Խաչիկ Դաշտենց
Ռանչպարների Կանչը
31
ՁԻՆ ՏՎԵՔ՝ ԹՈՂ ՀԵԾՆԻ
1919 թվականի մեծ պահքի կեսերին Անդրանիկը Գորիսից ճամփա ելավ դեպի Վայոց ձոր։
Համատարած ձյունը ծածկել էր Զանգեզուրի բոլոր լեռնանցքները և չոր քամ ի էր փչում։ Յոթ հոգի էր իր քարավանը, բոլորն էլ սպայակույտի անդամներ։
Առջևից ինքն էր գնում, ետևից՝ դատարկ թամբով մի երիվար և վեց ձիավոր։ Եռաբլուրի մոտ ճանապարհը շեղվեց դեպի ձախ։ Զորամասի մեծ մասը առաջացած էր մինչև Սիսիանի Անգեղակոթ Գյուղը։
Զանգեզուրի վերջին ամենաբարձր լեռնաշղթան կտրելիս սկսվեց մոլեգին ձնաբուք։ Ձիանքը բնազդորեն էին առաջնորդում, որովհետև բքի սաստկությունից գետնին նայելու կարելիություն չկար։
Այդ միջոցին նկատելի դարձավ, որ քարավանի անդամներից մեկը խրվել է ձյուների մեջ և հետիոտն մաքառում է հեծյալներին հասնել։ Նա մերթ երեսը ետ էր դարձնում քամու հարվածներից պաշտպանվելու, մերթ ձեռնափերով դեմքը ամուր փակած՝ գլուխը դեմ էր անում բքին և ոտքերը դժվարությամբ ձյունից հանելով, ճիգ էր անում վերջին հեծյալի հետքը չկորցնել։
Սպայակույտի անդամներից մեկը, որ Հաջի Գևոյի առջևից էր գնում՝ հարցրեց*
Ո՞վ է այդ թշվառը։
Զորավար Գիբոնը։
Ինչու՞ է հետիոտն։
Անդրանիկը բարկացավ, ձին ձեռքից առավ, ստիպված ոտքով է մաքառում։
Բայց պատճա՞ռը։
Պատճառը Գորիսի հայ կանանց կարմիր դրոշակն է։ Անգլիացին չէր ուզում այդպիսի մի դրոշակ տեսնել մեր զորամասի ձեռքին։ Այդպես է, դեռևս Զապողի ձորում նա կասկածով էր նայել հայ զորավարի վրանի առաջ ծածանվող կարմիր պաստառին։
Հասկանալի է փաշայի զայրույթը։ Նա երեկվանից դեռ հանդարտված չէ։ Հյուրանոցում իր բաժակաճառի ժամանակ նա այնքան վրդովված էր, որ ես սարսափով մտածում էի՝ չլինի՞ թե հանկարծ մի ապտակ իջեցնի դաշնակից զորավարի կուշտ ու կլորիկ դեմքին։ Բարեբախտաբար այդ բանը տեղի չունեցավ։ Սակայն մարդը տարիքոտ է, հարեց սպայակույտի անդամը։ Դուք հին ընկերն եք փաշայի և հին ֆիդայի։ Խնդրեք, որ նրա ձին վերադարձնի։
Հաջի Գևոն ձին քշեց և բուքը ճեղքելով զորավարին հասավ։
Փաշա՜։
Շա՜, հռնդաց քամին անդունդ գլորվելով։
Փաշա, նորից հնչեց Գևոն, այս անգամ ավելի բարձրագոչ և ձիու բաշին թեքվելով, որ փոթորկին հաղթի։
Հոգնեցի՞ր, Գևո։ Քո փոխարեն այժմ ձնաբուքն է լոլո երգում։ Քիչ էլ տոկա։ Հայաստանի ո՞ր սարի բուքը չի հարվածել հայդուկի կողերին։ Տավրոսի՞ բուքը ծանոթ չէ մեզ, թե՞ Ռահվե–Դուրանի կամ Բաղեշի լեռնակիրճի բորանը։ Սա Զանգեզուրի վերջին լեռնագագաթն է, շուտով կսկսի մեր էջքը դեպի Բազարչայ։
Փաշա, անգլիացին հոգնել է և դժվարությամբ է քայլում։
Ինչպե՞ս։
Ասում եմ, անգլիացին հոգնել է և դժվար է քայլում, իսկ բուքը սաստիկ է։
Ես նրան պատժել եմ։ Նա ճանապարհին դարձյալ հակաճառեց ինձ և խորամանկ շեշտ կար նրա խոսքի մեջ մեր դատի հանդեպ։ Մեր դրոշակի կարմիր գույնը իրեն դուր չի գալիս։ Բացի այդ, ես տեսա, թե ինչպես նա ձիու հետ անխղճորեն էր վարվում։ է, ինչ անենք, որ նրանց նավերը և ավտոկառքերը չեն կարող մեր լեռները բարձրանալ։ Մենք նրան ձի տվեցինք, որ խեղճ գրաստին ծեծի՛*։ Թող մի քիչ ոտքով քայլի, որ հասկանա, թե ինչ բան է ազատության համար մարտնչող հայ զինվորի տառապանքը։
Բայց մեղք է, փաշա, կարող է խեղդվել բքի մեջ։
Իսկ մենք մեղք չե՞նք, նրա խոսքը ընդհատեց զորավարը։ Իսկ Սեբաստացի Մուրադը մե՞ղք չէր, իսկ կոմիսար Շահումյանը մեղք չէ՞ր։ Իսկ Շամխորում սպանված հարյուրավոր անմեղ ռուս զինվորները մեղք չէի՞ն։ Իսկ մեր ժողովուրդը, որ կոտորվեց ու ցրիվ եղավ աշխարհով մեկ, մեղք չէ՞։ Իսկ արաբը և Հնդիկը մեղք չե՞ն։ Քեզ մի բան ասեմ, Գևո, այն օրից, երբ մեր պատվիրակ Մոսե Ւմոն ձեռնաթափ վերադարձավ Լոնդոնից, իմ հավատքը իսպառ խախտվել է Անգլիո վարիչների և նրանց զինվորականների հանդեպ։
Փաշա՜։
Թող մի քիչ քայլի։
Փաշա՜։
Իմ համբերանքն ես ուզում փորձել։ Բուք կա իմ հոգում, Հաջի, ավելի ահեղ, քան լեռնահայաստանի այս բորանը, որ կատաղորեն փչում է մեր դեմքին։ Մեր ազգը կորել է փոթորիկի մեջ, իսկ դու ձի ես փնտրում ասեղ կտրող անգլիացու համար։
Լո՜, լո՜, լո՜...
Ոչ մի լոլո չի օգնի, իզուր է։
Սպիտակ ձիավորը գլուխը շուռ տվեց դեպի աջ։ Զորավարի կոշտ դիմագծերը ավելի պրկված էին։ Գուցե վերջին անգամ էր նա անցնում այդ լեռներով։ Նրա հայացքը այղ պահին ամբողջապես ուղղված էր Հայաստանից դուրս։ Դաշնակիցների հանդեպ ունեցած կասկածը գնալով աճել էր իր մեջ, իսկ Հանրապետական Հայաստանի վարիչների հետ խըստորեն պառակտված էր։ Երևանը թշնամաբար էր դիտում իր զորամասի անջատ գործողությունները։ Այդ էր պատճառը, որ Գորիսի ազգային խորհուրդը համառորեն ձգձգում էր քառանիվ սայլերի վերանորոգումը։ Զանգեզուրում դրանից մի տարի առաջ երևացել էին երեք զինվորական գործիչներ, որոնք խոստովանել էին, որ իրենք ուղարկված են «Անդրանիկին մեջտեղից վերացնելու»։ Եվ արդեն լուրեր էին տարածվել, թե նա սպանված է։
Կաբինում դասալիք զինվորները իրեն «կռո» անվանեցին, իսկ այստեղ՝ Անգեղակոթում, սասունցի հին հայդուկը զենք քաշեց իր վրա։ Որքա՜ն էր սիրում նա Ախոյին։ Երբ հավատարիմ սասունցին է զինվել իր դեմ՝ էլ ինչու մնալ։ Պառակտում կար նաև իր և իր սպայակույտի որոշ անդամների միջև։ Իրենից անդարձ բաժանվել էին սասունցիների գունդը, ձիավոր հարյուրակի հրամանատար Սարդիս Ճեպեճին, երրորդ գումարտակի պետ բժիշկ Բոնապարտը։ Զորամասի հրամանատարների և զինվորների մեծ մասը զորավար Մախլուտոյի գլխավորությամբ լքեց Զանգեզուրը և Սևանի արևելյան ափերը բարձրանալով գնաց դեպի Երևան յան հանրապետություն։ Նույնիսկ իր սուրհանդակ Անդրեասը Թալինից չվերադարձավ Լոռի։ Թիկունքից՝ բուք, առջևից՝ բուք, աղից ու ձախից էլ բուք։ Բնությունն անգամ մոլեգնած էր իր դեմ։ Այո, ինչու մնալ։ Եվ նա որոշեց գնալ Էջմիածին, զենքերը հանձնել կաթողիկոսին և հեռանալ Հայաստանից։
Եղիշե՛, գոչեց նա։
Լսում եմ, զորավար։
Այն անգլիացին հոգնել է և կարող է խեղդվել բքի մեջ։ Ջին տվեք թող հեծնի։
Քիչ վերջը զորավար Գիբոնը հեզ գառնուկ դարձած առաջանում էր քարավանի հետ։
Գարնան գաղջ արևը տաքացրել էր Արոտնա կիրճը, որի միջով հետևակն էր ընթանում, իսկ իրենք գնում էին բարձրով։
Շուտով երևաց Սիսիանի վերջին գյուղը, և նրանց դիմաց ցցվեց գեղեցիկ իրանով մի սպիտակ լեռ։ Բազարչայի հովիտն էր։ Բայց մնում էր ամենադժվարին և ամայի անցուղին Բազարչայից մինչև Հերհեր։ Այդ շրջանի ձյունը մարդու հասակից բարձր էր։ Ձյունը փակել էր բոլոր ճանապարհները՝ դարափոսերը բլուրներին հավասարեցնելով։
Իրենք յոթ ձիավոր էին, մի անգլիացի գնդապետ և վեց սպայակույտի անդամներ։ Առջևից դարձյալ ինքն էր գնում, ետևից՝ Հաջի Գևոն, քարտուղար Եղիշեն, անգլիացի գնդապետը և մյուսները։
Մերձակա մի գյուղ դիմավորելու ելավ աղուհացով։
Հապա էս բու՞քը, գոչեց Անդրանիկը բեղերի պաղլուլաները քանդելով, մեր առաջ աղուհաց հանելու փոխարեն ճամփաները մաքրեիք։ Նա Բազարչայի մալականներին փող տվեց և նրանք խմբերով եկան մաքրեցին կուտակված ձյունը և զորքը անցավ։ Հետևակը խճուղով գնաց, ձիավորները՝ սարով։
Կեչուտի ձորահովտում Հերհերի նոսր թփուտները իրենց միջից աղմուկով թափ էին տալիս ապրիլյան տաք ձյունը։
ԻՄ ՁԻԱՊԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ
Նոր–Բայազետում էի, երբ իմ ձիապան Բարսեղը հայտնըվեց։ Ոտքից թեթև կաղում էր։ Նա մի մեղավոր հայացք նետեց վրաս, վախենալով դատաստանից, բայց ես ավելի տրամադիր էի նրա քաջագործությունների մասին լսել, որովհետև վստահ էի, որ եթե նա ողջ է վերադարձել, ուրեմն իր խոսքը քաջության մասին է։
Զորավար, ասաց Բարսեղը դիմելով ինձ, երբ Անդբանիկի սուրհանդակ Անդրեասը հրավեր բերեց, որ մենք գնանք Լոռի, և դու ինձ կարգադրեցիր նրան ճանապարհ դնել, ես նկատեցի, որ Անդրեասը մտադիր է հարձակվել Իբրահիմ քսանի վրա։ Եվ իսկապես, Դավթաշենի ձորում կռիվ եղավ նրա և Իբրահիմ խանի միջև և մեր սուրհանդակը նեղն ընկավ, Իր ձին խփվեց։ Ես նրան վերցրի իմ թամբին և մենք՝ երկու հեծյալ մի թամբի վրա, հասանք Աշտարակ։
Աշտարակում Անդրեասն ասաց, «Բարսեղ, ես պիտի Ապարանով բարձրանամ Լոռի։ Եկ քո ձին ինձ տուր, իսկ դու վերադարձիր զորավարիդ մոտ և ձեր զորքով շտապեք Քարախաչ։ Խելքս մտավ և ձիս տվեցի նրան։ Հազիվ էի ոտքս դրել ասպանդակին, երբ լսեցի, որ Բաշ–Ապարանում կռիվ է և Փեթարա Մանուկը Չոլոյի և Մորուքի հետ սասունցիներից մի խումբ կազմած շտապել է մասնակցելու Ապարանի ճակատամարտին։
Անդրեասը թե «Ես պետք է հասնեմ Անդրանիկ փաշի զորքին»։ Ասաց, ու իմ ձին հեծնելով, գնաց դեպի Լոռի։ Ես մնացի հետիոտն։ Փեթարա Մանուկը ինձ մի ձի տվեց և մենք մի ամբողջ օր կռվեցինք Ալեքսանդրոպոլի կողմից Արագածի հյուսիս–արևելյան լանջով դեպի Երևան արշավող ռոմի զորքի դեմ։ Կռվով հասանք Եղվարդի տակ։
Այդտեղ Չոլոն ասաց, որ թշնամին բազմահազար զորքով հասել է Արաքսի ափը և Էջմիածնի վրայով սպառնում է Երևանին։ Թողեցի Բաշ Ապարանը և ինձ նետեցի Երևան։
Քաղաքի ծայրին մի ծերունի ժայռին փակված մի կոչ էր կարդում ուղղված Երևանի զորքերին և բնակիչներին, «Հայե՛ր, շտապեցեք հայրենիքն ազատելու… հասել է րոպեն, երբ յուրաքանչյուր հայ, մոռանալով յուր անձնականը, պետք է գործ դնի իր վերջնական ճիգը թշնամուն հարվածելու համար։ Հարկավոր է մի ճիգ ևս, և թշնամին վռնդված կլինի մեր երկրի սահմաններից։
«Հայե՛ր, ժամանակը չէ դանդաղելու։ Հանուն մեր բազմաչարչար ժողովրդի ֆիզիկական գոյության։ Ոտքի կանգնեցեք։ Դեպի սրբազան պատերազմ։ Դեպի զենք բոլորդ։ Դեպի Սարդարապատ»։
Ծերունին կարդալն ավարտեց և իր շուրջը հավաքվածներին կազմակերպելով, «ազատություն կամ մահ» գոռալով շարժվեց փողոցն ի վար։ Գնալով այդ աշխարհազորը մեծացավ, խտացավ և փողոցը լցվեց հազարավոր մարդկանցով։ Ես էլ ընկա այդ հեղեղի մեջ և շարժվեցի առաջ։ Հասա քաղաքի կենտրոն և դեմ առա սև քարից շինված մի հսկա եկեղեցու։ Գլխին հինգ սոխաձև գմբեթ կար ծուռ խաչերով։ Ինձ ասացին, թե դա ռսի ժամ է։ Էս ժամի զանգերը լուռ էին։ Աշխարհազորը շարժվեց դեպի Զանգվի կամուրջը, իսկ ես իմ ձին կապեցի ժամի դռանը և բարձրացա զանգակատուն։ Հաշվեցի զանգերը. ութսուն հատ էին։ Ամենամեծ զանգի լեզվակը իմ ձիու գլխի չափ էր։ Պարանը քաշեցի։ Քաղաքը դղրդաց ու ձայնը մինչև Եղվարդ հասավ։ Եկեղեցու դիմացը մի աղբյուր կար։ Տեսնեմ՝ մարդիկ էս աղբյուրի մոտ շարք կազմած կժերով ջուր են տալիս իրար։ Շարանն անցնում էր իմ ոտքերի տակով և ձգվում էր մինչև կայարան։
Էս ի՞նչ բան Է, հսկայի պես կռանալով հարցրի ես վերևից։
Ներքևից պատասխանեցին, թե ջուր են ուղարկում կռվողներին։ Կժերով հասցնում են կայարան և տակառների մեջ լցնելով գնացքով փոխադրում են Սարդարապատի դաշտ։
Ես զանգակատնից իջնելով արագությամբ շարք մտա և մի քանի կուժ ջուր փոխադրեցի հաջորդ ձեռքերին։ Բայց իմ գործը ոչ ջուր փոխադրելն էր, ոչ էլ զանգեր հնչեցնելը։ Ես ռազմիկ էի և պետք է նետվեի կռվի դաշտ։
Հեծա իմ ձին և շտապեցի դեպի Արաքսի ափը։ Թիկունքից սայլերով, ավանակներով, ձեռքերով ռազմամթերք էին հասցընում կռվողներին։ Կես ճանապարհին մի թնդանոթ էր մնացել։ Իմ ձին տվեցի, որ թնդանոթը շուտ տեղ հասցնեն։
Սկսեցի ոտքով քայլել։
Արաքսը վարարած էր։ Դաշտի միջով դեպի Հայ–Զեյվա մի հեծյալ եպիսկոպոս էր գնում՝ պատկառելի վեղարը գըլխին և սուրը ձեռքին բարձր պահած։ Ղարաբաղցի էր, անունը Գարեգին։ Վտիտ և անշուք դեմքով մի այր էր սրբազանը։ Տարիքը կլիներ քառասուն։ Կողքից երեք երիտասարդ վարդապետ էին գնում՝ Եզնիկ, Դանիել, Թադևոս, խաչերը ձեռքներին բարձր պահած, իսկ ետևից գալիս էր տարօրինակ կըռվողների մի բազմություն տարբեր զենքերով զինված, ոմանք շապիկ–վարտիքով, ոմանք՝ բոկոտն ու գլխաբաց։
Սրբազանը ձին կանգնեցրեց։
Սիրելի ժողովուրդ, դարձավ նա բազմությանը։ Արարատյան Հայաստանը հարվածի տակ է։ Հայկական զորքերին հրամայված է դատարկել Սուրմալուն և նահանջել Կոտայքի բարձունքները։ Շտապ առաջարկ է եղել Մայր աթոռը տեղափոխել Սևան։ Կես ժամ առաջ վեհափառ հայրապետը հայտնեց, որ ինքը մերժում է կաթողիկոսարանը ս. էջմիածնից տեղափոխել։ Եթե հայ զորքը հրաժարվի կամ անզոր գտնվի պաշտպան կանգնել այս սուրբ վայրին, ասաց նա, ապա ինքը մենակ սուր կվերցնի և կռվելով կընկնի մայր տաճարի զավթում, բայց չի հեռանա ս. էջմիածնից։ Մինչև հիմա դուք էիք իմ աջը համ բուրում, ասաց վեհափառը զորքին և ժողովրդին դիմելով, հիմա ես եմ համբուրում ձեր ոտքը։ Բոլորս դեպի թշնամին»։
Ի պատիվ և ի ուրախություն մեզ, Արարատյան դաշտի ամբողջ զորքը և ժողովուրդը զինված ջոկատներով անհավասար մարտի մեջ է մտել ոսոխի դեմ։ Սուր է վերցրել և ս. Էջմիածինը։ Ծառը արմատով է ծառ, տունը հիմամբ է տուն, գոչեց Գարեգին եպիսկոպոսը և բազմությունը նրա ետևից աղաղակեց. «Դեպի նոր Ավարայր»։
Արաքսի ափին հենց առաջին օրը ես գլորվեցի մի ավազափոսի մեջ, որտեղ մի վիրավոր էր ընկած՝ ճակատով դեպի գետին, ձիու սանձը թևի տակ ամուր սեղմած։ Կռացա իմանալու, թե ով է, ու հանկարծ ծոծրակիս մի տաք բան զգացի։ Շուռ եկա տեսնեմ՝ իմ ձին էր, որով ես գրոհել էի Թալինի բերդի վրա։ Նա ետևից թեքված լիզում էր իմ վիզը, իսկ կողքի վիրավորը Անդրեասն էր։ Անծանոթ տեսնողը նրա ահարկու կերպարանքից կարող էր տեղնուտեղը ուշագնաց լինել։
Անդրեաս, ասացի, դու էստե՞ղ, Սարդարապատի դաշտու՞մ։ Չէ որ ես տեսա, թե դու ինչպես իմ ձին հեծնելով Եղվարդի վրայով գնացիր դեպի Լոռի։
Ես չէի ուզում Բաշ–Ապարանում կռվել, բայց ճանապարհին իմացա, որ Սարդարապատում կռիվ է, խոսեց Անդրեասը, նստելով ավազափոսի մեջ իմ կողքին։ Ու՞ր կերթաս, Անդրեաս, չէ՞ որ Արաքսի ափին կռիվ է՝ ասացի ինքս ինձ։ Երևանի կողմից եկող զանգերի գոռոցն էլ որ ականջս քանդեց, ասացի՝ էստեղ մի լուրջ բան կա ու Հայաստանը շատ նեղ վիճակի մեջ է։ Էլ դու ո՞ր օրվա համար ես, Անդրեա՜ս, ասացի ու ձիուս գլուխը շուռ տվեցի դեպի Սարդարապատ։ Աջ թևի վրա կոռնետ Վանոյի հեծյալների դասակն էր։ Ջախ թևին շարված էին Վանի, Զեյթունի և Դալի Ղազարի ձիավոր դընգերը։ Միացա ալաշկերտցի Այվազի խմբին ու սլացա առաջ։ Թե էս երկու օրվա մեջ ինչքան ասկյար եմ սպանել Շևքի փաշայի զորքից՝ հաշիվ չկա։ Իմ պակաս թողածը քո ձին վերջացրեց իր սմբակներով։ Էս Սարդարապատը չէր լինի, եթե ժամանակին լավ պաշտպան ած լինեինք էրզրումի, Բիթլիսի և Կարսի դռները, ավելացրեց Անդրեասը։
Անդրեաս մի ասա, մի կատարյալ արջ։ Մեր խոսակցության ժամանակ չորս զինված ասկյար թփուտից դուրս նետվելով հարձակվեցին մեզ վրա։ Նրանցից մեկը Անդրեասի ահռելի կերպարանքից տեղնուտեղը ուշաթափվեց, իսկ մյուս երեքին տասնոցը քաշելով գլորեց ավազների մեջ։ Մեկ-երկուսին էլ ես ոչնչացրի գրոհելով եղեգների վրա, ուր նրանք խնամքով թաքնված էին դիակների տակ։
Ամբողջ օրը առավոտից երեկո թնդանոթները որոտում էին։ Այդ նույն օրն էլ կռիվը վերջացավ մեր հաղթանակով։ Արտաշատից մինչև Կարմրաշեն տասնյակ հազարավոր Շևքի դիակ էր դիզված։
Վերջին կռիվը եղավ մեծ Արտեն սարի վրա։ Այնտեղ սպանվեց մահապարտների գնդի գումարտակի պետը։ Ես անցա գումարտակի գլուխը և կազմակերպեցի նոր գրոհ։ Մըշեցի Պանդուխտի ձիավոր գունդը Մաստարայի բարձունքից, իսկ մենք ներքևից հարձակվելով, այնպիսի մի ջարդ տվինք, որ Շևքի թուրքերը լեղապատառ փախան մինչև Անի։ Վանեցի Ջհանգիր աղան էլ մեղ հետ էր իր եզիդական ձիավորներով, Առղա Մամիկոնյան Զորիկն էլ։ Երկուսն էլ Պանդուխտի գումարտակի մեջ էին, 409 բարձունքում։ Վերադարձա Արաքսի ափը։ Հեռվից նկատեցի, որ սև ագռավներն ու անծեղները կռավելով ելնում իջնում էին այն փոսի վրա, ուր Անդրեասն էր պառկած։ Վա՜յ, ասացի, Անդրեասը սպանված է և ագռավները նրա լեշն են ուտում։ Մոտեցա տեսնեմ՝ Անդրեասը իր ավազափոսում նստած տնքում է և նայում Է, թե ինչպես գիշատիչ հավքերը ծվատում են սպանված ասկյարներին։ Կողքին էլ ամանով ջուր էր դրված։
Անդրեաս, ասացի, դու վիրավոր ես, արի քեզ Երևան տանեմ։
Չէ, ասաց, ես Անդրանիկ փաշի սուրհանդակն եմ և նրա մոտ պիտի երթամ։ Ինձ կապիր ձիու թամբից ու բաց թող։ Ձին ինձ ուղիղ Լոռի կտանի։
Անդրեաս, ասացի, դու իբրև սուրհանդակ մեզ մոտ եկար մայիսի յոթին, իսկ էսօր մայիսի վերջն է, Անդրանիկը վաղուց Լոռին անցած կլինի։
Չէ, դու ինձ կապիր ձիու թամբին, փաշան ուր էլ լինի՝ ձին ինձ ուղիղ նրա մոտ կտանի, պնդեց Անդրեասը։
Շատ որ զոռեց, խնդիրքը կատարեցի։ Մի կերպ գրկեցի դրեցի թամբին և ամուր կապեցի, որ վայր չընկնի։ Դե, հիմա գնա հասիր Անդրանիկի զորքին, ասացի ու սանձը տվեցի ձեռքը։ Ձին մի քիչ տեղ գնաց, մեկ էլ ի՜նչ տեսնեմ. Անդրեասը վրա էի կապերը քանդել է և ետ դարձած բռունցքը թափ է տալիս վերևով անցնող ագռավների վրա։ Երևանի կողմը չերթա՛ք, ձեր կտուցներից շան հոտ է գալիս։ Էս էն դաշտըն է, ուր Նոյ Նահապետը տապանից իջնելով խաղողի թուփ է տնկել։ Էդպես կջարդենք մեզ վրա եկողին։
Տեսա ընկնում է, վազեցի, որ կապեմ թամբին և բերդի հիվանդանոց տանեմ։
Ես հիվանդ չեմ, գոռաց վրաս։ Ես պիտի անպայման հասնեմ փաշի զորքին, ու ինքն իրեն մի կերպ թամբին ուղղելով, գլուխը դարձրեց դեպի Եղվարդի կողմը։ ուր տարավ նրան իմ ձին՝ չիմացա։ Բայց որքան աչքս նշմարեց, ես նրան տեսա դեպի վերևի սարերը գնալիս։
Այդ նույն օրը ես վիրավորվեցի ոտքից և ինձ տեղավորեցին Երևանի բերդի զինվորական հիվանդանոցը։ Բերդի մեջ մի բերդ էլ կար՝ անունը Շուշան։ Շուշանն ինձ ճանաչեց։
Ինչու՞, ասաց, զորավար Մախլուտոն ինձ Բիթլիսից ուղարկեց Երևան ու չեկավ իմ ետևից։ Շուշանը գթության քույր էր բերդի հիվանդանոցում։ Նրա խնամքին հանձնըված էր նաև մանազկերտցի մի զինվոր, որ կռվել էր Սարդարապատի դաշտում և ծանր վիրավորված էր։
Շուտով ինձ ու մանազկերտցի զինվորին դուրս գրեցին։ Մենք Քանաքեռի վրայով գնացինք Եղվարդ։ Եղվարդում լըսեցինք, որ Փեթարա Մանուկը և իր զինվորները ապստամբվել են Արարատյան Հանրապետության կառավարության դեմ։ Նրանց միացել էին նաև մշեցի Պանդուխտի զինվորները, որ նոր էին վերադարձել ռազմաճակատից։ Հարցրինք պատճառը, Մանուկն ասաց, թե Հայաստանի վարիչները զինադադար են կնքել Վեհիփ փաշայի հետ, նրան զիջելով մեր հողերի մեծ մասը և զորավար Անդրանիկին արտաքսելով հանրապետության սահմաններից։
Անդրանիկը արտաքսվա՞ծ։ Ուրեմն մենք իզուր կռվեցինք Սարդարապատում և Բաշ–Ապարանում, ասաց մանազ-
կերտցի զինվորը, և երկուսով բռնեցինք Նոր–Բայազետի ճամփան։
Լճաշեն գյուղում մանազկերտցի զինվորը մի գաղթական աղջիկ տեսավ, անունը Վարդանուշ էր։ Ես երկու գեղեցկուհի եմ տեսել աշխարհում մեկը Շուշանն էր, մյուսը՝Վարդանուշը։ Մանազկերտցին զարկվեց Վարդանուշի սիրով ու մնաց Լճաշեն։
Բայց աշխարհը խաղաղ չէ ու ամենից վրդովվածը Հայաստանն է։ Մեր սիրելու ժամանակը դեռ չի եկել, ասացի ես։
Աշխարհը սիրելով կխաղաղվի, Հայաստանն էլ հետը, պատասխանեց մանազկերտցին ու մենք բաժանվեցինք։ Նա մնաց Լճաշեն գյուղում իր Վարդանուշի հետ, իսկ ես զենքերս կապած շտապեցի Նոր–Բայազետ»։
Իմ ձիապանը ավարտեց իր պատմությունը և բեղերը ոլորելով նայեց ինձ։
Ես նրան, իհարկե, ներեցի, որովհետև նա մասնակցել էր Սարդարապատի ճակատամարտին։
ԽՌՈՎԱԾ ՀԱՅԴՈՒԿԱՊԵՏԸ
1919 թվականի գարնանը Անդրանիկն իր զորքով Զանգեզուրի վերջին լեռնանցքի բուքը հաղթահարելով դիմեց դեպի Արարատյան դաշտ։
Դրոն Երևան յան նահանգի զորամասի հրամանատար էր նշանակված։ Լուր հասավ Դրոյին, որ Անդրանիկի ձիավորներըն արդեն հասել են Արարատ կայարան, ուր հնդիկ և անգլիացի զինվորներ էին կանգնած։ Դրոն հատուկ սալոն–վագոնով շտապեց Դավալու, որ նրան դիմավորի։ Զորավարի պատվին Երևանում պատրաստված էր փառահեղ ընդունելություն և հաղթական մուտք։ Երբ հասավ Ղ՛ավալու, պարզվեց, որ Անդրանիկը այնտեղից արդեն մեկնել է։ Հասավ Արտաշատ, բայց Անդրանիկը Արտաշատից արդեն դուրս էր եկել։ Դրոն զգաց, որ Անդրանիկը խուսափում էր իրեն հանդիպել։ Շարունակելով իր հետապնդումը, Երևանի զորամասի հրամանատարը նրան բռնեց Դալմայի այգիների շրջանում։
Դրոն բարձրից էր նայում Անդրանիկին, համարելով նրան ռազմական կրթությունից զուրկ մի սոսկական հայդուկապետ, պարտիզանական կռիվների մի հմուտ ղեկավար, որ ոչ մի մասնակցություն հանդես չէր բերել Սարդարապատի, Բաշ–Ապարանի և Ղարաքիլիսայի վերջին ահեղ ճակատամարտերին։
Ներքևում, հինավուրց կամուրջի տակով մոլեգնած հոսում էր գարնանային Հրազդանը։ Դիմացը Մասիսներն էին, իսկ ետևում՝ Երևանը։ Հանդիպումը եղավ զուսպ։ Դրոն Անդրանիկին հրավիրեց մտնել Երևան։
Ես Երևան չեմ գար, ես դաշնակ կառավարությունը չեմ ճանչնար, կտրուկ պատասխանեց Անդրանիկը։
Հարվածող զորամասի քրտնաթոր նժույգները իրենց դարչնագույն մեզը խառնելով Հրազդանի պղտոր կոհակներին, վրնջալով անցան բերդի հին կամուրջով։ Առջևից Անդրանիկն էր գնում, ետևից՝ զորքը։ Այգիների միջով դեպի Էջմիածին էր շարժվում մի անսովոր զորաբանակ։
Զորքը հոգնած էր։ Հոգնած էր այն ոլորապտույտ խճուղին, որով նրանք անցնում էին։ Հոգնած էր և այն փոշին, որ երիվարների սմբակների տակից բարձրանալով, անաղմուկ ոսկեղօծում էր երկնասլաց բարդիների նորականաչ կատարները։
Դրոն վաղուց հասել էր Էջմիածին և կայազորին կարգադրություն արել պատշաճ ընդունելություն ցույց տալ Անդրանիկին, համոզված, որ այնուամենայնիվ նա իր զորքը կըտանի դեպի Երևան և կողջունի Հայաստանի հանրապետության ծնունդը։ Սակայն Էջմիածին հասնելով Անդրանիկն իր զորագունդը ուղղեց դեպի մայր տաճար։ Ու՞ր էր գնում հայդուկապետը։ Ինչու՞ էր նա դիմում դեպի հինավուրց վանքի դարպասները։ Այս անսպասելի քայլը իրարանցման մեջ դրեց Էջմիածնի հայոց կայազորին, իրեն՝ Դրոյին և տեղի ողջ բընակչությանը։
Անդրանիկը դեպի Մայր տաճար է գնում։ Ինչու՞։ Ի՞նչ է պատահել, շփոթված հարցնում էին մարդիկ իրար։ Հայոց կաթողիկոսը Գարեգին վարդապետի և մյուս եպիսկոպոս ների ու վարդապետների հետ Տրդատա դռնով դիմավորելու ելավ մեծահամբավ զորավարին։ Իրենք նույնպես արիաբար մասնակցել էին Սարդարապատի ճակատամարտին և իրավունք ունեին քաջին քաջորեն դիմավորելու։
Դարպասները բացվեցին, և զորքը ներս մտավ։ Մտավ կապույտ ռազմիկը կապույտ նժույգին նստած։ Մտավ անսովոր մի զորք, որի նմանը Էջմիածինը և Հայաստան աշխարհը մինչև այդ երբեք տեսած չկային, Այդպիսի զորք չէր եղել։ Այդպիսի զինվորներ չէին անցել այդ ճանապարհով։ Այդպիսի նժույգներ չէին դոփել Էջմիածնի սրբազան գետինը։
Բնակիչները, մեծ ու փոքր, վազում էին ճանապարհի երկայնքով և օդը կեցցեներով թնդացնում։
Ու ընկան դրոշները վանքի պատերի տակ Գևորգյան լճի ափին։ Իրար վրա դիզվեցին հայդուկային կռիվների և կամավորական մարտերի՝ Դիլմանի, Բաղեշի, Կաբինի և Խոյի փառապանծ դրոշները։ Փողփողալով վայր իջավ Զանգեզուրի հայ կանանց ծոպավոր կարմիր դրոշը։ Ընկավ զենքն ու հանդերձանքը։ Եվ զորքին դիմելով՝ Անդրանիկն ասաց. Սիրելի զինվորներ, հասավ իմ և ձեր բաժանումի ժամը։ Մեր մարտական կռիվները ավարտված են։ Մեր զենքն ու դրոշները հանձնված են կաթողիկոսին։ Բայց ձեզմե չբաժանված կուզեմ երկու խոսք ասել։ Ես մեծ կրթություն չունեմ, շարունակեց զորավարը։ Ես էլ ձեզ նման հասարակ ժողովրդի զավակ եմ, ձեզ նման մարտիկ ու զինվոր։ Սիրուն ճառեր ասել չգիտեմ։ Արդեն հիսունչորս տարեկան եմ, կարգված չեմ և ընտանիք էլ չունեմ։ Կյանքի, գործի և պատվի ազատություն այս եղավ իմ և ձեր կյանքի նպատակը։ Ես հայր չեղա ընտանեկան հարկի տակ, իմ ընտանեկան հարկը Հայաստանի երկինքը եղավ։ Իմ մարտական կյանքը ես սկսեցի հայդուկությունից։ Գնացի Սասուն, մտա մի մութ գոմ և սկսեցի զենքերի փչացած մասեր նորոգել։ Գելիեգուզան գյուղին մոտիկ Ալոճագ (Տաղվրնիկ) կոչված գոմի մեջ պառկած կտաոապեի հոդացավով։ Հիվանդությունն այնքան սաստիկ էր, որ օրը տասն անգամ մահս կուզեի։ Վեց ամիս ոչ հանգիստ ունեի, ոչ էլ քուն։ Մեկ կողմեն ցավը, մյուս կողմեն հալածանքները կմտահոգեին զիս։ Տեղական բժշկական ամեն միջոց գործադրեցինք, բայց օգուտ չտվավ։ «Աստված, Գաբրիել հրեշտակը ղրկե. հոգիս առ, ազատվեմ այս տանջանքեն», ցավեն հուսահատ ասացի ես մի օր:
Սպաղանաց Մակարը, որ ութսունեն ավելի քաջառողջ մի ծերունի էր և քովս նստած չիբուխը կծխեր, աղերսանք լսելով դարձավ ինձ ու ըսավ.
«Անդրանիկ, լաո, Գաբոն ամեն անգամ, որ գլուխը դռնեն ներս կխոթե, որ հոգիդ առնե պատեն կախված հրացանդ տեսնելով, վախեն ներս չի գար, կփախչե կերթա»։
Վախեն, թե իմ չար բախտեն Գաբոն ներս չմտավ իսկապես։ Այն զենքը, որից Գաբոն վախեցավ, ահա երեսունհինգ տարի է, ինչ իմ ձեռքեն վայր չի իջել։ Իմ բմբլե բարձը Սասունի լեռները եղան։ Իմ և ձեր կյանքն անցավ հայդուկային կռիվների և ազատագրական պատերազմների մրրիկների մեջ։ Այգ հրացանը թևիս, ձիով և ոտքով ես ամբողջ Հայաստանը ձեզ հետ անցա ծայրեծայր։ Այդքան տարվա մեջ ես չտեսա ոչ մի զինվոր, որ իր բնական մահով մեռներ։ Դուք ձեր քաջությամբ և հերոսական գործերով բարձր պահեցիք մեր ժողովրդի արժանապատվությունը։ Ոչ մեկ արարքով չարատավորեցիք ձեր սուրը։ Մեծ համբերությամբ կրեցիք ձեր չարչարանքը և հավատքով տոկացիք անթիվ զոհողության։ Ես չլսեցի տրտունջի ոչ մեկ բառ, ցավի ոչ մի արտահայտություն։ Մերկ ու անոթի մնացիք օրերով։ Ձմռան ցուրտը, բուքըն ու քամին, ձյունն ու անձրևը կարկուտի հետ ծեծեցին ձեզ։ Բայց դուք արհամարեցիք թե՛ թշնամու գնդերը, և թե բնության արհավիրքը։ Ձեր այդ կեցվածքը քաջալերեց զիս և մենք շահեցինք փառավոր հաղթանակներ։ Ազատ ապրելու կամ հերոսաբար մեռնելու վճիռը նահանջի մատնեց ձեր մեջ ուրիշ ամեն իղձ։ Անթիվ, անհամ ար են այն կռիվները, որ ես մղեցի ձեզ հետ օսման բռնակալության դեմ ի սեր Հայաստանի։ Հրաժեշտ եմ տալիս ձեզ ձեր քաջության և եռանդի անկորնչելի հիշատակը պահելով իմ սրտում։ Հոգ չէ, թե բարեկամները կամ թշնամիները ինչպիսի համարում կունենան ձեզ վրա։ Սասունում մի սար կա Անդոկ սարը։ Այդ սարի տակից մի հորդ աղբյուր է բխում, որ կոչվում է Պայթող աղբյուր։ Սասունցիք հավատում էին, որ այդ աղբյուրի մեջ հրեղեն ձիեր են ապրում։ Նրանց համար երևի աստված այնքան հարգի չէր, որքան Պայթող աղբյուրը։ Ասում են, որ այդ աղբյուրից է դուրս եկել Քուռկիկ Ջալալին։ Ես ձեզ կարող եմ համեմատել միայն Պայթող աղբյուրի նժույգների հետ։ Ռուք սովորական մարդիկ չեք, այլ հրեղեն մի սերունդ, որ ժայթքեց Սասնո այդ առասպելական լեռան տակից։ Այս խոսքերը ես ձեզ թողնում եմ իբրև սրտաձոն բոլոր ապրողներին և տապանագիր մեռած զինվորներիս համար։
Էլ ասելիք չունեմ։
Այժմ ես միայն իմ տերն եմ։ Դուք ազատ եք։ Ինչպես կուզեք, այնպես էլ շարժվեք։ Հոս Հայաստան է, ժողովուրդը հայ է և հողը մերն է։ Կարող եք դարձյալ ծառայել հայ ժողովրդին, ինչպես մինչև հիմա ծառայեցինք։ Այն զինվորները, որոնք կուզեն տներ վերադառնալ, թող վերադառնան։ Նրանք, որոնք կուզեն ինձ հետ մնալ, թող գան ինձ հետ։ Ես մեկնում եմ՝ սրտիս մեկ կտորը ձեզ մոտ թողած, ակնկալելով մի օր գըտնել այն։ Ես ձեզ բոլորիդ հոգուս չափ սիրեցի, բայց իմ ամենասիրելին և փառապանյալ քաջը եղավ զորավար Մախլուտոն, որն այժմ իմ քովս չէ։ Այդ այն պատանին էր, որ առաջին անգամ Տաղվրնիկ եկավ Սերոբ Աղբյուրի հրացանի կոթը ինձ շինել տալու։ Նայեցեք, որ այս ճակատը երբեք գետին չհասնի։ Երեսուն տարի այդ ճակատը աստղերին էր դարձած, չլինի թե այսօր գետին հպի։ Բարի ճանապարհ ձեզ և թոզ օրհնյալ լինի զոհված հերոսների հիշատակը։
Սիրելի զինվորներ, մնաք բարով։
Ապա Անդրանիկը մի երկտող գրեց Հայաստանի կառավարությանը, ընդամենը երեք փութ գարի խնդրելով իր ձիու համար... կանխիկ վճարով։
Սևադեմ մի երիտասարդ, որ հենված էր «Ղազարապատ» հյուրանոցի պատին, հանկարծ վճռական շարժում կատարեց դեպի զորավարը։ Շապինանդը շեշտակի նայեց նրա աչքերի մեջ և հասկացավ, թե վտանգը որտեղից էր գալիս։ Չարագործը նույնպիսի անսպասելիությամբ զենքը ցած գցեց և հաղթահարված ծունկի իջավ հայդուկապետի առաջ։ Զինվորները ուզեցին նրա դատաստանը տեսնել, բայց Անդրանիկը սաստեց նրանց, և բարձրացնելով ընկածին ասաց,
Դու՛ գնա գարու ետևից։ Այս թուղթը կտաս Դրոյի կառավարությանը և երեք փութ գարի կխնդրես իմ ձիու համար կանխիկ վճարով։
Երիտասարդը թուղթը վերցրեց և հյուրանոցի պատին քըսվելով դանդաղ հեռանում էր, երբ զորավարը ձայնեց.
Հոս եկուր։
Սևադեմ մարդը ետ դարձավ։
Իմ ոչ մի հայդուկը գերեզման չունի լուսնի տակ։ Տալվորիկցի մի հին հայդուկ ունեի, որ սպանել է Սելիմ բեկին Գոլի կռվում։ Անունը Կիրո Օսման է։ Վերջերս լուր ստացա, որ նա դավադրությամբ սպանվել է Վերին Արթիկում և թաղված է մի անանուն փոսի մեջ։ Ես ուզում եմ, որ մի քար դրվի նրա վրա։ Այդ մի հատիկ սասունցի զինվորս թող գերեզման ունենա աշխարհում։ Այդ էլ հաղորդիր Դրոյին։ Երեք փութ գարի և մի շիրմաքար։ Չմոռանաս ասելիքը։ Ի՞նչ պիտի հաղորդես։
Երեք փութ գարի և մի շիրմաքար Արթիկում զոհված հայդուկի համար, կրկնեց սևադեմ մարդը։
Աֆերիմ, տղաս, այժմ գնա գործիդ։