Raffi

Խաչագողի հիշատակարանը

3 - Զ

ԸՆԿԱ ԾՈԻՂԱԿԻ ՄԵՋ

Ես վճռեցի երբեք չվերադառնալ քավոր Պետրոսի մոտ։ Երեք օր էր, հորս խրճիթից դուրս չէի եկել։ Ես դատապարտված էի նույն վիճակին, որպես Նենեն՝ չերևալ խաչագողներին մինչև այստեղից հեռանայինք։

Բոլոր ժամանակը ես և հայրս զբաղված էինք ճանապարհի պատրաստություններով։ Նենեն շատ ուրախ էր, անդադար շտապեցնում էր մեզ. «Գնա՜նք, գնա՜նք, ասում էր, հեռանանք այստեղից»։ Պառավը նույնպես տխուր չէր երևում, նա շուտով հաշտվեցավ հորս հետ բաժանվելու մտքի հետ, երբ իմացավ, որ նա մի հեռու երկրում կին ունի, զավակներ ունի և ցանկանում էր, որ ծերունին գնա իր ընտանիքը ուրախացնե։ Հայրս իր խրճիթը բոլոր պարագայով թողնում էր պառավին։

Ամեն ինչ պատրաստ էր ճանապարհի համար, մնում էր գրաստներ վարձել, տեղափոխվել մինչև մերձակա քաղաքը և այնտեղից փոստային սայլակներով առաջ գնալ։ Չորրորդ օրը վաղ առավոտյան ես ուղևորվեցա դեպի մոտակա գյուղը գրաստներ վարձելու համար։

Դուրս գալով հորս խրճիթից, զգում էի իմ մեջ մի անբացատրելի խաղաղություն, իմ սիրտը լցված էր անսահման ուրախությամբ, ես ինձ բախտավոր էի համարում և գոհ։ Կարծես թե ես ազատված լինեի խիստ ծանր շղթաներից, որ հարաժամ ճնշում էին, հարաժամ տանջում էին ինձ։ Այո , ես ազատված էի քավոր Պետրոսի կապանքներից, ազատված էի մի անբարոյական շրջանից...

Որպես մի մարդ, որ դեռ հազիվ զգաստացել է իր կատաղի արբեցությունից, ես մտաբերում էի իմ սարսափելի անցյալը... տեսնում էի աքն խորին անդունդը, լցված ամեն տեսակ ապականություններով, ուր բարոյապես ընկած էի ես... Ո՞վ դուրս հանեց ինձ այնտեղից՝ Նենեն և հայրս։ Հայրս սովորեցրեց լինել բարի, իսկ Նենեն սովորեցրեց սիրել...

Նախախնամության մատն էի տեսնում այդ բոլոր դեպքերի մեջ, որ առիթ տվին ինձ ազատելու Նենեի կյանքը և հանդիպելու հորս։ Թե՛ առաջինը և թե՛ վերջինը առաջնորդեցին ինձ դեպի ուղղություն։ Եթե Նենեն չլիներ, ես առիթ չէի ունենա հորս տեսնելու, իսկ եթե հորս չտեսնեի, ես գուցե միշտ կմնայի խաչագողների խմբի մեջ...

Դեռ արևը չէր ծագել, դեռ տիրում էր վաղորդյան մռայլը։ Գնալով դեպի մոտակա գյուղը, ես իմ գլխում կազմում էի մի գեղեցիկ ծրագիր մեր ապագայի մասին։ Ես պատկերացնում էի սիրելի հայրենիքը... իմ և հորս վերադարձը... մորս և քույրերիս ուրախությունը... և մեր խաղաղ ու հանգիստ կյանքը հայրենական օջախի կողքում...

Բայց ինձ տանջում էր մի ամենադժվարին հարց, թե ի՞նչ պետք էր անել Նենեի հետ։ Ես գիտեի, որ նա ինձանից չի բաժանվի, ես զգում էի, որ նրան թողնել չեմ կարող... Այդ հարցը երկար զբաղեցնում էր իմ միտքը, երկար ես տարուբերվում էի զանազան մտածությունների մեջ։ Իմ սիրային ասպարեզում միմյանց հետ մրցում էին երկու էակներ՝ Նենեն և Սառան։ Որի՞ն պետք էր ընտրել...

Ճանապարհը, որ տանում էր դեպի մոտակա գյուզը, պետք է անցներ այն ձորի միջով, ուր գտնվում էր խաչագողների բնակարանը։ Այղ պատճառով ես որոշել էի արևածագից առաջ, առավոտյան մթության պահուն անցնել այնտեղից, որպեսզի նկատելի չլինեմ։

Դեռ բավական մութն էր, երբ հասա այնտեղ, բայց իմ ուշադրությունը գրավեցին որոտման խուլ ձայներ, կարծես թե արձակում էին ատրճանակներից, ես կանգնեցա։ Ձայները լսվում էին ուղիղ այն կողմից, որտեղ գտնվում էր նրանց բնակարանը։ Հետաքրքրությունը մոլորեցրեց ինձ։ Ես բարձրացա մի բլուրի վրա, սկսեցի այնտեղից նայել։ Իմ առջև բացվեցավ մի հրեղեն լճակ։ Ամբողջ ձորը վառվում էր կրակի մեջ։ Հրդեհը խաչագողների բնակարանից տարածվել էր անտառի մեջ։ Ամառային տոթից ցամաքած ծառերը այրվում էին։

Կրակի բոցերը դուրս էին հոսում խաչագողների բնակարանից և տարածում էին նրա շուրջը սարսափելի լուսավորություն։ Միլիոնները այրվում էին։ Մի կողմում ածած էին թղթերի կիսավառ կապոցները։ Հրդեհը ոչնչացնում էր կեղծ գործի կեղծ արդյունքը։

Հրդեհի լուսավորության միջից երևում էին զինված մարդիկ, որոնք կարծես թե խուզարկություններ էին անում։ Ոմանք կալանավորված էին, շղթաների մեջ պահված էին, ոմանք փախչում էին։ Անտառի մեջ հետամուտ էին լինում, որոնում էին փախստականներին։ Մթության մեջ ընդդիմադրություններ էին կատարվում, այդ ժամանակ լսելի էր լինում ատրճանակների ձայնը։

Ի՞նչ էր պատահել։ Ինչ էլ որ լիներ, այդ սոսկալի տեսարանը մի լավ թան չէր գուշակում։ Ես մտածեցի հեռանալ։ Այդ միջոցին լուսավորությունը ավելի տարածվեցավ, կարծես, ամբողջ հորիզոնը վառվում էր կրակի մեջ։ Այժմ միանգամից բոցավառվելով, այրվում էին չոր խոտի դեզերը, որ խաչագողները հավաքել էին իրանց ջորիների համար։ Լուսավորությունը հասնում էր մինչև այն բլուրը, որի գագաթին կանգնած էի ես, իմ պատկերը մի անշարժ արձանի նման նկարված էր բլուրի բարձրության վրա։ Ստորոտից լսելի եղավ մի ձայն,

Դա էլ մեր ընկերն է...

Իսկույն վրա հասան մի քանի զինված մարդիկ և կալանավորեցին ինձ։ Եղելությունը արդեն հայտնի եղավ ինձ. ես ընկա ծուղակի մեջ...

Խաչագողը, որ մատնեց ինձ, միևնույն անձն էր, որին կոչում էին «էշի ականջ»։ Նրան փախչելու ժամանակ ճանապարհից բռնել էին և ետ էին բերում։ Այդ մարդը հայտնի էր ամբողջ խումբի մեջ իր վատություններով։ Ես դարձա նրան, ասելով,

Չե՞ս ամաչում...

Դու պիտի ամաչես, պատասխանեց նա լրբաբար, Դու մատնեցիր մեզ, և կարծում էիր, թե ինքդ ազա՞տ կմնաս...

Ե ս մատնեցի ձեզ...

Այո՛, դու, ապա ո՞վ։ Դու խաբեցիր մեզ, դու հեռացար մեզանից, դու թաքնվեցար ծերունի ձկնորսի խրճիթում, որտեղ թաքցրել էիր և այն աղջկան, որին հանձնել էին քեզ սպանելու համար...

Այդ դու որտեղի՞ց գիտես։

Ես երկու ամբողջ գիշերներ խավարի միջից, ձկնորսի խրճիթի լուսամուտներից նայում էի ձեզ վրա... և այդ հրդեհը պիտի կատարվեր այնտեղ... և ձեզ բոլորիդ պիտի այրեինք կրակի մեջ... բայց դու, անպիտան, ավելի ճարպիկ գանվեցար մեզանից... մի քածի համար մատնեցիր մեզ...

Ես ոչինչ չպատասխանեցի, ինձ ավելի ծանր էր լսել նրա հայհոյանքները և անպատիժ թողնել նրան, քան թե այն կապանքները, որ այդ րոպեում կաշկանդել էին ինձ։ Սկսեցին մեզ տանել դեպի խաչագողների բնակարանի կողմը։

«էշի ականջի» խոսքերից երևաց, որ իմ բացակայությունը կասկածանքի մեջ էր ձգել ընկերներիս, նրանք սկսել էին որոնել ինձ և գտել էին ձկնորսի խրճիթում։ Նենեին կենդանի տեսնելը ավելի շփոթեցրել էր նրանց, մանավանդ քավոր Պետրոսին, որին ես Հավատացրել էի, թե սպանել եմ այդ աղջկան։

«էշի ականջին» հանձնված էր եղել գաղտնի հսկել իմ գործողությունների վրա, տեղեկություններ հավաքել, մինչև ընկերությունը կպարզեր այղ մթին և կնճռոտ հարցը և կտար իր վճիռը իմ մասին։ Բայց ես ինչո՞վ էի առիթ տվել նրանց մտածելու, թե ես եմ մատնել նրանց՝ այդ ես հասկանալ չկարողացա։

Արեգակը իր առաջին ճառագայթները խառնեց հրդեհիբոցերի հետ, երբ մեզ հասցրին խաչագողների բնակարանիմոտ։ Երևում էր, որ իրանք, խաչագողները, կրակ էին տվելայդ բնակարանին, որպեսզի մոխրի մեջ անհետացնեն իրանց արհեստի նշանները։

Երբ բոլորովին մոտեցա, տեսնում եմ՝ խաչագողներից մի քանիսը շղթայակապ պահվում են զինվորների ձեռքում։ Ամբողջ ձորը շրջապատված էր բազմաթիվ պահապաններով։ Այսուամենայնիվ, մի քանիսին հաջողվել էր փախչել, թեև ոստիկանությունը վրա էր հասել այն ժամանակ, երբ բոլորը դեռ քնած էին։

Քավոր Պետրոսը նույնպես կալանավորների թվումն էր» նա խիստ անխռով կերպով կանգնած էր իր շղթաների մեջ և նույնպես հպարտ էր, որպես միշտ։ Առաջին անգամ չէր, որ նրա հետ պատահում էին այսպիսի «խաղեր»։ Նա իր կյանքում գուցե հարյուր անգամ գործ էր ունեցել ոստիկանության հետ։ Երբ տեսավ ինձ, խիստ դաժան կերպով նայեց իմ վրա և ոչինչ չխոսեց, բայց ես նրա թունավոր հայացքի մեջ կարդացի այդ խոսքերը. «Դու էլ, Մուրադ, դավաճանեցիրինձ...»:

Խուղարկությունը անտառի մեջ տևեց մինչև կեսօր, խաչագողներից ոմանք տնակի ստորերկրյա գաղտնի ճանապարհներով դուրս էին եկել և անհետացել էին ծառերի ու թուփերի մեջ։ Նրանց գտնել չկարողացան։ Կալանավորների թիվը, բացի ինձանից, չորս հոգի էին։

Հրդեհը արդեն բոլորովին լափել էր այն բնակարանը, որ մոտ մի տարի եղել էր կենտրոն սարսափելի չարագործությունների։ Երբ ամեն ինչ վերջացած էր, մեզ սկսեցին տանել դեպի մերձակա քաղաքը։ Մի բան, որ իմ կորստյան այն դառն ճգնաժամում մտաբերեցի ես, էր Նենեն։ Խե՜ղճ աղջիկ, դու դարձյալ մնացիր անտեր..»

Երկյուղը և հուսահատությունը, որ այսպիսի դեպքերում տիրում են հանցավոր սրտին, ինձ բոլորովին զգալի չեղան։ Կարծես թե ես համոզված էի, թե հարկավոր էր, որ այսպես լիներ, թե այն ճանապարհը, որ ես բռնել էի, ինձ պետք է հասցներ մինչև այստեղ, թե ես պետք է պատժվեի և իմ տանջանքներով քավեի իմ գործած մեղքերը...

Երեք օրից հետո մեզ հասցրին մերձակա քաղաքը և փակեցին բերդի մեջ։ Գիշեր էր։ Բանտի մի անկյունում, թեք ընկած հարդի վրա, հեռու իմ ընկերներից, տխուր մտածությունների մեջ տանջվում էի ես։ Հազիվհազ ինձ համար ծագեց կյանքի մի նոր առավոտ, հազիվհազ ինձ ազատված էի համարում մի անբարոյական հասարակությունից, հազիվհազ սկսվում էր ինձ համար արդար ապրուստի մի նոր եղանակ, և ահա տխուր հանգամանքները ինձ ձգեցին մի նոր դժբախտության մեջ։ Ինչո՞վ կվերջանար այղ, ես չգիտեի, բայց համոզված էի, որ ես ընդերկար պիտի բաժանված մնամ սիրելի ծնողներից, սիրելի բարեկամներից, և ես գուցե մյուս անգամ չպիտի կարողանամ տեսնել Նենեին։

Այդ մտածությունների մեջ էի ես, երբ իմ ընկերները, բանտի մի այլ կողմում խումբով նստած, թուղթ էին խաղում, ծիծաղում էին, հանաքներ էին անում, կարծես թե իրանց տանը լինեին։ Քավոր Պետրոսը նրանց մոտ էր. նա չէր խաղում, բայց նայում էր նրանց խաղի վրա։ Նա րաժանվեցավ խմբից և մոտեցավ ինձ։

Մի մարդու թե՛ բարոյական և թե մարմնական տգեղությունները այնքան նշմարելի չեն լինում, երբ նայում ես նրանց վրա բարեկամի աչքով։ Բայց երբ սկսեցիր ատել նրան, այն ժամանակ միայն հայտնվում է նա իր բոլոր այլանդակությամբ։ Այսպես ներկայացավ ինձ քավոր Պետրոսը, երբ մոտեցավ իր սովորական սառնությամբ։

Դու քեզ վա՞տ ես զգում, Հարցրեց նա։

Ոչ, պատասխանեցի ես։

Ապա ինչո ւ ես այդպես տխուր։

Բանտում ուրախ չեն լինում։

Այդ իրավ է, բայց տխրելն էլ թուլասրտության նշան է:

Նա նստեց իմ մոտ և սկսեց զանազան խրատներ տալ։

Չվախենաս, Մուրադ, այդպիսի դեպքեր շատ են պատահում մեզ հետ։ էգուց շատ կարելի է սկսվի մեր քննությունը, դու պետք է չհայտնես քո իսկական անունը, քո հայրենիքը և ի՛նչ ազգի կամ ի՞նչ դավանության պատկանելը։ Ընտրիր քեզ համար մի կեղծ անուն, ձևացրու քեզ ուրիշ ազգից և ուրիշ երկրից։ Ուրացի՛ր ինչ մեղադրանք որ կդնեն քեզ վրա. այնուհետև քո ազատվելը դժվար չի լինի։

Ես պատասխանեցի խորին զզվանքով.

Որքան խաբեցի, որքան սուտ խոսեցի, բավական է։ Ես այսուհետև պետք է ճշմարիտը խոսեմ։

Նա սկսեց զարմացած կերպով նայել իմ երեսին։

Ի՞նչ է պատահել քեզ հետ, գժվե՞լ ես, ի՞նչ է։

Ես այժմ ավելի խելացի եմ, քան թե երբեք։

Դու կամենում ես կորցնե՞լ քեզ։

Ես այն օրից կորա, երբ սկսեցի հետևել քո խրատներին ։

Այժմ նրա դեմքի վրա երևացին բարկության նշաններ։ Բայց շուտով անցավ բարկությունը և ցավակցական եղանակով խոսեց նա.

Ես չէի հավատում, Մուրադ, և հիմա էլ չեմ հավատում այն կասկածանքին, որ քո ընկերները ունեցան քո մասին, իբր թե դու, առանց որևիցե պատճառի, հեռացար նրանցից և մատնեցիր նրանց։ Բայց ես հավատում եմ մի բանի, որ այժմ քո խելքը իր տեղումը չէ, ես նկատում եմ քո մեջ խելագարության նշաններ։ Դու այլևս այն չես, ինչ որ էիր առաջ։

Այդ իրավ է, ես այժմ այն չեմ, ինչ որ էի առաջ, և այդ ապացույց է, որ այժմ իմ խելքը իր տեղումն է, իսկ առաջ խելագար էի։

Նա կրկին զայրացավ, ասելով.

Ողորմելի՜, ո՞վ փչեց հիմա գլխումդ այդ ցնորքները։ Դու կարծում ես, որ ես այժմ չգիտե՞մ, թե ի նչպես մի թափառական աղջկա համար խաբեցիր ինձ։ Նրա սերը խելքից հանեց քեզ, և դու վճռեցիր բաժանվել քո բարերարից, որ այնքան տարի իր որդու պես սնուցել էր քեզ։ Հայց աստված պատժեց քեզ քո ապերախտության համար, քո ճանապարհը կրկին դարձրեց դեպի մեր կողմը, որ այդ բանտին, այդ շղթաներին մասնակից լինես և դու։

Այդ բանտը, այդ շղթաները իմ հին մեղքերի համար է, պատասխանեցի ես։ Բայց եթե ես գործել եմ իմ կյանքում մի բարի գործ, այդ այն է, որ ես խաբեցի քեզ և չկատարեցի քո պատվերը զրկել կյանքից մի անմեղ աղջկա։

Որին դու սիրեցիր։

Այո՛։

Որը մեր բոլորին մատնեց։

Այդ սուտ է, այդ զրպարտություն է։ Նա չէ մատնել ձեզ։

Նա պատասխանեց ինձ ավելի հանդիմանական եղանակով.

Ինչո՞ւ ես խաբում ինձ, դու մի քանի րոպե առաջ ասում էիր, որ այլևս սուտ չի պիտի խոսես։ Միթե քեզ հայտնի չէ , որ այն աղջիկը սպառնացել էր մատնել ամբողջ ընկերությունը, այդ պատճառով էլ վճռել էին սպանել տալ նրան։ Մի դիպվածով դու նրա կյանքը ազատեցիր և դրանով միջոց տվեցիր նրան կատարելու իր վրեժխնդրությունը։

Բոլորովին սխալ է ձեր ենթադրությունը, պատասխանեցի ես։ Զեզանից բաժանվելուց հետո, եթե դուք ինձ հանձնե՛լ էիք «էշի ականջին» լրտեսել իմ գործողությունները, այն ևս պետք է լավ հայտնի լինի ձեզ, որ այն աղջիկը ձկնորսի խրճիթից ոչ մի տեղ չի հեռացել, ուրեմն և չէր կարող մատնել ձեզ։

«էշի ականջը» գտավ քեզ ձկնորսի խրճիթում քո բացակայությունից երկու օր հետո, նա չէր կարող տեղեկություններ հավաքել, թե մինչև այնօր թե դու, և թե այն աղջիկը ի՛նչպես էիք անցուցել։

Մեր վիճաբանությունը քավոր Պետրոսի հետ տևեց երկար, ես դարձյալ չկարողացա համոզել նրան, թե Նենեն մեղավոր չէր մատնության գործի մեջ։ Հանգամանքները ինքնըստինքյան այնպես էին կազմվել, որ Նենեի կարծիքական վարմունքը հավանական էին դարձնում։ Այդ անբախտ աղջիկը ընկել էր խաչագողների ձեռքը, նրան չարչարել էին. նա սպառնացել էր, եթե իրան բաց չթողնեն, կմատնե նրանց, այդ երկյուղը առիթ էր տվել խաչագողներին սպանելու նրան, ես։ Ազատեցի նրա կյանքը, և մի քանի օրից հետո կատարվեցավ մատնությունը, խաչագողներին կալանավորեցին։ Այլևս ո՞ւմ վրա կարող էին նրանք կասկած ունենալ, եթե ոչ կա՛մ իմ, կա՛մ Նենեի վրա։ Քավոր Պետրոսը, թեև չէր հավատում, որ ես կդավաճանեի նրան, այնուամենայնիվ, նա ինձ բոլորովին արդար չէր համարում, հայտնելով նույն միտքը, որ եթե ես նրա հրամանը կատարած լինեի և Նենեին սպանած լինեի, այնուհետև այդ դժբախտությունը տեղի չէր ունենա։ Նրա բարկությանը չափ չկար, թե ինչպե՞ս ես համարձակվեցա խաբել նրան։ Բայց այդ բարկությունը մասամբ մեղմանում էր, երբ նա ի նկատի էր առնում իմ սիրահարությունը, որը նրա կարծիքով մինչև խելագարության էր հասցրել ինձ։ Բայց նա, որպես երևում էր, դեռ չգիտեր հորս հետ իմ հանդիպելը, եթե հայտնեի, գուցե կփարատեր թե նրա և թե ընկերներիս կասկածը իմ անհավատարմության մասին։ Քավոր Պետրոսը ներող էր, երբ իրավացի փաստեր էին ներկայացնում։ Բայց ես այլևս փույթ չունեի իմ անձը արդարացնելու նրա առջև։ Նա հեռացավ, հետևյալ խոսքեքը ասելով,

Օրենքի դատապարտությունից ավելի հեշտ է ազատվել քեզ, բայց ես չգիտեմ, ինչպե՞ս դու պիտի ազատվես քո ընկերների վրեժխնդրությունից...

Այդ խոսքերը սարսափելի էին, սարսափելի էին ավելի այն պատճառով, որ դուրս էին գալիս մի խաչագողի բերանից։ Բայց ես լսեցի խորին արհամարհանքով, և այդ ավելի վիրավորեց նրան։ Այդ անգութ մարդը դեռ սիրում էր ինձ, թեև թաքցնում էր իր սերը, դեռ մտածում էր իմ մասին, դեռ հոգ էր տանում իմ վրա։ Ես տեսա, թե ի՛նչպես նա վշտացած կերպով հեռացավ, գնաց նստեց բանտի մի մթին անկյունում և, գլուխը քաշ գցած, տխուր մտածությունների մեջ ընկավ։ Մի՞թե նա զգում էր, որ ես նրա դաստիարակության թշվառ զոհն էի...

Երբեք չէր պատահել, որ ես այնպիսի համարձակությամբ խոսեի քավոր Պետրոսի հետ, որպես այն գիշեր։ Կարծես թե հանցավորի կապանքները մի տեսակ ազատություն են շնորհում նրան։ Շղթաների մեջ թե՛ մեծավորը, և թե՛ ստորադրյալը հավասար իրավունք են վայելում։ Մեր վիճաբանությունը թեև խիստ տաք էր, բայց անցավ հանդարտ կերպով, այնպես, որ մեր մյուս ընկերները, որոնք զբաղված էին թղթախաղով, ոչինչ չլսեցին։ Այժմ նրանք վերջացրել էին իրանց խաղը և սկսել էին միմյանց հետ զանազան հանաքներ անել։ Ւնձ վրա ուշադրություն անգամ չէին դարձնում։ Ես խորին զզվանքով լսում էի նրանց զվարճությունները։

էգուց կսկսվի մեր հարսանիքը, Ասում էր մեկը, հիշեցնելով քննության սկսվելը։

Տո՛, Հարո, այդ քանիերո՞րդ անգամն է, որ ոտներդ հագնում ես այդ զանգուլակները, Հարցնում էր մի մանկահասակ խաչագող ծերունի ընկերից, ցույց տալով նրա շղթաները։

Սատանան գիտե, մոռացել եմ հաշիվը, պատասխանում է ծերունին ինքնաբավական ժպիտով։

Դու նրանից այդ հարցրու, թե քանի՞ անգամ փախել ես «կարմիր տնից», մեջ մտավ մի կարճահասակ խաչագող։

«Կարմիր տունը» կոչում էին նրանք Սիբիրը։

Այդ հարցնելու հարկ չկա, պատասխանեց առաջինը, չե՞ս տեսնում, հաշիվը ճակատի վրա գրած է, երկու դրոշմ, կնշանակե երկու անգամ։

Այս անգամ երրորդ դրոշմը կդրվի, պատասխանեց ծերունի Հարոն, շարունակելով իր ժպիտը. երե՜ք դրոշմ, վատ չէ, խորհրդավոր թիվ է։

Այդ ժամանակ դեռ գործադրվում էր այն օրենքը, որ աքսորականների ճակատի վրա դրոշմ էին դնում։

Ապա դու ինչպե՞ս փախար բերդից, Հարցրեց մեկը իր ընկերից, որին կոչում էին Զաքո։

Այդ ի՞նչ մի զարմանալու բան է, պատասխանեց Զաքոն, շատ հեշտ կերպով։ Ինձ դրեցին բերդը։ Ընկերս, որ ավելի հանցավոր էր, քան թե ես, չբռնվեցավ։ Նա իր հագուստն ու կերպարանքը փոխեց և, իրան ձևացնելով իմ ազգական, թույլ տված օրերում գալիս էր ինձ տեսության։ Ամեն անգամ բերում էր ինձ համար սպիտակ հաց և այլ ուտելիքներ։ Վերջապես հասավ զատկի տոնը։ Այդ տոնը կալանավորների վրա թափում է իր ողորմությունը։ Բարեպաշտ մարդիկ իրանց տան պատրաստությունից նրանց համար բաժին են ուղարկում։ Այդ տոնին չմոռացվեցա և ես։ Ընկերս բերեց ինձ համար մի ամբողջ հաց և սառը փլավ։ Աքդ երկրի հացերը, փառք աստծո, մեր բարակ և թափանցիկ լավաշները չեն, նրանք այնքան ահագին են, որ ամեն բան կար՛ելի է նրանց մեջ թաքցնել։ Հացի մեջ դրած էր փոքրիկ սղոց և աբրեշումի երկայն պարան։ Առաջինը բավական էր բանտի լուսամուտներից մեկի երկաթյա վանդակապատը կտրելու, իսկ երկրորդով այնտեղից ցած իջնելու։

Իսկ պահապանները չնկատեցի՞ն։

Զատկի տոնին մի՞թե կարելի է մի պահապան գտնել, որ հարբած չլինի։

Այս տեսակ խոսակցություններ տևեցին մինչև կեսգիշեր։ Ես այլևս լսել չկարողացա։ Մի կողմից հոգնածությունը, մյուս կողմից հոգեկան տանջանքը այն աստիճան թուլացրել էին ինձ, որ երկար արթուն մնալ չկարողացա։

Be the first who will comment on this

Other parts of "Խաչագողի հիշատակարանը"

Yatuk Music
Vagharshapat
Komitas

Vagharshapat

Eastern motifs, 1886
Eastern motifs, 1886
Play Online