Alexander Shirvanzadeh

Արսեն Դիմաքսյան

Երրորդ մաս, VI - IX

VI

Իզուր Գերասիմ Գերասիմիչը առաջին երեկո հետևյալ և նույնիսկ երրորդ օրը սպասեց, որդին և հարսը չեկան նրա մոտ հաշտված, ուրախ-ուրախ, ինչպես նա պատվիրել էր: Վերջապես անդամալույծի համբերությունը սպառվեց։ Նա կանչեց յուր որդուն և սաստիկ հանդիմանեց։ Որդին ասաց, թե ինքը «ամեն բան ներում է», պատրաստ է հաշտվել, բայց Գայանեն չի ուզում և քանի գնում, այնքան ավելի երես է դարձնում նրանից։

Երեք օր է նա կանչել է յուր մոտ և նրա հետ գաղտնի խոսակցություն ունե։ Մինչև անգամ այդ աղջիկն էլ չի ուզում ինձ հետ խոսել։

Ծերունին յուր Անդրեյին հրամայեց կանչել «մեծամիտ» տիկնոջը։ Գայանեն իսկույն եկավ։ Նա հասկացավ, ինչու համար են իրան կանչում, և արդեն գիտեր, թե ինչ պետք է պատասխանի։ Որքան ծերուհին հորդորեց, որքան խրատեց, վերջապես, սպառնաց, տիկինը միայն արտասանեց.

Ես կեղծել չեմ կարող։

Ի՞նչ ասել է կեղծել, գոչեց ծերունին խռպոտ ձայնով։

Ձեզ, ինձ և ուրիշներին խաբել։ Այսօր կհաշտվեմ, վաղը ձեր որդին էլի յուր ուզածը կանի։ Եթե չանի էլ, էլի չեմ կարող հաշտվել։

Իսակ, դարձավ հայրը որդուն, մորդ գերեզմանով երդվիր, որ կնոջդ հավատարիմ կմնաս այսուհետև, ժի՛վո...

Դա միակ սրբությունն էր, որ Բարաթյանը անխախտ պահպանում էր յուր սրտի խորքում։ Երդվել մոր գերեզմանով կնշանակե, ինչպես և լինի, անպատճառ կատարել այդ երդումը։ Բայց նա շատ լավ զգում էր, որ չի կարող այդ անել և վաղ թե ուշ պետք է յուր երդումը քանդի։ Ուրեմն ինչո՞ւ սրբապղծություն գործեր մոր հիշատակի դեմ, մանավանդ որ նա մտքում գրել է միայն առերես հաշտվել Գայանեի հետ, արդեն ինքն էլ ձանձրացած լինելով նրանից։ Կամենալով մի կերպ խույս տալ ծանր երդումից, նա ասաց.

Ես ազնիվ խոսք եմ տալիս։

Նու, շտո՞ժ, դարձավ ծերունին Գայանեին, ազնիվ խոսք է տալիս։

Տիկինը ուսերը թեթև կերպով վեր քաշեց, երեսը մի կողմ դարձնելով։

Նա չգիտեր որի վրա ավելի զարմանար, որդո՞ւ, որ այդպես հանդգնաբար ուզում էր նորից խաբել նրան, թե՞ հոր, որ կարծես խրախուսում էր նրա անառակությունը։

Վերջին անգամ Գայանեն դրականապես մերժեց ծերունու խնդիրը։

Ուրեմն ի՞նչ ես ուզում անել, գոչեց անդամալույծը արդեն բարկացած, չլինի՞ թե մտքումդ դրել ես բաժանվել: Իհարկե, այդ էլ մո՛դա է, կարող է խելքիդ փչել։

Հետո, մի քիչ իրան զսպելով, նա առաջ բերեց այն բոլոր վատ պայմանները, որոնցով շրջապատված է մարդուց բաժանված կինը։ Նա ապացուցեց, որ հազար անգամ լավ է ապրել ոչ միայն Իսակ Բարաթովի պես մի «շատ սովորական» ամուսնու, այլ նույնիսկ ամենաանառակ մարդու հետ, ինչպես օրինական կին, կրել ամեն տեսակ տանջանքներ, քան թե բաժանվել։ Խոմ, երիտասարդ կինը առանց տղամարդի չի կարող մնալ. այդ աներևակայելի է, «նեվոզմոժնո, նե եստեստվեննո»:

Նա խոսում էր իրան հատուկ ազատ, նույնիսկ անհամեստ ոճով։ Եվ այս անգամ որդին չէր ընդհատում նրա խոսքը։ Նա ինքը համաձայն էր հոր մտքերին և ուրախ էր, որ յուր մտածածը նա է ասում։

Գայանեն լուռ նստած էր, աջ ձեռքով աչքերը ծածկած և ձախ ձեռը թույլ կերպով ծնկի վրա դրած։ Ծերունու խոսքերի մեջ նա զգում էր մի ճշմարտություն, այն է, որ ինքը ոչ մի պաշտպան չունե։ Այն օրից, երբ Բարաթյանի տնից ոտը դուրս կդնի, նրա անունը հարյուր տեսակ վատաբանությունների առարկա պետք է դառնա։ Այդ նա շատ լավ գիտե։ Բայց մի՞թե հենց դրա համար մնալ և շարունակել այդ դժոխային կյանքը արդեն քստմնելի դարձած մի մարդու հետ, որի շնչառությունն անգամ թունավորում է նրա օդը։

Նրա աչքի առջև, ինչպես կենդանի սպառնալիք, կանգնած էին երեխաները։ Ահա՛ բնական անխորտակելի կապը, որի առջև փշրտվում են բոլոր բարոյական ուժերը: Բայց արդյոք նրանք բախտավո՞ր են, սնվելով և կրթվելով անվերջ երկպառակությունների ազդեցության տակ։ Եթե նա երբեք չի կարող հաշտվել նրանց հոր հետ, եթե նրա սրտում արմատացած բուռն զզվանքը հավիտյան պետք է մնա այնտեղ, չէ՞ որ այդ փոքրիկները, որ օր օրի վրա հասունանում են, պետք է, վերջապես, տեսնեն, զգան և հասկանան սոսկալի եղելությունը։ Այն ժամանակ միթե նրանց զգայուն սրտերը չե՞ն փչանալ, նրանց դյուրաթեք հոգիները չե՞ն աղավաղվիլ: Ավելի լավ չէ՞, քանի որ նրանք փոքրիկ են, քանի որ ոչինչ չեն հասկանում, վաղօրոք, մի հարվածով վերջ տալ խճճված հանգույցին։ «Ոչ, ծերունի, ոչ, զուր ես ինձ համոզում, դու սխալվում ես, հերիք է ինչ որ ես քաշեցի քո որդուց։ Այժմ չեմ կարող և չեմ ուզում էլի խաբվել, էլի տանջվել»։

Մինչ այս բոլորը վայրկենաբար անցավ Գայանեի մտքով, ծերունին, յուր խոսքը ավարտած, սպասում էր պատասխանի։ Իսկ որդին տխուր դեմքով կանգնած, գլուխը մի քիչ դեպի ուսը թեքած, հեզությամբ նայում էր նրան։ Տե՛ս, ծերունի, տե՛ս, ինչքան նա ներողամիտ է, բարի, համբերող և ինչքան, ընդհակառակը, նրա կինը խստասիրտ է, կամակոր, անհաշտ։ Միթե դու հենց այս պատճառով նրան կզրկե՞ս ժառանգությունից։

Շտո՞ժ, շա՞տ պետք է սպասենք ձերդ գերազանցության րեզոլուցիային:

Գայանեն ձեռը հեռացրեց երեսից. ոտի կանգնեց և պատասխանեց.

Երբե՛ք չեմ հաշտվիլ:

Ծերունու կիսախուփ աչքերը կատաղությունից մի վայրկյան լայն բացվեցին: Նա գռռաց։

Ուրեմն, կորի՛ր, անա...

Պա՛պա, ընդհատեց որդին խիստ ձայնով։

Յա, բրատ, այժմ հասկանում եմ ամեն բան։ Բրա՛տ, էտո ֆուրիա, թող գնա, ուր որ ուզում է...

Աստծու տաճարի առաջ երդվել եմ մինչև մահ իմ կնոջ հետ ապրել, ասաց Իսակը հանդարտ ձայնով, որի կեղծ հնչյունը միայն Գայանեի համար կարող էր զգալի լինել, և պատրաստ եմ ապրել:

Հետո նա դարձավ կնոջը և ավելացրեց.

Իսկ եթե ձեզ, տիկին, այնքան զզվացրել եմ, որ իմ բարեսիրտ հոր աղաչանքն էլ չեք հարգում, ես մեղավոր չեմ... բարի ճանապարհ։ Դա-սս, բարի ճանապարհ, կրկնեց ծերունին, երեխաները կմնան մեզ մոտ։ Կարող եմ ասել, մարդամ, որ նրանք վովսյակոմ սլուչայե, Բարաթովների տանը լավ կկրթվեն։ Մենք շատ պակասություններ ունինք, բայց ոչ հիմար ենք, ոչ էլ անկիրթ:

Գայանեն սարսափած նայեց նախ որդուն, ապա հորը։ Նա այնպես զգաց, թե ընկել է երկու անխիղճ դահիճների ձեռքը, որոնք բութ դանակով կտրում են նրա սրտի ամենազգայուն կտորը։ Բայց նա գիտեր, որ այդպես էլ պետք է լինի, որ Բարաթյանները երբեք չեն համաձայնվիլ երեխաներին իրան տալ: Նա գունատ էր ինչպես կտավ և միայն աչքերի մեջ վարվում էր մի տարօրինակ կրակ։ Դա մայրական կատաղի սիրո փայլն էր։

Մեկը դրսից կամացուկ երեք անգամ զարկեց դռներին։ Գայանեն սթափվեց, խելքը գլուխը ժողովեց և, մի քանի վայրկյան իրան իշխելով, գոչեց.

Ոչ, դուք մինչև անգամ այդ սպառնալիքով չեք կարող ինձ փոխել:

Բարաթյանը դռները բաց արեց, երևաց Վեքիլյանի կերպարանքը։

Ախ, ներեցեք, որ այսպես անժամանակ եկա, ասաց իրավաբանը մշտական ժպիտի փոխանակ մի շինովի տրտմություն երեսին. ես եկել եմ մի ցավալի լուր հաղորդելու։

Եվ, դառնալով Գայանեին, ավելացրեց.

Պյոտր Սոլոմոնիչը մեռնում է և ուզում է ձեզ վերջին անգամ տեսնել:

Լուրը սարսափեցրեց Գերասիմ Գերասիմիչին։ Կարծես, դա սեփական մահվան նախերգանքն էր։

Խե՛ղճ Պետրոս, գոչեց նա հուզված, ինչո՞ւ այդպես շուտ, խեղճ Պետրոս...

Նա ոչինչ տեղեկություն չուներ Պյոտր Սոլոմոնիչի ընտանեկան դժբախտության մասին, թեև լսել էր նրա կաթվածահար լինելը։

Մի վայրկյան Գայանեն տատանվեց. գնա՞լ արդյոք, հանդիպե՞լ Աննային նույնիսկ յուր տան մեջ։ Բայց նա այնքան հարգում էր և սիրում էր յուր քեռիին, որ չգնալ չէր կարող:

Առանց ուշացնելու նա հագնվեց և իսկույն ուղևորվեց դեպի այն տունը, ուր վաղուց ոտք չէր դրել։ Վեքիլյանի հետ կառքում նստած, նա ամբողջ ճանապարհը մի բառ անգամ չարտասանեց։ Նա դեռ տեղի ունեցած տեսարանի թարմ տպավորության տակ էր։ Ներկան նրա համար որոշվեց, քանդվեց այն փտած կապը, որ մինչև այժմ առերես պահում էր նրան նախկին դրության մեջ։ Իսկ ապագան ներկայացնում է անորոշ խառնուրդ, անթափանցելի քաոս։ Մերթ նրան թվում էր, որ յուր արածը անհաշիվ, լավ չմտածված, գուցե վտանգավոր քայլ է, մերթ նա աշխատում էր համոզել ինքն իրան, որ ընդհակառակը դա շատ հասարակ, շատ սովորական բան է։ Մի բան, որ ուրիշները անում են առանց տանջվելու, առանց հասարակական կարծիքի վրա ուշադրություն դարձնելու։

Նա այնքան կլանված էր յուր մտքերով, որ ոչինչ չէր տեսնում, ոչինչ չէր լսում։ Նա չէր նկատում յուր ծանոթներին, որ աջ ու ձախից բարևելով անցնում էին։ Մի վայրկյան միայն նա, կարծես, մի տեսակ մոխրագույն գոլորշիի մեջ նշմարեց մի շատ ծանոթ կերպարանք, որ կանգնած էր մի փողոցի անկյունում և մռայլ հայացքով ուղեկցում էր նրան։ Նա կրկին նայեց այն կողմ և ակամա մի ցնցում զգաց։ Դա Դիմաքսյանն էր։ Սիրո՞ւմ է նա արդյոք այդ ամենքից հալածված մարդուն, որ նրա աչքում այժմ ամենքից խելոք է, ամենքից ազնիվ, ամենքից մաքուր և բարձր։ Այո՛, սիրում է։ Ոչ, ոչ, դա ախ սերը չէ, որ կնոջը մոռացնել է տալիս ամեն բան, և՛ հասարակական նախապաշարմունքներ, և՛ բամբասանք, և՛ շատ անգամ նույնիսկ զավակներին։ Դա մինչև անգամ սեր չէ, այլ սիրո պատվանդանին հասնող, նրա պես պայծառ, նրանից մեղմ, բայց ավելի հուսալի և հարատև մի զգացում է, հարգանք և երկրպագություն համոզմունքների գերի և վսեմ ձգտումների տեր մի մարդու առջև...

Դիմաքսյանն ուղեկցեց աչքերով Գայանեին, մինչև որ կառքը բոլորովին անհետացավ փողոցի ծայրում։ Հետո երկար ժամանակ մնաց միևնույն տեղը անշարժ: Հիշեց այն օրը, երբ Գայանեն ուրախ ու զվարթ դեմքով կարեթի մեջ նստած սլանում էր Բարաթյանի հետ դեպի երկաթուղու կայարանը։ Հիշեց բոլոր յուր տառապանքները, որ կրել էր մինչև այդ օրը և այնուհետև։ Համեմատեց այն ժամանակվա Գայանեին այժմյանի հետ։ Որքա՜ն փոփոխություն։ Այն դեմքը, որի յուրաքանչյուր գիծը այն ժամանակ արտահայտում էր անհուն երջանկություն, այժմ ինչպե՜ս սքողվել էր դառն տխրությունով։ Բայց այս տխրությունը այժմ բոլորովին ուրիշ ազդեցություն գործեց նրա վրա։ Բնազդմամբ զգաց, որ անկասկած մի արտաքո կարգի բան է պատահել Գայանեին։

«Միթե արդեն բաժանվե՞լ է ամուսնուց», մտածեց Դիմաքսյանը մարգարեաբար, և մի ինչ-որ անբացատրելի վայրկենական ուրախություն համակեց նրա սիրտը։

VII


Երբ Գայանեն մտավ Պյոտր Սոլոմոնիչի սենյակը, այնտեղ տիրում էր այն խորին սրբազան լռությունը, որ մահվան ներկայությունն է զգալ տալիս։ Լուսամուտների ծանր վարագույրները ցած էին իջեցրած, սենյակը կիսով չափ մութն էր։ Երեխաներին նոր հեռացրել էին ծերունու մոտից։ Չէր երևում նույնպես և տիկին Բախտամյանը։ Միայն Օվսաննան էր նստած հիվանդի գլխի մոտ, աչքերը արտասուքով թաց։ Ավելի մոտիկ նստած էր բժիշկը, հիվանդի բազուկը բռնած։

Քայլերի ձայն լսելով, Պյոտր Սորոմոնիչը ծանրությամբ աչքերը բաց արեց և ձեռը թույլ կերպով շարժեց։ Գայանեն թեքվեց, համբուրեց այդ ձեռը, թույլ տալով, որ ծերունին յուր պշկած, պաղ շրթունքները հպի նրա ճակատին։ Նա նստեց մահճակալի մոտ, թաշկինակը սեղմելով աչքերին և աշխատելով զսպել արտասուքը, որ խեղդում էր նրա կոկորդը։ Տառապյալ ծերունին նրա սիրտն էր մորմոքումդ «Խե՛ղճ մարդ, դու քո սխալանքի զոհ դարձրիր թե՛ քեզ, թե՛ քո պատիվը և թե ինձ...»

Նա ուժ չունեցավ իրան զսպելու, սկսեց հեկեկալ, փաթաթվելով Օվսաննային, որ յուր քրոջը տեսնելու վայրկյանից արդեն հեկեկում էր։ Հիվանդը Վեքիլյանին նշան արեց։ Իրավաբանը հանեց նրա բարձի տակից կտակագիրը և կարդաց այն հատվածը, որ վերաբերվում էր Գայանեին։ Ծերունին աչքերը սևեռել էր յուր քեռորդու երեսին և շրթունքների մեղմիկ շարժումով արտահայտում էր յուր սրտի գոհունակությունը։ Նա խոսելու ընդունակությունը կես ժամ էր կորցրել էր։

Օ՜օ, ես սրբությամբ կկատարեմ ձեր կամքը, գոչեց Գայանեն բարձր ձայնով, որ հիվանդի թմրած լսելիքին հասնի և նրա պաղ ձեռը նորից ամուր սեղմեց յուր շրթունքներին, ես իմ անձը կզոհեմ այդ նպատակին, բարեսի՛րտ, թանկագի՛ն քեռի...»

Ծերունու հողագույն դեմքով անցավ շնորհակալության պարզ ցոլմունքը։

Գայանեն մնաց մեռնողի մոտ մինչև վերջին վայրկյան, ծերունու վերջին հայացքը սառավ նրա վրա, դրոշմելով նրա փափկացած սրտի վրա մի նոր, անջնջելի վիշտ։

Նույն րոպեին պատկառելի քաղաքացու մահը, բերանից-բերան անցնելով, տարածվեց համարյա ամբողջ քաղաքում։ Իսկ հետևյալ օրը նրա կտակի բովանդակությունը հայտնի եղավ ամբողջ հասարակությանը։ Օրվա հերոսները Ամբակում Աֆանասևիչը և Վեքիլյանն էին։ Իրավաբանը, ոչ առանց պարծանքի, հաղորդում էր յուր բարեկամներին կտակի բոլոր մանրամասնությունները։ Նա շատ ջանք է արել ծերունուն դեպի բարեգործություն թեքելու, և նրա ջանքը պսակվեց հաջողությամբ։ Այո՛, եթե նա չլիներ, Էջմիածնի ճեմարանը և Ներսեսյան դպրոցը իսկի գրոշ կստանայի՞ն։

Եվ այսպես նա անխնա խլում էր հանգուցյալ Պյոտր Սոլոմոնիչի փառքի պսակի տերևները, բոլորը յուր անձնական ազդեցությանը վերագրելով, մի չնչին մաս էլ հատկացնելով Ամբակում Աֆանասևիչին։ Հապա՛, ահա ինչ կարելի է անել համբերությամբ, զգուշությամբ և խոհեմությամբ։ Թող այժմ «խելագարը» կամ խելագարները ինչքան ուզում են հարձակվեն նրա վրա։

Նա իսկույն այցելեց մի բարեկամ խմբագրի։ Եվ ծերունու թաղման օրը հրատարակվեց հանգուցյալի հիշատակին մի հոդված, ուր «ճշմարիտ ազգասերների ազդեցությունը» գովաբանված էր ճարտասանական ծաղկազարդ ոճով:

«Կան մարդիկ, ասված էր այդ հոդվածում, իրանց հարազատ հորը գերեզման են ուղարկում վատ վարվողությամբ, որ նրանց փողերը վատնեն իրանց խղճալի անձի վրա: Այդպիսիներից պետք է զզվանքով երես դարձնել: Բայց կան այնպիսի բուն ազգասեր երիտասարդներ, որ ամեն մի մեռնող ազգականի մոտ դառն վշտերի մեջ էլ իրանց եկեղեցու ու ազգի կարիքն են հոգում: Փառք և պատի՛վ այդպիսիներին...»։

Կային և՛ այնպիսի մարդիկ, որ միմյանց ականջին շշնջում էին այն փոքրիկ գումարի մասին, որ «բուն ազգասերները» շպրտել էին պանեգիրիստ խմբագրին։ Մի չնչին մասն այն հազարներից, որ կտակակատարները «արտաքո կտակի» կորզել էին հանգուցյալից։

Գայանեն յուր քեռիի տանը մնաց հինգ օր, ամեն կերպ աշխատելով երես առ երես չհանդիպել տիկին Բախտամյանին։ Հանգուցյալի թաղումից հետո երեկոյան դարձյալ Օվսաննայի հետ երկար խորհրդակցություն ունեցավ քեռիի սենյակում։ Այնտեղ էր նաև օրիորդ Կարինյանը։

Հետևյալ օրը առավոտյան Օվսաննան մտավ Աննայի սենյակը, ուր այրիացած տիկինը փակված էր ամբողջ օրը: Նա երկու խոսքով հայտնեց, թե Պյոտր Սոլոմոնիչի մահից հետո ինքը այլևս չի կարող ապրել նրա տանը։

Օրիորդի այս անսպասելի վճիռը տիկին Բախտամյանը վերագրեց Գայանեի ազդեցությանը։ Պյոտր Սոլոմոնիչի կտակում մանրամասն բացատրված էր Օվսաննայի հայրական ժառանգության գործը։ Այն անշարժ կալվածքը, որ պատկանում էր նրան և Գայանեին, կես մասով հատկացրած էր օրիորդին, որ պետք է տիրեր նրան երկու ու կես տարուց ետ։

Ինչպես ուզում եք, այնպես արեք, արտասանեց տիկին Բախտամյանը սաստիկ վրդովված։

Նա իսկապես հոգով ուրախ էր Օվսաննայի հեռանալուն, բայց վրդովվեց, որովհետև օրիորդի նյութական անկախ դրությունը նրա նախանձը շարժեց։ Մի արհամարհական հայացքով չափելով օրիորդին ոտից մինչև գլուխ, ավելացրեց. Ամոթ չլինի հարցնելը, որտե՞ղ եք ուզում գնալ...

Օրիորդ Կարինյանի մոտ։

Օհո՜, լա՛վ տեղ եք գնում։ Նա ազատություն սիրող, դուք էլ... Է՛հ, տերը ձեզ հետ։ Բայց ես զարմանում եմ, ինչու ձեր քրոջ մոտ չեք գնում։

Այստեղ Օվսաննան հուզված հաղորղեց Գայանեի որոշումը. նրանք այսուհետև երկու քույր պետք է բնակվեն օրիորդ Կարինյանի մոտ։

Ի՛նչ, ուրեմն քույրդ մարդուց բաժանվո՞ւմ է, գոչեց Բախտամյանը, մի տեսակ ուրախություն զգալով։

Օվսաննան գլխով անորոշ շարժում արեց։ Տիկինը անսպասելի աշխույժ ստացած ոտքի կանգնեց և սկսեց արագ-արագ անցուդարձ անել սենյակում։ Նա փորձեց Օվսաննայից գործի մանրամասնությունները իմանալու։ Բայց օրիորդը համառությամբ պնդում էր, թե ինքը ավելի ոչինչ չգիտե և չի կարող ասել։

Նույն օրը երեկոյան Գայանեն Օվսաննայի հետ տեղափոխվեց օրիորդ Կարինյանի մոտ։ Վերջին ժամին տեղի ունեցավ մի սրտահույզ տեսարան։ Օվսաննան չկարողացավ սառնարյուն բաժանվել այն տնից, ուր նա անց էր կացրել յուր մանկությունն ու պատանեկությունը և այժմ նոր-նոր սկսում էր յուր չափահասությունը։ Հավաքելով և դասավորելով յուր հագուստեղենը սնդուկի մեջ, նա անդադար լալիս էր: Ամեն մի չնչին իր հիշեցնում էր նրան յուր անցկացրած ուրախ և տխուր օրերը։ Նույն րոպեին, երբ նա արդեն պատրաստվել էր դուրս գնալու, Լիզոչկան և Էլեչկան փաթաթվեցին նրա պարանոցին և չէին ուզում բաժանվել նրանից։ Բայց տիկին Բախտամյանը մոտեցավ և, խստությամբ բռնելով ձեռներից, հեռացրեց նրանց օրիորդից։

VIII


Վաղուց բժիշկ Սալամբեկյանը նկատում էր, որ Դիմաքսյանը չափից դուրս շատ է հետաքրքրված Գայանեի վիճակով։ Նա զգում էր, որ յուր ընկերը սիրում է տիկնոջը և այդ սերը նոր չէ, բայց թե որքան նա զորեղ է չգիտեր։ Բարաթյանների բաժանվելու լուրը առաջինը նա հաղորդեց Դիմաքսյանին: Որքան Գայանեի արածը սպասելի լիներ Դիմաքսյանի համար, այնուամենայնիվ լուրը խոր տպավորություն գործեց նրա վրա։ Այնուհետև նա աշխատում էր ստեպ-ստեպ տեսնվել Սալամբեկյանի հետ։ Բժիշկը ամեն օր այցելում էր օրիորդ Կարինյանին և Գայանեին, հանդիպում, բնական էր ուրեմն, որ միայն նա կարող էր ճիշտ տեղեկություններ տալ Դիմաքսյանին։

Մի օր նա ասաց, թե նախընթաց երեկոյան դայակը երեխաներին բերել էր Գայանեի մոտ։ Բարաթյանը համաձայնվել է, որ շաբաթը մի կամ երկու անգամ մայրը տեսնվի յուր զավակների հետ։ Բժիշկ Սալամբեկյանի ասելով, դա նրա կողմից մի ճարպիկ միջոց էր հասարակության աչքում բարեսիրտ ու ներողամիտ մարդ երևալու, նրա համակրանքին արժանանալու։ Այսպես թե այնպես, Դիմաքսյանը փոքր-ինչ ուրախացավ Գայանեի համար, որ բոլորովին չէր զրկվում յուր երեխաներից։ Այժմ նրա առաջին մտատանջությունը տիկնոջ վիճակն էր, և ամեն մի թեթևություն այդ վիճակի մեջ նրան մխիթարանք էր պատճառում։ Ահա ինչու մի անգամ նա հարցրեց՝ արդյոք ի՞նչ են մտածում օրիորդ Կարինյանը և բժիշկ Սալամբեկյանը Գայանեի արածի մասին։ Թե՛ մեկի և թե՛ մյուսի կարծիքը նշանակություն ուներ, որովհետև նրանց հարաբերությունից էր մասամբ կախված Գայանեի վիճակը։ Իսկ Դիմաքսյանը գիտեր, որ շրջապատողների մի թեթև աններողամտությունն անգամ կարող է ճնշող ներգործություն ունենալ Գայանեի վրա։

Իմ կարծիքով, պատասխանեց Սալամբեկյանը նրա հարցին, դա միակ ելքն էր, ուրիշը չկար նրա համար։

Նույնիսկ եթե հասարակությունն էլ բամբասի։

Հասարակությո՞ւնը... եթե նա հոգեբանական րեզոններ ընդունում է չպիտի բամբասի մի այդպիսի կնոջ։ Եթե չի ընդունում, կնշանակի նա բռնակալ է։ Իսկ բռնակալին ներելի է դիմադրել:

Օրերը անցնում էին, Դիմաքսյանի անհանգստությունը քանի գնում ավելանում էր։ Նա ցանկանում էր Գայանեի հետ գեթ մի անգամ տեսնվել, անձամբ իմանալ նրա դրությունը: Բայց չէր վստահանում գնալ նրա մոտ, մի կողմից քաշվելով օրիորդ Կարինյանից և բժիշկ Սալամբեկյանից, մյուս կողմից՝ խնայելով Գայանեի անունը, որ առանց այն էլ բամբասանքի առարկա էր։

Վերջապես, առիթը մոտեցավ. դա Սալամբեկյանի ամուսնությունն էր Կարինյանի հետ։ Երջանի՛կ բժիշկ, որքա՛ն նա ուրախ էր, գոնե Դիմաքսյանի աչքում, և ի՛նչ աշխույժ էր ստացել։ Կարծես, դա այն ծույլ ու դանդաղ մարդը չէր, որ դեռ երկու տարի առաջ մեջքի վրա պառկում էր ամեն օր և կրկնում. «աշխարհը դատարկ բան է»։ Արդյոք սերը չէ՞ր, որ այդ դատարկությունը լրացրեց նրա համար։

Բժիշկը վճռել էր, որ հարսանիքը համեստ լինի։ Հրավիրված էին միայն նրա և օրիորդի ամենամոտիկ ազգականներն ու ծանոթները։ Հարսանիքը մի տեսակ ընկերական խնջույքի էր նմանվում։ Միայն այրի Բոլումբաշյանը չէր ուզում հաշտվել այդ անշքության հետ։ Նա երեկույթի կառավարիչն էր, հանդիմանում էր օրիորդին, որ համաձայնվել էր բժշկի խորհրդով յուր հարուստ ազգականներին չհրավիրել։ Բայց և այնպես նա աշխատում էր աշխույժ հյուրընկալ լինել: Նա հագնվել էր ինչպես մի վրաց իշխանուհի։ Մետաքսյա լայն փեշերը հատակին քսելով, մեջքից մի զույգ գույնզգույն երկայն ժապավեններ կապած, նա սահում էր սենյակից սենյակ ինչպես թևերը փռած սիրամարգ։

Հարսանիքի նախընթաց օրը օրիորդ Կարինյանը խնդրեց յուր փեսացվին անձամբ գնալ Մսերյանի մոտ և «թյուրիմացություններին» վերջ տալ։ Բժիշկը անտրտունջ կատարեց նրա խնդիրը, մանավանդ որ ինքն էլ ուզում էր հաշտվել յուր ընկերոջ հետ։

Կարելի էր կարծել, թե իդեալիստը յուր ախոյանին կընդունի դժկամությամբ կամ չի ընդունիլ բոլորովին։ Այնինչ հակառակը պատահեց։ Նա քիչ մնաց հուզմունքից արտասվեր, երբ յուր լուսամուտի առջև տեսավ ընկերոջ կերպարանքը։ Դա նրա բարի բնավորության խոշոր հակասություններից մեկն էր։ Նա ընդունեց Սալամբեկյանին այնպես, որ, կարծես, ոչինչ չէր անցել նրանց մեջ, շնորհավորեց, բայց հրաժարվեց հարսանիքին ներկա լինելուց։ Բժիշկը չթախանձեց, չէր կարելի մի մարդուց ավելի վեհանձնության պահանջել։ Նա այնքան զգացվեց, որ չկարողացավ իրան զսպել, փաթաթվեց ընկերոջ պարանոցին և համբուրվեց նրա հետ։

Երբ այս սրտառուչ տեսարանի պատմությունը օրիորդ Կարինյանը լսեց, նրա աչքերը արտասուքով լցվեցին։

Ես համոզված եմ, ասաց նա, որ Մսերյանը քո ամենաանկեղծ բարեկամներից մեկն է։

Մինչդեռ բոլոր հրավիրվածները արդեն եկել էին, Դիմաքսյանը Գայանեին փնտրում էր և չէր տեսնում։ Մի՞թե նա ամաչում է երևալ հասարակության մեջ կամ գուցե հիվա՞նդ է։ Դիմաքսյանը մոտեցավ օրիորդ Կարինյանին, որ երջանիկ ժպիտը երեսին պսակադրության զգեստով նստած էր պայծառ լուսավորված դահլիճի ծայրում։

Լսվեց դաշնամուրի ձայնը։ Հյուրերը քաշվեցին դահլիճի պատերի տակ, պարողներին տեղ տալու համար։ Դիմաքսյանը, հարսնացվին շնորհավորելուց և նրա հետ մի փոքր խոսելուց հետո, հեռացավ հանդիսականներից, կանգնեց ոչ հեռու դեպի պատշգամբ նայող լուսամուտից։ Նա նայում էր պարողներին և մտածում Գայանեի մասին։ Հանկարծ վարագույրի հետևից նրա ականջին հասավ մի խոսակցություն, որի մեջ հիշվում էր նրա ազգանունը։ Նա զգաց, որ իրան բամբասում են, հեռացավ լուսամուտից, մտավ հանդիսականների շարքը։

Մի ժամ անցած նա, առանձին կառք նստած, հետևում էր հարսանիքի հանդեսին դեպի եկեղեցի։ Հոգեկան վատ տրամադրության մեջ նա չկամեցավ ոչ ոքի հետ ընկերանալ, որպեսզի ստիպված չլինի խոսակցել։

Տարօրինակ ու մռայլ տպավորություն գործեց նրա վրա ներսից լուսավորված և դրսից խավար եկեղեցին։ Երկնքի մթին հորիզոնի վրա նկարված էր նրա ութանկյունանի գմբեթը, ինչպես մի անշուք ներկայացուցիչ դարավոր հաստատության։ Մի կոթող, որ վայրկենաբար հիշեցրեց նրան քրիստոնեական գաղափարների երկար դարերի թագավորությունը։ Նեղ ու երկայնաձև պատուհանները իրանց աղոտ կաթնագույն լույսով նայում էին ինչպես թախծալի և խորհրդավոր աչքեր: Նա ներս մտավ սիրտը լցված բանաստեղծական զգացումներով և պատկառանքով գլուխը խոնարհեցրեց վաղեմի սրբության առջև։ Քարաշեն սյուների և պատերի մթին պաղությունը նրա սրտի մեջ տարածեց մի նոր ջերմություն։ Յուր ազգի պատմությունը նկարվեց նրա հոգու մեջ, ինչպես երկար դարերի մթության մեջ կորած մի ամբողջ կյանք։ Վերակենդանացան նրա աչքի առջև այն բոլոր մարտիրոսները, որոնց տվայտանքով պահպանվել էր այդ կյանքը և հասել ներկա օրերին։ Պատկերացավ մի տառապող ժողովրդի ներկան, որ ունեցել էր անցյալ և այդ անցյալը ապագային կտակելու համար յուր միջից տվել էր անձնազոհ նահատակների մի անվերջ շարք։ Ազգի հետ մի հոգի, մի արյուն դարձած, նրանք դարեր շարունակ մաքառեցին քրիստոնեական լուսավոր գաղափարների համար։

«Ո՛չ, մրմնջացին Դիմաքսյանի շրթունքները, իմ կրծքե մեջ մեռած չէ նվիրական զգացումը և չի մեռնիլ հավիտյան։ Ես հավատում եմ հավատի անհաղթելի ուժին, ես կմաքառեմ միայն այդ ուժին ապավինելով։ Հեռո՛ւ ինձանից սպանիչ հուսահատություն։ Ես ուզում եմ ապրել և գործել մի անբախտ ժողովրդի համար, ես նրա հարազատ զավակն եմ։ Անմահ նահատակներ, ներշնչեցե՛ք ինձ ձեր համբերության և տոկունության հոգին, տվե՛ք ինձ մի չնչին մաս ձեր ուժից։ Ժամանակներն անցան, ձեր պաշտպանած ազգի պահանջներն այժմ փոխվել են, բայց ձեր նման անվեհեր զինվորների կարիքը կա և կմնա, քանի որ գոյություն ունե այս թշվառ ժողովուրդը...»։

Մինչ նա խորասուզված էր այս մտքերի մեջ, եկեղեցին հետզհետե լցվում էր հետաքրքիր ամբոխով։ Պսակվողները չէին երևում բազմաթիվ գլուխների շարքում, որ երկու կենդանի պատեր էին կազմել եկեղեցու երկարությամբ։ Լսվեցին երգիչ տիրացուների աններդաշնակ ձայները, ընդհանուր շշուկները և իրարանցումը սաստկացան։ Մի րոպե ամեն ինչ լռեց, ամբոխը կուտվեց մի տեղ, շրջապատելով պսակվողներին։

«Որդի՛, հնազա՞նդ ես մինչև մահ»։ Վայրկենաբար Դիմաքսյանի մտքերը կենտրոնացան պսակ կատարող քահանայի այս բառերի վրա։

«Ինչո՞ւ չէ, կհնազանդվի, բայց ոչ մոլորություններին և անառակություններին, այլ առաքինությանը։ Կհնազանդվի փոխադարձ գաղափարական համակրությանը, ոչ խաբեբայությանը, ոչ անառակությանը... Միթե մեծ մարդասերը մարմնացած բողոք և վրեժխնդրություն չէ՞ր թույլերի, խաբվածների, ճնշվածների համար՝ զորավորների դեմ։ Միթե նա կարո՞ղ էր ստրկություն քարոզել։ Ո՛չ, նրա սերն անհուն էր դեպի անհատի ազատությունը։ Նա չասաց, թե օրենքները պետք է քարացնել և նրանց ամբողջ ծանրությամբ ճնշել մարդկանց հոգին...»։

«Ո՛չ, ո՛չ, հազար անգամ ոչ, Գայանեն չէր կարող մինչև մահ հնազանդ լինել։ Արձակեցե՛ք նրա կաշկանդված ձեռները, թողե՛ք նա ազատվի։ Կամ դարձրեք նրա կողակցին նրա չափ մաքուր... ինչ որ պահանջում եք մեկից, պահանջեցեք և մյուսից...»։

Նա կանգնած էր խոնավ պատի տակ, քարաշեն սյունի ստվերում, հեռու հանդեսից, գլուխը մտքերի ծանրությունից կրծքին թեքած։

Ամբոխի միջից լսվում էին ծիծաղ, քրքիջ, սրախոսություններ։ Խորհրդավոր հանդեսը, որ մարդկանց ճակատագիրն էր վճռում, նրանց համար արձակ զվարճության և ծաղրի առարկա էր դարձել։

Երբ հանդեսը վերջացավ, նա զգացված մոտեցավ, շնորհավորեց երջանիկ զույգին։ Հետո դարձյալ առանձին կառք նստեց և մենակ վերադարձավ։ Նա ներս մտավ Գայանեին հանդիպելու հույսով: Ահա նա, սպիտակ կրուժևաներով զարդարած ընկուզեգույն մետաքսյա զգեստով։ Յուր ընկերուհու սիրտը չկոտրելու համար նա ուրախ հագուստ է հագել։ Նա մոտեցավ, գրկեց նորապսակ ընկերուհուն և արտասվեց։

Ամեն ինչ խառնվեց Դիմաքսյանի աչքում և դարձավ մի զույգ կապտագույն աչքեր։ Նա մոտեցավ և սկսեց խոսել Գայանեի հետ։ Հարկավ, այնքան անզգույշ չէր, որ ակնարկեր տիկնոջ ներկա վիճակը։ Ինչո՞ւ, քանի որ խոսելու նյութ կար Պյոտր Սոլոմոնիչի կտակած ուսումնարանը։ Գայանեի դեմքը զվարթացավ։ Նա ասաց, թե աշխատում է շուտով կատարել հանգուցյալի կտակը։ Նա չգիտեր որտեղ հիմնել ուսումնարանը` Թիֆլիսո՞ւմ, թե՞ գավառական քաղաքում։ Նա չասաց տատանման պատճառը։ Հոգով ցանկանում էր հեռանալ որևէ մի խուլ անկյուն և այնտեղ հաստատվել, հեոու այն հասարակությունից, որ բամբասում էր նրան, հեռու և այն մարդուց, որին կարող է երբեմն հանդիպել։ Բայց զավակները կաշկանդում էին նրան։

Նրանք բավական երկար խոսեցին։ Գայանեի միտքը շատ էր զբաղված ուսումնարանի գործով։ Գգվանքով նա պատկերացնում էր յուր ապագա գործունեությունը։ Որքա՛ն երախտապարտ էր նա հանգուցյալ ծերունուն և քանի՜-քանի չքավորներ պետք է երախտապարտ լինեին նրան։ Նա ասաց, թե գուշակում է, ինչպես երջանիկ պետք է լինի մի մարդ, որ մի որևէ օգուտ է բերում ուրիշներին: Դիմաքսյանը շտապեց ավելացնել, թե բուն երջանկությունը հենց այդ բանի մեջ է, միայն մարդ պետք է նախ ձեռք վերցնի անձնական երջանկությունից, մոռանա նույնիսկ յուր սրտին ամենամոտիկ արարածներին։ Նա կամենում է իմանալ, արդյոք կարո՞ղ է Գայանեն առանց յուր զավակների ապրել, եթե նրանց խլեն նրանից։

Գայանեն, առանց մի խոսք ասելու, նայեց նրա երեսին երկմտաբար։ Նա գուշակեց յուր խոսակցի միտքը։ Ճի՞շտ է արդյոք, կարելի՞ է ուրիշների օգտի համար մոռանալ հարազատ զավակներին։ Նրա սիրտը մորմոքվեց, երբ մի վայրկյան մտածեց, թե կարող է բոլորովին երես դարձնել նրանցից: Ո'չ, այդ անկարելի է…

Պարերը վերջացան, հյուրերը հրավիրվեցին ընթրիքի, Գայանեն հեռացավ։ Դահլիճը դատարկվեց Դիմաքսյանի համար։

Տուն վերադառնալով, նա աշխատեց մտաբերել Գայանեի բոլոր ասածները, բոլոր ձևերը և գտնել նրանց մեջ սիրո մի նշույլ։ Նրան տիրեց մի նոր վհատություն։ «Նա ինձ չէ սիրում, նա ինձ չէ կարող սիրել, կրկնում էր նա մտքում, նա միայն հարգում է ինձ…»։ Սկզբում Բարաթյանը կարծում էր, թե Գայանեն կսթափվի և կվերադառնա։ Բայց ժամանակն անցնում էր, և նրա հույսը չէր արդարանում։

Մի օր նա կանչեց Օվսաննային յուր մոտ և ամենասառն կերպով բացատրեց այն ծանր պայմանները, որոնցով շրջապատված է Գայանեն։ Նա առաջարկում էր յուր կնոջը լավ մտածել, քանի ուշ չէ, քանի հասարակությունը դեռ կասկածում է նրանց բաժանվելու մասին։ Իսկ երբ ամենքին հայտնի կլինի, այն ժամանակ ոչինչ չէ կարող օգնել, և Բարաթյանը ստիպված կլինի յուր անունը պաշտպանել։

Անփորձ Օվսաննան վախեցավ նրա սպառնալիքից, բայց քրոջից ընդունած հրահանգը ճշտությամբ կատարեց։ Գայանեն երբեք չի վերադառնալ Բարաթյանի տունը։ Նա այդ քայլը արել է երկար մտածելուց հետո։ Բարաթյանը, տեսնելով, որ օրիորդն այդպիսի եռանդով պաշտպանում է յուր քրոջը, համոզվեց, թե նրա միջոցով ոչինչ չի կարելի անել։ Վերջապես, կային բաներ, որոնց մասին անկարելի էր խոսել օրիորդի հետ։ Նա մի երկար նամակ գրեց Գայանեին, որից նա հենց նույն օրը պատասխան ստացավ։

«Եթե ձեր արածը, գրում էր Գայանեն, ուրիշների արածների նման լիներ, կարելի է համբերեի։ Բայց դուք դիտեք, թե ինչը ստիպեց ինձ հեռանալ ձեր տնից։ Ինձ գիշեր-ցերեկ կտանջեր այն խեղճ մարդու ուրվականը։ Նա ինձ համար երկրորդ հայր էր, դուք պետք է այս բանը հասկանայիք։ Բայց ի՞նչ արեցիք, դուք սպանեցիք նրան, և այժմ ուզում եք մի մարդասպանի, իմ հայրասպանի հետ ապրե՞մ…»։

Հետո նա գրում էր երեխաների մասին։ Ահա այն միակ կապը, որ մինչև այժմ նրան կաշկանդում էր։ Բայց այդ կապն էլ չկարողացավ նրան պահել։

«Այժմ իմ վերջին խոսքն այս է. ես խնդրում եմ, աղաչում եմ, տվե՛ք ինձ իմ երեխաներին։ Չեմ ասում, թե դուք նրանց չեք սիրում և հեշտությամբ կարող եք նրանցից բաժանվել։ Բայց, հասկացեք, նրանք իմ շունչն են, իմ կյանքը, մի' զրկեք ինձ նրանցից։ Թողնում եմ ձեզ իմ հայրական կալվածը, իմ բոլոր ոսկեղենները, բոլորը, բոլորը, ինչ որ ունեի, բայց երեխաներին տվեք ինձ…»։

Դյուրին է ասել «տվեք երեխաներին»։ Եթե Բարաթյանը սիրող հայր չէ, մի՞թե այնքան անհեռատես մարդ է, որ չհասկանա, ինչ հետևանք կունենա երեխաներին իրենց մորը հանձնելը։ Մի՞թե նա չգիտե, որ այդ կնշանակե՝ լուռ կերպով հրապարակորեն հանձն առնել հանցանքի ամբողջ ծանրությունը։ Ո՛չ, այդ անկարելի է։ Թող նրա խղճի առջև Գայանեն արդար լինի, թող նա զգա, որ ինքը տմարդաբար վարվեց նրա հետ, բայց հասարակության աչքում յուր վարկը պետք է պաշտպանի։ Երեխաները պետք է մնան նրա մոտ, ինչպես նրա անմեղության գրավական մարդկանց աչքում։

Այսպես վճռելով, նա անպատասխան թողեց Գայանեի նամակը, աշխատելով մոռանալ ամեն ինչ և շարունակել յուր կյանքի սովորական ընթացքը։ Որքան նա զգույշ լիներ, որքան աշխատեր թաքցնել յուր բուն պատկերը, վերջին ժամանակ հասարակությունը սկսել էր նրա վրա ա՛յլ կերպ նայել։ Կային մարդիկ, որ նրա անունը արտասանում էին ատելությամբ, մինչև անգամ զզվանքով։ Յուր ընկերների և բարեկամների շրջանում նա զգում էր մի տեսակ ճնշում և ամոթ։ Եվ այդ ազդում էր նրա հասարակական գործունեության վրա։ Նկատելի էր, որ նա այլևս առաջվա ինքնավստահությամբ չէ կարողանում խոսել Դումայի և դպրոցական հոգաբարձության նիստերում։

Երբեմն նա հանդիպում էր Դիմաքսյանին հասարակության մեջ։ Այն մարդը, որին նա առաջ գոնե արտաքուստ կարողանում էր արհամարհանք ցույց տալ, այժմ նրա բարկությունն էր շարժում, նրան հուզում ու վրդովեցնում էր։ Պակաս չէր վրդովվում ինքը՝ Դիմաքսյանը, նրան տեսնելիս։ Բայց նա ամեն կերպ աշխատում էր ոչ մի կերպ չարտահայտել յուր վրդովմունքը։ Մի անգամ նրանք մի հասարակական հիմնարկության ընդհանուր ժողովի նիստում ունեցան մտքերի մի թեթև ընդհարում։ Երկուսն էլ նկատեցին, որ ժողովականները մի տարօրինակ ուշադրությամբ են հետևում նրանց ընդհարմանը։ Բայց Բարաթյանը շուտով վերջ տվեց յուր վեճին, ձգելով Դիմաքսյանի կողմ մի շինովի արհամարհական հայացք։ Այնուամենայնիվ նա դարձյալ զգում էր յուր հակառակորդի բարոյական ուժերի գերազանցությունը։ Մասնավոր շրջաններում, երբ Դիմաքսյանի մասին խոսք էր բացվում, աշխատում էր խույս տալ խոսակցությունից։ Նա չէր ասում, թե Դիմաքսյանը «խելագար է», «ցնորված է», կամ նույնիսկ «աննորմալ» ածականը այլևս չէր տալիս նրան։ Նա միայն լռում էր, թողնելով, որ Վեքիլյանը ապացուցանե տարածված լուրի ճշտությունը։ Նրա միտքն այժմ մեծ մասամբ կլանված էր յուր նյութական վիճակով։ Բարոյականի մասին նա շատ էլ չէր մտատանջվում։ Նա համոզված էր, որ եթե մարդիկ այսօր փոքր-ինչ ծուռ աչքով են նայում յուր վրա, վաղը կմոռանան ամեն ինչ, նորից կբարեկամանան, մինչև անգամ կխոնարհվեն նրա առջև։ Հարկավոր է միայն նյութական դիրքից չզրկվել, հարկավոր է արտաքին ջուրը միշտ բարձր պահել և օր օրի վրա ավելացնել այդ շուքը։

Այնինչ՝ նյութականի կողմից էլ նրա գործերը աննախանձելի էին։ Այն առևտրական ընկերությանը, որի բաժնետերերից մեկն էր, մեծ վնասներ էր ունեցել։ Կորուստը նրա գրպանի համար զգալի էր։ Երկու տարի էր արդեն նա գրավ էր դրել կնոջ կալվածը, և սրա եկամուտի մեծ մասը գնում էր պարտքի զեղչելուն և տոկոսներին։ Հորից ստացած թոշակը նա ոչինչ բան էր համարում։

Միակ նրա հույսը յուր ժառանգության վրա էր։ Իսկ Գերասիմ Գերասիմիչը դեռ կտակը չէր կազմել, և նրա վերջին կամքը շատ անհանգստացնում էր որդուն։ «Ով գիտե, այդ խենթ ծերունին ինչ կարող է վճռել», ասում էր նա մտքում։

Մի առավոտ նա մտավ անդամալույծի սենյակը և պատմեց Գայանեից ստացած նամակի բովանդակությունը, հարկավ, թաքցնելով Պյոտր Սոլոմոնիչին վերաբերվող կետը։ Գերասիմ Գերասիմիչը խորհրդավոր ժպտաց, լսելով յուր հարսի դրական մերժումը ամուսնական հարկի տակ վերադառնալու մասին։

Դաա՞, ասաց նա, ժամանակները փոխվել են։ Իմ կնիկը մինչև մահ դիմացավ ինձ, իսկ քո կնիկը քեզ չդիմացավ, գնա՛ց։ Րազումե՜յետցա, կանայք մարդ չեն, ի՞նչ է, նրանք ապրել չե՞ն ուզում… Նա հետաքրքրվեց երեխաների հարցով։ Բարաթյանը հայտնեց նրան յուր վերջնական միտքը. ինչպես վճռված է, երեխաները նրա մոտ պետք է մնան։ Հակառակ սպասվածին, ծերունին հանկարծ վրդովվեց այդ վճռի դեմ։ Որդին զարմացած նայեց նրա երեսին. չէ՞ որ մի քանի օր առաջ Գերասիմ Գերասիմիչը ինքն էր ասում, թե երեխաները հորն են պատկանում։

Մի ոտս գերեզմանի մեջ է, բացատրեց ծերունին անսովոր հուզմունքով, ուզում եմ կյանքիս վերջին օրերին մի քիչ էլ խղճմտանքիս ձայնին լսել։ Իսակ, կնիկդ խեղճ է, դասս, պրիզնայո՛ւս, շատ խեղճ է։ Ես մինչև հիմա չէի մտածել այս մասին, հիմա տեսնում եմ, որ մենք բարբարոս ենք, դասս, դեսպոտի մըի, բատյուշկա, վա՛րվարի:

Նա սկսեց պարզել յուր հանկարծակի փոփոխության պատճառը։ Հայտնեց, որ անցյալ գիշեր նա երազում տեսել է յուր կնոջը, Իսակի հանգուցյալ մորը։

Լղար։ տո՛չնո սկելետ, նա կանգնած էր հեռվում, ինձ նշան արեց, մոտեցա։ Նա մտիկ տվեց երեսիս, տակիմ ստրա՛շնիմ վզգլյա՛դոմ, տեր աստված, տեր աստված, ես սարսափեցի։ Նա ասաց «Գերասիմ, Գերասիմ, դու խղճմտանք չունես, աստված քեզ ներքևում պատմեց, վերևումն էլ կպատմի, խելքի եկ»։ «Ի՞նչ է», հարցրի ես։ Նա ձեռով ցույց տվեց մի կողմ և պատասխանեց. «Տես»։ Ես մտիկ արեցի, և ինչ տեսա, ժո՜ւտկո, ժո՛ւտկո… Իսակ, դու մի երկար երեսսրբիչ ձեռումդ ոլորած՝ Գայանեին խեղդում էիր։ Երեխաներդ իրանց խեղճ մոր փեշը բռնած գոռում էին, այնպե'ս գոռում, որ ես դողում էի։ Դու ուզում էիր նրանց բաժանել իրանց մորից և կնոջդ սպանել։ «Ազատի՛ր, ազատի՛ր», ասում էր մայրդ, յուր խեղճ հարսին ցույց տալով։ Այս ձայնից սարսափած զարթնեցի։ Ի՞նչ է դա, տեր աստված, ի՞նչ է, ասում էի ինքս ինձ։ Ամբողջ գիշեր «հայր մեր» ասելով եմ անցկացրել, քունը փախել էր աչքերիցս։ Եթե դու եկած չլինեիր, պետք է ես ինքս քեզ կանչեի, որ իմ միտքը հայտնեմ։ Լսի'ր, Իսակ, լսի՛ր, կնիկդ չէ ուզում քեզ հետ հաշտվել, շտոժ, լավ է անում, շատ լավ է անում։ Դու ինքդ էլ ուրախ ես, օօօ' պո գլա՛զամ վի'ժու, ուրախ ես, եշչո'-բի, այժմ չէ՞ որ ազատ ես, հանդիմանող չկա… Բայց ասում եմ քեզ, խնայի՛ր նրան, տուր երեխաներին նրան, նա քեզանից լավ կկրթի նրանց: Նա խելոք է, բարոյական է։ Դա, բրատ, օնա վըսյոկո նրա՛վստվեննայա ժե՛նշչինա…

Այս անսպասելի փոփոխությունը սառ ջրի ազդեցություն ունեցավ Բարաթյանի վրա։ Նա սկսեց մեղադրել յուր կնոջը և պաշտպանել իրան։ Նա առաջ բերեց այն պատճառները, որոնց հիման վրա չէր ուզում երեխաներին տալ իրանց մորը։ Բայց չօգնեց։ Ծերունին զարմանալի համառությամբ պաշտպանում էր յուր հարսին, որդուն անվանելով «անբարոյական, շռայլ, կնոջ փողերով մարդ դարձած»։ Իսկ երբ որդին շարունակեց հակառակել, ծերունին կատաղեց, փրփրաց և քիչ էր մնում խեղդվի։ Նա բղավեց խռպոտ ձայնով և կապտեց լեղակի պես։ Որդին վախեցավ. նա կարծում էր, որ հայրը մեռնում է առանց հաղորդվելու, առանց յուր վերջին կամքը արտահայտելու։ Բայց մի փոքր անցած՝ ծերունին նորից ուշքի եկավ և արտասանեց.

Տեսնո՞ւմ ես, մեռնում եմ…

Որդին նստեց նրա մոտ, աշխատելով հանգստացնել նրան։ Անդամալույծը լայն բաց արեց կիսախուփ աչքերը և սուր հայացքով նայեց նրա եիեսին։

Օ՜օ, քո աչքերի մեջ կարդում եմ փուչ երիտասարդությանս բոլոր մեղքերը… Ո՛չ, ո՛չ, կամ պետք է կատարես իմ կամքը, կամ թե չէ ես քեզ զրկում եմ ժառանգությունից… Ես չեմ ուզում այն կյանքումն էլ տանջվել, երազս ինձ սարսափեցնում է…

Բարաթյանը ժամանակ խնդրեց հորից նրա պահանջի մասին մտածելու և հեռացավ յուր սենյակը։ Հարցը, արդարև, դժվար լուծելի էր: Ինչպե՞ս վճռել նրան։ Մի՞թե արհամարհել ծերունու սպառնալիքը, խաբե՞լ նրան, խոսք տալ երեխաներին իրանց մորը հանձնելու և հետո չկատարե՞լ։ Այստեղ նրա խիղճը սկսեց բողոքել. ի՞նչ ծայրահեղ ստորություն. խաբել հարազատ հորը գերեզմանի ծայրին հասած։ Ավելի լավ չէ ուղղակի մերժել նրա պահանջը։ Բայց ի՞նչ, միթե ժառանգությունից զրկվե՞լ: Ինչո՞ւ համար, ի՞նչ պատճառով: Ա՛հ, թուլություն, ա՛հ, հիմարություն։ «Ի՞նչ եմ ուզում ես ապացուցանել հասարակությանը, երեխաներին իմ մոտ պահելով։ Որ ես հավատարիմ ամուսի՞ն էի։ Ո՞վ կհավատա ինձ, ո՞ւմ կարող եմ ես խաբել։ Նախապաշարմունք, անմիտ, ծաղրելի և ծիծաղելի նախապաշարմունք, որի անունով միմիայն ապուշը կհամաձայնվի զրկվել մի ամբողջ ժառանգությունից, այն էլ իմ այժմյան նյութական վատ հանգամանքներում»։

Ամբողջ գիշերը նա այդ մասին էր մտածում՝ յուր սենյակում առանձնացած։ Առավոտյան որոշյալ ժամին նա ներկայացավ ծերունուն և հայտնեց նրա յուր վճիռը։ Նա ընդունում է հոր պայմանները, նա ինքն էլ համոզված է, որ Գայանեն երեխաներին ավելի լավ կկրթի, քան թե ինքը։ Գերասիմ Գերասիմիչը հանգստացավ։ Կարծես, նա յուր ուսերից մի ծանր բեռ ձգեց։ Հետևյալ օրը նա յուր կտակը կազմեց Իսակի անունով։ Նույն օրը երեկոյան Բարաթյանը նստած էր յուր առանձնասենյակում և հաշվում էր յուր հոր կարողության չափը։ Ներս մտավ ծառան, և հանձնեց մի փոքրիկ ծրար։ Նա բաց արեց ծրարը անհամբերությամբ։ Նա գիտեր ումից է նամակը, կարդաց և հոնքերը կիտեց։

Լա՛վ, դարձավ նա ծառային, ասա այս նամակը բերողին՝ «լավ»։

Եվ ծրարը, նամակի հետ պահելով, ճրագի վրա այրեց, մոխիր դարձրեց…

Be the first who will comment on this

Other parts of "Արսեն Դիմաքսյան"

Yatuk Music
Old day's song
Tigran Mansuryan

Old day's song

Before the dawn. 1971
Before the dawn. 1971
Play Online