Խաչիկ Դաշտենց
Ռանչպարների Կանչը
15
ՀՐԱՇԱԳՈՐԾ ՄԱՂԸ
Պահակության հաջորդ շաբաթը Գևորգ Չաուշը ինձ պատվիրեց գնալ Դաշտի գյուղերը ալյուրի մաղ բերելու։ Շատ զարմացա այդ պատվերի համար։ Նրա խնդրածը այնքան հա֊ սարակ բան էր, որ ես նույնիսկ անհարմար գտա, որ Չաուշը ինձ պես երիտասարդին այդպիսի հանձնարարություն է տալիս։ Վիրավորվեցի իբրև տղամարդ։
Ես դեռ քիչ բան գիտեի ֆիդայիների առօրյայի մասին։ Մտածում էի, թե միգուցե ալյուր ունեն պահած որևէ տեղ, պետք է շտապ հաց թխվի և մաղ է հարկավոր։ Լսել էի մանավանդ, որ կռիվներից առաջ ֆիդայիները մեծ քանակությամբ հաց են թխում և թաքցնում այն տեղամասի տարբեր մասերում, ուր պետք է տեղի ունենար գալիք ճակատամարտը։ Բայց ճանապարհին սոսկալի մտքեր պաշարեցին ինձ։ Արդյոք Չաուշը մի չար դիտավորություն չունե՛՛ր նորից առիթ ստեղծելու, որ ես հանդիպեմ կանանց և ենթարկվեմ աղե֊ տաբեր փորձությունների։ Միթե նա չգիտի, որ մաղը սովորաբար կանայք են օգտագործում։ Ինչու նա ինձ կապեց տղամարդուն ոչ վայել այդպիսի մի գործի հետ։ Եթե նա ինձ հանձնարարեր բեռներով ալյուր տեզափոխել հայդուկների համար, ես սիրով հանձն կառնեի այդ ամբողջ պաշարը մեջքով փոխադրել իր ուզած տեղը, ուզած հեռավորությունից։ Իսկ մաղն ի՞նչ է> որ տղամարդը իրեն հպարտ զգա մաղ բերելու համար։ Այն էլ ինձ պես հայդուկը, որի պատանքը արդեն չափված–դրված է իր պայուսակի մեջ։ Բայց ինչ արած, կյանքում լինում են պահեր, որ մարդ ստիպված է գնալ նաև մաղի ետևից։
Շատ մարդիկ անցան, բայց ոչ մեկը մաղ չէր ծախում։
Սկսեցի վերհիշել, թե որ գյուղերում բարեկամներ կամ ազգականներ ունեմ։ Նրանցից որևէ մեկի մաղը կվերցնեմ և շտապ կտանեմ Գևորգ Չաուշին։ Հիշեցի, որ Տերգևանք գյուղում մորաքույր ունեմ։ Հայտնի հաց թխող է։ Կմտնեմ մորաքրոջս տուն, նրա ալյուրի մաղը կվերցնեմ և կվերադառ՛նամ Մառնիկի անտառը։ Եթե այդ էլ չեղավ, կգնամ Բերդակ և կփնտրեմ այն բերդակցու տան մաղը, որի սամիրով ճաշը կերել էի հողաչափի ժամանակ։
Տերգևանքը հայտնի ֆիդայի Մխո Շահենի գյուղն էր։ Իմ որոնած տունը գյուղի ծայրին էր, և դուռը՝ բաց։ Մշեցիք աշխատանքի գնալիս դռները չեն փակում։
Ներս մտա։ Ուղիղ իմ դիմաց պատից կախված էր իմ մորաքույր Ռեհանի բավական խոշոր մաղը։ Տանը ոչ ոք չկար։ Մաղը պատից ցած առա և հանգիստ քայլերով ելա շեմքից, դուռը բաց թողնելով այնպես, ինչպես որ կար։
Հպարտ քայլում եմ ճանապարհով, շտապելով Բերդակի մոտով հասնել Մառնիկի սարը և ներկայանալ Գևորգ Չաուշին։ Սակայն Բերդակին չհասած հրաձգության ձայն լսեցի։ Տեսնեմ՝ անթիվ–անհամար քրդեր և օսմանլոլ զորք Բերդակի մոտ կռվի են բռնվել մի քանի ֆիդայիների հետ։ Երկուսին ճանաչեցի» մեկը Գևորգ Չաուշն էր, իսկ մյուսը՝ Գալեն։ Անհավասար կռիվ էր, և Գևորգն ու Գալեն շատ նեղն էին ընկած։ Երբ ավելի մոտեցա, տեսա մի երկրորդ քարաժայռի ետև դիրք մտած կրակում են Մառնկա Պողեն, Ալվառինջու Սեյդոն և Մշեցի Տիգրանը։ Բամբկու Մելոն էլ այնտեղ էր։ Նա և Ջնդոն փոխնեփոխ կրակում էին մի հրացանով։
Ընդամենը մի քանի ժամ չկար, որ բաժանվել էի և հանկարծ վերադարձիս ճանապարհին դեմ եմ առնում մի կատարյալ ճակատամարտի։ Ես անմիջապես խլեցի սպանված զինվորներից մեկի հրացանը և շտապեցի միանալ ֆիդայիներին՝ առանց իմ մաղից բաժանվելու։ Հենց որ մոտեցա Գևորգ Չաուշին և Գալեին՝ որոտաց ուժգին համազարկ։ Ուշադրություն գրավելու համար, թե խորամանկությամբ, ես մաղը վեր բարձրացրի, որոտաց երկրորդ համազարկը։ Մաղը տարա դեպի աջ և դեպի ձախ համապատասխանորեն թեքելով իմ գլուխը։ Մաղի ամեն մի շարժումին հետևում էր մի համազարկ։ Ու հանկարծ թանձր մշուշ իջավ լեռան վրա։ Ես մաղը մի քանի անգամ մշուշի միջով աջ ու ձախ տարա և բարձրացրի վեր։ Եվ ի՜նչ, թշնամին խուճապահար ետ դարձավ։ Երկու հազարից ավելի թուրքեր և քրդեր աղաղակելով սկսեցին փախչել։ Ու բերնեբերան տարածվեց սուլթանի զորքի մեջ և ամբողջ Մշո դաշտում, թե Գևորգ Չաուշի կողքին երևացել է մի մարդ՝ ձեռքին վահանի նմանությամբ մի նորահնար զենք, որ անխոցելի է գնդակների դեմ։ Որ եթե այդ մարդը խաղում է այդ գործիքի հետ կամ մատներով դիպչում նրան, երկնքից կրակ է թափվում։ Որ ֆիդայիները սուլթանի զորքի դեմ պաշտպանվում են մաղի ձևով շինված մի կլոր զենքով։ Պատմում էին, որ նույնիսկ աստվածն է պաշտպան կանգնում հայ ֆիդայիներին՝ վերևից մշուշ իջեցնելով լեռ՜ ներին, որի միջից միայն այդ մազանման գործիքն է երևում և Գևորգ Չաուշի գլուխը, կողքին՝ զենքը բռնած այդ հսկա մարդու կերպարանքը…
Որ ոչ միայն Գևորգ Չաուշի, այլև նրա բոլոր հայդուկների պարանոցից զորավոր հմայիլ է կախված։
Եվ երգեր հորինեցին Գևորգ Չաուշի վրա, նրան դարձնելով առասպելական հերոս, թե նա այնքան քաջ է, որ թըշնամու գնդակները մաղով է ժողովում։
Ու տերգևանքցի իմ խեղճ մորաքրոջ մաղի հետ կապված Բերդակի կռվի այդ զարմանալի պատմությունը գնաց հասավ սուլթան Համիդի ականջը, օսմանյան կայսրության բոլոր ծայրամասերը թնդացնելով հայ ֆիդայիների անօրինակ խիզախության համբավով։
Մառախուղը գնալով այնպես թանձրացավ մեր շուրջը, որ մենք ապահով կարող էինք հեռանալ Բերդակի սարից։ Իմ մաղը մի անգամ էլ հաղթական բարձրացավ օղի մեջ, փայլեց արևի տակ և անհետացավ մշուշում,
Գնալու ժամանակ նկատեցինք, որ Գալեն ծանր վիրավորված էր թևից։ Մառնկա Պողեն և Արտոնքա Ջնդոն նրան Խութա սարերով տարան դեպի Սասնո կողմերը։
Ալվառինջու Սեյդոն իմ հրաշագործ մաղը ձեռքին Բամբկու Մելոյի հետ բարձրացավ դեպի իր քերծը, իսկ ես և Գևորգ Չաուշը բռնեցինք Ֆարխինի ճամփան։
Ֆարխինում Գևորգը ծանոթ լրաբերներ ուներ, որոնք տեղեկացրին իրեն, թե ռոմի թուրքերը շատ մտահոգված են հայերի նորահնար զենքով և այդ կապակցությամբ նույն օրը Ֆարխինի մեջ օսման սպաների գաղտնի ժողով կա։
Հայդուկապետը ծպտվեց թուրք սպայի հագուստով, ինձ էլ ասկյարի շոր հագցրեց և երեկոյան մտավ սպաների ժողովասրահը։
Բոլորը ոտքի ելան, բարևեցին և խնդրեցին, որ ինքն էլ մասնակցի ժողովին։
Հարցրին իրեն.
Որտեղի՞ց կուգաս։
Վանից կուգամ և Պոլիս կերթամ, ասաց Գևորգը։
Երևի լսած կաք Բերդակի կռվի և Գևորգ Չաուշի նորահնար զենքի մասին։
Լսած կամ»
Վանքի կռվից հետո դա ամենաահեղ ղենքն է, որ հնարել են հայերը Գևորգ Չաուշի ղեկավարությամբ։
Այո, այդ առթիվ սուլթանը շատ մտահոգ է։
Եվ, երևի, այդ գործով էլ Պոլիս եք կանչված։
Այդ արդեն իմ և սուլթանի գիտենալիք գործն է, կարճ կապեց Գևորգը։
Դե, նստիր, նստիր, քո ներկայությունը մեր ժողովին շատ կարևոր է և սլատվավոր։
Սեղանի վրա միայն մե՛կ օրակարգ կա, ասաց նախագահը։ Գևորգ Չաուշի գլուխը բերողին հազար կարմիր ոսկի կա. այդպես է խոստացել սութլան Համիդը։ Ձեզ ո՞վ պիտի բերե Գևորգ Չաուշի գլուխը, հարցրեց ժողովի նախագահը սպաներին։
Բոլոր սպաները ապշած իրար երես նայեցին։ Որևէ մեկը չհամաձայնեց։ Լռեցին ամենքն էլ։
Ո՞վ պիտի բերե, նորից հնչեց նախագահի ձայնը։
Քիչ հետո Գևորգը մատ բարձրացրեց.
Ես պիտի բերեմ Գևորգ Չաուշի գլուխը, պարոն նախագահ, ասաց Գևորգ Չաուշը։
Դու՞ք... չեմ կարծում.
Չե՞ս կարծում... Ա՛ռ, սա Գևորգ Չաուշի գլուխն է, ասաց հայդուկապետը դեպի նախագահը երկարելով իր գըլուխը, այդ Հազար ոսկին էլ տար դիր քո կնկա վարտիքի մեջ։
Սարսափ տիրեց բոլոր սպաներին։
Գևորգ Չաուշն ասաց իր խոսքն ու քայլեց, ես էլ ետևից դուրս եկա։
Ֆարխինից վերադարձին իմացանք, որ Մառնկա Պողեն և Արտոնքա Ջնդոն վիրավոր Գալեին ճանապարհին իջեցրել էին Ղասմբեկի քյոշկը և ապավինել նրա կնոջը՝ Ջեմիլի խնամքին, որը հանձն էր առել բուժել վիրավոր Գալեի թևը։
ԻՄ ՊԱՇՏՈՆՍ է ՓՈՒՔՍ ՓՉԵԼ
Մաղի պատմությունը այնպես էր ոգևորել Գևորգ Չաուշին, որ կարծում էր, թե ես ամեն գործի ընդունակ եմ։ Մի օր կանչեց թե՝ մի շատ հեռու տեղ պիտի երթաս։
Որտե՞ղ, հարցրի։
Բերդաքաղաք, գուցե և ավելի հեռու։ Բերդաքաղաք նա Կարս քաղաքին էր ասում։ Ասաց, որ պետք է գնամ փամփուշտ բերելու։ Բացատրեց, թե այնտեղ հասնելիս ո՛ր փողոցի ո՛ր անկյունում ո՛վ պիտի դիմավորի ինձ։ Տվեց նաև մի քանի օգտակար խորհուրդներ ճանապարհի համար, որոնցից մեկը «էշն ընկել է գլգըլ պայմանական խոսքն էր, որ նշանակում էր թե՝ զգու՜յշ, այստեղ համիդիե կա։
Կարգադրության դեմ առարկել չէի կարող։ Այդ արդեն տղամարդուն վայել գործ էր և ես պարտավորվեցի մեկնել։
Ինձ հետ դրեց նաև Մշեցի Տիգրանին, այն երիտասարդ հայդուկին, որ աոաջին օրը համարձակ տնտղել էր իմ մեջքը իմանալու, թե ես լա՞վ մատաղացու եմ, թե ոչ և հեռվից իմ Հասակը չափելով, երեք արշին կտավ էր տվել ինձ պատանքի Համար։ Տիգրանը դաշտեցի քաջ տղամարդ էր Վարդենիս գյուղից։ Հմուտ լեռնագնաց էր և շալակը ծանր բեռների վարժված։ Միաժամանակ լավ քրդախոս էր և ավելի քաջատեղյակ երկրի պատմությանը և սովորույթներին, քան ես։ Մի թերություն ուներ. երբեմն արագ բռնկվում էր՝ նետվելով վտանգավոր արկածների մեջ։ Տիգրանն ասում էր, որ իրենք Սասունից են տեղափոխվել Դաշտ և իր մեջ միահյուսված են սասունցու աներկյուղ նկարագիրը և մշեցու տաքարյուն բնավորությունը։ Մի բանից էր խստորեն դժգոհում. Հոնքերը և այտերի կարմրությունը կանացիական էին և նա իր թավ բեղերը հաճախ դեպի վեր ոլորելով, աշխատում էր մեղմացնել այդ քնքշությունը։
Փոխեցինք մեր ֆիգայական հագուստը, հագանք հայ գեղջկական շորեր և ճամփա ելանք։ Ես՝ առանց զենքի, իսկ Տիգրանը փորի վրա իր տասնոց ատրճանակը կապած։
Մենք ընտրեցինք մի դժվար ուղի, որ ոչ մի հայդուկ մինչև այդ անցած չկար։ Ոզմի, Մոկսի և Շատախի սարերով պիտի թափանցեինք Բերկրի, այնտեղից՝ Բերդաքաղաք։
Այդ տաժանելի ճանապարհը թեթևացնելու և, մասամբ էլ, երևի, ինձ իր գիտությամբ զարմացնելու համար, Տիգրանը ասում էր, որ այդ ճանապարհով մոտ երեք հազար տարի առաջ հելեն զորավար Քսենոֆոնն է իր զորքը Բիթ֊ լիս քաղաքի լեռնանցքով իջեցրել Մշո դաշտ, հասնելով մինչև իրենց գյուղի սահմանները։
Մշեցի Տիգրանը կարճկանցի մի ծանոթ ուներ։ Նա մեզ զգուշացրեց, որ թեև այդ ուղղությունը նախընտրելի է, բայց զուրկ չէ վտանգներից։ Կարճկանցին կլայեկագործ էր և փուքս փչող ու պղինձ մաքրող էր որոնում, որ իր հետ գնան այդ կողմերը, ամաններ կլայեկելու։ Ես փուքս փչող դարձա, իսկ Մշեցի Տիգրանը համաձայնեց դառնալ պղինձ մաքրող։ Հետևյալ առավոտ ընկերս շալակեց պղինձը, կարճկանցին վերցրեց կլայեկն ու հացի կապոցը, իսկ ես՝ փուքսահանը, և բըռնեցինք Ոզմի ճամփան։
Ոզմը հայկական մեծ գյուղ էր քարքարոտ մի բլուր ի վրա, ձորի մեջ։ Շրջապատված էր Բարվարի քրդերով։ Այդ ամբողջ գյուղը ծագել ու ճյուղավորվել էր հին ու հերոսական մի տոհմից։ Սրանք իրենց գյուղը դրսից աղջիկ չէին բերում, որ իրենց տոհմական արյունը չխաթարվի։
Ոզմեցիք արհեստով թաղիքագործ էին։ Դեռևս 1Տ֊րդ դարից Ոզմը եղել էր հայ ռազմիկների արծվաբույնը։ Սակայն Բարվարի քրդերը կապալ էին դրել ոզմեցոց վրա։ Ոզմեցի քաջակորով Լաթոն իր հայրենակիցներին կազմակերպելով կռվի էր ելել քրդական իշխանավորների դեմ և Ոզմը ազատագրել ճնշումից ու հարկերից։ Պարտված աղաները թուղթ էին ուղարկել ոզմեցի Լա թոյին, Ոզմը ճանաչելով իբրև հայկական անկախ ազնվապետություն։
Կարճկանցին մեզ տարավ ոզմեցի Լաթոյի տունը։ Սրանք ամբողջ ընտանիքով գզրար էին։ Տանուտեր Լաթոն և տան բոլոր տղամարդիկ հագած էին բրդոտ աբաներ առանց թևերի, լայն շալվարներ առանց գրպանների և մինչև ծնկները քաշած մազե գուլպաներ։
Թոնիրը երկրորդ հարկումն էր և կախովի։ Տակը անասունների գոմն էր։ Մեզ հյուրասիրեցին ձավարի փլավով։ Ուտելու ժամանակ գզրար Լաթոն ասաց. «Կանթ, խասքաշի վրեն պսպղուն չկա»։ Տանտիկինը պատասխանեց. «Դիք, պսպղուն վանք ի»։ Կարճկանցին ասաց, որ դա ոզմեցիների ծածկալեզուն է. նշանակում է՝ «Կնիկ, փլավի վրա յուղ չկա», իսկ կինը թե՝ «էրիկ, յուղի սակավություն է»։
Ոչ միայն յուղի սակավություն էր, այլև այգ գավառի մեջ անկողին գործածելու սովորություն չկար։ Բոլորը պառկում էին թոնրի շրթին, իրենց վրա քաշելով հաստ թաղիքներ։ Մենք էլ այդպես գիշերեցինք, մեզ վրա առնելով մեկական թաղիք, որ գզրար Լաթոն էր պատրաստել՝ հետը խառնելով նաև արջի բուրդ։ Գլխներիս տակ դրեցինք խոտով լցված գնդաձև բարձեր, այնքան կոշտ ու ծանր, որ դժվարությամբ էին շարժվում։
Աքլորականչին Տիգրանը պղնձե մեծ ամանի մեջ ավազ լցրեց, վրան փռեց մի թաց շոր և բոբիկ ոտներով մեջը մըտավ, սկսեց եռանդով աշխատել։ Ես փուքսահանը գործի դնելով թեժացրի կրակը, կարճկանցի վարպետին հրավիրելով կլայեկ զարկել։
Մինչ նա առաջին ամանը կավարտեր, մշեցին արդեն մտել էր չորրորդ պղնձի մեջ։ Շատ ոզմեցիք հավաքվեցին գզրար Լաթոյի տուն և մենք մինչև կեսօր բոլորի պղինձները կլայեկեցինք։
Կարճկանցի վարպետն ասաց. «էսօր ծերունին տուն չէ», որ իրենց ծածկալեզվով նշանակում էր. «Էսօր մեր գործը հաչող է», և մենք այդ հաջողությամբ էլ Ողմից դուրս դալով՝ բռնեցինք Մոկսի կածանները։
Բույլ–բույլ երփներանգ ծաղիկներ ներկել էին քար ու քարափ։ Մի խումբ մոկաց բանջարքաղ աղջիկներ, ոտքերը ժայռից կախած, հաց էին ուտում ճանապարհին, մեկը մյուսից֊ գեղեցիկ և բոլորը կարմիր սոլերով։
Ախպեր ջան, ի՜նչ կլինի մեր ոտքերը իրարից բաժանես, խառնվել են իրար, կլայեկագործին դիմելով ասաց մի չարաճճի աղջիկ։
Կարմիր սոլեր ենք հագել ու մեր ոտքերը խառնվել են, օգնի՛ր, որ մեր ոտքերը գտնենք, ավելացրեց մեկ ուրիշ չարաճճի։
Մենք երեք ենք, մեզանից որի՛՛ն եք ուզում, որ ձեր ոտքերը իրարից բաժանի։
Փուքս փչողը։
Ոչ, կլայեկ զարկողը, պոռթկաց կողքի կարմրաթուշ ընկերուհին։
Պղինձ մաքրողը, այս ու այն կողմից բացականչեցին գեղջուկ աղջիկները, իրենց ոտքերը ավելի խճճելով իրար։
Կարճկանցին մոտեցավ և ձեռքի վարոցով թեթև հարվածեց նրանց սրունքներին։
Վա՛յ, ախպեր ջան, դու որ չլինեիր, մեր ոտքերը կըխառնվեին իրար, հրհռացին մոկաց հարսները, ոտքերը արագությամբ փախցնելով ժայռից։
Մոկսը ձորի մեջ էր, գետի ափին։
Անցանք Մոկսը և Առնոսի լեռնանցքով շարժվեցինք դեպի Շատախ։ Մոկսի և Շատախի մարդիկ սասունցիների պես էին հագնված։ Կեսգիշերով հասանք ճնուկ և օթևանեցինք գյուղապետի տանը, որի ամաններին թիվ ու համրանք չկար։ Մոտ հարյուր տարեկան էր ռես Կարապետը և այնքան հարուստ, որ կարող էր միանգամից հյուրընկալել հարյուր ձիավոր։ Երկու օրում հազիվ կարողացանք նրա բոլոր պղինձները կլայեկեր Իմ փուքսահանը փչացավ և ես ստիպված եղա բերանով փչել գործի դնելով իմ այտերի ու թոքերի ամբողջ զորությունը։ Ռես Կարապետը շատ գոհ մնաց մեր ծառայությունից և մեզ թմբուկներով ճանապարհ դրեց դեպի հաջորդ բնակավայրը, Բրդոտ արաներ և շալե վարտիքներ հագած երեք թմբկահար հաղթական գնում էին մեր առջևից, որոնց թմբուկների կաշին արջի մորթուց էր շինված և շատ ուժեղ ձայն էր արձակում։ Մեկի կաշին լրիվ մշակված չէր և արջի պոչը վեր ու վար էր անում թմբուկի տակից։ Մեր առաջնորդը ռես Կարապետի հարևանն էր՝ Գիլո անունով, որ ձեռքով մի քանի արջ ու գայլ էր խեղդել Շատախի անտառում։
Արշավի ընթացքում Գիլոն հանկարծ դադարեցրեց թըմբկահարությունը և մեզ ցույց տվեց Մեդնքար կոչվող մի քարայր, որտեղ ժամանակին պատսպարվել էր Խանասարի կռվի հերոս Սևքարեցի Սաքոն՝ շատախցի մի խումբ հայդուկների հետ։
Ո՞վ էր Սաքոն, հարցրի։
Ռուսաց Հայաստանի Սև Քար գյուղից էր։
Այդքան հեռվից մեր երկի՞րն էր եկել և ապրում էր քարայրու՞մ։
Սաքոն իր ազգի և աշխարհի բոլոր հալածվածների համար գլուխը դրած մի խենթ էր, դարդիման մի դերվիշ, որ կռվի դաշտում զենք էր բանեցնում, իսկ բանտի մեջ՝ սազ։ Մեր կողմերում երգ կա նրա մասին. «Որտեղ տեսա Սևքարեցի, քո պատճառով շատ սիրեցի»։
Իսկ մենք մի՞թե խենթ չենք, նկատեց Մշեցի Տիգրանը և ընչացքները կարմիր այտերին ոլորելով, հրամայեց թմբուկները զարկել։
Գիլոն ուժգին թմբկահարությամբ մեզ հասցրեց Թաղ, որ Շատախի կենտրոնն էր։ Թաղում մնացինք երեք օր, շատ ամաններ կլայեկելով։ Ապա անցանք Ծաղկավանք և հռչակավոր Փեսան–Դաշտով շարժվեցինք առաջ։ Այնքան լավ էինք աշխատել, որ մեր համբավը հասել էր լեռնական քրդերին։ Նրանք եկան և մեզ տարան իրենց սարերը։ Ես առաջվա պես եռանդով փուքս էի փչում, Տիգրանը մաքրում էր պղինձները, իսկ կարճկանցի վարպետը կլայեկ էր զարկում։ Մեր մասին իմացավ Մոկաց գավառի մեծանուն իշխան Մուռթլա Բեկը, որ ոզմեցի Լաթոյի հետ աշխատում էր հիմնել քուրդհայկական մի անկախ պետություն։ Բեկի խանումները հերթով բերում էին իրենց կաթի և մածնի ամանները, ամեն տեսակի ու չափսի, և մենք բոլորին գոհ էինք ձգում: Խանումներից մեկը, Չալխի անունով, նունիսկ սիրահարվեց Մշեցի Տիգրանին.
Մյուս տարի դարձյալ եկեք, ասաց Չալխին բաժանվելիս։
Մեր գործը կլայեկ զարկելն է, խանում, իհարկե կըգանք, ասաց Տիգրանը։ Նա հառաչելով վերցրեց իր պղինձը, կարճկանցին իր կլայեկն ու հացի շալակը, իսկ ես փուքս փչելու գործիքը, և նորից ընկանք ճանապարհ։
Մի նեղ ձորի մեջ մեզ բռնեցին..
Ու՞ր կերթաք, հարցրին։
Չե՞ք տեսնում, որ կլայեկ զարկող ենք և պղինձներ մաքրելու կերթանք, նեղացած խոսեց կարճկանցին։ Սա իմ փուքս փչողն է, իսկ սա՝ իմ պղինձ մաքրողը։ Ռես Գենջոյի խանումն է մեզ կանչել։
Ո՞ր սարից եք գալիս։
Մուռթլա Բեկի։
Կարճկանցի վարպետի համարձակ խոսքը համիդիե ձիավորների ուշադրությունը ցրեց։ Նրանք քառատրոփ հեռացան, ոչ մի կարևորություն չտալով մեզ։
Ճանապարհին ինքս ինձ մտածում էի. փուքս փչող էլ դարձա։ Մտքումս խնդում էի Մշեցի Տիգրանի վրա, որ պղնձամանը մեջքին կապած կռացած գնում էր կարճկանցի կլայեկագործի ետևից։ Ֆիդային ինչե՜ր ասես պատրաստ չի կատարելու ի սեր նպատակի։
Ռես Գենջոյի խանումը մեզ շատ սիրալիր ընդունեց և մի շաբաթ պահեց իր օբայում։ Նա նույնպես սիրահարվեց՝ բայց կարճկանցի վարպետին։
Այսպես հաջող անցավ ամեն ինչ, թե չէ կարող էին մեզ բռնել և առաջնորդել Բաղեշի բանտը, այս անգամ անշուշտ հարյուր և մեկ տարվա բերդարգելության սպառնալիքով կամ կախաղանի։ Առհասարակ ամեն արհեստ պիտանի է կյանքում, նույնիսկ փուքս փչելը։
Մենք Վան չմտանք։ Քաղաքն իր այգեստանով մնաց արևմուտք։
Կարճկանցի կլայեկագործը մեզ Հայոց ձորով ապահով հասցրեց Արջակի տակ և վերադարձավ Կարճկան, իր հետ տանելով պղինձն ու փուքսահանը։