Raffi
Խաչագողի հիշատակարանը
3 - Ե
ԳԱՂՏՆԻՔԸ ԼՈԻԾՎՈԻՄ է
Առավոտյան հայրս զարթնեց խիստ վաղ։ Առաջին բառը,որ արտասանեց, էր իմ անունը։ Ես իսկույն մոտեցա նրան։
Եկ գրկեմ քեզ, որդիս, թույլ տուր արևի լույսով մի լավ ուրախանամ քեզանով, Ասաց նա ծնողական հոգեզմայլությամբ։
Ես ընկա նրա գիրկը՛
Ա՛խ։ ինչպես խաբեցին ինձ... դարձյալ կրկնեց նա գիշերվա խոսքը, խորին կերպով հոգվոց հանելով։
Դու ամբողջ գիշեր անհանգիստ էիր, հայրիկ, համարյա չքնեցիր, շատ անգամ կրկնում էիր այդ խոսքը, պատմիր, ո վ խաբեց քեզ և ի՞նչ բանում խաբեցին։
Անցյալը մի հիշեցրու ինձ, որդի, պատասխանեց նա տխուր ձայնով, դու ինձ այն ասա՛, մայրդ կենդանի՞ է։
Ես նրան բոլորովին առողջ թողեցի տանը և մի քանի անգամ նամակներ եմ ստացել, շատ ժամանակ չէ, որ նոր նամակ ևս ստացա, նա բոլորովին առողջ է։
Անիծյա՜լ լինես դու... ինչպես խաբեց ինձ...
Նա դարձյալ հիշեց իր խաբված դրությունը։ Իսկ քույրե՞րդ, Հարցրեց նա։
Նույնպես առողջ են, մեծ քույրս մարդի է գնացել, այժմ երկու երեխա ունի, միջնակ քույրս նշանված է։
Նրա շիջած աչքերի մեջ փայլեց ուրախության մռայլ նշույլը։ Իսկ իմ հետաքրքրությունը ավելի գրավում էր այն գաղտնիքը, թե ո՞ւմ էր անիծում հայրս, կամ ո՞վ էր խաբել նրան։ Երկար թախանձելուց հետո վերջապես հոժարեցավ նա պատմել։
Գուցե մայրդ ասած կլինի, որ դեռ դու չէիր ծնված, երբ ես աղքատությունից ստիպված թողեցի հայրենի երկիրը և դիմեցի ղեպի պանդխտություն, օտար աշխարհներում բախտ որոնելու։ Բացի ծանր պարտքերից, ես ոչինչ չթողեցի իմ ընտանիքի ապրուստի համար։ Մի քանի կտոր կալվածքներ ունեի, նրանք ևս պարտքերիս փոխարեն գրավ էին դրված։ Մի քանի տարի երկրե երկիր թափառում էի. բայց ոչ մի գործում հաջողություն չէի գտնում։ Հայրենիքից ստացված տեղեկությունները միշտ տխուր էին լինում և անմխիթար։ Վերջապես հասավ Պարսկաստանի սարսափելի ժանտախտի լուրը։ Այդ միջոցին հայտնվեցավ ինձ մոտ մի խաչագող, որ նոր էր եկել մեր երկրից և ուներ իր հետ մի նամակ իմ անունով։ Նա պատմեց, թե որպիսի սոսկալի կոտորած կատակեց ժանտախտը և որպես դատարկվեցավ ամբողջ երկիրը, Իսկ նա մակի մեջ ավելի մանրամասնություններ կային։ Նամակը մեր գյուղի քահանայի գրածն էր։ Նա սկսվում էր մխիթարական խոսքերով, որպես սովորաբար գրում են այն անբախտներին, որոնք կորցրել էին իրանց սիրելիներին։ Նրա մեջ կար մի երկար ցուցակ, թե մեր գյուղացիներից ո՛վ մեռավ կամ ո՛վ ազատվեցավ։ Մեռելների թվում գրած էր քո մոր, քույրերիդ և քո անունը։ Իմ ամբողջ ընտանիքը ժանտախտի զոհ էր դարձել։ Այդ անիրավը բերանացի էլ պատմեց, թե որպիսի պատուհասի ենթարկեց աստված իմ ընտանիքը, և ավելացրեց, որ իմ թողած բոլոր կայքերը պարտքերիս փոխարեն տիրեցին...
Վերջին խոսքերի ժամանակ ծերունու ձայնը փոքր առ փոքր թուլացավ, և նա դժվարանում էր շարունակել իր պատմությունը։ Նենեն տվեց նրան մի բաժակ կաթ խմելու։ Նա փոքր-ինչ կազդուրվեցավ և շարունակեց.
Այլևս ոչինչ չէր մնում, ես կորցրել էի այն բոլոր առարկաները, որ սիրելի էին ինձ, որ կապում էին իմ սիրտը իմ հայրենիքի հետ։ Այդ տեղեկությունները այնքան ծանր և սպանիչ ազդեցություն ունեցան իմ վրա, որ ես մի քանի ամբողջ ամիսներ հիվանդ պառկեցա։ Նամակաբերը չհեռացավ իմ հիվանդության մահճից և ամենայն հոգատարությամբ խնամք էր տանում իմ վրա։ Մինչև իմ առողջանալը նա բոլորովին գրավեց իմ բարեկամությունը, և ես իմ ա՛նձը շատ երախտապարտ էի համարում նրան։ Ես ընդունեցի նրան իմ մոտ, և որպես ընկեր գռրծում էինք միասին։ Ես վճռեցի այլևս չվերադառնալ մեր հայրենիքը, ուր պիտի գտնեի սիրելի կնոջ, սիրելի զավակներիս գերեզմանները միայն և իմ դատարկացած տունը, այն ևս պարտքատիրոջ ձեռքը անցած։ Ամեն ինչ իմ մեջ պիտի զարթեցներ տխուր հիշողություններ։ Հայրենիքը ատելի էր դարձել ինձ...
Նրա ձայնը դարձյալ սկսեց դողդողալ, դարձյալ դառն զգացմունքները խեղդում էին նրան։ Նենեն տվեց նրան երկրորդ բաժակ կաթը, բայց այս անգամին չընդունեց և փոքրինչ հանգստանալուց հետո շարունակեց.
Ես այն ժամանակ հարուստ էի, ունեի մի քանի հազար պատրաստի ոսկիներ սնդուկի մեջ, իմ նոր ընկերը այն աստիճան գրավել էր իմ հավատարմությունը, որ ես ամեն ինչ հանձնել էի նրա ձեռքը։ Անցան մի քանի տարիներ, նա ինձանից չէր բաժանվում։ Մեր գործերը օրըստօրե լավանում էին, և օրըստօրե այդ մարդը սիրելի էր դառնում ինձ։ Բայց ի՞նչ գիտեի, որ նրա բոլոր մտերմությունը կեղծ էր, խաբեություն էր. մի գիշեր, իմ քնած ժամանակ, նա հարձակվեցավ իմ վրա, սրի մի քանի հարվածներ տալով, ես անզգա և ուշաթափ մնացի, իսկ նա, ինձ արդեն սպանված համարելով, հափշտակեց իմ ոսկիները և փախավ։ Ահա այն սպիները, որ թողեց իմ վրա այն չարագործը...
Հայրս ցույց տվեց մի քանի խորն ընկած վերքերի նշաններ իր մարմնի վրա և շարունակեց.
Այդ պառավը, որ դու տեսնում ես իմ խրճիթի մեջ, ես իմ կյանքով նրան եմ պարտական։ Նա մի անբախտ այրի էր, ինձ վեր առեց իր մոտ, խնամք տարավ և առողջացրեց։
Հորս ցավալի պատմության ժամանակ ես գտնվում էի մի տեսակ զարհուրանքի մեջ, թե ո՛րքան դժբախտությունների պատճառ է դառնում սուտը, խաբեությունը և նենգավոր մտերմությունը։ Հորս խաբված դրությունից առաջ էր եկել մեր ամբողջ ընտանիքի թշվառությունը։ Եթե նա այդ պատահարներին չհանդիպեր, եթե նա իր ժամանակին վերադարձած լիներ իր հայրենի երկիրը և իր վրա առներ յուր ընտանիքի խնամատարությունը, ես երբեք ստիպված չէի լինի ոտքս դուրս դնել իմ հոր տնից և անբարոյականության մեջ չէի ընկնի։
Ինչպե՞ս էր այն չարագործի անունը, Հարցրի ես, երբ հայրս վերջացրեց իր պատմությունը։
Օհան, դու կարծեմ կճանաչես նրան։
Կարապետի որդին, ինչպե՞ս չեմ ճանաչում։
Հենց նա։
Ես սառած մնացի։ Այդ անիրավը ոչ սակավ մոլորության մեջ էր գցել և՛ ինձ, և՛ իմ մորը, և՛ մեր բարեկամներին։ Ես այդ անցքը պատմեցի հորս։
Լսիր, հայրիկ, թե ինչպես վարվեց նա մեզ հետ, այնտեղ, Պարսկաստանում, երբ վերադարձավ պանդխտությունից։ Նա լուր բերեց, թե դու մեռած ես և իր հետ ուներ մի քանի խաչագողների նամակներ, որոնք նույնպես հաստատում էին քո մահը։ Նա բերել էր և քո ոսկյա մատանին, որի վրա փորագրված էր քո անվանական կնիքը։ Այդ հիշատակը հանձնեց նա իմ մորը։ Մորս ծանոթ էր այդ մատանին։ Մեր դրացի կնիկները համոզում էին նրան, որ թաղե մեր գերեզմանատան մեջ և քո անունով մի շիրիմ կանգնեցնե։ Բայց նա չէր հավատում մեզ հասած տեղեկություններին, նրան բավական հայտնի էին խաչագողների խաբեբայությունները։ Հետո Օհանը շատ անգամ գալիս էր մորս մոտ և իրան ցույց էր տալիս որպես մեր տան ամենալավ բարեկամը։ Վերջը նա առաջարկեց պսակվել մորս հետ, բայց մայրս մերժեց նրա առաջարկությունը։
Ավազա՜կ, գոչեց հայրս ատամները կրճտացնելով, Այստեղ հափշտակեց ոսկիներս, իսկ այնտեղ աշխատում էր խլել կնոջս...
Մի քանի րոպե մնաց նա տխուր լռության մեջ և ապա դարձավ ինձ այդ խոսքերով.
Ահա այդպես են այդ չարագործները... զգուշացի՜ր, որդի, հեռու կացիր այդ մարգերից։ Նրանց համար այս աշխարհում ոչ մի սուրբ բան չկա։ Ես էլ մի ժամանակ պատկանում էի այդ փչացած, անբարոյականացած հասարակությանը... ես էլ շատ տներ եմ քանդել, շատ ընտանիքներ եմ անբախտացրել, իմ ձեռքերն էլ մաքուր չեն մնացել անմեղների արյունից... Թո՛ղ այդ խրճիթը, հեռացիր, որդի, չարագործ հորից, որովհետև աստծո անեծքը կա նրա վրա...
Խե՜ղճ հայր, նա դեռ չգիտեր, որ որդին էլ ընկած է նույն ցեխի մեջ։ Նա հարցրեց.
Իսկ քեզ, որդի, ո՞ր բախտը ձգեց այս հեռավոր անկյունում։
Ես համառոտ պատմեցի վարպետիս դարբնոցում պատահած անցքը, մորս՝ ինձ քավոր Պետրոսին հանձնելը, իմ գործունեությունը պանդխտության մեջ և վերջապես այն դեպքը, որ մեզ դեպի այդ անտառը բերեց և ձգեց դրամանենգների ընկերության մեջ։
Այդ բոլորը լսելու ժամանակ թշվառ ծեքունին ավելի և ավելի սարսափում էր, մինչև նա կտրեց իմ պատմությունը, բացականչելով.
Անբա՜խտ որդի, դու էլ կորա՛ծ ես, և արտասուքը հեղեղի նման սկսեց թափվել նրա աչքերից։
Փոքր-ինչ հանգստանալուց հետո իր խռովությունից շարունակեց նա.
Լսիր, որդի, ամեն մի ապականված շրջանի ժահահոտությունը այնքան զգալի չէ լինում, երբ մարդ ապրում է նույն շրջանի մեջ, որովհետև նրա զգայարանքները սովորում են, ընտելանում են այն օդին: Իսկ երբ դրսից, մաքուր օդ շնչելուց հետո, մոտենում ես ապականված շրջանին, այն ժամանակ միայն զգում ես նրա թունավոր արտաշնչությունը։ Դու այժմ անմաքուր շրջանի, այդ փչացած հասարակության մեջ ես գտնվում և զգալ չես կարող, թե ո՛րպես քո անձը օրըստօրե վարակվում է և բարոյապես փտում է։ Միօտար ձեռք պետք է, որ քեզ դուրս քաշե նրա միջից, և այդ թող լինի հայրական փորձված ձեռքը։ Աղաչում եմ քեզ, հեռացիր այդ չարագործներից, քանի որ բոլորովին ընկած չես... քանի որ բոլորովին կորած չես...
Նա իմ ձեռքը բռնել էր իր դողդոջուն ափերի մեջ։ Վերջին խոսքերն արտասանեց արտասուքով և ծնողական սրտի խորին ցավակցությամբ։ Ես խոստացա կատարել նրա պատվերը, բայց մտածում էի, թե ի՞նչ հնարքով պետք է բաժանվել Պետրոսից։ Այդ սարսափելի մարդը այն աստիճան կաշկանդել էր ինձ, որ նրանից անջատվելը շատ հեշտ չէր: Հայրս պատասխանեց,
Ես լավ եմ ճանաչում այն անիրավին... նրա մեջ գութ կամ խիղճ կոչված բաները չկան։ Ես գիտեմ նրա բոլոր արարմունքը... աշխարհի ամեն կողմերում եղել է նա և որտեղից անցել է, թողել է իր ետևից արտասուք և դժբախտություն։
Այսուամենայնիվ, նա ինձ հետ միշտ լավ է եղել, նա մինչև անգամ որդու պես սիրում էր ինձ։
Հավատում եմ։ Բայց ի՞նչ նշանակություն ունի խաչագողի համար սերը, բարեկամությունը։ Լսիր, որդի, իմ ալևոր մազերը այդ չարագործների մեջ ճերմակացան։ Նրանք չգիտեն, թե ի՛նչ է ճշմարիտ բարեկամությունը, որքան սերտ են նրանց ընկերական կապերը, որքան մտերմական են նրանց հարաբերությունները, այնքան զարհուրելի է լինում վրեժխնդրությունը՝ երբ ընկերը իր ընկերի մեջ նշմարում է մի ամենափոքր կասկած։ Բայց կասկածել նրանք միշտ կարող են, որովհետև ում խիղճը մաքուր չէ, նա կասկածավոր է լինում։
Այդ բոլորը ուղիղ էր, ես առանց հորս ասելու էլ գիտեի։ Թայց ի՞նչպես հեռանալ քավոր Պետրոսից առանց նրան կասկած պատճառելու դրանումն էր գլխավոր հարցը։ Ես հարցրի
Ինչպե՞ս թողնեմ նրա մոտ իմ այսքան տարվա վաստակը։ Ես ունեմ մեծ հարստություն, և բոլորը նրա մոտ է»
Նա պատասխանեց վրդովված ձայնով,
Ձգի՛ր այն ապականված արծաթը, նա թույնից ավելի մահաբեր է։ Խաչագողի հարստությունը մի փոսի մեջ քամուց հավաքված ցամաք տերևների նման է. փչեց հակառակ քամին, և ահա նա ցրիվ եկավ։ Ավազակը երբեք չի հարստանա, նա այսօր հարուստ է, վաղը՝ աղքատ։ Այդպես են բոլոր խաչագողները։ Շատ անգամ նրանք մեծ գումարներ են ձեռք բերում, շատ անգամ մի սև փող չունեն ծախսելու։ Որովհետև նրանք ոչ միայն սովոր չեն ազնիվ աշխատանքին, այլ նրանց ծանոթ չէ ո՛չ փողի կանոնավոր կերպով վաստակելը և ոչ նրա տնտեսաբար սպառելը։ Թե՛ առաջինը և թե՛ երկրորդը նրանց մոտ չափազանցության է հասնում և մեջտեղում մնում է միշտ ոչինչ, այսինքն աղքատություն։
Ես ոչինչ չպատասխանեցի, հայրս շարունակեց,
Լսի՛ր, որդի, ով որ իր կյանքում մի որևիցե հիվանդությամբ վարակված է լինում, երկար բժշկվելուց հետո, ինքը նույն հիվանդության բժիշկն է դառնում։ Ես այդ բոլորը փորձել եմ իմ կյանքում, իմ անձի վրա։ Փախի՛ր, հեռացի՛ր այդ մարդկանցից, որպես ժանտախտից, ազատության ուրիշ հնար չկա...
Ես հարցրի հորիցս, երբ նրանք այս աստիճան ատելի էին, ինչւ էր նա իր խրճիթը հիմնել նրանց բնակարանի մոտ։
Նրանք նոր են եկել, ութ ամիս չկա, որ նրանք բույն են դրել այդ անտառների մեջ։ Իսկ ես բնակվում եմ այդ ծովի ափի մոտ ավելի քան վեց տարի։ Երբ նրանք հայտնվեցան, ես պատրաստվում էի հեռանալ այստեղից, բայց հիվանդությունս արգելք եղավ։ Ես պառկած էի, ես հիվանդ էի, մի քանի շաբաթ հազիվ կլինի, որ փոքր-ինչ հազիվ կազդուրվել եմ:
Բայց ի՞նչը ստիպեց քեզ առանձնանալ այդ ծովի ափի մոտ։
Դու լսեցիր իմ պատմությունը, թե ո՛րպես խաբվեցա ՛ես, թե ո՛րպես դավաճանեց և կողոպտեց ինձ հավատարիմ ընկերը... Այն օրից ես ատեցի աշխարհը, հեռացա մարդկանցից և վճռեցի այդ մոռացված խրճիթում, աքդ ծովի ափերի մոտ անցկացնել իմ դժբախտ ծերությունը...
Ես խոստացա բաժանվել քավոր Պետրոսից, խոստացա թողնել այն հարստությունը, որ անարդար միջոցներով էր հավաքված, և ասեցի հորս.
Ես ընդունում եմ քո խորհուրդը, ես այլևս չեմ վերադառնա այն մարդկանց մոտ և կմնամ այստեղ։ Բայց դու ևս, հայր, խոստացիր, որ մոլորված որդու հետ կվերադառնաս մեր հայրենիքը, կուրախացնես կարոտ մորս, կուրախացնես անտեր մնացած զավակներիդ։ .
Խոստանում եմ, պատասխանեց նա։ Ես հենց այս օրից կսկսեմ ճանապարհի պատրաստություն տեսնել։
Այդ միջոցին Նենեն և պառավը մոտեցան մեզ։
Գրկիր այդ երիտասարդին, դա իմ որդին է։
Նա ուրախությամբ սկսեց համբուրել ինձ։ Ոչ սակավ ուրախ էր և Նենեն։ Նա երեխայական հրճվանքով պտտվում էր իմ շուրջը, ծիծաղում էր, հանաքներ էր անում հորս հետ, շնորհավորում էր նրան, որ բախտ ունեցավ գտնել իր որդուն, և ասում էր.
Տեսա՞ր, պապա, եթե ես չլինեի, եթե Մուրադը ինձ այստեղ չբերեր, դու, կարելի է, չտեսնեիր նրան։