Alexander Shirvanzadeh

Արսեն Դիմաքսյան

Երկրորդ մաս, XVII

XVII


Գայանեն գալիս էր մի հարևան ամառանոցից, ուր բնակվում էր նրա ազգական ընտանիքներից մեկը։ Նա մենակ էր և ծանր հանդարտ քայլերով ընթանում էր առաջ, հայացքը ուղղած դեպի անորոշ տարածություն։ Թվում էր, որ ամբողջ էությունով նա խորասուզված է յուր հոգու մեջ և արտաքին աշխարհը նրա համար գոյություն չունե։

Տեսնելով Դիմաքսյանին, նա շփոթվեց: Միայն մի թեթև անցողիկ ժպիտ սահեց նրա դեմքի վրա, ինչպես անձայն հողմի մեղմիկ շունչը անդորր ծովի մակերևույթով։ Դիմաքսյանը մոտեցավ նրան գդակը ձեռին և ջերմ հարգանքով սեղմեց նրա աջը։ Այլևս Գայանեն ճիգ չէր անում յուր տխրությունը թաքցնելու։ Նրա խոհուն ճակատի վրա որոշ գծագրված էր այն տառապանքը, որ տիրել էր նրա հոգուն։ Դիմաքսյանը շտապեց հարցնել նրա առողջության մասին և իսկույն խոսքը դարձրեց այնպիսի նյութերի վրա, որոնց մասին առիթ էր որոնում խոսելու։ Նա տեսավ, որ տիկինը խույս չէ տալիս խոսակցությունից, այլ ընդհակառակը, տրամադիր է երկար խոսելու։

Ես ամեն օր պատահում եմ ձեր երեխաներին, ինչքան նման են նրանք ձեզ։ Սովորած լինելով նրանց միշտ իրանց մոր հետ տեսնել, ցավում էի մենակ տեսնելով։

Դուք առհասարակ երեխաներ սիրո՞ւմ եք, հարցրեց տիկինը։

Միթե կարելի՞ է չսիրել անմեղությունը։

Տիկինը անփույթ կերպով նստեց առաջին պատահած նստարանի վրա։ Դիմաքսյանը կանգնեց նրա դեմ, շարունակելով.

Մարդկային էակներն արժանի են սիրո, քանի որ փոքրիկ են։

Քանի որ փոքրիկ են, իսկ հետո՞։

Հետո, պետք է խղճալ նրանց։

Ինչո՞ւ։

Որովհետև ապագայում կյանքը այնքան աղավաղում է նրանց, որ միայն խղճալու են արժանի։

Գայանեն, որ սովոր էր միշտ յուր ամուսնուց լսել կիսահեգնական և կատականման խոսակցություն նույնիսկ ամենալուրջ նյութերի մասին, մի տեսակ թարմություն զգաց, խոսակցելով մի մարդու հետ, որի ուղեղը ընդհակառակը միշտ լուրջ է տրամադրված։

Միթե ձեր կարծիքով կյանքը ամենքի՞ն է աղավաղում, հարցրեց նա։

Անկասկած, քանի որ մարդը չի կարող միշտ երեխա մնալ։ Այստեղ խնդիրը վերաբերվում է կրթությանը և կյանքի ազդեցությանը։ Կրթության այն եղանակը, որ տիրում է մեր դպրոցներում, ավելի աղավաղում է, քան կրթում մարդկային բնավորությունը։ Մնացյալը լրացնում են ընտանիքը և հասարակությունը։ Անշուշտ, դուք պետք է համաձայն լինեք ինձ հետ, որ սուտը և կեղծությունը վնասակար են, նույնպես չպիտի հերքեք, որ մեր կյանքում այդ բացասական հատկությունները զորեղ դեր են կատարում։

Դուք խոսում եք այնպես, ինչպես մի քանի տարի առաջ։

Անցյալի մտաբերելը Դիմաքսյանին շփոթեցրեց ախորժելի կերպով։ Ներքին հաճույքից նրա աչքերը փայլեցին և շարժուն դեմքը արտահայտեց մի անզսպելի բերկրություն։

Մի՞թե դուք կկամենայիք, որ այժմ ուրիշ կերպ խոսեի, ասաց նա ոգևորվելով, սուտը և կեղծությունը ես միշտ դատապարտել եմ և միշտ պիտի դատապարտեմ, առանց ուշադրություն դարձնելու նրանց արդարացնող պատճառների վրա...

Նա կանգ առավ: Նա վճռել էր միմիայն սառն բարեկամական հարգանք ցույց տալ տիկնոջը։ Իսկ այժմ զգում էր, որ անկարող է յուր վճիռը հաստատապես կատարել։ Մի քանի վայրկյան լռելուց հետո, նա ավելացրեց.

Բայց երբեմն ամենաառաքինի մարդիկ անգամ ենթարկվում են ստի և կեղծության ազդեցության, և ենթարկվում են ակամա, անգիտակցաբար։ Եթե նրանք ունենային ավելի քաջություն դիմադրելու ավանդական նախապաշարմունքներին, այն ժամանակ կլինեին ավելի անկեղծ և միշտ ճշմարտախոս։

Գայանեն լուռ լսում էր նրան, աշխատելով ըմբռնել այդ անորոշ խոսքերի տակ թաքնված իմաստը։

Ես կարծում եմ, շարունակեց Դիմաքսյանը ավելի ոգևորվելով, թե կգա ժամանակ, որ այդ մարդիկ իմ ասած քաջությունն էլ կունենան։ Ուզում եմ ասել, թե կգա ժամանակ, երբ մեր խոսքի և մտքի, զգացումների և գործերի մեջ տիրող հակասությունը կպակասի։ Տիկին, մենք այժմ հազիվ կիսով չափ պատկանում ենք մեզ, իսկ մեր էության, մեր բարոյական և մտավոր կազմի մյուս կեսը հասարակական նախապաշարմունքների ստրուկն է։ Գուցե հենց այդպես էլ հարկավոր է, գուցե անհրաժեշտ է, որ հասարակությունը մարդու գլխին լինի մի դատավոր, մի վերահսկող, քանի որ անհատը դեռ չի կատարելագործվել։ Բայց նա՛, որ զգում է յուր մեջ սեփական ուժ, ինքնուրույնություն և մտքի աներկյուղ քաջություն, նա վրդովվում է այդ ինքնակոչ վերահսկողի դեմ, որ միշտ ձգտում է բռնակալի դեր կատարել։ Ինչո՞ւ։ Որովհետև նա տեսնում է, որ այդ վերահսկողը ինքը, իբրև անհատի կրթիչ, իբրև ուղեցույց, իբրև առաջնորդ, տհաս է, կարճատես է։ Այդ տեսակ ինքնուրույն խելք և սկզբունքներ ունեցող մարդը մտածում է. «ի՛նչ անեմ, մի՞թե գնամ ընդհանուր հոսանքով»։ «Ո՛չ, պատասխանում է նրան ներքին ձայնը, չպիտի գնաս, աշխատիր ինքդ առաջնորդել նրան, որ քեզ ուզում է առաջնորդել և, եթե ուժերդ քեզ չեն դավաճանիլ, մեկ-մեկ խորտակիր նրա դեմ կանգնած խոչընդոտները»։

Վերջացնելով խոսքը, նա ձեռները հենեց ձեռնափայտին և հայացքը ձգեց հեռու ու հեռու։ Կարծես, այդ վայրկյանին նա մոռացել էր յուր խոսակցին, ինքն յուր մտքերի բուռն հոսանքով հափշտակված։

Գայանեն լուռ էր։ Նա արդեն մասամբ գուշակում էր, թե Դիմաքսյանը ինչ բան է ակնարկում և առհասարակ ինչ տեսակ քաջության ու ինքնուրույնության մասին է խոսում։ Այդ խոսքերը բաց էին անում նրա համար մի նոր, բոլորովին անծանոթ աշխարհ, ուր մինչև այդ ժամանակ չէր թափանցել նրա միտքը։ Ուշադրությամբ լսելով Դիմաքսյանին, նա թույլ էր տալիս իրան միանգամայն անձնատուր լինել նրա ասածների ազդեցությանը։ Եվ զգում էր, որ մի ինչ-որ բուռն, անդիմադրելի, բայց վերին աստիճանի ախորժելի հոսանք հետզհետե գրավելով քաշում ու տանում է նրան հայտնի չէ ուր։

Մի վայրկյան նա նայեց ոգևորված երիտասարդի դեմքին և այդ վայրկյանին Դիմաքսյանը երևաց նրան միանգամայն կերպարանափոխված։ Կարծես, դա այն մարդը չէր, որին հինգ-վեց տարի առաջ տեսավ Բարաթյանի հետ առաջին անգամ։ Նրա դեմքի գծերը հարատև և լարված մտավոր գործունեությունից մեղմացել էին և նրբացել։ Խոշոր, ազդու աչքերի մեջ հասուն խելքի հետ անդրադառնում էին հոգու տգեղությունը և կամքի անշեղությունը։

Այստեղ Գայանեի միտքը դարձյալ թռավ դեպի համեմատություն։ Նրա առջև պատկերացավ մի ժամանակվա յուր գեղեցիկ ամուսնու այժմյան կուշտ, կարմիր դեմքը, ուռած այտերով և յուղալի աչքերով։ Ի՛նչ տարբերություն. մեկի մտքի կորովությանը տեղի էր տվել մարմնի պարարտությանը, հոգին սրտի հետ պատել էր թանձր ճարպով։ Մյուսի հոգեկան ուժը տաշել և հղկել էր նրա ոչ-գեղեցիկ դեմքը և դարձրել միանգամայն անճանաչելի։

Յուր կողմից Դիմաքսյանը գաղտուկ դիտում էր տիկնոջը և գրեթե նույն փոփոխությունը տեսնում։ Ճշմարիտ է, չկար նախկին թարմությունը և աշխույժը, կենսականության հուրը առաջվա զորությունով չէր փայլում նրա կապուտակ աչքերի մեջ։ Բայց սրա փոխարեն նրա դեմքը այժմ այնքան մտախոհ, լուրջ և արտահայտիչ էր դարձել, որ Դիմաքսյանը այժմյան Գայանեին չէր կամենալ փոխել առաջվա արագաշարժ, զվարթ և վառվռուն օրիորդի հետ։ Ընտանեկան անհաջող կյանքը, հոգու հարատև տառապանքը խլել էին նրա երիտասարդական կրակը և փոխարենը պարգևել մի մեղմ, մի հեզ, մի անուշ թովչություն։ Օ՜о ո՛րքան նա պաշտելի էր յուր դժբախտության մեջ և որքան անմատչելի յուր բարձրության վրա։

Նայելով նրան, Դիմաքսյանի մեջ զարթնում էին ամենաազնիվ և ամենաանարատ զգացումներ։ Նա պատրաստ էր այդ անբախտ կնոջ համար հանդիսանալ մի անկեղծ, անձնվեր պաշտպան և յուր սրտի նվիրական հուրը զոհել նրա բախտին։ Եվ նա փափագում էր, բայց չգիտեր ինչ խոսքերով արտահայտել այդ զգացումը։ Միևնույն ժամանակ նա սաստիկ ցանկանում էր, որ Գայանեն պարզի յուր ցավերը նրա առջև անկեղծաբար, հավատալով նրա ազնվությանը: Նրան թվում էր, թե Գայանեն ինքը զգում է այդ տեսակ պահանջ, որ ապերջանիկ կնոջ դառնություններն այնքան ծանր և անտանելի են, որ պատրաստ է մի հավատարիմ մարդու մոտ պարզել յուր սիրտը։ Սակայն նույն «կեղծությունը» կաշկանդում է նրա լեզուն։ Պարզությանը իմ կարծիքով ամենագլխավոր առաքինությունն է, շարունակեց նա, այլևս չկարողանալով զսպել իրան։ Ով զուրկ է անկեղծությունից, նրա մյուս բոլոր արժանավորությունները նսեմանում են իմ աչքում։ Շատ անգամ մտածում եմ և ինձ համար բնավ անհասկանալի է դառնում՝ ինչու մենք միշտ կեղծում ենք։ Ինչո՞ւ հարուստը աղքատ է ձևանում, աղքատը հարուստ, հիմարը փիլիսոփա, խելոքը ճգնավոր։ Ինչո՞ւ նա՛, որին ճակատագիրը անբախտ է դարձրել բախտավոր է ձևանում։ Մինչդեռ նրա քայլվածքը, նրա ձայնը, վերջապես, նրա ամբողջ կերպարանքը մատնում են նրան, ցույց տալով նրա վախը նախապաշարմունքներից, նրա կեղծությունը...

Նրանց աչքերը կրկին հանդիպեցին միմյանց։

Գայանեն գլուխը խոնարհեցրեց և սկսեց հովանիի ծայրով ցնցողաբար փորփորոտել խոնավ գետինը։

Ակնարկը բավական պարզ էր, բավական հասկանալի։ Նա զգաց, որ Դիմաքսյանը սպասում էր նրանից անկեղծություն, որ նա արդեն թափանցել է նրա հոգու խորքը և այնտեղ պարզ կարդում է բոլոր վշտերը։ Բայց ինչո՞ւ, ի՞նչ իրավունքով։ Ո՞վ է նա, որ այնպիսի հանդգնությամբ մոտենում է նրա ներքին աշխարհին և այնտեղ ամենայն խստությամբ շոշափում է նրա հոգու նվիրական գաղտնիքները։ Ոչ, ոչ, դա աններելի է մարդու կողմից, որին նա ոչ մի իրավունք չէ տվել, ոչ մի ակնարկով չէ մոտեցրել իրան։ Նա գլուխը բարձրացրեց այն ժամանակ, երբ Դիմաքսյանը նայում էր մի ուրիշ կողմ։ Երիտասարդի գունատ և խելացի ճակատը, երեսի մեղմիկ ցնցվող մկանունքները պարզ արտահայտում էին, թե ինչ է կատարվում նրա հոգում։ Մի վայրկյանում տիկնոջ հայացքը դարձյալ փոխվեց նրա մասին։ Ինչ-որ մի ներքին ուժ, ցավակցության թե խղճահարության նման մի բան, հուզեց նրա սիրտը։ Նա զղջաց, որ նույնիսկ մի վայրկյան թույլ էր տվել իրան կասկածել այդ մարդու հոգու մաքրության մասին։

Դուք ամեն բանում պահանջում եք պարզություն, արտասանեց նա երերվող ձայնով, այդ անկարելի է։

Գիտեմ անկարելի է, չէ՞ որ բռնակալ վերահսկողը թույլ չի տալիս, չէ՞ որ մենք սարսափում ենք նրա միակողմանի դատաստանից։

Այդ չէ միայն, այդ չէ, կրկնեց Գայանեն, հովանիի ծայրը մի քանի անգամ թեթևակի խփելով գետնին, կան բաներ, որոնց մասին մարդ չի կարող անկեղծ լինել, եթե նա չի կամենում հիմարի անուն ստանալ։

Այո՛, այն մարդկանցից, որոնք անկեղծությունը հիմարությունից ջոկել չգիտեն։ Եթե ես համոզված եմ մեկի խելքին և ազնվությանը, եթե ես հավատացած եմ, որ այդ մարդը երբեք ի չարը չի գործ դնիլ իմ հավատարմությունը, միշտ կարող եմ նրա հետ պարզախոս լինել։

Նա կանգ առավ։ Նա զգաց, որ շատ է հափշտակվում շատ է հեռու գնում։ Նա կարծեց, որ մինչև անգամ վիրավորեց տիկնոջը։ Բայց նայեց նրա երեսին և այնտեղ նկատեց մի ներողամիտ և, միևնույն ժամանակ, մի քաջալերական հայացք։ Այդ հայացքը, կարծես, ասում էր. «Ես հավատում եմ, որ դուք և՛ խելոք եք, և՛ ազնիվ, կարող եք և՛ հավատարիմ լինել, բայց մի պահանջեք ինձանից անկարելի անկեղծություն։ Մի պահանջե՛ք, որովհետև ես կին եմ, դուք տղամարդ, որովհետև դուք օտար եք ինձ համար և որովհետև դուք իմ ամուսնու թշնամին եք»։

Նա արագությամբ ոտքի կանգնեց։ Նա կորցրեց յուր բռնի սառնության վերջին կաթիլը։ Դողդողուն ձայնով և շնչասպառ արտասանվեց.

Թող որքան կամենում են թաքցնեն, բայց ես մարդկանց աչքերի մեջ կարդում եմ նրանց հոգին, նրանց սրտի վիճակը, նրանց դժբախտությունը...

Եվ մի վայրկյան շունչ առնելուց հետո, ավելի հափշտակված ավելացրեց.

Իմ գաղափարները իմ սրբություններն են, երդվում եմ նրանցով, որ իմ սրտում կա միայն ցավակցություն, անկեղծ բարեկամական ցավակցություն։ Տիկին, ես սուտ կասեի, բայց չգիտեմ սուտ ասել, ես կկեղծեի, բայց վարպետ չեմ կեղծելում. ահա ինչն է ստիպում ինձ ձեր երեսին ասել այն, ինչ որ ուրիշները կթաքցնեին...

Այս խոսքերը նա մի այնպիսի ներշնչված հոգով էր արտասանում, այնքան անկեղծություն և ազնվություն էր բուրում նրա դեմքից, ձայնից և ամբողջ էությունից, որ Գայանեն չկարողացավ ո՛չ վիրավորվել, ո՛չ հակաճառել։ Նա տեսնում էր յուր առջև մի մարդ, որ ոչնչով չէր նմանվում այն բոլոր մարդկանց, որոնց մինչ այդ օրը նա հանդիպել էր։ Մի մարդ, որ որքան համարձակ, աներկյուղ և մինչև անգամ հանդուգն լիներ, այնքան նրա հոգին բարձր էր, սիրտը անարատ և խելքը անշեղ, կտրուկ։ Նա այդպես զգաց և հուզվեց։ Նա այլևս չկարողացավ պաշտպանվել, կեղծել, թաքցնել յուր դժբախտությունը։ Եվ ի՞նչ օգուտ, քանի որ պետք է նորից ստեր նրա առջև և նորից ցույց տար յուր հոգու տկարությունը։

Զգացված մինչև հոգու խորքը, նա գլուխը դարձյալ թեքեց կրծքին և կամացուկ արտասանեց.

Ես հավատում եմ ձեր ազնվությանը...

Նույն վայրկյանին նա խոսքը ընդհատեց և իսկույն ոտքի կանգնեց։ Նա դողում էր, նա մի տարօրինակ երկյուղի մեջ էր։ Կարծես, մի բան էր արել, որ չպիտի աներ, մի համարձակ, մի վերին աստիճանի պատասխանատու քայլ, որ, միևնույն ժամանակ, ցույց էր տալիս նրա հոգու ուժը և կամքի ինքնուրույնությունը։ Նա նայեց գետնին, ապա գլուխը բարձրացրեց։ Կարծես նա ուզում էր խոսքը կիսատ թողնել և հեռանալ, բայց տատանվում էր։

Այնինչ՝ Դիմաքսյանի սիրտը լցվել էր ասպետական հպարտ զգացումներով։ Այն կինը, որին պաշտում էր, որի պատկերը մի քանի տարի շարունակ չէր հեռանում նրա մտքից և աչքերից, վերջապես, ասում է, թե հավատում է նրա ազնվությանը։ Նա չի մերժում նրա բարեկամությունը, չի վիրավորվում նրա պարզախոսությունից։ Ի՛նչ անսպասելի երջանկություն։

Տիկինը լուռ մեկնեց նրան յուր ձեռը։ Նա պատրաստ էր խոնարհվել և համբուրել այդ ձեռը ինչպես մի սրբություն։ Բայց այդ անկարելի էր, բնական ամոթխածությունը մի անգամ ևս կաշկանդեց նրան։ Եվ նա, ջերմագին սեղմելով Գայանեի ձեռը, ասաց.

Արդյոք ես ձեզ վիրավորեցի՞։ Ոչ, ընդհակառակը, դուք ցույց եք տալիս ձեր բարեկամությունը։ Շնորհակալ եմ, եթե երբեք չեք շեղվիլ բարեկամության շավղից և ավելի...

Դիմաքսյանը ընդհատեց նրա խոսքը, մի ցնցողաբար շարժում գործելով և արտասանելով.

Տալիս եմ ձեզ ազնիվ խոսք՝ երբեք չշեղվել...

Եվ մնալով միևնույն տեղում, աչքերով մինչև ամառանոցի դռները ուղեկցեց Գայանեին, որ հեռանում էր արագ քայլերով։

«Երբեք չշեղվել, կրկնեց նա մտքում, ոչ, չեմ շեղվիլ, պաշտելի էակ, որովհետև միայն քո բարեկամությունը կարող է ինձ երջանկացնել...»։

Be the first who will comment on this

Other parts of "Արսեն Դիմաքսյան"

Yatuk Music
Gayane - Lullaby
Aram Khachatryan

Gayane - Lullaby

Before the dawn. 1971
Before the dawn. 1971
Play Online