Raffi

Խաչագողի հիշատակարանը

4 - Ե

ՀԻՆԳԵՐՈՐԴ ԳԻՇԵՐ

«Սանամի տկարությունը ստիպեց մեզ երկար մնալ մեր հյուրընկալի տաղավարում, շարունակեց ավազակապետը իր ընդհատված պատմությունը։

Օրիորդի լարված ուժերը հետզհետե թուլացան, և նա վերջապես չկարողացավ տանել այն բոլոր տանջանքները, որ կրել էր իր հոր տնից բաժանվելուց հետո։ Երասխ գետի մեջ պատահած սարսափելի անցքից հետո նա արդեն իրան ոչ բոլորովին առողջ էր զգում։ Բայց նա թաքցնում էր ինձանից իր դրությունը, մինչև հիվանդությունը խիստ ծանր կերպարանք ստացավ։ Հիվանդի համար որոշել էին մի առանձին տաղավար, և ոչ ոք չէր խանգարում նրա հանգստությունը։ Բժիշկ չկար, նրան թողել էինք բնության կամքին։ Միայն երբեմն նրա մոտ մտնում էին զանազան պառավներ, ի՞նչ դեղ ու դարմաններ էին անում, ոչ իրանք էին հասկանում և ոչ՝ ես։ Ես նրա մահճի մոտից չէի հեռանում, ամբողջ գիշերը անքուն նստած՝ լսում էի նրա խուլ հառաչանքները, ականջ էի դնում նրա ծանր շնչառությունը, իսկ ցերեկով նայում էի նրա գունաթափ դեմքին։ Մի առավոտ նստած էի նրա մոտ և լի տխուր մտածություններով նայում էի նրա վրա։ Այդ միջոցին քնած էր նա, և, ավելի ճիշտ ասած, գտնվում էր մի այնպիսի ինքնամոռացության մեջ, որ չէր զգում իմ ներկայությունը։ Այն զվարթ դեմքը, որ մի ժամանակ իր կանացի քնքշության հետ արտահայտում էր այրական վեհություն, այժմ թառամած էր, այժմ չուներ առաջվա կենդանությունը։ Այն խորախորհուրդ աչքերը, որոնց մթության մեջ մի ժամանակ այնքան կյանք, այնքան գորով և այնքան հոգեկան ջերմ զգացմունքներ կային, այժմ այդ աչքերը չունեին առաջվա կրակը։ Այն ողջախոհական շրթունքները, որոնցից լսել էի այնքան քաղցր, այնքան բարեկամական խոսքեր, որոնք միշտ մխիթարել և խրախուսել էին ինձ, այժմ այդ շրթունքները թրթռում էին տենդային ցնցումներով և իմ մեջ ազդում էին սոսկում ու զարհուրանք միայն։ Հուսահատական խառն մտածություններ տանջում էին ինձ։ Ի՞նչ կլինի մեր վերջը, եթե երկար կտևե նրա հիվանդությունը, ասում էի ես։ Եթե նա առողջ լիներ, նա այնքան ուժ և տոկունություն ուներ, որ ամեն տեղ կարող էր գալ ինձ հետ, և ես ամեն տեղ կարող էի տանել նրան։ Կգնայինք, կհեռանայինք մի անծանոթ աշխարհ, և ոչ ոք չէր գտնի մեզ։ Բայց ի՞նչ կարելի էր անել հիվանդի հետ, ո՞ւր տանել նրան, ո՞րտեղ թաքցնեի այդ մտքերը սաստիկ խռովեցնում էին ինձ։ Մենք դեռ պարսից սահմանից շատ չէինք հեռացել, մենք դեռ բավական մոտ էինք գտնվում այն երկրին, որտեղ բնակվում էր նրա հայրը։ Իսկ այդ անգութ հոր սատանայական հետախուզություններից անհայտ մնալը հեշտ բան չէր։ Անկարելի էր, որ նա ստուգած չլիներ, թե մենք ո՛ր կողմը կամ ո՜ւր էինք գնացել։ Օրիորդը ընդհատեց իմ մտածությունները։ Նա այժմ զառանցության մեջ արտասանում էր զանազան անկապ խոսքեր։ Մի քանի անգամ պարզ լսեցի իմ անունը։ Նա խոսում էր ինձ հետ, երազների և ցնորքների աշխարհում խոսում էր ինձ հետ։ Քնած դրության մեջ մարդը գաղտնիք պահել չէ կարող, որովհետև աշխարհի պայմանները զգուշության մեջ չեն դնում նրան։ նա խոսում է, նա դատում է, որպես մտածում է։ նրա զգացմունքները նույնքան անկեղծ են լինում, որքան անկեղծ է նրա դրությունը։ «Սիրում եմ քեզ, ասաց նա հեզությամբ լի ձայնով, քո զոհաբերությունը ուրիշ ոչնչով չեմ կարող վարձատրել, բայց միայն իմ սիրով»։ Այդ խոսքերը արտասանելու միջոցին նա իր տկարացած թևքերը տարածեց, երևի ինձ գրկելու համար։ Բայց իմ շրթունքներն արդեն սեղմված էին նրա տաքացած երեսի վրա, և նրա բազուկներն անգիտակցաբար փաթաթվել էին իմ պարանոցին։ Երազների աշխարհում նա գրկած ուներ իմ ուրվականը, բայց իսկության մեջ ես գրկել էի հիվանդ մարմինը։ Իմ արտասուքը թրջում էր նրա բորբոքված դեմքը։ Ո՜րքան բարություն, ո՜րքան առաքինություն կար նրա անմեղ խոստովանության մեջ։ Մի՞թե ես կարող էի ընդունել նրանից մի այսպիսի զոհաբեքություն։ Ես երևակայել անգամ չէի համարձակվում, որ նա իմ կինը լիներ։ Մի՞թե իր սիրով պետք է վարձատրեր նա իմ մատուցած ծառայությունները, ու այն սիրով, որ ավելի բարձր, ավելի արժանավոր արարածների համար էր պահված։ Ես ուրախ էի, որ այդ բոլորը կատարվեցավ նրա քնած ժամանակ։ Բայց իմ հպավորությունը արթնացրեց նրան, մռայլոտ աչքերը բաց արեց, նայեց իմ վրա։ «Դու այստե՞ղ էիր...», եղավ նրա առաջին հարցմունքը, հետո երեսը շուռ տվեց մյուս կողմը, սկսեց դառն կերպով հոգվոց հանել։ Այդ ի՞նչ տանջանք էր։ Անտարակույս, հիվանդության տանջանքը չի պիտի լիներ։ Երևի, նրա ազնվական արյունը հուզվում էր, որ երազի մեջ անգամ ինձ նման ռամիկին արժանացրել էր իր սիրուն։ Քանի րոպեից հետո նա կրկին երեսը շուռ տվեց դեպի իմ կողմը։ Արևը այդ ժամանակ դեռ նոր էր սկսել ծագել, և նրա առաջին ճառագայթները շողշողում էին նրա վհատած դեմքի վրա։ Նա հրամայեց ցած թողնել տաղավարի մուտքի վարագույրը, որ ազատվի ճառագայթներից։ «Ուզում եմ մութ լինի... միշտ մութ, որ ինձ ոչ ոք չտեսնի»։ Ես զարմացա, թե ինչն էր ստիպում նրան փախչել լույսից, արդյոք ամո՞թը, որ նա քնի մեջ արել էր մի անմեղ խոստովանություն։ Այդ ենթադրությունը ավելի հավանական երևաց ինձ, երբ հարցրեց նա. «Շատ ժամանակ է, որ դու այստեղ ես»։ «Շատ ժամանակ չէ, կես ժամ հազիվ կլինի, լսեցի, որ քո քունը անհանգիստ է, ներս մտա»։ «Այո , ես անհանգիստ էի»... Ասաց նա և հրամայեց, որ իրեն միայնակ թողնեմ։ Ես դուրս եկա, նստեցի տաղավարի մուտքի մոտ։ Այնտեղ քնում էի ես ամեն գիշեր, այնտեղ ամբողջ, գիշերը հսկում էի նրա վրա, այնտեղից լսում էի նրա դառն հառաչանքները, և իմ սիրտը լցվում էր կրակով։ Բայց այն առավոտ ո՜րքան երջանիկ էի զգում ինձ, որքան ուրախ էի ես, իմ հոգին վայելում էր անսահման բերկրություն։ Այն մի քանի խոսքերը, որ արտասանեց նա անգիտակցության մեջ, ինձ բաշխում էին աշխարհի բոլոր փառքերը։ «Երևի նա մտածում է իմ վրա, որ ես նրա երազների առարկան եմ դարձել», Ասում էի ես և այսքանով միայն ինձ բոլորովին բախտավոր էի համարում։ Բայց ո՞վ կմտածեր, որ այդ բախտավորությունը երկար չէր տևի...

Այդ հոգեկան բերկրության մեջ էի ես, երբ մեր հյուրընկալի կրտսեր որդին մոտեցավ, հայտնեց, որ իր հայրը կանչում է ինձ։ Ես գնացի։ Ծերունին առանձնացած էր և, որպես երևում էր, պատվիրել էր իր մոտ ոչ ոքի չթողնեն» Նա հարցրեց օրիորդի առողջությունը, հետո խնդրեց, որ նստեմ իր մոտ։ Նա տխուր, միևնույն ժամանակ վրդովված էր երևում, կամենում էր մի բան խոսել, բայց դժվարանում էր։ Վերջապես, ասաց նա.

Այն օրից, որ դուք ոտք եք կոխել իմ տան շեմքի վրա, ես ամենևին չեմ հարցրել ձեզ, թե ո վ եք դուք, ո՞րտեղից եք գալիս, կամ ո՞ւր եք գնում։ Ես այսքանով միայն ուրախ էի, որ իմ հացը բաժանում եմ աստուծո հյուրերի հետ։ Բայց այժմ առանց հարցնելու ևս, ես գիտեմ, թե դուք ով եք, և ում որդին է ձեր մանկահասակ ընկերը, որի հիվանդությունը նույնքան ցավ է պատճառում ինձ, որքան՝ ձեզ։ Մենք, այս լեռների բնակիչներս, սովորություն ունենք ոչ միայն հյուրասիրելու մի օտարականին, որ մեր տան ծածկի տակ օթևան է խնդրում, այլ վտանգի ժամանակ մեր պարտքն ենք համարում և պաշտպանել նրան ամեն չար պատահարներից: Մեր տունը մտնողը, ի՛նչ մարդ էլ և լիներ նա, ի՛նչ հանցանք էլ որ գործած լիներ, դարձյալ մեր օգնությունն է վայելում։ Այդ մասին կարող եք բոլորովին ապահով լինել...

Վերջին խոսքերի միջոցին ծերունին զգուշությամբ նայեց իր շուրջը, մի գուցե մի ուրիշը լսեր նրան։ Ես արդեն նախագուշակում էի, թե նրա հառաջաբանը ինչով պետք է վերջանար, և չսխալվեցա։ Մեզ որոնում էին...

Այս րոպեիս ես վերադարձա մեր տանուտերի մոտից... շարունակեց նա: Տանուտերը հավաքել էր իր մոտ մեր շենի բոլոր ծերերին և կարդաց գավառապետի հրամանը։ Նրա մեջ գրված էր, թե Իարադաղի մելիքի աղջիկը փախել է իր ծառայի հետ, և անցել են մեր կողմերը։ Հրամայված էր որտեղ և գտնելու լինեն նրանց, հանձնեն կառավարության ձեռքը, որ ետ ուղարկեն Պարսկաստան։ Հրամանի մեջ ծանր պատիժ և տուգանք էր նշանակված, եթե մեկը կհամարձակվի թաքցնել նրանց իր մոտ։ Ես տարակույս չունեմ, որ դուք և ձեր ուղեկիցը միևնույն անձնավորություններն եք, որ ցույց է տված հրամանի մեջ։

Այո՛, մենք ենք, պա՛տասխանեցի ես, առանց որևիցե կասկածանքի, առանց թաքցնելու։

Շնորհակալ եմ ձեր մտերմության համար, Ասաց ծերունին, Հիմա պատմեցեք, այդ անցքը ի՞նչպես է պատահել։

Ես ծերունու անկեղծության վրա կասկած չունեի։ Իր բարեսրտությամբ նա այն աստիճան գրավել էր իմ վստահությունը, որ ես պատմեցի բոլորը, ինչ որ գիտեի օրիորդի մասին, պատմեցի նրա հոր փառասիրության մասին, թե ո՜րպես պարսիկ խանի բարեկամությունը գրավելու համար կամենում էր իր աղջկան կնության տալ նրան, պատմեցի օրիորդի ընդդիմադրության մասին, որ չցանկացավ մահմեդականի կին դառնալ, պատմեցի մեր փախուստը և այն բոլոր դժբախտ անցքերը, որ պատահել էին մեզ հետ ճանապարհին։ Ծերունին խորին ցավակցությամբ լսում էր։ Նրա խորշոմած դեմքի վրա նշմարվում էին բարկության և դառն ատելության ցնցումներ։

Ես չեմ զարմանում խեղճ աղջկա հոր անգթության վրա, Ասաց նա, երբ ես վերջացրի, ես ճանաչում եմ նրա հորը, նա իր փառասիրության համար ամեն բան կանե, ամեն բան կզոհե։ Ես գովում եմ օրիորդի քաշությունը և ձեր անձնվիրությունը, որ հանձն եք առել ազատել նրան։ Բայց այդ թողնենք, խոսենք գավառապետի հրամանի վրա։

Ծերունու խոսքերից երևաց, որ իրանց տանուտերը, որին հրամայված էր որոնել մեզ, եթե տեղեկություն ստանար իմ և օրիորդի մասին, իսկույն կմատներ կառավարության ձեռքը։

Իմ հուսահատությանը չափ չկար, ես գտնվում էի ամենաանելանելի դրության մեջ. չգիտեի՝ ի՛նչ հնար գտնել վտանգից ազատվելու համար, այդ պատճառով, երբ ծերունին հարցրեց, թե ի՞նչ պետք է անել, ես ոչինչ պատասխանել չկարողացա։

Եթե օրիորդը հիվանդ չլիներ, գործը շատ հեշտ էր, Ասաց նա փոքր-ինչ մտածելուց հետո։ Ես ձեզ՝ երկուսիդ ևս կուղարկեի Սիսիանի կողմերը, իմ բարեկամի մոտ, նա կպահեր ձեզ, մինչև հրամանը կհնանար, և ամեն բան կմոռացվեր։ Բայց օրիորդի հիվանդությունը ինձ դժվարության մեջ է դնում...

Նա դարձյալ մտածության մեջ ընկավ և ապա շարունակեց.

Ռուսաց տիրապետությունից առաջ մեր կողմերի հայերը ևս միևնույն դրության մեջ էին, ինչ դրության մեջ գտնվում են այժմ Պարսկաստանի հայերը։ Պատահում էր այս և այն խանը, այս և այն բեկը մի գեղեցիկ հայ աղջիկ էր տեսնում, իսկույն իր ծառաներին ուղարկում էր և բռնությամբ տանում էր իր տունը։ Ոչ մի ծնող համարձակություն չուներ հակառակելու։ Մի անգամ մահմեդականի տունը մտած աղջիկը այլևս այնտեղից դուրս չէր գալիս։ Նրան կա՛մ աղախին էին դարձնում, կա՛մ հարճ և կա՛մ կին։ Ծնողները աշխատում էին տգեղացնել իրանց աղջիկներին, որ մահմեդականների աչքին հաճելի չթվին։ Այստեղից սովորական դարձան գլխի և երեսի այն այլանդակ փաթոթները, որ այժմ կրում են մեր կանայքը։ Բայց մի այլ հնար ևս երբեմն ազատում էր մեր աղջիկներին։ Երբ ծնողները հասկանում էին, որ մահմեդականը աչք ունի մեկի վրա, իսկույն վեր էին առնում աղջկան և պսակում էին պատահած հայ տղայի հետ։ Ամուսնացած կնոջը շատ չէին դիպչում, նրան անպատվում էին և բաց թողնում, որովհետև կին դարձնելու համար բավական դժվարություններ կային։ Մահմեդական օրենքը արգելում է՝ ամուսին ունեցող կնոջը, ի՛նչ ազգից և կրոնքից լիներ նա, իրա կինը դարձնել, քանի որ նա չէր բաժանված իր ամուսնից և մահմեդականություն չէր ընդունած։ Բայց ազաբ աղջիկների վերաբերությամբ այդ տեսակ պայմաններ չէին պահանջվում: Ազաբ աղջիկը մի անգամ մահմեդականի ձեռքը ընկնելուց հետո դառնում էր կոտրած աման, նրան այլևս ոչ ոք չէր առնում. մինչև անգամ գտնվում էին այնպիսի սնահավատ ծնողներ, որ հրաժարվում էին իրանց տունը ընդունել «պղծված» աղջկան։ Պատահում էր, որ նշանած աղջիկներին ևս ուզու էին քաշել տանել, այսպիսիներին իսկույն պսակում էին նշանած տղայի հետ, բայց պատահում էր, որ տղան բացակա էր լինում, մի ուրիշ երկիր գնացած էր լինում։ Այսպիսի դեպքերում պսակը կատարում էին մի առարկայի հետ, որ մնացել էր այն տղայից։ Ես դեռ չեմ մոռացել մի այսպիսի դեպք, տղան գտնվում էր հեռու երկրում, իսկ նրա նշանածին ուզում էին հափշտակել։ Ժամանակ չկար տղային կանչելու։ Ծնողները աղջկան ծածուկ տարան եկեղեցի, կանգնացրին սեղանի առջև, իսկ խաչեղբայրր, նրա մոտ կանգնած, ձեռին բռնած ուներ փեսայի հին գդակը։ Քահանան անդադար դիմում էր այդ գդակին, հարցնելով, «տե՞ր ես», «սիրո՞ւմ ես» և կատարում էր պսակի խորհուրդը։

Ես թեև հետաքրքրությամբ լսում էի ծերունու խոսքերը, բայց չգիտեի, ինչու համար էր այդ երկար պատմությունը։ Նրա միտքը հասկացա այն ժամանակ, երբ դարձավ դեպի ինձ հետևյալ հարցով.

Օրիորդը նշանած ունի ։

Դեռ ոչ ոք նշան չէ դրել նրան, պատասխանեցի ես։

Նա որևիցե մեկին սիրո՞ւմ է։

Չգիտեմ...

Այդ միևնո՛ւյն է, ս՛իրում է, թե չէ սիրում, Ասաց նա, Բայց պետք է անպատճառ պսակել մեկի հետ, ուրիշ հնար չկա ազատելու նրան։

Ո՞ւմ հետ,

Հենց ձեզ հետ, Ասաց ծերունին ուրախ դեմքով։ Զեր անձնազոհությունը օրիորդի վերաբերությամբ այնքան նշանավոր է, որ դուք արժանի եք նրա ամուսինը լինելու։

Դա անկարելի բան է, պատասխանեցի ես, Այդ մասին խոսելն անգամ ավելորդ է։ Դուք չեք ճանաչում օրիորդին, նա ուրիշ աղջիկների նման չէ, նա սեփական կամքի և խելքի տեր աղջիկ է, նրան չէ կարելի զոռով եկեղեցի տանել: Մտածենք ուրիշ հնարների վրա։

Իմ խոսքերը շատ օտարոտի թվեցան ծերունուն, որ աղջիկը ևս կարող էր իր սեփական կամքը և խելքը ունենալ, բայց, թեև շատ դժվարությամբ, այսուամենայնիվ, նա համաձայնեցավ ինձ հետ չբռնադատել օրիորդին ամուսնության մասին և ուրիշ հնարների վրա մտածել։ Մենք երկար խորհեցինք, վերջապես ծերունին այն եզրակացությանը հասավ, որ օրիորդը պահվի իր տանը, իսկ ես առժամանակ հեռանամ։ «Հիվանդին իմ տան ծածկի տակ թաքցնելը հեշտ է, բայց ձեզ կարող են նկատել», Ասաց նա։

Բայց ես ո՞րպես կարող էի բաժանվել օրիորդից, ո՞ւմ հոգաբարձությանը հանձնեի նրան, միթե կարո՞ղ էի հանգիստ լինել, եթե մի օր, մի ժամ, մի՝ րոպե նրան չտեսնեի, կամ ի՞նչ ազդեցություն կաներ նրա հիվանդության վրա, եթե այդ բոլորը հայտնվեր նրան։

Ուրիշ հնար չկա, կրկնեց ծերունին։ Եթե օրիորդը առողջ ևս լիներ, ձեզ դարձյալ հարկավոր էր բաժանվել միմյանցից, որովհետև ձեզ երկուսիդ միասին տեսնելով՝ ավելի հեշտ կարող էին ճանաչել։

Ես իմ սրտի և զգացմունքների հետ կարող էի հաշտվել, բայց իմ բոլոր մտատանջությունը նրանումն էր, թե ի՞նչպես հայտնեմ օրիորդին, որ նրան միայնակ եմ թողնում։ Բայց մեծ եղավ իմ զարմանքը, երբ նրան հաղորդեցի մեր աննախանձելի վիճակը, նա խիստ սառնասրտությամբ ասաց ինձ.

Դու շատ բան արեցիր ինձ համար, ավելին պահանջել քեզանից իրավունք չունեմ։ Դու, ո՛ւր որ կամենում ես, գնա, հեռացիր, գլուխդ ազատիր, ես կմնամ այստեղ։ Այժմ ինձ համար միևնույն է... կյանքր զզվացրել է ինձ... Եթե ինձ գտնելու և տանելու ևս լինեն հորս տունը, դարձյալ չեմ վախենա, որովհետև գիտեմ, որ մինչև այնտեղ հասցնելը կենդանի չեմ մնա։ Այնուհետև իմ դիակի հետ ինչ որ ուզում են, թող անեն...

Օրիորդի հուսահատական խոսքերը կրակի նման այրում էին իմ սիրտը, իմ լեզուն կապվեցավ, ես մի բառ անգամ չկարողացա գտնել նրան մխիթարելու։ Ես ցանկանում էի գրկել նրա ոտները, համբուրել և ասել, որ մինչև մահ քո ծառան, քո ստրուկը կդառնամ, քո ոտքերի տակի հողր կլինեմ և քեզանից չեմ բաժանվի։ Բայց նա չթողեց ինձ խոսել, ասելով,

Իմ բանը պրծած է... ես շատ չեմ ապրի... դու քո գլուխը ազատիր և իմ վրա մի՛ մտածիր։

Իմ աչքերը լցվեցան արտասուքով։ Նա ափսոսում էր ինձ... արդյո՞ք իմ մատուցած ծառայությունների համար, արդյոք երախտագիտության զգացմունքի՞ց դրդված, թե մի այլ կիրք թելադրում էր նրան այդպես խոսել։ Ես այդ հասկանալ չկարողացա, միայն նկատում էի, կարծես թե նա մինչև անգամ ուրախ էր, որ հանգամանքները փոխվեցան, կարծես թե ցանկանում էր առանձնանալ և առժամանակ անջատված լինել ինձանից։ Ի՞նչ էր պատճառը։ Ես այդ հասկացա, բայց շատ ուշ հասկացա, երբ նա արդեն այս աշխարհից հրաժարվել էր և իր վշտերը իր հետ գերեզման էր տարել... Հիվանդության մահճի մեջ երկու զգացմունքներ կռվում էին նրա սրտում, մեկը՝ սերը,՛ որ դեռ նոր բոցավառվում էր նրա մեջ. մյուսը ազնվատոհմական հպարտությունը, թե ի նչպես կարող էր կին լինել մի ոամկի, իր հոր տան ծառայի որդուն։ Նա վախենում էր աշխարհի նախատինքից և ցանկանում էր օգուտ քաղել իմ բացակայությունից և խեղդել իր սրտի մեջ իրան տանջող զգացմունքը»...

Ավազակապետը կանգ առեց։ Վաղեմի հիշողությունները շոշափեցին նրա սրտի դեռ ոչ բոլորովին բուժված վերքերը։ Նա երեսը մի կողմ շուռ տվեց, որ ես չտեսնեմ նրա արտասուքը։

«Ես բոլորովին չանջատվեցա նրանից, շարունակեց դժբախտը ցավալի ձայնով։ Ես հեռացա, բայց շատ հեռու չգնացի։ Ցերեկով անհետանում էի մերձակա անտառներում, թափառում էի մթին ծմակների մեջ, կենակցում էի ծառերի, ժայռերի և գազանների հետ և իմ վշտերը ցրում էի որսորդությամբ։ Իսկ գիշերը մոտենում էի մեր հյուրընկալի տաղավարներին, և եթե միջոց էի գտնում, մտնում էի հիվանդին տեսնելու։ Երբ նա իր պղտորված աչքերը բաց էր անում, տեսնում էր ինձ իր մահճի մոտ նստած, միշտ կրկնում էր միևնույն խոսքերը, «Ինչո՞ւ եկար, կարող են կալանավորել քեզ»։ Անցան օրեր, անցան շաբաթներ, անցավ մի ամիս։ Օրըստօրե նրա հիվանդությունը ավելի վտանգավոր կերպարանք էր ստանում։ Մի գիշեր, երբ մոտեցա մեր հյուրընկալի տաղավարին, նա արտասուքը աչքերում դուրս եկավ իմ առջև և խորին ցավակցությամբ հայտնեց. «Նա մեռավ»... Ես սարսափեցա, որպես մի եղեռնագործ։ Ինձ այնպես թվեցավ, թե ես եմ եղել նրա մահվան պատճառը։ Խղճի զարհուրանքը շանթահարեց ինձ»...

Ավազակապետը կրկին կանգ առեց, ձեռքը տարավ դեպի հանգած չիբուխը, որ դրած էր նրա մոտ, կրկին վառեց և սկսեց ծխել։ Ծուխը թանձր մեգի նման դուրս էր հոսում նրա բերանից, նրա պնչերից, կարծես թե, նրա սիրտը ճարակում էր մի սարսափելի հրդեհ։

«Ոչինչ հայտնել չկարողացան ինձ նրա մահվան մասին, Առաջ տարավ նա, թե նա իր կյանքի վերջին րոպեներին ի՞նչ դրության մեջ է եղել, կամ ի՞նչ է խոսացել։ Նրա մոտ ոչ ոք չէր եղել, որ գոնե վկա լիներ անբախտ հանգուցյալի վերջին խոսքերին։ Երկու օր էր, որ նա մեռած էր, երկու օր նրա մարմինը պահել էին, որ ես տեսնեի։ Առավոտյան պետք է կատարվեր նրա թաղումը։ Ես այլևս չգնացի անտառը, մնացի, որ կատարեմ իմ վերջին պարտքը։ Իմ մասին այլևս չէի մտածում, թե ինչ կարող էր պատահել ինձ հետ։ Նրան կորցնելուց հետո այլևս կյանքը իմ աչքում արժեք չուներ։ Ես իմ ձեռքով պետք է գերեզման իջեցնեի այն նազելի արարածին, որին իմ կյանքում միայն սիրել էի, և որը նույնպես սիրում էր ինձ։ Նրա գերեզմանը փորվեցավ հենց նույն լեռան վրա, հեռու մարդկային բնակությունից, ուր երբեմն հանդիպում են հովիվները։ Նրա դագաղը հազիվ ծածկված էր հողով, խաշնարածների քահանան կարդում էր վերջին աղոթքը։ Ես սպանվածի նման կանգնած էի և լաց էի լինում։ Այդ միջոցին երկու յասավուլներ մոտեցան և ինձ կալանավորեցին։ «Նա մեռավ և ազատվեցավ, բայց դու ազատվել չես կարող», լսելի եղան տանուտերի խոսքերը։ Ինձ տարան, բանտարկեցին տանուտերի տաղավարում, որ մյուս օրը ուղարկեն գավառապետի մոտ։ Օրիորդի կորուստը ինձ այն աստիճան ապշած և խելագարված դրության մեջ էր դրել, որ ես համարյա չէի զգում, թե ինձ հետ ինչ է կատարվում։ Այսուամենայնիվ, հենց նույն գիշերը ինձ հաջողվեցավ իմ մոտ դրած պահապաններից մեկին սպանել, մյուսին սաստիկ վիրավորել և փախչել իմ բանտից։ Այնուհետև այլևս ի՞նչ էր մնում ինձ անել։ Իմ հանցանքները կրկնապատկվեցան, այստեղ դարձա մարդասպան, իսկ իմ հայրենիքից փախցրել էի իմ մեծավորի աղջիկը: Իմ հայրենի երկիրը վերադառնալ չէի կարող, իսկ իմ գտնված երկրում դարձա մի փախստական և միացա փախստականների խումբի հետ։ Ուխտեցի այնուհետև վրեժխնդիր լինել բոլո՛ր այն մարդկանցից, որ կրում են խան, բեկ, մելիք և տանուտեր անունները։ Իմ նպատակին մասամբ հասա... Բայց իմ ձեռնարկությունը այնքան սարսափելի էր և արյունոտ, որ վերջը բերեց ինձ այստեղ»...

Be the first who will comment on this

Other parts of "Խաչագողի հիշատակարանը"

Yatuk Music
Vagharshapat
Komitas

Vagharshapat

Eastern motifs, 1886
Eastern motifs, 1886
Play Online