Alexander Shirvanzadeh
Արսեն Դիմաքսյան
Երկրորդ մաս, I - III
ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ
Երկու ամիս ճանապարհորդելուց հետո Բարաթյանները վերադարձան Թիֆլիս։ Նորապսակների համար Գերասիմ Գերասիմիչը յուր տանը պատրաստել և գեղեցիկ կահավորել էր տվել առանձին սենյակներ։ Անդամալույծը ուրախ էր որդու ամուսնությանը, միայն երբեմն ինքնուրույնաբար գլուխը շարժում էր և քնթի տակ ասում. «Եթե Իսահակը իմ որդին է հայր Աբրահամի ծնունդը չէ. այս չորացած ոտներս կկտրեմ, եթե նա հինգ ամսից ավելի դիմանա...»։
Սովորական այցելություններից հետո, նորապսակների համար սկսվեց բուն ընտանեկան նստակյաց կյանքը:
Բարաթյանր վճռել էր սահմանափակել յուր նախկին ծանոթների թիվը, հարաբերություն պահելով միայն այնպիսիների հետ, որ քիչ թե շատ հասարակական դիրք ունեն։ Մսերյանին նա դուրս գցեց ցուցակից։ Բժիշկ Սալամբեկյանը պետք է ընդունվեր։ Վեքիլյանի համար, հարկավ, դռները բաց էին կրունկների վրա։ Դիմաքսյանի մասին նա ասում էր, թե արժանի չէ համարում նրան յուր տունը թողնել, թեև միևնույն ժամանակ, զգում էր, որ վիրավորված ընկերը հավիտյան ընդհատել է նրա հետ յուր հարաբերությունները։
«Իսկ քո բոլոր ազգականները և բարեկամները աչքիս վրա տեղ ունեն», ասում էր նա Գայանեին, թվելով յուր ապագա շրջանի մարդկանց։
Տիկինը նստած էր ամուսնու դեմուդեմ և լուռ լսում էր նրա որոշումները, առանց ընդդիմանալու, միանգամայն հպատակվելով նրա կամքին։ Նա նկատելի կերպով նիհարել էր, աչքերի տակը բավական խորացել էր։ Առհասարակ արտասահմանից նա վերադարձավ շատ փոխված։ Բայց այդ միայն արտաքուստ էր։ Իսկ հոգեպես նա այժմ ավելի բախտավոր էր, երջանիկ ժպիտը չէր հեռանում նրա շրթունքներից։ Այժմ նա պաշտում էր ամուսնուն և կատարելապես համոզված էր, որ ինքն էլ պաշտվում է նրանից։ Չկար նրանց փոխադարձ սիրո և երջանկության վրա ոչ մի արատ, ոչ մի թեթև ստվեր։ Այսպես էր կարծում Գայանեն, և նրա ուրախությունը այնքան մեծ էր, որ նույնիսկ արժանի չէր համարում իրան այդ վիճակին։ Երբեմն նա մինչև անգամ արտասվում էր, հուզվելով բախտի բուռն զգացումներից։ Այդ երջանիկ հուզմունքն էր ազդել նրա առողջության վրա և այնպես նիհարեցրել նրան։ Նա պատրաստ էր ամբողջ օրը, առավոտից մինչև երեկո, առանց ուտել-խմելու, նստել ամուսնու դեմուդեմ, ձեռները նրա ափի մեջ դրած և աչքերը նրա աչքերին հառած։ Պատահում էր, որ նա վախենում էր միգուցե մի չար զորություն հանկարծ ընդհատի նրանց երջանկությունը։ Չէ՞ որ նրանք մահկանացուներ են և կարող է մեկը կամ մյուսը հիվանդանալ, կամ մի հանկարծակի փորձանքի հանդիպել, կամ մեռնել։ Նա սարսափում էր այդ մտքից։ Պատահում էր և ուրիշ, ավելի հուզիչ բան Գայանեն կասկածում էր։ Թվում էր նրան, որ հանկարծ յուր Իսակը կարող է դադարել սիրելուց, պաղել և աչքը ուրիշների վրա դարձնել։ Ուստի նա անդադար ստիպում էր նրան կրկնել.
«Սիրում եմ և պիտի հավիտյան սիրեմ»։
Գայանեին չէր հետաքրքրում դրսի կյանքը։ Նա մոռացել էր ամեն բան, և՛ ազգականուհիներին, և՛ ընկերուհիներին, և նույնիսկ կանանց ընկերությունը, որի համար առաջ այնքան աշխատում էր։ Ընկերուհիները զանազան կատակներ էին անում նրա հետ, անգամ ծիծաղում էին նրա վրա։ Բայց նա պատրաստ էր ամեն տեսակ ծաղր ընդունել, միայն նրան հանգիստ թողնեն յուր Իսակի հետ։
Այդ միջոցներին քաղաքային ընտրությունների պայքարը սկսվել էր։ Պյոտր Սոլոմոնիչը արտասովոր շարժման մեջ Էր։ Կազմվել էր ընդդիմադիր կուսակցություն։ Կամենում էին հին իրավասուներից շատերին հեռացնել, նոր քաղաքագլուխ և վարչության անդամներ ընտրել։
Իրավասուների ցուցակից դուրս էին ձգել Պյոտր Սոլոմոնիչին և Ամբակում Աֆանասևիչին։ Վերջինը համարվում էր քաղաքի ջահերի համար վնասակար, իսկ առաջինը մի ավելորդ, անօգուտ բան։ Այսպես էլ գրված էր մի տեղական լրագրում. «ավելորդ Բախտամովը»։
Եռանդուն քաղաքացին կատաղել էր։ Ամբողջ օրը նա կլուբում ու փողոցներում բողոքում էր թշնամիների դեմ քարոզելով։
Քաղաքացիներ, խելքի եկեք, կռո-մռոները եկել են ուրիշ քաղաքներից մեր հացը խլել, ուզում են մեր քաղաքն էլ իրանց ձեռքն առնեն։
Ամբակում Աֆանասևիչը ժողովներ էր կազմում։ Առաջին կարգի ընտրողները նրա մարդիկն էին։ Երկրորդ կարգի մեծ մասը միջին վաճառականներն էին։ Պյոտր Սոլոմոնիչը պտտում էր յուր կալվածները, վաղօրոք բոլոր խանութպանների ականջին շշնջալով ապագա իրավասուների անունները։ Նոյեմբերի կեսին Ամբակում Աֆանասևիչի կուսակցությունը տարավ առաջին հաղթությունը։ Պյոտր Սոլոմոնիչն ընտրվեց միայն մեկ ձայնի առավելությունով։ Դա նրան վշտացրեց, բայց և այնպես ուրախ էր, որ ընտրվեց, որովհետև հույս չուներ ընտրվելու։
Քանի որ կենդանի ենք, սա մեր ձեռքին կմնա, պարծենում էր նա, ձեռնափայտը խփելով պրոսպեկտի մայթին, որի մասին նա առաջին և վերջին անգամ Դումայում մի ճառ էր ասել ուղիղ երկու բառից բաղկացած՝ «պետք էր նորոգել»։
Օրը կիրակի էր։ Ընտրության դահլիճը և մյուս սենյակները լցվել էին ընտրողների բազմությամբ։ Շատ հետաքրքիր կանանց շարքում երևում էր և Գայանեն տիկին Բախտամյանի հետ։ Ներքևում տիրում էր անասելի աղմուկ։ Նախագահն անընդհատ զանգահարում էր։ Թանձր մթնոլորտի մեջ երևում էր ճաղատ, սևահեր, շիկահեր, կարմիր և սպիտակ գլուխների մի խայտաբղետ խառնուրդ, որ ճիշտ նկարչի պոլիտրային էր նմանում։ Ամբակում Աֆանասևիչի կարմրակաշի գլուխը փայլում էր ինչպես մի վիթխարի գնդասեղ ահագին տիկի մեջ խրած։ Նա կանգնած էր դահլիճի մի հայտնի տեղում, ոտները միմյանցից մի արշին հեռու դրած, ձեռները գրպանում, փորը դուրս գցած։ Հանգիստ ժպտալով, նա նայում էր սկսվող պատերազմին, ինչպես մի զորապետ, որ կանխապես համոզված է յուր զորքի հաղթությանը։ Նրա աջ ու ձախ կողմերում կանգնած էին Վեքիլյանը և Բարաթյանը։ Վերջինը մերթ ընդ մերթ նայում էր դեպի վեր և ժպտում Գայանեին։ Նորատի տիկինը սաստիկ հետաքրքրված էր քվեարկության հետևանքով։ Եթե յուր Իսակին սևացնեին, о՜о, նա անչափ պետք է վշտանար։
Վերջացավ թերթիկների ընթերցումը։ Առաջին ընտրելին Ամբակում Աֆանասևիչն էր։ Վեքիլյանը յոթներորդն էր, իսկ Բարաթյանը քսանիններորդը։ Ուրեմն հույս կար ընտրվելու։
Ամբակումին ծափահարեցին. նա ընտրված էր։ Անցավ և Վեքիլյանը։
«Իսակ Գերասիմիչ Բարաթով», լսվեց հանկարծ նախագահի ձայնը։
Գայանեի ականջները կարմրեցին. նա դարձավ մարմնացած լսողություն։ Նա հետևում էր նախագահի ձեռին, որ մեկ-մեկ բաց էր թողնում քվեները փայտյա գավաթի մեջ։ Նա ականջ էր դնում քվեներ պարունակող արկղիկի ձայնին, արդյոք շա՞տ է մնում այնտեղ, արդյոք կընտրվի յուր պաշտելին, յուր անզուգական Իսակը, որ ահա այնտեղ կանգնած խոսում է, ծիծաղում, զվարճանում յուր ներքին անհանգստությունը քողարկելու համար։
Եվ նա հռչակվեց ընտրված։
Ծափահարությունների աղմկից շփոթված, նա բարձրացավ վեր, մոտեցավ Գայանեին։ Նրանք երկուսն էլ երջանիկ էին, երկուսի էլ սիրտը բաբախում էր։ Գայանեն տակավին դողում էր, բայց այժմ՝ ուրախությունից։ Նրա ընտրածը հասարակության ընտրածը դարձավ։ Վաղը մյուս օրը նա կփայլի յուր խելքով, յուր ուսումով, յուր հռետորական տաղանդով: Ահա այժմ կերևա, թե ինչ ուժ է Բարաթյանը և որքան ճաշակ ու խելք ուներ Գայանեն, որ նրան ընտրեց։
Խուռն բազմությունը ճեղքելով, նրանք դուրս եկան փողոց։
Ուրա՞խ ես, հարցրեց Իսակը։
Գայանեն ավելի ամուր կպավ նրա թևին։ Նա խոսք չէր գտնում յուր երջանկությունը արտահայտելու։
Ուրեմն, շարունակեց Իսակը, այսօրվանից ես սկսում եմ հասարակությանը ծառայել։ Այո՛, ծանր պարտականություն հանձն առի, է՛հ, ոչինչ, կաշխատեմ սևերես չմնալ իմ ընտրողների առաջ։ Նորերը հանդես են գալիս և քշում են ասպարեզից հներին։ Կյանքի անիվը պտտվում է, ով խելք ունե, նրա հետևից պետք է ճանկի, որ բարձրանա վերև, որպեսզի նորից գլորվի ցած։ Բախտավորը նա է, որ ժամանակին կաշխատի ինքը իջնել, որ չմնա անիվի տակ և ջախջախվի։ Եթե ճակատագիրը վիճակել է ինձ հաջողությունը, կգրկեմ նրան ուրախ սրտով։ Սիրելի, անգին Գայանե, եղիր իմ օգնականը, թևեր տուր ինձ և ես կսավառնեմ բարձր մինչև այն աստիճան, որ ամբոխը ո՛ր կողմ նայի՝ ինձ և մի՛միայն ինձ տեսնի։ Սիրտս լցված է փառասիրության զգացումով, և ես կամենում եմ միշտ հաղթել, միշտ առաջ գնալ, միշտ փայլել քո և իմ երջանկության համար։
Իսկ ես այնքան ավելի կհպարտանամ, կպարծենամ քո անունով, որքան նա բարձր կհնչի։ Գիտե՛ս, ես ուզում եմ, որ դու լինես կամ մի հռետոր, կամ մի հայտնի հասարակական գործիչ, մի խոսքով, ես ուզում եմ, որ դու բարձր լինես ամբոխից, որ քեզ հարգեն, պատվեն, սիրեն, ինչպես մի հազվագյուտ մարդու։
Հասկանում եմ, հասկանում եմ, քո քնքուշ սրտի մեջ էլ հպարտություն և փառասիրություն կա։ Օ՜օ, ես կաշխատեմ արդարացնել քո հույսերը։ Այսօր ես իրավասու ընտրվեցի, իսկ եկող տարի այսօրվա օրը դու ինձ կտեսնես դպրոցի հոգաբարձու։ Եվ գիտես ո՛ր դպրոցի, այնտեղ, ուր այժմ տեսուչ է մեկը, որ ինձ կռիվ է հրատարակել։
Գայանեն իսկույն բնազդմամբ հասկացավ, թե նրա խոսքը ում մասին է։ Մի անորոշ, անբացատրելի երկյուղ հանկարծ համակեց նրա սիրտը, և նա հուզված ձայնով ասաց.
Ո՛չ, Իսակ, աշխատիր ոչ ոքի հետ չթշնամանալ։ Ես չեմ ուզում, հասկանո՞ւմ ես, չեմ ուզում, որ դու թշնամիներ ունենաս, մարդիկ կարող են քեզ վնասել։
Ոչ ոք չէ կարող ինձ վնասել և ոչ մի թշնամուց ես չեմ վախենում։ Մանավանդ ահա այսպիսիներից և սրա ընկերներից։
Դեմուդեմ հապաղ քայլերով գալիս էր Մսերյանը, ձեռները մեջքին դրած և ցրված հայացքով նայելով այս ու այն կողմ։ Բարաթյանը, գդակը մի արշին վեր բարձրացնելով, գոչեց հայերեն.
Պատիվ ունեմ...
Մսերյանը հազիվ կարողացավ հանել գլխից յուր լայնեզր գլխարկը, որ թևերը կոտրված ագռավի պես փռվել էր նրա ուսերի վրա։ Մի քանի քայլ հեռանալով, նա կանգ առավ, մի փիլիսոփայական հանգիստ հայացք ձգեց զույգի հետևից, գլուխը շարժեց և արտասանեց.
«Չեմ կարծում, որ քեզ համար այժմ մեծ պատիվ լինի Մսերյաններին բարևելը»։
Եվ նույն փիլիսոփայական հանդարտությամբ շարունակեց յուր ճանապարհը։
II
Դիմաքսյանի հիվանդությունը սուր բնավորություն ստացավ։ Բժիշկ Սալամբեկյանը, տեսնելով, որ նա թոքերի բորբոքում ունե, հրավիրեց յուր արհեստակիցներից մի քանիսին կոնսիլիումի։ Վճռեցին, որ հիվանդի դրությունը շատ վտանգավոր է։ Նրան ժամանակավորապես փոխադրեցին հենց նույն տանտիրուհու մոտ մի ուրիշ ավելի հարմար սենյակ։ Մսերյանը գիշեր ու ցերեկ չէր հեռանում նրա անկողնու մոտից։
Մի քանի օր շարունակ Դիմաքսյանն այնպիսի ծանր վիճակի մեջ էր, որ Սալամբեկյանը սաստիկ վախեցավ։ Մի օր նա յուր երկյուղը հայտնեց Մսերյանին, և երկուսն էլ արտասվեցին իրենց ընկերոջ մասին։ Սակայն դա հիվանդության տագնապալի օրերն էին, անցան, հիվանդը նորից առողջանալու հույսեր տվեց:
Այդ միջոցին դպրոցի գործերը խառնակ դրության հասան։ Հակառակորդները ուրախ էին այդ անկարգությանը։ Ինյաթյանը մինչև անգամ ցանկանում էր, որ Դիմաքսյանն այլևս անկողնուց չվեր կենա, թեև արտաքուստ ցավակցություն էր հայտնում։ Բայց նրա հույսերը չիրագործվեցին։ Դիմաքսյանն ամիս ու կես պառկելուց հետո, վեր կացավ և փոքր առ փոքր սկսեց պարապել գործերով։ Առաջին շաբաթ հակառակորդները խնայեցին նրան, չէին վրդովեցնում։ Բայց անցավ այդ շաբաթը, և կրկին պատերազմը սկսվեց։ Ամեն օր նա անախորժ ընդհարումներ էր ունենում, վրդովվում և հուզվում էր, նորից երես առ երես մարդկանց անարդարությանը հանդիպելով։
Այդ բոլորը, հարկավ, ազդում էին նրա առողջության վրա, որ բավական քայքայվել էր։ Նա նիհարել էր, գունատվել, այտերը դուրս էին ցցվել, աչքերի շրջանակները և ականջները կիտրոնի պես դեղնել էին։ Չնայելով յուր հուզվելուն, որ այժմ մարմնավոր տկարությունից էր առաջանում, հոգեպես չէին կրկնվում այն բարոյական սարսափելի տագնապները և ջղաձգությունները, որ այնքան տանջում էին նրան։
Սակայն նա չկարողացավ շատ էլ սառնարյուն լսել Բարաթյանի և Վեքիլյանի իրավասու ընտրվելու լուրը։ Նա, որ ծարավ էր ամեն տեղ հասարակական կռիվների հանուն յուր համոզմունքների, նա՛, որ երբեք չէր բավականանում խաղաղ գործունեությունով, այժմ սկսեց նախանձել Բարաթյանի և Վեքիլյանի դիրքերին։ Եթե այդ մարդիկ ստացած լինեին փողով վարձատրվող ավելի բարձր պաշտոններ, գուցե նրանց ծաղրեր, ենթարկեր յուր կծու հեգնությանը։ Բայց տեսնել նրանց հասարակական այնպիսի պաշտոններում, ուր պետք է գործեին գործելու համար, անվարձ, պետք է ծառայեին հասարակությանն իրենց խելքի և գիտության պաշարով այդ նրա համար անախորժ էր։ Այս հանգամանքը նա մի տխուր ապացույց էր համարում այն բանի, թե հասարակությունը հող է պատրաստել այնպիսի գործիչների համար, որոնք այժմ նրա գաղափարական հակառակորդներն էին։ Ծանր աշխատության, համառ ջանքերի և ընդհարումների շնորհիվ նա հաջողել էր դպրոցի մեջ մտցնել կյանքի փոփոխություններ։ Այժմ գիշերօթիկները հագնվում էին ավելի լավ, ավելի մաքուր, ուտում էին ավելի թարմ և սննդարար կերակուրներ։ Դպրոցի խարխուլ շինությունը պահվում էր օրինակելի մաքրությամբ։ Հեռացած էին մի քանի կոպիտ, ծույլ և պղերգ վերակացուներ։ Աշակերտները վայելում էին ավելի ազատություն։ Նրանց մշտական թախծալի և մռայլ դեմքերի վրա երևում էին զվարթություն, ժպիտ և ծիծաղ։ Չկար այլևս առաջվա վախը ուսուցիչներից և վերակացուներից։ Կար միայն սեր և հարգանք։ Խստությանը փոխարինել էր խելացի, գիտակցական, մարդավարի հարաբերությունը։ Աշակերտները պարապվում էին ավելի եռանդով, ավելի սիրով և ավելի հաջող։ Նրանք գոհ էին իրենց վիճակից և հասկանում էին, թե ումն են պարտական այդ փոփոխությունով։ Դիմաքսյանին նրանք հարգում էին և սիրում ինչպես իրենց հազվագյուտ հովանավորին և պաշտպանին։ Եվ ոչ ոք չէր կարող այդ պաշտպանի մասին մի վատ խոսք ասել. ոչ ոք իրավունք չուներ նրա անունն արտասանել առանց հարգանքի, եթե չէր կամենում ենթարկվել ծաղրի, ատելության, այո՛, մինչև անգամ հալածանքի։
Մինչ այս մինչ այն՝ ձմեռն անցավ՝ Դիմաքսյանը բոլորովին կազդուրվեց, և դարձյալ զգում էր գործելու, պատերազմելու, հարվածելու և հարվածներ ստանալու անսահման եռանդ: Բայց հասավ գարունը, և նրա մեջ անսպասելի կերպով տեղի ունեցավ մի տարօրինակ հեղափոխություն։ Նրա եռանդը սկսեց թուլանալ, բարոյական ուժերը տկարացան, նրան տիրեց մի ինչ-որ ծանր, ճնշող թախիծ։ Կյանքը նրա համար առաջին անգամ թվաց տաղտկալի յուր բոլոր աղմուկներով և իրարանցումներով։ Այժմ նա թե՛ դպրոցում և թե՛ տանը սլարապվում էր ակամա։ Ոչ մի միտք, ոչ մի նվիրական գաղափար առաջվա չափ նրան չէր գրավում։ Նրա հոգին ձգտում էր դեպի մենություն։ Նա ուզում էր առանձնանալ մարդկանցից և անձնատուր լինել յուր մելամաղձիկ, անորոշ մտախոհություններին։ Ավարտելով դասերը դպրոցում, նա կամենում էր հանգստանալ չէր կարողանում, փորձում էր կարդալ ու գրել անաջող. նա դուրս էր գալիս տնից և թափառում դեսուդեն, ինչպես թանկագին, անփոխարինելի կորուստ կրած մի մարդ, որ ոչ մի տեղ հանգստություն չէ գտնում։ Երբեմն նա գնում էր որևէ այգի, մտնում էր նեղ ճեմելիքները: Կար մի դառն, բայց, միևնույն ժամանակ, ախորժելի բան այդ առանձնության մեջ։
Ժամերով նա դիտում էր արեգակի ճառագայթների ուրախ խաղը ծառերի նորաբողբոջ տերևների հետ, ականջ էր դնում օդի հանդարտ շշուկին, թռչունների ուրախ ծլվլոցներին։ Նա պառկում էր նորաբույս դալար խոտի մեջ, խոնավ գետնի վրա, երեսը դեպի վեր և աչքերով հետևում գարնանային կապույտ երկնակամարում նազելի և հպարտ կերպով սահող ամպերին։ Թեթև, հեշտաշունչ, նոսր օդը լեռնային մաքուր զեփյուռի պես թափանցում էր մինչև նրա ոսկորների խորքը։ Թևատարած ուրուրները սլանում էին անհուն բարձրության վրա սևորակ ամպի փոքրիկ բեկորների պես։ Եվ նրանց երկսայր ստվերները մեղմիկ և արագ սահում էին գետերի մակերևույթով, լեռների կրծքով, անտառների գագաթներով, դաշտերի և մարգերի վրա։
Սովորաբար նա նստում էր գետի ափից ոչ հեռու մի վիթխարի կաղամախի տակ։ Եվ այստեղ դաոն ու ախորժելի զգացումը ավելի սաստիկ էր համակում նրա սիրտը։ Մոռացվում էր իրականը, միտքն ակամա, ինքնըստինքյան սլանում էր դեպի երկնքի խորությունը։ Թևավոր թագուհիների եթերային բարձրությունը, հեռավոր ամպերի վսեմ ընթացքը, տիեզերքի անհուն, անհասանելի ծավալն ընդլայնում էին նրա երևակայության հորիզոնը։ Նրա իմացականությունը թռչում էր բարձր, քան ուրուրները, հեռու, քան ամպերը, արագ, քան արևի լույսը, և այնտեղից դիտում դեպի վեր երկինքը, դեպի վայր երկիրը։
Մերթ ընդ մերթ մի աններդաշնակ աղմուկ, մի կոպիտ ձայն ընդհատում էր նրա մտածմունքների թելը և նրա ուշը գրավում դեպի յուր շուրջը։ Դա զբոսնող մարդկանց ձայներն էին, մի երեխայի ուրախ ճիչ անախորժ, մի պառավ դայակի բարկացկոտ ձայն ավելի վատ, կամ մի երիտասարդ մոր զվարթ քրքիջ նույնքան տաղտկալի։ Նա երեսն իսկույն դարձնում էր և դարձյալ նայում դեպի վեր։ Այնտեղ շարունակ սլանում էին ուրուրները, սուր աչքերով ցածում որսեր որոնելով։ Ծառերի խիտ ճյուղերի մեջ թաքնված ճնճղուկներն անընդհատ ծլվլում էին, ինչպես լարված մեքենայիկներ։ Գետի հանդարտ հոսանքը թմրեցուցիչ օդի մեջ տարածում էր մեղմ շշուկ, քաղցր մեղեդիով օրորելով մարդկային լսելիքը։ Արևի հեշտալի պայծառ շողքերը գետափի պարզ ճահիճների կանաչագույն մակերևույթի վրա գոյացնում էին բյուրավոր ադամանդներ։
Նա ուզում էր նիրհել։ Նիրհել բնության ծոցում, հեռու մարդկանց իրարանցումից, հեռու աշխարհի ապականված ալիքներից։ Հեռու նույնիսկ յուր հոգու այն տարրերից, որ քսանութամյա գոյության ընթացքում անխախտելի կապ էին հաստատել նրա և մարդկության մեջ։ Սակայն նրա սիրտն անդորր չէ։ Այնտեղ բարձրացել է մի նոր ալեկոծություն, հոգին խռովված է, միտքը շփոթված։ Եվ նա հառաչելով դառն մելամաղձությամբ արտասանում է.
«Ա՜խ, որքան տխուր է առանց սիրո ապրելը...»
III
Պյոտր Սոլոմոնիչը հիացած էր յուր պրոտեժեներով։ Չէր անցել չորս ամիս, երիտասարդ իրավասուները արդեն ցույց էին տալիս, թե որքան հասկանում են իրանց պաշտոնի բարձրությունը։ Ամեն մի նիստին նոր հարցեր էին զարթեցնում, գրգռելով հին իրավասուներին և ուրախացնելով նորերին, որոնց ամենաճարտար օրգանը Բարաթյանն էր։
Գայանեն ամեն երկուշաբթի երեկո այցելում էր Դումայի նիստերը և հրճվանքով լսում յուր ամուսնու ճառերը։ Բարաթյանը խոսում էր հանգիստ հոգով, անվրդով, առանց շեղվելու և շփոթվելու, ինչպես մի փորձառու հռետոր։ Երբեմն նա յուր ճառը համեմում էր սրամիտ դարձվածներով, որով պակաս հաճություն չէր պատճառում լսողներին։ Կարճ ժամանակում նա դարձավ շատերի սիրելին, հարգելի դիրք բռնելով իրավասուների շարքում։ Նրան ընտրեցին մի քանի մասնաժողովների անդամ։ Նա թողել էր կրակից ապահովող ընկերության գործակալի պաշտոնը: Դա նրա համար մի մեծ նյութական կորուստ չէր այժմ։ Հայրը տալիս էր նրա տնային ծախսերը։ Կնոջ կալվածներից ստացվող եկամուտը ծածկում էր նրա մյուս ծախսերը, և նա ապրում էր այնքան ապահով, որ փողի համար ծառայելու կարիք չուներ։ Բայց որպեսզի ձրիակեր որդու և պարազիտ ամուսնու հռչակ չվայելի, նա գնեց մի նշանավոր արդյունաբերական տան մի քանի բաժնետոմսեր։ Միևնույն ժամանակ, սուր աչքերով դիտում էր, թե որտեղ կարելի է մի արդյունավոր և քիչ աշխատություն պահանջող պաշտոն գտնել, ոչ այնքան փողի, որքան յուր դիրքը ավելի ամրացնելու համար։
Այսպես թե այնպես, այժմ նա վարում էր հանգիստ, բախտավոր և գործունյա քաղաքացու կյանք։ Առավոտը զարթնում էր տասը ժամին, աչքի էր անցկացնում տեղական լրագիրները։ Գայանեի հետ զվարճախոսելով թեյ էր խմում, հետո առանձնանում յուր սենյակը պարապվելու։ Նա գրում էր ֆինանսական-տնտեսական մի շարադրություն քաղաքային գործերի մասին։ Տասներկու ժամին նա նախաճաշում էր և տնից դուրս գալիս։ Ճաշում էր նա երեկոյան հինգ ժամին կամ ավելի ուշ ֆրանսիական ձևով։ Այնուհետև մի փոքր հանգստանում էր։ Հետո եթե նիստ ուներ գնում էր, եթե ոչ Գայանեի հետ այցելում էր թատրոն կամ մի ուրիշ տեղ։
Երբեմն նա երեկոյան տնից դուրս էր գալիս մենակ և վերադառնում էր ուշ գիշերին։ Այդ ժամանակ Գայանեն անհանգիստ սպասում էր նրա վերադարձին, նստած լուսամուտի մոտ, ականջները լարած սպասելով կառքի ձայնին։ Ներս էր մտնում Բարաթյանր մերթ ուրախ ու զվարթ և մերթ մտազբաղ դեմքով։ Գայանեն նայում էր նրա աչքերին, միշտ աշխատելով այնտեղ կարդալ նրա հոգեկան տրամադրությունը։ Այս սովորույթը հաճախ բարկացնում էր Բարաթյանին, և նա մեղմիկ, բարեկամաբար հանդիմանում էր կնոջը։ Գայանեն գլուխը թեքում էր կրծքին և լռում։ Նրա հոգու խորքում կրկին զարթնել էր վաղուց մոռացված, վաղուց խեղդված չար կասկածը։ Նա զգում էր ակամա անհանգստություն։ Միմյանց հետևից նրա գլխում հղանում էին զանազան մտքեր, մեկը մյուսից վատ, ատելի և գարշելի: Նա ինքը զզվում էր այն մտքերից և աշխատում էր խույս տալ նրանցից, ինչպես մի չարագուշակ երևույթից, որ սպառնում էր խլել նրա հոգեկան անդորր երջանկությունը, բայց չէր հաջողվում։ Միշտ այդ մտքերը հետևում էին նրան ուր և լիներ, ինչ և աներ։
Բարաթյանի սուր աչքերից, հարկավ, չէր կարող խուսափել այս փոփոխությունը։ Երբեմն նա հասարակ, անփույթ կերպով հարցնում էր.
Դու անհանգի՞ստ ես, Գայանե։
Ո՛չ:
Ինչո՞ւ ես այդպես մտիկ անում ինձ և հառաչում։
Գայանեն կամ մի կերպ խույս էր տալիս պատասխանից, կամ բռնի կերպով ծիծաղում էր և փաթաթվում ամուսնու պարանոցին։ Կեղծիքը և արվեստականությունը այնքան պարզ էին, որ աննկատելի չէին կարող մնալ Բարաթյանի համար։
Մի գիշեր Բարաթյանը տուն վերադառնալով, տեսավ, որ Գայանեն լալիս է։ Այդ աոաջին տխուր արցունքն էր, որ նա տեսնում էր կնոջ աչքերի մեջ։
Ի՞նչ է պատահել։
Ոչինչ։
Դու էլի հուզվա՞ծ էիր։
Այո՛։
Բարաթյանը մեջքից թեքվեց, համբուրեց նրան արտասանելով.
Գուցե նրանիցն է։
Այո՛... չգիտեմ... կարող է լինել...
Եվ երկուսն էլ խորհրդավոր կերպով նայեցին միմյանց երեսին, երկուսն էլ լռեցին։
Այնուհետև Բարաթյանը հաճախ նրան տեսնում էր արտասվելիս։ Նա միշտ պատճառը վերագրում էր կնոջ «բնական դրությանը», աշխատելով մոռանալ ուրիշ, ավելի կարևոր, ավելի հիմնական պատճառներ։ Նա ճգնում էր Գայանեին զվարճացնել սրախոսություններով։ Նա պատմում էր ծիծաղաշարժ դեպքեր Դումայի նիստերից, ներկայացնում էր այս կամ այն իրավասվին, ինչպես մի տաղանդավոր դերասան: Նրա կոմիկական ձևերը Գայանեին չէին դուր գալիս, որքան ևս ծիծաղելի և զվարճալի լինեին։ Կինը ցանկանում էր, որ ամուսինը ավելի ծանրաբարո լինի, ավելի լուրջ, ինչպես վայել էր նրա դիրքին և հասակին։ Բայց և այնպես այդ միջոցներին նա երջանիկ էր, որովհետև ամուսնու հետ էր։ Իսկ հետո... երբ Իսակը դուրս էր գալիս տնից, երբ մնում էր մենակ, սկսվում էին տխուր, անտանելի ժամերը։ Նրա սրտում նորից բարձրանում էր սաստիկ ալեկոծության։
Ինչե՛ր չէր երևակայում, ի՛նչ սարսափելի տեսարաններ չէին ներկայանում նրան։ Թվում էր նրան, որ Իսակը այժմ նրան չի սիրում, ձանձրացել է բոլորովին... Այժմ, ավելի քան երբեք, նա խույս էր տալիս ազգականներից։ Այցելողներին ընդունում էր ուրախությամբ, իսկ ինքը ոչ մի տեղ չէր ցանկանում գնալ։
Երբեմն նրա մոտ գալիս էր տիկին Բախտամյանը և ամեն անգամ հանդիմանում էր, թե սառել է դեպի յուր ամենամոտիկ ազգականները, որ «աչքի լուսի պես են սիրում նրան»։
Այդպես շուտ գոռոզացա՞ր, ասաց մի անգամ տիկինը։
Ես չեմ գոռոզացել։
Ուրեմն, ինչո՞ւ չես գալիս։ Հասկանում եմ, հասկանում եմ, մարդդ չի թողնում։ Նա չի ուզում քեզանից բաժանվել. այնքան սիրում է քեզ։ Գիտե՞ս, Գայանե, ես շատ ուրախ եմ, որ այդպիսի ամուսին ճարեցիր։ Իսակը օրինակելի մարդ է, նա քեզ պաշտում է, նա հոգին չի խնայիլ քեզ համար։ Ուրախացի՛ր, ուրախացիր, որ այդպիսի ամուսին ունես, դա երկնային երջանկության է։
Գայանեն ոչինչ չպատասխանեց։ Տիկնոջ խոսքերի մեջ նա զգում էր նուրբ, հազիվ ըմբռնելի հեգնություն, որ կծու կերպով շոշափում էր նրա զգայուն սիրտը։ Հանկարծ նրանց աչքերը հանդիպեցին միմյանց, և, ինչպես երկու միմյանց հերքող հակատարրեր, իսկույն արագությամբ խույս տվեցին իրարուց։
Տիկին Բախտամյանը նկատելի կերպով շփոթվեց, բայց նույն վայրկյանին զսպեց իրան։ Գայանեն սրտում զգաց անտանելի ատելություն և երկյուղ դեպի այդ կինը։ Կարծես, նրա առջև նստած էր մի ոխերիմ թշնամի, մի վտանգավոր, սարսափելի թշնամի, որ յուր քնքուշ բարեկամական ձևերի տակ թաքցրած էր կորստաբեր ձգտում։ Նա պատրաստ էր հենց իսկույն, նույն վայրկյանին ցույց տալ դռները կամ մի թունավոր խոսքով վիրավորել նրան։ Բայց ինչո՞ւ, ի՞նչ փաստի հիման վրա, ի՞նչ մի շոշափելի արարքից դրդված...
Երկյուղը, կասկածը և ամոթխածությունը կաշկանդեց նրան։ Նա աշխատեց խեղդել յուր սրտի մեջ բռնկված թշնամական զգացումը։
Իսկ տիկին Բախտամյանն արդեն իշխել էր ինքն իրան։ Այժմ նա հանգիստ խոսում էր առօրյա բաների մասին, և այնպես, որ, կարծես, ոչինչ չէր տեսնում կամ զգում։ Նա մինչև անգամ ուշադրություն չէր դարձնում Գայանեի լռության վրա, որ ուրիշ անգամ կարող էր վիրավորել նրան մինչև հոգու խորքը։ Նա հանդարտ վեր կացավ և, ամուր սեղմելով Գայանեի ձեռքը, դիմեց դեպի դռները։ Գայանեի մարմնով անցավ տարօրինակ սարսուռ, երբ յուր ձեռքը զգաց նրա ձեռի մեջ, մի սարսուռ, որ մարդ կարող է զգալ, երբ նրա մարմնին հանկարծակի դիպչում է խոնավ, պաղ և թունավոր սողուն։ Ճանապարհ դնելով Բախտամյանին, նա անցավ յուր ննջարանը, գլուխը դրեց բարձին և ձեռներով ամուր բռնվեց գլուխը։
«Մի՞թե ես չեմ սխալվում, մի՞թե ես չեմ սխալվում», կրկնում էր նա, ավելի ու ավելի սեղմելով գլուխը։
Հետզհետե նա դառնում էր զգայուն, դյուրագրգիռ։ Երբեմն ցույց էր տալիս կապրիզներ՝ նույնիսկ ուտել-խմելու վերաբերմամբ։ Մերթ նա պահանջում էր մի որևէ տարաժամ պտուղ, որ անհնարին էր գտնել, մերթ ուտում էր այնպիսի բաներ, որ ուղղակի վնասակար էին։
Ամուսինը, այդ կապրիզները տանելով, երբեք չէր վրդովվում, երբեք չէր բողոքում, որովհետև գիտեր «բնական» պատճառը։ Բայց, կատարելով կնոջ պահանջները, երբեմն այնպիսի խոնարհ և հեզ դեմք էր ցույց տալիս, որ տեսնողը կարող էր կարծել, թե նա մի տեսակ կամավոր նահատակ է քմահաճո կնոջ ձեռքում։ Դա մի ինքնուրույն խելացի միջոց Էր Գայանեի սրտից որոշ կասկածներ հեռացնելու համար...
Ամբողջ օրը նորատի տիկինը յուր ձեռքով կտրում էր, ձևում ու կարում փոքրիկ, մանկական գլխոցներ, շապիկներ ու սավաններ։ Պահարանը արդեն լցվել էր, բայց նա չէր դադարում նորերը կարելուց, և ամեն բան ուզում էր ինքը անել: Այդ զբաղմունքը նրան պատճառում էր անսովոր հաճություն։ Երբ ծալում էր և յուր գեղեցիկ մատներով հարթում մի թզաչափ շապիկները, նրա երեսի վրա խաղում էր մի հանդարտ, անդորր ժպիտ։ Նրա միտքը սլանում էր հեռու, երևակայությունը կենդանի պատկերացնում էր այն փոքրիկ արարածին, որի քնքուշ, փխրուն մարմնիկը պետք է ծածկվեր այդ ճերմակեղենով։ Արդյոք ո՞ւմ կնմանի հո՞րը, թե՞ մորը, բաց-կինամոնագույն աչքերով կլինի, թե՞ կապույտ աչքերով։
Այդ միջոցներին պատահում էր, որ նա հանկարծ գլուխը բարձրացնում էր և ձեռը դնում կրծքի վրա։ Նա գունատվում էր, շրթունքները մեղմիկ ցնցվում էին և աչքերի մեջ ցոլանում էր երջանկության հետ և սարսափը։ Հետո, ծանր շունչ քաշելով, մելամաղձիկ ու երկյուղած դեմքով նստում էր անկողնի վրա։ Աչքերը լցվում էին արցունքով, և նա հանդարտ ու կամացուկ լալիս էր, ինչպես առավոտները ցողում է գարնանային ամպամած և խաղաղ երկինքը։ Եվ որքան մոտենում էր տագնապալի օրը, այնքան ավելի Գայանեն դառնում էր զգայուն, փափկասիրտ, այնքան նրա քմահաճությունները ավելանում էին։ Մի անգամ ամուսնուց պահանջեց, որ նա տնից չդուրս գա, միշտ, առավոտ-երեկո, նստի յուր մոտ։
Դու կատա՞կ ես անում, Գայանե, հարցրեց Բարաթյանը զարմացած։
Ես կատակ չեմ անում, լուրջ եմ ասում, դու միշտ պետք է իմ մոտ լինես, միշտ...
Ինչո՞ւ։
Ես այսպես եմ ուզում։
Շատ լավ, ես բախտավոր կլինեի մի վայրկյան անգամ չհեռանալ քեզանից, բայց գործերս ո՞վ կկատարի։
Ես չգիտեմ, ինչ ուզում ես արա։ Դու գործ չունիս, ինձ խաբում ես, դու ազատ ես, չեմ ուզում, որ դու ինձանից հեռանաս։ Վախենում եմ, ինքս ինձանից սարսափում եմ։ Ինձ անպատճառ մի վատ բան պետք է պատահի։
Պատահելու է այն, ինչ որ բնականաբար պետք է պատահի։ Դու առաջինը չես և ոչ էլ վերջինը, մի՛ վախենա, սիրելիս, ամեն բան հաջող կանցնի։
Եվ մի քնքուշ, սիրալիր, ջերմ համբույր քաղեց Գայանեի գունատ այտից։
Ո՛չ, ինձ խոսքով մի մխիթարիր, գործո՛վ ցույց տուր, որ սիրում ես։ Սիրտս դողում է, երբ մենակ եմ մնում։ «նրանից» չէ, հասկացի՛ր, ուրիշ բան է, ուրիշ բան...
Ուրիշ բա՞ն...
Այո՛, դու.. դու.. ինձ չես սիրում, դու ինձանից փախչում ես, իհարկե, ես տգեղացել եմ, о՜о, ես գիտեմ, դու լավ մարդ չես։
Եվ նա սկսեց հեկեկալ։
Գայանե՛, դու ջղային ես, տկար ես, իհարկե, այդ հասկանալի է։ Բայց իզուր ես ինքդ քեզ հուզում, այդ վտանգավոր է, քեզ հանգստություն է հարկավոր։
Հարկավոր է, ուրեմն թող ինձ, որ հանգիստ լինեմ։ Ասա՛, որ դու ինձ սիրում ես...
Իհարկե, սիրում եմ, միթե դա նորությո՞ւն է, որ ասեմ։
Ուրեմն քո աչքը ուրիշի վրա չէ՞, իմ տգեղությունը... ա՛յ, տեսնո՞ւմ ես, ինչպես փոխվել եմ... քեզ չե՞մ զզվեցնում։ Այնպես չէ՞, ասա, ե՞ս եմ միայն քոնը, դու ի՞նձ ես պատկանում հոգով ու սրտով։
Քեզ և միմիայն քեզ եմ պատկանում։
Եվ հավիտյան ի՞մը պետք է լինես։
Հավիտյան քոնը և այն փոքրիկինը։
Փոքրիկը... Ա՛խ, ես ի՛նչ հիմար եմ, ճշմարիտ է, դու նրան չես թողնիլ, դու նրա մորը չես զոհիլ մի ուրիշին։ Համբուրի՛ր ինձ, համբուրի՛ր...
Այս տեսարանը կրկնվում էր գրեթե երկու-երեք օրը մի անգամ պես-պես փոփոխություններով։
Վերջապես Բարաթյանը սկսեց ձանձրանալ կնոջ կասկածներից, նախանձից և կապրիզներից։ Մի օր, երեսը արտասվող Գայանեից դարձնելով, արտասանեց։
«Օ՛հ, ի՛նչ տաղտկալի է կնոջ չափազանց սերը...»։