Мурацан
Գևորգ Մարզպետունի
Հին թշնամին և նոր թագավորը
Արքայի մահվան լուրը արագությամբ տարածվեց ամեն տեղ։ Հայոց իշխաններն ու նախարարազունները, յուրաքանչյուրը յուր պահանորդ գնդով, փութացին Երազգավորս՝ ներկա լինելու թագավորի հուղարկավորության։
Այստեղ էին Բագարանի տեր Աշոտ բռնավորը, Վասպուրականի արքայորդին՝ Աշոտ-Դերենիկը, Տուրուբերանի իշխանը, Աղձնյաց տերը, Մոկաց նահապետը, Սյունյաց իշխանները, Աղվանից սեպուհը, Գարդմանա տեր Դավիթը և ուրիշ շատ մանր իշխաններ ու կողմնապետներ։ Ներկա չէր միայն Վահրամ սեպուհը, որովհետև նա հսկում էր հյուսիսային նահանգներին։
Վասպուրականի արքայորդու հետ միասին եկել էր նաև Թեոդորոս կաթողիկոսը (այդ ժամանակ Ստեփաննոսը վախճանած լինելով՝ նրա տեղ Աղթամարում նստում էր վերջինս)։
Թագավորի մարմինը, որ պետք է ամփոփեին Բագրատունյաց պայազատների քնարանում, այն է՝ Բագարանում, դուրս բերին Երազգավորսից հանդիսավոր շքեղությամբ։ Արքայական դագաղը, որ շինված էր անփուտ փայտից, զարդարել էին ոսկով ու արծաթով։ Նա դրված էր ոսկեզօծ պատգարակի վրա, որ կրում էին վեց սպիտակ ջորիներ։ Դիակիրը ծածկված էր ոսկեճամուկ դիպակներով և ոսկեթել վառերով, որոնք արևի առաջ փայլում էին ինչպես մի ոսկեղեն զանգված։ Դագաղի առաջից գնում էր կաթողիկոսը՝ շրջապատված գահերեց եպիսկոպոսներով, վարդապետներով և երգեցիկ քահանաների ու դպրաց խմբերով։ Դագաղին հետևում էին՝ արքաեղբայր Աբասը, նստած սևասքող նժույգի վրա և շրջապատված դրանիկներով, ապա Սահականույշ թագուհին և Գուրգենդուխտ տիկինը, նստած սգազարդ պատգարակի մեջ և շրջապատված պալատական տիկնանց ու իշխանուհիների խմբով։ Սրանց հետևում էին Աշոտ բռնավորը, Աշոտ-Դերենիկը և մյուս իշխանները՝ ավագության կարգով։ Ապա լացող գուսանների խումբը և շեփորավոր երաժիշտները։
Դրանցից հետո բերում էին արքայական ոսկեսար նժույգները՝ ծածկված սգավոր շղարշներով։ Ամենից վերջը գալիս էին արքայական զորախմբերը, որոնք էին՝ Արարատյան, Դրանիկ և Սեպուհ կոչված գնդերը, Բասենյան վաշտը, Ոստանիկների խումբը, Ազատաց գումարտակը, Վանանդացոց հեծելազորը և ուրիշ ազատախումբ վաշտեր, որոնց բոլորին գլուխ էին անցած Մարզպետունի Գևորգ իշխանը և յուր որդին՝ Գոռը։ Աբասն այն պաշտոնը հանձնել էր նրանց իբրև պետության միակ հավատարիմներին, ըստ որում արքայի մահվան ժամանակ ավելի կարիք կար զորքը զգուշաբար կառավարելու։
Զորքին հետևում էր ժողովրդյան ահագին բազմություն, որ և գնալով ստվարանում էր, որովհետև ճանապարհի վրա գտնվող ավաններից ու գյուղերից հետզհետե ելնում և միանում էին նրանց ուրիշ շատ խմբեր։ Այսպիսով հուղարկավորության թափորը հասավ Բագարան՝ մի քանի հազար հոգուց կազմված բազմության ուղեկցությամբ։
Արքայի մարմինն ամփոփեցին Տապանատան ս․ Կաթողիկե կոչված եկեղեցում, ուր նրանից առաջ ամփոփված էին յուր նահատակ հայր Սմբատը և նահատակ եղբայր Մուշեղը։
Թագավորի գերեզմանի վրա մեծ կոծ արավ թագուհին՝ յուր հետևորդ տիկնանց և գուսանական խմբի մասնակցությամբ։ Սրտագին լացին նրա վրա նաև Աբաս եղբայրը և մյուս արքայազունք։
Բայց ամենից ավելի դառնապես արտասվեց Գևորգ Մարզպետունին, որ մանկությունից ի վեր նրա մտերիմն էր եղած, ապրել ու գործել էր միասին, մանկության օրերում՝ իբրև խաղընկեր, պատանեկության միջոցին՝ իբրև մարզակից, երիտասարդ ժամանակ՝ իբրև համհարզ և հոր գահը ժառանգելուց հետ՝ իբրև միակ հավատարիմ զինակից։ Երկար տարիներ նա աջակցել էր նրան, պատերազմել էր նրա հետ միասին, հաղթել և հաղթվել միասին, մասնակցել նրա ուրախության ու տխրության, ծիծաղել և լացել նրա հետ․․․ Նա հիշում էր այդ վայրկենին բոլոր անցյալը․ Աշոտ Երկաթի բազմահոգ ու ալեծուփ թագավորությունը․․․ Հիշում էր այն օրերը, երբ ինքը հիանում, հափշտակվում էր նրա դյուցազնական քաջագործություններով, հիշում էր նրա ձայնի որոտը՝ պատերազմի դաշտում, նրա խիզախ հարձակումները թշնամիների վրա, նրա սրի հարվածները՝ հակառակորդի դեմ․․․ Հիշում էր, թե ինչպե՞ս ժպտում էր նրա բախտը, թե ինչպե՞ս ինքը հրճվում էր յուր սրտում, գուշակելով, թե աստված նրան է վիճակել հայրենիքի փրկիչ լինելու, օտարի նախատինքը բառնալու և հայրենական գահի նախկին փառքը վերադարձնելու գերագույն կոչումը․․․ Բայց ավա՛ղ, խառնվածքի մի թուլություն նրա դյուցազնական մեծությունը թունավորեց․․․ սիրո փանաքի որդը հսկայական հրաշակերտը տապալեց․․․ Այժմ նա անշնչացած պառկած է սառ հողի տակ․ նրա սիրտն այլևս չի զգում ոչինչ, սերն ու արտասուքը չեն շարժում նրան․․․ Եվ սակայն նա յուր հետ գերեզման տարավ մեծամեծ հույսեր, ակնկալություններ․․․ Լայնատարած մի աշխարհ, բազմամարդ մի ընտանիք, որի անդամները միլիոններ են կազմում, զրկվեցան նրա շնորհիվ բազմազան բարիքներից, նրանք այժմ գտնվում են անապահով դրության, ծանր ճգնաժամի մեջ․ նրան սպառնում են թե՛ թշնամիները և թե՛ փառամոլ հարազատները, բայց այս ամենն ուրիշ կերպ կլիներ, եթե միակ մարդը, որի ձեռքն էր հանձնված հայրենիքի բախտը, չնմաներ մյուս մահկանացուներին, չխոնարհեր թունավոր զգացմունքների առաջ և կամ զոհեր նրանց առավել մեծագույն, առավել սրբազան մի զգացման հայրենասիրության։
Այս մտածություններն էին պաշարել իշխանին այն տխուր ժամին, երբ արքայի մարմինն իջեցրին գերեզման և ծածկեցին հողով, և այս մտածություններն էին, որոնք և դառնապես արտասվել տվին նրան։
Բայց հենց այդ միջոցին մի ուրիշ սիրտ ուրիշ զգացմունքներով էր տոգորված, արքայի վախճանը նրան ուրիշ մտքեր էր թելադրում, այն հողը, որ ծածկեց մեռնող թագավորին, նա կարծում էր, թե նոր կյանք ու նոր փառք պիտի ծնե յուր համար․․․ և դա Աշոտ բռնավորն էր, որի սրտում դեռ չէր մարել միահեծան տեր լինելու տենչը բոլոր Հայաստանին թագավորելու փափագը․․․ Տեսնելով ա՛յն աշխարհախումբ բազմությունը, որ լցվել էր Բագարանի ներսն ու դուրսը, նա հարմար միջոց համարեց նախ՝ զորքին ու ժողովրդին յուր կարողությունն ու առատաձեռնությունը ցույց տալու և դրանով նրանց սիրտը գրավելու, և երկրորդ՝ սգո օրերն անցնելուց ետ՝ յուր գահակալական հարցը հրապարակ հանելու, որովհետև հանգամանքները շատ նպաստավոր էին, այսինքն՝ զորքը հեռու էր աթոռանիստ քաղաքից, իսկ թագաժառանգն ու իշխանները գտնվում էին Բագարանում։ Այդպիսով, առանց դժվարության, նա կարող էր թե՛ արքունիքն ու նրա գանձերը գրավել և թե՛ Աբասին և նրա իշխաններին ձերբակալել։
Այս նպատակով ահա՛ նա մի քանի օր շարունակ առատապես հյուրասիրեց ոչ միայն արքայազն ու իշխանազն հյուրերին, այլև արքայական զորքերին և բոլոր այն աշխարհախումբ բազմությանը, որ հեռավոր թե՛ մոտակա տեղերից ժողովվել, լցվել էր Բագարան։ Բացի այդ նա մեծաքանակ ողորմություն բաշխեց կարոտյալներին, իբր թե հանգուցյալ թագավորի հոգվո փրկության համար։ Այս ամենը, արդարև, փոխեցին ժողովրդի ու զորքի կարծիքը «բռնավորի» նկատմամբ, իսկ իշխաններից մի քանիսը, մինչև անգամ, հիացան նրա մեծանձնության վրա։
Տեսնելով այդ հաջողությունը, «բռնավորը» սիրտ արավ «գլխավոր նպատակին» վերաբերյալ մյուս պատրաստությունները տեսնելու։ Ամենից առաջ նա մարդ ուղարկեց Նսըրի մոտ և հայտնելով նրան յուր դիտավորությունը, խնդրեց օգնել իրան՝ եթե հարկը պահանջե։ Նսըրը, որովհետև հենց այդպիսի առիթ էր որոնում յուր հին վրեժը լուծելու համար, սիրով ընդունեց «բռնավորի» խնդիրը։
Այնուհետև վերջինս հրաման արավ Երասխաձորում գտնվող յուր զորքին տակավ առ տակավ առաջանալ դեպի Երազգավորս, առանց սակայն կասկածի առիթ տալու հետաքրքիր հետամուտներին։
Ապա նա մտածեց Աբասին ու նրա հավատարիմներին ձերբակալելու։ Բայց որպեսզի այդ անելուց հետ պետական զորքը հնազանդի իրան, նա մեծ գումար տվավ յուր մտերիմների ձեռքը, որպեսզի նրանք զորքի գլխավորներին կաշառեն։
Այս ամենը կարգադրելուց ետ՝ նա սկսավ խոսիլ չեզոք իշխանների հետ և նրանց կարծիքն իմանալ ապագա թագավորի վերաբերմամբ։ «Բռնավորը» հույս ուներ գտնել նրանց մեջ դժգոհներ, որոնք սիրով կմիանային յուր հետ, և գործը դրանով կհեշտանար։ Բայց նա հիասթափվեցավ, երբ իշխանները միաբերան մատնացույց արին Աբասի վրա։
Միակ օրինական թագավորը նա է, և ժողովուրդը նրան է սպասում, ասացին նրանք և փափագ հայտնեցին օր առաջ տեսնել իշխանաց իշխանին յուր եղբոր գահի վրա։
Կաթողիկոսը մինչև անգամ խորհուրդ տվավ նրանց՝ շտապել, թագավոր պսակել Աբասին, քանի դեռ թշնամիներից վտանգ չէր հասել գահին։
Այս ամենն, իհարկե, անհաճո տպավորություն արին «բռնավորի» վրա․ բայց յուր դժգոհությունը ծածկեց, մինչև որ իշխանների մեծ մասը հեռացավ Բագարանից։
Սգո առաջին օրերն անցնելուց ետ՝ այդտեղ մնացել էին միայն թագուհին յուր պալատական տիկնանցով, Աբասը՝ յուր դրանիկներով, Գարդմանա տեր Դավիթը և Մարզպետունի իշխանը՝ Գոռ որդու հետ միասին։
Վերջինս, սակայն, գտնվում էր քաղաքից դուրս, որովհետև հսկում էր զորքերի վրա, որոնք բանակած էին Ախուրյանի մոտ։
Բայց Գևորգ իշխանի համար ծանր էին անցնում օրերը, որովհետև կատարելու շատ գործեր ուներ, ուստի անհամբերությամբ սպասում էր այն օրին, երբ Աբասը սգահան լինելով՝ կվերադառնար Երազգավորս և եղբոր գահը ժառանգելու մասին հարկ եղածը կկարգադրեր։ Մարզպետունին մտածում էր կաթողիկոսի նման, այսինքն, թե քանի թշնամիները խռովություններ չեն հարուցել, պետք էր շտապել թագավոր պսակել Աբասին, որովհետև գահի թափուր ժամանակ ամեն մի դավաճան հրապարակ է հանում յուր հին հաշիվները և հեշտությամբ կուսակիցներ որսալով՝ խռովում է երկրի խաղաղությունը։ Այս մասին, իհարկե, նա խոսել էր արդեն հավատարիմ իշխանների հետ և կարևոր դեպքում ձեռնտվություն պիտի ստանար նրանցից։ Բայց որքա՞ն մեծ եղավ նրա զարմանքն ու երկյուղը, երբ Սյունյաց Սմբատ իշխանը լուր ուղարկեց իրան, թե Բագարանից ելնելուց հետ՝ նա հանդիպել էր Աշոտ բռնավորի մի քանի վաշտերին, որոնք Երասխաձորից առաջանում էին դեպի Երազգավորս։ Իշխանն ավելացնում էր, թե ինքը վտանգավոր մի նպատակ է նշմարում զորքերի այս շարժման մեջ և հետևապես խորհուրդ է տալիս Մարզպետունուն՝ զգուշության միջոցներ ձեռք առնել գալիք վտանգների առաջն առնելու համար։
Իշխանն այդ լուրն առավ բանակում, նա տակավին վարանման մեջ էր, երբ յուր հավատարիմ Եզնիկը մոտենալով հայտնեց մի ուրիշ նորություն։
Երկու օր է,-ասաց նա, ինչ մի քանի բագարանցիք ձրի պաշար են բաժանում մեր զորքին, ասելով, թե Բագարանի շրջանում գտնվող ամեն հայ զինվոր կարող է ձրիաբար օգտվել սպարապետի համբարանոցից։ Բացի դրանից՝ նրանք շարունակ սպարապետի գովեստն են անում, ասելով, թե նա առատ թոշակ է տալիս զորքին և թե նրա տասնապետները ավելի հարուստ են մեր հարյուրապետներից։
Այս ամենը լսելով իշխանն այլայլվեցավ։ Նա կանչեց իսկույն Գոռին և հայտնելով նրան այս նորությունները, ասաց․
Բոլոր նշաններից երևում է, որ «բռնավորը» պատրաստվում է յուր հին խաղը խաղալու։ Ես չէի կարծում, թե նա այնքան ստոր կլինի, որ կօգտվի նույնիսկ սգո օրերից։ Այժմ ես գնում եմ քաղաք և պիտի ստիպեմ թագուհուն և արքաեղբորը թողնել իսկույն Բագարանը, որքան էլ որ դա ընդդեմ լինի ընդունված սովորության։ Թո՛ղ նրանք իրանց սուգը պահեն արքունիքում։ Իսկ դու զգույշ կաց և ուշադրությամբ հսկիր թե՛ մեր զորքերին և թե՛ քաղաքի ելումուտքին։ Ինձ թվում է, թե անախորժ դեպքերի պիտի հանդիպենք։
Այս ասելով իշխանը յուր նժույգը հեծավ և սրարշավ դեպի «բռնավորի» ապարանքը դիմեց։
Եզնիկը հետևեց նրան։
Մարզպետունին հասավ ապարանքին հենց այն ժամանակ, երբ «բռնավորն» ու Աբասը պատրաստվում էին բարձրանալ դեպի միջնաբերդը, իբր թե Աշոտի նորակառույց դղյակը դիտելու։ Ապարանքի առաջ կանգնած էր մի պահակախումբ, որ սպասում էր յուր իշխանապետի հրամանին։
Ո՞ւր եք դիմում, տե՛ր, հարցրեց իշխանը արքաեղբորը, նայելով նրա վրա խորհրդավոր հայացքով։
Հորեղբայրս կամենում է իմ թախիծը փարատել, նա առաջարկեց ինձ բարձրանալ միջնաբերդ՝ յուր նորակառույց դղյակը դիտելու, պատասխանեց Աբասը միամտաբար։
Դու էլ, եթե կամենում ես, ընկերացիր մեզ, հարեց «բռնավորը» քաղցրությամբ․ շատ պիտի ուրախանամ, եթե Մարզպետունի իշխանը հավանե իմ ճարտարապետական ճաշակին։
Դու մոռացել ես, տեր, բայց ես տեսել եմ քո ձեռակերտը՝ դեռ այն ժամանակ, երբ Հովհաննես կաթողիկոսը ապաստանած էր նրան, պատասխանեց իշխանը սառնությամբ․․․
Հոգ չէ, ընկերացի՛ր մեզ․ եղանակը ջերմ է և հաճելի, պնդեց Աշոտը։
Մեծափառ տեր, քո դղյակը գեղեցիկ է և ամուր, իշխանաց-իշխանն անշուշտ կհավանե նրան, բայց ցանկալի էր, որ մենք դժգոհություն չպատճառենք թագուհուն, առարկեց իշխանը։
Ի՞նչ կնշանակե այդ, հարցրեց Աբասը զարմացած։
Մենք տակավին սգո մեջ ենք և մեր թախիծն անցնելու վրա չպիտի մտածենք․ պատասխանեց Մարզպետունին։
Կենդանիները մեռելների հետ չեն թաղվում, Գևորգ իշխան, նկատեց «բռնավորը» կեղծավորաբար ժպտալով։
Այդ ճիշտ է․ բայց մեռյալներին այդքան էլ շուտ չեն մոռանում։
Տե՛ր Մարզպետունի, քեզ չի հասնիլ հրահանգել քո իշխանապետին, նա քո թագավորն է այժմ, խստությամբ նկատեց «բռնավորը»։
Այո՛, իմ թագավորն է․ կեցցե՛ Աբաս հայոց թագավորը, բացականչեց իշխանը՝ սաղավարտը հանելով և խոժոռ աչքերով սպարապետի վրա նայելով։
Ի՞նչ կնշանակե այս ամենը, տարակուսած հարցրեց Աբասը՝ զգալով, որ երկու հակաճառողներին հայտնի է արդեն մի գաղտնիք, որը սակայն անգիտանում է ինքը։
Տեր, դո՞ւ ցանկություն հայտնեցիր դղյակը բարձրանալու, հարցրեց իշխանը Աբասին, առանց նրա հարցին պատասխանելու։
Ո՛չ, հորեղբայրս առաջարկեց, և ես շնորհակալ եմ նրա հոգածության համար։
Ես առաջարկեցի, այո՛, իսկ դու, Մարզպետունի իշխան, ինչո՞ւ ավելորդ բացականչություններ ես անում իմ արքայական մեծության առաջ․ գոչեց «բռնավորը»՝ աչքերը զայրացած իշխանի վրա սևեռելով։
Վերջինս չպատասխանեց նրան, այլ դառնալով Աբասին՝ մեղմությամբ ասաց․
Տեր իմ, քո ծառան աղաչում է, որ դղյակը բարձրանալու փոխարեն բարեհաճիս իջնել բանակը, եթե կարիք ես զգում թախիծդ փարատելու․ Ախուրյանի ափերը ավելի զվարճալի են այժմ, և արևն այնտեղ ավելի է ջերմացնում։
Աբասը դեռ չէր պատասխանել, երբ «բռնավորը» գոչեց։
Ինչո՞ւ իմ հարցին չես պատասխանում, Մարզպետունի իշխան։
Քո հարցին պատասխանելուց առաջ՝ ինքս պիտի նոր հարց տամ քեզ․ ասացե՛ք, ինչո՞ւ Երասխաձորի քո զորագունդը հառաջանում է դեպի Երազգավորս․․․
Իմ զորագո՞ւնդը․․․ այլայլած ու շփոթված հարցրեց Աշոտը։
Երասխաձորից դեպի Երազգավո՞րս․․․ Այդ ի՞նչ է նշանակում, վրդովված հարցրեց Աբասը։
Այո՛, մինչդեռ մենք ապահով նստած ենք այստեղ, մեր հյուրընկալը մտածում է մեզ հանկարծակիի բերելու․․․ հարեց իշխանը։
Դու ստում ես․․․ բացականչեց «բռնավորը»։
Ստում է քո «արքայական մեծությունը», զայրացած պատասխանեց Մարզպետունին, առանց այլևս համբերել կարողանալու։
Դու հանդգնում ես մինչև այդտե՞ղ, գոռաց «բռնավորը» և ապա զորականին դառնալով՝ հրամայեց․ կալանավորեցե՛ք իսկույն այս թշվառականին։
Զինվորներից մի քանիսը առաջ անցան։
Մի՞թե ստեղծվել է այն մարդը, որ պիտի համարձակվի Մարզպետունուն կալանավորել նրա մեռնելուց առաջ․․․ որոտաց իշխանը և սուրը հանելով՝ հրավեր կարդաց զորականին։ -Օ՛ն, ուրեմն, փորձեցեք ձեր ուժը, բագարանցի քաջեր․․․
Եզնիկն այս տեսնելով՝ թռավ ձիու վրա և դեպի բանակը սլացավ։ Բայց հառաջացող զինվորները տեղերնին մեխվեցան։
Այս ի՞նչ է նշանակում, մեծափառ տեր․ մի՞թե Բագրատունյաց պայազատը կարող է այս աստիճան նվաստանալ․․․ վրդովված խոսեց Աբասը։
Ի՞նչ, նվաստանա՞լ ասացիր․․․ և այն իմ պահակների՞ առաջ․․․ բացականչեց «բռնավորը»։
Դու ոտնակոխ ես անում հյուրասիրության սրբազան օրենքը, դու անարգում ես հանգուցյալ թագավորի հիշատակը, ուրիշ ի՞նչ անուն կարող եմ տալ այդ վարմունքին։
Դու ուրեմն կրկնո՞ւմ ես հայհոյանքդ։
Ավելին կարող եմ ասել, դու մի դավաճան ես․․․ զայրացած պատասխանեց Աբասը և ապա դառնալով Մարզպետունուն՝ հրամայեց․ իշխա՛ն, խնդրի՛ր իմ կողմից թագուհուն պատրաստվել իսկույն, մենք այսօրևեթ պիտի հեռանանք այստեղից։
Ոչ ոք չպիտի հեռանա, կտրուկ ձայնով գոչեց «բռնավորը»։
Հեռանալը մեր կամքից է կախված, նկատեց Աբասը։
Իսկ թողնելը իմ կամքից, պատասխանեց Աշոտը։
Թողնե՞լը․․․ Ի՞նչ, դու ուրեմն կալանավորում ես մեզ, բացականչեց Աբասը զայրույթից դողալով։
Ոչ, ես կամենում եմ ավելի երկար հյուրասիրել ձեզ, պատասխանեց «բռնավորը» հեգնորեն ժպտալով։
Ա՞յդ նպատակով էիր ուրեմն ինձ քո դղյակն առաջնորդում, այնտե՞ղ էիր կամենում ինձ բանտարկել, հարցրեց Աբասը զայրագին։
Այո՛․․․ եթե հաճելի է քեզ հավատալ քո կասկածին։
Այդ ոչ թե կասկած, այլ ճշմարտություն է․ Մարզպետունի իշխանն ավելի շուտ գուշակեց քո դիտավորությունը։
Եթե այդպես է, թո՛ղ ուրեմն մարմնանա այդ ճշմարտությունը․․․ Ո՛չ ոք այլևս իրավունք չունի ելնել այս ապարանքից․․․ Պահակապետ, կատարի՛ր քո պարտքը․․․ Այս ասելով նա նշան արավ պահակախմբի գլխավորին և ինքը շուռ եկավ ներս մտնելու համար։
«Սավո՛ւղ, Սավո՛ւղ, խիստ է քեզ ընդդեմ խթանի աքացել․․․», գոչեց Աբասը և սուրը մերկացնելով «բռնավորի» առաջն առավ․ ո՞ւր ես գնում, կանգնի՛ր, երկրորդի՛ր հրամանդ․․․-որոտաց նա ահավոր ձայնով․ Բագրատունյաց գահի պայազատին իրավունք չունիս անարգելու, կանգնի՛ր և ասա՛ ինձ՝ ո՞վ ես դու։
Ես հայոց թագավորն եմ, իսկ դու իմ հպատակը, պատասխանեց «բռնավորը» և նորեն դառնալով պահակներին՝ գոչեց․ ի՞նչ եք կանգնել, թշվառականներ։
Եվ իրավ, ի՞նչ եք կանգնել, բացականչեց Մարզպետունին և սուրը քաշելով դիմեց առաջացող պահակների վրա։
Վերջինները շրջապատեցին իշխանին և կամենում էին սուրը խլել նրանից։ Այս տեսնելով՝ Աբասը հարձակվեց նրանց վրա։
Օ՛ն ուրեմն, կատարենք մեր պարտքը, գոչեց նա և սկսավ սրի հարվածներով դիմադիր վահանները ջախջախել։
Ընդհարման աղմուկն ամբողջ ապրանքը բռնեց, այս ու այն կողմից դուրս վազեցին արքաեղբոր թիկնապահները և, տեսնելով նրան վտանգի մեջ, հարձակվեցին դավադիրների վրա։ Սկսվեցավ կանոնավոր կռիվ։
Բարեբախտաբար ընդհարումը հեռու էր կանանոցից և «բռնավորը» փակել էր տվել այդ կողմի անցքերը, այնպես որ թագուհուն ու իշխանուհիներին չէր սարսափեցնիլ այդ կողմի շշուկը։ Բայց դավադիրների խումբը հետզհետե ստվարանում էր, նրանց հարձակումը ծանր կերպարանք էր առնում․ փոքր մի ևս և պիտի ընկճեին նրանք արքաեղբորն ու Մարզպետունուն։ Բայց, ահա՛, հենց այն վայրկենին, որ մի քանի զորեղ ձեռքեր պրկեցին Գևորգ իշխանի բազուկը և կամենում էին սուրը հանել նրա ձեռքից, գալարափողերը որոտացին ապարանքի առաջ և Գոռը սուսերամերկ ընկավ դավադիրների վրա։
Դժոխքի որդիք, ի՞նչ եք անում, գոչեց նա զայրագին և սկսավ հարվածել հոր հակառակորդներին։
Երիտասարդ իշխանին հետևեցին յուր թիկնապահները, հետո՝ Դրանիկների խումբը, վերջը՝ Վանանդացիք։ Չանցավ մի քանի վայրկյան և ապարանքի ընդարձակ բակը լցվեցավ զորքերով, որոնք սրեր շողացնելով և նիզակներ ճոճելով սպառնում էին քանդել, կործանել՝ ինչ որ մի անգամ կդիմադրեր իրանց։
Փոքր ժամանակից հետ հասան ուրիշ զորախմբեր, որոնք «բռնավորի» ապարանքը ամեն կողմից պատեցին։
Դավադիր պահակները մի ակնարկում փախել, չքացել էին։ Ընդհարման տեղում մնացել էին միայն մի քանի դիակներ, որոնց արքայական զորքը տրորեց յուր ոտքերի տակ։
Ինչ վերաբերում է «բռնավորին», նա անհայտացել էր հենց գալարափողի ձայնը առնելուն պես։
Արքաեղբայրն ու Մարզպետունին, ազատվելով վերահաս վտանգից, փութացին իսկույն կանանոցը՝ թագուհուն ու պալատական տիկնանց հանգստացնելու, որովհետև դավադրության երևան գալը գուժել էր նրանց փողերի ձայնը։
Հեռանանք այստեղից, հեռանանք շուտով, ասաց թագուհին․ ես չեմ կամենում ապագա չարիքների պատճառով անիծել այն քաղաքը, որին ավանդ եմ տված իմ սիրելին․․․
Կհեռանանք հենց այսօր, պատասխանեց Աբասը․ միայն թե ժամանակ տուր ինձ ձերբակալել դավաճանին, որովհետև օձը միշտ պիտի խայթե, քանի մականը չէ ջախջախել նրա գլուխը․․․
Թո՛ղ դրան, սիրելի Աբաս, աստված ինքը կպատժե չարին, եթե արժանի է նա պատժի․․․ Աշոտը դավաճանեց յուր հյուրերին, բայց հյուրերը թո՛ղ ապերախտ չլինեն դեպի հյուրընկալը։
Ասացե՛ք՝ դեպի դավաճանը, բացականչեց Մարզպետունին։
Անվանեցեք, ինչպես կամենում եք, բայց թողե՛ք նրան և հեռացե՛ք, կրկնեց թագուհին։
Նույնը թախանձեցին և Գուրգենդուխտ տիկինը, Գոհար ու Շահանդուխտ իշխանուհիները և մյուս պալատական տիկնայք։
Դրանիկները, ընդհակառակն, պահանջում էին կալանավորել «բռնավորին»։
Բայց Աբասն ապագա խռովություններից խույս տալու համար զիջավ թագուհու առաջարկության։
Նույն ավուր երեկոյան արքաեղբայրը՝ յուր դրանիկներով, թագուհին՝ յուր տիկնանցով և Մարզպետունի իշխանը՝ պետական զորքերով ելան դավադիրների քաղաքից և ուղղվեցան դեպի Երազգավորս։
Գարդմանա տեր Դավիթ սեպուհն ուղեկցեց յուր թագուհի քրոջը մինչև արքունիքը։
Աշոտ բռնավորի այն զորախմբերը, որոնք նրա հրամանով դիմել էին Երազգավորս՝ քաղաքն ու արքունիքը գրավելու, լուր առնելով «բռնավորից», թե յուր մտադրությունը չէ հաջողած և թե Աբասն ու Մարզպետունին իրանց զորքերով վերադառնում են Երազգավորս, ձգեցին իսկույն քաղաքը և խույս տվին դեպի Շիրակաշատ, որպեսզի շրջան անելով՝ վերադառնան Բագարան․ առանց արքայական զորաց հետ ընդհարումն ունենալու։
Բայց որքա՛ն մեծ եղավ Բագարանից դարձողների զարմանքը, երբ նրանք Հռոմոսի վտակի մոտ հանդիպեցին արաբական հեծելազոր մի գնդի, որ նույնպես վերադառնում էր Երազգավորսից։
Հեծելազորը հեռվից նկատելով հայոց բանակը, աշխատեց խույս տալ նրանից, բայց Մարզպետունու հրամանով վրա հասան նրա հառաջապահ գնդերը և շրջան կազմելով՝ փակեցին իրանց մեջ արաբացիներին։
Վերջիններս, տեսնելով իրանց սակավությունը և հակառակորդի առավելությունը, ընդհարվելու փորձ անգամ չարին։
Աբասի հարցին, թե ովքե՞ր են իրանք և ի՞նչ ունին յուր սահմաններում, զորքի պետը պատասխանեց․
Նսըր ամիրայի հրամանով մենք գնացել էինք Երազգավորս՝ Բագարանի թագավորի զորաց օգնության, բայց որովհետև նրանք ձեր գալուստը լսելով փախան, ուստի մենք ևս ահա՛ վերադառնում ենք Դվին։
Աբասը սաստիկ զայրացավ և քիչ էր մնում, որ հրաման արձակեր՝ սուր քաշել ամենքին։ Բայց Մարզպետունին հանգստացրեց նրան ասելով․
Աստված հաջողում է մեզ, տե՛ր, ոստիկանի հետ գրած դաշինքը մենք չէինք կարող ոտնակոխ անել՝ առանց ամիրապետի ցասումը գրգռելու։ Բայց ահա՛ Նսըրն ինքն է առաջինը դրժում յուր երդման։ Այժմ ուրեմն մենք ազատ ենք Դվնո վրա հարձակվելու, և ամիրապետն ինքը կարդարացնե այս վրեժխնդրությունը։
Աբասը բանավոր գտավ իշխանի առարկությունը և հրամայեց խլել բոլոր հագարացիներից զենքերն ու ձիերը և իրանց հետիոտն արձակել Դվին։
Գնա՛ և ասա՛ ոստիկանին, թե շուտով մենք կգանք յուր հաշիվը քննելու․․․ ասաց նա արաբացի գլխավորին և հեռացավ։
Հայոց զորքերը զինաթափ արին հագարացիներին, խլեցին արաբական նժույգները և արձակեցին նրանց։
Հասնելով Երազգավորս՝ Մարզպետունու առաջին գործն եղավ՝ սուրհանդակ ուղարկել Վասպուրական և հիշեցնել Գագիկ թագավորին հանգուցյալ արքայի հետ դրած բարեկամության դաշինքը և խնդրել նրան՝ վերցնել կաթողիկոսին և գալ Երազգավորս Աբասին թագավոր պսակելու։
Գագիկը պատճառ բերելով յուր ծերությունը՝ խնդրեց Աբասին իրան իջնել Վասպուրական և Արծրունյաց հին ոստանում թագավոր պսակվել։
«Քանի որ արտաքին ու ներքին թշնամիները այդքան մոտ են ձեզ, ասում էր նա յուր նամակում, նրանք կարող են մեզ խանգարել նույնիսկ թագադրության ժամին։ Ուստի ես բարվոք եմ համարում այդ սրբազան հանդեսը կատարել Վանում, ուր ես կհրավիրեմ բոլոր իշխաններին և ուր հայոց թագավորը կարող է վայելել ապահով հանգիստ, որչափ ժամանակ և ինքը կկամենա»։
Աբասն ու Մարզպետունին շահավոր գտան այս առաջարկությունը և իսկույն էլ իրանց համաձայնությունը հայտնեցին Գագիկին։
Այն ժամանակ վերջինս սուրհանդակներ ղրկեց Հայաստանի նահանգներն ու գավառները և հրավիրեց հայոց բոլոր իշխաններին ու նախարարներին փութալ յուր ոստանը՝ Վան, և թագավոր պսակել Աբասին Բագրատունյաց գահի վրա։
Եվ որովհետև «բռնավորի» դավադրության լուրը հասել էր ամեն տեղ և գրգռել ամենքին, ուստի իշխանները, առանց ժամանակ կորցնելու, շտապեցին Վան՝ հայոց գահի պայազատին իրանց բարեկամության ու հարգանաց հավաստիքը մատուցանելու։
_________
928 թվականի գարունն էր։ Բզնունյաց ծովի ափերը ծածկվել էին կանաչով։ Սիփանն ու Վարագը, Արտոսն ու Գրգուռը՝ թեպետ դեռ ձյունապատ՝ բայց արդեն հալոցի առուներ էին հոսում դեպի հինավուրց ծովակը։ Դաշտային կյանքը եռում էր ամեն տեղ և այգեստանները պճնվել էին փայլուն կանաչությամբ։
Բայց ամենից ավելի ակնապարար պատկեր էր ներկայացնում ծովի արևելյան ափը, ուր բարձր դիրքի վրա, իբրև պերճապաճույճ թագուհի, բազմած էր Շամիրամա գեղեցիկ դաստակերտը։ Նրա հյուսիսային կողմից բարձրանում էր երկայնանիստ մի քարաբլուր, որ արևելքից դեպի արևմուտք ձգվելով և անշեղ ու միապաղաղ դեպի վեր բարձրանալով՝ ներկայացնում էր բնության մի գեղեցիկ հրաշակերտ, որին սակայն մարդկային ձեռքը դարձրել էր հզոր և ահարկու։ Նրա քարեղեն սրտի մեջ ծածկված էին բազմաթիվ գաղտնարաններ՝ փորված անհիշատակ ժամանակներից, որոնք ծառայում էին քաղաքը տիրապետողի բազմազան պետքերին, ոմանք իբրև գանձարան, ոմանք իբրև զնդան և ոմանք իբրև փրկության ապաստարան։ Տիտանական այդ զանգվածի վրա ամբառնում էր Վանա անմատչելի բերդը, որ հյուսիսային ու արևմտյան կողմերից պատած էր մի քանի կարգ պարիսպներով ու մարտկոցներով, իսկ մյուս երկու կողմերից ապահովված միապաղաղ ժայռերի բնական պատնեշներով։ Բերդի հարավային կողմից ընկած էր քաղաքը, որ աջ ու ձախ տարածվելով՝ գրավում էր քարաբլրի ստորոտը բազմաթիվ շինություններով, նրանց մեջ աչքի էին ընկնում հոյակապ ապարանքներ, սյունաշար սարավույթներ և վիմարդյան եկեղեցիներ ու մատուռներ։ Այդ ամենի վրա յուր ընդարձակությամբ ու հոյակապությամբ իշխում էր Գագիկ թագավորի արքունիքը, որ զարդարված էր կամարակապ պատշգամբներով, սյունազարդ սարավույթներով և ոսկեզօծ ու դրվագազարդ դահլիճներով։ Քաղաքի փողոցները հովանավորում էին սաղարթախիտ ծառեր, որոնց ոռոգում էին սրբատաշ քարերի միջով հոսող բազմապտույտ առուներ։ Այդ բոլորի շուրջը պատում էր հզոր կրկնապարիսպը լայնադիր աշտարակներով, իսկ դրանց ամենևին փակում էր ընդարձակ խրամ։
Բայց բնության գեղեցկագույն հարստությունը վիճակված էր քաղաքի արևելյան մասին, որտեղից սկսված տարածվում է ընդարձակ ծառաստան, որ կազմված էր զվարճալի պարտեզներից ու այգիներից և ոռոգվում էր քաղցրահամ աղբյուրներով ու առուներով։
Եվ ահա՛ գարնանային գեղազվարճ օրերին Արծրունյաց այս հոյակապ ոստանն էին ժողովվում հայոց տոհմական իշխանները, նախարարները և սեպուհները՝ իրանց ազնվազարմ ընտանիքներով և պահանորդական խմբերով։ Այստեղ եկավ և կաթողիկոսը Աղթամարի գահերեց միաբանների հետ։ Ամենից վերջը հասավ Աբասը՝ յուր դրանիկներով ու ազատանիներով, Գուրգենդուխտ տիկինը՝ յուր իշխանուհիներով ու նաժիշտներով և Մարզպետունի իշխանը՝ Արարատյան թագավորության զորախմբերով։
Աշոտ-Դերենիկը դիմավորեց Աբասին Արծրունյաց տոհմի պայազատների և Վասպուրականի իշխանների հետ և ողջունելով նրան Տոսպա սահմանի վրա, մեծ պատվով ու փառքով առաջնորդեց դեպի Վան յուր հոր՝ Գագկա արքայանիստը։
Քաղաքի դռների մոտ դիմավորեց գահաժառանգին ինքը՝ Գագիկ թագավորը։ Նրա հետ էին թե՛ արքունի իշխանները և թե՛ հրավիրյալ նախարարներն ու ազատանիները, որոնք եւ փառահեղ հանդեսով ուղեկցեցին նրան մինչև Գագկա հոյակապ արքունիքը։
Թեպետ բոլոր քաղաքը զարդարված էր արդեն գույնզգույն դրոշներով և պատշգամբներն ու սարավույթները պճնված շղարշներով, երփներանգ պաստառներով և սյունական գորգերով, բայց արքունյաց զարդարանքը շլացնում էր ամեն աչք։
Նրա սյունաշարերը պճնված էին դալարով և գույնզգույն ծաղիկներով, կամարներն ու բարավորները՝ սքողված ծիրանիով և ոսկեթել վառերով։ Դահլիճների հատակը ծածկված էր գորգերով, թավշով ու կերպասով, իսկ կարասիների վրա, որոնց մեծ մասը շինված էր փղոսկրից ու սատափից, փայլում էին առատորեն արծաթ և ոսկի։ Միով բանիվ ամեն տեղ երևում էր հարստություն և արքայական պերճություն։
Վասպուրականի թագավորը, որ սիրահար էր շքեղության, դրա հետ միասին ուներ անհուն փառասիրություն։ Եթե մի կողմից նա շքեղազարդել էր արքունիքը ի պատիվ Արարատյան վեհապետի, մյուս կողմից էլ այդ արել էր յուր վեհազնյա հյուրերի, իշխանների և իշխանուհիների առաջ պարծենալու համար։
Եվ շատերի աչքը, արդարև նա շլացրեց, բայց այդ շատերի թվում չէին ո՛չ Մարզպետունին և ո՛չ Սյունյաց հարազատները, որոնք գիտեին, թե ի՞նչ գնով է Գագիկն այդ ամենը ձեռք բերել, ինչ գնով է նա թագավոր ճաշակվել և որքա՜ն չարիք, որքա՞ն թշվառություններ է պատճառել ազգին, մինչև որ արքայի կոչումն է ստացել։
Սակայն հանգամանքներն ստիպել էին այժմ դրանց՝ դիմել հինավուրց մատնչի օգնության և նրա ոստանում թագավոր պսակել Աբասին։
Երբ այդ մասին դիտողություն արավ Սյունյաց իշխանը, Մարզպետունին պատասխանեց։
Ընտրեցինք չարիքներից փոքրագույնը․․․
Մի քանի օրից հետ Թեոդորոս կաթողիկոսը Վանա ս․ Հովհաննես կոչված հոյակապ տաճարի մեջ Գագիկ թագավորի, նրա պալատականների և բոլոր հրավիրյալ իշխանների և իշխանուհիների ներկայությամբ թագավոր պսակեց Աբասին, և թագուհի՝ Գուրգենդուխտ տիկնոջը։
Այդպիսով Հայաստանի նախագահ իշխանապետ կամ արքայից-արքա հռչակվեցավ Աբասը և նրա թագավորությունը սրտագին ողջունեցին ինչպես Գագիկ Արծրունին, նույնպես և հայոց բոլոր իշխանները, երդվելով նրան հավատարմություն և անխախտ բարեկամություն։
Աբաս թագավորը մեծամեծ ընծաներով պատվեց թագադրության ներկա եղող իշխաններին։ Բայց ամենից արժանավոր պարգևը տվավ Գևորգ Մարզպետունուն, կարգելով նրան յուր բոլոր զորքերի վրա հրամանատար սպարապետ, և տալով նրան իրավունք՝ վայելել այդ պատիվը որդվոց որդի։