Խաչիկ Դաշտենց
Ռանչպարների Կանչը
36
ԿԻՆԸ ՉՀԱՍՑՐԵՑ ՏԱՔԴԵՂ ԲԵՐԵԼ
Չոլոն Ոսկեթաս գյուղի մի անշուք խրճիթում նստած իր խուրջինն էր կարում։ Կարում էր հաստ մախաթով։ Ավարտելուց հետո խուրջինը թափ տվեց և մի քանի իրեր փաթաթելով դրեց մեջը։ Ապա շինեց մի գլանակ և թամբաձև աթոռը առաջ քաշելով, նստեց և սկսեց հանգիստ ծխել։
Նա արդեն նորոգել էր իր ոտնամանը և, չնայած որ ամառ էր, բրդյա տաք գուլպաներ էր հագել։ Խուրջինի մեջ դրել էր նաև մի նախշուն ելեկ, մի քանի կոճի թել, մի հերոն, երկու–երեք կտոր օճառ, ծխախոտ և թիթեղյա մի բաժակ։ Հացն էր պակաս, այն էլ շուտով պատրաստ կլիներ։ Կնոջն ուղարկել էր ալյուրի ետևից։
Չոլոն ճանապարհներին մեծացած մարդ էր, ուստի կարևոր համարեց ստուգել նաև իր ձեռնափայտը։ Ելավ տեղից, անկյունից վերցրեց ճոկանը, մի քանի անգամ դրեց անրակի տակ և ամբողջ մարմնով ընկավ վրան, շուռումուռ տվեց և երբ համոզվեց, որ դիմացկուն է, դրեց խուրջինի վրա, պատի տակ։ Այնուհետև կարգի բերեց իր գլխարկը, մեջքի գոտին։
Հագին բամբակյա մի հին տաքնոց կար. ստուգեց կոճակները։ Ամեն ինչ տեղն էր։
Ներս մտավ Յադիգամը, Չոլոյի կինը, մի ծածկված տաշտակ թևի տակ։
Դե, շուտ արա հացը թխիր, դիմեց նա կնոջը այնպիսի եղանակով, որով սովորաբար դիմում են երկար ճանապարհ գնացողները։ Ինչքա՞ն ալյուր տվին։
Կոլխոզը ալյուր չունի։ Բարսեղի տնից բերեցի։
Դե, թոնիրը վառիր։ Մի քանի հատ էլ ձու կխաշես։
Ին՞չ է եղել, Չոլո, էս ի՞նչ պատրաստություն է, ասաց Յադիգամը տաշտակով ալյուրը իջեցնելով խուրջինի կողքին։
Յադիգամը մշեցի աղջիկ էր, որի հետ Չոլոն ամուսնացել էր Թալինի բերդը գրավելուց հետո։
1926–ին Չոլոն հինգ տարով ուղարկվել էր Տաշքենդ։ Այնտեղ նա զբաղվել էր կոշկակարությամբ, մի քանի ամիս էլ վարսավիր էր եղել։ Վերադարձից հետո դարձել էր հնակարկատ և գյուղացիների կոշիկներն էր նորոգում։
1934–ին ընդունվեց կոլտնտեսության մեջ։ Երրորդ տարին էր, որ նրա խնամքին էր հանձնված անասունը։ Ամեն առավոտ Չոլոն եզներին քշում էր արոտ, արոտից կալ, կալից դարձյալ արոտ։ Ժամանակին կերակրում, ջրում էր եզներին, մաքրում էր նրանց ախոռը և ուշ գիշերով վերադառնում էր տուն։ Չոլոն արդու հարվածային եզնարածի անուն էր վաստակել և համարվում էր շրջանի լավագույն անասնապահներից մեկը։ Այնքան նվիրված աշխատող էր, որ երբեմն լուսացնում էր եզների կողքին»
Բայց ահա դրանից մի օր առաջ Չոլոյին ազատել էին աշխատանքից։ Կինը չէր իմանում այդ մասին։ Պատճառաբանել էին, թե Չոլոն կոլխոզի եզներին ծեծում է։ Կանչել էին գրասենյակ և ուղղակի ասել. «Վաղվանից էլ եզնարած չես», ու գործը հանձնել էին մեկ ուրիշի։
Չոլոն կյանքի անցուդարձը հասկացող մարդ էր և գիտեր, թե ինչը ինչոց է։ Մորուք Կարոն և Զնգլիկ Պետոն անցել էին Պարսկաստան։ Փեթարա Իսրոն և Տեր Քաջի Ադամը հանգչում էին Դավթաշեն գյուղի ձորալանջին։ Մորուք Կարոյի կնոջը և երեխաներին արտաքսել էին գյուղբից։ Օհանի որդիներից մեկին, որին Մարթան բերել էր իրենց տուն որպես տղա ժառանգ, Մորուքի պատճառով հանել էին դպրոցից և նա գյուղից անհայտանալով, սկսել էր ապրել ուրիշ անվան տակ։
Տագնապի մեջ էին նաև հին ֆիդայիներ ձիապան Բարսեղը և Առղա Զորիկը։
Չոլոն զգում էր, որ իրեն կձերբակալեն, և կձերբակալեն հենց այդ գիշերը։ Ահա թե ինչու նախապես կարգի էր բերել խուրջինը և ամեն րոպե սպասում էր, թե ուր որ է կգան իր ետևից։
Գաղտնապահ մարդ էր Չոլոն։ Ֆիդայական կյանքը նրան վարժեցրել էր ծածկամտության։ Այդ էր պատճառը, որ նա չէր ուզում կնոջը բան ասել, սակայն կինը զգում էր, որ Չոլոն մի կարևոր ճամփորդություն ունի կատարելու։
Մի բան մխիթարական էր, որ Չոլոն արդեն պսակել էր իր աղջկան։ Մնացել էին ինքը, Յադիգամը և փոքրիկ Սարհատը՝ որդին։
Թեպետ ուշ էր, բայց Յադիգամը թոնիրը վառեց։ Իրիկնադեմին հացը պատրաստ Էր։ Կինը ամուսնու համար թխել Էր նաև մի քանի գաթա։
Գաթաները դիր խուրջինը, իսկ ձվերը փաթաթիր լավաշի մեջ։ Աղը չմոռանաս։ Յադիգամը լռելյայն կատարեց ամուսնու պատվերը։ «Ուրեմն բարի ճամփա Է գնալու» մտածեց կինը և մի ուրախ շող անցավ նրա տխրամած դեմքով։
Տանը սխտոր կա՞, հանկարծ հարցրեց Չոլոն։
Կճարվի, ասաց կինը։
Մի քանի պճեղ սխտոր դիր, մի քիչ Էլ տաքդեղ։
Սխտորն ի՞նչի համար է, մռայլվեց կինը։
Քեզ ասում եմ՝ դի՛ր։
Յադիգամը բերեց սխտորը և շտապեց տաքդեղի ետևից։ Չոլոն սխտորը թղթի մեջ փաթաթելով կոխեց տաքնոցի գրպանը։ Նա նորից վերցրեց ձեռնափայտը և շուռ ու մուռ տվեց։ Ծայրը քիչ մաշված Էր։ Մի անգամ Էլ հենվեց վրան ամբողջ մարմնով կամենալով փորձել ամրությունը, երբ դուռը բացվեց և միագամից ներս մտան հինգ զինված տղամարդ։
Չոլոն խուրջինը շալակած դուրս եկավ։
Կինը չհասցրեց տաքդեղ բերել։
Ճանապարհին իմանալով պատահածի մասին, Յադիգամը լալահառաչ վազեց գյուղսովետի և կոլխոզի գրասենյակ հայտնելու, թե եկել են Չոլոյին տանելու՝ օգնության հասնեն։ Գրասենյակից հուսահատ դուրս եկավ և վազեց ձիապան Բարսեղի տուն։ Այս հին հայդուկը Չոլոյի մերձավոր բարեկամն Էր։ Այդ օրվա մի տաշտակ ալյուրը Յադիգամը փոխարինաբար վերցրել Էր Բարսեղի տնից։ Այդ տանն Էր գտնվում նաև Չոլոյի մանուկ Սարհատը։
Մինչ Յադիգամը կվերադառնար Բարսեղի և իր որդու հետ, իրենց դռան վրա մի սև ծանր կողպեք Էր դրված՝ կնիքը վըրան։
Վա՜յ, անխիղճնե՛ր, Չոլոյիս տարան։ Գոնե թողնեին վերջին անգամ իր որդի Սարհատին տեսներ, ծղրտած Յադիգամը՝ անզորությամբ կախվելով երկաթե փականից։
ՉՈԼՈՅԻ ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԸ
Չոլոյին գիշերով ուղիղ Վերին Թալին տարան։ Շրջկենտրոնի գրեթե բոլոր ղեկավար աշխատողները ճանաչում Էին նրան, ոմանք ի պաշտոնե, իսկ ոմանք Էլ պարզապես լսել Էին, որ այդպիսի մի հին ֆիդայի Է ապրում իրենց գավառամասում։
Երբ Չոլոն ներս մտավ, գավառամասի լիազորը զգաստ կանգնած Էր իր գրասեղանի առաջ, ձախ բռունցքը գրասեղանի անկյունին սեղմած, աջ ձեռքի մատները խրած գորշ կանաչավուն վերնաշապիկի տակ, մազոտ բթամատը վերևից խաղացնելով պղնձյա դեղին ճարմանդների հետ։ Մաուզերի կոթը ուռուցիկ գալիֆեի վրայով կախվել Էր մինչև ճտավոր սապոգի ծայրը։ Հայացքը խիստ Էր և հոնքերի թուխպը շատ։ Կապտերիզ գլխարկը, պսպղուն ուսադիրները և կաշվե լայնեզր գոտու վրայով կրծքի և մեջքի կողմից թեքությամբ իջնող փոկերը ավելի դաժան երևույթ Էին տալիս նրա պաշտոնական կեցվածքին։
Խեր լինի, էս գիշերով ինչու՞ էիր էդքան զորք ուղարկել իմ ետևից, Հեռախոսով կանչեիր՝ կգայի, բրաո, ասաց Չոլոն մտերմական շեշտ տալով իր խոսքին և խուրջինը ձեռնափայտի հետ շալակից իջեցնելով։
Երևի գործ կա, որ քո կարիքը գիշերով զգացի։ Կանչել եմ, որ քեզ մկրտեմ։
Անունդ Մկրտիչ է, իրավունք ունես։ Է՜, մկրտիր տեսնենք։ Ես արդեն մի անգամ մկրտվել եմ Տաշքենդի ավազներում։ Մեկ անգամ էլ թող քո ձեռքով մտնեմ Հորդանան։
Բայց էս մկրտությունը ծանր է լինելու, իմացիր։
Մկրտիչ, ղուրբան, դարձյալ նույն մտերմական շեշտով շարունակեց Չոլոն, ես գիտեմ, որ դու չես ուզում ինձ կալանավորեր Մի ասա տեսնենք, թե ես ի՞նչ մեղք եմ գործել հայի կամ ուռուսի դեմ։
Հայի կամ ռուսի դեմ մեղք չես գործել, բայց կոմունիզմի դեմ գործել ես։
Զորօրինակ ի՞նչ եմ արել, ասաց Չոլոն նստելով մի խարխլված աթոռի և խուրջինը կողքին քաշելով։
Դու ծեծել ես կոլխոզի եզներին։
Իմ միտ չի գա, էդ ես ե՞րբ դարձա եզ ծեծող։ Կամ ո՞վ է տեսել, որ ծեծել եմ։ Չէ որ ես գյուղացի եմ, իսկ լծկանը գյուղացու ախպերն է։
Դու գյուղացի չես։ Դու ժողովրդի թշնամի ես։
Ես քառասուն տարի ժողովրդի համար եմ կռվել, հիմա ես դարձա ժողովրդի թշնամի, դուք՝ բարեկա՞մ։ Մեր կռիվը ու՞մ դեմ էր, ղուրբան, բեկերի ու աղաների դեմ։ Խենչալը զարկել էին Հայաստանի մեջքին, ուզում էիք» որ մենք ձեռքներս ծալած նստե՞ինք։ Չոլոն աթոռը ավելի մոտ քաշեց, արմ ունկները դնելով ուղղակի պետի գրասեղանին։ Բա Փեթարա Իսրոն ժողովրդի թշնամի՞ էր։ Խեղճը խուրջինը մեջքը գցած որբ երեխաներ էր հավաքում ավերակներից, որ շիթիլ աներ Հայաստանի համար։ Վերջին որբին խաղ ասելով էր առել մի քրդի ձեռքից։ Բա Մորուք Կարոն ժողովրդի թշնամի՞ էր, որ խեղճին ուզեցիք բռնել, թողեց փախավ Շեյխ Զիլանի ապստամբների մոտ։ Ոչ էլ Արծիվ Պետոն էր թշնամի։ Հիմա էլ ընկել եք իմ ետևից։ Ես արդեն, մի քանի անգամ ջուրն եմ ընկել և ձեր հեղեղից վախեցողը չեմ, բրաո։ Չոլոն կոլխոզի եզներին է ծեծել։ Ո՞վ կհավատա էդ պոչավոր ստին, ցավալի շեշտով բացականչեց սասունցին և խնդրեց, որ իրեն թույլ տրվի մի գլանակ փաթաթել։
Մի հատի իրավունք կտամ։ Ուրեմն ժխտու՞մ ես քո հանցանքը։
Իմ պահած լծկանը միշտ կուշտ է եղել, բրաո։ Եվ եթե մեկ–երկու թեթև հարված եմ տվել, չի նշանակում, թե եզապահ Չոլոն լծկան ծեծող է։ Եզներին ծեծելը մահանա է, ղուրբան։ Ձեր միտքը ինձ բռնելն էր ու բռնեցիք։
Ավելորդ մի խոսիր, բաց արա խուրջինդ, հրամայեց պետը։
Չոլոն ուսապարկը կողքից վերցնելով դրեց պետի առաջ։
Մեջը զենք չկա՞։
Մի հերոն կար՝ արդեն հանեցին։
Իսկ էս ի՞նչ բան է, բոլորովին նման չէ մեր երկրի ապրանքին, ասաց Սև–Մկրտիչը շորերի կապոցից դուրս քաշելով արծաթյա կոճակներով մի ելեկ, որ բավական մաշված էր։
Ի՞նչ անեմ, ախպեր, քուրդն ասում է՝ սոխը ինչքան կճպես, էնքան կճեպ կտա։ Սա Ջեմիլի նվերն է։
Ջեմիլն ո՞վ է,
Խութա քուրդ ցեղապետի կինն էր։
Վրան սիրահարվա՞ծ ես եղել։
Նա էր մեզ վրա սիրահարված, բայց մենք կյանքը մոռացած տարվեցինք ազգի ու հայրենիքի փրկության գործով։ Մոռացանք թե՛ սեր, թե՛ ընտանիք և թե՝ ուրախություն։ Ամեն բան տվինք ազգին ու հիմա տակը ի՞նչ մնաց. մի բուռ խաշած ձավար։
Չոլոն ելեկը դրեց խուրջինը և զգաց, որ իրեն վերադարձ չկա դեպի գյուղ։
Սև–Մկրտիչը սեղմեց ինչ–որ կոճակ։ ներս մտան երկու աշխատակից։
Շտապ հասցրեք քաղաք։ Չոլոն խուրջինը շալակեց.
Ես կերթամ, բայց աշխարհը էսպես չի՛ մնա, ղուրբան, ասաց նա շեմքից ետ դառնալով և խոսքը ուղղելով պետին, կգան ավելի խելոք մարդիկ և ձեզ բոլորիդ կդատեն աշխատավոր մարդու հետ էսպես անխղճաբար վարվելու համար։ Արդար կարգ կլինի աշխարհում։ Բայց էդ ժամանակ ոչ ես կլինեմ, ոչ դուք։
Չոլոյին Երևան տարան փակ ավտոյով, հետը դնելով երեք զինված հսկիչ։ Ճանապարհի խորդուբորդից ու պտույտներից Չոլոն զգում էր, թե որտեղ հասան։
Անցան Կաթնաղբյուրը։ Ահա և ավտոն թեքվելով իջավ Դավթաշենի ձորը։ Այդ ձորից վերևը մի մենավոր գերեզման կար։ Չոլոն նստած տեղը ախ քաշեց։
Ինչու՞ ախ քաշեցիր, սաստեց հսկիչներից մեկը, անցքից ներս նայելով։
Իմ ախ քաշելը ձեզ դա՞րդ եղավ, դուք կարող եք ծիծաղել, նկատեց Չոլոն և հուզմունքից բեղի ծայրը այնպես բարակ ոլորեց, որ կարող էր անցնել ասեղի ծակով։
Ներքևում մնաց Աշնակը, վերևում՝ Ներքին Բազմաբերդը։ Չոլոն հսկիչների խոսակցությունից զգաց, որ Թալինը մոտ է, որովհետև նրանք սկսեցին խոսել Թալինի վանքը քանդելու մասին։ Երկուսը պնդում էին, թե պետք է քանդել, իսկ երրորդը խոհեմաբար դիմադրում էր։
Դեռևս պատանի հասակում շատ սասունցի տղաների և աղջիկների նման Չոլոն էլ պահոցի վերջին օրվա փոխինձի ճաշից մի պատառ տարել ու դրել էր իրենց տանիքին և հեռվից հսկել, թե թռչունը այն կտցելիս ո՛ր կողմի վրա է թռչելու։ Ո՛ր ուղղությամբ թռչեր՝ իր բախտն էլ այդ ուղղությամբ կերթար։ Եկավ մի հավք և Չոլոյի փոխինձը տանիքից կտցելով թռավ դեպի հարավակողմ։ Եվ Չոլոն ամբողջ ժամանակ հավատացած էր, թե իր բախտը հարավից պիտի գար։
Խե՜ղճ Չոլո. թռչունը կտցեց ու թռավ, տարիները գնացին ու տակը մի փլված մատուռ մնաց…
Ձախ թևի ուղղությամբ մնացին Կաքավաձորը և Պարտիզակը, իսկ նրանից վերև, սարալանջին՝ Լեռնարոտը, Պետոյի գյուղը։
Պարտիզակը Չոլոյին ՛հիշեցրեց Գեղաշենի ռես Ավեին, որովհետև այդ գյուղում էր ապրում կոլխոզնիկ Վարդանը։ Դա այն մանուկն էր, որ պատանցքի մեջ թաքնվելով և ոտքից հարված ստանալով, հրաշքով ազատվել էր ռես Ավեի բովանդակ տոհմից։ Վարդանը աջ ոտքից կաղում էր, և բոլորը Թալինում գիտեին, որ դա Գևորգ Չաուշի ցասումնալից հարվածից մնացած դառնագին հիշատակն էր։
Քաղաքին մոտենալիս Չոլոն ձեռքը տարավ բամբակե տաքնոցի տակ և մի պճեղ սխտոր ծոցից հանելով՝ կուլ տվեց։ Հսկիչները վախեցան, թե կալանավորը թույն է ընդունում և շատ ցավեցին, որ լավ չէին խուզարկել նրա կապոցը և տաքնոցի գրպանները։ Բայց Չոլոն իսկույն հանգստացրեց նրանց ասելով, թե իր կուլ տվածը մի պճեղ սխտոր է։ Բացատրեց, որ մեծ քաղաքի մոտենալիս սովորություն ունի սխտոր և կարմիր տաքդեղ կուլ տալու՝ իբրև հականեխիչ վատ օդի դեմ։ Այդպես է պատվիրել հայրը, երբ առաջին անգամ Սասունից Հալեպ է տարել իրեն։
«ՂԱՐԻԲ ՄՇԵՑԻ»
Զորավար Մախլուտոն Պարսկաստանի վրայով Ամերիկա հասավ ձեռքին մի գավազան, հագին զինվորական վերարկու, ուսին՝ խուրջին։
Շատ հարուստ հայեր և հյուրանոցատերեր իրենց դռները բաց արին նրա առաջ, բայց նա մերժեց թե հարուստ տները, և թե՛ շքեղ ապարանքները։ Լսել էր, որ Ֆրեզնո քաղաքի հեռավոր արվարձաններից մեկում, մի անշուք ճանապարհի վրա տարոնցի իր հայրենակիցներից մեկը փոքրիկ պանդոկ ունի շինած անտուն և անտիրական ճամփորդների համար։
Այդ պանդոկը կոչվում էր «Ղարիբ Մշեցի»։ «Ղարիբ Մշեցի» փուլ եկավ Մախլուտոյի սիրտը այդ անունը հնչելիս։ Եվ որովհետև մութ էր և վայրը անծանոթ, ուստի շփոթված կանգ առավ խավարում անհետացող արահետի եզրին։ Նա գետնին պարզեց իր զինվորական վերարկուն, տոպրակը դրեց գլխատակին և ուզեց մի քիչ ննջել։
«Թող լռեն սոխակները, էլ չծլվլան, Սլացեք կռունկներ դեպի Հայաստան, Լուր տարածեցեք հանուր հայության, Հայոց պաշտպան Քեռին իջավ գերեզման»։
Վերջին բառերը շատ որոշակի լսեց։ Գլուխը բարձրացրեց* թվաց, թե երազ է։ Քեռի՞ն։ Ինչ ծանոթ անուն է։ Քեռի՜ն։ Դա այն նշանավոր հայդուկն էր, էրզրումցի Քաֆթառ Արշակը, որին ինքը տեսել էր Ղարսի արհեստանոցում, մաշված ձիաթամբը նորոգելիս։ Քեռին սպանվել էր Ռևանդուզի կռվին։ Իսկ սա օտար աշխարհ է։ Անկարելի բան է, որ իր լսածը իրողություն լինի։ Ի՞նչ գործ ունի Քեռին այս անհունորեն հեռու աշխարհում։ Ոչ, իր մտքի պատրանքն է դա, մոռացված մի հին երգի խաբուսիկ արձագանքը իր ծերացած ականջների մեջ։
Պատրաստվում էր գլուխը նորից դնել ուսապարկին, երբ մի տղամարդ ճրագը ձեռքին ետևից մոտենալով կռացավ իր վրա։
Եթե ղարիբ ես, գնանք մեր պանդոկը։ «Ղարիբ Մշեցին» անտուն և անքուն ուղևորների համար է։
Սա արդեն պատրանք չէր։ Իսկ որտե՞ղ է «Ղարիբ Մշեցին»։
Այստեղից շատ հեռու չէ, հնչեց օտարականի ձայնը։ Ես ձեզ կտանեմ։ Իմ պաշտոնն է գիշերները շրջել ճանապարհներին և անօթևան ուղևորներին առաջնորդել այնտեղ։ Պանդուխտ հայերի համար պանդոկը մեկ շաբաթով ձրի է, իսկ օտարականների համար՝ կես վճարով։ Թույլ կտա՞ք օգնեմ։
Իմ բեռը շատ թեթև է, ասաց Մախլուտոն՝ հագնելով վերարկուն և խուրջինը առնելով ուսին։
Ճրագով մարդը ընթացավ առջևից, իսկ Մախլուտոն հետևեց նրան լուռ ու գլխահակ։ Ճանապարհը մութ էր, ավազոտ, և Մախլուտոն շարժվում էր առաջ աչքը պահած առջևից գնացող տղամարդու ոտքերին, որոնք զարմանալի խոշոր էին երևում ճրագի արձակած լույսից։
Հեռվում առկայծեց մի ավելի պայծառ լույս և թնդաց հայդուկային կորովի մի երգ թմբուկի և սրնգի նվագակցությամբ.
Գնդակ որոտաց նոյեմբեր ամսուն, Պաշարված ենք մենք, իմ սիրուն Սոսե։ Հասիր, Անդրանիկ, հասիր օգնության, Սերոբ Փաշեն. կզոհվե ի սեր ազգության։
Մախլուտոն անշարժացավ տեղում։
Որքան որ անակնկալ չէր «Ղարիբ Մշեցի» պանդոկի գոյությունը, անակնկալ էր այդ երգը օտարության մեջ, այդ ուշ գիշերով։ Դրան հաջորդեց Սուլուխի նշանավոր կռվի երգը, որի մեջ հիշատակվեց նաև իր անունը։ Ուրեմն իր սերունդը դարձել է պատմություն, դարձել է երգ ու վիպասանություն, հասնելով մինչև նոր աշխարհի ափերը։ Ո՞վ բերեց այդ երգը այդտեղ։ Որտե՞ղ է գտնվում ինքը։ Ուրեմն Քեռու երգը նույնպես իրողություն էր և ոչ թե պատրանք, ինչպես ենթադրել էր քիչ առաջ։ Ու հպարտության հետ մեկտեղ նրա վրա իջավ մի ծանր թախիծ։ Առանց այդ էլ տրտում էր նա իր մեծ կորցրածի և աստանդական թափառիկ բախտի համար և ահա այդ երգը գալիս էր բոլորովին տակնուվրա անելու իր խռովահույզ հոգին։ Ի՜նչ լավ է, որ մութ է, և ոչ ոք չի կարող նկատել իր արցունքները. ոչ ճրագը բռնած տղամարդը, որ առջևից էր գնում, ոչ աստղերն աղոտ և ոչ էլ այդ գիշերվա ուշացած լուսինը։
Վերջապես պանդոկը երևաց։
Դարձյալ մի քանի քայլ և նրանք պարտեզի միջով կանգ առան երկհարկանի մի շինության առաջ։ Դա արևելյան ոճով շինված մի փոքրիկ հյուրանոց էր ճամփորդների համար։ . Մուտքի ճակատին նկարված էր մշեցի մի հոգնատանջ ճանապարհորդ խուրջինը ուսին, գդակը թևի տակ, որ գավազանի կեռ ծայրով կիսամութի մեջ բախում էր իջևանի դուռը՝ մի տեղ ունենալու ակնկալությամբ։ Տակը կենդանագիր մեծ տառերով գրված էր. «Ղարիբ Մշեցի»։
Ինչպիսի՜ հարազատություն կյանքին։ Որքա՜ն նման է իր վիճակը ցուցանակում պատկերված ուղևորի վիճակին։ Գիշեր էր և ինքն էլ եկել էր բախելու այդ անծանոթ իջևանի դուռը՝ մի տեղ ունենալու ակնկալությամբ։ Ինքն էլ մշեցի էր, և իր ուսին էլ կար ճամփորդական մի խուրջին։.
Թավ, ոլորուն բեղերով մի տղամարդ ներսից բացեց դուռը և ձեռքով ցույց տվեց դեպի աջ։ Նախ մտավ Մախլուտոն, ապա իր առաջնորդը ճրագը ձեռքին, որը նա մարեց շեմքին, հենց որ խավարը վերջացավ։
Միջանցքում երևաց պանդոկի տնօրենը, կոկիկ հագնված շիկահեր մի այր, բարի, արտահայտիչ աչքերով։ Հոնքերը և երկար թարթիչները այնքան երկար էին, որ հիշեցնում էին մետաքսաթելի նրբին հյուսվածք։
էլ ուրիշ ճամփորդ չմնա՞ց դրսում, հարցրեց նա մտահոգությամբ դիմելով իր սպասավորին։
Էս մեկն էր, պարոն Լևոն, ուրիշ ճամփորդ չգտա։
Կթուն մայրիկի մեղքը քո վիզը, ասաց տնօրենը և արագ շարժվեց դեպի անծանոթ եկվորը։
Լևո՛ն։
Մամիկո՛ն, միաժամանակ բացականչեցին նորեկն ու պանդոկի տնօրենը և փարվեցին իրար։ Երկար ժամանակ այդպես գրկված մնացին։ Ուրիշ ի՞նչ կերպ կարող են զգալ երկու դասընկեր իրար հանդիպելիս երեսուն տարվա բաժանումից հետո։
Լևոնը Կոփա աղբյուր շինող Աղաջանի տղան էր, որ ս. Մարինեի վարժարանում նստում էր Մախլուտոյի կողքին, վերջին նստարանի վրա։ Սակայն մի օր նա կիսատ թողեց ուսումը և անհետացավ քաղաքից։ Հետագայում տեղեկություն ստացվեց, որ գնացել է Ամերիկա։ Այդ փախուստը կատարվել էր պատմության ուսուցիչ պարոն Սենեքերիմի ապտակից հետո։
Շան լակոտ, դու ինչու՞ օսմաներեն ավելի լավ ես կարդում, քան հայերեն, ասել էր պարոն Սենեքերիմը և մի ապտակ դրոշմել նրա ականջներին։ Այդ ապտակից հետո կոփեցի Լևոնը այլևս չերևաց Մուշ քաղաքում։
Ես Ամերիկա հասա 1892 թվականի աշնանը, ասաց կոփեցի Լևոնը՝ Մախլուտոյին վերև տանելով և նստեցնելով իր դիմաց, ծաղկավոր բազմոցին։ Ոտքս բոբիկ էր և ձեռքս դատարկ։
Առաջին հայը, որ գաղթել էր Ամերիկա 1618–ին, եղել էր Ջոն Մարտին անունով մի զինվորական։ Նա հրավիրվել էր մի ամերիկացու կողմից իրենց երկրում ծխախոտագործություն զարգացնելու։ Մի քիչ ավելի ուշ, 1653–ին Վիրջինիա նահանգի կառավար չի հրամանով Ամերիկա էին գնացել երկու պոլսահայ շերամապահներ, տնկելով առաջին թթենիները այդ նահանգում և պատրաստելով առաջին մետաքսը։ Այդ մետաքսից նրանք մի դրոշակ էին հյուսել և նվեր ուղարկել Էջմիածին։ Ավելի ուշ մի հայ գյուտարար (Խաչատուր Սերոբյան) ստեղծել էր դոլարի տպագրության կանաչ ներկը, ընդ՛միշտ վերջ տալով ամերիկյան թղթադրամի կեղծումներին։ Բայց ես ոչ ծխախոտագործ էի, ոչ մետաքս մշակող և ոչ էլ կանաչ ներկի գյուտարար։ Ուժեղ ձեռքերով մի տղա էի, որ կարող էր միայն սևագործությամբ զբաղվել։ Առաջին տարին մշակություն արի սրա նրա մոտ։ Հետևյալ գարնանը վարձվեցի Կալիֆոռնիայի այգիներից մեկում, որտեղ շատ բանվորներ էին աշխատում։ Վերակացուն մի հարուստ տեղաբնակ էր։ Հենց երկրորդ օրն էլ ընդհարվեցի նրա հետ և դուրս եկա աշխատանքից։ Այդ վերակացուն սովորություն էր դարձրել նախատել իր գործավորներին և գոռալ նրանց վրա։ Բոլորովին ականջներիս չհավատացի, երբ հաջորդ օրը նա իմ ներկայությամբ հայհոյեց մի հայ բանվորի և ձեռք թափ տվեց նրա վրա։ Հայհոյում էր անգլերենով, երբեմն էլ հետը խառնելով հայերեն որոշ բառեր և կարճակոթ ծխամորճը բե՛րանի անկյունում անհանգիստ խաղացնելով։
Շուն հայ, մի քանի անգամ կրկնեց նա, վրան կուտակելով նորանոր արտահայտություններ իմ մայրենի լեզվով։
Ես թողեցի գործը և մոտենալով վերակացուին ասացի.
Մյուս անգամ չլսեմ այդ խոսքը։
Իսկ ի՞նչ կլինի, եթե լսես, հոխորտաց նա ծխամորճի ծուխը փչելով իմ երեսին։
Ահա թե ինչ կլինի։ Մենք ձեզ սովորեցրինք ծխախոտ մշակել, թթի ծառեր տնկել և խաղող ուտել և անխարդախ ներկով փրկել ձեր թղթադրամը և դու՛, քո պապերի անարժան որդի, համարձակվում ես այդ ձևով վարվել մեզ հետ, ասացի ես և մոտենալով կռուփի մի ուժեղ հարված իջեցրի կալվածատիրոջ կզակին։ Նա թավագլոր ընկավ իր կանգնած տեղից մի քանի քայլ այն կողմ։
Գործավորները անմիջապես դադարեցրին աշխատանքը, սպասելով պայթելիք փորձանքին։
Վերակացուն ոտքի ելավ, թափ տվեց շորերը, ծխամորճը դրեց բերանին և լուռ կանգնեց։ Բոլորի կարծիքն այն էր, որ պիտի սկսվի ահեղ կռվամարտ իմ և նրա միջև։ Վերակացուն, սակայն, մոտեցավ ինձ և ձեռքը բարեկամաբար երկարելով՝ ասաց, «Օլ ռայթ, կշնորհավորեմ։ Վարմունքդ թեպետ կոպիտ էր, բայց քեզի պես հայերը կհարգեմ։ Այլևս չպիտի նախատեմ ազգդ, որովհետև տեսա, որ հայությունը պաշտպան ունի։ Կգովեմ ազգային արժանապատվության զգացումդ և կմեծարեմ քեզ։ Օլ ռայթ, կրկնեց ամերիկացին և վերստին սեղմեց իմ ձեռքը։ Ապա դառնալով բանվորներին՝ ավելացրեց. Այսուհետև մի արտոնեք, որ վիրավորեն ձեր արժանապատվությունը։ Քաջ իմացեք, որ օտարականի աչքին միշտ հարգանքի արժանի է ա՛յն մարդը, որ պաշտպան է իր ազգին։ Նա, ով կհանդուրժի, որ իր ներկայության հայհոյեն ու ծաղրեն իր ազգությունը և լեզուն, նա ստրուկ է, իսկ ստրուկի հանդեպ չի կարող հարգանք լինել»։
Հետևյալ օրը ես մի հայ մամիկ գտա Ֆրեզնո քաղաքում։ Անունը Կթուն էր։ Կարսեցի կին էր, իր ամուսնու հետ երկար տարիներ ապրած Նորվեգիայում և 1890–ին տեղափոխված Ամերիկա։ Ամուսնու մահից հետո խեղճ կինը մնացել էր անօգնական։ Մի օր ինձ ասաց. «Լևոն, տղաս, օտարության մեջ մենակ ապրելը դժվար է։ Ես քեզ մայր, դու ինձ որդի, եկ ձեռք-ձեռքի տանք ու միասին հոգանք մեր ապրուստը։ Էս քաղաքում մարդիկ չգիտեն, թե ինչ բան է մածունը։ Ես մածուն կմերեմ, իսկ դու տար ծախիր»։ Մամիկի ասածը նստեց խելքիս։ Առաջին օրը Կթուն մայրիկը երկու կճուճ մածուն մերեց։ Մի կճուճը կերանք, իսկ մյուսը տարա շուկա։ Իսկույն վաճառվեց։ Երկրորդ օրը երկու կճուճ մածուն տարա։ Կթուն մայրիկը նաև հիանալի լավաշ թխող էր։ Մի տարի հետո հավաքած փողով թոնիր շինեցինք, ալյուր առանք և սկսեցինք լավաշ թխել։ Առաջին հացը բաժանեցինք անցորդներին։ Մայրիկը թխում էր, իսկ ես լավաշը տաք-տաք տանում էի վաճառքի։ Ու էսպես մածուն մերելով ու լավաշ թըխելով մի քանի տարվա մեջ բավական գումար վաստակեցինք։
Այդ տարիներին Կալիֆորնիայի շատ քաղաքներում երեվացել էին բազմաթիվ հայեր, Արևմտյան Հայաստանի գավառներից եկած։ Ֆրեզնո քաղաքի ճանապարհներին հաճախ կարելի էր հանդիպել պանդուխտ հայերի, որոնք աշխատանք էին որոնում։ Դրանց զգալի մասը օթևան չունենալու պատճառով քնում էր դրսում։ Իսկ հյուրանոցները թանկ էին։ Խարբերդցի մի հայ, Գրիգորյան ազգանունով, երկար ժամանակ օթևան և աշխատանք էր որոնում իր չորս զավակների ապրուստի և ուսման համար։ Մի օր գիշերով տուն գալիս տեսա նրա երկու տղաները քնել էին մեր հարևան ամերիկացու սանդուղներին, գլուխները մի ընդհանուր գլխարկի դրած։ Արթնացրի և տուն տարա։ Եվ նույն առավոտյան էլ ես և Կթուն մայրիկը որոշեցինք մի փոքրիկ պանդոկ շինել Ֆրեզնո քաղաքում մեր հայրենակիցների համար։ Քաղաքի կենտրոնում մեզ տեղ չտվին։ Փող էլ չունեինք այդպիսի հողամաս գնելու համար։ Պանդոկը մենք շինեցինք մի խուլ ու հեռավոր ճանապարհի վրա, որտեղով միշտ ուշացած ճամփորդներ էին անցնում։
Հյուրանոցի անունը դրեցինք «Ղարիբ Մշեցի» և պայմանավորվեցինք, որ իմ և Կթուն մայրիկի հայրենակիցները մեկ շաբաթ անվճար օգտվեն դրանից, իսկ մյուսները՝ կես վճարով։ Մեր հյուրանոցում ամեն երեկո հայկական երգ ու երաժշտություն կա։ Արդեն քսան տարի է, որ «Ղարիբ Մշեցին» կանգնած է այս ճանապարհի վրա, և բոլոր հոգնած ուղևորներն ու ղարիբ հայրենակիցները իրենց առաջին հանգիստը այստեղ են առնում։
Կթուն մայրիկն էր եփում պանդոկի ճաշը և թխում հաց, շարունակեց կոփեցի Լևոնը։ Նրա շնորհիվ Կալիֆոռնիայում տարածվեց լավաշի և հայկական կերակուրների գործածությունը։ Կարելի է ասել՝ առաջին թոնիրը նա է շինել Ամերիկայում և առաջին մածունը նա է մերել այս հողի վրա։ Կարսեցի մայրիկը մեռավ սրանից հինգ տարի առաջ խոր ծերության հասակում, իր վերջին շնչում պարտավորություն դնելով մեզ վրա ճրագով որոնել անտուն և անտեր ճամփորդներին և օթևան տալ նրանց։ «Ղարիբ Մշեցին» խոնարհ խավերի համար է։ Հարուստ դասակարգի մարդիկ այստեղ տեղ չունեն։ Կթուն մամիկը այս պանդոկի ոգին էր և ես այս իջևանը նրա հիշատակով և բարի անունով եմ կառավարում։ ներքևում նվագախումբը թնդաց.
«Իբրև արծիվ սավառնում ես լեռ ու ժայռ, Թնդացնում ես երկինք–գետինք տենչավառ, Սուրբ անունդ պիտի հիշվի դարեդար, Հսկա լերինք քեզ ապաստան, Անդրանիկ»։
Երթա՛նք, զորավարը եկել է, ասաց պարոն Լևոնը և Մախլուտոյին առաջնորդեց պանդոկի ճաշարանը։
ԿԱՐՈՏ
Ընդհարվելով Արարատյան հանրապետության վարիչների հետ և հեռանալով Հայաստանից, Շապինանդը բնակություն էր հաստատել Կալիֆոռնիայի Ֆրեզնո քաղաքում։ Նա իր տան ներքնահարկը վերածել էր հյուրանոցի։ Պատին կախված էին իր սուրը, մոսինի հրացանը և զինվորական վերարկուն։
Այնտեղ էր պահում նաև իր ձին, որ Ամերիկա էր բերել շոգենավ դրած։
Այդ զենքերը, զինվորական վերարկուն, մոխրագույն փափախը, սև սապոգները և մի ասլան նժույգ այս եղավ նրա անձնական ողջ հարստությունը ամբողջ կյանքի ընթացքում։
Այլևս իր գործը զենքի հետ չէր։ Պարապ ժամերին Շապինանդը իր հյուրանոցում փոքրիկ աթոռներ էր շինում և շատ մարդիկ ամերիկյան ոճավոր բազկաթոռները մերժելով, նրա շինած թամբաձև հասարակ քուրսիներն էին տանում տները, ոմանք գործածության, ոմանք էլ պարզապես հիշատակի համար։
Ո՞վ է շինել։
Զորավար Անդրանիկը։
Հատ մ ալ ես վերցնեմ։
Ասում էին իրար և շտապում դեպի Շապինանդի արհեստանոցը։
Այդ աթոռներից մի քանիսը հասել էին մինչև նոր Զելանդիա և Ավստրալիա։
Մի օր բոլորովին անսպասելի վայրէջք կատարեց Խարզո անունով մի երևելի հայ գորգագործ։ Մելքոն վարժապետի աշակերտ «Յա Մարաթուկն» էր, Սասնո Բսանաց գավառակի Ջրտնիք գյուղից։ Լսել էր զորավարի աթոռների մասին և Մանչեստերից ինքնաթիռով շտապել էր Ֆրեզնո։
«Յա Մարաթուկ» Խարզոն Մշո ս. Մարինե դպրոցն ավարտելուց հետո միառժամանակ ապրել էր Հալեպում իր հորեղբոր մոտ։ Այնուհետև առևտրական հատուկ կրթություն ստանալով Ֆրանսիայում, մոտ երկու տասնյակ տարի գործել էր Աֆրիկայի խորքերում, այնտեղ հիմնելով առևտրական մի խոշոր տուն և գրասենյակ, իր հիմնական բնակավայրը դարձնելով Անգլիայի Մանչեստեր քաղաքը։ Այդ երիտասարդ սասունցին զորավարի թամբաձև աթոռներից մեկը ինքնաթիռով հասցրել էր Գանայի Ակրա քաղաքը, իսկ այնտեղից՝ Մանչեստեր։ Օտարության մեջ «Յա Մարաթուկը» իր կնոջ հետ «Գորանի» և «Յարխուշտա» էր պարում և հաղթական բազմելով թամբաձև աթոռին ոգևորությամբ երգում էր «Տալվորիկի զավակն եմ քաշ» երգը։
Մոլի ծխող էր Շապինանդը։ Բարկօղին, սև սուրճը և ծըխախոտը նրա միակ սփոփանքն էր օտարության մեջ։ Սիրում էր այն ծխախոտը, որ ուղարկում էին իր զինվորները Հայաստանից։ Հատկապես սիրում էր Մշո թութունը։ Իսկ այդպիսի թութուն կար Ուջան գյուղում և նա գնացող–եկողների միջոցով կապված էր այդ գյուղի հետ։
Աթոռներ շինելիս Անդրանիկը կարոտով հիշում էր Մառնիկի անտառի կաղնեփայտը։ Հատակին թափվող օղակաձև սպիտակ տաշեղները նրա միտքը ուղղում էին դեպի ս. Կարասւետի պուրակները։ Վերհիշում էր Սասունը, Մուշը, Առաքելոց վանքի նշանավոր կռիվը։ Հայրենիքի կարոտն էր տանջում նրան, իր կորցրած հեռավոր ծննդավայրի մորմոքը։ Վաղուց լսել էր, որ Սև Բեքիրի զորքերը ետ էին շպրտվել Ալեքսանդրոպոլից։ Ախուրյանից դեպի արևելք կազմավորվել էր մի նոր Հայաստան՝ մուրճն ու մանգաղը ճակատին՝ մի փոքրիկ, սակայն ապահով անկյուն, ուր պետք է ապրեին և հավաքվեին աշխարհի բոլոր հայերը։ Այդ փոքրիկ երկրի՝ Սովետական Հայաստանի գոյությունը սփոփում էր նրա վըշտացած հոգին։
Նա շատ բան չէր իմանում այդ երկրի մասին։ Քար առ քար շինվում, բարգավաճում էր նոր Հայաստանը։ Ոռոգվում էին նրա անջրդի դաշտերը, ամենուրեք լսվում էր մուրճի զնգոցը, և նա հաճախ մենության մեջ կամ խմբական հավաքույթներում այդ աշխատավորական երկրի կենացն էր խմում, խանդավառված նրա զարգացման և վերելքի պայծառ հեռանկարներով։
Այդ հեռաստանից նա ուշի–ուշով հետևում էր նաև Մասիսի թիկունքում ծավալվող ապստամբական շարժումներին, որոնց առաջնորդը Զելիմ խան անունով մի հին հայդուկ էր։
Ով գալիս էր իր արհեստանոցը, նստացնում էր մոտը և երկար պատմում էր Սասունի կռիվներից։ Ու՞ր են սրբազան նպատակի համար կռված իր զենքի ընկերները։ Ու՞ր է Մախլուտոն։ Որքա՜ն կուզենար նա աչդ պահին տեսնել իր զինվորներից մեկն ու մեկին։
Զորավարը հաճախ էր այցելում «Ղարիբ Մշեցի» պանդոկը; Ոչ միայն պանդոկի տնօրենը, այլև պանդոկի դռնապահը և վարսավիրը մշեցի էին, եկող–գնացողները մեծ մասամբ ռանչպար մարդիկ, իսկ նա խորին սեր ուներ հատկապես դեպի հաչ գյուղացին։ Հենց որ Անդրանիկը մոտենում էր պանդոկին, հաստաբեղ մշեցին լայնորեն բաց անելով դուռը և հարգալիր խոնարհվելով՝ գոչում էր. «Համեցեք, զորավար», իսկ Վանի Ալյուր գյուղացի գլխավոր խոհարարը հապճեպով խորովածի շամփուրներն էր դասավորում կրակին։
Ու թնդում էր նվագը ղարաբաղցիների, և երգում էր խընուսցի Սաֆարը, և պանդոկը վերստին աշխուժանում էր քաջահաղթ երգերից։
Զորավարը քաշվում էր ճաշարանի մի անկյունը, ուր պատից կախված էր Կթուն մայրիկի մեծ նկարը։ Միշտ այդտեղ էր նստում, այդ նկարի տակ։ Այդ պահերին նա ավելի շատ իր մտքերի հետ էր, քան շրջապատի։ Ծխում էր և գլուխը բարձրացնելով նայում էր պատից կախված նկարին։ Այդպիսի հազարավոր հայ մամիկներ կային Արևմտյան Հայաստանում։ Դրանցից միայն մեկը տարիներ առաջ հրաշքով ընկել էր Ամերիկա և չէր ընկճվել այդ ամենակուլ միջավայրում, չէր ձուլվել օտարին, դիմադրել էր ճնշմանը և կրկնապատկելով իր բազուկների ուժը և հոգու կորովը պահպանել էր իր օջախի տաք հացը և նույնքան տաք մայրենի լեզուն։
Այդ մտքերը նրան տանում էին դեպի Կարս։ Մինչև Սասուն գնալը Անդրանիկը երկար տարիներ չափչփել էր Սարիղամիշի և Կարսի ճանապարհները։ Ու այժմ էլ նստած է նա պանդոկի ճաշարանի նույն անկյունում։ Հենց նոր ներս մտավ։ Խմեց մի քանի գավաթ բարկօղի։ Մեկը մյուսի ետևից ծխիկներ վառեց և թաղվեց մտքերի մեջ։ Կապտագույն ծուխը վերստին պարուրեց նրա դեմքը։ Դեպի լայն ճակատը ձգվող զույգ կնճիռները դարձան խոր ակոսներ։ Վառվռուն, ժպտուն աչքերը և գորշ ընչանցքներից անջատված երկու խիտ, սպիտակած մազափունջը, որ օղակներ էին կազմել այտերի վրա, կորան երազաչին մշուշում։
Գլուխը ճերմակած էր։
Հիշեց, թե ինչպես առաջին անգամ Պոլիս գնալիս ճանապարհին կուլ տվեց վտանգավոր թուղթը։ Հրշեջ է Պոլսում։ Որտեղ ծուխ, կրակ, իրարանցում ու աղետ կա՝ այնտեղ է ինքը։ Ահա վազում է հրշեջների ետևից։ Հասավ հրդեհի վայրը, համարձակ նետվեց ծուխ ու բոցի մեջ։ Տունը փուլ եկավ, ինքը մնաց տակը և գրեթե կիսամեռ իրեն դուրս նետեց բոցերի միջից։ Բեռնակիր դարձավ։ Սեբաստացի Մուրադի հետ բեռներ է կրում։ Դոլմաբախչայում կառուցվող զինապահեստները հիշեց, ուր ինքը ծառայության մտավ որպես ատաղձագործ, և թե ինչպես ցախավելը պահակի աչքը կոխելով և նրա զենքը վերցնելով՝ փախավ Կարսի բանտից։ Սերոբ Աղբյուրը 1895–ին Սարիղամիշում տրեխներ կարեց իր համար և հագցրեց իր ոտքը, որ միասին Սասուն գնան։
Ու գնացին։
Այն ժամանակ ինքը դեռ բոլորովին երիտասարդ Էր։ Ճանապարհին արտերի միջից իր դեմ մի աղվես ելավ։ Սերոբն ասաց՝ «Լավ նշան չէ»։
Հիշեց Գելի գյուղը ձորի մեջ Անդոկ լեռան ստորոտում և Տեր Քաջի տունը։ Մտքերը նրան տարան Ղարիբշան, Տաղվըրնիկ, ուր ինքը հրացանի կոթեր Էր նորոգում, գոմի մութ անկյունում նստած։ Մեկառմեկ հիշեց այն բոլոր ձորերը, որոնց տաք ավազներին ինքը պառկել Էր անօգնական, մենակ։
Հիշեց իր գիշերային զրույցները իմաստուն ծերունի Գյալշո Մանուկի հետ։
Հիշեց, թե ինչպես ալիանցիք և շենիքցիները իրեն զինաթափեցին և ինքը իր յոթ հայդուկների հետ փախավ Սեմալ։
Պայթող Աղբյուրի փոթորկալի ժողովը հիշեց և տալվորիկցիների գրոհը իր վրա։ Ինքը դիտավորությամբ գրգռեց նըրանց, որ որոշի իր հենարանը Սասունում։ Գևորգ Չաուշի հետ նստած Է Մոսե Ւմոյի պատի տակ, և Հլողինքի ռեսը իր տոհմիկ խրթին բարբառով հարց է տալիս իրեն կոթանի և սև օձի մասին.,, «... Դուք իմա՞լ պիտի սպանեք վիշապ օձին, որ ոչ կոթանին վնաս էղնի, ոչ ձագերին»։ Այդ տարիներին ինքը խնդում էր ռեսի վրա, բայց ինչպե՜ս կյանքը ապագայում ճշգրտեց այդ պարզամիտ շինականի խոսքը։ Իրենք զարկեցին սև օձին և մեջտեղ կոթանը գնաց իր ձագերով։ Այդ ձագերից մեկը եղավ արիասիրտ Քարայրը, որ առաջինը զոհ գնաց Ծովասարի և Անդոկի կռիվներին։ Ահա նրա մերկ դիակը ձյուների մեջ ընկած, խոցոտված զենքերից ու փամփուշտներից։
Հանկարծ մշուշի պես եկավ և իր աչքերի առաք կանգնեց Խաչենի գումանը, Ձեռքը տարավ դեպի ճակատը և այդ շամանդաղը ցնդեց։ «Ափսոս, այդ հին ֆիդային կենդանի չըմնաց, որ մեզ ղեկավարեր կամավորական շարժումների ընթացքին», հառաչեց նա։
Հիշեց Դիլմանի կիրճը, Խլաթ, Դատվան, Բաղեշ։ Մարցի անտառը հիշեց։ Իր հրամանով զորքը վրան զարկեց հաստաբուն կաղնիների տակ։ Բոլորովին անսպասելի իր դիմաց կանգնեց Դրոն։ Կարծես Մարցի անտառից ելավ։ Հիշեց, թե ինչպես նրա հետ ընդհարվելով, իր զորամասով մտավ Էջմիածին և Մայր տաճարի պատերի տակ ավարտվեց իր ռազմական ուղին։ Այդտեղ վերջացան իր պատերազմները։ Այդտեղից իր հեծյալները ցրվեցին ամեն մեկը մի ուղղությամբ։ Որտե՞ղ են այժմ Պայթող Աղբյուրի այդ հրեղեն ռազմիկները։
Մի կումով դատարկեց բարկօղու գավաթը և նորից գլուխը ծանրորեն իջավ ձեռքերի վրա, ձեռքերը՝ սեղանին։ Ի՞նչ եղան իսկապես իր հայդուկ զինվորները։ նրանցից մի քանիսը իր հետ հասան մինչև Ամերիկա։ Մեկը խոհարար դարձավ պանդոկում, երկրորդը նպարեղենի խանութ բաց արեց Ֆրեզնոյում։ Ոմանք էլ մեռան։ Մանազկերտի իր կամավորներից մեկը տուն դրեց Վաշինգտոնում՝ Սևանի կճաշեն գյուղից բերած գեղեցկուհի Վարդանուշի հետ։
Իսկ ի՞նչ եղան այն զինվորները, որոնք մնացին Հայաստանում։ Առաջին տարիներին մեկ–երկուսը նրանցից երբեմն ծխախոտ էին ուղարկում իրեն Կալիֆոռնիա եկողների հետ։ Վերջում այդ կապն էլ խզվեց։ Ի՞նչ եղավ, օրինակ, խոտորջուրցի հիսնապետ Թորգոմը, որի ձիու պայտը կորավ Տաթևի կիրճում։ Հարությու՞նն ինչ եղավ, որին ինքը Էջմիածնի հիվանդանոցում հրաժեշտ տվեց։
Լսել էր, որ Հայաստանում մնացած իր զինվորներից մեկը խելագարվել էր։ Դա ցից բեղերով հռչակավոր Կայծակ Անդրեասն էր, մեկը իր այն յոթ զինվորներից, որ իր հետ Շենիքից փախել էին դեպի Սեմալ։ Անդրեասին նա Լոռվա սարերից սուրհանդակ էր ուղարկել Թալին, շտապ վերադարձի պայմանով, և այնուհետև այլևս չտեսավ նրան։
Շապինանդի միակ մխիթարությունը իր փոքրիկ արհեստանոցն էր և իր տան պարտեզը։ Չլիներ այդ զբաղմունքը և չլիներ «Ղարիբ Մշեցի» պանդոկը, նա էլ կարող էր խելագարվել իր զինվորի նման։ Եվ խելագարվելու պատճառները շատ էին։ Այդքան արյուն թափել, այդքան հայ և ռուս զինվոր ու Դոնի կազակ պառկեցնել Արևմտյան Հայաստանի դաշտերում, և հաղթանակի արշալույսին այդ ամբողջ երկիրը նորից տեսնել թշնամու կրունկի տակ և այն էլ վերադիր վճարով. այդ վշտից ոչ թե մի մարդ, այլ մի ամբողջ ժողովուրդ կարող է խելագարվել։
Որքա՜ն ճիգ գործադրեց ինքը այդ տարիներին հայ գործիչներին համոզելու՝ հավատ չընծայել երիտասարդ թուրքերին, մանավանդ օսմանյան սահմանադրությունից հետո։ «Դրանցից ոչ մեկուն չեմ կրնար հավատալ, եթե անիկա երկինքեն իսկ իջած ըլլա», ասում էր բոլորին։ «Շունին լավը չըլլար, կխածնե օր մը»։ Չլսեցին իրեն։ Ոչ միայն չլսեցին, այլև միտք հղացան իրեն տանել Պոլիս և ընտրել Օսմանյան Պառլամենտի անգամ։
Դուք հաշտվեցեք անոնց հետ, կրկնում էր շարունակ, բայց ինձ թույլ տվեք անհաշտ մնալու։ Ես ձեզ մի գուշակություն պիտի անեմ և կուզեմ, որ լսեք. եթե այս հեղափոխական կոչված երիտասարդ թուրքերը ձեզ չկախեցին մի օր, ես մարդ չեմ։ Օր պիտի գա, որ նրանք ալ պիտի դառնան սուլթան Համիդի պես մի գազան և բոլորիդ պիտ հոշոտեն։
Եվ հոշոտեցին։
Ինչ լավ է, որ «Ղարիբ Մշեցի» պանդոկի այցելուների թվին ավելացավ զորավար Մախլուտոն, իր զենքի և գաղափարի մարտական ընկերը։
Այժմ ինքը բոլորովին մենակ չէ։
Անդրանիկը սթափվեց իր մտքերից և երկու հայդուկապետներ իրար գրկած գավաթ բարձրացրին, խմելով հեռավոր Հայաստանի կենացը։
Նրանց գլխավերևում կանգնած էր պարոն Լևոնը, իսկ ավելի վերևում՝ պատի վրա, կթուն մայրիկի լուսանկարն էր։