Raffi

Խաչագողի հիշատակարանը

1 - Բ

Բ

ԿՐԿԻՆ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆ

Դուրս գալով անտառից, սկսեցի դիմել մեր գյուղը։ Անդադար նայում էի դեպի «աղոթարանը», որ տեսնեմ, արդյոք չէ՞ ծագում օրը։ Դեռ բավական գիշեր կար։ Խավարը ինձ պետք էր, մթության մեջ ես շատ բան ունեի կատարելու...

Մտա մեր գյուղը։ Նա նիրհում էր խորին քնի մեջ, միայն երբեմն մի որևիցե անհամբեր շան անխորհուրդ աղաղակը ընդհատում էր գիշերային լռությունը։ Իմ սիրտը բաբախում էր և՛ ուրախությունից, և՛ տրտմությունից։ Ուրախ էի, որ պիտի տեսնեմ մորս, քույրերիս և վերջապես Սառային։ Տրտում էի, երբ հիշում էի վարպետիս ցավալի դրությունը։

Ես վճռել էի մի սարսափելի դիտավորություն, նախ գնալ քավոր Պետրոսի մոտ, առաջարկել նրան, որ դիմե դատավորին և հայտնե, թե ինքն է կատարված չարագործության հեղինակը և ազատե անմեղ վարպետիս կյանքը։ Ւսկ եթե քավոր

Պետրոսը այնքան ազնվություն չի ունենա, որ հանձն առնե իմ առաջարկությունը, ես երդվել էի իմ սուրը ցցել նրա նենգավոր սրտի մեջ, և, նրա դիակի վրայից անցնելով, ինքս անձամբ գնալ այն հրապարակի վրա, ուր պիտի կատարվեր վարպետիս դատապարտության վճիռը, և իմ ձեռքը մեկնել դահճին, ասելով, «Կտրեցեք այդ բազուկը, այդ ձեռքով է շինված այն բանալին»...

Այդ մտածություններով բորբոքված, ես արդեն գտնվում էի քավոր Պետրոսի դռան հանդեպ։ Սկսեցի դռան մուրճը զարկել։

Հայտնվեցավ ծառան, հայտնեց, որ աղան տանը չէ։

Ի՞նչպես տանը չէ, հիմար, գոչեցի ես և, չհավատալով նրա խոսքերին, ներս մտա։

Ասում եմ տանը չէ, էլի՜, պատասխանեց նա մրթմրթալով, գնա աչքովդ տես, թե կգտնես, այն ժամանակ ասա ինձ հիմար։

Իսկ քավորկի՞նը։

Քավորկինը քնած է։

Բայց մեր ձայնից քավորկինը արդեն զարթնել էր, նա կիսահագնված, ճրագը ձեռին դուրս եկավ բակը, ուր ես վիճում էի ծառայի հետ։

Ա՜խ, Մուրադ, զավակս, դո՞ւ ես, Ասաց նա դառն հառաչանքով և մոտեցավ, գրկեց ինձ։

Ես ապշած մնացի։

Փա՜ռք քեզ աստված, փա՜ռք քեզ, Ասում էր նա արտասուքը աչքերում, ես քեզ բոլորովին կորած էի համարում... դարձյալ փա՜ռք լինի մեր տեր Հիսուս Քրիստոսին, որ կարողացա տեսնել քեզ...

Քավոր կնոջ գթասրտությունը ինձ բոլորովին զինաթափ արեց, իմ կատաղությունը բավական մեղմացավ, և. ես հանդարտությամբ հայտնեցի, թե ցանկանում էի քավոր Պետրոսին տեսնել։

Քանի շաբաթ է, որ նա տանը չէ, զավակս, ո՞ւր է գնացել, մենք էլ չգիտենք։ Այն օրից, որ քո վարպետի հետ պատահեց այն դժբախտությունը (ա՜խ, թող աստված ինքը ողորմություն անե այն խեղճին), Պետրոսը քուն և հանգստություն չուներ, ասում էր, սուրբ տիրամայր, այդ ի՞նչ պատահեց, միշտ քեզ վրա էր մտածում, միշտ քեզ համար էր աղոթում։ Հետո ասաց ինձ, կնի՛կ, ես պիտի գնամ, գտնեմ Մուրադին, անփորձ տղա է, չլինի թե նա էլ վտանգի մեջ րնկնի: Գնաց քեզ պտրելու, ա՛խ, հիմա ո՛րքան կուրախանա,երբ տեսնե, որ դու ողջ Առողջ տուն ես եկել...

Ես ամենևին չէի կասկածում, որ քավոր Պետրոսը իմ մասին անհանգիստ կլիներ, ես բոլորովին հավատում էի, որ նա գնացել էր ինձ որոնելու, որովհետև իմ մի սխալ քայլից, իմ մի անզգույշ խոսքից կախված էր նրա կյանքը։ Այդ պատճառով կարճ կտրեցի քավորկնոջ հետ, որովհետև գիշերը անցնում էր, շտապում էի մորս տեսնել։

Մնա մեզ մոտ, զավակս, թախանձում էր քավոր կինը, Այս ժամանակ ուր ես գնում։

Երբ ես հայտնեցի, թե գնում եմ մորս տեսնելու, նա ասաց

Գնա՛, զավակս, պետք է նրան էլ ուրախացնել, խե՜ղճ կնիկ, ո՛րքան լաց էր լինում նա քո համար, ասում էր՝ Մուրադս կորավ, էլ չեմ տեսնի նրան... հիմա կտեսնե, կուրախանա։

Երբ ես կամենում էի բակից դուրս գալ, Քավոր կինը խորհուրդ տվեց, որ ծառային ինձ հետ տանեմ.

Գիշեր է, զավակս, Ասում էր նա, Ո՞վ է իմանում, կարող է հազար չար ու բարի պատահել...

Պետք չէ, Ասացի ես և հեռացա։

Դուրս գալով փողոցի խավարի մեջ, ինձ պաշարեցին նոր և ավելի ծանր մտածություններ, քավոր Պետրոսին չգտա, ուրեմն նրա մասին իմ բոլոր նախապատրաստությունները ոչնչացան, իզուր անցան... Ի՞նչ էր մնում անել։ Վարպետիս ղատապարտելու օրը մոտ էր. երկու գիշեր ևս, այնուհետև նրան պիտի դուրս բերեին մեղապարտների հրապարակի վրա... ի՞նչ պիտի անեի, եթե մինչև այնօր չգտնեի քավոր Պետրոսին։ Ահա մի հարց, որին վճիռ տալու մեջ ես դժվարանում էի։

«Եթե նրան չգտնեմ, ինձ կմնա կատարել իմ վերջին դիտավորությունր, այսինքն, անձամբ ներկայանալ դատավորի մոտ, խոստովանել ճշմարիտ իրողությունը ևէ իմ աջը մեկնելով դահճի դանակի առջև, ասել՝ կտրեցեք այդ ձեռքը, որ իր միամտությամբ մի չարագործի համար գործիք դարձավ»:

Բայց պետք էր նախ և առաջ տեսնվել մորս հետ. նա կմեռներ կսկիծից, եթե հանկարծ կլսեր սիրելի որդու բոթը:

Ես մտա այն փողոցը, ուր գտնվում էր մեր տունը։

Պարսից վարչության կամայականությունները ինձ բավական հայտնի էին. ես գիտեի, եթե մի հանցավոր փախստական է դառնում, կառավարությունը կա՛մ կալանավորում է նրա ազգականներին, կա՛մ նրա տան վրա սարվազներ է դնում, սկսում են նեղացնել տանեցիներին, մինչև փախստականը հայտնվի։ ի՞նչ պիտի անեմ, մտածում էի ես, եթե կմտնեմ մեր տունը և կտեսնեմ այնտեղ սարվազներով լցված։

Քավորկինը այդ մասին ինձ ոչինչ չասեց, և ես այնքան շփոթված էի, որ մոռացա հարցնելու, թե ի՛նչ դրության մեջ է մեր տունը:

Վճռեցի նախ գնալ Սառայի մոտ, նրանից տեղեկանալ մեր ընտանիքի դրության մասին, հետո գնալ մորս տեսնելու

Սաոայենց տունը կից էր մեր տանը, իհարկե, հայտնի կլիներ ամեն ինչ։

Զարմանալի բան է մարդու սիրտը, այն ևս հրաբորբոք, անփորձ պատանու սիրտը, շատ անգամ ի՛նչ բանի որ փափագում է նա, խելքն էլ սատանայի նման այնպիսի ապացույցներ է առաջ բերում, որ անպատճառ կատարվի այդ փափագը։ Ես ցանկանում էի տեսնել և մորս, և՛ Սառային։ Որի՞ն պետք էր տալ գերադասությունը։ Սիրտս ասում էր՝ Սառային, իսկ խելքս, փոխանակ հակառակելու նրան, իրան օգնության կանչելով զգուշությունը ու խոհեմությունը, հաստատում էր սրտիս բաղձանքը, ասելով ինձ, չէ , առաջ մորդ մոտ մի գնա, այնտեղ կարող են սարվազներ լինել, ֆերրաշներ լինե՜լ, կառավարության մարդիկ լինել և այլն։ Այդ բոլորը երևակայում էի ես, որովհետև սրտիս շահերին նպաստավոր էին դրանք։ Սառան կապված էր իմ հոգու հետ, ես նրան սիրում էի։

Չեմ կարող նկարագրել, թե ո՛րպիսի ոգևորությամբ մոտեցա ես ն՛րանց տանը։ Երեք ամբողջ ամիսներ չէի տեսել նրան։ Կատուն այնպես արագությամբ չէր կարող թռչել, ինչպես ես բարձրացա նրանց կտուրի վրա։ Տարվա այն եղանակներում բոլոր գյուղացիները կտուրների վրա են պառկում։ Սառան քնած էր ինչպես մի երեխա։ Ես մոտեցա, ձեռքով շոշափեցի նրա երեսը։ Նա զարթնեց մի անսովոր ճիչ բարձրացնելով։ Ես փոշմանեցի, որ իմ անզգուշությամբ վախեցրի նրան։

Ես եմ, Սառա։

Նա ճանաչեց իմ ձայնը և հանգստացավ։

Ա՜խ, ինչո՞ւ եկար այստեղ... գնա... հիմա հայրս...

Ես հետ քաշվեցա, վախենալով, մի գուցե զարթեցնեմ նրա հորը, որ աղջկանից մի փոքր հեռու պառկած էր։ Սառան մայր չուներ։ Երկու քայլ չէի փոխած, երբ ականջիս դիպավ նրա հազիվ լսելի ձայնը.

Գնա՛ ներքև, այնտեղ սպասիր ինձ...

Ո՛րքան ուրախալի էր այդ ձայնը։ Ես իսկույն կտուրից իջա նրանց բակը, նստեցի սրահում և անհամբերությամբ սպասում էի։ Շատ չանցավ, Սառան, բոլորովին հագնված, այնտեղ եկավ։ նա հանդիպեց ինձ նույն հիացմունքով, որ պես մեկի սիրելին գերեզմանից հարություն է առնում։ Այս պիսի դեպքերում սիրո զգացմունքը լուռ է մնում, տիրապետում է միայն ուրախության հրճվանքը, այն ևս արտասվախառն ուրախության, երկնչելով, միգուցե սիրելին կրկին ղեպի գերեզման վերադառնա...

Սառան ճրագը վառեց, մենք մտանք նրա սենյակը։ Առաջին բանը, որ նրա աչքին ընկավ, էր իմ հագուստը։

Ախ, այդ ի՞նչ է, քո շորերը ի՞նչպես պատառոտվել են... որքան կեղտոտվել է քո շապիկը, Ասաց նա ցավակցաբար։

Անտառների մեջ այսպես է լինում, Սառա:

Նա պատրաստում էր թել ու ասեղ, որ կարկատնե հագուստիս պատառոտած տեղերը։ Բայց ամբողջ ամիսներով մացառների և ծառերի մեջ նրանք այնպես էին քրքրվել, որ փոքրիշատե նորռգելը մի քանի օրվա գործ էր, թեև բարի Սառայի սիրտը ցավում էր ինձ այդ վիճակի մեջ տեսնել և մտածում էր նույն րոպեում նորոգել բոլորը։

Հանկարծ նա թելն ու ասեղը մի կողմ դրեց, կարծես թե մոռացավ հագուստիս վիճակը և, մի նոր բան մտաբերելով, ասաց.

Ախ, ո՛րքան լաց եմ եղել ես, Մուրադ... ո՛րքան տանջվե եմ...

Ինչի՞ համար։

Ասում էին, թե...

Ի՞նչ էին ասում։

Ա՜խ, շատ խոսքեր էին ասում... ասում էին քեզ բռնել են... ասում էին քեզ բանտն էին դրել...

Հիմա տեսնում ես, որ այդ բոլորը սուտ է. ես քեզ մոտ եմ.

Հիմա ես ուրախ եմ։ Բայց...

Դու կարծում ես ինձ դարձյալ կկալանավորեն։

Ո՛չ... ես կարծում եմ, որ քեզ մյուս անգամ չեմ տեսնի...

Իզուր ես այսպես կարծում, Սառա։ Աստված կօգնի ինձ,ինչպես մինչև այսօր չկարողացան կալանավորել, այսուհետևևս աստված կպահպանե ինձ։ Ես սկսեցի մխիթարել նրան։

Ուր էիր այդքան ժամանակ, ո՞րտեղ էիր պահված, Հարցրեց նա։ Ես նկատեցի, որ ձայնը սկսեց դողալ։

Այդ մի՛ հարցրու, Սառա:

Ինչո՞ւ, ես չի՞ պիտի գիտենամ։

Հետո կասեմ քեզ։

Նա լուռ կացավ և հեկեկալով սրբում էր արտասուքը:

Ինչո՞ւ ես լաց լինում։

Ասում էին, որ դու գողերի հետ ես ապրում...

Խե՜ղճ աղջիկ, նա լաց էր լինում նրա համար, որ ես գողերի հետ էի ապրում։ Խաչագողի աղջիկը զզվում էր գողերից...դա հազվագյուտ երևույթ էր... դա մի մարգարիտ էր աղբի մեջ ընկած... Մի քանի րոպեից հետո հարցրեց նա.

Դու մորդ տեսե՞լ ես։

Դեռ չեմ տեսել, ուզում եմ գնալ նրա մոտ։

Ա՜խ, եթե գիտենայիր, թե որքա՜ն մաշվել է, ո՛րքան հալվել է նա քո պատճառով... Խե՜ղճ կնիկ, աչքերից արտասուքը չէր ցամաքում, միշտ լաց էր լինում... Ամեն օր գնում էի նրա մոտ, գրկում էր ինձ, համբուրում էր, ասում էր, «Մուրադիս կարոտությունը քեզանից եմ առնում, Սառա, դու որդուս նշանածն ես»... Ամեն անգամ խոսալիս քո անունն էր հիշում, ասում էր, աստված այնքան ժամանակ հոգիս չառնե, մեկ էլ տեսնեմ որդուս ու հետո մեռնեմ... Հիմա ո՛րքան կուրախանա, Մուրադ, եթե քեզ տեսնելու լինի։

Ես հարցրի Սառայից, թե իմ բացակայության միջոցում ի՞նչեր էին պատահել մեր տանը։ Նա սարսափելի գույներով նկարագրեց այն բոլոր տանջանքները, որ կրել էր մայրս տեղային պարսիկ պաշտոնատարների, ֆերրաշների և սարվազների ձեռքից։ Պատմեց, թե ամեն օր գալիս էին, մորս ասում էին, ուր է որդիդ, կա՛մ որդուդ պիտի տաս մեր ձեռքը, կամ այսքան փող պիտի տաս մեզ, որ քեզ ժամանակ տանք, մինչև որդուդ գտնես։ Եվ այսպես ամեն անգամ «ղուլլուղ» և «ռուշվաթ» էին առնում, հետո գնում էին։ Մայրս փող չուներ, որ տար և ազատվեր։ Սառայի հայրը գնում էր, նրանց փող էր տալիս և ճանապարհ էր դնում։ Քույրերս միշտ Սառայենց տանը թաքնված էին լինում, երբ նրանք գալիս էին. մայրս չէր ուզում, որ ֆերրաշները նրանց երեսը տեսնեն։ Այսպիսի շատ բաներ պատմեց ինձ Սառան, իմ սիրտը կտոր-կտոր էր լինում այդ բոլորը լսելու ժամանակ։ Եթե ես մի որևիցե հանցանք էի գործել, թող պատժեին ինձ։ Ի՞նչով էր մեղավոր մայրս, ի՞նչով էին մեղավոր քույրերս, բարեկամներս։

Բայց դա մեր երկրի կարգն էր, կորածի, մեռածի հանցանքների համար մնացածներին պատմել...

Լույսը սկսել էր բացվել, լսելի եղավ գյուղական ժամատան կոչնակի ձայնը, այլևս Սաոայի մոտ երկար մնալ անկարելի էր. շուտով նրա հայրը կիջներ կտուրից, կլվացվեր, որ եկեղեցի գնա աղոթելու։ Սառան չէր ցանկանում, որ իր հայրը մեզ միասին նստած տեսներ։ Զարմանալի բան է սովորությունը։ Սառան իմ նշանածն էր, քանի տարի էր, որ մայրս այդ նազելի աղջկան նշանել էր ինձ համար որպես հարսնացու։ Բայց մենք իրավունք չունեինք միմյանց հետ տեսնվելու, միմյանց հետ խոսելու, մինչև այն օրը, քանի որ դեռ քահանան աստուծո սեղանի առջև չէր ասել՝ թե նա իմ կինն է, իսկ ես՝ նրա ամուսինը։ Եվ մեր երկրում խիստ սրբությամբէր պահպանվում այդ կարգը:

Ժամատան բարձրությունից լսելի եղավ կոչնակի երկրորդ անգամի զարկը։ Ամբողջ Սավրան այժմ ոտքի վրա էր։ Ծերունիները, պառավները պիտի գնային ժամ աղոթելու, իսկ ավելի մանկահասակները պիտի գնային դեպի մշակության դաշտերը գործելու։

Մեր տունը Սառայենց տնից բաժանված էր մի ցած միջնապարիսպով միայն։ Այդ միջնապարիսպը, գիշերային մթության ժամանակ, շատ անգամ եղել էր մի խորհրդապահ վկա իմ և Սառայի տեսակցությունների։ Նա կանգնած իրանց բակի կողմից, ես կանգնած մեր բակի կողմից, իսկ մեր մեջ տեղում միջնապարիսպը, ամբողջ ժամերով խոսում էինք, խոսում ու չէինք կշտանում։ Իսկ ա՛յժմ։ Այժմ ես փախչում էի Սաոայից, որպես մի հանցավոր, որ արժանի չէր նրա սերին։

Սառային դեռ հայտնի չէին իմ վարպետի արհեստանոցում պատահած անցքի մանրամասները, նա դեռ չգիտեր, թե ի՞նչ պատճառով ոստիկանությունը որոնում էր ինձ, նա միայն մի բան էր լսել, թե ես «գողերի հետ եմ ապրում»...։ Այդ մասին նա մի քանի րոպե առաջ հարցրեց ինձանից, իսկ ես նրա հարցը թողեցի առանց պատասխանի։ Ամոթը խեղդում էր ինձ. ի՞նչ վատ բան է գողությունը... Սառան էլ ինձ չի սիրի, մտածում էի ես, նա բարի աղջիկ է, նա գողին չի սիրի...

Երբ ես կանգնեցա, պատրաստվում էի բաժանվել Սառայից, հարցրեց նա.

Դու դարձյալ նրանց մո՞տ ես գնում։

Ո՞ւմ մոտ։

Այն գողերի մոտ...

Եթե դու գիտենայիր, Սառա, թե ինչ տեսակ տղերք են նրանք, դու երբեք ինձ չէիր մեղադրի, որ ես անցուցի նրանց հետ մի քանի ամիսներ։ Նրանք այնքան սիրելի տղերք են, որ եթե դու տեսնելու լինեիր նրանց, ինքդ էլ կսկսեիր սիրել։ Նրանք վատ տղերք չեն, Սաոա, և ես ցավում եմ, որ. հանգամանքները բաժանեցին ինձ նրանցից...

Նա կարծես թե հանգստացավ։

Հավատում եմ քո խոսքերին, Ասաց նա։ Բայց հիմա ո՞ւր ես գնում։

Գնում եմ մորս մոտ։

Այդ միջոցին բակից լսելի եղավ Սաոայի հոր ոտնաձայնը։ Նա իջել էր կտուրից, պատրաստվում էր եկեղեցի գնալու։ Սառան գունաթափվեցավ, նա իսկույն դուրս գնաց սենյակից և, հոր առաջը կտրելով, ասաց.

Գիտես, հայրիկ, Մուրադը եկել է։

Ե՞րբ, ո՛ւր է, Հարցրեց հայրը զարմանալով։

Հենց այս րոպեիս, այստեղ սենյակումն է։

Ես նրանց խոսակցությունը լսում էի, Սառան խաբեց հորր. երկրի սովորությունը ստիպեց նրան սուտ խոսել։ Նա չկամեցավ ցույց տալ, որ մենք մի քանի ժամեր միասին ենք եղել։ Դա կարող էր համարվել հրեշտակի նման մաքուր աղջկա համար մի տեսակ անպարկեշտություն։

Հայրը շտապով ներս մտավ, գրկեց ինձ, համբուրեց և ավետարանական խոսքով հայտնեց իր ուրախությունը, որ վերջապես գտավ իր «մոլորյալ ոչխարին»...

Նրա խոսքերի մեջ բովանդակվում էր և՛ ուրախություն, և՛ հանդիմանություն։ Ես մոլորյալ ոչխար էի, հովիվը գտավ ինձ։ Բայց ո՞վ մոլորեցրեց ինձ, ի՞նչ բանումն էր իմ մոլորությունը, այդ մասին նա ոչինչ չխոսեց։

Սառայի հայրը խելացի մարդ էր, նա ինձ խորհուրդ չտվեց գնալու մեր տունը, որովհետև կարող էր այնպես պատահել, որ ես այնտեղ եղած ձամանակ ֆերրաշները վրա հասնեին և կալանավորեին ինձ։ նա ասաց, թե ոստիկանությունը մեր գյուղի տանուտերից իլթիզամ է առել, տուգանք է նշանակել, եթե ես մեր գյուղում հայտնվելու լինեմ, իսկույն մատնե կառավարության ձեռքը, և «անպիտան» տանուտերը, մի լավ ծառայություն անելու համար, մեծ հաճությամբ կկատարե այդ հրամանը։ Նա արդեն, ավելացրեց Սառայի հայրը, զանազանլրտեսների միջոցով հսկում է մեր տան վրա, որ ինձ բռնել տա և այլն։

Սառայի հոր խոսքերից ես հասկացա այն բոլոր պատճառները, թե ինչո՞ւ կառավարությունը ինձ ամենայն խստությամբ որոնում էր։ Որպես վարպետիս, նույնպես և մեր բոլոր աշկերտներին ու բանվորներին կալանավորել էին։ Միայն ես էի մնացել, որ փախստական էի։ Քրեական գործերի ժամանակ պարսից դատավորների քննությունը հարցմունքներով, վկաներով կամ այլ հետախուզություններով չէ կատարվում, այլ միայն ծեծով։ Նրանք պատժում են նախքան հանցանքի հաստատվելը։ Կալանավորի ոտները դնում են ֆալախկայի մեջ, այնքան ծեծում են, կամ բանտի մեջ այնքան սարսափելի տանջանքներ են տալիս, մինչև նա խոստովանվի, թե ինքն է գործել հանցանքը։ Քանի որ դեռ չէ խոստովանել, տանջանքները ավելի և ավելի սաստկացնում են։

Այդ բոլորը փորձել էին թե վարպետիս և թե նրա գործավորների վրա, բայց նրանցից մի որոշ խոստովանություն չէին դուրս բերել։ Վարպետս ասել էր միայն, թե բանալիի վրա դրած դրոշմը, իրավ է, իր արհեստանոցի դրոշմն է, բայց թե ի՞նչպես է շինվել այդ բանալին կամ ո՞վ է շինել, այդ մասին տեղեկություն չունի։ Նույնը ասել էին և արհեստանոցի աշկերտներն ու բանվորները։ Մնում էի ես, որ փախստական էի, և իմ փախչելը ավելի կասկածավոր էր դարձրել ինձ։ Այդ է պատճառը, որ ինձ ամենայն խստությամբ որոնում էին, մտածելով, թե ինձանով կլուծվի մթին գաղտնիքը։Այդ բոլորը լսելու ժամանակ փոքր էր մնում, որ ես հայտնեի դառն իսկությունը։

Այդ բոլորը լսելու ժամանակ փոքր էր մնում, որ ես հայտնեի դառն իսկությունը։ Բայց ես դարձյալ զսպեցի ինձ, որ ոչ ոքի չասեմ, մինչև քավոր Պետրոսին չտեսնեմ։ Բայց գուցե դա շատ ուշ կլիներ։ Մնում էր մի օր. մյուս օրվա առավոտը վարպետիս պիտի դուրս բերեին դատապարտության հրա պարակի վրա... «Վնաս չունի, մտածեցի ես, եթե այսօր չկարողացա գտնել քավոր Պետրոսին, ես ինքս անձամբ կներկայանամ գլխավոր դատավորին, բոլորը մի ըստ միռջե կհայտնեմ, ինչ որ կատարվել է»...

Դու կմնաս այստեղ, մեր տանը, ասաց Սաոայի հայրը։ Այստեղ կան ապահով տեղեր քեղ թաքցնելու համարես կպահեմ քեզ, մինչև վտանգն անցնի։

Ապա մորս, քույրերիս չի՞ պիտի տեսնեմ, Հարցրի ես։

Հարկավոր չէ նրանց տեսնելու համար անպատճառ ձեր տունը գնաս, նրանց այստեղ էլ կարող ես տեսնել։

Նա դարձավ դեպի Սառան, ասելով.

Գնա՛ խնամի Նազանին կանչիր այստեղ, չասես Մուրադը եկել է, ասա միայն, թե հայրս կանչում է։ Ո՞վ գիտե, կնամարդ է, սիրտը բարակ կլինի, կարելի է, որդու անունը լսելով, կսկսե զանազան անզգույշ ձայներ բարձրացնել և հարևանների ուշադրությունը յուր վրա կդարձնեք

Սառան վազեց դեպի մեր տունը։

Իմ գրիչը անզոր է նկարագրելու այն անսահման ուրախությունը, որով մայրս հանդիպեց ինձ։ Մարդկային լեզուն դեռ չէ ստեղծել այն բառերը, որ ընդունակ լինեին արտահայտելու մոր սրտի զգացմունքները, մոր սրտի ցավերը։

Քույրերս նույնպես, քնից դեռ նոր վեր կացած, իսկույն ինձ մոտ վազեցին, երբ Սառայից իմացան իմ գալուստը։ Նրանց գգվանքը, նրանց հրճվանքը նույնքան հրեշտակային էր, որպես նրանց սիրտը։ «Դու այլևս չե՞ս գնա, դու մեզ մո՞տ կմնաս», անդադար հարցնում էին նրանք։ Ես ոչինչ չէի գտնում պատասխանելու։

Մայրս հավանեց Սառայի հոր կարգադրությունը, որ ինձ իրանց մոտ էր պահել և չէր թողել, որ մեր տունը գնամ, որով հետև գյուղի գզիրը (տանուտերի օգնականը) ամեն առավոտ գալիս էր մեր տունը ինձ որոնելու համար։

Չնայելով որ այդ բոլորը ինձ մեծ ուրախություն էր պատճառում,կրկին տեսնում էի մորս, քույրերիս, կրկին գտնվում էի այն շրջանի մեջ, որ երեխայությունից ինձ սիրելի էր, բայց միևնույն ժամանակ մի դառն անախորժ զգացմունք տանջում էր ինձ, երբ մտաբերում էի, որ ես մի թշվառ հանցավոր եմ, ինձ որոնում են, ինձ կամենում են կալանավորել... Մորս և բոլոր բարեկամներիս ջանքն այն էր, որ ես չբռնվեմ, որ ինձ բանտը չնետեն։ Բայց մի՞թե դրանով կհանգստանար իմ խիղճը, մի թե ես կարող էի մոռանալ ա՛յն, ինչ որ գործել էի... ա՛յն, որի պատճառով պատժվում էին անմեղ մարդիկ...

Մայրս սկսեց շնորհակալություն հայտնել Սառայի հոր մասին, թե նա ամեն կերպով պահում էր և պաշտպանում էր մեր ընտանիքը, եթե նա չլիներ, սարվազները և ֆերրաշները ավելի նեղություններ կտային։ Եվ ավելացրեց, որ իմ հորեղբայրը իրան այնպես հեռու էր պահում, որ ամենևին չէր ուզում լսել, թե իր եղբոր ընտանիքը չարչարվում է բարբարոսների ձեռքում և այլն։

Իսկ քավոր Պետրո՞սը, հարցրի ես։

Աստված նրան բարի՛ տա, պատասխանեց մայրս մի առանձին զգացմունքով։ Այդ պատվական մարդը հանգստություն չուներ, օրն մի քանի անգամ գալիս էր մեզ մոտ, սիրտ էր տալիս, մխիթարում էր, ասելով, մի՛ վախեցեք, աստված ողորմած է, այդ բոլորը կանցնի։ Նա ասում էր, որ շատ անգամ աստված յուր ստեղծածներին փորձելու համար փորձանքի մեջ է ձգում, օրինակ էր բերում Հոբ Երանելիի կրած տանջանքները և ուրիշ շատ բաներ սուրբ գրքերից։

«Գարշելի»... ասացի մտքումս և, զսպելով իմ վրդովմունքը, հարցրի.

Հիմա նա ո՞րտեղ է։

Քանի շաբաթ է, որ չէ երևում, պատասխանեց մայրս։ Մի անգամ եկավ ինձ մոտ, ասաց, նազանի, ես գնում եմ Մուրադին որոնելու, ջահել տղա է, անփորձ է, չլինի թե բռնվի, մենք նրան պետք է թաքցնենք, մինչև աստծո բարկությունն անցնի։

Խե՜ղճ մարդ, արտասուքը հեղեղի նման թափվում էր նրա աչքերից, կարծես իր հարազատ որդու համար էր լաց լինում։

Այդ միևնույն խոսքերը ասաց ինձ Քավոր կինը։ Բայց ես շատ լավ էի հասկանում, թե քավոր Պետրոսը ինձ ի՛նչ մտքով էր որոնում...

Սառայի հայրը գնաց եկեղեցի, ոչ այնքան աղոթելու համար, որքան լսելու, թե մարդիկ դրսում ինչ են խոսում։ Մեր գյուղացիները սովորություն ունեին ժամից դուրս գալուց հետո հավաքվել եկեղեցու բակում և զանազան բաների վրա խոսել։ Նապատվիրեց ինձ, որ իրենց տանը մնամ մինչև իր վերադարձը։

Մորս սերը, քույրերիս հրճվանքը, Սառայի ներկայությունը առժամանակ մեղմացրին իմ մեջ այն կատաղությունը, որ տիրել էր իմ սրտին այդ տունը մտնելուց առաջ։ Թանկագինբարեկամներիս ջերմ գգվանքը, նրանց անկեղծ փաղաքշանքը կարծես թե թմրեցրին իմ զգացմունքները մի տեսակ անբացատրելի արբեցության մեջ, մոռանալ տալով այն բոլոր նախամտածությունները, որ ես վճռել էի սիրելի վարպետիս ազատության համար։

Սառան ուրախ էր, ինչպես մի գարնանային ծիծեռնակ, նա անդադար ճախրում էր իմ շուրջը, աշխատելով կատարել մինչև անգամ իմ ամենափոքր հաճույքները։ Քույրերս չէին հեռանում իմ մոտից, անթիվ հարցեր էին առաջարկում, ուզում էին խոսել, անընդհատ կերպով խոսել ինձ հետ։ Մայրս նստած էր իմ մոտ և, իմ աջը բռնած իր ձեռքի մեջ, զմայլած նայում էր իմ երեսին և երբեմն խուլ հառաչանքներ էր արձակում։ Խե՜ղճ կնիկ, ո՛րքան ցավեր, ո՛րքան տրտմություններ թաքնված էին նրա բեկյալ սրտի մեջ... Սիրելի ամուսնի կորստից հետո, նա միայն իմ մեջ էր գտնում իր մխիթարությունը...ես էի նրա տան սյունը... ես պիտի վառ պահեի հայրենական օջախի կրակը... նրա բոլոր հույսերը իմ վրա էին դրված... իսկ ա՞յժմ։ Այժմ ամեն հույս պիտի խորտակվեր, այժմ մայրական բոլոր բաղձալի փափագները պիտի ոչնչանային։ Նրա որդին մի սարսափելի հանցավոր էր, որին վաղ թե անագան գուցե կախաղան կբարձրացննեին...

Երևի այդ դառն մտածմունքներն էին պաշարել մորս, որ նա այնքան տխուր էր։

Բայց նա ինձանից թաքցնում էր իր վշտերը, որ ինձ ավելի ցավեր չպատճաոե։

Սառայի հայրը վերադարձավ եկեղեցուց բավական ուշ նա պատմեց մեզ շատ նորություններ և ի միջի այլոց հայտնեց, որ քավոր Պետրոսին տեսնողներ են եղել Հին քաղաքում, նա ասել է, որ երեկոյան կվերադառնա իր տունը։ Այղ լուրը ինձ սաստիկ ուրախություն պատճառեց։ «Վերջապես նա իմ ճանկը կընկնի, և ես գիտեմ ինչ կանեմ»... մտածում էի ես և մեծ անհամբերությամբ սպասում էի երեկոյին։

Բայց երեկոյան մի քանի անգամ մարդ ուղարկեցինք նրա տունը, պատասխան ստացանք, թե դեռ չէ եկել։ Ես դարձյալ սկսեցի անհանգիստ լինել, դարձյալ դառն մտածություններ պաշարեցին ինձ, հուսահատությունը խեղդում էր ինձ, չգիտեի, թե ինչ պետք է անել։

Արևը մտավ, մութը պատեց աշխարհը։ Դա տագնապի վերջին գիշերն էր։ Եթե այդ գիշեր փրկություն չլիներ վարպետիս համար, առավոտյան ամեն հույս պետք էր կորած համարել։ Առավոտյան նրան պիտի դուրս հանեին դատապարտյալների հրապարակի վրա... Այդ միտքը սարսափեց նում էր ինձ։

Գիշերը ես անցկացրի կատարյալ տենդային դրության մեչ։ Ոչ քնել կարողացա և ոչ արթուն էի։ Ինձ տիրել էր մի տեսակ կատաղություն, որ պահում է մարդուն ալեկոծության մեջ, բայց միևնույն ժամանակ թույլ չէ տալիս տեղից շարժվել, ինչպես ծովը ծփում է իր շրջանակի մեջ։ Ես նույն րոպեում պետք է թռչեի, վազեի, գնայի այնտեղ, ուր անմեղ մարդը պիտի դատապարտվեր։ Բայց կարծես մի աներևույթ ձեռք կաշկանդել էր ինձ, իմ կամքի, բնավորության զորությունը թուլացել էր...

Ես հիվանդ էի։ Գլուխս սաստիկ ցավում էր, ամբողջ մարմինս վառվում էր կրակի մեջ։ Մայրս, քույրերս, Սառան չհեոացան իմ անկողնից։ Նրանց խոսքերը ես լսում էի, հասկանում էի, բայց իմ պատասխանները լինում էին այն աստիճան անկապ, անտեղի և խառնաշփոթ, որ մայրս մեծ զարհուրանքով մտածում էր, թե սիրելի որդին խելագարվարծ է...

Առաջին անգամն էր պատահում ինձ արթնության մեջ երազներ տեսնել։ Երբ աչքերս խփում էի, ինձ երևում էր, թե գտնվում եմ Հին քաղաքում։ Առավոտ է։ Փողոցներում տիրում է հուզմունք և իրարանցում։ Մարդիկ շտապով վազում են դեպի դատապարտյալների հրապարակը։ Ես էլ այդ խռովյալ բազմության հետ վազում եմ դեպի այն կողմը։ Հրապարակի վրա ասեղ գցելու տեղ չկա, ամբողջ տարածությունը պատած է հետաքրքիր հանդիսատեսներով։ Հրապարակի շուրջը գտնված ծառերի ճյուղերն անգամ ծանրաբեռնված են մարդիկներով։ Նրանք երևում էին ինձ այնքան մանր, փոքրիկ ծտերի նման, «ի՞նչ կա, ի՞նչ բանի է սպասում այդ խուռն բազմությունը», Հարցնում էի ես։ «Մի հանցավորի ձեռքը պիտի կտրեն», լինում էր պատասխանը։

Սարսափելով այդ խոսքերից, աչքերս բաց էի անում, այլևս ոչինչ չէի տեսնում, ոչինչ չէր երևում։ Տեսնում էի միայն մորս տխրամած դեմքը, որ նստած էր իմ անկողնի մոտ, տեսնում էի Սառայի արտասվալի աչքերը, տեսնում էի յուղային ճրագը, որը աղոտ լույսով վառվում էր իմ քնարանում։ Քույրերս պառկած էին, ամբողչ տունը նիրհում էր. երկու հոգի միայն արթուն էին մնացել՝ մայրս և սիրող աղջիկը...

Այդ իրականություն էր. իսկ մնացածը՝ երազ։

Աչքերս կրկին փակեցի, մտածելով, թե արդեն անցավ սոսկալի տեսիլքը։ Դարձյալ միևնույն երազի շարունակությունը, նույն հրապարակը, նույն բազմությունը, նույն մարդրկը՝ կախված ծառերի ճյուղից։ Բայց տեսարանն այժմ մասամբ փոխվել էր: Հրապարակի կենտրոնում դահիճը, ոտից ցգլուխ կարմիր հագած, ձեռքում սրում էր դանակը։ Նրա մոտ կանգնած էր թշվառ դատապարտյալը, գունաթափ, մաշված և կիսամեռ։ Բանտը խլել էր նրանից ամեն կենդանություն։ Ես հազիվ կարողացա ճանաչել նրան։ Դա իմ վարպետն էր, այն բարի արհեստավորը, որ այնքան սիրում էր ինձ, այն մարդը, որ հոր նման ուրախանում էր, երբ տեսնում էր իմ հառաջադիմությունը արհեստի մեջ, այն մարդը, որ խոստանում էր բախտավորացնել ինձ, առանձին արհեստանոցի տերշինել։

Բայց ինչո՞վ վարձատրեց նրա առաքինությունները ապերախտ աշկերտը՝ դավաճանությամբ։ Այդ պատիժը, որ կրում էր անմեղ մարդը, իմ պատճառով էր։ Ե՛ս ձգեցի նրան այդ սոսկալի փորձանքի մեջ...

Այդ մտածությունների հուզմունքի մեջն էի ես, երբ դահիճը դատապարտյալին։ Ամբողջ բազմությունը դղրդաց մի խուլ, գերեզմանական շշնջյունով։ Կարծես բոլորի բերանից լսվում էր «անմե՜ղ» բառը։ Ես համբերել չկարողացա։ Խելագարի նման ճչալով, աղաղակելով, պատառեցի խիտ ամբոխը և մի ակնթարթում հայտնվեցա դահճի մոտ։ Կըտրեցեþք իմ ձեռքը, գոչեցի ես որոտի ձայնով, Այդ ձեռքն է շինել այն բանալին»։ Ամբողջ բազմության վրա տիրեց խորին ապշություն։

Այդ ձայնի հետ ես արթնացա։

Օրը լուսացել էր արդեն, արևի առաջին ճառագայթները անցել էին իմ քնարանի մեջ։ Մայրս դարձյալ նստած էր իմ անկողնի մոտ, իսկ փոքր-ինչ հեռու կանգնած էր մի մարդ։

Մայրս սարսափեց, երբ լսեց իմ վերջին խոսքերը, բայց կանգնած մարգը հանգստացրեց նրան, ասելով.

Խեղճ տղան երազների մեջ է խոսում։

Երբ ուղիղ նայեցի այդ մարդու երեսին, տեսա, որ նա մեր քավոր Պհարոս՛ն էր։ Նրա երևույթը ինձ բոլորովին սթափեցրեց իմ անրջային զառանցություններից։ Ես այժմ գտնվում էի կատարյալ արթնության մեջ, բայց դարձյալ կրկնեցի նույն խոսքը, որ ասել էի երազիս մեջ.

Այո՛, ես եմ շինել այն բանալին...

Չգիտեմ քավոր Պետրոսը ի՞նչ ասաց, ի՞նչ ակնարկություն արեց դեպի իմ մայրը, միայն այսքանը տեսա, որ նա հեռացավ իմ քնարանից, ես և քավոր Պետրոսը մնացինք միայնակ։

Ես զգում էի ինձ բավական լավ. գլխիս ցավն անցել էր մարմնիս ջերմությունը մեղմացել էր, միայն անդամներիս մեջ տիրում էր մի տեսակ հոգնածություն, մի տեսակ թուլություն։ Այսուամենայնիվ ես վեր կացա անկողնից և հագնվեցա։ Քավոր Պետրոսը օգնեց ինձ լվացվելու։ Սառը ջուրը բավական զովացրեց իմ գլուխը, բավական կազդուրեց իմ բորբոքված ուղեղը։

Մարդկային բնավորության մեջ երբեմն կատարվում են այնպիսի հոգեբանական փոփոխություններ, որ շատ դժվար է լինում բացատրել։ Կան մարդիկ, որոնց վրա որքան և զայրացած լինես, որքան և նախապատրաստված լինես նրանց հանդիմանելու, անարգելու և մինջև անգամ սպանելու, բայց հենց որ նրանց երեսը տեսնում ես, իսկույն կարծես թե մի մոգական ազդեցությամբ քո սրտի և հոգու նախկին լարված տրամադրությունը թուլանում է, բարկության խստությունը մեղմանում է, և դու ընկնում ես կատարյալ սառնասրտության մեջ։ Նույն ազդեցությունը գործեց ինձ վրա և քավոր Պետրոսը։

Ես նրա դեմ զայրացած էի։ Ես մահվան չափ ատում էի այդ գարշելի մարդուն, ես վճռել էի վարվել նրա հետ վրեժխնդրության բոլոր բարբարոսությամբ, բայց հենց որ նրա պատկառելի երեսը տեսա, իմ բոլոր սրտմտությունը, իմ բոլոր կրքերը փշրվեցան, խորտակվեցան այդ խորհրդավոր մարդու կախարդիչ զորության առջև։ Չգիտեմ ինչի՞ն պետք էր վերաբերել այդ փոփոխությունը, արդյոք իմ պատանեկական բնավորության թուլությա՞նը, թե՞ իմ կամքի անհանգստությանը...

Բայց ես այնքան քաջություն ունեցա, որ պահանջեցի առանձնության մեջ խոսել նրա հետ։

Ես դրա համար հեռացրի քո մորը, Ասաց նա մեղմությամբ և նստեց իմ մոտ։ Մուրադ, շարունակեց նա, առանց թույլ տալու, որ ես խոսեմ։ Դու ցանկացար ինձ հետ առանձին խոսել, հասկացա քո միտքը և դրա համար գովում եմ քո խելացիությունը։ Բայց առանց քո խոսքերը լսելու, ես գիտեմ, թե դու ի՛նչ պիտի ասես ինձ։ Դու պիտի ասես, քավոր Պետրոս, այն բանալին, որ ես շինեցի քեզ համար, նրանով կատարվել է մի մեծ չարագործություն, գողացել են թանկագին իրեղեններ և, որպես հանցավոր, բռնել են և պատժվում են անմեղ մարդիկ։ Դու պիտի ասես, քավոր Պետրոս, բանալին քո ձեռքումն էր գտնվում, ուրեմն, թե կասկածանքը և թե պատասխանատվությունը քեզ վրա է ընկնում։ Դու այնքան ազնիվ ես և բարեսիրտ, որ կպահանջես ինձանից, որ ես անպատճառ պատասխանատվությունը ինձ վրա առնեմ և ազատեմ անմեղ մարդիկներին դատաստանի բարբարոսություններից։ Իսկ եթե ես չլսեմ քեզ, դու այնքան անաչառ կլինես, որ չես թաքցնի չարագործությունը, կդիմես որտեղ հարկն է, կմատնես ինձ և կհայտնես բանալիի ամբողջ պատմությունը... Կարծեմ ես նախագուշակեցի բոլորը, ինչ որ դու մտքումդ դրած ունեիր, այդպես չէ ։

Ուղիղ այդպես է:

Սիրում եմ քո անկեղծությունը և ուրախանում եմ քո ճշմարտախոսության վրա։ Ես էլ, եթե քո տեղը լինեի, այդ պես կվարվեի, ես էլ թույլ չէի տալ, որ չարագործությունը ծածկվեր, իսկ անմեղությունը նրա փոխարեն պատժվեր։

Ես չկարողացա իմ վրդովմունքը զսպել։

Ուրեմն ինչո՞ւ թույլ տվեցիք, որ անմեղությունը պատժվի։ Մինչև այսօր ի՞նչ բանի էիք սպասում, որ ծածկեցիք չարագործությունը։ Մի՞թե ձեր պատճառով չէր, որ դժբախտ վարպետիս ամբողջ արհեստանոցը, կայքը, կալվածքը և բոլորը, ինչ որ ուներ, աճուրդով վաճառեցին, ու նրա ողորմելի ընտանիքը օրական հացի կարոտ թողեցին։ Մի՞թե ձեր պատճառով չէր, որ խեղճ վարպետիս բանտի մեջ մաշեցին, իսկ հիմա, գուցե այս րոպեիս, դատապարտյալների հրապարակի վրա, դահիճը կտրում է նրա ձեռքը։ Ւնչո՞ւ թողեցիք, որ այդ բոլոր բարբարոսությունները կատարվեին, եթե դուք խիղճ ունեիք, եթե ձեր սրտումը աստուծո երկյուղը կար, եթե դուք հարգում էինք արդարությունը։ Իսկ այժմ, երբ բանը բանից անցել է, նոր եկել եք ու իմ գլխին քարողներ եք կարդում։

Նա պատասխանեց, պահպանելով իր սառնասրտությունը.

Իրավացի եմ համարում քո մանկական սրտի բարկությունը, շա՛տ իրավացի։ Դա մի լավ նշան է, որ դու բարոյապես փչացած տղա չես։ Բայց լսի՛ր. Մուրադ, լսի՛ր ցավալի իրողությունը։

Վերջին խոսքերը արտասանելու ժամանակ նրա զորավոր ձայնը սկսեց դողդողալ, և աչքերումը հայտնվեցավ արտասուք։

Այն խիթալի բանալին, որ դու շինեցիր ինձ համար, ես պահում էի իմ մոտ, իբրև մի անմոռանալի հիշատակ, որ հայրը կարող է ունենալ սիրելի որդուց։ Դա քո ձեռքի առաջին գործն էր և այդ պատճառով ինձ համար թանկագին էր։ Բայց երևում է, որ աստված կամեցել էր ինձ պատժել հենց այն բանով, որը իմ սրտին շատ մոտ էր։ Հանկարծ բանալին անհայտացավ։ Ո՞վ տարավ, ո՞րտեղ կորավ՝ մինչև այսօր մտածում եմ, մտածում և ոչինչով բացատրել չեմ կարողանում» նրա կորստից մի շաբաթ հետո կատարվեցավ քեզ հայտնի չարագործությունը։ Այն օրից ես ամեն տեղ ման էի գալիս, ամեն տեսակ հարցուփորձ գործի էի դնում, գուցե մի հնարքով կարողանամ երևան հանել կատարված եղելության գաղտնիքը։ Բայց իմ բոլոր ջանքերը անցան ապարդյուն։ Այժմ ես մոլորված եմ տարակուսությունների մեջ. մտատանջությունը խեղդում է ինձ. չգիտեմ, թե ի՛նչ պիտի անեմ, չգիտեմ, թե ինչո՞վ կարող եմ քավել այն հանցանքը, որ ինքս չեմ գործել, այլ իմ միամտության պատճառով կատարվել է...

Նրա աչքերը դարձյալ լցվեցան արտասուքով։ Այդ խոսքերը արտասանում էր նա մի այնպիսի մեղմ, համոզիչ և անկեղծ եղանակով, որ կարծես ինքը, ճշմարտությունը խոսում էր նրա շրթունքներով։

Ես հավատացի։

Ես այն հասակում հիմար տղա չէի, բայց այնքան խելահաս ևս չէի, որ կարողանայի խորին կերպով քննել քավոր Պետրոսի խոսքերը։ Ես գոնե այնքան հասկացողություն չունեի, որ հարցնեի նրանից, լավ, դիցուք թե բանալին քո մոտից անհայտացավ, կամ մի ուրիշ մարդ գողացավ քեզանից։ Բայց այդ ուրիշ մարդը ո՞րտեղից կարող էր գիտենալ, որ քո մոտ մի այսպիսի բանալի էր պահված։ Դիցուք թե չգողացան, այլ դու կորցրիր։ Բայց գտնողը ի՞նչպես կարող էր հասանալ, որ այդ բանալին կբաց անե մի անհայտ երկաթե արկղի դռնակը, որը դրած է այսինչ ամրոցում։ Այդ հարցերից և ոչ մեկը չառաջարկեցի նրան և ոչ հետաքրքիր եղա տեղեկանալու, թե այն ի՞նչ բանալի էր, որ դուառաջին անգամ տվեցիր ինձ և պատվիրեցիր նրա նմանը շինել։ Մի՞թե այդ բանալին հիշյալ արկղի իսկական բանալին չէր։ Ո՞վ տվեց քեզ իսկականը, կամ ի՞նչ նպատակով շինվեցավ երկրորդը։ Ինչո՞ւ էիր դու սկզբում ինձ ամենայն խստությամբ պատվիրում, որ իմ շինած բանալիի գոյության մասին ոչ ոքի հետ չխոսեմ, ոչ ոքի չհայտնեմ, մինչև անգամ իմ մորը։ Կրկնում եմ, որ այդ հարցերից և ոչ մեկը իմ մտքում չեկավ, որ առաջարկեի նրան։ Ես քարացածի նման մնացել էի ապշած, զարմացած, իմ ուղեղին տիրել էր մի տեսակ մթին թմրություն։

Նկատելով իր խոսքերի ազդեցությունը, քավոր Պետրոսը մինչև անգամ ժամանակ չտվեց, որ ես կարողանայի մտածություններս ամփոփել և նրան մի բան ասել։ Նա շարունակեց.

Այժմ, սիրելի զավակս, իմ խղճմտանքի վրա մի ծանր բեռն է դրված, ես քուն ու հանգստություն չունեմ, գիշեր ու ցերեկ տանջվում եմ այն մտածությունով, որ իմ անխոհեմությամբ պատճառ եղա մի աղետալի գործի և շատերին ղժբախտության մեջ գցեցի։ Չգիտեմ, ինչով կարող եմ քավել այդ մեղքը։

Ես սթափվեցա:

Նրանով, պատասխանեցի, Որ հենց այս րոպեիս պիտի գնաք դատավորի մոտ և հայտնեք նրան, թե մի կտրել տվեք այն անմեղ մարդու ձեռքը, որովհետև հանցավորը դուք եք։

Ես այդ կանեի և մեծ հոժարությամբ կանեի, բայց նրա ձեռքը այլևս չեն կարող կտրել։

Ինչո՞ւ:

Այս առավոտ երբ գնացին, որ բանտից դուրս բերեն նրան և տանեն դատապարտյալների հրապարակի վրա վճիռը կատարելու, գտան բանտի դռները խորտակված, պահապանննրից մի քանիսը սպանված, իսկ կալանավորը անհայտացած։

Իմ կյանքում ոչինչ ինձ այնքան չէ ուրախացրել, որքան ես ուրախացա, լսելով վարպետիս ազատության լուրը։ Ես իսկույն հիշեցի Կարոյի խոսքը, որ ասել էր ինձ, թե «Մենք նրան կփախցնենք»... Ընկերներս կատարեցին իրանց խոստմունքը, նրանք չխաբեցին ինձ։ Ես այդ մասին քավոր Պետրոսին ոչինչ չհայտնեցի, նկատելով, որ նա տեղեկություն չունի, թե ի՞նչ հնարքով կամ ո՞վքեր փախցրին նրան բանտից: Միայն ասացի.

Լավ, դիցուք թե նա, փախչելով բանտից, դրանով կարողացավ իր ձեռքը աղատել դահճի դանակից, բայց այնքան չարչարանքներ, այնքան վնասներ, որ կրեց նա, տունից, կայքից, հարստությունից ղրկվեցավ, այդ բոլորը ոչի՞նչ, դուք ձեզ մեղապարտ չե՞ք համարում այդ բոլորի մեջ։

Համարում եմ, ինչպե՞ս չեմ համարում։ Ինձ այնպես է թվում, որ այդ բոլոր վնասները ես պատճառեցի նրան։ Եթե ես այն անիծյալ բանալին շինել չտայի, այդ վնասները նրան չէին Հանդիպի։ Բայց միայն աստծուն հայտնի է, թե որքան անպարտ եմ ես...

Վերջին խոսքերի միջոցին նա ձեռքը տարավ դեպի մորուքը, և շապկի թևքը ետ քաշվելով, երևա՛ն հանեց նրա մերկ բազուկը։ Ամեն անգամ այդ բազուկը տեսնելիս ինձ տիրում էր մի սրբազան սարսուռ, և սիրտս սկսում էր դողդողալ մի անբացատրելի հոգևոր երկյուղածությամբ։ նրա վրա դրոշմված էր Երուսաղեմի վանքի սուրբ կնիքը, որը պատկերացնում էր իր մեջ այն նվիրական տեղերը, որոնց հետ կապված են ամբողջ քրիստոնյա աշխարհի սրտերը։ Իսկ ձեռքի վրա դրոշմված էր մի խաչ՝ սիրո և եղբայրության նշանը՝ Հիսուս Քրիստոսի ուխտի նշանը, որը պատվիրեց նա կրել, որպես մի հոգևոր զենք արդարության և ճշմարտության համար մարտնչելու։ Մի թե մի այսպիսի ձեռքը, որ կրում է իր վրա այդ քրիստոնեական զինվորության նշանը, ընդունակ կլինի չար գործելու։

Քավոր Պետրոսը մուղդուսի էր։ նա իր կյանքում մի քանի անգամ այցելություն էր գործել Երուսաղեմի վանքը և իր ձեռքերը, բազուկները դրոշմել էր սուրբ ուխտի կնիքով։

Երբ նրանից հարցրի՝ ուրեմն ի՞նչ հատուցում պիտի անեք այն անմեղ մարդուն, որին դուք թեև անգիտակցաբար ղժբախտացրիք, նա պատասխանեց.

Ես այդ մասին մտածել եմ և վճռել։ լսիր, Մուրադ, ես, ինչպես ասում են հեքիաթների մեջ, պետք է երկաթե ցուպ կրեմ ձեռքիս, պետք է երկաթե տրեխներ հագնեմ, վերջապես պետք է երկաթե շղթա անցկացնեմ պարանոցիս և երկրե երկիր, աշխարհից աշխարհ ման գամ, մուրացկանություն անեմ, փող հավաքեմ, որ նրա կրած վնասների փոխարենը վճարեմ, որպեսզի խիղճս հանգստացնեմ։

Ուրեմն դուք վճռել եք գնալ օտա՞ր աշխարհ։

Անպատճա։

Եվ ա՞յդ նպատակով։

Այո՛, այդ նպատակով։

Ես հիացած մնացի նրա առաքինության վրա։

Րոպեական մտածությունից հետո խոսեց նա.

Ես քեզ խոստովանվեցա իմ բոլոր հանցանքը, խոստովանվեցա նաև, թե ինչով դիտավորություն ունեմ քավելու այդ հանցանքը։ Հիմա ես դաոնում եմ դեպի քեզ, Մուրադ, դու խելացի տղա ես, դու հասկանում ես այնքան, որքան կարող է հասկանալ մի ազնիվ, հասակավոր մարդ։

Խոստովանիր, քո խիղճը, քո սիրտը չէ՞ ասում քեղ, որ վարպետիդ դժբախտության մեջ դու նույնքան հանցավոր ես, որքան՝ ես։ Այսինքն՝ ուզում եմ ասել, որպես ես անգիտակցական պատճառ դարձա նրա անբախտությանը, այնպես էլ՝ դու։ Կորստաբեր բանալին շինել տալու ժամանակ ես, իհարկե, չգիտեի, թե ո՛րպիսի չարիքների դուռն պիտի բաց անե նա. այն պես էլ դու չգիտեիր, երբ շինեցիր։ Ուրեմն մենք երկուսս էլ մեր անմեղությամբ պատճառ դարձանք մի մեղավոր գործի։ Այդ մեղքը տարածվում է մեր երկուսի վրա։ Մի՞թե միասին չի պիտի քավենք նրան։

Այո , միասին։ Բայց ես ի՞նչ կարող եմ անել։

Ա յն, ինչ որ ես պիտի անեմ։ Դու անպատճառ պիտի գաս ինձ հետ. դու պիտի թողնես այդ երկիրը։ Լսիր, Մուրադ, քո վարպետը, իրավ է, ազատվեցավ պատժվելուց,փախավ բանտից, բայց դրանով գործը պետք է վերջացած չհամարել, ընդհակառակն, ավելի ծանրացավ։ Կառավարությունը այսուհետև ավելի խստությամբ կսկսե որոնել նրան և նրա մարդիկներին, որոնք նույնպես փախած են, այսինքն՝ քեզ։ Երբ քեզ բռնելու լինեն, այլևս փրկություն չկա, անպատճառ կախաղան կբարձրացնեն։ Այդ ես գիտեմ։ Քո անբախտ մայրը կմեռնի կսկծից, և. քո հոր տան ճրագը իսպառ կհանգչի։ Եթե ցանկանում ես, որ քո կյանքը ապահով դրության մեջ լինի, պետք է անպատճառ հեռանաս այդ երկրից։ Այստեղ պահվել չես կարող։ Կգնանք օտար աշխարհ, մի քանի տարի անց կկացնենք պանդխտության մեջ, փող կվաստակենք, հետո կվերադառնանք: Մինչև մեր վերադարձը ամեն ինչ փոխված կլինի, ամեն բան մոռացված կլինի։ Պարսից դատարանների վճիռները ժամանակավոր են, փոխվեցան դատավորները, փոխվում են և վճիոները։ Ոչ ատենական դիվանագիտություն կա և ոչ որևիցե արձանագրություն։ Ներկա մարդը չգիտե, թե իր նախորդի օրերում ինչեր են կատարվել։

Վերջացնելով իր բացատրությունները, նա դարձավ դեպի ինձ, ուղիղ իմ երեսին նայելով.

Ասա՛, համաձա՞յն ես ինձ հետ գալու։

Ես համաձայն եմ, բայց չգիտեմ, թե մայրս ինչ կասե:

Մայրդ շատ ուրախ կլինի։ Նա գիտե, որ դու այստեղ մնալ կարող չես, միշտ պետք է թաքնված լինես, միշտ պետք է փախստականի կյանք վարես։ Իսկ այսպես ապրել անկարելի է։

Ուրեմն դուք խոսեցեք մորս հետ:

Ես անպատճառ կառնեմ նրա համաձայնությունը։

Be the first who will comment on this

Other parts of "Խաչագողի հիշատակարանը"

Yatuk Music
Fides Tua
Tigran Hamasyan

Fides Tua

Eastern motifs, 1886
Eastern motifs, 1886
Play Online