Мурацан

Գևորգ Մարզպետունի

Հերոսի վախճանը
Ժ
ՀԵՐՈՍԻ ՎԱԽՃԱՆԸ

Աբաս թագավորն այնուհետև յուր ուշադրությունը նորեն յուր երկրի ներքին բարեկարգության վրա դարձրեց, աշխատելով ընդնմին դաշնակից իշխանների հետ ունեցած բարեկամությունն ամրապնդել, իսկ դժգոհ իշխանների մտերմությունը վաստակել։

Այդ բանի համար հաջող առիթ եղավ յուր նորաշեն կաթողիկեի նավակատյաց հանդեսը, որ նա կատարեց 943 թվականի աշնանը։

Այդ հանդեսին, թագավորի հրավիրանոք, ներկա եղան՝ Անանիա կաթողիկոսը, որ նոր էր Աղթամարա աթոռը բարձրացել, Հայաստանի նախագահ եպիսկոպոսները, Վասպուրականի թագավոր Աշոտ-Դերենիկը, Աղնձյաց, Մոկաց և Տուրուբերանի տերերը, Սյունյաց, Գուգարաց, Տայոց և այլ տեղերի իշխանները, այլև Սահակ Սևադայի Դավիթ որդին և ուրիշ շատ նշանավոր մարդիկ ու աշխարհախումբ բազմություն։

Այն բոլորի ներկայությամբ Կարսի արքայաշեն կաթողիկեն օծելուց մի քանի օր շարունակ շքեղ տոներ ու հանդեսներ կատարելուց հետ, Մարզպետունի Գևորգ իշխանի առաջարկությամբ կազմվեցավ հայկական իշխանապետությանց մի ընդհանուր դաշնադրություն, որի զորությամբ բոլոր հայ իշխանները, նախարարները և թագավորող տները՝ կապվում, միանում էին ի մի սիրտ և հոգի և երդմամբ պարտավորվում, որ հայրենիքի որևէ մի մասին վտանգ սպառնացած դեպքում՝ ամենքը միահամուռ զինվին հակառակորդի դեմ և պատրաստ լինին Արարատյան նախագահ արքայի հրամանով գործելու։

Այդ դաշնադրությունը կարդաց նոր օծված կաթողիկեում ինքը Անանիա կաթողիկոսը և նրան ստորագրեցին Արարատյան ու Վասպուրականի թագավորները և բոլոր հայ իշխանները, ընդ նմին և երդվելով՝ սուրբ և անխախտ պահել այդ միությունը, որ պիտի ծառայեր ընդհանուր հայրենիքի զորացման և հայ ժողովրդի մշտական բարօրության։

Աբաս թագավորն այնուհետև մեծագին ընծաներով պատվեց յուր բարձրաստիճան հյուրերին, որոնք և բաժանվեցան նրանից մտերմական սիրով։

Բայց թագավորն իշխաններից մի քանիսին առանձին շնորհների արժանացրեց։ Այսպես օրինակ, Աղձնյաց և Մոկաց տերերին, որոնք իրանց մշտապատրաստ զորքերով օգնում էին արքայական բանակին, նվիրեց նոր կալվածներ և տվավ իշխանապետության տիտղոս։

Սյունյաց հարազատներին, որոնք սկզբից մինչև վերջը հավատարիմ մնացին գահին, նվիրեց իրանց նահանգի սահմանակից մի քանի գավառներ։

Վահրամ Սեպուհին, որ Աշոտ արքայի ձախողակ օրերից արդեն միացել էր Մարզպետունու հետ և անձնվիրաբար մասնակցել նրա կրած նեղությանց, մղած կռիվներին և տարած հաղթանակներին, կարգեց լիազոր վերակացու Ուտյաց և Աղվանից աշխարհների վրա, հատկացնելով նրան այն բոլոր արդյունքներն ու իրավունքները, որ վայելում էր Ցլիկ-Ամրամը Աշոտ-Երկաթի օրով։

Իսկ Սահակ Սևադայի որդուն, այն է՝ Դավիթ իշխանին, կարգեց նորեն Գարդմանա տեր, տալով նրան այդ երկրի իշխանությունը, որպեսզի այդպիսով՝ արքայական գահի դեմ ունեցած գժտությունը, որ սկսված էր Աշոտ Երկաթի օրով, մեջտեղից վերացնե։

Եվ որովհետև այդ միջոցներում Սահականույշ թագուհին Երազգավորսից քաշվել էր յուր հայրենի երկիրը՝ Գարդման, որպեսզի կյանքի մնացորդը յուր եղբոր հետ անցուցանե, ուստի Աբաս թագավորը՝ ի պատիվ այրի թագուհու՝ նվիրեց նրա եղբորը նաև Աղվանից երկրի մի քանի գավառները։

Գալով Գևորգ Մարզպետունուն, թագավորը չգիտեր ի՞նչ արժանավոր հատուցումն անե այդ իշխանին, որի անզուգական հայրենասիրությանն էր պարտական ինքը՝ յուր գահի հաստատությունը, իսկ հայրենիքը՝ յուր բարօրությունը։

Իմ բոլոր թագավորության մեջ չկա այնպիսի մեծագին գանձ, որով կարողանամ քո երախտիքը փոխարինել, ասաց նա մի օր Մարզպետունուն յուր բոլոր իշխանների ներկայությամբ․ Միակ և արժանավոր պարգևը «Հայրենյաց բարերարի» անունն է, որ այսօրվանից ես տալիս եմ քեզ․․․

Այս ասելով թագավորը բռնեց Մարզպետունու աջը և ջերմագին համբուրեց։ Ծերունի իշխանն զգացվեցավ և գրկելով թագավորին, համբուրեց նրա գլուխը և ասաց․

Իմ վարձատրությունը ես ստացա արդեն աստծուց, այդ այն է, որ տեսնում եմ հայրենիքս խաղաղ ու երջանիկ, արքայական գահը՝ ապահով, հայ իշխանները՝ միաբան, թշնամիները՝ հալածական։ Այժմ արդեն կարող եմ հանգիստ սրտով ասել․ «Արդ, արձակյա զծառայս քո, տեր, զի տեսին աչք իմ զփրկություն Իսրայելի․․․»։

________

Ի՞նչ էր անում այնուհետև «Հայրենյաց բարերարը»։

Նա դարձյալ ապրում էր արքունիքում, իրավունք չտալով իրան վերադառնալ Գառնի, և հետզհետե զարդարվում ծերության ալիքներով։

Եվ թեպետ տակավին կրում էր արքայական զորաց սպարապետի կոչումը, այսուամենայնիվ, նրա պաշտոնը կատարում էր Գոռը, իսկ ինքը վայելում էր անդորր հանգիստ, վերապահելով իրան «ընդհանուրի հոր» և բազմափորձ խորհրդականի անունն ու պարտավորությունները։

Արքունիքում նրան սիրում ու փայփայում էին՝ սկսած թագավորից մինչև վերջին դրանիկը, իսկ դրսում՝ պաշտում էր նրան ժողովուրդը։ Գևորգ Մարզպետունու անունը նվիրական էր դարձել ժամանակակից հայի համար, և երբ նա դուրս էր ելնում արքունիքից՝ Ոստանում շրջելու կամ զորքերին այցելելու ցանկությամբ, նրան դիմավորում էին ամենքը ցնծության աղաղակներով։ Ամեն ոք փափագում էր տեսնել նրան, լսել նրան և ոգևորվել նրա զրույցներով, որովհետև ծերունի Սպարապետը, որ արդեն վաստակել էր գործելուց, չէր դադարում սակայն յուր հայրական խրատներով և իշխանական հորդորներով կարող երիտասարդությունը դեպի գործունեություն մղելուց։ Նա նրանց մեջ զարթեցնում էր սիրո և միության հոգին և հասարակական զգացմունքները վառում։

Ձեզանից ամեն մինը կարող է ինձ գերազանցել, ասում էր նա հաճախ յուր շուրջը խմբված երիտասարդներին, հարկավոր է միայն անկեղծությամբ սիրել հայրենիքը, անձնվիրաբար գործել և վտանգներն արհամարհել։ Երբ ես դժբախտության օրերում ասպարեզ իջա միայնակ գործելու, ինձ հետ ունեի միայն քսան մարդ, շատերն ինձ խելագար համարեցին, իսկ շատերն էլ իմ հանդգնությունը ծաղրեցին։ Դրանց թվումն էին և այն իշխանները, որոնք հազարավոր զինվորներով փակվել էին սեփական բերդերում․․․ Բայց ես հույսս դրի Աստուծո և իմ կամքի վրա, և ինչպես գիտեք, հաղթեցի ամեն դժվարության․ ցույց տվի աշխարհին, թե ի՛նչ կարող է անել մի մարդը, երբ նրան ոգևորում է զգացմունքներից ազնվագույնը, այն է՝ հայրենիքի սերը։ Ձեզանից ամեն մինը թո՛ղ զինվի այն հավատով, որ ունեի ես դեպի հայրենյացս ապագան, ա՛յն սիրով, որ տածում էի դեպի իմ եղբայրները և այն հուսով, որ դրել էի Աստուծո վրա, և կտեսնե, որ անկարելին կարելի կդառնա, և արգելքները իրանք իրանց կվերանան, և վտանգներն անհետ կկորչեն։ Ամենից ավելի սիրեցեք միությունը, որովհետև դա այն ուժն է, որ լեռներ է պատառում, ամբարտակներ է կործանում, գետերի ընթացքն է կասեցնում։ Սովորեցեք զոհել այդ միությանը ամենը՝ ինչ որ ունիք աշխարհում թանկագին, և նա կբերե ձեզ և ձեր որդոց ա՛յն երջանկությունը, որին շատերն են որոնում, բայց շատ քչերն են ժառանգում․․․

Ահա՛ այդպիսի զրույցներով էր ոգևորում Մարզպետունի իշխանը յուր շուրջը խմբվող և գործելու ուժ ու ցանկություն ունեցող մարդկանց, հավատացած լինելով, որ այդ զրույցները ևս արդյունք պիտի բերեն այնպես՝ ինչպես և բերավ յուր գործունեությունը։

_______

Անցան դարձյալ մի քանի խաղաղ տարիներ և «Հայրենյաց բարերարը» օրըստօրե խոնարհեց դեպի յուր կյանքի երեկոն։

Երբ նա մոտ զգաց յուր վախճանը, կանչեց յուր մոտ Գոռ որդուն և Շահանդուխտ հարսին, որոնք արդեն զավակներ ունեին և տվավ նրանց վերջին պատվերը․

Ազգերի զորությունը ընտանիքների մեջ է, ասաց ծերունին, զորավոր է ա՛յն ազգը, որ ունի զորավոր ընտանիքներ, սիրով, միությամբ, առաքինի և հավատարիմ կենակցությամբ ապրող ընտանիքներ։ Այն գեղջուկ խրճիթները, այն աննշան տնակները, որոնց մեջ ապրում են ցնցոտիներով ծածկված մանկտիք և որոնց շատ անգամ արհամարհում են մեծամեծ իշխանները, նույնիսկ դրանք են, որ ամփոփում են իրանց մեջ հայրենիքի ուժը։ Ով որ կամենում է զորավոր տեսնել յուր ազգը և հաղթող՝ հայրենիքը, նա ամենից առաջ ընտանիքները պիտի խնամե․ ինչպես մի հոգատար պարտիզպան, որ ծառի ճյուղերը զորացնելու և նրանից պտուղ քաղելու համար խնամում է ծառի արմատները, որոնք թեպետ հողի մեջ են թաղված և չեն երևում մարդկանց, բայց իրանց մեջ ամփոփում են ծառի կենդանությունը։ Ինչպես որ չի կարող ապրել այն տունկը, որի արմատները չորացած են կամ որդնակեր, այնպես և կանգուն չի մնալ այն ազգը, որի ընտանիքներում տիրում է ապականություն, որոնցից հալածական է սերը, միությունը, առաքինությունը և, նամանավանդ, աստուծո երկյուղը։

Եթե այսքան վնասակար են հանդիսանում ազգի և հայրենիքի համար հասարակ ժողովրդի ապականյալ ընտանիքները, որքան ևս առավել վնասակար ու կործանիչ կարող են լինել իշխող կամ տիրող անձանց ընտանիքները, եթե արատավոր են նրանք։ Ձեզ օրինակ Աշոտ-Երկաթի ընտանիքը․․․ որքա՛ն ցավերի, արտասվաց և հեծության պատճառ դարձավ այդ հզոր դյուցազնի մարդկային մի թուլությունն յուր ընտանիքում և որքա՛ն վնասներ պատճառեց նույն այդ թուլությունն ընդհանուր հայրենիքին․․․

Այս ամենը գիտենալով, իմ սիրասուն զավակներս, լսեցե՛ք իմ վերջին պատվերը և կատարեցեք նրան սրբությամբ, այդ պատվերը ամփոփում է յուր մեջ երկու բառ․ «Սիրեցե՛ք միմյանց»։

Այդ սերը, այո՛, կերջանկացնե ձեզ, կերջանկացնե և ձեր զավակներին։ Նա ուրախության աղբյուր կբխե ձեր ընտանեկան սրահի մեջ և աստուծո օրհնությունը կիջեցնե Մարզպետունյաց տան վրա, որի ժառանգներն եք դուք․․․

Ծերունին լռեց։ Գոռն ու Շահանդուխտը ծունկ խոնարհեցին նրա առաջ և ջերմագին համբուրելով նրա աջը, խոստացան սրբությամբ կատարել այդ արժանավորագույն հոր սրբազան պատվերը։

______

Աբաս թագավորն իմացավ, որ ծերունի իշխանը օրըստօրե տկարանում է, ուստի դիմեց նրա մոտ, իմանալու համար, թե ո՞ւր կկամենար, որ մահվանից հետո յուր մարմինն ամփոփեին։

Իմ երդումն արգելում է ինձ թաղվել Գառնիում, ասաց իշխանը, թաղեցեք իմ հայրենիքի ո՞ր անկյունում որ կկամենաք։

Կցանկանայի քո մարմինը տանել Բագարան և թաղել Բագրատունյաց պայազատների դամբարանում, ասաց թագավորը։

Բագարա՞ն․․․ այո՛, տա՛ր ինձ այնտեղ, բայց մի՛ թաղիր քո հարց դամբարանում։ Այնտեղ, այո՛, թաղված են քո նահատակ հայրը և նահատակ եղբայրը, կցանկանայի հանգչել դրանց մոտ։ Բայց այնտեղ թաղված է նաև Աշոտ բռնավորը։ Կյանքը հեռացրել է ինձ այդ դավաճանից, մահը չպիտի միացնե։

Ո՞ւր կցանկանաս ուրեմն, հարցրեց թագավորը։

Ամփոփի՛ր ինձ միջնաբերդի առաջ, ժայռերի բարձրության վրա, որտեղից կարողանամ հսկել Աշոտ բռնավորի շիրմին․․․ որպեսզի նա յուր շուրջն ամփոփված սրբերին չդավաճանե․․․ պատասխանեց իշխանը նվաղած ձայնով։

Մի քանի օրից հետ «Հայրենիքի բարերարը» յուր արդար հոգին ավանդեց։

Ամբողջ արքունիքը, աթոռանիստ Կարսը և Արարատյան երկրները սգացին նրա մահը, իսկ Աբաս թագավորը արքայավայել հուղարկավորություն պատրաստեց «Մեծ հայրենասերի» համար։

Մարզպետունի իշխանի մարմինն ամփոփեցին Բագարանի միջնաբերդի առաջ, ժայռերի մի ահավոր բարձրության վրա, որի ստորոտը կոծում էին Ախուրյանի ալիքները՝ հավիտենական օրհներգ մրմնջալով հայրենավառ դյուցազնի սխրագործությանց համար։

Ապա թագավորը սպարապետության պաշտոնը հանձնեց Գոռին, իբրև «Մեծ հայրենասերի» արժանավոր որդուն, իսկ Մարզպետունու շիրմի վրա հրամայեց կառուցանել սուրբ Գևորգ անվամբ եկեղեցի, որ Բագարանի անհետացած ավերակների մեջ միակ կանգունն է մինչև այսօր։

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу

Другие части "Գևորգ Մարզպետունի"

Ятук Музыка
Sobre Dance
Арам Хачатрян

Sobre Dance

Битва при Авараире, 1948 год.
Битва при Авараире, 1948 год.
Играть онлайн