Խաչիկ Դաշտենց

Ռանչպարների Կանչը

1

ԱՌԱՋԻՆ ՄԱՍ

 Եվ շարան-շարան բարձրանում էր վեր

Մեր բեռնավորված ընկերների չուն:

Ե. ՉԱՐԵՆՑ

«ՌԱՆՉՊԱՐՆԵՐԻ ԿԱՆՉԸ»

Մուշ քաղաքի ս. Մարինե թաղում հայոց լեզվի դաս էր։

Ապա արտասանիր «Ռանչպարների կանչը», մատնացույց արեց Մելքոն վարժապետը վերջին շարքում նստած մի թխադեմ աշակերտի, որ լուսամուտին կպած մտազբաղ նայում էր Ձորաթաղի այգիներին։

Աշակերտը կանգնեց։

Բոլորը զույգ-զույգ էին նստած, իսկ սա մենակ էր։ Կողքի դասընկերը մի տարի առաջ լքել էր դպրոցը՝ իրեն մենակ թողնելով վերջին նստարանին։

Շաբաթը մեկ անդամ Մելքոն վարժապետը աշակերտներին կրկնել էր տալիս հայոց այբուբենը։ Աշակերտները պարտավոր էին անգիր ասել բոլոր տառերը, դրանք զուգակցելով հայ շինականների առավոտյան կանչերի հետ։ Այբուբենը սերտելու այս եղանակը Մելքոն վարժապետն էր մշակել ոտանավորի ձևով, նպատակ ունենալով հայոց գրերի պատկերը և հաջորդական կարգը ամուր դրոշմել իր սաների հիշողության մեջ։ Այնպես պետք է արտասանեին, որ թվար, թե առավոտ է, և ռանչպարները իրար ձայն տալով շտապում են դաշտային աշխատանքի։

Ա՛յբ, բե՛ն, գի՛մ,

Բրդեմ ուտեմ.

Ի՞նչ ուտես, ընդմիչեց Մելքոն վարժապետը հոնքերը խոժոռելով։

Թփով կլուլիկ կարմիր տաքտեղով։

Դասարանը փռթկաց։

Լավ բան է Մշո թփով կլուլիկ ուտելը, այն էլ կարմիր տաքտեղով, բայց դասը լավ սերտելուց հետո, սաստեց վարժապետը։ Այլապես տեսնու՞մ ես վարոցների խուրձը։

Առաջ ուտել, հետո սերտել, պատասխանեց թխադեմ աշակերտը, դժկամությամբ նայելով բարակ վարոցների կապոցին, որ դրված էր անկյունում, կարգապահությունը խախտող և դասը չսովորող աշակերտներին պատժելու համար։

Դու ասա «Ռանչպարների կանչը», դիմեց պարոն Մելքոնը մի ուրիշ աշակերտի, որ առջևում էր նստած և թըվաբանությունից ու մայրենի լեզվից միշտ հինգ ու խաչ էր ստանում ։

Խաժաչք, սուր քթով և մազերի խոպոպները ճակատին թափած սասունցի մանուկ էր Սանասարը։ Դասը պատասխանելուց առաջ սա միշտ դիմում էր Մարութա սարին, կարծես ուժ առնելու համր։ «Յա Մարաթուկ», ասում էր ու դասը պատասխանում։ Ուստի դասարանում նա հայտնի էր նաև «Յա Մարաթուկ» մականունով։

Սանասարը համարձակ վեր կացավ, և «Յա Մարաթուկ» դոչելով, ճակատը բարձր պահած սկսեց.

Ա՛յբ, բե՛ն, գի՛մ, Ե՛լ, Հովակիմ, Դա՛, ե՛ջ, զա՛, Լծիր եզան։ է՛, ը՛թ, թո՛, Վերկաց, Թաթո, ժե՛, ինի՛, լյո՛ւն, Կապիր քո շուն։ Խե՛, ծա՛, կե՛ն, Ու՞ր է Հակեն։ Հո՛, ձա՛, ղա՛տ, Միհրա՜ն, Մրհրդա՜տ, Ճե՛ն, մե՛ն, հի՛, Կգանք հիմի։ Նո՚ւ, շա', ո՜, Պրծիր, Շավո, Չա', պե', ջե', Ուշ է, Վաչե։ Ռա', սե', վե՛վ, Ծագեց արև։ Տյո՛ւն, րե', ցո', Մարդ աստծո։ Վյո՚ւն, փյո՛ւր, քե', Քելե, Սրքե, Ե՛վ, օ', ֆե', Օ, ի՜նչ զով է։

Ապրե՛ս, Սանասար։ Դու Սասնա ո՞ր գյուղից ես։

Բսանաց գավառի Ջրտնիք գյուղից։

Շատ ապրես, որդիս։ Ա՜յ, այդպես կսերտեն «Ռանչպարների կանչը» և ոչ թե կլուլիկ ուտելու մասին կմտածեն, նկատեց Մելքոն վարժապետը և դասամատյանը բաց անելով Սանասարի անվան դիմաց ավելացրեց մի նոր հինգ ու խաչ։

Թեպետ խոսքը վերջին նստարանի աշակերտի մասին էր, բայց նա դարձյալ դրսի աշխարհով այնպես էր կլանված, որ բոլորովին չլսեց իր ուսուցչի ձայնը։ Ներքևում ձորի մեջ ինչ-որ բան էր կատարվում, որ նրան գամել էր լուսամուտին։

Ուշադրությունդ ուրիշ տեղ է, Մամիկո՛ն։

Ա՛յբ, բե՛ն, գի՛մ, Ել, Հովակիմ, Դա՜, ե՚ջ, զա՛,

Լծիր եզան, բարձրաձայն կրկնեց թխադեմ աշակերտը և լուսամուտը արագությամբ բաց անելով, իրեն վայր նետեց այնտեղից։ Վարժապետ, ես գնացի, հնչեց Մամիկոնի ձայնը լուսամուտի տակից։ Նա թռավ առաջին տանիքը, այնտեղից երկրորդ տանիքը և, մի կտուրից մյուսը անցնելով, սլացավ դեպի Զորաթաղի այգիները։

Տարիների ընթացքում մի քանի աշակերտներ զանազան պատճառներով լքել էին ուսումը։ Բայց նրանցից ոչ մեկը այդպես չէր բաժանվել դպրոցից, այդքան հանդուգն և անթույլատրելի ձևով։

Ձորի մեջ կանացի ճիչեր լսվեցին, և դպրոցում պարապմունքը ընդհատվեց։

Հետևյալ օրը շաբաթ էր։

Վարժապետ Մելքոնը վաղ լուսաբացին շտապեց դեպի ս. Մարինե թաղը՝ իր աշակերտի ծնողներին տեսնելու։

Նրանց տունը շինված էր գետափին։

Հասավ այն ժամանակ, երբ Մամիկոնը, մի կապոց թևի տակ, քայլում էր դեպի այն կամուրջը, որ ս. Մարինե թաղը միացնում էր Կողու թաղին։

Մամիկո՛ն։

Պատանին կանգ առավ։

Զավակս, երեկվա դեպքը ցնցեց մեր քաղաքը։ Բայց խոհեմություն չէր այդքան անթույլատրելի ձևով հեռանալ դպրոցից՝ «Ռանչպարների դասը» թողնելով կիսատ։

Իմ դասը վերջացավ, վարժապետ։ Ներիր ինձ և թողություն արա ձեռքդ համբուրեմ։

Քահանայի ձեռքն են համբուրում, ես քահանա չեմ։

Ոչ թույլ տուր համբուրեմ ձեռքը այն մարդու, որ հայոց այբուբենի մշակն է եղել երեսուն տարի։ Օրհնյալ լինես դու, Մեսրոպ Մաշտոց։ Օրհնյալ լինես և դու, Մելքոն վարժապետ։

Որոշել ես գնա՞լ։

Իմ պես պատանին իրավունք չունի այժմ հանգիստ նստել դասի։

Մելքոն վարժապետի աչքում արտասուք երևաց։

Գնա՛, տղաս, ես քեզ արգելք լինել չեմ կարող։ ճիշտ է, իմ դասարանը մեկով կպակասի, բայց ժողովրդի համար գործող արաբոների թիվը մեկով կավելանա։ Անցյալ տարի կոփեցի Շեկ Լևոնը գնաց Ամերիկա, այժմ դու ես գնում։ էլ ո՞վ պիտի լսի ս. Կարապետի Ժառանգավորաց վարժարանի շրջանավարտ Մելքոն վարժապետի դասը։ Ո՞վ պիտի անգիր անի «Ռանչպարների կանչը»։ Գոնե այնքան սովորեիր, որ կարողանայիր «Նարեկը» և Րաֆֆու «Խենթը» կարդալ։

Իմ սովորածը ինձ բավ է, Մելքոն վարժապետ։ Շարժում է ինձ պետք, լեռների կյանք եմ փնտրում։ Ես մեկ էլ քեզ մոտ կգամ այն ժամանակ, երբ ռանչպարների կանչը իրական դառնա և հայ շինականներն առանց երկյուղի գնան գործի։ Տա աստված, որ քեզ ողջության մեջ տեսնեմ վերադարձիս։

Գնա՛, որդիս, և աստված քեզ հետ։ Մինչև ցորյանի հատիկ չմեռնի՝ հունձք չկա։ Եվ եթե քո մեջ հավատք ունես մանանեխի հատիկի չափ՝ լեռը կշարժես։

Մելքոն վարժապետը հնամաշ վերարկուն թիկունքին ուղղելով, թանձր ծխելով ետ դարձավ, իսկ Մամիկոնը առաջ ընթացավ քթի տակ դանդաղ երգելով.

Թե հայրենյաց պսակադիր Գողթնի քնարք լռել են, Երկնուց թող գան անմահ հոգիք Հայոց քաջեր պսակել։

Փրե կամուրջով անցնելիս Մամիկոնը տեսավ իր դաստիարակներից մեկին, որ գետափին կռացած լվացվում էր պաղ ջրով։ Հայոց պատմության ուսուցիչ պարոն Սենեքերիմն էր, որ ամեն առավոտ իջնում էր ձորը գետակի ջրով թարմանալու։

Նրա տեսքը մռայլ էր։

Պարոն Սենեքերիմը իր աշակերտին չնկատեց, այլապես կարող էր կանգնեցնել նրան և հարցնել, թե որո՛նք են Հայաստանի գավառները։

Մամիկոնը գնում էր ոտքով չափելու այդ գավառների լայնքը և նրանց լեռների վրա սերտելու ռանչպարների կանչը։

ԲԴԵ

Բայց ես պետք է մտնեմ Բդեի մոտ։ նա իմ քեռին է։ Ես ինչպե՞ս կարող եմ քաղաքից հեռանալ առանց քեռի Բդեի օրհնությունն առնելու։

Փույթ չէ, թե քեռիս խեցիների վաճառական է։ Բայց նա այժմ մի շատ օգտակար գործով է զբաղված։ Նա սկսել է գրել Մուշ քաղաքի պատմությունը և այն էլ՝ երկաթագիր տառերով, որով դժվարանում է գրել նույնիսկ ս. Կարապետի Ժառանգավորաց դպրոցի շրջանավարտ Մելքոն վարժապետը։

Բդեն նստած գրում էր ձեթի ճրագի տակ, երբ ես անաղմուկ մտնելով, կանգնեցի նրա թիկունքին։ Նա վերջին անգամ գրիչը թաթախեց սև մելանի մեջ, շարադրեց ևս մի պարբերություն և հիշատակարանը ձեռքը վերցնելով բարձրաձայն կարդաց.

ՄՈԻՏՔ

«Կարմիր իրիցու տների բուն կենտրոնը եղել է Խութ-Բռնաշեն գավառակի Արծվիք գյուղը, որ կոչվել է նաև Կրպնիք-Արծվիք։ Տոհմի հիմնադիրը եղել է կարմիր մորուգով մի երեց, որ ունեցել է քառասուն զավակ։ Այդ տան մի ճյուղը Արծվիքից տարածվել է Մոտկան, Մոտկանից՝ Մուշ, Մշուց՝ շրջակա մի քանի գյուղեր։ Դրանք կարմրահեր, կապուտաչյա հայեր էին՝ աշխատասեր և քաջ, բարությամբ անսահման, ազնվությամբ անբաղդատելի։ Կարմիր երեցը ունեցել է Կոճղեզ անունով մի թռչնագիր ավետարան, որ այժմ կորած է համարվում։ Այդ գրքի վրա հին հայերը երդվել էին։

Խութ-Բռնաշենի սահմանների վրա, ս. Աղբերիկ վանքից ոչ շատ հեռու, գտնվում էր կարմիր իրիցու գյուղերից մեկը Վերին Շնիստը։ Շնիստի գյուղապետն էր տանուտեր Գասպարը։ Ռես Գասպարը իր որդի Բդեին (Բաղդասար) 1715-ին ուղարկում է Գոմաց վանքը գրել-կարդալ սովորելու։ Նոր վայրում դպրոցն ավարտելով և սոլկարի արհեստին հետևելով, Բդեն դառնում է նշանավոր արհեստավոր։ Բդեի թոռը (Բդե Բ) 1825-ին իր հոր հետ Գոմաց վանքից տեղափոխվում և հաստատվում է Դաշտի Խաս գյուղ բնակավայրը, որ Մուշից ոտքով կես օրվա ճամփա է։

Բդե Բ-ն Խասգյուղի մեջ ունեցավ չորս զավակ։ Ավագ զավակի անունը Գասպար էր։ Սրանք փոխանակ իրենց հորենական սոլկարի արհեստը բանեցնելու, սկսեցին խեցեգործությամբ զբաղվել և, իրենց ձեռնարկը ընդարձակելով, հաստատվեցին Մուշ քաղաքում։

Գասպարն էր, որ 1862-ին առաջին անգամ խեցիների խանութ բաց արեց Մշո մեջ։ Նա ունեցավ չորս արու զավակ։

Այս հուշեր գրողը ես եմ՝ Բդե Միսակը, կարմիր իրիցու տներից, երկրորդ որդին Գասպարի։ Մեր տունը շինված է Մշո Ձորաթաղի մեջ, որի կռնակը Կուրտիկ լեռն է։ Մեր տան առջևով քաղաքի գետակն է գլորվում, երբեմն գազազած քանդելով իր վրայի կամուրջները։

Մեր տան ետևը աղբյուր կա և քաղաքում հայտնի է Պաղորակ անունով։ Ինչպես շատ մշեցիք, այնպես էլ ես այդ աղբյուրի կենսատու ջրով եմ սնած ու մեծացած։

Իմ պապը՝ Բդե Բ-ն, տեսավ իր զավակների հալածվելն ու տառապանքը օսմանյան բանտերի մեջ և վշտից մեռավ 1835-ին, թաղվելով Ջորաթաղի գերեզմանատանը։ Նա էր, որ ինձ իր ծնկներին նստեցնելով, սովորեցրեց հայոց երկաթագրերը։ Ու ես Տարոն աշխարհի հիշատակարանն եմ գրում պապիս սովորեցրած գրերով։ Գրում եմ անցյալ ժամանակով, քանզի հիշատակարանը գալոց սերունդների համար է, երբ ես էլ մեռած կլինեմ, ինչպես վաղուց մեռած են Բդե գերդաստանի բոլոր մեծերը Վերին Շնիստում, Խաս գյուղում և Մուշ քաղաքում։

Գրում եմ դեպք առ դեպք, քառածալ թղթի վրա, ընկույզի կեղևից շինած մելանով, ականջս Մշո գետակի աղմկահույզ շառաչին, որ զօր ու գիշեր անլռելի հնչում է մեր տան մոտով։

«Աստված, դու նախ մեր ազգի բոլոր զավակներին տիրություն արա, հետո իմ երկու զավակներին ու եղբայրներիս և մանավանդ իմ սիրասուն եղբայր Վաղարշակին, որ բնակիչն է Խասգյուղի։ Եվ հավիտյան խնկելի հիշատակով պահիր մեր քաղաքի երևելի մարդոց, մեր Կոտո Հակոբին, մեր Մելքոն վարժապետին և Մշո ու Սասնո աշխարհի մեր աննման ժողովրդի մեծին ու փոքրին։

Տեր ամենակարող, սատարիր ինձ, որ ավարտեմ հիշատակարանը Տարոնա և մեղքերիս թողություն տուր, որ ավուր դատաստանին սևերես չգամ քովդ։ Մեղա քար բերնիս»։

«Տարոնը՝ Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի գավառներից մեկն է, այժմյան Մշո դաշտը, որի կենտրոնն է Մուշ։

Մշո հարավում Սասունն է։ Հայ իշխանության օրերին Սասունի բնակչությունը բաղկացած էր բացառապես հայերից, որոնք կոչվում էին լեռնցի, այդպես է հավաստում Զենոբ Գլակը։ Ժէ և ԺԸ դարերում քրդական վաչկատուն ցեղերը հարավից գաղթելով և հայերի հետ շփման մեջ մտնելով, հետզհետե թափանցեցին Սասնո Բuանք, Խիանք և Գաբլճոզ գավառակների մեջ։

Օսմանցին մի օրենք ուներ. եթե մեկը տաս տարի օգտագործում էր մի արոտավայր, այդ արոտավայրը կամ կալվածքը այլևս դառնում էր նրա սեփականությունը։ Այսպիսով, վերոհիշյալ գավառակներում, լեռնցի հայերի բոլոր արոտավայրերը, որտեղ քուրդ աղաները իրենց անասուններն էին արածեցրել, մի քանի ամառվա ընթացքում՝ քրդերի ձեռքն անցան։ Այդ գավառակները ոչ միայն խէվեցին իրենց տերերից, այլե հայ գյուղացիները խաֆիր (ճորտ) դարձան այդ հողերի վրա։ Նրանք պարտավոր էին շաբաթվա մեջ մի քանի օր ձրի աշխատել քուրդ աղայի համար և նրան խաֆիրության տուրք վճարել։ Մինչև անգամ քուրդ աղաները իրենց ճորտ հայերին կամ հայերով բնակեցված գյուղերը սկսեցին ծախել կամ նվիրել միմյանց՝ իբրև ինչք կամ ստացվածք։

Այս վիճակին ենթարկվեցին ոչ միայն Խիանքի, Բսանքի և Գաբլճոզի գավառակները, այլև նրանց հարևան շրջանները՝ Խnւթ-Բռնաշենը և Մոտկանը։ Հարստահարությունը այնպիսի ահռելի չափեր ընդունեց, որ այդ վայրերի հայ բնակիչները, մեծ մասամբ կարմիր իրիցու տներից, լքեցին իրենց տունն ու տեղը և իրենց լեռներից իջան Մշո դաշտ՝ շարժվելով դեպի Խնուս, Բուլանուխ և Ալաշկերտ։

Մշո դաշտի մի շարք գյուղեր Աասունի և Խութի նախկին բնակիչներից են կազմված։ Մոկսի և Վանի Շատախի բնակիչները հին սասունցիներ են։ Խաֆիրության տուրքը այնպիսի խոր արմատներ էր ձգել քրգերի մեջ իբրև իրենց արդար իրավունք, որ որևէ քուրդ, ոտքով երկու օրվա ճամփա կտրելով, Սասնո կամ Խութա լեռներից իջնում էր Մշո դաշտ, գտնում էր իր նախկին հպատակ հային, մեկ-երկու օր հյուր էր լինում այդ հայի տանը և հաջորդ օրը, գանձելով իր տուրքը, ամենաքիչը մի զույգ տրեխ կամ գուլպա վերադառնում էր տուն։ Անձամբ հիշում եմ, մենք Խութ-Բռնաշենի քրդական աշիրեթապետությանը պատկանելով (որովհետև կարմիր իրիցու տան մեր նախնիքները ապրած են եղել Վերին Շնիստում), մեր Միրզա աղան 1884-ին եկավ Խասգյուղ և իբրև խաֆիրության տուրք, իմ հորից ստացավ մի ձեռք հագուստի կերպաս, կտորն էլ հորս դրամով կարել տվեց և հագնելով վերադարձավ Խութ։

Մինչև 1880 թվականները Տարոնի և Սասնո գործերը կառավարում էին քուրդ բեկերն ու օսման փաշաները։ Թուրք փաշաները հայերին ստիպում էին իսլամանալ։ Երբ հայը մերժում էր՝ նրան հազար ու մի ձևով չարչարում, սպանում էին։ Այդ շրջանի զոհերից բավական է Հիշել կոշկակար Սարուխանին՝ սպանված Բաղեշում 1631-ին, 15-ամյա պատանի Նիկողոսին՝ սպանված Դիարբեքիրում 1642-ին, 20-ամյա փականագործ Խաչատուրին՝ սպանված նույն քաղաքում 1652-ին, վարպետ Գրիգորին՝ սպանված Մուշում 1676-ին, վարսավիր Դավթին՝ սպանված 1677-ին։

Օսմանյան վերջին կառավարողներից մեկը Չփլաղ Շեյխն էր։ Այս բռնակալը երկար իշխեց Տարոնում, կողոպտեց, գերեվարեց և զնդանների մեջ տանջեց հայ գյուղացիներին։ Նրա օրոք հայկական հողերին տիրացած թուրք և քուրդ աղաները ասում էին. «Գյավուրներ, ձեր ազան էլ մենք ենք, ձեր բեկն էլ մենք ենք, ձեր աստվածն էլ մենք ենք»։ Հայերը որոշեցին վերջ տալ այս հրեշին։ Շեյխի համար դհոլ և զուռնա նվազող երկու հայ փողփուչ մի գաղտնի անցք փորեցին շեյխի քյոշկի տակ և մի գիշեր, երբ շեյխը քնած էր, նրանք իրենց դհոլը վառոդով լցրին, պատրույգը վառեցին, և քյոշկը բռնակալի հետ բարձրացավ օդ։

Չփլաղին հաջորդեց Ալադին փաշան։ Ալադինի տունը հաճախ ըմբոստ դիրք էր բռնած օսման կայսրության դեմ։ Այս փաշայի օրոք Խութի մեջ տիրում էր Միրզաբեկի աշիրեթը, որ մի ճյուղն էր Ալադին փաշայի։ Այդ աշիրեթը հայտնի էր նաև «Յոթ թամբերի տուն» անունով։ Միրզաբեկի թոռներից մեկը՝ Մուսան, բազում չարագործություններ կատարեց Մշո դաշտում։ Նա իրավունք ուներ կողոպտել և սպանել իրեն ենթակա գյուղերի շինականներին և նույնիսկ ամբողջ գյուղը վաճառել մեկ ուրիշի իբրև ժառանգական իրավունք։ Մուսաբեկը բռնեց իր պատկանյալ Արգավանք գյուղի ռես Օհանին, որ ընդդիմացել էր իր դեմ և, բուխարիկի մեջ դնելով ողջ-ողջ այրեց։ 1889-ին նա քսան ձիավորով և անհամար չեթեներով գիշերով հարձակվեց Մշո դաշտի հարս գյուղի վրա և գեղեցկուհի Գյուլիզարին առևանգելով՝ փախցրեց Խութա սարի Տախտակներ՝ իր քյոշկը։

Ուրիշ աշիրեթներ էլ կային։ Խիանքում տիրում էր Խիանքի քրդական աշիրեթը, որի առաջնորդն էր Սլեման աղան (Քոռ Սլո)։ Հայտնի էր նաև Սասունի աշիրեթը, որի աշիրեթապետն էր Բալաքցի Խալիլ աղան։ Մոտկանում և Խութում իշխում էր Շեկո տան աշիրեթը։ Այս աշիրեթի քրդերի մի մասը շիկամորուս էին և կապուտաչյա։ նրանք ասում էին, որ առաջ իրենք հայ են եղել և մի ճյուղն են կարմիր իրիցու տան հին հայերի։

Երբ աչքս բացի և գիտակցության եկա, ես Սասունի և Մշո դաշտի հայ իրականությունը հետևյալ վիճակում տեսա, մեկ գերդաստանին պատկանող անձինք բնակություն էին հաստատած մեկ գյուղի մեջ։ Գերդաստանի նահապետը միաժամանակ և գյուղի կառավարիչն էր՝ ռեսը, որի որոշումները պարտադիր էին բոլորի համար։ Մեծ ընտանիք ունեցողը մեծ պատիվ ու հարգանք էր վայելում։ Քսանից մինչև քառասուն և ավելի անձեր մի տան մեջ ապրելը ընդունված կարգ էր։ Սեմալ գյուղի Մարտոյի տունը, օրինակ, վաթսուն և չորս անձ էր։ Մինչև խոր ծերության հասնելը Մարտոն կառավարեց իր տնտեսությունը և ամբողջ գյուղը։ Երբ ծերացավ, նրան փոխարինեց իր որդի Գորգեն, որն ինչպես Մարտոն, դարձավ այդ գյուղի ռեսը։

Երկրագործի աշխատանքը սուրբ էր։ Երբ ընտանիքի նահապետը կամ աշխատող ձեռքը դաշտից տուն էր մտնում, ամբողջ գերդաստանը, մեծ թե փոքր, ոտքի էր ելնում՝ իբրև հարգանք հողի աշխատավորին։

Հարսանիքին մասնակցում էր ամբողջ համայնքը։ Ամենապատվավորն այն տան պսակն էր, որի հարսանիքին յոթ սրինգ էր պայթել փոխնեփոխ փչելով։

Համայնքի անդամներից որևէ մեկի տունը այրվելիս կամ հուսինից* ու հեղեղից քանդվելիս, ամբողջ գյուղը միանում էր և նրա համար նոր տուն էր շինում։ Չքավորին օգնում էին. մեկը մի կտոր վարելահող էր տալիս, մյուսը՝ լծկան, երրորդը սերմացու, չորրորդը՝ մի կով, հինգերորդը՝ մեկ-երկու այծ կամ ոչխար։

Ընդհանուր աղետի կամ հարձակման ենթարկվելու դեպքում գյուղապետը կամ գյուղի իշխանը հրացան էր կրակում կամ մեկնումեկը մի քարափի կանգնած հարայ էր կանչում, և ամբողջ գյուղը՝ զինյալ ու անզեն, մի ակնթարթում ոտքի էր։

* Ձյան փլվածք

Սասնո մեջ Գելի կամ Գելիեգուզան գյուղի կառավարիչն էր Պետոյի տունը, Շենիքի մեջ՝ իշխան Գրքոյի տունը, Սեմալի մեջ՝ Քյաթիպ Մանուկի և Մարտոյի տները։ Տալվորիկի մեջ նշանավոր էին իշխան Մակարը, Համզեն, Թաթարը։

Տակավին երեսուն տարի առաջ «Արծվիք Տարոնոյ» մեջ դրված է Մուշի և մշեցու մասին. «Երանի մրջյունին և արոս թռչունին։ Մեկը իր կուտը կուտե, մյուսը իր սիրեկան ամուսինը իր հետ կպահե։ Երանի սարեկին, որ իր ձագերը իր ածածեն կծնե, և իր փետրիկներով զանոնք կծվարե, իր բնությունն ու լեզուն անոնց կուսուցանե և ազատ կթռցուցանե։ Մշեցի հայը քան զանոնք շատ թշվառ է... նա սուլթանի ճորտն է և աղայի գերին։ Ծեծ՝ ոսկորները փշրելու չափ, ստրկություն՝ գերությունից վատ։ Օ՜հ, այն դաշտի մեջ գըլգըլացող աղբյուրը, որմե ինքը ջուր կխմե, այն արտիկը, որու մեջ քրտնաթաթախ և արևակեզ ինքը վար կվարե և հունձ կհնձե, այն եզնիկը, որ իր ձեռքով կփայփայե, ասոնցմե և ո՛չ մեկը ալ իրեն չի մնար։

Մուշը մշավ, Տարոնը տարան, անոր բնակիչները հետզհետե փախան, շատերն անոթութենե մեռան... վերջին գուժաբերին կսպասեինք, որ գա և գուժե, թե ահա Տարոն տունը ամբողջը փլավ և յուր որդիք տակը մնալով՝ ողջ-ողջ մտան գերեզման»։

Բայց բարեբախտաբար վերջին գուժաբերը չեկավ։ Նրա փոխարեն ազգային զարթոնքի համբավաբերն եկավ։ Ազատության կոչնակներ հնչեցին, և տառապած մշեցին զարթնեց։

Այդպիսի մի փորձ եղել էր դեռևս ս. Կարապետի վանահայր Հովնանի օրոք։ Արտասովոր տարազով և անգլիական զենքով մեր երկիրն էր եկել Հովսեփ էմին անունով մի նշանավոր պարսկահայ։ նա Հալեպի վրայով բարձրացել էր Տարոն։

Խնուսի մեջ եղած միջոցին շատ հայ ռանչպարներ են հավաքվել նրա շուրջը։ էմինը Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը» նրանց առաջ պարզելով՝ գոչել է» «Ինչու՞ եք դուք այսպես գերի մնացած, իսկ բեկերն ու աղաները այսպես զինված և իշխող ձեր աշխարհի վրա»։

Գյուղի քահանան, աստվածաշունչը ձեռքը բռնած, վճռաբար առաջ գալով պատասխանել է նրան.

Մեր գյուղի և Տարոն աշխարհի պատվական հյուր, դու գալիս ես մի աշխարհից, որը մեզ անհայտ է, ինչպես որ դու չես ճանաչում մեր աշխարհը, որի մասին խոսում ես... Մեր պատվական հայ զավակ, սուրբ Աստվածաշնչի մեջ գրված է, թե 666 տարի հետո մեկը պիտի գա և ազատե մեզ օսման բռնակալությունից։ Դու, ըստ երևույթին, այդ մեկը չես, վասնզի շատ կանուխ ես եկել։ Գնա այն երկիրը, որտեղից շնորհ ես բերել։

Եվ Հովսեփ էմինը, զգալով, որ ինքը իսկապես շատ կանուխ է եկել, Հին Բայազետի վրայով Խնուսից մեկնել է էջմիածին։

Տարոնի ուժգին զարթոնքի կոչնակը հնչեց Հովսեփ Էմինից հարյուր տարի հետո։

Այդ տարիներին Մուշում հայ կուսակցություններ չկային։ Կար մի միություն՝ «Վարդան» անունով, որի նպատակն էր ազատագրել Տարոնի ժողովուրդը սուլթանի և թուրք փաշաների բռնակալությունից։ Ամեն ճնշված հայ գյուղացի և արհեստավոր, որ զենք էր վերցնում սուլթանի դեմ կռվելու, «Վարդան» միության անդամ էր։

1879-ին Մուշ քաղաքում հիմնադրվեց Միացյալ Ընկերության վարժարան, որ կոչվեց Կեդրոնական։ Մշո մեջ սկսվեց շինվել նաև մի վարժարան հայ օրիորդների համար։ Հայերի այս կրթական շարժումը գրգռեց սուլթանի պաշտոնյաների և քուրդ բեկերի նախանձը։ Շուկայից անցած պահերին, երբ Կեդրոնականի սաները իրենց թևերը համարձակ շարժելով երգում էին «Ո՛րն է աշխարհ Հայաստան», Մշո գաղտնի ոստիկանության պետ Հյուսնի էֆենդին առանձին աշխուժությամբ դիտում էր նրանց երթը, ասելով՝ թե «հայերը անկախության են ձգտում»։

Շուտով կատարվեց անսպասելին։

Երեք օր առաջ սուլթանի ժանդարմաները Սասնո լեռների մեջ ձերբակալել էին Միհրան անունով մի շրջիկ քարոզչի և բերել Մուշ։ Միհրանը առաջին գործիչն էր Տարոնում։ Անձամբ տեսա, թե ինչպես երկու կարգ ոստիկանների շարքի միջով քայլում էր Միհրանը՝ սասունցու տարազով, ոտքերը բոբիկ, գլուխը դրած ճերմակ արախչի, գրեթե կիսաբաց, սիգապանծորեն վեր բռնած, գրեթե ծիծաղերես։ Քաղաքի փողոցների երկու կողմերը բռնված էին մեծ բազմությամբ։ Միհրանին ներս բերին և այդ բազմության միջով ուղղակի վեր՝ կառավարչի ներկայությանը հանեցին։

Իսկ երեկ...

Երեկ ըմբոստ քարոզչին կառավարչությունից հանելով, իմ ղռան առջևով Բաղեշ տարան։ Իր հեծած ձիու վրա ոտքերը կապած լինելով՝ ոստիկաններից մեկի ձիու աքացու հարվածից իր մեկ ոտքը ջախջախված էր։ Եվ այդ ջախջախված ոտքով էլ նրան Բաղեշի բանտը տարան։

Քարոզչին ձերբակալելու հաջողությունից քաջալերված, Հյուսնի էֆենղու ազդանշանով, մի քանի տաքգլուխ երիտասարդներ Փորկանց աղբյուրի վրա հայ օրիորդների կժերը կոտրեցին։ Ջորաթաղի մեջ կանացի ճիչեր լսվեցին։ Մավի անունով մի չերքեզ աղջիկ (միակ չերքեզուհին մեր ամբողջ քաղաքում), որ նույնպես ջրի հերթի էր կանգնած, հայ կանանց հետ հարձակվեց ոստիկանների վրա և ստացավ դաշույնի երկու հարված...»։

Նա մեռավ, քեռի, օրհնիր, որ գնամ, գոչեցի ես՝ Բղեի թիկունքից առաջ գալով և ինձ նետելով նրա ծնկներին։

Ո՞վ մեռավ, շփոթահար հարցրեց քեռիս՝ իմ ներկայությունից անակնկալի եկած։

Մավին մեռավ, Մանազկերտի սարերում տեսած այն աղջիկը, որ սիրում էր ինձ և մեր գաղտնի հանդիպումների ժամանակ նվիրել էր ինձ մի դաշույն։ Օրհնիր, որ գնամ։

Դ՛եպի ու՞ր, գոչեց Բդեն, հիշատակարանը ձեռքին ոտքի կանգնելով։

Ուր որ բախտը և պարտքը կառաջնորդեն։

Օրհնյալ լինես, զարմիկ, և աստված քեզ հետ, հուզված ասաց նա, հուշամատյանը ձեռքի հետ իմ գլխին իջեցնելով։

Բդեի մոտից դուրս գալով ես քայլերս ուղղեցի դեպի Պաղորակ աղբյուրը։ Երկար նայեցի նրա ծորակի վճիտ ջրին և կռանալով՝ խմեցի։ Ապա շարժվեցի դեպի գետափի կանաչ բարդիները։

Մշո գետակը շառաչելով թավալվում էր իմ ոտքերի տակով։ Ա՜խ, այդ գետակը, այդ բարձրագոչ և մաքրամաքուր վտակն հայրենի։ նա հարավից էր գալիս և գնում դեպի հյուսիս՝ Ձորաթաղը երկու մասի բաժանած։ Ինչքա՜ն կամուրջներ էր քանդել նա, երբ գիժ էր, մանավանդ գարնանը հորդանալիս։ Հալչում էին Սիմ լեռան և Ծիրնկատարի ձյուները, և գետակն իր ափերից ելած՝ որոտալով անցնում էր քաղաքի միջով։

Ուր էր գնում՝ չգիտեմ։

Կեսօրին Փրե կամուրջի մոտ լողանալու կգան իմ խաղընկերները՝ Ճիրոն, Պստիկ Արամը և Շահկա Արոն ու ինձ այլևս այդ գետակի մոտ չեն տեսնի, ոչ էլ իմ շորերը կգտնեն նրա երկնասլաց բարդիների տակ։

Հայրենի քաղաքիս գետակը վերջին անգամ փայլեց աչքերիս առաջ և անհետացավ քեռի Բդեի ապարանքի ետևում։

"Ռանչպարների Կանչը" ստեղծագործության մյուս մասերը

Յատուկ Երաժշտություն
Վերհիշելով
Դավիթ Բալասանյան

Վերհիշելով

Հաղպատի գյուղացիների ապստամբությունը 1903թ
Հաղպատի գյուղացիների ապստամբությունը 1903թ
Խաղա առցանց