Raffi

Խաչագողի հիշատակարանը

4 - Ա

Ա

ԱՎԱԶԱԿԱՊԵՏԻ ՊԱՏՄՈԻԹՅՈԻՆԸ ԱՌԱՋԻՆ ԳԻՇԵՐ

Անցել էր երեք տարի այն օրից, որ ես աքսորվեցա։ Այժմ բավական ընտելացել էի դատապարտյալի տաժանական կյանքին, բավական տանելի էր դարձել ինձ ծանր աշխատությունը հանքերի մեջ, բավական սովորել էի այնտեղի կերակրին և կեցությանը խոնավ, մթին կացարանների մեջ։

Աշխարհից կտրված, կյանքի վայելչություններից զրկված դատապարտյալը իր շրջանի մեջ ոչինչ բավականություն չէ գտնում: Այստեղ ամեն մարդ ակամայից է գործում, որովհետև իր համար չէ գործում։ Ուր չկա շահ և շահերի միություն, շատ բնական է, որ այնտեղ չէ կարող կազմվել ընկերական կյանք, սեր և միաբանություն։ Եվ գուցե այդ է պատճառը, որ այն ահագին խառնիճաղանջ բազմության մեջ մարդ չէ կարող գտնել մի լավ բարեկամ, մի լավ ընկեր։

Միակ բանը, որ երբեմն մոտեցնում է այդ թշվառներին և կապում է միմյանց հետ, է նրանց վիճակի միանմանությունը։ Դժբախտության մեջ մարդը իր նման ընկեր է գտնում։ Ես գտա մի այսպիսի ընկեր, որի հետ բաժանում էինք մեր վշտերը։

Այդ երիտասարդը հենց առաջին անգամից գրավեց իմ ուշադրությունը, քանի դեռ նրա հետ ծանոթացած չէի։ Նա մի բարեկազմ տղամարդ էր, բարձրահասակ, որի երեսի փոքրինչ խոշոր գծագրությունը տալիս էր դեմքին խիստ այրական բնավորություն։

Ես շատ էի հետաքրքրվում, թե ի՞նչ հանցանքի համար աքսորված էր նա։ Բայց նա իր մասին ոչինչ չէր խոսում, և միշտ տխրությունը պատում էր նրա դեմքը, երբ խոսքը վերաբերում էր իր անձին։ Ինձ ասացին, թե նա եղել է մի նշանավոր ավազակապետ։ Հենց որ այդ իմացա, սկզբում իմ մեջ ծագեց սաստիկ հակակրություն դեպի այդ մարդը։ Ավազակը իր գործունեությամբ շատ չէ զանազանվում խաչագողներից։ Իսկ խաչագողներին ես ատում էի։ Բայց իմ հակակրությունը հետզհետե անհետացավ, երբ ավելի մոտ ծանոթացա նրա հետ։

Ավազակապետը բնիկ պարսկաստանցի էր, Ատրպատականի կողմերից։ Հայրենակցությունը առաջին բարեկամական կապը եղավ իմ և նրա մեջ։ Բայց երբ իմացա, որ նա ազգով հայ էր, բոլորովին կապվեցա նրա հետ։

Մի գիշեր, երբ երկար թախանձեցի նրան, հոժարացավ հաղորդել ինձ իր կյանքի պատմությունը։ նա սկսեց այսպես.

«Ինձ կոչում են Ջալլադ. դա իմ իսկական անունը չէ. դա իմ մականունն է, որ նշանակում է դահիճ։ Այդ մականունը ստացա ես ոչ թե նրա համար, որ դահճի պաշտոն եմ կատարել, այլ նրա համար, որ շատ արյուն եմ թափել, բայց ոչ անմեղ արյուն... Իմ հայրը Ղարաբաղ գավառի հայ մելիքի տնտեսն էր: Մելիքը չափազանց հավատարմություն ուներ դեպի նա և համարյա իր տնտեսական բոլոր գործերը հանձնել էր նրան։ Մելիքը, միշտ պարսից խաների հետ կյանք վարելով, ընդունել էր նրանց շատ սովորությունները։ նրա ընտանեկան կյանքը, բարքը, վարքը կատարյալ պարսկական էր, պակաս էր, հարեմը միայն, պակաս էին սևամորթ ստրուկներ և ներքինի ծառաներ, որ նրա տունը մահմեդական ընտանիքի ճիշտ կերպարանքը ստանար։

Շատ անգամ պատահում էր, որ հայրս մի որևիցե բան էր գնում մելիքի տան համար և տալիս էր ինձ տանել այնտեղ։ Ես ավելի ուրախությամբ էի կատարում հորս պատվերը, երբ մի բան պետք էր տանել մելիքի կանանոցը։ Ամեն անգամ, այնտեղ մտնելու ժամանակ, մելիքի աղջիկները, աղախինները շրջապատում էին ինձ, «ի՞նչ ես բերել», հարցնում էին և, ամեն կողմից վրա պրծնելով, սկսում էին խլխլել իմ տարած փարչաները։ Իսկ երբ իմ տարած բաները աղջիկներին չէին պատկանում, նրանք հանաքներ էին անում, ծիծաղում էին իմ վրա, ջիգրացնում էին ինձ, իսկ ես, ամոթից քրտնած, կարմրած, հեռանում էի նրանցից։ Ես թեև արդեն հասակ առած պատանի էի, բայց ինձանից չէին քաշվում, ինձ վրա նայում էին որպես տան տղայի վրա։

Մելիքը, մահմեդականների սովորությանը հետևելով, ուներ մի քանի կնիկներ։ Նրա առաջին կնիկը մեռած էր, որից մնացել էր մի աղջիկ միայն, որին կոչում էին Սանամ։ Խորթ մայրերը, որպես սովորաբար լինում է, վատ էին վարվում Սանամի հետ և շատ բաներում խտրություն էին դնում նրա և իրանց զավակների մեջ։ Սանամը զրկված էր մայրական սերից, զրկված էր առհասարակ ընտանեկան քաղցրությունից։ Ես շատ անգամ հանդիպում էի նրան արտասուքը աչքերում, բայց նա ինձ ոչինչ չէր ասում, նա վաղուց սովորել էր իր վշտերը թաքցնել իր սրտում։ Հայրը, զբաղված լինելով իր գործերով, նրա վրա ուշադրություն չէր դարձնում։ Պատահում էր, երբ աղջիկների հագուստի համար զանազան թանկագին ճոթեր էի տանում, երբ Սանամը բաժին չէր ստանում, նա իսկույն լռությամբ հեռանում էր, առանձնանում էր մի տեղ և անձնատուր էր լինում խորին տխրության։

Այսպիսի դեպքերը, որ պատահում էին ոչ սակավ անգամ, վիրավորում էին Սանամի սիրտը. նա վշտանում էր ոչ թե այն պատճառով, որ նա զրկվում էր այն զվարճություններից, որ վայելում էին նրա մյուս քույրերը, ո՛չ, Սանամը այդ մասին շատ հպարտ էր, այլ նա վիրավորվում էր գլխավորապես նրա համար, որ խտրություն էին դնում նրա և մյուսների մեջ և անդադար հիշեցնում էին, թե՝ «դու անբախտ ես, որովհետե, մայր չունես»։

Այդ հանգամանքները ծնեցին իմ մեջ մի ջերմ կարեկցություն դեպի դժբախտ աղջկա վիճակը։

Անցան տարիներ, Սանամն արդեն հասունացած օրիորդ էր դարձել, իսկ ես նորահաս երիտասարդ էի։ Այդ հասակում մարդիկ ամեն բան հասկանում են։

Մի անգամ, երբ մոտենում էր զատկի տոնը, մելիքի աղջիկները կարել էին տալիս իրանց համար նոր հագուստներ։ Սանամի համար նույնպես ձևել էին տվել, բայց նա ամենևին չէր շտապում, որ շուտով կարվեն և զատկվա համար պատրաստ լինեն։ Ես հարցրի պատճառը, նա պատասխանեց.

Ի՞նչ կանեմ կարմիր շապիկը, երբ սիրտս միշտ սև ու սև է հագած...

Նա այլևս չխոսեց և հեռացավ։

Ես նկատեցի, որ Սանամը այժմ չէր տանջվում այն ցավով, որ երեխայության ժամանակ շատ անգամ արտասուք էին թորեցնում նրա աչքերից։ Այժմ նրա տանջանքը բոլորովին հոգեկան էր...

Սանամը մի առանձին մտերմություն չուներ դեպի ինձ. նա նայում էր ինձ վրա որպես իր հոր տանը մեծացած սպասավորի վրա։ Որքան էլ ճնշված լիներ նրա դրությունը, այսուամենայնիվ, նա մելիքի աղջիկ էր, իսկ ես՝ նրա հոր մոտ ծառայողի որդին։ Ես շատ էի աշխատում շոշափել նրա սրտի խորքերը, բայց նա այնքան ծածկամիտ էր, որ երբեք իր սիրտը չէր բաց անում ինձ մոտ։ Նա միայն համարում էր ինձ մի երիտասարդ, որ իր բոլոր շրջապատողներից ավելի համակրություն ուներ դեպի նա, և որին պատահած ժամանակ կարող էր հավատալ և ասել նրան մի քանի խոսքեր։

Մի անգամ գտա նրան սարսափելի խռովության մեջ. կարծես թե սպանված լիներ հուսահատությունից։ Նա դարձավ դեպի ինձ այդ խոսքերով.

Աղաչում եմ քեզ, գնի՛ր ինձ համար մի կտոր աֆիոն, դա կլինի իմ աոաջին և վերջին խնդիրը քեզանից։

Իսկույն հասկացա նրա միտքը։

Ի՞նչ կա, ի՞նչ է պատահել, հարցրի ես ոչ սակավ զարհուրելով։

Նա ուշադրություն չդարձրեց իմ հարցերի վրա և կրկնեց իր խնդիրը ավելի հրամայական ձայնով.

Քո գիտենալու բան չէ... գնա՛, գնի՛ր, ինչ որ ասում են քեզ... հենց այսօր, հենց այս րոպեիս... գնա՛, մի ուշացի՛ր...

Ես դուրս եկա Սանամի սենյակից, նրան այն հույսի մեջ թողնելով, թե կկատարեմ նրա խնդիրքը։ Բակում ինձ հանդիպեց մելիքի վաղեմի ձիապանը, մի ծերունի, որ ծառայում էր այդ տան մեջ նրա հոր ժամանակներից։ Ծերունին, չլսելով, որ ես կանչեցի նրան, շարունակեց իր դանդաղ քայլերը և մտավ ախոռատունը։ Ես հետևեցի նրան, պատմեցի, թե ինչ դրության մեջ գտա Սանամին։

Ամեն բան տակնուվրա եղավ... ասաց նա ինքն իրան խոսելով, էլ ի՞նչ մնաց... ամեն բան կորավ... մնացել էր մեր սուրբ հավատը, այն էլ կորավ...

Ի՞նչ է պատահել, հարցրի ես, ոչինչ չհասկանալով նրա մթին խոսքերից։

Ի՞նչ է պատահել, կրկնեց նա գլուխը շարժելով, բայց այդ միջոցին ոսկեգույն նժույգներից մեկը, տեսնելով իր ծերունի խնամատարին, սկսեց ուրախությամբ խրխնջալ և առջևի սմբակները հատակին զարկել։ Նա դարձավ դեպի նժույգը, ասելով. «Սարի, խելոք կաց»։ Սարին փոքր-ինչ հանգստացավ, և նա կրկին դիմեց ինձ՝ դարձյալ նժույգի վրա խոսելով.

Հինգ տարուց ավելի է, որ աշխատում եմ այդ անզգամին խելքի բերել, բայց դա հենց էն գիժն է ու էն գիժը։

Ծերունի Թունին սաստիկ սիրում էր իր ձիաների մեջ կարգ պահպանել և մանավանդ ներել չէր կարող, երբ նրանք, մի այլ մարդու ներկայությամբ, չէին հետևում համեստության կանոնների։ Նա պատրաստվում էր ավելի երկար բացատրություններ տալ իր կարգապահության մասին, բայց իմ համբերությունը հատավ, ես կրկին հարցրի,

Դու այն ասա՛, ի՞նչ է պատահել»

Էլ ի՞նչ լինի... ամեն բան փչացավ... ամեն բան ծուռն է գնում...

Նժույգը դարձյալ ընդհատեց նրա խոսքը։ «Սարի, սատանայի ծնունդ, քեզ եմ ասում, խելոք կաց»։

Նա, մոռանալով իմ հարցմունքը, մոտեցավ Սարիին, սկըսեց հայրաբար փայփայել նրա գեղեցիկ բաշը և նորից խրատներ կարդալ» Նժույգը լսեց նրա խրատները, հանգստացավ, իսկ ծերունին եկավ, կրկին նստեց իմ մոտ։

Անցա՜ն, գնացին հին ժամանակները, խոսեց նա խորին կերպով հոգվոց հանելով. լինում էր, շատ անգամ հանգուցյալ մելիքը մտնում էր այստեղ, ձիաները մեկը մյուսի կողքին շարված էին հիսունի չափ, չաղ, սիրուն, կասես թե ամեն մեկը մի ռաշխ լիներ։ Հանգուցյալի սիրտը փառավորվում էր, ձեռքով զարկում էր իմ քամակին, «Շա՜տ ապրես, ասում էր, Թունի, ձիաները լավ ես պահել»... ու այն րոպեում հանում էր իր հագիցը կաբան, ինձ խալաթ էր տալիս։ Բայց հիմա… ոչ այն մելիքը կա և ոչ այն ձիաները... Բոլորը պստիկ մելիքը ընծայեց պարսիկ խաներին... Բայց առա՞ջ... պարսիկ խաներն էին մեզ ձիաներ փեշքաշ անում, որ հանգուցյալ մելիքը նրանց հոգին չհաներ... տերևի նման դողդողում էին, երբ նրա շվաքն էին տեսնում։

Մելիքների տան վաղեմի փառքի հիշատակը և նրա թուլանալը ներկա մելիքի օրերում այն աստիճան ցավերով լըցրին բարեսիրտ ծերունու սիրտը, որ նա, կարծես, բոլորովին չէր նկատում իմ ներկայությունը և իսպառ մոռացավ այն հարցը, որով ես մի քանի անգամ դիմեցի նրան» Ես դարձյալ հարցրի.

Ես այդ բոլորը գիտեմ, դու այն ասա՛, ի՞նչ է պատահել Սանամի հետ։

Նա դարձյալ ինձ համբերությունից հանեց իր երկարաբանությամբ։

Խե՜ղճ աղջիկ, երանի՜ թե բնավ ծնված չլինեիր... երանի քո մորը, որ շուտ մեռավ և աչքերով չտեսավ այդ նախատինքը... Բայց ալևոր Թունին մեղավոր էր, նա մնաց, չմեռավ և չտեսած բաներ տեսավ... Մի այդպիսի բան կարո՞ղ էր պատահել հանգուցյալ մելիքի օրերում։ Նրա ժամանակում աստուծո բարությունով լցված էր մեր երկիրը, գայլն ու գառը միասին էին ապրում, մարդիկ խաղաղությամբ ցանում էին, հնձում էին, ուտում էին, ուրախանում էին... Բայց հիմա՞, հիմա մարդ ոչ իր գլխի տերն է և ոչ իր ապրանքի տերն է... ամեն բան փչացավ... ոչ կարգ կա, ոչ կանոն... ամեն մարդ իր սրտի ուզածն է անում... Իսկ մեր մելիքը իր քեֆերից չի արթնանում։ Բայց այդ վերջինը... նրա այդ վերջին արարմունքը... ա՜խ, աստված, այդ ի՞նչ բան է։

Ի՞նչ արարմունք, գոչեցի ես բարկությամբ, դե,՛ ասա՛, ի՞նչ ես սիրտս տրաքեցնում:

Ի՜նչ արարմունք... դու դեռ չե՞ս լսել, Հարցրեց նա զարմանալով։

Ես ոչինչ չեմ լսել։

Մեր մելիքը (ա՜խ, տեր աստված, նրան մեքիչ խելք տուր), հա՛, մեր մելիքը ամեն բան ոտքի տակ տվեց, ամեն բան տակնուվրա արեց։ Խաները նրա հորից տերևի նման դողում էին, երբ գալիս էին նրա սալամին, ժամերով կանգնում էին դռանը, մինչև հրաման չէին ստանում, չէին համարձակվում ներս մտնել։ Բայց թուլասիրտ որդին հիմա խաների ոտքերն է լիզում, խոնարհվում է նրանց առջև։ Այդ բավական չէ՛, իր հարազատ աղջիկը նրանց կնության է տալիս... մի լույս հոգի է կորցնում։

Սանամի՞ն է տալիս, Հարցրի ես սարսափելով։

Սանամին, ապա ո՞ւմը, պատասխանեց նա, իր մարած աչքերից արտասուքը սրբելով։

Ես հասկացա դժբախտ աղջկա խռովության պատճառը և իսկույն դուրս եկա ախոռատնից։ Արևը արդեն մայր մտնելու մոտ էր։ Ես սպասում էի, մինչև բոլորովին մթնի, որ հարմար ժամանակ գտնեմ Սանամի հետ տեսնվելու։

Բայց, մինչև մեր տեսնվելը, հարկավոր է ձեզ տեղեկացնել, որ այ՛ն ժամանակ Ղարադաղի գավառում կային հայոց երկու նշանավոր մելիքներ, մեկը մեր մելիքն էր, իսկ մյուսը, նույնպես հին տոհմից, ավելի զորավոր էր, քան թե մերը։ Ղարադաղի հայերի իշխանությունը բաժանված էր այդ երկուսի մեջ։ Երկուսն էլ անմիաբան, հակառակ միմյանց, միշտ աշխատում էին ստորացնել միմյանց, վնասել միմյանց, և այդ պատճառով ներքին երկպառակտությունը երկրից անպակաս էր լինո՛ւմ։ Պարսիկ խաները, օգուտ քաղելով դրանց թշնամությունից, ավելի բորբոքում էին կռիվը։ Եվ այդ, իհարկե, ավելի ձեռնտու էր նրանց, երբ հայոց գլխավորները չէին կարող միանալ, որ ընդհանուր ուժերով պատերազմեին երկրի արտաքին թշնամու դեմ։

Վերջին ժամանակներում մեր մելիքը մտածում էր բոլորովին ոչնչացնել իր հակառակորդին և, այդ նպատակին հասնելու համար, աշխատում է դեպի ինքը գրավել Քուրդաշտի խանին, խոստանալով որպես բարեկամության առհավատչյա գեղեցիկ Սանամին նրան կնության տալ։

Մի այնպիսի մարդ, որպես մեր մելիքն էր, պատրաստ էր իր փառասիրության համար զոհել ամեն ինչ։ Նա նայում էր իր աղջկա վրա որպես իր նժույգներից մեկի վրա, որ շատ անգամ ընծայում էր այս և այն խանին, նրանց բարեկամությունը գրավելու համար։

Պարզ, մաքուր, անարատ մնացած ժողովրդի կրոնական զգացմունքը վիրավորվում էր, տեսնելով, որ իր մելիքը մահմեդական սովորություններին է հետևում, բայց նրա խուլ բողոքը լսելի չէր լինում։

Դուք մի փոքր տեղեկություն ստացաք մեր երկրի այն ժամանակվա դրության մասին, շարունակեց ավազակապետը, հիմա դառնանք դեպի օրիորդ Սանամը։

Ախոռատան բակից մի փոքրիկ դուռ տանում էր դեպի պարտեզը, որ կպած էր մելիքի ամրոցին։ Սանամը սովորություն ուներ երեկոյան պահուն պարտեզում պտտելու։ Ես մտա այնտեղ, հուսալով, թե կգտնեմ նրան։ Երկար անհանգիստ կերպով թափառում էի, բայց ոչ ոքին չտեսա։ Արևը մտավ, մութը սկսեց հետզհետե թանձրանալ։ Ես մտա ամրոցը այն դռնով, որ ուղղակի տանում էր դեպի Սանամի սենյակը։ Նախասենյակում ճրագ չկար։ Մոտեցա նրա կացարանի դռանը, ներսից լսվում էր մի այսպիսի սոսկալի խոսակցություն.

Լո՛ւռ կաց, անզգամ... ի՞նչպես ես համարձակվում... քեզ մորթել կտամ... ինչ որ ասում եմ, պետք է հնազանդվես։

Այդ նրա հոր ձայնն էր։

Հողեմ քո սարսաղ գլուխը... էլ ի՞նչ ես ուզում... կգնաս խանի տանը խանում կդառնաս... միշտ ղառ ու ղումաշ կհագնես։

Այդ նրա խորթ մոր ձայնն էր։

Թե որ սպանեք, թե որ կտրատեք ինձ, էլի այն կասեմ պարսիկի կին չեմ դառնա, հոգիս չեմ կորցնի...

Այդ Սանամի պատասխանն էր։

Ես հետ քաշվեցա, մի անկյունում կծկվեցա, երբ լսեցի մելիքի քայլերի ձայնը։ Նա իր կնոջ հետ դուրս եկավ, անցավ իմ մոտից, բայց մութի մեջ չկարողացավ նկատել ինձ։ Ես լսեցի հետևյալ խոսակցությունը։

Ա՛յ մարդ, ասաց կինը, դու ինչո՞ւ ես մտիկ անում այն քածի ասածներին, ինչ որ ուզում է, թող անե. դու խանին խոսք ես տվել, խո չե՞ս կարող խոսքիցդ ետ կանգնել։

Ես նրա լաց ու սուգին մտիկ չեմ տա, պատասխանեց մելիքը, ես տղամարդ եմ, իմ թքածը չեմ լիզի:

Սանամի վիճակը արդեն վճռված էր։ Այր ու կին համաձայն էին։ Դժբախտ օրիորդի ընդդիմադրությունը կմնար ապարդյուն, եթե մեկը նրան օգնության չհասներ։

Մինչ ես այն մտածության մեջ էի, թե ի՞նչ ելք պետք է գտնել, նախասենյակ մտավ օրիորդի դայակը, ճրագը ձեռին։ Պառավը, տեսնելով ինձ, կանգնեց։

Ախար այդ լավ բան չէ, Ասաց նա ցավալի ձայնով, Ախար այդ ընդդեմ է մեր տան աստծուն... ո՞վ է տեսել մի այդպիսի բան... ա՜խ, այդ ի՞նչ են ուզում անել, սուրբ աստվածածին... Քանի՜ Քանի՜ տարիներ կուրծքիս վրա պահել, մեծացրել եմ նրան... իմ աչքի լույսի պես պահել եմ... հիմա ուզում են տալ անօրենին... ուզում են հոգին, հավատը կորցնել։

Պառավը նկատեց, որ ես համբերություն չունեմ նրան լսելու, հարցրեց.

Ո՞ւր ես գնում։

Սանամի մոտ։

Նա էլ էր ցանկանում մտնել օրիորդի մոտ, բայց երբ տեսավ, որ ես այնտեղ եմ գնում, չկամեցավ խանգարել մեր տեսությունը, ետ դարձավ, ասելով.

Գնա, մի՛ ուշացիր, նա քեզանից խոսք կլսե, ասա՛, թող ականջ չդնե հորն ու մոր խոսքին, ասա, թող չկորցնե լույս հավատն ու հոգին։

Ես, հակառակ իմ սպասածին, գտա Սանամին բավական խաղաղ դրության մեջ։ Բոցավառված աչքերի կրակը, որ տեսել էի այն օր առավոտյան, կարծես թե հանգել էր, միայն գունաթափ դեմքի վրա երևում էին խորին հուսահատության նշաններ։

Բերեցի՞ր, Հարցրեց նա անհամբերությամբ։

Ի՞նչը, Հարցրի ես։

Այն, որ առավոտյան խնդրեցի քեզանից։

Այն, որ դու պահանջեցիր, այլևս պետք չի լինի, Պատասխանեցի ես։

Նա երեսը շուռ տվեց, ասելով,

Լավ, հեռացիր, էլ չեմ ուզում... Ես անշարժ մնացի։ Նա շարունակեց,

Ի՞նչ մարդիկ են... չեն օգնում գոնե մեռնել ինձ... Նա կրկին նայեց ինձ վրա և, տեսնելով, որ դեռ կանգնած եմ, ասաց փոքր-ինչ հրամայական ձայնով,

Խնդրում եմ ինձ մենակ թողնել։

Ինձ հայտնի էր օրիորդի հաստատամտությունը, ես չհեռացա, ես գիտեի, թեև ես աֆիոն չգնեցի նրա համար, բայց իմ հեռանալուց հետո նա մի այլ միջոցով անձնասպանություն կգործեր։ Ես մոտեցա, ասելով,

Թեև աֆիոն չգնեցի, բայց բերել եմ ձեզ համար մի այլ դարման...

Ի՞նչ դարման, Հարցրեց նա հանգստանալով։

Ես ձեզ պետք է ազատեմ...

Շնորհակալ եմ, պատասխանեց նա արհամարհական եղանակով. դու ինձ կազատեիր, եթե կբերեիր իմ խնդրածը...

Ես ցանկանում եմ, որ դուք կենդանի մնաք և միևնույն ժամանակ ազատված լինեք։

Դա անկարելի բան է... ես ճանաչում եմ իմ հորն ու մորը...

Կարելի է, եթե դու կընդունեք իմ առաջարկությունը...

Ի՞նչ եք ուզում ասել։

Փախչենք, հեռանանք այստեղից, եթե ոչ, առավոտյան ձեզ բռնությամբ խանի ամրոցը կուղարկեն։ Ամեն ինչ պատրաստված է ձեզ ճանապարհ դնելու համար։ Փախչենք, քանի որ դեռ ժամանակը կորած չէ։ Հենց այս գիշեր ես կտանեմ ձեզ մի ապահով տեղ, ուր ոչ ոք չէ կարող գտնել ձեզ։

Մի քանի վայրկյան մտածելուց հետո պատասխանեց նա,

Ոչ։ Թող ես մեռնեմ, այդ ավելի լավ է... Նա վախենում էր հասարակաց կարծիքից, հիմար ամբոխի դատապարտությունից։ Մարդիկ կծաղրեին նրան, ասելով, թե փախավ իր հոր սպասավորի հետ։ Ես չոքեցի նրա առջև, աղաչելով.

Սանամ, այս տան մեջ ես եմ եղել ձեր ամենահավատարիմ սպասավորը, նույնպես և կմնամ այսուհետև։ Մենք համարյա թե միասին ենք մեծացել, և ձեզ պետք է հայտնի լինի, թե ո՜ր աստիճան հարգում եմ ձեզ։ Ապավինեցեք ձեր ծառայի օգնության վրա, որ հանձն է առել ամեն ինչ ձեր կյանքը և պատիվը պաշտպանելու համար։

Երկար ես բաց չէի թողնում նրա ձեռքը, մինչև պատասխան չստանամ, երկար իմ արտասուքով լի աչքերը հառած էին դեպի նրա գունաթափ դեմքը։ Նա տարուբերվում էր սարսափելի անվճռականության մեջ։ Նա այնքան կամքի զորություն չուներ, որ մաքառեր ընդունված նախապաշարմունքների դեմ։ Ես սկսեցի ավելի ու ավելի թախանձել նրան, մինչև լսեցի նրա բերանից այդ ուրախալի խոսքը,

Համաձայն եմ...

Ես կանգնեցի, ասելով,

Գնում եմ պատրաստելու ինչ որ պետք է մեզ ճանապարհի համար։ Դուք պարտեզում կսպասեք ինձ։

Իմ ուրախությանը չափ չկար: Օրիորդի սենյակից դուրս գալը և ծերունի Թունիի մոտ մտնելը մի քանի րոպեի գործ եղավ։ Ձիապանը դեռ քնած չէր։ Ես գտա նրան խորին տխրության մեջ, երևի նա էլ Սանամի վրա էր մտածում։ Բոլորովին վստահ լինելով ծերունու բարեսրտության վրա, հայտնեցի նրան իմ դիտավորությունը։ Նրա խորշոմած դեմքի վրա երևաց ուրախության նման մի բան, և ինձ գրկելով ասաց.

Օրհնյա՜լ լինիս, աստված զորացնե քեզ։ Եթե չլիներ Թունին վաթսուն տարեկան, նա ինքը կաներ այդ բանը, նա չէր թող տա, որ մեր Լուսավորիչ հոր գառը գայլերին տային։ Բայց Թունիի մեջ այժմ առաջվա ուժը չէ մնացել։ Կար ժամանակ, որ ալևոր Թունին էլ մի տղամարդ էր, տասն, քսան պարսիկին մարդ չէր ասի... Գնա՜ց էն ժամանակը։ Բայց դու դեռ ջահիլ իս. քեզանում արյունը դեռ եփ է գալիս. դու կարող ես շատ բան անել...

Ես ընդհատեցի նրան, ասելով.

Դե , շուտ, Թունի ապեր, երկար խոսելու ժամանակ չէ. պետք է թամքել ձիաներից երկուսը։

Հա՛, պետք է թամքել, իհարկե, պետք է թամքել երկու ամենալավը մեր ձիաներից։ Թող առավոտյան մելիքը ջարդել տա Թունիի ալևոր գլուխը, այդ ոչինչ, միայն թե նա ազատված լինի... Թող ազատվի իմ հրեշտակը, նա իր հանգուցյալ մոր կտորն է, նրա նման բարի է... աստված հանգիստ արքայություն պարգևե նրան։ Հանգուցյալի պես կնիկ չկար մեր երկրւմ, այնպիսի լավ սիրտ ուներ, որ ճանճին էլ չէր նեղացնի։ Շատ անգամ մտնում էր նա աղքատ Թունիի խրճիթը և, երբ նրա երեխաներից մեկին մերկ էր տեսնում, հագցնում էր, երբ մեկին հիվանդ էր տեսնում, օգնում էր։ Ոչ մի օր դատարկ ձեռքով նա իմ շեմքի վրա ոտք չէր կոխում, ամեն անգամ մի բան կբերեր իմ երեխաների համար, կասեր. «Թունի, դու կին չունես, ես պետք է պահպանեմ նրանց...» Այդ բոլորը ալևոր Թունին չի մոռանա... թեկուզ մեռնի, թեկուզ նրա գերեզմանի վրա խոտեր բուսնեն, դարձյալ չի մոռանա...

Մինչ ծերունին կվերջացներ իր հին հիշողությունները, ես ձիաներից երկուսը թամքեցի։ Հետո նշանակեցի մի տեղ, խնդրելով նրան, որ ձիաները տանե այնտեղ և սպասն մեզ։ Իսկ ես վազեցի դեպի մեր տունը, որ զենքերս վեր առնեմ։ Գիշերը խիստ մութն էր։ Մարդիկ քնած էին։ Փողոցներում ոչ ոք չէր երևում։

Վերադառնալով մեր տնից, մտա պարտեզը, ուղիղ դիմեցի դեպի այն կողմը, ուր պատվիրել էի օրիորդին սպասել ինձ։ Ես գտա նրան իր ծառայի հագուստով։ Հազիվ կարելի էր ճանաչել նրան, եթե չասեր նա. «Այդ ես եմ»։

Մելիքի ամրոցի մեջ տիրում էր խորին լռություն։ Լուսամուտներից ոչ մի ճրագ չէր երևում։ Բոլորովին աննկատելի կերպով դուրս եկանք պարտեզից և սկսեցինք դիմել դեպի այն կողմը, ուր Թունին իր ձիաներով սպասում էր մեզ։ Օրիորդը շնորհակալությամբ համբուրեց ծերունու աջը և առեց նրա օրհնությունը։ Ես օգնեցի նրան նստել ձին։ Մենք հեռացանք։

Ամեն ինչ խաղաղ հանգստության մեջ էր։ Ոչ մի շնչավոր արարած չէր երևում։ Ես ետ նայեցի, ծերունին դեռ անշարժ կանգնած էր իր տեղում և, որպես մարմնացած բարեսրտություն, ձեռքերը բարձրացրել էր դեպի երկինք, մեզ համար հաջողություն էր բարեմաղթում»:

Be the first who will comment on this

Other parts of "Խաչագողի հիշատակարանը"

Yatuk Music
Serenade
Ghazaros Saryan

Serenade

Eastern motifs, 1886
Eastern motifs, 1886
Play Online