Alexander Shirvanzadeh

Արսեն Դիմաքսյան

Երրորդ մաս, I - ll

I

Պյոտր Սոլոմոնիչը յուր կնոջը տանջում էր անխնա, որպես միայն կարող էր տանջել մի պաղած, եսացած, բռնակալ ծերունի։ Այլևս նրան մազու չափ չէին շարժում կամ մեղմացնում Աննայի սպառնալիքը, աղերսանքը և ոչ նույնիսկ արտասուքը։ Այդ ամենը նրա համար իբր շինովի հնարներ էին, որոնցով կինը աշխատում էր «ծածկել յուր խայտառակությունը»։ Նա խղճի խայթոց և մինչև անգամ մարդկային հասարակ ցավակցություն չէր զգում, տեսնելով, թե ինչպես օրեցօր ընկճվում, թառամում է այդ տակավին երիտասարդ կինը, որի սիրտը լիքն էր ապրելու անհուն սիրով։

Նա տանջում էր կնոջը, որովհետև ինքն էլ նրանից պակաս չէր տանջվում։ Այժմ նա չէր կարողանում հանգիստ ճաշել և հանգիստ քնել։ Մեծ մասամբ պառկում էր շորերով անկողնակալի վրա և ինքն յուր հետ խոսում, պես-պես շարժումներ անում։ Եթե մեկը այդ միջոցներին նրան գաղտնի դիտեր, պետք է կարծեր, որ նա ցնորվել է։ Երբեմն գիշերվա կեսին հանկարծ վեր էր կենում անկողնից և աչքերը տրորելով, նայում չորս կողմ։ Հետո մոտենում էր կնոջ անկողնակալին, լսում էր նրա շնչառությունը, ականջ էր դնում դեպի դուրս և, երեսին խաչակնքելով, նորից պառկում էր։ Այդ միջոցներին կինը զարթնում էր և երկյուղով դիտում նրան՝ շատ անգամ լուռ և երբեմն հարցնելով.

Ինչո՞ւ զարթնեցիր։ Վատ երազ տեսա։

Եվ իրավ ծերունին հալածվում էր չար երազներից։ Աննան լսում էր նրա քնած ժամանակ արտասանած հատ-հատ անկապ բառերը, «աչքովս... ինքս... այստեղ...», «մարդասպաններ», «ծածկեցեք գերեզմանս», «տեսա՛... տեսա...», «կխեղդեմ», «շանսատակ կանեմ» և այլն, և այլն։

Այս անորոշ բացականչությունները սարսափ էին ազդում Աննայի վրա, որովհետև հաճախ նա շատ որոշ լսում էր մի անուն, որ չարիք էր սպառնում նրան։ Նա ամբողջ մարմնով դողում էր և մի անգամ զարթնելուց հետո այլևս չէր կարողանում քնել մինչև լույս։ Նա փորձեց մի գիշեր անցկացնել ուրիշ սենյակում, հեռու մնալ ծերունու ահեղ շնչից, որ կարծես մեռելություն էր սփռում նրա ամուսնական առագաստի վրա։ Բայց Պյոտր Սոլոմոնիչը մի այնպիսի ընդդիմություն ցույց տվեց, այնպես գոռաց, որ Աննան բարվոք համարեց լռել և մշտապես թողնել առանձնանալու միտքը։

Մի անգամ ծերունին հանկարծ բռնեց կնոջ ձեռքից, քաշեց սենյակի մի անկյունը և կատաղած աչքերով նայեց նրա երեսին։ Աննան կարծեց, որ նա արդեն ցնդվել է։ Նրան թվաց, թե ծերունին ուզում է ծեծել իրան, աղաղակելով փախավ յուր սենյակը և դռները փակեց։ Պյոտր Սոլոմոնիչը վազեց նրա հետևից, ուզեց դռները կոտրել և ներս մտնել։ Բայց ուշքի եկավ, ձեռը խփեց ճակատին և, աթոռի վրա ընկղմվելով, խուլ ձայնով արտասանեց.

«Անեծք չար սադայելին»...

Մարդ ու կնոջ այդ սարսափելի հարաբերությունը, հարկավ, աննկատելի չէր կարող մնալ ո՛չ նրանց զավակներից և ո՛չ մանավանդ Օվսաննայից։

Մանկահասակ Լիզոչկան և Էլեչկան ապշած նայում էին իրանց հոր աչքերին, երբ նա կատաղում էր, հետո հարցական հայացք էին ձգում իրանց մոր երեսին։ Զգում էին նրանք, որ տանը մի վատ բան էր կատարվում, բայց թե ինչ չգիտեին։ Եվ այդ վատ բանը ոչ թե միայն վշտացնում էր իրանց մատաղ զգայուն սրտերը, այլև ազդում էր փափուկ բնավորության վրա։

Իրանց կասկածները և երկյուղը նրանք չէին հայտնում ոչ ոքի, ոչ նույնիսկ Օվսաննային, որին, բնազդումով թե գիտակցաբար, օտար էին համարում։ Բայց հաճախ երկու քույրերը միմյանց հաղորդում էին իրանց տպավորությունները։ Երկուսն էլ խղճում էին իրանց մորը, զգալով, որ տանջվում է։ Բայց չէին ատում և՛ իրանց հորը, քանի որ չգիտեին ո՛րն է արդարը և որը մեղավորը, որի՛ն պետք է պաշտպանել և որին ատել։

Այնինչ՝ Օվսաննան մասամբ գուշակում էր ընտանեկան խռովության բուն պատճառը։ Նա հասկանում էր, որ յուր բարեսիրտ քեռիին այդ աստիճան գազանացնողը խանդն է։ Բայց թե ո՞վ է այդ խանդի առիթը, ում վրա է ծերունու կասկածը, այդ չգիտեր և, հարկավ, չէր էլ կարող իմանալ։ Ահա ինչու նա բոլոր տեսած ու լսածները միամտաբար պատմում էր Գայանեին։

Մի օր գունատված եկավ քրոջ մոտ և ներս մտավ թե չէ, շնչասպառ հայտնեց, թե Պյոտր Սոլոմոնիչը ծեծել է Աննային։ Գայանեն հարցրեց մանրամասն, և օրիորդը միայն այսքանը կարողացավ պատմել, որ ինքը մյուս սենյակից դռների հետևից տեսավ, թե ինչպես մարդ ու կին կռվում էին ննջարանում։ Աննան հայտնի չէր ինչ ասաց, Պյոտր Սոլոմոնիչը բռունցքով խփեց նրա կրծքին և գցեց անկողնակալի վրա:

Ա՜խ, Գայանե, այնպես վախենում եմ, այնպես վախենում եմ, որ չգիտեմ ինչ անեմ, ավելացրեց Օվսաննան հուզված։ Ես վաղուց կտեղափոխվեի քեզ մոտ, բայց չեմ ուզում նրանց առանձին թողնել, իսկ ամենից ավելի երեխաներին եմ խղճում։

Արդարև, բուռն նախանձի և կատաղության վայրկյանին ծերունին առաջին անգամ ձեռք բարձրացրեց կնոջ վրա։ Այդ հարվածը կտրեց Աննայի վերջին հույսը, թե երբևէ Պյոտր Սոլոմոնիչը կխաղաղվի։

Նա ամեն ինչ ավարտված համարեց։

Ի՞նչ ելք գտներ վերջ տալու յուր անտանելի վիճակին։ Բաժանվե՞լ։ Ո՞ւր գնալ: Այս միտքը շղթայում էր ապահով ապրուստի սովոր տիկնոջը։ Ինքնասպանությո՞ւն գործել։ Նա այդքան քաջություն չունե։ Մեռնել մի ծերունու պատճառո՞վ, և մեռնել այդ երիտասարդ հասակո՞ւմ, երբ կնոջ համար մի նոր կյա՞նք է սկսվում։ Ո՛չ, ո՛չ, ո՛չ։ Գանգատվե՞լ։ Ո՞ւմ և ինչպե՞ս։ Նա Պյոտր Սոլոմոնիչի օրինավոր կինն է, եկեղեցական անխախտելի կապով շաղկապված այդ ատելի, զազրելի և այժմ սարսափելի ծերունու հետ։ Եվ տիկինը, կծու վշտերից արբեցած, անիծում էր ամենքին և՛ ամեն ինչ, և՛ հասարակական կարծիք ու օրենքներ, և՛ եկեղեցի ու կրոն, և՛ յուր հոր գերեզմանը, և՛ ամբողջ աշխարհը։

Խորին վշտերը անխնա սպառնում էին նրա ուժերը։ Նա թառամում էր ոչ օրերով, այլ ժամերով, րոպեներով, ինչպես արմատից կտրված մի քնքուշ ծաղիկ։ Սակայն այդ անբախտ վիճակի մեջ էլ նա չէր մոռանում յուր սովորական կոկետությունը։ Ոչինչ նրան այնքան չէր վշտացնում, որքան յուր արտաքին փոփոխությունը։ Ինչո՞ւ, ինչո՞ւ այդպես վաղ պշկում է և դալկանում յուր գեղեցկությունը, որ այնքան երիտասարդներ է հրապուրում։ Եվ բարկությունից նա ճանկրտում էր յուր մարմինը, ինչպես կատաղած կապիկ, փետտում էր գլխի առատ մազերը, որոնց մեջ սպիտակները օրեցօր շատանում էին։

Երբեմն նրա փափուկ ու նեղ ճակատի տակ հղանում էին չար մտքեր։ Թողնելով ծերունու տառապանքը անուշադիր, մոռանալ նրա հալածանքները, հասցնել ծայրահեղ հուսահատության և սպանել նրան կամացուկ, դանդաղ մահով։ Կամ մի հարված, ձեռի մի թեթև շարժում գիշերային լռության մեջ, ննջարանի մութ անկյունում, և ծերունու քայքայված կյանքի վերջին թելը կտրել։ Իսկ հետո՞, եթե հանցանքը բացվի՞, ի՞նչ կլինի նրա դրությունը։ Ո՛չ, ո՛չ, սոսկալի է։

Այդ դժոխային մտքերի տակ նա դարձավ լուռ, ինչպես թունավոր օձ։ Շրջում էր նա սենյակից սենյակ, ինչպես լուսնոտ, մռայլ հայացքներ ձգելով յուր շուրջը։

Այնինչ՝ Պյոտր Սորոմոնիչը արթուն աչքերով հսկում էր նրան, դիտում էր նրա ամեն մի քայլը։ Կնոջ լռությունը նրա մեջ հղացրեց մի ուրիշ կասկած։ Նա առաջ էլ համոզված էր, որ Աննան հոգով ու սրտով ցանկանում էր նրա մահը։ Իսկ այժմ մտածեց, որ զայրացած կինը նրա համար մահ է նյութում։ Նա սկսեց զգույշ վարվել և գիշեր ու ցերեկ հետամուտ լինել նրա ամեն մի քայլին։

Մի անգամ Աննան պատահաբար նրա բարձի տակ տեսավ մի ատրճանակ։ Նա վախեցավ։ Չգիտեր, թե ծերունին այդ զենքը ձեռք է բերել անձնապաշտպանության և ոչ թե նրան սպանելու համար։ Մի ուրիշ անգամ տիկինը նկատեց, որ Պյոտր Սոլոմոնիչը ուշադրությամբ փորձում է ննջարանի դռների և լուսամուտների ամրությունը։ Աա՛, անպատճառ նա ուզում է սենյակը փակած սպանել նրան, որպեսզի ոչ ոք չլսի նրա մահվան աղաղակները։

Այնուհետև մարդ ու կին փոխադարձաբար միմյանցից վախենում էին և միմյանցից զգուշանում։ Ճաշից առաջ Պյոտր Սոլոմոնիչը մտնում էր խոհանոց, նայում էր կերակրի կաթսաները, հարցուփորձ էր անում խոհարարին պաշարեղենի մասին։ Ճաշի ժամանակ նա աչքի տակով հետևում էր կնոջ ձեռներին, երբեմն հացի կտորը, կերակրի պնակը, գդալը, պատառաքաղը փոխելով նրա հետ։

Գիշերները նա քնում էր կնոջից ուշ և վեր էր կենում առավոտյան շատ վաղ, միշտ ձեռքում սեղմած ատրրճանակի կոթը։ Պատահում էր, որ ինքն իրանից դժգոհ էր լինում։ Կարծում էր, թե մի ինչ-որ մեղք է գործել, մի շատ ծանր մեղք, բայց թե ինչ չգիտեր։ Կամենում էր աղոթք անել չէր կարողանում։ Նրան թվում էր, որ աստված իրանից երես է դարձրել, ինչպես մի հանցավորից։

Նա ուզում էր երեխաներին փայփայել, հայրական սեր ցույց տալ, այդ էլ չէր հաջողվում: Նրա փաղաքշանքները դուրս էին գալիս կոշտ, սերը բռնազբոսիկ, իսկ համբույրները ցուրտ, ինչպես սառած ապակիից գոնե այսպես էր թվում նրան։ Մանկական անմեղ բիբերի մեջ նա կարդում էր երկյուղ, և նրա սիրտը մորմոքվում էր այնպես, որ ներքին տանջանքից աչքերը փակում էր և գլուխը բռունցքներով ամուր սեղմում։

Նույն երկյուղը տեսնում էր և բոլոր տնեցիների դեմքերի վրա։ Նրան թվում էր, որ ծառաները իրանից սարսափում են, ինչպես մի վտանգավոր մարդուց, մի խելագարից, բայց, միևնույն ժամանակ, և՛ խղճում են նրան։ Օ՜օ, ոչ ոք, ոչ ոք իրավունք չունե նրան խղճալու...

Երբեմն նա գանգատվում էր Օվսաննային, թե գլուխը ցավում է, ականջները խշխշում են, ոտները չեն հնազանդվում նրան, քայլել չի կարող։

«Այստեղ, այստեղ, ասում էր, ձեռով ցույց տալով սրտի կողմը, կարծես, մի քար են դրել։ Քարը սեղմում է, սեղմում, կարծես, նրա տակից մի բան է ուզում դուրս գալ և ինձ խեղդել։ Օվսաննա, Օվսաննա, երանի քեզ, որ ջահել ես...»։

Ընտրողական պայքարի ամենատաք միջոցին մի օր նրա մոտ եկավ Ամբակում Աֆանասևիչը։ Հավատարիմ «քաղքցին» զարմանք հայտնեց, որ մի ժամանակվա եռանդուն իրավասուն այժմ ոչ միայն չի հետաքրքրվում քաղաքային շահերով, այլև տնից էլ չի դուրս գալիս։ Ինչո՞ւ, ի՞նչ է պատահել, խոմ հիվա՞նդ չէ։ «Հիվանդ» բառը Պյոտր Սոլոմոնիչին վախեցրեց։ Ոչ, ո՞վ ասաց, որ նա հիվանդ է, ընդհակառակը շատ առողջ է։

Բաս ինչո՞ւ ես տանը փակվել, հեր օրհնած, խոմ մուրհակներդ պրոտեստ չեն արել, շարունակեց հետաքրքրված Ամբակում Աֆանասևիչը։

Հարկավ, նա շատ լավ գիտեր յուր բարեկամի հասարակությունից փախչելու պատճառը։ Նա անկեղծ խղճում էր ծերունուն և այժմ եկել էր մի կերպ նրան մխիթարելու։ Նա թախանձվեց Պյոտր Սոլոմոնիչին՝ դուրս գալ մի քիչ զբոսնելու։ Ծերունին դրականապես մերժեց։ Սակայն նա կամենում է իմանալ ի՞նչ են խոսում յուր մասին հասարակության մեջ և չգիտեր ինչպես հարցներ։ Նա մի խորը զննողական հայացք ձգեց Ամբակումի երեսին՝ գոնե իմանալու, թե նա ինչ է մտածում։ Բայց Ամբակումը խորամանկությամբ խույս տվեց յուր միտքը մինչև անգամ լուռ արտահայտելուց և կատակով ասաց.

Բժիշկները ինձ խորհուրդ են տվել օրական յոթ վերստ մացիոն անեմ, որ փորս մի քիչ բարակի։ Արա, Պետրոս ջան, գնանք մի քիչ ոտով ման գանք, լավ եղանակ է, օգտակար է։ Փահ, այդ ի՞նչ մաշվել ես... Պյոտր Սոլոմոնիչը դարձյալ մերժեց, բայց այս անգամ միանգամայն վախեցավ Ամբակումի վերջին նկատողությունից։ Նա կամենում էր հյուրը շուտով հեռանա, որ ինքը լավ դիտե իրան հայելու մեջ ճշմարի՞տ է, որ նա այնքան մաշվել է։

Աա՜, սուտ չեն ասում, որքան նա փոխվե՜լ է։ Նա ոչ միայն նիհարել է, ծերացել, այլև բոլորովին այլանդակվել է:

Այդ օրից նա էլ յուր կնոջ պես ստեպ-ստեպ դիտում էր յուր կերպարանքը։ Մի անգամ կեսգիշերին, երկար խալաթը հագին, թավամազ կուրծքը կիսով չափ բաց, նա մոտեցավ հայելուն և հանկարծ սարսափած հետ կանգնեց։ Մարդկային դեմքի փոխարեն հայելին ներկայացնում էր խոզի դունչի պես մի բան, աչքերը սեղմված, ծնոտը երկարացած, ականջները սրածայր։ Նա կարծեց, որ իրավ ինքը խոզ է դարձել։ Նա մինչև անգամ փորձեց քթի տակ խորթալ կամացուկ։ Հետո ուշքի եկավ, նայեց շուրջը։ Բարեբախտաբար, սենյակում ոչ ոք չկար։ Նա ծիծաղեց... Նույն տարօրինակ, նույն անբնական ծիծաղը։

Հետևյալ օրը, կեսօրվա դեմ, նա տանից դուրս եկավ, առաջին անգամ մի ամսվա փակ կյանքից հետո: Որովհետև այլևս լրագիրներ չէր կարդում, ուստի չգիտեր քաղաքում ինչ է կատարվում։ Ծանոթներից նա լսեց, որ ընտրությունները վերջացել են, ինքը սևացել է, իսկ Ամբակում Աֆանասևիչը, Բարաթյանը և Վեքիլյանը դարձյալ ընտրվել են։

Լուրը նրա վրա ոչինչ տպավորություն չգործեց, նրա անշարժ դեմքի մկանունքներից մեկն անգամ չշարժվեց: Այժմ նրա գլխում ու սրտում տեղ չկար ուրիշ գործի համար, բացի մի գաղափարից, թե նա խաբված ու ամոթի դատապարտված մի ամուսին է, թե ամենքը նրա մասին են խոսում, թե նրան խղճում են, արհամարհում, թե նրա պատվավոր անունը հավիտյան թաղված է սև հողի մեջ, ինչպես մի աննամուս մարդու անուն։ Նա մտիկ էր անում պատահող ծանոթներին և անծանոթներին և, կարծես, սպասում էր, թե ահա մեկը անպատճառ նրա երեսին կշպրտի՝ «կինդ անառակ է»։

Նա միայն երկու ժամ կարողացավ դրսում մնալ: Հետո շտապեց տուն։ Նա գնում էր այնպես արագ, որ, կարծես, տանը թողել էր մի սիրելի հիվանդ, որին շուտափույթ օգնություն էր հարկավոր։ Մարդկանց հայացքները այրում էին նրան. նա ամաչում էր պատերից անգամ և դնում էր գլուխը կրծքին թեքած։

Մի անգամ նա վեր բարձրացրեց այդ հոգնած, ծանրացած, զառամյալ գլուխը։ Հանկարծ նրա թմրած աչքերը վառվեցին, քունքերի մեջ զգաց մի տարօրինակ տաքություն։ Նա քայլերը դանդաղեցրեց։

Դեմուդեմ գալիս էր նա, որին աշնան սկզբից չէր տեսել։ Կարծես, մի չար, աներևույթ ուժ իսկույն ստեղծեց այդ հանդիպումը, որպեսզի ավելի փութացնի ծերունու անկումը։

Ինչպես միշտ, այժմ էլ Բարաթյանը ընթանում էր գլուխը բարձր պահած, կուրծքը դուրս ցցած, անհոգ, զվարթ։ Մոտենալով Պյոտր Սոլոմոնիչին, նա գդակը բարձրացրեց վեր և գլուխը խոնարհեցվեց ինչպես մի հարգելի ազգականի, մի պատկառելի ծերունու, վաղուցվա բարեկամի առաջ։

Ծերունին նրա ճանապարհը կտրեց, կանգ առավ և, մի վայրկյան ատամները կրճտելով, արտասանեց.

«Ավազա՛կ…»։

Բարաթյանը շտապեց մայթից իջնել փողոց և նայեց շուրջը։ Նա հառաչեց, երբ հավաստիացավ, թե ոչ ոք չկար, որ լսեր այդ անարգանքը։ Հետո նա անվրդով շտապեց հեռանալ։

Պյոտր Սոլոմոնիչը մոտեցավ յուր տանը, որ ընդամենը քսան-երեսուն քայլ հեռու էր հանդիպման տեղից։ Նա մատը սեղմեց դռների զանգակի կոճակին։ Ծառան դուրս եկավ։ Ծերունին ձեռը հանկարծ տարավ ճակատին, աա՛, չլինի, թե «նա» այստեղից դուրս եկավ։ Նույն վայրկյանին նրա արյունը խփեց քունքերին, աչքերը պղտորվեցին, գլուխը պտտեց։ Նա ոչինչ չէր տեսնում, բացի չորս ատելի, զազրելի թևերից, որ գրկում էին միմյանց և ոտնատակ անում նրա պատիվը…

Նա ձեռը տարավ շապկի օձիքին և թուլացած ընկավ ծառայի թևերի վրա։ Հարկավոր եղավ խոհարարին և նրա օգնականին էլ կանչել, որպեսզի ուժասպառ և գրեթե անշնչացած ծերունուն սանդուղքով վեր բարձրացնեն։ Նրան տարան ներս, նստեցրին բազկաթոռի վրա։

Նա մի անմիտ, ապշած հայացք ձգեց յուր շուրջը։ Նրա երեսի մկանունքները, կարծես, քարացել էին, աչքերի բիբերը անշարժ էին, թեթև կերպով դողում էին նրա աջ ոտը և աջ ձեռը, իսկ մարմնի մյուս կեսը հանգիստ էր...

Մյուս սենյակից ներս վազեց Աննան։ Ծերունին նայեց նրա երեսին քարացած հայացքով։ Պարզ էր, որ նա մարդ չէր ճանաչում։

Բժիշկ, բժի՛շկ կանչեցեք, աղաղակեց Օվսաննան բարձրաձայն և, չոքելով ծերունու մոտ, սկսեց հեկեկալ...

II

Օգոստոսի վերջին Դիմաքսյանն ամառանոցից ուղղակի գնաց յուր ծննդավայրը։ Նոր կառավարիչը նրա կալվածները բավական կարգի էր բերել և եկամուտներն ավելացրել։ Գյուղացիներն այժմ չէին ճնշվում կալվածատիրոջ ձեռքում։ Նրանք գոհ էին իրանց վիճակից։ Դիմաքսյանը թեթև կերպով աչքի անցկացրեց Հաբիգյանի հաշիվները և շնորհակալություն հայտնեց նրան։ Նա բնավ տրամադիր չէր այս անգամ նյութականով զբաղվելու, այս պատճառով մերժեց կառավարչի առաջարկությունը՝ անձամբ տեսնել կալվածները։ Նա միայն վերցրեց ամբողջ տարվա մնացած եկամուտը և, տասն օր յուր քույրերի հետ անցկացնելուց հետո, շտապեց վերադառնալ Թիիֆլիս, դեպի ուր մղում էր նրան մի անհաղթելի ուժ։ Նա ուզում էր մաքառել ուժի դեմ, բայց իզուր. ոչ մի սառն դատողություն չէր դիմանում նրա սրտի կրակին...

Այդ միջոցին Մսերյանը Թիֆլիսումն էր, ուր նա վերադարձել էր ամառանոցից ուղղակի և բնակվում էր յուր նախկին սենյակում։ Իդեալիստը թեև դեռ չէր կարողանում ընտելանալ յուր վշտին, բայց առաջվա հուսահատությունը տեղի էր տվել թախծալի հիասթափման։ Այժմ քաղաքային կյանքը նրան զզվելի էր թվում։ Նա ասում էր, թե մտադիր է գյուղ գնալ և այնտեղ յուր «վշտերը մոռացության տալ, ժողովրդի հսկայական վշտերը աչքով տեսնելով»։ Ոչ, նա չի ուզում կորչել մի ինչ-որ երեխայական հիմար մոլորության պատճառով։

Ճշմարիտ է, ես ամաչում եմ իմ զգացմունքից, որովհետև ի՞նչ կսազեր ինձ հափշտակվել այս հասակում, բայց մյուս կողմից շատ ուրախ եմ, որ այդ բանն ինձ պատահեց։ Ես թմրած էի, կենդանություն ստացա։ Այժմ ուզում եմ օգտվել իմ մեջ զարթնած եռանդից, այս կենսական ջերմությունից, և գործ դնել նրան մի որևէ նպատակի համար։

Նա վեր կացավ, կանգնեց լուսամուտի առջև և, ձեռը տարածելով դեպի դուրս, շարունակեց.

Տեսնո՞ւմ ես այն հեռավոր լեռները, այն անտառները, այնտեղ էլ ապրում են քեզ և ինձ նման էակներ։ Նրանք էլ մարդիկ են, բայց նրանց զբաղեցնում են ուրիշ հոգսեր։ Մենք ուզում ենք հոգեկան հանգստություն, իսկ նրանք տառապում են տգիտության խավարի մեջ։ Լուսավորել նրանց միտքը, բաց անել նրանց առաջ քաղաքակրթության առաջին շավիղը ահա ինչ է պահանջում մեզանից մեր ստացած ուսումը։

Նա խոսում էր այնպես հափշտակված և այնպիսի դրական եղանակով, որ կասկածել չէր կարելի, թե նա յուր ասածը պատրաստ է իսկույն կատարել։ Նա շարունակեց նույն ոգևորությամբ։ Վաղն ևեթ նա կգնա թեմական տեսչի մոտ, կխնդրի նրանից գյուղական վարժապետի պաշտոն։ Նա կընտրի մի ամենախուլ անկյուն, ուր ժողովուրդն ավելի կարոտություն ունե և ուր չեն համաձայնվում ուրիշները գնալ։ Ձմեռը նա կպարապվի դասատվությունով, գարնանը և ամառը երկրագործությունով։ Նա կվարի, կցանի, ամեն բան կանի, միայն թե օգտավետ լինի հասարակ ամբոխին և յուր կյանքն ապարդյուն չանցկացնի, ինչպես անց է կացրել մինչև այսօր։

Այսպես էր խոսում նա Դիմաքսյանի ներկայությամբ։ Իսկ երբ վերջինը հեռացավ, նա պառկեց երեսն ի վեր անկողնու վրա և սկսեց խորհել արդյոք կարո՞ղ էր յուր ասածը կատարել։ Ահա հենց այդ հարցը միայն նրան հոգնեցնում էր և մինչև անգամ վախեցնում։ Նա երևակայում էր, թե ինչպես գյուղական կոշտ ու կոպիտ պատանիներին այբուբեն է սովորեցնում, իսկ դասերից հետո հասակավոր գյուղացիներին գլխին հավաքած բացատրում է բնության տարրական օրենքները։ Կհասկանա՞ն արդյոք նրա լեզուն. գռեհիկները միջոց կտա՞ն արդյոք գործելու, թե՞ կծիծաղեն նրա վրա...

Այնինչ Դիմաքսյանն արդեն սկսել էր ձանձրանալ անգործությունից։ Խոսում էին, թե թեմական տեսուչը հրաժարական է տալիս, և այդ ճիշտ էր։ Նա կամեցավ այդ պաշտոնն ընդունել։ Նա փորձեց խնդրել ում հարկն է։ Գործը գլխավորապես կախված էր թեմական առաջնորդից։ Բայց նոր մի օր սրբազանի մոտ հիշեցին Դիմաքսյանի անունը, ասացին, թե նա պատրաստ է մինչև անգամ անվարձ ծառայել, նա երեսին խաչակնքելով, արտասանեց.

«Հրաժարիմք ի չար սատանայե»։

Այսպիսով, մի անգամ ևս նա զգաց յուր հակառակորդների ուժը։ Բայց չհուսահատվեց։ Ոչինչ, եթե մի տեղ փակեն ճանապարհը, նա մյուս տեղ ասպարեզ կգտնի, բավական է, որ գործելու ցանկությունը չմեռնի նրա սրտում։

Մի օր նա յուր սովորական մտքերի մեջ խորասուզված, Ալեքսանդրյան այգու մոտով բարձրանում էր դեպի քաղաքի կենտրոնը։ Նրա հետևից լսվեց յուր անունը և, հետ նայելով, տեսավ Սալամբեկյանին, որին վաղուց չէր հանդիպել։ Բժիշկը վերադառնում էր հիվանդանոցից ոտով։ Նա միակ մարդն էր յուր արհեստակիցների մեջ, որ չէր ամաչում ոտով շրջել։

Տխուր նորությունը լսե՞լ ես, ասաց բժիշկը, սովորական բարևներից հետո։

Ի՞նչ է պատահել։

Բժիշկը հաղորդեց Բախտամյանի կաթվածահար լինելու լուրը։ Բանն այն է, որ մոտիկ բնակվելով, ամենից առաջ իբրև բժիշկ նա էր կանչվել ծերունուն օգնելու։ Գնացել էր, իհարկե, բայց ի՞նչ օգուտ, բանը բանից անցած էր։ Բախտամյանն այժմ կես մարդ է։

Լուրը Դիմաքսյանի վրա տպավորություն գործեց։ Ինչ և լիներ, նա Պյոտր Սոլոմոնիչին համարում էր բարեսիրտ և ազնիվ մարդ։ Նա հոգով խղճաց ծերունուն։ Նա հարցրեց դժբախտության պատճառը։ Բժիշկը, գլուխը խորհրդավոր շարժելով, արտասանեց. Հարյուր տեսակ բաներ են պատմում, ո՛վ գիտե։

Նա հաղորդեց այդ պատմվածներից այն, որ ավելի հավանական էր թվում և որի մասին ամենքը խոսում էին։

Բայց ասա՛, Արսեն, վերջացրեց նա յուր խոսքը, միթե այդ կարելի՞ է, միթե դու հավատո՞ւմ ես։

Դիմաքսյանը կկամենար չհավատալ «տարածված լուրին», բայց մի ներքին ձայն համոզում էր նրան, որ ոչ միայն կարելի է, այլև կատարված իրողություն է այն, ինչ որ լսել է բժիշկը։

Վա՛տ մարդ, գոչեց Սալամբեկյանը, մինչև հոգու խորքը վրդովված, խաբել, տանջել մի այնպիսի հազվագյուտ կնոջ և այն էլ ի՞նչ միջոցով։

Դիմաքսյանը դառնությամբ ժպտաց և ոչինչ չասաց։ Այն բանը, ինչ որ այժմ էր յուր ընկերոջը վրդովեցնում, վաղուց նրան վշտացնում էր։ Նրա աչքի առջև պատկերացած էին միշտ երկու ծանոթ ընտանիքներ, երկուսն էլ անբախտացած։ Նա վրդովված է մի թշվառ ծերունու դեմ, որ յուր մաշված, քայքայված կյանքը կապել էր մի երիտասարդ կնոջ թարմ կյանքի հետ և դժբախտացրել թե՛ իրան և թե՛ նրան։ Նա կատաղած էր մի երիտասարդի դեմ, որ յուր վատթար կրքերի պատճառով թշվառացրել էր երեք կյանք։ Դեռ ոչինչ ծերունին, նա յուր գոյության շրջանն արդեն անց էր կացրել, նա արժանի է յուր պատժին։ Գուցե ավելի ցավալի է նրա կնոջ վիճակը, գուցե նրան պետք է խղճալ...

Իսկ այն «մյո՞ւսը» ահա բուն դժբախտը։ Ինչո՞ւ «նա» պետք է թշվառանա, ինչո՞ւ, ինչո՞ւ, ինչո՞ւ, մի՞թե նույնպես յուր սխալի համար...

Եվ Դիմաքսյանի մտքերը պղտորվեցին։ Նա հիշեց յուր գուշակությունը Գայանեի ապագայի մասին. չէ՞ որ գիտեր, որ վերջն այդպես պետք է լինի։ Բայց անցավ եսական զգացումը, և նա զգաց մի սուր դառնություն այն էակի վիճակի համար, որին նա սիրում էր անհուն սիրով։ Բաժանվելով Սալամբեկյանից, նա երկար ժամանակ խորհում էր նրա մասին։ Մի՞թե պետք է նրան այդ վիճակի մեջ թողնել, մի՞թե չի կարելի նրան օգնել։ Բայց ինչպե՞ս և ի՞նչ իրավունքով։

Ցավալի էր նրա համար ամենից ավելի այն, որ չկար մեկը, որի մոտ կարողանար պարզել յուր սրտի նվիրական զգացումները, ասել այն, ինչ որ չէր կարելի ուրիշներին ասել։ Գուցե այդպիսով նա թեթևացներ յուր հոգին։ Մսերյա՞նը։ Նա այնքան խորասուզված էր յուր անձի մեջ, որ ոչ մի արտաքին երևույթ, կարծես, նրան չէր հետաքրքրում։

Գյուղ պետք է գնալ, գյուղ, կրկնում էր նա միշտ, այնտեղից պետք է ամեն բան սկսել։

Սակայն օրերն անցնում էին, և նա դեռ տատանվում էր։ Իսկ Դիմաքսյանը կասկածում էր, թե երբևէ նա կկատարի յուր որոշումը։ Նա գիտեր, որ Մսերյանի խոսքի և գործի մեջ կա ահագին պատնեշ կամքի թուլություն։ Անցնել այդ պատնեշը նա անհնարին էր համարում մի մարդու համար, որի բնավորությունը վաղուց արդեն կազմվել և ամրացել էր յուր որոշ հատկանիշներով։

Իզուր ես աշխատում ինձ համոզել, թե այս տիղմի մեջ կարելի է մաքուր շենք կառուցանել, վիճում էր Մսերյանը յուր ընկերոջ հետ, թեև Դիմաքսյանը չէր էլ աշխատում «համոզել» նրան։ Հիմքն այստեղ խախուտ է, չի դիմանալ, պետք է ավելի խորը գնալ։ Թո՛ղ ամեն ինչ, գնանք ժողովրդի մեջ...

Նրա խոսքերի մեջ թեև կար նախկին պատանեկան ոգևորությունը, բայց զգացվում էր նույնպես և մի տեսակ վհատություն։ Կարծես, նա ինքն այժմ չէր հավատում, թե կարող է իրագործել յուր ասածը։

Մի առավոտ բժիշկ Սալամբեկյանը եկավ Դիմաքսյանի մոտ և թախանձեց նրան՝ միասին գնալ օրիորդ Կարինյանի մանկական պարտեզը։ Այդ օրն առաջին անգամ օրիորդը մանկական հանդես էր տալիս։

Այնտեղ Դիմաքսյանին սպասում էր մի անսպասելի հանդիպում։ Ընդարձակ սենյակի մի ծայրում խմբված էին երեսուն քառասուն մանուկներ և երգում էին։ Մյուս ծայրում հավաքված էին նրանց մայրերը և հրճվանքով լսում էին իրանց զավակների թռչնային ծլվրոցը։ Ահա այստեղ էր և՛ Գայանեն։ Գլուխը թեթևակի ուսին ծռած, ձեռներն անփույթ կերպով ծնկների վրա դրած, նա նստած էր պատի մոտ և խոսում էր մի օրիորդի հետ։ Մի քանի կանայք Դիմաքսյանին տեսնելով, անմիջապես շշնջացին միմյանց ականջին։ Նա շփոթվեց, նա զղջաց անգամ յուր գալու մասին, բայց նրա սիրտը ակամա բաբախեց ուրախությունից։

Օրիորդ Կարինյանը նրան ներկայացրեց յուր հյուրերից մի քանիսին և հետո խնդրեց նրան տեսնել, թե արդյոք յուր աշակերտները հառաջադիմություն անո՞ւմ են։

Վերջապես, Դիմաքսյանը վստահացավ մոտենալ Գայանեին։

Նրանք սկսեցին խոսել մանկական պարտեզի մասին։ Դիմաքսյանը հետաքրքրվեց իմանալ, արդյոք Գայանեն մտադի՞ր է յուր զավակներին հանձնել պարտեզ։ Հայտնվեց, որ տիկինը հենց այս մտքով է եկել օրվա հանդեսին. նա կամենում է ծանոթանալ Կարինյանի կրթության եղանակին։

Կանանց շրջանում շշնջյունները և խորհրդավոր հայացքները սաստկացան։ Դիմաքսյանն այդ նկատեց և նորից շփոթվեց։ Նա համոզված էր, որ կանայք բամբասում են իրան և Գայանեին։ Ուստի հարմար վայրկյան գտնելով, վեր կացավ տիկնոջ մոտից և մոտեցավ բժիշկ Սալամբեկյանին։

Լսի՛ր, ասաց նա, դու ինձ ուժով բերիր, բայց կարծեմ, ես ավելորդ եմ այստեղ։

Ընդհակառակը, քո ներկայությունը այստեղ անհրաժեշտ է հենց քեզ համար։ Պահիր քեզ ազատ, բնական, վարվիր ամենքի հետ այնպես, ինչպես վարվել ես։ Հիմար ամբոխ...

Ինչ էին նշանակում այդ խոսքերը Դիմաքսյանը չհասկացավ։ Եթե նա Սալամբեկյանին չճանաչեր ինչպես անկեղծ, անխարդախ ընկերոջ, կարող էր կարծել, որ բժիշկն ուզում է նրա հետ մի խաղ խաղալ։ Ինչևէ, նա մնաց դահլիճում: Բայց որքան նա դիտում էր յուր շուրջը, նույնքան համոզվում էր, որ ինչ-որ անհասկանալի, խորհրդավոր և անսովոր ուշադրության առարկա է ընդհանուրի համար։

Երեխաները անցան մյուս սենյակ։ Նրանց պետք է խաղալիքներ բաժանեին։ Օրիորդ Կարինյանը հյուրերին հրավիրեց այնտեղ։ Մի խումբ կանայք դանդաղեցրին իրենց քայլերը։ Նրանք շարունակ նայում էին Դիմաքսյանին։ Սալամբեկյանն առավ նրա թևը և առաջնորդեց մյուս սենյակ։ Մինչև նա խոսում էր բժշկի հետ, մի տարիքավոր տիկին գլուխը մոտեցրած սկսեց ականջ դնել, աչք-ունքով զանազան նշաններ անելով մյուս կանանց։ Դիմաքսյանը նկատեց այդ նշանները և այնքան զայրացավ, որ քիչ էր մնում մի խիստ նկատողություն անի տարիքավոր տիկնոջը։ Նա միայն մի բարկացկոտ հայացք ձգեց յուր շուրջը։ Տարիքավոր տիկինը սարսափած հետ քաշվեց, և Դիմաքսյանը լսեց, որ նա շշնջաց. «Երևում է, երևում է»։

Վերջապես, նա ներողություն խնդրեց Կարինյանից և դուրս եկավ։ Նրա հետևից դուրս եկավ և՛ Սալամբեկյանը։

Ո՞ւր ես շտապում, հարցրեց նա։

Ասա ինձ, ի սեր մեր ընկերության, այս կանայք ի՞նչ են խոսում իմ մասին։ Բժիշկը աշխատեց ժպտալ։

Այսօր ես քեզ դիտմամբ բերեցի այստեղ, պատասխանեց նա, և նպատակով էի ասում, որ դու քեզ ազատ պահես։ Լսի՛ր, չգիտեմ ինչ պատճառով և ինչպես, մի հիմար լուր է տարածվել։ Քո մասին պտտում են զանազան առասպելներ և բոլորը հնարված են մի բան ապացուցանելու համար, այն է, որ դու իբրև թե ցնդվել ես։ Մի՛ զարմանար և մի՛ բարկանար, բավական է մի թեթև լուր, որ ամբոխի բերանում մեծանալով դառնա հրեշավոր պատմություն։ Ես չգիտեմ, ով է հնարել այդ լուրը, բայց համոզված եմ, որ այդ քո թշնամիների գործն է։ Ահա ինչու են շշնջում և ինչ են շշնջում այդ կանայք քո մասին։

Արտասանելով այս խոսքերը, բժիշկը փորձեց ծիծաղել, բայց նույն վայրկյանին նրա հայացքն ընկավ Դիմաքսյանի այլայլված դեմքին, և ծիծաղը մնաց սառած նրա շրթունքների վրա։ Դիմաքսյանը ձեռով շփեց ճակատը, տրորեց աչքերը, գլուխը երերեց, կարծես, իրանից մի միտք հեռացնելու համար և արտասանեց.

Աա՜, այդպես ուրեմն... ինձ խելագա՞ր են համարում։

Հետո նա, մի արագ շարժում գործելով, ավելացրեց.

Գուցե իմ թշնամիները չեն սխալվում։

Be the first who will comment on this

Other parts of "Արսեն Դիմաքսյան"

Yatuk Music
Noctrune
Edward Baghdasaryan

Noctrune

Before the dawn. 1971
Before the dawn. 1971
Play Online