Raffi
Խաչագողի հիշատակարանը
3 - ԺԲ
ՍԵՐԸ Չէ ՀԱՄԲԵՐՈԻՄ
Խաչագողների փախուստից հետո մեր խումբի մեջ մնաց մեկ քրիստոնյա միայն, ազգով վրացի։ Մյուսները թուրք, թաթար և այլազգիներ էին։ Ազատվելով խաչագողների անտանելի հասարակությունից, ես սկսեցի որոնել հիշյալ վրացու բարեկամությունը։ Նա մի ուրախ, պարզամիտ և բավական շնորհալի դեմքով երիտասարդ էր Իմերեթիայի կողմերից: Նա խիստ շուտով մտերմացավ ինձ հետ։ Նրան աքսորել էին սպանության համար։ Ես զարմանում էի, թե ինչպե՞ս մի այնպիսի բարեսիրտ տղա կարող էր սպանություն գործել։
Այդ երիտասարդը օրըստօրե ավելի և ավելի համակրական էր դառնում ինձ։ Նրա բնավորության մեջ այնքան պարզություն կար, որ չէր կարելի չսիրել նրան։
Մեզ արդեն տեղափոխել էին մերձակա փոքրիկ քաղաքը։ Այստեղ ևս մի քանի օր պահեցին մեզ, որովհետև մեր խումբի հետ պիտի միացնեին մի քանի ուրիշ աքսորականներ, որոնց նույնպես Սիբիր էին ուղարկում։
Վասոն, այսպես էր վրացի երիտասարդի անունը, այնքան ընտելացավ ինձ հետ, որ ինձանից չէր հեռանում։ Գիշերները քնում էր իմ կողքին և շատ անգամ, երբ քունը չէր տանում, ժամերով պատմում էր իր կյանքի այս և այն արկածները:
Մի գիշեր, նստած իմ մոտ, կարկատում էր իր մաշված կոշիկները և տխուր, հազիվ լսելի ձայնով շշնջում էր մի երգ, Երիտասարդը բոլորովին հափշտակված էր իր զգացմունքների մեջ, և գործը համարյա մեքենաբար էր կատարվում նրա ձեռքում։
Վասո, չե՞ս պրծնում, Հարցրի նրանից։
է՜, թող անիծե՜ աստված այդ անպիտանները, սաղ տեղ չէ մնացել, կարում ես, կարում, էլի էն է ու էն։
Մեկ հատը ինձ տուր, ես կօգնեմ քեզ։
Շնորհակալ եմ, դու միայն ճրագը մոտ բռնիր, ես կկարեմ։
Ես նկատեցի, որ Վասոյի խնդիրը խիստ կարևոր էր. ճրագի մոմը, որ նա կպցրել էր հատակի աղյուսի վրա, այնքան սպառվել և կարճացել էր, որ լույսը կոշիկների վրա չէր տարածում և այսպիսով դժվարացնում էր նրան աշխատել։ Ես վեր առի մոմը, բարձր բռնեցի, նա շարունակեց կարել:
Բայց ինձ հետաքրքրում էր այն, թե ի՞նչ պատճառով աքսորեցին նրան։
Ես սպանեցի իմ պարոնին, պատասխանեց նա։
Ինչո՞ւ համար։
Երկար է, շատ երկար, եթե պատմելու լինեմ, մինչև լույս չի պրծնի։
Միևնույն է։ Դու խո չես քնում, իմ քունն էլ չէ տանում, դու պատմիր, ես կլսեմ, այսպիսով ավելի կարճ կլինի գիշերը։
Նա սկսեց պատմել.
«Ես է... իշխանի ճորտերից էի։ Նա շատ վատ մարդ էր, օրինակ քեզ՝ մի գազան։ Պատահում էր, կա՛մ տանը կնոջ հետ կռված է, կա՛մ մի ուրիշը բարկացրել է նրան և կամ հարբած է, նա կատաղած դուրս է գալիս տնից, վա՜յ այն գյուղացուն, որ կհանդիպի նրան։ Նա իսկույն մի առիթ կգտներ գյուղացուն ծեծելու, հայհոյելու և իր սիրտը հանգստացնելու։ Օրինակ, պատահում էին այսպիսի դեպքեր, գյուղացին մի զույգ նոր տրեխներ է հագել։ (Նա համբերել չէր կարող, երբ գյուղացին նոր բան էր հագնում և պարոնի նմանություն էր ստանում)։ Տեսար, կանչում է՝ «էյ, մարդ»։ Գյուղացին մոտենում է, գլուխ է տալիս, կանգնում է։ «Այդ ի՞նչ է», ցույց է տալիս նա տրեխները։
«Աղա ջան, ցավդ տանեմ, գնում եմ անտառը», պատասխանում է գյուղացին դողալով։ «Տո, անպիտան, եթե առանց տրեխների գնալու լինես, ոտներդ կմաշվե՞ն», և հրամայում է իսկույն խլել նրանից տրեխները։ Մի անգամ գյուղացու մեկը փռթկաց նրա մոտ։ «Տո, անշնորհք ավանակ, համարձակվում ես փռթկա՞լ քո պարոնի առջև», ասաց նա և հրամայեց ծեծել խեղճին։
Մեր հարևան Գիորգին մի աղջիկ ուներ, շարունակեց նա, նրա անունը Կեկելո էր։ Բայց ի՜նչ աղջիկ, այնքան սիրուն էր, որ կարծես գյուղացու աղջիկ չլիներ, այլ ուղիղ պարոնի տնից դուրս եկած լիներ։ Մի անգամ նա հանդիպեց ինձ դաշտումը, գալիս էր անտառից, շալակած փայտ էր բերում իրանց համար։ Քրտինքը թափվում էր նրա երեսից, թշերը խնձորի նման կարմրել էին։ Հենց որ տեսա, իմ խելքը գնաց։ «Տուր, Կեկելո, ես կտանեմ շալակդ», ասացի նրան: «Շատ ծանր չէ, ես կարող եմ տանել, ասաց նա ավելի կարմրելով։ Մենք սկսեցինք խոսելով կամաց-կամաց դիմել դեպի գյուղը, երբ մոտեցանք, բաժանվեցանք միմյանցից, որ մեզ միասին չտեսնեն»։
Այդ միջոցին Վասոն այն աստիճան հափշտակված էր իր պատմությունով, որ ամենևին չէր նկատում, թե ասեղը ընկել էր նրա ձեռքից, և կոշիկները նույնպես ընկած էին նրա կողքին։ Նա շարունակեց,
«Ես մորս հայտնեցի, որ Կեկելոյին նշան դնե ինձ համար» նա էլ հորս հայտնեց։ Հայրս գնաց Գիորգիի տունը, խոստացավ տալ մի այծ, հինգ թունգի գինի, մի քանի սոմար սիմինդր, կարճ ասած, խոսեցին, բարիշեցան, նշանը դրեցին։ Սպասում էինք, որ աշունքը գա, գինին պատրաստվի, որ հարսանիք անենք։ Այդ միջոցին, չեմ իմանում, ի՞նչ սատանա մտավ իմ պարոնի գլխում։ Նա հրամայեց, որ Կեկելուին վեր առնեն իր տանը որպես աղախին։
Աշունքը եկավ, գինիները հասան, բայց հարսանիքը չկատարվեցավ։ «Այս տարի չի լինի», ասում էր մեր պարոնը։ Իմ սիրտը տրաքվում էր անհամբերությունից։ Բայց ի՞նչ կարող էի անել, երբ պարոնը այսպես էր հրամայում։
Մի անգամ Կեկելոն գտավ ինձ անտառում, տեսնում եմ, երեսին գույն չէ մնացել, կասես թե սպանված լիներ։ Հարցնում եմ, «Կեկելո, ի՞նչ է պատահել քեզ հետ»։
Նա ոչինչ չէ ասում, հենց լաց է լինում։ Գրկում եմ նրան, դարձյալ հարցնում եմ. «Կեկելո, ինչո՞ւ ես լաց լինում»։ Նա արտասուքի միջից ինձ պատասխանում է, «Ա՜խ, վատ մարդ է... նա շատ վատ մարդ է... նա աստված չունի... նա»։ Խեղճ աղջիկը չկարողացավ վերջացնել իր խոսքը, բայց ես հասկացա բոլորը...
Արյունը թռավ գլուխս, ես իստակ կատաղեցա։ Հենց էն սհաթին վազեցի դեպի մեր տունը, խենջարս վեր առի, թաքցրի չերքեզիիս տակ, տնից դուրս եկա։ Առաջ մտա գինետունը, լավ խմեցի, սիրտս պնդացրի, հետո գնացի պարոնի դռանը կանգնեցա, սպասում էի, որ նա դուրս գա։ Տեսա, նա դուրս եկավ, պատրաստվում էր որսի գնալ։ Առաջը կտրեցի, ասելով. «Ինչո՞ւ ես պահել իմ նշանածին»։ Նա բարկացավ, սկսեց հայհոյել և չորս կողմն էր նայում, աչքերով որոնում էր իր սպասավորներին, որ հրամայե ինձ բռնեն։ «Տո՛ւր իմ նշանածը», կրկնում եմ ես, հենց մոտ ու մոտ եմ գնում։ Նա դարձյալ գոռում է. «Դու, լի՜րբ, անզգամ, համարձակվում ես... բռնեցեք այդ անիրավին»։ Ես ուշադրություն չեմ դարձնում, հենց մոտ ու մոտ եմ գնում։ «Հիմա քեզ խեղդել կտամ», ասում է ավելի կատաղելով։ Իսկ ես հենց մոտ ու մոտ եմ գնում։ «Տո՜ւր նշանածս, ասում եմ քեզ»։ Նա էլ չհամբերեց մինչև ծառաները հավաքվեին, հարձակվեցավ իմ վրա։ Ես խենջարը խրեցի նրա կողքը...»։
Այդ միջոցին ես նայեցի Վասոյի երեսին, նա այնպես գունատված էր, նրա շրթունքը այնպես դողդողում էին, որ կարծես, հենց այն րոպեում նա իր արյունոտ խենջարը դուրս էր քաշում բռնակալ պարոնի կողքից։ Երբ նա փոքր-ինչ հանգըստացավ, հարցրի.
Իսկ դու չփախա՞ր։
Փախա, բայց երբեմն գիշերով հայտնվում էի մեր գյուղում, որ Կեկելոյին էլ կարողանամ փախցնել։ Աստված չհաջողեց, մի գիշեր բռնվեցա։
Վասոյին ես ավելի սկսեցի սիրել, երբ իմացա նրա կյանքի պատմությունը։ Խեղճ տղան սիրո զոհ էր դարձել։ Սե՜ր... ի նչ բան ես դու, ես մինչև այսօր չեմ կարողացել հասկանալ քեզ, թեև ինքս սիրել եմ... և այժմ սիրում եմ...
Վասոն և Կեկելոն, որպես ճորտեր, որպես սեփականություն մի անգութ պարոնի, հոժարությամբ նվիրում են նրան իրանց աշխատանքը, իրանց վաստակը։ րայց երբ պարոնը դիպչում է և այն զգացմունքին, որը սուրբ է յուրաքանչյուր անհատի համար, այն ժամանակ ճնշվա՛ծ, հլու ստրուկն անգամ այլևս չէ համբերում...
Իսկ ե՞ս, ես, թշվառականս, ի՞նչ արեցի Նենեի համար, ինչո՞վ ապացուցեցի, որ ճշմարիտ սիրում եմ նրան...