Alexander Shirvanzadeh

Արսեն Դիմաքսյան

Երրորդ մաս, XIII - XV

XIII


Գրեթե ամբողջ գիշեր Գայանեն չկարողացավ քնել պատահած անցքի տպավորությանը ենթարկված։ Նրա ականջին շարունակ հնչում էր Դիմաքսյանի հուսահատ ձայնը։ «Միթե չե՞ք տեսնում, թե ինչպես տանջվում եմ ես...»:

Նա վիրավորված չէր, այլ վշտացած։ Նա չէր մեղադրում Դիմաքսյանին և ոչ էլ վրդովված էր նրա դեմ։ Ինչպե՛ս կարող էր իրան զսպել, քանի որ սիրում է, իսկ թե սիրում է մի՞թե այդ վաղուց հայտնի չէր Գայանեին։ Բայց ինչո՞ւ նա այնքան հուսահատված էր և հենց առաջին խոսքն արտասանեց հուսահատ ձայնով։

«Մի՞թե նա բոլորովին համոզված էր, որ յուր սերը ուրիշ ոչ մի արձագանք չի գտնում իմ սրտում բացի բարեկամական զգացմունքից։ Վերջապես, ես ինքս կարո՞ղ եմ հաստատ ասել, թե այդ մարդուն միայն հարգում եմ։ Եթե այդպես լիներ, մի՞թե չէի աշխատիլ ժամանակին նրան ինձանից հեռացնել։ Իսկ ես ի՞նչ արեցի, ի՞նչ արեցի. ոչ մի անգամ նրան չզգուշացրի, ոչ մի անգամ... Այժմ ես ի՞նչ իրավունքով նրանից վիրավորվեմ: Տեր աստված, գլուխս պտտվում է, չգիտեմ ինչ մտածել... Իհարկե, նա այժմ համոզված է, որ ես նրան ատում եմ։ Բայց այդպես չէ, ոչ, այդպես չէ» Ուրեմն ի՞նչ է... Մի՞թե վախեցա հասարակական կարծիքից» Սխալ է, այդ չէ... Ես կամենում եմ իմ խղճի առջև արդար լինել։ Այո՛, ճիշտ դա է։ Եթե ես այդ մարդուն առաջ սիրեի և հետո բաժանվեի իմ ամուսնուց, այն ժամանակ շատ կարելի է այդպես չվարվեի նրա հետ։ Բայց այդ մարդն իմ ուշադրությունը գրավեց հետո, երբ ես ատում էի Բարաթյանին։ Ես այն ժամանակ համեմատեցի երկուսին, երբ համեմատելը անկարելի էր։ Այն ժամանակ ճանաչեցի մեկի արժանավորությունները, երբ մյուսի անբարոյական լինելն ինձ համար բոլորովին պարզվեց...»։

Ի՞նչ կլիներ, եթե նա կուրացած սիրեր Դիմաքսյանին, եթե արհամարհելով ամեն ինչ, գնար նրա հետևից։ Միթե դա կլիներ սե՞ր և ո՞չ վրեժխնդրություն։ Եվ ումի՞ց պետք է վրեժը հաներ։ Բարաթյանի՞ց, о՜ о, այդ մարդը վիրավորվելու փոխարեն կծիծաղեր, կզվարճանար։ Նա ինքն յուր վրեժը լուծված կհամարեր, տեսնելով յուր կնոջն յուր թշնամու հետ միացած։ Նա այդ փաստն յուր ձեռքում զենք կդարձներ նրա դեմ, կպարծենար հասարակության առջև և ամենքին ցույց տալով, կասեր. «Ահա, տեսեք, կինս բաժանվեց ինձանից ոչ թե այն պատճառով, որ ես անբարոյական էի, այլ որովհետև նա ինքը չուզեց բարոյական ամուսին մնալ...»։

Եվ որքան Գայանեն այսպես մտածում էր, այնքան ավելի համոզվում էր, որ ուրիշ կերպ չէր կարող վարվել։ Միակ յուր սխալը նա համարում էր այն, որ չուզեց կամ չկարողացավ ժամանակին Դիմաքսյանի սերը զսպել յուր սառնությունով։ Մյուս կողմից, մի միտք նրան սաստիկ մտատանջություն էր պատճառում, կդիմանա՞ արդյոք Դիմաքսյանն այդ վշտին, թե մի փորձանք կբերի յուր գլխին։

Մերթ նա կարծում էր, թե չի կարող դիմանալ և մերթ մտածում էր, թե պետք է դիմանա, քանի որ խելոք է, մտածող: Նա ինքն ինքնասեր է, հպարտ է պետք է յուր սիրածի ինքնասիրությունն ու հպարտությունն էլ խնայի։ Նա պատվախնդիր է և ազատասեր պետք է ուրիշներից էլ նույնը պահանջի։ Եթե նա սիրում է բարձր սիրով և ոչ լոկ յուր եսի խորությունից անշուշտ կհասկանա յուր սիրածի վիճակը։

«Ի՛նչ, միթե նա չի՞ հարգիլ իմ մայրական զգացումները, միթե չի՞ մտածիլ, որ եթե ես չմերժեի պետք է զրկվեի երեխաներիցս։ Զրկվել երեխաների՞ց։ Ոչ, ոչ, այդ ես չեմ կարող անել, երբեք, ես առանց նրանց չեմ կարող ապրել…»։

Արմունկները պատշգամբի վանդակապատին հենած՝ նա կանգնած էր ուղիղ այնտեղ, ուր երեք օր առաջ Դիմաքսյանն արտահայտեց յուր սրտի զգացումը։ Նա նայում էր ցած, դեպի գավիթ, ուր խաղում էր չորսից մինչև տասը տարեկան մանուկների և աղջիկների մի մեծ խումբ։ Օդի բյուրեղյա հստակությունը, ծիծեռնակների ծլվլոցը և երեխաների պայծառ, մետաղահնչյուն ձայները կարոտ մոր սիրտը լցնում էին ճնշող զգացումներով։ Ինչո՞ւ նրա փոքրիկները չկան այդ զվարթ խմբի մեջ։

Յոթ օր էր անցել նրանցից բաժանվելուց, դառն և տաղտկալի օրեր, որ յոթ ամսվա չափ երկար էին տևել։ Կտեսնվի՞ արդյոք նրանց հետ դարձյալ, թե՞ այդ վերջին անգամն էր։ Մի վայրկյան նա մտածեց՝ արդյոք ավելի լավ չէ՞ր լինիլ, եթե նա յուր ծանր խաչը կրեր զավակների սիրո և նրանց հետ ապրելու համար։ Բայց հենց նույն վայրկյանին նա հիշեց անցկացրած տարիները, և կրկին նրա աչքի առջև պատկերացավ խաբված, անարգված և պատվի զոհ դարձած ծերունին։ Եվ նա ավելի սաստիկ նողկանք զգաց դեպի յուր անցյալը։ Երբեք նա չպիտի փոշմանի յուր արած քայլի մասին։ Թող մարդիկ դատապարտեն, բայց նա յուր խղճի առջև արդար է։ Թող զավակների կարոտը ցեցի պես ուտի նրա սիրտը, մեռցնի, բայց չէր կարող ապրել այն մարդու հետ։

Նա երեսը հետ դարձրեց գավթից և աչքերը գաղտուկ սրբեց։ Նա չէր ուզում, որ յուր արտասուքը նկատեն տիկին Սալամբեկյանը և Օվսաննան, որ այդ միջոցին ներքևում ղեկավարում էին փոքրիկ սաների խաղերը։ Իսկ մանկական ձայները քանի գնում այնքան ավելի զվարթ էին հնչում, իսկ գարնանային օդը քանի գնում, այնքան ավելի տաքանում էր և ապրելու, երջանիկ ապրելու ցանկությունը բորբոքում մարդու սրտում։

Տիկին Սալամբեկյանը վերջացրեց յուր պարապմունքը սաների հետ, բարձրացավ վերև, մոտեցավ Գայանեին, բռնեց նրա թևից և տարավ սեղանատուն։ Նա դեռ տեղեկություն չուներ վերջին դեպքի մասին։ Տեսնելով Գայանեի կարմրած աչքերը, նա սկսեց ընկերաբար հանդիմանել.

Եթե դու այդպես շարունակես, կարճ ժամանակում կյանքդ բոլորովին կմաշես։ Չպետք է լիներ, բայց որ պատահեց, մի՞թե ինքդ քեզ պիտի սպանես։ Դու ոչ առաջինն ես, սիրելիս, ոչ էլ վերջինը կլինես, քեզ նման շատերը կան…

Մի՞թե դու կարծում ես, որ ես իմ արածի մասին փոշմանել եմ։

Երբեք չեմ կարծում։ Դու միայն երեխաների մասին ես հոգս անում։ Բայց քեզ խոմ նրանցից չեն զրկում, դու էլի խոմ տեսնվում ես նրանց հետ։

Այրի Բոլումբաշյանը սեղանատանը, պատրաստ սեղանի մոտ նստած, նախանձալի ախորժակով ոչնչացնում էր յուղապատառները։ Մյուս սենյակից հիվանդի ծանր տնքտնքոցի ձայն էր լսվում։ Դա տիկին Սալամբեկյանի տատն էր, որ մեռնում էր մեռնում և դեռ կենդանի էր, տանջելով շրջապատողներին և չկամենալով կյանքից բաժանվել։

Այրին Գայանեին նստեցրեց յուր մոտ և նույնպես հանդիմանեց։ Նրա ասելով Գայանեն այժմ ավելի բախտավոր է, քան առաջ։ Այդ ամուսին ասած արարածները իրանց կանանց վերաբերմամբ առհասարակ շատ գարշելի են, իսկի չարժե նրանց վրա ուշադրություն դարձնել։

Խելոք կնիկը նա է, ով որ յուր մարդու մեկ արածի տեղ երկուսն է անում նրան խելքի բերելու համար։ Հավատա՛, հոգիս, մարդն այն կնկան է սիրում, որը նրա գլխատակը փափուկ բարձ է դնում, քնացնում ու հետո ինքն յուր ուզածն անում։ Ինչքան քիչ մտածես, այնքան բախտավոր կլինիս։ Ականջներդ փակիր ու քեֆդ տվածի պես պար եկ, այն ժամանակ կասեմ «ապրես»։ Երեխանե՞րը, ի՛հ, նրանց մասին էլ չարժե մտածել, տեսնո՞ւմ ես ինձ, շատ ուրախ եմ, որ երեխաներ չունեմ, գլուխս ցավերից ազատ է։ Ապրի՛ր, քեֆ արա ինձ նման… Տեսնո՞ւմ ես, մարդիկ շատ բաներ են ասում իմ մասին, թող հաչեն, ինչքան ուզում են, շատ հարկավո՞րս է…

Այս ասելով, նա շտապով վեր կացավ, պահարանի վրայից վերցրեց ֆիսգարմոնիան և սկսեց նվագել ու հետը երգել ինչ-որ վրացական երգ։ Մյուս սենյակում հիվանդ պառավի տնքտնքոցը սաստկացավ։ Բայց այրին մինչև չվերջացրեց յուր երգը, չլռեց։ Հետո նա անցավ յուր սենյակը, շուտով զուգվեց և շտապով դուրս եկավ տնից։

Տիկին Սալամբեկյանը ամբողջ օրը զբաղված էր յուր պարտեզով և սաների համար հոգում էր ինչպես հարազատ մայր։ Սիրով հետևում էր նրանց առաջադիմությանը, ուսումնասիրում էր ամեն մեկին, վաղօրոք գուշակություններ էր անում, թե այս կամ այն երեխայից ապագայում ինչ դուրս կգա։ Ամեն օր, դասերը ավարտելուց հետո, ոգևորված պատմում էր յուր «սիրելի զավակների» մասին։

«Չգիտես ի՜նչ երջանկություն է այդ անմեղ էակների շրջանում լինելը։ Մարդ ինքն էլ երեխա է դառնում նրանց հետ։ Մինչև մահ չպիտի թողնեմ այդ շրջանը…»։

Եվ նրա զվարթ դեմքը, հոգեկան եռանդուն տրամադրությունն ակամա շարժում էին Գայանեի նախանձը։ Որքա՛ն կյանքը ժպտում էր յուր արժանավոր ընկերուհուն և ինչպե՜ս նա բախտավոր էր ամուսնության մեջ։

Մի ժամանակվա ծույլ-պեսիմիստ բժիշկ Սալամբեկյանն այժմ, կարծես, բոլորովին յուր հայացքը փոխել էր կյանքի մասին։ Հիվանդներին ընդունելուց և այցելելուց հետո, նա յուր ամբողջ ժամանակը նվիրում էր տնային պարապմունքներին։ Նա օրինակելի ամուսին էր և հոգատար, մինչև անգամ մանրակրկիտ տանտեր։ Մի րոպե հանգիստ չէր նստում յուր տեղը, միշտ զբաղված էր մանր-մունր գործերով։ Հոգեկան փոփոխությունն ազդել էր և նրա մարմնի վրա։ Այժմ նա դեմքով առողջ էր, զվարթ, մինչև անգամ աչքի ընկնելու չափ չաղացել էր։

Երբեմն նա այցելում էր Դիմաքսյանին և շատ ցավում էր, որ յուր ընկերը ենթարկված է ընդհանուր հալածանքի։ Բացարձակ չէր ասում, բայց մտքում սկսել էր մի փոքր քննադատել յուր ընկերոջ ուղղությունը։ Արդյոք, ծայրահեղ արմատական չէ՞, ինչո՞ւ ամբողջ հասարակությունն յուր դեմ ոտքի է կանգնեցնում, միթե չի՞ կարող ավելի խաղաղ գործել։

Նա մտածում էր և՛ Գայանեի մասին, աշխատում էր որևէ կերպ թեթևացնել նրա վիճակը և գիտեր, որ այդ կարելի է միայն զավակներին իրանց մորը վերադարձնելով։ Հաճախ նա խոսում էր Վեքիլյանի հետ, խնդրելով սրան միջնորդել Բարաթյանի մոտ։ Բայց օրենսգետ իրավաբանը այս դեպքում ոչ մի «արդարացուցիչ» պատճառ չէր ուզում ընդունել, բացի օրենքի տառացի մտքից։ Կինն յուր կամքով է հեռացել մարդուց, երեխաները օրենքով հորն են պատկանում։ Դրա դեմ ոչինչ չի կարելի անել։

Երբեմն բժիշկը փողոցում հանդիպում էր Բարաթյանին։ Նրանք շատ սառն բարևում էին միմյանց և անցնում։ Մի անգամ նա մոտեցավ յուր նախկին ընկերոջը, կամենալով անպատճառ իմանալ նրա մտադրությունը երեխաների վերաբերմամբ։ Բարաթյանը նախ շատ անտարբեր ընդունեց նրա ակնարկները, ապա սկսեց յուր դրությունը բացատրել։ Նա ոչ իրան է մեղադրում, ոչ Գայանեին։ Հայացքների «տարբերություն» ահա այն գլխավոր պատճառը, որ բաժանեց նրանց միմյանցից։

Ես ոչինչ ոխ չունիմ այդ կնոջ դեմ և հոգով֊սրտով ցանկանում եմ, որ նա բախտավոր լինի, առանց ամուսնի, առանց երեխաների։

Բայց առանց երեխաների նա դժբախտ է, մի՞թե մտադիր ես միշտ նրան զրկած պահել յուր զավակներից, հարցրեց բժիշկը։

Ես մի անգամ ուղարկեցի, էլի, երևի, կուղարկեմ մի ժամով, կես ժամով։

Այդ շատ քիչ է, դու պետք է ավելի բարեսիրտ վարվես։

Այդ մասին ոչ մի խոսք, երեխաները ինձ են պատկանում, իրավունք ունիմ բոլորովին չուղարկել։

Բժիշկը չկարողացավ հակառակել և հեռացավ վիրավորված։ Այդ խոսակցությունից մի քանի օր անցած Բարաթյանը կանգնեցրեց նրան փողոցում, և մի կողմ տանելով, հայտնեց յուր վճիռը.

Գիտես, ես իմ երեխաներին սիրում եմ, չեմ ուզում, որ նրանք զուրկ մնան իրանց մորից։ Վճռեցի, որ նրանք մի ամիս իրանց մոր մոտ ապրեն, մի ամիս ինձ մոտ։ Բայց մի պայման եմ դնում. չլինի թե նա երեխաների սրտում իմ դեմ ատելություն զարթեցնի… այդ պատահում է։

Գայանեն այնքան խելոք և բարի կին է, պատասխանեց բժիշկը, որ յուր երեխաների հոգին փչացնելու համար այդ բանը չի անիլ: Շնորհակալ եմ, ես իսկույն կշտապեմ քո վճիռը հայտնել նրան և ուրախացնել։

Երրորդ օրը Գայանեն յուր սենյակում լուսամուտի առջև նստած կար էր անում, յուր միտքը զբաղեցնելու համար։ Փողոցից նրա ականջին հասավ մի ծանոթ կանացի ձայն։ Նա գլուխը դուրս բերեց լուսամուտից, նայեց դուրս և իսկույն մի ուրախ ճիչ արձակեց, կարը ձեռից ձգելով։

Պառավ դայակը մի ձեռով բռնած հինգ տարեկան Թամարի, մյուսով երեք և կես տարեկան Լևոնի ձեռքը, զվարթ դեմքով սանդուղքով բարձրանում էր։ Ուրախությունից նրա լեզուն անատամ լնդերքի միջից դուրս էր ընկել, և նա հազիվհազ շունչ էր առնում, շտապելով ուրախացնել կարոտած մորը։

Գայանեն սեղմեց կրծքին երկուսին միասին և երկար ժամանակ համբուրում էր մերթ մեկին, մերթ մյուսին, կրկնելով.

Վերջապե՛ս, վերջապես…

Երբ նա յուր սրտի փափագը մի փոքր հագեցրեց, դայակը հառաչելով հաղորդեց, թե անդամալույծ Գերասիմ Գերասիմիչը առավոտյան լուսաբացին հոգին ավանդել է։ Լուրը Գայանեի վրա տպավորություն չգործեց, այնքան դեռ նրա միտքը զբաղված էր երեխաներով։

Երեկ երեկոյան երեխաներին կանչեց, համբուրեց, մեկ մեկ օրհնեց։ Ձեր անունն էլ հիշեց, ձեզ էլ օրհնեց, աստված վկա, օրհնեց։ Ասաց, Ֆեոդորա, կասես հարսիս, ես օրհնում եմ, լավ կնիկ է, թող հաշտվի որդուս հետ… Հետո պառավ դայակը ավելացրեց, թե երիտասարդ պարոնը հիվանդ է։ Վեց տարվա կենակցությունը զուր չէր անցել։ «Սովորություն» զգացումը Գայանեին չթողեց շատ էլ անտարբեր լսել այդ լուրը։ Բայց երբ դայակի պատասխաններից իմացավ, որ Բարաթյանի ցավը ուրիշ ոչինչ է, եթե ոչ այն ժառանգական հիվանդությունը, որ տարենը կամ երկու տարենը մի անգամ պարբերապես կրկնվում է նա ձեռով մի բացասական շարժում արեց, մի շարժում, որ արտահայտում էր նրա պարզ զզվանքը, և գրկեց յուր Լևոնիկին։

Մի քանի օր նա ոչ մի բանի մասին չէր մտածում, բացի երեխաներից և ամբողջ ժամանակ նրանցով էր զբաղված։ Բայց անցան այդ օրերը, նրա սիրտը կշտացավ, և նորից նա սկսեց տխրել։ Ի՛նչ և լիներ, դրությունը անորոշ էր, չգիտեր ինչ ապագա է սպասում երեխաներին։

Գերասիմ Գերասիմիչի թաղման օրը նա մենակ նստած էր յուր սենյակում և հիշում էր անցկացրած դառն օրերը: Նա կրկին հուզվեց, կրկին արտասվեց և, գլուխը դնելով բարձին, սկսեց հեկեկալ։ Նա ողբում էր յուր քայքայված, խորտակված կյանքը և դժբախտ երիտասարդական օրերը։ Օ՜о, անցած կորած հույսեր, որ մի ժամանակ այնպես ոգևորում էիք նրան, միթե չպիտի՜ վերադառնաք։ Ինչո՞ւ նա այնպես մոլորվեց, ինչո՞ւ նա չունեցավ վեց տարի առաջ կյանքի մասին այն հայացքը, որ ունի այժմ։ Ինչո՞ւ չմտածեց, որ ընտանեկան երջանկությունը չպիտի որոնել ամուսնու ոչ արտաքին գեղեցկության, ոչ աշխարհային շուքի և փայլի, այլ նրա հոգեկան և բարոյական արժանավորությունների մեջ: Եվ այժմ, երբ նա կրում է յուր դառն սխալի պատիժը, երբ նրա աչքերը բացվել են, մի՞թե արհամարհի ամեն ինչ և ընկնի մի նոր երջանկության հետևից։ Ո՞ւր, ինչպե՞ս, մի՞թե աչքերը փակելով հասարակական օրենքների, արմատացած ավանդությունների և նախապաշարմունքների առջև, մի՞թե ապօրինի կենակցության մեջ որոնելով այդ երջանկությունը։ Ոչ, ոչ, դարձյալ ոչ, այդ անկարելի է, անհնարին, վճռապես այդ բարձր է նրա բարոյական ուժերից: Ուրեմն, հեռու՛ խաբուսիկ հուսեր, նա չի ուզում յուր սեփական բախտի համար զավակների վիճակը ենթարկել վտանգի, ահա այդ անմեղ, սիրուն և քնքուշ էակներին…

«Մայրի՛կ, ինչո՞ւ ես լալիս»։

Տեսնելով նույն պահին ներս վազող Թամարին, Գայանեն շտապով երեսը դարձրեց, աչքերը սրբեց և աշխատեց ժպտալ։ Փոքրիկ աղջիկը զգաց նրա կեղծիքը և կրկնեց յուր հարցը, բայց պատասխան չստացավ։

Մայրիկ, ե՞րբ պետք է գնանք, ասաց նա, մի փոքր լռելուց հետո։

Ո՞ւր։

Հայրիկի մոտ։

Երբ որ դու կամենաս։

Ես ուզում եմ հենց հիմա։

Գնա, եթե ուզում ես։

Դու էլ կգա՞ս մեզ հետ։

Ո՛չ:

Ինչո՞ւ։

Մայրը չիմացավ ինչ պատասխաներ:

Մայրիկ, ինչո՞ւ դու այստեղ ես մնում։

Ես… մնում եմ… հյուր եմ…

Այդքան ժամանակ հյուր կլինե՞ն։

Մայրը կամեցավ սաստել աղջկան, որ, վերջապես, դադարի այդ սիրտ մորմոքող հարցերը տալուց։ Բայց նայեց նրա մանկական անուշ հետաքրքրությամբ լի աչքերին և մի սուր ցավ զգաց յուր սրտում։ Ոչինչ չէր կարելի անել, մատաղ սրտում արդեն կասկածը արմատ էր գցել։ Պարզ էր, որ այդ փոքրիկ գլուխը զբաղված է յուր մոր վիճակով և բնազդմամբ հասկանում է այդ վիճակը։

«Աստված իմ, աստված իմ ասաց մտքում Գայանեն, ձեռը Թամարի ուսին դրած, աչքերը վեր բարձրացնելով, ուժ տուր ինձ, որ կարողանամ այս ցավին դիմանալ…»։

XIV

Այն բոլորից, ինչ որ Դիմաքսյանը խորհել էր Գայանեին յուր սիրտը պարզելուց առաջ, այժմ մնում էր մի միտք թե պետք է հեռանա և չի կարող չհեռանալ Թիֆլիսից։ Օր օրի վրա նա յուր կառավարչից սպասում էր փողի։ Յուր հետ բերած փողերից այժմ նրա մոտ համարյա ոչինչ չէր մնացել, թեև բերել էր բավականաչափ գումար։ Յուր վրա նա առհասարակ ծախսում էր շատ քիչ, բայց այս անգամ ունեցավ արտաքո կարգի ծախսեր։ Նրա տեսչության ժամանակ դպրոցից արտաքսված աշակերտները աղքատ վիճակի մեջ էին, բացի մեկից, որ գործակատարի պաշտոն էր գտել մի վաճառականի մոտ։ Չորս աշակերտի նա տվեց ճանապարհածախս և ուղարկեց հայրենիք։ Իսկ հինգերորդը Մարաքյանը, այն ընդունակ աշակերտը, որին նա ամենից ավելի էր սիրում, ո՛չ ուզում էր հայրենիք վերադառնալ և ո՛չ էլ միջոց ուներ քաղաքում ապրելու։ Նա այնքան ինքնասեր էր, որ ամաչում էր վռնդված աշակերտի անունով ներկայանալ յուր ծնողներին։ Նա ուզում էր անպատճառ, ինչպես և իցե, ուսումը շարունակել, մինչև անգամ փափագում էր համալսարան մտնել և ասում էր, եթե այդ չհաջողվի ինքնասպանություն կգործի։

Երբ Դիմաքսյանը անձամբ հարցուփորձ անելով այս բոլորը իմացավ, վճռեց օգնել այդ գյուղական ինքնակամ, կոպիտ, բայց ընդունակ երիտասարդին։

Դու կստանաս բարձր կրթություն, ասաց նա մի օր Մարաքյանին յուր տան, ես քեզ վերցնում եմ իմ հովանավորության տակ։

«Բռի լոռեցին», ինչպես կոչում էին նրան ուսուցիչները, այնքան զգացվեց, որ նրա աչքերի մեջ ուրախության արցունք երևաց։ Դիմաքսյանը խորհուրդ տվեց գնալ Ռուսաստան։

Այնտեղ դու կարող ես պատրաստվել մի տարի, գիմնազիական քննություն տալ և հետո մտնել համալսարան։ Աշխատիր իմ հույսերը արդարացնել։

Քիչ ժամանակ անցած Մարաքյանը ստացավ ճանապարհածախս և ամբողջ տարվա թոշակը, ուղևորվեց Օդեսա։

Վերջապես Դիմաքսյանը ստացավ կառավարչից սպասած նամակը և բարկացած խփեց մի կողմ։ Փող ուղարկելու փոխարեն Հաբիգյանը հաղորդում էր մանրամասն տեղեկություններ նրա գործերի մասին։ Միայն նամակի վերջում նա ավելացնում էր. «Հինգ օրից հետո կուղարկեմ չորս հարյուր ռուբլի»։ Այս տողը ավելի գրգռեց Դիմաքսյանին։ Նրան ամենաքիչը երկու անգամ ավելի էր հարկավոր և դեռ համոզված էր, որ պահանջր շատ չափավոր է։

Նա ուզեց իսկույն հեռագրել Հաբիգյանին և պահանջեց, որ յուր պատվերը անհապաղ կատարի։ Բայց այդ տեսակ մի հեռագիր կարող էր գուցե վիրավորել նրա ընկերոջը։ Այնինչ նամակ գրելու համբերություն չուներ։ Առանց երկար մաածելու նա վճռեց հենց վաղն իսկ ճանապարհ ընկնել հայրենիք կարճ ժամանակով։

Առավոտը կանուխ զարթնելով, նա մի նամակ թողեց Մսերյանի անունով և անմիջապես ուղևորվեց։

Այս անգամ ճանապարհորդությունը նրա վրա բոլորովին ուրիշ տպավորություն ունեցավ։ Կար ժամանակ, երբ նա գրեթե ակամա էր դիմում դեպի յուր ծննդավայրը, իսկ այժմ շտապում էր որքան կարելի է շուտով հասնել այնտեղ։ Նա փափագում էր օր առաջ տեսնել յուր քույրերին, որոնց, կարծես, շատ տարիներ էր չէր տեսել։ Նրան թվում էր, որ այնտեղ, յուր արյունակիցների շրջանում միայն կարող է գեթ ժամանակավոր մխիթարություն գտնել և հանդիմանում էր իրան, թե ինչու այդ մասին առաջ չէր մտածել։

Հեռանալով այն քաղաքից, ուր նա յոթ տարի շարունակ անց էր կացրել փոթորկալից կյանք, զգում էր, որ յուր հետևում թողնում է մի տեսակ բեռն, որից բաժանվելը և՛ ցանկալի էր, և' դառն։ Նա հիշում էր յուր կրած վշտերը և, կարծես, մի ներքին ձայն շշնջում էր, թե այդ վշտերը կարող էին առաջանալ հենց այն մթնոլորտում միայն, որից հեռանում էր։

Նա ուզում էր հոգով անձնատուր լինել լայնատարած դաշտերի, անտառների և լեռների ազդեցությանը։ Եվ պատահում էին րոպեներ, երբ նա մոռանում էր ամեն ինչ և թարմանում գարնանային օդով արձակ բնության մեջ։ Բայց անցնում էին այդ րոպեները, նորից գրգռվում էին զսպված, խեղդված զգացումները և դարձյալ թվում էր նրան, թե այդ զգացումներից գուցե կարող է ազատվեք միայն յուր արյունակիցների շրջանում։ Եվ ահա ամեն փոստային կայարանում նա անհամբերությունից բարկանում էր, որ ձիերը ուշ են փոխում։ Նա անընդհատ կաշառում էր կառավարներին շտապել և անդադար շտապել դեպի առաջ։

Երկու օրվա ճանապարհը նա այս անգամ կտրեց երեսուն ժամվա մեջ, գիշերը ոչ մի տեղ կանգ չառնելով։ Նա շտապեց մտնել հայրենի տունը։ Այստեղ այժմ բնակվում էր նրա մեծ քույրը տիկին Մարթան յուր ընտանիքով։ Մռայլ և նիրհած տունը այժմ կենդանություն էր ստացել։ Օրը մինչև երեկո ընդարձակ պարտեզի մեջ թռչկոտում էին Մարթայի երեքից մինչև ինը տարեկան երկու զույգ երեխաները։ Փողոցի կողմի լուսամուտները բացվել էին, արևի կենդանացուցիչ լույսը առատորեն հոսվում էր ներս, դեպի մաքրված, նորոգված սենյակները։ Պատերը ծածկվել էին ուրախ գույնի պաստառներով, հատակները ներկվել էին, կահ-կարասին փոխվել։ Խոհանոցից լսվում էր ամանեղենի և պղնձեղենի ձայներ։ Ախոռատանը խրխնջում էր մի նժույգ, որ պատկանում էր Մարթայի ամուսնուն, լսվում էր Զատկի տոներին երեխաների համար բերված գառնուկների մլավոցը։ Մի նորատի հայ աղախին վազում էր երեխաներին սաստելու, որ պարտեզի ծաղիկները չփչացնեն։

Ամեն ինչ փոխվել էր, նորոգվել, զվարթացել։ Նույնիսկ պտղատու և անպտուղ ծառերը, կարծես, ավելի ուրախ էին նայում, գոնե այսպես էր թվում Դիմաքսյանին։ Պատշգամբի վրա այլևս չէր երևում այն հնամաշ փայտյա մեծ բազկաթոռը, որ միշտ միևնույն տեղն էր լինում և որի վրա նստում էր հանգուցյալ Մարգար աղան։

Դիմաքսյանը ներս չմտած առանձին-առանձին բռնեց յուր զավակներին, համբուրեց, այստեղ միայն հիշելով, որ պետք է այդ փոքրիկների համար նվերներ բերել։

Տիկին Մարթան նրան դիմավորեց, վազելով և ուրախ բացականչելպվ։

Փառք աստուծո, փառք աստուծո…

Նա Արսենից երկու տարով մեծ էր, բայց դեռ պահպանել էր երիտասարդական թարմությունը, չնայելով յոթերորդ բերքին։ Նրա դեմքի բարի, հեզ արտահայտությունը և մուգ գույնի թախծալի աչքերը, մանավանդ կակուղ ձայնը հիշեցնում էին յուր մորը։ Նա հագնվում էր անխառն եվրոպական տարազով այսպես կամենում էր նրա ամուսինը, որ արքունական պաշտոնյա լինելով, մեծ մասամբ յուր օտարազգի պաշտոնակիցների շրջանում էր պտտում։

Նա մի քանի անգամ եղբորը համբուրելուց հետո, անմիջապես ծառային ուղարկեց յուր կրտսեր քրոջը կանչելու։ Կես ժամ անցած եկավ Արսենից չորս տարով փոքր Անիկը։ Երկու քույրերի արտաքինի, ինչպես և ներքին հատկանիշների մեջ կար խիստ տարբերություն։ Հասակով Անիկը ավելի բարձր էր, կազմվածքով խոշոր, թեև ոչ այնքան գեր։ Նրա երեսի գծերը կանացի փափկության հետ ունեին նաև մի ինչ֊որ ազդու տղամարդկային արտահայտություն։ Իսկ փոքր-ինչ լայն ծնոտը, սղմված շրթունքները հիշեցում էին Մարգար աղային։ Հետևելով յուր ավագ քրոջ օրինակին, նա նույնպես եվրոպական տարազով էր հագնվում։

Նա, գոնե արտաքուստ, մի առանձին ուրախություն ցույց չտվեց եղբորը տեսնելով։ Նա միայն մի անգամ համբուրվեց նրա հետ, հարցնելով.

Լա՞վ ես։

Արսենը այս անգամ սովորականից ավելի հետաքրքրված հարցնում էր յուր քույրերի կենցաղավարության մասին։ Այնինչ՝ քույրերն ստիպում էին նրան պատմել յուր կյանքից։ Մարթայի աչքում նա և՛ նիհարել էր, և՛ ծերացել։ Սկզբում կատակով, ապա լրջորեն երկու քույր հանդիմանեցին իրանց միակ եղբորը, թե ինչու մինչև այժմ չի ամուսնացել։ Այս կողմից ավելի խիստ էր Մարթան։

Ինչո՞ւ ես հորդ տունը անտեր թողնում, ասում էր նա, ինչո՞ւ մեզ չես ուզում ուրախացնել։ Աստծուն է հայտնի, սիրտս կտոր-կտոր էր լինում ամեն անգամ այս տան մոտով անց կենալիս։ Ես կարծում էի մի ավերակի մոտով եմ անց կենում։ Վերջը՝ էլ չհամբերեցի, եկա այստեղ ապրելու։ Խեղճ մայր, մտքովդ անց կկենա՞ր, որ քո մի հատիկ աչքի լույս որդին այսօր պետք է ծնողներից զուրկ, քույրերից հեռու, հոր տնից դուրս, ով գիտե ինչ երկրում կյանք անց կացնի։

Նրա ձայնը զգացվեց, աչքերը արտասվեցին։ Մի՞թե ամուսնությունը շատ լավ բան է, որ ինձ էլ խորհուրդ եք տալիս ամուսնանալու, հարցրեց Արսենը լոկ այն նպատակով, որ իմանա որքան յուր քույրերը երջանիկ են ընտանեկան կյանքում։

Ամուսնությունը մի պարտք է, լավ վատ, ամեն մեկը պարտավոր է կատարել, պատասխանեց Մարթան։

Բայց այդ պարտքը շատերին է թանկ նստում։ Դու ուրա՞խ ես, որ ամուսնացել ես։

Ոչ ուրախ եմ, ոչ տխուր, բախտիցս գանգատվել չեմ կարող, ինչ որ ճակատիս գրված է, պետք է կատարվի։ Բայց էլի փառք աստուծո, երեխաներովս բախտավոր եմ։

Իսկ դո՞ւ, Անիկ…

Ինձ համար միևնույնն է։

Մարդդ քեզ հետ լա՞վ է վարվում։

Այդ մասին մի' հարցնիլ, մեջ մտավ Մարթան ծիծաղելով, Անիկը այն կանանցից չէ, որ յուր մարդու խոսքի տակ մնա…

Մի թեթև ժպիտ անցավ Անիկի դեմքով. պարզ էր, որ քրոջ ասածը նրան դուր եկավ։ Հոր չափ համառ և ինքնակամ՝ նա ընտանեկան կյանքում ձգտում էր կին-բռնակալի դեր կատարելու՝ սկսած այն օրից, երբ Արսենը տվեց նրան յուր ժառանգության մի մասը։ Որովհետև նրա ամուսինն էլ հեշտ հպատակվողներից չէր, ուստի երբեմն նրանց մեջ տեղի էին ունենում ընտանեկան խռովություններ։ Բայց երբեք այդ խռովությունները ծայրահեղության չէին հասնում, որովհետև մարդը միշտ զիջողություն էր անում, նախ՝ յուր ընտանեկան կյանքը շատ էլ չթունավորելու համար, երկրորդ՝ համոզված լինելով, որ յուր համառության տակ Անիկը ունի իսկապես բարի հոգի…

Շուտով եկավ Մարթայի ամուսինը պաշտոնական համազգեստով, կռնատակին բռնած մի մեծ պորտֆել։ Դա մի հաստափոր մարդ էր բարակ ոտներով։ Բարևելով Արսենին ռուսերեն լեզվով, որ քաղաքակրթության նշան էր համարում, նա մի քանի անգամ գրկեց նրան, զոչելով «նականեց, նականեց»… Եկավ և Անիկի ամուսինը, որ, հակառակ յուր քենակալին, նիհար դեմքով, չոր կազմվածքով մի բարձրահասակ մարդ էր, պարապվում էր վաճառականությամբ։

Ընտանեկան ճաշը անցավ բավական ուրախ, շնորհիվ Մարթայի ամուսնուն, որ անդադար խմում էր, սրախոսում, ծիծաղում և ծիծաղեցնում։

Իրիկնադեմին Դիմաքսյանը ծառային ուղարկեց Հաբիգյանին կանչելու։ Հայտնվեց, որ կառավարիչը գնացել է մոտակա գյուղերից մեկը և միայն վաղը պետք է վերադառնա։ Այժմ Դիմաքսյանը, հակառակ սովորականին, շատ հետաքրքրված էր յուր գործերի դրությունով, փափագում էր տեսնել կալվածները։

XV

Հետևյալ առավոտ նա նոր էր զարթնել, երբ ծառան հայտնեց Հաբիգյանի գալստյան մասին։

Ներս մտավ առողջ կազմվածքով, արևից այրված պղնձագույն դեմքով մի տղամարդ, մոտ երեսուն ու երեք տարեկան: Նա հագած էր կոշտ մոխրագույն կտորից կարած կարճ բաճկոն և երկայն կոշիկներ, որ ծածկված էին թանձր սպիտակ փոշիով։

Դիմաքսյանը ընդունեց նրան այն սենյակում, որ մի ժամանակ ծառայում էր Մարգար աղային։ Բոլոր հին կահ-կարասիներից այստեղ մնում էր միայն երկաթյա ժանգոտած սնդուկը, որի մեջ այժմ ոչինչ չկար։ Հաբիգյանը նոր էր վերադարձել գյուղից և ճանապարհի հագուստը չփոխված շտապել էր Դիմաքսյանի մոտ։

Գնացել էի ապառիկներ ժողովելու, ասաց նա, անմիջապես դիմելով գործին, ինչպես մի մարդ, որի համար ամեն մի րոպեն թանկ արժեր, այսօր ուզում էի փոստով ձեզ համար փող ուղարկել, շատ լավ եղավ, ինքներդ եկաք։

Դիմաքսյանը ընդհատեց նրա խոսքը, առաջարկելով խոսել յուր հետ «դու»-ով, ինչպես առաջ։

Արդարև մի ժամանակ նրանք ընկերներ էին և բավական մոտիկ ընկերներ։ Հաբիգյանը գյուղական քահանայի որդի էր, սկզբնական կրթությունը ստացել էր Դիմաքսյանի ծննդավայր քաղաքի հոգևոր դպրոցում։ Հետո նա յուր մի վաճառական քեռիի օգնությամբ տեղափոխվել էր Թիֆլիս և մտել ռեալական դպրոց։ Պանդխտության մեջ երկու հայրենակից պատանիները ընկերացել էին և դեռ այդ ժամանակ արդեն նրանց ապագա հայացքների մեջ պարզվեց մի խիստ տարբերություն։

Մինչ Դիմաքսյանի երևակայությունը պատանեկան հասակում զարմանալի թռիչքներ էր անում, մինչ նա փայփայում էր մի իդեալ, որ քանի գնում այնքան զարգանում էր, հասունանում և բարդանում։ Հաբիգյանը, այդ լուռ, սառն և միշտ յուր դասերով զբաղված պատանին, հիանում էր յուր հայրենակցի իդեալով, բայց երբեք չէր հափշտակվում։ Ծնված և սնված լինելով գյուղական շրջանում, նա տեսել էր չքավորության դառնությունները և մասամբ փորձել յուր վրա։ Եվ յուր համար լռիկ կազմել էր մի ուրիշ, ուրույն գաղափար թե՛ յուր ապագայի և թե' առհասարակ կյանքի մասին, մի գաղափար, որի առջև նսեմանում էին և գրեթե ոչնչանում բոլոր մյուս գաղափարները։

Մարդկանց թշվառության հիմնաքարը նա համարում էր աղքատությունը։ Սրանից էին ծագում նաև տգիտությունը, փոխադարձ նախանձը, ատելությունը և թշվառությունը։ Երբ Դիմաքսյանը նրա մոտ ոգևորված խոսում էր ժողովրդի բարոյական վերածնության մասին, նա պնդում էր, թե ոչինչ վերածնություն չի կարելի մտցնել մի ժողովրդի մեջ, ուր մարդկանց ամբողջ ժամանակը և բոլոր հոգեկան ուժերը սպառվում են ստամոքսի համար։ Եվ ժողովուրդ ասելով, Հաբիգյանը միշտ աչքի առաջ ուներ յուր գյուղի համայնքը։ Այստեղ էր հիմք առել և այստեղից էր սկսվում նրա ամբողջ աշխարհայեցողությանը, որ շատերին թվում էր նեղ, սահմանափակ։ Եվ որքան նրա միտքը լուսավորվում էր, այնքան սիրտը մոտենում էր այդ համայնքին, մի բան, որ շատ քիչ գյուղացի ուսանողների մեջ է նկատվում։

Մոսկվայի գյուղատնտեսական ճեմարանի երրորդ կուրսը նոր անցած, նա հիվանդացավ և ստիպվեց վերադաոնալ հայրենիք։ Քիչ ժամանակից հետո այստեղ բոլորովին կազդուրվեց, բայց հայրը չկամեցավ, որ նա նորից գնա հյուսիս: Այն ժամանակ նա վճռեց անպատճառ, ինչպես և լինի շարունակել յուր ուսումը արտասահմանում և թախանձեց հորը՝ ոչինչ չխնայել: Գյուղական համեստ քահանան, որ ինքը հազիվ գրել կարդալ գիտեր, հասկանում էր գիտության ուժը։ Նա գրավ դրեց յուր այգին, պարտքի մեջ ընկավ, որպեսզի յուր որդուն կրթված տեսնի։

Չորս տարի Հաբիգյանը արտասահմանում վարեց այնպիսի սուղ կյանք, որ ոչ մի աղքատ ուսանող չէր վարել։ Վերջապես, նա հասավ յուր նպատակին, վերադարձավ հայրենիք գյուղատնտեսական գիտությունների գործնական և տեսական պաշարով։ Նա սկսեց օգնել յուր եղբայրներին, որ պարապվում էին գինեգործությունով։ Բայց յուր մտադրությունները իրագործելու համար նրան պակասում էր մի բան դրամագլուխ, որ ո՛չ նրա հայրը ուներ և ո՛չ եղբայրները ունեին։ Հենց այդ միջոցին Դիմաքսյանը հրավիրեց նրան յուր կալվածները կառավարելու, և նա ուրախությամբ ընդունեց այդ հրավերը։

Արդյոք շա՞տ փող պետք է ուղարկեիր ինձ համար, հարցրեց Դիմաքսյանը ժպտալով։

Այնքան, ինչքան խոստացել էի նամակումս։

Այդ ինձ բավական չէր լինի։ Իմ այստեղ գալուս մի պատճառն էլ այն է, որ քեզ համոզեմ՝ շատ էլ ժլատ չլինես իմ վերաբերմամբ։

Ի՞նչ արած, ստիպված եմ ժլատ լինել։

Ինչո՞ւ, միթե ես այդքան աղքատացե՞լ եմ։

Դու աղքատ չես, բայց ես ուզում եմ, որ ավելի հարստանաս։

Ապագայո՞ւմ։ Ո՛չ, ես այդ բանին համաձայն չեմ։ Լսի՛ր, Հաբիգյան, գուցե ես քո աչքում մի փոքր թեթևամիտ երևամ, բայց ուղիղն ասած, իմ նյութական ապագայի մասին ես բոլորովին չեմ մտածում։ Ինձ հարկավոր չեն ոչ խոշոր գումարներ և ոչ մեծ կալվածատիրոջ անուն, թեև, համաձայն եմ, փողը մեծ ուժ է մեր ժամանակում։

Հաբիգյանը, լավ ճանաչելով Դիմաքսյանին, ոչինչ չասաց։ Բայց գլուխը բացասական կերպով շարժեց, որ արտահայտում էր թե՛ զարմանք և թե՛ անհամաձայնություն ընկերոջ ասածին։

Կես ժամ անցած նրանք պտտում էին տան առջև տարածված պարտեզում: Այստեղ ևս նկատվում էին փոփոխություններ։ Ծառուղիները հարթվել էին, մաքրվել, կանոնավորվել, հնադարյան պարիսպը նորոգվել էր։ Երևում էին տեսակ֊տեսակ նոր տնկած ծառեր, բույսեր, ծաղիկներ։ Եվ այդ բոլորը Հաբիգյանի գործն էր։

Պարտիզպանը նույն մարդն էր, որ ծառայում էր Մարգար աղայի ժամանակից։ Այժմ ոչ ոք նրա վրա չէր գոռում, ոչ ոք չէր հայհոյում նրան, մանավանդ ծեծում, և նա ավելի սիրով էր աշխատում։ Նա ուրախ-ուրախ առաջնորդում էր յուր պարոնին ցույց տալով բոլոր փոփոխությունները։ Պարտեզը բացի գեղեցկանալուց և հարստանալուց, այժմ մի որոշ եկամուտ էլ տալիս էր, ավելացած պտուղները և մրգերը ծախվում էին մրգավաճառներին։

Մի ժամի չափ անցուդարձ անելով պարտեզում, նրանք գնացին քաղաքի կենտրոնական շուկան։ Այստեղ Դիմաքսյանը ուներ մի շարք խանութներ և մի քարվանսարա, ուր կանգ էին առնում քաղաք մտնող սայլերը և ֆուրգոնները։ Մարգար աղայի կենդանության ժամանակ խանութները կիսավեր դրության էին հասել, քարվանսարան քայքայվել էր, բակը պահվում էր կեղտոտ և միշտ լիքն էր ձիերի ու տավարի աղբի կույտերով։ Այժմ խանութների փլատակված պատերը նորոգվել էին, մաշված ծածկոցները և դռները փոխվել էին, ներկվել։ Քարվանսարայի բակը մաքրվել էր, քարով ծածկվել։ Հաբիգյանը ասաց, թե ուզում է շուտով այդ բակի շուրջը կառուցանել մի նոր երկհարկանի շինություն, վերևում բնակարաններ, ներքևում խանութներ։

Ճաշից հետո նրանք գնացին քաղաքի շրջակա այգեստանը։ Հաբիգյանը Դիմաքսյանին ընդարձակ քարաշեն դարպասով առաջնորդեց մի մեծ այգի։ Ծառերը նոր էին կանաչել, պարարտ երկիրը ղեռ խոնավ էր անցյալ գիշերը եկած անձրևից։ Խաղողի որթերը արդեն տերևներ էին արձակել և կանաչ սփռոցի պես ծածկել մի ընդարձակ տափարակ։ Հեռվում երևում էր մի շինություն կարմիր աղյուսից։ Իրիկնադեմի արևի ճառագայթները լուսավորում էին նրա կանաչագույն երկաթյա եռանկյունի կտուրը։ Այս շինությունը նոր էր և կառուցվել էր գինիի ու օղիի գործարանի համար։ Դեպի ձախ երևում էր մի ուրիշ ավելի մեծ տափարակ խաղողի որթերով ծածկված։ Դիմաքսյանը հիշում էր, որ յուր հոր կենդանության ժամանակ այդ տարածությունը մնում էր անմշակ։ Այժմ Հաբիգյանը միացրել էր նրան մեծ այգիի հետ և սկսել շահագործել։

Ահա ինչի վրա են փողերը ծախսվում, ասաց կառավարիչը, Դիմաքսյանին առաջնորդելով աղյուսյա շինության ներսը։

Այստեղ դրված էին մի քանի պղնձյա նոր կաթսաներ։ Մի որմնադիր յուր օգնականի հետ շինում էր գործարանի վառարանները։ Դրսում լցված էին մի խումբ մշակներ, ոմանք հող էին փորում, ոմանք խաղողի որթերի համար ցիցեր էին տնկում։

Հաբիգյանը պատմում էր յուր ձեռնարկությունների մասին այն սառն դրական եղանակով, որ հատուկ է գործնական մարդուն։ Նա նկարագրում էր այն մոտիկ ապագան, երբ Դիմաքսյանի բոլոր կալվածների մշակությունը պիտի հասներ ցանկալի զարգացման և բարգավաճման։

Դեռ շատ բան կա անելու, եթե միայն թույլ կտաս։ Գինեգործության համար անհրաժեշտ է արտասահմանից հրավիրել մի հմուտ վարպետ։ Ժամանակ է մեր թթու գինիներից ձեռք վերցնել: Ափսոս է մեր խաղողը, կարելի է նրանից տասը տեսակ խմիչքներ պատրաստել։ Ես ինքս ուրախությամբ կպարապվեի միայն գինեգործությունով։ Բայց աշխատանքի բաժանման մասին առայժմ մտածել չի կարելի, ուրիշ շատ գործեր ունեմ։ Պետք է մի շոգեշարժ աղորիք շինել։ Վարուցանք անելու և հնձելու համար վատ չէր լինի մեքենաներ բերել տալ։ Կարելի է այստեղ մի ուրիշ գործարան շինել միրգ չորացնելու համար։ Այս բոլորը փող է պահանջում, և դու ասում ես, որ ես ժլատ չլինե՞մ…

Օրն արդեն մթնելու վրա էր, երբ նրանք վերադարձան քաղաք։ Ամբողջ երեկո նրանք խոսում էին գործերի մասին։ Դիմաքսյանը երախտագիտաբար սեղմեց Հաբիգյանի ձեռը, հայտնելով նրան յուր շնորհակալությունը: Նա հիացած էր յուր կառավարչի աշխատասիրության վրա և, միևնույն ժամանակ, ուզում էր իմանալ նրա եռանդի դրդիչ գաղափարը: Նա չէր հավատում, թե խելոք, կրթված, եվրոպական քաղքակրթության ճաշակն առած մի երիտասարդ կարող է հոգեկան անթերի հաճույք գտնել լոկ նյութական գործունեության մեջ։ Նա ուզում էր համոզվել, որ Հաբիգյանի արտաքին գործնականության տակ թաքնված է մի հասարակական գաղափար, որ նա չի ուզում պարզել:

Մի շաբաթ անցած նա այցելեց մի քանի գյուղեր, ուր գտնվում էին նրա վարելահողերը։ Այս ճանապարհորդությունը տևեց երեք օր, և նա տուն վերադարձավ նորանոր տպավորությունների տակ։ Նա գիտեր գյուղական ժողովրդի մտավոր և տնտեսական վիճակը, բայց գիտեր ոչ այնքան գործնապես, որքան տեսականապես գրքերի և լրագրների միջոցով: Ճշմարիտ է, մի քանի տարի առաջ նա ճանապարհորդեց Անդրկովկասի մի մասում, տեսավ գյուղեր, բայց արդյո՞ք այդ ժամանակվա նրա հոգեկան տրամադրությունն էր պատճառը, թե՞ մի ուրիշ բան, այդ մի ամսվա ընթացքում նրա համար չէր պարզվել գյուղացու դրությունը այնպես, ինչպես պարզվեց այժմ, երեք օրվա մեջ։

Եվ պարզողը Հաբիգյանն էր։ Գործնական մարդը նրա ուշադրությունը դարձրեց այն բոլոր առօրյա կարիքների վրա, որ կազմում էին մի ամբողջ ժողովրդի կյանքը։ Նրանք անցան մի գյուղով, որի բնակիչները հողի պակասությունից ազատվելու համար պատրաստ էին իրանց «հարազատ զավակներին գրավ դնել», ինչպես ասում էր Հաբիգյանը։ Անցան անբերրի, քարքարոտ հողերով, ուր գյուղացին գերբնական աշխատանք էր գործ դնում յուր օրական պարենը փաստակելու համար։ Մի գյուղից մի ուրիշ գյուղ անցնելու ժամանակ Հաբիգյանը ցույց տվեց խորդուբորդերով լի նեղ ուղին և նկարագրեց այն բոլոր վնասներն ու չարիքները, որ առաջանում էին կանոնավոր ճանապարհների բացակայությունից։

Ոչ մեկը նրանց այցելած գյուղերից ուսումնարան չուներ։ Երեխաները թափառում էին փողոցներում, խաղալով հորթերի, շների և հավերի հետ, մերկանդամ, գլխաբաց, ոտաբոբիկ։ Ամեն տեղ թագավորում էր մտավոր մթություն, մի թանձր, հուսահատեցուցիչ խավար, ուր ոչինչ և ոչինչ մխիթարական չէր նշմարվում։ Բայց արդյոք այդ խավարի մեջ դեգերվողները գոնե զգո՞ւմ են լուսո կարոտը։

Ո՛չ, պատասխանեց Հաբիգյանը դրական եղանակով, նրանք միայն մի կարոտ են զգում տնտեսական։

Գուցե կարելի է հասկացնել նրանց, որ բացի չքավորությունից նրանք ունեն և մի ուրիշ թշնամի տգիտությունը։

Ես շատ անգամ եմ խոսել նրանց հետ այդ մասին, շատ եմ բացատրել գրագիտության նշանակությունը։ Նրանք միշտ լուռ ականջ են դնում այնպես, որ մարդ կարծում է համոզվեցին։ Բայց տեսնում ես, նայեցին միմյանց երեսին և հետո անտարբեր արտասանեցին. «Աղա, շատ լավ ես խոսում»։

Ուրեմն համաձայնվո՞ւմ են։

Այո՛, բայց պետք է տեսնել, թե ինչպես և ինչ եղանակով են ասում. «Աղա, շատ լավ ես խոսում»։ Կարծես, այդ խոսքերով մարդու գլխին սառը ջուր են ածում։ Պատահում է, որ ես մինչև անգամ բարկանում եմ նրանց վրա և գոռում. «Հիմարներ, դուք ձեր զավակների համար պետք է ուսումնարան պահեք»։ Բայց նրանք հարցնում են՝ «Բաս վարժապետի փողը ո՞րտեղից գտնենք»։ Եվ միայն այս հարցը ինձ միշտ նեղն է գցում, ես մտիկ եմ անում նրանց ողորմելի դեմքերին և կամա-ակամա լռում եմ։

Ուրեմն քո կարծիքով ոչինչ միջոց չկա ժողովրդի մեջ լույս տարածելու, գոչեց Դիմաքսյանը մի քիչ վրդովված Հաբիգյանի սառնասրտության դեմ։

Ինչո՞ւ չէ, կա։

Ո՞րն է։

Իմ կարծիքով այն, որ մեր կրթված երիտասարդները մի փոքր օգնեն ժողովրդին, չփախչեն նրանից այնպես, ինչպես այժմ։

Աա՜, դա շատ սովորական դարձված է։

Բայց դա զուտ ճշմարտություն է։ Երևի, դու ուզում ես, որ ամենքն էլ գան և քեզ նման գյուղատնտեսությամբ պարապվեն, չէ՞։

Թեկուզ հենց այդ լինի իմ ցանկությունը, չե՞ս համակրում։

Համակրում եմ, բայց, ասա խնդրեմ, ի՞նչ օգուտ ունեն գյուղացին երբ դիցուք հենց քո այժմյան գործունեությունից։

Ես այդ մասին չէի կամենալ խոսել գոնե այժմ, պատասխանեց Հաբիգյանը սառը կերպով, բայց քանի հարցնում ես, կբացատրեմ…

Be the first who will comment on this

Other parts of "Արսեն Դիմաքսյան"

Yatuk Music
Hoghushogh
Elen Yolchyan

Hoghushogh

Before the dawn. 1971
Before the dawn. 1971
Play Online