Raffi
Խաչագողի հիշատակարանը
2 - Ը
ՓՐԿՈԻԹՅԱՆ ՀՐԵՇՏԱԿԸ
Անցել էր ավելի քան մի ամիս այն օրից, որ մենք թողեցինք հրեա սեղանավորի գտնված քաղաքը։
Շատ երկար կլիներ, եթե մանրամասնաբար նկարագրեի մեր ամբողջ ճանապարհորդությունը։ Իմ հիշատակարանի այս գլուխը ես կիսով չափ համառոտում եմ։ Համառոտում եմ, որովհետև շտապում եմ ծանոթացնել ընթերցողին մի նոր դեպքի հետ, որը իմ սրտին շատ մոտ է...
Կարճ կասեմ, անցնելով զանազան գավառներից և փոքրիկ քաղաքներից, մենք արդեն գտնվում էինք կայսրության հարավային գավառում, Սև ծովի եզերքի մոտ։ Բնությունը այստեղ փոխվեցավ, անապատներից ազատվեցանք, երկիրը ավելի լեռնային էր։
Ամառային գեղեցիկ առավոտներից մեկն էր։ Մեր ճանապարհը գնում էր նեղ ձորի միջով, որ պատած էր խիտ անտառներով։ ճանապարհի մեկ կողքով զուգընթաց կերպով ձգվում էր խորին անդունդ, որի հատակում հազիվ նշմարվում էր լեռնային գետակը։ Իսկ ճանապարհի մյուս կողքին բարձրանում էին ապառաժներ, որ ծածկված էին ծառերով։
Ինձ հայտնի չէր, թե ո՞ւր էր տանում այդ ճանապարհը, կամ ի՞նչ էինք որոնում այդ վայրենի, համարյա անմարդաբնակ լեռների մեջ։ Ես միայն հիացած էի բնության գեղեցկություններով։ Երբեմն ես լսում էի առվակների խոխոջմունքը, որոնք թաքուն վազում էին թփերի միջով, երբեմն տեսնում էի նրանց ջրվեժը, որ նոր ծագող արեգակի աոաջին ճառագայթներից ծիածանի նման կամար էին կապում կանաչազարդ լեռան վրա։ Տեղ-տեղ հանդիպում էին հին ամրոցների ավերակներ, որ մնացել էին թաթարների տիրապետության ժամանակներից։
Կրկնում եմ, որ ես ամենևին տեղեկություն չունեի, թե ինչ նպատակով էինք ճանապարհորդում։ Միայն քավոր Պետրոսը մի բան որոնում էր այն լեռների մեջ. նա շտապում էր, որքան կարելի է, շուտով հասնել ծովի ափերին։
Մինչև կեսօր մենք գնում էինք միևնույն նեղ ճանապարհով, որ երկու կողմից սեղմված էր ծառերով։ Բայց դեռ ոչ մի բնակության չէինք հանդիպել և ոչ մի մարդու երես չէինք տեսել։ Շարունակել ուղին՝ անհնարին էր, որովհետև ձիաները սաստիկ հոգնած էին։ Պետք էր փռքր-ինչ հանգստանալ։ Մենք կանգնեցրինք սայլակը մի տեղում, ուր ձորի միջով անցնող գետակը ավելի բարձրից էր հոսում, և ջուրը բոլորովին մատչելի էր։ Իմ աոաջին հոգսը եղավ ձիաները ջրել և նրանց կեր տալ։ Հետո սկսեցինք հագեցնել և մեր քաղցը։
Ճաշելուց հետո քավոր Պետրոսը նստած էր մի ծառի հովանու ներքո և լուռ մտախոհության մեջ էր գտնվում: Սատանան գիտե, թե ի՛նչ էր մտածում նա։ Նրա այս տեսակ լռությունը միշտ նախագուշակում էր մոտալուտ փոթորիկ։ Ես ձանձրացա և մտա անտառը փոքր-ինչ ծառերի մեջ ման գալու համար։
Հեռու չգնաս, զգուշացրեց նա։
Ինչո՞ւ։
Այս տեղերը խիստ երկյուղալի տեղեր են։
Ես ինձ հետ կվեր առնեմ տապարս։
Այս զենքը իմ մարմնի անբաժանելի անդամներից մեկն էր:
Զարմանալի բան է, լինում են այնպիսի րոպեներ, երբ հասակ առած մարդն անգամ երեխա է դառնում։ Իմ մանկության զվարճությունները միտս եկան, սկսեցի քաղել և ուտել վայրենի պտուղներ։ Նրանք անզգալի կերպով հրապուրում էին ինձ ավելի հեռու և հեռու դեպի անտառի խորքը։ Ես բոլորովին մոռացա քավոր Պետրոսի պատվերը։
Հանկարծ իմ ականջին զարկեց մի ձայն, նա ավելի նման էր խուլ հառաչանքի։ Ես մոտեցա։ Ձայնը կրկնվեցավ։ Պարզ որոշեցի, դա կանացի ձայն էր, որ լսելի էր լինում ոչ այնքան հեռվից։ Ես թաքնվեցա թուփերի մեջ և այնտեղից սկսեցի գիտել։ Ի՞նչ եմ տեսնում, մեկ մանկահասակ աղջիկ, չոքած գետնի վրա, գրկել էր մի տղամարդի ոտքերը, աղաչում էր, պաղատում էր խնայել իր կյանքին։ Տղամարդը, կանգնած, բռնել էր նրա մազերից և վայրենի կատաղությամբ պատրաստվում էր սպանել։ Հենց որ նա սուրը բարձրացրեց, ես կայծակի արագությամբ վրտ հասա։ Իմ հասնելը և տապարիս զարկը կատարվեցավ միևնույն րոպեում։ Նա ընկավ գետնի վրա։
Աղջիկը ազատված էր։
Չարագործը լողում էր արյան մեջ։ Նա իր գազանային դեմքը դարձրեց դեպի ինձ, արձակեց մի քանի հայհոյանքներ և լռեց...
Ես սարսափելի խռովության մեջ ընկա, լսածս հայոց լեզվի բառեր էին։ Ուրեմն իմ ձեռքը շաղախվեցավ մի հայի արյան մեջ, որը մահվան տագնապի րոպեում, մոռանալով իրան, իր հայհոյանքները արտասանեց մայրենի լեզվով:
Այստեղ անպատճառ պետք է մի գաղտնիք լինի, մտածեցի ես և դարձա դեպի աղջիկը, որ զարհուրած նայում էր իմ վրա։
Ո՞վ ես դու։
Իմ հայրն ու մայրը մեռան խոլերայից:
Այդ մարդը ինչո՞ւ էր սպանում քեզ։
Գյուղացիք ինձ հաց էին տալիս, ես նրանց համար գուշակում էի...
Ես այդ չեմ հարցնում։ Այդ մարդը ինչո՞ւ էր սպանում քեզ։
Նա լավ մարդ չէ... նա շատ վատ մարդ է...
Ինչպե՞ս ընկար նրա ճանկը։
Ինձ բռնեց, երբ մի օր դառնում էի գյուղից։
Հետո՞։
Տարավ անտառը... այնտեղ ընկերներ ուներ, բոլորը չար մարդիկ էին... բոլորը ավազակներ էին։
Ի՞նչ արեցին քեզ։
Չարչարեցին... շատ չարչարեցին... էլ ինչո՞ւ էին սպանում քեզ։
Ես ասեցի, եթե ինձ բաց չթողնեք, կմատնեմ ձեզ։
Ի՞նչ բանում պետք է մատնեիր։
Նրանք թուղթ փողեր էին շինում։ Դու մատնեցի՞ր։
Չմատնեցի։ Ինձ տվին այդ մարդու ձեռքը, որ սպանե ինձ։
Գաղտնիքը մասամբ պարզվեցավ:
Այն մարդիկը հեռո՞ւ են կենում։
Այդ անտառի մեջ են։
Դու ճանաչո՞ւմ ես նրանց բնակարանը։
Ճանաչում եմ։
Կարո՞ղ ես ինձ ցույց տալ։
Ա խ, ես չեմ գնա այնտեղ, ես վախում եմ...
Դու գիտե՞ս ի՛նչ ազգից են նրանք։
Ես շատ լեզուներով խոսում եմ, բայց նրանց լեզուն չէի հասկանում։
Կարո՞ղ ես ինձ տանել նրանց մոտ։
Մի՛ գնացեք նրանց մոտ. նրանք լավ մարդիկ չեն։
Վերջին խոսքերը մի այնպիսի զգալի կերպով արտասանեց խեղճ աղղիկը, որ ես համոզվեցա իսկույն չգնալ ավազակների րնակարանը և վճռեցի նախ այդ անցքը հայտնեք քավոր Պետրոսին և ապա սպասել նրա կարգագրությանը։
Աղջիկը կլիներ հազիվ տասնութ տարեկան։ Նա ցիգանուհի էր, բայց ոչ Ռուսաստանի ցիգաններից, այլ հեռավոր երկրներից եկած, բայց ի՞նչ երկրներից, նա բացատրել չկարողացավ։ Նրան կոչում էին Նենե։ Նրա հայրը ածում էր արֆայի վրա, մայրը երգում էր, իսկ ինքը պար էր գալիս։ Այդ պարապմունքով թափառում էին և դրանով ապրում էին։ Ծնողները մինը մյուսից հետո, խոլերայից բռնվելով, մի շաբաթվա մեջ մեռան։ Նենեն մնաց որբ և անտեր։ Նա շարունակեց այնպես թափառել գյուղից գյուղ, քաղաքից քաղաք, մարդկանց համար գուշակություններ էր անում, հմայում էր և փող էր ստանում։
Նենեն իր ցեղին հատուկ լղարիկ կազմվածք ուներ, բայց սաստիկ դյուրաթեք, սաստիկ առաձգական էր նա։ Առհասարակ մի գեղեցիկ նրբություն արտափայլում էր նրա մարմնի յուրաքանչյուր գծերից։ Աչքերը սև և կրակոտ էին. գույնը նույնպես թուխ էր, որպես մազերը։ Բայց որքա՜ն կյանք կար նրա հայացքի մեջ, ո՛րքան պարզություն կար նրա խոսքերի մեջ...
Վերադառնալով քավոր Պետրոսի մոտ, ես չգիտեի ի՛նչ տեսակ հաշիվ և համար տամ իմ անտառում կատարած գործողության մասին։ Նա հեռվից տեսնելով ինձ Նենեի հետ միասին, հեգնեց, ասելով.
Որսորդությունդ հաջողակ է երևում, մենակ գնացիր, զույգով վերադարձար։
Նա նստած էր միևնույն ծառի հովանու ներքո, ուր առաջ թողել էի նրան։ Ես ոչինչ չպատասխանեցի, տարա Նենեին սայլակի մոտ։ Խեղճ աղջիկը այնպես շուտով մտերմացավ ինձ հետ, որ իսկույն հարցրեց,
Ասեղ ունե՞ս։
Ի՞նչ ես անում։
Դրանք պետք է կարկտնեմ։
Նա ցույց տվեց իր պատառոտված հագուստը։
Ես Նենեին թողեցի սայլակի մոտ և շտապեցի դեպի քավոր Պետրոսը։
Այդ ի՞նչ բան է, Հարցրեց նա այժմ խիստ սառն կերպով:
Ես առանց մի բան թաքցնելու պատմեցի նրան անտառում պատահած անցքը, պատմեցի բոլորը, ինչ որ լսել էի Նենեից։ Նա հետաքրքրությամբ լսում էր։ Ես կարծում էի, որ նա կհանդիմաներ ինձ իմ գործած աննպատակ սպանության համար, որի մեջ շահեկան կամ օգտավետ ոչինչ չկար։ Բայց նա գտավ դրա մեջ մի շահ։
Պետք է օգուտ քաղել այդ դեպքից, Ասաց նա, երբ ես վերջացրի աղետալի պատմությունը։
Ո՞րպես։
Այդ մարդիկ մեզ հարկավոր են...
Ինչո՞վ։
Աղջիկը չասա՞ց քեզ, թե նրանք շինում են կեղծ թղթադրամներ։
Ասաց։
Այդ բավական է։
Նա էլ չխոսեց, հրամայեց իսկույն լծել ձիաները։ Երբ սալյակը պատրաստ էր, ես հարցրի.
Ի՞նչ պետք է անել այդ աղջկա հետ։
Վե՛ր առ մեզ հետ։ Մենք պետք է առանձնանանք այդ անտառի մեջ մի ապահով տեղում, մինչև կստուգեինք, թե ո՛վքեր են այդ մարդիկ։ Քշի՛ր դեպի ձախ։
Արևը արդեն խոնարհվում էր դեպի իր մուտքը, երբ մենք մտանք մի ձոր, որ գոգավորվելով, կազմում էր մի նեղ ծոց անտառապատ լեռների մեջ։ Այստեղ իջևանեցինք։
Նենեն լուռ էր և տխուր։ Կարծես թե խեղճ աղջիկը մտածում էր, թե ավազակի ձեռքից ազատվելուց հետո կրկին ո՛րպիսի վիճակի ենթարկեց նրան դառն ճակատագիրը, կրկին ո՛րպիսի մարդկանց ձեռքը ձգեց։ Բայց նա դրա վրա չէր մտածում, նա քաղցած էր, նա մի քանի օր ոչինչ չէր կերել և սովից նվազել էր։ Ես իսկույն տվեցի նրան մի բան ուտելու, նա կազդուրվեցավ և ժպիտը երեսին ասաց.
Դուք լավ մարդիկ եք, ես ձեզ մոտ կմնամ՝ դուք ինձ չեք սպանի։
Երբ մութը բոլորովին պատեց, քավոր Պետրոսն ասաց ինձ.
Մուրադ, այդ աղջիկը ճանաչում է ավազակների բնակարանը, դրան վե՛ր առ քեզ հետ, գնացեք, լուր բերեցեք այն մարդերի մասին։
Ես իսկույն համաձայնվեցա։ Ինձ հետաքրքրում էր ավելի, այն, որ այն օր իմ սպանած մարդու բերանից լսեցի հայերեն խոսքեր։ Ի՞նչ գործ ուներ հայը այդ վայրենի, անմարդաբնակ լեռների մեջ։ Ես վեր առի, բացի տապարից, և մի զույգ ատրճանակներ։ Ամեն ինչ պատրաստ էր, միայն դժվար էր համոզել Նենեին, որ նա առաջնորգեր ինձ մինչև ավազակների բնակարանը։
Ա՜խ, մի՛ տարեք ինձ այնտեղ... նրանք չար մարդիկ են... ես վախենում եմ... կրկնում էր նա ողորմելի ձայնով:
Ինչո ւ ես վախենում, ես քեզ հետ եմ գալիս։
Դու կսպանես նրանց, այդպես չէ՞։
Կսպանեմ, եթ՜ե քեզ դիպչելու լինեն։
Հա՛, սպանի՛ր նրանց... նրանք աստված չունեն...
Նենեն այն օր իր աչքով տեսել էր իմ ձեռքի ուժը։ Նա շուտով համոզվեցավ, որ ես կկատարեմ իմ խոստմունքը։ Երեում էր, որ անբախտ աղջկա մանուկ կուրծքի մեջ բորբոքվում էր խիստ դառն վրեժխնդրություն դեպի այդ չարագործները, և այդ պատճառով, երբ վերջին խոստմունքը լսեց, իսկույն հոժարվեցավ ինձ հետ գալու։
Լուսնյակը լուսավորում էր հազիվ նշմարվող շավիղը, որ տանում էր դեպի ավազակների բնակարանը։ Այդ լեռնային շավիղը տեղ-տեղ կորչում էր խտությամբ աճած խոտաբույսերի մեջ և դարձյալ հայտնվում էր։ Նենեն գնում էր իմ մոտով և համարյա կպած էր իմ կողքին։ Նա իմ աջը բռնել էր իր փոքրիկ ձեռքի մեջ և մի այնպիսի հոգատարությամբ պահում էր, կարծես թե վախենում էր, չիցե թե թողնեմ նրան մենակ, գիշերային մթության մեջ ավազակների բնակարանի մերձակայքում, իսկ ես փախչեմ։
Հանկարծ նա կանգ առեց և, ընդհատելով մեր մեք տիրող լռությունը, ասաց.
Դու լավ մարդ ես։
Ի՞նչ գիտես։
Եթե դու չլինեիր, այն ավազակը ինձ կսպաներ։
Այդ աստված ազատեց քեզ։
Նա քեզ ուղարկեց, որ դու ինձ ազատես։
Այդ խոսքերի միջոցին նա իմ ձեռքը տարավ և սեղմեց իր բորբոքված շրթունքի վրա։ Դա նրա լուռ շնորհակալության նշանն էր: Բայց ո՞վ կարող էր նախագուշակել, որ այդ անմեղ աղջիկը, որը իր սրտի բոլոր ջերմությամբ երախտամատույց էր լինում ինձ, որպես իր կյանքի ազատչի, մի օր կլիներ իմ փրկության հրեշտակը...
Ա՛խ, որքա՜ն հիմար եմ ես, խոսեց նա հանկարծ մտաբերելով, ես մինչև հիմա չեմ հարցրել, թե ինչպես է քո անունը։
Մուրադ։
Մուրա՛դ, ի՜նչ գեղեցիկ անուն է, ի նչպես հեշտ արտասանվում է։
Մահվան երկյուղը այնքան տիրել էր խեղճ աղջկա սրտին, որ նա ամեն անգամ, երբ մտաբերում էր իր հետ կատարված անցքը, հարցնում էր.
Մուրադ, դու ինձ չես սպանի, այդպես չէ՞։
Ես քեզ իմ հոգու պես կպահեմ։
Նա նայեց իմ երեսին, և նրա աչքերը վառվեցան ուրախության բոցով։ Նա գոհ էր, նա ապահով էր։ Անտեր, անխնամ, թափառաշրջիկ, բախտի կամքին թողած որբիկը այժմ մի պաշտպան ուներ։ "
Անտառի խորքից նշմարվեցավ ճրագի աղոտ լույս։
Տե՛ս, այնտեղ են, ցույց տվեց Նենեն։
Շավիղը, որ տանում էր դեպի այդ կողմը, բոլորովին անհետացավ մացառների մեջ։ Մենք դժվարությամբ կարողանում էինք առաջ գնալ։ Նենեի առանց դրան ևս քրքրված հագուստը, բռնվելով փշոտ թփերից, պատառոտվում էր։
Դու այստեղ կսպասես, մինչև ես կվերադառնամ։
Ո՞ւր ես գնում, Հարցրեց Նենեն դողդոջուն ձայնով:
Այնտեղ, որտեղից երևում է ճրագի լույսը։
Ա՜խ, մի՛ գնացեք այնտեղ... մի՛ մտեք նրանց մոտ...
Նրան միամտացրի, ասելով, թե պետք է հեռվիից միայն նայեմ նրանց բնակարանին և այնքան գաղտնի կերպով, որ ինձ տեսնել չեն կարող։ Նա հանգստացավ։ Երևում էր, որ Նենեն այնքան երկչոտ չէր, որքան ես կարծում էի։ Նա մտածում էր իմ մասին, չիցե թե վտանգի հանդիպեի։ Խե՜ղճ աղջիկ, այն ի՞նչ զգացմունք էր, որ զարթեցրեց նրա մեջ մի այդպիսի կարեկցություն դեպի ինձ։
Նա մնաց թուփերի մեջ, ասելով, թե հեռվից կդիտե ինձ։ Ես ուղղեցի իմ ընթացքը դեպի այն կողմը, ուսկից նշմարվում էր լույսը։ Քառորդ ժամից հետո երևաց մի խրճիթ, որ թաքնված էր ծառերի ու պատատուկների մեջ։ Ամենայն զգուշությամբ, առանց մի թեթև շշուկ անգամ հանելու, մոտեցա։ Նշմարվող լույսը դուրս էր ցոլանում միակ պատուհանից, որ շատ բարձր չէր գետնի մակերևույթից։ Այդ ծակից կարելի էր դյուրությամբ հետազոտել խրճիթի ներսը։ Ի՞նչ եմ տեսնում: Մի քանի ուրախ դեմքեր բոլորել էին ընթրիքի սեղանի շուրջը, ուտում էին ու խմում էին։ Այդ հարբած, մոլեգնած հասարակության աղմուկն ու աղաղակը չէր թողնում մի բառ անգամ որոշել նրանց խոսակցությունից։ Մի քանի րոպե ես ականջ էի դնում, բայց իմ ականջներին չէի հավատում։ Տեր աստված, այդ ի՞նչ բան է։ Իմ ականջին դիպան Խաչատուր, Համբարձում, Մնացական անունները։ Դրանք հայի անուններ էին։ Ես լսում էի հայոց ձայներ, հայոց խոսքեր, իսկ և իսկ այն բարբառով, որպես խոսում էին իմ հայրենիքում...
Ինձ համար դրանց ի՛նչ տեսակ մարդիկ լինելը արդեն պարզված էր։ Շուտով թողեցի խրճիթը ու հեռացա, որովհետև չէի ուզում Նենեին երկար սպասել տալ։ Նրա ուրախությանը չափ չկար, երբ ողջությամբ վերադարձա նրա մոտ: Նա այժմ միամտաբար սկսեց գովել իմ քաջությունը։
Դու ղոչաղ տղա ես, Մուրադ, ասաց, գնացիր նրանց բնակարանի մոտ, ու քեզ ոչինչ չկարողացան անել։
Մենք շտապեցինք քավոր Պետրոսի մոտ։ Նա անհամբերությամբ սպասում էր մեզ։ Ես պատմեցի բոլորը, ինչ որ տեսա, ինչ որ լսեցի խրճիթում։ Նրա խոժոռ դեմքի վրա երեվացին մի տեսակ ցնցումներ, որ արտահայտություն էին նրա սրտի բերկրությանը։
Դա խաչագողների մի նշանավոր որջ է, Ասաց նա մի առանձին բավականությամբ։ Ես այդ մարդիկներին որոնում էի...