Мурацан

Գևորգ Մարզպետունի

Վերջին թշնամու վախճանը
Թ
ՎԵՐՋԻՆ ԹՇՆԱՄՈՒ ՎԱԽՃԱՆԸ

Հետևյալ առավոտ թագավորը զորահանդես արավ իմանալու համար թե՝ ի՞նչ գնով է ձեռք բերել յուր մեծ հաղթությունը, որի պսակն էր թշնամի թագավորի ձերբակալումը։ Եվ նա տխրությամբ տեսավ, որ մի քանի ժամվա համառ ու կատաղի ընդհարումը կորզել է իրանից մոտ հինգ հարյուր զինվոր։

Եվ թեպետ թշնամու կորուստը քառապատիկ ավելի էր, բայց նա դրանով չմխիթարվեցավ, որովհետև ուրիշի զյանը չէր կարող յուր վնասը ծածկել։

Նա հրամայեց բերել յուր առաջ Ափխազաց թագավորին, որի պահպանության հսկում էին վանանդացիները։

Արքայական վրանի շուրջը գտնվող ընդարձակ դաշտի վրա՝ շարեշար կանգնած էին Հայոց զորքերը, որոնց թիվը հասնում էր մի քանի հազարի։ Վրանի աջ կողմը բռնել էին Դրանիկները, իսկ ձախը՝ Ազատաց գունդը։ Դրանց հետևում էին Սեպուհ կոչվածները ապա՝ Արարատյան, Բասենյան, Սիսական, Ուտիացի, Տայեցի և այլ գնդերը, որոնցից հետևակները՝ առաջին, իսկ հեծյալները՝ վերջին շարքերում․ բոլորն էլ սպառազինված։ Դրանցից ամեն մեկի առաջ կանգնած էր յուր գնդապետը զրահազգեստ և տոնական զեն ու զարդով։

Արքային, որ կանգնած էր վրանի առաջ, շրջապատել էին Սպարապետը, Արքայորդին, Վահրամ Սեպուհը, Սյունյաց իշխանները և Ոստանիկ թիկնապահները։ Դրանք բոլորը սպասում էին գերի թագավորին, որի հետ պիտի խոսեր արքան։

Եվ ահա բանակի վերջում երևաց Գոռ իշխանը, որ նժույգի վրա նստած և սուսերամերկ առաջնորդում էր շղթայակապ թագավորին։ Նրա հետ էին նաև յուր իշխանները, իսկ դրանց բոլորին շրջապատել էին նիզակավոր Վանանդացիք։

Գերի թագավորին անցկացրին զորքերի երկար շարքերից և բերին կանգնեցրին Արքայի առաջ։

Ողջո՛ւյն քեզ, Ափխազաց դյուցազն, խոսեց Աբասը խաղաղ ձայնով։

Ողջո՛ւյն, քեռայր, պատասխանեց Բերը, հպարտ նայվածքով։

Քեռա՞յր․․․ մի՞թե այդ անունն ես տալիս ինձ, հարցրեց թագավորը։

Այո՛։

Բայց քեզ հետ խոսում է քեզ հաղթող թագավորը․․․

Նա իմ ժառանգության հափշտակիչն է, և ուրիշ ոչինչ, ընդհատեց Բերը հանդգնորեն։

Կարծում էի թե՝ քո մեջ կգտնեմ մի ընկճված հոգի և զղջացող սիրտ,-նկատեց թագավորը ծանրությամբ․ կարծում էի թե՝ պիտի խոնարհիս և ներում խնդրես այն չարյաց համար, որ հասուցիր ինձ և այն վնասուն, որ պատճառեցիր թե՛ քո բանակին և թե՛ իմ զորքին, անիրավաբար և անխղճորեն կոտորել տալով հազարավոր հոգիք, որոնցից մինի՝ գեթ մի անդամը՝ դու ստեղծելու կարողություն չունիս․․․ բայց դու տակավին անզեղջ ես և անդարձ և խոսում ես ինձ հետ նույն հանդուգն լեզվով, որով խոսել էիր իմ պատգամավորի հետ։ Արդյոք ձանձրացե՞լ ես կյանքից և մա՞հ ես պտրում, թե՞ ում հետ խոսիլդ ես անգիտանում։

Կյանքից չէր կարող ձանձրանալ Ափխազիո թագավորը, որ իշխում էր ընդարձակ երկրների վրա, որ ուներ հարստություն, փառավոր ապարանքներ և գեղանի հարճեր․․․ այդ պիտի գիտենա իմ քեռայրը։ Իսկ թե ու՞մ հետ եմ խոսում, այդ էլ չեմ անգիտանում։ Դու Հայոց Արքան ես, այո՛, և հաղթել ես Ափխազցիներին ու գերել նրանց քաջ թագավորին․ այդ մեծ փառք է քեզ համար, խոստովանում եմ․ բայց ես այդ փառքը չեմ կրկնապատկիլ՝ քո առաջ խոնարհելով և ներումն հայցելով։ Շղթաները թող իմ ոտքերը կապեն, բայց իմ սեգ հոգին նվաճել չեն կարող։ Ես քո թշնամիդ եմ և թշնամիդ էլ կմնամ․ մի կարծիր թե անհաջողությունը կստիպե ինձ երբևիցե իմ գլուխը խոնարհելու։

Եթե այդպես է, ես ուրեմն կվարվեմ քեզ հետ ինչպես իմ թշնամու և ոչ աներձագի հետ․ հպարտ եղիր այսուհետև, որքան կարող ես, բայց գիտցիր որ, այդ հպարտությունը չի պակասեցնիլ քո շղթաներից և ոչ մի օղակ և ոչ էլ իմ հարգանքը կավելացնե դեպի քեզ՝ իբրև դեպի ազատասեր մի թագավոր, ըստ որում ազատ հոգին չի բռնանալ ընկերոջ ազատության վրա։ Բայց դու ոչ միայն այդ ձգտումն ունեցար, ոչ միայն իմ գավառները հափշտակեցիր և իմ ժողովրդի ազատությունը բռնաբարեցիր, այլև սպառնացիր՝ գալ և Հայոց եկեղեցին վրաց ծեսով օծել․․․ Դու, ուրեմն ոչ թե ազատասեր թագավոր, այլ մի բռնավոր ես, և որ չարագույնն է՝ իմ գահի թշնամին։ Իսկ աստված որովհետև հակառակ է բռնավորներին և կործանում է նրանց, ուստի քեզ էլ ահա մատնել է իմ ձեռքը։ Ես կարող էի խնայել քեզ իբրև սոսկ բռնավորի․ բայց իրավունք չունիմ խնայելու իբրև իմ հայրենիքի թշնամուն։

Այս ասելով՝ նա դիմեց Գոռին և հարեց․

Դու խոստացել էիր, իշխան, առաջնորդել Բեր թագավորին մինչև մեր արքայանիստը։ Կատարիր ուրեմն խոստումդ, և թող այդ քաջը սովորեցնե մեզ այնտեղ՝ թե ինչպես պետք է Հայոց եկեղեցին վրաց ծեսով օծել։

Այս ասելով թագավորը դարձավ վրանը, առանց այլևս Բերի երեսին նայելու․ իսկ վանանդացիները վերադարձրին գերիներին դեպի իրանց կայանը։

_______

Մի քանի օրից հետ արքայանիստ Կարսը տոնական կերպարանք առավ։ Նրա բազմաթիվ շինությունները, իշխանական ապարանքները, սարավույթները և մինչև անգամ բուրգերն ու մարտկոցները զարդարվել էին գույնզգույն գորգերով, վառերով ու դրոշներով։ Քաղաքի դռներից սկսած մինչև Արքայական ապարանքը՝ մի քանի տեղ կանգնացրել էին հաղթական կամարներ՝ դալար ոստերից հյուսած և ծաղիկներով ու նշաններով զարդարած։ Փողոցների մեջ և հրապարակների շուրջը պատրաստել էին խարույկներ՝ գիշերային լուսավառության համար։ Իսկ անցուդարձի ճանապարհները լցվել էին ժողովուրդով, շարժումը մեծացել էր, և շշուկն ու ժխորը տիրել ամեն տեղ։ Տանիքների պատշգամբների և դեպի փողոցները բացվող պատուհանների վրա խռնվել էին կանայք ու աղջկերք, որոնք դրսում պտտվելու սովորություն չունեին և հետաքրքիր աչքերով ու անհամբերությամբ նայում էին դեպի հեռավոր շրջակաները։

Դրանք բոլորն էլ պատրաստվել էին մի փառավոր և հայ մարդու սրտին ուրախություն բերող դեպքի հանդիսատես լինելու։ -Դա Աբաս Արքայի և յուր քաջերի զորաց հաղթական վերադարձն էր։

Կարսի ժողովրդյան մեծագույն մասը քաղաքից ելնելով՝ գունդագունդ դիմում էր դեպի Արքունական պողոտան՝ ժամ առաջ ողջունելու հաղթողների վերադարձը։ Շատերն էլ խմբվել էին քաղաքից դուրս գտնվող պատնեշների շուրջը և կամ բարձրացել հանդիպակաց բլուրների վրա՝ անցնող զորահանդեսը ավելի լավ դիտելու համար։

Հայոց հաղթության և Ափխազաց թագավորի ու նրա իշխանների գերվելու լուրը հասել էր քաղաք երկու օր առաջ և ամենքին լցրել ուրախությամբ, ամենքի մեջ վառել հետաքրքրություն՝ մի վայրկյան առաջ տեսնելու այն ամբարտավան թագավորին, որ սպառնացել էր՝ մտնել Կարս և Արքայաշեն եկեղեցին վրաց ծեսով օծել։

Այժմ ահա նա գալիս էր։ Պետք էր, ուրեմն, տեսնել թե ի՞նչ եղանակով է նա մտնում քաղաք, արդյո՞ք իբր թագավոր, թե՞ իբրև գերի․․․ Պետք էր տեսնել թե՝ ի՞նչ պատկեր ունի նա, ի՞նչ հասակ, ի՞նչ դեմք, ի՞նչ հայացք․․․ Չէ՞ որ այս ամենը ժողովրդի հետաքրքրությունը գրգռող բաներ էին։

Եվ ահա, վերջապես, լսվեցան գալարափողերի ձայները և երևաց հառաջապահ գնդերի դրոշակը։ Ժողովուրդը, կարծես, մի աներևույթ զորությունից մղված՝ միահամուռ կերպով հորդան տվավ առաջ և ուրախության աղաղակներով օդը թնդացրեց։ Հետզհետե երևացին և հետևակ խմբերը, ապա և հեծելազորը, որոնք տակավ առ տակավ հառաջանալով՝ Կարսի արևելյան դաշտահովիտը լցրին բազմամբոխ մարդկությամբ։

Քաղաքի սահմանին մոտենալուց ժողովուրդն արդեն զորախմբերը շրջապատեց, չկամենալով, կարծես, ճանապարհ տալ նրան։ Երբ հառաջապահ գնդերն անցան և երևաց Արքունական դրոշակը, կեցցեների որոտընդոստ աղաղակն օդը թնդացրեց։ Մի փոքր հետո երևաց և ինքը թագավորը, սեգ և վեհաշուք, հագած ոսկեփայլ զրահներ և ծածկված նույնպիսի սաղավարտով, որի ձյունաթույր ցցունքը ծածանում էր աջ ու ձախ և հովանավորում ոսկեձույլ արծվին, որ զարդարում էր նրա ճակատը։ Նա նստած էր ոսկեսար նժույգի վրա և շրջապատված ազատախումբ թիկնապահներով, որոնց զրահներն ու ասպազենը փայլփլում էին արևի առաջ։ Մոտենալով աջ ու ձախ ծովացած և հետզհետե աճող ժողովրդին, որ որոտաձայն կեցցեներով յուր գալուստն էր ողջունում, նա քաղցրահայաց ու սիրաժպիտ պատասխանում էր նրանց՝ գլխի շարժումով։

Թագավորից հետո գալիս էին Վանանդացի հետևակները, որոնք իրանց հետ բերում էին Բեր թագավորին և նրա իշխաններին, բոլորին էլ հետիոտն և շղթայակապ։

Ժողովուրդը նրանց տեսնելով ցնծության աղաղակ բարձրացրեց, իսկ ավելի եռանդոտներն սկսան ծաղրական բացականչություններ անել։ Սակայն Սպարապետը, որ հետևում էր Վանանդացիներին, ձեռքի շարժումով սաստեց ժողովրդին, և անախորժ բացականչությունները լռեցին։

Երբ թագավորը ներս մտավ քաղաքի դռնով՝ հայ հոգևորականությունը դիմավորեց նրան եկեղեցական թափորով և առաջնորդեց մինչև Մայր եկեղեցին։ Իսկ զորքերը հետզհետե ներս գալով՝ լցրին քաղաքի փողոցներն ու հրապարակները, հանդիպելով ամեն տեղ սրտագին ընդունելության, որ տղամարդիկ արտահայտում էին բարձրագոչ կեցցեներով և ցնծության աղաղակներով, իսկ կանայք՝ տների բարձունքից ծաղիկներ և կանաչ ոստեր ցրվելով։

Գուրգենդուխտ թագուհին սպասում էր թագավորին Մայր եկեղեցում։ Նրան շրջապատել էին պալատական տիկնայք ու իշխանուհիները։ Այդտեղ ամենքի սիրտն էլ ուրախ և երեսները ժպտում էր։ Տխուր էր միայն թագուհին, որովհետև տեղի ունեցող հանդեսը, հայ ժողովրդի ողբերգությունը և դրսից լսվող ցնծության աղաղակները յուր հայրենի երկրին, յուր հարազատ եղբայրը հասած դժբախտության համար էր լինում։ Ինչպե՞ս կարող էր նա այդ րոպեին ուրախանալ, քանի որ գիտեր թե յուր հայրենիքում ժողովուրդը սգում է։

Այսուամենայնիվ, իբրև Հայոց գահի թագուհի, նա պարտավոր էր ծածկել յուր տխրությունը, երևալ ժողովրդին․․․ և եթե չուրախանար իսկ, չպիտի խանգարեր ուրիշների ուրախությունը։ Եվ այդ ամենից ծանր դրությունն էր։ Դշխոյական պարտավորությունը բռնանում էր նրա բնական զգացմունքների վրա, թագուհին հրամայում էր քրոջը՝ մոռանալ եղբոր դժբախտությունը և հրճվել ամուսնու և թագավորի տարած հաղթանակով․․․ Եվ միայն կնոջ սիրտը, որին բնությունն ավելի ճկունություն է տվել, կարող էր տանել այդպիսի վիշտը՝ կամ ծածկել նրան ժպտի շողերով․․․

Երբ թագավորն Սպարապետի, արքայազն դրանիկների և հետևորդ իշխանների հետ մտավ եկեղեցի և հոգևորականաց դասը գոհաբանական մաղթանքը կատարեց, թագուհին մոտեցավ Արքային և շնորհավորեց նրան Հայոց բանակի հաղթությունը։

Թագավորը, որ խանդակաթ էր դեպի թագուհին, կարդաց նրա աչքերի մեջ հայտնի վշտից առաջացած տխրությունը և ասաց․

Վկա է աստված և այս սուրբ Եկեղեցին, որ Հայոց բանակը արդարությամբ է գործել։ Բեր եղբայրդ սպառնում էր իմ գահին և Հայրենիքի ազատության, իսկ Հայոց քաջերը պաշտպանեցին այդ գանձերը, որովհետև իրանք ձեռք են բերել նրանց թանկ զոհաբերության գնով։

Նա՛, որ սպառնում էր քո գահին ու Հայրենիքին, չի կարող իմ եղբայրը լինել, ասաց թագուհին հանդիսաբար։

Եվ եթե Աստված չարաչար պատժե նրան, դու չպիտի տխրես, հարեց թագավորը, որովհետև նա արդարությամբ է հատուցանում։

Այդ խոսքերը դող հանեցին թագուհու սիրտը․ նա զգաց, որ մի ինչ որ նոր դժբախտություն պիտի հասնե եղբորը, սակայն շրջապատող պալատականների, իշխանների և իշխանուհիների ներկայությամբ չկարողացավ հարցնել ոչինչ։

Բայց երբ կարգապետից իմացավ, որ թագավորը յուր հետևորդներով ս․ Առաքելոց եկեղեցին պիտի գնա, իսկ նրանք վերադառնան պալատ, կանչեց յուր մոտ Գոհար իշխանուհուն և շշնջալով ասաց նրան․

Իմացիր Սպարապետից, թե ո՞ւր թողեցին եղբորս․․․

Նա այստեղ քաղաքումն է, պատասխանեց Գոհարը։

Գիտեմ, բայց որտե՞ղ է բանտարկված։

Ասում են, թե նրան ս․ Առաքելոցն տարան։

Ս․ Առաքելո՞ց և ինչո՞ւ համար, հարցրեց թագուհին վախեցած։

Չգիտեմ․․․

Հարցրու ուրեմն Սպարապետին, իմացիր, ի՞նչ պիտի անեն նրան․ Արքայի խոսքերը լավ բան չէին գուշակում․․․ ես վախենում եմ․ սիրտս ճմլվում է․․․ Գնա՛, իշխանուհի, գնա՛ տեղեկացիր, եթե մի դժբախտ որոշում են արել, ապա պիտի աշխատենք արգելել․․․

Իսկույն, մեծափառ թագուհի, ասաց իշխանուհին և դիմեց դեպի Գոռը՝ որպեսզի նրա միջոցով տեսնվի ամուսնու հետ։

Թագուհու և պալատական տիկնանց դեսպակներն արդեն հեռանում էին եկեղեցուց, երբ վերջապես Գոհար իշխանուհուն հաջողվեցավ տեսնվիլ Սպարապետի հետ։

Ո՞ւր տարան Բերին, իշխան և ի՞նչ են ուզում անել նրան, հարցրեց տիկինը։

Ինչո՞ւ համար ես հարցնում, սիրելի իշխանուհի, դարձավ Մարզպետունին կնոջը։

Կամենում եմ իմանալ․․․

Ուղարկեցինք ս․ Առաքելոց եկեղեցին։

Բայց ինչո՞ւ համար։

Որպեսզի աղոթե այնտեղ։

Աստված իմ, դու կատա՞կ ես անում,-բացականչեց իշխանուհին։

Իսկ դո՞ւ։

Ես լրջորեն եմ հարցնում։

Եվ լավ բան չես անում, միթե չգիտե՞ս որ Մարզպետունի իշխանը՝ դեռ մինչև այսօր ոչ մի կին արարածի չի հայտնել այն, ինչ որ պիտի կատարեր․․․

Դու կարող ես հարցնել ինձ միայն կատարվածի մասին։

Բայց․․․

Հա, ի՞նչ կա, խոսի՛ր։

Թագուհին ինքն է կամենում այդ իմանալ։

Թագուհի՞ն․․․ Օ, այդ չպետք է ինձ հայտնեիր, ես արդեն գուշակում էի։ Բայց որ հայտնել ես, ես պարտավոր եմ մի բանով պատասխանել։ Գնա՛, ուրեմն, և ասա նրան թե՝ պատերազմի դաշտում մենք կորցրել ենք հինգ հարյուր քաջարի զինվոր և նրանցից ոչ մեկի քույրը դեռ չի եկել և հարցրել ինձանից, թե ո՞ւր մնաց յուր եղբայրը և ի՞նչ արինք նրան։

Այս ասելով Սպարապետը շուռ եկավ և հեռացավ իշխանուհուց, առանց այլևս նոր հարցի սպասելու։

Գիտեի, գուշակում էի․․․ Հո չենք կարող քրոջ սրտին հրամայել, որ զգալուց դադարե․․․ շտապենք ուրեմն քանի կանանց խարդավանքը յուր գործը չէ սկսել, շշնջաց ինքն իրան Սպարապետը և հետևելով թագավորան, որ եկեղեցուց ելնելով՝ աշտանակում էր երիվարը, ինքը ևս թռավ նժույգի վրա և առաջ անցավ։

Բայց ի՞նչ պիտի անեին նրանք ս․ Առաքելոց եկեղեցում։ Մի քանի օր առաջ, մինչդեռ զորքը բանակած էր Արտահանում, թագավորը խորհրդի էր հրավիրել իշխաններին որոշելու համար թե՝ ի՞նչ պիտի անեն գերի ընկած Բերին։

Իշխաններից մի քանիսը խորհուրդ տվին՝ սպանել, մյուսները՝ բանտարկել, իսկ Սպարապետը, որին շատ նեղություններ էր պատճառել այդ հինավուրց թշնամին, պահանջեց, որ կուրացնեն նրան։

Թագավորը, որ թագուհուն վիշտ չպատճառելու համար՝ բանտարկելու կողան էր, բայց, միևնույն ժամանակ, բազմերախտ Սպարապետի պահանջը մերժել չէր կամենում, ասաց նրան․

Աչքերը կուրացնելը նույնպիսի հանցանք է, որպիսին է և սպանությունը։ Եթե ես կուրացնեմ Բերին, այդ հանցանքը քեզ վրա պիտի ծանրանա, բայց ես չեմ կամենում, որ այդպիսի լավագույն նպատակներիցդ մեկը մնա անգործադիր։

Ի՞նչ նպատակ, հարցրեց Սպարապետը զարմանալով։

Դու ցանկանում էիր երդումից ազատվել և Գառնի՝ քո տունը վերադառնալ բայց գիտցիր, որ Բերին կուրացնել տալուց հետո կաթողիկոսը չի լուծի քո երդումը։

Թող հավիտյան ես իմ տունը չվերադառնամ, թող իմ ոսկորները հայրենի հողի մեջ չթաղվին, միայն թե Հայրենիքս այս դաժան թշնամուց ազատվի, բացականչեց Մարզպետունին։ -Եթե ես համոզված լինեի թե՝ Բերը ազատություն գտնելուն պես մեր սահմանները չպիտի խռովե, կխնդրեի ներել նրան։ Բայց դա օձի սերունդ է և չի դադարիլ թունավորելուց, մինչև որ չջախջախվի։ Եթե դու կարծում ես, թե բանտարկելով պիտի ազատվիս նրանից, սխալվում ես, որովհետև մենք չունենք մի բերդ, որի դռները կաշառներով չբացվին․․․ Իսկ կաշառվող սինլքորներ ամեն տեղ կգտնվեն։ Այդ մարդուն պետք է տանել Կարս, ցույց տալ նրան այն եկեղեցին, որ կամենում էր վրաց ծեսով օծել և ապա հենց այդ եկեղեցու առաջ էլ կուրացնել, որպեսզի թե՛ ինքը և թե՛ յուրայինները ճանաչեն Հայոց եկեղեցու զորությունը։ Այս պատիժը, արդարև, խիստ է․ բայց եթե Կայիափան անմեղ Հիսուսին սպանելու համար կարող էր ասել՝ «լավ է զի այր մի մեռանիցի ի վերայ ժողովրդեանս և մի՛ ամենայն ազգս կորիցէ», արդյոք նույն խոսքերը չե՞մ կարող կրկնել ես այս չարագործի նկատմամբ, որ հազարավոր զինվորների կորստյան պատճառ դարձավ․․․ Որքան վնասներ է կրել մեր երկիրը դեռևս դրա հայր Գուրգեն իշխանից, և մինչդեռ նրա մահվամբ հույս էինք տածում ազատվել հյուսիսային սահմանի մշտական թշնամուց, նրան հաջորդեց վատթարագույնը․․․ Բայց աստված որ քաղցր աչքով է նայում մեզ վրա, ահա մատնել է նրան մեր ձեռը․ եթե մենք այժմ չկուրացնենք նրան, հետո նա ինքը մեզ կկուրացնե, նորեն մեր հայրենի երկիրը խռովելով։ Այն ժամանակ մեզ կանիծե մեր ժողովուրդը, կանիծեն և հոգիները այն զինվորների, որոնք զոհվեցան այդ ամբարտավանի քմահաճության․․․

Թագավորի վրա տպավորություն արին Սպարապետի խոսքերը և նա, չկարողանալով այլևս դիմադրել նրա պահանջին, մանավանդ որ մյուս իշխաններն էլ համակերպել էին արդեն Մարզպետունուն, խոստացավ կուրացնել Բերին։

Բայց որովհետև Սպարապետը կասկածում էր, թե թագավորը Կարս վերադառանլուց կարող է թագուհու թախանձանքներից հեշտությամբ հաղթահարվիր ուստի հրաման արավ, որ հենց Կարս մտնելու օրը որոշյալ պատիժը գործադրե։

Եվ ահա այդ էր պատճառը, որ Բերին ուղարկել էին ս․ Առաքելոց եկեղեցին և իրանք էլ աճապարում էին այնտեղ։

Երբ թագավորը յուր հետևորդներով հասավ նորակառույց տաճարը, այդտեղ արդեն ժողովված էր հանդիսատեսների մեծ բազմություն։ Այդտեղ էր և Բերը՝ իր գերված իշխաններով, որոնց բոլորին դարձյալ հսկում էին նիզակավոր Վանանդացիք։

Թագավորը, որ կարծես խուսափել էր թագուհու աչքից, որպեսզի կարելույն չափ փութով յուր խոստումը կատարե, ըստ որում վախենում էր՝ թե գուցե ուշացնելով՝ ստիպված լինի հետո դրժել խոստմանը, ձիուց իջնելուն պես մոտեցավ Բերին և բռնելով նրա ձեռքից, ասաց,

Արի, տես այն եկեղեցին, որ կամենում էիր վրաց ծիսով օծել․․․

Այս ասելով նա ներս մտցրեց Բեր թագավորին յուրաշեն տաճարը և ցույց տալով նրան նրա ներքին գեղեցկությունը, շարունակեց․

Տես, որքա՞ն գեղեցիկ է։ Նա շինված է քառաթև, բաժանված է տասներկու երեսների։ Նրանցից ամեն մինի վրա նկարված է Առաքյալներից մինի պատկերը, այն Առաքյալների, որոնցից և ոչ մինը ոտք չէ դրել քո երկիրը քրիստոնեություն քարոզելու համար։ Նայի՛ր գմբեթին․ որքա՞ն բարձր է և գեղեցիկ։ Նա կանգնած է անսյուն կամարների վրա։ Նայի՛ր նույնպես խորանին, նրա բարձրադիր բեմին, որ չի նմանում Վրաց ցածուն բեմերին, ուրեմն չի կարող Վրաց ծեսով օծվել։ Նայի՛ր, տե՛ս բաց աչքերով, որովհետև այլևս չպիտի տեսնես նրան։

Այս ասելով թագավորը դուրս հանեց Բերին, և ցույց տալով նրան եկեղեցու արտաքինը՝ ասաց․

Տեսնո՞ւմ ես, տաճարն արդեն պատրաստ է, մենք պետք է նրա նավակատիքը կատարեինք, բայց դու մեզ խանգարեցիր, որովհետև ցանկանում էիր քո ծեսով օծել նրան։ Այդ, իհարկե, Աստված չհաջողեց քեզ, ըստ որում նա հակառակ է ամբարտավաններին։ Բայց մեր եկեղեցու օծման դու կմասնակցես ուրիշ կերպ։ Մենք սովորություն ունենք եկեղեցին օծելուց առաջ զոհ մատուցանել Աստծուն։ Ահա զոհի այդ ողջակեզը դու կմատակարարես մեզ, որպեսզի գործած հանցանքդ մի փոքր քավես․․․

Այս խոսքերից հետ նա թողեց Բերին և դառնալով Մարզպետունուն, ասաց․

Սպարապե՛տ, ահա այն մարդը, որ մահ պատճառեց քո հինգ հարյուր քաջերին, տուր նրան այն պատիժը, որ որոշել է ռազմական խորհուրդը։

Այս ասելով՝ թագավորն աշտանակեց երիվարը և յուր ազատախումբ թիկնապահներով հեռացավ եկեղեցուց։

Սպարապետը մոտեցավ Բերին, որ արդեն ընկճված և վշտահար նայում էր յուր շուրջը և ասաց․

Օրենքներ կան աշխարհում, ով Ափխազաց թագավոր, որոնք ծառայում են հասարակաց բարուն և երջանկության, այդ օրենքներն անարգողին՝ պատիժ է հասնում երկնքից․․․ Դու քո կյանքում շատ այդպիսի օրենքներ ես ոտնահարել և շատերի բարիքն ու երջանկությունը կապտել։ Արդ, եթե այսօր ծանրանա քո վրա երկնային մի պատիժ, մի անիծիր դու մեզ, այլ անիծիր նրան, որ պատճառ դարձավ քո դժբախտության և որի անունն է Բեր, անվանյալ՝ «Ափխազաց թագավոր»․․․

Այդ ասելով՝ նա հրամայեց դահճապետին՝ կատարել կանխավ իրան արված պատվերը։

Վերջինս առաջնորդեց Բերին մերձակա զնդանը, ուր և անմիջապես նրա աչքերը փորեց։

Երբ Աբաս թագավորը հասավ պալատ, թագուհին, որ սրտատրոփ սպասում էր նրան, առաջ եկավ և հարցրեց․

Ո՞ւր մնաց եղբայրս, Մեծափառ Տեր։

Նրան թողեցինք յուր պատժարանում, պատասխանեց թագավորը, աշխատելով խույս տալ թագուհու հայացքից։

Ի՞նչ, պատժեցի՞ք ուրեմն նրան․․․ բացականչեց թագուհին սարսափելով։

Կուրացրինք, եղավ արքայի պատասխանը։

Թագուհին մի սուր ճիչ արձակեց և նվաղելով ընկավ նաժիշտների գիրկը։

________

Անցավ մի շաբաթ։ Ափխազիո ժողովուրդը և նրա իշխաններն իմացան իրանց թագավորի գլխին հասած չարիքը։ Ուստի վերջիններս մեծամեծ ընծաներով եկան Աբաս արքայի մոտ և խնդրեցին իրանց կույր թագավորի և գերյալ իշխանների ազատությունը։

Աբասը ոչ միայն ծանր փրկանք նշանակեց դրա համար, այլև պահանջեց պատերազմական այն վնասը, որ Բերը յուր անխոհեմ քայլով պատճառել էր իրան։

Ափխազ իշխանները կատարեցին Արքայի պահանջը, հատուցին նրան թե՛ որոշյալ փրկանքը և թե՛ ռազմական վնասը և մշտական հաշտության դաշն կռելով նրա հետ, վերցրին կույր թագավորին ու գերյալ իշխաններին և դեպի իրանց երկիրը վերադարձան։

Այս հանգամանքը մի կողմից թագուհու վիշտը մեղմեց, ըստ որում եղբայրը՝ թեպետ կույր, այսուամենայնիվ, յուր աթոռը վերադարձավ, իսկ մյուս կողմից՝ արդյունք բերավ գանձարանին, լիուլի ծածկելով պատերազմական վնասները։

Այսպիսով, ահա, վերջացավ Ցլիկ-Ամրամի ստեղծած հյուսիսային սահմանի կնճիռը և Հայոց երկիրը՝ այդ կողմից ևս ապահովվելով, սկսավ վայելել երկարամյա խաղաղության արդյունքն ու բարիքները։

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу

Другие части "Գևորգ Մարզպետունի"

Ятук Музыка
Ария и Токката для скрипки и фортепиано
Лазарос Сарьян

Ария и Токката для скрипки и фортепиано

Битва при Авараире, 1948 год.
Битва при Авараире, 1948 год.
Играть онлайн