Мурацан
Գևորգ Մարզպետունի
Ջրից փախչողը կրակի մեջ
Մարզպետունի իշխանը այնքան շատ էր զբաղված յուր նորագույն պատրաստություններով, որ մինչև անգամ օրեր անցրեց առանց Դվինից տեղեկություն առնելու, թե ինչ էր կատարվում այնտեղ։ Նա հավատացած էր, թե Բեշիրը Վեդիի հովտում կրած պարտությունից հետ՝ տակավին անշարժ նստած է Դվինում և թե առժամանակյա լռությունը պետք է վերագրել այն հանգամանքին, որ նա գաղտնի պատրաստություններ է տեսնում յուր վրա հարձակվելու։
Այս պատճառավ ահա՝ իշխանը բավականացել էր միայն պահապաններ կարգելով Գեղա բերդի սահմաններում, որպեսզի թշնամու գալուստը իմանալուն պես հարկ եղածը տնօրինե։
Բայց ո՛րքան մեծ եղավ նրա զարմանքը, երբ դետ կարգված պահապաններից մինը եկավ և հայտնեց, թե «Դվին դարձող կարավանները պատմեցին, որ Բեշիրը բազմաթիվ զորքով հասել է Գեղամա ծովը և Սևանը պաշարել․․․»։
«Հա՛, նա ուրեմն անակնկալ հարձակում է գործել, որպեսզի արքային հանկարծակի բերի, մտածեց Մարզպետունին, անշուշտ նա կամենում է ինձնից կրած հարվածի վրեժը լուծել թագավորից․․․ Ուրեմն արքան ծանր դրության մեջ է, պետք է շտապենք նրան օգնելու»։
Այս մտածությամբ դուրս գնաց իշխանը, որպեսզի հրաման տա զորքին՝ ժամ առաջ պատրաստվելու և դեպի Սևան ուղղվելու։
Բայց հազիվ թե նա հանդես արավ զորքին և հայտնեց նրանց յուր դիտավորությունը, ահա՛ Սևանից հասավ արքայի բանբերը, որ ավետեց նրան թագավորի մղած կռվի և տարած հաղթության ուրախարար լուրը։
Փա՛ռք ամենակարող աստծուն, որ հաջողում է մեզ․․․ բացականչեց իշխանը և սաղավարտը հանելով՝ աչքերը դեպի երկինք բարձրացրեց և զգացված ձայնով Դավթի սաղմոսը ասաց․ «Տեր, զի բազում եղեն նեղիչք մեր և բազումք հարյան ի վերա մեր։ Բազումք ասեին զանձնե մերմե, թե չիք սոցա փրկություն առ աստած յուրյանց։ Այլ դու, տեր, օգնական մեր ես, փառք մեր և բարձրացուցիչ գլխո մերո․․․ Ոչ երկիցուք ի բյուրուց զորաց նոցա, ույք շուրջանակի պատեալ պահեալ պաշարերն զմեզ․․․ զի դու հարեր զամենեսյան՝ ույք էին ընդ մեզ թշնամությամբ ի տարապարտուց և զատամունս մեղավորաց փշրեցեր․․․»։
Ժողովուրդն ու զորքը ծնկան եկան, իսկույն գոհության աղոթք մրմնջացին աստծուն։
Ապա օրվա մնացորդը անցուցին նրանք ուրախ կերուխումով, որին մասնակցեց ինքը՝ իշխանը յուր համհարզներով և ուխտի անդրանիկ զինվորներով։
Մինչդեռ հայերը Սևանում ու Գեղում ուրախության տոն էին կատարում, Բեշիրը, իբրև վիրավոր վագր, զայրացած ու կատաղած դիմում էր դեպի Ոստան։ Նա ժողովել էր յուր փախչող զինվորներին, կարգի էր բերել նրանց և գալիս էր չարյաց սկզբնապատճառ Գեղը կործանելու։ Նա գիտեր, որ Մարզպետունին գտնվում է Ուրծաձորում, բայց չէր կարծում, թե բարձրացած կլինի Գեղ։
Այս պատճառավ, երբ համհարզներից մինը զգուշացրեց զորապետին Գևորգ իշխանի անակնկալ հարձակումից, նա պատասխանեց․
Այդ սրիկան թափառում է կիրճերում, նա չի կարող բաց դաշտի վրա հանդիպել մեզ կամ մարդաշատ տեղերում ամրանալ։ Եթե գիշերները զգուշանանք, ցերեկով նա չի համարձակիլ մեզ մոտենալ։
Այս հույսով Բեշիրը Կոտայքն անցավ և մտնելով Ոստան, բանակ դրավ Երանոս գյուղի առաջ Ազատի ափին։
Այստեղից նա բանբեր ուղարկեց Գեղ և պահանջեց բերդի բանալիները։ Նրան թվում էր, թե գեղցիք, ապագա սրածությունից վախենալով, չեն ընդդիմանալ յուր հրամանին։
Բայց որքա՜ն մեծ եղավ նրա զայրույթը, երբ բանբերը հետ դարձավ բացասական պատասխանով։
Մեր բերդի բանալիները խիստ ծանր են, ասել էին գեղցիք բանբերին, դու միայնակ տանել չես կարող, ասա՛ Բեշիրին, որ ինքը գա այն ստանալու։
Նրանք ուրեմն իմ հրամանը ծաղրեցի՞ն,-գոռաց Բեշիրը։
Այո՛, տեր․ մինչև անգամ հայհոյանք արձակեցին քո դեմ․․․
Հայհոյա՞նք․․․ լավ․ ես ջարդել կտամ այդ հայհոյող բերանները․․․ Բայց․․․ որքա՞ն զորք ունին այդ սրիկաները։
Չգիտեմ, տեր, ինձ թույլ չտվին բերդը մտնելու, աշտարակի վրայից խոսեցին հետս, պատասխանեց բանբերը։
Զորքի գլխավորները, վախենալով անհայտ ուժի դեմ հարձակվելուց, խորհուրդ տվին Բեշիրին իջնել Դվին, հանգիստ տալ զորքերին և ապա կազդուրված ուժով վերադառնալ Գեղ։
Մինչև այն, մենք միջոց կգտնենք նաև գեղցիների ունեցած զորքի մասին տեղեկություն առնելու, ավելացրին նրանք։
Ո՛չ, ես կրկնակի պարտություն կրելուց հետ Դվին վերադառնալ չեմ կարող, պատասխանեց զորապետը։ Ես սովոր եմ հաղթանակով մտնել Դվին և այդպես էլ կմտնեմ։
Կամակոր հագարացուն համոզել անկարելի էր․ գնդապետները ստիպված էին նրա հրամանը կատարելու։
Մայիսյան առավոտ էր․ բայց արև չկար, թանձր ամպերը պատել էին երկինքը։ Այդ եղանակը հաճոյական էր Դվնո դաշտում, ուր միջօրեին կիզում էր արևը, իսկ զորքի համար հով էր հարկավոր։ Բեշիրը ուրախացավ, նրան թվում էր, թե բնությունը հաջողություն է խոստանում իրեն՝ ծածկելով ամպերի տակ արևի ճառագայթները։ Այդ պատճառով նա հրաման արավ պետերին անմիջապես պատրաստել զորքը և ուղղվել դեպի Գեղ։
Երանոսի գյուղապետը, համաձայն Մարզպետունու կարգադրության, ժամ առաջ արդեն մարդիկ էր ուղարկել Գեղ՝ հագարացոց գալուստը իշխանին հայտնելու։ Վերջինս յուր զորքերով կազմ և պատրաստ սպասում էր Բեշիրին։
Եվ որովհետև հայերը երկու հաղթություններից արդեն քաջալերված էին, ուստի իշխանը որոշել էր չփակվել բերդում, այլ հարձակվել թշնամու վրա, հենց որ վերջինս Գեղա լեռան լանջերը կբարձրանար։ Հայ զորքերը անժույժ սպասում էին պահանորդների ազդարար նշանին։ Ամեն մեկը նրանցից որոշել էր մի որոշ սխրագործությամբ փառավորվել։ Այլևս չկար այն երկյուղը, որ պաշարում էր հայ զորականին՝ հագարացու հարձակման լուրը լսելիս։ Իշխան Մարզպետունու ձայնը գերբնական ուժ էր ներշնչում նրանց, ամեն մեկը հավատում էր, թե չի կարող հաղթվել այն զորքը, որ Գևորգ իշխանի հետ միասին է կռվում։
Երբ Բեշիրը Դվնո վտակն անցնելով՝ սկսավ դեպի Գեղա լանջերը բարձրանալ, տեսավ, որ լեռան կատարը բռնված է թանձր մառախուղով։ Գեղա բերդը չէր երևում ամենևին, իսկ լեռան վերին լանջերը ծածկված էին մշուշով։
Այս հանգամանքը երկյուղ ազդեց նրա սրտին․ բայց յուր շրջապատողներին ոչինչ չասաց։ Նա լուռ, քաջալանջ առաջ էր վարում նժույգը և ոսկե ցցունքը հպարտ-հպարտ ծածանում էր յուր սպիտակ ապարոշի վրա։
Հագարացիք արդեն հասել էին լեռան կեսը և մտնում էին մառախուղի սահմանը։ Համհարզներից մինը հիշեցրեց զորապետին մշուշի վտանգավոր լինելու մասին։ Բայց Բեշիրը աներկյուղ պատասխանեց։
Հազիվ զորապետը յուր խոսքը վերջացրեց, և ահա հանկարծ հայոց գնդերի աղաղակը որոտաց։ Ինչպես զայրացած մի հեղեղ թափվեցան նրանք հագարացիների վրա և աննահանջ կատաղությամբ սկսան կոտորել։ Հարձակումը անսպաս էր․ թշնամին գլուխը կորցրեց և պատրաստվում էր փախչելու բայց Բեշիրի աղաղակը և գնդապետների խրախույսը արգելք եղան նրան։ Առանց տեղն ու դիրքը ճանաչելու և հարձակվողների որքանությունն իմանալու, հագարացիք ճակատ կազմեցին լանջերի վրա և սկսան պաշտպանվել, բայց դիմադրությունը հուսահատական էր։ Նրանք կռվում էին միայն զորավարի ներկայությամբ, բայց հենց որ նա հեռանում էր մյուս կողմը, սկսում էին քայլ առ քայլ նահանջ տալ դեպի զառիվայրերը։ Իսկ հայերի թափը այնքան զորավոր և հարվածները բազմաձեռն էին, որ մի ժամվա ընթացքում լեռնալանջը դիակներով ծածկվեցավ։ Նրանցից շատերը ձիաների գեշերի հետ միասին գլորվում էին դեպի ձորերը։
Մարզպետունու զինակիցները, այն է՝ Վահրամ սեպուհը, Գոռ իշխանիկը և ծերունի Մուշեղը կռվում էին յուրաքանչյուրը մի կետի վրա․ նրանց գնդերը, անտառի մեջ փրթած փոթորկի նման, ավերում էին իրանց շուրջը, շարունակ դեպի վայր մղելով ընդդիմականներին։ Հզոր դիմադրություն էր ցույց տալիս միայն Բեշիրը մի խումբ արաբացի քաջերով, որոնց կատաղի նժույգները ծառանում, սլանում էին լեռնալանջի այս ու այն կողմը՝ աշխատելով ոտնահար անել սուսերամերկ կամ նիզակավոր հայ մարտիկներին։
Գևորգ իշխանը, որ հերոսաբար կռվում էր սարատափի վրա, տեսավ Բեշիրի շահատակությունը և նրա խմբի ճիգը՝ դեպի վեր բարձրանալու։
Կարծես մի նոր զայրույթ բռնկեց նրան։ Ճեղքելով հանդիպակաց խմբերը՝ նա խոյացավ դեպի զորապետը։
Դեպի ո՞ւր, թշվառական, որոտաց նա ահավոր ձայնով և մոտ հասնելով՝ ուղղեց նիզակը հագարացու կրծքին։ Նրա աշտեն, սակայն, չթափանցեց պողպատե ասպարը, որով զորապետը դեմ դրավ հարվածին, այլ սահելով ցցվեցավ նժույգի կրծքում։ Երիվարը թավալվեց, բայց Բեշիրը թռավ դեպի հետ։ Խռնվեցան իսկույն նրա թիկնապահները և մեջ առին Մարզպետունուն։ Փոքր մի ևս և մահը անխուսափելի էր իշխանի համար, որովհետև նրա մի հարվածին պատասխանում էին մի քանի ուրիշները։ Բայց այս անգամ հորը օգնության հասավ որդին, նա յուր զինակիցների հետ միասին իջավ վերին լանջերից ինչպես արծիվ և ընկավ շրջապատող խմբակի վրա։ Նիզակներ էին, որ շամփրում էին, և սրեր, որոնք արագ-արագ իջնում էին մարտիկների գլխին կամ թափանցում նրանց կուրծքն ու կողերը։
Արաբացոց այս խումբն էլ երկար չդիմադրեց․ նա հետ նահանջեց դեպի վայր, որոնելով զորապետին։ Բայց Բեշիրը չէր երևում ոչ մի տեղ․ նա ձորակի ճանապարհով խույս էր տվել դեպի Դվին, որովհետև յուր զորքի պարտությունն ակներև տեսել էր․ ուստի փութացել էր գոնե յուր կյանքն ազատելու։
Այս հանգամանքը վհատեցրեց վերջին դիմադրողներին, և նրանք հետզհետե նահանջելով՝ հասան լեռան ստորոտը և այդ տեղից սկսան փախուստ տալ դեպի Դվնո դաշտը։
Այս անգամ Մարզպետունին չհետևեց փախստականներին, հաշվելով, թե Դվինը մոտ է և այստեղից կարող են օգնության հասնել փախչողներին։ Նա ժողովեց յուր քաջերին, ստուգեց ընկածների թիվը, որոնք միայն մի քանի տասնյակ էին, ապա գոհության աղոթք կարդաց աստծուն նույնիսկ ճակատի տեղը, և աշտանակելով նժույգը՝ վերադարձավ Գեղ։ Նրան հետևեցին յուր զինակիցներն ու զորքը, ցնծության աղաղակներով և հաղթական երգեր երգելով։