Խաչիկ Դաշտենց

Ռանչպարների Կանչը

2

ՍԱՄԻՐՈՎ ՃԱՇ

Քաղաքից հեռանալով, ես բռնեցի Քանասարի ճանապարհը։ Բայց հանկարծ վարանում եկավ վրաս։ Դեպի ո՛ր կողմը գնալ։ Բարձրանալ դեպի Սասուն, թե իջնել Մշո դաշտ։ Դեպի Սասուն գնալու համար ես պետք է բարձրանայի Սիմ լեռան լանջերն ի վեր և նրա գագաթներից մեկով, որ ճանճիկ էր կոչվում, շրջվեի Շենիք և Սեմալ գյուղերի վրա։ Մշո դաշտ գնալու համար՝ պետք է շարժվեի Քանասարի լանջերով՝ ուղղություն վերցնելով դեպի արևելք։ Քանի որ բռնել էի վերջին ճանապարհը, որոշեցի շարունակել այն։

Իմ ետևում մնաց Մուշ քաղաքը իր աղջկանց վարժարանի նորակառույց շենքով։ Այդ շինության վրա մի ժամանակ ես էլ էի աշխատում, օգնելով իմ Հովհաննես հորեղբորը, որ որմնադիր էր այնտեղ։ Քար ու շաղախ էի կրում, որ հայոց աղջիկները կարդան։

Քանասարի վրա մի նշանավոր վայր կար, որ Ծծմակա Քիթ էր կոչվում։ Ծծմակը քարքարոտ բազուկներից մեկն էր, որ կտրուկ իջնելով վերջանում էր Մշո դաշտի մեջ, Ալվառինջ գյուղի ետևում։

Երեք գյուղ կար Մշո դաշտում, ուր բնակիչները կաթոլիկ էին՝ Հավատորիկ, Բերդակ և Նորշեն։

Ես աննկատելի հասել էի վերջին երկու գյուղի սահմանագլխին և պատրաստվում էի Ալվառինջի մոտով դեպի Ծըծմակ բարձրանալ, երբ տեսա երկու մարդ վազում են իմ ետևից։ Մեկը նորշենցի էր, իսկ մյուսը՝ բերդակցի։ Նորշենցին միջակից քիչ ցածր էր, բարակ կեռ բեղերով, ձեռքին մի կծիկ պարան կար և մի քանի ցցափայտ։ Նա զայրացած վիճում էր բերդակցու հետ, որը ոչ մի կերպ չէր համաձայնում պարանի ծայրը բռնել։ Նրանք մեկ-երկու տեղով կանգ առան, նորից վիճեցին և համաձայնության չգալով՝ շտապեցին իմ ետևից։

Երևում է դու մշեցի ես և քաղաքից ես գալիս, մի եկ էս չվանի ծայրը պահիր՝ սահմանը որոշենք, ասաց նորշենցին, որին կոչում էին Ֆրանկ-Մոսո, և իմ թևից քաշելով պարանի ծայրը զոռով դրեց բռիս մեջ։

Դե հիմա գնա դեպի Բերդակ գյուղի Սալով աղբյուրի կողմը։ Ես չվանը կամաց-կամաց կարձակեմ քո ետևից, որտեղ կասեմ՝ կանգնիր, կկանգնես, ասաց Ֆրանկ-Մոսոն և իր մոտի ցցափայտերը ինձ տալով՝ հրամայեց, որ առաջանամ։

Վերցրի ցցերն ու գլուխս դեպի նրա ցույց տված կողմը ուղղելով, շարժվեցի առաջ, իմ ետևից քարշ տալով պարանը։

Էդտեղ կանգնիր, գոռաց Ֆրանկ-Մոսոն իմ ետևից և դառնալով բերդակցուն՝ ասաց. երկայնքը վաթսուն չվան է, իսկ լենքը եղավ քսան չվան ու կես։ էլի՛ գնա, հրամայեց նորշենցին, ու ես, պարանի ծայրը մեջքիս ետև բռնած, ցցերը թևատակիս շարժվեցի առաջ։

Էդտեղ կանգնիր։ էս եղավ հիսուներկու չվան ու կես, ազդարարեց նորշենցին։

Իսկ հիմա երեք չվան ետ արի ու գնա դեպի Նորշենի կողմը, կարգադրեց բերդակցին՝ պարանի ծայրը նորշենցու ձեռքից բարկությամբ վերցնելով։

Այս անգամ ես կատարեցի բերդակցու հրամանը։ Այդ մարդիկ ինձ այնքան տարան ու բերեցին մերթ դեպի Բերդակի, մերթ դեպի Նորշենի կողմը, որ ես հոգնեցի քարափից-քարափ գնալով, մի հանդից մյուսը վազվզելով։

Նորշենցին ու բերդակցին նորից սկսեցին տաքացած վիճել։ Բերդակցին բարկությունից նորշենցիներին անվանում էր «գրիրա (կրյա) ուտող), իսկ նորշենցին բերդակցիներին՝ «շաղգամ ուտող գավռցի”, և քիչ մնաց գործը տուրուդմբոցի հասներ»

Պատմությունը իմացա։

Այս երկու գյուղերի միջև սահմանային վեճ կար։ Մեկը մյուսի սահմանաքարերը հանելով՝ գիշերով գաղտնի փոխադրում էր մյուսի կողմը՝ հանած քարերի հետքերը վարպետորեն ջնջելով։ Սահմանային այդ վեճը այնպիսի սուր բնույթ էր ընդունել, որ նույնիսկ կռիվներ էին տեղի ունեցել մեկ-երկու քարափի կամ խանդակի համար։ Մի քանի անգամ պաշտոնական մարդիկ էին եկել կենտրոնից և չէին կարողացել հաշտություն կայացնել դրանց միջև։

Չեղա՜վ, ասել էր բերդակցին։

Չեղա՜վ, պնդել էր նորշենցին։

Եվ ահա այս երկու հարևան գյուղերի ներկայացուցիչները համայնքների կողմից լիազորված իջել էին դաշտ՝ իրենց գյուղամիջյան սահմանը վերջնականապես ճշտելու։ Եվ որովհետև բերդակցիները գավառի, այսինքն Սասունի կողմից գաղթած լեռնականներ էին և իրենց շաղգամի արտերը և խոտհարքները չափում էին պարանով, ինչպես իրենց պապերն էին արել, ուստի բերդակցին առաջարկել էր սահմանային վեճը լուծել անպայման պարանի օգնությամբ։

Նորից ինձ տարան ու բերին քարափից-քարափ և այնքան վիճեցին, որ իրենք էլ հոգնեցին, ես էլ։ Երբ չվանը տանում էի դեպի Բերդակի հողային տարածությունները, բերդակցին էր գոռում նորշենցու վրա, երբ Նորշենի կողմն էի տանում, նորշենցին էր նեղանում ու խռոված հեռանում։

Չեղա՜վ, ասում էր բերդակցին։

Չեղա՜վ, պնդում էր նորշենցին։

Պաշտոնյաներից մեկը արել էր այսպիսի մի առաջարկություն. «Գնացեք ձեր տները, ամեն մեկդ ձեր ուզած ձևով մի ճաշ եփել տվեք, լցրեք հողե ամանների մեջ և նույն ժամին հավասար քայլով ճամփա ընկեք դեպի դաշտ։ Որտեղ ձեր ճաշերը սառեցին, այնտեղ էլ կդրվի ձեր սահմանը»։

Տեսան, որ համաձայնության չեն գալիս, որոշեցին հարցը այդ ձևով կարգավորել։ Ինձ վկա գրեցին վիճելի սահմանի վրա, մոտս թողնելով պարանի կծիկն ու ցցափայտերը, իսկ իրենք գնացին, մեկը՝ դեպի Բերդակ, մյուսը՝ Ֆրանկ-Նորշեն։

ճիշտն ասած, ես էլ դեմ չէի, որ հարցը այդ ձևով լուծվի, որովհետև այդ գյուղերի հանդերը չափչփելով այնպես էի հոգնել ու քաղցել, որ սիրով կուզենայի բաժին ունենալ նրանց եփած ճաշերից։

Ես այդտեղ սպասեցի մինչև եղավ կեսօր։ Մեկ էլ վեր նայեցի՝ տեսնեմ գալիս են, բերդակցին՝ Բերդակի կողմից, Ֆրանկ-նորշենցին՝ Նորշենի։ Գալիս էին հավասար քայլով, ինչպես պայմանավորվել էին, և հանդիսավորությամբ, ամեն մեկի ետևից մի քանի մարդ և կին իբրև վկա, նաև երեխաներ, ամանով ճաշերը իրենց կրծքի առաջ երկու ձեռքով պահած։

Հանկարծ Ֆրանկ-Մոսոն իրենց սահմանի մեջ շփոթված կանգ առավ։ Նրա եփած ճաշը ձվածեղ էր և սառել էր դեռ չհասած նույնիսկ նախկին սահմանին։ Իսկ բերդակցու կինը խորամանկ էր եղել և եփել էր սամիրով ճաշ։ Սամիրը դեղին կորեկի տեսք ունեցող գավարսն է։ Ծեծում են և նրանից եփում են թանով սամրե ճաշ, որ երկար ժամանակ տաք է մնում։

Բերդակցին անցավ իրենց գյուղի նախկին սահմանը և Հաղթական շարժվեց դեպի նորշենցու կանգնած տեղը, մի քանի ոտնաչափ խորանալով հարևան գյուղի հողային տարածության մեջ։ Ես ցիցը տարա և ամրացրի Ֆրանկ-Մոսոյի կանգնած տեղում։

Այդպես հաջորդաբար ամրացրի նաև մյուս ցցերը։

Ու սահմանը որոշվեց ժողովրդական հավատքի ուժով՝ համաձայն պայմանի։

Ձվածեղը բերդակցին կերավ, իսկ սամիրով ճաշը բաժին ընկավ ինձ։

Վա՜յ, Կաքավ, Մոկնաց Հովհաննեսի աղջիկ, էս չվանի մեջ ավելի շատ խելք կա, քան քո գլխի, բացականչեց Ֆրանկ-Մոսոն իր կնոջ հասցեին, պարանի կծիկն ու մնացած ցցերը իմ ձեռքից առնելով։ Աշխարհը քո սիրուն երեսին նայի, թե քո բռնած գործին։

Կնոջ խելքը բնովի է և ոչ թե գնովի, վրա թերեց բեր՜դակցին մանրիկ ծիծաղելով։

Թեպետ հողային սահմանը երկու գյուղերի միջև վճռվեց իրենց պայմանավորված ձևով, բայց ես զգացի, որ Ֆրանկ-նորշենցիները դժգոհ մնացին արդյունքից և նրանցից մեկը նույնիսկ ոտքով աննկատելի զարկեց իմ ձեռքին, երբ ես կռացած վերջին ցիցն էի ամրացնում։

Կողմերը շարժվեցին դեպի իրենց գյուղերը, բերդակցիներր ուրախ տրամադրությամբ, նորշենցիներր տխուր։

Ամենից տխուրը Ֆրանկ-Մոսոն էր։ սա քայլում էր գլուխը կախ, կարծես ամաչելով գյուղ մտնել։

Իսկ իմ մտքերը ուրիշ տեղ էին։

Դաշտեցի այդ երկու հողագործների միջև ծագած վեճը ավարտված համարելով, ես իմ կապոցը վերցրի և Բերդակ գյուղի տակով քայլերս ուղղեցի դեպի Ծծմակի բարձունքները։

ՏԵՐԳԵՂԱՆՔԻ ԳԻՇԵՐԸ

Ծծմակի գագաթի մոտ մի բարձր քարաժայռ կար։ Մագլցեցի վեր և նստեցի այդ ժայռին։ Կողքիս մի խոր կիրճ էր բացվում, երևում էին վիհեր, անձավներ։ Այդ կիրճն ու վիհերը համարվում էին Մշո դաշտի բուք ու բորանի որջերը։ Այդտեղից էին ամպրոպն ու մրրիկը որոտմունքով խուժում դաշտի վրա։

Ծծմակը հայտնի էր իր կաքավներով, որոնք վաղ արևածագից մինչև ուշ մայրամուտ կվկվում էին ձորերի ու ծերպերի մեջ, իրենց գունագեղ փետուրները ժայռերին թափելով։

Վարժապետ Սենեքերիմը պատմում էր, որ երբ Մշո դաշտի հեթանոս տաճարները կործանվեցին, նրանց քրմերն ու քրմուհիները քարակաքավներ դարձան ու թռան դեպի ապառաժոտ բլուրները։ Նրանց մի մասը թաքնվեց Ծծմակա Քթի ծերպերի մեջ։

Ահա նրանք խմբերով բխում են Ծծմակի քարուտներից և, խախաբալով ու զգույշ պտույտներ գործելով արևի տակ՝ մայրամուտից առաջ շտապում են թաքնվել իրենց խոռոչներում։ Մի քանիսը ուղղակի իմ ոտքի տակից թռան և ոլորապտույտ գլորվեցին դեպի ձորը։ Ես նայում եմ նրանց և մի տեսակ սրբազան ղող է պատում ինձ. մի՞թե իսկապես դրանք այն հին քրմերի ու քրմուհիների վերափոխված մնացորդներն են։

Բարձր քարաժայռին նստած ես երկար նայեցի Մշո դաշտին։ Բայց դաշտի առաջին բնակիչները, ըստ ավանդության, եղել է Սիմ նահապետի սերունդը, որ ջրհեղեղից հետո բնակություն է հաստատել Մշո թիկունքի լեռներին, որոնք նրա անունով այնուհետև կոչվեցին Սիմ։ Սիմ նահապետի կրտսեր որդի Տարբանին բաժին ընկավ այդ լեռների առաջ տարածված հարթությունը. այն էլ նրա անունով կոչվեց Տարբանի կամ Տարոնի դաշտ։

Մի ուրիշ բան էլ էր պատմում պարոն Սենեքերիմը։ Ոչ, սխալվեցի, այդ պատմողը Մելքոն վարժապետն էր, «Ռանչպարների կանչի» հեղինակը։ նա ասում էր, որ Մաշտոցի գրերից առաջ Հայաստանում եղել են քարե հեթանոս մատյաններ։ Երբ թշնամին մտել է Տարոն և սկսել է դրանք ջարդել, նրանց միջի բոլոր գրերը մի ակնթարթում դարձել են մեղուներ և աղմկալի դուրս փախչելով քարե մատյաններից՝ պարս են կապել Ծծմակի և Ծիրնկատարի ապառաժներին։

Գնացեք դեպի Ծծմակի կողմերը։ Առաքելոց վանքի ճանապարհին, ուր Արաբոյի քարն է, աչքերը սրբելով ասաց մի անգամ Մելքոն վարդապետը, իր մոլեգին սլացքի մեջ անշարժացած մի գագաթ կա թուխ ժայռերով, որ կոչվում է Մեղրի քարեր։ Դա մեղրաճանճեր դարձած մեր հին ու հալածական գրերի հավերժական բնակավայրն է։ Իմաստության փոխարեն նրանք այժմ որձաքարերի խոռոչներից կախված մեղր են շինում մարդկանց համար։

Ծծմակա Քթի մեծ ժայռին նստած նայում եմ Մեղրի քարերին։ Մեղուները մայրամուտի ցոլքերի մեջ վերջին պտույտներն են գործում իրենց քարե փեթակների շուրջ։

Ալվառինջ գյուղը իմ աչքի առաջ է։ Դեպի աջ Տերգեվանքն է, իմ մորաքրոջ գյուղը։ Գինեվարդ մորաքույրս խաշած ցորեն է փռել տանիքին։ Սարի կողերով շինականներ են իջնում դեպի գյուղ։ Առաքելոց վանքից են գալիս։ Գնացել են մոմեր վառելու Դավիթ Անհաղթի գերեզմանին։ Մորաքույրս ինձ մի օր վանքում տեսնելով՝ ասաց. «Դու էլ մի մոմ կպցրու Անհաղթի խաչքարին»։ Ես ասացի՝ թող տերգեվանքցիք կպցնեն, իրենց գյուղումն է ծնվել։ «Ինչի, դու հայ չե՞ս», նեղացավ վրաս Գինեվարդ մորաքույրս և մի դեղնամոմ վառելով՝ տվեց ձեռքս, ինձ տանելով դեպի վանքի արևելակողմը և չոքեցնելով մի հին խաչքարի առաջ։

Այնքան հափշտակված էի Ծծմակից դեպի Մեղրի քարերը և Ալվառինջ ու Տերգեվանք գյուղերը բացվող տեսարանով, որ աննկատելի իջավ երեկոն։ Նախ թանձր մթնեց, ապա երկնքի չորս կողմը առկայծեցին աստղերը, ասես իրարից լույս առնելով։

Գեղեցիկ է գիշերը Մշո դաշտում։

Ահա իմ գլխավերևում կանգնած է Հակոբի ցուպը։ Կաթնագույն Հարդագողի եզերքին հետզհետե կամար կապեցին Լուծքն ու Կշեռքը։ Մեկը Հավատամք լեռան ետևից ելավ, մյուսը՝ Մանազկերտի բերդի։ Լուծքի աստղերը ես հիանալի զանազանում եմ իրարից։ Դրանք յոթ սանամոր աստղերն են՝ Մեծ Արջը։ Յոթից առաջինը Մաճկալն է, մի զույգ գոմեշ և մի զույգ եզ լծած։ Վեցերորդը՝ Հոտաղն է Լուծքին նստած, իսկ յոթերորդը՝ զատվորն է, որ մաճկալի և հոտաղի համար հաց է բերել դաշտ։ Զատվորի կողքին հազիվ նշմարվող մի ուրիշ աստղիկ էլ կա, դա էլ զատվորի շնիկն է։

Շուտով կերևա Բույլքը։

Ուղիղ իմ դիմաց կարմրավուն փայլով շողշողում է մի սիրուն աստղ, որ մի քիչ առաջ Նեմրութի թիկունքից ցատկեց երկինք։ Դու նրան մի շփոթիր Լուսաստղի հետ։ Դա Քարվան-Կորուսն է, որով շատերն են մոլորվել ճանապարհներին։

Ցուլի պարանոցի վրա վառվեցին Բույլքի աստղերը։ Լուսինն ու Լուսաստղը ելան։ Ծծմակի քթին նստած տեսնում եմ, թե ինչպես Լուծքն ու Կշեռքը, Լուսաստղն ու Քարվան-Կորուսը փայլփլելով դանդաղորեն շարժվում են Մշո դաշտի վրայով։

Մի աստղիկ դեմ է առել Մեղրի քարերին և շունչը պահած նայում է Սիմ լեռան քերծերից իրեն ժպտացող մի ուրիշ աստղի։

Ուշ գիշեր է։ Ինչ-որ մեկը իր արտն է վարում դիմացի լանջին։ Երևի Ալվառինջի շինականներից է։ Այնպես պարզ լսվում է գութանի ճռռոցը գիշերային խաղաղության մեջ։ Եզները հոգնած շարժվում են լեռան կողերով։ Ես տեսնում եմ նրանց կարճ ու կեռ եղջյուրները, որ մերթ ստվերի մեջ են ընկնում և մերթ ուժգին փայլում լուսնի տակ։

Գնացի բռնեցի գութանի մաճը և մինչև լուսադեմ վարեցի։ Բույլքը այնպես պայծառորեն շողում է երկնքում։ Այդ այն ժամն է, երբ ուղևորները ասում են իրար, «Վե՛ր կացեք, Բույլքը ելել է, ճանապարհ ընկնելու ժամանակ է»։

Բայց ես ու՞ր պիտի երթամ և ո՞րն է իմ ժամը ճանապարհ ընկնելու։

Երբ վեջին անգամ նայեցի դեպի երկինք, Մաճկալն անհետացել էր՝ իր հետ տանելով զույգ լծկանին, հոտաղին և զատվորին։ Շնիկն էլ չկար։ Կշեռքն ու Լուսինն էլ չէին երևում։ Մնացել էր միայն Լուսաստղը։ Ես Ալվառինջի շինականին թողեցի իր կարճ եղջյուրներով եզների հետ և Լուսաստղի լույսով շարժվեցի Ծծմակն ի վեր։

"Ռանչպարների Կանչը" ստեղծագործության մյուս մասերը

Յատուկ Երաժշտություն
Վաղարշապատ
Կոմիտաս

Վաղարշապատ

Հաղպատի գյուղացիների ապստամբությունը 1903թ
Հաղպատի գյուղացիների ապստամբությունը 1903թ
Խաղա առցանց