Vakhtang Ananyan
Հովազաձորի գերիները
8
Գլուխ տասներեքերորդ. Թե ինչ է ստացվում, երբ անփորձ մարդը փորձում է որսորդությամբ զբաղվել
Այդպես, որսը ձեռքից թռավ։ Մինչ Հասոն ու Գագիկը ափսոսանքից թևները թուլացած կանգնել էին, Աշոտը, չգիտես ինչու, նորից ոգևորվել էր։
Տեսա՞ք, ալեկոծվեց նա։ Հիմի որ մերն են, գնա՛նք…
Գագիկը տեղից չէր շարժվում։
Մինչև չհամոզվեմ, որ մերն են, ես դրանց հետևից գնացողը չեմ, հայտարարեց նա կտրուկ։ Ասա՛, ինչո՞վ են մերը։
Քննության ժամանա՞կ է, տո՜, գոռաց որսի տեսքից տաքացած Աշոտը, բայց ճարահատյալ պիտի բացատրեր։ Դմբո՛, չե՞ս տեսնում, որ իջան ժայռի տափակ կտուրին…
Է, հետո՞, որ տափակ տեղը իջան, ուրեմն մե՞րն են… Բան ասա գլուխս մտնի։
Եվ Գագիկը ցուցամատով սկսեց կտկտացնել իր ճակատին։
Հասոն ևս չէր հասկանում Աշոտի միտքը (նա կաքավ որսած չկար և չգիտեր այդ թռչունը որսալու ձևերը), բայց անհարմար էր, ինչ վիճելու, ինչ հարցուփորձի ժամանակ էր։ Պե՞տ կա, կարգադրո՞ւմ է՝ գնա առանց առարկելու, ուրեմն մի բան գիտի, որ կարգադրում է։ Գոնե Հասոն այդպես էր սովորել ֆերմայում, ավագ հովիվը բա՞ն է պատվիրում, ձեռքդ դիր աջ ունքիդ ու ասա՝ «Լա՛վ, աչքիս վրա…»։
Դմբո՛, չասացի՞, որ խոր ձյունի ժամանակ կաքավները կամ ճեղքերն են մտնում, կամ եթե ճեղք չկա՝ անցնում են ձյան տակ։ էնտեղ ճեղք չկա, տափակ կտուր է… Չտեսա՞ր, որ իջնելուն պես անհետացան… Գնա՛նք, շո՛ւտ…
Տե՛ղ հասավ, մատը ճակատին կտկտացնելով համաձայնեց Գագիկը և հետևեց ընկերներին։
Այս անգամ քայլելը դժվար չէր, որովհետև նրանք վերադարձնում էին իրենց գցած ճամփով։ Մոտեցան իրենց բնակարանին և ծռվեցին դեպի ձախ. պիտի վեր բարձրանային։ Այստեղ էր, որ սկսվեցին անասելի տանջանքները, ձյունը մինչև գոտկատեղն էր հասնում, այդպիսի ձյան միջով կարելի է դեպի ցած գնալ, իսկ դեպի վեր գնալու համար առնվազն պետք է կուշտ լինել, «ներքին այրման» պաշար ունենալ։
Հասո՛, Բոյնախին տար Շուշիկի մոտ ու շուտ ետ արի, հևալով և ճակատի քրտինքը սրբելով պատվիրեց Աշոտը։
Տվեք՝ մուրճեր են, ինչ են, դրանք էլ տանեմ։
Հա՛, տա՛ր, ծանր են… հիմա սրանք պետք չեն…
Ներքև, դեպի աջ, թփերի մեջ երևաց Սարգսի գլուխը։ Նա շարժում էր որևէ թուփ, ձյունը վրայից թափում ու տնտղում՝ հատապտուղ էր փնտրում։ Ի՛նչ հաջողություն ուներ նա այնտեղ, հայտնի չէր, բայց քանի որ դուրս չէր գալիս թփուտից և չէր գնում կրակի մոտ, ուրեմն մի բան կար։
Հասոն վերադարձավ իր մահակը ձեռքին ու թափով առաջ ընկավ։ Այդպիսի ձյուն նա շատ էր տեսել, շատ անգամ էր հոր հետ միասին ձյան մեջ հոտի համար ճամփա բացել դեպի հանդը։ Իսկ հանդում թիակով քերում էին ձյունը և ոչխարները արածում էին նրանց բացած խոտը։
Եվ հիմա Հասոն հենվում էր իր ամուր մահակին, ուժ տալիս ու ցատկում դեպի առաջ, ինչպես փայտի օգնությամբ կցատկեն որևէ խոչընդոտի վրայից։
Այդպես ցատկոտելով նա հասավ կաքավների իջած «կտուրի» եզրին և լուռ ցած նետեց իր մահակը։
Նույն ձևով, բայց պակաս վարպետությամբ փայտից օգտվելով, տեղ հասավ նաև Աշոտը, իսկ նրա հետևից արդեն տրորված ճամփով վեր էր բարձրանում Գագիկը։ Նրա լեզուն թեև «քոր էր գալիս» (սուր բան ուներ ասելու Աշոտի հասցեին), բայց պապանձվել էր թե՛ նապաստակի դեպքը հիշելով և թե՛ այն պատճառով, որ Աշոտը ձեռքն իր բերանին դնելով՝ շարունակ լուռ մնալու նշան էր տալիս։
Երեքն էլ «կտուրի» եզրին շունչ առան։ Աշոտը զգուշությամբ առաջ գնաց մի քանի քայլ և երբ ետ նայեց, ընկերները արտակարգ ալեկոծության նշաններ նկատեցին նրա դեմքին։ Աշոտը ձեռքը դնում էր շրթունքներին, առաջ գալու նշան անում, ապա մատը մեկնում դեպի «կտուրի» կենտրոնը։
Գագիկը այնտեղ կաքավների փոխարեն նկատեց իրարից մոտիկ փոսիկներ, կարծես վերևից բռնցքաչափ քարերով խփել էին ձյունին։ Քարերը ամբարված ձյան խորքն էին գնացել, իրենց հետևից թողնելով ծուռումուռ փոսիկներ։
Պարզ էր, որ այդ փոսերից յուրաքանչյուրի խորքում մի կաքավ կար նստած…
Աշոտը մի քանի քայլ արավ այնպես անշշուկ, որ ձյունով ծածկված թռչունները չլսեցին վտանգի մոտենալը։ Հասավ առաջին փոսին, ձեռքը զգուշությամբ խոթեց նրա մեջ (այդպես էր սովորեցրել նրան իր հայրը) և ձյան խորքից դուրս բերեց ձեռքի մեջ խլրտացող թռչունը։
Այդ թպրտո՜ցը… Նա իսկույն տեղահան է անում ու թպրտեցնում որսորդ մարդու սիրտը։ Այդ թպրտոցը հանկարծակի հրճվանքով է լցնում մարդուս հոգին և ուզում ես ուրախությունից ճչալ, ճչալ…
Ուրեմն զարմանալի չէ, որ Գագիկը ալեկոծված վրա ընկավ հաջորդ փոսին, պառկեց նրա վրա և երբ ձեռքը փետուրներ ընկան, ճչաց ցնծագին.
Աշո՛տ, բռնե՛լ եմ… հասե՛ք…
Նրա թևի տակից թռչունը դուրս թռավ, իր թևերով ձյուն շաղ տալով տղայի դեմքին։
Սս՜ս՜ս, կամա՛ց, ֆշշացրեց Աշոտը, բայց Գագիկը որսի տեսքից գլուխը կորցրել էր։ Նա մեկ այս փոսի վրա էր կռթնում ու խառնում նրա խորքը, մեկ այն փոսի վրա էր պառկում ու փռում իր պիջակի փեշերը, բայց խրտնած թռչունները մե՛կ ոտքերի արանքից, մե՛կ կռնատակից, մեկ դնչի տակից մեծ աղմուկով-ֆռռոցով դուրս էին պրծնում ու ձյունը տղայի աչքերը լցնելով՝ թռչում սարսափահար…
Հասոն ևս դես-դեն ընկավ, մի քանի փոսի վրա էլ ինքը պառկեց, բայց կաքավները կողքից դուրս էին թռչում։
Աշոտը կանգնած էր կաքավը ձեռքին և դողում էր զայրույթից։ Նրան ժամանակ չտվին ձեռքի թռչունը տեղավորի, ձեռքերն ազատի ու շարունակի իր որսը։
Հիմա՛ր, ի՛նչ ես անում, գոռաց նա, երբ արդեն ուշ էր, բոլոր կաքավներն էլ ճողոպրել էին և ազատվել ուրիշին կեր դառնալու վտանգից։
Էս ինչի՞ չկարողացանք բռնել, զարմացած հարցրեց Գագիկը։ Իսկ Հասոն գլուխը կախել և մեղավորի նման ժպտում էր։
Հիմա՛ր, չտեսա՞ր էս ոնց բռնեցի… Ի՞նչ ես չտեսի նման վրա ընկնում… Ձեռքդ էնպես պիտի մեկնես անցքով, որ… Թո՛ւհ, ում եմ ասում… Մենակ սրան-նրան ձեռ առնել գիտես… Թո՛ւհ, ոնց թռա՜ն…
Այնպիսի ափսոսանքով էր համակվել որսորդ պատանին, որ քիչ էր մնում նստի ձյան վրա ու լաց լինի։ Այդպիսի հաջող որս էլ ե՞րբ կպատահի իրենց։ Բավական է ձյան երեսի մի բարակ շերտը սառավ՝ կաքավները փրկված են, այնպես կտկտալով կփախչեն, որ հետևներից «ձիավորը չի հասնի», ինչպես սիրում էր արտահայտվել հայրը։
Խումբը լուռ և գլխիկոր վերադարձավ անձավ։
Վա՞յ, կաքա՞վ եք բռնել, ուրախությունից թռվռաց Շուշիկը։ Բա ինչի՞ է քիթներդ կախ…
Աշոտը չպատասխանեց։
Լուռ փետրեցին թռչունը, գլուխն ու փորոտիքը տվին շանը։
Այնուամենայնիվ Գագիկը չհամբերեց և կաքավը ձեռքի մեջ ծանր ու թեթև անելով, հարցրեց.
Աշո՛տ, ինչքա՞ն կկշռի…
Աշոտը լուռ էր ու մռայլ, նրա մտքում դեռ իրար հետևից՝ ֆռ՛ռ, ֆռ՛ռ, թռչում էին սարսափահար կաքավները։
Կես կիլո կլինի… Հա՛, մեր կողմի կաքավները մի վառեկի չափ լինում են… Տասը-տասներկու կաքավ, ամեն մեկը կես կիլո… Ուրեմն, Հասո՛, մեր անփորձության պատճառով ես ու դու հինգ-վեց կիլո միս ենք փախցրել մեր ձեռքից։ Ափսո՛ս, ափսո՛ս, գլուխը տարուբերելով դառնացած ասում էր Գագիկը։ Միայն փոքրիկ բերանի անկյունում հազիվ նկատելի ժպիտը և սև աչքերի չարաճճի փայլը մատնում էին նրա խոսքի մեջ թաքնված հեգնանքը։
Կաքավը իրոք խոշոր էր և գեր։ Արագ խորովեցին, հինգ հավասար մասի բաժանեցին և կերան ախորժակով։
Սարգիսը մեկ ցանկացավ հրաժարվել իր բաժնից, բայց թեժ կրակի վրա խորոված կաքավի հոտին դիմանա՞լ կլինի, որ նա դիմանար։ Ինքնասիրությունը մի կողմ դրեց և վերցրեց իրեն լուռ առաջարկված բաժինը։
Բոյնախը հափշտակում էր իրեն նետված ոսկորները ու նրա ագահ հայացքը պարզ ասում էր. «էլ չկա՛…»։
Դե հովիվ Հասոն ինչպե՞ս դիմանար իր «անլեզու եղբոր» այդ աղերսական հայացքներին։ Եվ ոսկորի հետ իր բաժին մսի մի մասը ևս տվեց Բոյնախին։
Իսկ Սարգիսը իր բաժին ոսկորն անգամ լավ փշրելուց-ծծելուց հետո հիշեց իր այդ օրվա արարքը, հիշեց, թե ինչպես ինքը խմբից անջատ իր համար մասուր ու մամուխ է ճարել, հիշեց, որ իր «որսից» նա բաժին չի հանել ընկերներից ոչ մեկին ու տարակուսանքով մտածեց.
«Այդ ինչո՞ւ ինձ էլ բաժին տվին…»։
Գլուխ տասնչորսերորդ. Թե ինչպես բախտը հաճախ ժպտում է անարժան մարդկանց
Այդ դեպքը պատահեց մեր խմբի գերության վեցերորդ օրը։ Այդ այն օրն էր, երբ բնությունը նորից հույսեր էր խոստանում նրանց, չգիտես իրակա՞ն, թե սին հույսեր։ Այնպես անամպ էր երկինքը, այնպես արագ էր հալվում ձյունը ձորի հարավ նայող լանջերին, որ նրա թաց, ծանրացած զանգվածները խռռալով ցած էին թափվում ժայռերից, ծառերի վրայից, զառիվայրերից։
Խոր ձյունը դեռ ոչինչ չի նշանակում, ժամանակից շուտ եկած ձյունը ինչո՞ւ պիտի երկար մնա։ Նոյեմբերի արևը Փոքր Կովկասի հարավային լանջերին նույն ուժն ունի, ինչ օգոստոսի արևը Ուրալում։
Սարգիսը, չգիտես ինչու, բոլորից շուտ դուրս էր եկել այրից և նախնադարյան մարդու «մուրճը» ձեռքին սպասում էր. հավանաբար դեռ ազդված էր «կաքավի դեպքից» և մտքում որոշել էր կոլեկտիվի հետ աշխատանքի դուրս գալ։ «Այդ ինչպե՞ս էր, որ այնքան չարչարանքով բռնած կաքավից ինձ էլ բաժին հանեցին…», այս հարցը դեռ հնչում էր նրա ուղեղի մի անկյունում,..
Երբ մեր պատանիները դուրս եկան քարայրից և արևի տակ հուրհրատին տվող ձյունը նրանց ստիպեց կկոցել իրենց աչքերը, Աշոտն ընկերներին դիմեց հետևյալ խրատական ու ճոռոմ խոսքերով.
Ահա չորս օր է, որ մենք կարգին ուտելիք չենք գտել։ Բայց դա չի նշանակում, թե ուտելիք չկա Հովազաձորում։ Դա միայն նշանակում է, որ մենք վատ ենք ճանաչում բնությունը, ինչպես իմ որսորդ հայրն է ասում՝ բնության գիրքը կարդալ չգիտենք։ Ամեն չնչին բանի ուշադրություն դարձրեք, ամեն հետք տնտղեցեք, գուցե մի բան գտնենք…
Զեկուցումդ վերջացրի՞ր, հեգնեց Գագիկը։
Ի՞նչ զեկուցում, վրդովվեց Աշոտը։
Ներողությո՛ւն, զեկուցում չէր, այլ՝ ելույթ… Հիմա ի՛նձ լսիր։ Իմ կարծիքով մենք պետք է այս ձորից դուրս գալու ուրիշ ելք փնտրենք, իսկ դու ուտելիքի մասին ես խոսում։
Իզուր նեղություն չքաշես։ Հայրս ասել է, որ միակ ելքը այն կածանն է, որով մենք եկանք։ Տեսե՞ք, մեր աջ ու ձախ կողմերում և թիկունքում ժայռի պարիսպներ են։ Մնում է մեր դիմացը, կուզե՞ք, գնանք նայենք։
Իսկ մեր եկած կածանը երբե՞ք չի բացվի, հարցրեց Շուշիկը։
Մինչև գարուն դժվար թե բացվի… Տե՛ս, հիմա ժամը տասնմեկը կլինի, բայց արևը դեռ այն կածանին չի հասել. այդ լանջը նայում է արևմուտքին։
Նրանք լուռ դիտում էին այն լանջը, որով եկել էին Հովազաձոր. իրոք, ձյան հալվելու ոչ մի նշան։ Այդտեղ փոսերը, քարերը, դարավանդներն ու շավիղները հավասարվել էին առատ ձյան վերմակի տակ։
Իսկ այս ձորն ո՞ւր է գնում… Ներքև ինչ կա… Գնանք նայենք, գուցե իջնելու տեղ լինի, լրջացած իրենն էր պնդում Գագիկը։
Լա՛վ, գնանք աչքովդ տես…
Խումբը ցած գնաց և կանգ առավ Հովազաձորը ներքևից եզերող ժայռի գլխին։ Պատանիները ցած նայեցին և ահով ընկրկեցին. ներքևում ահռելի անդունդ էր, որի հատակից սկսվում էր Արարատյան դաշտի մի նեղ կտորը։ Երևում էր, որ անձրևի ու ձնհալի ջրերը Հովազաձորից այդ ժայռով են թափվում, հազարամյակների ընթացքում նրանք հղկել էին ուղղահայաց իջնող ժայռի ճակատը։
Հը՛, կարո՞ղ ես այստեղից իջնելու հնար գտնել, հարցրեց Աշոտը։ Առաջ գնա, ցած նայիր, ի՛նչ ես…
Նա չշարունակեց, թեև շատ էր ցանկանում վրեժ հանել Գագիկից՝ իր խոսելու մասին նրա արած կծու ակնարկների համար։
Ե՞ս… Սա ի՜նչ է որ… Դու էլ վախեցող մարդ գտար.. Մի պարան տուր, էս րոպեիս կախվեմ։
Եվ Գագիկը ահով ետ-ետ գնաց, բայց այնպես, որ իբր քար է փնտրում անդունդը նետելու։ Քարը գնաց դղրդաց ներքևում ու լռեց։
Տղաները հայացքով լուռ զննում էին շրջապատի ժայռերը ու ելք էին որոնում։
Արևելքից դեպի ցած էր ձգվում ժայռերի այն պարիսպը, որի ճակատով անցնում էր այժմ փակված կածանը։ Նույնպիսի մի ժայռաշարք արևմտյան կողմից իջնում դեմ էր առնում անդունդին։ Այդ ժայռ-պարիսպները աջից ու ձախից իրենց ծայրերը բերել-մոտեցրել էին իրար ու գրեթե փակել Հովազաձորի դեմքը, ինչպես երկու կողմերից իրար մոտեցած վարագույրի փեշերը։ Նրանց միջև մի նեղ տարածություն էր մնացել, երկու բարձր պատերի միջև սեղմված մի նեղլիկ միջանցք։ Այդ միջանքով ներքևում երևում էր Արաքսի հովտի մի նեղ շերտը։
Եթե որևէ հրաշքով աջ ու ձախ ժայռաքարերի ծայրերը մոտենային իրար մի քիչ ևս, այնպես կփակվեր Հովազաձորի առաջը, որ միայն Մասիսների գագաթները կերևային, մեկ էլ՝ երկինքը։
Ավելի պարզ պատկերացում տամ ընթերցողին։ Լվացվելիս միացնում ես երկու բուռդ, որ ջուր լցնես մեջը։ Հենց այդպես միացրած ափերդ ցած կախիր և վերևից նայիր։ Վերևի կողմից հենց այդպիսի տեսք ունի Հովազաձորը։ Իսկ եթե ջուրը երեսիդ խփելուց հետո ձեռքերդ այդպես կուց արած պահես աչքերիդ դեմ՝ դարձյալ նույն Հովազաձորի տեսքը կլինի, բայց այս անգամ արդեն դիմացից, Արաքսի հովտի կողմից։
Ոչ մի կողմից այդ ձորը երևալ չէր կարող։ Հովազաձորը երևում է միայն դիմացից, երկու կողմից իրար մոտեցած ժայռերի արանքով։ Այդ արանքով էլ ձորի կենտրոնն է միայն երևում, նրա մանր ձորակներն ու խորշերը այդպես էլ ծածկված են դրսի աշխարհից։
Ահա ինչպիսի թաքուն ու փակ վայր էին ընկել մեր պատանիները։
Ի՞նչ նյութից կարելի է պարան պատրաստել, ինքն իրեն շշնջում էր Աշոտը։ Ապա սթափվեց ու կանչեց. Պարանի մասին՝ հետո։ Հիմա գնանք սնունդ ճարելու…
Կաքավներն էլ թաղվելու միտք չունե՞ն, հազիվ նկատելի հեգնանքով հարցրեց Գագիկը։
Աշոտը խեթ-խեթ նայեց նրան, երևի դեռ սիրտը մղկտում էր ձեռից թռած որսի համար։
Պատանիները գնացին դեպի աջ ժայռաշարքի ստորոտը, ուր ցաքուցրիվ, մեծ ու փոքր ծառեր կային։ Նրանցից մեկի բունն ի վեր բարձրացել էր սնձի մի ճյուղ՝ կատարին կարմիր հատապտուղներ։
Հասոն հևալով ու դժվարությամբ ծառը բարձրացավ և սկսեց քաղել ու ձյան վրա թափել թոռոմած, իսկ շատերն էլ արդեն չորացած պտուղները, առանց սրանցից մի հատիկ իր բերանը դնելու։
Սինձը քիչ քաղցրավուն, բայց անհամ պտուղ է, մեջը լիքը խոշոր կորիզներով և չնչին «մսով»։ Բայց այնպես, ինչպես մեր պատանիներն էին քաղցած, կբազմապատկվեր այդ հատապտղի համն էլ, արժեքն էլ։
Ամեն մեկն իր համար ուտի՞, թե՞ հավաքենք, հետո բաժանենք, հարցրեց Գագիկը և նրա տոնից հասկացվեց, որ նա ձեռքն ընկածը տեղն ու տեղը խժռելու կողմնակից է։
Իմ կարծիքով մենք օրինակ կվերցնենք Հասոյից, ասաց Շուշիկը։
Դե Հասոյի համբերությունը Գագիկին որտեղի՞ց։ Եվ նա հատապտուղը հավաքելիս երբեմն մոռանում և գլխարկի մեջ գցելու փոխարեն բերանն էր գցում։
Վա՛հ, էս սունկն ի՞նչ գործ ունի էստեղ, վերևից գոչեց Հասոն՝ սնձենու փշին խրված և չորացած մի սունկ ցած նետելով։ Բոյնախը հոտոտեց և՛ սինձը, և՛ չորացած սունկը, և իր ճաշակին ոչ մեկը հարմար չգտնելով, շարունակեց պպզած նայել դեպի վեր, տիրոջը։ Նա լեզուն հանած անհամբեր ծմրում էր, որ նշանակում էր. «Վերջապես մի կտոր ուտելիք էլ ինձ համար ես ճարելո՞ւ, թե ոչ…»։
Ի՞նչ աներ Հասոն, սիրտը մղկտում էր շան համար, բայց ուտելիք որտեղի՞ց։ Նա իջավ ծառից և սկսեց ընկերների հետ հավաքել թափված պտուղները։
Սարգիսը դժվարությամբ խոնարհում էր իր երկար հասակը և պտուղը վերցնելով, գողունի բերանը գցում այնպիսի ճարպիկ ու արագ շարժումով, որ նկատողը չէր ասի, թե սա թամբալ Սարգիսն է։ Ուտելիքի տեսքից նա մոռացել էր երեկոյան ստացած լուռ նախատինքը, ինչպես և մոռացել էր մտքում տված խոստումը՝ իրեն պահել այնպես, ինչպես վայել է մարդուն։
Երբ Աշոտը փռեց իր պիջակը և հավաքված հատապտուղը հինգ հավասար մասերի բաժանեց, Հասոն նրան մեկնեց չոր սունկն ու հարցրեց.
Բա էս ո՞նց բաժանենք… Եվ իսկույն կարմրելով ավելացրեց. էս էլ տանք մեր Շուշիկին…
էլ չկա՞ր… որտեղի՞ց գտար, հետաքրքրվեց Աշոտը։
Ծառի վրա տնկված էր փշին… Սպասիր մի լավ մտիկ անեմ։
Տերևներից զրկված ծառի վրա դժվար չէր նկատել երկու գորշ կետ ևս։ Նորից սունկեր էին։
Հասոն գլուխը քորեց։
Բարակ ճյուղերի վրա է… ես դժվար հասնեմ…
Ուժ չուներ, ինչպե՞ս բարձրանար։
Տղաները ներքևից սկսեցին փայտեր նետել և հաջողեցրին սունկերից մեկը ևս վայր գցել։
Աշոտը, չգիտես ինչու, ոգևորվել էր։
Թրջենք-փափկացնենք, որ հետո խորովենք, առաջարկեց նա, սունկերը դնելով քարե մի գուշի մեջ հավաքված ձնաջրի մեջ։
Հա, թրջիր, թող մեծանան… Բայց աչքերդ պսպղում են, ի՞նչ է պատահել, Աշո՛տ, հարցրեց Գագիկը։
Շատ կարևոր բան։ Հասոն շատ կարևոր գյուտ արավ։ Ի՛նձ լսեցեք։ Տեսնո՞ւմ եք, որ ասում էր բնության գործերից վատ ենք հասկանո՞ւմ։ Հիմի որ կուշտ ընկույզ կուտենք…
Ոչ ոք ոչինչ չհասկացավ։ Քաղցած մարդու ագահությամբ ծամում էին նրանք հատապտուղն ու հարցական նայում իրենց պետին։ Աշոտը ծիծաղեց։
Դժվա՞ր եք հասկանում… Մոռացել եմ, որ ոչ կարգին, բնասեր եք, ոչ էլ որսորդ։ Ախր այս սունկը սկյուռն է տնկել ծառին, չորացրել, որ ձմեռն ուտի։ Ի՜նչ էլ բարձր տեղ է տնկել, որ ոչ ոք չփախցնի իր պաշարը… Հիմա, հարցը դա չի։ Հիմա մի բան մենք հաստատ գիտենք, որ այստեղ, մեզնից քիչ հեռու, սկյուռ է ապրում…
Քանի՞ կիլո միս կունենա, իսկույն հետաքրքրվեց Գագիկը։
Շուշիկի նիհար դեմքին մի թույլ ժպիտ երևաց։
Մի՛ ծաղրիր, հարցը միսը չի։ Սկյուռը չնչին միս ունի, բայց, մեծ պաշարներ… Նրա շտեմարանը պիտի գտնել, ահա թե ինչ…
Ա՛յ, հիմի որ մարդավարի ես խոսում… Իսկ ինչպե՛ս գտնենք։
Խելքո՛վ։ Տեսե՛ք, ընկույզի ծառը մի քսան քայլի վրա է՛ ու տակին ընկույզ չկա։ Ուրեմն, սկյուռը հավաքել-պահել է։ Կհարցնեք՝ որտե՞ղ։ Պարզ է, կամ ծառի մեջ, կամ նրա շրջակայքում։ Վեր կացեք խուզարկենք ամեն ծակուծուկ…
Մեր պատանիները նախ հետազոտեցին ընկուզենին և նրա՛ մեջ ոչ մի փչակ չգտնելով, սկսեցին քրքրել խաշամը, չոքեչոք փոցխել հողը, խուզարկել ծառի տակ մեկնված «եզնաքարերի» խորշերը։
Այդ տաք լանջին, ուր քամիներ չէին բռնում և ուր ժայռը անդրադարձնում էր արևի ճառագայթներն ու ջերմություն թափում իր տակ, ձյունը հալվել-«չալ էր ընկել», և եթե երկու օր էլ եղանակը այդպես գնար՝ ձյան հետք չէր մնա։
Շատ չոքեչոք արին մեր պատանիները և հոգնած ու ձեռնունայն նստոտեցին ջերմացած խաշամին։
Վա՜յ մեզ, որ մի խեղճուկրակ սկյուռի աշխատանքով ենք ապրելու… գանգատվում էր Գագիկը. Բռունցքիս չափ էլ չկա, նա ի՜նչ է, որ հինգ մարդ կերակրի… Մարդ այդ մասին մտածելիս նույնիսկ անհարմար է զգում… Այ, մի քարայծ լինե՞ր, ուրիշ բան։ Գնանք նախամարդու մահակներն ուսներիս դնենք, ընկնենք այրերը, գուցե այծերի պատահենք… թե չէ մեր մահակները պարապությունից ձանձրացան։
Իզուր է, ձեռքը բացասաբար շարժեց Աշոտը։ Չե՞ս ՛տեսնում, այսքան ման ենք գալիս քարայծի հետքի չենք հանդիպում։ Հենց ձյունն սկսել է գալ, թողել-հեռացել են։ Երևի նրանք էլ են վախեցել, որ փակված կմնան այս ձորում…
Մինչ նրանք զրուցում էին, Հասոն ընկել էր մի մոշահավի հետևից։ Սա թփից-թուփ էր թռչում և ճչում տագնապով, մինչև որ պարսատիկի ուղարկած քարերից մեկը վերջ տվեց նրա փոքրիկ կյանքին։
Թփերում մոշահավ շատ կա, չվախենա՛ք, թռչունը ձեռքին խմբին մոտենալով հայտարարեց Հասոն։
է՛հ, դու էլ… Մի լորի չափ էլ չկա… ձեռքը արհամարհանքով թափ տվեց Աշոտը։
Հասոյի թափն իջավ, իսկ Շուշիկը հանդիմանանքով նայում էր Աշոտին ու մտածում. «Բոլորովին նրբանկատ չի… Ինքը որ խփած կլիներ, կգովեր, երկինք կհաներ իր որսը…»։
Ձյունը հալվեց, կաքավ բռնելու մեր մեթոդը անպետքացավ։ Գուցե մազից թակարդներ շինենք, հը՞… Բայց ոչ ձիու մազ ունենք, ոչ թակարդի մեջ շաղ տալու հատիկ…
Աշոտը խոսում էր ինքն իրեն, ավելի շուտ՝ մտածում էր բարձրաձայն։
Այսպես մեր պատանիները ծանր վիճակից ելք էին որոնում, իսկ Սարգիսը ներքևում, ժայռի մի բեկորի տակ մեկնված-արևկող արած՝ ննջում էր ու երազում այն երանելի ժամանակները, երբ իր հայրը ճոխ սեղաններ էր բացում շրջանից եկած (մանավանդ ստուգման համար եկած) մարդկանց համար։
Ինչե՜ր չկային այդ սեղանների վրա… Եվ ինչպե՜ս ինքը նազ էր անում, երբ ճաշի էին հրավիրում։ Ինչպե՜ս էր չարչարում մորը։ «Մարդ ուտելիքից կկշտանա՞ որ», մտածեց տղան և նրան թվաց, թե իր կյանքում երբեք կշտացած չկա։ «Ա՜խ, մի կտոր սև հաց լինե՜ր, էն, որ գցում էինք մեր շանը, հավերին…»։
Թուլացած և հուսահատ նա նվում էր։ Բայց ապրելու բնազդը թելադրում էր շարժվել, մի բան ձեռնարկել։
Նա ձեռքով սկսեց փորփրել քարի տակ, խառնել խաշամը։
Հանկարծ ժայռի բեկորի տակ, տերևներով քողարկված մի անցք բացվեց և նրանից մի ընկույզ գլորվելով լույս աշխարհ դուրս եկավ։ Սարգիսը մի ակնթարթում ընկույզը թևքի մեջ թաքցրեց և գողունի նայեց չորս կողմը, հո ոչ ոք չնկատե՞ց։ Ո՛չ, ընկերները ինչ-որ բանի մասին տաք-տաք խոսում էին։ Նա առաջ սողաց, անցքը լայնացրեց և աչքերը պսպղացին. խորքում ընկույզի կույտ, էր երևում…
Տղայի մեջ վայրկենապես ինչ-որ ուժեր ծնվեցին, վերակենդանացավ։ Ընկեր ու աշխարհ մոռացած, նա մեծագույն զգուշությամբ գրպանները լցրեց ընկույզով և մի քար խցկեց անցքը, Որ շտեմարանի տերը մնացածը չտեղափոխի (որպես պահեստապետի որդի՝ նա այդքանը հասկանում էր…)։ Ապա վեր կենալով՝ քայլերն ուղղեց դեպի մոտակա թփուտը, որի մեջ իրենց գլուխներն էին ցցել մանր ժայռերն ու ժայռաբեկորները։
Ո՞ւր, Սարգիս, հետևից լսվեց Աշոտի ձայնը։
Տեսնեմ թփերում մամուխ կգտնե՞մ, շուռ գալով, անսովոր սիրալիրությամբ պատասխանեց նա։
Հա, Աշո՛տ, ես էլ մամխի գնամ, համեստությամբ ասաց Հասոն և, թույլտվություն ստանալով՝ Սարգսից վերև մտավ թփուտը։
Մնացածները նույնպես ցրվեցին և ում հաջողվեց մի քանի բուռ մասուր կամ վայրի ունաբ գտնել, գրպանում պահեց՝ երեկոյան ընկերների հետ կիսելու համար։
Միայն Սարգիսն էր ժայռի հետևն անցած՝ գաղտագողի ուտում համեղ ու յուղալի ընկույզները և որքան ուտում էր, այնքան ագահությունը մեծանում էր նրա մեջ։
Մի բան վատ էր, որ այդ աներես Հասոն չէր թողնում, որ տղան հալալ իր բանին կենա։
Սարգի՛ս, մամուխ եմ գտել, արի քաղենք, վերևից ձայնեց նա։
Այս Բոյնախն էլ մի կողմից է խանգարում, պպզել է առաջը և ծմրկտալով, խաշամն ավլելով ուշադիր նայում է, թե ինչ է ուտում ինքը։ Անպիտանը չմատնի՞… Լավ է, որ լեզու չունի, չի կարող պատմել, թե չէ…
Քաղցած կենդանուց ամոթ զգաց, թե՞ վախենում էր, որ Հասոն նկատի, նա ժայռի տակ պառկեց բերանքսիվայր և կենդանական բնազդով շարունակեց մեկը մյուսի հետևից ջարդել ու ոչնչացնել բարակ կեղևով և լիքը միջուկով պտուղները։
Քաք գիրքա