Խաչիկ Դաշտենց

Ռանչպարների Կանչը

34

ԽԵԼԱԳԱՐ ԱՆԴՐԵԱՍԸ

Մորուք Կարոն մի ամբողջ ամիս սարերում ապրեց։ Եղավ Ամբերդի ավերակներում, գիշերեց Կաքավաձորի և Դիանի քարայրներում, ցորենի բարդոցների տակ թաքնվեց։

Մի օր էլ մի գերանդի գտավ սարում և ուսին գրած ձին քշեց դեպի Գեղամա լեռները։ Ուզում էր ճշտել, թե ո՛ր ճանապարհով հեշտ կլիներ դեպի Մեղրի և Ջռւլֆա գնալ։

Ապարանի վրայով իջավ Եղվարդ և Արզականի կիրճով բարձրացավ Թեղենիսի լանջերը։ Բարձր սարերով էր գնում, որ իրեն չնկատեն։ Մաքրավանք գյուղի թիկունքին թամբաձև մի սար կա։ Կանգնեց այդ սարի վրա և հայացքը հառեց Գեղամա լեռներին։

Դեռ բավական ճանապարհ ուներ անցնելու։

Յած իջիր ձիուց, Անդրանիկ փաշա, լսվեց մի հրամայական կանչ իր ետևում և մի տղամարդ ոչխարենու մաշված գդակով՝ տակից ականջները կարմիր թաշկինակով կապած՝ մանգաղը ձեռքին ցցվեց նրա դեմ։

Հեծ յալը ժպտաց.

Ո՞վ է Անդրանիկ փաշան։

Ես եմ Անդրանիկ փաշան։ Դու էդպես մենակ ու՞ր կերթաս։

Աղմաղանի սարերը հնձի կերթամ, պատասխանեց Կարոն։

Անդրանիկ փաշան բոլոր սարերը հնձել է։ Ցած իջիր փաշի ձիուց։

Դու երևի նրա ձիապանն ես եղել։ Նրա ձիու անունը ի՞նչ էր։

Հրեղեն։ Քո գերանդին ինձ տուր, կամ ցած իջիր փաշի ձիուց։

Գերանդի՞ն։ Ինչու՞։

Տանեմ Սերոբ փաշին տամ, իսկ դու գնա ոզնի բռնիր Նեմրութա սար։

Նեմրութա սարը շատ է հեռու, իմ ճամփեն Աղմաղանն է։

Հեռու չէ։ Անդրանիկ փաշան տաս օր ժամանակ է տրվել օսմանցու զորքին։ Դու Մորուք Կարոն չե՞ս։

Մորուքն եմ, ի՞նչ կա։

Անդրեաս փաշին չե՞ս ճանաչում։

Մորուք Կարոն վայր թռավ ձիուց։ Առաջին իսկ հայացքից զգաց, որ իր առաջ կանգնած է մի խելագար։

Անդրեա՜ս, ասաց ու գրկեց խելագար հայդուկին։

Տուր գերանդին, տուր գերանդին, որ վաղը հնձի երթանք։

Դու տուն ունե՞ս, Անդրեաս։

Անդրանիկ փաշեն իմ տուն նստած Սերոբ փաշի հետ զրույց կենե։ Ուղիղ տաս օր ժամանակ է տվել, իսկ օսմանցին ասել է. «Ես տաս օրվա մեջ իմ վեշերը ինչպե՞ս կապեմ»։ Երեկ ես փաշին ասացի, երկու օր էլ ավելացրու՝ թող վեշերը կապեն։

Փաշեն ի՞նչ ասաց։

Չէ, ասաց փաշեն, իմ ժամկետը տաս օր է։ Կայծակ Անդրեասը կովի բռնվելով Իբրահիմ խանի հետ մասնակցել էր Սարդարապատի ճակատամարտին և իր պահանջով ձիու թամբին կապված ուղևորվել էր դեպի Լոռի։ Զին վիրավոր Անդրեասին Սարդարապատի դաշտից հասցրել էր մինչև Թեղենիսի լանջերը։ Եվ այդ օրվանից Կայծակ Անդրեասը մնացել էր Ծաղկաձորում, չկարողանալով հասնել Անդրանիկի զորքին։ Ուժեղ ապրումներից, որ ուշացել է, խախտելով հայդուկ կամավորի սրբազան ուխտը, Անդրեասը ցնորվել էր և ամենքը նրան խելագար Անղրեաս էին ասում։ Այդ խելագարությունը արտահայտվում էր խիստ անհավասարակշիռ ձևերով. մեղմ ժպիտից մինչև հանկարծական քըրքիջ, խելացի խոսքից թռիչք դեպի անհարակից, անկապ խոսքեր, շշուկից մինչև գոռոց և հայհոյախառն բացականչություններ, և այդ բոլորը զուգորդված իր վաղուց ապրած վայրերին ու սիրելի անուններին, անցյալի դեպքերին ու տպավորություններին։ Կերպարանքը դարձյալ սարսափազդու էր, բայց ոչ առաջվա պես ահեղ։ Անծանոթ ուղևորները երբեմն նրան շփոթում էին թաթերին բարձրացած արջի հետ։ Ջուր խմելիս դարձյալ երեսը մինչև ականջները խորասուզում էր աղբյուրի մեջ, երկայն ցից բեղերը ծփացնելով ջրի երեսին։ Ապա արևի տակ բեղերը ցամաքեցնելով և բարակ ոլորելով տաքանում էր մի ժայռի նստած։

Կայծակ Անդրեասը ամառները մանգաղով հնձում էր Թեղենիսի լանջերը, իսկ ազատ ժամերին Ծաղկաձորի դարիվեր փողոցները չափչփելով սրտակեղեք երգեր էր ասում իր քաջ զորավարի մասին։ Բավական էր որևէ անցորդի բերանից լսեր «ուշացա» բառը։ Ես ի՞նչ մեղավոր եմ, որ ուշացա։ Ինձ կապեցին ձիու թամբին ու ասացին՝ «Գնա հասիր Անդ՛րանիկ փաշի զորքին», գոռում էր նա և երեք անգամ ուշացա, ուշացա, ուշացա՜ բացականչելով, բռունցքով հարվածում էր քունքերին ու քայլամոլոր շարունակում ճամփան։

Սովորաբար շրջում էր ոչխարենու հնամաշ գդակով, տակից կարմիր թաշկինակը ականջներին կապած, և ոստոտ գավազանը դրած ուսին։ Վա՜յ նրան, ով իր ներկայությանը հանդգներ որևէ կծու խոսք ասել Անդրանիկի մասին։ Ասողի բաժինը մի անողոք նայվածք էր կամ գավազանի հարված, իսկ իր բաժինը՝ դառնագին հեծկլտուք «Կեչառիս» խորտկարանի մի անկյունում օղու գավաթի առաջ նստած։ Դառնանում ու հայհոյում էր՝ մինչև ուշ գիշեր իր երգն ու լացը, զայրությանն ու թախիծը իրար խառնած։ Ու գնում էր խելագար Անդրեասը ինքն իր հետ կամ անցորդների հետ բարձրաձայն վիճելով և իբրև օրվա կարևորագույն նորություն հավաստելով ու հաստատելով թե՝ «օսմանցին արդեն սկսել է իր վեշերը կապել»։

Ծաղկաձորում խորհրդավոր կերպով պատմում էին, որ Կայծակ Անդրեասը իր գդակի տակ պահում է Կովկասի փոխարքայի հրամանը Բաղեշը գրավելու մասին։ Այդ այն հեռագիրն էր» որ Անդրանիկը բարկացած շպրտել էր ՌահվեԴուրանի ձյուների վրա իբրև բողոք թագավորի դեմ։ Այդպիսի մի թուղթ իսկապես Անդրեասը գաղտնի պահում էր իր գդակի մեջ և առաջին տեսնողը եղել էր Ծաղկաձորի շրջանային գործադիր կոմիտեի նախագահը, որին վերջինս դիմել էր իրեն ծերության թոշակ նշանակելու հարցով։

Սերոբ փաշեն ի՞նչ ասաց, իր խոսքը շարունակեց Մորուք Կարոն»

Սերոբ փաշեն ասաց՝ Անդրեաս, մի գերանդի գտիր, վաղը հնձի երթանք։

Ո՞ր սարը։

Տանձաղբյուրի։

Ձեր գյուղում կոլխոզ կա՞, Անդրեաս։

Կա։ Անդրանիկ փաշեն կոլխոզի նախագահ է, իսկ Սերոբ փաշեն՝ գործկոմի։ Գնա Բիթլիսու սար մի քիչ խոտ քաղիր նրանց ձիերի համար։ Ռահվե–Դուրան գնա, Ռահվե–Դուրան։ «Ճվիկե տոտանի, ճվիկե տոտանի, քո տունը քանդեցիր, իմն էլ դրիր վրան»։

Իմ ճամփեն Աղմաղան է, Անդրեաս։ Ես իմ ճամփից շատ ուշացա։

Ուշացա, ուշացա՛, ուշացա՜, գոռաց Անդրեասը քունքերին խփելով։ Ես ի՞նչ անեմ, որ ուշացա։ Ինձ կապեցին ձիու մեջքին ու ձին ինձ բերեց Եղվարդ։ եղվարդից բերեց Կեչառիս ու չկարողացա հասնել Լոռի։ Տուր Անդրանիկ փաշի ձին, որ գնամ հասնեմ նրա զորքին։

Տուն գնա, Անդրեաս, գնա հանգստացիր, ասաց Մորուք Կարոն։

Ինձ հանգիստ չկա, մինչև չհասնեմ փաշի զորքին։ Ասաց, նորից խփեց քունքին և մանգաղն ու մի կապ խոտ թևի տակ, շարժվեց առաջ։

Գնում էր ու երգում,

Բիթլիս քաղաք շատ լեռնային, նամակ չկար Անդրանիկին... »

Անդրե՛աս, բղավեց Կարոն խելագարի ետևից։ Բայց նա արդեն հեռացել էր և հանգ–հանգ ծիծաղելով գնում էր դեպի Ծաղկաձոր։

Հանկարծ ետ դարձավ։

Մորու՜ք, տղաներին շատ բարև կանես ու մանավանդ Սեյդո Պողոսին, որ նստած էր Ծծմակա Քթին։

Մի աղջիկ նրան տեսնելով ճչալով նետվեց դեպի իրենց բակը։

Մայրի՜կ, խելառ Անդրեասը… Մայրը դուրս եկավ.

Բարև, Անդրեաս քեռի։

Բարին արևդ, Տիրուն։

Անդրեաս քեռի, Անդրանիկ զորավարը ինչու՞ Հայաստանը թողեց գնաց ու քեզ էս օրին գցեց։

Վշտից գնաց, Տիրուն, վշտից։ Անդրանիկ զորավարը երբ տեսավ, որ խաբված է դրսից ու ներսից, բարկացած հեծավ իր Ասլան ձին, քշեց անցավ Գեկեչկորու տերության սահմանը և Սև ծովին հասնելով ասաց՝ Եվրոպա, դո՜ր ես, եկա։

Հիմա որտե՞ղ է։

Կոլխոզի գրասենյակ։

Քա վու՜յ կանաչ մեռոն էս մարդը իսկական խելառ է։

Ի՞նչ է, Անդրեաս։

Մի քանի գաթա թխիր, վաղը Բջնի պիտի երթամ։

Բջնի ի՞նչ գործ ունես։

Մի որբևայրի կին կա, կուզեմ բերեմ իմ տուն։

Հարսանիքը դու անես, գաթեն ե՞ս թխեմ։ Երևանում աղջիկներ ունես, թող նրանք թխեն։ Ի՞նչ տեսակ կին է։

Քեզ պես սիրուն, կարմրաթուշ կին է։ Կուրծքը ասես Ռահվե–Դուրան լինի հունիս ամսին, մեջքը՝ Խլաթա կամուրջ։ Խածնեմ թշերդ, Տիրուն։

Քա աղջի, դու ներս գնա տեսնեմ էս խելառն ինչ է խոսում, ասաց ծազկաձորցի կինը, դուռը աղջկա վրա կիսածաձկ անելով։

Ու՞մ թշերը խածնես։

Քո թշերը, Տիրուն, քո կարմիր թշերը։ Անդրանիկի ձին Ռահվե–Դուրանում մի օր իմ թևը պինդ խածեց։ Երկու սանձ էի դրել բերանը, բայց խածեց։ «Ճվիկե տոտանի, ճվիկե տոտանի, քո տունը քանդեցիր՝ իմն էլ դրիր վրան»։

Կարոն ինքն էլ չիմացավ, թե ինչպես հասավ Գեղամա լեռներին։ Ամբողջ ժամանակ խելագար Անդրեասն էր իր աչքի առաջ։

Մեղրին և Ջուլֆան շատ հեռու թվացին իրեն։ Աժդահակ սարի տակով ձին քշեց դեպի Մարտունու շրջանի Վերին Գետաշեն։ Մշո Աղջան գյուղացի հազարապետ Վահանն էր այնտեղ թաղված։ Սպանվել էր Ջղնի ձորում։ Ինքը և Չոլոն դիակը կապել էին ձիու վրա և տարել ամփոփել այդ գյուղի եկեղեցու բակում։

Աղջնա Վահանի մահից հետո կինը՝ Խաթունը ամուսնացել էր նրա զինվորներից մեկի հետ։ 1930-ին նոր ամուսինը՝ Պետրոսը երկու կով էր վաճառել և Թալինի Ցամաքաբերդ գյուղից գնացել էր Մարտունի՝ Վերին Գետաշեն ու իր կնոջ նախկին ամուսնու շիրմին հուշարձան կառուցել։

Մորուքը մտավ եկեղեցու բակը, գլխարկը հանեց տապանաքարի առաջ և լռությամբ հարգանք մատուցեց սասունցոց գնդի քաջարի զինվորի հիշատակին։

Հետևյալ օրը նրա ձին կանգնեց Արագածի վրա։

ՄԻԼՊԵՏԻ ԾՈՑՈԻՄ

Մութ էր։

Մորուք Կարոն իջավ ձիուց, կանգնեց ձիու կողքին ու մտածեք. ու՞ր գնալ։ Նորի՞ց ապավինել լեռներին։

Մի հավք անցավ իր վերևով։ Երկար նայեց ետք՛ից։ Հավքը գնաց թառեց մի քերծի։ Ապա թևերը ծալեց ու սուզվեց ժայռի մեջ։ «Նա էլ մտավ իր բույնը, մտածեց Կարոն, իսկ ե՞ս»։

Հիշեց։

Սարդարապատի դաշտում մի ծանոթ գյուղ կար, անունը Ջանֆիդա։ Նրանից աչն կողմը՝ հին Արմավիրի մոտ մի ուրիշ գյուղ Մեծ Շարիար։ Այնտեղ նա տալվորիկցի մի բարեկամ ուներ, նախագահ էր գյուղում։

«Արի էս գիշերը Ռաշիդիս հյուրը լինեմ», ինքն իր մեջ խոսեց Մորուք Կարոն։

Քշեց Կարոն իր ձին և գիշերով իջավ Մեծ Շարիար։

Ռաշիդը մենակ նստած գինի էր խմում։

Ուրախացավ Արարատյան դաշտի գյուղացին իր շեմքին պատվական հյուրին տեսնելով։

Շեմքի վրա գրկախառնվեցին։

Նախ ձիուն գարի, հետո տիրոջը հաց, պատվիրեց Կարոն գերանդին պատից կախելով։

Ռաշիդը ձին տարավ գոմ, իսկ Կարոյին՝ օդա։ Ձիու առաջ գարի դրեց, հյուրի առաջ՝ հաց։ Հանեց իր ամենաընտիր կա՛րասի գինին, որ երբեք բացած չկար։

Հողե աման ունե՞ք, հարցրեց Կարոն։

Ռաշիդն հասկացավ, որ Կարոն վիշտ ունի։ Կինը մի խոր պնակ բերեց հյուրի համար։

Մի պնակ էլ ինձ համար բեր, ասաց Ռաշիդը գինու փոքրիկ գավաթը մի կողմ հրելով։

Կինը մի պնակ էլ բերեց։

Հավ մորթեցին, թթու հանեցին ու նստեցին սեղան։ Պնակները զարկվում էին իրար ու դատարկվում։ Պատրաստվում էին քնելու, երբ լուսամուտի դեմ մի գըլուխ երևաց.

Նախագահը տա՞նն է, լսվեց դրսից։

Տանն է, ներս համեցեք, պատասխանեց Ռաշիդը և ճրագը ձեռքին մոտենալով դուռը բացեց։

Եկողը Էջմիածնի գավառամասի միլպետ սուրմալեցի Վաչագանն էր, առույգ, գեր ու կարճլիկ, թխադեմ մի տղամարդ։ Նա հենց շեմքից նկատեց, որ շեկ բեղերով մի գյուղացի նախագահի տանը նստած կավե ամանով գինի է խմում։ Առաջին անգամ էր տեսնում մեկին, որ գինին պնակով է խմում։ Պետին դուր եկավ այդ գյուղացին։ Եվ որովհետև ինքն էլ ի պաշտոնե այդ գավառամասի գրեթե բոլոր կարասների գինին փորձել էր, ուստի շատ ուրախացավ, որ այդ գիշերը դարձյալ առիթ ուներ շփվելու խմիչքի հետ։

Էս ի՞նչ հալի եք, ձեռքերը աշխուժորեն իրար տրո՛րելով հարցրեց միլպետ Վաչագանը։

Նստած գինի ենք խմում, ընկեր պետ, պատասխանեց Ռաշիդը նրան թախտի վրա տեղ առաջարկելով և ճըրագը դնելով պատուհանի գոգը։

Գինին պնակներո՞վ։ Առաջին անգամն եմ տեսնում։

Մեր երկրում գինին պնակներով են խմում, ավելացրեց Կարոն։

Ձեր երկիրը ո՞րն է։

Արաբս տան։

Մեծ Շարիարի գինին հայտնի է մեր գավառամասում և արժե այդ գինին պնակներով խմել, ասաց միլպետը։ Ո՞ր կարասից է քաշված։

Իմ մառանի ամենաընտիր կարասից, ընկեր պետ։ Քիչ առաջ բաց արի, ասաց տանտերը։

Մորուք Կարոն գինով լի ամանը դեմ արեց Էջմիածնի միլպետին։

Մի տես ի՜նչ գինի է։

Ոչ, պնակով գինին շատ է։ Ես պաշտոնյա մարդ եմ և գործով եմ եկել գյուղ։

Հիմա գինու ժամն է, գործը հետո կանես, նկատեց Կարոն։

Դու երևի վաղուց գինի խմած չկաս, որ պնակով ես խմում։ Եվ քո պնակը կրկնակի խոշոր է նախագահի ամանից։

Պատահում է և այդպես, ընկեր պետ։ Կարասին ասացին. ինչի՞ց ես վախենում. ասաց՝ փոքր ամաններից։

Երկուսն էին՝ դարձան երեք։ Կինը նոր հավեր մորթեց և երեքով սեղան նստած խմեցին մինչև կեսգիշեր։ Միլպետն ու նախագահը գավաթներով էին խմում, իսկ Կարոն՝ կավե ամանով։ Խմեցին ու զրույց արին։

Ամեն մեկը սեղանի առաջ մի հետաքրքիր բան պատմեց։ Հյուրն էլ պատմեց կորեկի և ցորենի վեճը։

Կորեկը քառասուն օրից է բերք տալիս, ասաց Մորուքը, իսկ ցորենը ավելի ուշ։ Մի տարի Մշո դաշտում սով էր։ Գյուղացիք սկսեցին կորեկ ցանել, որ սովի առաջը փակեն։ Կորեկը փքվելով ցորենին ասաց.

Ցորեն ախպեր, ես ելել եմ բեմ։

Ի՞նչ անեմ, տարին քո տարին է, ասաց ցորենը։

Կուզեմ երթամ Երուսաղեմ։

Ձենդ կտրիր. մի էս պլպլան աչքով պարծենկոտին տես։ Կուզես աշխարհը սո՞վ գցել, գոռաց ցորենը և բարկացած դմբեց կորեկի գլխին։

Սարից եկած հյուրը իր պատմություններով և քաղցր բնավորությամբ գերեց սուրմալեցուն։ Միլպետ Վաչագանի կենացի վրա Կարոն նրա պատվին երգեց «Սուրմալու» երգը, որ սովորել էր վերջին թափառումների ընթացքին Արագածի վրա։

Չկա զանգակի ձայն, չկա հայ բարբառ, Դառել ես բնավեր, պայլերի անտառ, Դպրոցներով հարուստ մարդասեր գավառ, Օձն է նստել բախտիդ վրա, Սուրմալու։

Վա՜յ էս ինչ լավ մարդ ես, լավաշի մեջ փաթաթես ուտես։

Միլպետը հուզմունքից գրկեց համբուրեց հյուրին և նըրան իր տուն հրավիրեց՝ Էջմիածին։ Այնքան դուր եկան մեկը մյուսին, որ գիշերը քնեցին իրար հետ, միևնույն թախտի վրա։

Առավոտ վաղ Մորուք Կարոն արթնացավ, հեծավ իր ձին, առավ գերանդին ու գնաց։

Դիանի և Կաքավաձորի անձավները վերևից աչք էին թարթում՝ մեզ. մոտ արի։ Ամբերդի ավերակները հեռվից կանչում էին արի, մենք քեզ տուն կտանք։

Միլպետն արթնացավ, լվացվեց, հաց կերավ և նախագահին մի կողմ քաշելով՝ ասաց.

Ռաշիդ, ախր ես կարևոր գործով եմ եկել Մեծ Շարիար։

Ի՞նչ գործ է։

Տեղեկություն է ստացված, որ Մորուք Կարոն գտնըվում է ձեր գյուղում։ Գուցե և Ջանֆիդա գյուղումն է թաքնըված, կամ Արմավիրում։ Եկել եմ քեզ մոտ, որ օգնես ինձ Մորուքին գտնելու։ Դրան էլ բռնեմ հանձնեմ ու հոգիս ազատեմ էդ ցավից։ Ուղիղ երկու օր է տղաներով գյուղերն ընկած նրան ենք փնտրում։

Քո տունը շինվի, ընկեր պետ, Մորուք Կարոն էն էր, որ գիշերը քնուկ էր քո ծոց, խնդալով պատասխանեց Ռաշիդը։

Միլպետը զարմանքից սփրթնեց։

Ինչպե՞ս թե։ Էն գյուղացին, որ պնակով գինի՞ էր խըմում։

Հա՜, Մորուք Կարոն նա էր։

Ու՞ր գնաց։

Առավոտ շուտ արթնացավ, հեծավ իր ձին ու գնաց։

Դու ճի՞շտ ես ասում։ Ուրեմն դա՞ է եղել Մորուք Կարոն։

Հենց նա է, որ կա։

Որ ցորենի ու պլպլան կորեկի պատմությունն արեց։

Այո։

Էն գյուղացի՞ն։

Հա, էն գյուղացին, որի հետ դու համբուրվեցիր և գիշերը միասին քնեցիք թախտի վրա, հանգիստ պատասխանեց Ռաշիդը։

Քնելը հիշում եմ, բայց համբուրվելը… մի՞թե համբուրվեցի։

Այն էլ մի քանի անգամ։ Իմ կարասի գինին խմողը չի կարող չհամբուրվել։

Միլպետ Վաչագանը մոտեցավ սեղանին, վերցրեց այն պնակը, որով Մորուքը գինի էր խմել, զարմացած նայեց մեջը, հոտոտեց և դրեց տեղը։

Ուղղակի անհավատալի բան է. այն մարգը, որին դու փնտրում ես, մտնի քո ծոցը և քո ձեռքից փախչի՞։ Ախ՛պեր, եթե Մորուք Կարոն դա է, հալալ լինի նրան իր ծծած կաթն էլ, իր խմած գինին էլ։ Էսքան ապրել եմ աշխարհում, ես դեռ էդպիսի խոսքաշեն անուշ մարդ տեսած չկամ, ասաց սուրմալեցին։ Բայց ի՞նչ արած, մեզանից պահանջում են։ Ուզենք թե չուզենք պիտի բռնենք և հանձնենք։ Ես չբռնեմ ուրիշը պիտի բռնի։ Օձն է նստել էդ մարդու բախտի վրա։ Երեկ Թալինից զանգահարեցին, թե նա կարող է մեր կողմերում լինել։ Տվեցին Ջանֆիդայի և ձեր գյուղի անունը։ Հայտնեցին, որ նա վաղուց փախստական է դարձել և ապրում է սարերում։ Մերթ այս ձորի կամ քարայրի մեջ է, մերթ այն քարափի գլխին, մերթ մի ավերակ բերդի դռան, մերթ ծանոթ–բարեկամի գոմում։ Երբեմն էլ հավքերին թռցնում՝ մտնում է նրանց բույնը։ Մի քանի անգամ գիշերով եկել-թաքնվել է իրենց բուխարիկի մեջ և կինը բուխարիկի բերանը ծածկել է սալաքարով։ Իբրև թե այնքան երկար մորուք ունի, որ մի անգամ բուխարիկի բերանը ծածկելիս, մորուքի կեսը մնացել է սալաքարի տակ։ Եթե Մորուք Կարոն նա է, որ մենք երեկ տեսանք, ապա նա բոլորովին էլ մորուք չունի։ Չէ, ես նրա մեղքի տակ չեմ մտնի, Ռաշիդ, վճռաբար հայտարարեց միլպետ Վաչագանը։Այդ գյուղացին ինձ դուր եկավ և իմ խղճին դեմ է նրան բռնելը։ Հա, մի բան հիշեցի. ձեռքին գերանդի կա՞ր։

Կար։

Հենց նա է, որ կա։ Մեզ հայտնեցին, շարունակեց միլպետը, որ Աշտարակի և Թալինի լեռնային մի քանի գյուղերում հնձվորները նկատել են մի տարօրինակ երևույթ. ինչ–որ մեկը գիշերով գալիս և իրենց կիսատ թողած գործը ավարտելով լուսադեմին հեռանում է։ Եթե խոտհարք է՝ խոտը քաղված, եթե արտ է՝ լրիվ հնձված, երբեմն էլ խրձերը կապած և թողած դաշտում։ Ենթադրում են, որ դա Մորուք Կարոն կարող է լինել։ Այդ ամբողջ ժամանակ միայն մի գերանդի է անհայտացել սարից։ Դե եկ, և այդպիսի մարդուն բռնիր. ի՞նչ իրավունքով։ Վերջերս ինչ–որ բան է նկատվում մեզ մոտ, Ռաշիդ, որ իմ սրտովը չէ և, իմ կարծիքով, հակառակ է ընկեր Լենինի պատգամներին։

Նրան ներում էր շնորհվել։ Կառավարությունը անգամ թույլ էր տվել, որ վերադառնա գյուղ և զբաղվի իր վարուցանքով, հաստատեց նախագահը։

Տեսնու՞մ ես։ Իսկ որոշ մարդիկ կարգադրել են նրան բռնել։ Որ Մորուքին կբռնեն, դա անկասկած է, բայց թող մեր ձեռքով չլինի։ Նա գիշերով եկավ քեզ մոտ, այնպես չէ՞, հարցրեց միլպետը։

Այո, մութով եկավ և մութով գնաց։

Ուրեմն՝ որոշեցինք. դու կասես, որ քո տանը այդպիսի մարդ չի եղել։ Ռուսերեն դրան ասում են «սուխոյ ատկազ»։ Կնոջդ էլ զգուշացրու, որ բերանը փակ պահի։ Ծանր օրեր են, Ռաշիդ, մի բուռ ժողովուրդ ենք մնացել, պահենք մեր լավերին։ Լսեցի՞ր ինչ ասաց. կարասին հարց տվին. ինչի՞ց է վախենում, ասաց փոքրիկ ամաններից։

Այս ասելով միլպետ Վաչագանը նախագահի հետ ելավ գյուղամեջ, ձևականության համար հարցաքննեց մի քանի բնակիչների և մեկնեց շրջկենտրոն։

"Ռանչպարների Կանչը" ստեղծագործության մյուս մասերը

Յատուկ Երաժշտություն
Մեղեդի
Առնո Բաբաջանյան

Մեղեդի

Հաղպատի գյուղացիների ապստամբությունը 1903թ
Հաղպատի գյուղացիների ապստամբությունը 1903թ
Խաղա առցանց