Vakhtang Ananyan
Հովազաձորի գերիները
6
Գլուխ իններորդ. Թե ինչպես պարզվեց, որ մեր պատանիների վիճակը ավելի ծանր է լինելու, քան կարծում էին իրենք
Արեգակը դուրս եկավ և ժայռերի ճերմակ աշտարակներն ու բուրգերը հուրհրատին տվին։ Երկնքում ոչ մի կտոր ամպ չկար, ամբողջը ձյուն դառած իջել էր ցած և երկնի լազուրն այնպես էր հստակվել, կարծես մի վիթխարի ձեռք խնամքով ու ջանացողաբար մաքրել էր այն։
Արծիվները, ժայռերի ձյունածածկ պատնեշներին կանգնած՝ լուռ դիտում էին Հովազաձորի անկոչ հյուրերին։ Վիթխարի էին երևում նրանք երկնքի ֆոնին, այնքան խոշոր, թվում էր սև յափունջին ուսներին գցած հովիվներ լինեին, որ անշարժ կանգնած հսկում են արածող ոչխարի հոտը։ Ավելի շուտ, աչալուրջ և խստադեմ պահակների էին նման այդ թռչունները, Հովազաձորի բնական բերդը պաշտպանող պահակների…
Արևածագի հետ ժայռերից լսվեց կաքավների տաղը։ Չէ՜ կյանք կա անգամ ձյունով ծածկված այս ապառաժներում…
Պատանիների տրամադրությունը բարձրացավ։
Աչքները կկոցած նրանք նայում էին Դիվային կածանին ու մտածում՝ ի՞նչ հնարքով «լուս աշխարհ» դուրս գան։
Ա՛խ, մի թիակ լիներ, մի հասարակ փայտե թիակ… Փոխնիփոխ աշխատելով կարող էինք երկու օրում ճամփան բացել, կարծես ինքն իրեն խոսում էր Աշոտը։
Բա ասում էիր կգան մեզ կգտնե՞ն, հարցրեց Շուշիկը։ Նա կասկածանքով զննում էր տղայի դեմքը և ջանում էր պարզել, հո իրեն չե՞ն խաբել…
Կգա՛ն… Երևի դեռ գլխի չեն, որ Հովազաձորում կլինենք… Երբ բոլոր հանդերը ման գան-պրծնեն, երևի մեկն ու մեկը կառաջարկի այս ձորը գալ… Չփորձե՞նք թիակի նման մի բան գտնել…
Սոված փորով ես ճամփա բացողը չեմ, ապստամբեց Գագիկը։
Աշոտը խեթ նայեց նրան, բայց որովհետև ինքը ևս քաղցած էր, չնախատեց։
Լավ, գնանք պտուղներ ճարենք, համաձայնեց նա։
Բայց ո՞ւր գնային, բոլոր թփերը, ծառերը ծածկված էին ձյան հաստ շերտով։
Մեկել օրվա զկեռը որտե՞ղ էր, Աշո՛տ, նրա վրա կարծեմ մի քիչ մնաց։
Հա՛, Շուշի՛կ, գնանք զկեռի կողմը, այն փոսումն էր, ես տեղը գիտեմ։
Եվ Աշոտն առաջ ընկավ։
Մեծ դժվարությամբ ձյունը ճեղքելով, մեր պատանիները հասան ծանոթ ծառին, թափ տվին նրա վրայից ձյունը և զղջացին, որովհետև ձյան մեջ ցած թափվեցին և կորան վաղուց հասած պտուղները։
Սառչող ձեռքերին նրանք գոլ շունչ էին փչում և «մաղում» ձյունը։ Արդյունքը այնքան քիչ էր, որ պատանիների տրամադրությունը խիստ ընկավ։ Եթե մի քանի օր փակված մնան ձորում, որքա՞ն պտուղ պիտի ճարեն, որ ապրեն…
Եվ սովի ահը հետզհետե համակեց նրանց։ Ի՞նչ պտուղ պիտի մնացած լինի քարերով հարուստ, բույսերով աղքատ այս ձորում, որով սնվեն-ապրեն նրանք։ Գոնե գարուն լիներ, կարելի էր կանաչով ապրել։ Հիմա ամեն ինչ չորացել է, հատապտղի խղճուկ մնացորդներն էլ թաղվել են խոր ձյան տակ…
Այդպիսի մռայլ մտքեր առաջ բերեց սնունդ ճարելու առաջին փորձը։
Է՛հ, լավ է, շուտով կգան իրենց կգտնեն, թե չէ այս պայմաններին ո՞վ կդիմանա… «Կգան… հիմի փնտրում են…», յուրաքանչյուրը մտքում սիրտ էր տալիս իրեն։
Մի դենը նայիր, Հասո՛, մարդիկ չե՞ն… Հե՛յ, հե՜յ, էստեղ ե՜նք, էստեղ ե՛նք, գոչեց Աշոտը։
Շուշիկի սիրտը թնդաց, մի՞թե արդեն եկան իրենց փրկարարները…
Բայց «մարդիկ» ոչ շարժվեցին, ոչ արձագանքեցին։ Երկնքի բաց-կապույտ ֆոնին սևին էին տալիս ճերմակ քարերին կանգնած հսկա գառնանգղերը, որ անքթիթ հայացքով լեշ էին փնտրում։
Չէ, չեն երևում…
Հիմի որ փակված մնացինք… ինքն իրեն փնթփնթաց Սարգիսը…
Այսինքն, դարձանք Հովազաձորի Ռոբինզոններ, լրացրեց Գագիկը։ Բայց, ափսո՛ս, Ռոբինզոնին փնտրող չկար, իսկ մեզ փնտրելու և, դժբախտաբար, գտնելու են։
Այդ հույսն էր նրան պահում, թե չէ այլևս ուժ չէր ունենա իր երկյուղն ու տագնապը թաքցնելու։
Լա՜վ դժբախտություն կլինի… Իսկապես, ի՞նչ եք նոթներդ կիտել, հիմա ամբողջ գյուղը հանդերն ընկած մեզ է ման գալիս…
Այո՛, ամբողջ գյուղը, բացի պահեստապետ Պարույրից, Աշոտի խոսքը կտրեց Գագիկը՝ ընկերներին աչքով անելով։
Սարգիսը ավելի մռայլվեց և ծնոտները սեղմեց իրար. «Ա՛խ, թե այստեղից դուրս կգա՜նք…»։
Քանի որ սիրտը պահեստից չի կտրվում, իր միտքը բացատրեց Գագիկը և մի ժպիտ պարգև ստացավ Շուշիկից։
Կգա՛ն, հիմա բոլորը կգան՝ քո որսորդ հոր ղեկավարությամբ։ Հիմա ինքնաթիռ էլ կգա։ Պետք է մի մեծ խարույկ վառել՝ ինքնաթիռին նշան տալու համար։ Գնանք ծառերի կողմը։
Այո, գնանք կրակ անենք… բայց նրա համար, որ չսառչենք գիշերը և գազաններին կեր չդառնանք, քանի որ մեր հետևից ոչ գյուղացիք են գալու, ոչ էլ ինքնաթիռը, մի բան գլխի ընկնելով ասաց Գագիկը և կարծես իր խոսքի միտքը նոր միայն հասկանալով գունատվեց ու ճչաց. Տղե՛րք, մենք կորած ենք…
Նրա ձայնից ընկերները սարսռեցին։
Ինչո՞ւ… Եվ այդ դո՞ւ ես ասում, դու, Գագի՛կ, որ լոզունգ ունես, թե՝ ամեն բանի վերջը լավ կլինի, հանդիմանեց նրան Աշոտը։
Էլի լավ կլինի։ Բայց հույսներս մեզ վրա պիտի դնենք։ Այս կողմ ոչ ոք չի գալու, բոլորն էլ Հեռավոր Արևելքում են փնտրելու մեզ…
Իսկապես ո՜ր… բացականչեց Աշոտը և կարծես կայծակից հարված ստանալով՝ թևերը թուլացած նստեց քարին։ Ա՜յ քեզ հիմար կատա՜կ… Հիմա ստացել են մեր նամակները…
Բոլորի հույսերն էլ փուլ եկան, և եթե Շուշիկը չամաչեր, իսկույն կսկսեր լաց ու կոծը։
Կարծես պայծառ օրը մթնեց պատանիների գլխին։ Թևները թուլացան, հուսահատությունը միանգամից համակեց նրանց։
Կորած ենք, վա՜յ… Գագիկի խոսքին խուլ արձագանքեց Սարգիսը և նրա երկար ոտքերն սկսեցին դողդողալ, իսկ շրթունքները կապտել էին։
Շուշիկը լուռ լալիս էր և մտքում մեղադրում-նախատում Աշոտին։
Այդպես, զանազան դիրքերով նրանք երկար մնացին լուռ։
Աշոտը փորձեց սիրտ տալ ընկերներին.
Լավ, առայժմ վատ բաներ չմտածեք…
Ճիշտ է, խոդե յըկը՝ դըրգե խազար, հաստատեց Հասոն և Շուշիկին նայելով շիկնեց։
Եվ դու էլ կարծում ես հասկացա՞նք քո քրդերենը, հարցրեց Գագիկը հեգնախառն, ջանում էր թաքցնելու իրեն համակող ահը։
Հասոն ցույց տվեց իր արտասովոր ճերմակ և ամուր ատամների շարքերը։
Սա քրդերի առածն է, այսինքն՝ աստված մեկ է, դուռը՝ հազար, բացատրեց նա։
Հա՞… որ այդպես է հազար դռնից երևի մեկը կբացվի, գնա՛նք…
Եվ Աշոտը վճռական քայլերով առաջ ընկավ։
Չի կարելի ասել, թե Հովազաձորում փակված մնալու վտանգը նրան չէր անհանգստացնում։ Սրտոտ էր նա բոլորից, բայց երկյուղը խորթ չէր նաև նրա հոգուն։
Սակայն այդ ցնորամիտ պատանին կարծես մի կողմից էլ ուրախ էր, որ ակամայից ընկավ այդպիսի արտասովոր արկածի մեջ։ Մնալ Հովազաձորում փակված, դառնալ իսկական Ռոբինզոն, բայց շրջապատված անհամեմատ ավելի աննպաստ պայմաններով, կարո՞ղ էր դրանից լավ առիթ լինել ցույց տալու աշխարհին, և այս «շեկլիկին», որ լճավանցի Կամոյից բացի, նրա նման սրտոտ պատանիներ էլի կան մեր երկրում։ «Ճանճաքարի մեղրի՜ն էր սովոր…», չարախնդությամբ մտածում էր նա։
Տեսա՞ր, քո մի անզգույշ արտահայտությամբ մեզ ուր հասցրիր, ցածր ձայնով նախատեց Գագիկը Շուշիկին և ձյան միջից նրան վեր քաշեց ու նրա ձյունոտ հագուստը իր գլխարկով թափ տվեց։
Ո՞ր անզգույշ արտահայտությամբ… Հա՜, Կամոյի՞ մասին։
Իսկ դա, կարծում ես, քի՞չ է սրա գլխի քամիները շարժելու համար…
Ի՞նչ եք այդտեղ փնթփնթում, կանգ առնելով հարցրեց Աշոտը։
Հենց քո մասին ենք խոսում, բորբոքվեց Շուշիկը։ Չես ՛ընդունում, որ աշխարհի երեսին կարող է քեզնից քաջը լինել…
Եվ նա նորից սկսեց արտասվել։
Հիմի իմ խեղճ մայրը… Բոլորը քո այդ, այդ… մեծամտությունը…
Աշոտը անակնկալի էր եկել, ինքը մեծամի՞տ, այդ որտեղի՞ց հնարեցին։ է՛հ, այդ աղջիկներն արդեն սվսվան են։ Բայց Գագիկը կհասկանար իրեն, Հասոն՝ նույնպես։
Այո՛, ձորը մտնելուց առաջ դու ճիշտ գուշակեցիր, հիմի գրքի հերոս դարձանք։ Մանավանդ Աշոտը, դառնությամբ ասաց Գագիկը։
Ի՛նչ է, ուրիշները կարող են դառնալ, մենք չե՞նք կարող, տաքացավ Աշոտը։
«Մենք» էր ասում, բայց ընկերներին պարզ էր, որ մենակ իրեն նկատի ունի։
Շուշիկը աչքերը սրբել և գլուխը հանդիմանորեն շարժում էր, իսկ Գագիկը այս անգամ արդեն չէր կարող զսպել իրեն.
Չէ, ախպե՛ր, ես այդպիսի կարծիք չունեմ իմ մասին։ Կամոյի խմբից Գրիգորը (հո գիտեք, որ քեռուս տղան է) ինձնից սիրուն է, ինձնից խելոք, ինձնից սրամիտ, ինձնից քաջ և նույնիսկ ինձնից շատակեր, մի բան, որ ես նույնպես առավելություն եմ համարում…
Աշոտը չպատասխանեց, բայց երևում էր, որ վիրավորվել է։
Նյարդային մի շարժումով նա նորից առաջ ընկավ։
Ընդունիր, քո՛ գործն է, քիչ հետո մռայլ ասաց սա՝ ծնկահար ձյան մեջ խրված կանգ առնելով։ Բայց ես, քանի գլուխս ուսերիս վրա է, կարող եմ շատ-շատերին իմ հետև թողնել։ Եվ կթողնեմ… Իսկ դուք դա մեծամտությո՞ւն եք համարում։ Համարեցե՛ք, ձե՛ր գործն է…
Նրանք հասան իրենց «բնակարանին», ոտքների ձյունը թափ տվին շեմքին և ներս մտան։
Կրակն իջել էր և անձավը ցրտել։ Եղած վառելիքը լուռ դարսեցին խարույկի վրա ու պառկեցին յուրաքանչյուրն իր խաշամե անկողնուն։ Ծուխը մլմլալով լցվեց անձավը, ապա ճրթճրթոց լսվեց և բոցը գրկեց ցախի ծուռումուռ կույտը։ Կարմիր լեզուները սկսեցին խլվլալ ճյուղերի արանքներում, կրակի դուրեկան ջերմությունը սփռվեց չորս կողմ, գունատ դեմքերին արյուն խաղաց։
Կրակը կյանք է, կրակը ցրում է մռայլը։ Պատանիները հետզհետե ուշքի եկան իրենց կրած ծանր հարվածից։ «է՜հ, կյանք է, էլի՛, էս էլ փորձենք… ընկերներով չես կորչի…», մտածում էր Գագիկը և երևի լավատես ու հանգստացնող մտքեր ծնվում էին նաև մյուս պատանիների մեջ։
Բոլորն էլ անհրաժեշտություն էին զգում քննելու ստեղծված իրադարձությունը, քննելու իրենց անելիքը։ Դե հո նրանք ուրիշ անգամ չէին փակվել որևէ ձորում, որ փորձ ունենային։ Նրանք սպասում էին Աշոտի խոսքին։
Հոր որսորդությանը հաճախակի մասնակից լինելով այդ տղան առաջին անգամը չէր դժվարին կացության մեջ ընկնում, ուստի և ելքը նրանից պետք էր սպասել։ Աշոտն էլ զգում էր, որ ակամայից և առանց ընտրվելու ինքն արդեն այդ խմբի ղեկավարն է դարձել։
Ուրեմն, ընկերնե՛ր, իրեն հատուկ հանդիսավորությամբ սկսեց նա, կարծես ժողովում լիներ, մենք պետք է կարողանանք դիմանալ, մինչև որ մեզ գտնեն դրսից և ազատեն, կամ ինքներս դուրս գանք այս փակ բերդից։ Ռոբինզոնի նման մենք բնության մեջ ինքներս պետք է հայթայթենք մեր ապրուստը…
Ռոբինզոնի նմա՛ն… Լա՜վ ես ասում, լացակումած բողոքեց Շուշիկը։ Ռոբինզոնը մի կղզի էր ընկել, ուր ձմեռ չկար։ Տա՜ք, շուրջն էլ առատ բուսականություն…
Հա՛, լամա էլ էր կթում, Ռոբինզոնին ի՞նչ էր պատահել որ… լրացրեց Գագիկը։
Այո՛, չեմ թաքցնում, գուցե մեր վիճակը Ռոբինզոնի վիճակից ծանր է լինելու։ Բայց չէ՞ որ մենք միայնակ չենք, մենք խմբով ենք։ Կոլեկտիվը մեծ ուժ է, դուք դա լավ գիտեք։ Հետո, չէ՞ որ մենք պիոներներ ենք, ձայնը բարձրացրեց Աշոտը և շեշտակի նայեց ընկերներին։ Ինչպե՞ս էր դաստիարակվել Ռոբինզոնը և ինչպե՞ս ենք մենք դաստիարակվել, տարբերություն կա՞, թե ոչ…
Աշոտն զգում էր, որ իր ընկերները կարիք ունեն ամուր խոսքի ու խրախուսանքի։ Եվ շարունակեց հաստատուն տոնով, թեև իրեն հատուկ «ժողովային ոճով».
Ճիշտ է, մեր ընկած վայրը աղքատ է ու ժլատ, այդ տեսակետից Ռոբինզոնը մեզանից բախտավոր էր։ Բայց եթե կազմակերպված գործենք՝ կդիմանանք։ Գործներս շատ դժվար է լինելու, կռիվ ենք տալու բնության դեմ։ Այդ կռվում չկորչելու համար ամենից առաջ կարգապահություն է հարկավոր։ Ուրեմն, առաջարկում եմ մեկին պետ ընտրել, որին մենք պետք է ենթարկվենք և կատարենք նրա կարգադրությունները։ Թե չէ, եթե գործենք Կռիլովի «Կարապը, ձուկն ու խեցգետինը» առակի հերոսների նման (հո հիշում եք մեր դասագրքից), կկորչենք։ Ուրեմն, այսուհետև մենք գործելու ենք կարգ ու կանոնով, կազմակերպված…
Լա՜վ, պետս որն է։ Էլի դու պաշտոնական դի՞րք բռնեցիր, առարկեց Գագիկը։
Նո՜ւ, պետ չլինի, ավագ լինի. մեկը հարկավո՞ր է, որ կիրառի, ասենք, կոլեկտիվի մշակած ռեժիմը։ Ինձ որ մնա, նույնիսկ մենք կարող ենք պիոներական օղակ կազմել, իրենը պնդեց Աշոտը։
Այո՛, մեկին ավագ կընտրենք և նա կծառայի մեզ, ինչպես դեպուտատը ծառայում է իրեն ընտրող ժողովրդին։
Թեև Աշոտը պետի դերը այլ կերպ էր պատկերացնում, բայց չառարկեց Գագիկին։
Լա՛վ, ինչ կուզեք անվանեցեք՝ օղակավար, պետ, ավագ, կամ մի ուրիշ բան։ Բայց մենք պետք է ենթարկվենք մեր ընտրածին։
Այո՛, եթե նա լավ ծառայի իրեն ընտրողներին, նորից իր ուղղումը մտցրեց Գագիկը։ Իսկ եթե վատ ծառայի, կամ գոռոզանա, հիմիկվանից զգուշացնում եմ հա՜, կտապալենք… գաղտնի քվեարկությամբ…
Աշո՛տ, մեր պետը դու կլինես, շտապեց իր կարծիքը հայտնել Շուշիկը. կարծես երկյուղ ուներ, որ մեկ ուրիշը կընտրվի։
Այո, դու հարմար ես, հաստատեց Գագիկը։
Ինչո՞վ, հարցրեց Աշոտը։ Գագիկի լրջության տակ ինչ-որ հեգնական բան էր զգում։
Ինչո՞վ։ Հենց թեկուզ նրանով, որ ընկերական զրույցի ժամանակ անգամ պաշտոնական տոնով ես խոսում։
Աշոտը հոնքերը խոժոռեց։
Դո՞ւ ինչ կարծիքի ես, Սարգի՛ս, հարցրեց Գագիկը։
Ինձ համար մեկ է… Ինքը մեզ բերել է, ինքն էլ թող մտածի մեր ապրելու մասին, ես ոչ մի բանի չեմ խառնվի…
Կխառնվե՛ս, ամուր ասաց Աշոտը։ Կստիպենք, որ խառնվես։
Նրա ձայնը հնչում էր սպառնագին։
Տեսա՞ր… Որ ասում եմ ամենից հարմարը դու ե՞ս, ժպտաց Գագիկը։ Հո ամեն մարդու չի հաջողվի այդպես կարգադրելով խոսել։
Աշոտին ավագ ընտրեցին։ Միայն Շուշիկին թվում էր, նա ավելի է խիստ, քան հարկավոր է։ Աղջկան նույնպես դուր չէր գալիս նրա չոր, հրամայական տոնը։ Ով գիտե, գուցե այս դաժան պայմաններում հարկավոր է, որ իրենց պետն օժտված լինի հենց այդ հատկություններով։
Լա՛վ, ե՛ս կլինեմ ավագ կամ, ավելի ճիշտ՝ օղակավար։ Սարգիսը ճիշտ ասաց, ես պատճառ դարձա ձեր այս ձախորդությանը, ես էլ կաշվիցս դուրս կգամ՝ ինձ ու ձեզ փրկելու համար։ Ճիշտ ասացիր, բայց քո այդ հակառակությունդ թող և այլևս դժգոհություն չլսեմ, խստությամբ դիմեց նա Սարգսին։ Իսկ մեր անելիքը ես այսպես եմ հասկանում, սնունդ ճարել և հարմարություններ ստեղծել ապրելու։ Կարող է պատահել, որ երկար մնանք այս ձորում։ Ձյուն մաքրող գործիքներ պատրաստել և փորձել դուրս գալ սեփական ուժերով… Ա՛խ, թե մի դանակ կլինե՜ր… Դանակը մեզ կյանքի չափ անհրաժեշտ է։ Առանց դանակի ոչ մի գործիք չենք կարող պատրաստել։
Հասոն ժպտաց և ձեռքը տարավ գրպանը։
Դանակ մենք ունենք, հանգիստ ասաց նա։
Ունե՞նք, ուրախացած տեղից վեր կացավ Աշոտը։ Նրա աչքերն այնպես էին փայլում, կարծես արդեն գտնվել էր ձորից դուրս գալու հնարը։ Տեսնեմ, հո կատակ չե՞ս անում։
Հասոն գրպանից հանգիստ հանեց և նրան մեկնեց իր խոշոր, կոպիտ, բայց միշտ սուր հովվական դանակը։
Դանա՞կ… վայ հոգուդ մեռնեմ, քուրդ ախպեր, ոգևորվել էր Գագիկը։
Է՛, հա՞յ եմ, որ դանակ չունենամ… ամեն քուրդ էլ գոտուց կախած դանակ ունի։
Ոչ ոք չվիրավորվեց, իհարկե։ Այգեձորցիք իրենք էին իրենց մասին առած հնարել, թե՝ «Հայն էլ դանա՞կ կունենա…»։
Դանակը ձեռքից ձեռք էր անցնում և պատանիները զննում էին այդ կոպիտ իրը մեծ հետաքրքրությամբ։
Այո, այժմ շատ բան կարելի է շինել այդ դանակով, գուցեև ձյուն մաքրելու գործիք…
Կարծես խմբի ուժը միանգամից ավելացավ։
Հա, դանակդ մեր միակ զենքն է ու այս պայմաններում մի թնդանոթի արժեք ունի, իր գնահատականը տվեց Գագիկը։
Իսկ Աշոտը, ղեկավարի դիրք ընդունած, մի հայտարարի էր բերում խմբի առաջին նվաճումները.
Մենք հիմա բնակարան ունենք, թեև ոչ հարմար բնակության։ Ունենք կրակ, որ ամեն բանից կարևոր է։ Ունենք մի դանակ որ մեզ շատ հարկավոր կգա։ Ահա առայժմ մեր ամբողջ տնտեսությունը։ Ո՞րն է մեր հերթական անելիքը։ Իմ կարծիքով ամենից առաջ հարկավոր է…
Ներողություն, իսկ մեր շորե՞րը… Թե՞ շորերը կարևոր չեն, հարցրեց Գագիկը։
Այո, շորերն էլ հաշվենք…
Խումբը բավական ապահով էր հագուստի տեսակետից։ Ֆերմա մեկնելու օրը բարակ անձրև էր տեղում և դա առիթ էր հանդիսացել հոգատար մայրերի համար իրենց զավակներին ստիպելու, որ տաք հագնվեն։ Բոլորն էլ տաք փոխնորդ ունեին հագներին, Աշոտի մայրը ուժով նրա թևն էր գցել աշնանային բարակ վերարկուն, թեկուզև հագին պիջակ կար։ Հասոն, ինչպես արդեն գիտենք, տաք պիջակից բացի, հաստ աբա էլ ուներ հագին, Շուշիկը հագել էր իր աշնանային կանաչ վերարկուն։ Ամենից բարակ հագնված էր Գագիկը. նրա գորշ պիջակը առանց աստառի էր։
Այնուհետև, նրանք ունեին մեկական պայուսակ՝ մեջը գրքեր ու տետրեր։
Այս բոլոր ունեցվածքը հաշվի առնելուց՝ իր խոսքերով ասած՝ «կոլեկտիվի գույքը ինվենտարիզացիայի ենթարկելուց» հետո Աշոտը հրահանգեց.
Դե՛հ, վեր կացեք, գնանք ուտելիք փնտրենք…
Գլուխ տասներորդ. Թե ինչպես դժվար է անցնում կյանքը, երբ մարդուս ստամոքսը հարմարեցված չի լինում բնության պարգևած ձրի սննդին
Ո՞վ ասաց, որ Հովազաձորն աղքատ է, ո՞վ ասաց, թե սննդի պակասություն կա այնտեղ։
Շա՛տ բան կար այդ ձորում, բայց այն ինչ գտնում էին մեր պատանիները ձյունը փորելով, քարերը շուռ տալով, փչակները խուզարկելով՝ ոչ մեկն էլ պիտանի չէին մարդուս սննդի համար. հազարամյակների ընթացքում խոհանոցը մարդուն հետզհետե հեռացրել է բնությունից…
Թեկուզ ձյունը խոր էր, բայց Հովազաձորում բնակություն հաստատած բոլոր շնչավորներն էլ սնվում-ապրում էին. և՛ քարայծերը, և՛ արծիվները, և՛ կաքավները, և՛ այն նապաստակը, որի հետքը գտան այդ օրը։ Միայն մեր պատանիներն էին մնացել քաղցած, և որքան սնունդ էին փնտրում, այնքան հուսահատությունը պատում էր նրանց։ Դե ինչպես չհուսահատվես, երբ կաղնիների տակ կաղին անգամ չկա, թեև բոլոր նշաններից երևում էր, որ այդ տարի առատ բերք էր եղել, այդ էին վկայում ծառի վրա, տերևների արանքում ցցված կաղնի դատարկ պատիճները։
Ժայռերի տակ մի պառավ ընկուզենի էր կանգնած, ճյուղերը մեկնած դեսուդեն։ Հետաքրքիր է, մա՞րդ է տնկել, թե՞ վայրի է։ Այս լեռնաշղթայի հարավային լանջին քի՞չ վայրի ընկուզենիներ կան, որոնց պտուղները ոչնչով չեն տարբերվում ընտանի ընկույզներից։
Ձյունը ետ տվեք, տղե՛րք, ընկույզն էլ վատ սնունդ չի, աշխուժացած, թե՞ իր խմբի մեջ աշխուժություն առաջ բերելու համար ձայն տվեց Աշոտը։
Տղաները իրենց մատներին փչելով ձյունը ետ տվին, քրքրեցին ամեն ծակուծուկ, ոչ մի ընկույզ չգտան։ Լավ, ասենք թե սկյուռները հավաքել են բերքը, իսկ կաղի՞նը։ Կարո՞ղ է արջ լինել այս փակ բերդում։
Երբ նրանք իրիկնադեմին հոգնած, քաղցած և հուսահատ հավաքվել էին քարայրում, Աշոտն ասաց.
Ամեն կենդանի իր հետքը թողել է ձյան վրա։ Իսկ այստեղի կենդանիները երևի բոլորն էլ ապրում են ժայռերի փչակներում։ Ուրեմն վաղվանից գնում ենք որևէ կենդանու հետքով, գտնում ենք բնի մեջ ու…
Ու մեկիս գլխարկը պոզին հագցնելով, ետ ենք գալիս գլխաբաց, լրացրեց Գագիկը։
Ծիծաղելի բան ասաց, բայց ո՜վ սիրտ ուներ ծիծաղելու, բոլորն էլ զգում էին քաղցից ոչնչանալու վտանգը։
Եթե հինգով շղթա տված կտրենք քարայրի առաջը, կենդանին ո՞ւր պիտի փախչի, շարունակեց իր միտքը Աշոտը։
Չի փախչի, իսկ ինչո՞վ ես սպանելու, հենց մեծ-մեծ ծրագրեր ես կազմում, փնթփնթաց Սարգիսը, առանց գլուխը վեր քաշելու։
Հիմի դրա հնարն էլ կգտնենք։ Իմ կարծիքով, մենք պետք է դանակի օգնությամբ գործիքներ ու զենքեր շինենք։ Պատմության դասագրքում հո տեսե՞լ ենք նախնադարյան մարդու զենքերի նկարները։
Ընկերների հավանությունն առնելով, Աշոտը դիմեց Հասոյին.
Գնա թփուտները ու դանակովդ ամեն մեկիս համար դալար կաղնուց մի-մի փայտ պատրաստիր։
Աչքիս վրա… Երկա՞ր, թե կարճ, ձեռքն աջ աչքին դնելով՝ իսկույն տեղից վեր կացավ և պատրաստակամ հարցրեց տղան։
Ե՛վ կարճ, և՛ երկար։ Կացնի կոթի չափ։ Բահի կոթի չափ։ Լծան չափ։ Այնպես որ կարճով մոտիկից խփենք, երկարով՝ հեռվից…
Նա այնպես գործնական էր խոսում, կարծես կենդանիները անձավներում նստած՝ նրան են սպասում, որ գնա, մուտքը փակի և գործի դնի «թե՛ կարճ, թե՛ երկար» մահակները։
Գագի՛կ, հետևիր ինձ։ Սարգի՛ս, մի քանի քար գտիր բեր։ Բայց կլոր չլինեն, կապելու տեղ ունենան։ Իսկ դու, Շուշի՛կ, կրակին հետևիր։ Առհասարակ հիշիր, որ սրանից հետո կրակի համար դու ես պատասխանատու։ Հանգավ՝ կորած ենք, հասկանալի՞ է։
Եվ Աշոտը վճռական շարժումներով վեր կացավ ու դուրս ելավ քարայրից։
Կրակը չի հանգչի, ես էլ եմ գալիս, մի բանի էլ ես պետք կգամ, տեղից վեր կացավ Շուշիկը։
Գագիկի ինքնասիրությունը գլուխ բարձրացրեց։
Դուո՞ւ… բա ուրեմն մեր գլխին գդակ չկա՞… Ինչքան մեռած պիտի լինենք, որ չորս տղամարդով չկարողանանք մի աղջիկ կերակրել… Գնա՛նք։
Եվ նիհարած կուրծքն առաջ ցցելով՝ դուրս գնաց։
Ի՛հ, տղամարդիս նայիր, զենքերին նայիր, թույլ ժպտաց Շուշիկը և կրակին փայտ ավելացրեց.
Մի՛ պարծեցիր կռվի գնալիս, այլ պարծեցիր վերադառնալիս, դրսում խրատում էր Աշոտը իր պարծենկոտ ընկերոջը։
Շեքսպիրից փոխ առար… ափսո՛ս, որ ուտելու չի… է՛հ, թող սուտի-մուտի գլուխներս գովենք, սիրտ տանք էդ աղջկան, թե չէ դրանց ցեղը հո գիտես, մեկ էլ տեսար սուգ ու շիվանն սկսեց…
Մինչ Հասոն անձավի մուտքից ոչ հեռու կտրում էր ապագա զենքերի կոթերը, Աշոտը զննում էր շրջապատն ու մտածում, «հարկավոր է կապելու դալար կեղև գտնել…»։
Քարայրը, որի մեջ տեղավորվել էին մեր պատանիները, գտնվում էր բուն ձորի վերին մասում։ Կարծես հենց այրի պռնկից էլ սկսվում էր ձորի հատակը, որ ցած գնալով խորանում էր ու լայնանում։
Բայց այդ ձորակը քարայրից քիչ ներքև փոխարկվում էր կալի չափ մի հարթության։ Երևում էր, որ նրա տեղը ինչ-որ փոս էր եղել, որ ժամանակի ընթացքում լցվել էր տիղմով, հավասարվել։
Ահա այդ հարթության ներքին պռնկին բարձր աճած եղեգներ կային, մի ծեր և մի ջահել ուռենի և թեղի երկու ծառ, որոնք սովորաբար աճում են խոնավ հողերում։
Դալար թեղին ամուր և ճկուն կեղև ունի։ Այնպես որ, երբ Աշոտը Հասոյի դանակի օգնությամբ կտրեց կեղևը և դեպի վեր թափ տվեց-քաշեց, թեղու մի ճյուղը մինչև ծայրը պլոկվեց-մերկացավ։
Քիչ անց, թեղին արդեն կիսով չափ մերկացած էր և նրա տակ թափթփված էին զանազան մեծության «չվաներ» ու «գոտիներ»։
Հիմա մենք արդեն կապելու բան ունենք, ասաց Աշոտը։ Դե՛հ, հավաքենք մեր «պարանները», տանենք կրակի մոտ։ Հասո՛, առ դանակդ ու շարունակիր քո գործը։
Գիշերը կրակի լույսով Աշոտը Հասոյի բերած կոթերի վրա թեղու ճիլոպներով փաթաթեց-ամրացրեց զանազան ձևի ու մեծության քարեր, ճիշտ այնպես, ինչպես նկարած էր իրենց դասագրքում։ Ստացվեցին նախնադարյան զենքեր՝ կացին, մուրճ, մկունդ, բոլորն էլ ծուռումուռ, բայց բոլորն էլ ծանր ու հարվածելու հարմար։
Սրանով, իհարկե, կարելի է խփել, բայց վախենում եմ արյուն հանի, մեծ «մուրճը» զննելով ինքն իրեն ասում էր Գագիկը։
Այս անգամ ընկերները թույլ ծիծաղեցին, զենքերի տեսքը նրանց որոշ հույսեր էր ներշնչել։
Բայց Աշոտը գոհ չէր։
Սրանով, իհարկե, կարելի է հարվածել, բայց ոչ մեկով կտրել չի կարելի, ասում էր նա։
Իսկապես, ձեր զենքերը բերան չունեն… ոչ մեկը սուր չեն, հիասթափված ասաց Շուշիկը։
է՞լ կոթեր պատրաստեմ, հարցրեց Հասոն և, հավանություն ստանալով, իսկույն դուրս գնաց։
Նրան հետևեց Աշոտը։ Քիչ անց նա տնքալով ներս գլորեց երկու քար, խփեց իրար, ջարդեց, ստացվեցին սուր անկյուններով կտորներ։
Բոյնախը կրակի մոտ պպզած հետաքրքրությամբ նայում և ուզում էր հասկանալ, թե ինչով են զբաղված այս մարդիկ, իսկ Շուշիկը հետևում էր խարույկին և քիչ-քիչ փայտ ավելացնում, կամ ածխակոթերը հրում դեպի կրակի կենտրոնը։
Այրի հատակը ամբողջովին բազալտից էր և, ինչպես գիտենք, հղկված էր խնամքով։
Դե հիմա, Սարգի՛ս, առ այս քարի կտորն ու սուր կողմով քսիր բազալտին, թող հղկվի, սա մեզ համար կացին է դառնալու, ասաց Աշոտը։
Նրա տո՞նն էր անբարյացակամ, թե՞ ինքը դեռ չէր մոռացել Հովազաձորի ճամփին կրած վիրավորանքները, դժվար էր որոշել, բայց Սարգիսը տեղից չշարժվեց։ Նա թիկն էր տվել մի կոճղի և լուռ նայում էր կրակին։
Աշոտը ինքը հղկեց կացնացու քարի բերանը և ճիլոպով փաթաթեց-ամրացրեց փայտի ծայրին։
Հիմա մենք կացնի նման բան էլ ունենք, քարե մուրճ էլ։ Բայց սա քիչ է, Եթե օրերս մեզ չհաջողվի այստեղից դուրս գալ, ուրիշ իսկական զենքեր պիտի պատրաստենք։
Դու հենց զենքից ես շարունակ խոսում, իսկ անկողինները՞։ Սրանց վրա պառկե՞լ կլինի, նեղացավ Շուշիկը։
Իրոք, եղևնու ասեղանման տերևները չորացել և մարմինների ծանրության տակ փշրվել էին և այժմ խաշամի տակից դուրս էին ցցվել կոշտ-կոշտ ճյուղերը։ Հարկավոր էր չոր խոտով և խաշամով լրացնել-փափկացնել անկողինները։ Գոնե այդպես էր կարծում Շուշիկը, որը, բնականաբար, կոշտությունից ավելի էր նեղվում, քան տղաները։
Դե նա որսորդ է, անկողինը նրա ինչի՞ն է պետք, հեգնեց Սարգիսը։
Անկողի՜ն… զսպանակավոր մահճակալներ չե՞ք ուզում, հեգնանքին հեգնանքով պատասխանեց Աշոտը, բայց զգաց, որ սխալ են արել, ի՜նչ զենքի ժամանակ էր, հարկավոր էր նախ «նորոգել» անկողինները, հետո մտածել զենքի մասին։ Բայց արդեն ուշ էր, կարճ օրը վերջացել էր, դուրսը ցուրտ էր ու մութ, այդ ժամին ինչ կարելի էր գտնել անկողնուն հարմար։
Ուտելիք և անկողնու համար նյութ վաղն ենք փնտրելու։ Իսկ հիմա մի բան մտածենք այս զահրումար ծխից ազատվելու, ասաց Աշոտը հազալով և կսկծացող աչքերը տրորելով։ Քոռացրեց անտերը։ Գագի՛կ, մի հնար չունե՞ս…
Ինչու չունեմ։ Որ դու էլ պառկես՝ ծխից չես նեղվի, պատասխանեց Գագիկը գլխի շարժումով Սարգսին ցույց տալով։
Պառկենք, իհարկե, բոլորս էլ պառկենք, տեսնենք ով է մեր գործն անելու…
Թաց փայտը մլմլում էր, առատ ծուխ արձակում։ Այրի մուտքը ցածր էր, ուստի ծուխը ամբարվում էր ներսում, խտանում՝ իջնում գրեթե մինչև հատակը։ Դառը, խեղդող, կսկծացնող… Բոլորի աչքերն էլ կարմրել էին, բոլորն էլ փռշտում էին ու հազում և համեմատաբար ազատ շնչում էին միայն այն ժամանակ, երբ պառկում էին հատակին։
Աշոտը դուրս եկավ այրից, զննեց իրենց բնակարանի արտաքինը. ծուխը դուրս էր ելնում միայն այրի մուտքից և լիզում ժայռը՝ նրա ճակատն ի վեր։ Ծխից ազատվելու համար հարկավոր էր վերևից անցք բացել, բարձրից։ Բայց ինչո՞վ, քարե մուրճո՞վ, թե՝ Հասոյի դանակով։ Ուրիշ ի՞նչ կարելի էր անել…
Մտածեց-մտածեց դրսում Աշոտը և ոչ մի ելք չգտնելով, ներս եկավ սրտնեղած, մաղձոտ։
Հենց այդ տրամադրությամբ էլ նա դառը խոսակցություն սկսեց Սարգսի հետ։
Ես գոհ չեմ քո շարժ ու ձևից, Սարգի՛ս, դիմեց նա ընկերոջը։ Այստեղ մենք պետք է կրակ կտրած աշխատենք, որ գլուխներս պահենք։ Այդպես ծույլ-ծույլ շարժվելով…
Ես շարժվում եմ այնպես, ինչպես սովոր եմ, սրա խոսքը կտրեց Սարգիսը։
Այդպես ես սովոր, գիտեմ, բայց այն ժամանակ տանն էիր և ամեն բան պատրաստ կար։ Հիմա մենք ոչինչ չունենք։ Հասարակ կրակն ինչ է, կրակը միշտ վառ պահելն անգամ մեզնից մեծ ջանք է պահանջում։ Եթե բոլորս էլ քեզ նման շարժվենք, նույնիսկ փայտ չենք կարող հասցնել կրակին, ուր մնաց սնունդ ճարենք…
Աշոտի այս դիտողությունը հիվանդագին կերպով ընդունվեց։
Ի՞նչ է, ուրեմն ձեր մեջ թամբալը հենց ե՞ս եմ… գոչեց Սարգիսը նեղացած։
Ինչպե՞ս վարվես այս մարդու հետ։ Տենդագին դես-դեն ընկած՝ ամեն մեկը մի բան է անում, իսկ սա ձեռքերը գրպաններում դրած նայում է, կամ պառկում օջախի մոտ ու աչքը գցում առաստաղին, կամ գործի գնալիս այնպես է գնում, կարծես մեկը առաջ ընկած պարանով քաշում-տանում է իր հետևից… Եվ հետո էլ չի ընդունում, չի զգում, դիտողություն անելիս էլ վիրավորվում է։
Մի՛ վիրավորվիր, Սարգի՛ս, աշխատել չես սիրում, մեղմությամբ մեջ մտավ Շուշիկը։
էդ էր պակաս, որ մազից երկար, խելքից կարճ աղջիկներն էլ ինձ վրա խոսեն…
Դու հենց էդպես ես… Հիշո՞ւմ ես, որ ծառուղի էինք գցում դեպի Մեյլու, էն ժամանակն էլ հրաժարվեցիր մասնակցել, տաքացավ Շուշիկը։
Եվ լավ արի։ Չէ՜, ես ճամփի կողքին մրգատու ծառեր տնկեմ, գնացող-եկողը բերքն ուտի…
Աշոտը հանդիմանանքով օրորում էր գլուխն ու մտածում՝ ինչ լեզվով խոսել սրա հետ, որ զգա իր սխալը։
Շուշիկի ակնարկն այն մեծ նախաձեռնության մասին էր, որ սկսեցին Այգեձորի պատանի բնասերները Աշոտի ղեկավարությամբ։ Սկսեցին և պատվով էլ վերջացրին։ Այգեձորից մինչև հարևան Մեյլու ադրբեջանական գյուղը մի հարթ ճանապարհ ձգվում է բամբակի պլանտացիաների միջով։ Չորս կիլոմետր երկարություն ունի այդ ճանապարհը, իսկ եզրին՝ ոչ մի ծառ, ոչ մի թուփ չկա։ Ամառը ճամփորդը խորովվում է հարավի բարկ արևի տակ ու մրմնջում՝ «Ա՜խ, մի շվա՜ք…»։
Երկու գյուղի պիոներները անցյալ գարնանամուտին որոշեցին պտղատու տունկեր տնկել այդ ճանապարհի եզերքին։ Որոշեցին և գործի կպան։ Մեյլվի պիոներներն իրենց գյուղից սկսեցին, Այգեձորինը՝ իրենց։
Ի՜նչ ոգևորությամբ էին աշխատում հայ և ադրբեջանցի երեխաները։ Գործը նախաձեռնել էր Այգեձորի պատանի բնասերների խմբակը, բայց գյուղի գրեթե բոլոր պատանիները մասնակցում էին ծառատնկմանը։ Միայն Սարգիսն էր իր մի քանի ընկերներով մի կողմ քաշվել և դեռ չարախոսում էլ էր Աշոտի հասցեին. «Մա՜րդ է զարմացնում…»։
Այդպես, իրենց դասերից ազատ ժամանակ ամեն մեկը մի քանի շիվ տնկելով՝ հայ և ադրբեջանցի պիոներները ճամփի կեսին հասան իրար, «ուռա» գոչեցին ու գրկախառնվեցին։ Չորս կիլոմետր երկարությամբ ծառուղին պատրաստ էր, որին պիոներները տեղն ու տեղը «Եղբայրության ծառուղի» կոչեցին։
Ի՜նչ ոգևորությամբ ընդունվեց այդ լուրն այն ժամանակ շրջանում, կենտրոնում, նույնիսկ «Պիոներ» ամսագիրը գրեց այդ մասին։
Այժմ եթե ընթերցողը Այգեձորից գնալու լինի Մեյլու, կտեսնի, որ ճամփի երկու կողմերից պատվի առած պիոներների նման շարք են կանգնել զվարթ ու մատղաշ տունկերը։ Նրանցից յուրաքանչյուրի «վզից» քառակուսի մի տախտակ է կախված, որի վրա գրված է իրեն խնամող պիոների անուն ազգանունը։ Մեյլվի կողմից՝ Մեհթի Աբասօղլի, Բյարիմ Մուստաֆաև, Խալա Մամադկզի… Այգեձորի կողմից՝ առաջին և ամենից փարթամ երեք տունկի «ցուցանակների» վրա կարմիր տառերով գրված է՝ Աշոտ Սարոյան, Անահիտ Միրզոյան, մի հիսուն քայլ այն կողմ՝ Գագիկ Կամսարյան, իսկ նրա կողքին՝ Շուշիկ Միրաքյան։ Եվ այդպես, ամեն կողմից մի քանի հարյուր անուն…
Անցնում են այդ ճամփով թե՛ տեղացի, թե՛ օտարական մարդիկ և կարդալով այդ անուններն ու նայելով մատղաշ տունկերին, համեմատում են իրար և իսկույն որոշում, թե պիոներներից ո՛վ ինչպե՛ս է խնամում իրեն ամրացված տունկերը։ Ավելի ճիշտ, ոչ թե ճամփորդն է որոշում, այլ այդ տունկերն են նրան պատմում իրենց տերերի բարեխղճության մասին, պատմում են լուռ, իրենց տեսքով… Ամեն առավոտ Մեյլվի և Այգեձորի կոլխոզնիկները «Եղբայրության ծառուղիով» են գնում բամբակի պլանտացիաները մշակելու և նույն ծառուղիով էլ վերադառնում են դաշտից։ Եվ ծնողները օրինական հպարտությամբ են նայում իրենց որդիների անուններին, բերկրանքով դիտում են, թե ինչպես արագ բոյ են քաշում լավ ջրված ու սնված շահել տունկերը ու գոհ մրմնջում են. «Մեր բալաների ձեռքի գործն է… Թող իրենք էլ էս տունկերի պես բոյ քաշեն, ծլեն-ծաղկեն ու բար տան…»։
Կանցնեն տարիներ, մեր պատանիները հասուն մարդիկ կդառնան, իսկ այսօրվա ընձյուղները՝ վիթխարի ծառեր, որոնք ստվեր կգցեն ճամփի վրա։ Նրանց ստվերում կհանգստանա հոգնած ու քրտնած ճամփորդը, կվայելի քաղցրահամ պտուղներն ու կօրհնի արևելյան եղանակով. «Թող դալար մնա ձեզ տնկողի ու խնամողի կոները…»։
Բացվեց մեր խմբի գերության չորրորդ առավոտը։ Տղաները մեկիկ-մեկիկ դուրս ելան այրից, ապա վաղորդյան ցրտին չդիմանալով, ներս մտան, կրակը բորբոքեցին, տաքացրին իրենց սառած անդամները։ Բայց շուտով ծուխը նորից թանձրացավ այրի կամարների տակ և սկսեց խեղդել նրանց։
է՛հ, ինչ արած, պիտի նորից պառկեն արդեն կոշտացած «անկողիններին»։
Ի՜նչ էլ ուշ է արևը նայում այդ ձորին, արար աշխարհ ողողված է նրա ճառագայթներով, իսկ Հովազաձորը դեռ աղջամուղջի մեջ է։
Վերջապես արեգակն իր ջերմ ու շեկ դեմքը ցույց տվեց Հովազաձորը արևելքից պարսպող ժայռաշարքի գլխից և մի կաքավ սկսեց իր սրտառուչ երգով նրա գովքն անել։
Այդ երգը ալեկոծեց Աշոտին, շարժեց նրա որսորդական ցնորքները։
Չվախենա՛ք, դիմեց նա ընկերներին, հիմա մենք ուր որ է կամ նապաստակ կխփենք, կամ կաքավ։ Ձյունը շատ է խոր, իսկական որսի օր է…
Իսկ մեզ համար խոր չի՞, միամտաբար հարցրեց Շուշիկը։
Մեզ համար խոր է, բայց ոչ քեզ համար։ Դու կրակի պահապանն ես, հասկացա՞ր…
Ապա Աշոտը դարձավ ընկերներին և գիտակ որսորդի տոնով բացատրեց, որ քանի ձյունը շատ խոր է՝ կաքավն էլ, նապաստակն էլ ստիպված են մտնել նրա խորքը ու տակից ուտելիք ճարել իրենց համար։
Մենք նրանց պիտի պատահեցնենք ու բռնենք հենց այդ թաղված ժամանակ… Հասկացա՞ք։
Հասկացանք, բայց չյուրացրինք, պատասխանեց Գագիկը և դառնալով Շուշիկին, պատվիրեց. Առ էս մահակը և մնա կրակի մոտ։ Արջը որ գա, կասես թող սպասի մինչև գանք լեշը փռենք։ Ապա հանդիպելով Աշոտի հայացքին, ետ քաշվեց։ Ներողությո՛ւն, մտա ֆունկցիաներիդ մեջ…
Այո՛, մտնել պետք չի։ Բայց ճիշտ էր կարգադրությունդ. Շուշի՛կ, դու մնա համ կրակը պահպանիր, հաս էլ աշխատիր քարերի արանքներից խոտ ու տերև հավաքել՝ անկողինները փափկացնել։ Ձյունն արագ վեր է կենում, խոտ շատ կարելի է հավաքել։
Ինչո՞ւ միայն խոտ, մամուռ էլ կարելի է հավաքել ծառերի բներից։
Լա՛վ, մենք գնացինք։ Բոյնախին ճիլոպով կապիր, որ մեզ չխանգարի, թե չէ կհաչի, որսը կփախցնի…
Եվ խումբը քարե զենքերով զինված սկսեց լանջով ցած իջնել. Աշոտը հույս ուներ, որ գիշերը նապաստակները այցի եկած կլինեն մերկացած թեղի ծառին, չէ՞ որ նրա համեղ կեղևներից կային թափթփված ձյան վրա։
Ահա թե ինչ է նշանակում որսորդ լինել, դիմացի լանջից իրոք նապաստակները եկել-հավաքել են կեղևի կտորտանքը, ցատկոտել են, հազար ու մի պտույտներ գործել։ Այնպես որ անփորձ մարդուն կթվար, թե նապաստակների մի ամբողջ նախիր է շրջել այդտեղ։ Բայց Աշոտի փորձված աչքը հենց սկզբից նկատել էր, որ մի հետք է իջել ծառի տակ և բազմաթիվ հետքերի այդ լաբիրինթոսից միայն մեկն է ջոկվել-գնացել ձորի հատակով դեպի ցած։
Աշոտը ձեռքը բերանին դրած, նշան արավ լուռ հետևել իրեն։ Այնպես տենդի մեջ էր նա, շարժումներն այնպես խորհրդավոր էին, որ Գագիկը հազիվ էր զսպում իր ծիծաղը։
Ցած գնալով՝ ձորը հետզհետե լայնանում էր, փռվում դեպի աջ և Հովազաձորը ներքևից պարսպող ժայռերի գլխին վեր էր ածվում տափարակի։
Նապաստակի հետքը գնում էր դեպի այդ տափարակը։ Ձյունը խոր էր, տղաները հազիվ էին շարժվում նրա մեջ։
Սպասեցե՛ք, ձայն տվեց Գագիկը։ Աշո՛տ, նայիր տես, քանի՞ կիլո միս ունի…
Ի՞նչը։
Նապաստակը։
Ինչի՞դ է պետք…
Աշոտն արդեն սկսում էր վրդովվել։
Ախպե՛ր, ես խամ գործ չեմ բռնի, մինչև չիմանամ քանի կիլո է, սոված փորով ինչի՞ պիտի ես դրա հետևից ման գամ…
Ի՞նչ անես, վրդովվե՞ս, թե՞ ծիծաղես։ Աղիքներդ կտրատվում են քաղցից, գլուխդ պտույտ է գալիս, մարդ քիչ է մնում գոռա հուսահատությունից, իսկ նա նապաստակի կշիռն է հարցնում…
Գնա՛նք, մեր կողմի նապաստակները մոտ երեք կիլո են լինում, ճարահատյալ նապաստակի կշիռն ասաց Աշոտը։
Երե՞ք…
Ու Գագիկն սկսեց մատների վրա մտազբաղ և լուրջ հաշիվներ անել՝ «փորը Բոյնախին՝ տակին կմնա երկու և կես կիլո… մորթին երկու հարյուր գրամ…»։
Աշոտը վրդովված քաշեց նրա թևից։ Մահակները ձեռքներին պատրաստ պահած, մեր պատանիները զգուշությամբ հասան տափարակին և հեռվից տեսան, որ կենդանին ձյունը ծակել-մտել է մեջը։ Անձայն սկսեցին մոտենալ ձյան մեջ բացված փոքրիկ թունելին, բայց այդ պահին Գագիկը կանգ առավ, նայեց իր անճոռնի «մուրճին» ու հարցրեց.
Տղե՛րք, անհարմար չի՞, որ չորս հոգով, ահագին մահակներով մի նապաստակի հետևից ենք ընկել… Ես ուղղակի ամաչում եմ իմ այս…
Ս՜ս՜ս՜… ձեռքը բերանին դնելով, խստությամբ ընդհատեց Աշոտը, բայց արդեն ուշ էր. նապաստակը թափով դուրս պրծավ ձյան տակից և երկու զույգ ոտք էլ փոխ առնելով, սլացավ դեպի ժայռերն ու անհետացավ նրանց ծերպերում։ Փախչելիս նրա ծանրության տակ տեղ-տեղ ջարդվում էր ձյան կեղևը։ Այդպիսի դեպքերում կենդանին ընկղմվում էր ձյան մեջ և լողալով մի կերպ դուրս պրծնում։ Ափսո՜ս, Բոյնախն այստեղ լիներ՝ հավանաբար հասներ հետևից։
Կերա՞ր, վրդովված շպրտեց Աշոտը։ Տեղի-անտեղի դուրս ես տալիս, դե հիմա գնա սոված վնգստա…
Դե Գագիկը որտեղի՞ց իմանար որսորդներին հայտնի կանոնը՝ որսի տեղը ձայն հանել չի կարելի։
Ը՛հը, պապանձվել եմ, ձեռքը բերանին դնելով շշնջաց նա։
Էլ ո՜ւր, նապաստակը ձեռքից թռել էր…
Նրա հետքերով հևիհև բարձրացան զառիվերով, բայց խրտնած կենդանին դեռ հեռվից դուրս էր պրծնում թաքստոցից ու փախչում, իսկ արծիվները, ժայռերին կանգնած՝ հայացքով հետևում էին որսին։
Վերջապես նրանցից մեկը՝ ճերմակ «շալվարը» հագին մի խոշոր գառնակեր, թափահարեց լայն թևերը և խոյացավ դեպի փախչող կենդանին։ Նապաստակը կանգ առավ, գլուխը մտցրեց ձյան մեջ և ջանաց անցնել նրա սառը ծոցը, բայց գիշատիչը իր հզոր մագիլները խրեց նրա կորացած մեջքն ու իր զոհին տարավ ժայռի աշտարակներից մեկի կատարը…
Գագի՛կ, քանի՞ կիլո միս կունենա, դառն հեգնանքով հարցրեց Աշոտը։
Գագիկն ազդված էր այդ անակնկալից։ Այդ ինչպե՞ս շուռ եկավ ամեն ինչ։ Նա նույնիսկ մտքում բաժանել էր, թե նապաստակի որ մասը ով է ուտելու։ Ո՜նց թռավ անպիտա՜նը… «Դե որ կեր էիր դառնալու, հիմա՛ր, գոնե մեզ կեր դառնայիր», դառնորեն մտածում էր նա։
Իսկ արծիվը, ժայռի անմատչելի կատարին ապահով կանգնած, անուշ էր անում իր որսը և հավանաբար ծիծաղում մեր տղաների վրա, որոնք երկար նրան նայելուց հետո, հուսահատ իջան ժայռերից, դես-դեն շրջեցին ձորում և ոչ մի հետքի չհանդիպելով, հոգնած ու տխուր վերադարձան քարայր։
Ի՜նչ էլ կարճ է աշնան օրը. Հովազաձորը դեռ լրիվ չէին շրջել, .երբ արևն արդեն կախվել էր Հայկական Պարի վրա։ Ճիշտ է ասում Գագիկի պապը. «Առավոտյան հացի ես նստում, մինչև կշտանալդ մթնում է»։
Երբ մտան քարայր, Բոյնախը վնգստալով փաթաթվեց տիրոջ ոտքերին (նա էլ էր քաղցած, խեղճը), իսկ Շուշիկը հարցական նայեց ընկերների մթնած դեմքերին և հասկացավ, որ ձեռնունայն են։ Այնուամենայնիվ անհոգ դեմք ընդունեց և զվարթ ասաց.
Մի տեսեք ի՜նչ անկողիններ եմ պատրաստել ձեզ համար…
Բայց որպեսզի ընթերցողը պատկերացնի Շուշիկի պատրաստած «անկողինները», պիտի նկատի ունենա, որ այդ անձավի կենտրոնը վերին խորքից մինչև շեմքը կարծես փորված էր տաշտի նման։ Այդ տաշտի մեջտեղը խարույկն էր վառվում, իսկ երկու կողերին քարե բնական «թախտեր» էին, որոնց վրա փռել էին կանաչ փշատերևը՝ վրան եղևնու փափուկ ճյուղեր, իսկ վրայից մի շերտ չոր խոտ, խոտի վրա էլ մի շերտ չոր, խալավոր տերևներ, ապա՝ մամուռ։ Այդպիսով, թեև խարույկը իր դիրքով ցածր էր, բայց նրա վեր բարձրացող բոցերը ջերմություն էին սփռում դեպի երկու կողմի բարձրադիր որմնաթախտերը։
Այո՛, այսպիսի որսից հետո արժե, որ փափուկ թախտերին հանգստանանք… հալալ լինի մեզ, ասաց Գագիկն ու մեկնվեց։
Բոլորն էլ պառկեցին ու ընկան մտքերի մեջ։
Ձյունը արագ է հալվում, կեսն էլ չի մնացել, ասաց Աշոտը։ Լսո՞ւմ եք, կաթիլքն ուժեղացել է։
Երևի ցանկանում էր սիրտ տալ ընկերներին։
Բոլորն էլ ականջ դրին։ Ի՜նչ կաթիլք, ժայռի խորքում ստորերկրյա ջուր էր թափվում՝ նրա թիկունքում հալվող ձյան ջուրը։ Թեև երեկո էր, բայց օդը տաք էր և ձնհալը դեռ շարունակվում էր։ «Հետաքրքիր է, ո՞ւր է գնում այսքան ջուրը, ծծվո՞ւմ է, թե ավազան կապում ժայռերի տակ…», մտածում էր Աշոտը։
Հալվում է, բայց կածանը չի բացվի։ Քամին այնպես է լցրել-հավասարեցրել ո՜ր… մռայլ ասաց Սարգիսը։
Ընկերները համաձայն էին, ուստի չառարկեցին։ Նրանք ևս գիտեին, որ «Դիվային կածանը» հատող խորխորատներում հիմա այնքան ձյուն է կուտակվել, որ մինչև գարուն չի հալվի, իսկ ձյան վրա քայլել վտանգավոր է. մի անզգույշ քայլ արիր, մի փոքր կորցրիր հավասարակշռությունդ՝ կգլորվես անդունդը։ Իսկ հավասարակշռությունը խախտելու բոլոր հարմարությունները կան այդ արահետում, եթե ձյան երեսը սառած լինի՝ պիտի սայթաքես. եթե հալված լինի՝ պիտի խրվես։ Երկու դեպքում էլ կործանում է։ Մնում էր կազմակերպել իրենց կյանքն այնպես, որ քաղցից չմահանան։
Ի՜նչ էլ երկար է նոյեմբերի գիշերը, օջախի շուրջը բոլորած, նրանք զրուցում էին ցածր ձայնով, իսկ Բոյնախը դրսում հաչում էր՝ ինքն էլ չգիտեր ում վրա։ Հասոն օջախի մոտ փռեց իր աբան, գրպանից մասուր հանեց, թափեց նրա վրա և հատ առ հատ համրելով՝ բաժանեց հինգ հավասար մասերի։
Որտեղի՞ց, հարցրեց Աշոտը։
Վերևից։ Բայց շատ չկա, անտեր արջը մեզանից շուտ է գտել։
Հիմա այստեղ ա՞րջ կա…
Չէ, հետքերը հին են։ Ձյունը գալուց շաբաթներ առաջ ջարդել է թփերը։ Կաղինն էլ է նա հավաքել, երևի պոպոքն էլ։ Բան չի թողել անտերը…
Ոչի՛նչ, թող ուտի չաղանա, հանգստացրեց Գագիկը։ Դառը կաղնից մեզ համար անուշ ճարպ է պատրաստել, դուք էլ գոհ չե՞ք…
Որ լինի լա՞վ է…
Թույլ ու անսիրտ ծիծաղեցին, մասուրը ավելի էր գրգռել սրանց դատարկ ստամոքսները և քունը վերջնականապես վանել աչքներից։
Գագիկը, Շուշիկի աջ կողքին նստած, երբեմն կատակներ էր անում ու երբեմն էլ ընկերներին սիրտ տալիս, թե՝ վերջո լավ կլինի։
Համա, տղե՛րք, ասում էր նա, առաջս ամառ է, հետևս՝ ձմեռ։
Իսկապես, թիկունքից սառնամանիքն էր զոռում, դեմից՝ թեժ կրակը։
Հա, ձախ կողմդ էլ գարուն է, որպես բացառություն կատակեց Աշոտը՝ Շուշիկին նայելով։
Հա, հա, Աշոտ ջան, էն էլ ի՛նչ գարուն, վարդո՜վ, մանիշակո՛վ…
Շուշիկը ներողամտաբար ժպտում էր ընկերների շաղակրատանքի վրա, բայց նրա վիճակն էլ լավ չէր. ծակում ու ցավում էին մարմնի մասերը և ամենից շատ՝ մեջքը։
Ինչպե՛ս պիտի այդ սրտամաշ ու հավիտենական թվացող գիշերները լուսացնեին նրանք, եթե չլիներ քուրդ պատանի Հասոն։ Նա գոտուց դուրս էր քաշել հովիվ մարդու անբաժան զրուցընկերը՝ թթկենուց պատրաստած սրինգն ու նվագում էր քրդական մեղմ ու տխուր մեղեդիներ։ Եվ մեջ ընդ մեջ էլ երգում էր իր խանձված, բայց դուրեկան ձայնով.
Լո՛, լո՛, լո՛, լո՛.
Լսեք ինձ,
Ա՛յ սարեր,
Ա՛յ քարեր,
Իմ վառվող կուրծքը բացել եմ ձեր դեմ,
Կարո՞ղ է ձեր քամին հանգցնի
էն հուրը, որ վառվում է իմ սրտում։
Կարո՞ղ է ձեր հովը
չորացնել աչքերիս արցունքը,
Որ թափվում է Բինգյոլա սարից
Իջնող աղբյուրների պես…
(Ջասըմե Ջալիլի պոեմից)
Է հե՜, Հասո՛, չեղա՛վ, հուսահատ բաներ ես երգում, դիտեց Աշոտը։
Հովիվ պատանին բարեսրտորեն ժպտաց և նրա բրոնզագույն դեմքին շողացին ճերմակ ատամնաշարքերը։
Ես հուսահա՞տ… Չէ՜… Ինչի՛ պիտի հուսահատ լինեմ, ձեզ պես ընկերներ ունեմ։ Ընկերը գիտե՞ք ինչ է, ընկերոջ հետ մահը հարսանիք է… Սա Խչեզարեի երգն է։ Իր սիրած տղային՝ Սիաբանդոյին ասում է. մի՛ գնա վայրի ցուլի հետևից, մի՛ գնա։ Թե որ դու որսորդ ես, ես ահա քո որսն եմ, մի՛ գնա։ Սիաբանդոն չլսեց, ջահել էր, սիրահարված, արյունը եռում էր։ Ընկավ ցուլի հետևից, իր նետերն արձակեց, վիրավորեց նրան։ Բայց կույր Ֆալագը չթողեց, ցուլն առավ իր պոզերի վրա, շպրտեց ներքև, խփեց մի չոր, ցցված ճյուղի, ճյուղը մտավ Սիաբանդոյի սիրտը…
Մուժը պատեց Սիփանա սարը, բայց մուժի մեջ էլ Խչեզարեն փնտրեց-գտավ իր վիրավոր յարին։ Գտավ, լաց եղավ, իսկ Սիաբանդոն տնքում էր ու ասում, մի՛ լար, Խչեզարե, մի՛ լար իմ անգին…
Խչեզարեն ասաց.
Ա խ, ինչպե՞ս ես լաց չլինեմ,
Երբ քո տնքոցն եմ լսում,
Երբ քո հառաչն եմ լսում,
Սիաբանդո՛։
Սիփանա գլուխը քարով է պատած,
Սիփանա գլխին մի զուլալ լիճ կա,
Նրա ջրով քո վերքը լվանամ,
Արևին աղաչեմ՝ բալասան լինի
Քո վերքին,
Իմ Սիաբանդո՛…
Երգում էր դժբախտ Խչեզարեի երգը հովիվ Հասոն, երգում էր մորմոքված սրտով և մորմոք էր առաջ բերում իրեն լսող պատանի հոգիներում։
Բոյնախը ներս էր եկել, գլուխը դրել թաթերի վրա և ուշադիր լսում էր իր տիրոջը։ Նա անվրդով էր ու խաղաղ, երբ Հասոն շվի է նվագում, ուրեմն վտանգ չկա գայլերից, ուրեմն ամեն ինչ բարեհաջող է…
Քաք գիրքա