Мурацан
Գևորգ Մարզպետունի
Դայակի զրույցները
Դահլիճից հեռանալով՝ թագուհին մտավ յուր առանձնարանը հոգեպես հուզված։ Առաստաղից կախած արծաթե կանթեղի լույսը տկար ու դժգույն թվաց նրան, թեպետ յուր հրամանովն էր, որ միայն մի ճրագ էր վառվում յուր քնարանում։ Ուրիշ անգամ այդպիսի թերություն նա չէր նշմարիլ այդտեղ․ բայց այժմ չկարողացավ հաշտվել փոքրիկ ճրագի հետ։
Լո՛ւյս տվեք, առանց այն էլ սիրտս մթապատ է, բացականչեց թագուհին և դիմեց դեպի նեղ, կամարակապ պատուհանը, որ նայում էր լուսնի լուսով լուսավորված Գեղա լեռան բարձունքներին, և որտեղից հով էր առնում սենյակը։
Կանգ առնելով այդտեղ, նա սկսավ անհագաբար շնչել թարմ օդը, կարծես կամենալով մեղմել նրա զովությամբ յուր սիրտը վառող կրակի տապը։
Նաժիշտներից մինը ներս բերավ իսկույն ոսկեզօծ հնգճյուղյան ճրագարանը և դրավ ընկուզենուց շինած և սադափով ու փղոսկրով զարդարած նգույրի (բոլորշի սեղան) վրա։
Սենյակը լուսավորվելով՝ երևան հանեց հինավուրց արհեստի նրբաճաշակ զարդարանքները, որոնցով գեղարվեստասեր Տրդատը դարեր առաջ պաճուճել էր տվել յուր սիրարժան քեռ, հայոց թագածին օրիորդի և, հավերժական կուսի գիշերային հանգստարանը։ Դղյակը ուրիշ շատ սենյակների նման քարաշեն էր և այս առանձնարանը, միայն այն զանազանությամբ, որ սա կերտված էր ընտիր, գույնզգույն քարերից։ Պատերից յուրաքանչյուրը բաժանվում էր չորս կամարամասի, հնգական զույգ որմնասյուներով, որոնք հաստատված էին գոտեզարդ պատվանդանների վրա։ Նրանց հոնիական խոյակները միավորում էին չորս կիսաբոլոր կամարներ։ Պատերի հարթ ու ողորկ մասերը շինված էին սպիտակ, սյուներն ու կամարները դեղնագույն քարից, իսկ պատվանդաններն ու խոյակները հրաշեկ պորփյուրից։ Որմնասյուներով բաժանված մասերում մեջընդմեջ շինված էին կամարազարդ խորշեր, որոնց ներսը կերտված էր հախճապակյա գույնզգույն աղյուսներից, իսկ եզերքը զարդարած ծիրանաքարի մանեկաձև գոտիներով։ Յուրաքանչյուր երկու խորշերի մեջտեղը գտնվող հարթ տարածության վրա քանդակված էին դրասանգներ ու ծաղկանկարներ։
Սենյակի ձեղունը գմբեթարդ էր, զարդարված սև ու կարմիր քարերի ծաղկաձև շարվածներով․ իսկ առաստաղը պատերի հետ միավորող քառանկյունները պճնված խորշխորշյա ոսկեզօծ մյուսիոններով։
Պատերից երկուսի վրա շինված էին երկ-երկու նեղ, բայց երկար ու կամարավոր պատուհաններ, եզերված պորփյուրյա մանեկաձև գոտիներով։
Համակ քարաշեն այդ սենյակի հետ գեղեցիկ հակադրություն էր կազմում թագուհու քնարանը, որ բռնած էր սենյակի աջ անկյունը սքողված մետաքսյա ծիրանեգույն առագաստներով և զարդարված ոսկե թել ծոպերով ու փնջերով։ Դայակը մոտենալով մահճին բացավ նրա ծանր առագաստները և երևան հանեց հարուստ դիպակներից ու նրբահյուս բեհեզներից պատրաստված անկողինը, գգված պարսկական թավշյա ծաղկանկար բարձերով։ Ապա դառնալով թագուհուն՝ մեղմ ձայնով հարցրեց․
Կկամենայի՞ր, մեծափառ, այժմեն իսկ հանգստանալ։
Այո՛, այժմեն իսկ, սաստիկ հոգնած եմ, պատասխանեց թագուհին և երեսը պատուհանից դարձնելով, հրամայեց նաժիշտներին յուր հանդերձը հանել։
Բայց նրա երեսն այդ միջոցին արտահայտում էր ոչ թե հոգնածություն, այլ ներքին, հոգեկան հուզմունք, որ սակայն մի գրավիչ փայլ էր տալիս նրա գեղանի դեմքին, լուսալիր աչքերին, նազելի հասակին և դշխոյական սիգաճեմ շարժմանը։
Երկու նաժիշտները միաժամանակ մոտեցան նրան։ Հանեցին նախ թագուհու սովորական զարդերը, որոնք էին՝ յուր բյուզանդական ծանրագին ապարանջաններն ու գինդերը, ապա ոսկեհուռ մանյակը, որ գրկում էր նրա փղոսկրյա պարանոցը, գոհարազարդ գոտին, որ սեղմում էր նազիկ իրանը մետաքսե նուրբ պատմուճանի մեջ, և ձախ ուսի վրա փայլող հակինթե ճարմանդը, որով կոճկված էր յուր հարուստ կուրծքն սքողող ոսկենկար բաճկոնակը։ Արձակեցին նույնպես մարգարտյա վարսակալը, որ ամփոփում էր նրա մազերը հունական տարազով։ Հարուստ հյուսերը ոսկե կապերից ազատվելով ալեծածան սփռվեցան նրա կիսամերկ ուսերի և կրծքի վրա։
Կիսով չափ հանվելով, թագուհին նստեց մահճի վրա և պահանջեց յուր սաղմոսարանը։
Նաժիշտներից մինը մոտեցավ քնարանի սնարին և այդտեղ դրված փոքրիկ դարակից հանելով ոսկեկազմ և ակունքներով զարդարած մի գիրք, համբուրեց այն և տվավ թագուհուն, ընդնմին մոտեցնելով նրան ճրագարանը։
Այժմ արդեն գոհ եմ, գնացեք և հանգստացեք, այս գիշեր ինձ մոտ կմնա Սեդան, ասաց թագուհին նաժիշտներին։
Բայց մի՞թե չէիր կամենալ մի բան ճաշակել, գորովալից ձայնով և հոգատար եղանակով հարցրեց Սեդան, մոտենալով թագուհուն։
Ճաշակե՞լ․․․ Ո՛չ։
Կամ ըմպել մի գավաթ օշարակ։
Լա՛վ․ բերեք ինձ զովացուցիչ մի բան, ասաց թագաուհին, կարծես կամենալով շնորհ անել դայակին։
Նաժիշտները դուրս գնացին թագուհու հրամանը կատարելու։
Առանձնարանի մեջ լռություն տիրեց։ Թագուհին բացավ սաղմոսարանը՝ իբր թե կարդալու համար, բայց նրա աչքերը խաղում էին դրվածքի վրա մեքենայաբար, նա ոչինչ չէր կարդում, այլ միայն այդպիսով կամենում էր հեռացնել յուր աչքերը Սեդայից, որպեսզի մինչև նաժիշտների գալն ու վերադառնալը ո՛չ մի զրույց չսկսե նրա հետ։ Բայց նա շնչում էր անհանգիստ և յուր կուրծքը, փոթորկելու մոտեցած ալիքի նման, անընդհատ բարձրանում և իջնում էր։
Վերջապես վերադարձան նաժիշտները, բերելով իրանց հետ արծաթե սկուտեղի վրա ոսկե գավաթով զովացուցիչ օշարակ, որ պատրաստված է մրգերի հուզից ու մեղրաջրից, այլև Արարատյան այգիների ընտիր պտուղներ։
Այժմ ազատ եք, ասաց թագուհին նաժիշտներին, երբ նրանք բերածները դրին սեղանի վրա։
Նաժիշտները գլուխ խոնարհեցին թագուհուն և «հանգիստ նինջ» մաղթելով նրան հեռացան։
Թագուհին խորը շունչ քաշեց, որպես թե մի ճնշող ծանրությունից ազատված։ Ապա գիրքը դնելով նգույրի վրա և երեսը դարձնելով դեպի Սեդան, որ ձեռքերը խաչած կանգնած էր յուր սնարի մոտ, հարցրեց․
Սեդա, դու լսեցի՞ր ի՛նչ ասաց Գոհար իշխանուհին։
Այո՛, տիկին, լսեցի։
Բայց հասկացա՞ր այն ակնարկությունը, որ քո թագավորին էր վերաբերում։
Ա՛յն, որ ասաց, թե «բացակայում է Դվինի՞ց»։
Եվ թե՝ «շարունակ շրջում է Ուտիքում»։
Ո՛չ, թագուհի, նա Ուտիքի մասին ոչինչ չասաց։
Ինչպե՞ս թե չասաց, ուրեմն ես սխա՞լ լսեցի։
Նրա բոլոր խոսքերը մի առ մի կարող եմ կրկնել։ Նա Ուտիքի անունը չտվավ։
Ի՞նչ ես խոսում․ ա՛յ կին, ուրեմն ես․․․ բայց անկարելի է, ես հիշում եմ, որ նա Ուտիքի մասին էլ ակնարկեց։ Մի՞թե դու չտեսար, թե ի՛նչպես այլայլվեցա ես։
Այո՛, սիրելի թագուհի, ես տեսա թե «թագավորի բացակայության» մասին իշխանուհու արած ակնարկությունն ի՛նչպես տակնուվրա արավ քեզ։ Բայց Ուտիքի մասին խոսք չէ եղել։ Երևի իշխանուհու ակնարկությունից դու այն ես եզրակացրել, թե իբր նա ասում է՝ «թագավորը բացակայում է մայրաքաղաքից», որովհետև «ցանկանում է Ուտիքում լինել․․․»։ Եվ ահա՛ այժմ քեզ թվում է, թե վերջին խոսքը նույնպես լսել ես նրանից, բայց ես լավ հիշում եմ, որ նա այդ խոսքը չարտասանեց։
Դայակի դիտողությունը լուսավորեց թագուհու միտքը, նրա հիշողությունը բացվեցավ, նա զգաստացավ և միևնույն ժամանակ սաստիկ ամաչեց, տեսնելով, թե ո՛ր աստիճան ինքն անձնատուր է եղել յուր երևակայության։
Բացի այդ, նա մտաբերեց հանկարծ, որ ինքը Սեդայի հետ դեռ ոչինչ չունի խոսած յուր վշտերի մասին, ուրեմն ինչո՞ւ Ուտիքի վերաբերմամբ խոսում է այժմ այնպես ազատ, որ կարծես թե նրանից ծածուկ ոչինչ չունի այլևս։ Այդ հանգամանքը ճնշեց նրան սկզբում։ Բայց հետո մտածելով, որ բաժակն արդեն լցվել է և որ այսուհետև գաղտնի կերպով տանջվելը ոչ մի օգուտ չի բերելու իրան, հարցրեց հանկարծ դայակին․
Սեդա, դու ի՞նչ գիտես Ուտիքի մասին։
Սեդան նայեց թագուհու աչքերին մի հայացքով, որ թե՛ զարմանք և թե՛ անվստահություն էր արտահայտում, և ոչինչ չպատասխանեց։
Սեդա, քեզ հարցնում է թագուհին, ինչո՞ւ ես լռում։
Ուտիքի մասին, սիրելի թագուհի, ես շատ բան գիտեմ, ես ամեն բան գիտեմ․․․
Այո՛, հիշում եմ, մի երկու ժամ առաջ հովանոցումն էլ նույնը ասացիր․․․ Ասացիր, թե վաղուց հայտնի է քեզ, թե ի՛նչ վիշտ է կրծում իմ սիրտը, բայց թե չես համարձակվել այդ մասին խոսել ինձ հետ, որովհետև հավատացած ես եղել, որ դրանով միայն իմ վերքերը պիտի նորոգես, առանց ինձ մի օգուտ տալ կարողանալու․․․ Այդպես չասացի՞ր, Սեդա՛։
Այո՛, իմ սիրելի թագուհի, այդպես ասացի։
Է՛հ, խոսի՛ր այժմ համարձակ, քո խոսքերով դու այլևս չես նորոգիլ իմ ցավերը, այլ գուցե և մեղմես նրանց։
Իսկ եթե․․․
Ոչ, ասում եմ քեզ․ այժմ ես կարոտում եմ մի հավատարիմ բարեկամի, մի ընկերուհու, որին սիրտս բանալ կարողանամ․ դո՛ւ եղիր այդ բարեկամը, մայր Սեդա, ես արդեն հոգնել, թուլացել եմ իմ վշտերս միայնակ տանելուց։
Բայց չէ՞ որ ամեն ինչ հայտնի է քեզ արդեն․ ինչո՞ւ ինձանից ես կամենում քո ցավերի պատմությունը լսել։
Ինչո՞ւ, այդ մի՛ հարցնիր, մայր Սեդա, կամենում եմ լսել նորից այն բոլորը, ինչ որ ինքս գիտեմ․ այլև այն՝ ինչ որ մինչև այժմ ծածկված է մնացել ինձանից։
Բայց․․․ չգիտեմ թե ո՛րտեղից սկսեմ։
Սկզբից․ բոլորովին սկզբից։ Գիշերը երկար է․ ես չպիտի կարողանամ քնել։
Բայց․․․ ի՞նչ ասեմ․․․ այդ բոլոր պատմությունը կարելի է ամփոփել մի քանի բառերի մեջ։ «Թագավորը սիրում է Ցլիկ-Ամրամի կնոջը․․․»․ այս չէ՞ բոլորը։
Թագուհին րոպեապես ցնցվեցավ։ Մի գաղտնի հուզմունք անցավ նրա սրտից ինչպես մի կայծակ, և նրա հոգին խռովվեցավ նման ծովափյա ջրին, որի մեջ հանկարծ գլորվում է լեռան կողմերից պոկված մի քարաժայռ։ Մի թեթև, վարդագույն նրա այտերը ծածկեց և ճակատը տամկացավ աննշմարելի ցողով։ Ըստ երևույթին նա չէր սպասում դայակի այս կարճ և ամեն ինչ մերկացնող պատասխանին։ Նա կամենում էր, Այո՛, լսել նրանից բոլորը, բայց այսքան շուտ, այսքան մերկապարանոց․․․ Չէ որ յուր ականջները դեռ սովոր չէին այդ բանին․․․ Հանկարծ մի դայակ համարձակվի յուր ներկայությամբ անպատշաճ խոսքեր ասել յուր թագավոր ամուսնու մասին, մի՞թե այդ հնարավոր էր, մի՞թե թագուհին այդ կարող էր լսել․․․
Լռի՛ր, Սեդա, ոչինչ մի՛ խոսիր, հանկարծ հրամայեց նա, ինքն էլ չիմանալով, թե ինչո՛ւ համար է լռեցնում խեղճ կնոջը։
Դայակը մնաց ապշած։ Նա երկյուղագին ու անթարթ աչքերով նայում էր թագուհուն, առանց նրա բարկության պատճառը գուշակել կարողանալու։
Բայց թագուհին լուռ էր։ Նա գլխակոր և աչքերը խոժոռած նայում էր հատակին։
Անցան մի քանի վայրկյաններ։ Հուզմունքը տեղի տվավ առողջ դատողության։ Թագուհին բարձրացրեց աչքերը և նայեց Սեդային, որի երկչոտ հայացքը և այլայլված դեմքը ճնշեցին յուր քնքուշ սիրտը։
«Արժե՞ միթե նրա պատճառով վիրավորել այս խեղճին։ Ինչո՞ւ կեղծության քողը այսքան համառությամբ սեղմել իմ երեսին․․․», մտածեց ինքն իրան թագուհին և ձեռքը պարզելով դեպի դայակը, գորովալից ձայնով ասաց․
Սեդա, մոտեցի՛ր, տո՛ւր ինձ քո ձեռքը։
Սեդան մոտեցավ բռնազբոսիկ քայլերով, բայց ձեռքը թագուհուն տալ չհամարձակվեցավ։
Մոտեցի՛ր, ասում եմ, և տո՛ւր ինձ քո ձեռքը։
Սեդան մոտեցավ և յուր փափուկ ու սպիտակ աջը պարզեց դեպի թագուհին։
Վերջինս բռնեց այն քնքշությամբ և սիրալիր հայացքով նայելով դայակի աչքերին, ասաց․
Մայր Սեդա, ես քեզ վշտացրի, ների՛ր ինձ, և այս ասելով ջերմությամբ համբուրեց նրա ձեռքը, բայց այնպես արագ, որ դայակն արգելել չկարողացավ։
Իմ թագուհի, իմ մեծափառ տիկին, ի՞նչ ես անում, այլայլված բացականչեց Սեդան և խոնարհելով թագուհու առաջ, փարեց նրա ծնկներով և սաստիկ հուզմունքից սկսեց արտասվել։
Մայր Սեդա, մի հուզվիր, մի՛ վրդովվիր․ ես համբուրեցի այն ձեռքը, որ շատ անգամ համբուրել եմ մանկությանս ժամանակ, որ այնքան շատ գգվել, գրկել ու պահպանել է ինձ, համբուրեցի այն կնոջ ձեռքը, որ ինձ կաթ է ջամբել, ինձ երկրորդ մայր է եղել․․․ Վե՛ր կաց, Սեդա, գրկի՛ր քո Սահանույշին, հիշո՞ւմ ես, որ ասում էիր, թե Սահականույշը խիստ երկար է․ դու Սահանույշ պիտի անվանես․․․ Ո՜հ, ինչպե՞ս անդառնալի անցան մանկական այդ քաղցր օրերը․ և որքա՜ն փոքրիկ երջանկություններ կորան անհիշատակ․․․ Այդ բոլորից միայն դու մնացիր ինձ, իմ բարի Սեդա, վե՛ր կաց, գրկիր և համբուրի՛ր ինձ․․․
Սեդան բարձրացավ և բազուկները տարածելով, յուր գիրկն առավ թագուհու գեղեցիկ գլուխը և սկսավ համբույրներով ծածկել նրա շուշան ճակատը և մարմարիոնի պես սպիտակ ուսերը, որոնք կիսով չափ սքողվում էին յուր հարուստ, ալեծածան մազերով։
Ա՜խ, այսպես ուրեմն, քաղցր են մայրական համբույրները․․․-շշնջաց թագուհին և ջերմությամբ փարելով դայակին՝ «ես մայր չունիմ, Սե՛դա, դու ինձ մա՛յր եղիր», ասաց նա և, հեկեկաց։
Մի՛ լար, իմ անգին Սահանույշ, ես քո մայրն եմ, քո աղախինն եմ, քո ստրուկն եմ, մի՛ լար, իմ աննման թագուհի․․․
Երկար նրանք գրկախառնված մնացին և հորդ արտասուքներով իրար կուրծքը թրջեցին։ Ապա դայակը առաջինը հեռանալով, մոտեցավ սեղանի վրա դրած օշարակին և ոսկե ըմպանակն առնելով, լցրավ ու բերավ թագուհուն։
Խմի՛ր այս ջրից մի բաժակ, սա կհանգստացնե քո հուզմունքը, խնդրեց նա թագուհուն։
Բայց նա, կարծես օշարակը չտեսնելով և նույնիսկ Սեդային չլսելով, սկսավ խոսել նրա հետ մի տեսակ ինքնամոռացության մեջ․
Լսի՛ր, Սեդա, մի՞թե ես ավելի բախտավոր չէի լինի, եթե մի հովվի կին լինեի․․․
Ի՞նչ ես ասում, թագուհի,-հարցրեց Սեդան տարակուսած։
Այո՛, այն ժամանակ մեր իշխանները կծաղրեին Սահակ Սևադային․ կասեին թե՝ Գարդմանա հզոր իշխանը յուր դուստրը տվել է լեռներում ապրող մի հովվի․ այնպես չէ՞ ․․․ Այո՛, և այն ժամանակ ես, հայոց թագուհին, Աշոտ-Երկաթի ամուսինը չէի լինիլ․ ինձ չէին շրջապատի այս հոյակապ զարդարանքները, այս ոսկեճամուկ դիպակները, այս արծաթե ու փղոսկրյա կարասիները․․․ այո, և զորախմբերը չէին խոնարհիլ իմ առաջ իրանց դրոշն ու նիզակները․․․ Բայց հովվական խրճիթի մեջ իմ հոգին խաղաղ և սիրտս հանգիստ կլիներ․․․ իմ հայրն ու սիրելի եղբայրը աչքերի լուսից չէին զրկվի, և ես շարունակ գաղտնի հառաչանքներով, թաքուն արտասուքներով չէի ողբալ մեկի ծերությունը և մյուսի ծաղիկ հասակը ․․․ Եվ այս բոլորը մի անզգամի, մի նվաստ ազգի կնոջ համար․․․ Օ՛հ, խելքս թռչում է, երբ սկսում եմ մտածել․․․
Թագուհի, դու դարձյալ վրդովվում ես․ խմի՛ր այս բաժակը, աղաչում եմ, նա կհանգստացնե սիրտդ, խնդրեց Սեդան, օշարակի բաժակը մոտեցնելով նրան։
Թագուհին բաժակը վերցրավ և խմեց միանվագ։ Զովարար ըմպելիքը մեղմացրեց նրա սրտում վառվող կրակը։ Նա լռեց մի վայրկյան։ Սեդան հանգամանքից օգտվելով, ընտրեց նաժիշտների բերած մրգերի ծիրանեգույն խաղողի մի գեղեցիկ ողկույզ և բերավ թագուհուն։
Այս նույնպես կհանգստացնե սիրտդ․ ճաշակի՛ր մի քանի հատ, խնդրեց նա թագուհուն։
Լա՛վ․ բայց նստի՛ր դու այստեղ, իմ առաջ, և պատմի՛ր բոլորը, ինչ որ գիտես, -հրամայեց թագուհին։
Սեդան հնազանդվեցավ, և մոտեցնելով թագուհու մահճակալին մի եռոտանի աթոռ, նստեց նրա վրա։
Այդպես․ այժմ սկսի՛ր։
Դու հուզված ես, իմ սիրելի թագուհի․ ավելի լավ կլիներ, եթե մենք ցավերից չխոսեինք․․․ հոգատար եղանակով աղաչեց Սեդան։
Ես կամենում եմ անպատճառ իմանալ, թե որքա՛ն բան գիտեն ուրիշները իմ ցավերի մասին․ այդ անհրաժեշտ է․ այդ կարող է օգնել գործին, և հենց այդ պատճառով դու պիտի պատմես ինձ ոչ միայն քո գիտեցածները, այլև լսածներդ։
Եթե այդ կարող է օգնել գործին․․․
Այո՛, անպատճառ կօգնե, ասաց թագուհին այնպիսի մի եղանակով, որի մեջ նկատվում էր նրա անդառնալի հրամանը՝չկրկնել տալ իրան այլևս միևնույն պատվերը։
Սեդան գլուխը խոնարհեց և սկսավ մտածել։ Ըստ երևույթին նա վերադառնում էր դեպի անցյալը և աշխատում էր զարթեցնել յուր մեջ հին հիշողությունները։ Դրա համար, իհարկե, ժամանակ չէր հարկավոր․ այն, ինչ որ նա պիտի պատմեր, կատարվել էր ընդամենը չորս կամ հինգ տարվա ընթացքում․ ուրեմն, հազիվ թե Սեդան մի որևէ դեպք մոռացած լիներ։ Բայց նրան տանջում էր այն միտքը, թե արդյոք պատմե՞ թագուհուն այն ամենը, ինչ որ ինքը գիտե, թե՞ միայն այն, ինչ որ կարող է գոհացնել նրա հետաքրքրությունը, առանց, սակայն, նրա սիրտը խռովելու։
Թագուհին գուշակեց Սեդայի տարակուսանքը և դիմելով նրան՝ տխուր ժպտալով ասաց․
Գիտեմ, իմ բարի Սեդա, թե ինչո՛ւ համար ես դժվարանում խոսել։ Այո՛, չես կամենում ինձ վրդովել, այնպես չէ՞․ բայց ծածուկ վերքն ավելի ցավ ու տանջանք է պատճառում, քան հայտնին։ Խոսի՛ր ազատ և անկեղծորեն։ Դրանով դու ավելի թեթևություն կբերես իմ սրտին․ և ես խոստանում եմ լսել քեզ սառնասրտությամբ։
Այո՛, իմ մեծափառ թագուհի, ինձ պաշարել է այն երկյուղը, թե գուցե իմ պատմածներով վրդովմունք պատճառեմ քո սրտին։ Այժմ՝ որովհետև դու այդ գուշակեցիր և խոստանում ես սառնասրտությամբ լսել ինձ, ապա ուրեմն կպատմեմ քեզ գիտեցածներս, առանց որևէ մի բան թաքցնելու, մանավանդ որ ասում ես, թե իմ տված տեղեկությունները օգուտ պիտի բերեն գործին։
Այս ասելով Սեդան ուղղեց յուր դիրքը, ծնկների վրա բերավ կապույտ պճղնավորի քղանցքները և աչքերը մի քանի վայրկյան գետնին հառելուց հետո նորից բարձրացրեց նրանց և թագուհու սպասող հայացքին ուղղելով՝ սկսավ մեղմ և հանգիստ ձայնով շարունակել։