ։
Առանց մի բառ արտասանելու, առանց մինչև անգամ ձեռ տալու, նա գունատված երեսը շուռ տվեց և հեռացավ։
Բարաթյանը չարախնդությամբ նայեց նրա հետևից և մտքում ասաց. «Դու ինձ պատերազմ ես հայտնում, լավ, տեսնենք ո՞վ կտանի հաղթությունը»։
Եվ թույլ շվացնելով, հանդարտ ու հպարտ շարունակեց յուր ճանապարհը։