Мурацан

Գևորգ Մարզպետունի

Մի ծաղկով գարուն
Է
ՄԻ ԾԱՂԿՈՎ ԳԱՐՈՒՆ

Կեսօր էր։ Ցամաքաբերդի ձկնորսները ուռկան էին ձգում ծովակը՝ Գեղամա համեղ ու բազմազան ձկներից որսալու, երբ Գևորգ Մարզպետունու հեծելախումբը հասավ այդտեղ։ Իշխանը զարմացավ՝ տեսնելով, որ ձկնորսները փոխանակ լաստերով դեպի լճի խորը գնալու, շարունակ նրա եզերքն են պտտում, որով հաջողակ որս չպիտի կարենային անել։ Բացի այդ, լճի վրա կամ եզերքում ոչ մի լաստ կամ նավակ չէր երևում։ Այդ հանգամանքը շարժեց նրա հետաքրքրությունը, մանավանդ որ իրան այն միջոցին լաստ էր հարկավոր դեպի կղզին ուղղվելու համար։

Իշխանի հարցին՝ թե «ո՛ւր են ձեր նավակները», ձկնորսները պատասխանեցին․

Արքայից հրաման եկավ, որ ոչ ոք եզերքում լաստ կամ նավակ չպահե, այդ պատճառով ամեն ոք յուր ունեցածը ծածկել է գյուղում։

Իշխանը գուշակեց, որ թագավորի հրամանը տրված է՝ թշնամիների մուտքը դեպի Սևան արգելելու նպատակով։ Այսուամենայնիվ պատվիրեց, որ իրանց համար նավակ իջեցնեն ծովը, բայց ձկնորսները դժվարացան։

Թագավորը մեզ կկախե, եթե համարձակվենք նրա հրամանն անարգելու, ասացին նրանք և խնդրեցին՝ չստիպել իրանց անհնազանդ գտնվել արքայի առաջ։

Իշխանը չպնդեց, բայց հրամայեց նշան տալ կղզեցիներին՝ լաստ ղրկել իրենց համար, իսկ մինչ այդ հյուրսաիրել յուր հեծյալներին Գեղամա թարմ ձկներով։

Ծովափը պատող ժայռերի վրա ձկնորսները կրակ վառեցին իսկույն։ Բոցը բորբոքվելով ծառացավ, բարձրացավ դեպի վեր։ Այդ էր այն նշանը, որով կղզեցիներից լաստ էին խնդրում եզերքում եղողները։ Շուտով կղզու պարիսպներից դուրս ելան երկու սևազգեստներ, որոնք դեպի նավամատույցը հառաջանալով՝ լուծեցին այդտեղ կապած լաստերից մինը և դեպի ծովի խորը մղեցին։

Մինչև լաստի մոտենալը, ձկնորսները իրանց որսած ընտիր «իշխաններից» ու «գեղարքունիներից» պատրաստեցին համեղ նախաճաշ և հյուրասիրեցին իշխանի հեծյալներին։

Միջօրեի ժամերգությունը նոր էին ավարտել կղզում, երբ իշխանը յուր խմբով հասավ այդտեղ։

Թագավորը զարմացավ՝ տեսնելով յուր առաջ Գևորգ Մարզպետունուն։

Դո՞ւ էլ քո թագավորի հետ ճգնելու եկար, հարցրեց նա իշխանին ժպտալով։

Ո՛չ, տեր արքա․ այժմ հանցանքներ գործելու և ոչ թե ապաշխարելու ժամանակ է, պատասխանեց Մարզպետունին։

Հանցանքներ գործելո՞ւ․․․ հարցրեց թագավորը․ մի՞թե հանցանք գործելու համար էլ որոշ ժամանակ է լինում։

Այո՛, տեր արքա։ Տասը պատվիրաններից մինը «մի սպանաներ» խոսքն է։ Այժմ հասել է այդ պատվիրանի դեմ գործելու ժամանակը, մենք շարունակ պիտի սպանենք։

Հույս ունիս՝ ինձ քո հանցանքին մասնակից անելու համար չես եկած։

Եթե իմ զորքին թագավորն առաջնորդեր, ես քսան տարավ կերիտասարդանայի։

Քո զորքի՞ն․ մի՞թե զորք ունիս ժողոված,- զարմանալով հարցրեց արքան։

Այո՛, մեծափառ տեր։

Որտե՞ղ է գտնվում բանակդ։

Այստեղ, Սևանում։

Սևանո՞ւմ, ավելի ևս զարմանալով հարցրեց թագավորը։

Այո՛, տեր արքա, Սևանում․․․

Թագունին, որ ներկա էր իշխանի խոսակցությանը, ընդհատեց նրան․

Ես նայում էի իմ դիտանոցից, երբ քո լաստը մոտենում էր կղզուն․ քեզ հետ միայն մի խմբակ կար, հազիվ քսան մարդուց բաղկացած, իսկ մնացածները ե՞րբ հասան այստեղ։

Իմ բանակը կազմված է հենց քսան մարդուց, ես ավելին ձեռք բերել չկարողացա, պատասխանեց իշխանը։

Դու հիվա՞նդ ես, Մարզպետունի իշխան, հարցրեց թագավորը՝ աչքերը նրա վրա սևեռելով։

Գուցե կասկածում ես, թե խելագարվա՞ծ եմ, ժպտալով հարցրեց իշխանը։

Այո՛, ինձ այդպես է թվում, հարեց թագավորը լրջությամբ։ -Ասում ես, որ քսան մարդուց է բաղկացած բանակդ, և միևնույն ժամանակ փափագում, որ քո թագավորն առաջնորդե նրան։ Ծա՞ղր է այդ, թե երգիծանք․․․

Քա՛վ լիցի, եթե համարձակվեմ այդ չափ լրբանամ քո առաջ, տեր արքա․․․ պատասխանեց իշխանը հուզվելով։

Ի՞նչ զորք է ուրեմն այն, որի անունով խոսում ես դու։

Հենց հիշածս քսան հոգիներն են։ Նրանք են իմ զորքն ու բանակը կազմում։

Թագավորն ու թագուհին զարմացած նայեցին իրար, կարծես կամենալով հարցնել միմյանց, թե «արդյոք այս մարդը չէ՞ խելագարվել․․․»։

Մարզպետունին թափանցեց նրանց սրտի խորքը և դառը ժպտալով ասաց․

Իրավունք ունիք ինձ խելագար անվանելու։ Այս ընդհանուր տագնապի օրերում, երբ զորեղ իշխանները իրանց հազարավոր զորքերով փակված են ամրոցներում, խելագարություն է, իհարկե, քսան հոգով բաց դաշտն իջնել՝ թշնամու հետ ընդհարվելու համար։ Բայց ես այդ անում եմ, որպեսզի կարողանամ ամոթի կնիք դրոշմել բոլոր այն իշխանների ճակատին, որոնք հայության անունով խոսում, հայ տոհմականությամբ հպարտանում են, բայց հայրենիքը ճգնաժամում եղած միջոցին մատը չեն շարժում նրան օգնելու համար։

Այդ դու կարող ես անել, եթե հաղթությամբ պսակես հանդուգն ձեռնարկությունդ, նկատեց թագավորը․ բայց ի՞նչ կարող են անել քսան հոգիները թշնամու ահավոր զորության առաջ։

Իմ քսան հոգիներից յուրաքանչյուրը կարող է վանել հարյուր հագարացի։ Եթե հոգնախումբ բանակների դեմ կանգնել չկարողանանք, գոնե նրանց ուժը ջլատել կամ կարգը խանգարել կարող ենք միշտ։

Այդպիսով շատ փոքր օգնություն կարող ես անել հայրենիքիդ։

Ամեն մեծ գործ նախ փոքրով է սկսվում։

Ուրեմն դու հույս ունիս, թե վերջ ի վերջո պիտի հաղթանակե՞ս։

Երկուսից մինը․ կա՛մ կհաղթանակեմ, կա՛մ թե իմ խմբով ի սպառ կջնջվեմ։ Ես չեմ կարող նստել իմ բերդում և իմ կյանքը խնամել այնպիսի մի ժամանակ, երբ թագավորը գահը թողած՝ ճգնում է Սևանում, երբ կաթողիկոսը աթոռը կորցրած՝ թափառում է աստանդական, երբ ժողովուրդը, հազարներով ճարագ է դառնում թշնամուն․․․ Եթե իմ եղբայրակիցները մեռնում են, ես ինչո՞ւ պիտի ապրեմ․ մի՞թե նրանց կորուստը ողբալու համար։ Այդ վայել է կանանց, երբե՛ք այն մարդուն, որի բազուկը դեռ կարող է սուր շարժել, որի ձայնը դաշտում կարող է որոտալ․․․

Թագավորն աչքերը հառած նայում էր իշխանի վրա, որ խոսում էր ինչպես մարմնացյալ հայրենասիրություն․ նրա սիրտը հուզվում էր, նա կամենում էր գրկել և համբուրել այդ քաջին և միևնույն ժամանակ կամենում էր ասել․ «Որքան երջանիկ ես դու, Գևորգ իշ՛խան, որ կարող ես իբրև հասարակ զինվոր մարտնչել հայրենիքի համար․․․ իսկ ես զրկված եմ նույնիսկ այդ մխիթարությունից․․․»։

Ինչո՞ւ ուրեմն եկար Սևան, հարցրեց թագավորը յուր հուզումը ծածկելով։

Իմ արշավանքն սկսելուց առաջ արքայի հրամանն ու օրհնությունն ստանալու եկա։

Իմ քա՛ջ և հավատարիմ իշխան․ դու ուրեմն փառքն անգամ չես կամենում առանց քո արքայի հրամանին վայելել․․․ Դու արժանավոր զինակից հանդիսացար ինձ, բայց ես, ավա՛ղ, քեզ անարժան թագավոր․․․

Մի՛ ասիր այդ, տեր արքա․ բախտը կարող է վանդակի մեջ փակել առյուծին, բայց նրա սիրտն ու կորովը կապտել չի կարող։ Ապրիր դու այստեղ, մինչև որ քո ծառան վանդակը դարբնող ձեռքերը կփշրե․․․

Իմ քաջ, իմ ազնիվ իշխան, վանդակը դարբնել են․․․

Նա կամենում էր ասել՝ «այնպիսի ձեռքեր, որոնց եթե փշրեիր, ինձ հավիտենական վիշտ պիտի պատճառեիր․․․», բայց նա ընդհատեց խոսքը և վեր կացավ տեղից հանկարծ․

Ո՞ւր են քո քաջերը․ գնանք նրանց մոտ։ Այդ հերոսներն արժանի են, որ թագավորը նրանց ընդառաջե և ոչ թե իրանք գան նրա կոչին։

Այս ասելով թագավորն առաջ անցավ և իշխանը հետևեց նրան։

Բարապանն արդեն ուրիշ ճանապարհով վազեց դեպի ուխտավորների կացարանը՝ խմբի անդամներին արքայի գալուստը հայտնելու։

Վահրամ սեպուհի հրամանով նրանք դուրս եկան իսկույն իրանց խուցերից և սպառազինված շարվեցան կղզու ծառազարդ տափարակի վրա։

Թագավորն ու իշխանը իջնում էին բլրի կողմից։ Երբ նրանք հասան ս․ Աստվածածնի տաճարին և խոտորվեցան դեպի տափարակը, ուխտի զինվորները միաձայն որոտացին՝ «Կեցցե՛ թագավորը»։

Այդ գոչյունը հուզեց արքային։ Որքա՜ն ժամանակ էր, որ նրա ականջին չէր հնչել այդ ձայնը, որքա՜ն ժամանակ էր, որ նրան ոչինչ չէր հիշեցնում, թե ինքը՝ հայոց թագավորը, Հայաստանի իշխանապետն է, թե դեռ այդ երկրում կան մարդիկ, որոնք հավատարիմ են իրան և որոնց ինքը կարող է հրամայել․․․ Ճգնազգյաց միաբանների ընկերակցությունը, նրանց հանապազօրյա պաշտամունքները, որոնց գրեթե միշտ ներկա էր լինում ինքը, կղզու անշարժ ու խաղաղիկ կյանքը և նրա հետ միասին էլ յուր ծանրագույն վշտերը՝ ամեն ինչ մոռացրել, ամեն կենդանություն մեռցրել էին յուր մեջ։ Նրան թվում էր, թե բոլոր աշխարհը քնած է Սևանի պես, թե ոչ մի տեղ այլևս չկա կենդանություն, թե մահը յուր թևերը տարածել է արդեն համայն հայոց վրա․․․

Բայց ուխտի զինվորների աղաղակը կարծես վայրկենապես սթափեցրեց նրան․ մի հաճոյական և կենարար դող նրա մարմինը ցնցեց և քաջազնական զգացմունքով հոգին ու սիրտը լցվեցան։

Թագավորը թեպետ ուներ կղզու մեջ հարյուրի չափ զինվոր, բոլորն էլ ընտիր, զինավարժ մարդիկ, բոլորն էլ քաջասիրտ և դիմագրավող, բայց նրանք էլ կղզում անգործ մնալով և արքայի նման հոգևոր պաշտամանց հաճախելով՝ թուլացել, թմրել էին արդեն և զենքերն ու զրահը մի կողմ ձգել։ Նա տեսնում էր դրանց ամեն օր խուցերի առաջ նստած և կամ ուռկանը ձեռքներին կղզու շուրջը թափառելիս, և չէր վրդովվում, կարծելով թե՝ հենց այդ էլ պիտի լիներ դրանց զբաղմունքը։ Բայց երբ նա տեսավ յուր առաջ Մարզպետունու սակավաթիվ, բայց գոտեպինդ, զրահազգեստ և զինավառյալ այդ խմբակը, պատրաստ, կարծես հարձակվելու և ամեն զորություն ու ընդդիմություն ընկճելու և կործանելու, նա մի տեսակ աշխույժ ստացավ և քայլերն արագացնելով հասավ զինվորներին։

Ապրի՛ք, իմ քաջեր, բացականչեց նա և խումբը նորեն որոտաց․

Կեցցե՜ թագավորը։

Վահրամ սեպուհն առաջ անցնելով սաղավարտը հանեց և գլուխ խոնարհեց արքային։

Վերջինս աջը պարզելով՝ ողջունեց նրան ջերմագին։

Սեպուհին հետևեց Մուշեղ բերդակալը, որին թագավորը բարեհաճ խոսքերով ընդունեց։

Առաջ անցավ ապա Գոռ իշխանիկը։ Թագավորը նրան տեսնելուն պես բացականչեց։

Դու է՞լ այստեղ, իմ սիրեցյալ Գոռ․․․ Դու է՞լ անձնվեր քաջերի խմբում։

Այս ասելով թագավորը թևերը բացավ և գրկախառնելով պատանուն, որ սաղավարտը ձեռին մոտեցել էր իրան, համբուրեց նրան սրտագին։

Որի՞ պաշտպանության հանձնեցիր հարսնացուդ, Գոռ, հարցրեց թագավորը ժպտալով։

Յուր իսկ պաշտպանության, պատասխանեց պատանին շառագունելով։

Այո՛, հայրդ ինձ պատմեց։ Նրա պաշտպանության է հանձնված և Գառնին։ Սյունյաց օրիորդը արժանի է այդ պաշտոնին։ Երբ այր մարդիկ կռվում են դաշտում, կանայք կարող են բերդերը պաշտպանել․․․ Թեպետ ցավալի է, որ հայոց երկիրը միայն քսան տղամարդ է դաշտը հանում այսօր․ բայց մյուս կողմից էլ ուրախալի է, որ այդ քսան քաջերին հետևում է մի կին․ և որ այդ կինը իմ որդեգրուհին և Գոռի հարսնացուն է․․․ Գնա՛, ի՛մ քաջ, արժանի՛ եղիր քո մրցանակին։

Այս ասելուց հետ թագավորը մոտեցավ մյուս զինվորներին, բոլորի հետ խոսեց, բոլորին էլ քաջալերեց և ապա դառնալով Մարզպետունուն, առաջարկեց նրան միացնել յուր խմբին Սևանում գտնված զինվորների կեսը։

Իշխանը հրաժարվեցավ արքայի առաջարկությունից, չկամենալով նվազեցնել նրա թիկնապահների թիվը։

Վտանգի միջոցին մենք կարող ենք փախչել, ասաց նա նրան, բայց արքան այս կղզում խույս տալու տեղ չունի․ անկարելի է մի զորական անգամ հեռացնել այստեղից։

Թագավորը գովեց յուր հավատարմի հոգածու զգուշությունը և ապա դառնալով նրան ու Վահրամ սեպուհին՝ ավելացրեց․

Իմ իշխանները թողեցին ինձ միայնակ և ամոթահար, այդ պատճառով ես մտա Սևան իբրև կամավոր գերի։ Եթե դուք կհաջողիք ձեր ձեռնարկության մեջ և կկարողանաք սրբել այն արատը, որ դրին մեր դրոշի վրա տիրադրուժ իշխանները, այն ժամանակ ես նորեն կելնեմ իմ բանտից և կպսակեմ ձեր հաջողությունը իմ արշավանքներով։ Այս օրվանից իմ դրոշը ես կհանձնեմ ձեր խմբին, թո՛ղ նա ամեն տեղ ոգևորե այս քաջերին և հիշեցնե, որ թագավորը կալանավոր է Սևանում․․․

Այս ասելով թագավորը հրամայեց թիկնապահներին բերել արքայական դրոշը։

Խոր լռություն տիրեց։ Ուխտի զինվորները ակնածությամբ սպասում էին թիկնապահների դարձին։ Երբ դրոշը երևաց, ամենքն իսկույն սաղավարտները հանելով միաբերան գոչեցին․ «Կեցցե՛ թագավորը»։

Վերջինս առավ դրոշակը թիկնապահների ձեռքից և հանձնելով այն Մարզպետունուն, ասաց․

Այս դրոշի հետ միասին տալիս եմ քեզ իրավունք՝ գործել ամեն տեղ իմ կողմից և անունից։ Այս դրոշը իմ փոխարեն կլինի քո խմբին և՛ առաջնորդ, և՛ զինակից։

Նույն օրը ուխտի զինվորներին սեղանակից արին իրանց թագավորն ու թագուհին։ Իսկ հետևյալ առավոտ հեռացավ խումբը Սևանից՝ տանելով յուր հետ արքայական դրոշը և թագավորի, թագուհու և բոլոր միաբանության օրհնությունը։

Հասնելով Ցամաքաբերդ՝ ուխտի զինվորները ձիաները հեծան և Արարատյան դաշտի ճանապարհը բռնեցին։ Նրանց նպատակն էր հանդիպել Բեշիրի հրոսակներին, որոնք զանազան խմբերի բաժանված՝ շրջում էին այդ դաշտի անպաշտպան գյուղերը և ավարի տալիս նրանց։ Բյուրականի առումը և անխիղճ կոտորածն ավելի էր նրանց համարձակություն տվել և բարբարոսությունները գրգռել։ Այժմ անարգել առաջ էին գնում նրանք, չակնածելով բնավ հայ իշխաններից, որովհետև գիտեին, որ դրանք բերդերից չպիտի իջնեն և շինականի գույքն ու կյանքը պաշտպանելու համար իրանց անձը վտանգի մատնեն։

Արդ, Մարզպետունի իշխանը կամենում էր հանդիպել այդ հանդուգն հելուզակներին, որովհետև հույս ուներ, թե առանձին-առանձին պատահելով նրանց՝ կարող է շատերին ոչնչացնել։

Բայց հազիվ յուր հեծելախումբը Հրազդան գետն անցավ և ահա՛ գաղթականների մի բազմություն ընդառաջեց նրան։

Որտեղացի՞ եք և ո՞ւր եք գնում, հարցրեց նրանց իշխանը։

Գեղա բերդիցն ենք, տեր, պատասխանեց հաղթանդամ ու բարձրահասակ առաջնորդը․ գնում ենք Սյունյաց լեռներում ամրանալու։

Ուրիշները դիմում են դեպի Գեղ, իսկ դուք փախչո՞ւմ եք այնտեղից, ի՞նչ է պատահել․ ո՞վ է հարձակվում ձեզ վրա։

Բեշիրը, տե՛ր։

Ո՞վ ասաց ձեզ։

Դվինից լուր ղրկեց կաթողիկոսարանի վերակացուն։

Է՜, լավ, էլ ինչո՞ւ եք փախչում, չէ՞ որ Գեղա բերդն ամուր է բավական։

Ամուր է, բայց զորք քիչ ունի։

Թշվառականնե՛ր, եթե ամենքդ այդպես կփախչեք այնտեղից, իհարկե զորք չեք ունենալ, ինչի՞ համար է այդ հաղթ հասակը, եթե տագնապի րոպեին տուն տեղ պիտի ձգես․ ե՛տ դարձեք այս վայրկենին, թե չէ ամենքիդ սուր քաշել կտամ։

Առաջնորդը նայեց յուր ընկերներին, կանայք ծածկոցները բանալով սկսան դիտել խոսող իշխանին, իսկ երեխաները վախկոտ նայվածքով նրանց շուրջը կծկվեցան։

Ե՛տ դարձեք, կրկնեց իշխանը, այստեղ եղող բոլոր տղամարդկանց պահակ պիտի կարգեմ Գեղա պարիսպների վրա։

Գաղթականներն սկսան աղաչել իշխանին՝ թույլ տալ իրանց շարունակել ճանապարհը, բայց Մարզպետունին մնաց անողոք։

Տե՛ր, դու մեզ, ուրեմն, մատնում ես Բեշիրին, նա մի երկու օրից Գեղա բերդը պիտի գրավե, խոսեց պառավ մի կին։

Ես թույլ չեմ տալ, մայրիկ, որ Բեշիրը հասնե Գեղ․ բայց եթե աստծուց վիճակված է քեզ մահ, ապա լավ է, որ տանդ մեջ մեռնես, քան թե օտարության մեջ։

Ես ցավում եմ ոչ թե ինձ, այլ երիտասարդների համար։

Նրանք թող իրանք պաշտպանեն իրանց։

Այս ասելով նա հրամայեց գաղթականների առաջնորդին ետ դարձնել ամենքին․ իսկ ինքը յուր խմբին դառնալով ավելացրեց․

Մեր ծրագիրը փոխվեցավ։ Ուղեկցենք այս փախստականներին մինչև Գեղա ստորոտը, իսկ այնուհետև կդիմենք ուր որ հարկավոր է։

Հետևյալ ավուր երեկոյան իշխանը յուր հեծելախմբով բաժանվեց գաղթականներից․ նրանք բարձրացան դեպի Գեղա լանջերը, իսկ ինքը բռնեց Դվնո դաշտի ճանապարհը։

Որովհետև մութը կոխում էր, իշխանն ու սեպուհը որոշեցին շատ չհեռանալ Գեղա սահմաններից։ Ուստի ուղղվելով դեպի Ուրծաձոր, բարձրացան մի փոքրիկ լեռնագոտու վրա, որ ծածկված էր անտառով ու մացառուտով։ Այդտեղ գտան նրանք ծառերով հովանավոր մի անքույթ ծածկարան, ուր և իջան հանգստանալու և գիշերելու։

Զինվորներից մի քանիսը զբաղվեցան իսկույն խմբի սակավապետ կերակուրը պատրաստելով, իսկ մի քանիսը փութացին ջուր բերելու։ Լեռան լանջերի վրա աղբյուր չգտնելով, նրանք վայր իջան դեպի հովիտը այդտեղ հոսող գետակից ջուր վերցնելու։ Դա Վեդիի վտակներից մինն էր, որ խոխոջալով իջնում էր Գեղա բարձունքներից։ Հազիվ մացառուտից ելան զինվորները և ահա՛ հանդիպակաց լանջերի վրա զարկած տեսան բազմաթիվ վրաններ, որոնցից շատերի առաջ խարույկներ էին վառվում։

Դա հագարացիների բանակն էր։

Զինվորները վերադարձան և պատմեցին այս մասին իշխաններին։

Դրանք ուրեմն Գեղն առնելու են գնում, գուշակեց սեպուհը։

Անշուշտ, պատասխանեց Մարզպետունին։

Ի՞նչ պիտի անենք այժմ մենք։

Մի՞թե դեռ չգիտես։

Գիտեմ․ պիտի խանգարենք․․․ բայց․․․

Ուրիշ անելիք չունինք։ Վայելենք մեր ընթրիքը և գործի սկսենք, վճռաբար ասաց իշխանը և բազմեց խոտերի վրա, ուր բացված էր անպաճույճ սեղանը։ Նրանք բոլորեցին ամենքը միասին, որովհետև, նրանց մեջ չկար այլևս իշխան ու ծառա․ նրանք ամենքը եղբայրներ էին, մի խաչի ու դրոշի զինվորներ։ Նրանց կերակուրը կազմում էին Սևանի եփած ձկները, մի քանի կտոր խաշած միս և Գեղարքունյաց ընտիր պանիր։

Ընթրիքի վրա ոչ ոք չէր խոսում․ ամենքը լուռ ուտում էին։ Բայց այդ՝ ոչ այն պատճառով, որ ուշադիր էին իրանց քաղցը հագեցնելուն, այլ այն, որ ամենքն էլ մտածում էին սկսելիք գործի մասին, որ կարի հանդուգն և վտանգավոր մի ձեռնարկություն էր։

Երբ ընթրիքը վերջացավ, Գևորգ իշխանը վեր կացավ տեղից և ասաց․

Սիրելի քաջերս․ աստված թշնամին մատնել է մեր ձեռքը, պիտի օգուտ քաղենք այս հաջողությունից։ Առավոտը՝ դեռ լույսը չբացված մենք կհարձակվենք թշնամու վրա։ Այս արդեն վճռված է։ Պառկեցեք ուրեմն և հանգստացեք, որպեսզի հոգնություններդ առնեք և վաղվա համար ուժերնիդ կազդուրեք, իսկ ես և Վահրամ սեպուհը կերթանք նախ թշնամու դիրքն ու բանակը հետազոտելու և ապա կբարձրանանք Գեղ, տեղացիներից հարկ եղած օգնությունը հայթայթելու։

Թո՛ւյլ տուր, հայր իմ, որ ես ևս հետևեմ ձեզ, ասաց Գոռ իշխանիկը։

Ո՛չ, զավակս․ դու էլ պառկիր և հանգստացիր, զինվորը չպիտի զատվի յուր ընկերներից, պատասխանեց իշխանը լրջությամբ, կամենալով հասկացնել որդուն, թե ինքը ոչ մի առավելություն չունի մյուսներից և, հետևապես, պիտի հնազանդե հոր ձայնին, ինչպես յուր ընկերները։

Գոռը ժպտալով գլուխը խոնարհեց։ Իշխանն ու սեպուհը թողնելով զինվորներին՝ ուղղվեցան դեպի բանակի կողմը։

Հովիտը, ուր զարկած էին թշնամու վրանները, ընկած էր երեք բարձրության մեջ։ Նրա հյուսիսային կողմը բարձրանում էին Գեղա դարևանդները․ արևմտյան կողմից ընկած էր այն լեռնագոտին, որի վրա գտնվում էին ուխտի զինվորները, արևելյան մասը փակում էին բարձրադիր բլուրներ, իսկ հարավից բացվում էր Վեդիի դաշտը, ուր խոխոջում էր համանուն գետը։

Եթե հարձակվենք այս կողմից, ցույց էր տալիս իշխանը ձորահովտի հյուսիսակողմը, այն ժամանակ կստիպենք թշնամուն փախչել դեպի հարավ։

Մեր գործը պիտի լինի հանկարծակի բերել նրանց։ Ուրեմն ամեն հնար գործ պիտի դնենք՝ շփոթել թշնամուն և թույլ չտալ, որ կարգի գան կամ ճակատեն, որովհետև նրանց թույլ ընդդիմությունն անգամ կարող է մեր գործը խանգարել։

Գլխավորը ջահեր ձեռք բերելն է․ հենց որ մի երկու վրան կարողանանք վառել, սարսափը կտիրե ամենքին, խոսել սկսավ սեպուհը, սակայն այդ պաշտոնը գեղեցիները պիտի կատարեն, իսկ մերոնք պիտի հարվածեն։

Երկար խոսելուց և այս ու այն կողմը հետազոտելուց հետ՝ իշխանն ու սեպուհը վերադարձան զինվորների մոտ։ Նրանք ամենքն էլ քաղցր քուն էին մտել, բայց մի քանիսը եկողների քայլատրոփը լսելուց վեր թռան տեղներից։ Արթուն էր միայն մի զինվոր, որ պահպանություն էր անում ձիաներին։

Գևորգ իշխանը տեսնելով Գոռին, որ գլուխը մի կոճղի հենած՝ անուշ մրափում էր, ակամա կանգ առավ նրա առաջ։ Լուսինը, որ սահում էր երկնակամարի վրա, պայծառ շողերը ծառերի միջից թափանցելով՝ լուսավորել էր պատանու գեղեցիկ դեմքը, որ հանգչում էր այդ րոպեին մի հանգիստ և խաղաղ ժպիտ։

Պղնձե զրահը, որ պատում էր նրա առողջ կուրծքն ու թիկունքը, ոսկեդրոշ սաղավարտը, որ ծածկում էր տակավին նրա գեղեցիկ գլուխը, բայց չէր կարողանում ամփոփել յուր մեջ նրա հարուստ խոպոպիները, որոնք զարդարում էին պատանու ճակատն ու պարանոցը, և վերջապես կմբավոր, արծաթազարդ վահանակը, որ բռնած էր ձախ ձեռքում և որով, քնի մեջ անգամ, պաշտպանում էր նա յուր կուրծքը, փայլում էին լուսնի առաջ մեղմ ճաճանչներով։

Իշխանը սկսավ նայել որդուն, ծնողական սիրտը կարծես զգաստացավ մի երկարատև արբեցությունից, և մի տխուր զգացում սկսավ նրա սիրտը ճնշել։

«Գուցե իմ ձեռնարկությունը հաճելի չէ աստծուն, գուցե նա բարկանում է, որ ես հանդուգն մտքեր եմ հղանում և խաղաղ քուն վայելող արարածների վրա անակնկալ հարձակումն եմ գործում․․․ Գուցե նա ինձ պատժելու համար հագարացիներից մինի սուրը մխե իմ այս միամոր որդու կողը և նրա կենաց արևը խավարեցնե․․․ եվ ես հավիտյան զրկվեմ նրանից․․․ իմ կյանքի այս միակ մխիթարությունից․․․ Օ՛, և տեսնեմ նրան արյունաշաղախ, ժպիտը գեղեցիկ դեմքի վրա սառած և սիրուն աչքերը հավիտյան փակված․․․ Ո՛չ, անկարելի է․ ո՞ր աստվածը այնուհետև կարող է իմ կսկիծը փարատել․․․ և ի՞նչ լուր տանեմ ես նրա մորը, ի՞նչ երեսով նրան երևամ․․․ Արդյոք մի անգութ, մի բարբարոս չե՞մ ես․ ինչո՞ւ չարգելեցի նրան Գառնիում․․․ ի՞նչ ուժ պիտի ավելացներ նա ինձ համար, մի՞թե մի հասարակ զինվոր չէր կարող նրա գործը կատարել, ինչո՞ւ կամեցա Մարզպետունյաց Տան վերջին ճրագը խավարեցնել․․․ Չէ, սա պիտի հեռանա այստեղից․ և կամ մեր արշավանքը պիտի հետաձգենք»․․․

Այս մտքերն էին հուզում Մարզպետունու հոգին, երբ սեպուհը մոտենալով՝ զորավոր ձեռքը դրավ նրա ուսին և ասաց․

Մենք ուշանում ենք, տե՛ր Մարզպետունի, այստեղ պառկած բոլոր զինվորները նույնպիսի մայրեր ունին, որպիսին ունի Գոռ իշխանիկը, գնա՛նք։

Սեպուհի այս խոսքը սասանեց իշխանին և նա կարծես անուրջից սթափվելով՝ բացականչեց․

Գնա՛նք․ թող բոլորի մայրերն էլ նահատակների ծնող հռչակվեն։

Համաձայն կանխավ արած որոշման՝ իշխանը պիտի բարձրանար Գեղ, նրանցից օգնական մարդիկ բերելու, իսկ սեպուհը պիտի իջներ Վեդի ավանը և, եթե այդտեղ չհաջողեր, անցներ ճերմանիս և այնտեղից մարդիկ հրավիրեր։ Նրանց նպատակն էր՝ հայթայթել ոչ թե կռվող զորք, այլ միայն գոռացող ու աղմուկ հանող ամբոխ, որ գիշերային ժամում կարողանար սարսափ ազդել թշնամուն։

Ճիղին վտակի մոտ նրանք բաժանվեցան։ Իշխանը լեռան լանջերը բարձրանալով, դարձյալ սկսավ Գոռի վրա մտածել։ Բայց այս անգամ ոչ իբրև թուլասիրտ հայր, այլ իբրև հայրենասիրտ զինվոր։

«Մինչև այսօր բյուր մեզ նմանները զո՛հվել են թշնամու սրին․ դրա պատճառը եղել է այն, որ ամեն մի իշխան, յուր տոհմն ապահովել մտածելով կամ սիրելիների կյանքը խնայելով՝ ձեռնպահ է մնացել ընդհանուր գործին մասնակցելուց։ Երկրի ժողովուրդը զոհ է գնացել այն երկչոտ զգացմունքներին, որոնք մի ժամ առաջ պաշարել էին իմ սիրտը։ Փրկության սեղանը դադարել է ազատություն բաշխելուց, որովհետև այդ սեղանի վրա զոհ մատուցանող չկա․․․ Բայց ես հրապարակական խոստում արի․ ես ահավոր երդում երդվեցա․ ինչպե՞ս կարող եմ այդ երդման դրժել․․․ Իմ Գոռը հավիտյան հո չի ապրելու, մահը վաղ թե ուշ պիտի փակե նրա աչքերը, կարող է պատահել, որ նա մեռնի հենց իմ հարկի տակ, մի ապիրատ դավաճանի թաքուն հարվածից․․․ Ինչո՞ւ ուրեմն չկամենալ, որ այդ մահը հանդիպե նրան հայրենիքի համար մղած կռվի դաշտում։ Ինչու չցանկանալ, որ անփառունակ մահվան փոխարենը՝ նա մարտիրոսական պսակը ստանա․ ինչո՞ւ չմխիթարվել այն քաղցր մտքով՝ թե աշխարհի մեջ ունեցածս ամենաթանկագին հարստությունը իմ հայրենիքի ազատության նվիրեցի․․․ և վերջապես մի՞թե իմ Գոհարը որդվո մահն լսելուն պես՝ չի կարող հերոս հելլենուհու նման ասել, թե «հենց դրա համար ծնեցի որդիս․․․»։

Այս մտքերն այնպես ոգևորեցին իշխանին, որ նա չզգաց, թե ինչպես անցավ Գեղա դարևանդները և հասավ ամրոցի պարիսպներին։

Դռան մոտ թակ չգտնելով, նա վերցրեց մի ահագին որձաքար և զարկեց երկաթապատ դռներին։ Փեղկերը դղրդացին, բայց աշտարակից պահապանի ձայն չլսվեցավ։ Իշխանը նորից կրկնեց յուր հարվածը և այս անգամ միայն պահապանը յուր խռպոտ ձայնը լսեցրեց։

Բացե՛ք դուռը։ Ինչ քնելու ժամանակ է, հիմարներ, թշնամին ձեր առջևն է, գոչեց իշխանը։

Մարզպետունու ձայնը ծանոթ էր Գեղա պահակներին։ Իսկույն իրար զարթեցնելով դիմեցին նրանք բերդակալին, որ և շտապեց դուռը բանալու։

Իշխանը ներս մտնելուն պես հրամայեց շեփոր հնչեցնել և ամրոցի բնակիչները զարթեցնել։

Ի՞նչ կա, տեր իմ, մի՞թե թշնամին մոտենում է արդեն, սրտատրոփ հարցրեց բերդակալը։

Ամեն մեկի հետ զատ-զատ խոսելու ժամանակ չունիմ․ հավաքիր այստեղ ժողովուրդը, ասելիքս թո՛ղ ամենքը լսեն, պատասխանեց իշխանը։

Բերդակալի հրամանով զինվորներն իսկույն ազդարար շեփոր հնչեցրին ամրոցի անցքերում։ Բնակիչները սարսափահար վեր թռան տեղներից և յուրաքանչյուր տան կարող անձինքները դուրս թռան փողոց։

Կես ժամվա մեջ արդեն Գեղի բոլոր ժողովուրդը, ի բաց առնելով կանանց ու երեխայոց, հավաքված էր բերդի դռան հրապարակը։ Նրանցից շատերը մինչև անգամ զինված էին սրերով ու նիզակներով։

Այստեղ հասան և այն զինվորները, որոնք պահպանություն էին անում բերդին։ Իշխանը հրամայեց նրանց ջահեր վառել, որպեսզի կարենային միմյանց երես տեսնել։ Ապա բարձրանալով ժայռի մի բեկորի վրա, սկսավ խոսել․

Այսօր վերադարձրի Գեղ այստեղից փախչող բազմաթիվ անձանց։ Նրանք պատմած կլիեին ձեզ, որ մենք արքայի հրամանով եկած ենք թշնամու դեմ, որ բանակած է այժմ Վեդիի հովտում։ Այսքան մոտ չկարծելով թշնամուն, մենք բուն բանակից առաջ անցանք (իշխանը դիտմամբ ստեց՝ ամբոխին սիրտ տալու համար)․ բայց որովհետև թշնամին վաղը պիտի հարձակվի ձեզ վրա, ուստի ես իմ խմբով որոշեցի շփոթել նրա բանակը հենց այս գիշեր։ Այդ մենք կանենք մեր անակնկալ հարձակումով։ Դուք ամենքդ մեզ պիտի օգնեք այս գործում, հավատացած լինելով, որ հաղթությունը մեր կողմը պիտի լինի։ Հակառակ դեպքում Գեղը վաղվանից ավերակ կդառնա։

Մենք այստեղից ելնել չենք կարող․․․ մենք կռվելու ուժ չունինք․․․ մենք զինվոր չունինք․․․ սկսան խոսել ու գոչել այս ու այն կողմերից։

Լռեցեք․ ինձ լսեցեք, հրամայեց իշխանը։

Ժողովուրդը լռեց։

Ես ձեզանից չեմ պահանջում ոչ զորք և ոչ զենք։ Այլ միայն այն, որ բոլոր այստեղ եղողներդ հետևեք ինձ և Վեդիի հովիտը պատող բլուրների վրա կենալով ձեր գոռոցն ու աղաղակը միացնեք հարձակում գործող մեր զինվորների ձայնին։ Եվ եթե կգտնվեն ձեր մեջ մի քանի քաջեր, որոնք կցանկանան թագավորի ու թագուհու շնորհակալության արժանանալ, նրանք էլ ջահերով թշնամու վրանները կկրակեն։ Հենց որ աղաղակն ու հրդեհն սկսվին, թշնամին շփոթված պիտի փախչի։ Այն ժամանակ կոտորածը կանեն իմ զորքերը, իսկ ավարը կմնա գեղացոց։

Իշխանի խոսքերն ազդեցին ժողովրդի վրա։ Թեպետ նրանցից ոմանք դարձյալ ընդդիմության աղմուկ հանեցին, բայց իշխանի առաջարկությունն ընդունողների թիվը շատ մեծ էր։ Մի հասարակ աղաղակի կամ որևէ մի վրան կրակելու համար արքայական շնորհաց արժանանալու հույսը շատերի եռանդը վառեց։ Իսկույն խմբեր կազմվեցան․ զենք չունեցողը զենք առավ վրան․ պահակներից շատերը ջահեր պատրաստեցին, ոմանք էլ հողե ամաններով կամ փոքր տիկերով կպրաձյութ վերցրին։ Կային և մարդիկ, որոնք զինվեցան տապարներով կամ բահերով, և այսպես ամենքը միասին խմբվելով՝ լուռ ու մունջ դուրս եկան բերդից և հետևեցին իշխանի ձիու սմբակներին։

Առաջին պայմանը անձայն ու անշշուկ ընթանալն էր, որին ամբոխը հետևում էր զգուշությամբ։ Իսկ իշխանը դիտմամբ ծանր էր առաջանում, մտածելով՝ թե մինչև սեպուհի դարձը ինքը կարող է տեղ հասնել։

Բայց որքան մեծ եղավ նրա զարմանքը, երբ ուխտի զինվորների կացած տեղը հասնելով՝ տեսավ, որ սեպուհը վաղուց սպասում է իրան և որ Վեդիից ու Ճերմանիսից բերած մի բազմաթիվ ամբոխ խլրտում է լեռնալանջի ծմակում։

Իսկույն սկսան իրանց կարգադրություններն անել։ Ամբոխը բաժանեցին երեք հավասար մասի։ Նրանցից ամեն մինը պետք է բռներ հովտի մի զառիվայրը։ Ջահավոր պահակները գաղտուկ պիտի մոտենային վրաններին։ Հարձակման նշանը պետք է տար Մարզպետունին, իսկ առաջին կրակը պիտի վառեր սեպուհը։ Այնուհետև պիտի փրթեր սոսկալի աղաղակ, որին կմասնակցեին բոլորը, առանց ընդհատելու։ Կոտորածը կսկսեին միայն ուխտի զինվորները, աշխատելով սակայն չփակել փախչողների ճանապարհը։

Գիշերից բավական անցել էր․ առավոտյան աստղը ծագում էր արդեն և արևելքի մեջ խավարն սկսում էր լուսից բաժանվել։

Հագարացիների բանակը ընկղմած էր խոր քնո մեջ։ Կրակները վաղուց հանգել, և շարժումն ու շշուկը դադարել էին։ Չէր լսվում նույնիսկ պահապանների քայլատրոփը։ Ըստ երևույթին ոչ մի երկյուղ չունեին նրանք հայերից։ Եվ ո՞վ պիտի համարձակեր հազար մարդուց բաղկացած այդ բանակի հանգիստը վրդովել։ Նույնիսկ Բեշիրի վրանի առաջ պահապաններն անուշ խռմփում էին, երազելով անշուշտ Գեղա ամրոցի առումը, բնակիչների կոտորածը և գեղեցիկ հայուհիների գերումը․․․

Հանկարծ հովտի մեջ որոտաց Մարզպետունու ձայնը․

Հառա՛ջ, քաջերս, աստված մեզ օգնական․․․

Կեցցե՛ թագավորը, գոռացին ուխտի զինվորները և հարձակվեցան։

Բլուրների վրա և լեռնալանջերում ամբոխն սկսավ գոռալ։ Արձագանքը որոտաց հովտի մեջ և բանակի վրանները սկսան վառվել։ Հագարացիք սարսափահար եղած դուրս թռան վրաններից, աղմուկն ու շփոթը տիրեց ամեն տեղ և ուխտի զինվորները իրանց կոտորածն սկսան։ Հետզհետե վառվող վրանների լույսն ընկավ բլուրների վրա և երևան հանեց ամբոխի խմբերը, որոնք իրանց գոռյուն-գոչյունով և զանազան շարժումներով նմանում էին այդ բարձրություններից իջնող ստվար բանակների։ Հագարացիք կարծելով թե շրջապատված են արդեն բազմաթիվ զորքերով, սկսան իրար կոտորելով փախուստ տալ դեպի Վեդիի հովտաբերանը, ամեն ոք աշխատում էր յուր անձը փրկել, ձի ունեցողը ձիով էր փախչում, հետևակը հետիոտն էր վազում, ամենքը թեպետ սրերը մերկացրած, բայց գրեթե ոչ ոք հարված չէր կշռում, այլ վահանը գլխին բռնած՝ հարվածներից ազատվիլ էր աշխատում։

Չնայելով, որ Բեշիրը կատաղած դուրս թռավ վրանից, հեծավ իսկույն յուր ձին ու սկսավ գոռալ և կարգի հրավիրել զորքը, բայց լսող չկար։ Կրակի և մթության խառնուրդում չէր որոշվում որոնք են հայերը և որոնք հագարացիք։ Բեշիրին այնպես թվաց, թե մի հսկայական զորություն սեղմել է յուր գրկում հագարացոց բանակը, բայց և այնպես մի քանի թիկնապահների օգնությամբ նա սկսավ վանել յուր վրանի վրա հարձակվող քաջերին, որոնց թվումն էր Գոռը։

Արի պատանին, կամենալով հաղթության պսակներից թանկագինը գրավել, խիզախել էր մինչև զորապետի վրանը։ Հսկա հագարացին ահագին սուրը բարձրացրած պատրաստվում էր յուր հարվածը կշռել պատանու գլխին, երբ Մարզպետունի իշխանը, որ աչքից չէր թողնում քաջ որդուն, ետևից որոտաց․

Թշվառական, ո՞ւմն ես հարվածում։

Այս ասելով նա պողպատիկ սուրը իջեցրեց Բեշիրի զրահապատ թիկունքին այնպես սաստկագին, որ նա սասանելով գլորվեցավ ձիուց։ Իշխանն առաջ վարեց նժույգը նրան կոխկրտելու համար, բայց Բեշիրի թիկնապահները յուր դեմն արձանացան, և նա ստիպված էր յուր սրի հարվածները նրանց գլխին իջեցնել։ Բեշիրը, չնայելով յուր հաղթանդամ հասակին, ճարպկությամբ դուրս սողաց խռնված մարտիկների միջից և մահը իրան հետամուտ տեսնելով, արագությամբ աշտանակեց թիկնապահներից մեկի ձին և սրարշավ դուրս փախավ հովտից։

Այնուհետև փախուստն ընդհանրացավ․ էլ ոչ մի տեղ դիմադրող չկար, ամենքն իրանց կյանքը փրկելու վրա էին մտածում։

Այս տեսնելով բլուրների վրա եղող խուժանը՝ որոտընդոստ աղաղակով ընկավ փախչողների ետևից։ Ուխտի զինվորներից ազատվողները զոհ էին դառնում նրանց բրերին և տապարներին։

Հաղթությունը կատարյալ էր։

Առավոտյան դեմ հալածողները ետ դարձան և զարմանալով տեսան, որ ամբողջ հովիտը ծածկված է թշնամու դիակներով։ Նրանք չէին կարողանում հավատալ, թե այդ ահագին կոտորածն իրանք են արել։

Իշխանի առաջին գործը եղավ այն, որ շուրջը ժողովե ուխտի զինվորներին և տեսնե, թե այս անհավասար կռվի մեջ ի՞նչ կորուստ է ունեցել ինքը։

Նա համարեց բոլորին և ցավելով տեսավ, որ երեք հոգի պակասում էին յուրայիններից, նրանք ընկել էին կռվի մեջ։

Այսուամենայնիվ, հաղթությունն այնքան մեծ ու փառավոր էր, որ այդ երեք հերոսների կորուստը ծանր վիշտ չպատճառեց նրանց։ Ինքը իշխանը սեպուհի և Գոռի հետ միասին որոնելով գտավ սպանված հերոսների մարմինները և իսկույն էլ հրամայեց վրաններից մեկի մեջ պատսպարել։ Ապա կարգադրեցին, որ ամբոխը ժողովե ավարը մի կողմ, իսկ դիակները ծածկե հողով։

Իսկույն սկսան վրանները փակել, դիակները կապտել և ամեն ինչ ժողովելով բերել իշխանների մոտ։

Խուժանի այդ տենդային աշխատությունը դիտելով՝ Գևորգ իշխանը դարձավ սեպուհին․

Հիշո՞ւմ ես, Վահրամ, այն խոսքը որ ասացիր ինձ Գառնո դղյակում։

Ի՞նչ խոսք, հարցրեց սեպուհը։

Այն, որ ասում էիր, թե «մի ծաղկով գարուն չի գալ»։

Հիշում եմ։

Է՜, ինչպե՞ս եղավ, մի ծաղկով գարուն բացվեցա՞վ թե ոչ։

Օրհնյա՛լ է աստված, բացվեցավ, պատասխանեց սեպուհը, և ժպիտը խաղաց նրա խոշոր դեմքի վրա։

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу

Другие части "Գևորգ Մարզպետունի"

Ятук Музыка
Святое Утверждение, Святое Отрицание, Святое Примирение
Георгий Гурджиев

Святое Утверждение, Святое Отрицание, Святое Примирение

Битва при Авараире, 1948 год.
Битва при Авараире, 1948 год.
Играть онлайн