Խաչիկ Դաշտենց
Ռանչպարների Կանչը
7
ՀԱՎԱՏՔԻ ՈԻԺԸ
Երկու-երեք քարընկեց էր մնացել, որ հասնեի ս. Աղբերիկ, երբ իմ առաջ բացվեց լեռնային աշխարհի անկրկնելի մի տեսարան։
Մի խումբ սասունցիներ, ձորի խոր հատակից քարքաշով դեպի սարի գլուխն էին հանում մի վիթխարի ջրաղացքար։ Քարքաշը երկճղանի կոշտ ու կոպիտ մի փայտ էր՝ ուղղահայաց մի ցից կենտրոնում։ Գլխի հաստ կողմում կացնի նեղ բերանով փորված մի անցք կար։ Ջրաղացքարը պառկեցրել-հագցրել էին ցցի վրա, փորանցքից մի երկայն շղթա էին անցկացրել, շղթայից՝ հորիզոնական ձողեր։ Երկու կողմից երեքական տղամարդ ձեռքերով պինդ բռնած և կրծքերը դեմ տված այդ ձողերին, հսկում էին, որ հավասարակշռությունը չխախտվի։ Լծել էին նաև յոթ լուծ եզ հոտաղները լուծքերին, և անդունդի թեք քարքարոտ կողերով դեպի վեր էին տանում հսկա քարը, ամեն րոպե պատրաստ քարքաշով, ջրաղացքարով և լծկաններով ձորը գլորվելու։ Թվով տասնութ-քսան հոգի էին, բոլորն էլ դարչնագույն թուխ դեմքերով, բրդյա գդակներով և կռնակներին այծամորթի։ Ամենից բարձրահասակը մի հաղթանդամ ծերունի էր ալրոտ հագուստով։ Սա ետևից էր գալիս, զգուշորեն հետևելով, որ քարը չպոկվի քարքաշից։
Երկու օր առաջ լեռնային հեղեղը քանդել էր քեռի Միրոյի հնադարյան ջրաղացը և նրա վերին քարը տեղահանելով գլորել անդունդ» Տեսնողների վկայությամբ քարը շարունակել էր թավալվել անդունդի հատակին, իր վրայից դեն շպրտելով հեղեղի կատաղի հորձանքները։ Այդ բանը ավելի ամրապնդել էր խութեցիների հավատքը իրենց ջրաղացի զորության մասին։
Գրիգոր Լուսավորիչը Կեսարիայից վերադառնալով, Հավատամք լեռան վրա պատերազմի էր բռնվել Տարոնի քրմական բանակի դեմ։ Ավանդություն կա, որ նա իր ձեռքին բռնած փայտաշեն խաչով հաղթել է քրմական բանակին և նրանց առաջնորդներ Գիսանե և Դեմիտրի քրմապետներին սպանելով և նրանց մարմինները այրելով՝ մոխիրը Փրե-Բաթմանի կամուրջից թափել է ջուրը։ Պարտված քրմերի և քրմուհիների մի մասը իրենց տաճարների փլատակներից փախչելով, ըստ ավանդության, վերափոխվել են կաքավների, իսկ մյուսներին Լուսավորիչը ժողովելով լցրել է Հավատամք լեռան և Սասնո լեռների անդունդների մեջ, նրանց վրա շպրտելով հսկայական քարեր։
Միայն մի կաղ դև է ազատվել այդ մութ զնդաններից, խոստանալով որպես փահլեվան հավետ ծառայել ս. Կարապետի և ս. Աղբերիկի վանքերին, մաքրելով նրանց կրակարանները և մոխիրը գիշերով թափելով Փրե-Բաթմանի մեջ։
Ու Տարոնի ժողովուրդը հավատում է, որ երբ ամենքը քնած են, կաղ դևը իր հսկա սակառը շալակած գիշերով գալիս մաքրում է այդ վանքերի մոխիրը և մի ոտքը Շամիրամի լեռանը դրած, մյուսը Ծովասարին Մարաթուկի վրայով շտապում է դեպի Բաթմանի կամուրջը և կռանալով իր ծանր բեռը դատարկում է գետի մեջ։
Սասունցիները իրենց լեռների խոռոչներում ժամանակին հայտնաբերել էին ապառաժյա աղաքարերի բազմաթիվ կուտակումներ։ Իբրև թե դրանք եղել են Մշո դաշտի քարե հեթանոս մատյանները, որ Գրիգոր Լուսավորիչը կործանելով շպրտել է փախչող դևերի ետևից։ Հեթանոս գրերը ակնթարթում մեղուներ դարձած պարս են կապել Ծիրնկատարի ծերպերին, իսկ սարաժայռերը իրար վրա կուտակվելով, փակել են լեռների խոռոչներում թաքնված դևերի փախուստի ճանապարհը։
Խութեցիները մանավանդ հավատում էին, որ իրենց ջրաղացքարը այդ ապառաժներից է շինված։ Այդ էր պատճառը, որ գյուղացիները հավաքվելով միահամուռ ուժերով նորոգել էին ավերված ջրաղացը և յոթ լուծ եզ ու քարքաշ առնելով իջել էին ձորը, որ նվիրական քարը խորխորատից բարձրացնեն և նորից հաստատեն իր հիմքին։
Թեթև դադար եղավ։ Երբ հրաման տրվեց գութանը քաշելու, հոտաղները ցատկեցին լուծքերին, ձայն տվին իրար, եզները ձգեցին շղթան և քարքաշը տեղից պոկվելով շարժվեց սարն ի վեր։ Հոտաղներից մեկը տալվորիկցի Ֆադեն էր։ Սա նստած էր առաջին լուծքին, քշտած ոտքերը անդունդի վրա կախած։ Ֆադեն Խտանա կածից առաջինն էր տեսել անդունդի հեղեղի մեջ թավալվող քարը և թիակը ուսին դեպի Ծովասար գոռալով շտապել էր օգնության։ Ես էլ մասնակցեցի խութեցոց ջրաղացքարը անդունդից հանելու աշխատանքին։ Միայն մի կարճ պահ տևեց իմ մեկուսի կանգնելը։ Վայրկյանապես մոտեցա և ծերունի Միրոյի կողքին տեղ գրավելով, իմ կուրծքը դեմ տվեցի երկաթե շղթային։
Մանրատերև սալորենու տակ մոլորված կածանը անդարձ կորել էր, շնչակտուր դեմ առնելով լերկ քարափին։ Ինչ-որ ջրհեղեղից անդունդ քշված մի քար էր, որ նույնպես կորցրել էր իր ուղին, և մենք մեր ուսերն ու բազուկները իրար նեցուկ արած ու հավատքով կպած գործին, ժայռոտ լեռնալանջով նրան մղում էինք դեպի վեր, դեպի արևոտ բարձունք։
Եզները ձիգ տալով դանդաղ շարժվում էին կճղակները ապառաժներին սեղմած։ Հասանք, հա՜, հասանք, ձեզ ղուրբան, ետևից ոգևորում էր ջրաղացպան Միրոն, շարունակելով աչալուրջ հսկել, որ քարքաշի հավասարակշռությունը չխախտվի։
Վերջապես մեծ դժվարությամբ ջրաղացքարը անդնդախոր ձորից հանեցինք սարի գլուխ, խորդուբորդ ոլորաններով հասցրինք ջրաղացի դուռը, թեթև կռանեցինք և մեր թևերին առած ներս տանելով հաստատեցինք ներքին քարի վրա։
Ֆադեն իսկույն կարգի բերեց մայր առուն, և ջրաղացը նորից սկսեց թափով աշխատել։
Աղորիքի տերը՝ քեռի Միրոն, բոլոր մասնակիցներին ճաշ տվեց և, իմանալով իմ պատմությունը, ինձ պահեց իր մոտ, թաքցնելով իր շողտան մեջ ջրաղացի ստորին հարկում։
Ամբողջ գիշերը ջրի զորավոր հոսանքը աչքերիս առաջ ուժգնորեն դարձնում էր ջրաղացի թափանիվը, և ես այդ պտուտակի մոտ կանգնած, մտածում էի հեղեղից քանդված և վերականգնված ջրաղացի մասին և այն զարմանալի տոկուն ջրաղացպանի մասին, որի անունը Միրո էր, այն լեռնականների մասին, որոնց կամքը ավելի հզոր էր, քան լեռնային ամեհի հեղեղը։ Միայն հավատքի ուժը կարող էր անդունդի հատակից վեր բարձրացնել խորտակված ալյուրաքարը։ Եվ ակամայից ես մեր ժողովրդի բախտը համեմատում էի խութեցի Միրոյի ջրաղացի հետ։ Պատմության դաժան հեղեղը մեր ազգի բախտի ջրաղացքարը նետել էր անդունդ։ Ո՞վ պետք է վերևից զգաստ աչքերով նկատի ահեղ վտանգը և սարից-սար գոռալով, առաջինը շտապի օգնության։ Ո՞վ պիտի այդ տեղահանված քարը անդունդից հանի և վերստին հաստատի իր հիմքի վրա։
Այդ պետք է անենք մենք։ Պետք է անեն հավատքի ուժը և հավատավոր մարդիկ։ Եթե բոլորս ի մի զորվենք և մեր կամքը դարձնենք մի հսկա քարքաշ, անկարելի բան է, որ մեր բախտի քարը հեղեղից պարտված մնա անդնդում։
ԱՎԵ
Լուսադեմին մի բռնաշենցի մտավ ջրաղաց։ Կորեկ էր բերել աղալու։
Միրոն նրան հերթ նշանակեց և հարցրեց, թե ինչ նորություն կա։ Բռնաշենցին հայտնեց, որ Գևորգ Չաուշը և Անդրանիկը երկու օր առաջ մտել են Գեղաշեն և սպանել մատնիչ Ավեին։
Բռնաշենցին վարպետ հեքիաթ պատմող էր և անունը Ծաղիկ Համբարձում։ նա իր պատմությունը սկսեց բավական հեռվից։ Պատմեց ինչպես լսել էր։ Պատմեց դարերի համար։
«Կգան լուսահոգի Սերոբ Փաշին կբողոքեն, թե Գևորգ Չաուշի հորեղբայրը երեխա չունի, կուզի նոր կնիկ առնի։ Երբ Սերոբ Փաշեն էդ մասին կիմանա, գործը կհանձնի Գևորգ Չաուշին։ Գևորգը կսպանի իր հորեղբորը, բայց հետո կտանջվի հոգեպես։ Կելնի կերթա Անդրանիկին կասե. «Անդրանիկ, Սերոբ Փաշեն իմ ձեռքով իմ հորեղբորը սպանել տվեց մի կնոջ համար, իսկ ինչու Սոսեի հետ ման կիգա սարերում»։ Անդրանիկ էդ որ կլսի, կելնի կերթա Սերոբ Փաշի մոտ. «Փաշա, կասե, Սոսեին դիր մի տեղ, երբ կուզես գնա տես արի, բայց խմբի հետ մի պտտցրու»։ էդպես որ կասե, Սերոբ Փաշեն կպատասխանե. «էդ քո խոսքը չէր, քեզ դրդող է եղել։ Ով որ դեմ է, որ ես Սոսեին խմբի հետ ման բերեմ, թող զենքը ցած դնի ու քելե»։ Ու Սերոբն էստեղ բոլորին զինաթափ կենե, Անդրանիկին էլ, Գևորգ Չաուշին էլ։ էդպես որ բոլորին զինաթափ կենե, Գեղաշենի ռես Ավեն ուշիկ կելնի ու կերթա Մուշ Մութասարիֆի մոտ։ Մութասարիֆ կհարցնե. «Հը՜, ռես, Սերոբ Փաշեն մեր հոգին վառեց։ Մի բարի լուր բերե՞լ ես, թե ինչ հնարքով բռնենք նրան»։
Բերել եմ, աղա, իր ետևի պատն էլ, առջևի պատն էլ փլված է...
Մութասարիֆը ուրախությունից մի ուխալ օսկի կիտա Ավեին։ Ավեն կվերոլ օսկին, հետն էլ մի քիչ դեղին լեղի ու կիգա տուն։ Պանիրը կթույնե ու կտանի Սերոբ Փաշին։ Սերոբ Փաշեն պանիր շատ կսիրե։ Իր հետ խութեցի մի լամուկ կեղնի, որ փոքրուց Սոսեի ձեռքի տակ էր։ Լամուկն ու Սոսեն էգ պանրից քիչ կուտեն, իսկ Սերոբ Փաշեն՝ շատ։
Լուսադեմին Սոսեն կելնի դուրս, կտեսնի սարի կողից Բշարե Խալխի աշիրեթը կիգա։ իսկ Դաշտի կողմեն՝ կարմիրգլուխ սև ասկյարը։ Սոսեն կասե. «Փաշա, զորք եկավ»։ Փաշեն կասե. «Զիմ չափլին տուր»։ Կառնե չափլին, կվազե ու կկրակե։ Բայց ուշքը վրան չէ, գնդակ թարս կղրթա։ Սերոբն ուժասպառ կպատի քարին։ Սոսեն կգրկե ռանչպար Սերոբին, որ բարձրացնի, մազերն կթափվեն իր չոքերի վրա։ Սոսեն կվերու հերոսի չափլին ու խութեցի լամուկի հետ կմտնի դիրք։ Խութեցի լամուկ նեղ կընկնի։ Կելնի, որ փախչի։ Սոսեն ետևից կբոռա. «Լամուկ, դու ուխտ էիր արել, որ Փաշի հետ մեռնես, ինչու՞ կփախչես»։ Լամուկն ետ կդառնա՝ կասե. «Ուխտ կանեմ, որ իմ արյուն ու Սերոբ Փաշի արյուն խառնվին իրար»։ Ետ կիգա կմտնի քարի ետև ու կսկսի կրակել։ Լամուկն կսպանվի, Սոսեն կվիրավորվի։
Անդրանիկ Սեմալ կեզնի, Գևորգ Չաուշն էլ կողքին նստուկ։ Սոսեն կբոռա սարից. «Սերոբի օրհասն է, հասե՛ք»։ Անդրանիկ կլսե Սոսեի կանչ. «Հեյ վա՛խ, կասե, Սերոբ Փաշեն ձեռքից գնաց»։ Կզարկի գլխին ու բարկությունից կերթա կիգա սեմալցոց տանիքին։
Գևորգ Չւաոշ կվաղե ետևից կասե. «Քու տուն չավրի, Անդրանիկ, Փաշեն ինքն է մեզ զինաթափ արել, էլ դու ինչու՞ կտանջվես նրա համար»։
Խալիլ աղան կկտրե մեռած Սերոբի գլուխն ու կտանի Մուշ, էն տեղից էլ Բիթլիս։
Մյուս օր Գևորգ Չաուշն ու Անդրանիկ կիգան Տեր Քաջի տուն, զենքեր կվերուն ու կերթան Ավեի հոգուն։ Անդրանիկ ոսկրացավով հիվանդ կեղեի ու ձեռքին մի փետ։ Զգույշ կմոտենան դռան ու բանալու ծակեն ականջ կդնեն։ Կիշեն, որ ռես Ավեն տուն չէ, գնացել է ժղլտուն։ Պատի տակ կսպասեն։ Իրիկվան Ավեն կիգա կմտնի իր օդեն։ Իրենք ետևից ներս կմտնին։
Ավեն տղեքին տեսնելով կելնի կկանգնի։ Անդրանիկ կասե. «Մեղա աստծո, դու իմա՞լ կելնիս կկանգնիս մեր առջև։ Նստիր, ռես Ավե, նստիր»։
Չէ, դուք նստեք, կասե Ավեն ու աչքով կենե կնկան ու հարսին, որ հաց բերեն Գևորգ Չաուշի ու Անդրանիկի համար։
Գևորգ Չաուշ կասե» «Ռես Ավե, ոչ քո հացն, ոչ քո հարիսեն մեզ հարկավոր չէ։ Մենք կուշտ ենք։ Դու գնա էն ուխալ օսկին բեր, որ Մութասարիֆն տվել է քըզի»։
Ավեի ջան դող կընկնի։ Կելնի կերթա մի քանի օսկի կբերե։
Չէ, կասե Գևորգ Չաուշ, գնա ամանով առ ու արի։
Ավեն կերթա կիգա կես բուռ օսկի կբերե։
Քեզ բան ասի. գնա ուխալով օսկին առ ու արի։
Ավեն վախից կմտնի ախոռ։
Գևորգ Չաուշն ու Անդրանիկ կիշեն, որ Ավեն ուշացավ։ Կերթան ախոռ։ Ախոռ մութ կեղեի։ Մոմլուցկիներ կվառեն կտեսնին՝ Ավեն երկու տարեկան հորթի ետև կծկված։ Իրենց որ կտեսնի, հորթի ետևից կփախչի կմտնի իր հարսի ետև։ Գևորգ Չաուշն Ավեին հարսի ետևից կքաշե, կբերե օդան։
Ռես Ավե, կբարկանա Գևորգ, հերիք է մեզ չարչարես։ Գնա ուխալով օսկին առ ու արի։
Ավեն ճարահատյալ կերթա օսկին կառնե կիգա։
Ավե, կասե Չաուշ, էս օսկին ո՞վ տվեց քեզ։
Ավեն կտեսնի, որ իր սուտ ջաղցի քարին դեմ առավ։
Հատիկ-հատիկ ցած ձենով կասե.
Հյուսնի էֆենդին։
Ինչու՞ համար։
Սերոբ Փաշին տարած հացի մեջ թույն խառնելու համար։
Անդրանիկ կասե. «Ռես Ավե, դու հայոց մեծավորի գլուխը մի կճուճ օսկո՞վ ծախեցիր»։
Մտար երկու տարեկան հորթի ետև, կավելացնի Գևորգ, հետո էլ՝ քո հարսի՞ ետև։
Ավեի բերան կբացվի՞, որ խոսի։
Ձեռքերը կրծքին, գլուխը կախ կանգնած է պատի տակ։
Իսկ լավ չէ՞ր լինի, որ դու մատնություն չանեիր, ու երբ մենք քո դուռ բանայինք, բացճակատ կանգնեիր մեր առաջ ու կարիք չունենայիր թաքնվելու հորթի ու հարսի ետև։
Մեղք էր՝ գործեցի» կամոք թե անկամք։ Ինչ որ ազգը կուզե, թող որոշի։ կշշնջա Ավեն ու դեմք շուռ կիտա պատին։
Անդրանիկ աչքով կանե Գևորգ Չաուշին։ Ու Գևորգն Ավեին կառնե խանչալների տակ։ Կինը ձեռքը կթալե օսկու կճուճին։ Գլխանոցը ցած կընկնի զնգալով։ Դու մի ասի, ռես Ավեն օսկիների կես շարած կեղեի կնկա ճակատնոցին։ Գևորգ ռեսին էլ կսպանի, կնկան էլ, հարսին էլ։ Կուզե ամբողչ տոհմը չնջե, բայց Անդրանիկն ավելի խղճով կեղեի, փետը դեմ կիտա կասե՝ «Մյուսները մեղավոր չեն, ձեռք չտաս»։
Ավեի ախպոր պստիկ տղեն դեպքի ժամանակ էդտեղ կեղնի։ Անունը Վարդան է։ էս տղեն կխժժա ու պատանցքով կփախչի իրենց տուն։
Երբ կվերջացնեն կպրծնեն, Գևորգ Չաուշ կասե.
էրթա՛նք, Անդրանիկ։
Անդրանիկ կհարցնե. ու՞ր երթանք։
Չաուշ կասե. «Հայաստանի ցավեր շատ են, էս մեկով գործ չի պրծնի»։
էդ գյուղի մոտ մի խանդակ կեղեի մանրիկ ավազով։ Անդրանիկ փետը ձեռքին կիջնի էդ խանդակ, մի քիչ կպառկի տաք ավազի մեջ ու կգա կհասնի Գևորգին։
Ու նրանք երկուսով կընկնեն ճամփա։ Երկուսն էլ ֆիդան են ու հալբաթ իրենք լավ գիտեն, թե ուր պիտի երթան։ Բարով երթան»։
Ես լսեցի, թե ինչպես Ծաղիկ Համբարձումը բարձրաձայն ասաց.
Քեռի Միրո, ես իմ պատմությունը պրծա, իսկ իմ կորե՞կը։
Հախ աստծո, խնամ Համբարձում, ես քո կորեկը առանց հերթի պիտի աղամ, ասաց Միրոն։
Այդ ժամանակ մի ծանր ոտնաձայն լսվեց և մի նոր աղունատեր մտավ ջրաղաց։
Եկողը Գևորգ Չաուշն էր։