Мурацан
Գևորգ Մարզպետունի
Հին վշտերի վախճանը
Չնայելով որ ձյունը պատել էր արդեն Գուգարաց լեռները և ճանապարհները փակել, այսուամենայնիվ Տավուշի բերդում հեռավոր ճանապարհորդության պատրաստություն էին տեսնում։ Իշխանական դղյակում բազմաթիվ ծառաներ զբաղված էին իրեղեններ դարսելով, բեռներ կապելով կամ պաշար պատրաստելով։ Հպատակ գյուղացիները ներս ու դուրս էին անում դղյակի բակը՝ քաշելով իրանց ետևից գրաստների շարքեր։ Նրանցից ոմանք բեռներ էին բարձում և ոմանք դատարկ վերադառնում, նայելով թե որքա՛ն ուժեղ կամ առողջ էին լինում բերած գրաստները։ Այս բոլոր աշխատությանց հսկում էին այր մարդիկ, և ամբողջ դղյակում չէր երևում ոչ մի կին։ Նույնիսկ հագուստներն ու շորեղենը դարսում էհն ծառաներ, չնայելով որ դա աղախինների գործ էր։ Կարծես մի հարվածող խարազան հալածել էր այդ դղյակից բոլոր այն արարածներին, որոնք կին անունն էին կրում։
Աշտարակազարդ դղյակի վերին դահլիճներից մինում, ուր ընդարձակ ծխնելույզի մեջ վառվում էր մեծ կրակ, անցուդարձ էր անում Ամրամ սեպուհը։ Նրա դեմքը տխուր, ճակատը կնճռած և հայացքի մեջ կրակը հանգած էր։ Հարուստ մորուքը, որ իջնում էր մինչև գոտին, ծածկվել էր արդեն սպիտակ ալիքներով և կազմում էր հակապատկերը յուր հագուստին, որ կարված էր միայն սևերից։ Նրա մեջքը չէր գրկում այլևս արծաթե կամար և ոչ էլ գոտին կրում էր ոսկեպատ սուր։ Յուր ձեռքի զարդը մի սև համրիդ էր, որի հատիկները նա շարունակ քաշում էր և համր քայլերով հետ ու առաջ ընթանում։
Հանկարծ նա կանգ առավ դահլճի նեղ և գունավոր ապակիներ ագուցած պատուհանի առաջ և սկսավ ուշադիր նայել դեպի Տավուշի ձորակը, որի լանջերով սրընթաց բարձրանում էր հեծյալների մի խումբ։ Որքան էլ որ սեպուհը լարեց յուր տեսողությունը, այնուամենայնիվ չկարողացավ ճանաչել խմբի առաջնորդին, որ հասարակ մարդ չէր երևում, բայց հետևորդների հագուստից գուշակեց, որ Ոստանի կողմից էին եկողները։
Երբ հեծյալները հասան բերդի դռանը, նա ճանաչեց իսկույն Մարզպետունի իշխանին և դուրս գալով քարաշեն պատշգամբը՝ հրաման արավ իսկույն բանալ բերդի դռները։
«Ինչո՞ւ համար է նա գալիս այստեղ․ ի՞նչ ունի այժմ ինձ հետ․․․», մտածեց ինքն իրան սեպուհը և չկարողանալով պատճառը գուշակել, ներս մտավ դահլիճը։
Գևորգ իշխանն իջնելով ձիուց՝ տեսավ դղյակի բակում տեղի ունեցող շարժումն ու պատրաստությունները և ինքն իրան շշնջաց․
«Մենք ուշացանք, նա արդեն հեռանում է․․․»։
Բարձրանալով դղյակի վերին դստիկոնները, իշխանն ամեն տեղ տեսավ ամայություն․-գորգերն ու զարդերը հավաքած, բազմոցները քակած, կանթեղներն իջեցրած, միով բանիվ՝ դղյակը բարեզարդությունից մերկացրած էր։
«Ինչո՞ւ այսպես շուտ, այս ձմեռ ժամանակ․․․»,-մտածեց ինքն իրան իշխանը և սակայն յուր հարցին պատասխան գտնել չկարողացավ։
Երբ մտավ սեպուհի մոտ, վերջինս նստած էր կրակարանի առաջ և քաշում էր յուր համրիչը։
Դու այստե՞ղ, Մարզպետունի իշխան,-բացականչեց սեպուհը և դիմեց դեպի նրան մի բռնազբոսիկ ժպիտով, որ սակայն չէր մեղմում յուր դեմքի տխրությունը։
Ինչպես տեսնում ես, տե՛ր սեպուհ, ես այստեղ եմ, եկա քո դղյակը հյուր, բայց դու երևի հենց դրա համար էլ մերկացրել ես նրան բարեզարդությունից։
Աստված մերկացրեց, սիրելի իշխան։ Նա՛ խլեց իմ դղյակի թանկագին զարդը․․․-պատասխանեց սեպուհը դողացող ձայնով և սեղմելով իշխանի ձեռքը, տարավ և բազմեցրեց նրան կրակարանի առաջ։ -Նստի՛ր այստեղ, տաքացիր, ցուրտն անշուշտ նեղացրած կլինի քեզ․ մեր Տավուշի ձորն առատ է բուքերով․․․ շարունակեց իշխանը և երկաթե ունելիքը վերցնելով սկսավ կրակը խառնել։
Այո՛, ձեր լեռները մի փոքր սեղմեցին մեզ․ այծենակաճները հազիվ էին մեզ սառելուց պահպանում։
Ինչո՞ւ այս ձյուն-ձմռան հիշեցիր ինձ, տեր Մարզպետունի, հարցրեց սեպուհը, չկարողանալով կարծես համբերել, որ հյուրասիրության համար սահմանված ժամերն անցնեն։
Իսկ դո՞ւ ինչու ես այս ձյուն-ձմռան մեջ հեռանում քո երկրից․-հարցրեց իշխանը մեղմով ժպտալով։
Ես իմ երկիրը հանձնեցի ափխազաց թագավորին և փոխարենն ստացա Ճորոխի ափերը․․․ գնում եմ իմ նոր կալվածը ժառանգելու, պատասխանեց սեպուհը առանց ակնածության։
Այդ ես գիտեի․․։ Բայց ինչո՞ւ անպատճառ այս ձյուն-ձմռան մեջ։
Մի օր ավելի մնալը մահ է ինձ համար․․․ Այս դղյակի սենյակներում ապրում են այժմ դժոխային ճիվաղներ, որոնք օր ու գիշեր անհանգիստ են անում ինձ․ ես փախչում, հեռանում եմ նրանցից․․․
Դժոխային ճիվաղնե՞ր․․․ ի՞նչ կնշանակե այդ, հարցրեց Մարզպետունին, տարակուսական մի հայացք ձգելով սեպուհի վրա։
Այո՛, ճիվաղներ․․․ դու պատահե՞լ ես, տեսե՞լ ես նրանց։
Ե՞ս․․․ Ո՛չ․․․ պատասխանեց իշխանը և նրան այնպես թվաց, թե սեպուհը խելագարված է։
Բախտավոր մարդ ես ուրեմն, ում որ ճիվաղները չեն չարչարում, նա անպայման բախտավոր է․․․ Այո՛, ես էլ մի օր այդպիսին էի, բայց իմ բախտը քո թագավորը կործանեց․․․
Տե՛ր,սեպուհ․․․
Հա՛, ի՞նչ է անում այն թշվառականը, ապրում է, այնպես չէ՛․ հանդեսնե՞ր է կատարում արքունյաց մեջ․․․ մայրաքաղաքն առնելու վրա է մտածում․․․ և չէ հիշում յուր չարագործությունը․․․
Տե՛ր սեպուհ, ես քաղցած եմ, հրամայի՛ր նախ կերակրել ինձ, ընդհատեց իշխանը դիտմամբ, կամենալով արգելել սեպուհի զայրույթը։
Վերջինս մի վայրկյան մնաց լուռ և ապա իշխանին դառնալով՝ ասաց․
Ների՛ր ինձ, տե՛ր Մարզպետունի, ես գրգռվեցա․ այդպես չպետք է անեի, Այո՛, բայց․․․ ինչ ասեմ, հիվանդ եմ, սիրտս ու հոգիս ծածկված են վերքերով իմաստությունն այլևս չի կառավարում իմ զգացումները․․․
Այս ասելով՝ նա ծափ զարկեց, և դռնապանը ներս մտավ։
Ասա՛ թող ճաշ բերեն մեզ, հրամայեց սեպուհը։
Ծառաներն իսկույն ջուր բերին, որով իշխանները լվացվեցան և ապա պաշտեցին ճաշը, որ կազմված էր մի քանի համադամ խորտիկներից։
Սեպուհը ճաշից հետ զբաղեցրեց հյուրին աննշան զրույցներով, որպեսզի առիթ չունենա նորեն գրգռվելու և իշխանի խաղաղ տրամադրությունը խանգարելու։
Բայց հետևյալ առավոտ նա խնդրեց Մարզպետունուն՝ հայտնել յուր առաքելության նպատակը, ըստ որում ինքը երկար չպիտի մնար Տավուշում։
Ոստանում լուր առանք, թե դու միացել ես Գուգարաց և Տայոց իշխանների հետ, խոսիլ սկսավ իշխանը, և պայման դրել՝ հանձնել ափխազաց թագավորին Տայք, Գուգարք և Ուտի նահանգները։ Այդ լուրն անախորժ տպավորություն արավ արքունիքում, իսկ ինձ ուղղակի սարսափեցրեց։ Ես եկա խանգարելու այդ ազգավաճառ գործը։
Դու ուշացել ես, նկատեց սեպուհը սառնությամբ։
Ինչպե՞ս թե ուշացել եմ։
Այնպես։ Մենք արդեն մեր գործն ավարտեցինք։
Ինչպե՞ս թե ավարտեցիք։
Հիշածդ նահանգները հաստատուն դաշնագրերով հանձնեցինք Բեր թագավորին, իսկ դրանց փոխարեն ստացանք նրանից զանազան կալվածներ Ափխազիայում։
Ո՞ր իրավունքով արիք դուք այդ բանը։
Այն իրավունքով, որ մեզ տրված էր հայոց թագավորից։
Նա ձեզ սոսկ վերակացուներ էր կարգել այդ նահանգների վրա։
Բայց հետո մենք ապստամբեցանք, տիրեցինք այդ նահանգներին և տիրապետ թագավորը չկարողացավ խլել այն մեզանից։
Այսուամենայնիվ, այդ նահանգները ձեր ժառանգական ստացվածները չէին, դուք հափշտակեցիք այն տիրանենգությամբ։
Այո՛, ես չեմ ուրանում, հափշտակեցինք։ Չլիներ Ցլիկ-Ամրամը, Գուգարքն ու Տայքը չէին բաժանվիլ հայոց թագավորից։ Ես ինքս ստեղծեցի այդ բաժանումը, պատմությունը հայտնի է քեզ․ հայտնի է նաև այն պատճառը, որ ստիպեց ինձ այդ անելու։ Այո՛, հայտնի է․ բայց չէ՞ որ դու արդեն քո վրեժը լուծեցիր, զրկեցիր թագավորին յուր ստացվածներից, ստիպեցիր նրան փախուստ տալ քո երեսից, թաքչել Սևանում երկար ամիսներ և ի վերջո՝ կռվի բռնվել Բեշիրի հետ և մահացու վերք ստանալ յուր կողերում․ մի վերք, որ վաղ թե ուշ գերեզման պիտի տանե նրան։ Էլ ուրիշ ի՞նչ ես պահանջում նրանից, ինչո՞ւ քո մի զրկանքի պատճառով հարյուրն ես կամենում փոխարինել։ Եվ վերջապես ի՞նչ հանցանք ունի այդ նահանգների հայ ժողովուրդը, ինչո՞ւ մատնում ես նրանց օտար գազանին։
Տե՛ր Մարզպետունի, երբ դու խոսում ես, ինձ թվում է թե հանցավոր եմ ես։ Բայց երբ սկսում եմ անցյալը մտաբերել կամ ներկան քննել, այն ժամանակ արածներս շատ չնչին են երևում ինձ։ Աշոտ թագավորը, այո՛, պատճառեց ինձ անփոխարինելի զրկանք, անդառնալի կորուստ։ Նա հափշտակեց իմ անզուգական գանձը, իմ աննման հարստությունը․․․ Ինձ թվում էր, թե վրեժխնդրությունս չի հագենալ, եթե Արարատի ահավոր ժայռերը նրա գլխին չկուտակեմ․․․ Բայց իմ ապստամբությունն ու Ուտիքը գրավելը և ապա յուր փախուստը և Սևանում թաքչիլը բավական հանգցրին վրեժխնդրությանս բոցը։ Ես սկսել էի արդեն հաշտվել իմ դժբախտության հետ։ «Թշնամուս կործանեցի, այժմ թող մոռանամ նրան», մտածում էի ինքս ինձ և պիտի մոռանայի․․․ Ոչ, արդեն մոռացել էի․․․ Բայց ի՞նչ ասեմ, չեմ կարողանում հիշել, սարսափում եմ․․․
Ի՞նչ, մի ուրիշ արգե՞լք պատահեց։
Օ՛հ, իշխան, եթե կարողանայի այլևս չխոսել․․․
Բայց ուրիշ ի՞նչ պատահեց։
Ուրիշ ի՞նչ, ոչինչ․․․ ոչինչ չպատահեց․․․
Վերջին խոսքերն արտասանելիս սեպուհի գույնը թռավ, նա հեռացրեց Մարզպետունուց յուր հայացքը, որի մեջ այդ վայրկենին հրդեհվում էր մի հնոց։
Բայց ի՞նչ պատահեց, ասա՛, թախանձեց իշխանը։
Ի՞նչ պատահեց․․․ Երկինքը կործանվեց, հասկանո՞ւմ ես, երկինքը, բայց չէ, այդ դու չես հասկանալ․․․ Դժոխքը յուր բոլոր արհավիրներով փոխադրվեց երկրի վրա ինձ նման թշվառականին տանջելու, չարչարելու, իմ սիրտն ու հոգին կեղեքելու համար․․․
Հավատա՛ ինձ, տեր սեպուհ, չեմ կարողանում քեզ հասկանալ, ասաց իշխանը երկյուղագին։
Չե՞ս հասկանում․․․ Ուրեմն ավելի մեկին խոսեմ․․․ Տանջվիմ դարձյալ մի քանի վայրկյան, հիշեմ զարհուրելի պատմությունը․․․-Այս ասելով սեպուհն ուղղվեցավ բազմոցի վրա և թիկունքը հենարանին տալով՝ քաշեց համարիչը մի քանի անգամ, ապա շարունակեց․ զարմանալի գաղտնիքն իմանալուց հետ մի դժոխային կատաղություն եկավ վրաս, հրամայեցի շղթաներ զարկել իմ թշվառ ամուսնու ոտքերին և ձգել նրան այս դղյակի խավարչտին բանտը․․․ Օ՛, ինչո՞ւ աստված միայն գազաններին է տվել պատառող ժանիքներ, միթե մարդ արարածը չի՞ գերազանցում նրանց յուր անգթությամբ․․․ Այո՛, փակել տվի նրան զնդանի մեջ․ հրամայեցի չայցելել նրան, լուր չհաղորդել և ոչ իսկ լուր առնել իրանից․․․ Այլ միայն տալ ավուր պարենը, որպեսզի ապրե խավարի մեջ և տանջվի այդտեղ յուր հանցանքի համար։ Այնուհետև ես հեռացա Տավուշից և սկսա իմ ապստամբության գործը տնօրինել, որի սկիզբն ու վախճանը հայտնի է քեզ արդեն։ Երբ նորեն վերադարձա Տավուշ՝ հրամայեցի հանել զնդանից թշվառ ամուսնուս։ Եվ նա շղթայակապ, դողդողալով եկավ և կանգնեց իմ առաջ․․․ Օ՛, ինչո՞ւ այն վայրկենին իմ աչքերը չկուրացան, ինչպե՛ս կարողացա ես տեսնել նրան այն դրության մեջ և տակավին համառիլ․․․ Նրա գիրուկ մարմինը նիհարել, զվարթ դեմքը դալկացել և վառվռուն աչքերը մարել էին․․․ Նա նայեց ինձ վրա, կամեցավ խոսել, բայց ես արգելեցի նրան․․․ Ինչո՞ւ արդյոք աստուծո ձեռը այդ րոպեին ինձ չհարվածեց․ գուցե նա կամենում էր բողոքել, գուցե կամենում էր արդարանալ իմ առաջ և կամ բերել ապացույցներ, որոնք յուր անմեղությունը պիտի հաստատեին․․․ Բայց ես անգութս ամեն բան մերժեցի։ Նայեցի նրան գազանային աչքերով և գուժեցի յուր սիրահար թագավորի ամոթահար պարտությունն ու անարգ փախուստը։ Այնուհետև միակ շնորհը, որ ես կարողացա անել նրան, այն էր, որ հրամայեցի հանել երկաթե շղթաները և առանց կապանքի փակել նրան վերին դստիկոններից մինում։
Վերջին խոսքերի վրա Ամրամը խոր հառաչեց և գլուխը ձեռքերի մեջ առնելով՝ մնաց լուռ։ Թվում էր, թե նա չի կարողանում այլևս սկսածը շարունակել, ուստի իշխանը խնդրեց նրան լռել՝ եթե մի ծանր վիշտ արգելում էր իրան խոսել։
Ընդհակառակը, վիշտն ստիպում է ինձ խոսել, շարունակեց սեպուհը՝ գլուխը վեր անելով։ Որքա՞ն ժամանակ է, որ ես չեմ խոսել, որքա՞ն ժամանակ է, որ այս սրահները միայն իմ տխուր հառաչանքներն էին լսում, միայն իմ դառն արտասուքները տեսնում․․․ Օ՛, ծանր, դժվարին, կարի անտանելի մի դրություն է այս․ եւ սակայն նա վիճակված է մեզ, թշվառ մահկանացուներիս․․․ Բայց ինձ թվում է, թե վշտերն առհասարակ կմեղմանային, նրանք չէին տանջիլ մեզ անողորմաբար, եթե մեզ շրշապատողները, մեր պատկերներն ու հոգին կրող մարդիկ կարողանային մի վայրկյան մեր սիրտը քննել և նրան կեղեքող վշտերը տեսնել․․․ Ասա՛ այժմ ինձ, տեր Մարզպետունի, ինչպե՞ս կվարվեիր, եթե իմ վիճակում գտնվեիր։
Ի՞նչ վիճակում, օրինակ։
Եթե հանկարծ իմանայիր, որ սիրածդ անձը դավաճանել է քեզ։
Ես ոչ մի մարդու կատարյալ չեմ համարում, ամեն մինը մեզանից ունի յուր թերությունը, այդ պատճառով էլ ես ներողամիտ եմ լինում միշտ դեպի ասեն մարդ, որ հանցանք է գործում իմ դեմ։
Բայց մի՞թե չկա հանցանք, որին անկարելի լիներ ներել, որի համար մարդկանց սյունից կախեին, կրակում այրեին, ջրահեղձ անեին․․․
Ինչպե՞ս չէ, կա։
Ո՞րն է այ՛դ, ասա՛․․․ Ասա՛, իշխան, կամենում եմ լս՛ել․․․
Հայրենիքի դեմ արած դավաճանությունը։
Միայն ա՞յդ։
Միայն այդ հանցանքն է, որին չէ կարելի ներել։
Իսկ եթե դավաճաներ քեզ քո սիրած․․․ Բայց ի՞նչ եմ խոսում, մի՞թե կարող ես դու ինձ հասկանալ․․․ Ահա ինչո՞ւ համար էի ասում, թե մեր վշտերը կմեղմանային՝ եթե ընկեր մարդիկ կարողանային նրանց էությունն ըմբռնել։
Խոսի՛ր, տեր սեպուհ, ես կարող եմ հասկանալ։
Կարո՞ղ ես․․․ Դե ասա՛, ի՞նչ կանեիր, եթե հանկարծ իմանայիր, ներիր համարձակությանս, թե Գոհար իշխանուհին դավաճանել է քեզ․․․ Մի՛ դատիր քո այժմյան սրտով, դարձիր դեպի քո անցյալը, երիտասարդացի՛ր, հիշիր այն խանդն ու կրակը, որ վառել, բորբոքել է քո սիրտը․․․
Չգիտեմ, այդ վիշտն անծանոթ է եղել ինձ։
Անծանո՞թ է եղել․․․ Օ՛, որքա՜ն ուրեմն երջանիկ ես դու․ և ահա՛ այդ է պատճառը, որ Մարզպետունյաց տերը մաքուր խղճով, խաղաղ սրտով յուր տան շինության և հայրենյաց փառքի համար է աշխատել, մեծ հայրենասերի հռչակ է ստացել, իսկ Ցլիկ Ամրամը, որի սիրտը պակաս չէ բաբախել հայրենյաց սիրո համար, դարձել է մի մատնիչ, դավաճան․․․ Այո՛, եթե մի ժամ, մի վայրկյան դու կարողանայիր ըմբռնել այդ վշտի էությունը, այն ժամանակ կհասկանայիր, թե ինչո՞ւ ես նրան աշտարակում փակեցի․․․ նրան, իմ Ասպրամին, որին սիրում էի այնպես, ինչպես որ չէին կարող սիրել տասն անգամ տասը սրտեր միասին․․․
Այո՛, փակեցի նրան աշտարակում, բայց եթե գիտենայիր, թե որքա՛ն տանջվում էի ես՝ տեսնելով նրան զուրկ արևի ջերմությունից, սիրո խնամքներից, մենմենակ յուր վշտերի հետ․․․ Քանի՛-քանի՛ անգամ կամեցա գնալ, մտնել այն մենարանը, ուր հեծում էր թշվառ կինը, բանալ նրան նորեն իմ գիրկը, սեղմել իմ կրծքին և ասել․ «Ասպրամ, ներում եմ քեզ․․․»։ Բայց, ի՞նչ մեղքս թաքցնեմ, այն միտքը, թե գուցե նա ավելի երջանիկ է համարում իրան յուր սիրո համար տանջվելով, քան թե կհամարեր նորեն իմ գիրկը դառնալով, ոտքերս կասեցրին․․․ Եվ այսպես ամիսներ անցան։ Ներքին հպարտությունս թույլ չէր տալիս ինձ մոտենալ հանցավորին և ասել նրան լեզվով այն, ինչ որ վաղուց ասել էի սրտով։
Բայց հոգիս հետզհետե ավելի էր խռովվում։ Լինում էին վայրկյաններ, երբ տխրությունը ծանրանում էր վրաս, անձուկը խեղդում էր ինձ և ես լուռ, անխոս, առանց հառաչել իսկ կարենալու, սկսում էի դառնապես արտասվել․․․
Մի անգամ դիպվածով տեսա, որ կերակուր տանող աղախինը վերադառնում էր աշտարակից՝ բերելով յուր հետ կերակրի խանը բոլորովին անձեռնամուխ։ Իմ հարցին, թե «Ինչո՛ւ չէ կերել տիկինը», աղախինը պատասխանեց, թե «Չհաճեցավ ուտել և հրամայեց այլևս կերակուր չտանել իրան»։ Այս տարօրինակ պատվերը կասկածի մեջ ձգեց ինձ և սկսա իմ խղճից տանջվել չարաչար։ Նորեն հին մտքերը պաշարեցին ինձ․ նորեն որոշեցի գնալ նրա մոտ, հանել թշվառին աշտարակից, վերադարձնել իրան յուր տիկնությունը․․․ Եվ սակայն հակառակ մտքեր էլ ունեցա, ուստի և երկար մնացի իմ խցում։ Անցան շատ ժամեր։ Դղյակի եկեղեցու ժամհարը, որ դռների ետևից «ալելուիա» հնչելով և կոչնակը զարկելով հրավիրում էր մարդկանց աղոթելու, սթափեցրեց ինձ թմրություն՛ից։ «Ինչո՞ւ համար եմ ուշանում, ազատենք վերջապես թշվառին», մտածեցի ինքս ինձ և վեր թռա տեղից։ Բայց․․․ Օ՛, ի՜նչ վայրկյան էր այն, ինչո՞ւ շանթահար չեղա ես․․․
Ի՞նչ պատահեցավ, հարցրեց իշխանը վախենալով։
Ի՜նչ պատահեցավ․․․ Ահա թե ինչ, շտապ-շտապ դիմեցի դեպի աշտարակը, հրամայեցի պահապանին երկաթապատ դուռը բանալ, ներս մտա և ի՞նչ տեսա, աստված իմ․․․ Իմ կինը, իմ սիրած Ասպրամը կախված առաստաղից․․․
Կախվա՞ծ․․․ բացականչեց իշխանը սարսափելով։
Այո՛, կախված․․․ Նա հանել էր երկաթե կանթեղը և նրա պարանը յուր փողն անցուցել․․․ Թեթև մարմինը տակավին ճոճում էր օդի մեջ․․․ Այդ տեսարանը զարհուրեցրեց ինձ, երկինքը կարծես փլավ իմ գլխին, և դժոխոց ոգիները պատեցին իմ շուրջը իրանց արհավիրներով․․․ Մի վայրկյան միայն տեսա ես զարհուրելի պատկերը, մռնչեցի ինչպես անապատի առյուծը, որ գոռում է հսկայի հարվածն առնելուց, իմ ձայնը որոտաց դղյակի կամարներում, մարդիկ իրար անցան, իսկ ես հափշտակեցի նրան, սեղմեցի կրծքիս և խելագարի նման դուրս փախա աշտարակից․․․ Մի վայրկյան ինձ այնպես թվաց, թե նա կենդանի է․ թե շուտով պիտի խոսե իմ ականջին, թե յուր լուսալիր աչքերը պիտի բանա․․․ Ավա՛ղ, այդ միայն ցնորք էր․ Ասպրամը մեռել էր անհարիր, նրա սիրուն դեմքը կապտել, գեղանի աչքերը հանգել, շրթունքները փակվել և սիրտը դադարել էր տրոփելուց, ես այդ տեսա, զգացի, ձեռքերով շոշափեցի և նորեն անշնչացած մարմինը գրկելով սկսա դառնապես նրա մահը ողբալ։ Ի՞նչ պատահեց ինձ այնուհետև, չգիտեմ, մի քանի օր շարունակ ես խելազուրկ էի․․․ Վերջին վայրկենին միայն, երբ զոհի դագաղը իջեցնում էին գերեզման, նորեն իմ սիրտը փղձկաց, նորեն արտասվաց աղբյուրները բացվեցան, և ես սկսա իմ կորուստը ողբալ։
Այս խոսքերի վրա սեպուհը խոր հառաչեց և գլուխը կախելով լռեց մի րոպե։
Իշխանը, որ քաջ ըմբռնում էր նրա վշտի ծանրությունը, կամեցավ մխիթարական խոսքեր ասել նրան, բայց դրանք հակառակ ազդեցություն արին Ամրամի վրա։
Մի՛ խոսիր ինձ մխիթարությունից, տեր Մարզպետունի, բացականչեց նա կարծես վրդովված․ դու չես կարող մխիթարել այն մարդուն, որ կորուսել է յուր կյանքից ավելի թանկագին գանձը, որի հոգին մեռել, սիրտն ընդարմացել է և որ ապրում է միայն տանջվելու համար․․․ Կամենո՞ւմ ես ինձ մխիթարել, ցույց տուր, թե ո՞ր ճանապարհով կարող եմ ես ավելի լավ վրեժխնդիր լինել իմ թշնամուն և քո թագավորին․․․ Այո՛, միայն վրեժխնդրությունը, անողոք, կործանիչ վրեժխնդրությունը կարող է ինձ մխիթարել․․․ Իմ սիրտը կուրախանա, հոգիս կհրճվի, երբ տեսնեմ Աշոտին իմ ձեռքով պատրաստած դժոխքի մեջ տանջվելիս․․․ Դու կարծեմ ասացիր, թե նա մեռնում է, բայց աստված մի՛ արասցե, ես չեմ կամենում, որ նա մեռեի։ Մի՞թե հավիտենականության մեջ կարո՞ղ են այնպիսի տանջանքներ տալ նրան, որպիսին ես եմ ցանկանում։ Չէ՛, թո՛ղ նա ապրի, մինչև որ Ցլիկ-Ամրամը յուր դժոխքը պատրաստե․․․
Տե՛ր սեպուհ, դու գրգռվում ես․․․ Բայց թո՛ւյլ տուր հարցնել։ Չէ՛ որ մի ժամ առաջ ասացիր, թե թագավորի փախուստից հետ հաշտվել էիր քո դժբախտության հետ, արդ, ինչո՞ւ նորեն բորբոքում ես ատելությունդ։
Ասացի, այո՛, հաշտվել էի իմ դժբախտության հետ․ բայց չէ՞ որ այդ հաշտության հաջորդեց մի ուրիշ, առավել սոսկալի դժբախտություն, չէ՞ որ թշվառ ամուսինս կախվեցավ․․․
Եվ ուրեմն դրա՞ համար մեր հայրենի նահանգները հանձնեցիր Բերին։
Այո՛, դրա համար։ Ես չէի կարող ապրել այլևս Տավուշում, այս դղյակն ինձ համար դարձել է դժոխք։ Սրա սրահներում ճիվաղներ են ապրում, սրա ամեն մի անկյունը հիշեցնում է ինձ Ասպրամին, իսկ այն մենարանից, ուր թշվառ կինը կախվեցավ, դիվական ձայներ են հնչում իմ ականջին․․․ Օ՛, սոսկալի մի վայր է այս․ այդ է ահա՛ պատճառը, որ ես փախչում եմ այստեղից։
Տեր սեպուհ, դու կարող էիր հեռանալ Տավուշից, ի՞նչ հարկ կար Բերին հանձնել քո նահանգը։
Որպեսզի ինձանից հետ Աշոտը չտիրեր նրան։
Եվ մի՞թե կարծում ես, թե Բերը կկարողանա ժառանգել այս երկիրը։
Եթե չի կարողանալ, գոնե կպատերազմե Աշոտի հետ, կխանգարե նրա հանգստությունը, կավերե նրա երկիրը․․․ Իսկ ինձ այդ է հարկավոր։
Իշխանը տեսնելով որ միայն կիրքն է խոսում սեպուհի մեջ և որ ինքը խրատներով չպիտի կարողանա նրա ապստամբ սիրտը նվաճել, զղջաց, որ եկել է Տավուշ, ուստի և դադարեց նոր հարցեր ու դիտողություններ անելուց։
Մի երկու օրից հետ Ցլիկ-Ամրամը յուր ստացվածներով ու հավատարիմներով հեռացավ Տավուշից, թողնելով յուր տիրած կալվածները ափխազաց թագավորին, որի հավատարմատարները հասել էին արդեն Տավուշ։
Հեռացավ նաև Մարզպետունի իշխանը։ Բայց նա չգնաց Ոստան, այլ դիմեց Գուգարաց և Տայոց իշխաններին, որպեսզի կարողանա հետ կանգնեցնել նրանց Բեր թագավորին տված խոստումներից։
Բայց նախքան Տավուշից հեռանալը՝ իշխանն արքային գրեց մի նամակ, որի մեջ բացատրեց սեպուհի նոր դավաճանության պատճառը։ Եվ նկարագրելով հարվածի այն ծանրությունը, որ ճնշում էր ապաբախտ սեպուհին, արդարացրեց մինչև անգամ նրան, առարկելով, թե ամենքին չէ տված անձնականը ընդհանուրին զոհելու քաջությունը, և թե սեպուհը հայ և հայրենասեր լինելուց առաջ՝ մարդ էր, մսից ու արյունից կազմված, հետևապես չէր կարող տանել բարեկամի կողմից իրան հասած անխիղճ զրկանքը․․․
Իշխանը սեպուհի խոսածների և մանավանդ նրա տխուր հրաժեշտի ազդեցության տակ լինելով՝ յուր նամակը գրեց այնպիսի ոգով, որով ուղղակի դատապարտում էր արքային, նա չկարողացավ գուշակել, թե այդ գրությունը ծանր ազդեցություն կանե հիվանդ թագավորի վրա, որ առանց այն էլ բավական շատ էր տանջվել ճակատագրի հարվածներից։
Սակայն մի երկու օրից, երբ սուրհանդակը հեռացել և, գուցե, արդեն Շիրակ էր մտել, նա մտաբերեց այն նամակը, հիշեց յուր գրածները և սաստիկ զղջացավ։ Բայց արդեն ուշ էր․ նամակն այլևս անկարելի էր վերադարձնել։
Մարզպետունին յուր նամակում խնդրել էր թագավորին՝ ուղարկել շուտով Ուտիք Վահրամ սեպուհին մի քանի զորավոր գնդերով, որպեսզի մինչև ափխազցիների գալը՝ իրանք գրավեին Ուտյաց, Գուգարաց և Տայոց աշխարհները։
Չանցավ մի տասն օր և ահա՛ սեպուհը յուր Արարատյան գնդերով մտավ Ուտիք և առանց Մարզպետունու հրահանգներին սպասելու, առաջ վարեց յուր զորքերը և այդ նահանգի բոլոր ամրությունները գրավեց, հալածելով ամեն տեղից ափխազաց հավատարմատարներին։ Եվ որովհետև ժողովուրդը հակառակ էր օտարին հնազանդելու և նրան հարկ տալու անխորհուրդ մտքին, ուստի և ամեն տեղ արքայական զորքերին աջակցեց։ Նույն հաջողություններն ունեցավ Վահրամը նաև Գուգարքում։
Ապա խոտորելով դեպի արևմտյան հարավ՝ նա մտավ Տայոց աշխարհը, ուր հանդիպեց Գևորգ Մարզպետունուն։ Վերջինս հայտնեց նրան, թե Գուգարաց և Տայոց վերակացու իշխաններն իրանց հավատարիմներով հեռացել են արդեն Ափխազիա և թե Տայոց ամրությունները, իբրև ավելի մոտ այդ երկրին, բռնված են արդեն ափխազաց զորքերով։
Բայց որովհետև ձմռան օրեր էին և Տայոց երկիրը գրավելու համար պետք է նրանք կռվեին շատ բերդերի հետ, իսկ այդ առիթով հարկավոր կլիներ թե՛ նոր զորք բերել Ոստանից և թե՛ ձմեռվա խստության դեմ գործել, այդ պատճառով իշխանն ու Վահրամը խորհուրդ արին բանակ դնել Փանասկերտի մոտերքը, համանուն ձորում, որ Գուգարաց ու Տայոց սահմանն էր, և սպասել այդտեղ մինչև գարնան օրերը կբացվեին։
Եվ որովհետև Դվնո առումն ու հագարացոց հալածելը մահու և կյանքի խնդիր էր դարձած Մարզպետունու համար, ուստի նա չէր կամենում հյուսիսային նահանգները թողնել մի ուրիշ թշնամու ձեռքը, ըստ որում վերջինս կարող էր ամեն ժամանակ հարձակվել ներքին գավառների վրա և խանգարել իրանց այնպիսի մի ժամանակ, երբ իրանք զբաղված կլինեին հագարացիների հետ կռվելով։ Այդ պատճառով, ահա՛, որքան էլ Տայոց աշխարհի ձմեռը սաստիկ և այդտեղ բանակելը դժվարին, այսուամենայնիվ նա որոշեց չհեռանալ այդ նահանգից, մինչև որ այն ամբողջապես օտարի ձեռքից չազատե։
Այս նպատակն ունենալով աչքի առաջ, իշխանն անգործ չնստեց նաև ձմեռվան ամիսներում։ Նա գաղտնի բանակցություններ սկսավ երկրի փոքրիկ իշխանների հետ և ամեն միջոց գործ դրավ նրանց բարեկամությունը վաստակելու։ Եվ որովհետև դրանք դեռ հավատարիմ էին գահին, ուստի սիրով ընդունեցին այն ամեն առաջարկությունները, որ արավ իշխանը՝ ափխազցիների դեմ գործելու նկատմամբ։
Վերջապես գարունը հասավ, օրերը ջերմացան և հալոցի սկսվելով՝ ճանապարհները մաքրվեցան։ Մարզպետունի իշխանը, յուր նիզակակցի հետ միասին, զորքերի գլուխ անցնելով՝ դիմեց ամենից առաջ Փանասկերտի վրա։ Ամրոցի վերակացուն, համաձայն իշխանի հետ դրած պայմանին, բերդն ու ավանը հանձնեց նրա ձեռը։
Իշխանը վերակացուին հաստատեց նորեն յուր պաշտոնի մեջ և թողնելով նրա մոտ պահակների մի խումբ՝ ինքը յուր բանակով հառաջացավ դեպի Ուտիք, ուր գտնվում էին ափխազաց զորքերը։
Եվ որովհետև Ուտիքում անխուսափելի էր հակառակորդների ընդհարումը, ուստի իշխանը կանխավ սուրհանդակ ղրկեց թագավորին, խնդրելով նրան՝ օգնական զորք հասցնել իրան Արարատյան Բասենի վրայով։ Մարզպետունին հաշվում էր, որ եթե նոր գնդերը Բասենից մտնեին Տայք, ինքը նրանց կհանդիպեր Ճորոխի ակունքների մոտ, որտեղից և միասին կառաջանային դեպի Ուտիք։
Բայց հազիվ նա յուր սուրհանդակը ճամփեց և ահա՛ Ոստանից հասավ մի բանբեր, որ Աբաս մեծ իշխանի կողմից հանձնեց իրան մի նամակ։
Կարդալով արքաեղբոր գրությունը, իշխանն այլայլվեց։ Աբասը հայտնում էր, որ թագավորն անհուսալի հիվանդ է, ուստի խնդրում էր իրան՝ շտապել դեպի Ոստան։
Մի չար ոգի հալածում է մեզ․ ասաց իշխանը յուր նիզակակցին։ Դու մնա՛ այստեղ քո գնդերով և պահպանի՛ր գրաված նահանգների սահմանը, մինչև որ ես երթամ Ոստան՝ տեսնելու թե ուրիշ ի՞նչ չարիքների դեմ պիտի պատրաստվենք մաքառելու։
Գնա՛, ասաց սեպուհը․ ես հետ կնահանջեմ դեպի Փանասկերտ՝ բանակը հարձակումից ապահովելու համար։ Բայց հենց որ կարիք զգաս իմ օգնության, սուրհանդակ ղրկիր ինձ իսկույն, և ես անմիջապես կիջնեմ դեպի Շիրակ։
Մարզպետունին շնորհակալ եղավ սեպուհին յուր պատրաստակամության համար և հրաժեշտ տալով նրան՝ մի վաշտ թիկնապահների ուղեկցությամբ իջավ դեպի Բասեն և այնտեղից Շիրակ։
Երբ Մարզպետունին մտավ Երազգավորս, թագավորն արդեն մերձիմահ էր։ Այսուամենայնիվ նա ուրախացավ հավատարիմ իշխանի գալուստը լսելով։
Կանչեցեք նրան այստեղ, հրամայեց թագավորը, և իշխանն իսկույն ներկայացավ։
Միակ ցանկությունս էր՝ տեսնել քեզ վերջին անգամ, ասաց թագավորը յուր դողդոջուն ձեռքը պարզելով դեպի նրան․ արի, մոտեցի՛ր ինձ, իշխան, և ասա, որ ներում ես ինձ։
Ո՞ր հանցանքիդ համար, տեր, բացականչեց իշխանը և հուզված ծնկան եկավ արքայի ձեռքը համբուրելու։
Հանցանքներս շատ են, նրանց թվել չեմ կարող․․․ այսքանը միայն կասեմ, որ կրածդ նեղությանց պատճառը ես եմ․․․ Ների՛ր ինձ․ Ների՛ր քո թագավորին․․․
Տեր արքա, մենք մաքառում ենք արտաքին չարիքների դեմ, նրանք հասնում են մեզ հեռվից․․․
Ո՛չ․ այդ չարիքների հեղինակն էլ ես եմ․․․ Տավուշից գրած քո նամակը ճշմարտության մի քարոզ էր․․․ Շնորհակալ եմ․ նա ազատության դուռ բացավ ինձ համար․․․ Եթե իմանաս, թե որչա՞փ ուրախ եմ կեղեքող տանջանքներից ազատվելու համար․․․
Իշխանը հասկացավ արքայի ակնարկության խորհուրդը և թեպետ համոզված, որ նա ուրախ է մեռնելու համար, այսուամենայնիվ սրտի խորքից վշտացավ, որ յուր նամակն է տագնապն շտապեցրել։
Դո՛ւ պիտի ներես ինձ, տեր, խոսեց իշխանը վշտագին․ ես իմ անզգույշ քայլով վտանգել եմ քո քաջառողջությունը։
Բնա՛վ, իմ գահին արած քո մեծամեծ ծառայությանց պսակն է կազմում այդ քայլը, որը դու «անզգույշ» ես անվանում․․․ Աշոտ Երկաթը հանցավոր Հովնան է․ հայրենիքի ծովը նրա պատճառով է ալեկոծվում․․․ Մարզպետունու ջանքերը չեն կարող խաղաղեցնել նրան, քանի հանցավորը գտնվում է փրկության նավի վրա․․․ Հանեցեք, ձգեցեք ինձ ծովը, և նավը յուր նավազներով վտանգից կազատվի․․․
Թագավորը մի վայրկյան լռեց և ապա աչքերը բանալով նայեց յուր շուրջը։ Նա տեսավ սնարի մոտ՝ վշտահար թագուհուն և նրա հանդեպ՝ Աբաս եղբորը։
Ահա՛ ես հեռանում եմ, շարունակեց նա ավելի նվազ ձայնով․ շուտով պիտի խորասուզվիմ անհայտության ծովի մեջ․․․ ձեզ է մնում կյանքը յուր չարիքներով և հրապույրներով․․․ աշխատեցեք վայելել նրան իմաստնաբար և չնմանիլ ինձ, չվատնել այն անօգուտ․․․ Քեզ եմ թողնում իմ գահը, սիրեցյալ Աբաս, քե՛զ եմ թողնում և հայրենիքը ցավերով ծանրաբեռնված․․․։ Ժառանգիր առաջինը և խնամող եղիր վերջնույն․․․ Դու բախտավոր ես ընտանյաց մեջ, բախտավոր կլինիս և թագավորությանդ մեջ․․․ զի ով օրինավոր հայր է որդվոց, նա կլինի և օրինավոր հայր յուր հպատակաց․․․ Իսկ քեզ, իմ ապաբախտ թագուհի, թողնում եմ միայն վիշտ, հեծություն և դառն հիշատակներ․․․ Կցանկանայի, որ մոռանայիր ինձ․ չհիշեիր իմ անունն ու գործերը․․․ բայց ավա՛ղ, այդ անհնարին է քեզ․․․ գոնե չանիծեի՜ր ինձ, չանիծեիր քո թշվառ ամուսնուն ու թագավորին․․․ զի գեհենում կրկնապատիկ պիտի տանջվիմ, եթե քո անեծքը հասնե հավիտենականի աթոռին․․․
Մի երկու օրից թագավորը վախճանվեց։ Արքայի բժիշկը հաստատում էր, թե նա մեռավ յուր հին վերքի ցավից։ Այդպես էլ հավատում էր ժողովուրդը։ Բայց արքունիքում պնդում էին, թե նրա վախճանն արագացրեց Ասպրամ իշխանուհու ինքնասպանությունը։ Թշվառ թագավորը չէր կարողացել տանել խղճի անողոք խայթերը, մեռած զոհի ոգին և կենդանի թագուհու արտասուքը հալածում էին նրան անվերջ, և ահա՛ նա որոշեց մեռնել․․․ Բայց ոչ ոք չիմացավ, թե ո՞ր հրեշտակի ձեռքը մահ բերավ նրան․․․