Raffi

Խաչագողի հիշատակարանը

2 - Ե

ԳՈՀԱՐՆԵՐ

Քահանայի ճանապարհ դնելու հենց մյուս օրը քավոր Պետրոսը ինձ իր մոտ կանչեց և ժպտալով ասաց.

Մուրադ, մանրավաճառության համն էլ գնաց, պետք է մի ուրիշ բանով զբաղվել:

Խիստ սակավ էր պատահում, որ նա ինձ հետ հանաքներ աներ։ Ես հարցրի,

Ապա ի՞նչ անենք։

Պետք է մի փոքր զվարճանալ, շատ հոգնեցանք։

Ինչո՞վ զվարճանալ։

Դու խո իմանում ես երգել, ես էլ լավ ածել գիտեմ ջութակի վրա։ Այսօր մուժիկի մոտ մի լավ արջ տեսա, ծախում է, ես անպատճառ պետք է գնեմ այն արջը։

Ես ծիծաղեցի։

Ինչի՞ համար, Հարցրի, չլինի՞ թե ուզում եք օինբազություն անել։

Մի այդպիսի միտք ունեմ...

Նա այնպես լուրջ կերպով արտասանեց վերջին խոսքը, որ անկարելի էր ասածը կատակ համարել։

Լավ, ի՞նչ օգուտ դրանից։

Օգուտը հետո կտեսնես...

Առաջին անգամն էր, որ քավոր Պետրոսը ինձ, որպես ասում են, մարդու տեղ էր դնում և ինձ հետ խորհրդակից էր լինում։ Նա ինձ հետ միշտ կարճ էր խոսում և ավելի հրամայում էր, քան թե խորհուրդ էր հարցնում։

Թողնելով քաղաքը, որտեղ գտնվում էինք, անցանք մի գյուղ։ Արջը արդեն պատրաստ էր։ Մեր նոր պարապմունքի համար ընտրած երաժշտական գործիքներով և հագուստի ձևերով մենք բոլորովին նմանում էինք թափառական ցիգանների։ Թե՛ ես և թե քավոր Պետրոսը խիստ ծիծաղելի էինք այդ նոր կերպարանափոխության մեջ։

Արջը վարժված էր։ Մնում էի ես։ Քավոր Պետրոսը երկու ամբողջ շաբաթ սովորեցնում էր ինձ բոլոր եղանակները, թե ո՛րպես պետք էր պար ածել նրան։ Ես այս գործի մեջ ևս ցույց տվի իմ ընդունակությունը։ Քսան օրից հետո այն աստիճան պատրաստված էի, որ կարող էի ամենայն վստահությամբ հանդես դուրս գալ, որպես մի լավ արջ պարածող։

Քավոր Պետրոսը, այդ երևելի չարագործը, օրըստօրե բարձրանում էր իմ աչքում իր խաբեբայության հսկայական մեծությամբ։ Նա իր արջ պարածողի մուշտակի մեջ նույնքան մեծ էր, որքան Երուսազեմի աբեղայի ֆարաջայի մեջ։ Նրա համբերությունը,նրա հեռատեսությունը սահման չուներ։ Ւնձ թվում էր, որ նա նայում էր այն րնդարձակ երկրի վրա, որպես իր մշակության դաշտերի, որպես իր ագարակի վրա: Արջ պարածողի կեղևի մեջ պարածածկված, կարծես թե նա ցանում էր սերմերը, որոնց բեղմնավոր արդյունքը մի ժամանակ պիտի հնձեր.,, Թափառելով գավառից գավառ, քաղաքից քաղաք և գյուղից գյուղ, նա հետազոտում էր հողը, նշանակում էր իր հիշողության մեջ այն տեղերը, ուր մի ժամանակ նրա մանգաղին հաջող հունձք էր սպասում...

Եվ արդարև, արջ պարածողը, ռամիկ ժողովրդի ծաղրածուն, այնքան անմեղ, այնքան անվտանգ մարդ է, որ բոլոր տների բակի դռները բաց են նրա համար։ Տիկինները, պարոնները, իրավ է, նրա վրա ուշադրություն չեն դարձնում, բայց աղախինների, սպասավորների և տան երեխաների սիրելին է նա: Ժամերով կանգնում է նա բակում, տասն անգամ կրկնել են տալիս միևնույն խաղը, մինչև ձգում են նրան մի քանի գրոշներ։ Այդ առիթով կարողանում է նա ամեն տուն մտնել, ամեն տան ծակուծուկը հետազոտել և ամեն գաղտնիք իմանալ։ Այդ բավական է «խաչագողի» համար...

Քաղաքից քաղաք, գյուղից գյուղ, մեր արջը պար ածելով, առաչ էինք գնում։ Ունեինք մեզ հետ մի ճանապարհորդական ողորմելի սայլակ, լծած մի ձիով։ Նրա վրա տեղավորվում էինք ես, քավոր Պետրոսը և արջը։ Վերջինը նստում էր իմ կողքին, և ես երբեմն նրա ձեռքն էի տալիս ձիան ե՛րասանակները, երբ կամենում էի փոքր-ինչ նիրհել սայլակի վրա։

Վերջապես հասանք... քաղաքը, ուր դեռ նոր սկսվել էր տարեկան տոնավաճառը։ Այստեղ ամեն տեսակ ապրանքների հետ կարելի էր գտնել և ամեն տեսակ մարդիկ երեսների գույնզգույն կաշիներով և հագուստների զանազան ձևերով։ Սկսյալ Միջին Ասիայի խորքերից մինչև Արևմտյան Եվրոպան, ամեն երկրից մարդիկ կային այնտեղ։

Շատ հասկանալի է, որ մեր արջով չէինք կարող մրցություն անել այն բազմաթիվ ձեռնածուների, լարախաղացների, մոլաշրջիկ երաժիշտների ու դերասանական խմբերի հետ, որոնք զանազան երկրներից հավաքվել էին այստեղ իրանց շնորհքը վաճառելու համար։ Այսուամենայնիվ, «ծիտը թեև փոքրիկ է, դարձյալ թռչուն է»։ Արջ պարածողն էլ ունի իր սիրողները։

Ամբողջ բազմությունը գտնվում էր սարսափելի խառնաշփոթության մեջ։ Ամեն ոք տենդային անհամբերությամբ շտապում էր, որպեսզի մինչև տոնավաճառի ավարտվելը վաճաոե իր մթերքը։ Ամեն տեղ տիրում էր վազվզոց, աղաղակ և խռովություն։ «Շունը տիրոջը չէր ճանաչում»։ Գողությունները չափ չունեին։ Երկրի բոլոր արտիստները, որոնք սովոր են զարմանալի ճարպկությամբ ձեռքը տանել մարդկանց գրպանը, այստեղ էին։ Ես և քավոր Պետրոսը լրացնում էինք պակասը...

Այստեղ հասնելու ժամանակ քավոր Պետրոսը ինձանից բաժանվեցավ։ Նա խինայով ներկեց իր մորուքը, մազերը և մատները, հագավ իր ամենապատվավոր հագուստը, գլխին դրեց երկայն պարսկական մորթե գդակ և, ձևացնելով իրան խորասանցի ակնավաճառ, խիստ թանկ գնով վարձեց մի խանութ գլխավոր փողոցի վրա։ Ես այժմ միայն հասկացա այն անցագրի գաղտնիքը, որը մի քանի տարի առաջ ստացավ նա Թաբրիզում այս անունով, «Խորասանցի ակնավաճառ Մաշադի-Մուհամեդ-Ղուլի-Աղա»։

Իսկ ես իմ արջի հետ կենում էինք վաճառահանդեսի մի ետ ընկած, կեղտոտ և մթին կողմում, ուր աշխատում էին ժամանակավոր տակառագործները, ուր կանգնեցրած էին բազմաթիվ ֆուրգոններ, սայլակներ և ապրանք կրող քարավաններ, ուր իջևանել էին ցիգաններ, թաթարներ և դրանց նման մարդիկ։ Երբեմն իմ արջի հետ դուրս էինք գալիս այդ խառնափնթոր բանակից, անցնում էինք տոնավաճառի միջով և փող էինք հավաքում։

Մի օր կանգնեցի քավոր Պետրոսի խանութի առջև, սկսեցի արջս պար ածել։ Նա ձեռքը պարզեց, որ տա ինձ մի քանի գրոշ։ Երբ մոտեցա ստանալու, հազիվ լսելի ձայնով ասաց. «Գիշերը ինձ մոտ եկ...»։

Մենք ունեինք մեզ հետ զանազան տեսակ հագուստներ։ Ո՛րտեղ ո՛րը հարկավոր էր լինում, այն էինք հագնում։ Գիշերը հագուստս փոխեցի և գնացի քավոր Պետրոսի մոտ։ Նա հարցրեց.

Քեզ մոտ կա՞ն անտեր, անծանոթ և ոչինչ պարապմունք չունեցող մարդիկ։

Որքան ուզես։

Որոնց կազմվածքը ինձ նման լիներ։

Ես ճանաչում եմ մի խըրսըզ թաթար, որի, բացի գլուխը, ամբողջ մարմինը ձեզ նման է։

Հենց մարմինն է հարկավոր, Ասաց նա։ էգուց երեկոյան պահուն դու անցիր իմ խանութի մոտով և այն թաթարը թող քեզ հետ լինի։ Հիմա գնա՛։

Ես հեռացա, առանց հարցնելու այդ պատրաստության նպատակը: Ես գիտեի, որ քավոր Պետրոսը աննպատակ ոչինչ չի անի։

Մյուս օրը, երեկոյան, ես թաթարին հրավիրեցի մի ստոր հյուրանոց, լավ ուտացրի, հետո փողոցը տարա, ասելով, թե գնելու եմ մի քանի բաներ։ Անցանք քավոր Պետրոսի խանութի առջևից։ նա կանչեց մեզ։

Ի՞նչ մարդիկ եք, Հարցրեց։

Ես արջ պարածող եմ, պատասխանեցի։

Իսկ այդ պարո՞նը։

Ես եկած եմ այստեղ գործ գտնելու, Ասաց թաթարը:

Դեռևս որևիցե գործ գտած չե՞ս»։

Ոչ։ Երեք օր է, եկած եմ։

Ընկեր ունե՞ս։

Մենակ եմ։

Քեզ ո՞վ է ճանաչում այստեղ։

Միայն այս պարոնը, նա դարձավ դեպի ինձ, ես այստեղ ուրիշ ծանոթ չունեմ։

Ես ճանաչում եմ, աղա, լավ մարդ է, Ասեցի, եթե կամենում եք գործ հանձնել, կարող եք հավատալ։

Թաթարը ամենևին չէր սպասում, որ ես այսպիսի վկայություն կտայի իր մասին։ Աղան, այսինքն՝ քավոր Պետրոսը, իմ խոսքերով բավականացավ, խոստացավ նրան ամիսը տասնևհինգ ռուբլի վճարել, որ իր մոտ ծառայե։

Քո ծառայությունները խիստ թեթև կլինեն, Ասաց նա, քո գլխավոր գործը այն կլինի, որ գիշերները իմ խանութում պիտի պառկես, որքան կարելի է արթուն կերպով, որ հսկես դռան վրա։ Տոնավաճառի պատճառով գողերը բազմացել են։

Միամիտ մահմեդականի ուրախությանը չափ չկար։ Աղան շնորհեց նրան մի ռուբլի, հրամայեց, որ իսկույն բաղանիք գնա, մաքրվի, հագուստը փոխե և այն օրից սկսե ծառայությունը։

Ես ուրիշ հագուստ չունեմ, բացի դրանցից, որ տեսնում եք, Ասաց թաթարը։

Ես կտամ, պատասխանեց աղան։

Թաթարը մեծ գոհունակությամբ հեռացավ։

Քավոր Պետրոսի խանութը, իրավ որ, աոանձին հսկողության կարոտ էր։ Նրա մեջ գտնված հարստությունը կարող էր հրապուրել գողերի և ավազակների ախորժակը։ Շատերը նրան ճանաչում էին իբրև մի հայտնի ակնավաճառ, որի մոտ գտնվում էին խիստ հազվագյուտ գոհարներ։ Բայց ո՞րտեղից էին այղ գոհարները, ո՞վ տվեց նրան, ի՞նչու մինչև այժմ ես տեղեկություն չունեի նրանց գոյության մասին, այդ հարցերը սաստիկ հետաքրքրում էին ինձ։

Թաթարի բաղանիք գնալուց հետո քավոր Պետրոսը կողպեց խանութը և, իր երկայն չիբուխը թամբաքուի քսակի հետ տալով ինձ, ասաց, «Հետևիր ինձ՛»

Արևը վաղուց մայր էր մտած՛ փողոցներում վառվում էին ճրագները։ Բազմության աղմկալի անցուդարձը փոքր-ինչ դադարել էր։ Ես այն գիշեր փոխել էի իմ արջ պարածողի մուշտակը և հագած ունեի պարսիկ սպասավորի հագուստ։ Քավոր Պետրոսի երկայն չիբուխը ձեռքիս բռնած, նրա հետևից գնալով, ես կատարում էի այն տեսակ սպասավորների պաշտոնը, որոնք արևելքում միայն չիբուխ կամ ղեյլան են պատրաստում իրանց պարոնների ծխելու համար և մի տեղ գնալու ժամանակ հետևում են նրանց։

Քավոր Պետրոսը մտավ մի բուխարեցի վաճառականի մոտ։ Համեցեք, համեցեք ասելով նրան նստացրին սենյակի ամենապատվավոր տեղում։

Ես իսկույն պատրաստեցի չիբուխը և, մատուցանելով իմ պարոնին, խոնարհությամբ կանգնեցի սենյակի մի անկյունում, դռան մոտ և, ձեռքերս սրտիս դրած, սպասում էի, մինչև նա ծխե ու վերջացնե։

Բուխարեցին մի երիտասարդ վաճառական էր, որ բերել էր ահագին քանակությամբ Բուխարայի թանկագին մորթիք, մետաքսե և զանազան տեսակ ասիական ապրանքներ: Իր վաճառքները ծախած, վերջացրած լինելով, նա միտք ուներ նրանց փոխարեն գնել իրանց երկրին հարմար մի քանի տեսակ եվրոպական և Ռուսաստանի ապրանքներ, հետո վերադառնալ իր հայրենիքը»

Բերեցի՞ք, Հարցրեց նա քավոր Պետրոսից։

Քավոր Պետրոսը հանեց իր ծոցից մի արծաթյա տուփ ասելով.

Երդվում եմ Օմարի և Աբուբաքրի գլուխներով, որ ոչ Ստամբուլի սուլթանը և ոչ պարսից շահը չունեն այսպիսի գեղեցիկ գոհարներ իրանց գանձարանում։

Լսելով Օմարի և Աբուբաքրի անունները, ես հասկացա, որ քավոր Պետրոսը իրան ներկայացրել է որպես մահմեդական շիա աղանդից, որին և պատկանում էր երիտասարդ բուխարեցին ։

Ես ձեզ հավատում եմ, պատասխանեց բուխարեցին, ճշմարիտ է, լավ գոհարներ են, բայց թանկ եք գնահատում, շատ թանկ։

Լավ բանը լավ էլ գին կունենա, պատասխանեց քավոր Պետրոսը։ Բայց թող ես կույր աչքերով ներկայանամ Մուհամմեդի դրախտում և թող հավիտյան զուրկ մնամ մեծ մարգարեի լուսապայծառ դեմքը տեսնելուց, եթե սուտ լինեմ ասում։ Այդ պատվական գոհարները ես բոլորովին կես գնով եմ տալիս ձեզ։

Նա սկսեց արծաթյա տուփի միջից մեկ-մեկ դուրս բերել փայլուն գոհարներ, որոնք ճրագի լույսի առջև աստղերի նման վառվում էին։ Ես շլացած մնացի։ Ոչ սակավ շլացավ և երիտասարդ բուխարեցին, բայց վաճառականական խորամանկությամբ իր հիացմունքը թաքցնելով, պատասխանեց նա.

Դուք հավատացնում եք, թե կես գնով եք տալիս, բայց ես բավական թանկ եմ գտնում։ Իմ առաջարկած գինը պակաս գին չէ։ Ավելի լավ կանեք, որ ընդունեք և այս րոպեիս վերջացնեք գործը։

Ձեզանից, որպես մի հմուտ վաճառականից, աններելի է այդ լսել։ Մի՞թե կարելի է այս աստիճան ստորացնել իմ գոհարների արժեքը, ասաց քավոր Պետրոսը և դժգոհությամբ սկսեց թանկագին քարերը կրկին դարսել արծաթյա տուփի մեջ։

Պետք է ասած, որ երիտասարդ բուխարեցին ամենևին հմտություն չուներ առհասարակ վաճառականության մեջ, մանավանդ գոհարներ ճանաչելու կամ գնահատելու մեջ։ Քավոր Պետրոսը կամեցավ միայն շողոքորթել նրան։ Հարուստ հոր միակ զավակը լինելով, նրան առաջին անգամ վաճառականությամբ օտար աշխարհ էին ուղարկել նրա բախտը փորձելու համար։ Եվ, որպես խորհրդատու, անփորձ երիտասարդի հետ դրել էին նրա ծերունի դայակին, որը այն գիշեր ուրիշ տեղ հյուր էր գնացած։ Բայց ծերունի դայակի ներկայությունը այժմ այնքան հարկավոր չէր, որովհետև գոհարների մասին բանակցությունը սկսվել էր մի քանի օր առաջ, և ծերունի դայակը զանազան հասկացող ակնավաճառների ցույց էր տվել, գնահատել էին գոհարները։ Տարբերությունը քավոր Պետրոսի պահանջածի ու նրանց առաջարկածի մեջ հինգ հազար ռուբլի էր միայն։ Քավոր Պետրոսը երկու հազար ևս զիջում արեց և, վերջապես գինը հայտնելով, ասաց.

Քսան հազար ռուբլի, բոլորակ թիվ է, մի կոպեկ անգամ չեմ պակասեցնի։

Երիտասարդը համաձայնեցավ և հրամայեց իր գործակատարին իսկույն համբարել փողերը։ Քավոր Պետրոսը ստացավ և հանձնեց գոհարները, ասելով.

Թող ես Մուհամմեդի սուրբ ատամը կոտրող չարագործներից մեկը լինեմ, եթե սուտ լինեմ ասում, որ այդ առևտուրի մեջ ոչ միայն վաստակ չունեցա, այլ բավական վնաս եմ կրում։ Ես այդ գոհարները գնել եմ Հնդկաստանում մի հարուստ ռաջայից քսանևհինգ հազար ռուբլով։ Իսկ այժմ փոխարենը ստանում եմ միայն քսան հազար ռուբլի։ Ես վնասվեցա, բայց տացե աստված, որ դուք մեկին հազար օգուտ վեր առնենք։

Հույս ունեմ, Ասաց երիտասարդը ինքնաբավական ժպիտով։ Դուք բարի մուսուլման եք, ձեզանից կարելի է «խեյր» սպասել։

Հավատացեք, որ այդպես է, դուք չեք սխալվում, պատվելի պարոն, պատասխանեց քավոր Պետրոսը մի առանձին քերմեռանդությամբ։ Երբ հաջողությամբ կվերադառնաք ձեր հայրենիքը, իսկույն կտեսնեք իմ ձեռքի օրհնությունը, դուք այդ գոհարներից մի քանիսը կընծայեք Բուխարայի էմիրին, և նա անպատճառ կտա ձեզ մի քանի գավառների նահանգապետության պաշտոնը և գուցե ձեզ իր վեզիր կնշանակե։

Բուխարեցին սկսեց ուրախ-ուրախ ծիծաղել։ Գուցե այղ իսկ նպատակով գնեց նա գոհարները։

Քավոր Պետրոսը (այսինքն՝ խորասանցի ակնավաճառ Մաչադի-Մուհամեդ-Ղուլի- Աղան) բարի գիշեր ասելով, հեռացավ։ Ես չիբուխը ձեռքումս հետևեցի նրան։

Դրսում եղանակը բոլորովին փոխվել էր։ Անձրևը հեղեղի նման թափվում էր, այդ պատճառով փողոցներում մարդիկ հազիվ էին երևում։ Գիշերը այնքան խավար էր, որ եթե մատդ կոխելու լինեիր մեկի աչքը, բնավ չէր տեսնի։

Քավոր Պետրոսը հրամայեց ինձ հեռվից հեռու հետևել իրան։ նա գտավ նոր վարձված թաթար ծառային բաղնիքից վերադարձած, սպասում էր խանութի դռանը։ Աղան նրան ներս տարավ։ ճրագները վառվեցան:

Այդ միջոցին ես անցա խանութի դռնից, ծառան տեսավ ինձ և ճանաչեց։ Իմ այնօրվա վկայությունը նրա հավատարմության վերաբերությամբ, երևում էր, այնքան գրավել էր նրա սերը դեպի ինձ, որ խեղճը մտածեց մի բանով երախտամատույց լինել։ Նա չկամեցավ, որ ես անձրևի տակ մնայի, հրավիրեց իր մոտ։ Ես հրաժարվեցա, պատասխանելով, թե չեմ կարող ներս մտնել, գուցե նրա աղային հաճելի չէր լինի այդ։ նա ասաց, որ այդ մասին աղայից թույլտվություն կխնդրեք Իհարկե ստացավ թույլտվությունը։

Խանութը ուներ մի քանի բաժանմունքներ, մենք գտնվում էինք ծառայի սենյակում։ Այդ ժամանակ միայն ես մտածեցի հարցնել նրա անունը։

Ասկեր, ձեր ոտքի հողը, Ասաց նա։

Ասկերը բոլորովին մաքրվել էր բաղնիքում, նրան հարկավոր էր մի լավ հագուստ, որ օրինավոր սպասավորի կերպարանք ստանար։ Աղան ընծայեց նրան նույն հագուստը, որով ինքը այն գիշեր հայտնվել էր երիտասարդ բուխարեցու մոտ։ Ծառայի համար տիրական իրանից առնված հագուստը ամենամեծ պարգևներից մեկն է։ Ասկերը ընդունեց այդ թանկագին պարգևը երեխայական հրճվանքով։ Խեղճ մարդը չգի տեր, թե՛ որպես շնորհակալություն հայտներ իր նոր աղայի բարեսրտության համար։Աղան հրամայեց նրան, որ իսկույն հագնվի։ Երբ բոլորովին պատրաստ էր նա, ասաց, որ գնա խոհանոցում ղահվե պատրաստե։ Ասկերի հեռանալուց հետո քավոր Պետրոսը ինձ կանչեց իր մոտ։

Մուրադ, Ասաց նա, Ունե՞ս քեզ մոտ որևիցե զենք։

Մեծ դանակս մոտս է։

Այդ բավական է, Ասաց նա շտապով։ Ես գնում եմ, դու այդ հիմարի պարանոցը կկտրես... գլուխը կբերես քեզ հետ... իսկ մարմինը կթողնես այստեղ... այդ արկղը և խանութի կողպեքը կկոտրես... դուռը կիսաբաց կթողնես... ես գնում եմ քո արջի մոտ... այնտեղ կսպասեմ քեզ...

Այդ խոսքերը այնպիսի արագությամբ արտասանեց նա, որ ես ժամանակ չգտա բացատրություն պահանջելու։ Վստահ լինելով, որ իր պատվերները ճշտությամբ կկատարվեն, այլևս չսպասեց պատասխանի, Ասկերի շորերը հագավ և հեռացավ։

Երևում էր, որ Ասկերը սպասավորության մեջ բավական վարժված էր։ Տասն րոպե չանցած, ղահվեի լիքը գավաթները մատուցարանի վրա դրած, ներս բերեց։ Տեսնելով իր տիրոջ բացակայությունը, հարցրեց նա.

Ու՛ր գնաց աղան։

Դրացի խանութից կանչեցին նրան, շուտով կվերադառնա, պատասխանեցի ես։

Ասկերի սերը այն աստիճան վառված էր դեպի ինձ, որ մի առանձին մտերմությամբ տվեց ղահվեի գավաթներից մեկը և խնդրեց խմել։ Երբ վերջացրի, իսկույն մտաբերեցի քավոր Պետրոսի սոսկալի պատվերը։ Ի՞նչ պետք էր անել։ Ես մնացել էի շվարած։ Մի մթին, անորոշ զգացմունք ներսից տանջում էր ինձ։ Գուցե դա հանգած խղճի մի փոքրիկ կայծը լիներ, որ դեռ վառ էր մնացել իմ սրտում։ Երբեք և ոչ մի ժամանակ ես այնպես կանգ չէի առել եղեռնագործության առջև, որպես այդ րոպեում։ Կյանքից զրկել մի անմեղ մարդու, դա սարսափելի չարագործություն էր։ Եվ ինչի՞ համար, ի՞նչ էր արել նա։ Բայց մի՞թե դահիճը իրավունք ունի քննելու, մի՞թե իրավունք ունի խղճալու։ Ես դահիճ էի, ես մի կույր, անսիրտ գործիք էի։ Հրամայում էին մորթել, պետք է մորթեի...

Ես կանգնեցի։ Ասկերը տեսնելով, որ մենք մենակ ենք, երախտագետ սիրտը այլևս չհամբերեց։ Նա մոտեցավ, գրկեց ինձ և իր կուրծքի վրա սեղմելով, ասաց,

Ա՜խ, դու ո՜րքան լավ մարդ ես, շա՜տ լավ մարդ, աստված քեզ բարի տա: Եթե ինձ այդ աղայի մոտ չբերեիր, ես սովից կմեռնեի։

Դարձյալ կմեռնես... պատասխանեցի ես, և դանակը ցցվեցավ նրա կոկորդի մեջ...

Խեղճը դողդողաց և գլորվեցավ ցած...

Ես ամենայն ճշտությամբ կատարելով իմ վարպետի պատվերները, հեռացա, ինձ հետ տանելով ողորմելի Ասկերի կտրած կառափը։

Գալով քավոր Պետրոսի մոտ, հարցրի։

Ի՞նչ պետք է անել այդ գլխի հետ։

Ջարդիր, տուր արջիդ, թող ուտե։

Ես կատարեցի և նրա վերքին հրամանը։

Քավոր Պետրոսը այրեց Ասկերի շորերը, որ հագնելով դուրս էր եկել խանութից, և կրկին հագավ իր արջ պարածողի մուշտակը։

Մյուս առավոտ նա ուղարկեց ինձ փողոց, տեսնելու, թե ի՞նչ ձայն կա։ Դեռ նոր էին ուշադրություն դարձրել խանութի կոտրած կողպեքի վրա, դեռ նոր էին գտել մորթված դիակը և գոհարների խորտակված արկղիկը։ Ոստիկանությունը շրշապատել էր խանութը, ոչ ոքին չէին թողնում մոտենալ։

Ի՞նչ է պատահել, հարցնում էին մարդիկ միմյանցից: Այս գիշեր խորասանցի հարուստ ակնավաճառի գլուխը կտրել են, բոլոր գոհարները տարել են, լինում էր պատասխանը։

Աստված պատժեց նրան, ամբոխի միջից լսելի եղավ մի ձայն, այս գիշեր նա վաճառեց ինձ քսան հազար ռուբլու կեղծ գոհարներ ...

Ոստիկանությունը իսկույն կալանավորեց այդ մարդուն։ Դա երիտասարդ բուխարեցին էր։

Վերադառնալով քավոր Պետրոսի մոտ՝ ճանապարհին զանազան մտածություններ պաշարել էին ինձ։ Ես հասկանում էի, թե ինչ նպատակով խաղացվեցավ այդ ամբողջ դրաման։ Ես հասկանում էի, որ խեղճ Ասկերին խորասանցի ակնավաճառի հագուստի մեջ մորթել տալով, քավոր Պետրոսը կամեցավ կորցնել իսկական ակնավաճառի (այսինքն՝ իր) հետքերը։ Բայց ես չէի հասկանում մի բան։ Իրավ է, քավոր Պետրոսը, օգուտ քաղելով երիտասարդ բուխարեցու միամտությունից, վաճառեց նրան քսան հազար ռուբլու կեղծ գոհարներ։ Բայց ինձ հայտնի էր, որ նա սկզբում ցույց էր տվել բոլորովին բնական գոհարներ, հետո բնականի փոխարեն տվեց կեղծը, արհեստականը, նմանեցրածը։ Այժմ գլխավոր հարցը նրանումն էր, թե ո՞րտեղից ուներ քավոր Պետրոսը այն բնական գոհարները, որ ուրիշ շատ մարդկանց վրա ևս վաճառեց։

Մի ակնթարթում ծագեց իմ հիշողության մեջ վաղուց մոռացված անցքը, որ սկիզբն դրեց իմ դժբախտությանը։ Ես հիշեցի այն աղետալի բանալին, որ դարբնի աշկերտ եղած ժամանակս շինել էի քավոր Պետրոսի համար։ Ես հիշեցի նույն բանալիով ամրոցի մեջ պահված երկաթե արկղի բացվելը, և նրա միջից մեծ քանակությամբ գոհարների և զանազան թանկագին իրեղենների կողոպտվելը։ Ես հիշեցի վարպետիս կրած տանջանքները, նրա արհեստանոցը հարքունիս գրավելը։ Այդ բոլորը ինձ ասում էին, թե քավոր Պետրոսի այժմյան ակնավաճառությունը խորին կապ ուներ Պարսկաստանում մի ժամանակ կատարված գողության հետ։ Ես հիշեցի մի այլ փաստ, որ բոլորովին հաստատում էր իմ ենթադրությունները։ Երբ անց կացանք Երասխ գետից և առաջին անգամ ոտք դրեցինք ռուսաց հողի վրա, քավոր Պետրոսը մաքսատնից փախցնելու նպատակով իր ավանակի փալանի մեջ թաքցրեց զանազան իրեղեններ, որ հետո ամենայն զգուշությամբ աշխատում էր ծածկել ինձանից։ Մի՞թե այն իրեղենները այժմյան գոհարները չէին, որ գողացվել էին հիշյալ երկաթե արկղից, իմ ձեռքով շինված բանալիով։

Երբ այդ մասին փո՛րձեցի տեղեկանալ քավոր Պետրոսից, նա խիստ խոժոռ հայացքով նայեց իմ երեսին և լռեց...

Մենք մի քանի օր ևս մնացինք տոնավաճառում, պար ածեցինք մեր արջը և ապա հեռացանք։

Be the first who will comment on this

Other parts of "Խաչագողի հիշատակարանը"

Yatuk Music
Gayane - Lullaby
Aram Khachatryan

Gayane - Lullaby

Eastern motifs, 1886
Eastern motifs, 1886
Play Online