Raffi

Խաչագողի հիշատակարանը

Ի՞ՆՉ է ԽԱՉԱԳՈՂԸ

Թողնել ընտանիքը անտեր, երկար ու ձիգ տարիներ թափառել աշխարհի մի ծայրից դեպի մյուսը, արծաթ որսալու համար չխնայել ամեն տեսակ անազնիվ միջոցներ այդ խաչագողի գործն է։

Խաչագողը ունի իր արհեստին վերաբերյալ բոլոր հմտությունները։ Այլևայլ երկրներում թափառելու համար նա գիտե զանազան ազգերի լեզուներ, ծանոթ է նրանց սովորություններին և ի՛նչ ազգի մեջ որ մտնում է, խոսում է այն քան վարժ, որ դժվար է որոշել, թե նա այն ազգին չէ պատկանում։ Նա իր ընկերների հետ խոսում է մի առանձին լեզվով, որը ոչ ոք հասկանալ կարող չէ, եթե խաչագողների հասարակությանը չէ պատկանում։ Դա մի խորհրդավոր, պայմանական լեզու է. դա ավազակների արգոն է։

Շատ անգամ խաչագողը չէ խոսում, բայց միտք է հայտնում։Նրա աչքերի, հոնքերի, շրթունքի, երեսի, ձեռքերի, մի խոսքով, մարմնի զանազան մասերի այս և այն ձևով շարժմունքը հայտնում են ամբողջ նախադասություններ, որոնց նշանակությունը հասկանում է միայն խաչագողը։ Միմիկան նրանց դեմքի վրա սաստիկ զարգացած է։ Կապիկի նման կարողանում են նրանք շարժեցնել երեսի այն մասերը, որոնք ուրիշների մոտ անշարժ են։ Ես տեսա մի խաչագող, որ ավանակի նման շարժեցնում էր իր ականջները։ Մի այլը իր քիթը զարմանալի կերպով ծռմռում էր այս կողմ և այն կողմ:

Խաչագողը խաչագողի ձեռքը բռնելով, առանց մի բառ արտասանելու, հայտնում է իր միտքը։

Հարկը պահանջած ժամանակ խաչագողը միայն անորոշ ձայներ է արձակում, կամ թռչունների ու գազանների բարբառով ազդարարություններ է կարգում։ Այդ նրանց գիշերային լեզուն է, մանավանդ այն ժամանակ, երբ մինը մյուսից հեռու է գտնվում։ Նրանց բոլոր նշանախոսությունները այն աստիճան ճշտությամբ պայմանավորված են իրանց մեջ, որ երբեք չեն վրիպում նպատակից։

Կերպարանափոխության մեջ խաչագողը սատանայական հնարագիտություն ունի։ Ծպտիլ, այլակերպվիլ այնպես, որ բոլորովին ուրիշ մարդ երևալ, դրանք նրա համար այնպիսի խաղեր են, որոնց մեջ ոչ ոք կարող է նրա հետ մրցություն անել։ Խաչագողին չէ կարելի տեսնել իր բուն պատկերի մեջ, այլևայլ երկրներում, գործի և հանգամանքների այլևայլ պայմանների համեմատ, նա միշտ նոր ձև և նոր կերպարանք է ընդունում։

Խաչագողը բովանդակում է իր մեջ մարդկային ամբողջ հասարակության բնավորությունները։ նա ընկերային կյանքի ամեն ելևէջների վրա զարմանալի ճարպկությամբ բարձրանում և իջնում է։ Նա հասարակության բոլոր ծալքերի մեջ մտնում և դուրս է գալիս։ հարմարվելու անհամեմատ ընդունակություն ունի։ Ժողովրդի բարձր դասի հետ նա մի հպարտ, փառասեր, թեթևամիտ, պերճախոս ազնվական է, ազնվականի բոլոր փայլով։ Ժողովրդի ստոր դասի հետ նա մի բարի, միամիտ և անկիրթ ռամիկ է, բոլոր ռամկական պարզություններով։ Գիտնականի հետ նա մի գեղախոս հռետորի նման վիճում է, ամեն առարկայի վրա դատում է և հանրամարդկային բարձր ու վսեմ գաղափարներ է հայտնում։ Մոլլաների հետ նա խավարամիտ է, որպես գիշեր և մոլեռանդ, որպես հնդկական ֆաքիր։ Խաչագողը մի օր լույս է, մյուս օր՝ խավար: Մի օր բարի է, մյուս օր՝ չար:

Խաչագողը մի գարշելի տիպ է։ Նա ավերված, փչացած, անբարոյականացած հասարակության հրեշավոր ծնունդն է։ Նա նեխած ջրի մրուրն է։

Երբեմն նա փողոցային սրիկա է, գիշերի մթության մեջ հանդիպող մենավոր անցորդը հազիվ կարող է ազատվել նրա ճանկերից:

Ցերեկով նա բարեպաշտ, երկյուղած քրիստոնյա է և պատահած աղքատին ողորմության ձեռք է մեկնում։ Մի տեղ, ամենակեղտոտ գինետան ստորերկրյա նկուղների մեջ, կառապանների հետ նստած, արբեցությամբ է անցկացնում է այդ ժամանակ նա մոլի ստահակ է։ Մի այլ տեղ, ամենափաոավոր հյուրանոցում նա խիստ նուրբ ճաշակ ունի կերակուրների և ըմպելիքների ընտրության մեչ։ Այդ ժամանակ նա բարեկյաց քաղաքացի է։

Խաչագողը չափազանց առաձգական է և. դյուրաթեք։ Նա դեպի ամեն կողմ ծռվում է։ Նա ամեն կաղապարի մեջ մտնում է և ամեն տեսակ ձևեր ընդունում է, բայց երբեք մի հատկանիշ ձև չէ պահպանում։ Նա կատարյալ քամելեոն է: Նա այն առասպելական էակներից է, որ ամեն մի անգամին մի այլ տեսակ են երևում։

Խաչագողը գիտե կեղծել, գիտե խաբել, գիտե ձեռքից սպրդիլ և աներևույթ լինել։ Ոստիկանի ամենատես աչքերը չեն կարող նքա հետքերը հետազոտել։ Նա անհայտանում է որպես դև և հայտնվում է որպես հրեշտակ։ Բայց երբ որ բախտը դավաճանում է նրան, բանտը իր պապենական օթեվանն է։ Շղթաներից երկյուղ չէ կրում նա, իսկ դահճի առջև արհամարհանքով է խոնարհեցնում իր պարանոցը։

Խաչագողը նայում է տիեզերքի վրա որպես իր հունձքի արտի վրա։ Նա գիտե կորզել մարդկային ընդհանուր աշխատանքից ինչ որ իրան պետք է։ Նա չէ ցանում, բայց հնձում է։ Նա չէ արդյունաբերում, բայց սպառում է։ Նա ապրում է ուրիշի վաստակով։ Իսկ այդ նպատակին հասնելու համար գործ է դնում իր հնարագիտության ամենակարող հմտությունները։ Ուր չի հաջողվում նրան խաբուսիկ միջոցներով որսալ, այսպիսի դեպքերում պատրաստ է նրա արյունահեղ ձեռքը...

Խաչագողը ամեն բան ունի, բայց ոչինչ չունի։ Նա նմանում է այն գիշակեր մեծ գազանին, որ խորտակում է մի ամբողչ ցուլի մեջքը, լերդը ուտում է, արյունը խմում է, իսկ մնացածը թողնում և հեռանում է։ Այնուհետև օրերով մնում է սոված, երբ ուրիշ որս գտնել չի կարողանում։ Խաչագողը մի օր կուշտ է, մյուս օր՝ քաղցած։ Մի օր հարուստ է, մյուս օր` աղքատ:

Ես նկարեցի խաչագողի մի քանի ընդհանուր գծերը միայն, իսկ մանրամասնությունները ընթերցողը կտեսնի նույն իսկ «Խաչագողի հիշատակարանի» մեջ։ Այժմ դառնանք դեպի այն հարցը, թե որ երկրից հայտնվեցան խաչագողները։

Սալմաստա մեջ եղած ժամանակս իմ գլխավոր զվարճություններից մեկն էր Սավրա գյուղը գնալը։ Այդ գյուղը նշանակություն է ստացել նրանով, որ այնտեղ են բնակվում այն հանրածանոթ մարդիկը, որ կոչվում են «խաչագողներ»։ Թողյալ այդ, Սավրան ուներ իր և մի քանի այլ գեղեցիկ կողմերը բնությունն այնտեղ հիանալի էր, կնիկները ավելի սիրուն էին, քան Սալմաստա մյուս գյուղերում, հագնվում էին մաքուր և չափազանց հրապուրիչ էին։ Մի քանիսը արդեն պարսից շահի կանանոցի զարդն էին դարձել, և նրանց ազգականները մշտական թոշակ էին ստանում։ Սավրայի տները, հովանավորված սքանչելի պարտեզներով, պահվում էին ամենայն հստակությամբ։

Բայց ինձ ավելի գրավում էին խաչագողները։

Ճշմարիտն ասած, շատ հետաքրքրական էր, այդ մոլաշրջիկների հյուրասեր սեղանի մոտ նստած, նրանց հետ գավաթներ դատարկել և լսել նրանց թափառական կյանքի երկար ու երկար պատմությունները, որոնք լի էին սարսափելի արկածներով։ Խաչագողը միշտ մի առանձին պարծանքով է պատմում իր արարմունքը։ նա իր խաբեությունների, խարդախությունների և այլ չարագործությունների վրա նայում է որպես քաջագործության վրա։ նա քաջություն է համարում անազնվությունը, նենգավորությունը, որովհետև նրանց միջոցով կարողացել է շատ անգամ ահագին գումարներ ձեռք ձգել, թեև խիստ հաճախ ենթարկել է իր անձը սոսկալի վտանգների։

Սավրան խաչագողների որջն էր։

Սալմաստա մեջ թեև ամեն մի հայաբնակ գյուղում կարելի էր գտնել խաչագողներ, բայց չկա Սավրայի պես մեկը, ուր ամբողջ բնակիչները իրանց նվիրած լինեին մի այսպիսի կեղտոտ պարապմունքի։ Ո՞րտեղից էր մտել այդ արհեստը նրանց մեջ, դժվար է բացատրել, միայն այնքան ընտելացել էին մի այնպիսի գործունեության, որ համարյա նրանց համար կենսական պահանջ էր դարձել:

Մտնում ես Սավրա գյուղր։ Փողոցների մեջ խաղում է երեխաների բազմությունը։ Մտածում ես, թե ամբողջ աշխարհի երեխաներից մի-մի հատ այստեղ է բերված։ Նրանց վրա տեսնում ես ամեն երկրի, ամեն ազգերի հագուստները ու գլխարկները։ Այդ ի՞նչ հրաշք է։ Սկսյալ Չինաստանից, Հնդկաստան, Աֆրիկա. Ամերիկա, մինչև Եվրոպայի ամենախուլ անկյունները, ամեն տեղի հագուստով երեխաներ ես տեսնում։ Տղամարդիկը նույնպես ման են գալիս բազմատեսակ հագուստներով։ Հետո հասկանում ես, որ այդ թափառականները, օտար երկրներից վերադառնալու ժամանակ, բերել են իրանց երեխաների համար նույն երկրների հագուստները։

Մտնում ես սավրեցու տունը։ Սենյակները զարդարած են ամեն երկրի ամեն տեսակ կարասիներով։ Պատերի վրա առանց ճաշակի, առանց դասավորության կպցրել են զանազան պատկերներ։ Տեսնում ես մի տեսարան Գարիբալդիի կռիվներից, նրա մոտ սգավոր Աստվածամոր պատկերները, սրով խոցված սրտով, հետո «Թափառական հրեայի» պատկերը, հետո Հիսուս քրիստոսը աղբյուրի մոտ խոսում է Սամարացի կնոջ հետ, հետո մի տեսարան փարավոնների կյանքից։ Փարավոնը պատգարակի մեջ նստած է, մի խումբ ստրուկներ տանում են նրան ուսերի վրա, հետո մի քանի կիսամերկ գեղեցկուհիք լողանում են անտառում հոսող վտակի մեջ, հետո Պիոս IX-ի պատկերը, և մյուսները այս կարգով։

Խիստ զգալի մի տեսարան է ներկայացնում, երբ աչք ես ածում Սավրայի ընտանեկան կյանքի վրա։ Տների մեծ մասում գտնում ես միայն հնացած, գործից ընկած, ծերունի խաչագողներ։ Այդ հմուտ, փորձված վարպետները հայրենական արհեստի մեջ զարգացնում են իրենց կանդիտատներին փոքրիկ, նորընծա խաչագողներին։ Բոլոր երիտասարդները պանդխտության մեջ են գտնվում, նրանց կնիկները մնացել են առանց ամուսինների։

Սավրեցի կինը համբերող է, ողջախոհության պես համբերող է նա։ Նա սպասում է. երկար ու ձիգ տարիներ սպասում է։ Նա տանում է աղքատություն, միշտ հրապուրված այն քաղցր հուսով, թե մի օր իր տղամարդը կվերադառնա գանձերով։

Նա ընդունում է իր տղամարդին այն հպարտ պարծենկոտությամբ, որպես քուրդի կինը ընդունում է իր հերոսին, երբ նա վերադառնում է կովի դաշտից, իր հետ բերելով անբավավար և կողոպուտներ։

Սավրեցի կնոջ մի այսպիսի վիճակը փոխել է նրա ոչ միայն բնավորությունը, այլև նրա հասարակական դրությունը: Սավրեցի կինը ինքը տղամարդ է, երբ նրա ամուսինը տանը չէ։ նա Սալմաստա մյուս գյուղերի կնիկների նման փակված կյանք չէ վարում։ Նա ավելի աշխարհային մարդ է։ Նրա վրա է դրած բոլոր հոգսը, բոլոր ծանրությունը ընտանիքի, որովհետև տղամարդը տանը չէ։ Նա մինչև անգամ մասնակցում է իրանց գյուղային հասարակության բոլոր գործերի մեջ, որպես են՝ հարկերի բաշխումը, ջրի հերթով բաժանելը, վարը վարելը, ցանքը ցանելը, մի խոսքով, լցուցանում է գյուղական տնտեսության բոլոր պահանջները։ Երևակայեցեք մի այսպիսի կնոջ դրությունը, որը գերդաստանի մայր է, որը ապրում է Ասիայում, որի գործունեությունը ընտանեկան շրջանից դուրս կարող է հանդիպել հազար ու մեկ փորձանքների...

Սավրայի գերեզմանատունը մինչև անգամ զուրկ է տղամարդերից։ Նրանք մեծ մասամբ մեռնում են պանդխտության մեջ և թաղվում են օտար երկրների հողի տակ։ Սավրայի գերեզմանատան մեջ հանդիպում ենք անթիվ շիրիմներ, որոնց մեջ ամփոփված են ոչ թե այս և այն խաչագողի մարմինները, այլ նրանց գլխարկը, կամ ճանապարհի ցուպը, կամ հողաթափները, վերջապես մի բան, որ հեռավոր երկրներից բերել էր մեռած խաչագողի ընկերը, որպես միակ հիշատակ նրա սիրելի ամուսնին։ Կինը տոհմային գերեզմանատան մեջ թաղել է տալիս իր տղամարդի հիշատակի այն թանկագին նշանը, նրա անունով շիրիմ է կանգնեցնում։ Եվ ամեն տարի, երբ հանգուցյալների համար հոգեհանգիստ է կատարվում, անբախտ կինը օրհնել է տալիս այն գերեզմանը, խունկ է ծխում և նրա մոտ նստած արտասուք է թափում։ Ինձ ցույց տվեցին մի նշանավոր խաչագողի գերեզման, որի մեջ ամփոփված էր հանգուցյալի քթախոտի տուփը միայն, իսկ նա ինքը մեռել էր Ճապոնիայում։

Բայց պատահում էին զարմանալի դեպքեր։

Շատ անգամ, դեռ աոաջին մեղրամիսը չլրացած, տղամարդը թողնում էր իր նորահարսին և հեռանում էր դեպի օտար աշխարհ։ Խեղճ կինը սպասում էր նրան։ Անցնում էին տարիներ, տասն-քսան տարի, նա դեռ սպասում էր։ Վերջը լսում էր նրա մահվան բոթը, ստանում էր նրանից մի հիշատակ և թաղել էր տալիս տոհմային գերեզմանատան մեջ։ Բայց քիչ չէր պատահում, որ այսպիսի, արդեն մեռածների կարգը դասված պանդուխտը, մի քանի տասնյակ տարիներից հետո, հանկարծ հայտնվում էր, կարծես թե, անդունդից դուրս էր գալիս նա, մաշված, ալևորված և բոլորովին հնացած։ Բայց նա թողել էր իր ընտանիքը և իր հայրենիքը, երբ տակավին առողջ ու թարմ էր հասակով։ Նա գտնում էր իր ընտանիքը ցրիվ եկած, ամեն ինչ ոչնչացած... կինը ուրիշ մարդու գնացած և ուրիշ գերդաստանի մայր դարձած... իր թողած տան հետքն անգամ չէր մնացել... միայն գերեզմանատան մի քարի վրա կարդում էր նա իր անունը, իր մահվան արձանագրությունը...

Սավրա գյուղը ռուս-պարսկական 1826 թվի պատերտզմից առաջ համարյա մի փոքրիկ քաղաք էր, նա ուներ մի քանի հազար տուն բնակիչներ։ Բայց երբ պատերազմից հետո ավելի քան 40 հազար հայեր Պարսկաստանից գաղթեցին դեպի Ռուսաստան, նրանց հետ և Սավրայի հայերի մեծ մասը թողեցին իրանց հայրենիքը։ Անցնելով Երասխ գետի մյուս կողմը, սավրեցիք բաժանվեցան և հիմնեցին չորս գյուղեր։ Հին-Նախիջևանի գավառում Թումբուլ և Յարըմջան գյուղերը, Դար-Ալադաղի գավառում՝ Փոռ գյուղը, իսկ Շարուրի մեջ՝ Դաշ-Արխ գյուղը։

Փոխելով իրանց հայրենիքը՝ Պարսկաստանը, և զետեղվելով Երևանա նահանգում, խաչագողների գաղթականությունը չփոխեց իր հին արհեստը։ Կարճ ժամանակում նրանք տարածվեցան

Ռուսաց կայսրության ամենահեռավոր գավառներում, սկսեցին գործ դնել իրանց խաբեությունները։ Ռուսներն այղ ժամանակ դեռ նոր էին տիրել Երևանյան նահանգը։ Կառավաքությունը ուշադրություն դարձրեց իր նոր հյուրերի՝ խաչագողների վրա։ Արգելվեցավ նրանց անցաթուղթ տալ կամ բաց թողնել Անդրկովկասից դուրս դեպի Կայսրության այլ կողմերը։ Իսկ այդ կարգադրությունը չէր արգելում խաչագողներին զանազան խաբուսիկ միջոցներով կեղծ անցաթղթեր ձեռք բերել և գնալ, ուր որ ցանկանում էին։ Նրանք հայտնվում էին Ռուսաստանի ամենախուլ կողմերում, ըստ մեծի մասին հույն աբեղաների անունով, որպեսզի, ռուսների հետ կրոնակից ձևանալով, գրավեն նրանց համակրությունը։

Խաչագողները ոչ միայն իրանց վրա դարձրին կառավարության ուշադրությունը, այլ ռուսաց մամուլն անգամ մի ժամանակ զբաղվեցավ նրանցով։ Ն. Ֆ. Դուբրովինը, Անդրկովկասի հայտնի պատմագիրը, իր էտնոգրաֆիական նկարագրությունների մեջ հայերի վերաբերմամբ, խոսում է միևնույն ժամանակ խաչագողների մասին։ Պ. Պ. Մասլովսկին, Ե. Մելեշկոն և Զելինսկին իրանց գրվածքների մեջ նույնպես խոսում են խաչագողների վրա։

Առհասարակ ռուս գրողների կարծիքը խաչագողների մասին այն է, թե դրանք իսկական հայեր չեն, այլ, մի տեսակ հայ-ցիգաններ են (միջին դարերի race maudite-ների նման), նրանք թեև խոսում են հայերեն, բայց ունեն իրանց առանձին լեզուն և սովորությունները. թե ըստ մեծի մասին վաճառում են ամբողջ աշխարհում քրիստոնեական սրբություններ, թափառում են Ռուսաստանում հույն կրոնավորների անունով և պանդխտության մեջ միշտ խույս են տալիս իսկական հայերից, աշխատելով չհանդիպել նրանց, որպեսզի չճանաչվեն և այլն:

Թե խաչագողները հայ-ցիգաններ են և ոչ իսկական հայեր, դա մի ենթադրություն է. որ դեռևս ապացուցված չէ, որը տակավին վիճաբանության ենթակա է։ Ես այդ կարծիքի դեմ ոչ ի նպաստ և ոչ հակառակ ասելիք չունեմ։ Միայն այսքան ավելորդ չեմ համարում նկատել, որ բոլորովին սխալ է, թե խաչագողները առանձին լեզու ունեն։ Նրանք ունեն, որպես վերևում հիշեցի, մի տեսակ շինծու, հնարած, պայմանական լեզու, նրանք ունեն արգո։ Այդ է պատճառը, որ խաչագողների մի խմբի խոսակցությունը մյուս խմբին բոլորովին անհասկանալի է։ Եթե խաչագողը նույն լեզվով խոսե իր կնոջ, իր զավակների հետ, նրանք ևս ոչինչ չեն հասկանա։ Եվ այդ լեզուն յուրաքանչյուր խմբի մեջ շուտ-շուտ փոխվում է, երբ նա փոքրիշատե հասկանալի է դառնում։

Ով որ փոքրիշատե ուսումնասիրել է, թե ինչ է նշանակում «ծտի լեզու», «ճնճղուկի լեզու», «ագռավի լեզու», կարող է գաղափար կազմել, թե նույնիսկ հայկական բառերի մեջ ավելորդ հնչյուններ մտցնելով (իհարկե կանոնավոր կերպով) կարելի է այնպիսի լեզու ստեղծել, որ մյուս հայը չէ կարող հասկանալ, եթե բառերի կազմության պայմանների հետ ծանոթ չէ։ Այս տեսակ լեզվի գործածությունը մինչև այսօր սռվորական է մեր գավառացի հայերից շատերի մոտ։

Ես չեմ հերքում, որ մենք ունեցել ենք հայ-Բոշաներ և այժմ ունենք։ Բայց հայ-Բոշաների և խաչագողների թե սովորությունների և թե կենցաղավարության պայմանների մեջ մեծ տարբերություն կա։ Հայ-Բոշաները ասիական մյուս ցիգան (չինգանե) ցեղերի նման հաստատաբնակ չեն, թափառական կյանք են վարում, ընտանիքով, ամբողջ խմբերով գաղթում են մի տեղից մյուս տեղ, երկրագործությամբ չեն պարապում։ Հայ-Բոշաների կնիկները պարապում են կախարղություններով, պար են գալիս, երգում են, իսկ տղամարդիկը կամ նվագածուներ են, կամ պարապում են մի քանի ողորմելի արհեստներով, որպիսիք են՝ մաղ գործել, զամբյուղներ հյուսել և այլն։ Դրանք խարդախներ, խաբեբաներ չեն։ Դրանք աղքատ, բայց միևնույն ժամանակ խիստ սակավապետ մարդիկ են։ Հարստանալու բարձր ձգտումներ չունեն։ Դրանց տիպը կատարյալ բոշայական է և պահպանել են բոշաների կենցաղավարության ձևերը։ Որոնց ընդհակառակն, խաչագողը հաստատաբնակ է, նա իր ընտանիքը իր հետ ման չէ ածում, տղա մարդիկ թափառում են, բայց կնիկները իրանց տեղից չեն շարժվում։ Նա իր հայրենիքում գեղեցիկ տնտեսություն ունի, նրա տունը, պարտեզը, այգին, մշակության դաշտերը կարող են օրինակելի դառնալ ամենազարգացած երկրագործների համար։ Բայց երբ տանից դուրս է գալիս նա, այն ժամանակ միայն սկսում է աֆֆերաների մեջ մտնել։ Խաչագողը շատ անգամ ոչնչով սկսում է ահագին դրամական շրջաբերությունների մեջ դեր խաղալ։ Նա սակավով չէ բավականանում, նա սարսափելի անհագ ձգտումն ունի մեծանալու, բարձրանալու և հարստանալու։

Իսկ այդ անսանձ բաղձանքը ձգում է նրան խաբեբայությունների և խարդախությունների մեջ։ Խաչագողը և կառավարչական աստիճանների վրա, անվաստակելի եռանդով, աշխատում է միշտ դեպի վեր մագլցել։ Եղել են խաչագողներից այնպիսիներըէ որոնք անգլիացոց տիրապետությունից առաջ հնդկական թագավորների մոտ աոաջին վեզիրի պաշտոն էին կատարում կամ ամբողջ նահանգների փոխարքաներ էին։ Այդ բոլորը այն եզրակացության է հասցնում, որ խաչագողները եթե հայ-Բոշաներ չեն, իսկական հայեր ևս չեն։ Նրանք հայերի մի առանձին ցեղին են պատկանում։

Բայց ի՞նչ անուն է այդ խաչագո՜ղ: Ինչո՞վ ժառանգեցին նրանք այդ անունը։

Խաչագողները իրանց վարքուբարքով արժանացան մի քանի այլ անունների ևս, որպիսին են՝ «պառավ խեղդող», «էշ ներկող», «սավրգեղցի» և այլն։ Ավելորդ չէր լինի այդ անունների համառոտբացատրությունը հիշել։

«Խաչագող» ասում են նրանց այն պատճառով, որ շատանգամ պատահել է, որ նրանցից մեկը իրան ձևացրել է որպես աբեղա և այս ու այն եկեղեցում կամ վանքում հոգևոր պաշտոն է ստացել։ Հետո աբեղան, տաճարի բոլոր խաչերն ու արծաթեղենները գողանալով, հանկարծ՛ անհայտացել է։ «Պառավ խեղդող» կոչում են նրանց այն պատճառով, որ այդ մարդիկ շատ են սիրում մոտենալ հարուստ պառավներին, ծանոթանալ, բարեկամանալ նրանց հետ, իսկ երբ բոլորովին ընտանի են դառնում, մի օր խեղդում են պառավին և, բոլոր հարստությունը կողոպտելով, աներևութանում են։ «էշ ներկող» կոչում են նրանց իրանց չափազանց ճարպկության համար գողության գործի մեջ։ Խաչագողը կարող է գողանալ մեկի, օրինակ, մոխրագույն էշը, հետո ներկելով՝ գույնը սևի փոխել և իր առաջվա տիրոջ վրա վաճառել։ Տերը երբեք չէ կարող ճանաչել, թե այդ անասունը մի ժամանակ իրան էր պատկանում։ «Սավրգեղցի» կոչում են նրանց իրանց բնիկ գյուղի՝ Սավրայի անունով, որը գտնվում է Պարսկաստանի Սալմաստ գավառում։

Պարսկաստանի հայերի 1857 թվի գաղթականությունից հետո, թեև Սավրա գյուղի բնակիչների մեծ մասը, որպես ցույց տվի վերևում, տեղափոխվեցան դեպի Երևանյան նահանգը, բայց Սավրայի մեջ դարձյալ մնացին մի քանի հարյուր տուն խաչագողներ և մնում են մինչև այսօր։

Սալմաստում եղած ժամանակս ես հաճախ գնում էի խաչագողների գյուղը, իմ նպատակն էր ոչ միայն ուսումնասիրել այդ բախտախնդիրների կյանքը, այլ ինձ առավել հետաքրքրում էր մի երևելի խաչագողի պատմությունը, որին կոչում էին Մուրադ։ Ինձ ցույց տվին նրա տունը, ես մտա այն գեղեցիկ սենյակը, որի մեջ մի ժամանակ ապրում էր այդ նշանավոր մարդը, որ թողել էր իր արհեստակիցների հիշողության մեջ շատ և շատ զարմանալի պատմություններ։ Մուրադը վաղուց մեռած էր, ավելի ճիշտ կլիներ ասել սպանված էր, առանց ժառանգ թողնելու։ Ես գտա նրա կնոջը միայն, յոթանասունամյա պառավ Նանային։ Դա մի կին էր խիստ բարի երեսով և խելացի աչքերով։ Նա շատ դժվարությամբ հանձն առեց պատմել ինձ մի քանի դեպքեր իր ամուսնի կյանքից։ Բայց ինչ որ պատմեց, այն էլ բավական էր իմ հարցասիրությունը հագեցնելու համար։

Երբ ես փոքրինչ մտերմացա պառավի հետ, երբ նա հասկացավ իմ հարցասիրության նպատակը, ավելի համակիր եղավ դեպի ինձ։ Ես հարցրի՝ չէ՞ մնացել արդյոք հանգուցյալից որևէ գրավոր բան։ Նա վե՛ր կացավ և, մի հնադարյան պահարանից դուրս բերելո՛վ մի տետրակ, դողդոջուն ձեռքով տվեց ինձ։ Ավերակների մեջ թաքնված գանձ գտնողը այն քան ուրախ չէր լինի, որքան ուրախացա ես նույն րոպեում: Այդ, հնությունից դեղնած, քրքրված տետրակը Մուրադի օրագիրն էր։ Նա գրված էր զանազան ժամանակ, զանազան գույն մելաններով։ Մի քանի տեղերում պակասում էին ամբողջ երեսներ, մի քանի տեղերում ևս սկսված գլուխը մնացել էր առանց վերջացնելու։

Այսուամենայնիվ, տետրակը բովանդակում էր իր մեջ հետաքրքիր տեղեկություններ թե՛ հեղինակի և թե՛ առհասարակ խաչագողների վերաբերությամբ։

Նրա թերությունները լրացրեց պառավը իր պատմություններով։

Ես վաղուց դիտավորություն ունեի գրել մի բան խաչագողների կյանքից, և այղ բաղձանքը իրագործելու համար բավական էր ինձ օգուտ քաղել Մուրադի օրագրություններից։ Այդ օրագրությունը կոչվում էր «Խաչագողի հիշատակարան»։Ես էլ այդ անունը տվեցի իմ վեպին։ Բարեկամներիցս ոմանք խորհուրդ էհն տալիս ինձ չտպել այդ վեպը։ Բայց մինչև երբ. պիտի ծածկենք մեր կեղտերը։ Դա նույնը կլիներ, ինչպես մի հիվանդ ամաչելով թաքցներ այն վերքերը, որոնք օրըստօրե ավելի փտելով, նեխելով վարակում են մարմնի ամբողջ կազմվածքը...

Պառավը, որի մասին հիշեցի վերևում, բանաստեղծական տիպ չէ, դա միևնույն նանան է, որին կտեսնե ընթերցողը այս վեպի ընթացքում։ Նա մեռավ 1857 թվին, ապրելով որպես առաքինի կին և բարեպաշտ քրիստոնյա։ Իսկ Մուրադը, այդ վեպի հերոսը, նույնպես պատմական անձնավորություն է։ Նա վերջը, խաչագողների հասարակությունից հեռանալով, մտավ մի այլ խումբի մեջ, դարձավ անդամ մի այլ հասարակության , որի հետ կծանոթանա ընթերցողը, երբ լույս կտեսնի իմ «Կայծեր» կոչված աշխատությունը, որն այժմ մամուլի տակ է։

Վերջացնելով իմ նախաբանը, սկսում եմ «Խաչագողի հիշատակարանը», պահպանելով նույն ձևը և նույն դասավորությունը, որպես Մուրադը գրել էր իր օրագրությունները։

* * *

↑ Սալմաստը Պարսկաստանի Ատրապատական կոչված նահանգի գավառներից մեկն է։ Գտնվում է Ուրմիո ծովակի արևմտյան ափերի վրա։

↑ Նույն արգելքը մնում է մինչև այսօր։

↑ Այս տողերը գրելու ժամանակ ես ձեռքի տակ չուներ հիշյալ աշխատությունները, միայն օգուտ քաղեցի պ. Մ. Միանսարյանցի «Բիբլիոգրաֆիայի» Ա հատորի 222, 228 և 229 երեսներից։

↑ Րաֆֆին 1857 թվականի սկզբին եղել է Սավրայում, խաչագող Մուրադ Խուդավերդյանի տանը, ծանոթացել է նրա զառամյալ կնոջ հետ և տեղեկություններ է հավաքել Սավրայի խաչագողերի՝ Մուրադի ու նրա ընկերների կյանքի ու գործունեության վերաբերյալ։ Նանա (Նենե) կերպարի վիպական անունն է, նախատիպի իսկական անունը եղել է Կզլար (տես «Մուղսի Բարսեղ մահտեսի Ռոստոմյանի պատմածները Րաֆֆիի «Խաչագողի հիշատակարանի» հերոս Մուրադի մասին» (ձեռագիր գրառում), Գրականության և արվեստի թանգարան, Րաֆֆու ֆ., N. 49։

Be the first who will comment on this

Other parts of "Խաչագողի հիշատակարանը"

Yatuk Music
Lilac
Tigran Hamasyan

Lilac

Eastern motifs, 1886
Eastern motifs, 1886
Play Online